National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
26.05.2011
Խորհրդարանն ընդունեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկը
1 / 7

Մայիսի 26-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում այս անգամ խորհրդարանում են Արմավիրի մարզի մի շարք դպրոցների բարձր դասարանցիներ եւ մանկավարժներ:

Այնուհետեւ խորհրդարանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն շարունակեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց փաստաթղթի վերջնական տարբերակը: Նա նշեց, որ ԱԺ պատգամավորները համաներման հարցը քննարկելիս մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնցից մի մասն ընդունվել է: Նախագծի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «մեկ երրորդ» բառը փոխարինվել է «մեկ քառորդ» բառով: Նա ճշտեց, որ սա վերաբերում է անզգույշ հանցագործություններ կատարելու համար պատժի մեկ քառորդը կրելուց հետո ազատվելուն: Նախագծի 9-րդ կետի 4-րդ ենթակետում «հուլիսի 31» բառը փոխարինվել է «օգոստոսի 21» բառով` սրանով երկարացնելով այն ժամկետը, որի ընթացքում հետախուզման  մեջ գտնվող մարդիկ կարող են ներկայանալ: Նախագծի 16-րդ կետում «հուլիսի 30» բառը փոխարինվել է «սեպտեմբերի 21» բառով. սա վերաբերում է 60 տարին լրացած անձանց: Նախագծի 16-րդ կետում «մայիսի 1» բառը «մայիսի 10» բառով է փոխարինվել. սա էլ վերաբերում է տվյալ պահի դրությամբ հաշմանդամ ճանաչված անձանց: Պարոն Թովմասյանը հայտնեց, որ նախագծի 9-րդ հոդվածում որոշ խմբագրական փոփոխություններ են կատարվել: Համաներումը մարտիմեկյան դեպքերի հետ կապող կարծիքների առնչությամբ պարոն Թովմասյանը նշեց, որ նպատակը ավելի տարողունակ է եւ ավելի լուրջ խնդիրներ են դրված: Խնդրի էությունն է վերլուծել երրորդ հանրապետության պատմությունը եւ մշակել գործողությունների հստակ ծրագիր: Համաներումը այդ ծրագրի դրվագներից մեկն է:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ներկայացրեց «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, իսկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանի, Կարինե Աճեմյանի եւ Արտակ Զաքարյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցը ներկայացրեց Արտակ Դավթյանը, իսկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Արտակ Զաքարյանը: Տեղեկացվեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարության ներկայացրած առաջարկները ընդունվել են հեղինակների կողմից:

Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգիրք  եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Հարակից զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ օրենսդրական փաթեթի համահեղինակ Դավիթ Հարությունյանը տեղեկացրին, որ երկրորդից երրորդ ընթերցում որոշ խմբագրական փոփոխություններ են կատարվել:

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «2008 թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենսդրական փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց քննարկված բոլոր հարցերը: «ՀՀ Նախագահի ներկայացրած ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 91 կողմ, ոչ մի դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, իսկ  Ընտրական օրենսգիրքն ընդունվեց 75 կողմ եւ 14 դեմ ձայներով:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ 2010 թ. պետական բյուջեի կատարման ընդհանուր բնութագրիչներին եւ իրականացված աշխատանքներին: 2010 թ. ՀՀ վարչապետը գնահատեց  որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում  շարունակվել է պարզ եւ հասկանալի հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը: Նա նշեց, որ 2010 թ. իրականացված ծրագրերի ամենազգալի արդյունքը եղել է այն,  որ նախորդ եւ հաշվետու տարիներին իրականացված հակաճգնաժամային միջոցառումներն սկսել են  տալ իրենց դրական արդյունքները: Ըստ վարչապետի` էապես բարելավվել են ենթակառուցվածքները, կատարվել են մեծածավալ պետական ներդրումներ, բարելավվել է բիզնես միջավայրը եւ առավել բարենպաստ պայմաններ են  ստեղծվել փոքր եւ միջին բիզնեսի համար, ինչպես նաեւ ներդրվել են հստակ ծրագրեր, որոնք նպաստելու են երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացմանը: Ավարտելով խոսքը` պարոն Սարգսյանն ընդգծեց Ազգային ժողովի նշանակալի դերը բյուջետային գործընթացի արդյունավետ իրականացման գործում, քանի որ առանց Ազգային ժողովի օրենսդրական աջակցության եւ նախաձեռնողական ակտիվ մասնակցության հնարավոր չէր լինի կյանքի կոչել նախագծերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2010-ի պետական բյուջեի փաստաթղթի կազմավորման հիմնական սկզբունքները ու կառուցվածքը: Նա 2009 թ-ի համեմատ 2010-ի բյուջետային միջոցների բարձր աճի ցուցանիշները պայմանավորեց հարկային եկամուտների ավելացմամբ: Պարոն Ջանջուղազյանը նշեց, որ արտաքին պարտքի տեսանկունից Հայաստանը դասվում է նվազ կամ միջին պարտքի բեռ ունեցող երկրների թվին եւ պետական պարտքի սպասարկումը ռիսկեր չի պարունակում: ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 30.8 մլրդ դրամով (4.2%-ով) եւ կազմել շուրջ 773 մլրդ դրամ, որից 725.4 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 47.6 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 2010 թ. փաստացի եկամուտները կազմել են շուրջ 780.5 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 90.4 մլրդ դրամով կամ 13.1%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը` 1%-ով, այն դեպքում, երբ պաշտոնական դրամաշնորհների կանխատեսված մակարդակն ապահովվել է ընդամենը 64.3%-ով կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 17 մլրդ դրամով:

Հարակից ելույթ ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` նշելով, որ հաշվետու տարում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, մասնավորապես արդյունաբերությունը աճել է 10 տոկոսով, պետական բյուջեի դեֆիցիտը նվազել է, արտահանման աճը կազմել է 42 տոկոս` երեք անգամ գերազանցելով ներմուծման աճին, սակայն այդ նույն տարում արձանագրվել է գյուղատնտեսության 15.7 տոկոս անկում: Պարոն Մինասյանի գնահատմամբ` 2010 թ. պետական բյուջեն ապահովել է պետության հիմնական գործառույթների իրականացումը ու նոր մարտահրավերների հաղթահարումը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Հարակից ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ներկայացնելով ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը ՀՀ 2010 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ: Նա նշեց, որ 2010 թ. ՀՀ մակրոտնտեսական միջավայրի հիմնական զարգացումները պայմանավորված են եղել համաշխարհային տնտեսության վերականգնմամբ եւ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում իրականացված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների նախորդ տարվանից փոխանցված ընդլայնողական ազդեցությունների դրսեւորմամբ: Այս գործոններով պայմանավորված Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը բնութագրվել է տնտեսական ակտիվության վերականգնմամբ եւ գնաճային միջավայրի ձեւավորմամբ:

Հարակից ելույթում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ ՎՊ-ն պաշտոնական գրավոր եզրակացություն է ներկայացրել Ազգային ժողով` հանգամանորեն անդրադառնալով բյուջեի եւ ծախսային, եւ եկամտային հոդվածներին: Պարոն Զաքարյանի համոզմամբ` ներկայացված ցուցանիշները արտացոլում են բյուջեի փաստացի կատարողականը:

Ամփոփիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը 2010-ը որակեց դանդաղ, բայց կայուն տեմպերով վերականգնման տարի: Նրա գնահատմամբ` հաշվետու տարում տնտեսության աճի տեմպերը պայմանավորված էին համաշխարհային տնտեսության վերականգնմամբ եւ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմամբ: Ըստ նրա` բյուջեն կատարվել է բարձր տոկոսային ցուցանիշներով` նպաստելով գնաճի զսպմանը եւ տնտեսական աճի զարգացմանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Մելիքյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց Գագիկ Մելիքյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել:

Օրենսդրական փաթեթն արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը առաջին ընթերցումով ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նշված օրինագծի ընդունումով կհստակեցվեն եւ կպարզեցվեն պետական նպաստների` երեխայի ծննդյան միանվագ, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, նշանակման եւ վճարման  հետ կապված հարաբերությունները, կվերանայվեն ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ձեռք բերման, տեղեկատվության հավաքագրման մեխանիզմները: Կստեղծվի տվյալների առցանց եղանակով ստանալու գործընթացի իրավական հիմք:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եզրափակիչ ելույթում ողջունեց կառավարության նախաձեռնությունը եւ ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը եզրափակիչ ելույթում հավաստիացրեց, որ փոփոխությունները հնարավորություն կտան ստեղծել ազատականացված համակարգ, քաղաքացիներին զերծ կպահեն ավելորդ քաշքշուկներից:

«Սնանկության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը առաջին ընթերցման ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Փոփոխություններով առաջարկվում է սնանկության գործի ընթացքում պարտապանի ապահովված պարտավորությունների նկատմամբ բացառել մորատորիումի գործողությունը: Նշվեց, որ պրակտիկայում հաճախակի են դարձել անպարտաճանաչ վարկառուների ինքնասնանկացման համար դատարան ներկայացվող դիմումները, ինչի արդյունքում այդ անձինք հայտնվում են արտոնյալ դրության մեջ` համակարգային ռիսկեր ստեղծելով ողջ ֆինանսական համակարգի համար:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով` Դավիթ Հարությունյանը կարեւորեց նման օրենսդրական փոփոխության ընդունումը:

ԱԺ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Խաչիկ Հարությունյանը նշեց, որ կաթից ստացվող արտադրանքի մեջ, որպես հիմնական պարենային հումք հաճախ օգտագործվում է ոչ թե բնական թարմ հեղուկ կաթ, այլ նրա մշակման ենթարկված տեսակները (չորացրած, խտացրած եւ այլն), որը մակնշման մեջ չի արտացոլվում: Օրենքի նախագծով առաջարկվում է գնորդին մատուցել ամբողջական տեղեկատվություն, որը կարող է նպաստել նաեւ թարմ կաթից պատրաստվող մթերքների սպառման աճին եւ հանրապետությունում ստացվող կաթի պահանջարկի մեծացմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը օրենսդիրներին ներկայացրեց «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին փոխանցեց Գագիկ Մինասյանը:

Առաջին ընթերցումով ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նաեւ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ օրինագծի կարգավորման նպատակը գործող օրենսդրությամբ սահմանված` հարկումից խուսափելու հնարավորություններ պարունակող հարկային արտոնությունները բյուջետային ֆինանսավորման գործիքներով փոխարինելն է: Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի եւ պլանների իրականացումն ապահովող կազմակերպություններին պետական աջակցությունը կդառնա առավել հասցեական ու տեղին եւ իր մեջ չի պարունակի հարկումից խուսափելու հնարավորություններ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

2011 թ. հունվարի 17-ին Նիկոսիայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը (կից արձանագրությամբ) քննարկման ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության եւ ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման (մոնիթորինգի) վերաբերյալ»: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ մշտադիտարկումը համարվում է ավարտված մարտական տեխնիկայի եւ հատուկ միջոցների կիրառման կարգի մասով: Պարոն Հարությունյանը նշեց, որ մշտադիտարկման արդյունքում մի շարք հարցերի տրվել է օրենսդրական լուծում, սակայն մի շարք հարցերի շուրջ դեռեւս պետք է կիրառվեն նորմատիվային ակտեր, որոնց կառավարությունը դեռեւս լուծում չի տվել: Նշվեց, որ հանձնաժողովը դժգոհ է կառավարության հետ համագործակցությունից. հանձնաժողովը կառավարությունից տվյալներ է պահանջել սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված գործողությունների մասին, սակայն որեւէ պատասխան չի ստացել: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ իրավապահ մարմինների կողմից շարունակվում է մարտի 1-ի գործը եւ վերագնահատվում են ապացույցները: Ուստի վերջնական եզրակացության համար պարոն Հարությունյանն առաջարկեց սպասել Նախագահի հանձնարարականի կատարման վերաբերյալ հաշվետվությանը:

ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Արման Սահակյանի, Գրիգորի Մարգարյանի եւ Ալեքսան Պետրոսյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցումով: Կարինե Աճեմյանը նշեց, որ փոփոխության անհրաժեշտությունը բխում է տարբեր պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված գինենյութը  ակցիզային հարկով չհարկելու անհրաժեշտությունից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը եւս ներկայացրել էր դրական եզրակացություն:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Միշա Ստեփանյանի, Հեղինե Բիշարյանի, Վահագն Մախսուդյանի եւ Իշխան Խաչատրյանի հեղինակած օրինագծերի փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: Օրինագծերի ընդունումը, ինչպես նշեց Խաչիկ Հարությունյանը, պայմանավորված է նրանով, որ հանրապետության տարածքում տարածում է ստացել քաղաքացիների կողմից  տափաստանների չոր բուսականության այրումը: Այրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ ջերմոցային եւ վնասակար նյութեր, խախտվում է հողածածկույթի կառուցվածքը, մեծ վնաս հասցնելով էկոհամակարգին, նաեւ կրակը հաճախ տարածվում է` անդառնալի վնաս պատճառելով անտառային էկոհամակարգին:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՀՀ կառավարությունը օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել էին դրական եզրակացություն. այդ մասին հայտնեցին հանձնաժողովի անդամ Վահագն Մախսուդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ալեքսան Պետրոսյանի, Միշա Ստեփանյանի, Վազգեն Կարախանյանի եւ Էդուարդ Շարմազանովի հեղինակած օրենքի նախագծի 3-րդ հոդվածն առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո, կազմակերպվեց օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, որը ներկայացրեց Միշա Ստեփանյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնեց Վարդան Այվազյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի հեղինակած «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը:

Օրվա ավարտին Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նիստի ընթացքում քննարկված բոլոր օրինագծերը: 76 կողմ, 12 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը ընդունեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստի ավարտին տեղեկացրեց, որ «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը արդեն հրապարակվել է «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» եւ հրապարակման պահից ուժի մեջ է մտել:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ազգային ժողովը ավարտեց ԱԺ չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի  աշխատանքը:


26.05.2011
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը Գորիսում
Մայիսի 26-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի  երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ արդեն ավանդական դարձած մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված է  մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրա...

26.05.2011
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ  ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը, որը «Իրա...

26.05.2011
Բաց դաս` խորհրդարանում
Մայիսի 26-ին ՀՀ  Ազգային ժողովում Արմավիրի մարզի համայնքների մի շարք ավագ դպրոցների աշակերտներ մասնակցեցին Ազգային ժողովի նիստին, որից հետո հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը աշակերտներին ներկայացրեց ԱԺ կառո...

26.05.2011
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի համար  եւ գոհունակությամբ փաստեց, որ ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am