Ժամը 11:00
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Հարգելի պատգամավորներ, բարև ձեզ։ Խնդրում եմ զբաղեցնել տեղերը և նախապատրաստվել գրանցման։ Տեղադրեք քարտերը, խնդրում եմ գրանցում։ Եվ այսպես, գրանցվել է 59 պատգամավոր, քվորում ունենք։ Հարգելի գործընկերներ, արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի կողմից ներկայացվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի մի շարք օրենսդրական հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով առաջարկվում է օրակարգում ներառված մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները ներկայացնելու համար սահմանել առնվազն երեքական ժամ։ Այս որոշման նախագիծը նախ պետք է քննարկենք, այնուհետև քվեարկենք։ Որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին։ Համեցեք։
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, նախ՝ բարև ձեզ։ Ձեր ուշադրությանն են ներկայացվում հինգ նախագծեր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում», «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Պայմանավորված այն հանգամանքով, որ այս առաջարկվող փոփոխությունները խիստ կարևոր են, նաև Ազգային ժողովը, ըստ էության, ավարտում է իր աշխատանքները և վերադառնալու է սեպտեմբերին, ուստի, մենք այս կարևոր փոփոխությունները չենք կարող առկախել առնվազն երկու ամսով։ Հետևաբար՝ առաջարկվում է դրանք քննարկել և քվեարկել 24-ժամյա ռեժիմով արտահերթ նիստով։ Թերևս, այսքանը՝ 24-ժամյա ռեժիմի վերաբերյալ։ Կպատասխանեմ ձեր հարցերին, եթե կան այդպիսիք։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Հարցերի համար հերթագրում։ Պրն Ռուբինյանը շատ անսպասելիորեն հանեց իր հարցը։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Գրանցված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք, պրն Հովհաննիսյան, ո՞չ: Շնորհակալություն։
Այժմ, հարգելի պատգամավորներ, քվեարկում ենք այս որոշման նախագիծը։
Եվ այսպես, քվեարկության է դրվում «2022 թ. հուլիսի 14-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։
Կողմ` 66
Դեմ` 0
Ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է։
Այժմ քննարկում ենք օրակարգի հարցերը։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող` Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյան։ Համեցեք։
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2021 թ. կայացած՝ Ազգային ժողովի արտահերթ և համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություններ իրականացրած կազմակերպությունների և ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից։ Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների ու կից նախագծերի փաթեթով առաջարկվում է լուծել ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ։ Առաջարկվող նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ, այսպիսով, քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը։ Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների և վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ, այդպիսով ընտրական հանձնաժողովներին հնարավորություն տալով՝ ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրության գործընթացը։ Ըստ էության, այս փոփոխությունը վերաբերում է նրան, որ մենք ունենալու ենք նույն մոդելով ընտրություններ, ինչպես Ազգային ժողովի ընտրություններն են, այսինքն` տարբեր քվեաթերթիկներով՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սա նաև հնարավորություն է տալիս և գործնականում ցույց է տվել, որ նվազեցվում է նաև անվավեր քվեաթերթիկների քանակը և ավելի է բարելավում ընտրական գործընթացները։ Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում։ Այսինքն` ինչպես Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համապետական ընտրությունների ժամանակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ևս կլինի համացանցային հեռարձակում, որը, միանշանակ, բարձրացնում է վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ։
Առաջարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով» սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը ևս ընտրական վեճեր են, որոնք պետք է քննվեն և լուծվեն հատուկ արագացված կարգով կոլեգիալ կազմով։
Մյուս առաջարկով առաջարկվում է հանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար Ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջները և այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ։ Այսինքն` առաջարկվող կարգավորմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար նախատեսվելու են նույն չափորոշիչները, ինչ Ազգային ժողովի պատգամավորի համար։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերանայել Ազգային ժողովի անդամների վարձատրության չափերը։ Առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին։ Նաև հարկ եմ համարում ընդգծել, որ նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև քաղաքացիական հասարակության, մասնավորապես դիտորդական առաքելությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքներն ու դիտարկումները։
Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի շտկել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները, նպաստելով ընտրական համակարգի էլ ավելի կատարելագործմանը, վերջին չորս տարիներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն ում ձևավորված ժողովրդավարության բարձր մակարդակի էլ ավելի բարձրացմանը։ Այսքանը՝ առաջարկվող նախագծերի մասին։ Սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, այս հարցի քննարկումից հետո քվեարկելու ենք այս նախագիծը։ Իսկ հիմա պրն Հովհաննիսյանին հարցեր ուղղելու համար հերթագրում։ Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։
Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին։
Իսկ մինչ տիկին Թումանյանցը կմոտենա ամբիոնին տեղեկացնեմ, որ այսօր Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով են այցելել Աբովյան քաղաքի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչները։ Ողջունենք նրանց։
ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համեցեք, տիկին Թումանյանց:
Ե.ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահություն, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններում իրականացվող նախագծերի փաթեթ։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանում ժողովրդավարական ընտրական օրենսդրությամբ սահմանված համակարգի ինստիտուցիոնալ կայացման նպատակով Կառավարությունը հաստատակամություն է հայտնել՝ շարունակել իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ու ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված բարեփոխումները։ Մասնավորապես, Կառավարության 2021-26 թթ. ծրագրի 5.1 կետով նախատեսվել են ընտրական իրավունքի և ինստիտուցիոնալ ժողովրդավարությանը վերաբերող բարեփոխումների վերաբերյալ կառավարության առաջնահերթությունները։ Ընդ որում՝ որպես շարունակական բարեփոխումների հիմք պետք է ծառայեն ինչպես բարեփոխված ընտրական օրենսդրության փոփոխությունների կիրառման, հատկապես 2021 թ. խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում վերհանված խնդիրները, այնպես էլ նախկինում գոյություն ունեցած խնդիրները, որոնց կապակցությամբ դեռևս անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ։
Հարկ է նշել, որ 2021 թ. խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ ընտրական օրենսդրության շրջանակներում առանձին ուղղություններով դեռևս առկա է շարունակական բարելավումներ կատարելու անհրաժեշտությունը՝ ընտրական իրավունքի պատշաճ իրացումը հնարավորինս լիարժեք ապահովելու նպատակով։
Ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է վերոնշյալ խնդիրներից միայն որոշների լուծմանն ու Կառավարության ծրագրով սահմանված նպատակի իրականացմանը։ Այս առումով՝ ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքները, բնականաբար, դեռևս շարունակվելու են։
Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ, այսպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը։ Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում։ Նոր ձևավորված ավագանիների առաջին նիստերի շուրջ ծագած դատական վեճերի իրավակիրառ պրակտիկայի հաշվառմամբ առաջարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով» սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը ևս ընտրական վեճեր են և դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ արագացված կարգով կոլեգիալ կազմով։ Հաշվի առնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների համար Սահմանադրությունը լրացուցիչ պահանջներ չի նախատեսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքով» սահմանված լրացուցիչ պահանջները հանել ու այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը։ Առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին։ Հարկ է նկատել, որ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ինտենսիվ համագործակցել են և համագործակցություն են ունեցել նախագծերի փաթեթի հեղինակների հետ և ակտիվորեն մասնակցել են նախագծերի փաթեթի մշակմանը, ներկայացնելով նախարարության առաջարկությունները և դիտարկումները։ Հայտնում եմ նաև, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծերի փաթեթի վերաբերյալ նույնպես կներկայացվեն որոշ առաջարկություններ։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Հարցերի համար հերթագրում։ Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Վահագն Հովակիմյան. համեցեք։
Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, նախ՝ պետք է շնորհակալություն հայտնեմ տիկին Մարիա Կարապետյանին՝ այս փաթեթի կազմավորման գործում նշանակալից, մեծ ավանդ ունենալու համար, քանի որ նախագծի հեղինակները պրն Հովհաննիսյանն ու տիկին Տիգրանյանն են, դրա համար, ուղղակի, այս արձանագրման համար, որ տիկին Կարապետյանը մեծ ներդրում է ունեցել այս փաթեթի մշակման գործում:
Տիկին Տիգրանյան, քանի որ գիտեմ, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի մասով դուք եք հիմնական աշխատանքը կատարել, մի քանի առաջարկ ունեմ, որպեսզի դրանք նախագծում քննարկեք, և եթե ընդունելի կլինի ձեզ համար, առաջինից երկրորդ ընթերցում լրամշակեք նախագիծը: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունների 4-րդ հոդվածով փոփոխություն է առաջարկվում 68-րդ հոդվածի 7-րդ մասում, այսինքն՝ նոր խմբագրում: Պետք է առաջարկեմ, որ այս առաջարկից հրաժարվեք, որովհետև, եթե այս խմբագրումն արվի, ինքն օրենքի ընդհանուր տրամաբանությանը կհակասի:
Հաջորդը. 5-րդ հոդվածի 3-րդ մասում, այսինքն` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի ներկայիս նախագծի 3-րդ մասում «նիստի վարում» բառերի փոխարեն առաջարկվում է «առաջին նստաշրջանի անցկացում»: Պետք է առաջարկեմ, որ սա ևս հանեք, որովհետև «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» գործող օրենքի 64-րդ հոդվածը «առաջին նիստ» եզրույթն է օգտագործում, և այս դեպքում հակասություն է առաջանում գործող օրենքի և ձեր առաջարկի միջև:
Հաջորդ առաջարկը վերաբերում է նախագծի 8-րդ հոդվածին, որտեղ ևս պետք է խնդրեմ, որ 1-ին, 2-րդ մասերից ևս հրաժարվեք, որովհետև, այդտեղ ևս «նստաշրջան» եզրույթն է օգտագործվում, որը կարող է գործող «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի հետ հակասություն առաջացնել:
Պետք է խնդրեմ նաև, որ հրաժարվեք նախագծի 9-րդ հոդվածից, որով առաջարկվում է...
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Պրն Հովակիմյան, ավարտեք:
Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
-«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ գործող օրենքի 74-րդ հոդվածն ուժը կորցրած մի ճանաչեք, և խնդրում եմ, որ նախագծի 11-րդ հոդվածից ևս հրաժարվեք, որովհետև ինքն էլի խնդիրներ կառաջացնի գործող «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքում: Այսքանը: Շնորհակալություն:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն, մտքերի փոխանակությունն ավարտվեց: Տիկին Թումանյանց, եզրափակիչ ելույթի կարիք չե՞ք տեսնում, պրն Հովհաննիսյան, դուք էլ չե՞ք տեսնում:
Հարգելի գործընկերներ, այժմ պետք է քվեարկենք: Քվեարկության դրվող հարցը սահմանադրական օրենք է, ուստի, նախագիծը պետք է ընդունենք պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով: Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:
Կողմ՝ 66
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0
Որոշումն ընդունվել է:
Հարգելի գործընկերներ, հիմա մենք ևս մեկ նախագիծ կքննարկենք և կրկին անմիջապես կքվեարկենք: Քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող՝ Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյան:
Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի տեղակալներ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծի քննարկման հրատապությունն ու ժամկետները պայմանավորված են նրանով, որ, գիտեք, ընդամենը, օրեր առաջ մենք ձեզ հետ ձևավորեցինք Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը՝ որպես այդպիսին, ձևավորման շրջանում է գտնվում նաև հակակոռուպցիոն դատարանների այս ուղղահայացը, և առաջացել է խնդիր՝ առավել արդյունավետ քննություն ապահովելու համար այդ համակարգում: Քանի որ Վճռաբեկ դատարանի պալատն արդեն ամբողջությամբ ձևավորվել է, իսկ Վերաքննիչ դատարանում և, ըստ էության, նաև Հակակոռուպցիոն դատարանում ձևավորման կարիքը դեռ շարունակում է մնալ արդիական, ներկայացվել է այս նախագիծը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք՝ որոշակի առումով ոչ շատ մեծ նվազեցումներով նախատեսել դատավորների այն նվազագույն թիվը, որոնց առկայության պարագայում այդ դատարանները կարող են արդյունավետ քննել գործեր: Եվս մեկ անգամ պետք է ասեմ՝ խոսքը վերաբերում է անցումային դրույթներում փոփոխություն կատարելուն և, ըստ էության, դատավորների ավելի փոքր թվակազմ սահմանելուն, որոնք հնարավորություն կունենան՝ քննել, որոնց նշանակումից հետո հնարավորություն կընձեռվի՝ սկսել այդ կարգի գործերի քննությունը: Սա է նախագծի ամբողջ իմաստը: Նախագիծը վերաբերում է տեխնիկական հարցերի, բայց, քանի որ, գիտեք, Հայաստանում սահմանադրական օրենսդրությունը նույնիսկ այն աստիճան դետալացված է, որ ցանկացած ուրիշ տեխնիկական փոփոխություն կարիք է առաջացնում՝ օրենսդրական նման նախաձեռնություններով հանդես գալ, և հաշվի առնելով, որ և՛ ԲԴԽ-ի առջև ծառացած, և՛ դատական իշխանության առջև ծառացած ժամկետները բավականին սեղմ են, առաջարկում եմ այս նախագիծը քննարկել և ընդունել 24-ժամյա ռեժիմով: Այսքանը, եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Հարցերի համար հերթագրում: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:
Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանին: Համեցեք:
Գ.ՄԻՆԱՍՅԱՆ
-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Կառավարությունն իր 2021-2026 թվականների ծրագրում հստակ արձանագրել է, որ Կառավարությունն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի կայացմանը: Ծրագրով նաև նշվել է, որ ակնկալվում է հնարավորինս սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Հակակոռուպցիոն դատարանը: Հակակառուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և գործերի քննության արդյունավետությունը: Այս համատեքստում խիստ ողջունելի է Ազգային ժողովի պատգամավորների այս նախաձեռնությունը՝ ուղղված հակակոռուպցիոն դատարանների ամբողջական շղթայի՝ օր առաջ գործարկմանը: Վստահ ենք, և՛ հանրությունը, և՛ տեղական, և՛ միջազգային գործընկերներն այն պահից, երբ օրենսդրական մակարդակում ներդրվեց հակակոռուպցիոն դատարանների ինստիտուտը, ակնկալում են դրանց պատշաճ գործարկումը, այնինչ այս պահին ամբողջապես ստեղծվել է միայն հակակոռուպցիոն գործերի քննության շղթայի երրորդ՝ Վճռաբեկ ատյանը, ի դեմս Հակակոռուպցիոն պալատի: Հետևաբար՝ առաջացել է ստորին հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ դատարաններում հակակոռուպցիոն կազմերն օր առաջ գործարկելու անհրաժեշտությունը՝ գործի ամբողջական, եռաստիճան համակարգով քննելու հետ կապված հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար: Նշվածը հաշվի առնելով, առաջարկում ենք կողմ քվեարկել պատգամավորական այս նախաձեռնությանը: Շնորհակալություն:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Հարցերի համար հերթագրում: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան: Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք, պրն Մինասյան: Պրն Վարդանյան, դուք նույնպես չե՞ք տեսնում:
Հարգելի պատգամավորներ, հիմա կքվեարկենք: Քվեարկության դրվող հարցը սահմանադրական օրենք է՝ դրանից բխող հետևանքներով և պայմաններով:
Ըստ այդմ՝ քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:
Կողմ՝ 66
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0
Որոշումն ընդունվել է:
Հարգելի գործընկերներ, այն հարցը, որը հիմա կքննարկենք, նույնպես անմիջապես քվեարկության է դրվելու:
Քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված՝ ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող՝ Վաղարշակ Հակոբյան: Համեցեք:
Վ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ես կուզենայի 2 բառով ներկայացնել ընթացիկ իրավիճակը և այն հիմնավորումները, թե ինչի համար է կատարվում այս փոփոխությունը: Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով արտաքին գործերի նախարարության բնականոն աշխատանքն ապահովելու հնարավորությունը, արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովումը: Առաջարկվող կարգավորումներով արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, որը դիվանագիտական պաշտոն է, կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 4 տարվա հանրային ծառայության ստաժ կամ 5 տարվա մասնագիտական ստաժ, իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում գլխավոր քարտուղարի համար սահմանված է 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը, և մենք կարծում ենք, որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի, որպեսզի այս պաշտոնին հավակնող մեր հայրենակիցների շրջանակը հնարավորինս մեծացվի: Ընդհանուր առմամբ, այսքանը: Ես գտնում եմ, որ օրենքի փոփոխությունը շատ կարևոր է նաև մեր արտաքին գործերի նախարարության հետագա գործունեության համար, և առաջարկում եմ, հարգելի գործընկերներ, հավանության արժանացնել այս օրենքը: Շնորհակալություն:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Հարցերի համար հերթագրում: Հարցեր չկան: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը:
Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին. համեցեք:
Պ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Շնորհակալություն: Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է պատգամավորական նախաձեռնությունը՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին այդ առաջարկը, որը հանգամանալից ներկայացվեց: Գլխավոր քարտուղարն ի պաշտոնե ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը, համակարգում է արտաքին գործերի նախարարության ենթակա մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև իրականացնում է օրենքով սահմանված՝ պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները: Այստեղ 2 հանգամանքներ կային, որոնք արդեն ներկայացվեցին. մեկը, որ 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժի հաստատումը թույլ կտա՝ ավելի լայն շրջանակ հաստատել թեկնածուների ընտրության համար, նաև «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքն առավել համահունչ կդարձնի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հետ: Արտգործնախարարությունը սատարում է այդ առաջարկը և այդ փոփոխությունը: Շնորհակալություն:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Հարցերի համար հերթագրում: Էդուարդ Աղաջանյան:
Է.ԱՂԱՋԱՆՅԱՆ
-Շնորհակալություն: Պրն Հովհաննիսյան, ես հասկացա, որ սա, ըստ էության, համատեղ նախաձեռնություն է ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորի, այլ նաև նախարարության, և կուզեի հասկանալ, թե հրատապությունն ինչով է պայմանավորված, հաշվի առնելով, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տեղյակ չէ այս նախագծից և մեզ կարծիքի չի ուղարկվել:
Պ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Շնորհակալություն հարցի համար: Մենք արդեն նախաձեռնել էինք մի շարք փոփոխություններ դիվանագիտական օրենքում: Վերջերս մի այլ փոփոխություն նույնպես ընդունվել էր Ազգային ժողովում: Այսինքն՝ գործընթացը սկսվել էր արդեն ամիսներ առաջ և ուղղված է համակարգն առավել ուժեղացնելուն, առավել արդիական դարձնելուն: Քննարկումները դիվանագիտական օրենքի շուրջ, իսկապես, տարիներ առաջ էին սկսվել: Օրենքն ունի լրացման, փոփոխությունների կարիք, և սա այդքան հրատապության չէ, ինչքան այդ գործընթացն առաջ տանելու մոտեցումն է:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Արձագանք: Լռություն դահլիճում:
Է.ԱՂԱՋԱՆՅԱՆ
-Շատ լավ: Առավել ևս, եթե քննարկումները վաղուց են սկսվել, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու է շրջանցվել ինստիտուցիոնալ ճանապարհը՝ Ազգային ժողովի լիագումար նիստ հասնելուց առաջ նախագիծը քննարկել, մասնավորապես, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ես կրկնում եմ՝ տվյալ նախագիծը չի եկել մեր հանձնաժողով, մենք չենք քննարկել, հնարավորություն չենք ունեցել՝ քննարկել, և եթե հրատապությունը, համենայնդեպս, ես ձեր խոսքից հասկացա, որ հրատապության խնդիր էլ, ըստ էության, որպես այդպիսին, չկա, ես կառաջարկեի հետաձգել, եթե չկա հրատապությանն առնչվող այլ հիմնավորում, քննարկել մեր հանձնաժողովում, որից հետո ներառել լիագումար նիստի օրակարգ: Շնորհակալություն:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Խնդրեմ, պրն Հովհաննիսյան, եթե պատասխանում եք:
Պ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Իսկապես, ինչպես նշեցի, այդքան հրատապությունը չէ, ինչքան այդ գործընթացն ակտիվ առաջ տանելը: Դա էր հանգամանքը, հաշվի առնելով, որ ինչ-որ տեղ հետ էինք ընկել մեր նախատեսած ժամանակացույցից շատ հանգամանքների պատճառով, և ավելի շատ, պարզապես, գործընթացը չհետաձգելու և հնարավորինս առաջ քաշելու հանգամանքն էր:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն: Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան: Պրն Հովհաննիսյան, ենթադրում եմ՝ եզրափակիչ ելույթի կարիք չեք տեսնում, պրն Հակոբյան, տեսնո՞ւմ եք: Համեցեք, գուցե լույս սփռեք այս իրավիճակի վրա:
Վ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Շնորհակալություն: Երկու բառով կուզեի անդրադառնալ պրն Աղաջանյանի դիտարկումներին: Պրն Աղաջանյան, տեսեք, օրենքը շրջանառելը և դրա հետագա ընթացքն Ազգային ժողովում իրականացվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի և սահմանված ընթացակարգի համաձայն: Հնչեց կարծիք, որ այս օրենքը համատեղ օրենք է: Սա ևս անհասկանալի ձևակերպում է, քանի որ էստեղ հստակ ընթացակարգ կա, որ օրենքը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, և հետևաբար՝ ինքը չի կարող լինել համատեղ օրենք: Իհարկե, մենք Կառավարության մեր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ քննարկել ենք, և այս օրենքի պրոֆիլային հանձնաժողովը, ինչքան տեղյակ եմ, պետք է լինի ոչ թե արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը, այլ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որովհետև, ըստ էության, օրենքում պետաիրավական հարցերին առնչվող այդ հատվածում է փոփոխություն կատարվում: Եվ ինչքանով տեղյակ եմ, նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այս օրենքից ևս որոշակի տեղեկություններ ունի: Եվ, ըստ էության, նաև հիմա կհասկանանք ընթացակարգը, և ես կառաջարկեմ, որ դուք ևս՝ որպես շահագրգիռ կողմ, քննարկմանը ներկա և մասնակից լինեք: Շնորհակալություն:
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն: Հանուն արդարության՝ ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ, ամեն դեպքում, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեր, և ես սա կարծում եմ որպես այդ հանձնաժողովի նախկին նախագահ:
Հարգելի գործընկերներ, պրն Հակոբյան, պրն Վաղարշակ Հակոբյան, քվեարկում ենք ձեր նախագիծը, նստեք: Պրն Աղաջանյան, դուք նույնպես նստեք:
Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված՝ ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:
Կողմ՝ 65
Որոշումն ընդունվել է:
Հարգելի գործընկերներ, հիմա կքննարկենք երկու նախագիծ, ընդ որում՝ երկուսն էլ՝ երկրորդ ընթերցմամբ ու երկուսն էլ անմիջապես կքվեարկենք: Նստեք, պրն Եղոյան:
Քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից ներկայացված՝ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյան: Միացրեք տիկին Բաթոյանի խոսափողը:
Զ.ԲԱԹՈՅԱՆ
-Մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող ուղևորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարմամբ: Առկա կարգավորմամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը: Իսկ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է, որ մատչելի կամ հարմարեցված տրանսպորտային միջոցները պետք է լինեն ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով: Այս պահանջը, սակայն, չի բխում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներից, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջից, որն ընդունվել է 2021 թվականին:
Առկա կարգավորումը նաև բավարար չափով չի ապահովում հատկապես ներհամայնքային փոխադրամիջոցների մատչելիությունը, որով պայմանավորված է նաև քաղաքացիների այլ հիմնարար իրավունքների իրացումը՝ կրթության, առողջապահական և սոցիալական ծառայություններից օգտվելու, համայնքային կյանքին ներառվելու և այլն։
Վերջին տարիներին տարբեր համայնքներում Կառավարության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը նպաստում են տրանսպորտային բարեփոխումներին, տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը և ավտոմոբիլային պարկերի թարմացմանը։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել՝ այս գործընթացում ապահովել բոլոր քաղաքացիների կարիքները։ Հետևաբար՝ նախագծով առաջարկում եմ ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղևորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները, սահմանել մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար և սահմանել մատչելիության պարտադիր պահանջ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրելու կամ փոխարինելու դեպքում։
Հարգելի գործընկերներ, այս բարեփոխումը բխում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլ նաև համայնքների զարգացման անհրաժեշտությունից։ Հատկապես խոշորացված համայնքներում բնակիչները պետք է համոզված լինեն, որ եթե նոր տրանսպորտային երթուղի են ունենալու կամ նոր ավտոպարկ, ապա այն պետք է մատչելի և հարմար լինի բոլորի համար, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, մանկասայլակներով տեղափոխող ծնողների և այլն։
Նշեմ, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ Կառավարության կողմից առաջարկվել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել, որն ընդունել ենք և այն սահմանել ենք 2023 թվականի հունվարի 1-ից։ Այսքանը։ Շնորհակալ եմ։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Գրավոր առաջարկներ չկան, հետևաբար՝ հարցեր ևս։
Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին։
Լ.ՍՏԵՓԱՆՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, նախագիծը շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու տեսանկյունից, ինչպես նաև բավականին մեծ ներդրում է համայնքների կողմից։ Առաջինից երկրորդ ընթերցում նախագծի հետ կապված՝ հանձնաժողով են ներկայացրել երեք առաջարկություններ, մեկը՝ Կառավարության կողմից, և երկուսն անձամբ հեղինակն է ներկայացրել։ Հարցերը մանրամասն քննարկվել են։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն, խնդրում եմ կողմ քվեարկել։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Դահլիճում չգտնվող բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ, որովհետև շատ շուտով քվեարկելու ենք։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք:
Հա, ներողություն, երրորդ հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, նախագիծն առաջին օրվանից հեղինակի հետ քննարկվել է, եկել ենք համընդհանուր ընդունելի տարբերակի։ Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ որոշ տեխնիկական շտկումների անհրաժեշտություն կար, այդ շտկումներն իրականացվել են, նաև ժամկետի մասով մենք առաջարկություն ենք արել, նույնպես ընդունվել է։ Խնդրում եմ հաստատել: Շնորհակալություն։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Այ, հիմա մտքերի փոխանակություն։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Պրն Սիմոնյան, եզրափակիչ ելույթի կարիք չե՞ք տեսնում եք, տիկին Ստեփանյան, դուք նույնպես չե՞ք տեսնում, տիկին Բաթոյան, դուք նույնպես չե՞ք տեսնում։ Հարցի քննարկումն ավարտվեց։
Քննարկում ենք այսօրվա վերջին հարցը, այն է՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող՝ Զարուհի Բաթոյան։ Համեցեք։
Զ.ԲԱԹՈՅԱՆ
-Պրն Ռուբինյան, մինչև զեկուցելը պիտի խնդրեմ, որ դահլիճում լռություն լինի, որովհետև, քանի որ տեխնիկապես ամբիոնին մոտենալ չեմ կարող, իսկ երբ մեջքիս հետևում աղմուկ է, շատ ավելի դժվար է հարցը զեկուցելը։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Միանում եմ ձեր խնդրանքին, տիկին Բաթոյան, պատգամավորներին խնդրում եմ չաղմկել։ Համեցեք։
Զ.ԲԱԹՈՅԱՆ
-Շնորհակալություն։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը ևս վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես, աշխատանքային իրավունքների իրացմանը։
2021 թվականի հունիսի 4-ին ուժի մեջ է մտել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է խելամիտ հարմարեցումների տրամադրումը։ Խելամիտ հարմարեցումն անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների, հարմարեցումների կատարումն է, որը չի առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված է հաշմանդամություն ունեցող անձի՝ մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն։
Վերադառնալով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին», պետք է ասեմ, որ այն մի կողմից՝ արգելում է խտրականությունը, այդ թվում՝ հաշմանդամության հիմքով, բայց մյուս կողմից՝ սահմանում է, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը։ Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» բացակայում են կարգավորումներ, որոնք երաշխիքներ են սահմանում խելամիտ հարմարեցումների տրամադրման համար, այդ թվում` այն պարագայում, երբ աշխատողն աշխատանքի ընթացքում է ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ։ Ուստի, քննարկվող նախագծով առաջարկում եմ սահմանել, որ աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել գործատուին՝ խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով, որպես աշխատանքի նորմալ պայմանների ապահովում` սահմանել նաև խելամիտ հարմարեցումները տրամադրելը և կազմակերպությունների պարտավորություններում ամրագրել աշխատողների տեղահանման պլանի առկայություն՝ կազմված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հիման վրա։ Ուզում եմ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարության հետ քննարկման արդյունքում մի շատ կարևոր փոփոխություն ևս տեղի է ունեցել, որը վերաբերում է, իմ համոզմամբ՝ խտրական մոտեցմանը, և այդ մոտեցումից հրաժարվել ենք։ Հաշմանդամություն ունեցող աշխատողների համար նախատեսված երաշխիքներում սահմանել ենք, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը միայն այն պարագայում, եթե հակացուցման եզրակացություն կա, այսինքն` միայն հաշմանդամությունը կամ անաշխատունակությունը չեն կարող հիմք հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար։ Այսքանը։ Շնորհակալ եմ։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Կրկին հարցեր չեն կարող լինել։
Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանին։
Մ.ՊՈՂՈՍՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, նախագծի հեղինակը հիմնականում ներկայացրեց նախագծի էությունը։ Այն հիմնականում վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքներին։ Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ևս տվել է դրական եզրակացություն, ուստի, կոչ եմ անում՝ կողմ քվեարկել։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը:
Հաջորդ հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանին։
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
-Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի» փոփոխությունների և լրացումների նախագծի հեղինակի հետ միասին առաջին օրվանից աշխատել ենք, և առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության կողմից առաջարկներն իրականացվել են, որոնք հիմնականում տեխնիկական բնույթ էին կրում։ Առաջարկում եմ այս նախագծին կողմ քվեարկել։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակություն։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթի կարիք, պրն Սարգսյան, չե՞ք տեսնում, տիկին Պողոսյան, դուք նույնպես չե՞ք տեսնում, տիկին Բաթոյան, դուք նույնպես չե՞ք տեսնում։ Հարցի քննարկումն ավարտվեց։
Հարգելի գործընկերներ, մենք հիմա կքվեարկենք հենց նոր քննարկված երկու նախագծերը։ Բոլոր պատգամավորներին հրավիրում եմ զբաղեցնել իրենց տեղերը։ Սկսում ենք քվեարկությունները։ Տեղեկացնեմ նաև, որ քվեարկություններից հետո մենք այսօր պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկենք և քվեարկենք առաջին ընթերցմամբ ընդունված որոշ նախագծեր։ Հետևաբար՝ պետք է ուշադիր լինեք, հետևեք կոչնակին։ Դա տեղի է ունենալու մոտավորապես ժամը 14:30-15:00 ժամերի սահմաններում։
Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից ներկայացված՝ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։
Կողմ` 65
Որոշումն ընդունվել է։
Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։
Կողմ` 65
Որոշումն ընդունվել է։ Հետևեք կոչնակին։ Մինչ հանդիպում։
Ժամը 16:30
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող` Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյան։ Համեցեք, պրն Հովհաննիսյան։
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Շնորհակալություն։ Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես նախ` անդրադառնամ օրենսդրական այս փաթեթների ընդունման անհրաժեշտությանը։ Ըստ էության, 2021 թվականին կայացած Ազգային ժողովի արտահերթ և համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են ոչ միայն ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի կողմից, այլև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից։ Եվ, ըստ այդմ` մենք առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և կից փաթեթներում փոփոխություններ կատարել, վերացնելով ի հայտ եղած խնդիրները։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է …
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Պրն Հովհաննիսյան, մի վայրկյան։ Հարգելի պատգամավորներ, պատգամավոր է ելույթ ունենում, ես խնդրում եմ լռություն դահլիճում։
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Շնորհակալություն, պրն Սիմոնյան … Անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, նախատեսել առանձին քվեաթերթիկներ։ Այսինքն` խոսքը վերաբերում է նրան, որ նույն մոդելով են լինելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես Ազգային ժողովի ընտրությունները և, ըստ էության, գրիչն ընտրությունների ընթացքում վերանալու է։
Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և՛ Կառավարության մեր գործընկերների հետ, և՛ պատգամավորների շրջանում քննարկումների արդյունքում ի հայտ եկան նաև տեխնիկական որոշակի խնդիրներ։ Քանի որ առաջիկա ընտրություններին մնացել է, թերևս, 2 ամիս, մի քիչ ավելի, ապա հնարավոր է նաև, որ տեխնիկական խոչընդոտներ առաջանան, դրա համար փոփոխություններ են իրականացվել, ըստ որի` այս դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` կուսակցությունների դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր։ Խոսքը վերաբերում է նրան, որ ընտրություններից առաջ դաշինքներ են ձևավորում անուն-ազգանուններով, մենք ընտրել ենք համամասնական ընտրակարգը և, ըստ էության, հաջողել ենք այս ընտրակարգում և գրանցել ենք առաջընթաց ընտրական գործընթացներում, և ըստ էության, անուն-ազգանուններով դաշինքներով մասնակցելն ընտրություններին, ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանություն է։
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նաև փոփոխություններ են իրականացվել, և փաթեթում ավելացվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի` կուսակցությունները ևս չեն կարող ունենալ, պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ և դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» սահմանված լրացուցիչ պահանջները հանվել են, և այդ մասով կարգավորումները դարձել են համահունչ Սահմանադրությանը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը, առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին։ Ինչպես նաև փաթեթում ավելացվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է արդեն տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակմանը և ժամկետներին։
Ըստ էության, ես պետք է արձանագրեմ, որ փաթեթը բավականին երկար քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, հաշվի են առնվել հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կարծիքներն ու դիրքորոշումները, քննարկվել է, բնականաբար, պատգամավորների շրջանում, մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, Կառավարության մեր գործընկերները, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեր գործընկերները։
Փաթեթի ընդունմամբ, բնականաբար, մենք վստահ ենք, որ, ըստ էության, ավելի կբարձրացնենք ժողովրդավարության բարձր մակարդակը Հայաստանում, ըստ էության, արձանագրելով, որ մենք առաջընթաց ենք արձանագրում ընտրական գործընթացներում։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, և կխնդրեմ կողմ քվեարկել այս կարևոր նախագծերի փաթեթին։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Քանի որ առաջարկներ չեն եղել, հարցեր չեն կարող լինել։
Հարակից զեկուցող` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյան։ Համեցեք։
Լ.ՄԻՆԱՍՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը բավականին մանրակրկիտ ներկայացրեց նախագիծը, նաև առաջինից երկրորդ ընթերցում ունեցած փոփոխությունները։ Նշեմ, որ նախագիծը բավականին լայն քննարկում է ունեցել ոչ այս տեսքով, նաև այլ տեսքով քննարկումներ ունեցել ենք հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Փոփոխություններ կրած նախագիծը ներկայացրել ենք ձեր դատին առաջին ընթերցմամբ, ընդունվել է, և մի փոքր ավելացումներով երկրորդ ընթերցման ենք ներկայացնում։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, խնդրում եմ կողմ քվեարկել։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Հարակից զեկուցող` արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանց։ Համեցեք, տիկին Թումանյանց։
Ե.ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, արդեն իսկ պատգամավորների կողմից մանրամասն ներկայացվեցին փաթեթի ամբողջ կարգավորումները։ Ես կարող եմ նշել, որ Կառավարության կողմից առաջարկները, որոնք կատարվեցին առաջինից երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ ընդունվել են պատգամավորների կողմից և Կառավարությունը որևէ այլ դիտարկումներ չունի։ Եվ մեկ անգամ ևս ես էլ ընդգծեմ, որ, այո, այս նախագիծն ամբողջությամբ քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ, բոլոր շահագրգիռ մարմինների հետ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մատնանշվեց, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերը նույնպես քննարկումներին մասնակցել են, իսկ ընդդիմությունը, կարծես թե, չէր մասնակցել այդ քննարկումներին, բայց նրանց հրավերներ գնացել էին, որպեսզի նրանց մասնակից դարձնեին այս պրոցեսին, այդ թվում նաև` հանրային քննարկման շրջանակներում, որը կազմակերպվել էր Ազգային ժողովում։ Այդ իսկ պատճառով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նաև դրական եզրակացություն է տվել արդեն իսկ այս նոր փաթեթին, որտեղ որոշակի փոփոխություններ են կատարվել և օրենքների նաև նոր փոփոխություններ են իրականացվում։ Խնդրում եմ կողմ քվեարկել: Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Շնորհակալություն, գրանցված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Չե՞ք տեսնում, Շնորհակալություն։
Հարգելի պատգամավորներ, այժմ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող` Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան։
Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Շնորհակալություն, պրն նախագահ։ Հարգելի գործընկերներ, նախագիծը քննարկվեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ըստ էության, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ որևիցե փոփոխության այն չի ենթարկվել։ Ինչպես արդեն նշեցի առաջին ընթերցման ժամանակ այս նախագիծը ներկայացնելու ընթացքում, այս նախագիծը կոչված է՝ տեխնիկական լուծումներ ապահովել հակակոռուպցիոն դատարանների կամ դատավարություն իրականացնող համապատասխան դատարանների բուրգում հստակություն մտցնելու և կառավարման ավելի արդյունավետ մեխանիզմներ նախատեսելու համար, որովհետև, ինչպես արդեն նշել եմ, Վճռաբեկ դատարանում համապատասխան պալատ ձևավորելու հետ զուգահեռ՝ որոշակի դիսոնանս է առաջացել առաջին ատյանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն գործեր քննող դատարանների ձևավորման արագության հարցում։
Ըստ էության, բովանդակային առումով՝ ոչինչ չի փոփոխվում, թվակազմը մնում է նույնը, պարզապես, եթե դրանց գործունեության համար, համապատասխանաբար, նախատեսված էր 7 թիվը, օրինակ՝ առաջին ատյանի դատարանի համար և 4-ը` վերաքննիչի համար, ապա տվյալ պարագայում մենք ունենալու ենք 5 թիվը և 3 թիվը, այսինքն` 3 թվից կազմված դատավորների կազմ, որը հնարավորություն կտա՝ առավել արդյունավետ սկսել այդ համակարգի գործնական աշխատանքները։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, խնդրում եմ դրական քվեի արժանացնել նախագիծը։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցեր չեն լինի։
Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյան։ Համեցեք, տիկին Դավոյան։
Ա.ԴԱՎՈՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, հարցը քննարկվել է պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որևէ առաջարկություն չի հնչել, որևէ այլ փոփոխություն տեղի չի ունեցել։ Իմ գործընկերներ Վլադիմիր Վարդանյանն ամբողջովին ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, որոնք, իրապես, տեխնիկական են և օրենքի այլ կետերի հետ որևէ այլ առնչություն չունեն։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։
Հարակից զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյան։ Համեցեք, պրն Մինասյան։
Գ.ՄԻՆԱՍՅԱՆ
-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ինչպես արդեն նշեցինք, նախագծի առաջին ընթերցման ընթացքում Կառավարությունն իր 2021-2026 թվականների ծրագրում կարևորում է հնարավորինս սեղմ ժամկետում ամբողջ ծավալով Հակակոռուպցիոն դատարանի գործարկման և դատարանի կայացման անհրաժեշտությունը, և Ազգային ժողովի պատգամավորների այս նախաձեռնությունն ուղղված է հենց դրան։ Թեև փոփոխությունները տեխնիկական են, սակայն այդ փոփոխությունները կարևոր են այն իմաստով, որ հնարավորություն է ստեղծվում՝ օր առաջ գործի դնել հակակոռուպցիոն դատական ողջ շղթան։ Կառավարությունը նախագծի վերաբերյալ վերահաստատել է իր դրական որոշումը երկրորդ ընթերցումից առաջ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և որևէ այլ առաջարկություն չի ներկայացրել։ Խնդրում եմ կողմ քվեարկել պատգամավորական այս կարևոր նախաձեռնությանը։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Գրանցված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթների կարիք տեսնո՞ւմ եք, պրն Վարդանյան։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։
Այժմ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված՝ ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող՝ Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյան։ Համեցեք։
Վ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է այս դահլիճում, այնուհետև տեղի ունեցավ հանձնաժողովի նիստ, և այդ նիստի ընթացքում օրենքի փոփոխությունն արժանացավ դրական եզրակացության։ Ես կուզեի շատ հակիրճ նշել օրենքի փոփոխության իմաստը։ Այն կայանում է նրանում, որ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժը մենք այժմ փոխարինում ենք 5 տարվա դիվանագիտության ծառայության ստաժով, ինչը հնարավորություն կտա՝ ավելի լայն շրջանակ ընդգրկել այդ պաշտոնին հավակնորդների ցանկում, ինչն իր հերթին կնպաստի արտաքին գործերի նախարարության աշխատանքային էֆեկտիվության բարձրացմանը։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Զբաղեցրեք ձեր տեղը, պրն Հակոբյան, հարցեր չեն կարող լինել, որովհետև չեն եղել գրավոր առաջարկներ։
Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան. համեցեք։
Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, արդեն առիթ ունեցել եմ՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ՝ մայր օրենքի հետ կապված փոփոխությունները քննարկելու ժամանակ անդրադառնալ այն հարցին, որ այս օրենքն ընդունվել է դեռևս 2001 թվականին և 2015 թվականից, առնվազն, այս կողմ, երբ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, այս օրենքը չի համապատասխանեցվել սահմանադրական առկա կանոնակարգումներին։ Նշված խնդիրը, ըստ էության, գտնվում է հանրային ծառայության մեր բարեփոխումների իրականացման ուղեծրում և, ըստ էության, կոչված է՝ ազատականացնել համապատասխան պաշտոններում նշանակման հետ կապված չափորոշիչները և չափանիշները։ Ընդ որում՝ շատ հետաքրքիր բալանս է ընտրել պրն Հակոբյանը նախագծում, նախատեսելով 2 փոխկապակցված կոմպոնենտներ, որոնք հնարավորություն են տալիս՝ և՛ ապահովել անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ, որովհետև խոսքը գնում է անձի մասին, որը պետք է ունենա դիվանագիտական ծառայության բարձրագույն աստիճան, և՛ ստաժի հետ կապված, ըստ էության, սահմանափակումը, այսինքն՝ նվազագույն շեմը 10 տարուց իջեցվել է 5 տարի ժամկետի։ Սա հնարավորություն է տալիս՝ և՛ ընդլայնել շրջանակն անձանց, որոնցից կարելի է ընտրել արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ և դրա հետ զուգահեռ՝ ապահովել այն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը, որով պետք է օժտված լինի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը՝ իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար։
Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նախագծին, իմ գործընկերներին կոչ եմ անում՝ իմ գործընկերներին ևս դրական քվեի արժանացնել այս նախագիծը։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Հարակից զեկուցող՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան. համեցեք։
Պ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ինչպես ներկայացվեց, ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան։ Չեմ կրկնի արդեն հնչեցված փոփոխության հետ կապված դրական կողմերը և կխնդրեմ սատարել առաջարկվող փոփոխությունները։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Պրն փոխնախարար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Եզրափակիչ ելույթների կարիք տեսնո՞ւմ եք։ Շնորհակալություն։ Այժմ, հարգելի գործընկերներ, անցնում ենք քվեարկությունների, խնդրում եմ ուշադիր լինել։
Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։
Կողմ՝ 65։ Պրն Հակոբյանի ձայնը նույնպես ավելացրեք, կողմ՝ 66։
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0
Որոշումն ընդունվել է։
Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Քվեարկություն։
Կողմ՝ 66
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0
Որոշումն ընդունվել է։
Եվ վերջին քվեարկությունը, հարգելի գործընկերներ. քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյան կողմից ներկայացված՝ ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։
Կողմ՝ 65
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0
Որոշումն ընդունվել է։
Հարգելի գործընկերներ, օրակարգը սպառվեց, նիստն ավարտվեց։




