National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.03.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 47

04 մարտի 2008

Ժամը 14:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ինչպես ձեզ հայտնի է ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ իր առաջարկած օրակարգով, որը հետեւյալն է։  Մենք ունենք մեկ հարց փաստորեն օրակարգում։ «ԱԺ-ի պատգամավորներ Հակոբ Վրդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին»։ Ահա սա է հարցը, որն այսօր մեր օրակարգում է։

Ես առաջարկում եմ հիմա ստուգել էլեկտրոնային համակարգի աշխատանքը։ Ասեմ, որ միջնորդագրի օրինակները քարտուղարությունում է, եւ պատգամավորները, եւ միայն պատգամավորները կարող են ստանալ այդ միջնորդագրի  պատճեները։ Այժմ ստուգում։ Խնդրում եմ ստուգումը իրականացնենք, ապա՝ գրանցումը, հետո արդեն, եթե ցանկություն ունեք, վերցրեք կամ եթե բոլորը ցանկություն ունեն, ես խնդրեմ քարտուղարությանը թող հատ-հատ մոտենան եւ ձեզ բաժանեն։ Շատ լավ։ Հերթով բոլորին բաժանեք, ովքեր կցանկանան վերցնել։

Այժմ ստուգում։ Դժգոհություններ չկան։ Գրանցում։  Գրանցվել է 97 պատգամավոր, քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքը։

Հարգելի գործընկերներ, մինչ օրակարգի հարցերին անցնելը, ես ցանկանում եմ մի քանի պարզաբանումներ ներկայացնել։ Հարցի քննարկումը տեղի է ունենալու մեր կանոնակարգի 98-րդ հոդվածի համաձայն։ Ասեմ, որ երբ ես ստացել եմ միջնորդագիրը եւ ՀՀ Նախագահի նախաձեռնությունը, անմիջապես  4 պատգամավորներին, ում վերաբերում է այդ միջնորդագիրը,  ուղարկվել է ծանուցում, որտեղ նշվել է, որ «ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ձեզ որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու համար ԱԺ-ի համաձայնությունը ստանալու վերաբերյալ։ Այդ հարցը քննարկելու նպատակով, ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ մարտի 4-ին ժամը 1400-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նիստ։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, եթե դուք չեք ցանկանում նիստին ներկա լինել, պատճառների մասին կարող եք տեղեկացնել ԱԺ-ի նախագահին» Ահա այսպիսի ծանուցում ես ուղարկել եմ բոլոր 4 պատգամավորներին։ 2 պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը, որոնք ձերբակալվել էին, նրանք ստորագրել են, որ այս ծանուցումը ստացել են ժամը 12-ին եւ 1145-ին։ Այսինքն՝ նրանք տեղյակ են այս ամենի մասին։ Մյասնիկ Մալխասյանը ցանկությւոն է հայտնել մասնակցելու նիստին, Հակոբ Հակոբյանը նման ցանկություն չի հայտնել, եւ որեւէ բացատրություն ինձ չի ներկայացրել, թե ինչու չի ցանկանում մասնակցել։

Հիշեցնեմ, որ կանոնակարգն էր ասում, որ եթե կա ցանկություն բացատրելու, թե ինչու պատգամավորը չի մասնակցում, նա ներկայացնում է նման բացատրություն ԱԺ նախագահին։ Մյուս երկու պատգամավորները՝ Սասուն Միքայելյանը եւ Խաչատուր Սուքիասյանն անհասանելի են, եւ իրենց տանը տեղյակ չեն, թե նրանք որտեղ են գտնվում։ Բայց, իրենց հարազատներին ներկ՛այացվել է նույն ծանուցումը եւ Խաչատուր Սուքիասյանի հայրը ու Սասուն Միքայելյանի եղբայրը ստացել են այս ծանուցումները եւ ստորագրել են 1205 րոպե եւ 1230 րոպե։ Այսինքն՝ այն ամենը ինչ մեր կանոնակարգով նախատեսված էր,  այս հարցի քննարկումը սկսելու համար, արված է, հարգելի գործընկերներ, եւ մենք, այժմ, համաձայն «ԱԺ կանոնակարգի» 98-րդ հոդվածի, սկսում ենք հարցի քննարկումը։ Այդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նախ՝ մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով հանդես կգա ՀՀ գլխավոր դատախազը։ Համեցեք, պրն Հովսեփյան։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-ԱԺ հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում  իմ միջնորդագիրը  «ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Հակոբ Վրդանեսի Հակոբյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ  ներգրավելու եւ կալանավորելու համաձայնություն տալու մասին»։

2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում կրած պարտության հետ չհաշտվելով, Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները սանձազերծել են նախընտրական գործընթացն ու ընտրությունների բուն ընթացքը վարկաբեկելուն, միջազգային հանրության առաջ դրանց օրինականությունը կասկածի տակ դնելուն, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սահմանելուն, հասարակական դժգոհության եւ ընդվզումների պատրանք ստեղծելուն ուղղված լայնածավալ միջոցառումներ, նպատակ ունենալով, զանազան ճնշումների գործադրմամբ, ապակայունացնել երկրի ներքաղաքական իրավիճակը եւ դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծել ՀՀ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու համար։

Սկսած  2008 թվականի փետրվարի 20-ից Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա իբր ընտրված Նախագահ հռչակած իր համախոհներն ու աջակիցները Երեւանի «Ազատության» հրապարակում կազմակերպել եւ 10 օր տեւողությամբ անընդմեջ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացրել են մայրաքաղաքի կենսունակությունը, ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ, որոնց ընթացքում զանգվածային հոգեխանգարմունքի ձեւավորման տարատեսակ հնարքների կիրառմամբ հանդես են եկել քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու, պետական մարմինների, մասնավոր ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը խաթարելու, չարտոնված հրապարակային միջոցառումները դադարեցնելու, իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու, հրապարակային կոչերով, որոնց զուգորդվել են ապատեղեկատվական բնույթի սադրիչ ելույթներով եւ հայտարարություններով, հասարակական կարգի պահպանությունն իրականացնող պետական ծառայողների բացահայտ շանտաժով։

Հանրահավաքների մասնակիցների լայն զանգվածներում ամբոխավարական տրամադրություններ սերմանելու, զանգվածային անկարգությունների դիմելու պատրաստակամություն հրահրելու հետ միաժամանակ, միասնական կենտրոնից ցուցարարների շրջանում կազմակերպված կարգով ընտրվել ու հավաքագրվել են առավել ագրեսիվ տարրեր, որոնց գաղտնի զինել են նախապես պատրաստված փայտե մահակներով, երկաթյա ձողերով, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված այլ առարկաներով, ինչպես նաեւ դյուրավառ եւ պայթուցիկ նյութերով, ապօրինի կերպով ձեռքբերված հրազենով ու ռազմամթերքով։

Նախապատրաստելով հատուկ գրոհային խմբեր իրավապահ մարմինների հետ բախումներ սադրելու, նրանց կողմից հասարակական կարգը վերականգնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման դեպքում ոստիկանությանը գործուն դիմադրություն ցուցաբերելու, օրինաչափ միջամտությունը բռնությամբ հաղթահարելու նպատակով։

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները նախապատրաստում են սադրիչ գործողությունների իրականացմամբ մարտի 1-ին մայրաքաղաքում հրահրել զանգվածային անկարգություններ, եւ այդ նպատակով «Ազատության» հրապարակում ընթացող նստացույցի մասնակիցներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ հրազեն եւ նռնակներ։

Իրավիճակը վտանգազերծելու նպատակով, մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկվել է հանրավտանգ այդ նյութերի առգրավմանն ուղղված օպերատիվ միջոցառում, սակայն  համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալու կոչին ի պատասխան, նստացույցի մասնակիցները կատաղի հարձակում են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իրավապահ մարմինների նկատմամբ։ Ամբոխից ոստիկանների վրա սկսել են նետել նախապես պատրաստված քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր, ինչը զուգորդվել է իրավապահներին ուղղված հայհոյանքներով, իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերով։

Ստեղծված իրավիճակից ելնելով, տեղում օպերատիվ որոշում է կայացվել, օրենքով  նախատեսված շրջանակներում, համապատասխան միջոցներ ձեռնարկելու, որից հետո միայն ոստիկանության աշխատաողներին հաջողվել է հաղթահարել զինված դիմադրությունը, այնուհանդերձ, «Ազատության» հրապարակում սկիզբ առաջ զանգվածային անկարգությունները շարունակվել են։

Նույն օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների կողմից ուղղորդվող ամբոխը դիրքավորվելով Գրիգոր Լուսավորչի պողոտայում, կրկեսի, Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի քաղաքապետարանի, «Մետրոպոլիտեն»  հյուրանոցի առջեւ ընկած տարածքում, զինված հրազենով, մահակներով, մետաղյա ձողերով, դյուրավառ հեղուկով լի տարաներով, զբոսայգուց քանդած սալահատիկների բեկորներով հարձակումներ են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որի հետեւանքով  շուրջ 100 ոստիկանների պատճառվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը ստացված վնասվածքներից մահացել է։

Զանգվածային  անկարգությունների մասնակիցների հոծ բազմությունը կոտրել է Երեւանի քաղաքապետարանի եւ հարակից շինությունների ապակիներն ու դռները։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում հրկիզել են մասնավոր եւ պետական սեփականություն հանդիսացող թվով 63 ավտոմեքենա։ Այդ թվում՝ նույնիսկ շտապ օգնության ավտոմեքենա կարմիր խաչի տարբերակիչ նշանով։ Թալանել ու ավերել են Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Մոսկվայի տունը, շրջակա խանութները,  ողջ գիշեր ահ ու սարսափի մեջ պահելով մոտակա շենքերի բնակիչներին, իրական վտանգի ենթարկելով նրանց կյանքն ու առողջությունը։

Զանգվածային անկարգությունների  հետեւանքով ընդհանուր առմամբ զոհվել է 8 անձ։ Դեռեւս չամփոփված տվյալներով առնվազն 165 անձ, այդ թվում՝ 117 ոստիկաններ եւ զինծառայողներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պետությանը, մասնավոր ձեռնարկատերերին եւ անհատ քաղաքացիների պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Անկարգությունները դադարեցվել են միայն ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրով Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ոստիկանության, ազգային անվտանգության եւ զինված ուժերի համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ։ Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն, անմիջական մասնակցությամբ դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում՝ գրոհայինների հավաքագրումով եւ նրանց  զինելով, զանգվածային անկարգությունները կազմակերպելուն ակտիվ մասնակցություն են ունեցել այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյանը եւ Խաչատուր Սուքիասյանը, ինչը բավարար հիմք է տալիս սույն քրեական գործով նրանց ներգրավելու որպես մեղադրյալներ, առաջադրելով մեղադրանք 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք զուգորդվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ եւ վնասումով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով, որով իսկ թվարկված պատգամավորները կատարել են հանրորեն վտանգավոր արարքներ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործով առկա են հիշյալ պատգամավորներին կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար նյութեր։ Այդ թվում՝ բավարար հիմքեր  այն մասին, որ ազատության մեջ մնալով նրանք կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել  միջդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը։  Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանը փաստորեն արդեն իսկ թաքնվում են քրեական վարույթն իրականացնող մարմնից, եւ թաքնվելու հնարավոր վայրերում նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցներն առ այսօր արդյունք չեն տվել։

Այդ միջոցառումների արդյունքում,մարտի 3-ին Սասուն Միքայելյանի, Երեւանի Արշակունյաց փողոցում գտնվող,բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ ապօրինի զենք հանդիսացող չեխական արտադրության ատրճանակ։

Պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին հնարավոր է եղել օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերել եւ ձերբակալել հանցավոր գործողությունների իրականացման անմիջական հանգամանքներում, սակայն նրանք առ այսօր հրաժարվում են որեւէ բացատրություններ, ցուցմունքներ տալուց։ Բացի այդ, նշված պատգամավորների նկատմամբ որպես  խափանման միջոց կալանավորումը կիրառելու օրենքով նախատեսված հիմքեր են հանդիսանում նաեւ կատարած արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչի մասին վկայում է նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներ։ Այդ թվում՝ զանգվածային անկարգությունների իրականացման վայրերում  կատարած զննության արդյունքները, առգրավված իրեղեն ապացույցները, զանգվածային անկարգությունների մասնակիցների, դրանց հետեւանքով տուժած քաղաքացիների, ականատես վկաների  ցուցմունքները, զանգվածային անկարգությունների ընթացքում ամենայն մանրամասներով պատկերված բազմաթիվ աղբյուրներից ձեռք բերված եւ որպես  ապացույց գործին կցված տեսանյութերով, ինչպես նաեւ անկարգություններին նախորդած չարտոնված հրապարակային միջոցառումների ընթացքում տեսաձայնագրառումների վերծանմամբ։

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով, միջնորդում եմ համաձայնություն տալ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ նրանց նկատմամբ որպես  խափանման միջոց կալանքը կիրառելու համար։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ավարտեցի՞ք, պրն  Հովսեփյան։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Այո։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ես ուզում եմ եւս մեկ անգամ, հարգելի գործընկերներ, հիշեցնել, որ այսօր այս հարցի քննարկումը տեղի է ունենալու մեր կանոնակարգի 98-րդ հոդվածի համաձայն, եւ քիչ հետո ես կհայտարարեմ հերթագրում հարցերի համար։ Կարող եք հարցերով դիմել գլխավոր դատախազին։

Մինչ այդ ասեմ, որ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, քանի որ այս նման հարցերի քննարկման համար նախատեսված է մեր կանոնակարգով գաղտնի քվեարկություն, անցել է աշխատանքի։ Ընդ որում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է մի  գրություն, որի համաձայն մեր գործընկեր Վահագն Մաքսուդյանը, որն անկողնային հիվանդ է այժմ, որ ընդգրկված էր ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում, չի կարող մասնակցել այս աշխատանքներին,  եւ նրա փոխարեն առաջարկվում է հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներգրավել աիրա Զոհրաբյանին եւ նա արդեն հանձնաժողովՆաիրաաիիիի

Նաիրա Զոհրաբյանին, եւ նա արդեն հանձնաժողովի կազմում աշխատում է։

Այժմ հերթագրում՝ հարցերի համար։  Հարցերի համար հերթագրվել է 8 պատգամավոր։ 1-ին հարցը՝ պատգամավոր Լիլիթ Գալստյան։ Համեցեք։

Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պրն Հովսեփյան, միջնորդագրի նկարագրածի մասում նշվում է, որ «Ազատության» հրապարակում սկիզբ առած զանգվածային անկարգությունները շարունակվել են, եւ հետո նկարագրություն, եւ հրազենային վնասվածքից  զոհվել է հրամանատար, վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը։

1-ին հարցս այսպիսին է՝  եթե, այսպես ասած, անկարգությունները սկսվել են «Ազատության» հրապարակում եւ հետո նշվում է հրամանատարի մահը, մինչ այդ, կուզենայի իմանալ, արդյոք մինչ այդ այստեղ  արվում է, գրված 8 զոհերից մինչ այս դեպքը հանրահավաքի մասնակիցներից զոհ չի արձանագրվել, որովհետեւ ըստ նկարագրության այնքան էլ պարզ չէ, թե Համլետ Թադեւոսյանը որտե՞ղ է մահացել կամ զնոհվել։ Ուզում եմ ճշտել, թե արդյոք  միտինգի մասնակիցներից մինչ այդ զոհ եղե՞լ է, թե՞ ոչ։

2-րդ հարցն այս է, որ միջնորդագրում  նշված էր  առնվազն 150 անձ, այդ թվում՝ 100 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ, բայց ձեր խոսքում այս թիվը փոխվել էր 10-ից 10-ը քանիսով։ Ուզում եմ ճշտել, արդյոք սա կարող է նաեւ հետագայում վերաբերվել զոհվածների թվին, որովհետեւ այստեղ միջնորդագրում ներկայացված մարմնական վնասվածքների թիվը եւ ձեր կողմից ներկայացված թիվը տարբերություն ունեին։ 2-րդ հարցս այսպիսին էր՝ արդյոք կարո՞ղ են հետագայում փոփոխություններ արձանագրվել նաեւ զոհվածների թվին։

Եվ խնդրում եմ նաեւ պատասխանել, թե հոգեխանգարմունքի տարատեսակ հնարքների մեջ ի՞նչ տեսակներ են մտնում։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Օգտվելով առիթից, այս բարձր ամբիոնից ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին։

Ասեմ, որ  նախաքննություն  է կատարվում, երեւի թե դուք պատկերացնում եք ինչ իրավիճակներում են զոհեր առաջացել, գիշերվա ժամին եւ այսօր նախաքննության մարմնի առջեւ նույնպես այդ խնդիրը դրված է, թե ե՞րբ, որտե՞ղ եւ ո՞ր ժամին են զոհերն առաջացել, ի՞նչ պայմաններում։

Կոնկրետ այս պայմաններում, այսօրվա կատարված նախաքննության արդյունքներում դեռ այդ ճշտումները չի մտցված։ Դա ապագա քննության եւ՛ նպատակն է, եւ՛ խնդիրը։

Ինչ վերաբերում է  իմ կողմից նշված 117 ոստիկանի վիրավորվելուն, ես պիտի ասեմ, որ միջնորդագիրը պատրաստված է եղել երեկ երեկոյան, իսկ այսօր առավոտյան ես արդեն նոր տվյալներով փոփոխել եմ դա, եւ պիտի որ հիմք ընդունվի այս ամբիոնից իմ  բերած թվերը։

Ինչ վերաբերում է զոհվածների թվին, կարող եմ վստահեցնել, հենվելով բժիշկների եզրակացություններին, մնացած վիրավորների մեջ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, կարծես թե, չունեն։ Եվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Արտյուշ Շահբազյան։ Հա, պարզաբանման համար, համեցեք։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Ինչ վերաբերում է այդ հարցին, դուք կարող եք երեւի դա պարզել հոգեբաններից, ոչ թե ինձանից, ես ընդամենը իրավաբան  եմ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Լիլիթ Գալստյան, պարզաբանման համար։ Համեցեք։

Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Անկեղծ ասած,  եթե ձեր ներկայացրած միջնորդագրում կա այսպիսի արտահայտություն «հոգեխանգարմունքի ձեւավորման տարատեսակ հնարքներ», ես կարծում եմ, որ դուք նաեւ պիտի նաեւ համապատասխան պատասխանը կամ մեկնաբանությունը նաեւ տայիք, որովհետեւ չի կարելի սրան կցել հոգեբան եւ պատասխան ստանալ, թե ինչ է նշանակում հոգեխանգարմունքի ձեւավորման  տարատեսակ   հնարքներ։ Եվ եթե այդ արտահայտությունը ներառված է ձեր միջնորդագրում, պիտի որ դրա պատասխանը, նաեւ մեկնաբանությունն այսօր մենք ստանայինք։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Այդ բառը բերված է, եւ այդ հանգամանքը բերված է բազմաթիվ վկաների կողմից տրված ցուցմունքների հիման վրա։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Արտյուշ Շահբազյան։

Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի, պրն դատախազ, արդյոք այդ միտինգների, հանրահավաքների օրերին իրավապահ մարմինները չե՞ն տնօրինել օպերատիվ  տվյալների, որ օրինակ, այստեղ խոսվում է զինման, մարդկանց զինման մասին, որ կատարվում են այդպիսի գործողություններ։ Որքա՞ն կոնկրետ մարդիկ, ո՞ւմ  ձեռքին կա զենք, սառը կամ տաք կարեւոր չէ։ Համենայն դեպս, հեռուստատեսությամբ մեզ ցուցադրվել  են նման փաստեր, որ օրինակ, հրապարակում գտնվել են։ Արդյոք նման տվյալներ եղե՞լ են, արդյոք, չե՞ն ստուգվել մարդիկ, որոնք կարող էին կասկածվել, որ  զենք կունենային եւ արդյոք միջոցառումներ այս ուղղությամբ ձեռնարկվել են։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Իհարկե, ողջ այդ ընթացքում եւ՛ ոստիկանության, եւ՛ ազգային անվտանգության ծառայությունները ստացել են բազմաթիվ օպերատիվ տվյալներ, բազմաթիվ հաղորդումներ, եւ դա ի հայտ է եկել նաեւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքով, սակայն դուք շատ լավ հիշում եք, որ բազմաթիվ անգամներ կոչ է արվել, փորձել են կանխել այդ զանգվածային միջոցները,  զանգվածային անկարգություններ հրահրելու եւ գործողությունների անմիջական կատարումը։ Դա ակնհայտ դարձավ մարտի 1-ին, եւ իրավապահ մարմիններն, արդեն իսկ, որոշում կայացրեցին տեղում զննություն կատարել եւ առգրավել ապօրինի կերպով ձեռքբերված սառը զենքերը, հրազենը, պայթուցիկ նյութերը, որոնք փորձ էր արվում կիրառել այդ զանգվածային անկարգությունների ժամանակ։ Իսկ արդյունքի մասին դուք արդեն գիտեք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Ստյոպա Սաֆարյան։

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Հովսեփյան, ձեր ներկայացրած տեղեկանքում, միջնորդագրում նկարագրված են մարտի 1-ի իրադարձությունները, սակայն, թե իբրեւ ականատես, թե նաեւ բազմաթիվ այլ ականատեսների հետ զրուցած անձնավորություն, դուրս է թողնվել մի էպիզոդ, թե ինչպես էր ոստիկանության մեքենան վրաերթի ենթարկել ցուցարարներից երկուսին։ Արդյոք, այս բացթողումը վրիպո՞ւմ է, թե։՞ ոչ, որովհետեւ, ըստ էության, զանգվածը, զանգվածի կատաղությունը հասավ գագաթնակետին, սեփական աչքերով այդ վրաերթը տեսնելուց հետո։

Այնուհետեւ հաջորդը՝ խոսում ենք մարտի 1-ի վաղ առավոտյան կատարված գործողություններից։ Ձեր գնահատմամբ արդյոք ցուցարարների նկատմամբ կիրառված ուժը եղել է համաչափ տվյալ պարագայում նրանց դիմադրությանը, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, ձեր տեղեկանք-միջնորդագրից ընդամենը հայտնաբերվել են մետաղյա ձողեր, նախապես պատրաստված քարեր, ես ենթադրում եմ, որ փողոցի սալիկների մասին է խոսքը, փայտի կտորներ, բռնկվող նյութերով շշեր։ Արդյոք համարժեք է եղել այն միջոցները, որոնք գործադրվել են ցուցարարների նկատմամբ, եւ, ըստ էության, բերել հասարակական ընդվզման նոր ալիքին։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Կապված վրաերթի հանգամանքների հետ, կարող եմ ասել, որ այդ մասին զանգվածային լրատվամիջոցներում կար զետեղված հրապարակումներ, բայց քրեական գործում այս պահին այդ հանգամանքը պարզելու ուղղությամբ կատարվում են գործողություններ։

Դուք, որպես ականատես, կարող եք գալ դատախազություն եւ ցուցմունք տալ, ես միայն շնորհակալ կլինեմ ձեզ, որպեսզի կարողանանք այդ հանգամանքները պարզել։

Ինչ վերաբերում է մարտի 1-ին կատարված գործողությունները իրավապահ մարմինների եւ նրանց դիմադրության հետ, պիտի ասեմ հետեւյալը՝ դուք բերեցիք միջնորդությունից մեջբերումներ, նշելով, որ միջնորդության մեջ ընդամենն ասված է մետաղյա ձողեր, մահակներ եւ այլ հարմարեցված գործիքներ։ Միջնորդության մեջ ուղղակիորեն նշված է՝, որ եղել են նաեւ հրազեն, պայթուցիկ նյութեր, դյուրավառ նյութեր։ Իհարկե, այս պարագայում իրավապահ մարմինների, ոստիկանության, Ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարության կողմից իրականացված միջոցառումներն այս պահին ձեռքբերված տվյալներով օրինաչափ են։ Նախաքննությունը շարունակվում է, եւ ձեռքբերված տվյալների հիման վրա համապատասխան գնահատական կտրվի։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Արա Նռանյան։

Ա.ՆՌԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Հովսեփյան, 9-ից 10 օր փաստորեն հանրահավաքներ եւ երթեր են կազմակերպվել առանց  համապատասխան արտոնության, եւ  թույլտվության, եւ իշխանություններն այդ ընթացքում որեւէ գործողություն չեն ձեռնարկել մինչեւ իրավիճակի վերջնականասրումը, եւ ընդհուպ մինչեւ զոհերը։ Պաշտոնյան կարող է իր դիրքը չարաշահել կամ օրենքը խախտել ոչ միայն իր գործողություններով, այլ նաեւ անգործությամբ։ Չե՞ք ձեռնարկել համապատասխան միջոցներ որոշ պետական պաշտոնյաների անգործունեության վերաբերյալ քննություն կատարելու ուղղությամբ։ 1-ին հարցը սա։

2-րդ հարցը՝  ընդհանուր նկարագրությունը պարզ է, հասկանալի է, ընդհանուր իրավիճակի գնահատականը հասկանալի է, սակայն պարզ չէ կոնկրետ այս 4 պատգամավորների հստակ մեղքը, եւ այն մեղադրանքները, կոնկրետ ո՞ր հանցանքների համար են իրենք մեղադրվում։ Արդյոք դա միայն մասնակցությո՞ւնն է, կոնկրետ մասնակցությունը սպանություններին։ Ինչ-որ կոնկրետ, այսինքն՝ կոնկրետ, հստակ ցանկալի կլիներ իմանալ, կոնկրետ այս 4 պատգամավորներից ո՞րը կոնկրետ ի՞նչ գործողություններ է արել, եւ ինչու՞ համար պետք է այս որոշումն այսօր կայացվի։

Եվ 3-րդ հարցը, վերջին հարցը՝ դուք ունե՞ք տեղեկություններ այլ պատգամավորների մասնակցության վերաբերյալ այս պրոցեսին, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիր ասեմ, այլ նաեւ իշխանական դաշտից, գուցե անկարգություններին մասնակցում է այլ կողմից, եւ նաեւ մասնակցել են այս հանրահավաքներին նաեւ մեր գործընկերները, օրինակ «Ժառանգություն» խմբակցությունը, կարո՞ղ  է այնպես ստացվի, որ մի օր էլ գա, եւ իրենց հարցով դիմեք։ Եթե կարելի է նաեւ այդ 3-րդ հարցին պատասխանեք։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Կսկսեմ ձեր վերջին հարցադրումից։ Հենց այնպես մի օր էլ դատախազն այս բարձր ամբիոնին չի հայտնվում, եթե չունի քրեական գործով ձեռքբերված տվյալներ։

Նախաքննության ընթացքում ես նշեցի, որ  ստուգվում են ոչ միայն զանգվածային անկարգություններ կազմակերպողների, դրդողների, օժանդակողների, անմիջական իրականացնողների, այլ իրապես ոստիկանության աշխատակիցների գործողությունները, եւ՛ ընդհանուր առմամբ, եւ՛ յուրաքանչյուրինն առանձին-առանձին, եւ ուզում եմ, որ դուք պարզ պատկերացնեք, որ դա շատ բարդ գործ է, մի դրվագ չէ, մի հանգամանք չէ, որ հնարավոր լինի շատ կարճ ժամանակահատվածում դա անել։

Դուք պիտի պատկերացնեք, թե ինչ մեծածավալ աշխատանք է պահանջում քննչական խմբի օպերատիվ միջոցառումների արդյունքում իրականացնել։ Ստեղծված է  50-ից ավել քննիչներից եւ մեծածավալ օպերատիվ աշխատողներից բաղկացած քննչական օպերատիվ խումբ։  Յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր հանգամանքի վերաբերյալ առանձնացված քննչական օպերատիվ ենթախմբեր են ստեղծված պարզաբանելու համար։

Այս  բոլոր միջոցառումները սկսած ընտրություններից եւ մինչեւ մարտի 2-ի առավոտյան, մեր բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել։ Եվ մեզանից յուրաքանչյուրն ակնհայտորեն գիտեր, թե իրավապահ մարմինների գործողությունները  ինչպե՞ս են տեղի ունեցել, ի՞նչ կարգով, եւ մենք շատ լավ գիտենք, որ ամեն օր ուղղորդելով, ուղեկցելով, ապահովելով հանրության անվտանգությունը, մշտապես զգուշացվում էր, որ զերծ մնան զանգվածային անկարգություններից, որպեսզի օրենքով սահմանված կարգով միայն իրականացնեն զանգվածային միջոցառումները, որը հանգեցրեց առավել ծանր հանգամանքների իրականացմանը, կատարմանը։

Այսօր նախաքննության արդյուեւնքներով, բացի այս պատգամավորներից, որեւէ այլ պատգամավորների մասնակցության մասին դեռ մենք որեւէ տվյալներ չունենք, ունենալու դեպքում, մենք անպայման քննության առարկա կդարձնենք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Արա Նռանյան։ Բայց, մինչ այդ, ներողություն, ես մի բան եմ ուզում ասել։

Հարգելի գմործընկերներ, հասկանալի է եւ լարվածությունը, հասկանալի է եւ՛ մթնոլորտը, բայց ես խորհուրդ կտամ մնալ քննարկվող հարցի շրջանակներում, առավել ՛եւս, որ ինչո՞ւ հիմա ասացի, որովհետեւ պրն Նռանյանը հենց երեք հարցերից մեկը հենց կոնկրետ բուն խնդրի մասին տվեց։ Համեցեք,  եթե պարզաբանման բան ունեք, խնդրեմ, ասեք։

Ա.ՆՌԱՆՅԱՆ

-Կոնկրետ այսօր պատգամավորները ի՞նչ կոնկրետ գործողություններ են արել, յուրաքանչյուրի վերաբերյալ ի՞նչ կասկածներ կամ մեղադրանքներ կան։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Միջնորդագրի մեջ պարզ նշված է եւ՛ արարքները, եւ՛ դրա իրավական որակումը Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով, եւ 300 հոդվածի 1-ին մասով։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Արծվիկ  Մինասյան։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն գլխավոր դատախազ, հարցերս 4-ն են։ 1-ինը վերաբերում է հետեւյալին՝ միջնորդագրում նշված է, որ փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք զուգորդվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով եւ այլն, այսինքն՝ ենթադրվում է, որ փետրվարի 20-ից իրականացվել են պետական իշխանությունը բռնությամբ  յուրացնելու  գործողություններ, մինչդեռ, եւ մեղադրանքը ներկայացված մեր 4 գործընկերներին, ըստ էության, վերաբերում է հենց մարտի 1-ից լույս 2-ի գիշերվան։ Սա 1-ին հարցն է։ Արդյոք միջնորդագրում գտնո՞ւմ եք, որ ճիշտ է ներկայացված  փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը։ Այդ դեպքում, եթե այո, ի՞նչ է ձեռնարկել իշխանությունը, այդ թվում նաեւ իրավապահ մարմինները փետրվարի 20-ից գործողությունները կասեցնելու ուղղությամբ կամ առնվազն քրեական գործեր հարուցելու առումով։

2-րդը՝ Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը քրեական իրավիճակի վերաբերյալ կապված ինչպես ընտրական կեղծիքների, այնպես էլ  Ազատության հրապարակում սկսված այս գործողությունների հետ։ Մասնավորապես, քանի՞ քրեական գործեր են հարուցվել, ինչպիսի՞ մեղադրանքներ են ներկայացված, եւ Քրեական օրենսգրքի հատկապես ո՞ր  հոդվածներով։

3-րդը՝ կա՞ն արդյոք պետական պաշտոնյաներ, ովքեր ձերբակալված են այս պահին։ Մասնավորապես, իրավաչա՞փ եք արդյոք համարում «Ազատության» հրապարակի ազատագրման պրոցեսը, եւ արդյոք այս պրոցեսի մեջ կա՞ նաեւ ոչ իրավաչափ վարքագիծ իրավապահ մարմինների կողմից, թե՞ ոչ։ Ձեր գնահատականը։

Եվ վերջինը վերաբերում է նաեւ իմ գործընկեր Արա Նռանյանի հարցին, բոլոր դեպքերում միջնորդագրում անհատականացված չեն ներկայացված մեղադրանքները մեր գործընկերներին։ Եթե հնարավոր է, խնդրում եմ ավելի հստակ նշել, որովհետեւ նույն հոդվածով 300 եւ 225-ի 3-րդ մասով է ներկայացվում բոլոր 4-ին էլ։ Կա՞ն կոնկրետ այնպիսի հարցեր կամ  որոնք իհարկե նախաքննական գաղտնիք  չեն, որոնք կարող են հրապարակվել, եւ որը հնարավորություն կտա  առավել առարկայական տեսնել մեր գործընկերների մեղսածության աստիճանը՝ հակաիրավական վարքագծի։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Միջնորդագրի մեջ նշված է իրոք նոյեմբերի 20-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածը։  Հանցագործությունը, որը մեղսագրվում է 4 պատգամավորների, կատարվել է հենց այդ ժամանակահատվածում, ոչ միայն մարտի 1-ից 2-ը։   Այդ մասին նշված է միջնորդագրի մեջ։ Նշված է, որ իրենց կոչերով, օժանդակություններով կատարել են  նշված հանցագործությունները, որի կուլմինացիան, արդեն իրականացումը տեղի է ունեցել մարտի 1-ից 2-ը։

Ընտրակեղծիքների հետ կապված, ես ձեր հարցին, պրն նախագահ, երեւի թե չեմ պատասխանի, որովհետեւ դա գործի հետ չի առնչված, բայց եթե դա ձեզ հետաքրքրում է, հաճույքով ես ձեզ կտրամադրեմ դատախազությունում բոլոր մանրամասնություններով, 30 էջից բաղկացած տեղեկանքով, խնդրեմ։

Իրավաչա՞փ են արդյոք իրավապահ մարմինների գործողությունները, ես արդեն այդ հարցին պատասխանեցի։

Կա՞ն արդյոք ձերբակալված պետական պաշտոնյաներ։ Այս մասին ես կուզեի լռել, ինչպես նաեւ ձեր հաջորդ տրված հարցին, որովհետեւ դուք ճիշտ եք, այս պահին կա նախաքննության գաղտնիք, որոնց մասին ես չէի ուզենա հրապարակել։ Դա բխում է միայն նախաքննության շահերից։ Եթե  դրա անհրաժեշտությունը կա, որոշ ժամանակ հետո, երբ  որ արդեն դրանք դուրս կգան նախաքննության գաղտնիք   հանդիսանալու դաշտից, կարող եմ ձեզ առանձին դա ներկայացնել։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Արծվիկ Մինասյան, պարզաբանման համար։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Հովսեփյան, ես անպայման կօգտվեմ  տեղեկացվածության իրավունքից եւ ձեր պատրաստակամությունից։ Այնուամենայնիվ, փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում միջնորդագրում ներկայացված ձեւակերպումը, երբ համադրում ենք  Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի հետ, որով ներկայացվում, մեղսագրվում է այս արարքը, ասվում է, որ սույն հոդվածի 1-ին  կամ 2-րդ մասով  նախատեսված արարքները, այսինքն՝ զանգվածային  անկարգություններ կազմակերպելը, որոնք զուգորդվել են սպանությամբ, կարելի՞ է արդյոք ենթադրել, որ մինչեւ մարտի 1-ը, մինչեւ կուլմինացիան, տեղի է ունեցել սպանություններ, եւ նույնը վերաբերում է 300-րդ հոդվածին, որովհետեւ այստեղ էլ խոսվում է կոնկրետ կոչերի, բռնությամբ տապալելու  կոչերի մասին կամ կոնկրետ գործողությունների մասին։ Մինչեւ  մարտի 1-ը։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Պատասխանեմ։ Մինչեւ մարտի 2-ը, երբ  հարուցվեց այս բոլոր փաստերի վերաբերյալ քրեական գործ իր ամբողջականության մեջ, կային արդեն իսկ հարուցված քրեական գործեր 225 պրիմ հոդվածով, որը նախատեսվում է քրեական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու, իրականացնելու համար։

Քրեական գործ կար հարուցված 300 հոդվածով, որը նախատեսվում է պատասխանատվություն, իշխանությունը, սահմանադրական կարգը բռնի  յուրացնելու փաստով։ Եվ  մարտի 1-ին, 2-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործին միացվեց այդ բոլոր քրեական գործերը մեկ ընդհանուր վարույթում։ Այսինքն, արդեն իսկ կային հարուցված գործեր եւ իրավապահ մարմիների կողմից ձեռնարկվում էր միջոցառումներ այդ ուղղությամբ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյան։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Պրն դատախազ, իմ հարցը  հետեւյալն է։ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր մամուլի ասուլիսում  հայտնեց, որ ոստիկանները օպերատիվ տեղեկատվություն ստանալով նստացույցի մասնակիցների մոտ զենքի եւ զինամթերքի առկայության մասին, ցանկացել են կատարել խուզարկություն։ Այն դեպքում, երբ մինչ այդ պահը չի հրապարակվել խուզարկություն կատարելու համար հիմք հանդիսացող որեւէ որոշում եւ ոստիականության պաշտոնական հաղորդագրություններում էլ նման որոշման մասին խոսք չի գնում։ Խուզարկությունը դատավարական գործողություն է, որը կարող է կատարվել հարուցված քրեական գործի շրջանակներում իրավասու անձի կողմից կայացրած որոշման հիման վրա քննչական խմբի մեջ մտնող անձի կողմից։ Իսկ մինչեւ խուզարկությունը սկսելը որոշումը պետք է ծանոթացվի խուզարկվողին։

Մյուս կողմից՝ ոստիկանության տարածած տեսանյութերում ցույց են տրվում, թե ինչպես են ոստիկանները մերկ ձեռքերով վերցնում եւ ուսումնասիրում գետնին ընկած ատրճանակները, իրենց մատնահետքերը թողնելով դրանց վրա եւ ինքնին ջնջելով այն ենթադրյալ անձանց մատնահետքերը, ում պատկանում են այդ ատրճանակները կամ այլ զինամթերքը։ Հնարավոր է, որ դրվել են այդտեղ հենց իրավապահ մարմինների կողմից։

Տվյալ պահին ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության տարածած տեսանյութը, որը տեղի էր ունեցել, որը այդ առավոտյան դեպքերի վերաբերյալ է։ Եվ ընդհանրապես այս դեպքը  ի՞նչ կապ ունի երեկոյան տեղի ունեցած դեպքերի  հետ, եւ  ներկայումս, երբ միջնորդություն եք արել մեր գործընկերների նկատմամբ, ի՞նչ կապ ունեն առավոտվա դեպքերը նրանց նկատմամբ տվյալիս մեղադրանքի վերաբերյալ։

Եվ հաջորդը։ Ես կուզեի մանրամասն իմանալ։ Այստեղ, ինչպես միշտ դատախազությունը միջնորդություն է ներկայացնում դատարաններին, տվյալ պահին էլ մեզ է ներկայացված նմանատիպ մի միջնորդություն, որն ուղղակի արտագրված է Քրեական դատավարության օրենսգրքից, որ այդ թվում՝ բավարար հիմքեր, որ ազատության մեջ մնալով նրանք կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել միջդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը։ Որեւէ ապացույց տվյալ միջնորդության մեջ տվյալ անձանց նկատմամբ գոյություն չունի։ Դեռ ավելին, մեր գործընկեր Մյասնիկ Մալխասյանը ներկայումս գտնվում է այս դահլիճում։ Որո՞նք են այդ ապացույցները, որ կոնկրետ այս պատկառելի անձնավորությունները, ժողովրդի կողմից ընտրյալները կարող են որեւէ նման հանգամանքներ անել։ Նման ապացույց չեք ներկայացրել։ Կխնդրեի ներկայացնեք այդ ապացույցները։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Ես  շատ եմ հարգում ձեր իրավաբանական գիտելիքները եւ պիտի ասեմ, որ խուզարկությունը նախատեսված է բնակարանների մոտ անձի մոտ, բայց ոչ հրապարակում որոշում կայացնելու, որը, իհարկե, դատավարական գործողություն է, բայց այն, ինչ դուք նշեցիք։ Բայց հրապարակում հանրության համար վտանգ ներկայացնող տարածքում եւ զանգվածի մոտ վրաններում, ապօրինի տեղադրված տարածքներում, բաց տարածքում զենք, զինամթերք, ինչպես նշվեց, մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր առգրավելու համար խուզարկության որոշում պետք չի կայացնել եւ դա կարող են անել իրավապահ մարմինները այդ տարածքը վնասազերծելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում հասարակական կարգի պահպանության եւ հանրության կյանքը, առողջությունը ապահովելու նկատառումներով։

Այն, ինչ վերաբերում է ոստիկանության կողմից առանց ձեռնոցների այդ զենքն ու զինամթերքը առգրավելուն, ձեզ հետ համամիտ եմ, որ դա կարելի էր անել ավելի պրոֆեսիոնալ ձեւով։ Համամիտ եմ, սակայն պիտի ասեմ, որ մեր հանրապետությունում, ինչպես շատ երկրներում, մատնահետքերի համատարած հաշվառում չի իրականացվում, որպեսզի հայտնաբերված մատնահետքերով կարողանայինք պարզել, թե մի քանի հազար մարդուց ո՞րն է, որ թողել է այդ մատնահետքերը։ Իսկ պրակտիկապես ես, որպես պրակտիկ աշխատող, պիտի ասեմ, որ դա անհնար է մի քանի հազար մարդուց մատնահետքեր վերցնել եւ համեմատել մի ատրճանակի կամ մետաղյա ձողի վրա հայտնաբերված մատնահետքերի հետ։ Այնպես որ, այդ ոչ պրոֆեսիոնալ, ասեմ, մոտեցումը որեւէ պրակտիկ կամ էական նշանակություն ունենալ չէր կարող։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Զարուհի Փոստանջյան՝ պարզաբանման համար, թե՞ դեռ ասելիք ունեք, պրն Հովսեփյան։ Հա, համեցեք, շարունակեք։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Ինչ վերաբերում է այն հանգամանքին, ձեր այն հարցադրմանը, թե որեւէ ապացույց չի բերված առ այն, որ ԱԺ-ի պատգամավորները կարող են խուսափել նախաքննությունից, դրա վառ ապացույցն այն է, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված բոլոր օպերատիվ որոնողական աշխատանքներն առ այսօր որեւէ արդյունք չեն տվել նրանցից երկուսին՝ Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին հայտնաբերելու ուղղությամբ եւ հայտարարում եմ, որ նրանք թաքնվում են նախաքննությունից։

Բացի դա, պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ոչ թե այստեղ գտնվում է իր կամքով, այլ նա պաշտոնապես ձերբակալված է։ Եվ նա, եւ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել են այն հանգամանքներում, ինչի մասին ես արդեն նշեցի։ Ընդ որում, Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է արդեն իսկ հետախուզում հայտարարված, կալանքով հետախուզում հայտարարված անձի հետ միասին։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Լավ, ես ուղղակի մեկ ճշտում անեմ։ Այո, Մյասնիկ Մալխասյանը ձերբակալված է, բայց նա կարող էր նիստին գալ եւ չգալ, եւ եկել է իր կամքով եւ իր իրավունքով։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Այո։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Զարուհի Փոստանջյան։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարգելի պրն դատախազ, ձեզ հայտնի է, որ բազմաթիվ անձինք, այսպես ասած, կորած են։ Միգուցե, նրանց թվի մեջ են նաեւ մեր գործընկերները։ Մենք ահազանգեր ենք ստանում, որ շատերը, ովքեր մասնակցել են ցույցին, իրենց մասին իրենց հարազատները տեղեկություն չունեն։ Միգուցե, նրանք էլ են ինչ-որ տեղ գտնվում, եւ մենք չունենք այդ մասին տեղեկություն։ Եվ ձեր օպերատիվ հետախուզական տվյալները հնարավորություն չունեն պարզելու։ Չե՞ք կարծում, որ ժամանակավրեպ է նրանց վերաբերյալ, երբ նրանք չկան, ներկայումս միջնորդություն ներկայացնել։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Տիկին Փոստանջյան, այս պետությունը ինչպես իմն է, այնպես էլ ձերն է, որպես ԱԺ պատգամավոր։ Երեւի թե, առաջին հերթին ձերն է, հետո իմը, որովհետեւ ես էլ ձեր կողմից նշանակված դատախազ եմ։ Այդ օպերատիվ որոնողական աշխատանքներ իրականացնող մարմինները ոչ միայն իմն են, այլեւ ձերն են։ Ասեմ, որ ձեր կողմից արտահայտած միտքը, որ կան բազմաթիվ կորածներ, ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Եվ այս բարձրագույն ամբիոնից հատարարում եմ, որ ո՛չ ոք չի կորել, ո՛չ մի կորած անձ չկա։ Եվ խնդրում եմ, որ դուք չօգտագործեք ԱԺ-ի ձեզ տրամադրված լիազորությունները նման հայտարարություններ անելու համար եւ ապակողմնորոշելու մեր ժողովրդին։ Ո՛չ ոք չի կորել։ Իսկ մարդիկ կան, որ իրոք փախուստի մեջ են եւ հետախուզվում են։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Լարիսա Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես ունեմ մի քանի հարց։ Հենց սկզբից դուք բերում եք, այսպիսի մուտք եք ունենում՝ սանձազերծել են նախընտրական գործընթացի ու ընտրությունների բուն ընթացքի վարկաբեկելուն, եւ այստեղ, միջազգային հանրության առաջ դրանց օրինականությունը կասկածի տակ դնելուն եւ այլն։ Արդյո՞ք դուք դա որպես նախամեղադրական մուտք եք տեսնում, որովհետեւ այս բոլոր գործողությունները, կարծես թե, չեն խախտում որեւէ օրենք։ Բայց, եթե խախտում են, խնդրում եմ պատասխանել՝ ինչո՞վ եւ ո՞ր օրենքը։

2-րդ հարցս վերաբերում է նրան, որ դուք այստեղ գրում եք, որ ճանապարհատրանսպորտային երթեւեկությանը խանգարող դեպքեր են եղել։ Այնինչ ամսի 1-ին դեպքը տեղի է ունեցել նստացույցի վերաբերյալ։ Արդյո՞ք դուք գտնում եք, որ նստացույցի ամսի 1-ի առավոտյան ժամը 6-7-ը առանց որեւէ այլ ձեւով նախազգուշացնելու այդպիսի միջամտությունը նստացույցին համաչափ, ինչպես դուք պատասխանեցիք այլ դեպքերի համար։

3-րդ հարցս։ Դուք ասում եք, որ միասնական կենտրոնից ցուցարարների շրջանում կազմակերպել են ավելի ագրեսիվ մարդկանց ցուցակներ։ Այդ ի՞նչ մի միասնական կենտրոն է, եթե կարելի է, եւ ինչպե՞ս եք չափել այդ ագրեսիվության, մանավանդ ավելի ագրեսիվության աստիճանը, որ որոշել եք, որ  հենց դրանք են։

4-րդ հարցս վերաբերում է, դուք  գրել եք ծառայությունում հավաստի օպերատիվ տեղեկություններ։ Հետագայում ցույց տված նյութերը ցույց են տվել, որ  այնտեղ իրապես այդքան շատ զենք ու զինամթերք չի եղել։ Ընդամենը մեկ ատրճանակ է ցույց տրվել եւ ես կասկածները թողնում եմ մի կողմ։ Արդյո՞ք այդ օպերատիվ տղեկություն տվողը այսօր հստակ ձեր կողմից հավաստի տեղեկություն տվող է համարվում, այլ ոչ թե ապատեղեկատվություն։

5-րդ հարցս։ Ո՞վ է որոշում կայացրել ի վերջո այդ ժամին այդտեղ այդ մեթոդով միջամտելու։ Հետագայում դուք ասում եք, որ օպերատիվ որոշում է կայացվել։  Էլի ու՞մ կողմից եւ ո՞վ է դա հաստատել, որովհետեւ այդ օպերատիվ որոշումը բախտորոշ դեր կատարեց։ Համլետ Թադեւոսյանը ե՞րբ է զոհվել, մինչեւ քաղաքացիների զոհվե՞լը, թե՞ դրանից հետո եւ արդյոք դա մեկը մյուսի հետեւանքը չէ։

Եվ վերջապես, արդյո՞ք դուք, իրոք, գտնում եք, որ շատ արդյունավետ է եղել այդ միջամտությունը եւ այն չափերը տարածքային առումով արդյո՞ք համաչափ է եղել իրատես միջամտությունը եւ արդյունավետ է եւ արդյունքներից դուք գոհ եք։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Ես ոչնչից գոհ չեմ, տիկին Լարիսա։ Արդեն իսկ կատարվածի համար ես մեծ ցավ եմ ապրում։

Ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը ողջ Երեւանի տարածքում, հատկապես կենտրոնում, իրոք, խաթարվել է։ Եվ, երբ այդ մասին միջնորդագրում նշված է, պետք չի վերցնել միայն մի դրվագ եւ չի կարելի մտածել այնպես, թե գլխավոր դատախազը այնքան միամիտ է, որ ասում է նստացույց արածները ժամը 6-ին առավոտյան խանգարել են ճանապարհային երթեւեկությունը եւ խոչընդոտել են ճանապարհային երթեւեկությանը։ Ես այդպիսի բան միջնորդագրում չեմ բերել։ Խոսքը վերաբերում է այն երթերին, չթույլատրված երթերին, օրենքի խախտմամբ կազմակերպված երթերին, որ ժամերով փակում էին փողոցները կենտրոնում։ Եվ դրա հիման վրա մենք ստանում ենք բազում քաղաքացիների, կազմակերպությունների բողոքներն ու դժգոհությունները։ Իսկ դա դուք նույնպես տեսել եք։ Ձեր աչքի առաջ է այդ ամեն ինչը տեղի  ունեցել։

Գրված է, որ միասնական կենտրոնից է կազմակերպվել։ Այո, այս բոլոր գործողությունների վերաբերյալ մենք ունենք հստակ եւ բազում ապացույցներ, որ այս ամենը կազմակերպվել է մի միասնական կենտրոնից։ Ակնհայտ է, որ այս բոլոր գործողությունները կազմակերպված են եղել։ Կազմակերպված են եղել շատ լուրջ ձեւով, ծրագրավորված ձեւով եւ հատուկ նկատառումներով։ Դա մենք ունենք քրեական գործով եւ հիմնավորված է այսօրվա դրությամբ։ Մենք, իհարկե, դեռ ապացույցներ ձեռք կբերենք եւ այդ ապացույցներին դուք՝ եւ՛ թվարկմանը, եւ՛ վերլուծմանը, կարող եք ականատես լինել, ունկնդիր լինել դատարաններում քրեական գործերը քննելիս։

Դուք նշեցիք ինչպե՞ս ենք մենք գնահատում ագրեսիվության  աստիճանը։ Խնդրեմ, ձեզ կարող ենք տրամադրել բոլոր այն տեսաժապավենները եւ ինքներդ կարող եք դիտել դրանք եւ որոշել, թե ինչպիսի՞ ագրեսիվություն կար, թե չկար այդ անձանց մեջ։

Կապված ձեր այն հարցադրման հետ, թե Համլետ Թադեւոսյանը եւ մնացած 7 քաղաքացիական անձինք ի՞նչ հաջորդականությամբ են զոհվել, դրա պատասխանը ես արդեն տվեցի, որ ճշտվում է նախաքննության մարմնի կողմից։

Դուք  ճիշտ չեք ասում, որ ընդամենը մեկ ատրճանակ է հայտնաբերվել։ Դարձյալ պիտի ասեմ, ցավում եմ, որ դուք այստեղ, ԱԺ դահլիճում ապատեղեկատվություն եք տալիս։ Ընդամենը մեկ ատրճանակ չի, որ առգրավվել է։ Դրանք ցուցադրվեցին նաեւ զանգվածային լրատվամիջոցներով։ Ես կարող եմ թվարկել, թե ինչ է առգրավվել, բայց առգրավվել է զգալի քանակությամբ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր։ Եվ եթե նույնիսկ նկատի ունենանք, թե մի ատրճանակ է, այդ մի ատրճանակով, թեկուզ մի փամփուշտով կարելի է սպանել մի մարդ։ Իսկ մի մարդու  անվտանգությունն ու կյանքը ես շատ կարեւոր եմ համարում։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Լարիսա Ալավերդյան։

Ես ուզում եմ զգուշացնել հետեւյալը։ Այսուհետեւ, կարեւոր չի, այս նիստի մասին չեմ ասում եւ ընդհանրապես, հենց ես հայտարարեմ հաջորդ հարց տվողին, սկսեմ հայտարարել, այդ ժամանակ խնդրում եմ այլեւս ձեռք չբարձրացնել։ Դուք կարող եք մինչեւ այդ ներկայացնել ձեր ցանկությունը պարզաբանման համար։

Խնդրեմ, տիկին Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Կներեք, ես հիշեցման կարգով։ Ես ասացի՝ ո՞վ է որոշում կայացնողը առավոտյան եւ թե օպերատիվ որոշման։ Իմ հարցը, որ միասնական կենտրոնին էր վերաբերում, ես կարծում էի, որ դուք կպատասխանեք, որ այսօրվա հարցի առարկա դարձած պատգամավորներին դուք կասկածու՞մ եք կամ ունեք հիմնավոր ինչ-որ ապացույցներ ասեմ, թե կասկածներ, որ նրանք հենց այդ կենտրոնի մասնակից են, որովհետեւ, եթե կենտրոնի մասնակիցների մասին եք խոսում, գոնե մենք իմանանք ինչի՞ մասին է խոսքը։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես ասեմ, որ նախաքննությունն ընթանում է ընդամենը մի քանի օր։ Եվ ինքներդ շատ լավ գիտեք, մշտապես շփվում եք նախաքննության մարմինների, իրավապահ մարմինների հետ, մենք, համենայնդեպս, ես իմ պրակտիկայում ունեցել եմ շատ ծավալուն գործեր, բայց նման ծավալուն գործ ես դեռ չեմ ունեցել։ Այնպես որ, ժամանակ կպահանջվի յուրաքանչյուր հանգամանքը պարզաբանելու եւ ձեր բոլոր հարցադրումներին պատասխանելու։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյան։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Նախքան հարցս, ես նույնպես կուզեի իմ կողմից ցավակցություն հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին։ Իհարկե, բազմաթիվ հարցեր հնչեցին, պրն Հովսեփյան։ Իմ հարցս կայանում է նրանում, որ այստեղ նշված է փետրվարի 29-ին ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տեղեկություններ հասցվեցին այն մասին, որ փորձում են զինել եւ այլն։ Մինչ 29-ը, արդյոք նմանատիպ օպերատիվ ինֆորմացիա հաղորդվե՞լ է նշված ծառայությունների, թե՞ ոչ։

2-րդ հարցս բխում է նրանից, որ ոստիկանության ցուցադրած տեսանյութերում հստակ երեւում էր պատրաստված, կոչվում է աստղաձեւ, ինչ-որ արմատուրայով, որը հնարավոր չէր այդ նույն օրը պատրաստել,  մեկի միջնորդությամբ ինչ-որ տեղ պետք է պատրաստվեր։ Այդ ամենի հետ կապված տեղեկություն կա՞ր մինչեւ ամսի 29-ը, թե ի՞նչ ծավալով, որտե՞ղ։ Մասնավորապես, խոսք է գնում նաեւ, ինչպես այսօր իր հարցազրույցում տվել էր մեր գործընկերը, ով վիրավորված է, որ եղել են նույնիսկ առանձին խմբեր, ովքեր կապ չեն ունեցել ժողովրդի հետ։ Խմբեր, որոնք զբաղվել են սադրանքներով։ Կոնկրետ այդ կազմակերպիչների մասին եւ կամ, եթե դա արտադրամաս է եղել կամ ինչ-որ առանձին մեկի միջնորդությամբ պատրաստվել է, նման ինֆորմացիա կա՞, որովհետեւ դա այդ նույն օրը հնարավոր չէր պատրաստել։ Խոսքս վերաբերում է, էլի եմ կրկնում, այնտեղ  ցուցադրվեց, արմատուրաներով պատրաստված ոզնի է կոչվում, թե ի՞նչ, սառը զենքերին։ Շնորհակալություն։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Պրն Մարգարյան, ես ուզում եմ, որ դուք հիշեք, որ ես գլխավոր դատախազն եմ, ոչ թե ոստիկանապետը կամ ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Սակայն կփորձեմ պատասխանել ձեր հարցին։ Իհարկե, մինչ այդ մենք ունեինք նման տեղեկատվություն, նման ահազանգեր։ Այդ հարցին ես արդեն պատասխանել եմ եւ ասացի այդ մասին։ Բայց մենք փորձում էինք օպերատիվ ճանապարհներով կանխել դրանք, հայտնաբերել դրանց ձեռքբերման աղբյուրները, անձանց։ Տիկին Ալավերդյանը հարց տվեց, որ արդյո՞ք մենք հավատում ենք այդ օպերատիվ տեղեկությունները տվողներին կամ տվողին եւ չե՞նք պատրաստվում ասել, որ նա կամ նրանք ճիշտ տեղեկատվություն են տվել։ Դրա վառ վկայությունն այն էր, որ, իրոք, հայտնաբերվեցին այդ զենքն ու զինամթերքը, սառը զենքը։ Իհարկե, դրանք մի օրում պատրատսված չէին, իհարկե, դրանք նախաքննության կատարման ընթացքում բոլորը, որպես վարկածներ, կստուգվեն, դրանց ձեռքբերման աղբյուրները նույնպես կպարզաբանվեն։ Դրանց վերաբերյալ մենք ունենք համապատասխան հիմքեր եւ առաջ քաշված վարկածներ, որոնք մանրազննին կստուգվեն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին, պրն Հովսեփյան։ Հարգելի գործընկերներ, մեր կանոնակարգի համաձայն այժմ մենք անցնում ենք հաջորդ կետին այս քննարկումների, որի համաձայն միջնորդագրում նշված պատգամավորներն իրավունք ունեն մինչեւ 20 րոպե տեւողությամբ  ելույթի, եւ նրանց կարող են տրվել հարցեր։ Լրագրողներին խնդրում եմ այդտեղից հեռանալ, թույլ տալ, եթե մարդիկ ցանկություն ունենան... Ձեզ է վերաբերում, ովքեր պատի տակ են եւ պատգամավորների մոտ։

Ասեմ, որ մեր նիստին մասնակցում է նաեւ պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Պրն Հակոբյան, եթե ելույթի ցանկություն ունեք, խնդրեմ, կարող եք ելույթ ունենալ եւ ձեզ կուղղվեն հարցեր (ծափեր դահլիճից)։

Հանգիստ։ Համեցեք։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Ուրեմն, բոլորիդ պարզ է ընդհանուր իրավիճակը, թե Հակոբ Հակոբյանին ինչու՞ են մեղադրում, ի՞նչ հարցերում։ Ասեմ, որ 1989թ. Հակոբը ղարաբաղյան շարժման մասնակից է եղել, գնդապետ, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր։ Տարբեր ֆրոնտներում մասնակցել եմ պատերազմի, ծանր վիրավորվել եմ 1994թ.,  ու ես լավ հասկանում եմ ՀՀ-ում կամ որեւէ երկրում ցնցումն ինչ բան է՝ երկրի ցնցումը, որովհտեեւ ես լավ գիտեմ, իմ հետ պատերազմի մասնակից բոլոր մարդիկ գիտեն, որ պատերազմը, ինչ որ մենք հեշտությամբ հաղթեցինք, դա Ադրբեջանում որոշ ցնցումներ կային։ Եթե այդ ցնցումները չլինեին, երեւի այդքան մեծ հաջողություններ մենք չունենայինք։ Այդ ժամանակաընթացքում ով իմ հետ շփվել է, բոլորը լավ գիտեն, որ ՀՀ-ում կլիներ, թե Ղարաբաղում, որտեղ վիճելի, կոնֆլիկտային հարց է եղել, ես միայն եղել եմ անյտեղ խնդրելու, հանգստացնելու, որպեսզի նորմալ վիճակ ստացվի, լարվածություն չլինի իրար դեմ։

Խոսքս այս ընտրություններին։  Ուրեմն, ես փետրվարի 9-ին հայտարարել եմ, որ պաշտպանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Այդ ընթացքում որեւէ մեկը չի կարող գտնվել, որ ասի, թե Հակոբ Հակոբյանը իրեն ճիշտ չի պահել, անշնորհք ձեւով է պահել, որեւէ մեկին վիրավորել է կամ որեւիցե մի բան։

Ընտրությունների հաջորդ օրը, ուրեմն, ընդհանուր երթին, ես, չգիտեմ, երթ եղել է, թե չի եղել, ես չեմ մասնակցել, իսկ գիշերները ժամը 12-ից հետո մինչեւ առավոտյան 9-10-ը այնտեղ եմ եղել, որովհետեւ ես վտանգը զգացել եմ, որ հնարավոր է լավ բաներ չստացվեն հանրապետությունում, լարվածությունը կանխելու համար։ Եղել են դեպքեր 15-20 անգամ գիշերները, պրովոկացիոն մոմենտներ են ստացվել, ես խնդրել եմ միլիցիայի աշխատակիցներին, եկել եւ կանխել են, տարբեր աստիճանի։ Իսկ այդ օրը ապացույցը այն էր, որ առավոտյան ժամը 7-ին, որ ներքին զորքերը, մեր ՄՎԴ-ի համակարգը, չգիտեմ ովքեր էին, որ Ազատության հրապարակ մտան, այդ ընթացքում երեւի միակ տարածքն էր, որ որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել։ Նույնիսկ այն տղաները, ովքեր եղել են այնտեղ, որեւէ մեկի մոտ փայտ չի եղել։ Դա կապված են ամբողջ ՄՎԴ-ի համակարգը Սպենդիարյանի արձանի ձախ կողմի վրա։ Այնտեղ եղել են 50-100 միլիցիոներ, որեւիցե մեկին նեղություն չեն տվել կամ որեւիցե մեկին ոչ  մի կոպիտ բառ չի ասվել մեր կողմից։ Դրանից հետո ժամը 2-3-ի կողմը, ժամը հաստատ չեմ հիշում, ինձ ինֆորմացիա հասավ, որ ֆրանսիական դեսպանատան մոտ շատ լարված իրավիճակ է։ Ես եկել եմ իմ վարորդի հետ, հետս մի հոգի իմ ընկերներից, ես եկել եմ այնտեղ, երեւի մի կես ժամ։ Այդ ընթացքում զգացել եմ, որ մարդիկ են անճանաչելի, որոնց ես չեմ ճանաչում, պրոբլեմներ են ունեցել զինվորների հետ, պրոբլեմներ է եղել ՄՎԴ-ի համակարգի հետ։ Այդ ընթացքում կարող է վկայել Խաչատրյան Արթուրը ներքին զորքերի գնդապետ, որը ԲՄՊ-ի ապակիներն էին ջարդում կամ պահի տակ ուզում էին պաժառ տային, ես եմ գնացել եւ կանխել։ Շատ փիս ձեւով տրամադրված իմ նկատմամբ, մի կերպ ճանապարհը բացել եմ, դուրս է եկել դա։ Դրանից հետո ավտոբուսի ապակիներն էին ջարդում, իմ վարորդին եմ նստացրել, պահել եմ ճանապարհը, դեմ եմ ընկել, կարող էր այդ ժամանակ ես էլ ընկնեի ավտոբուսի տակ, որովհետեւ շփոթված էի։ Էդ եմ դուրս հանել,  3-րդ ավտոմեքենան եմ այդտեղից դուրս հանել։ Այդ ժամանակ մոտեցել եմ ներքին զորքերի գնդապետին, որտեղ կանգնած էր ջրցան մեքենան, խնդրել եւ ասել եմ, եթե հանկարծ կոնֆլիկտային վիճակ ստեղծվի,  չստեղծես, ինձ ձայն տվեք։ Իմ հետ եղել է առաջվա ներքին զորքերի աշխատակից, մենք եղել ենք 3-4 հոգով։ Ասել ենք, որ հանկարծ մի բան կլինի, կմոտենաք, մենք այդ հարցերը կկարգավորենք։ Դրանից հետո էլ համարյա այդտեղ զորքերը չեն եղել։ Ես էլ ի վիճակի չէի կանգնելու, գնացել եմ մի 100 մետր վերեւ, կոշիկներս հանել եմ, գետնի վրա էի պառկել։ Ժամը 7-8-ի կողմը նորից վիճակը սրանում էր։ Ես զգացի, որ ի վիճակի չեմ, փորձել եմ զանգել Կարեն Կարապետյանին, որ այսքան ժամանակ չէի զանգել այնտեղից դուրս գալով, հեռախոսը չի պատասխանել։ Զանգել եմ մեր Հասմիկին, ասել եմ, Հասմիկ, խնդրում եմ, ցավդ տանեմ, մի հատ ընդեղ մի ձեւի լուծում գտեք։ Լացելով Հասմիկը ասել է, հեսա մի հատ տեսնենք ոնց ենք անում, որովհետեւ վտանգը մեծ է։ Ժամը 9-10-ի կողմը ես էլ ոտքի վրա չէի կարողանում կանգնել, այդ ընթացքում ներքին գործերի նախարարն էր, թե անվտանգության, շնորհակալություն են հայտնել ինձանից երկու բաժանմունքները, որ Հակոբը կարողացել է կանխել դա։ Ես ի վիճակի չէի։ Եթե ես իմանայի, որ ինձանից հետո որեւէ այլանդակ իրավիճակ կստացվեր հանրապետությունում, թեկուզ իմ կյանքի գնով կմնայի անյտեղ կանխելու, թեկուզ ես զոհվեի։ Հակոբը, ասեմ, թուրք չի՛, Հակոբը սրիկա չի՛, Հակոբը միշտ աշխատել է հանրապետությունում նորմալ վիճակ պահել։ Նորից եմ ասում, որ եթե որեւէ  մեկը կասի, որ այս ընթացքում իշխանության կամ որեւէ մեկի հասցեին Հակոբը անձնապես վիրավորել է, թող տանեն Հակոբին գնդակահարեն կամ ցմահ բանտարկեն։ Ըտենց բան չի կարա լինի։ Այս ընթացքում խնդիր չկա, թող քննությունը կատարվի, իմ համար էլ է դա ձեռնտու, որպեսզի ապացուցվի։ Եթե կգտնվի մեկը, որ կասի Հակոբ դու հրահրել ես, ասել ես շիշ վերցրու կամ այս մեքենային կամ որեւէ մեկին վիրավորի, հարց չկա, ես պատասխանատու եմ գլխով։ Բայց այդ ընթացքում ես լավ գիտեի, թե ի՞նչ է պատերազմը։ Հետո իմ մասսան այն մասսան է, որն այդ պատերազմով անցած մասսա է եղել։ Նրանք կյանքում չէին ուզենա, որ, ասենք, հանրապետությունում ցնցում լիներ։ Այդ ցնցումի արդյունքը ես  գիտեմ ինչ է։ Ինձ համար ցավալին այն է, որ հայաստանցի, ղարաբաղցի կոչեր էին հնչում։ Ամենացավոտը դա էր ինձ համար,  որ այսքան ժամանակ, այս տարիներին ինչ առիթ եղել է, ես որեւէ մեկին չեմ թողել, ասել եմ այսպես չի կարելի, որովհետեւ ես գիտեմ, որ այս ճեղքը այս երկրի վերջն է։ Վաղը բոլորս էլ գնալու ենք, ոչ մեկս չենք մնալու, բայց մի քանի տարի հետո մեր սերունդները մեզ չդատապարտեն դրա համար, մեր ախմախ քայլերի համար։ Մի կամ երկու աթոռի համար չի կարելի երկիրը վտանգել կամ ասել՝ սա ղարաբաղցի է, սա չգիտեմ ինչ է։ Բոլորդ էլ գիտեք, որ իմ ընտանիքից, իմ կյանքից բարձր եմ գնահատել Ղարաբաղը, որովհետեւ ես գնացել եմ այնտեղ կես մարդ եմ դարձել։ Ես, այդ պաին, չեմ պատկերացնում, ես զգայի, եթե ինձանով ես գայի, որ այդ բանը կշարունակվելու էր, իմ տղայի հետ ես պատրաստ կլինեի մեր կյանքը դնել, ոչ թե հանրապետությունում այս մխտառ իրավիճակը ստեղծվեր։ Ոչ մի անգամ որեւիցե մեկը  չէր ուզենա։ Ես չգիտեմ ով ո՞նց է մտածում, եսիմ ինչեր են մտածում, թե սենց ա Հակոբի մասնակցությունը։ Հակոբի մասնակցությունը մենակ կարար լիներ դրա համար, ուրիշ որեւիցե մի բանի համար չէր կարա Հակոբը լիներ։

Հարցեր, խնդրում եմ, եթե հարցեր ունեք...

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Լարիսա Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Հակոբյան, ես փաստորեն, երեկ չէ առաջին օրվանից փորձում եմ ձեզ հետ հանդիպել այդ ազատազրկման այն վայրում, որտեղ ձեզ տարել են։ Նույնը ես գիտեմ, որ փորձել է անել նաեւ ձեր դատապաշտպանը։ Կարո՞ղ եք դուք ինձ հիմնավոր ասել, դուք եք արդյո՞ք հրաժարվել կամ մերժել որեւէ հանդիպում, որովհետեւ, ցավոք սրտի, մինչեւ անգամ երեկ, երբ մենք գնացինք Էրեբունու նախնական կալանքի պահման վայրը, թեկուզ մեզ ասացին, որ դուք այնտեղ եք, դուք էլ եւ Մյասնիկ Մալխասյանը, բայց մեզ այդպես էլ թույլ չտրվեց ձեզ հետ հանդիպելու։ Ձեր պատասխանն եմ ակնկալում, արդյո՞ք ինքներդ եք մերժել եւ ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ խանգարվել է պատգամավորի օրինական լիազորությունների կատարումը։ Շնորհակալություն։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Ուրեմս, ես եմ մերժել, ես չեմ ուզել հանդիպել, նույնիսկ փաստաբան չեմ ուզել վերցնել, որովհետեւ ես գիտեմ, որ ես անմեղ եմ, որեւէ հարցում մեղավոր չեմ եղել։ Իսկ այս խոսակցություններին ես համաձայնվել եմ նույնիսկ ինձ կալանավորեն, ես անվտանգություն էլ եմ գնացել, ներքին գործեր, որ պահեն, որպեսզի այդ խոսակցությունը մաքրվի, որովհետեւ ես զինվոր եմ եւ իմ ինքնասիրությունը իմ կյանքից բարձր  եմ գնահատում։ Ես չեմ ուզենա կյանքում որեւէ բիծ ինձ վրա անցնի։ Ես ուզում եմ մնա, որպեսզի այս եղածը մաքրվի, ճշտվի, ուրիշ հարց չի եղել, որովհետեւ մազաչափ ես չեմ զգում իմ մեղքն այդտեղ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հակոբյան։ Ավարտվեցին հարցերը։ Կարող եք նստել։ Այո՛։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ (Առանց խոսափողի)

-15 տարվա մեջ առաջին...(չի լսվում)։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Մալխասյան, համեցեք, եթե ցանկություն ունեք ելույթի։ Մյասնիկ Մալխասյան։

Մ.ՄԱԼԽԱՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, նախ՝ ես ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, որովհետեւ դա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար, որը ոչ ոք չէր ցանկանում, անգամ մեղադրանք առաջադրված ոչ մի պատգամավոր չէր ցանկանում եւ ամեն ինչ արվում էր, որ մի կաթիլ արյուն չթափվի։ Քիչ առաջ խոսեց մեր գործընկեր  Հակոբ Հակոբյանը։ Այո, ես լրիվ համամիտ եմ, որ այն տղաները, նրանք լինեն պատգամավորներ, որոնք  կային Թատերական հրապարակում, զուտ իրենց ներկայությամբ փորձում էին կանխել այն միջադեպերը, որոնք կարող էին ծանր հետեւանքներ ունենալ, որովհետեւ ամեն պահի կարող էին սադրիչ գործողություններ լինել։ Բազմաթիվ անգամ եղել են մարդիկ, սադրիչներ, որոնց հայտնաբերել են, ոստիկաններին դիմել են, որ նրանց հեռացնեն, բայց, այնուամենայնիվ, դա ապահովագրված չէր։ Բայց 9-ն օրերի ընթացքում ոչ մի միջադեպ չկար, ոչ մի ավելորդ բան չկար։ Ընդամենը կարելի է սա երկխոսության ճանապարհով հարթեցնել այս խնդիրը եւ ավելորդ բանի չտանել հասցնել, եթե չլիներ այդ ոստիկանության, չգիտեմ, թե ինչ ծառայությունների կողմից այդ գիշերվա, որ փորձեցին ցրել այդ նստացույցի մասնակիցներին։ Եվ դրա հետեւանքը եղան մնացած հաջորդ գործողությունները, որոնք ունեցան իրենց ցավալի հետեւանքները։

Ես ուղղակի ուզում եմ... Ես իմ փաստաբանից տեղակացա, որ Հանրային հեռուստատեսությամբ տարածվում են լուրեր, թե Մյասնիկ Մալխասյանին ձերբակալել են դեպքի վայրում ձողը ձեռքին։ Եթե այս ամբողջ քննությունը տարվում է այս կերպ խեղաթյուրելով, ապատեղակատվություն տարածելով, այստեղ ես ոչինչ  ասել չեմ կարող։ Ես ուզում եմ տեղեկացնել ձեզ, նախ՝ ես երբեք չեմ խուսափել ոչնչից եւ  խուսափելու բան էլ չեմ ունեցել, որովհետեւ այդ ամբողջ ընթացքում, երբ մասնակցել եմ, ես ոչ կազմակերպիչ եմ եղել, ոչ նախաձեռնող, այլ մասնակից եմ եղել եւ մասնակցել եմ, ունեցել եմ մի քանի ելույթներ, որտեղ կան ձայնագրություններ իմ ելույթների, եւ իմ բոլոր ելույթները եղել են հավասարակշռված։ Այնտեղ ոչ մի ավելորդ բառ անգամ չես գտնի ոչ մեկի հասցեին վիրավորական։ Առիթ կլինի, դուք էլ, իմ գործընկերները, եթե ձեզ կհետաքրքրի, կարող եք լսել այդ ելույթների ձայնագրությունները, որ այստեղ ներկայացվում է, որ իրբ մենք կոչերով հանդես ենք եկել իշխանության բռնի տապալման դեմ։ Այդ ելույթները կան, պահպանվում են։ Այնտեղ ոչ մի այդպիսի խոսք չկա։ Մենք ընդամենը մեր գործընկերներին, մեր ժողովրդին դիմել ենք հանդարտության, խոհեմության կոչերով, որ հարցը պիտի լուծվի արդարացի, պիտի արդարությունը վեր հանվի եւ մեր ժողովուրդը պիտի կարողանա իր ճակատագիրը արդար, մաքուր ընտրություններով կանխորոշել։ Եթե սա սահմանադրական կարգի տապալման ձեւ է, որ պիտի արդար ընտրություններով արվի, մենք դրա դեմ ոչինչ չենք կարող ասել, որոշումը ձերն է։

Ինչ մնում է նրան, որ մեղադրանքում ներկայացված է, որ հավաքագրվել են գրոհայիններ, ես ուղղակի այդ մասը ուզում եմ ներկայացնել։ Գրված է, որ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն անմիջական մասնակցությամբ դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում՝ գրոհայինների հավաքագրումով, նրանց զինելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու ակտիվ մասնակցություն են ունեցել ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Սուքիասյանը, ինչը բավարար հիմք է տալիս սույն քրեական գործով նրանց ներգրավելու՝ որպես համապատասխան մեղադրանք առաջադրելով այնպիսի ծանրագույն մեղադրանք, որը նախատեսվում է Քրեական օրենսգրքի 300 հոդվածով պետական իշխանությունը յուրացնել ՀՀ Սահմանադրությամբ խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կամ դա բռնությամբ պահելու, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողություններ, որի համար պատժվում են ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով։

Եթե այս գործողությունները, այս կոչերը, այս ելույթները սահմանադրական կարգի խախտում են, պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձեր են, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ինչպե՞ս կարող ենք մենք մի պետության դեմ, որի ստեղծման հիմքում մենք ենք կանգնած, որի համար մենք պատրաստ ենք եղել զոհելու մեր կյանքը, փորձենք այդ պետությունը բռնությամբ տապալելու։ Դա որեւէ տրամաբանության ենթարկվու՞մ է։ Կամ, թե ասում ենք՝ մենք մեր ժողովրդի կողքին ենք, նշանակում է, որ մենք ուզում ենք սահմանադրական կարգը բռնությամբ տապալե՞նք։

Հաջորդը՝ նախ,  մեր երկրում խախտված է պատգամավորի անձեռնմխելիության կարգավիճակը, սա  էլ է անհասկանալի։  Գրված է՝ օպերատիվ գործողությունների բանով ձերբակալվել է Մյասնիկ Մալխասյանը։ Ի՞նչ օպերատիվ գործողություն։ Ես տաքսիով գնալուց առավոտյան ժամը 10 անց քանիսի մոտակայքում Արշակունյաց փողոցի վրա ձերբակալել են իմ եղբորը, մարտի 1-ին։ Մեզ զանգել, տեղեկացրել են, գնացել ենք, որ հետաքրքրվենք, թե որտե՞ղ է ինքը։ Ամբողջ օրվա ընթացքում փորձել ենք, չէինք պարզել, թե որտեղ է։ Զանգահարեցին ժամը 5-ի, թե 6-ի մոտակայքում, որ ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված ժողովուրդը անկառավարելի է, գուցե գաք, ձեր միջամտությամբ, ձեր մասնակթությամբ փորձեք... Եվ ես եկել եմ այդտեղ։ Այնտեղ կար ելույթ, ես փորձել եմ փոքր բաներից բերեցին՝ դիկտաֆո՞ն ա, միկրոֆոններից, բան։ Ելույթում ասել եմ, որ խնդրում ենք ինքնագործունեությամբ չզբաղվեք,  կարող է այդ ինքնագործունեությունը տհաճ ու ավելի բարդ հետաեւանքների տանել։ Դրանից հետո մեր գործընկերներից մեկը նշեց, որ ՈՒԱԶ մակնիշի վիլիս մեքենան քշեց ժողովրդի միջով, տրորելով անցավ ու միանգամից իրավիճակը սրվեց ու դարձավ անկառավարելի։ Դրանից հետո ես գնացել եմ։ Գնացինք, ասացին, որ եղբայրս որտեղ է, գնացինք տեսնելու։ Ինձ հետ է եղել Մանուշակ Պետրոսյանը, որին ճանաչում եք, զրուցելով իջել ենք մինչեւ Երկրապահ վարչության մոտակայք, այնտեղ ես սպասել եմ, մեքենա չկար, որ գնայինք։ Ես ասեմ, բավականին, մի քանի ժամ սպասել ենք մինչեւ տաքսի է եկել։ Տաքսին նստեցինք, գալիս էինք դեպի Կիեւյան-Օրբելի կողմը։ Ճանապարհի մի կողմը փակ էր, բայց մեզ ասացին, որ ցրվել են ցուցարարները։ Արամ Սարգսյանն է եկել  եւ ասել, որ ցրվեն։ Հետ դարձանք, ճանապարհ չկար։ Բարձրացանք հրապարակի կողմը, այնտեղ մեքենաները գնում էին։ Այդ կողմով բարձրանում էինք, որտեղ Շահումյանի հրապարակի վրա տեղակայված էին, էդ պատվարներով զորքեր էին, թե 6-րդ վարչությունը, անցնում էին մեքենաներով, այդ ժամանակ էլ մենք ենք անցել։ Կանգնեցրեցին մեքենան, ասացին, վայ, Մյասնիկ Մալխասյանն է։ Իջել ենք մեքենայից, բան, ասել են, որ պիտի գնանք, բան։ Նստել եմ իրենց հետ մեքենան, գնացել ենք։ Սկզբում ես ասացի՝ ինչու՞ եք բերել, պիտի  տեղյակ պահեք ԱԺ նախագահին, կանոնակարգ գոյություն ունի։ Ինձ չեն պատասխանել։ Մի քանի ժամ հետո ասացին, որ ձեզ կասկածում ենք, պիտի տանենք նարկոլոգիական դիսպանսեր, թմրանյութեր օգտագործել... Տարել են, հետազոտել են, տեսել են, որ դա էլ չի ստացվում, երեկոյան արդեն ուրիշ  մեղադրանքով, ուրիշ կասկածանքով  են, ասել են, որ ձեզ, չէ՛, արդեն կասակածում ենք այն մեղադրանքով, որը հիմա առաջադրվել է։

Սա է ամբողջ եղելությունը, որ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել։ Բայց ուզում եմ ասել, որ մեր գործընկեր պատգամավորները, ովքեր եղել են այնտեղ,  նրանք բոլորն էլ, ովքեր ելույթներ են ունեցել, այդ ելույթները կան։ Նրանք երբեք որեւէ սադրիչ  գործողությունների կոչ չեն արել, նրանց բոլորի գործողությունները եղել են հավասարակշռված եւ այդ օրերի ընթացքում նրանք եւ մյուս մարդիկ ուզել են, որ խաղաղ լուծում ունենա, որ մեր երկրի վարկը հեղինակությունը միջազգային ատյաններում չընկնի։ Նրանց գործողությունները միտված են եղել դրան։ Սա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ։ Մնացած որոշումը ձերն է, դուք պիտի կայացնեք։ Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պիտի այս ճանապարհով գնանք, այլ պիտի այստեղ ԱԺ-ն իր դերը ունենա, որ պիտի քաղաքական երկխոսության ճանապարհն ընտրվի, որ երկիրը այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերի։ Սա լավագույն ճանապարհը չի ընտրված, անկեղծությամբ։ Այսքանը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։

Մ.ՄԱԼԽԱՍՅԱՆ

-Հա, ներողություն։ Հա, լավ, ասենք...

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հերթագրվածներ չկան։ Ասեք, պրն Մալխասյան։ Ինչ-որ բան էիք ավելացնում։

Մ.ՄԱԼԽԱՍՅԱՆ

-Հա, ես ուղղակի ուզում էի ասել, որ նախ մարդուն թեկուզ ծանրագույն հանցագործության մեջ մեղադրելուց հաշվի է առնվում մարդու անձի հատկանիշները։ Դա կոնվենցիայի նաեւ 134-րդ հոդվածով է նախատեսված, որ անձի հատկանիշները կալանավորման ժամանակ հաշվի է առնվում անձը, եւ ծանր հանցագործությունը հիմք չի մեզ կալանավորելու համար։ Դա արձանագրել է նաեւ եվրոպական դատարանը։ Մանավանդ որ մենք, անձամբ ես փախուստի չեմ դիմում, չեմ խուսափել, դատապարտված չեմ։ Դա վերաբերում է նաեւ իմ գործընկերներին։ Եվրոպական կոնվենցիայով անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, որը, կարծում եմ...

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Մալխասյան, մեր նիստի ժամանակը սպառվեց։ Ընդմիջում։


Ժամը 16:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- Հարգելի գործընկերներ, շարունակում ենք աշխատանքը։ Կանոնակարգի համաձայն, հերթագրում՝ ելույթների համար։

Առաջին ելույթը՝ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյան։

Ր.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

- Հարգելի նախագահ, հարգարժան գործընկերներ, էս ի՞նչ ենք անում, ազգային ողբերգությանը հաջորդող այս օրերին, երբ մեր պետությունը, մեր ազգը կանգնած է հերթական, այս անգամ անդառնալի վիհի առջեւ, դիտարկվում է այդ վիհը ոչ թե բուժելու, ոչ թե կամրջելու, այլ խորացնելու հնարավորություն։

Հղումներ են կատարվում Աստվածաշնչից՝ քարեր հավաքելու մասին, եկեղեցիներ ենք կառուցում, մոմեր ենք վառում, բայց ի՞նչ է հետեւում  հավատացյալ այդ դրսեւորումներից։ Քարոզի եւ վարքի միջեւ տարբերությունն ակնհայտ է։

Դիտում ենք այս իրավիճակում պաշտոնական լրատվությունը եւ երանի ենք տալիս գլասնոստի եւ պերեստրոյկայի օրերին։ Արդյոք սա՞ է այդ լրատվական դաշտը, այդ ոգին, այդ ներողություն խնդրելու, համատեղ ներողություն խնդրելու ճանապարհը, որը բերելու է կայունության, փոխադարձ համաձայնության, հաշտության, թե՞ հենց այս իրավիճակում օրենքի հղմամբ պետությունը ծխածածկույթ դարձնելով, մենք խորացնում ենք այդ ատելությունը, եւ ապահովում ենք երկարատեւ հերթական անկայությունը մեր երկրի։

Եվ այս արտակարգ  իրավիճակում  Սահմանադրական դատարանի անկաշկանդ նիստ, օրինական գործընթաց, ժողովրդի վստահությունը վայելող հանգուցալուծում հնարավո՞ր է արդյոք պատկերացնել։

Ամենայն հարգանքով եւ ընկալումով ես պետք է ասեմ, որ այս միջնորդագիրը քաղաքական հատվածական փաստաթուղթ է, ոչ իրավական, ոչ ամբողջական, ոչ առարկայական եւ ոչ էլ շիտակ։ Կորել է այս փաստաթղթում իրադարձությունների պատճառահետեւանքային կապը՝ կոնկրետ մարտի 1-ի առավոտյան եւ գիշերվա միջեւ։

Եվ այսօր մենք բոլորս միասին այս եղերական ողբերգական իրավիճակում նաեւ գործ ունենք մարդասպանության հետ, ութ համաքաղաքացիներ, մեկը՝ սպա, յոթը՝ շարքային համաքաղաքացիներ։ Ո՞վ է հրահանգել, ո՞վ է իրականացրել մահացու այդ կրակը, թե՛ իր հայրենիքին ծառայող սպայի, թե՛ յոթը շարքային քաղաքացիների, ովքեր փորձում էին իրացնել դժվարին պայմաններում քաղաքացիական իրենց իրավունքը, սա ընդհանուր կորուստ է։

Եվ ինչ վերաբերում է մեր չորս գործընկերներին, ապա, ես կարծում եմ, որ այս միջնորդագիրը չի ապահովում ապացուցողական նվազագույն շեմը, որը կարող է խթան հանդիսանալ Ազգային ժողովի համապատասխան որոշմամբ։ Սա քաղաքական հայացքների համար գործընթացի հերթական քայլն է, եւ ուղղված է ոչ միայն չորս պատգամավորների նկատմամբ, այլ մեզ՝ յուրաքանչյուրին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրա քաղաքական համոզմունքների, մեծամասնությա՞ն, թե՞ փոքրամասնության պատկանելիությունից։

Ամեն մեկը թող մի հատ սեփական խղճի, հոգու հայելու մեջ մտածի սեփական սխալների մասին, զենք ունի-չունի, այլ սխալ գործել է, վերջը՝ խոսենք ընտրությունների մասին, բայց քաղաքական հայացքների համար, քաղաքական արտահայտությունների համար, քաղաքացիական դիրքորոշման համար բերել եւ մեր մասնակցությունը, մեր մեղսակցությունը խնդրել այս հարցով, իմ համեստ կարծիքով, անընդունելի է։

Այո՛, օրենքը պետք է կիրառվի բոլորին եւ բոլորին համահավասար, թե՛ մինչընտրական շրջանին, թե՛ ընտրության օրը կատարված օրինախախտումների, եւ թե՛ հետընտրական շրջանի յուրաքանչյուր իրավախախտման եւ հանցագործության նկատմամբ, բայց ո՛չ երբեք քաղաքական հայացքների, տեսակետների եւ քաղաքացիական իրավունքների իրականացման համար։

Արմեն Մարտիրոսյանը, որն այսօր ապաքինվում է հիվանդանոցում, եւ դուք գիտեք՝ ի՞նչ պայմաններում է ինքը  վերք ստացել։ Շնորհակալության համար նա դա չարեց, այլ որպես քաղաքացի, որպես այս բարձր մարմնի հպարտ պատգամավոր։ Նա միանում է «Ժառանգություն» խմբակցության մնացյալ վեց պատգամավորներին՝ իր եւ մեր համոզիչ եւ ընդհանուր ոճով, այն ոճով, որը ոչ թե պաշտպանում է մեր չորս համաքաղաքացիների եւ պատգամավորների իրավունքը, ազատությունը, բայց որն ուղղված է յուրաքանչյուրիս։

Մենք կանգնելու ենք ցանկացած պատգամավորի կողքը եւ ո՛չ ասելու ենք ցանկացած նման միջնորդագրի, ձեր յուրաքանչյուրի ուղղված, եթե դա ունի քաղաքական դրդապատճառ, եւ եթե դա արգասիք է ոչ թե քարեր հավաքելու անհրաժեշտ համահայկական հրամայականի, այլ դա բերում է մեր անդունդի, մեր վիհի... 3 րոպե, խնդրեմ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- 3 րոպե ավելացրեք։

Ր.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

- Հետագա խորացման, մենք կանգնում ենք օրենքի հավասար կիրառման, իրավունքների լիարժեք ապահովման եւ մեր չորս, ինչպես նաեւ՝ մեր բոլոր գործընկերների կողքին։

Այսօրվա քվեարկությունը փակ է, գաղտնի է եւ իրապես մեր հավաքական խղճի հերթական արտահայտությունն է ունենալու։ Սա մեր իրավունքների, մեր ազատության, մեր արժանապատվության եւ մեր երկրի ապագայի քվեարկությունն է լինելու։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Անահիտ Բախշյան։ Համեցեք։

Ա.ԲԱԽՇՅԱՆ

- Այս վճռական, դժվար, ողբերգական իրադարձություններով լի օրը, ես իմ խոսքը կազմել եմ ոչ միայն Ազգային ժողովի պատգամավոր, այլեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մարդ, որը կորցրել է իր ամենասիրելի մեկին այս դահլիճում, եւ որը հետեւանք է եղել էլի ինչ-որ անգործունեության՝ թելադրված պետական մարմինների կողմից։

Այդ միջնորդագրի մեջ գրված է նախադասություն, որը ոչ թե հիմք է տալիս միջնորդելու պատգամավորին, քաղաքացուն անձեռնմխելիությունից զրկելու, այլ սա՝ այս նախադասությունը ժողովրդավար պետության մեջ քաղաքացիների քաղաքական դիրքորոշումը եւ անհամաձայնությունը հայտնելու գործողությունների շարք է։ Սա՝ առաջին պարբերության մեջ եմ կարդացել եւ չեմ ուզում կրկնել։

Հետեւաբար՝ միտինգները, որ ծավալվեցին փետրվարի 20-ից 9-10 օր շարունակ Ազատության հրապարակում, որ այնտեղ գտնվող ցանկացած մեկին ոգեւորում էին, ասում էին, որ ազատության շունչ կա այս պետության մեջ, սկսում է մարդը վստահության փոքրիկ հյուլեներ ծնվել մեր պետության, պետականության, Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարության նկատմամբ։ Սկսել էինք հավատալ, որ մեր ժողովուրդը ճորտ չէ, ստրուկ չէ, որ ինքը պատրաստ է իր քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանել, պատրաստ է օրերով, գիշեր-ցերեկ կանգնել՝ հանուն ազատության։ Եվ ոգեւորված այդ մթնոլորտով, ոգեւորված այդ շարժումով կանգնեցինք։

Ես նույնպես եղել եմ, ես նույնպես այնտեղ ելույթ եմ ունեցել,  կոչ եմ արել երկխոսության, կոչ եմ արել հանդարտության, ես կոչ եմ արել բոլոր այն մեր երկրում իրականացվող անօրինականությունների հետեւանքով Ազատության հրապարակում հավաքված մեր քաղաքացիներին՝ համբերել, պինդ կանգնել, ամուր լինել եւ չտրվել ոչ մի սադրանքի։ Այդ խաղաղ ցույցերի մասնակիցներին հակադրեցին, այսինքն՝ նկարագրեցին դա որպես գազազած մարդկանց ոհմակ։

Ես ունեմ էստեղ փաստեր արտասահմանյան տարբեր լրատվամիջոցներից, որը ես հանձնելու եմ պրն դատախազին, այս դեմքերը կասեն՝ ովքե՞ր էին գազազած, եւ այդ գազազած մթնոլորտն ինչի՞ արդյունք էր։ Գիտե՞ք ինչ, այս գազանությունը մի բանի հետեւանք է՝ մեր դեմ խաղ չկա, էդ ո՞նց եք դուք համարձակվել վեր կենալ խոսել ձեր ազատությունից, էդ ո՞նց եք դուք համարձակվել 10 օր շարունակ էնտեղ նստել, էդ ո՞նց եք համարձակվել Մյասնիկյանի արձանի մոտ միտինգ շարունակել, երբ կողքն արդեն կրակում, սպանում էին։

Չգնաց ժողովուրդը, մեր ժողովուրդը կանգնելու է, հավատում է իր ուժին, իր քաղաքացիական կամքի արտահայտմանը եւ որեւէ միջնորդություն, որեւէ ապօրինի գործողություն, որոնք հետեւելու են ես գիտեմ էս միջնորդությանը, չի՛ խանգարելու։ Չի՛ խանգարելու, որպեսզի մեր երկրում, այնուամենայնիվ, Սահմանադրությունը հաղթի, օրենքը գործի, եւ մենք ապրենք այն ազատ երկրում, որի մասին երազում էին հոկտեմբերի 27-ին այստեղ զոհված բոլոր ձեր գործընկերները նախկին, որոնց հիշատակը որեւէ ձեւով չի՛ հարգվում, բացի այն դեպքերից, երբ որ ինչ-որ մեկին պետք է Վազգեն Սարգսյանի անունը։

Ես միանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի ասելիքին եւ ավելացնում, եթե միջնորդությունը չորս պատգամավորի, այդ միջնորդագիրը վերաբերում է չորս պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից, ապա ինձ նույնպես զրկեք այդ անձեռնմխելիությունից, որովհետեւ ես նույնպես այդ միտինգում ելույթ եմ ունեցել, խոսք եմ ասել եւ հավատացել եմ, եւ շարունակու՛մ եմ հավատալ, որ ի վերջո մեր երկրում ազատ քաղաքացին ասելիք ունի, գործ ունի եւ կարող է իր ասելիքը պաշտպանել մինչեւ վերջ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Վարդան Խաչատրյան։

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

- Բարեւ ձեզ, հարգելի հայրենակիցներ, բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, իհարկե, խնդիրը, որի շուրջ այսօր ծավալվում է քննարկումը եւ որի ակոսի մեջ տեղի են ունենում մեր ելույթները, սովորական չեն, եւ խիստ մեծ պատասխանատվություն է իր մեջ կրում՝ ելնելով պահի կարեւորությունից, որի մասին  արդեն մեկ անգամ չէ, երեւի թե, որ խոսել ենք։

Իսկապես, այս ամսի 1-ին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցան լայնածավալ հասարակական հուզումներ, եւ որեւէ մեկը, երեւի թե, չի վիճարկում այս հանգամանքը։ Բայց չգիտես ինչի՞, բոլորը մոռացել են մի աքսիոմատիկ ճշմարտություն՝ լայնածավալ հասարակական հուզումների մեջ մեղավոր է իշխանությունների վարած ոչ ճիշտ քաղաքականությունը։ Կլինեն այդ հուզումները Պակիստանում, կլինեն դրանք Լեհաստանում, կլինեն Գերմանիայում, թե Ֆրանսիայում, որտեղ ամբողջ արվարձաններ կարող են հրո ճարակ դառնալ Փարիզի, իշխանությունները խոստովանում են, որ դա իրենց վարած սխալ  քաղաքականության արդյունքն է, դեռ ավելին՝ նշում են, թե որտե՞ղ սխալվեցին, որի հետեւանքով էլ առաջացավ այդպիսի լայն հասարակական հուզումների ալիք։

Մեզանում, պարզվում է, որ տրամաբանությունը տառացիորեն հակառակն է՝ այսինքն, կան մի քանի դրդողներ, դրդիչ ուժեր, որոնք էլ հանգեցրեցին լայնածավալ հասարակական հուզումների, որը, իհարկե, ընդհանրապես չի էլ կարող լինել երկրիս երեսին։

Մենք այսօր ապրում ենք հատուկ իրավիճակում, իրավիճակ, որը զգալիորեն սահմանափակում է ազատությունները։ Սակայն եւս մեկ անգամ նշեմ, որ այստեղ, երեւի թե, այս ամբիոնից պետք է հնչեցվի՝ այսօր հասարակությունը չկեղեքելու կոչերը, ինչն այսօր տեղի է ունենում մինուս 10-ով։ այսինքն, մենք այսօր նայում ենք հեռուստատեսությունը եւ կամա թե ակամա, տեսնում ենք այդ ճեղքի մեջ խրվող նոր սեպեր։ Չնայած, քաղաքական գործիչները պետք է որ ելույթ չունենան, բայց ելույթ է ունենում Արտաշես Գեղամյանը, ելույթ է ունենում Շավարշ Քոչարյանը, ըստ էության, այդ ամենը տեղավորվում է նախորդ՝ նախորդող փուլի տրասմաբանության մեջ։ Մենք նոր փուլի մեջ ենք, մենք  այսօր առավել քան երբեւէ, կարիքն ունենք հասարակության վերքերն ամոքելու։

Եվ, այնուամենայնիվ, ամենաէլեմենտար, ամենապրիմիտիվ քայլը, որն անզեն աչքով անգամ երեւում էր, որ կարելի էր հայտարարել սգո օր, որովհետեւ զոհվել են մարդիկ, Երեւանի փողոցներում թափվել է մեր հայրենակիցների արյունը, եւ համահասարակական միասնության կարեւորագույն քայլը պետք է որ այստեղ լիներ՝ սգո օր հայտարարելը, որը չարվեց, չնայած մեր որոշակի պնդումների։

Հարգելի դատախազը, իհարկե, այսօր ներկայացրեց իր միջնորդագիրը, բայց իմ մեջ դա խորը հավատի արմատներ չսերմանեց։ Առաջին հերթին՝ որովհետեւ բազմիցս փորձել ենք մուտք գործել այն ոստիկանատները, որտեղ պահվում են ձերբակալվածները եւ՛ 1-ի առավոտյան ժամը 630-ին տեղի ունեցած ակցիայի հետեւանքով, եւ՛ ավելի ուշ։ Որեւէ կերպ չենք կարողացել մուտք գործել, բազմիցս դիմել ենք պրն դատախազին եւ այնուամենայնիվ, որեւէ փոփոխություն այս առումով չենք տեսնում։ Օրենքի խախտումը բացահայտ է եւ ակնհայտ, համենայն դեպս, պաշտոնական դիրքի չարաշահման տեսակետից, ամեն օր։ Երբ որ մենք երեկ գնացինք մորգ, մորգի աշխատակիցներն ուղղակի փախան, որպեսզի չտրամադրեն տեղեկատվություն։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անձամբ ներկա լինելով այդ հասարակական հուզումների ժամանակ չեմ պատկերացնում որեւէ մեկին, որը կարողանար ղեկավարել հուզված բազմությանը, դա անկառավարելի բազմություն էր, ինչը պարզորոշ կարելի է տեսնել, եթե կան տեսանկարահանումներ, թե ինչպե՞ս մարդիկ ելույթ են ունենում, նրանց մի մասը կռվում են, մի մասը՝ զբաղված են փոխադարձ միմյանց մեջ խոսելով եւ այլն, եւ այլն։ Բոլորը գերհուզված են, որովհետեւ այդպիսի էքսկալացիա է տեղի ունեցել նախորդող ողջ ժամանակաշրջանի եւ ընթացքի արդյունքում։

Իհարկե, ես շատ զարմացած եմ, որ այստեղ հայտարարվեց, որ մատնահետքերն ընդհանրապես, որն իմ ոչ շատ խորը գիտելիքների շրջանակում, այնուամենայնիվ, 13-րդ դարից սկսած  կարեւորագույն, ամենակարեւոր՝ փաստորեն, ապացույցներից մեկն է, որ նրա ուսումնասիրության, նրա ֆիքսման հարցում մենք դեռեւս գտնվում ենք էն մակարդակի վրա, որ դրա կարեւորությունն էական չէ։

Եվ վերջապես՝ ամենակարեւորը, որ մենք մի քանի անգամ տվեցինք միեւնույն հարցը մեր հարգելի պրն դատախազին, թե ո՞վ է հրամայել առավոտյան միջոցառման իրականացումը, ու՞մ հրամանով է, ու՞մ որոշմամբ է իրականացվել դա, եւ այնուամենայնիվ, չլսեցինք պատասխանը։

Եվ մի հանգամանք եւս՝  մենք այսօր պետք է քվեարկենք եւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկենք... եթե կարելի է, 1 րոպե ընդամենը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- 2 րոպե ավելացրեք։

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

- Զրկենք կամ չզրկենք մեր ընկերներին։ Հարգելի գործընկերներ, երեւի թե, կարեւորագույն բաներից մեկը, որին կոչված է այս իշխանության հատվածը, նրա օրգանը մեր հասարակության մեջ, դա այն է, որ այստեղ պետք է բախվեն գաղափարներ, տեսակետներ, եւ տա Աստված, որ մենք վիճենք մինչեւ ձայնի խռպոտելը, բայց արյան ոչ մի կաթիլ չթափվի հասարակության մեջ։ Եվ երեւի թե, հասարակության վերքերն ամոքելու, նրան սպեղանի լինելու համար ճիշտ կլիներ, որ մենք եւս մեր վերաբերմունքը դրսեւորեինք ուղղակի կիրառական քայլով։

Իսկ մեր ընկերների հարցում պարզ պատկերացնենք, որ գործում է հռոմեական կարգը, որն ասում էր՝ վառվում է հարեւան Ուկալոգենի տունը, այսինքն, եթե մենք, ուղղակի, սպասում ենք, թե հրո ճարակ ե՞րբ պետք է դառնա այդ տունը, վաղ թե ուշ հրդեհը կտարածվի նաեւ հարեւան տները եւ կհասնի, երեւի թե, նաեւ՝ մեզ։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյան։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

- Հարգելի գործընկերներ, այսօր արդեն մենք երրորդ անգամն ենք հավաքվում արտահերթ նիստ գումարելով, մեկը՝ հատուկ է եւ այս երկուսը՝ արտահերթ են, եւ պատճառն ընտրությունների հետեւանքներն են։ Ընտրություններ, որոնք վստահություն չներշնչեցին մեր մի մեծ լայն զանգված հասարակության մոտ, որը պատրաստ էր դուրս գալ փողոց եւ պաշտպանել իր սահմանադրական իրավունքը։

Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում մենք արդեն ունեինք քաղաքական հայացքների համար բանտարկված անձինք, եւ երբ հիշում եք, երեւի, այստեղ ես պրն վարչապետին հարց էի հղում, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը, Արման Բաբաջանյանն ուղղակի գտնվում են ձեր իրավասության ներքո տիրույթներում եւ ենթարկվում են, ապօրինի կալանքի տակ են գտնվում, պետք է նրանց անհապաղ ազատել, պրն վարչապետը պատասխանեց, որ նա անկարող է եւ այդ հիմնարկների հետ ինքն ընդհանրապես կապ չունի։ Կարծում եմ, այս տրամաբանական շարունակությունն այսօր տեղափոխվել է այստեղ, եւ մեր այլ գործընկերների՝ պատգամավորներին է այսօր սպառնում այդ քաղաքական հետապնդումը։

Եվ տեսեք, այս նիստը հրավիրվել է Նախագահի հրամանով, եւ մի պահ է եկել այսօր, որ մենք պետք  է բոլորս դուրս գանք այս վիճակից։ Եվ նույնիսկ «Ազատության» հրապարակում հնչում էին, որ՝ այո, մենք կգնանք իշխանությունների հետ բանակցության, եթե, պայման էր թելադրվում՝ եթե ազատվեն քաղբանտարկյալները։ Եկեք այսօր հենց, գոնե, այս պահին դադարեցնենք մի պահ եւ գնանք երկխոսության, շատ լավ պահ է, որ մենք կարող ենք դադարեցնել, գոնե, այս առումով այս չորս պատգամավորները, որոնք որ նույնպես պետք է քաղաքական հայացքների համար հետապնդվեն։ Կարող ենք դադարեցնել եւ ինչ-որ չափով նաեւ գնալ երկխոսության։ Մենք սա պետք է այսօր անենք, կարծում եմ, ոչ թե քննարկենք՝ այլ իրավական գնահատականներ տանք տվյալ միջնորդագրին, որովհետեւ միջնորդագիրն իրավական տեսանկյունից, կարծում եմ, բացարձակ անհիմն է։

Եվ այս պահին մենք եկեք մեր քաղաքական որոշումը կայացնենք որպես քաղաքական ինստիտուտ եւ եկեք դադարեցնենք, միգուցե, կարող է օգնել եւ դուրս գանք, բոլորիս է սա վերաբերում, ոչ թե սա հետագայում մենք, արդեն ունենք, եթե Սահմանադրական դատարանը չբավարարի այդ հայցը, մենք ունենալու ենք Նախագահ, եթե ունենալու ենք Նախագահ պրն Սերժ Սարգսյանին, միեւնույնն է՝ պատասխանատվությունը կրում են իշխանությունները։ Եվ այդ Նախագահն ինչպե՞ս պետք է ապագայում նաեւ պաշտոնավարի։ Սա կարող է լինել շատ լավ հանգամանք, որ մենք գնանք երկխոսության։

Ուղղակի, ես ձեզ բոլորիդ հորդորում, խնդրում, չգիտեմ, էլ ինչպե՞ս բացատրեմ, որ մենք այո, չպետք է տանք հավանություն այս միջնորդագրին, պետք է դեմ արտահայտվենք այս միջնորդագրին։ Բացի այդ, ես ինքս էլ եմ մասնակից եղել հանրահավաքներին եւ երթերին։ Ես ինքս այդ օրը գտնվել եմ այդ, մի կողմից ոստիկանությունն էր, մի կողմից՝ մեր ժողովուրդն էր։ Այո, հուզված ժողովուրդն էր, այո, այդ պատասխանատվությունը կրում է այսօր իշխանությունը։

Մենք մի օր հարց չենք տալիս՝ էդ ինչպե՞ս եղավ, որ այդքան հոծ բազմություն հավաքվեց Ազատության հրապարակում, եւ՛ կանայք, եւ՛ երեխաներ հավաքվեցին եւ արտահայտեցին իրենց դիրքորոշումը։ Ուրեմն, ունենք մենք խնդիր եւ այդ խնդրին մենք պետք է լուծում տանք։ Եվ եթե իրապես մեր գործընկերներն այնտեղ իրականում հանդարտության եւ կանխման կոչեր եմ միայն ես իրենցից լսել, նույնն արել եմ ես, եթե այդպես է, ապա իմ աենձեռնմխելիությունը եւ նմանատիպ մեղադրանքով, միջնորդագրով, հարգելի պրն Հովսեփյան, կարող եք նաեւ դիմել այստեղ եւ իմ նկատմամբ միջնորդություն ներկայացնել։ Այսքանը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Ստյոպա Սաֆարյան։

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

- Բարեւ ձեզ, հարգելի հայրենակիցներ, «Ժառանգություն» խմբակցությունն արդեն իսկ խստագույնս դատապարտել է մարտի 1-ի վաղ առավոտյան Երեւանի «Ազատության» հրապարակում, ապա նույն օրն ու լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ու անթույլատրելի ծայրահեղ ուժի գործադրումը։

Փաստացի, վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ զանգվածային բռնությունների կիրառումը հանգեցրեց նոր՝ է՛լ ավելի լայնածավալ բռնությունների եւ զոհերի։ Նույն օրը, երեկոյան գործող Նախագահի կողմից Երեւան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն՝ դեմ գնալով Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին եւ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի, այդ թվում՝ 15-րդ հոդվածի պահանջներին։

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերն Ազգային ժողովում գումարված հատուկ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը, դրանում ամրագրված իրավիճակն է՛լ ավելի շիկացնող միջոցառումները, մասնավորապես քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, քաղաքական ու քաղաքացիական բազում իրավունքների եւ ազատությունների նկատմամբ դրված արգելքը որակեցին ծայրահեղ եւ լարվածությունն է՛լ ավելի մեծացնող քայլ։

Մեր խմբակցության պատգամավորները կարեւորեցին իրավիճակի հանգուցալուծման քաղաքական քայլերի նախաձեռնումը՝ արյունահեղության ու բռնությունների վերջ դնելը, հիշյալ օրերի բոլոր ժամանակահատվածներում կատարված հանցագործությունների բացահայտումն ու մեղավորներին պատժելը։

Սակայն այսօր գումարված արտահերթ նիստում լսելով Հայաստանի Հանրապետության դատախազի միջնորդությունը մեր չորս գործընկերներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, վկայում է, որ մենք, իմ կարծիքով, մինչեւ վերջ չենք գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը, եւ իշխանության այս իրադրությունն ապակայունացնող հերթական քայլի հնարավոր հետեւանքները։

Մենք արձանագրում ենք, որ մարդկանց նկատմամբ իրականացվող նախաքննությունը քաղաքական հաշվեհարդար է, ներողություն, որ այդ մարդկանց նկատմամբ իրականացվող նախաքննությունը քաղաքական հաշվեհարդար է, որից ձեռնպահ մնալու կոչով հանդես է եկել, ի թիվս այլոց՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը։

Այս երկու օրերի ընթացքում զբաղված լինելով մեր չորս գործընկերների եւ բազում այլ ձերբակալվածների փնտրտուքով, եւ բազմիցս բախվելով մեր պատգամավորներիս կողմից նրանց գտնվելու վայրը պարզելու, ու նրանց հետ տեսակցություն ունենալու խափանող փաստերին ու պաշտոնյաներին, մենք հավաստում ենք, որ նրանց նկատմամբ իրականացվող նախաքննությունն անկողմնակալ, անաչառ չէ եւ դուրս է օրենքից։ Դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ նշված անձանցից շատերի  փաստաբաններին արգելվել է տեսակցել իրենց պաշտպանյալի հետ։ Իսկ մեր գործընկերների ու բազում այլ ձերբակալվածների ֆիզիկական ու առողջական վիճակը, իսկապես, մտահոգիչ է, քանի որ նրանցից ոմանք ենթարկվել են բռնությունների։

Մեր չորս գործընկերներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելն ու նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելը գնահատում ենք իբրեւ մեր երկրին, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը մարտահրավեր նետելու հերթական չմտածված քայլ։

Մենք կոչ ենք անում Ազգային ժողովի մեր բոլոր գործընկերներին՝ չխորացնել վրդովված հայ ժողովրդի եւ իշխանության միջեւ անջրպետը եւ դեմ կանգնել այս միջնորդությանը, այլապես, դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Անթույլատրելի է, որ մենք լինելով ՀՀ իշխանության օրենսդիր օղակը, դուրս դնենք մեր երկիրն ու մեզ միջազգային իրավունքի եւ պարտավորությունների շրջանակներից։ Անթույլատրելի է իշխանության որոշ շրջանակների կողմից այս իրավիճակում ամեն գնով հաղթող դառնալու մոլուցքը։

Մենք հորդորում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ գիտակցելու իր այս միջնորդության վտանգավորությունը եւ կոչ ենք անում ետ վերցնել այն։ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության բավարարումը բերելու է բումերանգի էֆեկտի, եւ այստեղ գտնվող պատգամավորներիցս որեւէ մեկը չի կարողանալու պաշտպանել իրեն այդ բումերանգի հետադարձ հարվածից, քանի որ քաղաքացիական համբերության բաժակը լցվում է։

Հարգելի գործընկերներ, մեր պետության համար այս բախտորոշ պահին սրտով, մտքով, խղճով խնդրում ենք ձեզ՝ մասնակիցը չդառնալ մեր ժողովրդի վերջնական վիհի անդառնալի խորացմանը։ Իսկ այժմ կցանկանայի, պարզապես, մի քանի խոսք ասել բերված միջնորդության մասին։

Հարգելի պրն դատախազ, մեր բոլոր տված հարցադրումներից ամենեւին, հարցադրումներն ամենեւին պատահական չէին։ Եվ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, այդ միջնորդության մեջ պատճառահետեւանքային կապերը վերականգնված չեն։ Ես ձեր միջնորդության մեջ չտեսա այն էպիզոդը, թե ինչպե՞ս, օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, խաղաղ ցուցարարների մեջ ներդրված հատուկ սադրիչների, սա Արմեն Մարտիրոսյանի վկայությունն է, կողմից ենթարկվեց դանակահարության, ով պաշտպանում էր ոստիկանության աշխատակցին։ Ես չտեսա, իսկապես, ավտովթարի դրվագը, որը, ըստ էության, ավելի զայրացրեց եւ կատաղեցրեց ամբոխին։ Ես չտեսա այն հատվածը, երբ ես եւ իմ գործընկեր բոլոր պատգամավորները՝ Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Վարդան Խաչատրյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Սուքիասյանի հետ միասին, Մյասնիկ Մալխասյանի հետ միասին կոչ էին անում ժողովրդին հանդարտության։ Ես չտեսա այն էպիզոդը, որ ես հազարավոր մարդկանց հանգստացնում էի, որ վրաերթի ենթարկված երկու քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Ես չտեսա այն հատվածը, որ իսկապես, մեր բոլոր գործընկերների կողմից մենք փորձել ենք հանդարտացնել զանգվածին։

Ձեր բերված միջնորդությունում, ավաղ, փաստերը լիարժեք չեն, նկարագրությունն իրավիճակի լիարժեք չէ եւ բնականաբար, ես ուզում եմ նշել հետեւյալի մասին՝ եթե Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը եւ մենք՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներս ցանկանայինք ապակայունացնել իրավիճակը, ապա հավատացնում եմ ձեզ՝ վաղ առավոտյան Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում հավաքված ամբոխի էներգետիկան շատ ավելի հարմար էր վայրագությունները 1 րոպե առաջ սկսելու համար։

Ես ձեր միջնորդության մեջ չտեսա այն էպիզոդը, թե ինչպե՞ս ես եւ Անահիտ Բախշյանը VivaCell-ի գրասենյակի մոտից հետ էինք բերում այն խաղաղ ցուցարարներին, ում վրա շպրտվում էին վերեւից տարբեր տեսակի առարկաներ։ Մենք շատ կցանկանայինք, որպեսզի այսօր այս դահլիճում ձեր կողմից ներկայացված միջնորդության մեջ լինեին փաստերը լիարժեք։ Եվ եթե դուք, իսկապես, կարծում եք, որ մեր հարգարժան գործընկերները՝  Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ Հակոբ Հակոբյանը, որոնց կենսագրության առջեւ ես, իսկապես, խոնարհվում եմ, եթե կարծում եք, որ նրանք, ուրեմն, իրենց վարքագծով նպաստել են ապակայունացմանն ու անկարգություններին, ապա ես եւս միանում եմ «Ժառանգություն» խմբակցության իմ գործընկերներին եւ հորդորում ձեզ՝ հանդես գալ միջնորդությամբ նաեւ մեզ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Շնորհակալություն։

Իսկ իմ գործընկերներից ես, իսկապես, ակնկալում եմ քվեարկություն խղճի մտոք։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հերթագրվածների մեջ վերջին ելույթը՝ Լարիսա Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Նախեւառաջ, ես կցանկանայի միանալ պրն գլխավոր դատախի սկզբից արտահայտած այն ցավակցությանը, եւ հետագայում Վարդան Խաչատրյանի կողմից արդեն հնչեցված, կարծես թե, առաջարկությանը։

Պրն ԱԺ նախագահ, ես առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։ Այդ րոպեն թող գնա իմ ժամանակից։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ներողություն, նախ մենք դա արել ենք, ես ուզում եմ, որ դիտողություն չանեք, բայց մենք պատրաստ ենք եւս մեկ անգամ հարգել զոհվածների հիշատակը։  Այնպես որ, եթե դուք չգիտեք, խնդրում եմ նման բան չանեք։

 /ԴԱՀԼԻՃՈՒՄ 1 ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅՈՒՆ/

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախագահ, շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Ես չեմ ուզում կրկնել, այստեղ արդեն բավականին բնութագրեցին թե՛ այն փաստաթուղթը, որը բերել է գլխավոր դատախազը, թե՛ այն հանգամանքները,  որոնք որ դուրս են մնացել այդ փաստաթղթից։ Ես, նախեւառաջ, կմիանամ այն կոչին, պրն գլխավոր դատախազին, որ ես էլ եմ պատրաստ լինել այդ ցուցակի մեջ, որը որ զրկում է այդ  անձեռնմխելիության այդ մի երաշխիքից, որովհետեւ ես, չլինելով, ընդհանուր առմամբ, այդ միտինգների մասնակից, հենց ամսի 1-ին, առավոտվա բռնություններից հետո, որոնք ես մինչ այսօր, այս պահը համարում եմ սադրիչ գործողություններ, եւ չեմ ստացել համապատասխան բացատրություն, որ նրանք այդպիսի բնույթ չունեին։ Ես դրանից հետո էր, որ  գնացել եմ այդտեղ, որտեղ ժողովուրդն է, իմ համեստ ուժերի չափով հանգստացնելու եւ հորդորելու, չսկսել ավելի վատ բան։

Ես կցանկանայի միայն մի բան, որը բացակայում է այս նյութի մեջ, դա սադրիչների առկայությունն է։ Հստակ բոլորս, ովքեր եղել ենք այնտեղ, կարող ենք ուղղակի ասել, թե ինչպես հեշտ էր տարբերակել այդ սադրիչներին, անգամ ամենաջղագրգիռ վիճակում գտնվող, պարզապես, շարքային միտինգավորից։ Որեւէ մի.... չի ձեռնարկվել մի որեւէ քայլ, տեղում վնասազերծել այդ սադրիչներին, հակառակը, փաստորեն, այդպիսի գործողություններն իրենց վրա վերցրել են, այո՛, իմ կողմից, դեռ 88-ից ճանաչված Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Սասուն Միքայելյան, եւ հետագայում Խաչատուր Սուքիասյան։ Փորձ էր արվում, առնվազն, այդ 3-ին ես այդտեղ տեսել եմ,  2-ին, որ շատ անգամ։  Ես՝ ինքս, հորդորել եմ, որ եթե մենք այդպես շարունակենք, մենք անպայման սրացում կստանանք, եւ բազմապիսի ձեւով հորդորում էի, որ մի մտածեք, հիմա կգան ու կմիանան ձեզ, եւ մնացած այն անձինք, եթե ոչ պատգամավորներ, ապա հենց իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, որոնք որ, կրկնում եմ, ակներեւ երեւացող սադրիչներին կվնասազերծեն։ Դա տեղի չունեցավ։ Հակառակը՝ առավոտվա այդ գործողությունները, որ մինչ այս պահը չունեն բացատրություն, որովհետեւ անգամ ամենակոշտ դրվագում կան պահանջներ, որով պետք է համապատասխանեցնի կառավարությունն իր գործողությունները։

Ես թույլ կտամ ինձ մի մեջբերում անել այսպիսի մի,  եվրոպական դատարանի գործից, որը կոչվում է՝ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորությանը, որտեղ  հստակ ընդգծվում է հետեւյալը, որ կառավարությունը  չի կարող հղում կատարի արտակարգ իրավիճակի իրողության վրա, նրա համար, որ հիմնի ցանկացած,  ցանկացած միջոցի, որը որ կարող է, եւ ինքը որոշել է իրականացնի, այլ ինքը պարտավոր է...  կարելի՞ է ես ռուսերեն  կարդամ,  «դոլժնո ուստանովիտ կոնկրետնույու սվյազ մեժդու էտոյ մեռոյ ի սիտուացիի տրեբույուշչեգո կոնտրոլյա»։ Այսինքն՝ հենց այն, որ օրենքը թույլ է տալիս  իրավապահ մարմիններին, բռնությամբ եւս հանդես գա, պահանջում է շատ ավելի մանրակրկիտ հիմնավորում։ Ավելին, գրված է՝ «Պետք է, որ անպայման որոշվի, ինչքանո՞վ, որքանո՞վ վճռական պետք է լինեն կառավարության գործողությունները տվյալ, կոնկրոտ վիճակում»։

Ես հիշեցնեմ, որ այդ գործը վերաբերում էր այդպիսի մի իրավիճակի, երբ որ Իռլանդիան ուներ ո՛չ օրենքով նախատեսված զորք, գրվում է, տեռորիստական մի ահավոր շարք էր լինում, եւ նոր Իռլանդիայում հայտարարվել է արտակարգ վիճակ։ Այսինքն՝ ես բոլոր դեպքերում պնդում եմ, որ այսպիսի իրավիճակ հայտարարելը մնում է մեծ հարցականի տակ, արդյոք, դա  համապատասխանու՞մ էր, եւ համաչա՞փ էր, թե՝ տարածքային առումով կոնֆլիկտի, բախման մեջ մտած մարդկային խմբերի, եւ թե՛ խորության։ Արդյոք, այդ իրավիճակն իրապես վտանգու՞մ էր ազգի բնականոն կյանքին։ Բայց, ավելին, ինձ համար զարմանալի է, որ այս իրավիճակում մենք գտել ենք վերջապես այն մեղավորներին, որոնք որ մենք հիմա,  ազատազրկման միջոցով մենք կխաղաղացնենք երկրում իրավիճակը։  Թույլ տվեք չհամաձայնվել դրա հետ։

Այն, որ Սասուն Միքայելյանը եւ Խաչատուր Սուքիասյանը հիմա տեղում չեն, տանը չեն, դա հետեւանք է նրան, որ, ես՝ որպես պատգամավոր, Զարուհի Փոստանջյանը, Վարդան Խաչատրյանը 3 օր շարունակ, սկսած Կենտրոնի ոստիկանության բաժնից, վերջացրած պրն Մահտեսյանով, մենք չենք կարողացել ստանալ պարզ տվյալներ, թե ինչ է կատարվում, ով է սպանվել, քանի հոգի է ձերբակալվել, որտեղ են գտնվում այդ մարդիկ։ Ընդ որում, մենք պրն Մահտեսյանին դիմելով, Արմեն Մարտիրոսյանի հետ, պարզապես ասել ենք, որ չտարածվի այդ խուճապը, մենք գնալու ենք, ուղղակի, պարզություն ենք մտցնելու այս իրավիճակի մեջ։ Շատ է, վատ է, ինչ-որ մի խմբի վրա մենք ազդեցություն ունենք դրական... խնդրում եմ 3 րոպե։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-3 րոպե։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Եվ դրանով ես ուզում եմ ապացուցել, որ այսօր, փաստորեն, գալիս ենք եւ մեղադրանքով ենք հանդես գալի այն անձանց նկատմամբ, որոնք փորձել են մեղմացնեն այդ իրավիճակը։ Իսկ ես միանում եմ նախկինում այստեղ հնչած հարցին՝ իսկ դուք որտե՞ղ էիք այդ ժամանակ, ինչու՞ չեք գնացել ու խաղաղացրել։ Այս հարցն այստեղից հնչել է։ Եվ այսօր պարզ է արդեն, թե ով է գնացել եւ փորձել խաղաղացնել։ Ես մնում եմ այդ կարծիքին, որ եթե  մենք լինեինք այնտեղ ավելի շատ թվով, մենք կարող էինք շատ բան խաղաղացնել, որովհետեւ ինչ էլ որ լինի, մենք պետք է հասկանանանք, որ, այո՛, մենք կիսում ենք այսօր պատասխանատվությունը, եւ ոչ միայն մենք սգում ենք բոլորս միասին, այլ մենք կրում ենք պատասխանատվություն նաեւ ապագա զարգացման համար։

Իմ խորին համոզմամբ, այսպիսի գործողություններով մենք միայն տանում ենք դեպի սրացում, այսպիսի միջամտությունը չի տանում մեզ դեպի քաղաքացիական  երկխոսություն եւ քաղաքացիական խաղաղություն։ Ես համոզմունք ունեմ, որ եթե տվյալ դեպքում այս միջամտությունը չաշխատի Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հանդեպ, ես համոզված եմ, որ այդ անձինք տեսնելով, որ Հայաստանում վերջապես գործում է օրենքը, այլ ոչ թե կամայականությունը, իրենք՝ բոլորը, իրենց արյունով պաշտպանած երկրում կմնան ու կսպասեն իրավունքի իրականացմանը։

Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր այսօր  խղճի մտոք պետք է քվեարկեն, տա՞լ համաձայնություն, թե՞ չտալ, չտալ համաձայնություն, համոզված լինելով, որ մեր 20 տարվա, առնվազն, ճանաչված գործընկերները բոլորովին միտված չէին այս երկրի խաղաղությունը կամ բարեկեցությունը խախանդել։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Արտահերթ ելույթի համար ձայնը տրվում է ԱԺ նախագահին։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մինչ այսօրվա քննարկվող հարցին անդրադառնալը, ես ուզում եմ կոչ անել մեր գործընկերներին՝ զգույշ լինել եւ զուսպ լինել, կորածների, մահացածների վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններ չանել։ Եթե կան հայտարարություններ կորածների վերաբերյալ, ապա պետք է, անպայման, դրանք ուղղվեն համապատասխան պետական մարմիններին, որպեսզի պարզվի, թե ովքեր են կորել, փորձել բացահայտել եւ ճշգրիտ պատասխաններ տալ։ Պատգամավորներն ունեն մեծ պատասխանատվություն, լիովին համաձայն եմ, բայց պատգամավորները չէ, որ պետք է զբաղվեն այդ հարցերով։ Նրանք կարող են աջակցել, օգնել, փորձել պարզել, իհարկե, միանշանակորեն, բայց շատ կարեւոր է տեղեկությունները ներկայացնել համապատասխան մարմիններին, ճշտումներ անել եւ դրանից հետո հայտարարություններ անել։  1-ին քայլը, որ այսօր պետք է արվի, դա զուսպ վերաբերմունքն է տեղի ունեցածին, ինչքան էլ ցավը խորն է, իսկապես, եւ անդարմանելի։  Տսկապես, այդպես է, որովհետեւ  տեղի ունեցավ մի երեւույթ, որը բացառիկ է մեր ամբողջ նորանկախ երկրի պատմության մեջ, ցավալի երեւույթ, դաժան երեւույթ ու դատապարտելի երեւույթ։

Եվս մի քանի, այստեղից հնչած հայտարարությունների մասին։ Ես չեմ ուզում գնահատական տալ այդ հայտարարություններին, ուղղակի, ուզում եմ հուսալ, որ դա, ուղղակի, սայթաքում է, երբ հայտարարվում է, որ կարեւոր է, թե երբ է զոհվել ոստիկանության գնդապետը, քաղաքացիական անձանցից հետո՞, թե՞ առաջ։ մարդը զոհվել է եւ զոհվել է, որ ավելի մեծ թվով մարդիկ չզոհվեն։  Մի՞թե ճիշտ եւ արդարացի է նման հարցադրումներ ներկայացնելը։ Մեր գործընկերող կատարած քայլի մասին այստեղ խոսվել է։ Երբ մենք այստեղ հատուկ նիստ էինք գումարել, տեղեկություններ չունեինք զոհված մարդկանց մասին։ Դժբախտաբար, իսկապես, ողբերգությունը շատ ավելի խորն էր, քան, անգամ հատուկ նիստ գումարելու ժամանակ հնարավոր էր պատկերացնել։

Ես համարում եմ ակնհայտ շահարկում, երբ այստեղից ասվում է, որ անհամապատասխան էր եւ իրավաչափ չէր Հանրապետության  Նախագահի հատուկ դրություն մտցնելու վերաբերյալ հրամանագիրը, ի՞նչ պետք է լիներ այլեւս, բացի նրանից, ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ զոհվեցին, 8 մարդ, 8 հայ մարդ զոեւհվեց Հայաստանի մայրաքաղաքում։  Վանդալիզմ տեղի ունեցավ, մի բան, որ այս քաղաքում տեղի չէր ունեցել, ջարդարարություն տեղի ունեցավ, որ այս քաղաքում տեղի չէր ունեցել։

Ես անցած անգամ եւս  ասացի, կար  այդ հրամանագիրը, բայց մեծ հույս կար, որ բանը նման իրավիճակների ու նման գործողությունների չի հասնի, ու փորձ էր արվում, ինչքան հնարավոր է, հետաձգել պահը։ Բայց մարդկանց զոհվելուց հետո, այդ ջարդարարությունից հետո՞ էլ, մի՞թե չպետք է մտցվեր  այդ հատուկ դրությունը։ Գիտեք, ազատություն, ժողովրդավարություն, քաղաքացիական պարտք եւ այլն, գեղեցիկ խոսքեր են, բայց անկեղծ ասեմ,   այսօր, երբ դրանք այլ հարթությունում եւ այլ ենթատեքստով են հնչեցվում, բոլորովին  այլ տպավորություն է ստեղծվում, որ այստեղ ոչ մի կապ չունի ո՛չ ազատությունը, ո՛չ ժողովրդավարությունը։ Համատեղելի՞ է ազատության ու ժողովրդավարության հետ, երբ մարդիկ են զոհվում, երբ ջարդարարություն է տեղի ունենում ակնհայտորեն, բոլորի աչքի առաջ։ Սա՞ է ժողովրդավարությունն ու ազատությունը։

Ցավոք սրտի, մեղմ ասած, կա նաեւ շփոթմունք, մարդիկ ավելի շատ խոսում էին, թե ինչ է տեղի ունեցել, անգամ հայտարարվում էր, որ ահա, ես էլ այս եմ արել,  մյուսն էլ այն է արել, ինչու՞ դրա մասին այստեղ չկա։  Մենք այսօր այդ ողբերգական ժամերի գնահատականը չենք տալիս, այսօր բոլորովին  այլ հարց է ներկայացված, եւ հարցի շեղումը, կարծում եմ, բոլորովին  էլ արդարացված չէ, հարգելի գործընկերներ, եւ ոչ էլ այստեղ մրցակցություն, թե ինչի մասին ասվեց, ինչի մասին չասվեց։ Այստեղ գնահատական չի տրվում, այս քննարկման ժամանակ այն երեւույթին, որը տեղի ունեցավ։  Դա տրվում էր, երբ մենք հատուկ նիստ էինք անում, երբ մենք արտահերթ նիստ էինք անում։ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ որեւէ մեկը՝ ներկա 91 պատգամավորներից, ընդ որում, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասին է խոսքը, բոլորն  անխտիր, որեւէ մեկը ԱԺ որոշման նախագիծ չներկայածրեց, մերժելու համար Հանրապետության Նախագահի մտցրած արտակարգ դրության այդ հաստատումը։ Չներկայացվեց, եւ սա է իրականությունը։ Եվ այսօր ուրիշ բաներ ասել, կներեք, այսօրվան դա հարիր չէ, գոնե այսօրվան հարիր չէ։ Եկե՛ք, գոնե այսօր, գոնե մոտակա ժամանակաշրջանում անենք քայլեր, որոնք դուրս են սովորական, քաղաքական, կոպիտ բառ չեմ ուզում ասել, մոլորություններից։

Այսօր քննարկվում է մեկ հարց, ընդամենը, քննարկվում է, թե մենք  ինչպիսի դիրքորոշում պետք է ունենանք դլխավոր դատախազի միջնորդությանը։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ ես ամեն ինչ կտայի, որ նման չլիներ այս դահլիճում, ոչ միայն այն պատճառով, որ 4 մարդկանց հետ, 4 պատգամավորների հետ ես այս դահլիճում աշխատել եմ 9 տարի, դեռ չեմ ասում այն մնացած մեր հարաբերությունները, որ եղել են այս դահլիճից դուրս։ Սակայն մեկ բան կա, որը մենք  չենք կարող չտեսնել, դա այն է, ինչ տեղի է ունեցել։ Դա ողբերգություն է, դա այն ցավն է, որ այսօր կա։ Ավելին, դա այն ամոթն է, որ այսօր կա, ամոթ, որը վերացնելու համար շատ ժամանակ է պետք լինելու, ամոթ, որ մեր երկրում  նման բան է տեղի ունեցել, մի բան, որը բացարձակապես որեւէ կապ չունի ո՛չ ընտրության, ո՛չ էլ քաղաքական գործընթացների հետ։ Ընտրություններ եղել են, կան եւ կլինեն, ի՞նչ կապ ունի վայրագությունը, ի՞նչ կապ ունի մարդկանց զոհվելն ընտրության հետ։ Մի՞թե սեփական կարծիքի, ազատության ու իրավունքների համար նման ձեւով են պայքարում։ Չկա, չի եղել մարդկության պատմության մեջ նման ձեւերով պայքար, այդ արժեքների համար, ճիշտ հակառակը, նրանց, ում համար թանկ են այդ արժեքները, նրանք երբեք նման ձեւեր չեն ընդունում, երբեք նման քայլեր չեն անում։

Եկե՛ք,  շիտակ խոսենք, տեղի է ունեցել մի բան, որը բացարձակապես դուրս է այն քաղաքական հարցադրումներից, որ այստեղ ներկայացվում է։ Իհարկե, կարելի է գեղեցիկ խոսքեր, արտահայտություններ, հուզական ելույթներ ունենալ, բայց կա այսօրվա իրողությունը, դաժան իրողությունը, եւ այստեղից պետք է ելք գտնել։

Ասում է՝ եկե՛ք, դնենք ամեն ինչ մի կողմ, հիմա երկխոսություն անենք եւ լուծումներ գտնենք։ Երկխոսությունը ոչ մեկին չի արգելված, ճիշտ հակառակը, բազմաթիվ կոչեր հնչեցին, երկխոսության, ցավոք սրտի, որոնք ոմանց կողմից մերժվեցին կտրականապես եւ պայմաններ դրվեցին դրա համար։ Երկխոսությունը խնդիրներ լուծելու համար է, ոչ թե պայման թելադրելու համար, բայց ես դրան էլ չեմ ուզում անդրադառնալ։ Կարեւորը մեկն է՝ տեղի է ունեցել այդ դաժան  իրադարձությունը։ Եվ այսօր շատ կարեւոր է պարզել՝ ովքե՞ր էին դրա մեղավորները, ով ուզում է լինի, անկախ  իրենց կուսակցական պատկանելիությունից, դիրքից, ազդեցությունից, այդ մարդիկ պետք է պատասխան տան, որովհետեւ որեւէ մեկին, անկախ իր նպատակներից ու իր դիրքորոշումից, իրավունք չի վերապահված այս քաղաքում ջարդարարություն անել, այս քաղաքում մարդ սպանել, չի վերապահված այդ իրավունքը որեւէ մեկին։ Եվ որեւէ երկխոսությամբ չի կարելի դարմանել այդ վերքը։ Պետք է ամենայն խստությամբ պատժվեն մարդիկ։ Դա ասելով, ես նկատի չունեմ մեր գործընկերներին, որոնք այստեղ են, եւ երկուսն այստեղ չեն։

Այստեղ տպավորություն է ստեղծվում, որ իբր  մենք այստեղ  դատարան ենք, դատում ենք եւ որոշում ենք, մեր գործընկերները մեղավո՞ր են, թե՞  մեղավոր չեն։ Մենք նման իրավասություն չունենք, հարգելի գործընկերներ։ Այո՛, կարեւոր է պատգամավորի դիրքը, բայց մենք  իրավունք չունենք որեւէ մեկին մեղադրելու կամ դատապարտելու, չունենք այդ իրավունքը։ Եվ մեզնից չեն էլ խնդրում, այստեղ որեւէ մեկին համարել որեւէ հանցագործություն կատարող, դա դատարանի իրավասությունն է, դատարանն է գնահատականներ տալիս, քննությունն է պարզում, թե որեւէ մեկը մեղավոր է, թե՝ ոչ։

Ես բարձր եմ գնահատում Հակոբ Հակոբյանի ելույթն այստեղից, եւ իր հայտարարությունը։ Եվ ես հիշեցի Մուշեղ Առաքելյանին, մեր հանգուցյալ գործընկերոջը, երբ հոկտեմբերի 27-ի հետ կապված, Մուշեղ Առաքելյանն այստեղ ասաց նույն խոսքերը, գրեթե բառացիորեն նույն խոսքերը։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ լիարժեքորեն բացահայտվի, ի՞նչ է կատարվել։ Սա է խնդիրը, եւ ես հենց այդպես եմ գնահատում Հակոբ Հակոբյանի խոսքերը, եւ գնահատում եմ՝ որպես արժանապատվություն ունեցող մարդու խոսք։  Եվ ես, անկեղծորեն, շատ ուրախ էի,  երբ  մեր  գործընկերը, Մուշեղ Առաքելյանը վերադարձավ եւ պարզվեց, որ որեւէ.... Մովսիսյանը, այո՛, ներողություն, վերադարձավ եւ պարզվեց, որ որեւէ հանցանք չի կատարել մարդը, եւ մենք իրեն, սիրով եւ ուրախությամբ, նորից իր հետ աշխատեցինք այս դահլիճում։

Մենք մեկ խնդիր ունենք, ստեղծել հնարավորություններ, գլխավոր դատախազը եկել է այդ առաջարկով, ստեղծել հնարավորություններ, որ քննությունը թույլ տա պարզելու, թե ինչ է կատարվել այդ ժամանակ։ Կանենք դա, թե չէ, սա է խնդիրը։ Գիտեք, ես անկեղծ պետք է լինեմ, այստեղից հայտարարությունները, որ մեր գործընկերները քաղբանտարկյալներ կլինեն, մենք էլ ենք պատրաստ։ Ներողություն, հարգելի գործընկերներ, ովքեր դա ասացին, ես ձեզ չեմ հավատում։ Մի մարդ.... ոչ ոք ձեզ  չի ծաղրում,

Ր.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Մի ծաղրեք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ձեզ ոչ ոք չի ծաղրում, եթե հայերեն լավ չգիտեք, ձեր գործն է։ Այո՛...

Ր.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Իմ գործընկերներին չծաղրեք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ոչ ոք չի ծաղրում ձեզ, հերիք եղավ դերասանություն անեք։

Մի մարդ էլ հայտարարեց, որ ինքն է լինելու միակ զոհը, տեսանք, թե ովքեր զոհ եղան։ Սա է իրականությունը եւ մենք պարտավոր ենք  այդ իրականությանը շիտակ նայել։ Ես հարգանք ունեմ բոլոր մեր 4 գործընկերների նկատմամբ եւ պատրաստ եմ ամեն ինչով պաշտպանել իրենց իրավունքները, բայց   քիչ առաջ ասացի, ես եւս մեկ անգամ ուզում եմ ընգծել՝  ինձ համար շատ ավելի բարձր է, շատ ավելի մարդկային է եւ շատ ավելի ժողովրդավարական՝ Հակոբ Հակոբյանի հայտարարությունը, որ, այո՛, ես պատրաստ եմ, որ կալանքը լինի խափանման միջոցը, միայն թե պարզվի իրականությունը, քան կեղծ հայտարարություններ ազատության ու ժողովրդավարության մասին։ Սա էի ես ուզում ասել։

Շարունակում ենք քննարկումը, հարգելի գործընկերներ, այժմ  մենք անցնում ենք եզրափակիչ ելույթներին։ Նախ մենք պետք է լսենք մեր գործընկերներին։ Պրն Հակոբյան, եթե եզրափակիչ ելույթի  անհրաժեշտություն կա, խնդրե՛մ, կարող եք ունենալ, եթե՝ ոչ, կարող ենք անցնել հաջորդ... եզրափակիչ ելույթի  անհրաժեշտություն, պրն Մալխասյան, կա՞, չկա։ Պրն Հովսեփյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտությու՞ն, համեցե՛ք։ Ձայնը տրվում է գլխավոր դատախազին՝ եզրափակիչ ելույթի համար։

Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ուզում եմ նշել, որ  ինձ համար ցավալի է, որ հենց այսպիսի գործի շրջանակներում տեղի ունեցան քաղաքական ելույթներ։ Ես դրանց չեմ անդրադառնա, քաջ գիտակցելով, որ խորհրդարանը ներգրավված է քաղաքական կուսակցություններից եւ ամեն մի խմբակցություն ունի իր քաղաքական ձեւերը, մեթոդները, իրենց գաղափարները դրսեւորելու համար։ Բայց ինձ համար՝ որպես  երկրի գլխավոր դատախազի, ցանկալի չէր, որ դա արվեր նման քրեական գործի շրջանակներում։

Ես փորձեմ մի քանի հարցադրումների պատասխան տալ, որը հնչեցին  պատգամավորների ելույթներում։ Կուզեի անդրադառնալ «Ժառանգություն» կուսակցության, խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի ստացած մարմնական վնասվաքների հանգամանքներին, որովհետեւ մի քանի անգամ այդ մասին հնչեց։ Անմիջապես տեղեկություն ստանալուց հետո, որ մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել է հիվանդանոց, մարմնական վնասվածքով, ներողություն, հիվանդանոց, քննչական ծառայությունների կողմից, իմ հանձնարարությամբ՝ քննիչ ուղարկվեց, հարցաքննելու եւ դեպքի հանգամանքները պարզաբանելու։ Երբ քննիչը հիվանդանոցում փորձեց պարզել մարմնական վնասվածքներ ստանալու հարգամանքները, Արմեն Մարտիրոսյանը տվեց միայն հայտարարություն եւ հրաժարվեց ցուցմունք տալուց։ Հայտարարության մեջ նշված է, որ 4 հոգի բռնություններ էին գործադրում ոստիկանության աշխատակցի նկատմամբ, ինքն այդ 4 հոգուն միջամտել է, որ բռնությունները չշարունակվի ոստիկանի նկատմամբ, եւ հետեւից ստացել սուր, կտրող գործիքի հարված հետույքի փափուկ, մկանային համակարգում։ Սրանից ավել մեկնաբանություն, բացատրություն չի տվել։ Մենք կփորձենք, իհարկե, հարցաքննել պրն Մարտիրոսյանին եւ պարզել նրա կողմից ստացված մարմնական վնասվածքների հանգամանքները։ Եվ եթե ինքը մատնացույց կանի այն անձին, որը պատճառել է մարմնական վնասվածք կամ, եթե նախաքննությամբ հնարավորություն կընձեռվի բացահայտելու այդ անձին, կենթարկվի համապատասխան քրեական պատասխանատվության։

Եվս մեկ անգամ բարձրացվեց իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության հարցը։ Բացարձակապես նշում եմ, որ հետեւանքներն ավելի ծանր կլինեին, ավելի անկանխատեսելի, մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը, եթե իրավապահ մարմիններն ավելի հանդուրժողական, խելամիտ եւ իրենց լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ չիրականացնեին։ Դուք բոլորդ պետք է մտածեք, որ եթե քաջածանոթ լինեք այդ բոլոր իրադարձություններին եւ  հանգամանանքներին, ուղղակի, կանխվեց ավելի ահռելի, ավելի ողբերգական հետեւանքներ։ Այս մասին դեռ կխոսենք։

Անդրադառնալով «Ժառանգության» որոշ պատգամավորների գործունեությանը դեպքի վայրում, պետք է իմ խորին շնորհակալությունը հայտնեմ տիկին Բախշյանին, իրոք, նա նպաստել է հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելուն։ Բայց նկատի ունեցեք, ժողովրդավարությունը ամբոխավարության, անարխիայի պայմաններում չի գործում, ժողովրդավարությունը գործում է Սահմանադրության, օրենքների շրջանակներում։

Ինչ վերաբերում է ձերբակալվածների հետ տեսակցություն ունենալու հանգամանքին, բոլոր դեպքերում, եթե հնարավոր է եղել, այդ տեսակցությունները թույլատրվել են ձերբակալվածների հետ, եթե հնարավորություն է եղել, բայց եթե պատգամավորը գալիս, ասում է՝ այ՛, այս պահին, այս րոպեին պետք է ես տեսակցեմ, այդ պահին, այդ րոպեին նա գտնվում է քննիչի մոտ հարցաքննության, եւ զուտ քննչական տակտիկայից ելնելով, միգուցե հնարավոր չէ ընդհատել հարցաքննությունը։ Բայց հայտարարում եմ նաեւ, որ այդ բոլոր պահանջները չեն բխում օրենքից, եւ այս պահից ես արգելելու եմ ձերբակալվածների հետ որեւէ պատգամավորի տեսակցություն։ Հայտարարում եմ բոլորիդ, որովհետեւ դա չի բխում օրենքից։ Ձերբակալվածի հետ տեսակցության իրավունք ունի ունենալ միայն հարազատը, 2 ժամվա տեւողությամբ, մի անգամ միայն։ Խնդրե՛մ, կալանավորվածների հետ համապատասխան ընթացակարգով կարող եք հանդիպում ունենալ, տեսակցություն, բայց ձերբակալվածների հետ օրենքը չի նախատեսում։ Այդ օրենքի դրույթները ես գրավոր կուղարկեմ հարգարժան նախագահին, ԱԺ-ի։ Նորից եմ կրկնում, չնայած, որ մենք շրջանցելով այդ օրենքը, ընդառաջ ենք գնացել ձեզ։

Խոսվեց, որ պետք է նպաստել, որ արյան կաթիլ չթափվի, իհարկե, պետք է անենք ամեն ինչ, որ արյան կաթիլ չթափվի։ Այդ դեպքում ինչի՞ համար էին հազարավոր մահակներ, երկաթյա ձողեր, հատուկ, մարմնական վնասվածքներ պատճառելու համար նախապատրաստված հատուկ գործիքներ, զենքեր, զինամթերք, դյուրավառ նյութեր, պայթուցիկ նյութեր։ Ինչի՞ համար էին դրանք։

Ցավում եմ նաեւ, որ ելույթ ունեցող պատգամավորների ելույթներում ապատեղեկատվությունը շատ էր։ Դրանց ես չեմ ուզում անդրադառնալ, քրեական գործի շրջանակներում բոլորը կստուգվեն եւ համապատասխան միջոցներ կճեռնարկվեն։ Իսկ պատգամավորները, որոնք այս ամբիոնից հայտարարեցին իրենց ականատես լինելու մասին, այս կամ այն հանգամանքին, ես ինձ մոտ նշել եմ, դուք անպայման կհարցաքննվեք՝ որպես վկաներ, եւ ես շնորհակալ կլինեմ դրա համար։

Նորից եմ կրկնում, որ  մենք պետք է, իրոք, անենք ամեն ինչ, որ մեր հարազատների արյունը չթափվի։ Պրն Թորոսյանը ճիշտ նշեց, տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն։ Մեր Երեւանի, մեր մայրաքաղաքի ողջ պատմության ընթացքում նման բան տեղի չի ունեցել, նույնիսկ պատերազմների ժամանակ, սովի ժամանակ ե՞րբ էր.... խանութներ, չեն գրավվել եւ չեն թալանվել։ Փորձ է արվում դրանք մեկնաբանել ինչ-որ սադրիչ խմբերով։ Խնդրե՛մ, բերե՛ք ապացույցներ։ Առ այսօր նման տեղեկատվություն քրեական գործում չկա։

Իրոք, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր հարազատների արյունը չթափվի, որովհետեւ դարերի ընթացքում շատ է թափվել այդ արյունը։ Եվ ուզում եմ իմանաք, որ ոչ մի երջանկություն ոչ մի կաթիլ արյան վրա չի կարելի կառուցել։ Շնորհակալ եմ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, համաձայն մեր կանոնակարգի 98-րդ հոդվածի 4-րդ կետի՝ «Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու, հարց հարուցելու համաձայնություն տալու մասին ԱԺ որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»։

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պատրաստել է քվեաթերթիկները։ ես հիմա ուզում եմ ձայնը տալ այդ հանձնաժողովի նախագահին, որ ներկայացնի՝ երբ եւ ինչպե՞ս է տեղի ունենալու քվեարկությունը։ Համեցե՛ք, պրն Նիկոյան։

Ս.ՆԻԿՈՅԱՆ

-Նախ՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներին կխնդրեի, որ մի քիչ ավելի շուտ, հիմա դուրս գալ, քվեաթերթիկները, ցուցակը վերցնել եւ լինել տեղում, քվեարկությունը կազմակերպելու համար, այդ նախապատրաստական աշխատանքները տանել։ Ասեմ, որ 4 քվեաթերթիկն են, 4 տեսակի քվեաթերթիկներ են, եւ յուրաքանչյուր պատգամավոր ստորագրում է իր անվան դիմաց եւ ստանում է 4 քվեաթերթիկ։ Եվ ինչպես միշտ, քվեաթերթիկում, քվեարկության մեխանիզմը հետեւյալն է՝ եթե կողմ եք, ջնջում եք «դեմ»-ը, եթե դեմ եք, ջնջում եք «կողմ»-ը։ Սա է։

Իսկ քվեարկությունը տեղի կունենա Կարմիր նախասրահի վերջում, որտեղ միշտ քվեարկություն է տեղի ունեցել, կսկսվի քվեարկությունը 1715 րոպեին, եւ 1 ժամ։ Եվ հաշվիչ հանձնաժողովը նախատեսում է 1 ժամ՝ քվեարկությունը կազմակերպելու համար։ Այսքանը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Քվեարկություն։ Պատգամավորները գնում են քվեարկության։ 
 


Ժամը 18:15

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ  Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- Հարգելի գործընկերներ, խնդրում եմ զբաղեցնել տեղերը։ Քվեարկությունը եւ քվեաթերթիկների հաշվումն ավարտված է։

Ս.ՆԻԿՈՅԱՆ

- Հարգելի գործընկերներ, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքները, եւ թույլ տվեք ներկայացնել ձեր ուշադրությանը, նախօրոք ասեմ, որ յուրաքանչյուր դեպքում չկրկնվող, որ բոլոր արձանագրությունները, յուրաքանչյուր արձանագրությունը ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները՝

Նիկոյան
Խաչատրյան
Հակոբյան
Գրիգորյան
Բախշյան
Մարգարյան։

Եվ այժմ թույլ տվեք ներկայացնել ձեզ քվեարկության յուրաքանչյուր արդյունքները։

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Ալբերտի Սուքիասյան՝ քվեարկությանը 131 պատգամավորից մասնակցել են 107-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պարզեց, որ քվեատուփում առկա էր 107 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Կողմ՝ 85
Դեմ՝ 22

Հակոբյան Հակոբ՝ բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պարզեց, որ քվեատուփում առկա էր 106 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 2-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Կողմ՝ 84
Դեմ՝ 20

Մյասնիկ Ժորայի Մալխասյան՝ քվեատուփում առկա էր 107 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Կողմ՝ 84
Դեմ՝ 22

Սասուն Մեխակի Միքայելյան՝ քվեատուփում առկա էր 107 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Կողմ՝ 86
Դեմ՝ 20

Այսքանը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- Շնորհակալություն, պրն Նիկոյան։ Հարգելի գործընկերներ, քվեարկության արդյունքների համաձայն, Ազգային ժողովը համաձայնություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար։

Նիստն ավարտված է, ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am