National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.2.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
06.02.2018
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում

«Պարո՛ն նախագահ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք պատգամավորներ, այս օրը նշանակալի իրադարձություն է Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների միջեւ հարաբերությունների համար: Առաջին անգամ ժամանակակից Հայաստանի ծնունդից ի վեր Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահին ձեր խորհրդարանի առջեւ ելույթ ունենալու հնարավորություն է ընձեռվել: Ես շատ զգացված եմ ինձ բաժին ընկած պատվի համար եւ շատ ուրախ եմ ձեզ փոխանցել Դաշնային պալատների ջերմ ողջույնները:

Ես պատահականությանը չեմ հավատում եւ լավ նախանշան եմ համարում այն փաստը, որ պարոն Արա Բաբլոյանը իմ կողմից Ազգային խորհրդի ղեկավարությունը ստաձնելուց մի քանի ամիս առաջ՝ 2017 թվականին, ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Մենք երկուսս տարիներ շարունակ համանախագահել ենք խորհրդարանական բարեկամության խմբերը, եւ ահա կրկին միեւնույն պաշտոնում ենք:

Պարո՛ն նախագահ, հարգելի՛ պարոն Բաբլոյան, Դուք դեպի ժամանակակից աշխարհ քայլող Հայաստանի դեմքերից մեկն եք: Երբ Դուք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն էիք ղեկավարում, նորագույն բժշկական գիտելիքներ եք ներմուծել Ձեր երկիր եւ, մասնավորապես, իրականացրել եք երիկամային առաջին փոխպատվաստումն այստեղ: Դուք աուտիստ երեխաների համար ստեղծել եք հիվանդանոց եւ հետամուտ եք եղել նման դեպքերի բացահայտմանը նորածինների շրջանում: Շվեյցարական հիմնադրամների աջակցությամբ Երեւանում հիմնված մանկական հիվանդանոցում, որտեղ Դուք ամեն շաբաթ օր վիրահատություններ եք կատարում, աշխատակազմի պատրաստման գործում Դուք ներշնչվել եք շվեյցարական երկակի մոդելից:

1988 թվականիի դեկտեմբերի 7-ին Խորհրդային Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ընթացքում էր, որ Դուք մտերմացաք մեր երկրի հետ: Համակարգել եք ֆրանսախոս Եվրոպայի օգնությունը, այդպիսով նաեւ Շվեյցարիայինը եւ դրա սփյուռքինը, Ձեր օգնությամբ փրկվել են տասնյակ հազարավոր կյանքեր: Դուք եղել եք շվեյցարացի եւ հայ պատգամավորների միջեւ բարեկամության խմբի խթանը՝ ի շահ մեր երկու պետությունների մշակութային, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների: Երկու փոքր պետությունների, որոնք հարուստ են լեռներով, բնապատկերներով, պատմությամբ, մշակութային ժառանգությամբ եւ բնակչության դինամիզմով, քրիստոնեական հիմքերով երկու պետություններ, որոնք ժողովրդավարության միջոցով ձգտում են խաղաղության:

Մեր երկրների պատմություններն արտացոլվում են մեր քաղաքական կազմակերպություններում: Նախքան 1815 թվականի Վիեննայի վեհաժողովի ընթացքում եվրոպական գերտերությունների կողմից երկրի արտաքին սահմանների ամրագրումը նախկին Համադաշնության կանտոններն աստիճանաբար միավորվել էին: Շվեյցարական առաջին սահմանադրությունն ընդունվել է Դաշնային պալատների կողմից 1848 թվականին՝ կաթոլիկ պահպանողական կանտոնների եւ լիբերալ ու բողոքական կանտոնների միջեւ կարճատեւ քաղաքացիական պատերազմից հետո:

Հիմնարար տեքստն արդեն իսկ նախատեսում էր երկպալատ համակարգ՝ ամերիկյան մոդելի նման՝ 200 անդամներով Ազգային խորհուրդը, որը ես նախագահում եմ, ներկայացնում է բնակչությանը: Նրանք ընտրվել են համամասնական ընտրակարգով, մինչդեռ Պետական խորհրդում կանտոնների 46 ներկայացուցիչներից գրեթե բոլորն առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով: Խորհրդարանում ներկա հիմնական կուսակցությունները կառավարության՝ մեր Դաշնային խորհրդի կազմում են, որը կոլեգիալ մարմին է: Դա համամասնականության սկզբունքն է:

Ութ միլիոն բնակիչ ունեցող մեր երկրում 100 000 քաղաքացիներ կարող են առաջարկել ժողովրդին փոփոխել Սահմանադրությունը: Ինչ վերաբերում է հանրաքվեի իրավունքին, այն դամոկլյան սրի պես կախված է պատգամավորների գլխին. եթե 50 000 քաղաքացի պահանջի, ընտրազանգվածը կկանչվի քվեատուփերի մոտ՝ Ազգային խորհրդի կողմից ընդունված օրենքին հավանություն տալու կամ մերժելու համար: Այսպիսով, Շվեյցարիայի քաղաքացիներն ակտիվ մասնակցություն ունեն օրենսդրական համակարգի կառուցման գործում եւ դա, անկասկած, հանդիսանում է շվեյցարական ժողովրդավարության հիմնական առանձնահատկությունը:

Հայաստանն ունեցել է բազմաթիվ հիմնարար փաստաթղթեր. դրանցից առաջինը հռչակվել է 1860 թվականի մայիսի 24-ին՝ օսմանյան սուլթանի կողմից իր հայ հպատակներին, հաջորդները խորհրդային ժամանակաշրջանին են վերաբերում: Անկախացած Հայաստանը 1995 թվականին ընդունեց ֆրանսիական հինգերորդ հանրապետությունից ներշնչված սահմանադրություն: Տասը տարի անց սահմանադրական փոփոխության արդյունքում նախագահական հանրապետությունը վերածվեց խորհրդարանական հանրապետության՝ անգլիական մոդելի հիման վրա. Ազգային ժողովի բոլոր 101 անդամներն այսուհետ ընտրվում են համամասնական ընտրակարգով:

Մեր երկրների սահմանադրությունները թվարկում են մեր քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու պատասխանատվությունները, սակայն իրավական պետության հիմնաքարը, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, իշխանության տարանջատումն է: Կառավարությունը չի կարող յուրացնել խորհրդարանի կամ դատական իշխանությունների իրավասությունները: Հակառակ դեպքում ժողովրդավարությունը կվտանգվի:

Երբեք բավականաչափ չես կարեւորի որեւէ պետության կառավարության վերահսկումը. թափանցիկ եւ արդյունավետ մեխանիզմները հենց այն գինն են, որը պետք է վճարես, որպեսզի օրենսդրի կամքը գործի: Իսկ դատական իշխանությունը պետք է անկախ լինի, որպեսզի պատժվեն նրանք, ովքեր օրենքներ են խախտում: Քանի որ օրենքների չպահպանումը վտանգի է ենթարկում Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի ապագան:

Քաղաքացիները պատասխանատվություն կստանձնեն, եթե հստակորեն գիտակցեն, որ երկրի ապագան իրենց ձեռքերում է: Հարկավոր է բնակչության, հատկապես երիտասարդների ուշադրությունը հրավիրել քաղաքացիությանն առնչվող իրավունքների եւ պարտականությունների վրա: Քանի որ քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքական գործընթացին ազգային կայունության եւ միասնության երաշխիք է: Ի վերջո, ուժեղ եւ ներկայացուցչական խորհրդարանը կավելացնի պետության հանդեպ վստահությունը բնակչության եւ այլ պետությունների կողմից:

Ինձ կարելի է որակել որպես քաղաքականության «ծեր աղվես». տասնհինգ տարի շարունակ Ազգային խորհրդում լինելուց առաջ ես եղել եմ Ֆրիբուրգի իմ կանտոնի օրենսդիր մարմնի անդամ: Բացի այդ ավելի քան տասը տարի եղել եմ իմ քաղաքի քաղաքապետը: Տարիների ընթացքում ես մի կայուն համոզմունք եմ ձեռք բերել. «Օրինակարգ՝ լեգիտիմ լինելու համար սահմանադրական կամ օրենսդրական ցանկացած փոփոխություն պետք է հաշվի առնի հասարակական շահը եւ փոքրամասնությունների իրավունքները»:

Ճիշտ է պաշտպանել սեփական գաղափարները մեծագույն եռանդով, լինել հավատարիմ սեփական քաղաքական կուսակցությանը եւ հարգել սեփական ընտրազանգվածը: Սակայն քաղաքական գործիչը, պատգամավորը, պետական գործիչը պետք է իր առաքելությունը վեր դասի նշանաբաններից եւ անձնական պատեհություններից: Նվիրումը ժողովրդավարական համակարգին պահանջում է ազնվություն, անկախություն, քննադատական միտք եւ երկարաժամկետ տեսլական: Այն կարող է պահանջել նաեւ հրաժարվել սեփական ես-ից եւ սեփական հավակնություններից՝  ի բարօրություն երկրի:

Տիկնայք եւ պարոնայք պատգամավորներ, հարգելի գործընկերներ, արդեն երկու տասնամյակ է՝ դուք կյանքի եք կոչում հիմնարար օրենսդրական բարեփոխումներ: Ինչպիսի՛ դիմացկունություն:
2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պատանդառության եւ խռովության դեպքերից հետո դուք ցույց տվեցիք վճռականություն՝ ամրապնդելու Ձեր ինստիտուտները. Ձեր կողմից ցուցաբերված տոկունությունն արժանի է հիացմունքի: Քանի որ հեշտ գործ չէ բարեփոխել օրենքները, կարգավորումներն ու ընթացակարգերը՝  քարոզչության եւ տարաբնույթ շահերի մշտական ճնշման ներքո:

Դուք միաժամանակ ականջալուր եք հայ երիտասարդության հույսերին: Երիտասարդները ցանկանում են, որ երկիրն օգտվի իր հողի ողջ հարստությունից, գնահատի ծիրանը եւ նուռը, իր գինիներն ու ոգելից խմիչքները: Նրանք նաեւ ձգտում են ձեռք բերել հմտություններ ծառայությունների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեխանիկայի ոլորտներում:

Շվեյցարիան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ի նպաստ նորարարության եւ առաջընթացի: Շվեյցարիան՝  որպես գործընկեր, ներգրավված է այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են անասնապահների, հողագործների եւ այգեգործների արտադրանքի բարելավմանը եւ վաճառքի ապահովմանը: Շվեյցարիան աջակցում է նաեւ կառավարությանը համայնքների ամրապնդման եւ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության խրախուսման գործընթացներում:

Միջազգային Ժնեւի, ֆրանսախոս Շվեյցարիայի, Ցյուրիխի, ինչպես նաեւ Շաֆհաուզենի հայկական սփյուռքը նույնպես արդեն վաղուց ներգրավված է այս երկրի տնտեսության մեջ, որտեղ իր արմատներն են: Շվեյցարական մյուս ընկերությունները նույնպես ցանկանում են իրենց նպաստը բերել Եվրոպայի եւ Ասիայի սահմաններում գտնվող այս բարեբեր հողի բարգավաճմանը: 1990-ական թվականներին մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը հասնում էր տարեկան 1-2 միլիոնի, մինչդեռ 2017 թվականին այն հատեց 200 միլիոնի սահմանը:

Հայաստանում ստեղծված աշխատատեղերի տասը տոկոսը հետազոտությունների եւ զարգացման շատ հեռանկարային բնագավառներում են՝ Նոր հարկային օրենսգրքի շնորհիվ մինչեւ 2021 թվականը ՀՆԱ-ն կարող է հասնել ընդհուպ մինչեւ 15 տոկոսի: Իսկ ի՞նչ կլիներ, եթե սահմանակից երկրների կողմից արեւմտյան ու արեւելյան սահմանների պարտադրված շրջափակումը հանվեր: Սահմանների բացումը կկանգնեցներ շրջափակման դատապարտված կենսունակ ուժերի շարժը դեպի արտերկիր, եւ շվեյցարացի ներդրողները կլինեին առավել ակտիվ առանց մենաշնորհի եւ մրցունակ տեղական շուկայում:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, արդյոք մենք չենք ասում, որ Նոյն Արարատյան դաշտավայրում է տնկել մարդկության պատմության առաջին խաղողի որթը, եւ այդ բույսը հետագայում նվաճել է ողջ մոլորակը:

Այսօր գլոբալիզացիայի հրամայականն է՝ վերականգնել Մետաքսի ճանապարհը, որը կապահովի շրջանառությունն եւ կապը Արեւմուտքի եւ Արեւելքի, Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ: Հենց այս նպատակով է ստեղծվել Հայ-շվեյցարական առեւտրային պալատը: Ես մասնակցել եմ վերջինիս հիմնադիր փաստաթղթի ստորագրմանը Բեռնում՝ երկու երկրների ձեռնարկությունների ղեկավարների եւ հասարակությունների բարձր ներկայացուցիչների հետ միասին:

Ոչ մի երկիր, սակայն, չի կարող առաջ շարժվել, եթե իր պատմությունը չի ճանաչվում: Ազգային խորհուրդը, որը ես նախագահում եմ, 2003 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հույս ունենալով, որ 1915 եւ1916 թվականներին կատարված չարագործություններն այլեւս չեն կրկնվի, իսկ հայ ժողովրդի արմատներն ու անցած ուղին կպահպանվեն:

Ես գիտեմ, որ ներումը դատարկ բառ չէ 1700-ամյա քրիստոնյա պատմություն ունեցող երկրի համար: Սակայն ներելու համար անհրաժեշտ է, որ իրականացվածը հստակորեն դատապարտվի: Թուրքիայի հետ հաշտեցման եւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը պետք է անցնի Ցեղասպանության իրականացման` գիտականորեն հաստատված փաստի ընդունան ճանապարհով, 2009 թվականին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նպատակն էր: Հայոց ցեղասպանությունն այնքան իրական է, որ հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայում պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինի կողմից տրված մարդկության դեմ ցեղասպանության հանցագործության սահմանման համար:

Պետք է նաեւ նշել, որ Հայաստանի անկախության հռչակումը տեղի է ունեցել կործանարար էթնիկ հակամարտության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքների հիմքի վրա` Խորհրդային Միության փլուզումից հետո: Բայց երբ մենք խոսում ենք այս լեռների ինքնորոշման մասին, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքները բախվում են միմյանց: Արդյոք բանակցային լուծումն այս դեպքում հնարավոր է: Կառավարությունը եւ այն մարմինը, որոնք ես ներկայացնում եմ, ունեն շատ հարցադրումներ:

Մարդասեր եւ հայ-շվեյցարական միջխորհրդարանական խմբի անդամ Դոմինիկ դը Բյումանը համարձակվում է ցանկություն հայտնել, որ «Սեւ այգու» բնակչությունն ինքը որոշի իր ճակատագիրը, ինչպես որ արել են այլ ժողովուրդներ, ինչպես եւ բոլորովին վերջերս արել են մեր սեփական երկրի՝ Շվեյցարիայի համայնքները, եւ որ իր սրտում հաստատվեն խաղաղությունը եւ բարեկամությունը:

Հարգելի՛ գործընկերներ, ձեզանից յուրաքանչյուրը գիտե, որ Հայաստանն ունի բազմակողմ կապեր ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական խորհրդարանի եւ ԱՀԿ-ի հետ, եւ ապագայի ուղին անցնում է իր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով:

Ձեր երիտասարդ հանրապետությունը կունենա լավ ապագա այն դեպքում, եթե իր քաղաքական իշխանությունները լինեն առավել բաց, եւ խորհրդարանի անդամները չկորցնեն համընդհանուր լավատեսությունը:

Հայաստանը կարող է հիմնվել Շվեյցարիայի բարեկամության եւ աջակցության վրա:

Ամփոփելով՝ թույլ տվեք ասել, թե որքան եմ կապված ձեր երկրին, որքան հարազատ է այն ինձ՝ իր զարմանահրաշ մասունքներով, անսահման հորիզոններով, բնության հրաշալիքներով, հինավուրց եկեղեցիներով, դիցաբանական տաճարներով, սուրբ լեռովեւ նախապատմական հանելուկներով: Եվ թե որքան եմ ես հիանում վառ մշակույթ եւ ինքնություն ունեցող հայ ժողովրդով:

Կեցցե՛   հայ ժողովրդի տաղանդը, հավատը եւ քաջությունը:

Կեցցե՛  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»:



06.02.2018
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 6-ին հանդիպել են փորձագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում են ԵԽ Վ...

06.02.2018
Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստերի աշխատանքը
Փետրվարի 6-ին Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողո...

06.02.2018
ՀՀ Ազգային ժողովի եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը փետրվարի 6-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Արա Բաբլոյանն անդրադարձել է միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահ...

06.02.2018
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ժան-Ֆրանսուա Դյուշոզալին եւ Միշել Ժնուին
Փետրվարի 6-ին Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով է պարգեւատրել Շվեյցարիայի քաղաքացիներ Ժան-Ֆրանսուա Դյուշոզալին եւ Միշել Ժնուին` 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ աջակցության համար: Նշենք, որ նրանք Հայաստան են այցելել Շվեյցարի...

06.02.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները հրավիրել են արտահերթ նիստեր
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ հրավիրել է արտահերթ նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագ...

06.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 6-ին ընդունել է պաշտոնական այցով մեր երկիր այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՇՀ խորհրդարանի փոխնախագահներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին խո...

06.02.2018
Միքայել Մելքումյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ողջունելով դեսպանին ՀՀ ԱԺ-ում` Միքայել Մելքումյան...

06.02.2018
«ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված». Էդուարդ Շարմազանովը՝ Իրանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արժեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով եր...

06.02.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը հանդիպել է Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 6-ին խորհրդարան են այցելել Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներն ու տնօրենը: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին: Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ս...

06.02.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 6-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով: Ողջունելով հյուրեր...

06.02.2018
ՇՀ Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ փետրվարի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող...

06.02.2018
ՀՀ Ազգային ժողովն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է տասը միլիոն դրամ
Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am