National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.04.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 53

07 ապրիլի 2008

Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ  ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ստուգում։

ԱԺ-ում բոլոր հայտարարությունները, վարման կարգի վերաբերյալ ելույթները եւ մնացած բոլոր բաներն արվում են քվորումից հետո։ Այնպես որ, ամեն ինչ, ինչպես միշտ, ժամանակին եւ տեղին կլինի։

Գրանցում։ Գրանցվել է 100 պատգամավոր, շատ խորհրդանշական մի թիվ։

Մենք մինչ մեր օրակարգերի նախագծերի հաստատումն ունենք մի շարք հաճելի պարտականություններ։

Նախ՝ ես առաջարկում եմ, որ մենք շնորհավորենք մեր գործընկերներին, որոնց ծննդյան օրն այսօր է կամ երեկ, կամ նախորդ օրը, Գրիգոր Մարգարյանին, Գագիկ Մինասյանին, իրենց ցանկանալ առողջություն, հաջողություններ եւ ԱԺ-ում արդյունավետ աշխատանք։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիմա ամենակարեւորն այսօրվա։

Չէ, սա կարեւոր էր, բայց կա նաեւ ավելի կարեւոր մի բան։ Ես ուզում եմ մեր խորհրդարանի բոլոր տղամարդկանց կողմից շնորհավորել մեր բոլոր կին գործընկերներին եւ մեր բոլոր քույրերին ու մայրերին, մեր օրիորդներին ապրիլի 7-ի կապակցությամբ։ Սա իսկապես չափազանց կարեւոր եւ գեղեցիկ օր է,  ցանկանալ եւ՛ մեր գործընկերներին, որոնց տոնն է այսօր, եւ՛ բոլոր հայ կանանց երջանկություն, ուրախություն, հաջողություններ եւ նույնքան վճռականություն, ինչպիսին եւ ունեցել են դարեր շարունակ։ Շնորհավորում ենք։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիմա անցնենք պարտականություններին։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «ԱԺ չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ԱԺ նախագահ պրն Թորոսյանին։ Խնդրեմ, պրն Թորոսյան։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մեր նախագիծը նստաշրջանի՝ օրակարում լրացումներ կատարելու վերաբերյալ, շատ ծավալուն չէ։ Ինչպես հեշտ է նկատել, 1-ին բաժնում  ունենք 6 առաջարկություն 6 հարցերի վերաբերյալ, 2-րդում՝ չունենք, ինչը հաճելի է, եւ ունենք 1 ընդամենը նախագիծ, եւ 3-րդ բաժնում նույնպես ունենք 1 նախագիծ։ Սակայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա՝ ունենք նաեւ ԱԺ որոշման 2 նախագծեր, որոնցով առաջարկվում է մի շարք հարցերի քննարկումը մինչեւ 30 կամ մինչեւ 60 օրով հետաձգելու հետ կապված։ Կարծում եմ, այստեղ հատուկ խնդիրներ չկան, որոնց արժի առանձնապես անդրադառնալ։ Այդ պատճառով առաջարկում եմ, եթե հարցեր կան, խնդրեմ, ես ձեր հարցերին սիրով կպատասխանեմ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախագիծը ներկայացվեց, խնդրում եմ հերթագրվել հարցերի համար։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Լարիսա Ալավերդյան։ Խնդրեմ, տիկին Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ՝  հարցս տալուց առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, նախեւառաջ, պատգամավորներին, նախեւառաջ, պրն Ծառուկյանին, որը բոլոր կանանց՝ պատգամավորներին, շնորհավորել է, ինչպես նաեւ շնորհակալություն բոլոր քաղաքացիներին, որոնք մեզ շնորհավորել են։

Իմ հարցը վերաբերում է 60 օրով հետաձգվող այդ որոշմանը, եթե տեղին է, եթե ժամանակին է հարցս, մանավանդ «Անհայտ կորածի մասին» օրենքը։ Ճիշտն  ասած, գաղտնիք չէ, որ ես այդ օրենսդրական դաշտի այդ առումով բարելավման եւ զարգացման ջատագովն եմ, ո՞րն է խնդիրը, որ մենք այդքան հետաձգում ենք, մանավանդ որ միջազգային Կարմիր խաչի հետ, կարծես թե, կա արդեն համաձայնություն բավականին բարձր մակարդակով, այդ թվում՝ եւ կառավարական մարմինների ներկայացուցիչների, որ այդպիսի օրենքը մեզ անհրաժեշտ է։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Բնականաբար, օրենքներն ընդունվում են ԱԺ-ում եւ քննարկման արդիականությունը որոշում է գլխադասային հանձնաժողովը եւ հեղինակը։ Եվ ինչպես միշտ, այս անգամ եւս այս հարցի հետ կապված նույնպես ամեն ինչ արվել է ըստ կանոնակարգի։ Եղել է փոխադարձ համաձայնություն եւ հետաձգման առաջարկություն է արվել։ Այնպես որ, այստեղ որեւէ մեկն անգամ միջամտելու իրավունք չունի այս գործընթացին, քանի որ օրենքով հստակ ամեն ինչ կանոնակարգված է։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար Լարիսա Ալավերդյան։ Խնդրեմ։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Շնորհակալություն պատասխանի համար։ Նշանակում է իմ հարցը որպես հորդոր է համապատասխան գլխադասային հանձնաժողովին, որ այսպիսի օրինագիծը բոլոր պարագաներում արդեն իսկ ձգձգված է, եւ ես հուսով եմ, որ 60 օրից հետո թեկուզ,  այդ օրենքը կմտնի քննարկման  մեծ օրակարգի մեջ։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Նախ՝ երկու բան եմ ուզում ասել։ Առաջինը, ինչն ասել եմ նաեւ մեր ուրբաթօրյա վերջին խորհրդակցության ժամանակ, ես կարծում եմ, ճիշտ կլինի, որ հետաձգումն ընդամենը մեկ անգամ լինի։ Ցանկացած հարցին է սա վերաբերում, որովհետեւ մենք ունենում ենք հարցեր, որոնց վերաբերյալ մի շարք անգամներ հետաձգումներ են լինում։ Եթե առաջին հետաձգումից հետո հարցը պատրաստ է, ուրեմն, պետք է առաջարկել մտցնել օրակարգ, պատրաստ չէ, ուրեմն, միգուցե պետք է, ընդհանրապես ճիշտ կլինի շրջանառությունից հանել, եթե աշխատելու կարիք կա։ Սա որպես ընդհանուր մոտեցում։

Ինչ վերաբերում է այս նախագծին, ես կարծում եմ, մենք հիմք չունենք կասկածելու ո՛չ հանձնաժողովին, ո՛չ հեղինակին, որ իսկապես եղել են լուրջ նախադրյալներ հետաձգելու համար այնքան ժամանակ, ինչքան պետք կլինի նախագծի վրա աշխատել։ Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մենք սպասենք։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թորոսյան։ Հարցերն ավարտվեցին։

Հերթագրում ելույթների համար։ Ելույթներ չկան։

Հարգելի գործընկերներ, մենք անցնում ենք քվեարկություններին։

Այժմ քվեարկության է դրվում «Աժ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը մինչեւ 30 օրով հետաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Քվեարկություն։

Կողմ՝  99
Դեմ՝  չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում «ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը մինչեւ 60 օրով հետաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Քվեարկություն։

Կողմ՝ 90
Դեմ՝  5
Ձեռնպահ՝  1

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝  81
Դեմ՝ 4
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում «ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի 1-ին մասը։ Քվեարկություն։

Կողմ՝ 94
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունված է։

Հարգելի գործընկերներ, ԱԺ 2008թ. ապրիլի 7-ից 10-ը, 4-օրյա նիստերի օրակարգը ներկայացնելու համար ձայնը տրվում է ԱԺ նախագահին։ Խնդրեմ, պրն Թորոսյան։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, նախագիծը ձեզ բաժանված է։ Այս նախագծի 2-րդ բաժնում մենք չունենք որեւէ հարց ընդգրկված։ Կարծում եմ, հատուկ պարզաբանումների, գոնե նախնական, որեւէ անհրաժեշտոթյուն չկա։ Հիշեցնեմ նաեւ, որ մենք այս օրակարգի հետ կապված նույնպես ունենք հետաձգումների վերաբերյալ առաջարկություններ՝ մինչեւ 30 օրով եւ մինչեւ 90 օրով։ Այնպես որ, առաջարկում եմ ձեր դիրքորոշումը ներկայացված օրակարգի եւ հետաձգումների վերաբերյալ արտահայտել քվեարկություններով։ Եթե հարցեր կան, խնդրեմ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում հարցերի համար։ Հերթագրվել են երկու պատգամավորներ։ Առաջին հարցը՝ պատգամավոր Ստյոպա Սաֆարյան։ Խնդրեմ։

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Թորոսյան, իմ հարցը վերաբերում է «Երեւան քաղաքի մասին» օրենքի հետաձգմանը եւ, անկեղծ ասած, բավականին մեծ ժամանակ տրվեց, 1-ին ընթերցումից հետո անգամ գլխադասային հանձնաժողովի ներկայացրած որոշման նախագիծ ընդունեցինք մենք, որ առաջարկները ներկայացվեն։ Այդ ընթացքում, բնականաբար, կարծում եմ, բոլոր շահագրգիռ պատգամավորները եւ նաեւ հաստատությունները ներկայացրել են իրենց առաջարկները։ Սակայն այսօր մենք հետաձգում ենք այդ օրենքի քննարկումը հերթական անգամ։ Այդուհանդերձ, ես կցանկանայի, որպեսզի պարզաբանումներ տրվեր, որովհետեւ առանց այն էլ կար վեճ, թե արդյոք այդ օրենքի ընդունման ժամկետների հետ կապված պահպանվե՞լ են Սահմանադրության անցումային դրույթների պահանջները։ Կխնդրեի, որպեսզի, եթե դուք տեղյակ եք, դուք պարզաբանեիք՝ ինչո՞վ է պայմանավորված այս օրինագծի հերթական անգամ հետաձգումը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Իհարկե, լավ կլիներ, եթե հենց հանձնաժողովում մասնակցեիք այս հարցի քննարկմանը եւ որոշման ընդունմանը։ Ես կարող եմ, անկեղծորեն պիտի ասեմ, ասել այն տրամաբանությունը, որը ես եմ ճիշտ համարում։ Ես համաձայն եմ հանձնաժողովի առաջարկի հետ, եւ կողմ եմ քվեարկելու հետաձգման վերաբերյալ մեկ շատ պարզ պատճառով։ Նախագծի քննարկման ժամանակ գործնականում բոլոր ելույթ ունեցողները չափազանց կարեւորեցին այս օրենքի ընդունումը, քննարկումների ժամանակ նաեւ կարեւորվեց լայն հասարակական քննարկումները եւ լսումների կազմակերպումը։ Կարծում եմ, ակնհայտ է, որ այս գարնանային նստաշրջանի անցած ժամանակահատվածը նման քննարկումների համար բարենպաստ չէր հայտնի պատճառներով՝ ընտրություններ, հետընտրական շրջան եւ այլն։ Եվ ես ենթադրում եմ, որ հանձնաժողովը եւ կառավարությունն այս հետաձգման առաջարկությունը բերել են հենց այդ տեսակետից, որ գարնանային նստաշրջանի անցած ժամանակահատվածը բավարար չի եղել լայն քննարկումների համար եւ լսումներ անցկացնելու համար, եւ առաջարկվող ժամանակահատվածը նախատեսվում է այդ նպատակով։ Իհարկե, եթե ավելի շուտ ավարտվեն այդ քննարկումները, կարծում եմ, մենք ավելի շուտ կանդրադառնանք նախագծին, հենց որ նախագիծը ներկայացվի օրակարգ ընդգրկելու համար։

Սա է այն, ինչ ես կարող եմ ասել այս նախագծի հետ կապված։ Իհարկե, եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք լինի, մենք կարող ենք լսել պրն Հարությունյանին, որը միգուցե կասի երկու խոսքով, թե ինչու հանձնաժողովը հետաձգեց, եթե իսկապես այլ պատճառ կար։ Այսքանը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Լարիսա Ալավերդյան։ Խնդրեմ։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Ճիշտն ասած, իմ հարցը երեւի որպես շարունակություն, բայց սա ընդհանուր առումով ինձ հուզում է հետեւյալ հարցը։ Քանի որ մենք այս հետաձգումներով խախտում ենք Սահմանադրության համապատասխան կետը, ինչպե՞ս եք դուք դա գնահատում։ Այսինքն՝ արդյո՞ք դա նախադեպ չի ստեղծում ընդհանուր առմամբ անտեսել այս կամ այն սահմանադրական նորմը։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Ալավերդյան։ Չէ՛, չեմ համարում։ Իհարկե, լավ կլինի, որ բոլոր դրույթներն անվերապահորեն կատարվեն։ Այստեղ, կարծում եմ, այլ կարծիք լինել չի կարող։ Մեկ հանգամանք կա, որը ինչ-որ ձեւով կարող է այս հարցի հետ կապված բացատրություն լինել։ Մենք ունենք երկաստիճան մի ծրագիր՝ կապված Երեւան քաղաքի հետ, օրենքի ընդունումն է, եւ ապա Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման նոր համակարգի ներդրումը, որն արձանագրվելու է օրենքում։ Իմ կարծիքով, առավել կարեւորն այս գումարային ժամանակահատվածի պահպանումն է։ Իհարկե, լավ կլիներ, որ այն 2 տարի ժամանակահատվածը, որ նշված էր Սահմանադրությունում, պահպանվեր՝ կապված օրենքի ընդունման հետ։ Չնայած մյուս կողմից կարող եմ ասել նաեւ հետեւյալը։ Շատ-շատերը, ովքեր մասնակցել են սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը, կարող են հիշել եւ անգամ, հավանաբար, կարող են վկայել, որ այն հսկայածավալ աշխատանքը, որը ենթադրվում էր սահմանադրական փոփոխությունների որպես հետեւանք, իսկապես շատ դժվար էր 2 տարվա ընթացքում իրականացնել։

Ես ուզում եմ հիշեցնել, որ անցած նստաշրջանի ընթացքում մենք հրավիրեցինք 5 արտահերթ նիստ եւ 3 արտահերթ նստաշրջան, հենց այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ, իսկապես խորհրդարանն արել է ամեն ինչ, որպեսզի խնդիրը լուծվի։ Եվ հիմա պիտի անենք ամեն ինչ, որ այդ գումարային ժամանակահատվածը հանկարծ չխախտվի։ Ես հուսով եմ, որ համատեղ ջանքերով մենք դա կարող ենք անել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թորոսյան։ Հարցերն ավարտվեցին։

Հերթագրում ելույթների համար։ Հերթագրված պատգամավորներ չկան։

Մենք անցնում ենք քվեարկություններին։

Քվեարկության է դրվում «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ ընթերցումը 30 օրով հետաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Քվեարկություն։

Կողմ՝  94
Դեմ՝  չկա
Ձեռնպահ՝  չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի կից փաթեթով 2-րդ ընթերցման քննարկումն ԱԺ 4-օրյա նիստերի օրակարգում մինչեւ 90 օրով հետաձգելու մասին» որոշման նախագիծը։ Քվեարկություն։

Կողմ՝ 89
Դեմ՝  7
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ԱԺ 2008թ. ապրիլի 7-ից 10, 4-օրյա նիստերի օրակարգի նախագծի 1-ին բաժինն ընդունելու մասին հարցը։

Կողմ՝ 90
Դեմ՝  8
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ԱԺ կանոնակարգի 63-րդ հոդվածի համաձայն՝ «Մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին» ԱԺ որոշման հատուկ նախագիծն ընդունելու մասին հարցը։

Վարման կարգով՝ Ստյոպա Սաֆարյան։

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան նախագահություն, ես ուզում եմ այս որոշման նախագծի հետ մի փաստի մասին խոսել։ Ինքս ներկա եմ գտնվել կրթության, գիտության եւ այլ հարցերով հանձնաժողովի նիստին, անկեղծ ասած, չեմ հիշում, որ հանձնաժողովը որոշում կայացրած լինի, որպեսզի կոնկրետ այդ հանձնաժողովի իրավասության տակ գտնվող օրենքի նախագիծն ընդունվի որեւէ հատուկ ընթացակարգով։

Ինձ հուշում են նաեւ, որ խոսքը վերաբերում է նաեւ այս որոշման նախագծում հիշատակված մյուս օրինագծերին նույնպես։ Կցանկանայի պարզաբանումներ ստանալ այս որոշման նախագծի հետ կապված։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հանգիստ-հանգիստ, ժողովուրդ, հանգիստ։

Ես կարծում եմ, մենք իրավունք չունենք հանձնաժողովների ներկայացրած առաջարկությունները կասկածի տակ դնելու։ Այդուհանդերձ, քանի որ հարց է հնչել, ես ուզում եմ խնդրել տիկին Հակոբյանին, որ վարման կարգի վերաբերյալ արձագանքի։ Խնդրեմ, տիկին Հակոբյան։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Նախ՝ ես շնորհակալ եմ, պրն Սաֆարյան, կարծում եմ, եւ այլ հարցեր չկան, մեր հանձնաժողովն ունի լրիվ անվանում։ Եթե ասում եք, կխնդրեի ամբողջությամբ ասեք հանձնաժողովի անունը։ Ես կարծում եմ, իրոք, վրիպակ կա  այստեղ։ Մենք ասում ենք՝  երկու ընթերցմամբ ընդունել, ոչ թե հատուկ ընթացակարգով, այլ մտցնել մեծ օրակարգ եւ փոքր օրակարգ։ Սա է եղել հանձնաժողովի որոշումն այս հարցի կապակցությամբ։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Հակոբյան։

Ես կարծում եմ, պարզաբանումը սպառիչ էր եւ, բնականաբար, պարզաբանումը պիտի հաշվի առնենք մեր քվեարկությունները կազմակերպելու հետ կապված։

Վարման կարգի վերաբերյալ՝ Անահիտ Բախշյան։

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Ես լավ հիշում եմ մեր հանձնաժողովի նիստը, ներողություն, բայց հատկապես երկու ընթերցմամբ այս 2 օրինագծերը, որոնց ես ներկա եմ եղել, ընդունելու մասին, այդպիսի առաջարկ չի եղել։ Ես վստահ եմ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ես առաջարկում եմ անել հետեւյալը։ Հիմա մենք կանցկացնենք քվեարկությունները եւ եթե պարզվի, որ որեւէ արձանագրության մեջ ինչ-որ մի բան չկա, անպայման դա դուրս կբերվի այս ցանկից։ Կարծում եմ, սա լավագույնն է, որ կարող ենք հիմա անել։ Դահլիճում, ճիշտն ասած, չեմ կարծում, որ ինչ-որ մի հնարավորություն կա այլ կերպ այս հարցը լուծելու։ Ես որեւէ մեկի ասածը չեմ ուզում կասկածի տակ դնել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Այժմ քվեարկության է դրվում քննարկված նախագիծը։ Քվեարկություն։

Կողմ՝  76
Դեմ՝ 7
Ձեռնպահ՝ 4

Որոշումն ընդունված է։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

Հարգելի գործընկերներ, օրակարգը հաստատված է։

Մենք մեր նախորդ քննարկումներից հետո ունենք մեկ հարց, որի քվեարկությունն այժմ պիտի անցկացնենք, հետո ես ձեզ կտեղեկացնեմ քննարկվող հարցերի հերթականության մասին։

Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Արդյունաբերական նշանակության թունավոր պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 87
Դեմ՝  1
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունված է։

Վարման կարգի վերաբերյալ՝ Արմեն Մարտիրոսյան։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես շնորհավորում եմ դահլիճում գտնվող բոլոր կանանց ապրիլի 7-ը եւ նրանց մաղթում երջանկություն։

Պրն Թորոսյան, ես կխնդրեի, երբ դուք ներկայացնեիք հարցերի քննարկման հերթականությունը, նաեւ կետերով ասեք, եթե կարելի է,  որ միանգամից...

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ, ես այդպես էլ պատրաստվում էի անել։

Այժմ ներկայացնեմ քննարկվող հարցերի հերթականությունը։

Նախ՝ ուզում եմ ասել, որ մենք մեր կանոնակարգի համաձայն՝ պիտի շարունակեինք 3-րդ բաժնի 1-ին կետում ընդգրկված հարցի քննարկումը, բայց, ցավոք սրտի, հիմնական զեկուցողը չի կարող ներկա գտնվել։

Հա, եկա՞վ։ Հա, շատ լավ, պրն Մահտեսյան։

Ուրեմն, նախ՝ կլսենք 1-ին կետում կիսատ մնացած հարցի քննարկումը, ապա 11-րդ կետում «Օրգանական գյուղատնտեսության մասին» նախագիծը 3-րդ ընթերցմամբ կքննարկենք, դրանից հետո 35-րդ կետում ընդգրկված նախագիծը, ես ասում եմ 3-րդ բաժնում ընդգրկված հարցերի մասին, ապա «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, «Լիզինգի» պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», սա 7-րդ կետում է ընդգրկված այս հարցը։

Սա՛ է, մեր կանոնակարգի համաձայն, առաջին 3 հարցերը, նաեւ հարցը, որը Մահտեսյանը պիտի ներկայացնի։ Սա էլ 4-րդն է։ Այնպես որ, այժմ այն, ինչ պահանջվում է կանոնակարգով, արվեց՝ ձեզ տեղեկացնելով 1-ին չորս հարցերի քննարկման հերթականության մասին։ Մենք սկսում ենք կիսատ մնացած հարցի քննարկումը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ինչպես ներկայացվեց, այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված տեսանկարահանող կամ լուսանակարահանող սարքերով հայտնաբերված «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արարատ Մահտեսյան, հարակից զեկույցը՝ պաշտպանության, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյան։

Հիշեցնեմ, հարգլի գործընկերներ, որ մենք մեր նախորդ նիստի ընթացքում հարցի քննարկումն իրականացրել էինք։ Հիմնական, հարակից զեկույցները ներկայացվել են, հարցերը ներկայացվել են, նաեւ՝ ելույթները։ Այժմ մենք պետք է լսենք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ելույթը, որը ըստ ներկայացված հայտի՝ կներկայացնի տիկին Լարիսա Ալավերդյանը։ Խնդրեմ, տիկին Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես կցանկանայի ուղղակի հիշեցնել, որ մենք ընդհանուր առմամբ համարելով, որ այսպիսի օրենքը կամ օրենքի նախագիծն իրապես համապատասխանում է թե՛ միջազգային պրակտիկայում, թե՛ իրավակիրառական պրակտիկայում օգտագործվող բավականին հստակ նորմերին, միաժամանակ ընդգծեցինք, որ այս օրինագիծն այս ձեւով հնարավոր է բերի ավելի մեծ խառնաշփոթի, մանավանդ որ Հայաստանում ընդհանրապես մեծ պրոբլեմ է արդեն վաղուց դառել, դա անձնական կամ անձին վերաբերող տվյալների գաղտնիության պահպանումը։

Ես պետք է հիշեցնեմ, որ մինչեւ անգամ որոշ երկրներում, մասնավորապես Հունգարիայում, կա այդպիսի հատուկ Մարդու իրավունքների պաշտպան, որը զբաղվում է միայն ու միայն անձնական կամ անձին վերաբերող տվյալների գաղտնիության պահպանմանը։ Այսինքն՝ դա բավականին հստակ ու կարեւոր մի ոլորտ է, որտեղ Հայաստանը մինչ այսօր չունի բավարար կամ մեզ բավարարող օրենսդրական դաշտ։ Սա էր պատճառը, որ մենք ընդգծեցինք, մի քանի առաջարկությամբ հանդես եկանք, թե մի քանի թերություններ, որոնք ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որովհետեւ սրանք են պատճառները, որ այս վիճակով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների համար ընկալելի չի լինի այս ձեւով կողմ քվեարկելու այս օրինագծին։ Մասնավորապես, ես հիշեցնեմ,  նախեւառաջ, որ ցանկացած օրենք պետք է ծառայի սպառողի, քաղաքացու, մարդու իրավունքներն ու պարտականություններն այնպիսի ձեւով ներկայացնել, որ դա հասանելի լինի, պարզ լինի ու խճճվածություն չառաջացնի։ Մեկ։

2-րդ՝ որեւէ մի օրենք չի կարող եւ պետք չէ, որ պարտադրի սպառողին պատասխանատվություն կրել կամ իր վրա օժանդակ պատասխանատվություն վերցնել ինչ-որ մի այլ մարմնի կողմից թերացման համար։ Մասնավորապես, մենք, մի քանի պատգամավոր հիշեցրեցին, հնչեցրեցին, որ եթե մեր ճանապարհներն այն վիճակում են, որոնցում այսօր են, արդյո՞ք հենց այդ անձը, որը պարտավոր է կամ պարտադրված է լինելու որեւէ մի խորը փոս կամ անհարթություն անցնելու համար ինքը կատարի որեւէ մի օրենքի կամ նոր մի խախտում, արդյոք ի՞նքը պիտի հետո տեր կանգնի, գնա պահանջի տեղական ինքնակառավարման մարմնից, որ նա պատասխան տա իր արդեն նախապես տուգանքի կամ որեւէ տույժի համար։ Անշուշտ, ո՛չ։ Դրա համար մենք պնդում ենք, որ այն դեպքերում, երբ պատասխանատվությունն ընկնում է կա՛մ մի այլ պետական մարմնի վրա, կա՛մ տեղական ինքնակառավարման մարմնի վրա, օրենսդրական նորմը փոփոխվի այնպես, որ պատասխան տա ոչ թե քաղաքացին կամ հետաձգվող պատասխանատվության կանչվի պատասխանատու մարմինը, այլ հենց այս օրենքով նախատեսվի այն նորմը, որով ոչ թե քաղաքացին է  պատժին կամ տույժին ենթարկվում, այլ համապատասխան մարմինը։

2-րդը, դա այն բոլոր դեպքերն են, երբ միակողմանի կամ ինքը՝ միայն համապատասխան մարմինը, տույժը նշանակում է, տուգանքը նշանակում է, եւ արդյո՞ք նախատեսվել է նորմով այդպիսի դեպքերում վիճարկումը սպառողի կամ քաղաքացու կողմից այդպիսի դեպքի։ Որովհետեւ ստացվում է, որ եւ՛ որոշողը, եւ՛ տույժ նշանակողը, եւ՛ վերջնական դատ ու դատավորը մնում է մեկ պետական մարմին։ Ինչքանո՞վ հնարավոր է այստեղ ավելի ազատականացնել եւ հնարավորություն տալ քաղաքացուն վիճարկել եւ հասնել նրան, որ ինքը դիտարկվի որպես հավասար կողմ։

3-րդը, որ մենք հստակեցրել ենք, դա սայթի վրա կամ որեւէ էլեկտրոնային, ավելի շուտ հրապարակայնորեն երեւան ոչ միայն այն 2-րդ, 3-րդ անձինք, ովքեր գտնվում են մեքենայի սալոնում, այլեւ հենց ինքը՝ վարորդը, որովհետեւ, ի վերջո, կարեւոր է, որ այն նշանը, որը դրված է մեքենայի վրա, դրանով է հստակեցվելու՝  ո՞վ է, որովհետեւ, կրկնում եմ, այստեղ անձնական հարցի մեջ միջամտելու, կարծես թե, մեծ հնարավորություն է ստեղծվում։

Մենք մի շարք առաջարկություններով հանդես ենք եկել։ Ես կցանկանայի մի քանիսն ուղղակի հնչեցնել։

7-րդ հոդվածում անհասկանալի է, թե վարորդը, եթե չի հանձնում վարորդական վկայականը, ապա ի՞նչ է այդ դեպքում լինում։ Այսինքն՝ կարծես թե, էլի անորոշության մի մաս է մնում։

Գտնում ենք, որ բոլոր դեպքերում պետք է կազմվի արձանագրություն, այդ թվում՝ եւ 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, որպեսզի ապահովի վարորդի բողոքարկման իրավունքը։

Օերնքի 4-րդ հոդվածում փաթեթի վավերապայմանների արձանագրության կազմման կարգը թողնվել է վարչական մարմնի ղեկավարի վրա, որը, մեր կարծիքով, ճիշտ կլիներ սահմանել օրենքով, քանի որ սահմանվում են որոշակի պարտավորություններ, որոնք պետք է մատչելի լինեն բոլորի համար, իսկ վարչական մարմնի կողմից ընդունված ակտերը մատչելի են միայն այդ վարչական մարմնի աշխատողների համար։

Եթե ի մի բերենք բոլոր մեր այս թերությունների վերհանման գաղափարախոսությունը եւ մեր առաջարկությունը, ապա պարզ կերեւա, որ մենք իրապես կողմնակից ենք, որ վարորդը, այսինքն՝ պատասխանող կողմը եւ պահանջող կողմը, պետական մարմինն ավելի հավասար լինեն այն դաշտում, որը բերում է անձին վիճելի մի իրավիճակներում իր անձը եւ իր իրավունքների պաշտպանության հնարավորությանը։ Եթե մենք ունենք, իհարկե, այս ընդհանուր մոտեցումները կարելի է շարունակել եւ որոշ այլ առաջարկություններով հանդես գալ ոչ միայն խմբագրական, այլ էական առումով, բայց այս բոլորը կլինեն կախված հիմնական, ահա, այս մեր մոտեցումներից։ Մենք ակնկալում ենք, որ պատասխան խոսքում պետական մարմնի ներկայացուցիչը մեզ կտրամադրի հնարավորինս մանրամասն ոչ միայն բացատրություններ, այլեւ մասնավորապես կհամաձայնի մարդու իրավունքների դաշտին վերաբերող եւ առնչվող այն օրենսդրական նորմերին, որոնք այստեղ, կարծես թե, գալիս են ուղղակի սահմանափակելու այդ իրավունքները։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Ալավերդյան։ Ելույթներն ավարտվեցին։

Այժմ եզրափակիչ ելույթներին ենք անցնում։ Պրն Աղաբեկյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտությո՞ւն։ Չկա՛։ Պրն Մահտեսյա՞ն։

Ամբիոնի մոտ է հրավիրվում ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը եզրափակիչ ելույթը ներկայացնելու համար։

Ա.ՄԱՀՏԵՍՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, նախ՝ թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել այս շահագրգիռ քննարկումների համար եւ այստեղ հնչած շատ հետաքրքիր առաջարկությունների համար։ Առավել հակիրճ լինելու համար ես կաշխատեմ ներկայացնել իմ եզրափակիչ ելույթը գրավոր։

Նախագծի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ կարծիքներ, այդ թվում՝ տրամագծորեն միմյանց հակադիր։ Նույնիսկ մի քանի պատգամավորների կողմից կասկածի տակ առնվեցին օրինագծերի արդյունավետությունն ու հակակոռուպցիոն ուղղվածությունը, որոնց հետ ես, բնականաբար, համակարծիք չեմ, եւ կփորձեմ հնարավորինս հանգամանալից փաստարկել անհամաձայնությանս հիմքերը։

Հիմնական օրինագծի կարգավորման առարկան սահմանափակում է այն դեպքերը, երբ իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցը կկանգնեցվի ոստիկանի կողմից՝ անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հարբածության ակնհայտ նշաններ ցուցաբերող վարորդը ոստիկանի աչքի առաջ անցնում է կարմիր լույսի տակով կամ չի ենթարկվում ոստիկանի «կանգառ» ազդանշանին։ Եթե հանենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը, ապա նշանակում է, որ ճանապարհային ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկելու եւ զբաղվելու է բացառապես տեխնիկական միջոցով նշածս խախտումները վարչական ակտերով դրանց հասցեատերերին ուղարկելուն։ Ավելին, օրինագծի քննարկվող դրույթը հանելուց հետո իրավախախտում կատարած վարորդները կվիճարկեն հարկադիր կանգնեցումը եւ խախտման փաստով իրավախախտման արձանագրության կազմումը, եւ կպահանջեն իրենց հետ զրուցել միայն լուսանկարը կամ տեսանյութն իրենց հասցեով ուղարկելուց հետո։ Սա նշանակում է, որ ծառայություն կատարող վերակարգերի պրոֆիլակտիկ նշանակությունը լիակատար չեզոքացվում է ճանապարհներից։ Նման անհեթեթ իրավիճակները բացառելու նպատակով սահմանվել է, որ օրենքը չի գործում այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարելիս կամ կատարելուց անմիջապես հետո՝ անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից։ Ոչ մի տեխնիկական միջոց չի կարող փոխարինել ոստիկանին։ Այն կարող է միայն սահմանափակել ոստիկանի շփումներն իրավախախտում կատարած վարորդների հետ։

Չկա աշխարհում որեւէ պետություն, որի ոստիկանությունն անմիջական կոնտակտ չունենա իրավախախտ վարորդի հետ՝ ապավինելով միայն տեխնիկական միջոցների աշխատանքին։ Բացի այդ, ոստիկանը կանգնեցնելու իրավունք ունի միայն իրավախախտում կատարած վարորդին։ Այսինքն՝ հարկադիր կանգնեցման միակ նպատակն իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելն է, որից հետո գործի քննությունն իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով տեսանյութի՝ որպես իրական ապացույցի, օգտագործմամբ, եթե տեխնիկական միջոցով խախտումն ամրագրված լինի։

Շատ խոսվեց այն մասին, որ օրինագծի ընդունումն անհրաժեշտ չէ, քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումները լրիվ բավարար են իրավահարաբերությունների կանոնակարգման համար։ Կարծում եմ, ովքեր ծանոթ են այդ օրենքի 2-րդ հոդվածին, պիտի իրազեկված լինեն, որ 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով։

Որպես առանձին տեսակի վարույթի առանձնահատկություն սահմանող օրինագիծ՝ քննակվող նախագիծը լրիվությամբ համապատասխանում է հիշյալ օրենքի տառին եւ ոգուն, իսկ այն հարաբերությունները, որոնք կծագեն օրինագծի կիրառման ընթացքում եւ չեն կարգավորվի դրանով, ապա կկարգավորվեն «Վարչական հիմունքների եւ վարչական վարույթի» մասին օրենքի դրույթներով։ Ավելորդ չեմ համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքն իրավախախտումների քննության համար հիմնարար իրավաբանական ակտ չէ, հետեւաբար ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների քննությունը չէր կարող ամբողջությամբ սկսվել եւ ավարտվել այդ օրենքով,  այսիքն՝ առանձին օրենքի ընդունումն անհրաժեշտություն է։

Նախագիծը նախատեսում է պարզեցված վարչական վարույթ, սակայն այդ ընթացակարգը բոլորովին էլ վարորդների իրավունքների հաշվին չէ։

Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տուգանքը նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկման օրվանից եւ վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում։ Վարորդը մեկ ամիս ժամանակ ունի վիճարկել վարչական ակտը, եթե գտնում է, որ այն անօրինական է։ Բացի այդ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժով վարչական ակտի դեմ տրվող վարչական բողոքը կասեցնում է վարչական ակտը մինչեւ դրա վերաբերյալ, ըստ էության, որոշում կայացնելը, այսինքն՝ տուգանք չվճարելու իրավական հետեւանքները կարող են հասնել մեկ ամիս եւ առնվազն 10 օր հետո։ Ակնհայտ է, որ օրինագծի պատժիչ նշանակությունն իրապես սահմանափակված է։

Կրկին անգամ հարկ եմ համարում շեշտել, որ վարչական ակտերը դրանց հասցեատերերին իրազեկելու, վարչական ակտերի դեմ բերվող վարչական եւ դատական բողոքները քննության առնելու վերաբերյալ նորմերի բացակայությունը նախագծերում չեն կարող մեկնաբանվել որպես քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ։ Այդ բոլոր իրավապաշտպան մեխանիզմները երաշխավորված են Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով,  կարող են կիրառվել ըստ անհրաժեշտության։ Քննարկվող նախագիծն ընդամենը վարույթի առանձնահատկություններն է սահմանում, որից դուրս գտնվող հարաբերություններն այլ օրենքների կարգավորման առարկա են։

Օրինագծի կարգավորումից դուրս է նաեւ երթեւեկության տեխնիկական միջոցներով վերահսկելու մասին վկայող ճանապարհային նշանների տեղադրման հարցը, սակայն օրինագծի ընդունման պարագայում ՀՀ ոստինկանությունը հանդես կգա ճանապարհային երթեւեկության կանոններ հաստատած ՀՀ կառավարության 955 որոշման մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, եւ համապատասխան նշանի հիմնադրումից հետո համայնքի ղեկավարներին կառաջարկվի դրանք տեղակայել համապատասխան ճանապարհներին։

Կարծիք հնչեց, որ օրինագծի ընդունումը հանգեցնելու է չնախատեսված բյուջետային ծախսերի, քանի որ հայտնաբերվող խախտումների թվի ավելացման հետեւանքով պետք է պահել դրանց վերլուծող ուռճացված մի ապարատ։ Ես իմ հիմնական զեկույցում արդեն նշել եմ, որ այս նախագիծը մշակվել է եվրոպական մի շարք երկրների փորձի ուսումնասիրման հիման վրա, որն իրականացրել են ՀՀ ոստիկանության փորձագետները։ Բոլոր այդ երկրներում երթեւեկության տեխնիկական վերահսկողությունը հանգեցրել է իրավախախտումների կտրուկ նվազեցման։

Այս օրինագծի հաջողության բանալին ոչ թե վարչական պատասխանատվության անխուսափելիությունն է հայտնաբերված բոլոր իրավախախտումների համար, այլ երթեւեկության անվտանգության բնագավառում օրենքի առջեւ բոլորի հավասարության հիմնավորված համոզմունքի ձեւավորումը։

Հարց է ծագում՝ հնարավո՞ր է արդյոք չարաշահումներ իրավախախտումների վերլուծության ընթացքում։

Այս հարցն իրավացիորեն բարձրացրեցին նաեւ մի շարք պատգամավորներ։ Մենք հեռու ենք այն մտայնությունից, թե այս օրինագծի ընդունումից հետո չարաշահումներն իսպառ բացառվելու են։ Գոյություն չունի այնպիսի վարչական լիազորություն, որը չչարաշահվի։ Սակայն դրանց դեմ պայքարելիս ենթակա ստորաբաժանումների նկատմամբ վարչական հսկողությունն ուժեղացնելու, չարաշահումների հնարավորությունն իրապես նվազեցնելու նկատառումներով ոստիկանությունը նախագծում է մի շարք իրավական եւ կազմակերպական աշխատանքներ, որոնցից մի քանիսը տեղ կգտնեն նաեւ օրինագծի կիրարկման միջոցառումների ծրագրում։ Մասնավորապես, նախատեսվում է ծառայության վերջում տրանսպորտային միջոցների մեջ տեղադրված սարքերից տեսանյութերը պատճենահանել եւ դրանց զուգահեռ պարբերաբար վերլուծել ճանապարհային ոստիկանության կառուցվածքում չգտնվող ստորաբաժանման կողմից՝ համադրելով պատճենում եւ բնօրինակում հայտնաբերված խախտումների թիվը եւ հայտնաբերված խախտումներն ու ուղարկված վարչական ակտերը։

Հաջորդը։ Գնումների ընթացակարգով հաղթած անկախ առեւտրային կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր, ըստ որի՝ կազմակերպությունը կզբաղվի իրավախախտումների վերլուծությամբ եւ ճանապարհային ոստիկանության անունից կիրականացվի վարչական ակտերով նախատեսված գումարների հավաքագրումն ու դրանց դատական բռնագանձումը՝ դրա դիմաց ստանալով պայմանագրային վճար։

Այս վերջին տարբերակը հաջողությամբ կիրառվում է բալթյան պետություններում։ Ունենալով նյութական շահագրգռվածոթյուն եւ պայմանագրային պատասխանատվություն ոստիկանության առջեւ՝ կազմակերպությունն ուղղակիորեն ձեռնպահ կմնա իրավախախտումների պարտակումից։

Ճանապարհների հետ կապված։ Ես համակարծիք եմ այն պատգամավորների հետ, որ որոշ ճանապարհների անմխիթար վիճակն իրավախախտումներ ծնող պատճառ կամ նպաստող պայման են դառնալու։ Սակայն չեմ կարծում, որ վարորդները տույժերի են ենթարկվելու անկախ իրենց մեղքից։ Եթե վարորդը կարծում է, որ ենթարկվել է անհիմն պատասխանատվության, ապա կարող է բողոքարկել վարչական ակտը վարչական ակտով։ Եթե պարզվի, որ նրա արարքում բացակայում է մեղքը կամ խախտումը կատարելիս նա գտնվել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, ինչպես նշվեց այստեղ, ասենք՝  լուքի պարագայում, ապա այդպիսի վարույթը կկարճվի օրենքով սահմանված կարգով։

Երթեւեկության անվտանգության բնագավառում կատարվող իրավական բարեփոխումների արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացվեց մի շարք նորմերով, որոնք ուժեղացնում են քննարկվող նախագծի պետական ապահովվածությունը։ Օրինակ, եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործող վարույթն իրականացնող մարմնի վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու մասին միջնորդության ուղղությամբ միջոցներ չձեռնարկվեն, ապա մեղավորները կենթարկվեն վարչական տուգանքի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։

Շնորհակալություն, այսքանը։ Կխնդրեի այս օրինագծերի փաթեթն ընդունել 1-ին ընթերցմամբ։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց։

Անցնում ենք հաջորդ նախագծի քննարկմանը՝ կառավարության կողմից ներկայացված «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը։ Հիմնական զեկուցող՝  գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյան, հարակից զեկույցը՝  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյան։

Խնդրեմ, պրն Լոքյան։

Դ.ԼՈՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում «Օրգանական գյուղատնտեսության մասին» ԱԺ ներկայացված օրենքը  3-րդ ընթերցմամբ։ Օրենքի մասին բազմիցս խոսվել է եւ՛ հանձնաժողովներում, եւ՛ ԱԺ-ում 1-ին եւ 2-րդ ընթերցումների ժամանակ։ 3-րդ ընթերցումից առաջ օրենքը մանրամասն քննարկվել է պրն Բոստանջյանի հետ։ Բոստանջյանը ներկայացրել է որոշակի առաջարկություններ, որոնք ընդունվել են։ Ուղղակի քննարկում է եղել նաեւ ՀՅԴ ֆրակցիայում, որը, փաստորեն, արձանագրային մասով չի ներկայացվել։ Նրանց կողմից ներկայացված առաջարկությունը հեշտացնելու սերտիֆիկացման խնդիրները օրգանիկ սննդամթերքի նույնպես մեր կողմից ընդունվել են եւ համապատասխան, ուրեմն, նկատառումները հաշվի են առնվել։

Օրենքն անհրաժեշտ է։ Պետք է ես ուրախացնեմ նաեւ ձեզ, որ  միջազգային համապատասխան կազմակերպություններից Հայաստանում արդեն մեկ մարմին սերտիֆիկացվել է, որը հնարավորություն ունի օրգանիկ սննդամթերքի սերտիֆիկատ տրամադրել մեր տնտեսություններին, որոնք կզբաղվեն այս գործառույթով։

Գործառույթը բավականին լուրջ արձագանք ունի մեր տնտեսություններում, եւ բավականին շատ ձեռնարկատերեր ուղղակիորեն անցել են այս ուղղությամբ աշխատանքների։ Մնում է, որպեսզի մենք կարողանանք համապատասխան ենթաօրենսդրական ակտերով կանոնակարգել այդ պրոցեսը եւ միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք թույլատրել Հայաստանից արտահանելու կամ հենց նույն Հայաստանի տարածքում ունենալու օգտագործման համար։ Այսքանը, խնդրում եմ հաստատել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Լոքյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Ելույթի համար ձայնը տրվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանին։

Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ մենք 3-րդ ընթերցմամբ ենք քննարկում, որի ժամանակ հարցեր եւ ելույթների ընթացակարգ նախատեսված չէ։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Ըստ էության սա 3-րդ քննարկումն է։ Մինչ այս կատարվել է համատեղ աշխատանք, ինչպես արդեն նշվեց։ Ես կուզենայի ասել մեր քննարկվող «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես միշտ, կոռեկտ, բարձր մակարդակի է եղել, հանձնաժողովը տալիս է իր դրական եզրակացությունը 3-րդ ընթերցման համար։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բոստանջյան։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցն է՝ կառավարության կողմից ներկայացված «Կազմակարպեությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0% դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է։ Հիմնական զեկուցող՝ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյան, հարակից զեկույցը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան։

Խնդրեմ, պրն Լոքյան։

Դ.ԼՈՔՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Պետրոսյան։

Հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում մի կարեւոր փոփոխություն, որը նախաձեռնվել է կառավարության կողմից, որպեսզի մենք այնպիսի կարեւոր ապրանքատեսակներ, եթե կարելի է այդպես անվանել, տոմային կենդանի, տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասուններ եւ այլն, ցանկով այն տրված է, ազատվեն ավելացված արժեքի հարկից եւ ՀՀ թույլատրվի ներմուծել սահմանի վրա 0 դրույքաչափով։

Ես ներկայացնեմ ձեզ, որ ՀՀ-ում արդեն մեկ տարի է սկսվել է խոշորածավալ մեկ ծրագիր, որպեսզի մենք կարողանանք ապահովել հանրապետության պահանջարկն անհրաժեշտ կաթնամթերքով, մսով, թռչնամսով, եւ անհրաժեշտություն է ծագել, որպեսզի մենք երկիր ներկրենք բարձրարժեք գենետիկ հատկանիշներով օժտված որոշակի անասնագլխաքանակ կամ թռչուն, կամ, եթե կարելի է ասել, ձկնատեսակներ։

Այս հարցն առաջ էր բերում որոշակի դժվարություններ, քանի որ սահմանի վրա ներմուծվող, առանց այդ էլ բավականին թանկ արժող ապրանքատեսակի համար ուղղակիորեն ֆերմերը վճարում էր 20% ավելացված արժեքի հարկը։ Տարրական օրինակ, պետական որոշակի ծրագրերով ՀՀ ներկրվում են Ավստրիայից 3 տեսակի խոշոր եղջերավոր անասուններ՝ հորշտեյն, շվից եւ սեմենտալ, եւ բավականին բարձր գնին զուգահեռ սահմանի վրա ներկրողները վճարում էին ավելացված արժեքը, որը փոքրացնում էր ներկրման ծավալները հանրապետություն։

Երկար քննարկումների արդյունքում ֆիքսվեց մեկ բան, որպեսզի ունեցած դրամական ռեսուրսն ավելի արդյունավետ օգտագործել եւ ավելի մեծ գլխաքանակով անասուն կարողանալ բերել՝ տոհմային, որը կդառնա այն գենետիկ ռեսուրսը, որը կմեծացնի այդ զանգվածը եւ մինչեւ 2012թ. հնարավորություն կտա պետական այդ խոշորածավալ ծրագիրը՝ մինչեւ 800 հազար տոննա կաթնամթերք արտադրելու խնդիրը լուծել։ Այս առաջարկությունը կառավարության կողմից ընդունվեց եւ ներկայացվեց ԱԺ։

Քննարկվել է հանձնաժողովում, պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ կողմ են եղել այս նախաձեռնությանը, հիմա դրված է դա ձեր դատին։ Խնդրում եմ ընդունել։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում հարցերի համար։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Արմեն Մարտիրոսյան։ Խնդրեմ, պրն Մարտիրոսյան։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Լոքյան, ամեն ինչ հասկանալի է, ամեն ինչ պարզ է, շատ լավ օրինագիծ է, բայց մի այսպիսի հարց ունեմ։ «Կենդանի ձկներ» հասկացությանն է վերաբերում, մնացածը՝ տոհմային, պարզ է ինչի համար են նախատեսված։  Կենդանի ձկներ, ասետրինա են բերում, եւ ՀՀ-ում այսօր նույնպես ասետրինա բուծվում է։ Հիմա մենք ինչպե՞ս իմանանք, սա բերվում է բուծելո՞ւ համար, թե՞ սա վաճառքի համար է լինելու։ Ըստ էության, երկուսն էլ կարող են կենդանի բերվել։

Դ.ԼՈՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցադրումը բավականին ուղիղ էր։ Այդ խնդիրը կար նաեւ նախկին քննարկումներում՝ ի՞նչ նկատի ունենք կենդանի ձկներ եւ ի՞նչին է վերաբերում սա։ Հիմնականում մենք այս խնդիրը չենք կարողացել պարզագույն ձեւակերպում տալ այս փաստաթղթում՝ պայմանավորված մաքսային մարմիններում համապատասխան դասիչի հետ կապված։ Մեզ ավելի շատ այստեղ հետաքրքրում է ոչ թե կենդանի ձուկը որպես այդպես կենդանի պետք է տեղափոխվի ՀՀ, այլ կենդանի ձուկ, զիգոդա բեղմնավորված ձվաբջիջ, այս բոլորը դասակարգված են մեկ դասիչի տակ։ Մենք ստիպված, որպեսզի չհանենք այս տողը, եթե ես չեմ սխալվում, պրն պատգամավոր, նաեւ հանձնաժողովում եք դուք այդպիսի հարց բարձրացրել։ Իմ տեղակալն ինձ փոխանցել է, ես այդ բացատրությունը տվել եմ։ Ասել եմ, որ ավելի լավ է մենք այս օրինագծով ընդունենք այս ձեւակերպումը, բայց նաեւ պարտավորվենք, որ առաջիկայում մաքսային մարմինների հետ դասիչը կփոխենք եւ «կենդանի ձուկ» հասկացությունը դուրս կգա, այնտեղ կառանձնացվի «կենդանի ձուկը», «զիգոդան», «բեղմնավորված ձվաբջիջ» հասկացությունները, եւ մեզ մոտ բոլոր թյուրիմացությունները կվերջանան։ Ավելի շատ ես վախեցել եմ հիմա օրինագծից սա հանեմ, հետո ավելի դժվարությամբ մտցնենք ԱԺ եւ փոփոխությունը կատարենք, բայց ընդունենք օրինագծով սա, համապատասխան փոփոխությունն անենք մաքսային դասիչում, որպեսզի նաեւ դժվարություն չստեղծենք, քանի որ այսօր իրավմամբ Դանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից բավականին մեծ քանակներով ներմուծվում է բեղմնավորված զիգոդա, ձկնկիթ, ձվաբջիջ եւ այլն։ Սա՛ է բացատրությունը։ Միանշանակ ճիշտ է ձեր նկատառումն այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալ եմ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին։ Շնորհակալություն, պրն Լոքյան։

Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին։ Խնդրեմ, պրն Այվազյան։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, նախ՝ առաջինը, օգտվելով իմ ամբիոն բարձրանալու առիթից, շնորհավորում եմ մեր բոլոր մայրերին, ՀՀ բոլոր կանանց ապրիլի 7-ի կապակցությամբ, եւ անցնեմ բուն պարտականությանը։ Որպես հարակից զեկուցող, գլխադասային հանձնաժողով, կազմակարպեությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0% դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ապրանքների ցանկը հաստատելու հանրապետության կառավարության նախաձեռնությունն օրենքի փոփոխության մեջ հանձնաժողովում հանգամանալից քննարկվեց եւ հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ընդունելու սույն օրենսդրական փոփոխությունը։ Նաեւ եղան այստեղ առաջարկություններ, որովհետեւ օրենսդրական նախաձեռնությունը միտված է զարկ տալու գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնապահության, բուռն զարգացմանը, որ վերջին տարիներին բուռն զարգացում է ապրում։ Եվ այն ցանկը, որ համալրվում է, դա հնարավորություն է ընձեռելու նաեւ տոհմային նոր տեսակներով ներմուծվող այս կենդանիների համար կիրառել 0 դրույքաչափ, որը հնարավորություն կտա էլ ավելի խթանելու մեր տնտեսվարողներին եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, որպեսզի իրականացնեն սույն գործունեությունը։

Մասնավորապես, հանձնաժողովում նաեւ առաջարկություն եղավ կառավարությանը, որ այս ցանկը նաեւ համալրել ձկնային կերի ներմուծման, մասնավորապես այդ խնդիրները, որպեսզի մենք իրականացնենք, բայց կառավարության կողմից նորից, եւ պատգամավոր, պրն Մարտիրոսյան, ձեր կողմից բարձրացված հարցադրմանն այստեղ եղավ այս բացատրությունը, որ ծածկագրի, այսինքն՝ դասիչի մեկ միասնական լինելու խնդրի մեջ, որը հնարավորություն կտա այդ կերերը որպես այդպիսին, որպես բաղադրամաս բերելու դեպքում օգտագործելով այլ նպատակով, այսինքն՝ կարող է ցորեն, գարի բերեն եւ որպես կեր չօգտագործեն, այսինքն՝ կոմբիկերի տակ չօգտագործեն, մենք առաջարկություն արեցինք կառավարությանը, եւ կառավարությունն ընդունեց այս առաջարկությունը, որ հետագայում ինքը ներկայացնի համապատասխան օրենսդրական փոփոխությունն արդեն դասիչի հետ կապված, որպեսզի մենք կարողանանք, եթե մենք ուզում ենք ավելացնել, համենայնդեպս, տվյալ արտադրատեսակները, ինչպես նաեւ բուռն նաեւ զարգացում տալ այդ տեսակի, այսինքն՝ անասնապահական որոշակի ոլորտներին, ապա շատ կարեւոր է նաեւ ոչ միայն տոհմային անասունները, կամ նախնական ժամանակահատվածում նաեւ այդ կերային բազայի ստեղծման խնդիրը։ Ուստի, այնպես որ, միանշանակ այս ֆորմատի վրա մենք ավարտեցինք եւ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ հետագայում ակնկալելով, որ այս դրական փոփոխությունը կառավարության կողմից նույնձեւ կա...

Սա՛ է, եթե կան հարցեր, ես կփորձեմ պատասխանել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում հարցերի համար։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Արծվիկ Մինասյան։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Այվազյան, հիմնավորման մեջ մի դրույթ կա, որ ասում է՝ մինչեւ 2004թ. հունվարի 1-ը ՀՀ-ում ներմուծվող կենդանիների համար ավելացված արժեքի հարկ չի գանձվել, սակայն հետագայում անհասկանալի պատճառներով փոփոխություն է կատարվել այս օրենքում։ Հանձնաժողովում քննարկվե՞լ է, թե ո՞վ է եղել այն ժամանակ նախագծի հեղինակը եւ ի՞նչ պատճառներով է փոփոխությունը եղել։ Մասնավորապես, նույն տոհմային կենդանի, թռչուններ, հա՞, նախորդ ձեւակերպման մեջ ընդամենը կենդանի, մի քանի բաներ էին նախատեսված, եւ արդյոք ի՞նչ բացասական հետեւանքներ է առ այսօր ունեցել այս բացթողումը, եթե քննարկվել է։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Պրն Մինասյան, հանձնաժողովում սույն դրույթը չի քննարկվել։ Ինձ թվում է, սա ավելի շատ վարչարարության եւ կոնկրետ կառավարության որոշումների միջեւ ընկած խնդիր է։ Ինձ թվում է, իր վերջին ելույթում պրն Լոքյանն ավելի կմանրամասնի, թե ինչ մեխանիզմներով է, որ հիմնականում մինչեւ այդ ժամանակահատվածը չի գանձվել։ Եթե ես չեմ սխալվում, այնտեղ միայն ընտանի թռչուններ, տոհմային թռչուններ անվան տակ է գրված եղել եւ կիրարկման մեխանիզմների մեջ է եղել այստեղ առաջարկությունը, որովհետեւ այս հարցը հնուց գալացող մշտական այդ վեճն է առաջ գալիս, թե օրենքի մեկնաբանությունն ում վրա է մնում։ Շատ դեպքերում մեր Սահմանադրությամբ կիրարկողի վրա է թողնվում, եւ կիրարկողը տվյալ դեպքում կայանում է Մաքսային վարչությունը, այսինքն՝ կառավարությունը  դիտարկենք, ապա կառավարության մեկնաբանությունն է գալիս։ Պիտի ԱԺ-ին տրված լիներ այս իրավասությունը՝ օրենքի մեկնաբանության խնդիրը։ Ինձ թվում է, շատ ավելի հանգամանալից այս...(չի հասկացվում) մենք կփորձեինք մեկնաբանել։

Եթե բավարարված է, այսքանը կասեմ։ Մնացածը երեւի, կառավարության որոշումը, պրն Լոքյանն իր եզրափակիչ ելույթում կներկայացնի։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարցերն ավարտվեցին, շնորհակալություն։

Հերթագրում ելույթների համար։

Հերթագրվել են երկու պատգամավորներ։ Առաջին ելույթը՝ պատգամավոր Արմեն Մարտիրոսյան։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Այնուամենայնիվ գտնում եմ, որ շատ կարեւոր օրենսդրական նախաձեռնություն է։ Հաշվի առնելով, որ հիմնավորման մեջ արդեն իսկ բերված է, որ գյուղատնտեսական համախառն արդյունքի 42 %-ը կազմում է անասնաբուծական արտադրանքը, պետք է նշեմ, որ մենք, ըստ էության, կարող ենք եւ պետք է խոշոր անասնապահական արտադրանք ունենանք Հայաստանում, քանի որ, ըստ էության, այս ոլորտի խթանումն ամեն կերպ բերելու է նրան, որ բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջաններում, իսկ հիմնականում այնտեղ է, որ անասնապահությունը զարգացած է լինում, լուծելու է մեր առջեւ դրված այն խնդիրը, որ կարողանանք գյուղացուն, մեր բնակչին պահենք իր գյուղում։

2-րդ մտահոգությունը, որ ունեմ, ըստ էության, այսօր բավականին բուռն կերպով փորձում է զարգանալ ձկնաբուծությունը եւ, ըստ էության, մենք բավականին, այսպես ասած, հզորություններ ունենք, բնական ռեսուրսներ ունենք, որ կարող ենք խթանել տնտեսության այս ճյուղը եւս։ Սակայն ինձ հանդիպած տնտեսվարող սուբյեկտները բողոքում են, որ ձկնակերի հետ կապված պրոբլեմներ են առաջացել։

Ես կխնդրեի կառավարությանը՝ ի դեմս ձեզ, պրն Լոքյան, որպես գյուղատնտեսության նախարար, որ շատ արագ կերպով քայլեր ձեռնարկվեն այս ուղղությամբ, եւ կենդանի ձկները, որոնք մենք ներմուծելու ենք բազմացումն ապահովելու համար, ձկնաբուծությունը մեզ մոտ ձագ տալու համար, դրան զուգահեռ նաեւ ընթանա կերի հետ կապված խնդրի լուծումը։

Ես կողմ եմ այս օրինագծին, նման օրինագծերը պետք է ավելի հաճախ լինեն։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Վարդան Բոստանջյան։ Խնդրեմ։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես կուզենայի խոսել մեր կողմից ընդունվող օրենքների որակական կողմի մասին։ Շատ դեպքերում, ուրեմն, մենք ընդունում ենք օրենքներ, որոնք չենք էլ հասկանում՝ դա պետք էր ընդունել, պետք չէր ընդունել, ժամանակն է դրա համար, թե՝ ոչ։ Հիմա, մասնավորապես գիտենք, չէ՞, մեր երկիրը գտնվում է տարբեր տեսակի դժվարությունների մեջ։ Եկել են ստեղ, ի՞նչ են ասում, ասում են՝ արեք, մաշնեն կանգնեցնենք, ձեռքից փող վեկալենք։ Ամեն ինչ ճշտվել էր, դզվել էր, այդ փող վեկալելու ինստիտուտն է մնացել, հա՞, հետո էլ ասում են թող գնա, դատական կարգով բողոքի։ Ո՞ւմ բողոքի։ Ո՞ր մեկի դատական կարգով բողոքումը կանցնի։ Լա՛վ, այդ մասին չեմ ուզում խոսել, ես օրենքի մասին եմ ուզում խոսել։

Ինքը, ըստ էության, մի էջի վրա գրված մի օրենք է, բայց չափազանց կարեւոր օրենք ՀՀ-ի համար։ Մասնավորապես ու հատկապես, պատկերացրեք, ամբողջ գյուղատնտեսական համախառն արտադրանքի, ինչպես Մարտիրոսյանն ասաց, ինչպես այստեղ է գրված, 42 %-ը կազմում է հենց անասնաբուծությունը։ Եվ պատկերացրեք, այդ սուղ ֆինանսական մեր միջոցների պարագայում մենք չկարողանանք տոհմաբուծությունն ինչպես պետք է, այդպես զարգացնել։ Առավել եւս 2004թ. մինչեւ եղել ա։ Մինչեւ եղել ա, հիմա էլ հասկանալի է ու գիտենք, որ ահագին, ուրեմն, տոհմաբուծությանը չվերաբերող կենդանիներ դրա համար հանվել է այն ժամանակ, հիմա, ուրեմն, կոռեկտ, կառավարության կողմից բերված է մշակված լավ նախագիծ, որը պարզապես այդ ֆինանսական դժվարությունը, պրեսն իջեցնում է, վերացնում է, ինչը, իմ կարծիքով, պետք է զարկ տա այս ուղղությամբ, տոհմաբուծության ուղղությամբ զարգացումները խթանելու, արագացնելու համար։

Եվ ընդհանրապես հանձնաժողովում քննարկման պարագայում բոլորը միաձայն, այո՛, «Ժառանգությունն» էլ է մասնակցում մեր քննարկումներին, տվեցին դրական կարծիք այս վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ մենք այդպես էլ կընդունենք 1-ին ընթերցմամբ։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ելույթներն ավարտվեցին։

Պրն Լոքյա՞ն...

Եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին։

Դ.ԼՈՔՅԱՆ

-Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել պատգամավորներին սրտացավության, խնդիրը գնահատելու...

Հարցի պատասխանը՝ 2004թ. ինչո՞ւ է այս փոփոխությունը եղել։

Նոր դասիչներ կիրառելու պարագայում Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն այդ փոփոխությունն իրականացրել էր, քանի որ բավականին լուրջ դժվարություններ էր ձեւավորվել ներկրման պարագայում, երբ տոհմային անասուն, սովորական էլիտար կամ սուպեր էլիտար սերմ, սովորական հացահատիկ, այս պրոբլեմներն էին ձեւավորվել։ Համապատասխան, բնական է, գերատեսչությունը՝ Գյուղնախարարությունը, այս խնդրում լուրջ առարկություններ էր ներկայացնում, բայց կար պրոբլեմը եւ պրոբլեմը փոխվեց այս պարագայում։ Իսկ հիմա, երբ Հայաստանում արդեն կառավարությունը ձեւակերպել է իր 2 խոշոր հայեցակարգերը՝ սերմնաբուծության եւ անասնաբուծության մասին, դրանք կառավարության համապատասխան որոշումներով ընդունված են, պրոցեսը դրված է գործածության մեջ։ Նաեւ մշակվել են մեխանիզմներ, որոնք թույլ չէին տալու համապատասխան սահմանային կետում կամ մաքսազերծման պարագայում ոչ տոհմային անասունը կամ ոչ էլիտար կամ սուպեր էլիտար սերմը սովորական պարենային հացահատիկի փոխարեն անցնի 0 դրույքաչափով սահմանի վրա։ Այս պարագայում, կարծում եմ, կառավարությունը ճիշտ է գտել՝ վերադառնալ հին որոշումը գործածության մեջ դնելու։ Ավելի շատ երեւի երկրում մենք անպատրաստ ենք եղել օրինական դաշտում այս խնդիրները կարգավորելու։ Առաջիկայում կառավարությունը ձեզ կներկայացնի նաեւ սերմերից NDS-ը, ավելացված արժեքի հարկը սահմանին չգանձելու օրինագիծը, որը կառավարությունում է, եւ սրանով նորից մենք այդ ընդհանուր գործը, որ միասին ձեւակերպել ենք, կդրվի ընթացքի մեջ։

Շնորհակալություն եմ հայտնում օրինագծի համար, առաջարկված փոփոխությունները կիրականացնենք։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Լոքյան։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Մենք անցնում ենք հաջորդ հարցերի քննարկմանը։

Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ հաջորդող հարցերը կլինեն քառօրյա օրակարգի 3-րդ բաժնի 4-րդ, 5-րդ, 27-րդ եւ 28-րդ հարցերը, մեկ փոփոխություն ունենք։

Այժմ մենք սկսում ենք քննարկել կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան, հարակից զեկույցը՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան։

Խնդրեմ, պրն Սարգսյան։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Տիկին Պետրոսյան, ես նույնպես ուզում եմ օգտվել այս բացառիկ հնարավորությունից, որ դուք եք այսօր նախագահում նիստը, ուզում եմ ձեզ եւ ի դեմս ձեզ մեր բոլոր սիրելի կանանց շնորհավորել Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ եւ ցանկանալ երջանկություն։

Իսկ այժմ ավելի պրոզայիկ թեմայի շուրջ։ Դա «Տուրքերի մասին» օրենքի նախագիծն է, որտեղ մենք կատարում ենք փոփոխություն, որի նպատակն է 2 օրենքների միջեւ եղած տարընթերցումները վերացնել։ Մասնավորապես, դուք հիշում եք, որ «Կենտրոնական բանկի մասին» օրենքով մենք ընդունել ենք մի հայեցակարգ, որը ենթադրում է, որ Կենտրոնական բանկն իր եկամուտների եւ ծախսերի տարբերությունը 20% պահուստավորման ֆոնդի ձեւավորումից հետո ամբողջությամբ փոխանցում է բյուջե։ Այս հայեցակարգը ենթադրում է, որ բոլոր տեսակի հարկերից եւ տուրքերից Կենտրոնական բանկը պետք է ազատված լինի, քանի որ հենց եկամուտների եւ ծախսերի տարբերությունն ամբողջությամբ է բյուջե փոխանցվում։ Այդ հայեցակարգի հիման վրա գրված է «Կենտրոնական բանկի մասին» օրենքը։ Ցավոք սրտի, «Տուրքերի մասին» օրենքում այդ գրառումը հակասում է այս հայեցակարգին։

Այս փոփոխություններով մենք այդ հակասությունները վերացնում ենք։ 1-ից 2-րդ ընթերցումների ժամանակահատվածում մենք չենք ստացել դիտողություններ եւ առաջարկություններ, ուստի կխնդրեի հարմար պահին 2-րդ ընթերցմամբ դնել «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը քվեարկության։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սարգսյան։ Քանի որ գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել, ուստի հիմնական զեկուցողին հարցեր չեն ուղղվի։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը։

Այժմ մենք կլսենք հարակից զեկույցը՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան։ Խնդրեմ, պրն Մինասյան։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ես եւս ուզում եմ միանալ մեր այն բոլոր հռետորներին, որոնք իրենց ելույթը սկսեցին մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին այս գեղեցիկ տոնի առիթով շնորհավորելով։ Ես եւս շնորհավորում եմ, ցանկանում եմ նպատակների իրականացում եւ մեծ երջանկություն, կանացի մեծ երջանկություն։

Ինչ վերաբերում է այս օրինագծին, ապա հիմնական զեկուցողը, ըստ էության, արդեն ասաց, որ Կենտրոնական բանկն իր բոլոր ծախսերի եւ եկամուտների տարբերությունը  փոխանցում է պետական բյուջե, եւ ներկայացված օրենսդրական առաջարկությունը նպատակ ուներ ընդամենը վերացնելու երկու գործող օրենքների միջեւ հակասությունը։ Բնականաբար, որեւէ առաջարկություն չի ներկայացվել պատգամավորների կողմից, ըստ էության, այն պատճառով, որովհետեւ հարցը շատ հստակ է եւ լուծումը, կարծում եմ, անվրեպ։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան։

Հերթագրում ելույթների համար։ Հերթագրված պատգամավորներ չկան, ենթադրաբար եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցն է։ Հիմնական զեկուցող՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան, հարակից զեկույցը՝ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական  հանձնաժողովինն ա։

Խնդրեմ, պրն Սարգսյան։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քանի որ 2-րդ ընթերցմամբ ենք ձեր ուշադրությանը ներկայացնում «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, ես հակիրճ կհիշեցնեմ ձեզ, թե ինչի մասին է խոսքը։

Մենք էապես ընդլայնում ենք վարկային կազմակերպությունների հնարավորությունները, քանի որ վերջին տարիների ընթացքում ԱԺ կողմից ընդունված «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքը բավականին լայն հնարավորություններ էր ընձեռել վարկային կազմակերպությունների համար զբաղվելու վարկավորմամբ։ Այդ օրենքն իրեն ամբողջությամբ արդարացրել է այն առումով, որ մենք ունենք կայուն եւ հուսալի վարկային կազմակերպություններ։ Այդ վարկային կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք իրենց լիազորություններն ավելացնել մասնավորապես այն դրույթով, որ նրանք կարող են թողարկել պարտատոմսեր ոչ միայն իրավաբանական անձանց համար, այլ նաեւ ֆիզիկական անձանց համար, ինչը, բնականաբար, ստեղծում է ավելի բարենպաստ պայմաններ վարկային կազմակերպությունների գործունեությունն ընդլայնելու համար։ Սա հիմնական առանցքային դրույթն էր այս փոփոխությունների։

2-րդ դրույթը կայանում էր նրանում, որ մենք մեր օրենսդրության մեջ ունեինք մեխանիզմ, որը հնարավորություն էր տալիս բանկին դառնալ վարկային կազմակերպություն սահուն կերպով։ Այս փոփոխությամբ մենք  հնարավորություն ենք տալիս նաեւ վարկային կազմակերպություններին սահուն կերպով դառնալ առեւտրային բանկ, ինչը, բնականաբար, հետաքրքրությունը վարկային կազմակերպությունների նկատմամբ ՀՀ-ում կավելացվի, շատերը կցանկանան հենց իրենց բանկային բիզնեսը սկսել փուլ առ փուլ՝ սկզբում ունենալով վարկային կազմակերպություն, մասնագիտանալով այդ ոլորտում, հետագայում գրանցել բանկ։

Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ 1-ից 2-րդ ընթերցումների ժամանակահատվածում մենք դիտողություններ եւ առաջարկություններ չենք ստացել, այդ իսկ պատճառով կխնդրեմ հարմար պահին այս փաթեթը նույնպես դնել քվեարկության։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սարգսյան։

Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին։ Խնդրեմ, պրն Մինասյան։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը կարեւորը մի խնդիր է լուծում։ Ըստ էության, մենք ունեինք 2 տարբեր գործառույթներ իրականացնող կազմակերպություններ, դրանք վարկային կազմակերպություններն էին եւ բանկերը։ Նրանք ունեին բավականին տարբեր ընթացակարգեր, բավականին բարդ ընթացակարգեր մեկից մյուսն անցնելու համար։ Որպեսզի վարկային կազմակերպությունը, որն արդեն բավականին հաջողակ բիզնես է կիրառում, հնարավորություն ունենա անցնելու բանկի, ինքը պետք է սկսի այն նույն լիցենզավորման գործընթացը՝ բավականին բարդ եւ տեւական ժամանակ պահանջող, որն իրականացնում է ցանկացած բանկ 0-ից, որպեսզի գրանցվի։

Ներկայացված առաջարկությունը նպատակ ունի իրականացնել այն վարկային կազմակերպությունների համար, որոնք հաջողակ գործունեություն են ծավալում հենց վարկային կազմակերպությունների տանիքի տակ, դեպի բանկ իրենց գործունեությունը տեղափոխելու, այդ տեղափոխումն իրականացնել բավականին անցավ եւ հեշտ մեխանիզմով՝ շարունակելով իրենց գործունեությունը վարկային կազմակերպության տանիքի տակ։

Ըստ էության, այս փոփոխությունը բխում է հենց ռեալ, իրական կյանքից, որովհետեւ մի շարք վարկային կազմակերպություններ հաջողակ իրականացնելով իրենց գործառույթները վարկային կազմակերպությունների շրջանակներում՝ կուտակել են փորձ եւ հնարավորություններ, որը թույլ է տալիս նրանց իրականացնել նաեւ իրենց գործունեությունը որպես բանկ։ Այս գործընթացը թեթեւացնելու եւ հեշտացնելու նպատակին է հետապնդում այս օրենսդրական նախաձեռնությունը։

Պիտի հիշեցնեմ, հարգելի գործընկերներ, որ մենք, ըստ էության, մեր հանձնաժողովը միաձայն կողմ է քննարկել եւ՛ 1-ին, եւ՛  2-րդ ընթերցմամբ այս օրենդրական նախաձեռնությանը, այս դահլիճը եւս 1-ին ընթերցմամբ կողմ է քվեարկել։

Քանի որ առաջարկություններ չկան, ես կարծում եմ, որ մեր պատգամավորները եւս պատրաստ են կողմ քվեարկել այս նախաձեռնությանը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան։

Հերթագրում ելույթների համար։ Ելույթներ չկան։ Եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Անցնում ենք հաջորդ նախագծին՝ կառավարության կողմից ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ «Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը։ Հիմնական զեկուցող՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան։ Խնդրեմ, պրն Սարգսյան։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ի տարբերություն նախորդ երկու օրենքների նախագծերի, այս օրենքի նախագիծը, փողերի լվացման դեմ պայքարի փաթեթն ամբողջական 1-ից 2-րդ ընթերցումների ժամանակահատվածում ստացել է բազմաթիվ առաջարկություններ, որոնք եւ ձեզ ներկայացված են գրավոր ձեւով։ Այսպիսի լրացումները եւ փոփոխությունները 2-րդ ընթերցումների ժամանակահատվածում պայմանավորված են մի շարք հանգամանքներով։ Ես կնշեմ 2 կարեւորագույն հանգամանք։

Առաջինը կայանում է նրանում, որ օրենքն անցել է նաեւ տեխնիկական էքսպերտիզա, մասնավորապես, արժույթի միջազգային հիմնադրամի կողմից եւ բազմաթիվ իրավաբանական տեխնիկայի հետ կապված ճշգրտումներ են կատարվել, որպեսզի մեր օրենքի նախագիծն առավելագույնս համապատասխանի միջազգային ստանդարտներին եւ որպեսզի ձեւակերպումները լինեն ճշգրիտ, որպեսզի հետագայում նաեւ թարգմանությունների ժամանակ թյուրիմացություններ չառաջանան։ Այս հանգամանքը կարեւոր է նրանով, որ մենք ձեզ հետ միասին վավերացրել ենք բոլոր միջազգային պայմանագրերը՝ փողերի լվացման դեմ պայքարի, տեռորիզմի ֆինանսավորման դեմ պայքարի առումով, եւ մենք դրանով իսկ վավերացնելով այդ միջազգային կոնվենցիաները եւ պայմանագրերը՝ դարձել ենք միջազգային ցանցի անդամ։ Դա նշանակում է, որ մեր խաղի կանոններն ամբողջությամբ պետք է համահունչ լինեն այդ ցանցի կանոնների հետ եւ տարընթերցումներ չպետք է լինեն։ Սա առաջինը։

2-րդ՝ դուք գիտեք, որ ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի աշխատանքներին մասնակցում են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները՝ Արտաքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը, ԱԱ-ը, դատախազությունը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, հարկային եւ մաքսային մարմինները, ինչպես նաեւ այդ միջգերատեսչական հանձնաժողովին կից գործում է նաեւ էքսպերտային խումբ։ Այդ միջգերատեսչական հանձնաժողովով եւս անցել է այս փաթեթը՝ նպատակ ունենալով ապահովել, որպեսզսի օրենքի նախագծերն ամբողջությամբ համապատասխանեն մեր օրենսդրության կանոններին եւ այդտեղ նույնպես չլինեն հակասություններ։

Այս երկու աշխատանքները մեզանից բավականին մեծ ժամանակ են խլել։ Այն փաթեթը, որ ձեզ ներկայացված է, հաշվի է առել այդ երկու հեղինակավոր կառույցների առաջարկությունները եւ դիտողությունները, ինչի համար էլ ձեզ խնդրում ենք, որպեսզի դուք արդեն վերախմբագրված եւ վերաշարադրված օրենքի նախագիծը հարմար պահին դնեք քվեարկության 2-րդ ընթերցմամբ ընդունելու նպատակով։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ հարցեր...

Պրն Սարգսյան, խնդրում եմ սպասեք, որովհետեւ կարող է հարցեր լինեն։

Հարցերով կարող են դիմել հիմնական զեկուցողին նաեւ այն պատգամավորները, ովքեր գրավոր առաջարկություններ են ներկայացրել։ Ըստ ներկայացված ամփոփաթերթի՝ նման իրավունք ունի պատգամավոր Վերսանդ Հակոբյանը։

Հերթագրում հարցերի համար։

Եվ հանձնաժողովի անունից, բայց ենթադրաբար, նաեւ դա ձեր առաջարկություններն են որպես ԱԺ պատգամավոր, առաջարկություններ ներկայացվել է Ավետ Ադոնցի կողմից, եւ հերթագրվել է հարցի համար։ Խնդրեմ։

Ա.ԱԴՈՆՑ

-Շնորհակալություն, տիկին Պետրոսյան։

Պրն Սարգսյան, շատ շնորհակալ եմ հարցը բավականին հետաքրքիր ներկայացնելու համար։ Մենք այս օրենքի նախագիծը մանրամասն քննարկել ենք հանձնաժողովում, քննարկել ենք եւ քննել ենք այս հարցը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու կոնտեքստով։

Իմ հարցը շատ պարզ է եւ միանշանակ։ Այսինքն՝ արդյո՞ք դուք տեսնում եք այս օրենքի նախագծում ինչ-որ դրույթներ, որոնք կարող են խանգարել ՀՀ բիզնեսին։ Շնորհակալություն։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ձեր կողմից բարձրացված հարցը ամենակարեւոր հարցն է, որն այս փաթեթին վերաբերում է։ Դուք հիշում եք, երբ մենք գործող օրենքն ընդունում էինք, բավականին երկար եւ մանրակրկիտ քննարկեցինք, թե այն նորմերը, որոնք այս օրենքում պարունակվում են, եւ այն ռեժիմները, որ մենք ներ ենք դնելու ֆինանսական հատվածում, ի՞նչ խոչընդոտներ կարող են ստեղծել բիզնեսի զարգացման համար եւ ի՞նչ լրացուցիչ բեռ են առեւտրային բանկերի համար։ Անշուշտ, այս խնդիրն առկա է, որովհետեւ այս նորմերը պահանջում են, որպեսզի մեր ֆինանսական շուկայի բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցներն ունենան հստակ կանոնակարգեր, 2-րդ՝ ունենան մասնագետներ, որոնք տիրապետում են այդ կանոնակարգերին, եւ ունենան քմփլայնս աֆիցերներ, համապատասխանությունը ստուգող մասնագետներ՝ որքանով են գործընթացները, որոնք ներդրված են այդ առեւտրային բանկերում, պահպանվում եւ իրականացվում։ Իհարկե, սա ծախսատար գործընթաց է։ Մենք, կարելի է ասել, որ այսօր երեւի թե ճանապարհի 90 %-ն արդեն անցել ենք։ Այսինքն՝ մենք այդ համակարգը ներ ենք դրել Կենտրոնական բանկում, դիտարկումների կենտրոնը ստեղծելով՝ մենք ընդունել ենք համապատասխան կանոնակարգեր, վարվելականոններ առեւտրային բանկերի համար եւ ներ ենք դրել առեւտրային բանկերում։ Արդեն իսկ աշխատանքներ են տարվում շուկայի պրոֆեսիոնալ այլ մասնակիցների հետ, որ նրանք այս կարգերը ներդնեն եւ, բնականաբար, այդ առումով, իհարկե, որոշակի ծախսեր այդ կառույցների կողմից իրականացվում են։

2-րդ խնդիրը կա։ Բացի նրանից, որ սա ծախսատար գործընթաց է պրոֆեսիոնալ մասնակիցների համար, բնականաբար, 2-րդ խնդիրը, որ մտահոգում է մեր պատգամավորներին եւ քաղաքացիներին, այն է՝ իսկ արդյո՞ք չեն բարդանա հարաբերությունները բանկերի եւ հաճախորդների, եւ արդյո՞ք լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի հենց բիզնեսի համար։ Այդ տեսակետից մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել բանկերի ասոցիացիայում, երբ ներ էինք դնում հաշվետվողական ֆորմատները եւ տեղեկատվական համակարգերը, մասնավորապես այն տեղեկատվությունը, որ առեւտրային բանկերը պետք է հավաքագրեն իրենց հաճախորդներից, որպեսզի վստահ լինեն, որ ֆինանսական միջոցները, որոնք հայտնվում են բանկում, օրինական միջոցներ են եւ չեն առնչվում փողերի լվացման հետ։

Այս աշխատանքների հետ կապված մենք որդեգրել ենք հետեւյալ ռազմավարությունը, որ վարչարարությունը եւ ներդրումը պետք է իրականացվի սահուն։ Այսինքն՝ ենթադրվում է, որ կտրուկ քայլեր առեւտրային բանկերի կողմից չպետք է իրականացվեն, 2-րդ՝ որ պետք է ունենանք ուսուցողական եւ թրեյնինգ ծրագրեր նաեւ տարբեր այլ պրոֆեսիոնալ միությունների հետ՝ Ձեռներեցների միության հետ, փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող սուբյեկտների հետ, որպեսզի նրանց մանրակրկիտ ներկայացնենք օրենքի տրամաբանությունը եւ այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ։

Քանի որ մենք արդեն ունենք 3 տարվա փորձ այս հայեցակարգի ներդրման եւ, ըստ էության, դուք տեսնում եք, որ մենք բերել ենք 2-րդ օրենքը՝ հաշվի առնելով հենց այն պայմանավորվածությունը, որ ձեռք բերվեց ԱԺ հետ, որ մենք այս հայեցակարգը ներ ենք դնելու սահուն։ Եվ մեր առաջին օրենքը, որն ավելի շեշտադրում էր հիմնական սկզբունքները, այս օրենքը, բացի այդ հիմնական սկզբունքներից, ավելի մանրակրկիտ մեխանիզմներ է առաջարկում, որի նպատակն է մի կողմից պաշտպանել առեւտրային բանկերին, մյուս կողմից՝ պաշտպանել հաճախորդներին։ Այդ առումով, կարծում եմ, որ մենք կարողացել ենք ձեր մտավախությունը փարատել։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերն ավարտվեցին։ Ընդմիջումից հետո կշարունակենք մեր աշխատանքները։
 


Ժամը 14:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ  Է  ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը, այժմ մենք անցնում ենք ելույթների փուլին։ Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Պրն Սարգսյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն եւս չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը կառավարության կողմից ներկայացված «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։ Հիմնական զեկույցը կներկայացնի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այս օրենսդրական փաթեթը խիստ արդիական է, քանի որ վերաբերում է հիփոթեքային շուկայի զարգացմանը։ Հիփոթեքային շուկայի զարգացումը կառավարության ծրագրերում առանցքային տեղ է զբաղեցնում, եւ հիփոթեքային շուկայի զարգացումը հնարավորություն է տալու տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին լուծելու իրենց բնակարանային խնդիրները։ Լուծման եղանակներից մեկն այն է, որ մենք պետք է երկարացնենք վարկերի ժամկետայնությունը։ Վարկերի ժամկետայնությունն ավելացնելով, վարկերից օգտվողների քանակը կտրուկ կավելանա, արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ կկարողանան բարելավել իրենց բնակարանային պայմանները։ Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը, այդ հարցի պատասխանը տալիս է փաթեթը։

Խնդիրը կայանում է նրանում, որ առեւտրային բանկերը գործ ունեն կարճ փողերի հետ։ Դա ոչ միայն Հայաստանի բանկային համակարգի առանձնահատկությունն է, այլ միջազգային պրակտիկան է։ Բանկերի ներգրավված միջոցները, նույնիսկ, առաջնակարգ եւ բարձր ռեյտինգ ունեցող աշխարհի լավագույն բանկերում միջին ժամկետայնությունը 3-ից 5 տարի է, ներգրավված միջոցների։ Հասկանալի է, որ եթե բանկերը ներ են գրավում միջոցները մինչեւ 5 տարի ժամկետով, նրանք չեն կարող 35-40 տարվա վարկեր տրամադրել այն պարզ պատճառով, որ կունենան լիկվիդայնության պրոբլեմ եւ չեն կարողանա իրենց հաճախորդներին սպասարկել։ Ժամանակակից աշխարհում այն ճգնաժամերը, որ մենք ձեզ հետ միասին տեսնում ենք, պայմանավորված են հենց լիկվիդայնության պրոբլեմով, որ առեւտրային բանկերը չեն ունենում լիկվիդային միջոցներ, չեն կարողանում սպասարկել իրենց ընթացիկ վճարումները, առաջանում է լուրջ ճգնաժամային իրավիճակ։ Որպեսզի այս խնդիրը լուծվի, առեւտրային բանկերին հնարավորություն է տրվում, իրենց հիփոթեքային վարկերն արժեթղթավորել, այդ արժեթղթերը հանել, երկրորդային շուկայում վաճառել, իսկ երկրորդային շուկայում առքուվաճառքի կազմակերպման շնորհիվ հենց լուծվում է լիկվիդայնության խնդիրը։ Մի կողմից մենք ստանում ենք շուկայական արժեքի իրական պատկերը, մյուս կողմից՝ առեւտրային բանկերին հնարավորություն ենք տալիս 35-40 տարվա վարկեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Այս բացն է, որ լրացվելու է այս օրենսդրական փաթեթով։

1-ից 2-րդ ընթերցումների ժամանակ մենք ստացել ենք մի շարք առաջարկություններ Արծվիկ Մինասյանից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկումների համար պրն Մինասյանին, որովհետեւ նրա բոլոր առաջարկությունները մշտապես օգնում են մեզ կատարելագործելու մեր օրենսդրությունը։

Ես նաեւ ձեզ տեղյակ պահեմ այն մասին, թե ինչպես ենք մենք զարգացնելու այս օրենսդրությունը։ Պրն Մինասյանի կարեւորագույն առաջարկություններից մեկը կայանում էր նրանում, որ մենք չպետք է սահմանափակենք այն ինստիտուտների ձեւերը, որոնք կարող են զբաղվել ակտիվների արժեթղթավորմամբ, ընդհանրապես, հիփոթեքային վարկերի։ Մենք այդ դատողության հետ ամբողջությամբ համաձայն ենք։

Մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու մի նոր օրենքի նախագիծ, որը վերաբերելու է ներդրումային ինստիտուտներին, եւ փորձելու ենք այդ օրենքով ստեղծել մի նոր դաշտ, որն ապահովելու է ներդրումային ինստիտուտների բազմազանությունը։

Պրն Մինասյանի կողմից ներկայացված են մի շարք այլ արժեքավոր առաջարկություններ, որոնց հետ մենք համաձայն ենք։ Ձեզ ներկայացված փաստաթղթում մենք ներկայացրել ենք մեր կարծիքն այդ առաջարկությունների վերաբերյալ։ Մի մասը ներառված է այս օրենքում, իսկ մի մասն էլ մենք կներկայացնենք ԱԺ-ի քննարկմանը, նոր օրենսդրական փաթեթներով։

Ես պետք է խնդրեմ նախագահողին, որպեսզի օրենքի նախագիծը հարմար պահին դրվի քվեարկության, 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝  հարցերի համար։  Պրն Բոստանջյան, նախագծի հետ կապված դուք գրավոր առաջարկություն չեք ներկայացրել, ուստի եւ հարց տալ չեք կարող։ Առաջարկություններ ներկայացվել են Արծվիկ Մինասյանի կողմից։ Եթե անհրաժեշտություն կլինի, ձեր ելույթի ընթացքում հարցը կբարձրացնեք, իրենք կպատասխանեն եզրափակիչ ելույթի ժամանակ։

Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանին։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, պրն Սարգսյանը ներկայացրեց 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում այս օրինագծերի փաթեթի հետ կապված խնդիրները։ Ես կուզենայի հակիրճ անդրադառնալ այն հարաբերություններին, որոնց կարգավորմանն է ուղղված այս օրինագծերի փաթեթը, եւ թե ինչպիսի նոր զարգացումներ մենք կարող ենք ունենալ մեր տնտեսության մեջ։

Կասկածից վեր է, որ բոլոր տնտեսապես զարգացած երկրներում արժեթղթերի շուկաներն ունեն իրենց կարեւոր դերակատարությունը։ Իհարկե, կան տարբեր մոդելներ, երբ արժեթղթերի ակտիվ շուկան կամ կանոնակարգված բորսայական առեւտուրն ավելի մեծ մակարդակների է հասնում։ Երկրներ կան, որտեղ արժեթղթերով կատարվող գործառնությունների ակտիվությունը թեեւ մեծ չէ, բայց նաեւ արժեթղթերն այնքան ապահովված են, որ նրանում ներդրողը վսհատ է, որ շուկայական ռիսկն արժեթղթերի շուկայում կրում են պրոֆեսիոնալ մասնակիցները, եւ ներդրողներին կամ ռիսկի փոքր մեծություն է հասնում կամ գրեթե զրոյականին է ձգտում այդ ռիսկը։ Այս համակարգերի գործունեության հիմնական նպատակը տնտեսության մեջ կայունություն եւ ֆինանսական հստակ հոսքերի ապահովումն է։

Թեեւ այս գումարման ԱԺ-ն ընդունել է «Արժեթղթերի շուկայի մասին» նոր օրենքը, եւ այդ օրենքը ներկայացրեց մոտեցումը եվրոպական համակարգի, բայց օրենքն ամբողջական չէ, որպեսզի ոլորտը լիարժեք կարգավորվի։ Այդ իսկ պատճառով Կենտրոնական բանկի հայեցակարգային մոտեցումներին համապատասխան, ֆինանսական ողջ շուկայում արժեթղթերի շուկան՝ իբրեւ դրա բաղկացուցիչ մաս, պետք է ամբողջությամբ ինտեգրվի։ Բացի այն, որ պետք է ինտեգրվի, պետք է յուրաքանչյուր շուկա կարողանա իր փոխադարձ կապն ապահովել արժեթղթերի շուկայի հետ։

Ներկայացված օրինագծերի փաթեթը նպատակ է հետապնդում, որպեսզի այն կազմակերպությունները, ովքեր ունեն ակտիվներ եւ այդ ակտիվներն ամբողջությամբ իրացվելի չեն կամ շրջանառելիության որոշակի սահմանափակումներ ունեն, այդպիսի ակտիվները դարձնեն ավելի իրացվելի, որ շուկայից հնարավոր լինի, ինչքան հնարավոր է, շատ ֆինանսական ռեսուրսներ գեներացնել եւ ուղղել տնտեսության այս կամ այն ոլորտը։

Բերեմ մեկ օրինակ։ Ընդունենք, բաժնետիրական ընկերությունը, որը որոշակի ապրանք է արտադրել եւ մատակարարել, ձեւավորվել է իր մոտ դեբիտորական պարտք, այսինքն՝ սպասում է համապատասխան ֆինանսական հոսքեր։ Բնականաբար, նա կարող է սպասել, մինչեւ այդ հոսքերը գան, որպեսզի հետագա ներդրումային պլանները կազմի... կարող է կիրառել այս տարբերակը, որն առաջարկվում է օրենքի կարգավորման հարաբերությունների  դաշտում, ըստ որի, ինքն առանձնացնի այդ դեբիտորական պարտքը՝ իբրեւ ակտիվ, փոխանցի արժեթղթավորման հիմնադրամին, այդ գումարը միանգամից ստանա արժեթղթավորման հիմնադրամից, որպեսզի իր ներդրումային պլանների համար չսպասի, մինչեւ այդ գումարները կգան։ Ի՞նչ է նա այստեղ շահում։ Ըստ օրինագծի՝ նա հնարավորություն է այստեղ ստանում, որպեսզի դեբիտորական պարտքը կամ որեւէ այլ ակտիվ, որ ինքն ունի, փոխանցելով, ազատվում է ավելացված արժեքի հարկի վճարումից, մեկ։

2-րդ՝ այն պորտֆեյլը, որն արժեղթավորման հիմնադրամը ձեւավորում է իր մոտ, անընդհատ կարող է փոփոխության ենթարկվել, կախված նրանից, թե արժեղթավորման հիմնադրամի կողմից թողարկված պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը, որքանո՞վ է դրա ռիսկը բարձրանում։ Դրանից ելնելով կարող են նաեւ փոխանակման ենթարկվել այդ ակտիվները, հետեւաբար, ակտիվների փոխանակման ժամանակ ավելացված արժեքի հարկի արտոնությունը գործում է այս շղթայի մեջ։

Կա 2-րդ տարբերակը, եւ 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ բավական ակտիվ քննարկում եղավ եւ 2-րդ տարբերակը եւս գործադրվեց այս օրինագծերի մեջ։ Դա հետեւյալն է՝ կարող է կազմակերպությունը չփոխանցի իր այդ ակտիվն արժեթղթավորման հիմնադրամին, հետեւաբար, չօգտվել  ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունից, այլ ինքը թողարկի այդ ակտիվին համապատասխան արժեթղթեր, եւ շուկայից կհավաքագրի միջոցներ։

2-րդ մեխանիզմի առավելությունը կազմակերպության համար, դա կարող է լինել, որ ինքը չի օտարի իր ակտիվը, կպահպանի իր ակտիվն իր մոտ, բացի դա հնարավորություն կունենա շուկայից նոր միջոցներ հավաքագրել։ Այս երկու դեպքում էլ շուկայում հանդես կգան արժեթղթեր, որոնք կարող են շրջանառվել ինչպես ֆոնդային բորսայում, այնպես էլ ֆոնդային բորսայից դուրս, ազատ շրջանառության իրավունքով։ Բնականաբար, 2 դեպքում էլ գործում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքը, ըստ որի, հրապարակայնորեն առաջարկվող արժեթղթերը պետք է հտմնվեն թողարկման ազդագրի վրա։ Այն իրենից կներկայացնի մի փաստաթուղթ, որտեղ կլինեն եւ՛ ներդրումային ծրագրերը, եւ՛ այն ռիսկերը, որոնք ակնկալվում են կամ սպասվում են այդ ներդրումից, եւ բացի դա, արժեթղթերում ներդրողների հիմնական իրավունքները՝ ինչպես կանոնակարգված շուկայում արժեթղթերի առքուվաճառքին մասնակցելու, այնպես նաեւ արժեթղթերն այս կամ այն ձեւով օտարելու ժամանակ, նվիրատվություն կլինի, ժառանգություն կլինի եւ այլն։ Ըստ էության, թեեւ եվրոպական շատ երկրներում առանձին այսպիսի օրենքներ չկան, բայց կան նաեւ երկրներ, որոնք որդեգրել են այս քաղաքականությունը, որ ունենան առանձին օրենքներ եւ որոնց նպատակը ոչ թե սահմանափակելը, այլ խթանելն է շուկան։ Ահա, թե ինչու մեր քննարկումների արդյունքում եւ հանձնաժողովում, եւ Կենտրոնական բանկի հետ եկանք այդ մոտեցմանը, որ այս օրենքն իր խթանիչ դերը կատարելով հանդերձ, պետք է նաեւ հնարավորություն տա 2-րդ մեքանիզմի, քիչ առաջ որ ներկայացրեցի, լիարժեք գործունեություն ապահովելու համար, որպեսզի չսահմանափակվի որեւէ սուբյեկտի հնարավորությունը՝ ֆինանսական ռեսուրսներ հավաքագրելու համար, պարտադրված, միայն իր ակտիվներն արժեթղթավորման հիմնադրամին օտարելու շրջանակներում։

Օրինագծի 2-րդ փաթեթը, որը հիփոթեքային պարտատոմսերի թողարկման մասին է, ըստ էության, գործ ունի անշարժ գույքի շուկայի հետ։ Մենք բոլորս գիտենք, որ անշարժ գույքի շուկան Հայաստանում բավական ակտիվ է, սակայն այս հիփոթեքով ապահովված վարկային ռասուրսները բավականին կարճ են։ Հետեւաբար, հարկավոր է, որպեսզի բանկերին հնարավորություն տրվի, այս կարճ ռեսուրսները հավաքագրել, դարձնել մի ամբողջություն, դրա դիմաց՝ բանկին հնարավորություն տալ, որ ինքը բաց թողնի երկարաժամկետ արժեթղթեր եւ հավաքագրի միջոցներ։ Բանկն այստեղ շահում է այն հարցում, որ իր կարճ փողերը կամ վարկերը հետ ստանալու իրավունքը վերածում է երկար փողերի, անշարժ գույքի սեփականատերը շահում է, որովհետեւ պարտադրված չի լինելու, որ հետագայում ամեն անգամ գնալ բանկ, ներկայացնելու իր հիմնավորումները եւ այլն, իսկ արժեթղթերում ներդրողները շահում են, որովհետեւ իրենք կարողանում են ստանալ լրացուցիչ գործիք՝ երկարաժամկետ ֆինանսական շուկայում գործունեություն ծավալելու առումով։ Այսինքն՝ կարելի է բնութագրել, որ գրեթե բոլորը, այս շուկայի մասնակիցներն այս համակարգի ներդրման արդյունքում շահելու են։

Խնդիրը կայանում է նրանում, որ այս համակարգի լիարժեք գործունեության համար հարկավոր է լինելու նաեւ նոր օրենսդրական նախաձեռնություններ՝ կապված պրոֆեսիոնալ մասնակիցների կարգավորման հետ, որովհետեւ անընդհատ նոր մասնակիցներ են ի հայտ գալիս, անընդհատ նոր գործիքներ են ձեւավորվում ֆինանսական շուկայում՝ ելնելով այն ինովացիոն մղումներից, որոնք շուկան եւ տնտեսությունը պահանջում ու պարտադրում են։ Հետեւաբար,  ակնկալվում է, որ Կենտրոնական բանկի հայեցակարգի շրջանակներում նաեւ ապագայում կլինեն նոր օրենսդրական նախաձեռնություններ՝ կապված ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորելու, ֆինանսական շուկայում ռիսկերը հնարավոր, նվազագույնի հասցնելու կամ, առնվազն, կառավարելի դարձնելու տեսանկյունից։ Բացի դա, ֆոնդային շուկայի  աշխուժացման առումով, առաջիկա հայեցակարգային մոտեցումների մեջ կլինեն նաեւ այս օրենսդրությունից բխող կոնկրետ գործողություններ։

Ավարտելով խոսքս, եւ՛ որպես հանձնաժողովի փոխնախագահ, եւ՛ որպես պատգամավոր, իմ շնորհակալությունն եմ ուզում արտահայտեմ Կենտրոնական բանկին, բանկի նախագահին, խորհրդի անդամներին, իրավաբանական ստորաբաժանման ղեկավարին, որ այս ընթացքում բավական լավ աշխատեցինք միասին։ Ես վստահ եմ, որ առաջիկայում համագործակցությունը կշարունակվի՝ ի շահ լավ օրենսդրության, բարելավող օրենսդրության եւ տնտեսության զարգացմանը նպատակաուղղված օրենսդրության, առանց այս կամ այն ներգերատեսչական շահերի։

Ահա, թե ինչու կարեւոր եմ համարում նաեւ ընդգծել, որ 2-րդ ընթերցման ժամանակ հոդված 2-ի 2-րդ կետը խմբագրվել է։ Հանձնաժողովի քննարկման ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց, եւ պրն Ավետիքյան Վարուժանը՝ իրավաբանական ստորաբաժանման ղեկավարը, ով հանդես էր գալիս նաեւ պրն Սարգսյանի հանձնարարությամբ, համաձայնություն ձեռք բերեցինք, ըստ որի՝ նախկինում ձեւակերպված, 1-ին տարբերակում ձեւակերպված հետեւյալ մոտեցումը, որ սույն օրենքի հիման վրա արժեթղթավորումը չի բացառում ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի, այլ կերպ պահանջի իրավունքի... արժեթղթի թողարկումը, հիմա փոխվել է եւ ներկայացվում է հետեւյալ կերպ՝ «Սույն օրենքը չի սահմանափակում անձի իրավունքը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահջներին համապատասխան եւ կարգով թողարկել ակտիվների գրավով կամ այլ կերպ ապահովված արժեթղթեր»։

Այս փոփոխությունն է, որ ներկայացրեցի ես ձեզ, սա հնարավորություն է տալիս լիարժեք դարձնելու համար։ Այսինքն, որպեսզի 2 մեխանիզմը հանգիստ եւ ազատորեն գործեն։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր շահագրգիռ մոտեցում են ցուցաբերում այս օրենքների փաթեթի ընդունման կապակցությամբ։ Հանձնաժողովը, ինչպես որ 1-ին ընթերցման ժամանակ, 2-րդ ընթերցման ներկայացված տարբերակը նույնպես դրական եզրակացությամբ է առաջարկվում ձեզ, հաստատելու համար, վստահ լինելով, որ բարեփոխումները ֆինանսական շուկայում շարունակվելու են, եւ շարունակվելու են միայն դեպի դրական կողմը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրվել է 1 պատգամավոր, Վարդան Բոստանջյան, խնդրե՛մ։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Մի փոքր մտահոգություն ունեմ, գիտեք, որ չափազանց հարգում եմ Սարգսյանին եւ Մինասյանին, եւ չեմ էլ կասկածում, որ այս օրենքը լավ օրենք է, բայց միեւնույն ժամանակ այս 2-րդ կետի վրա, հոդված 2-ի, ուզում եմ մտածել։ Պրն Մինասյան, որ դուք նկարագրում եք հիփոթեքային վարկավորման ինստիտուտը, այդտեղ էլ, միգուցե նաեւ մեր կամքից անկախ կան պահեր, որոնք ինչպես վերջին ժամանակներս հիփոթեքային շուկան բերեց խայտառակ վիճակի... միարժեք վիճակի։

2-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է, որ սույն օրենքը չի  սահմանափակում անձի իրավունքը, հետո արդեն հայտնի է, թե ինչ է ասում։ Տեսե՛ք, երբ դուք օգտագործում եք՝ «անձի», նշանակում է, որ դա  վերաբերում է ֆիզիկական անձին եւ հավասարապես վերաբերում է իրավաբանական անձին։ Մի կերպ կարող ենք համակերպվել իրավաբանական անձի հետ, որ ինքը արժեթղթավորման առումով գտնվում է լավ վիճակում, ասենք, դա լավ է, բայց ֆիզիկական անձը, մենթալիթետային հարց կա, մշակույթ կա, տնտեսական գործունեության վարման մշակույթ կա։ Ոչ վաղ անցյալում մեզ մոտ բանկեր կային, «Արմենիա» բանկ կար, դրանք հասկացաք, թե հասարակությանը ինչ վիճակի բերեցին։ Հիմա մտածում եմ, եթե մենք հնարավորություն ենք ընձեռում, ֆիզիկական անձը մի շարք միամիտների խաբի, արժեթղթավորման, ակտիվների միջոցով ներգրավի միջոցներ, հետո այդ միջոցներին տեր չկանգնի, այլ օրենքներին չեմ հասցրել ծանոթ լինել, սահմանափակվա՞ծ է, կամ սրա վերաբերյալ որեւէ կաշկանդվածություն կա՞, թե՝ չկա։ Հետո պետությունն ինչպիսի՞ միջոցառումներ կարող է անցկացնել արդեն սխալ արժեթղթավորում իրականացրած ֆիզիկական անձի նկատմամբ։ Ես մտածում եմ, 2-րչից հետո ընթերցում կա՞.... 3-րդ ընթերցում, հա։ Խմբագրական առումով, եթե նայելու բան ունենք, նայենք։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-3-րդ ընթերցումից հետո էլ, եթե ընդունված օրենքի հետ կապված կլինեն խնդիրներ, կարելի է առաջարկել փոփոխություններ եւ լրացումներ, պրն Բոստանջյան, ինչից, ես կարծում եմ, որ ակտիվորեն միշտ օգտվել եք եւ կօգտվեք՝ ի շահ մեր երկրի եւ ժողովրդի։

Եզրափակիչ ելույթի կարիք կա՞։ Խնդրե՛մ, պրն Մինասյան։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Ես չէի կասկածում, որ պրն Բոստանջյանը շահագրգիռ, սուր աչքով դրսեւորվող մոտեցում կցուցաբերեր այս կետի հետ կապված, որովհետեւ, իսկապես, 1-ին հայացքից թվում է, թե կարող են առաջանալ այնպիսի ռիսկեր, որոնք կարգավորման տեսանկյունից որոշակի բարդություններ կարող են առաջացնել։ Ուզում եմ վստահեցնել մեր գործընկերներին, որ այս կետի ձեւակերպումը նպատակ ունի չսահմանափակել 2 մեխանիզմների գործունեությունը, սա 1-ին։

2-րդ՝ 2 մեխանիզմներն էլ գործելու են արժեթղթերի շուկայի կարգավորման օրենքի ներքո։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, արժեթղթեր թողարկողը ֆիզիկական անձն է, թե իրավաբանական անձն է, նրանց նկատմամբ սահմանված են պահանջներ, այն է՝ 1-ին խոշոր պահանջը, ազդագրի պահանջը, որը նշանակում է, որ ֆիզիկական անձի պարագայում ամբողջական տեղեկատվության բացահայտում այն ակտիվի մասով, որը հիմք է հանդիսանալու արժեթղթերի թողարկման համար։

2-րդ՝ այն արժեթղթերի մասով, որոնք թողարկվում են՝ այդ ակտիվները հիմք ընդունելով։

3-րդ՝ արժեթղթերի սեփականատերերի կամ պոտենցիալ ներդրողների ամբողջական իրավունքների մասով։

4-րդ՝ ռիսկերի բացահայտման կամ ի հայտ գալու դեպքում, արժեթղթերով ստանձնած պարտավորությունների կատարման մասով, այդ թվում նաեւ՝ չի բացառվում, դատական կարգով ակտիվի նկատմամբ բռնագանձում տարածելու, ակտիվն իրացնելու եւ արժեթղթերի ներդրողների իրավունքները փակելու մասով։

Այդ տեսանկյունից, պրն Բոստանջյան, ամենեւին այս դեպքում կապ չունի,  թողարկողը դառնում է ֆիզիկական անձը, կազմակերպությունը կամ իրավաբանական անձը։ Խնդիրը նա է, որ մեր օրենսդրության համաձայն, օրինակ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներին համաձայն՝ բաժնետիրական ընկերությունը կարող է թողարկել ապահովված պարտատոմսեր։ Ապահովված պարտատոմսերը կարող են լինել ինչպես ընկերության ակտիվներով, այնպես էլ որեւէ այլ անձի երաշխավորության հիման վրա։ Այդ իրավունքը չենք ուզում սահմանափակվի։

2-րդ՝ ֆիզիկական անձը, որպես կանոն, կարող է թողարկել պարտքային արժեթղթեր, ոչ երբեք բաժնային, եթե բաժնային թողարկի, ստացվում է, որ նա որոշակի տնտեսական գործունեությամբ է զբաղվում, որոշակի բիզնես նպատակ է հետապնդում։ Եվ եթե բիզնես նպատակ է հետապնդում, նախ նա պետք է գրանցված լինի իբրեւ իրավաբանական անձ, կամ ինքը՝ որպես անհատ ձեռնարկատեր։ Այսինքն՝ բիզնես ոլորտի կարգավորման տեսանկյունից սահմանափակում չունենք։

Ուզում եմ փարատեմ ձեր մոտ առաջացող կասկածը, վստահ եղեք, որ այս 2 խոշոր օրենքների ընդունումը նպատակ ունի հետագայում եւս լրացնելու օրենսդրական համակարգը, եւ ֆինանսական շուկայում հնարավորինս վերահսկելի ու կառավարելի դարձնի դրանցից բխող ռիսկերը։ Այսքանը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Պրն Սարգսյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն, խնդրե՛մ, ամբիոնի մոտ։

Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկման համար։ Սա, իսկապես, կարեւորագույն ուղղություն է մեր օրենսդրության զարգացման առումով։ Ինչպես պրն Բոստանջյանը ճիշտ նշում է, իր մեջ պարունակում է բավականին լուրջ ռիսկեր, որոնք այսօր դեռեւս առկա չեն ՀՀ-ում, քանի որ մենք այդ ձեւավորված շուկան չունենք։ Բնականաբար, եթե այդ շուկան առաջանում է, այդ շուկան ունենում է իր տատանողականությունը։ Ինչպես այսօր դուք նշեցիք, Համաշխարհային շուկայում առաջացած ֆինանսական պրոբլեմները բացատրվում են հենց քհիփոթեքային շուկայում ձեւավորված միտումներով։ Քանի որ այն ֆինանսական լիկվիդայնության իրավիճակները, որոնք առաջացել են Համաշխարհային շուկայում, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեծածավալ հիփոթեքային վարկեր քաղաքացիները չեն կարողանում վերադարձնել այն պարզ պատճառով, որ տոկոսադրույքները կտրուկ բարձրացան, եւ մարդիկ ի վիճակի չէին այլեւս վերադարձնել կամ սպասարկել իրենց կողմից վերցրած վարկերը։  Սա նշանակում է, որ մենք պետք է հաշվի առնենք, որ այսպիսի ռիսկերն առկա են եւ պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որոնք հաշվի են առնում նաեւ համաշխարհային տնտեսության փորձը, թե ինչպես կարելի է այդ բացասական շուկայական երեւույթները մեզանում մեղմացնել։ Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքով կկարողանանք ստեղծել առավել արդյունավետ օրենսդրական դաշտ։

Պետք է խնդրեմ, որ հարմար պահին դրվի քվեարկության։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց, մենք անցնում ենք հաջորդ նախագծերի քննարկմանը։ Հարգելի գործընկերներ, ես ներկայացնեմ այն նախագծերը, որոնք մենք կքննարկենք։ Դա քառօրյա նիստերի օրակարգի 3-րդ բաժնի 7-րդ, 9-րդ, 10-րդ եւ 20-րդ հարցերը կլինեն։

Այժմ ամբիոնի մոտ է հրավիրվում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը՝ ներկայացնելու կառավարության կողմից ներկայացված «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Խնդրե՛մ, պրն Վարդանյան։

Մ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Մեծարգո նախագահություն, հարգելի պատգամավորներ, նկատի ունենալով, որ «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը բավականին ներկայացվեց 1-ին ընթերցման ժամանակ։ Պետք է տեղեկացնեմ, որ 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում որեւէ առաջարկություն չի եղել պատգամավորների կողմից, այդ իսկ պատճառով կխնդրեի հարմար պահին դնել քվեարկության։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանին։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Ես կուզենայի միայն հիշեցնել հետեւյալը, որ այնտեղ ավելացնում են միայն շրջանառությունից չհանված ցանկացած այլ շարժական գույք» բառերը։ Խոսքը հետեւյալի մասին է, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ առաջանում է գրավի ինստիտուտը, շատ ընդլայնում է, որը չափազանց լավ է, մեծացնում է հնարավորությունները՝ արտադրությունները նորացնելու, արդիականացնելու, տեխնոլոգիաներ ձեռք բերելու եւ վարկային միջոցներից ավելի շատ օգտվելու։

2-րդ ընթերցման ժամանակ հանձնաժողովը դրական է քվեարկել սրա վերաբերյալ, եւ առաջարկում ենք համար պահին ընդունել ամբողջությամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրվածներ չկան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն եւս չկա, հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ կառավարության կողմից ներկայացված «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

Հիմնական զեկույցի համար ամբիոնի մոտ է հրավիրվում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը։

Մ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցման ժամանակ մանրամասն ներկայացվեց։ 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում որեւէ առաջարկություն պատգամավորների կողմից չի ներկայացվել, միայն 1-ին ընթերցման ժամանակ նկատեցինք, որ փոքրիկ խմբագրական, Երեւան քաղաքի օրենքի հետ կապված, մեր կողմից ընդունվեց։ Կխնդրեի հարմար պահին դնել քվեարկության՝ 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Վարդանյան, հարցեր չեն կարող լինել։ Հիշեցնեմ, որ օրենքի նախագծի հետ կապված գլխադասային հանձնաժողով է նշանակվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Հարակից զեկուցողն առայժմ դահլիճում չէ, րանք տվել են դրական եզրակացություն, ուստի մենք հիմա կանցնենք ելույթներին։ Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդը՝ «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման, անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցն է։

Հիմնական զեկուցող՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյան։ Խնդրե՛մ, պրն Վարդանյան։

Մ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Հաջորդ 2 նախագծերում եւս 2-րդ ընթերցմամբ ընդունելուց հետո առաջարկություններ չեն ներկայացվել պատգամավորների կողմից։ Կխնդրեի, որ հարմար պահին դնել՝ 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար։ Միաժամանակ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ՝ ԱԺ աշխատակազմի աշխատանքը, կապված խմբագրման աշխատանքների հետ, որը, կարծում եմ, առաջարկություններն ամբողջությամբ ներառվել են արդեն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Վարդան Բոստանջյանին։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Սրա վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրկացություն։ Խմբագրական փոփոխություններ են կատարվել, որոնք հիմնականում օրենքի վրա չեն ազդել։ Առաջարկվում է՝ հարմար պահին ընդունել օրենքը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց։ Հաջորդ նախագիծը՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցն է։ Ձայնը տրվում է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանին։

Մ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Այս օրենքի նախագծի վերաբերյալ 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում որեւէ առաջարկություն չի ներկայացվել, կխնդրեի հարմար պահին դնել քվեարկության՝ 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Վարդան Բոստանջյանին։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Ըստ էության, նույն բառերը պետք է ասեմ, ինչը որ նախորդի նկատմամբ։ Սակայն մի փոքր, դրան կանվանեք առաջարկություն, թե ոչ։ Մենք գրում ենք, որ կնքման պայմանագրերը, սա քաղաքացիաիրավական պայմանագրերի մասին է, կնքման պահից էին գրում, հիմա ասում են, որ գրենք՝ նոտարական վավերացումից հետո։ Այս օրենքն ընդունվել է 1999 թվին, այն օրենքն էլ մեկ տարի առաջ է ընդունվել, օրենսգիրքը։ Զարմանալի է, ինչու՞ մինչեւ հիմա չէին բերում այս փոփոխությունը, դա է հիմնական բանն առաջացրել։

2-րդը՝  նոտարական վավերացումը տնտեսավարող սուբյեկտներին ժամանակի առումով, նաեւ տուրքերի մուծման առումով լրացուցիչ դժվարություն է ստեղծվում, սակայն չեն հասցրել փոխել կամ չեն ուզեցել փոխել Քաղաքացիական օրենսգրքում այս դրույթը, որով պայմանավորված ավելացվել է՝ «նոտարական վավերացման» բառակապակցությունը։

Ինչեւիցե։ Հանձնաժողովը պարտադրված էր ասել... դրական, այդպես էլ դրական ենք տվել, առաջարկում ենք հարմար պահին ընդունել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրվածներ չկան, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն եւս չկա, հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերն են, 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան։ Խնդրե՛մ, պրն Դանիելյան։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգարժան խորհրդարան, խորհրդարանի հարգարժան նախագահի տեղակալ, ձեր քննարկմանն է ներկայացվում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, եւ այս նույն փաթեթում ներառվել է նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս 2 օրենքի նախագծերը 1-ին ընթերցմամբ ներկայացվել են առանձին-առանձին, բայց հաշվի առնելով, որ փոփոխության առարկան նույնն է, մենք խնդրել էինք ԱԺ-ին եւ այդ խնդրանքը բավարարվել է, որպեսզի այս 2 նախագծերը մեկ փաթեթում ներառվեն, քննարկվեն։

Այդ ժամանակահատվածում որեւէ առաջարկություն 2 այս օրենքի նախագծերի վերաբերյալ չի ստացվել, ուստի խնդրում եմ այս տեսքով ընդունել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանին։ Խնդրե՛մ, տիկին Փոստանջյան։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, 2-րդ ընթերցում է, որը վերաբերում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի մեջ փոփոխությանը եւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի մեջ փոփոխությանը։ Փոփոխությունը տեխնիկական բնույթի է, ուղղակի, «տարափոխիկ հիվանդություններ» բառակապակցությունն է փոփոխման ենթակա։ 1-ին ընթերցման ժամանակ քննարկում է եղել, կարծում եմ, ոչ մի բան չի փոխվել, եւ պետք է «կողմ» քվեարկենք այս նախագծին։ Այսքանը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Ձայնը տրվում է սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Խնդրե՛մ, պրն Բաբլոյան։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգարժան գործընկերներ, հարցը քննարկվել է մեր հանձնաժողովում։  1-ին ընթերցման ժամանակ ես բավականին մանրամասն ներկայացրեցի այս փոփոխության անհրաժեշտությունը։ Օրինագծի վերաբերյալ որեւիցե առաջարկություն չի եղել։ Կարծում եմ, պետք է պաշտպանենք այս օրինագիծը, որտեղ անհրաժեշտ է այս փոփոխություններն անելու եւ ավելի էֆեկտիվության գալու։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է, «Դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  2-րդ ընթերցմամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացում կատարելու փաթեթը, «Իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում լրացում կատարելու հարցը եւ «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Այժմ կքննարկենք կառավարության կողմից ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան։ Խնդրե՛մ, պրն Դանիելյան։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագծի առնչությամբ ստացվել է մեկ առաջարկություն ԱԺ պատգամավոր պրն Պետրոսյանի կողմից։ Առաջարկության էությունը հետեւյալն է՝ առաջարկության հեղինակը անհրաժեշտ է գտել, որ 1-ին ընթերցմամբ ընդունված օրինագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածները ներկայացնել հետեւյալ խմբագրությամբ։ Հեղինակը գտնում է, որ քրակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության եւ քրեակատարողական ծառայողի վերապատրաստման ու հատուկ ուսուցման հետ կապված խնդիրներն իրենց բնույթով ներքին կարգավորման խնդիրներ են, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ պարտականությունների հետ չեն առնչվում, ուստի եւ պետք է սահմանել ՀՀ արդարադատության նախարարի կողմից, եւ ոչ թե կառավարության։

Այս առաջարկությունը մեր կողմից ընդունվել է, կատարվել են համապատասխան խմբագրական փոփոխություններ։ Այսքանը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հարցեր չկան։ Շնորհակալություն։ Ամբիոնի մոտ է հրավիրվում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ հարակից զեկույցի համար։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, պետաիրավական հարցերի հանձնաժողովը 2-րդ ընթերցմամբ քննարկել է ներկայացված նախագիծը, ինչպես նաեւ այն առաջարկությունները, որոնք ընդունվել են, եւ տալիս է իր դրական եզրակացությունը այս նախագծի հետ կապված։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարցեր չկան, քանի որ պրն Պետրոսյանը դահլիճում չէ։ Հերթագրում՝ ելույթների համար։ Ելույթներ չկան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ կառավարության կողմից ներկայացված «Դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան, խնդրե՛մ։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 1-ին  ընթերցումից հետո այս նախագծի առնչությամբ պատգամավորների կողմից որեւէ առաջարկություն չի ներկայացվել, ուստի, ներկայացվում է ձեր քննարկմանն այն տեսքով, ինչպես որ ներկայացվել է 1-ին ընթերցմամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, հանձնաժողովի կարծիքն այս նախագծի վերաբերյալ դրական է։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հերթագրում՝ ելույթների համար։ Ելույթներ չկան, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն եւս չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը  2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան, խնդրե՛մ։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում... եթե թույլ տաք, սկզբից Դատական օրենսգիրքը ներկայացնեմ.... «Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը 1-ին ընթերցմամբ։ Մասնավորապես, նախատեսվում է՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ «լիազորություն իրականացնելիս արդարադատության խորհրդի կողմից ընդունվող ակտերը», 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնելիս արդարադատության խորհուրդն ընդունում է եզրակացություն, իսկ 1-ին, 2-րդ, 5-րդ կետերով նախատեսված լիազորությունն իրականացնելիս՝  որոշումներ»։

6-րդ մասն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության խորհրդի որոշումը, ինչպես նաեւ դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան՝ որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին, Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ արդարադատության խորհրդի որոշումները վերջնական են, ուժի մեջ է մտնում արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն։ Այդ որոշումները ենթակա են հրապարակման ՀՀ պաշտոնական տեղեկագրում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում»։

Նախատեսվում է, որ օրենքը ուժի մեջ մտնի հրապարակմանը հաջորդող օրվանից։ Խնդրում եմ այս տեսքով ընդունել 1-ին ընթերցմամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հարցեր չկան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն եւս չկա, հարցի քննարկումն ավարտվեց։

Հարակից զեկույցը ներկայացնելու համար ձայնը տրվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, հանձնաժողովը դիտարկել է եւ այն հատվածը, որը 1-ին ընթերցմամբ է քննարկվում, եւ 2-րդ ընթերցմամբ ներկայացվող նախագիծը, երկուսի վերաբերյալ էլ  կարծիքը դրական է։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հարցեր չկան։ Հերթագրում՝ ելույթների համար։ Ելույթներ չկան։

Մենք անցնում ենք նույն փաթեթը 2-րդ ընթերցմամբ քննարկելու հարցին։ Ձայնը տրվում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-1-ից 2-րդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ինչպես կառավարության կողմից, այնպես էլ ԱԺ պատգամավոր պրն Հարությունյանի կողմից։ Թույլ տվեց ներկայացնել այդ առաջարկությունները եւ դրանց առնչությամբ կառավարության դիրքորոշումը։

1-ինը՝ կառավարության կողմից առաջարկվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, այդ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ... միգուցե չընթերցեմ, բոլորիտ մոտ կա։ Այս առաջարկությունն ընդունվել է։

Նույն առաջարկությունը՝ նախագծի 2-րդ հոդվածում ներկայացված 64-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ, նույնպես, ընդունվել է։

Եվ 1 առաջարկություն ներկայացվել է պրն Հարությունյանի կողմից։ Այս հատվածում պրն Հարությունյանը եւս 1 խմբագրական առաջարկություն արեց, ես ծանոթացա, միանշանակ գտնում եմ, որ կարելի է ընդունել։ Խնդիրը հետեւյալն է, որ պրն Հարությունյանի կողմից առաջարկվում է՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 2.1 մասի դրույթները համապատասխանեցնել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Մենք սա ընդունել էինք, ձեւակերպել էինք հետեւյալ կերպ, որ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում իրավական ակտն իրավաբանական ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված դեպքերի, բայց քանի որ ես համաձայն եմ պրն Հարությունյանի հետ, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սպառիչ նախատեսում է բոլոր այս հիմքերը, ապա կարելի էր ուղղակի հղում կատարել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին, եւ այս ձեւակերպմամբ, վերջնական, եթե համաձայնվեք, կներկայացնենք ԱԺ-ին։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարցեր կա՞ն, պրն Հարությունյան։ Շնորհակալություն։ Հարակից զեկույցը ներկայացնելու համար ձայնը տրվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, խնդրե՛մ, պրն Հարությունյան։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, հանձնաժողովի կարծիքն այս նախագծի վերաբերյալ դրական է։ Ինչպես նշվեց արդեն, առաջարկվող փոփոխությունն էլ կրում է զուտ խմբագրական բնույթ։ Այսքանը։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ ելույթների համար։ Ելույթներ չկան։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ «ՀՀ դատական օրենսիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։ Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան։ Խնդրե՛մ, պրն Դանիելյան։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ՀՀ դատական օրենսիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կոչված է կանոնակարգելու դատավորների կենսաթոշակին առնչվող հարաբերությունները։ Այս առնչությամբ չէր առաջանա խնդիր, եթե ընդհանուր այս հարցը կարգավորվեր պետական ծառայողների կենսաթոռակի հետ կապված, բայց քանի որ այս հարաբերությունների իրավական կարգավորումն օբյեկտիվ պատճառներով ձգձգվել է, իսկ կոնկրետ դատավորների կենսաթոշակի հետ կապված հարցը մնացել է առանց սահմանված կարգով օրենսդրական կարգավորման, առաջարկել է, պարզապես, այն կենսաթոշակների այն տարբերակը, որը մշտապես գործել է դատավորների հետ փոխհարաբերություններում, որեւէ նոր բան սրանով մենք չենք առաջարկում։

Միաժամանակ հաշվի առնելով, որ մինչ այդ արդեն օրենքում կատարվել էին փոփոխություններ, այս նախագիծը ներկայացվել էր մինչ դա։ Պրն Հարությունյանի կողմից ներկայացվել է առաջարկություն՝ խմբագրական բնույթի փոփոխություններ կատարելու։ Որքանով ես իրազեկված եմ, պետք է որ փոփոխված տարբերակը բաժանված լիներ պատգամավորներին։

Մասնավորապես, առաջարկվել է օրենքի նախագծի 1-ին հոդվածում «1-ին մասի 2-րդ, 3-րդ, 9-րդ կետերով» բառերը փոխարինել՝ «1-ին մասի 1-ից 5-րդ կետերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետով»։ Այս տարբերակն էինք խնդրել բաժանել, եթե չի բաժանվել, խնդրում եմ սա հիմք ընդունել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Բաժանված է։ Հերթագրում՝ հարցերի համար։ Հերթագրվել է 1 պատգամավոր, Արմեն Մարտիրոսյան, խնդրե՛մ։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Պրն Դալլաքյան, քանի որ այստեղ կետերի վերաբերյալ տեղեկանք չկա, 1-ին եւ 5-րդ կետերի, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ, չեք կարո՞ղ ասել, թե ինչին է վերաբերում սա։ Կներեք, պրն Դանիելյան, Դալլաքյան ասացի։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Ես արդեն ասացի, եթե օրենսգրքում փոփոխություններ չկատարվեր, ապա նախագիծը կմնար նույնը, բայց քանի որ արդեն այդ հոդվածում փոփոխություն է կատարվել, այստեղ, ուղղակի, խմբագրական ճիշտ դիտողություններ են արվել։ Այս դեպքում արդեն խնդիրը վերաբերում է Դատական օրենսգրքի 167 հոդվածի փոփոխություններից հետո։

Ինչ վերաբերում է, թե կոնկրետ ինչ հիմքերով է դատավորն ազատվում իր պաշտոնից։ Ես կարող եմ ընթերցել վերջնական տարբերակը։ Այսպես ասեմ, ուղղակի, հիմա իմ ձեռքի տակ չկա օրենսգիրքը, որ ես կարողանամ ձեզ ներկայացնեմ այդ փոփոխությունները։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Աշխատանքային կարգով, պրն Դանիելյան, պրն Մարտիրոսյանը համաձայն է հարցի քննարկումը շարունակել։ Շնորհակալություն։

Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանին։ Խնդրե՛մ, տիկին Փոստանջյան։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հանձնաժողովը տվյալ օրինագծին տվել է դրական եզրակացություն, վերապահումով, որ պետք է ընդունվեն հանձնաժողովի նախագահի կողմից առաջարկված փոփոխությունները։ Քանի որ այստեղ զեկուցվեց եւ ներառված են նախագծի մեջ փոփոխությունները, ապա հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, կարծում եմ, այս օրինագիծը պետք է «կողմ» քվեարկվի։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հարցեր չկան։ Հերթագրում՝ ելույթների համար։ Ելույթներ չկան։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը կառավարության կողմից ներկայացված՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ նթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցն է։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս 2 օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից առարկություններ, առաջարկություններ չեն ներկայացվել, ներկայացվել է նույն տեքստը, ինչպես եւ 1-ին ընթերցմամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Բացառությամբ Կառավարության առաջարկությանը, որն ըստ ամփոփաթերթիկի՝ առաջարկություն ներկայացրել է եւ նույն տարբերակով էլ ընդունված է, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում «քառապատիկ» բառը «եռապատիկ» բառով է փոխարինված։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Այո՛, ներողություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Մարգարյանին։ Խնդրե՛մ, պրն Մարգարյան։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցման ռեժիմում քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում եւ ստացել է դրական եզրակացություն։

Ես կուզենայի անդրադառնալ նախագծի այն փոքրիկ առաջարկությանը, որի վերաբերյալ քիչ առաջ ասվեց։ Դա վերաբերում է «Պետական տուրքերի մասին» օրենքին, որտեղ նշված է, որ իրավաբանական անձանց միասնական եւ պետական գրանցամատյաններից... մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող եւ ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար պետք է վճարվի բազային տուրքի եռապատիկի չափով։ Նախագծում ներկայացվել է քառապատիկ, կառավարությունն առաջարկությամբ է հանդես եկել եւ հեղինակների կողմից ընդունելի է եղել։

Ես ինչու՞ անդրադարձա այս հարցին, որովհետեւ քիչ հետո նախագիծ է քննարկվելու, կուզենայի, որ այս բազային տուրքի չափը, այդ ամբողջական տեղակատվություն ստանալու, շաղկապեի, ուղղակի, քաղաքացիական ակտերի կացության հետ կապված, գրանցամատյաններից տեղեկանք ստանալու, որից շատ հաճախ օգտվում են մեր քաղաքացիները։

Ինչ վերաբերում է ընդհանուր օրենքի նախագծին, այն ավելի շատ ապահովում է հրապարակայնություն, եւ պետական ռեգիստրի գրանցման տվյալներից այսուհետ կարող ենք օգտվել նաեւ ինտերնետային կայքում, որը կտեղադրվի։ Շնորհակալություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրվածներ պատգամավորներ չկան, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի է։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան։ Խնդրե՛մ, պրն նախարար։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Այս ժամանակահատվածում առաջարկություններ չեն եղել, ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ, առանց որեւիցե փոփոխությունների։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոբերտ Զաքարյանին։ Խնդրե՛մ։

Ռ.ԶԱՔԱՐՅԱՆ

-Այս հարցի կապակցությամբ պետաիրավական հանձնաժողովը վերաբերվել է դրական, խնդրում ենք այս հարցն ընդունել։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հերթագրում՝ ելույթների համար։ Ելույթներ չկան, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան։ Խնդրե՛մ, պրն նախարար։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովից ստացվել են մի քանի առաջարկություններ, որոնց առնչությամբ ես կուզենայի ներկայացնել մեր նկատառումները։

Առաջարկվել է նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «դ» կետի 7-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Երեխայի որդեգրումը գրանցելու համար ՀՀ քաղաքացիներին բազային տուրքի չափով, իսկ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով»։ Այս առաջարկությունը չենք ընդունել։ Նախագծով, եթե նկատում ենք մենք, ՀՀ քաղաքացիների համար չենք էլ նախատեսել պետական տուրք, հիմա առաջարկվում է սահմանել, ուղղակի,  օտարեկրյա քաղաքացիների համար մի փոքր ավելի է 30-ապատիկը, քան քաղաքացիների համար։ Մենք գտնում ենք, որ սա չի բխում Ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի պահանջներից, որովհետեւ նախապատվություն է տրվում ՀՀ քաղաքացիներին, եւ ընդհանրապես, օտերարկրյա քաղաքացիներին որդեգրելու իրավական հնարավորություն տրվում է միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները չեն որդեգրում այդ երեխաներին, այսինքն՝ հնարավոր չէ իրականացնել որդեգրում։ Եթե այպիսի մոտեցում ենք ամրագրել Ընտանեկան օրենսգրքում, կարծում եմ, դրա համար անհարկի պետ. տուրք սահմանելով, մենք կխոչընդոտենք Ընտանեկան օրենսգրքի այս դրույթի իրականացմանը։ Այս հիմքով էլ գտնում ենք, որ ընդունելի չէ առաջարկությունը։

2-րդ առաջարկությունը վերաբերում է նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «է» կետի 11-րդ ենթակետին, «կրկնակի չափով» բառերն առաջարկվել է փոխարինել՝ «5-ապատիկի չափով», ինչն էլ մեր կողմից ընդունվել է։

3-րդը վերաբերում է նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «ը» կետի 12-րդ ենթակետին, որն առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու վերաբերյալ ՀՀ տարածքում բազային տուրքի կրկնապատիկի չափով, իսկ ՀՀ տարածքից դուրս բազային տուրքի 5-ապատիկի չափով»։ Այս առաջարկությունը եւս մեր կողմից չի ընդունվել այն պատճառով, որ նախապես դժվար է կանխորոշել, թե, ընդունենք, տեղեկանքն ի՞նչ նպատակով է տրվում, ՀՀ տարածքու՞մ օգտագործելու համար, թե՝ տարածքից դուրս, տեղեկանքից դա չի բխում, ուստի եւ, նախապես սահմանել տարբերակված մոտեծում, կարծում ենք, ընդունելի չէ։

Վերջին առաջարկությունը մեր կողմից ընդունվել է։ Խոսքը վերաբերում է նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «ժ» կետի՝ «եռապատիկի» բառը «տասնապատիկի» բառով փոխարինելուն, որը մեր կողմից ընդունվել է։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հարցեր չկան։ Պրն Դանիելյան, 1 պարզաբանում, որպեսզի տարընթերցում չառաջանա։ Ըստ ամփոփաթերթիկի, հենց 1-ին առաջարկությունը՝  նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «դ» կետի  7-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ, ներկայացված է առաջարկություն, բայց նախագծում մենք ըստ տեխնիկայի, ոնց որ թե, նման թվագրում չունենք։ Այս մասով կխնդրեի, որ պարզաբանում ներկայացվեր։ Խոսքը որի՞ն է վերաբերում, 1-ին մասի 7-րդ ենթակետն է՞ր։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-4-րդ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-4-րդ մասի՞, շատ լավ։ Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանին։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հանձնաժողովի կողմից եղել են 4 առաջարկություններ, որոնց վերաբերյալ մանրամասն խոսեց պրն նախարարը։ Ընտանեկան օրենսգրքի, ինչպես նաեւ     3-րդ կետի վերաբերյալ, այսինքն՝ 3-րդ առաջարկության վերաբերյալ, ամենայն հավանականությամբ դա պետք է չընդունվեր էլ։ Ընդհանուր առմամբ, նախագծին տրվել է դրական եզրակացություն, եւ մեր կողմից առաջարկվում է, որ հարմար պարհին դրվի քվեարկություն։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրվել է 1 պատգամավոր, Հովհաննես Մարգարյան, խնդրե՛մ։

Հ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Քննարկվող նախագծի վերաբերյալ քիչ առաջ այստեղ հնչեցվեց, որ տարընթերցում չառաջանար, ես կուզենայի ուշադրություն դարձնեիք։ հանձնաժողովի կողմից ամփոփաթերթիկում ներկայացվել է առաջարկություն, ամփոփաթերթիկի 4-րդ կետն է, որ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասին «ժ» կետի՝ «եռապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով, կողքը նշված է, որ ընդունվել է։ Ես չգիտեմ, այստեղ, «տասնապատիկի» բառ նախագթում ընդհանրապես չկա, եւ ընդունվել է, որտե՞ղ է փոփոխությունը կատարվել։ Ինձ թվում է, այստեղ տարընթերցում կա։

Ես կուզենայի, սա իմ կարծիքն է, որ հանձնաժողովն այդ նախագծի վերաբերյալ ավելի շատ նվազեցման մոտեցում ցուցաբերեր, եւ չգիտես ինչու, առաջարկություններում հիմնականում նշվել է, որ բազային տուրքի չափն ավելացվի։ Մասնավորապես, նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «է» կետի 11-րդ ենթակետի «կրկնակի չափով» բառերն առաջարկվել է փոխարինել՝ «հնգապատիկի չափով» բառերով։ Ինչու՞ եմ սա ասում, որովհետեւ, տեսե՛ք, «Քաղաքացիական կացության մասին»  մեր գործող օրենքում, եւ այն տվյալները, որոնք քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ սովորաբար վերցվում են, սա շփվում է բոլորի հետ։ Եթե տարանջատելու լինենք, ես կուզենայի միայն մի օրինակ բերել, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար։ Ես կուզենայի, որ բազային տուրքի կրկնապատիկի չափը համեմատեինք... քիչ առաջ, երբ ներկայացվեց նախագիծ, երբ  պետական ռեգիստրի ամբողջական տվյալներ էինք պահանջում, այնտեղ 3 հազ. պետք է վճարեինք, իսկ այստեղ այս տեղեկանքի համար, չգիտես ինչու, 2 հազ. դրամ։

Պրն Դանիելյան, այս առաջարկությունը, եթե հնարավոր է, եւ դուք եք հիմնական զեկուցողը, ես առաջարկում եմ, որ այստեղ դարձնենք կեսը։ Մենք շատ լուրջ մոտեցում կցուցաբերենք, որովհետեւ շատ հաճախ մեր քաղաքացիներին, տարբեր հարցերի շուրջ կապված անրաժեշտ են լինում տեղեկանքներ։ Եվ այդ տեղեկանքները ներկայացնելու համար, եթե մեր երկրում միջին կենսաթոշակի շուրջ 10%-ը եւ ավելին է կազմում այս բազային տուրքը, պատկերացրեք, թե այդ ընտանիքի բյուջեի վրա ինչքան կազդի։ Էլի եմ կրկնում, նոր գրանցման հետ կապված, նոր վկայական տալու համար այստեղ կան կրկնապատիկի չափեր, միգուցե մենք վկայականների կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար, արդեն իսկ նշեցիք, արդարացի, դուք ձեր ելույթում, որ հնարավոր չէ տարանջատել՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիների դիմումի՞ համաձայն է, թե, ուղղակի, վերցնում են, այստեղ օգտագործելու, այստեղ սահմանեինք բազային տուրքի չափով, 1000 դրամի չափով, իսկ 12-րդ կետում, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար ոչ թե բազային տուրքի կրկնապատիկի չափով, այլ ուղիղ կեսի չափով, 500 դրամ։ Ինչու՞ եմ ես սա ասում, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ տարբեր սոցիալական հարցերում, սոցիալական նպաստ եւ այլն, քաղաքացիներն առօրյայում  շատ են շփվում այսպիսի տեղեկանքների հետ, արդարացիորեն դժգոհում են, չգիտես ինչու, եղել են դեպքեր, երբ 200 դրամից է սահմանված եղել, հետո 500 դրամ։ Շատ հաճախ արդարացիորեն դժգոհում են, որ չգիտես, թե ինչքան է, պետք է վճարեն, որ ստանան նմանատիպ տեղեկանքներ։

Ես առաջարկում եմ, պրն նախարար, այս հարցի վերաբերյալ եթե նպատակահարմար գտնեք, ձեր եզրափակիչ ելույթում անդրադառնաք։ Եվ այս ամբիոնից առաջարկություն եմ ներկայացնում նշված 2 հոդվածների վերաբերյալ։ Եթե հնարավորություն կա, նաեւ իմ գործընկերներին եմ դիմում, եթե համակարծիք կլինեն ԱԺ-ում, որ 12-րդ կետում՝ «կրկնապատիկի» բառը փոխարինվի՝ «50%-ի չափով», իսկ 6-րդ կետում, փաստորեն, բազային տուրքի չափով, այսինքն՝ կրկնապատիկն այդ չափով։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ելույթներն ավարտվեցին։ Եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն, պրն Բոստանջյան, պրն Դանիելյան... հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված, կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան։ Հարակից զեկույցը Մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից պետք է ներկայացվի։ Խնդրե՛մ, պրն նախարար։

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում օրենսդրական փաթեթը 3 օրենսդրական ակտերի առնչությամբ, 1-ինը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», հաջորդը՝ «Ձերբակալված, կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», եւ վերջինը՝  «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է։

 Սրանք սահմանված կարգով քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի մշտական հանձնաժողովում, նոր առաջարկություններ չեն ներկայացվել, ըստ այդմ էլ, փաթեթն առանց փոփոխությունների ներկայացվում է 2-րդ ընթերցմամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն։ Այժմ՝ հերթագրում ելույթների համար։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագծերը, հարգելի գործընկերներ, դա օրակարգի 3-րդ բաժնի 13-րդ, 15-րդ եւ 18-րդ հարցերը կլինեն։ Այժմ կքննարկենք կառավարության կողմից ներկայացված «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկույցը կներկայացնի առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը։  Խնդրե՛մ, պրն Հակոբյան։

Թ.ՀԱԿՈԲՅԱՆ

-ԱԺ հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարության կողմից ներկայացվել են առաջարկություններ, որոնք հիմնականում խմբագրական փոփոխություններ են։ Այդ բոլոր առաջարկություններն ընդունվել են եւ ներկայացված նախագծում դրանք արտացոլված են։

Այլ գրավոր առաջարկություններ մենք չենք ստացել, հետեւաբար, առաջարկում եմ օրենքի նախագիծն ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկություններ չեն ներկայացրել, ուստի հարցեր չեն լինի։ Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է սոցիալական, առողջապահության, բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Խնդրե՛մ, պրն Բաբլոյան։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, միաձայն դրական եզրակացության է արժանացել։ Կառավարության կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ունեն խմբագրական նշանակություն, մենք նույնպես ողջունում ենք այդ փոփոխությունները, հանձնաժողովը նույնպես առաջարկում է ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրվածներ չկան, հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ կառավարության կողմից ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։ Հիմնական զեկույցը կներկայացնի առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը։  Խնդրե՛մ, պրն Հակոբյան։

Թ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։  Նշեմ, որ 1-ից  ընթերցումից հետո ստացվել են առաջարկություններ կառավարության կողմից, որոնք հիմնականում խմբագրական բնույթի են, իրականացվել են այդ շտկումները։

Եվս մեկ առաջարկություն վերաբերում էր օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, որով օրենքն ուժի մեջ էր մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։ Քանի որ սույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ տեղական տուրքը սահմանվում է ընթացիկ տարվա համար, հետեւաբար, այս առաջարկությունը նույնպես ընդունվել է եւ  2-րդ հոդվածը շարադրված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։

Եվս մեկ գրավոր առաջարկություն ստացվել է ԱԺ պատգամավոր Վերսանդ Հակոբյանի կողմից։ Այս առաջարկությունն ընդունվել է, առանձնացվել են ծխախոտի իրացման եւ ոգելից խմիչքների իրացման հարցերը, քանի որ այս կոնվենցիան, որի մասին մենք խոսում ենք, հիմնականում ներառում է բացառապես ծխախոտի դեմ պայքարի միջոցառումներ, հետեւաբար, այն չի կարելի կիրառել ոգելից խմիչքների իրացման պարագայում։ Համապատասխան փոփոխություն է իրականացվել եւ առանձնացվել են։ Այսպիսով, ստորին շեմը բարձրացվել է միայն ծխախոտի արտադրանքի թույլտվության համար, այս դեպքում։ Այլ առաջարկություններ չկան։

Առաջարկում եմ ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։

 Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շատ լավ։ Քանի որ պրն Հակոբյանը դահլիճում չէ, նա հարցեր ուղղել չի կարող, հարցեր չեն լինի։ Հարակից զեկույցի համար ձայնը տրվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան  Այվազյանին։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հիմնական զեկուցողը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք եղել են հանձնաժողովի անդամների կողմից, մասնավորապես, տարանջատվեց նաեւ ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառի հետ կապված այդ տողը, առանձնացվեց նաեւ այդ մասը, որն ընդունելի էր հիմնական զեկուցողի կողմից։

Հանձնաժողովը մարամասն քննարկել է եւ տվել է դրական եզրակացություն, ամբողջությամբ ընդունելու սույն օրինագիծը, առաջարկված փոփոխությունները։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հերթագրում՝ ելույթների համար։ Ելույթներ չկան, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն եւս չկա։

Հաջորդ նախագիծը՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։ Հիմնական զեկույցը կներկայացնի առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը։  Խնդրե՛մ, պրն Հակոբյան։

Թ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Քաղաքացիական դատավարության ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելուց հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ, որոնք առաջարկվել էին կառավարության կողմից։ Այդ առաջարկություններն ընդունվել են, այլ առաջարկություններ չեն ստացվել։

Առաջարկում եմ օրենքն ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Հարակից զեկույցը ներկայացնելու համար ամբիոնի մոտ է հրավիրվում  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հանձնաժողովը տվյալ նախագծին տվել է դրական եզրակացություն, սակայն երբ հանձնաժողոովում քննարկվեց այս հարցը, ունեինք վերապահում, որ նախատեսվի նաեւ փաստաբանի մասնակցությունը տվյալ գործընթացներին, բայց քանի որ փաստաբանի մասնակցությունը հանրային միջոցներով պետք է տեղի ունենա, որոշեցինք նաշապատրաստել նաեւ այլ օրենքի նախագիծ, եւ ընդլայնել հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու ցանկը՝ քաղաքացիների, որոնք կարող են մասնակցել քաղաքացիական դատավարություններին, հանրային պաշտպանության կարգով։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Փոստանջյան։ Հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրվածներ չկան, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն չկա։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հաջորդ նախագիծը՝ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված, «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։ Հիմնական զեկույցը կներկայացնի պատգամավոր Վարդան Այվազյանը։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Ներկայացվող օրինագիծը ներկայացվում է 2-րդ ընթերցման ռեժիմով։ Այս ժամանակահատվածում թե՛ կառավարության կողմից, թե՛ մեր գործընկերների կողմից չի եղել որեւէ առաջարկ։

Խոսքը հիմնականում վերաբերում է ներկրվող ապրանքների հավասար հարկային ռեժիմի ստեղծման խնդրին։ Մենք փորձեցինք կարգավորել, երբ որ ներկրման ընթացքում առաջ էր գալիս պահածոյացման համար անհրաժեշտ, համապատասխան տարաների դրույքաչափերի կիրարկման խնդիրը։ Այնպես որ, 1-ից 2-րդ ընթերցման ռեժիմում չի եղել որեւէ առաջարկություն։

Մեր կողմից առաջարկված փաթեթն առաջարկում ենք ընդունել ամբողջությամբ։

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն։ Այժմ հերթագրում՝ ելույթների համար։ Հերթագրված պատգամավորներ չկան, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն.... պրն Այվազյան, հարցի քննարկումն ավարտե՞նք։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց, ընդմիջում, կշարունակենք աշխատանքներն ընդմիջումից հետո։ 
 


Ժամը 16:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք քննարկումները։

Կառավարությունը ներկայացրել է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Հիմնական զեկուցողն է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ եւ  գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Հարակից զեկուցող՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Համեցեք, պրն Ջանջուղազյան, կարող եք ներկայացնել նախագիծը։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հաշվի առնելով, որ նախագիծը ներկայացվում է 2-րդ ընթերցմամբ, ուղղակի հիշեցնեմ, որ նախագիծը նպատակ է  հետապնդում այսուհետ օրենքով սահմանել «ՀՀ պետական պարտքը» որպես հասկացություն, դրա կազմը, ձեւերը, աղբյուրները, ներգրավման նպատակները, հաշվառումը,  ինչպես նաեւ պետական պարտքի կառավարման նպատակները, սկզբունքները, կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը, պետական երաշխիքների տրամադրման սկզբունքներն ու սահմանափակումները։

ԱԺ-ի կողմից նախագծին 1-ին ընթերցմամբ հավանություն տալուց հետո ընկած ժամանակահատվածում առաջարկություններ են ստացվել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից։

Ստացված  թվով 12 առաջարկություններից 9-ն ընդունվել են, որն անկասկած նախագիծը դարձել է ավելի ամբողջական եւ տարաբնույթ մեկնաբանությունների ռիսկերից զերծ։

Ինչ վերաբերում է չընդունված 3 առաջարկություններին, ապա ես փորձեմ ներկայացնել դրանց չընդունման հիմնավորումները։ Մասնավորապես, առաջարկվել էր օրինագծի 2-րդ հոդվածի 9-ը եւ 10 կետերը վերաշարադրել այնպես, որպեսզի հասկացությունների բաժնում սահմանվի նաեւ բացի «պարտքի մարման եւ պարտքի սպասարկման » հասկացությունների էությունից, դրանց որպես գործընթաց եւ որպես համակարգ սահմանումները տրվեն հասկացության մեջ։

Իհարկե, կարող է նաեւ այսպիսի մոտեցում   լինել, սակայն մենք նախագիծը կազմելիս նպատակահարմար ենք գտել հասկացության մեջ սահմանել միայն հենց պարտքի մարումը եւ պարտքի սպասարկումը, իսկ ինչ վերաբերում է գործընթացին՝ պարտքի մարման եւ այն կանոններին, որոնցով իրականացվում է պարտքի մարումը եւ սպասարկումը, դրանք սահմանված են նախագծի այլ հոդվածներով։ Մասնավորապես, հոդված 11-ով «Պետական պարտքը կառավարող մարմինները» հոդվածով։ Դրա 1-ին մասով նախատեսված է, որ պետական պարտքի կառավարումը իրականացնում է լիազոր մարմինը եւ Կենտրոնական բանկը իր պարտքի մասով։ Բացի այդ «Գանձապետական համակարգի մասին» օրենքը նույնպես սահմանում է, որ լիազոր մարմինը, տվյալ դեպքում ֆինանսների բնագավառում պետական կառավարումը իրականացնող Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, պատասխանատու է արտաքին պետական պարտքի սպասարկման եւ ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարման համար։

Ինչ վերաբերում է  կանոններին, ապա նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ կետը նոր խմբագրությամբ, որը տրամադրված է ձեզ, 5-րդ մասը նոր նախագծի, վերամշակված տարբերակի նախագծի, սահմանում է, որ պետական պարտքի մարման եւ սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ եւ ժամանակին։ Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման եւ սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման, արտահայտվելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունում։  Սա, փաստորեն, այն հիմնական կանոնն է, որի համաձայն պետք է իրականացվի պետական պարտքի մարումը եւ սպասարկումը։ Այլ մանրամասներ, պարզապես, նպատակահարմար չի գտնվել ներկայացնել օրենքի նախագծում։

Բացի այդ, նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասով եւ 21-րդ հոդվածով սահմանվում է ներքին պետական պարտքի՝ 1-ին դեպքում, եւ 2-րդ դեպքում՝ արտաքին պետական պարտքի մարված լինելու դեպքերը։

Հաջորդ առաջարկությունը, որը չի ընդունվել, վերաբերում է 5-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերով ներկայացված սահմանափակումներին, որով առաջարկվում է, այսինքն՝ առաջարկությամբ առաջարկվում է «Բյուջետային համակարգի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումներին համապատասխանեցնել այս սահմանափակումը։ Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է պարտքի որոշակի մակարդակի հասնելու դեպքում, պարտք ներգրավելու համեմատաբար զգուշավոր քաղաքականություն որդեգրելուն։

Ներկայացված նախագծի հիշյալ հոդվածներով նախատեսվում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության 50 տոկոս սահմանագծի հատումից հետո հաջորդ տարվա պարտք... ներողություն, դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 3 տոկոսը, որպեսզի, ինչպես արդեն ասացի, զգուշավոր քաղաքականության պարտք ներգրավի եւ սահմանային համարվող պարտք-ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոսը գերազանցելով ռիսկից ապահովագրվի։

Այս տեսակետից կարծում ենք, որ առաջարկվող սահմանափակումը լրացնում է «Բյուջետային համակարգի մասին» օրենքով նախատեսված սահմանափակմանը։

Եվ հաջորդը՝ առաջարկվում էր օրինագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում առավել հստակեցնել գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշները։ Մենք կարծում ենք, որ տրված երկու հիմնական չափանիշները, դրանք են՝ թեկնածուի ֆինանսական վիճակի եւ ֆինանսական շուկայում գործունեության սահմանումը, ինչպես նաեւ նույն հոդվածի վերջին մասի այն պահանջը, որի համաձայն ընտրության չափանիշները պետք է լինեն հրապարակային, լուծում է այն խնդիրը, որը կարող էր ծագել ընտրության ընթացքում սուբյեկտիվիզմի հնարավոր դրսեւորումների տեսակետից։ Այս առումով այս 3 առաջարկությունները չեն ընդունվել, մնացած առաջարկությունները, ինչպես ասացի, ընդունվել են։ Դրանց համապատասխան խմբագրվել է նախագիծը եւ ձեզ ներկայացված է վերամշակված տարբերակը նախագծի։ Շնորհակալություն, եթե հարցեր կան, ես կփորձեմ պատասխանել։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Մեր կանոնակարգի համաձայն հարցեր կարող է տալ միայն պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Կա՞ դրա անհրաժեշտությունը, պրն Մինասյան։ Շնորհակալություն։

Այժմ, հարգելի գործընկերներ, մենք կլսենք գլխադասային հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Խնդրեմ։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ձեր ուշադրությանը  ներկայացնել «Պետական պարտքի մասին» օրենսդրական նախաձեռնության 2-րդ ընթերցման վերաբերյալ մեր հանձնաժողովի տեսակետը։

Ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցողը, մինչ  այս օրենքի ընդունումը, օրենքի մակարդակով այս կարեւորագույն խնդիրը կարգավորված չէր, եւ այդ կարգավորումը իրականացվում էր ենթաօրենսդրական ակտերի միջոցով, որը բավականին բարդացնում էր այդ կարգավորման վերահսկողությունը օրենսդիր մարմնի կողմից, եւ միաժամանակ, երբ խնդիրը կարգավորվում է ենթաօրենսդրական ակտերում, նաեւ վերահսկողական ֆունկցիաները այդ ոլորտի նկատմամբ բավականին ավելի թերի են լինում։ Եվ ահա, այս տեսակետից իսկապես ողջունելի է այս օրենսդրական նախաձեռնության ներկայացումը։ Դրա մասին մենք հանգամանալից խոսեցինք մեր 1-ին ընթերցման ժամանակ։

Ինչ վերաբերում է 2-րդ ընթերցման ներկայացված տարբերակին, ապա այստեղ մենք ունենք ընդամենը մեկ պատգամավորի կողմից, պրն Արծվիկ Մինասյանի կողմից առաջարկություններ, որոնց թիվթ 12-ն է։  Եվ նրանց մի զգալի մասը վերաբերում է սահմանումներին, եւ այդ սահմանումների հստակեցումը թույլ է տալիս ավելի հանգամանալից եւ ավելի հստակ ներկայացնել այն տերմինները, որոնք դառնում են օրենսդրական նախաձեռնությունը հասկանալու եւ գնահատելու համար ուղղակի անհրաժեշտ գործիքներ, եւ միաժամանակ, կան փոփոխություններ, որոնք վերաբերում են օրենքի կիրարկման առարկային։

Պետք է ասեմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը փոփոխություններով հանդերձ, մանրամասն քննարկվել է մեր հանձնաժողովում եւ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն այս օրենսդրական նախաձեռնության 2-րդ ընթերցման ռեժիմում ԱԺ-ին քննարկելու համար, Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան։ Հիմա անցնում ենք մտքերի փոխանակությանը։ Հերթագրում՝ հարցերի համար։ Այո, այո, ելույթների։ Հերթագրվել է պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Խնդրեմ։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, իսկապես ներկայացված օրինագիծը «Պետական պարտքի մասին» 2-րդ ընթերցման շրջանակներում բավականին նաեւ ակտիվ քննարկվել է մեր հանձնաժողովում՝ ֆինանսավարակային, բյուջետային մշտական հանձնաժողովում, բացի դա, ակտիվ աշխատանք է տեղի ունեցել նաեւ օրինագծի հեղինակների հետ։  Պրն Ջանջուղազյանն այստեղ նշեց, որ քննարկել ենք։ Ես իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ արտահայտում պրն Ջանջուղազյանի պատրաստակամությանը եւ նաեւ հարցերն արմատապես քննարկելու եւ լավագույն լուծումներ գտնելու տեսանկյունից։

Օրինագծի, ըստ էության, հիմնական նպատակը նա էր, որ առ այսօր մեր երկրում  պետական պարտքի վերաբերյալ, օրենքի մակարդակով, կա՛մ չկար լուրջ դրույթ, կա՛մ այնպիսի դրույթներ էին, որոնք  պարզապես ներառվում էին քիչ թե շատ «Բյուջետային համակարգի մասին» օրենքով։

Օրենքն այդ տեսանկյունից միանշանակ ունի համակարգային բնույթ։ Ըստ էության, ամբողջացնում է պետություն եւ այլ սուբյեկտներ հարաբերությունները, եւ հնարավորություն է տալիս, որպեսզի կանխատեսելի դառնա եւ՛ պետական քաղաքականությունը, եւ՛ նաեւ այն սուբյեկտները, ովքեր մտնում են պարտքի կամ փոխառության հարաբերությունների մեջ, վստահորեն իմանան, թե ինչպիսի քաղաքականություն է պետությունը վարելու այդ գործընթացում։ Այդ տեսանկյունից, հասարակության մոտ կա այսպիսի նաեւ մի տարակարծություն, որ ցանկացած պարտավորություն, որը պետությունն է ստանձնում, պետք է պետական պարտք դիտվի։

Այս օրենքի նպատակը այդ չէ, հակառակը՝ այս օրենքն ասում է, որ պետական պարտք է մեզ դիտում 3 հիմնական դեպքերում։ 1-ին՝ եթե  ներգրաված է փոխառություն, եթե միջոցներ է ներգրաված վարկային, վարկերի տեսքով եւ 3-րդ՝ եթե պետությունը որոշակի ծրագրերի շրջանակներում կա՛մ որոշակի աշխատանքների, կա՛մ ծառայությունների մատուցման նպատակով տրամադրել է պետական երաշխիք։ Այս երեք դեպքերն են, որ, ըստ էության, պարտքային պարտավորություն է ձեւավորում պետության հանդեպ կամ պետության կողմից։ Մնացած դեպքերը պարզապես կարող են դիտվել որպես ընթացիկ գործառնական կամ հաջորդ տարիների պետական պարտքի ծրագրի շրջանակներում ներառման ենթակա։ Բերեմ օրինակ, որպեսզի ավելի պարզ եւ հասկանալի լինի։

Այսօր, բոլորս գիտենք, որ դատական ակտերի հիման վրա կարող են պետությունից բռնագանձման ենթակա գումարներ նախատեսվել։ Այդ գումարները, որոնք որ պետությունը կամ պետական բյուջեն պարտավոր է տրամադրել այս կամ այն սուբյեկտին,  ում վերաբերյալ կամ հօգուտ ում, որ  կայացվել է վճիռը, դա պետական պարտք չէ այս օրենքի համապատասխան, այլ դիտվում է որպես պետության ընթացիկ պարտավորության կատարման եւս մեկ երաշխիք։

2-րդ օրինակը, ակնառու օրինակը, որ կա, դա ընդունենք օրինակ, նույն ավանդների, նախկին ԽՍՀՄ խնայբանկում մնացած ավանդների վերադարձման հետ կապված հարցերն են։ Նույնիսկ, եթե այնպիսի հրաշք տեղի ունենա, որ մենք,  մեր երկիրը ունենա այդ հնարավորությունը, որ վերադարձնի ավանդները, ապա ավանդների վերադարձի նույն ծրագիրը նույնպես պետական պարտք, ըստ էության, չի դիտվելու։

Եվ 3-րդը՝ բոլորդ տեղյակ եք, որ սկսած 93 թվականից ՀՀ-ը 1,5, 2 տարվա ընթացքում թողարկել էր ներքին շահող փոխառության պարտատոմսեր, որոնք նաեւ նախկին ԽՍՀՄ համակարգի ժամանակ թողարկվող պարտատոմսերի, շահումով պարտատոմսերի, փոխարինման մի գործիք էին։ Այս գործիքները, թեեւ ներկայումս դադարեցված են դրանց թողարկումը եւ շրջանառությունը, բայց նրանց նկատմամբ ձեւավորված է որոշակի վճարման պարտականություն։ Սա նույնպես այս օրենքի շրջանակներում, պետական  պարտք չի դիտվելու, այլ ընդամենը հաջորդ տարիտների ընթացքում պետական բյուջեի կատարման լրացուցիչ երաշխիք է սահմանվում։

Մյուս կարեւոր հարցը, որ ես կուզենայի խոսել, դա իսկապես համախառն ներքին արդյունք-պետական պարտք հարաբերակցության եւ դրա շրջանակներում, ըստ էության,  բյուջեի դեֆիցիտի ձեւավորման խնդիրներն են։

Պրն Ջանջուղազյանն այստեղ ասաց, որ առաջարկությունների մեջ կար նաեւ հարց, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքով նախատեսված էր որոշակի սահմանափակում, ըստ որի, պետական բյուջեի դեֆիցիտը չի կարող յուրաքանչյուր տարվա համար, առաջիկա բյուջետային տարվա համար ավելին լինել, քան թե համախառն  ներքին արդյունքի 5 տոկոսն է, եւ այստեղ, օրինագծում առաջարկվում է եւս մեկ սահմանափակում, որը իսկապես ոչ թե վերացնում է այդ սահմանափակումը, այլ լրացնում է նրան եւ զգուշավոր պարտքի քաղաքականության շրջանակներում հնարավորություն է տալիս պետական մարմնին, լիազոր մարմնին ի դեմս, ըստ էության, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը կամ գանձապետական համակարգին կիրառելու զգուշավոր պարտքի քաղաքականություն։ Սա կարեւոր նորմ է, անշուշտ, որ ի սկզբանե եւ՛ պետությունը, եւ՛ պետական մարմինները, եւ՛ նաեւ սուբյեկտները պետք է հստակորեն գիտակցեն, թե ինչպիսի պարտքային քաղաքականություն իրենք կարող են տանել առ այն, որ չվնասվի պետական կամ տնտեսական քաղաքականությունը։ Հետեւաբար, այդ տեսանկյունից համաձայն եմ նաեւ պրն Ջանջուղազյանի կողմից արտահայտված այն մտքի հետ, որ առաջարկությունների այդ մասերը չընդունելով, հիմնավորում է, որ սա գերազանցապես լրացնող նոր է այդ  սահմանափակումներին, եւ ոչ թե վերացնող։

Առաջարկությունների այն հատվածները, որ ընդունվել են, ես կարծում եմ, իսկապես օրինագիծը փորձել ենք ավելի բարվոք տեսքի բերել։ Կուզենայի դրանցից հատկապես խոսել այն նորմի մասին, խոսքը վերաբերում է հոդված 4-ի 8-րդ կետին, որտեղ նախկին ձեւակերպմամբ տրված էր, որ օրենքին չհամապատասխանող ցանկացած պետական պարտք, որը ձեւավորվել է, առ ոչինչ էր դառնում։

Հարգարժան նախագահող, ես խնդրելու եմ ավելացնել ...։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

- 3 րոպե ավելացրեք։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։  Նախկին ձեւակերպման համաձայն, փաստորեն օրենքի պահանջներին չհամապատասխանող պետական պարտքը համարվում էր առ ոչինչ պարտք։ Սա լուրջ հետեւանքներ կարող էր իր հետ բերել, ինչո՞ւ, որովհետեւ, եթե օրինակ, վերցնենք պետական պարտատոմսերի մասով, որը համարվում էր ամենացածր ռիսկայինը եւ պետության երաշխիքով ամենաբարձր իրացվելիություն ապահովող գործիքը, կստացվեր մի իրավիճակ, երբ որոշակի տեխնիկական պատճառներով թողարկվելու են պարտատոմսեր եւ այդ պարտատոմսերը հայտնվել են շուկայում ու այդ տեխնիկական պատճառների արդյունքում պարտատոմսերը փաստորեն կհամարվեին առ ոչինչ։

Շատ լավ է, որ մենք հիմնական հեղինակի հետ եկանք այն մոտեցման, որ ոչ թե առհասարակ պետական պարտքի ձեւավորման բոլոր դեպքերը պետք է համարել առ ոչինչ, եթե խախտվել են օրենքի պահանիջները, այլ միայն այն դեպքում, եթե խախտվել են սույն հոդվածով նախատեսված, 5-րդ հոդվածով նախատեսված 6-րդ եւ 7-րդ կետի պահանջները։  Դրանցից 1-ինը վերաբերում է հետեւյալին՝ որ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը։ Այսինքն՝ եթե այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ պետական պարտքը, օրինակ, կազմում է 61 տոկոս, ապա առնվազն այդ 1 տոկոսի չափով պետք է առ ոչինչ ճանաչվի պարտքը։ Եվ 2-րդ դեպքը՝ երբ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 3 տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը։

Սա այն դեպքն է, երբ  երկիրը ոչ թե ունի տնտեսական զարգացում, այլ տնտեսական հետընթաց, եւ, ըստ էության, կարող է ավելի փոքր մեծություն պահանջվեր բյուջեի դեֆիցիտի, քան թե սա,  նախորդ տարիների ընթացքում։ Հետեւաբար, այս երկու դեպքում է միայն, որ եթե խախտումներով այս երկու պահանջների ձեւավորվի պետական պարտք, ապա այդպիսի պետական պարտքն առ ոչինչ է, իսկ առ ոչինչ, ըստ Քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, նշանակում է պետական պարտքը պետք է հետ վերադարձնել, ստացված գումարը հետ վերադարձնել տվող սուբյեկտին եւ հակառակը, սուբյեկտն այլեւս որեւէ պահանջի իրավունք պետությունից  չունի։

Սրանք էին այն հիմնական հարցերը, որ ես կարեւորեցի ելույթի նպատակահարմարությունից ելնելով, եւ կարծում եմ, որ օրենքի ամբողջական գործադրումը հնարավորություն կտա եւ՛ կառավարությանը, եւ՛ Կենտրոնական բանկին առավել կառավարելի ու առավել թափանցիկ դարձնել պետական պարտքի առաջացման, տրամադրման եւ շրջանառության սկզբունքներն ու մոտեցումները, իսկ մեզ, որպես ԱԺ-ի որպես օրենսդիր մարմնի, հնարավորություն կտա յուրաքանչյուր տարում ավելի կանխատեսելի դարձնել պետական պարտքի ձեւավորման քաղաքականությունը։

Ավարտելով խոսքս, նորից շնորհակալություն եմ հայտնում լավ եւ համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ձեզ էլ շնորհակալություն, պրն Մինասյան։ Հարգելի գործընկերներ, Եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չկա՞։ Շատ լավ։ Հարցի քննարկումն ավարտվեց։

-Ինչ որ բա՞ն ունեք ասելու վարման կարգի հետ կապված։ Այո, թե՞ ոչ։ Համեցեք։

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Պրն Թորոսյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել գեղեցիկ ծաղկեփնջերի համար, որոնք «մոն ամի» էին վերնագրված։ Այսինքն՝ մեր բարեկամներ։ Շնորհակալ ենք, շատ զգացված ենք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Չէ, (Ծիծաղ) բայց նիստի ժամանակ վարման կարգի վերաբերյալ պիտի խոսենք։ Ճիշտն ասած, ես դրա հետ կապված  դժվարություն ունեի, որովհետեւ միշտ խնդրել են վարման կարգի հետ կապված, վարման կարգի մասին խոսենք։ Շատ լավ։ Ես երբեք պատգամավորների հետ բարեկամությունը կասկածի տակ չեմ դրել, անկախ այն բանից, թե տարբե՞ր տեսակետներ ենք ասել, թե՞ ոչ։  Շատ լավ, շնորհակալություն։

Այժմ, հարգելի գործընկերներ, անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Կառավարությունը ներկայացրել է «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողն է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Հարակից զեկուցողը՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Խնդրեմ, պրն Ջանջուղազյան, կարող եք ներկայացնել նախագիծը։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ Հանրային հատվածում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական հիմքերը ծագել են դեռեւս «Գանձապետական համակարգի մասին» օրենքի ընդունումից հետո։

Ըստ նշված օրենքի  ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գլխավոր ֆինանսիստները պարտավոր են ապահովել ներքին հսկողության եւ ներքն աուդիտի համակարգերի առկայությունը, որը ներառում է պետական մարմնում եւ համակարգի պետական հիմնարկներում ֆինանսական հարցերի վերաբերյալ հատկացված ակտերի պահանջների կատարման գնահատումը եւ հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ   անհամապատասխանությունների բացահայտումը եւ դրանց ճշգրտման ապահովումը։

«Գանձապետական համակարգի մասին» օրենքի վերոհիշյալ պահանջների կիրարկման նպատակով դեռեւս 2002 թվականին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի անցկացման կարգը, սակայն, չնայած նրան, որ 2001 թվականից սկսած ձեւավորվել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի համակարգի ներդրման  օրենսդրական հիմքերը, գործնականում այդ համակարգը դեռեւս ամբողջությամբ չի կարող գնահատվել որպես ներդրված համակարգ։ Մասնավորապես, ոչ բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում են սահմանված կարգով նշանակվել գլխավոր աուդիտորներ։

Հստակ չէ կապը ներքին աուդիտորական ստուգումների, ուսումնասիրությունների եւ վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ կառույցների հաշվետվությունների միջեւ։ Ներկայումս ներքին աուդիտի համակարգը հիմնականում կենտրոնանում է   ֆինանսական աուդիտի վրա, սակայն միջազգային պրակտիկայում ներքին աուդիտի շրջանակներն ավելի լայն են, ինչը բացի ֆինանսական աուդիտից ներառում է նաեւ կատարողական աուդիտը եւ ներքին հսկողության համակարգի արդյունավետության գնահատման հարցերը։

Անհրաժեշտ է ապահովել ներքին աուդիտի ոլորտում ներգրավված անձանց համապատասխան որակավորումը, վերապատրաստումը եւ այդ ստորաբաժանումների տեխնիկական  հագեցվածությունը։ Ներքին աուդիտի գործող համակարգը համարժեք չէ համեմատաբար փոքր ֆինանսական միջոցներ շրջանառող պետական մարմինների եւ համայնքների գործունեության առանձնահատկություններին։

Հիշյալ խնդիրների կարգավորման եւ ներքին աուդիտի համակարգի հետագա կատարելագործման նպատակով ներկայացվել է սույն նախագիծը, որով սահմանվում է հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգը եւ կարգավորվում ներքին աուդիտի հետ կապված հիմնական հարաբերությունները։

Օրենքը նպատակ է հետապնդում ձեւավորել ներքին աուդիտի համակարգի գործունեության եւ զարգացման իրավական հիմքերը։ Նախագծով դասակարգվում են աուդիտի նպատակներն ու շրջանակները, կազմակերպչական կառուցվածքը։ Ներքին աուդիտի գործընաթացը կարգավորող եւ համակարգով լիազոր մարմնի իրավասությունները, ներքին եւ արտաքին աուդիտ իրականացնող մարմինների առանձին փոխհարաբերություններ, ներքին աուդիտորների եւ հաշվետու միավորների իրավասությունները եւ պարտականությունները։

Միաժամանակ, քանի որ «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսում է գլխավոր աուդիտորների անմիջական ենթակայություն կազմակերպության ղեկավարին, ինչպես նաեւ կազմակերպության ղեկավարին է վերապահվում ներքին հսկողության համակարգի առկայության ապահովման գործառույթը, անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում։

Հիշյալ օրենքում փոփոխությունները պայմանավորված են նաեւ ՀՀ կառավարության կողմից լիազորված ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացինող պետական մարմնի գանձապետարանի կառուցվածքում ներառված միավորների կարգավիճակի, դրանց անվանման փաստացի փոփոխության հանգամանքներով։

Այսպիսով ակնկալվում է, որ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի նախագծի հաստատմամբ կներդրվի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ամբողջական գնահատման միասնական համակարգ։

Միջազգայնորեն ընդունված սահմանմամբ ներքին աուդիտն անկողմնակալ հավաստիացման եւ խորհրդատվական բնույթի գործառույթ է, որի նպատակը կազմակերպության գործունեության բարելավումն է։ Կազմակերպության ղեկավարման, ներքին հսկողության, ռիսկերի կառավարման եւ այլ գործընթացների գնահատման ու դրանց բարելավման միջոցով ներքին աուդիտը աջակցում է կազմակերպության նպատակաների արդյունավետ իրականացման գործում։ Այսինքն՝ ներքին աուդիտի համակարգի ներդրումը հիմնականում ուղղված է կազմակերպությունների գործունեության բարելավմանը, անճշտությունների եւ խախտումների կանխարգելմանն ու շտկմանը, այլ ոչ թե արդեն իսկ տեղ գտած թերությունների բացահայտմանը, որոնց բացասական հետեւանքներ բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման տեսակետից երբեմն կարող են լինել անդառնալի։

Ինչպես արդեն նշվեց,  գործող համակարգը նախատեսում է միայն ֆինանսական աուդիտի անցկացում։ Այդ կապակցությամբ նախագծի «հասկացություններ» բաժնում հստակեցված է նաեւ աուդիտի այլ տեսակները։ Մասնավորապես, համապատասխանության աուդիտը սահմանված է որպես ներքին աուդիտի տեսակ, որի միջոցով գնահատվում է աուդիտի օբյեկտի համապատասխանությունը  ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին եւ բացահայտում առկա անհամապատասխանությունները։

Կատարողական աուդիտը նույնպես որպես աուդիտի տեսակ է սահմանված, որի միջոցով գնահատվում է աուդիտի օբյեկտի արդյունավետությունը։ Ընդ որում, արդյունավետությունը  որոշվում է ՀՀ օրենքներով եւ կամ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված չափանիշներին, ստացված արդյունքների համապատասխանության, անհամապատասխանությունների դեպքում դրանց պատճառների, ինչպես նաեւ ստացված արդյունքների եւ դրանց հասնելու համար օգտագործված ռեսուրսների համարժեքության գնահատման միջոցով։

Սահմանված է նաեւ որպես աուդիտի տեսակ տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտը, որոնց միջոցով գնահատվում են ավտոմատացված տեղեկատվական համակարգերը ներառյալ այդ համակարգերին փոխկապակցված ոչ ավտոմատացված գործընթացները։

Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված է ներքին աուդիտի նպատակը, ըստ որի ներքին աուդիտը նպատակ է հետապնդում գնահատել կազմակերպության 1-ին՝ գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին,  գործառույթների արդյունավետությունը, գործունեությանը առնչվող տեղեկությունների արժանահավատությունը, գործունեության եւ կազմակերպությունում իրականացվող գործընթացների հետ կապված ռիսկերը ու դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումները։

Ընդ որում ներքին աուդիտի են ենթարկվում  կազմակերպությունների գործունեությանն առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում՝ նաեւ ներքին հսկողության համակարգը։

Նախագծի 6-րդ հոդվածը սահմանում է այն սկզբունքները, որոնց համաձայն ենթադրվում է, որ պետք է կազմակերպեն կազմակերպության ներքին աուդիտի գործառույթները։

Ներքին աուդիտի կազմակերպման որպես սկզբունքներ նախատեսում է ներքին աուդիտի օբյեկտից եւ հաշվետու միավորից անկախությունը եւ ներքին աուդիտի ամբողջականությունը։

Հաջորդը՝ ներքին աուդիտի իրականացման միասնական մեթոդաբանության պահանջն է դրված, եւ 3-րդը՝ ներքին աուդիտի թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը։ Ներքն աուդիտի օբյեկտից եւ հաշվետու միավորից անկախության սկզբունքը ենթադրում է գլխավոր աուդիտրի անմիջական ենթակայություն կազմակերպության ղեկավարին եւ կազմակերպության գործառույթների կատարումն ապահովող ստորաբաժանումներից եւ պաշտոնատար անձանցից անկախ ներքն աուդիտի իրականացման հնարավորություն։

Ամբողջականության սկզբունքը, ինչպես արդեն նշվեց, նշանակում է կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր գործառույթների եւ կազմակերպության գործունեության արդյունքների աուդիտի ենթարկելը։ Ներքին աուդիտի իրականացման միասնական մեթոդաբանության սկզբունքը ենթադրում է ներքին աուդիտի իրականացման միասնական կանոնների առկայություն եւ աուդիտի տարբեր օբյեկտների նույն մոտեցմամբ ներքին աուդիտի ենթարկում։

Ներքին աուդիտի թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքները ենթադրում են 1-ին դեպքում ներքին աուդիտի իրականացման գործընթացի եւ դրա արդյունքների գնահատման հնարավորություն, 2-րդ դեպքում՝ ներքին աուդիտի նկատմամբ հսկողության եւ պատասխանատվության առկայություն։

Նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է ներքին  աուդիտի ստանդարտները, որի համաձայն ենթադրվում է, որ ՀՀ-ում կներդրվեն ներքին աուդիտի ստանդարտներ, որոնք հիմնված կլինեն ներքին աուդիտի միջազգային ստանդարտների վրա։

2-րդ գլխով սահմանվում է, նախագծի 2-րդ գլխով սահմանվում է  ներքին աուդիտի համակարգը։ Ներքին աուդիտին առնչվող սուբյեկտները, կազմակերության ղեկավարը, գլխավոր աուդիտորը, ներքին աուդիտորի ստորաբաժանումները, վերջիններիս իրավունքներն ու պարտականություններն այս գլխի հիմնական բաղկացուցիչներն են։

Արժե հիշատակել լիազոր մարմնին, որը ենթադրվում է, որ տվյալ դեպքում կլինի ֆինանսների բնագավառում պետական կառավարում իրականացնող պետական մարմինը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը։ Լիազոր մարմինը՝ ներքին աուդիտի գործընթացի կարգավորումը եւ համակարգումն իրականացնող մարմինն է։

Ենթադրվում է, որ ըստ օրենքի նախագծի գործառույթների կատարումը կազմակերպելու նպատակով լիազոր մարմնի աշխատակազմի կառուցվածքում պետք է գործի առանձնացված ստորաբաժանում, ներքին աուդիտի գործառույթների կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանում, որը կգործի մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ։ Ընդ որում,  ըստ ներկայացված նախագծի, նախատեսվում է, որ լիազոր մարմնի վերապահված լիազորությունների կատարման կազմակերպման գործառույթից բացի, առանձնացված ստորաբաժանումն այլ գործառույթներ չի իրականացնի։

Հոդված 14-ով՝ նախագծի նախատեսվում է  ներքին աուդիտի եւ ՀՀ վերահսկիչ պալատի փոխհարաբերությունների կարգավորում, որի համաձայն նախատեսվում է, որ Վերահսկիչ պալատը կարող է ստանալ իրեն անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն, որը գտնվում է ներքին աուդիտորի տրամադրության տակ։

Բացի այդ սահմանված է նաեւ առանձնահատկություն Վերահսկիչ պալատի համար, ըստ որի այն գործառույթները, որոնք մնացած պետական մարմինների  դեպքում պետք է իրականացնի լիազոր մարմինը, Վերահսկիչ պալատի դեպքում՝ ըստ ներկայացված նախագծի, նախատեսվում է, որ այդ գործառույթները կիրականացնի Վերահսկիչ պալատի խորհուրդը։

3-րդ գլխով՝ նախագծի նախատեսվում է տարեկան ծրագրի  աուդիտորական եզրակացությունը եւ տարեկան հաշվետվությունը, դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը։ Ընդ որում, այստեղ կրկին ուզում եմ հիշատակել, որ տարեկան ծրագիրը կազմելիս գլխավոր աուդիտորը հաշվի է առնում, որ կազմակերպության յուրաքանչյուր տարվա ողջ գործունեությունը պետք է ենթարկվի ներքին աուդիտի առնվազն 2 տարվա ընթացքում։

Նախագծի 4-րդ գլխով սահմանված են որոշ առանձնահատկություներ։ Մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի հետ կապված։

Ըստ ներկայացված նախագծի այս դեպքում լիազոր մարմնի գործառույթները համայնքների դեպքում կիրականացնի ... համայնքի այս օրենքի կիրառման հետ կապված որոշումը կկայացնի գյուղական համայնքների դեպքում համայնքի ավագանին, իսկ պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում այն լիազորությունները, որոնք պետական մարմինների դեպքում  սահմանված է որպես լիազոր մարմնի պատասխանատվություն, մասնավորապես կազմակերպությունների ներքին աուդիտի տարեկան ծրագրերը, ներքին աուդիտի տարեկան եւ այլ տիպի հաշվետվությունները ստանալը, դրանք գնահատելը ներքին աուդիտի մասին գործող նորմերին համապատասխանության տեսակետից, եւ ներքին աուդիտի հետ կապված առարկությունների եւ բողոքների քննարկման հետ կապված հարցերը պետք է հանդիսանան կառավարման մարմնի պատասխանատվություն։

Եվ վերջին գլխով, 5-րդ գլխով նախատեսված են եզրափակիչ եւ անցումային դրույթները, որտեղ ներառված են ժամկետներ, որոնք, կարծում ենք, ողջամիտ են եւ բավարար կլինեն ենթաօրենսդրական դաշտը, մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների բազան եւ այլ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու համար, որը հնարավորություն կտա օրենքն ամբողջությամբ կիրառել։

Եվ ինչպես սկզբում ասացի, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը նույնպես ներկայացված է ձեր քննարկմանը, որը համապատասխանեցվում է ներկայացված «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագծով առաջարկվող մոտեցումներին։ Մասնավորապես, եթե նախկինում հաշվետու էր աուդիտորը գլխավոր ֆինանսիստին, ապա առաջարկվող նախագծով նախատեսվում է փոխել այդ մոտեցումը եւ գլխավոր աոււդիտորը դառնում է հաշվետու մարմնի ղեկավարին։

Հաջորդը, որը տեխնիկական, ըստ էության, բնույթի փոփոխություն է, դա պաշտոնի նշանակելու եւ ազատելու հետ կապված հարցն էր։ Գանձապետական համակարգի աշխատակիցների, գործող օրենքով գանձապետական համակարգի մասին նախատեսված է, որ դա պետք է իրականացնի մարմնի ղեկավարը, սակայն հաշվի առնելով, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը գործողության մեջ է եւ գանձապետական համակարգի աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են, նրանց աշխատանքի ընդունումը եւ ազատումը կատարվում է այնպես, ինչպես քաղաքացիական ծառայության մյուս քաղաքացիական ծառայողներին։ Այս փոփոխություններն են, որոնք ներառված են «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելում մասին» նախագծում։

Հանձնաժողովում  քննարկումների ժամանակ եղան որոշակի առաջարկություններ։ Բացի այդ մենք ստացել ենք նաեւ որոշ առաջարկություններ Եվրամիությունից եւ հասարակական կազմակերպություններից, եւ կարծում ենք, որ այդ առաջարկությունները իրենց բնույթով հայեցակարգային չեն, եւ հնարավորություն կունենանք 1-ինից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հաշվի առնել այդ առաջարկությունները։ Շնորհակալություն, եթե հարցեր կան ներկայացվածի հետ կապված, ես կփորձեմ պատասխանել։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հերթագրում՝ հարցերի համար։ Հերթագրվել է 6 պատգամավոր։ 1-ին հարցը՝ պատգամավոր Արմեն Մարտիրոսյան։ Համեցեք։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Ջանջուղազյան, խնդրում եմ պատասխանել իմ հետեւյալ հարցերին։ 1-ինը՝ ի՞նչ ժամանակաշրջանում կարող է տեղի ունենալ ներքին աուդիտ։

2-րդը՝ այստեղ, հոդված 20-ում եզրափակիչ դրույթներում  նախատեսված է, որ եթե աուդիտորը սխալ է արել, պատասխանատվության է ենթարկվում։ 2-րդ կետով եթե չի արձանագրում եւ այլն, եւ այլն։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Չի լսվում։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Չի՞ լսվում։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Ընդհատվեց մի տեղից սկսած։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-1-ին կետով նախատեսվում է, որ պատասխանատվության է ենթարկվում, 2-րդ կետով, եթե արձանագրություն չի կազմում իրավախախտման վերաբերյալ, էլի օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ եթե ենթադրենք, որ աուդիտորը ուղղակի չի տեսնում խախտումը, այդ դեպքում ի՞նչ պատիժ է սահմանվում։ Այսինքն՝ ներքին աուդիտ եղավ ինչ-ինչ փաստեր չեն բացահայտվել, դրանից հետո լինում է արտաքին աուդիտ կամ չգիտեմ, որեւէ այլ ձեւով եւ  տվյալ խախտումը բացահայտվում է։ Աուդիտորը ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում այդ դեպքում։ Ոչ թե միտումնավոր է եղել, այլ ...

Ա. ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։  1-ին հարցի հետ կապված, ժամկետը եթե վերաբերում է մի որեւէ կոնկրետ դեպքում աուդիտ անելուն, ապա դա կախված է գործառույթի տեսակետից, որը ենթադրում է, որ պետք է ենթարկվի աուդիտի։ Դա կարող է տարբեր ժամանակներ տեւել գործառույթի բնույթից ելնելով։ Այսինքն՝ չկա որեւէ ժամկետ, որը կարող է հստակ եւ միանշանակորեն  սահմանվել, որ ցանկացած տեսակի գործառույթի համար այ, այդքան ժամկետ է պահանջվում աուդիտի, եթե ես հարցը ճիշտ եմ հասկացել, եթե  ո՛չ, ապա հնարավորություն կունենամ նորից անդրադառնալու այդ հարցին։

Ինչ վերաբերում է պատասխանատվություններին, ապա, եթե նկատել եք, իսկ ես կարծում եմ, որ նկատել եք, սույն նախագիծը պատասխանատվության տեսակներ չի սահմանում, սահմանում է, որ դա օրենքով սահմանված կարգով։ Այսինքն՝ եթե ձեր ասած ոչ միտումնավոր կերպով, ապա դրա համար նույնպես օրենսդրությունը սահմանում է ոչ միտումնավոր խախտումը ինչպիսի պատասխանատվություն է ենթադրում, եւ հենց նույն  կարգով էլ պատասխանատվության կենթարկվի տվյալ աուդիտորը։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Այո, հիմա պրն Մարտիրոսյան։ Մեկ պարզաբանման կարիք էլ կա։ Այսինքն՝ ստացվում է, որ փաթեթը լիարժեք չէ՞, պրն Ջանջուղազյան։ Այսինքն՝ եթե պատժամիջոցներ չեն սահմանված, այսինքն՝ դուք նախատեսում եք ուղղակի հետագայո՞ւմ։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Չէ, մենք հետեւյալն է. դրույթն այսպես է հնչում, որ օրենքով սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության։ Այսինքն՝ ոչ թե այս օրենքով, այլ կախված խախտման տեսակից։ Եթե դա քրեական խախտման մասին է, ապա  անպատասխ ...

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Իհարկե, դա հասկանալի է, բայց ակնհայտ է, որ եթե սրանից բխող այլ օրենքի անհրաժեշտություն կա, ուրեմն, ճիշտ կլիներ, այս փաթեթում այդ օրենքի նախագիծը եւս լիներ։ Չէ, չէ, ուղղակի, երբ գրում ենք օրենքով սահմանված կարգով եւ որեւէ տեղ որեւէ բան չի սահմանված, երբ սա ընդունում ենք,  ստացվում է, որ նախաձեռնությունը թերի է։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Չէ, նոր օրենք չպետք է սրա համար ներկայացվի, որովհետեւ գործող օրենսդրությամբ ...

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Արդեն սահմանվա՞ծ է։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Իհարկե, արդեն սահմանված է կախված խախտման տեսակից։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ուրեմն, դա պիտի չասեիք (Ծիծաղ)։ Շատ լավ։ Արմեն Մարտիրոսյան, պարզաբանման համար։

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Ջանջուղազյան, ես նկատի ունեի, որ մեկ աուդիտից մյուս աուդիտը ինչքա՞ն ժամանակաշրջան կարող է անցնել նույն հիմնարկում։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Սույն նախագծում այդ սահմանափակումը կամ այդ հարցը կարգավորված չէ, ենթադրելով, որ դա ենթաօրենսդրական ակտով կկարգավորվի։ Այստեղ միակ բանը որ դրված է, դա այն է, որ բոլոր գործառույթները պետք է ենթարկվեն աուդիտի, իսկ դա չի նշանակում, բնականաբար, որ մի գործառույթը կարող է մի քանի անգամ ենթարկվել աուդիտի  եւ մեկը՝ դուրս մնալ ընդհանրապես։  Առնվազն երկու տարվա ընթացքում բոլոր գործառույթները, կախված իհարկե բնույթից՝ գործառույթների, պետք է ենթարկվեն աուդիտի։ Որեւէ այլ բան սույն նախագիծը չի կանոնակարգում, թե ինչքան ժամկետ կարող է անցնել մի աուդիտից մինչեւ մյուսը։ Եթե դրա անհրաժեշտությունը կլինի, կարող ենք անդրադառնալ, եթե տեսնում ենք դրա կարիքը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Անահիտ Բախշյան։ Համեցեք։

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Շնորհակալություն։  Հոդված 3-ի 2-րդ կետի վերաբերյալ է 1-ին հարցս պրն Ջանջուղազյան։ Օրենքի նպատակը եւ գործողության ոլորտը։ Ուրեմն, այս օրենքը տարածվում է նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների վրա, պետական ու համայնքային ոչ ... այսինքն՝ դպրոցներ, չէ՞, դպրոցների վրա է։ Ինձ հետաքրքիր է դպրոցի միայն ֆինանսական գործունեությունն է ներքին աուդիտի ենթարկվե՞լու, թե՞ կրթության կազմակերպման գործընթացը նույնպես,  եւ դա ինչպե՞ս է արվելու։

2-րդ հարցս վերաբերում է հետեւյալին՝ 7-րդ հոդվածի ներքին աուդիտի ստանդարտները։ Դուք ասացիք, որ դրանք դեռեւս պիտի ներդրվեն, դեռ չեն ներդրվել։ Օրենքը ուժի մեջ է մտնելու 2009-ի հունվարի 1-ից։ Նպատակահարմար չի՞ լինի արդյոք, այդ ստանդարտները հենց այս օրենքով նշված լինեին, ոչ թե, ասենք, հետո կընդունվեն այդ ստանդարտները, ու սա մինչեւ 2009-ի հունվարի 1-ը կընդունվեն այդ չափորոշիչները։

Եվ 3-րդ հարցս ստուգումների օրենքի հետ կապված։ Այս Արմենի հարցի հետ է շաղկապվում, այնտեղ ժամկետ է նշանակված մի հստակ կա, այս ստուգումից մինչեւ մյուս ստուգումը ինչ-որ ժամանակ պիտի անցնի։ Նույն տրամաբանությունը այստեղ չի աշխատում, հա՞, կարծես։ Շնորհակալություն։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ Բնականաբար, ոչ միայն ֆինանսական աուդիտին է վերաբերում, նույն դպրոցների դեպքում եւ ոչ միայն դպրոցների, այլ բոլոր պետական եւ համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում աուդիտի այն տեսակները, որը ես ներկայացնելիս թվարկեցի՝  եւ՛ կատարողական աուդիտը, եւ՛ համապատասխանության աուդիտը, եւ եթե կլինեն այդպիսիք տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտը, որպես տեսակներ գործում են նաեւ ձեր նշած կազմակերպությունների դեպքում։ Այստեղ միակ առանձնահատկությունը, որը ես ներկայացնելիս ասացի, դա նա է, որ լիազոր մարմնի գործառույթն այս դեպքում իրականացնում է կառավարում իրականացնող մարմինը, տվյալ ոչ առեւտրային կազմակերպության։ Իսկ այդ գործառույթները երեքն էին։ Ես թվարկեցի տարեկան ծրագրին, հաշվետվություններին վերաբերվող, գնահատմանը այդ հաշվետվությունների եւ բողոքների քննարկումը։ Սրանք իրականացնելու է տվյալ մարմնի լիազոր մարմինը։

Ինչ վերաբերում է ... ներողություն, կառավարման մարմինը։

Ինչ վերաբերում է ստանդարտներին, ապա դա բացարձակապես նպատակահարմար չէր լինի օրենքի նախագծում ներառել։ Խոսքը վերաբերում է մի քանի 100 էջանոց  փաստաթղթին։ Այժմ ստանդարտները գտնվում են քննարկման փուլում։ Այնպես չէ, որ մենք սպասել ենք, որ մինչեւ օրենքը կընդունվի նոր կնախաձեռնենք այդ ստանդարտների մշակման աշխատանքը։ Դրանք հիմա գտնվում են քննարկման փուլում եւ այստեղ մենք շատ, այսպես, բացահայտումներ չունենք անելու, մենք օգտվելու ենք միջազգային ստանդարտներից, որոնք գործում են Եվրամիության երկրներում, եւ որոնք, կարծեք թե, միջազգայնորեն ընդունված են։ Եվ դրանց ընդունումը մեր երկրում հետագայում հնարավորություն կտա   ունենալ նաեւ այնպիսի համակարգ ներքին աուդիտի, ինչպիսին մենք կուզենայինք ունենալ։

Ինչ վերաբերում է վերջին հարցին, ապա ես ինչպես ասացի, նախագծում այդպիսի բան չկա, եթե դրա անհրաժեշտությունը կտեսնեք, ապա կարող եմ քննարկել դա ներառելու խնդիրը, այդ ժամկետները հստակեցնելու, թե ինչքան ժամանակ հետո կարող է նույն գործառույթը ... եթե դրա անհրաժեշտությունը կլինի։ բայց այստեղ, պետք է նկատել, որ մենք այժքան ճկուն չենք, որովհետեւ կարող է գործառույթ լինել, տեսականորեն եմ ասում, որի աուդիտը տեւի, ասենք, մեկ տարի։ Եթե մենք մեկ տարվա ընթացքում պետք է առնվազն ... ես սա տեսական բան եմ ասում, բնական է, որ հուսով եմ, որ այդպիսի բվան տեղի չի ունենա, եթե մեկ տարվա ընթացքում պետք է անենք դա, հետո  էլ ժամկետ դնենք, որ սրանից ավելի հաճախ չի կարող աուդիտի ենթարկվել այդ գործառույթը, ապա այդ դեպքում մենք կընկնենք անելանելի  իրավիճակի մեջ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Անահիտ Բախշյան։

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Ջանջուղազյան, այ, հետաքրքիր միտք, ասենք, համապատասխանության աուդիտ եւ գնահատման չափորոշիչներ, ասացիք, պիտի ներդրվեն։ Ենթադրենք դպրոցը, դպրոց եք ստուգում, աուդիտ են անում, ֆինանսներն արեցին եւ կրթության մեջ կա ձեր ասած բարձր տեխնոլոգիաների համապատասխանության եւ գնահատման, կրթության համապատասխանություն ծրագրին եւ այլն։ Այսպիսի շատ-շատ հարցեր կան։ Այս աուդիտ իրականացնող կազմակերպությունը պատրա՞ստ է, կարո՞ղ է բացի ֆինանսականից մյուս համապատասխանության աուդիտն էլ իրականացնի։ Օրինակ, կրթության մասին է խոսքս, կրթության ծրագրի համապատասխանությունն ու երեխայի գիտելիքների կամ ... թե ես լավ չհասկացա՞ այդ, կա՞ այդ աուդիտը, թե՞ չկա։ Ինչո՞ւ եմ անհանգստանում, ուզում եմ, պարզաբանել միտքս։ Մոտենում է, շուտով «Հանրակրթության մասին» օրենքը կդրվի, կգա, որտեղ մենք էլ ենք ուզում այդպիսի ներքին գնահատում, արտաքին գնահատում, այդ հասկացությունները մտցնել։ Ուզում եմ այս համապատասխանությունը հասկանալ։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես չզգացի, դուք պատահմա՞մբ ասացիք այդ կազմակերպությունն աուդիտ իրականացնող, թե՞ ուղղակի այդպես է ընկալվել նախագիծը։ Ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ ըստ ներկայացված նախագծի, խոսքը այլ կազմակերպությանը չի վերաբերում, եւ աուդիտ իրականացնողը տվյալ կազմակերպության ներսում գործող անձ է կամ ստորաբաժանում է տվյալ կազմակերպության ներսում, եւ այդ  կազմակերպության գլխավոր աուդիտորն է, որը պատասխանատու է այս օրենքով սահմանված աուդիտի տեսակների անցկացման համար, եւ եթե նա ունի համապատասխան որակավորում մասնագիտական, ապա բնական է, որ կարող է գնահատել եւ՛ համապատասխանության տեսակետից, եւ՛ կատարողական տեսակետից։ Այսինքն՝ գնահատել գործունեության արդյունավետությունը։ Ոչ միայն գնահատել ֆինանսական հոսքերի, դրանց համապատասխանությունը գործող կարգերին, այլ նաեւ գնահատել, թե որքանով է արդյունավետ գործել տվյալ կազմակերպությունը։  Ես սկզբում, ինչպես ասացի, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է կազմակերպության ղեկավարին օժանդակելու նպատակով կազմակերպող գործառույթին, ներքին աուդիտի նպատակը դա է, ըստ էության։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր  Վարդան Բոստանջյան, համեցեք։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Ջանջուղազյան, այստեղ 5-րդ հոդվածում դուք գրում եք, որ աուդիտի նպատակը, այ, այս հոդվածը, գործունեության համապատասխանությունը  ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի։ Որքան որ բառը մեզ հուշում է, ներքին աուդիտը, ինչպես դուք ասացիք, ներսում գործող մի համակարգ է կամ համակարգ թող չլինի, կառույց է, ըստ որի միգուցե նաեւ ասենք, ինչու չէ, պետական կառույցը հանկարծակի գործում է այնպես, որ ՀՀ սահմանված նորմերը չի պահպանվում, եւ ինչքանո՞վ եք կարծում, որ դա հասու կլինի ավելի վերադաս մարմիններին, երբ որ այս աուդիտի արդյունքում հայտնաբերված այսպիսի բաները, ասենք, չտրամադրեն։ Մասնավորապես, օրինակը կա՞, չէ, օրինակի համար, մեր մաքսային ծառայությունը, որ շատ արդյունավետ է աշխատում, բացարձակապես նա որեւ՛է մեկին որեւէ թուղթ չի տալիս, ուզում է ներքին լինի, ուզում է արտաքին լինի, ուզում է տիեզերական աուդիտ լինի, հիմա դուք ... սա մի հարց սրա վերաբերյալ։

2-րդը՝ դուք այստեղ նշու՛մ եք, որ, ըստ էության, այս օրենքով ստեղծում եք ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտ։ Հանրային հատվածը, այդուհանդերձ, բացի պետական մարմիններից, մինչեւ անգամ այդ  ասված պետական, ոչ առեւտրային կազմակերպություններից պարունակում է, ներառում է հասարակական կազմակերպություններ, քաղաքական ինստիտուտներ եւ այլն։ Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ մենք օրենքով այսպիսի կառույցներին եւս պարտադրում ենք նորմեր։ Դա 2-րդ հարցը։

3-րդ հարցը՝  դուք ասացիք, որ Վերահսկիչ պալատին տրամադրում է ... ու ամփոփեցիք դրանով։ Սա արդյոք այսքա՞նն է պետք Վերահսկիչ պալատին, թե՞ Վերահսկիչ պալատը լինելով հանրապետության վերջին ատյանի վերահսկողություն իրականացնող մարմինը, միգուցե իրենց գործունեության մեջ ինչ-որ զուգահեռներ լինեն, որոնք որ պետք է անպայման ներքին աուդիտն էլ անի։ Ուզում եմ ասել, համապատասխանությունն այս աուդիտի եւ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի։ Միայն չամփոփենք, ես կարծում եմ, տեղեկությունների կամ արդյունքների տրամադրմամբ։ Սրանք են հարցերս։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է չտրամադրելուն,  ապա օրենքը ենթադրում է, որ պետք է կատարվի։ Եթե օրենքն ընդունվում է, բայց դա չի կատարվում, դա, օրենքի խախտման մասին ենք խոսում, իսկ օրենքը ենթադրում է օրինաչափությունների սահմանում։ Եթե կա որեւէ տեսակի խախտում, ապա այդ խախտման նկատմամբ պետք է համապատասխան միջոցառում կիրառվի, միջոց ձեռնարկվի այդ խախտումը վերացնելու ուղղությամբ։ Դա կարո՞ղ է լինել, թե՞ ոչ, ինչպես դուք նշեցիք, հիմա ես իհարկե չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, բայց, քանի որ դուք նշեցիք, հիմա փաստացի մենք ունենք այդպիսի վիճակ, որը այսօրվա գործող օրենսդրությամբ էլ առանց այս օրենքի ընդունման, առանց այս նախագծի քննարկման չի բխում գործող օրենսդրությունից, եթե դա այդպես է։ Այդ տեսակետից ես չեմ կարող երաշխիքներ տալ, որ այս օրենքի նախագիծն այս ձեւով ընդունվելու դեպքում, նա չի խախտվի։

Ինչ վերաբերում է ...

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ներողություն, ներողություն, պրն Բոստանջյան, եթե ավարտեց պրն Ջանջուղազյանը ...

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Չէ, չեմ ավարտել։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ավարտի, հետո ձեզ ձայն կտամ։ Համեցեք։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Վերահսկիչ պալատի հետ կապված հարցը, ես ասացի, թե ինչպես է նախագիծը փորձել այդ խնդիրը։ Այսինքն՝ Վերահսկիչ պալատի պահանջով տրամադրվում են այն տվյալները, որոնք առկա են աուդիտորի հաշվետվություններում։ Դրանք բոլորը պարտադիր Վերահսկիչ պալատին տրամադրման ենթակա են։ Եթե կարծում եք, որ այլ լրացուցիչ ... այսինքն՝ մենք փորձել ենք այստեղ տվյալների մատչելիությունն ապահովել Վերահսկիչ պալատի համար, եթե կա այլ բան, որը, կարծում եք, որ Վերահսկիչ պալատը դրա կարիքը կունենա, կարող ենք քննարկել նախագծում այդպիսի բան ներառելու անհրաժեշտությունը։ Եթե ես բան բացթողեցի  կփորձեմ ...

Հա, Հանրային հատվածը, ներողություն։ Հանրային հատվածը մենք այստեղ սահմանել ենք պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ պետական, եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ։ Սա է այն շրջանակը, որի վրա տարածվում է գործող օրենսդրությունը, այս առաջարկվող նախագիծը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Վարդան Բոստանջյան։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Պրն Ջանջուղազյան, հանրային հատվածը ես նայեցի,  ձեր հիմնավորման մեջ է իհարկե գրված, հասկացա, որ երեւի սխալմամբ եք գրել, բայց  դա չի կարեւորը։ Հիմա, պատժամիջոցների կիրառման առումով պրն Թորոսյանը եւ Մարտիրոսյանը բարձրացրեցին այդ հարցը, դուք ասացիք, որ կան այդ պատժամիջոցները։ Մի փոքր զարմանալի չէ՞, որ ասենք թե,  ո՞նց «Ներքին աուդիտի մասին» օրենքը չի եղել, բայց սրա վերաբերյալ ոնց որ թե պետք է այդպե՞ս հասկանալ, պատժամիջոցները գոյություն են ունեցել։ Հա՞, դա այդպե՞ս է, թե՞ պատժամիջոցն անմիջականորեն, պետք է ուղակիորեն վերաբերեն ներքին աուդիտին։ Հա՞, որովհետեւ, գիտեք ինչ, որովհետեւ ներքին աուդիտ իրականացնելով հանդերձ, դու կարող ես թաքնված պահել, ասենք, Վերահսկիչ պալատին կամ մեկ այլին չտրամադրես։ Ըստ էության, ասենք, անկախ ներքին աուդիտից այդպիսի բան էլ կա, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք կա, որի համաձայն էլ պիտի տային։ Ուզում եմ ասել, մի մեծ բան չեն անում, որ իբր տրամադրում են ...

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Կարծում եմ հասկացա։ Շնորհակալություն։ Չէ,  խոսքը վերաբեր»ում էր ներքին աուդիտին կեղծ եզրակացություն տրամադրելուն որպես խախտում, եւ այդ դեպքում օրենքով սահմանված, այսինքն՝ կեղծ եզրակացություն տրամադրելուն է վերաբերում, որի համար  օրենքով սահմանված պատասխանատվության ձեւը եւ չափը կա, դրա համար «Ներքին աուդիտի մասին» օրենքը լրացուցիչ չի անդրադարձել, նախագիծը լրացուցիչ չի անդրադարձել այդ հարցին։ Կամ  բացահայտված իրավախախտումները չարձանագրելը։ Այսինքն՝ որ խախտման տեսակն է արձանագրվել նախագծով, որը հնարավորություն կտա արդեն կիրառել մինչ այդ օրենքով գործող պատասխանատվության միջոցները խախտման այդ տեսակի համար։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Լարիսա Ալավերդյան։ Հա, ներողություն, Վարդան Այվազյան, հետո Լարիսա Ալավերդյան։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թորոսյան։ Պրն Ջանջուղազյան, իմ հարցերը մի քիչ շատ են, երեւի հերթով շարադրեմ, հետո, դրանից հետո մենք անցնենք առաջ։

1-ինը՝ այս ներքին աուդիտի ընդունման անհրաժեշտությունը։ Սա պարտադրվա՞ծ պահանջ է մեզ ինչ-որ միջազգային կառույցների կողմից, թե՞ սա մեր ցանկությունն է։ Սա ես կուզեի իմանալ, որովհետեւ շատ կարեւոր է։

2-րդը՝ այ, դուք ներկայացնում եք, որ ներքին աուդիտոր պետք է ունենան բոլոր բյուջետային հիմնարկները, այսպես ասած, նախկինում, եւ ոչ առեւտրային կազմակերպությունները։ Սա պարտադի՞ր պահանջ է։ Իմ մինիմում հաշվարկով մոտավորապես սա, եթե այսպես չսխալվեմ, պետական նախկին բոլոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարում, ոչ առեւտրային հիմնարկներ, մոտ 3-4 հազար տեղ ամենաքիչը։ Եթե 1487 դպրոց գումարեմ, 900 համայնքներ գումարեմ, պետական ոչ կազմակերպություններ նախկին պետական փայամաս ունեցող ոչ առեւտրային կազմակերպություններ են, միջին հաշվարկով դա գալիս է մոտ 3-4 հազար։ Այսինքն՝ պարտադիր պահանջ է։

Հիմա անցնենք բուն էությանը, սա 1-ին մասը։

Ներքին աուդիտորին, երբ որ նայում ենք իրականացվող գործառույթները, այսպես, թվարկություններով, եթե գալիս ենք մոտ 17-ը, կարո՞ղ եք ասել ո՞վ է կազմելու սրանց պաշտոնի անձնագիրը, ո՞ր կազմակերպությունը, եթե լիազոր մարմինը Ֆինանսների նախարարությունն է լինելու, ապա ինչպիսի՞ գնահատական ենք տալու։ Այսինքն՝ արդյունավետությունը, օրինակ ասենք, արդյունավետ իրականացման գործում նրա կազմակերպության այդ չափանիշները նայելու ո՞ր հիմնարկը կամ ո՞ր մեկը պետք է կազմի նրա պաշտոնի անձնագիրը։ Այսինքն՝ չափորոշիչներ է պետք, այսինքն՝ մասնավորապես, ես կրկնում եմ տիկին Բախշյանի հարցը։ Ֆինանսական խախտումը արել ես, ֆինանսական ներքին աուդիտը նայում է եւ նրա արդյունավետության չափանիշը դպրոցում ի՞նչ ծրագրով է ուսումնասիրելու, ո՞նց է մեկ անձը նայելու, որ ներքին աուդիտ իրականացնի։ Այստեղ մի քիչ հակասությունների դաշտն ենք գնում մենք։ Այսինքն՝ ինչպե՞ս է լինելու այդ ներքին աուդիտորը, որ 17 կետով պետք է ինքը համապատասխանի եւ իրականացնի։ Ներքին ինքնավերահսկման մեթոդ է սա, այ, սա, ի՞նչ չափորոշիչներով մենք պետք է առաջնորդվենք, որ նրա պաշտոնի անձնագիրը մենք ընտրենք այդ որակյալ մասնագետը, որը նայի այդ բոլոր սպեկտրը, սկսած իր տնտեսական գործունեությունից,  որովհետեւ ոչ պետական, ոչ առեւտրային կազմակերպությունները իր ֆունկցիոնալ, ինչպես նաեւ ֆինանսական ...

Մյուս հարցը՝ մի քիչ շա՞տ չեն ստուգող կազմակեպրպությունների քանակը այս ձեռնարկությունների վրա, ստուգող եւ ինքնավերահսկվող, չհաշված, որ հարկային ... եւ հարց՝ Ֆինանսների նախարարության վերահսկողություն իրականացնող մարմինը վերանո՞ւմ է, թե՞ մնում է այս ներքն աուդիտորը ստեղծելուց հետո։ Այ, սա էլ է ինձ հետաքրքրում։  Չէ, էլի կան, բայց  առայժմ այսքանը էլի, մնացածը ելույթի հետ կապված ես կփորձեմ իմ մեկնաբանությունները, խնդրեմ։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։  Մի քիչ դժվար է տարանջատել։ Մենք սա ուզո՞ւմ ենք, թե՞ մեզ ստիպում են, որովհետեւ որպես կանոն մենք չենք ուզում այնպիսի բան, որն անտրամաբանական է, եւ մեզ չեն ստիպում այնպիսի բան, որը մենք շատ չենք ուզում, բայց համակերպվում ենք այդ ստիպելու փաստի հետ։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ սրա կարիքը հասունացել էր մեր երկրում դեռեւս վաղուց, եւ եթե հիշում եք,  2001 թվականին ես նաեւ զեկույցիս սկզբում նշեցի «Գանձապետական համակարգի մասին» օրենքով դեռեւս 2001 թվականին է ընդունվել օրենքը, մենք նախատեսել էինք այդպիսի համակարգի առկայություն, ուղղակի դա, ըստ էության, գործում է համակարգի ինչ-որ տեսակ, որը մեզ չի բավարարում, եւ ես նշեցի, թե ինչ պատճառներով չի բավարարում, հիմա փորձում ենք կատարելագործել, գործող համակարգն ավելի բարելավել։

Ինչ վերաբերում է դրա նաեւ պահանջ լինելուն, դեռեւս Եվրամիության կողմից, Եվրամիության երկրների առջեւ նաեւ գաղտնիք չէ, որ Եվրամիության անդամակցելու պայմաններից մեկն է եղել՝ ունենալ համարժեք համակարգ ներքին աուդիտի եւ ունենալ նաեւ այն կենտրոնացված ստորաբաժանումը ներդաշնակեցման, որը գործում է Ֆինանսների եւ էկոինոմիկայի, կամ որեւէ երկրի Ֆինանսների նախարարության կառուցվածքում, ինչպիսին մենք նախատեսել ենք ներկայացված նախագծով նաեւ մեր երկրում։

Ինչ վերաբերում է մարմինների քանակին, ապա դուք միանգամայն իրավացի եք, ձեր գնահատականը քանակի, մոտավորապես, կարծում եմ, համապատասխանում է իրականությանը։ Մոտ 1800 պետական ոչ առեւտրային կազմակերպություններ կան, դպրոցները մոտ 1500 են, մնացածը իրար հետ, բոլորը մոտ 1800 թվով եւ ավելի քան 900 համայնքներ եւ պետական մարմիններ, այսինքն՝ շուրջ 3 հազարի մասին է խոսքը։

Այստեղ դա դժվար է գնահատել, որովհետեւ դա կարող է ոչ թե ծախս նստել, այլ ընդհակառակը տնտեսում դառնա պետական բյուջեի, որովհետեւ այդ արված ծախսը, հակառ դեպքում, ինքնանպատակ կլիներ, եթե արդյունավետությանը չնպաստեր տվյալ կազմակերպությունների գործունեության։

Ինչ վերաբերում է թե ո՞վ է սահմանելու պաշտոնի անձնագիրն աուդիտորների համար, ապա պաշտոնի անձնագիրը չէ, բայց աուդիտորին ներկայացվող հիմնական պահանջները սույն նախագիծը սահմանում է։ Դրա մանրամասները կսահմանվեն ենթաօրենսդրական ակտերով եւ համապատասխանությունը կգնահատի լիազոր մարմինը։ Դուք միանգամայն իրավամբ նկատեցիք, Ֆինանսների եւ էկոնոմիիկայի նախարարությունում գործող համապատասխան ստորաբաժանումը, որի պատասխանատվությունը կլինի հենց այդ գործառույթի իրականացումը։

Իսկ այն հարցի հետ կապված, թե արդյոք ստուգող կազմակերպությունները շատ չե՞ն։ Ես կարծում եմ, որ այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե այլ ստուգող կազմակերպության հետ, այլ մենք գործ ունենք տվյալ կազմակերպությունում ղեկավարի, եթե թույլ կտաք այդպես ասել, 3-րդ աչք հանդիսացող անձի, գլխավոր աուդիտորի կամ ստորաբաժանման հետ, որը նպատակ ունի բարձրացնել գործունեության արդյունավետությունը եւ հաշվետու է բացառապես կազմակերպության ղեկավարին։ Ես հուսով եմ, որ բան բաց չթողեցի։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պարզաբանման համար՝ Վարդան Այվազյան։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Պրն Ջանջուղազյան, խնդրում եմ հստակ ասեք, սա Եվրամիությա՞ն պահանջն է,  թե՞ մեր ներքին պահանջն է, որովհետեւ փիլիսոփայական պատասխանը կա փիլիսոփայական  նաեւ ...(Չի հասկացվում) պատասխան։ Որովհեատեւ նաեւ այստեղ խնդիր կա։

2-րդ խնդիրը, դուք որ ինձ ասում եք, չէ՞ ասում եք, ստուգում 3-րդ աչքը։ Վերահսկողակաոն ցանկացած կառավարման մարմնի մեջ գոյություն ունի ներքին վերահսկողության խնդիր։ Դա պաշտոնի անձնագրով ամրագրված եւ «Քաղաքացիական ծառայության մասին» կա հստակ։ Այսինքն՝ ի՞նչ է, մենք նորից լրացուցիչ այդ դեպքում գլխավոր աուդիտի վերահսկողը ո՞վ է։ Հարց։ Այստեղից դուրս եկավ, որ մենք վերջում  գալու ենք, կանգնելու ենք ԱԺ-ի վրա մեր ընտրություններին։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ականջը։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Ականջը, լավ, ականջը, թող ականջով գանք, լսողն ով է (Ծիծաղ)։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Այսպիսի համակարգ ունենալը պահանջ է նաեւ։ Ներքին աուդիտի համակարգ ունենալը  պահանջ է, բայց դա իհարկե, ինչպես ես ասացի,  չի բացառում նաեւ, որ դրա կարիքը օբյեկտիվորեն հասունացել է մեր երկրում։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ է հսկողը։ Այստեղ բավականին  լավ մեխանիզմներ են դրված, որը ենթադրում է, որ պատասխանատվությունը աուդիտորի, այսինքն՝  ներքին աուդիտորը չի ներկայացված որպես վերջին ատյանի ճշմարտություն կամ նրա հաշվետվությունը, նա հրապարակային հաշվետվություն է ներկայացնում եւ պատասխանատվություն է կրում իր ներկայացրած հաշվետվության մասին։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, հենց սկզբունքների մասում, թափանցիկության եւ հաշվետվողականության մասում աուդիտի անցկացման,  հաշվետվողականության մեկնաբանությունը հենց դա է, որ ցանկացած աուդիտոր իր հաշվետվությունը ներկայացնելիս պետք է գիտակցի, որ ինքը պատասխանատվություն է կրում այդ հաշվետվության համար։

Իսկ ինչ վերաբերում է գնահատելուն այդ հաշվետվությունների, ապա դրա համար է հենց ստեղծվում լիազոր մարմնում այդ կենտրոնացված մարմինը, որը կգնահատի ինչպես տարեկան ծրագրերը աուդիտի, այնպես էլ աուդիտի հաշվետվությունները, եւ դրա վերաբերյալ իր եզրակացությունները կհրապարակի։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Լարիսա Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Եթե հանկարծ իմ հարցերը, կարծես թե, կրկնողություն լինեն նախորդում հնչած, դա, ըստ էության, նու, կարտացոլի այն,  որ երեւի թե լիարժեք չէ կամ մենք չենք, ես գոնե լիարժեք չեմ ընկալել ձեր  որոշ պատասխանները։

1-ին հարցս հետեւյալն է՝ ի՞նչ օրենսդրական բաց է գալիս լրացնելու այս օրենքը։ Եթե կարելի է ուղղակի հակիրճ։

Դուք շատ լավ ներկայացրեցիք այն լեզվով, որով օրենքն է տրված, բայց բոլոր պարագաներում համակարգի առումով ի՞նչ է գալիս լրացնելու, եւ առանց այդ օրենքի ի՞նչն էր փոխարինում, որ մենք վատ, թե լավ գոյություն ունեինք։

2-րդ հարցս՝ դուք, կարծեք թե, մասամբ պատասխանել եք, բայց, եթե կարելի է ավելի լայնարձակ։ Ի՞նչ մի սուբյեկտներին է դա վերաբերում այսօր, եւ ինչքանո՞վ կարող է սա տարածվել այլ նոր տիպի  ոչ առեւտրային կազմակերպությունների վրա։ Այսինքն՝ ի՞նչ սուբյեկտների վրա է սա հիմնականում տարածվում։

3-րդ հարցս հետեւյալն է՝ մենք գնացել ենք մինչ այս օրերը ինչ-որ ձեւով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ առեւտրական կազմակերպությունների  ինքնակառավարման ինստիտուտի կայացմանը։ Ինչքանո՞վ է այդպիսի օրենքը նպաստում այդ ինքնակառավարվող մարմինների ինքնակառավարման ինստիտուտին, եւ ինչքանո՞վ է հակառակը պետության ազդեցությունը  կամ ներմուծումը, սա, կարծես թե, սահմանում։

Կան այնպիսի հարցեր, որոնց երեւի թե, եթե դուք այս երեքին պատասխանեք, կարող է այլեւս չլինի պահանջը տալ, բայց մեկ հարց, որը դուք արծարծեցիք ձեր պատասխաններում։ Ասում եք, որ դա կարող է մինչեւ մեկ տարի տեսականորեն, բայց մենք գիտենք այն, ինչ որ  ձգձգվող է կամ նեգատիվ է, մեզ մուտ տեսականորեն դարձվում է շատ արագ պրակտիկորեն։ Արդյոք չի՞ դառնալու դա կամ արդեն իսկ իր մեջ չի՞ ներառում մշտարթուն  մի ներքին 3-րդ աչք, որը որ գործում է, ասում եք, թափանցիկությամբ եւ հաշվետվողականությամբ։

Վերջին հարցս՝ ինչպե՞ս է իրականացվում  այդ թափանցիկությունը, եթե դրված է օրենքի մեջ, որ դա միայն ղեկավարին է ենթարկվում, եւ վերին աստիճանի անկախ է մնացած ստորաբաժանումներից եւ նրանց ղեկավարներից։ Շնորհակալություն։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։  Անկախությունը բացարձականացրած չէ բնականաբար նախագծում, եւ խիստ հարաբերական է։ Եվ այդ թափանցիկությունը եւ հաշվետվողականությունն արտահայտվում է օրենքի նախագծի մնացած հոդվածներով, որոնց համաձայն տարեկան ծրագիր է  հաստատվում աուդիտի ենթակա գործառույթների։ Տարեկան ծրագիրը հրապարկվում է, տրամադրվում է գնահատող լիազոր մարմնին գործող, մշտապես գործող, գնահատող ներդաշինակեցման կենտրոնացված ստորաբաժանմանը եւ տարեկան ծրագրին համապատասխան, ներկայացվում է հաշվետվություն։ Այսինքն՝ սրանք այն միջոցներն են, որոնք, մենք կարծում էինք, որ պետք է ապահովի հաշվետվողականությունը տվյալ աուդիտորի։ Այսինքն՝ չի կարող գլխավոր աուդիտորը իր ցանկացած հաշվետվությունը ունենալ, եւ որեւէ պատասխանատվություն չկրել, իսկ միջոցը, այդ պատասխանատվությունն առաջացնելու, կարծում ենք, որ ամենալավ միջոցը սա է եղել։ Եթե այլ առաջարկ կլինի, ես ինչպես ասացի, մենք կարող ենք քննարկել նաեւ այլ մոտեցումներ։

Իսկ ինչ վերաբերում է այն  ժամկետին, որը ես ասացի տեսականորեն կարող է, բնականաբար այդպիսի բան չի դրվել նախագծի հիմքում, որ հենց այդպես էլ պիտի արվի։ Այսինքն՝ մտադրություն  չկա  որեւէ գործառույթ տարով, մեկ տարի տեւողությամբ աուդիտի ենթարկել եւ մնացած գործառույթները թողնել աուդիտի դաշտից դուրս։ Ուղղակի, ես դա որպես օրինակ բերեցի, որ գործնականում կարող է հնարավոր չլինել սահմանափակել այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է աուդիտի ենթարկվեն գործառույթները։

Այստեղ մենք գտել ենք նպատակահարմար ունենալ այդ մի սահմանափակումը, որ բոլոր գործառույթները պետք է ենթարկվեն աուդիտի։ Կարծում ենք, որ դա է կիրառելի եւ սա էլ, ընդ որում, էլի պետք է ասեմ, որ մենք չենք բացահայտել, սա մենք միջազգային փորձից ենք ընդօրինակել, մարդիկ եւ՛ ժամանակի, եւ՛ տարածության մեջ  փորձարկված այս մոտեցումը  նաեւ, կարծում եմ, կարող է այստեղ կիրառվել։

Ինչ վերաբերում է նրան, թե  ի՞նչ է կարգավորում օրենքը։ Ես կարծում եմ, բավարար չափով ներկայացրեցի։ Հիմա, եթե գտնում եք անհրաժեշտ նորից անդրադառնալ այդ հարցին, եւ թե ինչո՞ւ նաեւ, թե ինչո՞ւ այդ օրենքով, մինչեւ հիմա գործող համակարգը ինչո՞վ է, որ չի բավարարում։ Ես, կարծեմ, դա էլ  փորձեցի ներկայացնել։ Եթե կարծում եք, որ կարիք կա, ես կարող եմ նորից անդրադառնալ այդ հարցին։ Կա՞ հա, կարիք։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Այո, համեցեք, տիկին Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Ես ասացի, որ դուք ասել եք, զուտ ելնելով հենց այդ գրավոր նյութից։ Ես կցանկանայի, որ դուք, եթե կարելի է, դիտարկեք այս օրենքը որպես մի ենթահամակարգ, ընդհանուր օրենսդրական որպես համակարգ, այդպես ասած, միջավայրում։ Այսինքն՝ ի՞նչ բաց է գալիս նա լրացնելու այդ ընդհանուր համատեքստում, թե չէ,  տեքստը ինքը գրավոր եւ տրամաբանական, միշտ էլ կարող է ցանկացած օրենք միշտ կարելի է բերել, թե ի՞նչ նպատակի դա պետք է ծառայի։ Ես ասում եմ, ահա այդ տրամաբանության մեջ օրենքը որպես ենթահամակարգ, օրենսդրությունը որպես համակարգ։ Ի՞նչ դեր է խաղում, եւ առանց դրան ի՞նչ էինք ունեցել, որ այսօր այդ խնդիրը ծագել է։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Եթե ձեր կշտամբանքը վերաբերում է նրան, որ ես ստեղծագործական միտք չեմ դրսեւորել եւ տեղավորվել եմ օրենքի գրավոր ներկայացված հիմնավորումների շրջանակում, ապա ես ներողություն եմ խնդրում դրա համար, թեեւ ես զեկույցի ժամանակ փորձեցի ինչ-որ մի կերպ նաեւ ներկայացնել։ Մասնավորապես օրինակ բերեմ։ Գործող համակարգը թեեւ մենք ունենք,   որի մասին ձեր նշած գրավոր տեքստում, կարծեք թե, չկա, մենք ունենք գործող համակարգ,  բայց օրինակ, ոչ բոլոր տեղերում է, որ այսօր ունենք նշանակված գլխավոր աուդիտորներ։ Պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ բոլոր մարմիններում է։

Մենք այսօրվա գործող համակարգում խոսում ենք միայն ֆինանսական աուդիտի մասին, իսկ ներակայացված նախագիծը ենթադրում է կատարողական աուդիտի առկայությունը, համապատասխանության աուդիտի առկայություն, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի առկայություն, որոնք ենթադրում են, որ օրենսդրական, ոչ թե ենթադրում են, այլ դա հենց դրվել է այս օրենքի նախագիծը կազմելու հիմքում եւ անհրաժեշտություն է եղել հենց օրենքով կարգավորել այսպիսի խնդիրները, եւ նաեւ հարաբերությունների տեսակետից ներկայացված նախագիծը գործող իրավական դաշտում կարգավորված չէ օրենքով։ Այլ բան ավելացնել, կարծում եմ,  չեմ կարող։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Այժմ հաջորդ հարցը եւ վերջին հարցը՝ պատգամավոր Արծվիկ Մինասյան։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Ջանջուղազյանի հետ իհարկե մենք քննարկել ենք այս հարցը նաեւ հանձնաժողովում, բայց նաեւ այստեղ հնչեցված մի քանի հարցերից, այսպես ասեմ, կցանկանայի պարզաբանել 1, 2-ը, պրն Ջանջուղազյան։

Անշուշտ, օրենքի նախագծի 1-ին ընթերցումից հետո բավականին մեծ աշխատանքներ լինելու են, բայց օրենքի «կարգավորման առարկա» հոդվածի մեջ, հոդված 1-ինն է սա, խոսում է ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում,  դրանց ենթակա հիմնարկներում, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում համակարգի ներդրման մասին։ Արդյոք, այս ձեւակերպումը  ենթադրո՞ւմ է օրինակ, օրենսդիր մարմնի, դատական համակարգի, Կենտրոնական բանկի, կարգավորող մշտապես գործող հանձնաժողովների իբրեւ պետական մարմին, բայց ոչ, ասենք, կառավարման մարմին, տեսանկյունից նրանց համակարգերում նույնպես ներքին աուդիտի համակարգի ներդրումը։ 1-ին հարցը սա էր։

Եվ 2-րդ հարցը վերաբերում է ներքին եւ արտաքին աուդիտի հարաբերակցությանը։ Որքանո՞վ է ներքին աուդիտի կազմակերպական մոդելը հանրային ոլորտում համապաատսխանում տարբեր սուբյեկտներին վերապահված արտաքին աուդիտի պահանջներին։ Օրինակ, Կենտրոնական բանկի մասով ...(Չի հասկացվում) կա, որ արտաքին աուդիտ պետք է իրականացնի հանրահայտ ֆինանսական կազմակերության ներգրավելու միջոցով աուդիտորական կազմակերպության կամ նույն կարգավորող տարբեր տիպի հանձնաժողովների, որոնք ունեն նաեւ իրավասություն հանրահայտ աուդիտորական կազմակերպության միջոցով ենթարկել արտաքին աուդիտի։ Համադրվե՞լ են արդյոք ներքին եւ արտաքին աուդիտի այս խնդիրները։ Այդ թվում նաեւ Վերահսկիչ պալատին վերապահված իրավասությունների մասով, որը մեր երկրում, ըստ էության, իրականացնում է ամբողջական կտրվածքով արտաքին աուդիտը պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, եթե այդպես կարելի է ասել։ Շնորհակալություն։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ Դուք միանգամայն իրավացիորեն եք նկատել, որ պետական կառավարման մարմինները սահմանափակում են, ըստ էության, սա պետք է լիներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այսինքն՝           ոչ թե միայն վերաբերեր պետական կառավարման մարմիններին, եւ այդ մասով կարծեք, ձեր 1-ին հարցը դուրս կգար, եթե դա այդպես լիներ։ Եվ մենք նախատեսում ենք նոր տարբերակում, 2-րդ ընթերցման ներկայացնելիս, հենց այդպիսի խմբագրմամբ ներկայացնել։

Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ապա սույն նախագիծը չի տարածվում Կենտրոնական բանկի վրա։ Այդ տեսակետից այստեղ կարգավորելու լրացուցիչ անհրաժեշտություն չկա։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Արծվիկ ՄԻնասյան, պարզաբանման համար։

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Պրն Ջանջուղազյան, Կենտրոնական բանկի վրա չի տարածվում, որովհետեւ նա պետական մարմին չէ՞, թե՞ որովհետեւ նա առանձին կարգավորման անհրաժեշտություն ունի։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Չէ, «Կենտրոնական բանկի մասին» օրենքով է կարգավորվում Կենտրոնական բանկի աուդիտի եւ արտաքին աուդիտի հետ կապված խնդիրները, նաեւ իր ներքին հսկողության համակարգի հետ կապված խնդիրները  «Կենտրոնական բանկի մասին» օրենքով եւ իր կողմից համեմված իր խորհրդի որոշումներով, սահմանված կանոնակարգերով է կանոնակարգված այդ խնդիրը։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ։ Հարցերն ավարտվեցին պրն Ջանջուղազյան։ Այժմ մենք կլսենք ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  հանձնաժողովի տեսակետը, որը կներկայացնի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնեմ «Ներքին աուդիտի մասին» մեր հանձնաժողովի եզրակացությունը։

Նախ՝ պետք է ասեմ, որ այն բանից հետո, ինչ մենք ընդունեցինք արտաքին աուդիտի, այսինքն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը, ըստ էության, այս «Ներքին աուդիտի մասին» օրենքի ընդունումը դարձավ օրվա խնդիր, որովհետեւ այն սկզբունքները, որոնք արձանագրված են «Արտաքին աուդիտի մասին» օրենքում, ըստ էության, արդեն ենթադրել էին տալիս, որ պետք է լինի համանման նոր, մոտեցումներին համահունչ օրենք, որը ապահովի պետական ֆինանսական միջոցների արդյունավետ եւ խնայողական օգտագործումն այն բոլոր մարմիններում, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Եվ, ըստ էության, այս օրենքը, որ ներկայացված է մեր դատին, լուծում է այդ խնդիրը, եւ լուծում է այնպիսի մեթոդներով, որոնք հարիր են եվրոպական երկրների համանման օրենքներին։

Ես 2 խոսք ուզում եմ ասել, չնայած հիմնական զեկուցողը բացարձակապես բոլոր հարցերի վրա անդրադարձավ, եւ հիմնական զեկուցողին ուղղված հարցերը, ըստ էության, թույլ տվեցին ավելի մանրամասն ներկայացնել օրենքի առանձնահատկությունները, ես 2 խոսք ուզում եմ ասել այն համակարգի մասին, որ այս օրենքն ընդունելուց հետո պետք է կայանա։

Ըստ էության, բոլոր այն մարմինները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք օգտագործում են պետական միջոցներ, այսուհետ մնալու են այս օրենքով սահմանված ներքին աուդիտի մարմիններ, որոնց ղեկավարը պետք է հիմնարկի ղեկավարի ենթական լինի, եւ ըստ էության, իր միակ խնդիրը պետք է լինի իրականացնել գործառույթներ, որպեսզի ավելի արդյունավետ դարձնի այդ կազմակերպության աշխատանքը, եւ ավելի արդյունավետ ֆինանսական միջոցների օգտագործումը։ Սա է ներքն աուդիտի ողջ խնդիրը։ Այսինքն՝ ինքը հիմնականում պետք է նպաստի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը եւ նպաստի հիմնարկի վրա դրված պարտականությունների կատարմանը։

Հենց դրա համար էլ հիմնական երկու աուդիտի ձեւ է օգտագործվում։ Այսինք՝ համապատասխանության աուդիտը եւ ֆինանսական աուդիտը։

2-րդ հանգամանքը, որի վրա ես ձեր ուշադրությունը ներկայացնեմ, դա լիազոր մարմնի գործառույթներն են։ Հանրապետության բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներքին աուդիտի հետ համագործակցության շղթայում։

Ըստ էության, լիազոր մարմնում, որը ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցողը, ըստ էության, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն է լինելու, ստեղծվելու է մի մարմին, որը իրականացնելու է ներքին աուդիտի գործառույթների, կենտրոնացված, ներդաշնակեցված ստորաբաժանման գործառույթները։

Իհարկե, ակնհայտ է, որ սա որեւէ կապ չունի ԿՌՈՒ-ի հետ, որի մասին այստեղ հարց բարձրացվեց, այսինքն՝ սա մեթոդական եւ խորհրդատվական խնդիրներ է մշակ՛ելու եւ ներկայացնելու, ահա, այն բոլոր ներքին աուդիտի մարմիններին, որոնք գործելու են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Եվ այստեղ ենթակայությունը ուղղահայաց չի լինելու։ Այսինքն՝ բոլոր այդ ներքին աուդիտի մարմինները ենթարկվելու են իրենց հիմնարկների ղեկավարներին, եւ պարտադրված է լինելու հիմնարկի ղեկավարը ներքին աուդիտի եզրակացությունները նաեւ ներկայացնել լիազոր մարմնին։ Սա թույլ է տալու համախմբել այդ արդյունքները եւ կախված այն խնդիրներից, որոնք կդառնան ավելի հրատապ լուծում պահանջող, նման ենթաօրենսդրական ակտեր մշակել եւ տեղադրել այն մարմնի միջոցով, որը ես քիչ առաջ ասացի։

2 խոսք ուզում եմ ասել Վերահսկիչ պալատի եւ ներքին աուդիտի մարմինների փոխհամաձայնության եւ փոխգործակցության մասին։ Ինչպես նշված է այն օրենքում, այստեղ եւս դա պարզաբանվում է, որ Վերահսկիչ պալատը ուսումնասիրելով այս կամ այն նյութական մարմինը, նրա կողմից պետական ֆինանսական միջոցների օգտագործումը, կարող է ուղղակի հենվել ներքին աուդիտի արդյունքների վրա։

2 խոսք, թե ի՞նչ պարբերականությամբ եւ ի՞նչ խորությամբ պետք է իրականացվի ստուգումները։ Նախ՝ մեկ հանգամանք՝ ներքին աուդիտի անկախության մասին եմ ուզում ասել։ Եթե դուք ուշադիր եք, ապա 11-րդ հոդվածում սա ուղղված է հաշվետու միավոր եզրերն ըստ օրենքի։ Սա այն մարմինն է, որի գործառույթները պետք է վերահսկվի ներքին աուդիտի կողմից, եւ բացարձակապես անկախ պետք է լինի ներքին աուդիտ իրականացնողն այս հաշվետու միավորի հետ իր հարաբերություններում։

Օրենքն արձանագրում է, որ որեւէ հաշվետու միավոր կամ գործառույթ, որը գտնվում է այդ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնում, առնվազն 2 տարին մեկ պետք է  վերահսկվի ներքին աուդիտի կողմից, եւ միաժամանակ, տարեկան ծրագրերը, որոնք ներկայացվելու են հաստատման հիմնարկի ղեկավարին, պետք է իրենց կատարման մասին տեղեկություն ներկայացնել ոչ միայն հիմնարկի ղեկավարին, այլեւ որոշակի ժամանակ անց նաեւ լիազոր մարմնին։

Եվս մեկ հանգամանք, որը ապահովում է ներքին աուդիտի անկախությունը, դա այն է, որ հիմնարկի ղեկավարը ներքին աուդիտի ղեկավարին աշխատանքից ազատելու պարագայում հիմնավոր տեղեկություն պետք է ներկայացնի, 10 օրվա ընթացքում, լիազոր մարմնին։

Սրանք էին այն դրույթները, որոնք ես ուզեցի ներկայացնել ձեր ուշադրությանն այն հիմնավոր զեկույցից հետո, որը ներկայացրեց հիմնական զեկուցողը։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան։ Հերթագրում՝ հարցերի համար։ Հերթագրվել է 3 պատգամավոր։ 1-ին հարցը՝ պատգամավոր Վարդան Այվազյան։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Պրն Մինասյան, մեկ, այսպես ասած, հարց ձեզ։ Ինչպե՞ս եք գտնում,  որո՞նք են չափորոշիչներն արդյունավետության ստուգուներ կամ արդյունավետ աուդիտ իրականացմանը։ Այսինքն՝ ի՞նչ չափորոշիչներով ենք առաջնորդվելու, որ տվյալ իրականացնող գործառույթը, որի համար ինքը պաշտոնի անձնագրով սահմանված է եւ ինքը իրականացնում է։ Այսինքն՝ արդյունավետության որո՞նք են այդ չափանիշները։ Կարող են տարբեր ոլորտների համար, այսպես, ընդհանուր ունե՞նք մենք այդ հասկացողության կոնկրետ գնահատումը։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։  Ըստ էության...

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Եթե կարելի է, պրն Մինասյան, օրինակ, ասենք  տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով...(Չի հասկացվում) կամավոր լիազորություններ իրականացման ընթացքում աուդիտը պե՞տք է իրականացնի։ Արդյոք կամավոր լիազորությունը ինքը արդյունավե՞տ է իրականացրել, թե՞ չի իրականացրել։ Օրինակ, կարո՞ղ եք  ասել դա ո՞նց է տեղի ունենալու։ Այս հարցը։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Այվազյան։ Ըստ էության, սահմանումների մեջ 2-րդ հոդվածում ներառված են այն բոլոր աուդիտները, որոնք պետք է իրականցվի տեղական, ներողություն, պետք է իրականացվի ներքին աուդիտի կողմից։ Դրանք են՝ համապատասխանության աուդիտը՝ 13-րդ կետ, ֆինանսական աուդիտը՝ 14-րդ կետ, կատարողական աուդիտը՝ 15-րդ կետ, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտը՝ 16-րդ կետ։ Ըստ էության, հենց այս կետերում փորձ է արված մեկնաբանել այն գործառույթները, որոնք պետք է իրականացվեն այս 4 տեսակի աուդիտների իրականացման ժամանակ։

Ես կարծում եմ, որ ավելի մանրամասն ինքս չեմ կարող ներկայացնել ավելի բան, քան այստեղ գրված է։ Այսինքն՝ 13, 14, 15 եւ  16-րդ կետերով նկարագրված են այն բոլոր 4 տեսակի աուդիտները, որոնք գտնվելու են ներքին աուդիտի զինանոցում եւ ավելի մանրամասն կդժվարանամ որեւէ  բան ասել։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Վարդան Այվազյան, պարզաբանման համար։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ 2-րդ հոդվածի 15-րդ կետ. կատարողական աուդիտ, ներքին աուդիտ տեսակ, որի միջոցով որոշում եւ գնահատվում է...(Չի հասկացվում) արդյունավետությունը։   Արդյունավետություն, որոշվում է ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության որոշումներով սահմանված չափանիշներից ստացված արդյունքներին համապատասխան ...(Չի հասկացվում) դեպքում։ Այ, սա եմ ես ասում։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Պրն Այվազյան, ես արդեն ասացի եւ կարող եմ մեկ անգամ եւս կրկնել, որ այն ձեւակերպումը, որը այստեղ կա, ավելի մանրամասն կդժվարանամ մեկնաբանել։ Միգուցե ես ենթադրում եմ, որ ենթաօրենսդրական ակտերով, այն ակտերով, որը պետք է ստեղծի եւ տարածի ներքին աուդիտի մարմինների համար լիազոր մարմնով ստեղծվող այդ  մարմինը, որի մասին ես ասացի, այսինքն՝ ներքին աուդիտի գործառույթների  կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանումը նրա ենթաօրենսդրական ակտերով հնարավոր կլինի այդ հարցն ավելի պարզաբանել։ Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ։  Հաջորդ հարցը՝ պատգամավոր Անահիտ Բախշյան։

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Կհասցնե՞մ։ Շնորհակալություն։ Լավ։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Նիստն ավարտենք, վաղն առավոտյան կշարունակենք։

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Այո, այո, շնորհակալություն։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Դե լավ։ Ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am