Տպել
ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ Կ-28-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՎԱՅՐ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայր (այսուհետ` Ազգային ժողով) ճանաչողական այցերի (այսուհետ` այցեր) կազմակերպման, անցկացման եւ այցերի ծրագրի կազմման կարգն ու պայմանները:

1.2. Այցեր կազմակերպվում են Ազգային ժողովի գործունեության հրապարակայնության եւ Ազգային ժողովի նստավայրի (վարչական շենքի)` որպես Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ճանաչողական նպատակով հանրությանը հասանելիությունն ապահովելու համար:

2. ԱՅՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

2.1. Այցեր կարող են կազմակերպվել, որպես կանոն, ուսումնական հաստատությունների սովորողների (ուսանողների) եւ այլ կազմակերպությունների կոլեկտիվների համար` համապատասխան կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած գրավոր հայտերի հիման վրա:

2.2. Հայտերը ներկայացվում են Ազգային ժողովի նախագահի անունով այցի` հայտատուի կողմից նախատեսվող օրվանից առնվազն մեկ ամիս առաջ եւ ներառում են տեղեկություններ այցի նպատակի եւ մոտավոր ժամկետի վերաբերյալ:

2.3. Հայտին պարտադիր կցվում է այցելուների ընդհանուր ցուցակը` նրանց անհատական տվյալների (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարի) եւ այցելուների խմբի ղեկավարի, ինչպես նաեւ հետադարձ կապի հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի նշումով:

2.4.Հայտի հիման վրա այցի կազմակերպման համաձայնությունը տալիս է Ազգային ժողովի նախագահը` ելնելով Ազգային ժողովի եւ աշխատակազմի ընթացիկ աշխատանքային ծանրաբեռնվածությունից:

2.5.Այցերը կարող են տեւել ոչ ավել, քան երկու ժամ:

2.6.Այցելուներն Ազգային ժողովի տարածք մուտք են գործում Բաղրամյան պողոտայի անցագրային կետով` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի վավերացրած ընդհանուր ցուցակի ներկայացմամբ:

2.7. Այցերի կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի որոշած Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

2.8. Այցի համաձայնեցված օրը եւ ժամին այցելուի չներկայանալու դեպքում այցի հայտը նրա մասով համարվում է մերժված:

3. ԱՅՑԻ ԾՐԱԳԻՐԸ

3.1. Յուրաքանչյուր այց կազմակերպվում եւ անցկացվում է Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից մշակված եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցված այցի ծրագրին համապատասխան` հայտում նշված նպատակի հաշվառմամբ:

3.2. Այցի ծրագիրը ներառում է նաեւ այցի օրը եւ ժամը, այցելուներին տրամադրվող հիմնական ճանաչողական տեղեկությունների համառոտ նկարագրությունը եւ հրահանգավորումը Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների վերաբերյալ:

3.3. Համաձայնեցված այցի օրվա, ժամի եւ ծրագրի բովանդակության մասին Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը այցելուների խմբի ղեկավարին տեղեկացնում է այցի օրվանից առնվազն յոթ օր առաջ: