Տպել
16.02.2018
Պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների 29 պատգամավորի նախաձեռնությամբ փետրվարի 16-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ Ազգային ժողովին գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Արա Բաբլոյանը նաեւ տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանն այսօր ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2016 թվականի ամռանն ընդունված ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հունվարի մեկից, որի հետեւանքով բարձրացել են 200 տոկոսով լիցքավորման գազի եւ 60 տոկոսով՝ բենզինի համար նախատեսված ակցիզային հարկերը, իսկ դիզվառելիքի վաճառքն ընդգրկվել է ավելացված արժեքի հարկման դաշտում: Հարկային բեռի ավելացումը հանգեցրել է էներգակիրների գների բարձրացման, իսկ դրանց թանկացումն արդեն իսկ ազդել է տարբեր ապրանքների ընդհանուր գնաճի վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է բնակչության սոցիալական վիճակի վատթարացման:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագիծը գների իջեցման մասին է, առաջարկվում է վերանայել նաեւ եկամտային հարկի որոշ դրույքաչափեր:

Նախագծի ընդունման պարագայում՝ 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարակից զեկույցում տեղեկացրել է, որ նախագիծը քննարկման արդյունքում չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: Գնաճի վերաբերյալ Խոսրով Հարությունյանը նշել է, որ այն սկսվել է դեռեւս 2017 թվականի կեսից, եւ ոչ թե Հարկային օրենսգրքի՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո: Ըստ մշտական հանձնաժողովի նախագահի՝ ընթացիկ տարվա պետական բյուջեն ռիսկային է, հետեւաբար ճիշտ չէ հընթացս փոփոխություններ կատարել դրանում: Զեկուցողի տեղեկացմամբ՝ ուսումնասիրվում են ապրանքային շուկայում գնաճին նպաստող գործոններն ու ազդեցությունները: Ըստ նրա՝ խնդիրը չի կարող կարճ ժամկետում լուծվել. հարկավոր է տնտեսական աճ ունենալ եւ ճիշտ օգտագործել բյուջետային միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության բացասական կարծիքն ու հիմնավորումը: Նա տեղեկացրել է, որ նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտները շուրջ 32 մլրդ դրամով կնվազեն, ուստի նախագիծն ընդունելի չէ:

Մտքերի փոխանակության ընթացքում իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները
 
Հակոբ Հակոբյանն ընդունելի չի համարել նախագիծը՝ ներկայացնելով տնտեսագիտական հիմնավորումներ: Նաիրա Զոհրաբյանը բարձր գնաճի պայմաններում մտահոգիչ է համարել թոշակներն ու աշխատավարձերն անփոփոխ թողնելը: Նա ապատեղեկատվություն է համարել պաշտոնապես ներկայացվող 2,6 տոկոս գնաճը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ ներկա իրավիճակը նախորդ տարիներին չարված աշխատանքների հետեւանք է: Նա համեմատական է անցկացրել Վրաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ եւ նշել, որ դրանցում հարկային բեռը որոշակիորեն ցածր է: Վարդան Բոստանջյանն անընդունելի է համարել կառավարության՝ իր գնահատմամբ՝ մեխանիկական մոտեցումը նախագծի վերաբերյալ: Արամ Սարգսյանի կարծիքով՝ խնդրի կարգավորման համար հարկավոր է ավելացնել հարկատուների քանակը, ներգրավել ներդրումներ:

Միհրան Հակոբյանն անդրադարձել է գնաճի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներին, նշել միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գնաճի պատճառները: Մանե Թանդիլյանը կարեւորել է հարցի քննարկումն ու ընդունումը, առաջարկել վերականգնել շքեղության հարկը: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է այն հիմնավորումները, ըստ որոնց անհրաժեշտ է անփոփոխ թողնել գործող Հարկային օրենսգրքի դրույթներն ու հարկային դրույքաչափերը:   

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ սոցիալական խնդիրները մտահոգում են բոլորին՝ թե իշխանությանը, թե ընդդիմությանը: Գնաճի կապակցությամբ օրեր առաջ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որի արդյունքում նաեւ որոշում է ընդունվել սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների դիզվառելիքի գումարները: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ չի կարելի ամեն գնով հասնել գնանկման եւ անհրաժեշտ է ապահովել ավելի բարձր տնտեսական աճ, քան գնաճն է: Նրա խոսքով՝ ՀՀ-ում գնաճն ավելի քիչ է, քան տարածաշրջանում:

Իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

Ներկայացնելով ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ կառավարության փաստարկները համոզիչ են: Պատգամավորն անդրադարձել է առկա ստվերային տնտեսությանը, չգրանցված աշխատողների խնդրին եւ անհրաժեշտ համարել դրա դեմ պայքարը: Խմբակցության քարտուղարը կարեւորել է աշխատողների իրավունքների պաշտպանությունը, սպառողական զամբյուղի իրական արժեքի արձանագրումն ու պետության կողմից սոցիալապես անապահով խավերի պաշտպանությունը: Նա դեմ է արտահայտվել հարցի իրավիճակային լուծմանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Արամ Սարգսյանը: Նա անդրադարձել է հարցի քաղաքական բաղադրիչին: Ըստ նրա՝ կառավարության նախաձեռնությամբ ներկայացվող նախագծերը չեն նպաստում երկրում աղքատության կրճատմանը:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության դրական տեսակետը խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշել է, որ դեռեւս նախորդ տարի խմբակցությունն առաջարկներ է ներկայացրել գնաճի մեղմման վերաբերյալ: Ըստ նրա՝ ՀՀ-ում ապրում է շուրջ մեկ մլն աղքատ մարդ, իսկ այս քաղաքականության արդյունքում բնակչության կենսամակարդակն ավելի է վատանալու:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության բացասական տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ում գնահատմամբ, քննարկման ընթացքում հնչեցին հիմնականում ականջահաճո ելույթներ: Նա կարեւորել է կառավարության՝ բնակչության եկամուտների ավելացմանն ուղղված քաղաքականությունը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումն ու պայքարը ստվերային տնտեսության դեմ՝ համարելով դրանք գնաճի դեմ պայքարի իրական միջոցներ:

Եզրափակիչ ելույթներ են ունեցել եւ պատգամավորների գնահատականներին անդրադարձել հիմնական եւ հարակից զեկուցողները:

Քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը չի ընդունվել:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


16.02.2018
Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներն ամփոփել են Իսրայելի Պետություն կատարած այցը
Փետրվարի 11-15-ը Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հրավերով Իսրայելում էր ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խումբը՝ Գագիկ Մինասյանի ղեկավարությամբ: Փետրվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում խմբի ղեկավարն ու անդամներ Գագիկ Մելիքյանը, Աղ...

16.02.2018
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ: Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մ...

16.02.2018
Քննարկվել է «Բաց խորհրդարան» նախաձեռնության հայեցակարգը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը փետրվարի 16-ին հանդիպել են «Բաց խորհրդարան» նախաձեռնության մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայա...

16.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին: Արա Բաբլոյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են ու ընդլայնվել տարբեր ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդ...

16.02.2018
Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը
Հաշվի առնելով, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը եւ մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները, ուստի Սահմանադրության 83-րդ հոդվածի...

16.02.2018
Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում: ...

16.02.2018
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 16-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում պատգամավորները մանրամասներ կներկայացնեն Իսրայելի Պետություն կատարած այցի վերաբերյալ: ...

16.02.2018
Փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...