National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 57

22 դեկտեմբերի 2010

Ժամը 12:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՎ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ  ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
 

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ: Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում:

Գրանցվել են 83 պատգամավոր: Քվորումն ապահովված է, սկսում ենք մեր աշխատանքները:

Հարգելի գործընկերներ, ունենք մի շարք քվեարկություններ։

Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 31-րդ հարց։   Քվեարկություն։

Կողմ՝ 69
Դեմ՝ 2
Ձեռնպահ՝ 11

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 32-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 71
Դեմ՝ 13
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  կառավարության եւ ԱԺ պատագամավորներ Արծրունի Աղաջանյանի, Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի  ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» եւ դրան կից օրենքի նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 34-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 71
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 13

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  կառավարության ներկայացրած «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը՝ 1-ին հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 80
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 4

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  կառավարության ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 18-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 76
Դեմ՝ 5
Ձեռնպահ՝ 6

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին կից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծի 2-րդ հոդվածն առաջին ընթերցմամբ   ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 71
Դեմ՝ 4
Ձեռնպահ՝ 9

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ   ընդունելու մասին հարցը, Լարիսա Ալավերդյանի համար, 2-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 70
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ 11

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 3-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 71
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 15

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 6-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 72
Դեմ՝ 10
Ձեռնպահ՝ 4

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 7-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 80
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 5

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ   ընդունելու մասին հարցը՝ 8-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 81
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 6

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 9-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 80
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 10-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 73
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 14

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 12-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 86
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 14-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 72
Դեմ՝ 5
Ձեռնպահ՝ 9

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը՝ 15-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 84
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Ուրեմն, 85 կողմ։

Քվեարկության է դրվում  «Համապատասխանության գնահատման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 16-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 85
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 17-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 72
Դեմ՝ 7
Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը՝ 19-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 71
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ 13

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 20-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 73
Դեմ՝ 13
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Գնումների մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 22-րդ հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 69
Դեմ՝ 14
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  «Պետական կենսաթոշակների մասին» եւ դրան կից նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 24-րդ հարց։

Վահան Հովհաննիսյան՝ վարման կարգի վերաբերյալ։ 3-րդ խոսափող։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ես կարծում եմ, նորից մեր  փաստարկները հնչեցնելու կարիք չկա։ Մենք կոչ ենք անում պատասխանատվությամբ վերաբերվել բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչներին, անկախ պատգամավորներին եւ չքվեարկել, չքվեարկել այս վտանգավոր նախաձեռնությանը կողմ, չքվեարկել ընդհանրապես։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 69
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Վարման կարգի վերաբերյալ՝ Ստյոպա Սաֆարյան, 3-րդ խոսափող։

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ «Ժառանգություն խմբակցությունը, ինչպես հայտնի է, դեմ է եղել այս օրինագծին։ Մենք ուղղակի ցավում ենք, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը կարող են քվեարկել կողմ մի բանի, որը դեմ է իրենց քաղաքական գաղափարախոսական հենքին եւ խոստումներին։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 30-րդ հարց։

Վարման կարգի վերաբերյալ՝ Վահան Հովհաննիսյան, 3-րդ խոսափող։

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Նույնը, բարեկամնե՛ր։ Կարծում եմ, որ փաստարկները նորից հնչեցնելու կարիք չկա։ Մի՛ քվեարկեք ընդհանրապես, որովհետեւ երբ չես տեսնում հետեւանքները, ամբողջությամբ, թափանցիկությամբ չես տեսնում վտանգավոր հետեւանքները, իսկ դրական հետեւանքներն առանձնապես չերեւացին, որովհետեւ ոչ մի խոսքում հստակ չեղավ, թե ի՞նչ վերջում լինելու սրանից դրական, խորհուրդ եմ տալիս չքվեարկել այս նախաձեռնությանը։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Քվեարկություն։

Դե, պրն Սաֆարյան, հայտարարել եմ քվեարկությունը։

Կողմ՝ 69
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Վարման կարգի վերաբերյալ, պրն Սաֆարյան, ունե՞ք ասելիք։

Շնորհակալ եմ։

Հարգելի պատգամավորներ, օրակարգի սպառմանը մնացել է երեք հարց։ Առաջարկում եմ քննարկել այդ հարցերը, հետո քվեարկել եւ ավարտել արտահերթ նստաշրջանի աշխատանքները։

Ներկայացնեմ հարցերի հաջորդականությունը.

Կառավարության ներկայացրած «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 1-ին հարց։

Կառավարության ներկայացրած «Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 23-րդ հարց։

Կառավարության ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ  եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 13-րդ հարց։

Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ չբացակայեք ԱԺ-ից, որպեսզի մենք կազմակերպենք այս հարցերի քննարկումը եւ քվեարկությունը եւ ավարտենք արտահերթ նստաշրջանը։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության ներկայացրած «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյան։ Համեցեք։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, 3-րդ ընթերցման քննարկման նպատակով ձեզ ներկայացված նախագծում 2-րդի հետ համեմատած տեղի են ունեցել միայն ԱԺ աշխատակազմի  Արձանագրային բաժնի կողմից առաջարկված խմբագրական փոփոխությունները։ Այդ կապակցությամբ խնդրում եմ ընդունել օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության ներկայացրած «Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյան։ Համեցեք։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում 3-րդ ընթերցմամբ  «Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

2-րդից 3-րդ ընթերցման ժամանակ այս փաթեթոմ խմբագրական առաջարկություններ եւ փոփոխություններ չեն եղել։ Ուստի, առաջարկում եմ այն դնել քվեարկության եւ ընդունել ամբողջությամբ։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ քննարկում ենք կառավարության ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ  եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան։ Համեցեք։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, 2-րդ ընթերցման ռեժիմով ձեզ է ներկայացվում  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

1-ից 2-րդ ընթերցում եղել են առաջարկություններ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի եւ Լիլիթ Գալստյանի կողմից։

Առաջարկությունները վերաբերել են փորձաքննության իրականացման ժամկետին՝ քաղաքաշինության ոլորտին եւ պատասխանատու պետական պաշտոնյայի պատասխանատվությանը։

Հիմնական առաջարկություններն ընդունվել են։ Առաջին դեպքում փորձաքննության ժամկետը 15-ից երկարացվել է մինչեւ 30-օրյա ժամկետ, եւ մեկ դրույթ է ավելացվել. «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով»։

Եվ մի քանի նաեւ փոփոխություններ են կատարվել՝ ելնելով պատգամավորների առաջարկություններից։ Խնդրում եմ այս տեսքով ընդունել։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Առաջարկություններ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանը եւ Լիլիթ Գալստյանը։ Եթե նրանք հարցեր ունեն, խնդրեմ։

Հիմա՝ պրն Հարությունյան, ինձ Արմեն Մարտիրոսյանը տեղյակ պահեց, որ ներկայացրել են առաջարկություն, բայց ամփոփաթերթում չկա ո՛չ առաջարկությունը, ո՛չ էլ պատասխանը։ Ի՞նչն է պատճառը։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Առաջարկություններ չենք ստացել, թե չէ հաճույքով կընդգրկեինք եւ կպատասխանեինք։

Մեզ ներկայացվել է պրն Խաչիկ Հարությունյանի կողմից, եւ անկեղծ ասած, նաեւ այս առաջարկությունների մեջ արտահայտված են այն բոլոր առաջարկությունները, որոնք նաեւ առաջ էր քաշել «Ժառանգություն» խմբակցությունը։ Այդ իսկ պատճառով, մենք պաշտոնապես որեւիցե առաջարկություն չենք ստացել, բայց եւ այնպես  ես հայտարարում եմ, որ այն առաջարկությունները, որոնք ստացել ենք, համապատասխան, Խաչիկ Հարությունյանի կողմից, ընդգրկված են եղել նաեւ այն առաջարկությունները, որոնք հանձնաժողովում քննարկվել են եւ տեղ են գտել այդ առաջարկությունների մեջ։

Ես ինչպես ասացի, հիմնականում առաջարկությունները վերաբերել են ժամկետներին,   պատասխանատվության այդ երկու մասով էլ մենք արձագանքել ենք եւ համապատասխան փոփոխությունները կատարել ենք։ Ըստ որում, նաեւ մի քանի խմբագրական փոփոխություններ ենք իրականացրել, որոնք նույնպես մտնում էին այդ առաջարկությունների մեջ։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Խաչիկ Հարությունյանն ունի՞ հարցեր։ Չունի՛։

Լիլիթ Գալստյա՞նը։ Ունե՞ք, համեցեք։ Լիլիթ Գալստյան։

Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Հարությունյան, իմ առաջարկության առանցքում երկու կարեւոր մտահոգություն կար։ Առաջինը՝ պատասխանատվությունը համապատասխան քաղաքաշինական գործունեության վերաբերյալ բնապահպանական փորձաքննության եզրակացության անհրաժեշտությունը, եւ երկրորդը՝ դրա բացակայության դեպքում պատասխանատվությունը։

Դուք չեք համաձայնել այս օրենքում պատասխանատվությունը ամրագրելու այդ հաստատումը՝ հղում կատարելով «Վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին։

Ես պիտի խնդրեի, դուք ինձ պատասխանեք, թե տվյալ օրենքը պատասխանատվության ի՞նչ չափ կամ տուգանքի ի՞նչ չափ է նախատեսում բնապահպանական եզրակացություն չտրամադրելու դեպքում։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Ես արդեն ասացի, որ մեկ դրույթ ենք ավելացրել՝ 4-րդ դրույթ, որտեղ սահմանվում է. «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով»։

Եվ ինչպես նախորդ անգամ, հիմա էլ, նորից կրնում եմ, այստեղ երկու օրենքներով, առաջինը՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսվում էր՝ չարձագանքելու դեպքում, ապա համարվում է եզրակացությունը դրական, եւ 2-րդ օրենքը, դա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն է, որի 14-րդ հոդվածը սահմանում է պաշտոնատար անձանց պատասխանատվությունը։

Եվ եթե այս դրույթը չի բավարարում, մենք ուղղակի ելել ենք եղած օրենսդրական հնարավորություններից։ Եթե կուզենաք այստեղ ավելի պարզություն եւ ավելի խիստ մեթոդներ կամ պատժամիջոցներ կիրառվի, ապա անհրաժեշտություն կառաջանա այս օրենքում, մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 14-րդ հոդվածը փոփոխություն անել եւ այնտեղ պատժամիջոցները խստացնել։

Մենք ուղղակի չէինք կարող այնպիսի դրույթ ներառել այս օրենքի մեջ, որը հակասեր այս օրենքին։ Այդ իսկ պատճառով մենք հղում ենք արել օրենքով սահմանված կարգով։

Եվ եթե դուք անհրաժեշտություն եք գտնում այստեղ փոփոխություն իրականացնելու, ապա միգուցե հետագայում անդրադառնաք նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու տեսանկյունից։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Լիլիթ Գալստյան։

Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

Հարցս շատ հստակ էր՝ պատասխանատվության չափը, տուգանքի չափը դուք ասում եք այս օրենքում կա, ես էլ գիտեմ, որ կա, հենց հիմա ուզում եմ իմանալ պատասխանատվության չափը, որովհետեւ խստորեն առնչվում է այս նախագծին եւ առաջարկությանը եւ, կարծում եմ, ինձ եւ իմ գործընկերներին հետաքրքիր է իմանալ, թե որքան է համարժեք այսօր գործող պատասխանատվության կամ տուգանքի չափն այն նախագծին, որ դուք ներկայացրել եք։ Եթե տիրապետում եք այս պահին թվական պատկերին կամ պատասխանատվության տեսակին, խնդրում եմ հրապարակեք։ Ես հասկանում եմ ինչ հարց եմ տալիս։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Դուք ո՞ւմ պատասխանատվությունը նկատի ունեք։

Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Չտրամադրողի՛, փորձաքննություն չտրամադրողի։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Այսինքն՝ պետական պաշտոնատար անձին։

Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Այո՛։ Տուգանքի չափը որքա՞ն է, էդ է հարցս։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Ես ձեզ ասում եմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14-րդ հոդված։ Հստակորեն գրված է, որ նրանք ենթարկվում են պատասխանատվության, եւ այստեղ տուգանքի չափ սահմանված չի։

Դե հիմա, չպատասխանեցի, կարելի է նաեւ բացել, կարդալ։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Ավարտեցի՞ք, պրն Հարությունյան։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Այո՛։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հերթագրում ելույթների համար։ Հերթագրում։

Հերթագրվել են հինգ պատգամավորներ։

Արծվիկ Մինասյան։ Տեղում չի։

Սխա՞լ է, եւս մեկ անգամ հերթագրենք։ Չէ՛, ունենք։

Ստյոպա Սաֆարյան։ Դահլիճում չէ։

Արծրունի Աղաջանյան։

Արա Նռանյան։

Տեխնիկան չի դիմանում ձեր հորդորներին։

Ա.ՆՌԱՆՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես 2-րդ ընթերցման ժամանակ ելույթ չէի ունենա, եթե չտեսնեինք կառավարության մոտեցումը բարձրացրած հարցերի վերաբերյալ, որովհետեւ, կարծես թե, բոլոր հարցերը, որոնք բարձրացրել էին պատգամավորներն այս քննարկման ժամանակ, եւ առաջարկությունները, կարծես թե, տրամաբանորեն ընդունելի են եւ պետք է ընդունվեին կառավարության կողմից։

Երբ նայում ես օրենսդրական փաթեթը, որը ներկայացված է այս արտահերթի ընթացքում, ինչպես նաեւ այն ամբողջ պրոցեսը, որն ընթանում է գործադիրի շրջանակներում, տպավորությունն այնպիսին է, որ մեր գործադիրը դուինգ բիզնեսացավ է կպել, ուզում է ամեն ինչ անի՝ հանուն դուինգ բիզնեսում բարձր տեղեր զբաղեցնելու համար։ Եվ արդյունքում բերում ենք օրինագծեր, որոնք իրականում ձեւական բնույթ են կրում։

Ի՞նչ է ուզում անել կառավարությունը։

Նպատակ հռչակելով դուինգ բիզնեսի լավագույն 20-յակում տեղ զբաղեցնելը, որոշել է, որ մեկ կամ երկու օրվա ընթացքում արտահերթի միջոցով մի քանի օրենսդրական նախաձեռնություններով ինչ-որ թեթեւացումներ է նախատեսելու, եւ հունվարի 1-ից համարվելու է, որ Հայաստանը դառավ դուինգ բիզնեսի առումով առաջատար։ Բայց օգտվելով այս, իրականում օգտագործելով որպես պատրվագ, մեր կառավարությունը բերում է օրինագծեր, որոնք պարզապես աբսուրդի են հասնում։

Ի՞նչ է առաջարկում կառավարությունն այս օրինագծով։ Ասում է, որ եթե դու ուզում ես շինարարություն իրականացնել, ապա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ըստ էության դառնում է ոչ պարտադիր։ Այսինքն՝ դու ներկայացնում ես հայտ փորձաքննություն իրականացնելու, եւ ինչ-որ պետական մարմնի աշխատակիցներ, եթե լավ չեն աշխատում, դու կարող ես առանց այդ փորձաքննության գնալ եւ ստանալ շինարարության թույլտվություն։

Հիմա՝ կարող ենք այդպես շարունակել, եթե ինքնանպատակ ինչ-որ դուինգ բիզնեսով տարված մարդիկ եք, եկեք ավելին գնանք։ Ասենք, շինարարության թույլտվություն կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, թող ով ինչ շինարարություն ուզում է, անի։ Դուինգ բիզնեսում կա հատուկ տող՝ շինարարության թույլտվություն ստանալու հեշտության աստիճանը, եւ հեշտ կլինի։ ՀՀ-ում առանց դրա էլ քաղաքաշինական ոլորտում անտերություն է, անտերությունն էլ ավելի կխորանա օրինական ճանապարհով։ Դուինգ բիզնեսում կստանանք լավագույն տեղերն այդ գործարքի մասով, բայց ի՞նչ է լինելու երկրի հետ։

Եվ ինձ համար շատ զարմանալի է, որ այս օրինագիծը բերում է Բնապահպանության նախարարությունը։ Կառավարության նախագծերը որ նայում ես, ընդհանրապես շատ մտահոգիչ է դառնում այն աշխատաոճը, որը կա կառավարությունում հենց նախարարությունների միջեւ։ Կարծես թե, օրինակ, Ֆինանսների նախարարությունը կամ Կենտրոնական բանկը պետք է բերեն օրինագծեր, որոնք նվազեցնում են սոցիալական ապահովության մակարդակը, սակայն սոցիալական հարցերի եւ Աշխատանքի նախարարությունը պետք է դիմադրի, որպեսզի քաղաքացիների սոցիալական պաշտպանության մակարդակը չընկնի, հակառակն է տեղի ունենում՝ Սոցիալական հարցերի նախարարությունը բերում է օրինագծեր, որոնք ուղղված են քաղաքացիների իրավունքների, հատկապես սոցիալական իրավունքները ոտնահարելուն։ Եթե սա բերեր Քաղաքաշինության նախարարությունը, կհասկանայինք, Քաղաքաշինության նախարարությունն ուզում է հանուն շինարարության աճի ապահովման, մի կողմ դնել բնապահպանական խնդիրները։ Բայց ինձ համար զարմանալի է, որ Բնապահպանության նախարարությունն է սա բերում։ Այսինքն՝ դուք հակառակը, դուք պետք է պահանջեք, պրն Հարությունյան, որ ցանկացած շինարարություն առանց իմ թույլտության, առանց իմ նայելու, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի, չի՛ կարող անել։ Դուք հիմա բերում, ասում եք, որ մեր նախարարությունը եթե լավ չաշխատի, ով ի՞նչ շինարարություն ուզում է, թող անեն, կամ դուք ասում եք, որ իմ փորձաքննությունը պետք չի։ Եթե պետք չի, եկեք նախարարությունն ընդհանրապես լուծարենք։ Այսինքն՝ տրամաբանություն չկա, ո՞նց կարող ա շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը չհետաքրքրի մեր նախարարությանը, համապատասխան նախարարությանը։

Ի վերջո, մենք նաեւ գիտենք էլ՝ ո՞նց է տեղի ունենում այս գործընթացը, ովքե՞ր են այդ թույլտվությունները ստանում եւ ովքեր չեն ստանում։ Բնական է, ոչ մի խեղճ ու կրակ էլ շինարարության թույլտվություն ստանալ չի կարող, եւ իրա համար էլ լավ է՝ ուզում է 15 օր, ուզում է 30 օր, ուզում 120 օր, լավ էլ իրա մերժումն ինքը կստանա նախարարությունից, իսկ ում պետք չի, գնահատականը չեն տա։

Ես ուզում եմ հիշեցնել այս վերջին անգամվա հարց ու պատասխանները, երբ իմ գործընկեր Լիլիթ Գալստյանը հարցադրումներ էր անում կառավարության առջեւ մի շարք աղմկահարույց շինարարությունների վերաբերյալ։ Եվ ի՞նչ էր պատասխանը կառավարության՝ բա, գիտե՞ք, փաստաթղթեր չկան։ Իրականում կա՛մ ապօրինի շինարարություն է, թույլտվություն չկա, կա՛մ թույլտվություն կա, բայց իրականում շինարարությունը լրիվ այլ բնույթի է իրականացվում։ Սա՛ է վիճակը, եւ փոխարեն կառավարությունը գնա այս իրավիճակը շտկելու ճանապարհով, հակառակը, ասում ա՝ դե, որ ըտենց ա, ես լավ չեմ աշխատում, եկեք իմ աշխատանքը պարտադիր չլինի։

Մի հատ այսպիսի օրինագիծ էլ բերել էր Ֆինանսների նախարարությունը։ Եթե հիշում եք, բերել էր հետեւյալ մի առաջարկությունը։ Ասում էր՝ ավելացված արժեքի հարկի, ընդհանրապես հարկային այդ գերավճարները, որ կան կառավարության կողմից, որ պետք է վերադարձնեն տնտեսավարողին, եթե համապատասխան պետական մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը, գումարը ժամանակին չվերադարձնի, պետությունը տոկոսներով պետք ա վերադարձնի գործատուին։ Եվ ի՞նչ ա ստացվում, որ ինչ-որ մի նախարար կամ ինչ-որ վարչության պետ իրա ֆունկցիան նորմալ չկատարելու համար եւ գործարարին իր հասանելիք գումարը չտալու համար պետք ա պետական բյուջեն տուժի։ Այսինքն՝ մենք անընդհատ բերում ենք օրինագծեր, որ թույլ ենք տալիս, որ գործադիրը չաշխատի, անտերությունը երկրում ավելի խորանա եւ, բնական է, կոռուպցիան էլ հետը, որովհետեւ պարզ է, չէ՞, ո՞ւմ կտան փողը, ո՞ւմ չեն տա, եւ պարզ է նաեւ՝ ո՞ւմ կմերժեն, ո՞ւմ չեն մերժի։

Ես կարծում եմ, սա այնքան ակնհայտ պրոբլեմ է։ Ես զարմանում եմ, որ չկա ընդվզում նաեւ մյուս գործընկերների կողմից։ Լա՛վ, առանց դրա էլ մենք տեսնում ենք՝ մի հատ կանաչապատ տարածք կա երկու շենքի արանքում, ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ կանաչապատ տարածքը պետք է պահել, հենց այդտեղ շինարարություն են անում։

Բազմաթիվ շինարարություն է իրականացվում առանց փաստաթղթերի։ Եվ հիմա մենք բերում ենք, այս պրոբլեմն օրինականացնում են։ Այսուհետ, եթե քաղաքացիները բողոքեն, ասեն՝ ինչի՞ է ապօրինի շինարարություն իրականացվում, ինչի՞ չկա փորձաքննություն, մեզ պետք է ասեն, որ նախարարությունը ժամանակին չի տվել եւ համարում է այդ փորձաքննությունը կատարված, եւ փաստաթուղթը ստացված։

Այդպես կարող ենք մենք շարունակել իսկապես գնալ, հասնել այն փիլիսոփայությանը, որի կրողն է նաեւ մեր երկրի վարչապետը, պետության վախճանին։ Ի՞նչ է ասում այդ փիլիսոփայությունը։ Ասում է՝ պետական ֆունկցիաները կօտարենք, կտանք սրան-նրան, երեք մասի է բաժանում։ Ասում է մի մասը կտանք ժողովրդին, կասենք՝ ժողովո՛ւրդ, գնացեք ձեր ներքեւի խնդիրները դուք լուծեք, մի մասը կտանք զուգահեռ գործող մարմիններին՝ Կենտրոնական բանկ, ինչ-որ տարբեր օրենքով ստեղծված հանձնաժողովներ, ֆունկցիաների մի մասն էլ  կտանք վերազգային միջազգային կազմակերպություններին՝ AMS, Համաշխարհային բանկ եւ այլն, եւ արդյունքում պետությունը կմեռնի։

Փաստորեն, այդ կոնցեպցիան իրականում շարունակվում է։ Ե՛վ այս ամբողջ փաթեթները, եւ՛ այս օրինագիծն իրականում նպատակ ունի ապահովել պետության վախճանը, եւ այդ փորձարկումն իսկապես առաջին հերթին երեւի թե լավագույնս կիրականացնեն ՀՀ-ում, որովհետեւ, ցավոք սրտի, ո՛չ քաղաքական մեծամասնությունն է ընկալում ինչ է կատարվում, ո՛չ էլ հայ ժողովուրդը։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Լիլիթ Գալստյան։

Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես վստահ եմ, որ դուք որպես քաղաքական մարդիկ, հետեւում եք աշխարհի անցուդարձին, եւ պիտի նկատած լինեք, որ աշխարհի մտահոգությունների կամ սեւեռումների կիզակետում  նույնքան կարեւոր, որքան ահաբեկչությունը, որքան ժողովրդավարության խնդիրներ եւ այլն, նրանց հետ հավասարապես նույնքան կարեւոր են բնապահպանության խնդիրները։

Եվ այսօր բնական բազմաթիվ աղետները, որ դարձել են մեր համաշխարհային կյանքի ուղեկիցները, վկայում են շատ կարեւոր մի բանի մասին՝ բնությունն ամեն անգամ մարդուն հատուցում է բնության նկատմամբ վայրագության, բնությունը չհարգելու, կենսամիջավայրը չհարգելու այդ կեցվածքի համար։

Ես ուզում եմ նաեւ իմ գործընկերներին հիշեցնել մեր ազգային անվտանգության հայեցակարգում մի քանի կարեւոր հղումներ, շատ կարեւոր հղումների կողքին հաստատումներ, եւ քաղաքաշինության ոլորտում պետության կարեւորագույն առաքելությունը մարդու կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է։ Այսինքն՝ հաստատում, որը հավասարապես վերաբերում է քաղաքաշինությանը, բնապահպանությանը եւ մարդուն։ Եվ ամեն անգամ երբ մեր կառավարությունը հերթական օրենքներն է բերում ԱԺ, առաջին տարիներին իմ գործունեության, իբրեւ պատգամավոր, ամեն անգամ մտածում էի, որ սա իմ հայրենի կառավարությունը եւ այդ օրենքների մտահոգության թիրախում պիտի լինի ՀՀ-ն, ՀՀ քաղաքացու համար բարերարությունը։ Բայց գնալով համոզվում եմ, որ որեւէ օրենք, օրենքի նախագիծ չի հայտնվում այս  սրահում, որի հետեւում չկա տվյալ կամ կոնկրետ որեւէ գործարարի շահ, որի հետեւում չկա բիզնես նպատակ։

Եվ ցավոք սրտի, մեր կառավարության փիլիսոփայությունը մի հաստատման է ինձ տանում, եւ կարծում եմ, շատ շատերին չի կարելի ՀՀ այս փոքրիկ հողատարածքին վերաբերել որպես բիզնես տարածքի կամ շինարարական հրապարակի։ Նույնիսկ ես շատ պիտի ուզենայի այստեղ օգտագործել ոչ հայերեն բառը, եւ շատերի համար ՀՀ-ն բիզնես շինարարական «պլաշադկա» է։ Չի՛ կարելի այդպես վերաբերել ՀՀ-ին։

Այս եզրակացության գալու համար ինձ հիմք են հանդիսացել իմ երեք տարիների սեւեռուն վերաբերմունքը քաղաքաշինության խնդիրներին, որոնց, կարծում եմ, իմ գործընկերները տեղյակ են։

Եվ, ահա, մեր հայրենի կառավարությունը ներկայացնում է մի հերթական օրինագիծ, որն էլ ավելի հաստատուն է դարձնում իմ մտահոգությունը։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ այս օրինագիծը բնապահպանական փորձաքննության համար նախատեսված էր 120 օրը։ Միգուցե ես հասկանում եմ, որ գործարարության համար բարենպաստ միջավայր ստեղծելու առաքելություն, պատասխանատվություն եւ հանձնառություն ունենք, եւ կարծում եմ, իրապես 120 օրը միգուցե շատ էր, եւ կյանքի դինամիկան թելադրում է, որ այս օրը կրճատվի։

Առաջին ընթերցման ռեժիմում մենք ունեինք 15 օր, եւ հանձնաժողովի անդամներն ընդվզում էին, նաեւ բնապահպանների, այսպես, ընդվզումի պայմաններում մենք, կարծես թե, կարողացանք ունենալ այստեղ 30 օրը։ Այստեղ, իհարկե, առարկություն չունեմ, հարգվել է նաեւ իմ առաջարկությունը, բայց այստեղ, այսպես, շատ գրեթե տախտալոգիայի հասնող մի սահմանում կա, որը մնացել է։

Բնապահպանական, ուրեմն, սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից պատասխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական։ Սա գրեթե համարժեք է նրան, որ քաղծկեղով հիվանդը գնա բժշկական դիագնոստիկայի, ասեն՝ 10 օր քեզ պատասխան չենք տալիս, ուրեմն, դու առողջ ես։

Այսպիսի եզրակացության գալու մի քանի պատճառներ ունեմ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդամենը մեկ տարի առաջ Քոչար փողոցի վրա գտնվող հանրակրթական դպրոցի հարեւանությամբ դարձյալ փորձաքննության կամ բավարար փորձաքննություն չկատարելու պայմանների արդյունքում վերամբարձ կռունկից ընկել էր պանելը, եւ ուղղակի բարեբախտություն էր, որ այդ պահին դպրոցի հրապարակում չկային աշակերտներ։ Եվ իհարկե, պատճառները կարող են լինել երկուսը՝ կաշառված փորձաքննությունը կամ ոչ բավարար փորձաքննությունը։

Հիշեցնեմ, որ ընդամենը երկու օր առաջ Կիեւյան փողոցի շինարարական տարածքում վերամբարձ կռունկը դարձյալ, այսպես ասած,  գետնվել էր, եւ էլի բարեբախտություն, մարդկային զոհեր չունենք։

Սրանք բոլորը վկայում են այն մասին, որ քաղաքաշինությանը, բնապահպանությանը, փորձաքննությանը մեր երկրում մատների արանքով են վերաբերում, կամ ոչ թե մատների արանքով, այլ բիզնես շահն այնքան է կուրացրել, որ մեր քաղաքացիների կենսական շահը ոչինչ է դրանց կողքին։

Գիտե՞ք, այստեղ բնապահպանության նախարարը փորձեց ինձ, ասենք թե, փարատել, ասելով, որ պատասխանատվություն կա։ Նախ՝ ընդհանրապես, կարծում եմ, ցանկացած մտածող մարդ չի կարող համաձայնել այն հաստատումին, որ եթե փորձաքննական եզրակացություն չկա, ուրեմն, գնա՛, ինչ ուզում ես, արա։ Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի ցանկացած շինարարական հողամաս ունենալու  պարագայում թույտվությունը դիմելուց 5 օր հետո չունի պատասխան, ուրեմն, ես ինձ վերապահում եմ իրավունք կատարել շինարարություն։ Սա թողտվության, ճիշտ նկատեց իմ գործընկեր Արա Նռանյանը, պետության վախճանի կամ ինքնախոստովանության նման մի բան է, որ պետության կառույցները, պետության լծակները բացարձակապես իրենց ազատում են իրենց ֆունկցիայից, եւ չկա՛ մարդ, չկա՛ պրոբլեմով են վերաբերում իրականությանը։

Եվ պատասխանատվության մասին։ Մենք մեր պրակտիկայում գրեթե չենք ընդունում օրենքներ կամ խուսափում ենք ընդունել օրենքներ, որոնք համապատասխան վարչական կամ քրեական պատասխանատվություն չեն նախատեսում։

Եվ, ուրեմն, պրն նախարար, ձեր, այսպես ասած, մեկնաբանությունն իմ հարցին դարձյալ չփարատեց իմ մտահոգությունը, որովհետեւ ես չունեցա պատասխան, թե պատասխանատվության ի՞նչ մեխանիզմներ, պատասխանատվության ի՞նչ լծակներ կան պատժելու այն պաշտոնյային, որը չի տվել համապատասխան փորձաքննություն։

Ելնելով մեր իրականության տրամաբանությունից՝ ես դարձյալ պիտի հնչեցնեմ կոռուպցիոն այն բոլոր ռիսկերը, որոնք թաքնված են կամ շատ լավ տեսանելի են այս նախագծում։ Եվ չի բացառվում, որ մենք ընդհանրապես դիմել ենք այս նախագծին, փակելու համար մի շարք բնապահպանական եւ հասարակական կազմակերպությունների բերանները, որոնք փորձում են այս անհավասար գլաձիատորական պայքարում քաղաքաշինական ոլորտի այլանդակությունների հորձանուտում փորձել գոնե կառչել այս կամ այն իրավական ակտից՝ բնապահպանական, իրավական կամ, չգիտեմ, համապարփակ փորձաքննությանն է վերաբերում։ Եվ առհասարակ չկա՛ պրոբլեմը, չկա՛ իրավական ամրագրումը, ուրեմն, մեր թողտվությունը, որը քաղաքաշինության պարագայում ափեափ ա, էլ ավելի օրինական տեսք ենք տալիս։

Ես վստահ եմ, ոչ թե վստահ եմ, ես գիտեմ, որ մեր խմբակցությունն այդ տեսքով չի քվեարկելու կամ իր բացասական քվեարկությունն է արտահայտելու այս օրինագծին։

Ես նաեւ ձեզ կոչ եմ անում, իրապես ազնիվ եւ բարոյական չեմ համարում, եւ Բնապահպանության նախարարությունն է այս օրինագիծը բերել։ Եթե Քաղաքաշինության նախարարությունը բերեր կամ, չգիտեմ, Երեւանի քաղաքապետարանի լոզունգով գար այստեղ, ես միգուցե դրա տրամաբանությունը հասկանայի, բայց Բնապահպանության նախարարության առաքելությունը, նախեւառաջ, բնապահպանական քաղաքականության հարգումն է եւ ոչ թե բիզնես նպատակներին ծառայելը։

Ես ընդհանրապես ողջախոհության կոչ եմ անում նաեւ իմ մյուս գործընկերներին, որովհետեւ չի կարելի պետության ֆունկցիաները, այսպես, սպանելու ճանապարհով, Հայաստանում բարելավել բիզնես միջավայրը։ Բիզնես միջավայրը բարելավելու լավագույն եւ կարճատեւ ճանապարհը ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելն է, իրավական երկիր հաստատելն է եւ իրավական գործիքներով ու մեխանիզմներով զինված օրենսդրական դաշտի ապահովումն է։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Լարիսա Ալավերդյան։

Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես ստիպված եմ սկսել խոսքս նրանից, որ ափսոսում եմ, որ նախարարը չի ներկայացրել  «Ժառանգություն» խմբակցության առաջարկությունը, իսկ առաջարկությունը ես կհնչեցնեմ։ Ի դեպ, ասում են, որ ժամանակին կամ անժամանակ չի հասել։ Մենք պնդում ենք, որ մենք ճիշտ ժամանակին ենք տվել, եւ կխնդրեինք, որ պրն նախարարը տա մեզ այն ապացույցները, որը կգա եւ կխոսի նրա մասին, որ մենք չենք տվել ժամանակին, որովհետեւ ապացուցելու բեռը մնում է այդ մերժողի, տվյալ դեպքում պրն նախարարի ուսերի վրա։

Հիմա, ինչ վերաբերում է, նախեւառաջ, մեր առաջարկությանը։ Մեր առաջարկությունը հետեւյալն է եղել՝ նախագծի 1-ին հոդվածը հանել։

Կարող եք ասել, որ դա շատ կտրուկ եւ, այդպես, արմատական է, բայց ես հիմա բացատրեմ, թե ինչու ենք մենք առաջարկել դա։

Նախ՝ անդրադառնամ այն չընդունված առաջարկություններին։ Պետք է հստակեցնել, որ պրն նախարարը պատասխանելով Լիլիթ Գալստյանին, ասաց, որ այդ պատիժը նախատեսվում է Վարչական օրենսգրքի 14-րդ հոդվածով։ Ես ստիպված եմ ընթերցել այդ հոդվածը. «Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնների եւ մյուս այն դեպքերի չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնական պարտականության մեջ»։

Ըստ էության, եթե մենք նայում ենք 14-րդ հոդվածը, հետագայում արդեն մյուս պատգամավորի առաջարկության չընդունելու հիմնավորումը, որով, փաստորեն, արդեն 48-րդ հոդվածն է մեջբերվում. «Վարչական ակտը համարվում է ընդունված, դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, եթե չի պատասխանել համապատասխան վարչական այդ մարմնի պատասխանատու անձը»։  Ի՞նչ է դա նշանակում։ Վարչական օրենսգիրքը չի կարող իր մեջ պարունակել, եւ տվյալ դեպքում առնվազն չի պարունակում իրար հակասող հոդվածներ։ Հակառակը, նա խոսում է նրա մասին, որ եթե օրենքը չի նախատեսում այն դեպքերը, որոնք նախատեսված են բերված նախագծով, այսինքն՝ օրենքով թույլ է տրվում չպատասխանել։ Ի վերջո, դա է այս օրինագծի իմաստը, որ մենք օրենքի մեջ ենք մտցնում այն պահը, որ չպատասխանելը չի բերում, որեւէ պատասխանատվություն չի առաջացնում, իրավաբանական որեւէ հետեւանքների չի բերում։ Այն դեպքում, եթե այդ անձը չի պատասխանում՝ չինովնիկը, եւ դա տալիս է հնարավորություն այն գործարար անձին՝ սկսի իր գործունեությունը։ Խոսքը դրա մասին է։

Ի դեպ, երբ բերվել է այդ նախաձեռնությունը, շատ ճիշտ է գրված հիմնավորումում, որ մենք ստեղծում ենք, ավելի բարելավում ենք այն դաշտը, որտեղ պետք է գործարարները գործեն, այսինքն՝ մենք այլեւս չենք կապում գործարարին անբարեխիղճ չինովնիկի հետ։ Այնինչ, փաստորեն, առաջարկությունը, որն արվել է, եւ մեր առաջարկությունը, որ ընդհանրապես հանենք դա, նշանակում է հետեւյալը, որ մենք երկու բան անփոփոխ... Մեկը՝ մինչեւ 120 օր, ինչը նշանակում է, որ բարեխիղճ եւ գերազանց աշխատող չինովնիկը կարող է 5 օրվա մեջ պատասխանել, ոչ միայն՝ 15։ Եվ այստեղ միայն պատիվ կբերի նախարարության այդ աշխատողին, եթե նա ունենալով մինչեւ 120 օր օրենքով նախատեսված ժամկետը՝ նա դա անի 5 օրվա մեջ կամ այստեղ նշված 15 օրվա մեջ։ Խնդիրը սա էր։

Մենք, փաստորեն, պետք է ասեմ, որ բոլոր դեպքերում ակնկալում ենք, որ ոչ միայն պրն նախարարն իր եզրափակիչ խոսքում կանդրադառնա մեր առաջարկությանը, այլ մենք ակնկալում ենք, որ  կվերանայվի  այս մոտեցումը, ինչպես  մենք երեկվանից այսօր ընդունված այն օրենքների մասին, որոնց ընդդիմությունը դեմ է քվեարկել կամ չի քվեարկել, իր դժգոհությունը հայտնել է այդ ձեւով, նույնը պետք է կրկնեմ այստեղ։ Եկեք մենք չփոփոխենք քաղաքականությունն այնպիսի օրենքներով, որոնք թույլատրելիության կամ թույլտվության, կամ,  կներեք, այսպես, թողտվության հասցնենք մեր քաղաքականությունն այն ոլորտներում, որտեղ մեզ պահանջվում է ավելի ու ավելի խստապահանջություն։ Խնդիրն այստեղ է, ու ես պետք է հստակեցնեմ, թե ինչքան էլ մենք սխալ կամ ճիշտ արտահայտվենք, բոլոր պարագաներում շատ հստակ է «Ժառանգության» ուղերձը թե՛ իշխանության, թե՛ հասարակության, թե՛ այստեղ նստած ԱԺ պատգամավորներին։

Ես պետք է ասեմ, մի երկու խոսք ասեմ «Լեզվի մասին» ընդունված օրենքի մասին որպես արձագանք, որ հնարավորություն ունեմ, քանի որ մենք չունեցանք այդ հնարավորությունն արձագանքելու։ Պետք է հստակեցնեմ, որ «Լեզվի մասին» օրենքի վերաբերյալ կարծիքները կարող են տարբեր լինել։ Բոլորը գիտեն, որ ամեն մեկն ազատ էր իր երախային տալ այնպիսի կրթություն, որն ինքը կցանկանա։ Մենք դեմ էինք, որ օրենքով նախատեսենք անկախ Հայաստանում օտարալեզու դպրոց, այլ ոչ թե օտար լեզուների լավագույն իմաստության, ինչն ինձ երեկ հուշում էին։

Եվ վերջապես, իշխող կուսակցության, ինչպես ժամանակին երեկ ռադիոյով հնչեց հետեւյալը, որ «երկրի կուսակցության» այդպիսի բառակապակցություն հնչեցվեց։ Հիմա՝ երկրի կուսակցության տվյալ դեպքում «Հանրապետական» խմբակցության անձերից կամ ներկայացուցիչներից մեկն ասել է երեկ ռադիոյով  հետեւյալը, որ չկա հայերեն լեզվում «վերաբերվել» խոսքը։ Ես պետք է բարի լուր բերեմ բոլորիս՝ հայերենը հարուստ է եւ «վերաբերվել» խոսքը գոյություն ունի։ Բոլորովին այլ է, որ եթե նախադասության ենթական անշունչ է, ապա օգտագործվում է՝ վերաբերել, իսկ եթե շնչավոր է՝ վերաբերվել։ Այնպես որ, հայալեզու լինելը պարզվում է անգամ հայերեն դպրոցն ավարտած անձանց համար դեռ ունի խնդիր։ Մենք պնդում ենք, որ եթե մենք օտարալեզու դպրոց ենք մտցնում, մենք բերում ենք նրան, որ ամենակամայական ձեւով կկրճատվի հայերեն լեզվի բառարանը։

Ես վերջում ուզում եմ ուղղակի, քանի որ ըստ երեւույթին այս երկարաշունչ արտահերթ նստաշրջանի երեւի  վերջին ելույթն է, ես ուզում եմ ցանկանալ այնպես, ինչպես մենք ամեն կիրակի անում ենք պատարագով, աշխարհին խաղաղություն, հիվանդներին բժշկություն, ննջեցելոց արքայություն, իսկ բարեպաշտ, կրկնում եմ, բարեպաշտ իշխանությանը ցանկանում ենք ամենայն լավը, որովհետեւ ոչ բարեպաշտների մասին Աստվածաշունչը շատ ավելի երկարաշունչ ձեւով է անդրադառնում։

Ցանկանում եմ «Ժառանգություն» խմբակցության անունից բոլորիս Սուրբ Ծնունդը լինի մեզ համար, իրոք, սուրբ օր։ Ցանկանում եմ, որ ճոխությունից զերծ մնանք Ամանորը նշելու ժամանակ եւ միշտ հիշենք, որ մեր ընդունած օրենքները միայն ու միայն շարունակում են աղքատացման պրոցեսը։ Մարդիկ ինքնուրույն չեն աղքատանում, մենք իրենց աղքատացնում ենք մեր քաղաքական որոշումներով։

Ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր նյութապես անկարող են նշել այնպես, ինչպես կցանկանային, միշտ հիշեն, որ մարդու սիրտն այնտեղ է, որտեղ իր գանձերը։ Ուզում եմ, որ մեր գանձերը լինեն շատ ավելի այլ, եւ բարձր ոլորտում։ Բոլորիդ ամենայն լավը։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Զարուհի Փոստանջյան։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շատ ցավով, բայց, կարծում եմ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այս 20 տարիների ձեռք բերած անկախությունը մենք ամեն օր մեր վարքագծով, մեր կողմից ընդունված օրենքներով զիջում ենք եւ ամեն օր կորցնում ենք մեր անկախության մի մասը։ Այսօր մի քանի րոպե առաջ ընդունված «Լեզվի մասին» օրենքը դրա վառ ապացույցն է։

93 թվականին էր ընդունվել «Լեզվի մասին» օրենքը, եւ այդ «Լեզվի մասին» օրենքում այս ընդունված որոշումով՝ փոփոխության, մենք փաստեցինք, որ հավասարվում ենք Թուրքիայի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետությանը, Վրաստանի Հանրապետությանը։ Ինչո՞վ ենք մենք հավասարվում, եթե այդ պետություններում չեն վավերացվում այնպիսի միջազգային փաստաթղթեր, որոնցով նրանք պարտավոր են ապահովել այլ ժողովուրդներին իրենց մայրենի լեզվով ուսուցում ստանալու իրավունքը, մենք մեր ձեռքով մեր հայերնիքում հայոց պետության մեջ այնպիսի դյուրին պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր երեխաները չսովորեն մայրենի լեզվով, դեռ ավելին, ստեղծում ենք այնպիսի պայմաններ, որ տեղի ունենա փաստացի խավերի ձեւավորում, որտեղ մի խավի պատկանելիության անձինք կարող են սովորել օտարալեզու դպրոցներում, մեկ այլ խավերը՝ ստորադասված, փաստացի ըստ էության մայրենի լեզվով պետք է ուսուցում ստանան։

Սա հիմա ես ուզում եմ զուգահեռ, ինչի՞ եք այդպես զարմանքով նայում կամ դժգոհում, զուգահեռ եմ բերում այս պահին շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ օրենքին։ Ներկայիս գործող օրենքով սահմանված է, որ առնվազն 120 օրվա ընթացքում պետք է տրամադրվի շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը։ Որեւիցե մեկը չի խանգարում, որ այդ եզրակացությունը, եթե կան պայմաններ, տրամադրվի նույնիսկ մեկ օրվա ընթացքում։ Եթե ցանկություն ունի պետությունն իրապես աջակցել գործարարներին օրենքով սահմանված կարգով, ապա նա կարող է, նույնիսկ եթե այդ փորձաքննությունը հնարավոր է իրականացնել, մեկ օրվա ընթացքում տալ այդ եզրակացությունը։ Սա խոսում է այն մասին, որ պետությունն իրապես անկախ իր գործառույթները չի կարողանում իրականացնել։

 «Լեզվի մասին» օրենքն ընդունվեց, որով մենք տալիս ենք այդ իրավունքն օտարալեզու դպրոցներին այլ անձանց, հիմա էլ այս մասին է խոսվում։ Մեր կառավարությունը, մեր պետությունը փաստացի այն գործառույթները, որոնք օրենքով իրեն վերապահված են, չի կարողանում իրականացնել։ Հենց այս օրինագծի ներկայացնելը վկայակոչում է այդ մասին։ Եթե դուք չեք կարողանում 120 օրվա ընթացքում տրամադրել, միեւնույն է, 30 օրը այսօրվա այս նախագծով, որ արդեն փոխվեց,  առաջարկներից մեկն ընդունվել է՝ 15 օրը 30 օր է դարձել, միեւնույն է, եթե չեք ցանկանում եւ չեք կարողանում, չեք կարողանալու տրամադրել։ Եվ եթե նայում ենք, թե ինչ է տեղի ունենում Երեւան քաղաքում, Ջերմուկում, Ծաղկաձորում, մենք կարող ենք ասել, որ այն տարածքները, կանաչ տարածքները, որոնք այս պահին ինչ-որ չափով փրկվել են կամ փրկման փուլում են գտնվում, դա միայն բնակիչների համառության հետեւանք եւ արդյունք է։ Եվ փաստացի կարող ենք ասել, որ այն օրենքները, որոնք պետք է գործեին եւ պաշտպանեին այդ տարածքներն ու մարդկանց իրավունքները, այսօր մեր պետությունը չի կարողանում լիարժեք ապահովել։ Հետեւաբար, եթե նույնիսկ այս օրենքը, որ բերում եք, որ պետք է 30 օրվա ընթացքում այդ փորձաքննությունը տրամադրվի, միեւնույն է, սա չի փոխվելու։ Մեր հույսը փաստացի մնում ենք մենք։

Մեր իրավունքների պաշտպանության համար մենք մենակ պետք է պայքարենք, եւ այս օրենքները, որոնք այսօր գոյություն ունեն, ուղղակի կարող են մի փոքր օժանդակել մեզ, բայց իրականում մեր երեխաներին լեզու սովորեցնելը մնում է ընտանիքի ուսերին, ինչպես ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, կամ Թուրքիայի Հանրապետությունում, որտեղ օրենքներով չեն կարգավորվում այս գործառույթները եւ օրենքի ուժով չեն պաշտպանվում այս իրավունքները, նույնն էլ հիմա այստեղ։ Եթե մեր շենքի դիմացի կանաչ տարածքը կտրտվում է եւ պետք է այդտեղ իրականացվի շինարարություն, այն բնակիչները, ովքեր համառ են գտնվում, դուրս են գալիս պայքարի բահով, քլունգներով եւ այլ գործիքներով, նրանք կարողանում են պահել այդ տարածքը, ովքեր դուրս չեն գալիս, նույնիսկ դեպքեր են լինում, որ այդպիսի պայքարի միջոցով չեն կարողանում պահել տարածքները։ Սա՛ է իրավիճակը։

Այնպես որ, նույնիսկ այս դեպքում էլ գործարար շրջանակին, ես չեմ կարծում, որ այս օրինագծով մենք օգտակար ենք լինելու, գործարար շրջանակը, եթե ցանկություն կա օգտակար լինել նրանց, ապա կառավարությունը պետք է ճիշտ իրականացնի, օրենքով սահմանված կարգով իրականացնի իր գործառույթները։

Ես նշել եմ, որ, ցավոք սրտի, 2008թ. հետո ասում էի, որ ՀՀ Նախագահն ընտրվացված Նախագահ է, որովհետեւ ես ինքս եմ ականատես եղել, թե ինչպես էին ընտրատեղամասերում կեղծիքները տեղի ունենում, ինչպես էին այդ պարկերը գալիս, մեր գործընկերներից մեկը եկավ եւ տարավ։ Իսկ հիմա այս հայ-թուրքական արձանագրություններից հետո ես ասում եմ, որ, ցավոք սրտի, ՀՀ Նախագահ չունի։ Եթե մենք ունենայինք Նախագահ (աղմուկ դահլիճում), ես կարծում եմ, այդ արձանագրությունները չէին ստորագրվի, եթե մենք ունենայինք իրապես գործադիր իշխանություն, ապա այս օրինագիծը, որտեղ ցույց է տրվում անկարողությունը... Ինչո՞ւ եք վատ զգում, դա իմ կարծիքն է, դուք կարող եք չկիսել այդ կարծիքը։ Դուք ունեք ձեր կարծիքը, ես ձեր կարծիքը կարող եմ կիսել կամ չկիսել, բայց նման ձեւով խնդրում եմ մի պատասխանեք, քանի որ դա իմ կարծիքն է եւ իմ սահմանադրական իրավունքն է արտահայտել այդ կարծիքը։

Այո՛։ Այս ամբիոնը նրա համար է, որպեսզի ես իմ կարծիքը, նաեւ որպես քաղաքական ամբիոն, այստեղ հնչեցնեմ։ Չափը դուք չպետք է որոշեք, չափի վերաբերյալ որոշումները կարող եմ կայացնել ես եւ այն քաղաքական ուժը, որին ես ներկայացնում եմ։

Եվ շատ հաճախ այստեղ հնչել են կարծիքներ,  որ պետք չէ հարցը քաղաքականացնել։

Հարգելիներս, մենք դատարանում չենք գտնվում եւ դատական վիճաբանությունների փուլում չենք, եւ մրցակցային դատավարության ընթացակարգի մեջ չենք, որ ներկայացնենք մեր կողմի դիրքորոշումը։ Սա քաղաքական մարմին է եւ քաղաքական ամբիոն է, եւ քաղաքական հայացքները մեր պետք է ներկայացնենք, մեր դիրքորոշումները եւ մեր ծրագրերից բխող կարծիքները պետք է արտահայտենք, իհարկե։ Եվ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ պետք չէ քաղաքականացնել, ես կարծում եմ, նրանք են սխալվում, եւ հենց քաղաքական մարմնի ամբիոնից պետք է հնչեցվեն քաղաքական կարծիքներ։ Այնպես որ, եթե դուք ունեք Նախագահ, դա, իհարկե, ձեր գործն է, բայց ես, կարծում եմ, որ ՀՀ-ն չունի Նախագահ, եւ կառավարությունը բերելով այս օրինագիծը՝ եւս մեկ անգամ փաստում է, որ չի կարողանում իրականացնել իրեն վերապահված գործառույթները։ Ցավոք սրտի, սա միանշանակ վկայում է, որ մենք չունենք նաեւ կառավարություն։ Այսքանը։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Ամանորի շեմին կոչ եմ անում կոռեկտության բոլոր իմ գործընկերներին։ Ամբողջ տարին հնարավորություն ենք ունեցել հայտարարությունների ժամին ձեր դիրքորոշումները ներկայացնել ՀՀ ժողովրդին, իմ կարծիքով, Ամանորի այս շեմին հարկավոր չի քաղաքական ելույթներ ունենալ։

Խաչիկ Հարությունյան, համեցեք։

Պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ, կազմակերպելու ենք քվեարկություն։

Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իսկապես կարծում եմ, որ այս նախագիծը պետք չէր ավելորդ անգամ քաղաքականացնել, որովհետեւ այն ընդհանրապես կապ չունի ասածների հետ, բայց, ինչեւէ, ես անդրադառնամ այն մտահոգություններին, որ կային, հնչեցին այստեղ։

Իսկապես մենք այսօր, եթե ասենք խնդիրներ չունենք եւ՛ բնապահպանության ոլորտում, եւ՛ քաղաքաշինության ոլորտում, ճիշտ չի լինի։  Մենք այնտեղ   խնդիրներ ունենք, բայց այս նախագիծը չէ, որ լուծելու է այդ խնդիրները։ Դրա համար պետք էր երեւի թե ավելի կոնկրետ խոսել նախագծի մասին։

Հիմա ես անդրադառնամ մեկ-երկու խոսքով։ Ուրեմն, 15-օրյա ժամկետը փոխվել է 30-օրյա։ Սա լա՞վ է, թե՞ վատ է։ Իհարկե, լավ է։ Լավ է այն առումով, որ պաշտոնյաները, հասարակությունը հնարավորություն կունենան այդ մեկ ամսվա ընթացքում կարողանան ուսումնասիրել փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել հանրային լսումներ։ Այն եկավ փոխարինելու 120 եւ 18 օրերին։ Հիմա մենք, ինձ թվում է, մի ծայրահեղությունից մյուսը պետք է ընկնենք։ Մի կողմում կոռուպցիան է, երկրորդ կողմում ես չեմ կարծում, որ այս օրինագիծը խիստ բնապահպանական խնդիր է լուծում։ Դա մենք պետք է փորձենք լուծել այլ օրենքների շրջանակներում։ Հիմա սրանով մենք բավականին լուրջ քայլ ենք անում, որպեսզի բարելավվի գործարար միջավայրը եւ իսկապես մարդկանց, քաղաքացիներին, մեր գործարարներին զերծ պահենք հնարավորինս բյուրոկրատական քաշքշուկներից։ Սա շատ կարեւոր բան է։

Այստեղ կա երկու խնդիր։ Առաջինը, որը վերաբերում է պատասխանատվության ինստիտուտին։ Հիմա պատասխանատվության ինստիտուտն իսկապես, այսպես, ընդհանրական է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14-րդ հոդվածում։ Ես կարծում եմ, ԱԺ-ում հիմա, այսօր շրջանառության մեջ գտնվող Վարչական օրինախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր տարբերակի մեջ մենք պետք է նախատեսենք համապատասխան դրույթներ, որտեղ պաշտոնատար անձինք կոնկրետ պատասխանատվություն կկրեն իրենց գործառույթների կատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։

Հաջորդ կարեւոր հարցը, որը վերաբերում է եզրակացություն չտալուն, որի դեպքում համարվում է այն դրական, այստեղ եւս որոշակի կարգավորման խնդիր ունենք։ Այսինքն՝ փաստաթուղթը գոյություն չունի, երբ նա համարվում է դրական։ Եթե այդ փաստաթուղթը գոյություն չունի, ինչպե՞ս նա պետք է համարվի դրական կամ բացասական։ Մենք, կարծում եմ, պետք է անդրադառնանք նաեւ «Վարչարարական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն նաեւ այս առումով իրավիճակը բարելավելու համար։

Ես կարծում եմ, օրինագիծը շատ կարեւոր է եւ այն պետք է ընդունել։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-«Ժառանգություն» խմբակցության պատգամավորական խմբի անունից ձայն է խնդրել Զարուհի Փոստանջյանը։

Պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ, կազմակերպելու ենք քվեարկություն։

Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այն անձինք, ովքեր չեն ցանկանում լսել, կարող են, իհարկե, չլսել, բայց Ամանորի, այո՛, նախաշեմին, Ամանորը վերաբերում է մեր բոլոր հայրենակիցներին, ՀՀ քաղաքացիներին։ Ես կարծում եմ, ձեզնից շատերին Ամանորի նախօրյակին ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց սոցիալական խնդիրների կապակցությամբ, եւ շատ տխուր է Ամանորին խոսել այդ խնդիրներից։ Բայց միանշանակ է, որ մենք Ամանորը դիմավորելու ենք ետնահանջով։ Ետնահանջը, դա այն օրենքներն էին, այն հիմնական խնդիրներն էին, որ հատուկ ընթացակարգով ընդունվեցին օրենքները։

Ես կարծում եմ, անկախ նրանից, այս օրինագիծն ինչպես այսօր կքվեարկվի, համենայնդեպս այս օրինագծով, միեւնույն է, կառավարությունը չի կարողանալու իրականացնել իր գործառույթները, չի կարողանալու ապահովել շրջակա միջավայրի փորձաքննությունը լիարժեք ձեւով, օգտակար չի լինելու գործարար շրջանակի ներկայացուցիչներին, եւ մի պայման է մնում, որ մեր ժողովուրդը հույսը պետք է դնի իր վրա, իր ուժերի վրա եւ շարունակի պայքարել։

Ցավում եմ, բայց եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մեր կառավարությունը հնարավորություն չունի, ի վիճակի չէ իրականացնել լիարժեք իր գործառույթները։ Իրավիճակը  խոսում եւ փաստում է հենց այդ մասին։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Ամփոփիչ ելույթի անհրաժեշտություն կա՞, պրն Հարությունյան։ Համեցեք։ Արամ Հարությունյան։

Պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ, կազմակերպելու ենք քվեարկություն։ Բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ուզում եմ հարգելի պատգամավորներին տեղեկացնել, որ իսկապես սույն օրենսդրական փոփոխությունը վերաբերում է քաղաքաշինության ոլորիտին եւ, ինչպես գիտեք, առնվազն երկու ընթացակարգ նույնպես անցնում է փորձաքննության տեսանկյունից։

Առաջինը, դա «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր հատակագծերի շրջանում է անցնում, եւ 2-րդը՝ գոտիավորման նախագծերը նույնպես բնապահպանական փորձաքննություն է անցնում։ Այսինքն՝ երկու փուլ իրականացվում է, եւ այստեղ իսկապես գործարար միջավայրի տեսանկյունից անհրաժեշտություն կա, այն էլ մինչեւ 1500 քմ ընդհանրապես կառուցապատումը փորձաքննության ենթակա չի մի պարզ պատճառով, որ այս ընթացակարգերով արդեն իսկ այս խնդիրները կարգավորվում են։ Մենք հնարավորինս առաջարկություններն ընդունել էինք, որպեսզի այստեղ այս խնդիրները կարգավորեն։

Ինչ վերաբերում է պատասխանատվության եւ ակտի ընդունմանը, ես ուզում եմ ուղղակի պայմանական մենք մտածենք, որ եւ՛ վարչարարության օրենքում փոփոխություն իրականացվի, եւ՛ այստեղից հանվի, եւ՛ այդ ակտը համարվի բացասական։ Այդ ժամանակ նաեւ կլինեն այնպիսի պատգամավորներ, որ կբարձրանան այս ամբիոնը եւ ճիշտ հակառակը, կսկսեն մեզ քարկոծելը, որ մենք արդեն իսկ գործարարների իրավունքները, մարդկանց իրավունքները չենք պաշտպանում։ Այդ իսկ պատճառով, այս օրենքների համադրությունն այնպես է դրված, որ նաեւ մենք՝ որպես պետական պաշտոնյա մարդիկ, անձինք, նաեւ պատասխանատվություն կրենք մեր կատարած կամ մեր պարտականություններն իրականացնելու համար։

Մինչեւ այսօր չի եղել որեւիցե մի դեպք, նույնիսկ 120-օրյա պայմաններում, 180, չի եղել այդպիսի դեպք, որ որեւիցե եզրակացություն չտրվի եւ այդ ակտը համարվի տրված։

Ձեզ ասեմ, որ այստեղ եւս մեկ թյուրիմացություն կա, որ մենք հաշվի ենք առնում, որ ինչ-որ պակաս թղթերի եւ այլն։ Խոսքը գնում է փաթեթի, երբ փաթեթն ամբողջական է, այդ ժամանակ նոր սկսվում է փորձաքննական պրոցեսը։ Բնականաբար, եթե մեկը մեզ կներկայացնի պակաս փաստաթուղթ, նա ուղղակի հետ է վերադարձվում եւ չի ընդունվում վարույթ։ Այսքանը։

Ես վերջում շնորհակալություն հայտնեմ քննարկման համար։ Ուղղակի կցանկանայի, որ այս խնդիրը մասնագիտական դաշտում դիտարկվեր եւ ոչ թե քաղաքական, այսպես, կոնտեկստում քննարկվեր։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի գործընկերներ, կազմակերպում ենք երեք հարցի քվեարկություններ։

Քվեարկության է դրվում  կառավարության ներկայացրած «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 1-ին հարց: Քվեարկություն։

Կողմ՝ 73
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 23-րդ հարց։ Քվեարկություն։

Կողմ՝ 72
Դեմ՝ 4
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ  եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 13-րդ հարց։ Քվեարկություն։

Քվեարկությունը չի կայացել։

Հարգելի գործընկերներ, արտահերթ նստաշրջանն ավարտվեց։

Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, մեր ժողովրդի գալիք Ամանորը, Սուրբ Ծնունդը եւ ցանկանալ նորանոր հաջողություններ։

Մենք արդյունավետ աշխատեցինք, ցտեսություն բոլորիդ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS