National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.04.2003

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

10 ապրիլի 2003

Ժամը 1200
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ գրանցման։

Բոլորիս անունից ջերմորեն շնորհավորում եմ Վարազդատ Զատիկյանին ծննդյան օրվա կապակցությամբ, բարեմաղթում երջանկություն, առողջություն եւ բազում հաջողություններ։

Նստեք, խնդրեմ, հարգելի պատգամավորներ, զբաղեցրեք ձեր տեղերը։

Խնդրում եմ ստուգել համակարգի աշխատանքը։ Ստուգում։

Նստեք, խնդրեմ, հարգելի պատգամավորներ։ Խնդրում եմ նախապատրաստվել գրանցման։ Յուրաքանչյուրը գրանցվում է սոսկ իր փոխարեն։ Գրանցում։

Քվորումը՝ 66, գրանցվել են 83 պատգամավորներ։ Սկսում ենք մեր աշխատանքը։

Հարգելի պատգամավորներ, ինչպես գիտեք ՀՀ Նախագահի հրամանագրով Կառավարության նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 10-ին, ժամը 12-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան։

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը մենք պետք է անդրադառնանք Կառավարության կողմից ներկայացված 3 որոշման նախագծերին։

1-ին նախագիծը վերաբերում է ապրիլի 10-ին ԱԺ նստաշրջանի անցկացման ընթացակարգին։ Առաջարկվում է 1-ին օրը գումարել 1,5 ժամ տեւողությամբ 3 նիստ։

2-րդ նախագիծը վերաբերում է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։

Առաջարկվում է դրանց 2-րդ ընթերցումը կազմակերպել 1-ին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։

3-րդ նախագծով առաջարկվում է այդ նախագծերի քննարկումն անցկացնել երկու ընթերցմամբ։

Քվեարկության է դրվում «ՀՀ ԱԺ 2003թ. ապրիլի 10-ին արտահերթ նստաշրջանի գումարման ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։

Որոշումն ընդունվում է 44 ձայնով։

Կողմ՝ 76
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում «Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հատուկ կարգի մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։

Որոշումն ընդունվում է 44 ձայնով։

Կողմ՝ 73
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում «Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հատուկ կարգի մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։

Որոշումն ընդունվում է 44 ձայնով։

Կողմ՝ 74
Դեմ՝ 2
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունված է։

Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ չբացակայել դահլիճից։ Մենք հիմա շատ արագ կանցնենք մեր կիսատ թողած հարցը, որից հետո քվեարկություն կլինի։ Խնդրում եմ չբացակայել։

Ինչպես գիտեք, կիսատ էր մնացել ՀՀ Նախագահի կողմից ԱԺ ներկայացված վավերացման «2003թ. մարտի 14-ին, Վաշինգտոնում ստորագրված ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկային համաձայնագիրը՝ կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկ»։ Համաձայնագիրը ներկայացնելու համար ձայնը տրվում է Նախագահի լիազոր ներկայացուցիչ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանին։ Խնդրեմ։

Մեր հարցերը մենք քննարկելու ենք ըստ օրակարգի հերթականության։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ՀՀ Նախագահի կողմից ԱԺ վավերացմանն է ներկայացված «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկ վարկային համաձայնագիրը»։ Կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկը Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանը տրամադրվող բյուջի աջակցության վարկ է։ Վարկային համաձայնագիրն արժանացել է ս.թ. մարտի 13-ին Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդի հավանությանը, եւ ստորագրվել է մարտի 14-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացման ընթացակարգերն ավարտելուց հետո։ Վարկի ընդհանուր ծավալը կազմում է 30,2 մլն փոխառության հատուկ իրավունքներ՝ էսդիար, որը համարժեք է 40 մլն ԱՄն դոլարի։ Այն տրամադրվելու է 2 հավասար մասնաբաժիններով։ Վարկը տրամադրվում է 40 տարի ժամկետով, տարեկան սպասարկման վճարը կազմում է 0,75%։ Սպասարկման վճարը պետք է կատարվի յուրաքանչյուր տարվա կիսամյակային 2 կտրվածքով՝ 1-ինը՝ մայիսի 1-ին, 2-րդը՝ նոյեմբերի 1-ին։ Վարկի 1-ին մարումը կկատարվի 2013թ. եւ վարկի մարումը կավարտվի 2040թ.։ Մարումը կատարվելու է կիսամյակային մասնավճարներով՝ կրկին մայիսի 1-ին եւ նոյեմբերի 1-ին։ Մինչեւ 2022թ. նոյեմբերի 1-ը մասնավճարների գումարը յուրաքանչյուր անգամ կազմելու է հիմնական գումարի 1 %-ը, իսկ դրանից հետո՝ գումարի 2 %-ը։

Կառուցվածքային բարեփոխումնրի ծրագրով շեշտը դրվում է մասնավոր հատվածի զարգացմանը, կառավարման ոլորտի բարեփոխումներին եւ սոցիալական ոլորտի բարեփոխումներին։ Այս վարկի գումարը տրված չէ որեւէ կոնկրետ ծախսային ուղղություն ֆինանսավորելու համար, ես նորից, եւս մեկ անգամ ուզում եմ շեշտադրել, այլ բյուջեի աջակցության ընդհանուր վարկ է։

Խնդրում եմ համաձայնագիրը վավերացնել։ Եթե հարցեր կան համաձայնագրի հետ կապված, պատրաստ եմ դրանք պարզաբանել։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Հրանուշ Հակոբյան, 4-րդ խոսափող։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Պրն Խաչատրյան, արդյո՞ք, վարկից որոշակի տոկոս նախատեսվում է նպատակաուղղել ճանապարհների շինարարությանը, որովհետեւ եթե հանրապետական կարգի ճանապարհների շինարարության հարցը, կարծես թե, լուծված է, ապա միջգյուղական եւ մարզկենտրոնների խնդիրը շատ ծանր վիճակում է, եւ ճանապարհների հարցը, կարծում եմ, պետք է դառնա առաջնային՝ ցանկացած վարկի կամ ցանկացած ֆինանսական հոսքի պատճառով։ Շնորհակալ եմ։

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Հակոբյան։ Ես արդեն նշեցի, որ վարկը բյուջեին աջակցության վարկ է, երկու բաժիններն էլ նախատեսված են 2003թ. պետական բյուջեում, եւ արդեն, երբ «Բյուջեի մասին» օրենքը ներկայացվում էր ԱԺ քննարկմանը, այնտեղ ներառված են նաեւ բոլոր այն ծախսային ուղղությունները, որոնք ֆինանսավորվելու են նաեւ վարկային միջոցների հաշվին։ Այսինքն՝ ձեր տված հարցի պատասխանն այն է, որ այդ ճանապարհները ֆինանսավորվելու են այնքանով, որքանով դրանք նախատեսված են 2003թ. պետական բյուջեում։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Նստեք, խնդրեմ։

Ամբիոնի մոտ է հրավիրվում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ռուստամյանը՝ գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացնելու համար։

Ա.ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, մեր հանձնաժողովը նույնպես անդրադարձել է վարկային այս համաձայնագրի քննարկմանը, եւ մենք ձեզ ներկայացնում ենք մեր հանձնաժողովի տեսակետը։

Ինչպես նշվեց, համաձայնագիրը, որ ստորագրվել է մարտի 14-ին, Վաշինգտոնում, ուղղված է մեր բյուջեն համալրելու եւ օգտակար լինելու այն ծրագրերին, որ բյուջեով նախատեսել ենք այս տարվա կատարման համար։ Մեր հանձնաժողովը ելնելով նաեւ այն տրամաբանությունից, որով մենք բյուջեն ենք հաստատել եւ քննարկել, գտնում է, որ այդ վարկերը պետք է 1-ին հերթին, իհարկե, սոցիալական ուղղվածություն ունենան, որովհետեւ մենք արդեն այդպիսի կուրս վերցրել ենք այս տարվա ընթացքում, եւ բավականին մեծածավալ վարկ է, որ տրամադրվում է երկրին։ Ճիշտ կլինի, որ այդ վարկերն, իսկապես, ծառայեն հենց այդ նպատակների համար նաեւ։ Կարծում եմ, վարկային համաձայնագիրն իր բովանդակությամբ հնարավորություն ստեղծում է եւ ճիշտ կլինի, որ Կառավարությունն այս հարցին նույնպես իր անդրադարձն ունենա։

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրով ՀՀ-ն ստանձնում է անմիջական ֆինանսական պարտավորություններ՝ կապված համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.04 բաժնի«ա» կետի համաձայն, վարկի հիմնագումարի դիմաց Միջազգային զարգացման ընկերակցությանը պարտագումար վճարելու նույն հոդվածի 2.05 բաժնի համաձայն, վարկի հիմնագումարի առհանումների եւ մնացորդային գումարների դիմաց սպասարկման վարձ վճարելու եւ մնացած բոլոր այն դեպքերում, որոնք նախատեսվում են վարկի մարման խնդիրներին։

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրի դրույթները չեն հակասում գործող օրենսդրությանը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հայկական կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Միջազգային զարգացման ընկերակցությանը ծանուցելուց հետո միայն։

Ելնելով այս մատնանշումներից՝ մեր հանձնաժողովը գտնում է, որ, իսկապես, այս համաձայնագիրն անհրաժեշտ է վավերացնել եւ իր դրական տեսակետն է ներկայացնում ձեզ՝ ԱԺ-ին առաջարկելով համաձայնագիրը վավերացնել։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Հարցեր չկան։ Նստեք, խնդրեմ։

Ամբիոնի մոտ է հրավիրվում ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ հանձնաժողովի տեսակետը ներկայացնելու համար։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկի համաձայնագիրը։ Վարկային ծրագիրը 40 միլիոնանոց վարկ է նախատեսում ՀՀ-ին։ Այդ վարկային ծրագիրը մենք արդեն մեկ անգամ, ըստ էության, հաստատել ենք այս դահլիճում, երբ այս տարվա բյուջեն էինք քննարկում, որովհետեւ այդ վարկն արդեն իսկ մտած է մեր այս տարվա բյուջեում, եւ նախատեսում ենք այդ վարկի ստացումը 2 տրանշով՝ գարնանը եւ աշնանը։ Վարկային ծրագիրն ընդգծված արտոնյալ է՝ 0,75% սպասարկման վճարով, եւ 1-ին 10 տարում արտոնյալ որեւէ տոկոս չի մուծվելու։ Դրանից հետո ընթացող 10 տարիների ընթացքում 2 տրանշով՝ տարեկան 2 անգամ՝ 1-ական տոկոս, իսկ մնացած 20 տարվա ընթացքում՝ եւս 2 անգամ՝ տարեկան 2-ական տոկոս։

Ըստ էության, այս վարկային ծրագրի ծախսման ուղղությունները համահունչ են այս տարվա բյուջեում նախատեսված ուղղություններին, եւ ինչպես զեկուցեցին մեզ մեր հանձնաժողովի ժամանակ, հիմնական ու մյուս հարակից զեկուցողն՝ այս դահլիճում, ես եւս ուզում եմ շեշտել, որ այս տարվա, հատկապես, սոցիալական ուղղվածության նկատմամբ մեր բյուջեում ավելացումները, մասնավորապես, պայմանավորված է նաեւ այն հնարավորություններով, որով մենք ունեցել ենք՝ համաձայնելով այս վարկային ծրագրին։

Ըստ էության, մեր հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել է Աժ-ին հավանություն տալ այս համաձայնագրի վավերացմանը։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Մարտին Հովհաննիսյան, 4-րդ խոսափող։

Մ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պրն Մինասյան, ես ուղղակի ուզում եմ ճշտում մտցնել։ Դուք ասացիք, որ տարեկան 0,75 %-ով է վարկի սպասարկման տոկոսը, եւ ասում եք, որ 1-ին 10 տարում մենք տոկոս, ընդհանրապես, չենք վճարելու։ Այսինքն՝ 40 տարվա տոկոս չենք վճարելու, ինչ-որ այլ, այսինքն՝ որոշակի գրես պիրիուդ ունենք։ Խնդրում եմ ճշտել։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Տարեկան 0,75 %-ը վարկի սպասարկման վճարն է, իսկ արտոնյալը տոկոսի մարման հետ է կապված, եւ տոկոսի մարումը սկսելու է արտոնյալ ժամկետից, այն է՝ 10 տարի հետո, արտոնյալ ժամկետի ավարտից, իսկ այդ ամբողջ ընթացքում մենք սպասարկման վարձ, իհարկե՛, վճարելու ենք։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Նստեք, խնդրեմ։ Անցնում ենք մտքերի փոխանակությանը։ Ելույթների համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ։ Մեծարգո պատգամավորներ, բոլորիդ հրավիրում ենք դահլիճ։

Ելույթներ չկան։

Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք, պրն Մինասյան։ Ո՛չ։

Դո՞ւք, պրն Ռուստամյան։ Ո՛չ։ Պրն Խաչատրյա՞ն։ Ո՛չ։

Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Խնդրում եմ արագացրե՛ք, հարգելի պատգամավորներ, զբաղեցրեք ձեր տեղերը։

Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ քվեարկության։

Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ, արագացրե՛ք, խնդրեմ։

Բոլոր պատգամավորներին խնդրում եմ նախապատրաստվել քվեարկության։

Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ, արագացրե՛ք, խնդրեմ։

Քվեարկության է դրվում ՀՀ կողմից ԱԺ ներկայացված «2003թ մարտի 14--ին, Վաշինգտոնում ստորագրված ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկային համաձայնագիրը՝ կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկ, վավերացնելու մասին» հարցը։ Քվեարկություն։

Որոշումն ընդունվում է 46 ձայնով։

Կողմ՝ 78
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունված է։

Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք մեր աշխատանքը։

Այժմ անցնենք ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։

Հարցի հիմնական զեկուցող է Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը։ Խնդրեմ, համեցե՛ք, ներկայացրեք հարցը։

Ի.ԶԱՔԱՐՅԱՆ

-ՀՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։

Նախագծի հիմնական խնդիրը, փոփոխության, վերաբերում է օրենքի 4-րդ հոդվածին, առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ, որ պետությունը նպաստում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, այնուհետեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է պետական տարեկան ծրագրերի միջոցով, եւ տարեկան ծրագիրը Կառավարությունն ԱԺ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն ամբողջապես արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում։ Բնականաբար, այս փոփոխությունից հետո կամ նման կերպ շարադրելուց հետո առաջարկվում է նաեւ 7-րդ հոդվածի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել։ Հարցի էությունն, ընդամենը, սա է, պրն նախագահ։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Հարցեր չկան։ Նստեք, խնդրեմ։

Ելույթների համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Ելույթներ չկան։

Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք։ Ո՛չ։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Այժմ անցնենք Կառավարության կողմից ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» հարցի քննարկմանը։

Այս հարցը քննարկելիս հիմնական զեկուցող է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Համեցեք՛, խնդրեմ։

Մ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագիծը բաժանված է, եւ ուզում եմ, ուղղակի, իմ գործընկերներին տեղեկացնել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումից հետո օրենքի կենսագործման եւ համակարգի ներդրման ու կայացման ընթացքում, բնականաբար, կյանքը վեր է հանում խնդիրներ, որոնք պահանջում են ավելի մտածված, ավելի խորքային եւ արագ արձագանքում։ Համակարգի կայացումը, ներդրումն ընթացքի մեջ է։ Հիմնական գործառույթները, որոնք այս օրենքով սահմանված կարգով պետք է իրագործվեն, մեր պետական կառավարման համակարգում այժմ ընթանում են։

Ուզում եմ նաեւ, օգտվելով առիթից, տեղեկացնել ԱԺ-ին, ԱԺ պատգամավորներին, որ այսօր առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները հիմնականում պայմանավորված են այն խնդիրների լուծումների կատարելագործման հետ, որոնք արդեն եւ՛ լուծման, եւ՛ կատարելագործման կարիք են զգում։ Ուստի, այս փոփոխություն եւ լրացումը հենց այդ հիմնավորվածությունն ունի, որը նպատակ ունի եւ խնդիր է հետապնդում կատարելագործել այն լուծումների առումով, որոնք եւ՛ ապահովում են այսօրվա խնդիրների լուծումը, եւ՛ նաեւ ճանապարհ են հարթում համակարգի կայացման, համակարգի կատարելագործման ընթացքում։

Ես ուզում եմ նաեւ տեղեկացնել ԱԺ-ին, եւ պրն նախագահ, ձեր ուշադրությունը հրավիրել, որ նախաձեռնողը, այսինքն՝ ՀՀ կառավարությունը մի շարք հոդվածների վերաբերյալ նաեւ... ուրեմն, խմբագրումը կամ ձեւակերպումը հիմա կառաջարկվի փոքր-ինչ այլ խմբագրությամբ, քան բաժանված է նախագծում։ Հատկապես, այդ առումով ես ուշադրություն եմ հրավիրում հետեւյալ հարցերի վրա.

Օրենքի նախագծի հոդված 2. Հոդված 9-ում, ուրեմն, առաջարկվում է ավելացնել 3-րդ կետ հետեւյալի մասին, տեքստը. «Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը»։

Նախագծի հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում 3-րդ կետ, 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետ. «Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե այն չի առաջացնում տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում։

Օրենքի նախագծի 5-րդ հոդված. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քաղաքացիական ծառայության ստաժը ներառվում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, համապատասխան մարմիններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ մինչեւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը աշխատած ողջ ժամանակաշրջանը»։

Օրենքի նախագծի 6-րդ հոդված. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 18. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը»։

Հոդված 18-ի 1-ին կետի «ա» ենթակետում ավելացնել՝ եւ երեխայի խնամքի կապակցությամբ։ Ուզում եմ ասել, որ աշխատանքային օրենսգրքով սահմանված է հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ։ Այստեղ մենք առաջարկում ենք նույնպես միասնականացնել, նույնացնել՝ եւ երեխայի խնամքի կապակցությամբ։

Օրենքի նախագծի 8-րդ հոդված. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը

1.Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ»։

Այստեղ նորամուծությունը նա է, որ սահմանավում է նաեւ երկարաժամկետ, այսպես ասենք, կադրերի ռեզերվ։ Դա վերաբերում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցած եւ հաղթած քաղաքացիներին, որոնք պաշտոնում չեն նշանակվել։ Ինչպես գիտեք, օրենքը թույլ է տալիս մրցույթում 1-ից ավելի մարդկանց հաղթելու հնարավորություն։

Օրենքի նախագծի 9-րդ հոդված. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1.Համապատասխան մարմնի վերակազմակերպումը եւ կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են հաստիքների կրճատմամբ։ Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին։

2.Համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետեւանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո մեկամսյա ժամկետում, համապատասխանաբար, վերակազմակերպված մարմնի փոփոխություն (անվանափոխություն) կրած կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները»։

Ահա, այս առաջարկություններն են, որոնք Կառավարությունն առաջարկում է ձեր ուշադրությանը, քննարկմանը, եւ ակնկալում ենք այս հարցում ԱԺ աջակցությունը քաղաքացիական ծառայության համակարգի կայացման ու ներդրման ճանապարհին՝ այսօր հրատապ դարձած այս հարցերի լուծումները տալու իմաստով։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պրն Բադալյանին հարցեր տալու համար խնդրում եմ հերթագրվել։ հերթագրում։

Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Հրանուշ Հակոբյան, 4-րդ խոսափող։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Պրն Բադալյան, իհարկե, շատ ճիշտ է, որ անընդհատ պետք է փոփոխվի այս օրենքը, մինչեւ... Չի լսվո՞ւմ։

Փոփոխությունները, ճիշտ է, կյանքի հետ համահունչ պետք է գնա, որովհետեւ նոր համակարգ է եւ անընդհատ, ինչքան արագ փոփոխվի, այնքան կհամապատասխանեցվի կյանքին։

Այստեղ 9-րդ եւ ձեր հոդված 2-ը եւ հոդված 3-ը... Քանի որ դուք հիմնական աշխատակազմերի ղեկավարներին նշանակել եք, չեք գտնո՞ւմ, որ Քաղաքացիական ծառայության խորհուրդը չէ, որ պետք է հաստատի անձնագրերը։ Ավելի ճիշտ է դա լիազորել, օրենքով, աշխատակազմերի ղեկավարներին, որովհետեւ յուրաքանչյուր գերատեսչություն, յուրաքանչյուր կառավարման մարմին ունի իր յուրահատկությունները, եւ դա բերել քաղաքացիական ծառայություն, ամեն մի անձնագրի, այսպես, բուն էությունը հաստատել, երեւի, այդքան էլ ճիշտ չի լինի։ Գուցե, մենք օրենքով կամ ձեզ, չգիտեմ, համապատասխան իրավական ակտով երաշխավորեք որոշակի սկզբունքներ, որից հետո նրանք փորձեն լրացնել այդ անձնագիրը կազմելիս։

Եվ 2-րդ հարցը, որ առաջանում է։ Չգիտեմ, գործող օրենքում, կարծեմ, կարճաժամկետ ռեզերվը համարել էիք 6 ամիսը, այստեղ, թվում է, մեկ տարին, բայց լավ չի երեւում։ Ես ուզում եմ հասկանալ, «կարճաժամկետ ռեզերվ» ասածն օրենքում չե՞ք գտնում, որ պետք է ուղղակի առանձին սահմանում տալ՝ կարճաժամկետ ռեզերվ ասելով հասկանում ենք այսպես, երկարաժամկետ՝ այսպես, հետո նոր այդ տերմինոլոգիան օգտագործե՞լ, որովհետեւ, գուցե, սրանք փոփոխություններն են, այդպես չի համադրվում, ամբողջ հոդվածը չի երեւում, դրանի՞ց է տպավորությունը, բայց, կարծում եմ, կարելի է կամ սահմանումը տալ, կամ բացել, թեկուզ փոփոխությունների մեջ եւս մեկ անգամ շեշտել։ Շնորհակալություն։

Մ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Հակոբյան։ Ինչ վերաբերում է պաշտոնի անձնագրերին, ես կարծում եմ, այստեղ անվանացանկի եւ անձնագրերի հետ կապված, կարծեք թե, ուղղակի հարց առաջացավ։ Քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրերը հաստատում են օրենքով սահմանված համապատասխան մարմինների ղեկավարները։ Ինչ վերաբերում է աձնագրերին, այո՛, դուք ճիշտ եք, հաստատում են իրենք։ Պաշտոնների անվանացանկը, այո՛, հաստատում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը։ Դա քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված, այս պահին, գոնե, մոտավորապես, 7,5 հազար քաղաքացիական ծառայողների պաշտոնների մասին է խոսքը, որն իրենից ներկայացնում է այդ պաշտոնների անվանումները, կոդերը, այդ պաշտոնների խումբը եւ ենթախումբը, իսկ անձնագրերի առումով, այո՛, անձնագրերը հաստատում են համապատասխան մարմինների ղեկավարները։

2-րդ հարցը՝ կապված ռեզերվի հետ։ Ուրեմն, կարճաժամկետ ռեզերվն անվանվում է մեր նախագծով այն ռեզերվը, որն, այսպես թե այնպես, ունեինք սահմանված, եւ ռեզերվի մի տեսակ էր սահմանված հիմա։ Դա հենց կարճաժամկետ ռեզերվն է, եւ դա այն ռեզերվն է, որը համալրում են քաղաքացիական ծառայողները՝ հաստիքների կրճատման կամ մարմինների լուծարման դեպքերում, երբ տեղափոխվում են ռեզերվ եւ, երբ ռեզերվում մինչեւ 6 ամիս գտնվելով, ստանում են իրենց վերջին պաշտոնում վերջին աշխատավարձին համարժեք գումար։ Այստեղ ի՞նչ նորամուծություն է առաջարկվում։ Ես ուզում եմ նաեւ ձեզ հետ համաձայնել, որը, երեւի, հարցերը հիմնականում ծագեցին այդ պատճառով, որ գործող օրենքը... այո՛-այո՛, ես ձեզ հետ համաձայն եմ, դրա համար ուզում եմ ավելի մանրամասն հիմա ներկայացնել։

Նորամուծությունը հետեւյալն է՝ երկարաժամկետ ռեզերվ, արդեն ասացի մի քանի խոսքով, դա նաեւ իր խորքում հումանիստական, այսպես, մարդասիրական բնույթ ունի, կարծում ենք, որովհետեւ պաշտոնի անձնագրին բավարարող մարդիկ, այսպես ասած, ֆիլտրը հաղթահարած մարդիկ, ուղղակի, որպեսզի քաղաքացիական ծառայության համակարգում, ժամանակավորապես թափուր տեղեր առաջանալու դեպքերում, այդ բանակից համապատասխան մարմնի ղեկավարները կամ աշխատակազմի ղեկավարները, օրենքի սահմանմամբ պաշտոն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք հնարավորություն ունենան այդ մարդկանցով, ժամկետային աշխատանքային պայմանագրերով, համալրել բոլոր այն դեպքերում, երբ կարճաժամկետ ռեզերվում չի լինի համապատասխան պաշտոնյան։

Կարծում եմ... Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Նստեք, խնդրեմ։

Ելույթների համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Եույթներ չկան։

Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք։

Հարցի քննարկումն ավարտվեց։ Այժմ անցնենք Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկմանը։

Հարցը քննարկելիս հիմնական զեկուցողներ են Աշոտ Մարկոսյանը՝ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, Սուրեն Ավագյանը եւ Արտակ Գրիգորյանը։ Խնդրեմ, համեցե՛ք։

Ա.ՄԱՐԿՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացված օրենքի նախագիծը։ Բոլորովին վերջերս քննարկումների առարկա է եղել, սակայն առանձին օբյեկտների վերաբերյալ, նախկին նախագծի «բ» կետի վերաբերյալ, դրանք բժշկական օբյեկտներ էին, եղան լրացուցիչ առաջարկներ, ինչը, կապված դրանց նշանակության եւ հետագա պրոֆիլի հետ, Կառավարությունում լրացուցիչ քննարկման առարկա դարձվեց, եւ դրանք, պարզապես, ձեր ուշադրությանը ներկայացվող նախագծից հանվեցին։

Նախագծի համաձայն առաջարկվում է մասնավորեցնել որոշ շինարարական կազմակերպություններ։ Անցած անգամ այդ մասին ասվեց, որ Կառավարությունը որոշել է այս ոլորտն, իրոք, ազատականացնել մի պարզ պատճառաբանությամբ, որ շինարարության պատվերները տեղադրվում են մրցութային կարգով, եւ դա, ըստ էության, ձեռնարկության կազմակերպական իրավական վիճակը մեծ նշանակություն չունի։

Օրենքի նախագծի 2-րդ մասով ներկայացվում են որոշ բժշկական օբյեկտներ՝ դրանք պոլիկլինիկաներ են։ Ասեմ, որ մենք նախկինում նույնպես մասնավորեցրել ենք, ծրագրում ունեցել ենք պոլիկլինիկաներ։ Կա նաեւ Հրազդան քաղաքի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի մասնավորեցման մասին առաջարկ։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Հարցեր չկան։ Նստեք, խնդրեմ։

Աբիոնի մոտ է հրավիրվում սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Գրիգորյանը՝ գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացնելու համար։

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Ներկայացվող օրենքի նախագիծն այսօր առավոտյան քննարկվել է սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում։ Քննարկման արդյունքում հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ քվեարկության արդյունքում որոշեց դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը երաշխավորել ԱԺ ընդունմանը։ Օրենսդրական նախաձեռնությունը մեր հանձնաժողովը քննարկել է, հատկապես, առողջապահական օբյեկտների մասով։ Եղան տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումները, ընդհանուր առմամբ հանձնաժողովը կանգնեց այդ տարբերակին։

Պետք է ասեմ, որ հարցը բավականին երկար քննարկման ժամանակահատված է անցել։ Մի քանի անգամ այս օրենսդրական նախաձեռնությունն, այս մասով, էլի եղել է մեր օրակարգում, եղել են համապատասխան քննարկումներ։ Նախորդ նախաձեռնության համեմատ ցանկը կրճատվել է, հիվանդանոցները ցանկից դուրս են հանվել, առաջարկվում է միայն պոլիկլինիկական հիմնարկությունները եւ ստոմատոլոգիական պոլիկլինիկաները։ Հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունն՝ այս տեսքով օրենքի նախագիծն ընդունելու համար։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

3-րդ խոսափող։

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պրն Գրիգորյան, ես հարց ունեմ հ.19 եւ հ.11 պոլիկլինիկների հետ կապված։

Մինչ պատասխանը, նաեւ հարցն այլ ձեւով. ձեր կարծիքը, եթե Կառավարությունը ցանկանում է որեւիցե օբյեկտ անցկացնել, ձեռնարկություն, կարծեք թե, ավանդույթ է դարձել, որ այդ ցանկի հետ միասին բերում են Նորքի հոգեբուժարան, Հակաուռուցքային դիսպանսեր կամ աչքի կլինիկա, չէ՞, բազմաթիվ անգամ այդպիսի օրինակներ են եղել, կամ մանկական հիվանդանոց, ինձ հուշում են, իրենք էլ շատ լավ իմանալով, որ այդ ձեռնարկությունները սեփականաշնորհելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Բերում են, հետո մի տեսակ ոնց որ թե լավություն են անում մեզ, հաջորդ անգամ արդեն ներկայացնում են առանց այդ ձեռնարկությունների, բայց պարզվում է, որ ցանկի մեջ կան օբյեկտներ, որոնք պետք է անցնեն։ Եվ այս ձեւով, պարբերաբար, անց են կացվում այն ձեռնարկությունները, որում Կառավարությունը խիստ շահագրգռված է, եւ ցանկանում են այս ձեւով անցկացնել։ Մասնավորապես, այ, հիմա անցնեմ կոնկրետ այս ձեռնարկություններին։

Հ.19 պոլիկլինիկա։ Այդ պոլիկլինիկայից ինձ դիմել են մարդիկ, իրենց դժգոհությունն են հայտնել։ Այս պոլիկլինիկան, իմիջիայլոց, միացված պոլիկլինիկա է, սպասարկում է ամբողջ ՀԱԹ-ն, այսպես կոչված, Բանգլադեշ։ Մի հսկայական զանգված, մի քաղաք է Երեւան քաղաքում, եւ այսօր սա մասնավորեցվում է։ Դուք էլ ձեր հանձնաժողովում տվել եք դրական եզրակացություն։

Խնդրում եմ ձեր կարծիքը, համաձա՞յն եք իմ կարծիքի հետ՝ կապված Կառավարության քաղաքականության, եւ նաեւ մասնագիտական հիմնավորումը՝ ինչո՞վ է հիմնավորվում այս պոլիկլինիկայի մասնավորեցումը։ Նա, ի դեպ, ասեմ նաեւ, ասում են, որ 19-ի տնօրենը նշանակված է ԱԺ կողմից։

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն, ասեմ, պրն Հարությունյան, որ ես իրականում չեմ կիսում այդ տեսակետը, ինչ դուք ներկայացրեցիք, որովհետեւ, իմ կարծիքով, ես խորապես համոզված եմ, որ այն ներկայացված օբյեկտները, որոնք նախկինում միշտ եղել են ներկայացված, դրանց մասնավորեցման ցանկում ընդգրկելն, իմ գնահատմամբ, խիստ անհրաժեշտություն է։ Մենք՝ ես եւ դուք, ունեցել ենք մի քանի առանձնազրույցներ, որոնց ժամանակ ես փորձել եմ հիմնավորել իմ տեսակետները, չեմ ուզում դրանց անդրադառնալ։

Ըստ էության, խնդիրն այսպիսին է. մենք՝ ԱԺ-ն, նախորդ քննարկման ժամանակ ինչ-որ տեղ մեր կոշտ կեցվածքով ստիպեցինք Կառավարությանը, որպեսզի նա կրճատի այդ ցանկը։ Բայց ես անձամբ համոզված եմ, որ մատնանշված բոլոր բուժհաստատություններն ունեն սեփականաշնորհման ցանկում ընդգրկման կարիք, որովհետեւ դա համապատասխանում է մեր կողմից որդեգրված քաղաքականությանը, առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրին, եւ դա քայլ առ քայլ իրականացնում է այդ ծրագիրը։ Անձամբ իմ կարծիքով, նման կիսատ-պռատ, այսպես, սա հանենք, նա թողնենք, նա չգիտեմ ինչ անենք, մոտեցումն անձամբ ինձ համար ընդունելի չէ։ Ես ավելի ճիշտ կհամարեի, եթե Կառավարությունը կարողանար ավելի հիմնավորված տարբերակներով բերեր այս պահին օպտիմալացման ծրագրում ընդգրկված ամբողջ ցանկը եւ կարողանար հիմնավորելով դրանք անցկացներ։

Ինչ վերաբերում է, թե որ պոլիկլինկայում ով, ինչպես է նշանակվել, որքան ինձ հայտնի է, ԱԺ-ն նշանակման հարցերով չի զբաղվում։ Այնպես որ... Այս ընդհանուր նկատառումներից ելնելով, հանձնաժողովում, իհարկե, կային նաեւ դեմ կարծիքներ, կան նաեւ դեմ մոտեցումներ, սակայն ձայների մեծամասնությամբ հանձնաժողովը հարմար գտավ, որպեսզի ներկայացված ցանկն անցնի սեփականաշնորհման ծրագրի մեջ։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Նստեք, խնդրեմ։ Ձայնը տրվում է ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին։ Համեցե՛ք, խնդրեմ։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։

Ըստ էության, այս նախաձեռնությունը բավականին նման այն այն նախաձեռնությանը, որը նույն վերնագիրն էր կրում, եւ մենք քննարկել էինք նախորդ եռօրյա նիստերի ընթացքում։ Տարբերությունը կայանում է նրանում, որ այդ նախագծում ընդգրկված վիճահարույց 3 հիվանդանոցները հանված են այս նախագծից։ Թերեւս, դա էր հիմնական պատճառը, որ այս հարցի քննարկումը, քանի որ արդեն իսկ քննարկվել էր ԱԺ դահլիճում, եւ այնտեղ բացակայում էին 3 վիճահարույց հիվանդանոցները, շատ արագ անցավ մեր հանձնաժողովում։ Ըստ էության, մեր հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն այս նախագծին, եւ ես ներկայացնում եմ այդ եզրակացությունը՝ առաջարկելով քվեարկել այս նախագծին կողմ։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Խորեն Սարգսյան, 2-րդ խոսափող։

Խ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Նախագծի մեջ նշվում է, որ սեփականաշնորհումից, բնական է, եթե սեփականաշնորհում ես կամ վաճառում ես, դրանից գումար է գալիս եւ բյուջեի գումարն ավելանում է։ Այն, որ հետագայում նրանց աշխատատեղերով կամ ինչ-որ բանով ավելանալու է գումար, թույլ տվեք սրա հետ չհամաձայնվել։ Բերեք մեկ փաստ, որ սեփականաշնորհել եք, վաճառել եք եւ գումարները ինչ-որ տեղ ավելացել են, ընդհակառակը, աշխատատեղերը կրճատվում է մեզ մոտ։ Կամ, գուցե, մեկ օրենքի նախագիծ ցույց տաք, որ ձեր հանձնաժողով եկել է, եւ դա մերժել է Կառավարությունը, ղրկել է, դուք մերժել եք։ Ամեն մի օրենքի նախագիծն էլ ասում եք հանձնաժողովը գտավ, որ ճիշտ է, դրական է, պետք է անցկացնել։ Բերեք մի քիչ էլ մտածենք, էլի՛, մեր մասին, պետություն ենք։ Քիչ առաջ մենք քվեարկությամբ ընդունեցինք վարկ, որը պետք է մտնի բյուջե, բայց դրանից հետո դրա դիմաց ո՞վ է տալու, հետագայում ո՞ւմ բանից է դուրս գալու, սրա մասին չենք մտածում։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թռչունիչ, ձեր հարցի համար։ Ձեր ասած տողերը, բնականաբար, օրենքի նախագծում չկան եւ չեն կարող լինել, որովհետեւ այդպիսի բաներ օրենքի նախագծում չեն գրվում։

Ինչ վերաբերում է վարկին, ես առաջարկում եմ մի հատ թվաբանություն անել եւ հաշվել, թե ինչ կարժենա 40 տարի հետո այսօրվա մեկ դոլարը։ Ինձ թվում է, այդ թվաբանությունից հետո ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ելույթների համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Հերթագրվել են 3 պատգամավորներ։ Արթուր Բաղդասարյան, խնդրեմ։

Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես, նախ՝ ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ գոնե մեզ հաջողվեց մասնակի այս ցանկից դուրս հանել այնպիսի կարեւոր մի շարք առողջապահական հիմնարկություններ ու հաստատություններ, որոնք մեր առողջապահական համակարգի համար ունեին առանցքային նշանակություն։

Ես ուզում եմ ավելի ընդհանուր մի ելույթ ունենալ եւ հարցադրումներ անել, որոնց պատասխանը մենք ուզում ենք ստանալ։ Ընդհանրապես, պետական գույքի մասնավորեցման տրամաբանությունը ո՞րն է առողջապահության բնագավառում։ Ինչո՞վ է պայմանավորված, տարվա կտրվածքում, տարեկան ու պետական ծրագրում պետական գույքի մասնավորեցման 10-ից ավելի փոփոխությունները։ Եթե մենք հաստատել ենք ծրագիր, ծրագիրը պետք է ունենա ռազմավարություն, ծրագիրը պետք է ունենա տրամաբանություն, եւ այդ տրամաբանությամբ առաջնորդվելով մենք պետք է իրականացնենք պետական գույքի կառավարման, այդ թվում նաեւ՝ մասնավորեցման քաղաքականությունը ՀՀ-ում։

Հիմա ի՞նչ է ստացվում։ Մենք մտահոգված ենք, որ 4 անգամ խորհրդարանի կողմից մերժված օրենքի նախագիծն ԱԺ ընտրություններից, ընդամենը, մեկ ամիս առաջ անհիմն հետեւողականությամբ կամ էլ խիստ պատճառաբանված հետեւողականությամբ փորձ է արվում անպայման անցկացնել, ամեն գնով։ Լավ էր, որ մենք մեր քաղաքական այլ գործընկերների հետ միասին կարողացանք ժամանակին կանխել խոշոր առողջապահական հաստատությունների մասնավորեցումը եւս։ Այստեղ խոսվեց արդեն մանկական հիվանդանոց, աչքի հիվանդանոց, Ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտ։ Ուղղակի, մեզ համար, մեղմ ասած, անհասկանալի է այն հապճեպությունը, որով փորձ է արվում մասնավորեցնել առողջապահական հաստատությունները։ Հարց՝ ինչո՞ւ չկա հայեցակարգ առողջապահության բնագավառում պետական գույքի մասնավորեցման կապակությամբ, հարց՝ ի՞նչ է լինելու այդ հաստատություններում աշխատող կոլեկտիվների խնդիրը, հարց հ.3՝ ի՞նչ ներդրումային երաշխիքներ կան՝ կապված այս առողջապահական հաստատությունների հետ։

Ուրեմն, եթե պատգամավորն ամբիոնից հնչեցնում է մտահոգություն, որ ջրի գնով փորձ է արվում վաճառել առողջապահական հաստատություններն առանց հիմնավորումների, ապա այստեղ պետք է առաջանա տրամաբանական մի պատասխան, որ եթե 4 անգամ մերժված նախագծի շուրջ ԱԺ պատգամավորները հնչեցնում են լուրջ կասկածներ, դրա համար պետք է, ուղղակի, 2-3 էջանոց տեղեկանք բաժանել մարդկանց, որտեղ գրված է, որ այս առողջապահական հաստատությունների մասնավորեցումից հետո տեղի կունենա հետեւյալը. նախ՝ 1-ին, մարդկանց չեն շպրտի փողոց, որովհետեւ մենք գիտենք՝ ինչքան մարդկանց այդ մասնավորեցման արդյունքում, նաեւ վերջին տարիների սխալ քաղաքականության արդյունքում, երբ առանց ներդրումային ծրագրերի մասնավորեցնում էին ձեռնարկությունները, ժողովուրդը հայտնվում էր խաղից դուրս վիճակում։ Մենք առաջարկում ենք, ինձ թվում է, այստեղ ոչ մի ողջախոհ մարդ դեմ չի լինի այն մասնավորեցմանը, որը երաշխավորելու է ներդրումներ, որը երաշխավորելու է կայուն աշխատատեղեր, այլ ոչ թե այդ մասնավորեցման արդյունքում դա դառնալու է մի քանի գլխավոր բժիշկների կամ այլ մարդկանց անձնական սեփականությունը։ Մենք ասում ենք հստակ ներկայացրեք կոլեկտիվների ցանկությունը։ Ցանկություն ունե՞ն կոլեկտիվի անդամները, որովհետեւ խոսք է գնում կոլեկտիվի գնելու մասին։ Ցանկացած քննարկման ժամանակ խոսք չի գնում, որ դա առնում է ինչ-որ մի սուբյեկտ, խոսք է գնում, որ մասնավորեցվում է կոլեկտիվին։ Լա՛վ, մենք ողջունում ենք, բերե՛ք կոլեկտիվի համաձայնությունը, բերե՛ք ներդրումային հստակ ծրագիրը, բերե՛ք այն պայմանները, որով օտարվում է պետական գույքը, եւ հիմնավորել ԱԺ-ին, թե ինչ է լինելու այդ պետական գույքի մասնավորեցումից հետո։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը չկա։ Ցավոք, սրանք չեն վերաբերում միայն առողջապահական բնագավառին։

Հանրապետության նախադպրոցական հիմնարկների 30 %-ը հանրապետությունում վաճառվել է։ Ի՞նչ գներով է վաճառվել։ Այստեղ պետական գույքի նախարարությունը կապ չունի, այստեղ էլ համայնքները կապ ունեն։ Բայց, լա՛վ, պետական հսկողություն լիազոր պետական կառավարման մարմնի կողմից պե՞տք է իրականացվի, թե՝ ոչ։

Վերջին շրջանում երկրում նկատվում է ծննդաբերության աճ։ Դրական տենդենց է։ Հիմա, 5-6 տարի հետո որտեղի՞ց ենք շենքեր առնելու, տանք մանկապարտեզներին։ Եթե այսօր մենք վաճառում ենք մեծ փութաջանությամբ, մի քանի տարի հետո պետք է պետությունը շենք գնի, որտեղ նախադպրոցական հիմնարկ տեղավորի։

Հաջորդ խնդիրը. մենք միշտ դեմ ենք հանդես եկել մեր օրենքներում հաճախակի փոփոխություններին, այդ թվում՝ հարկային, մաքսային օրենքներում, այդ թվում նաեւ՝ պետական գույքի մասնավորեցման ծրագրին է վերաբերում։ Վերցրեք, խնդրեմ, ուսումնասիրեք 2002թ. քանի՞ անգամ է փոփոխության առաջարկով Կառավարությունը մտել խորհրդարան։ Եթե կա՛ կոնցեպցիա, կա՛ ծրագիր, կա՛ տրամաբանություն, ուրեմն, գոնե տարվա կտրվածքով պետք է փաթեթային փոփոխություններ իրականացնել, ոչ թե, ուրեմն, ելնելով առանձին խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ կամ այս պահին պետք է սա ծախել, բերել օրենքում փոփոխություն մտցնել, դա էլ վաճառել, գնա։

Եվ, ի վերջո, նաեւ մի կարեւոր խնդրի մասին եմ ուզում խոսել։ Դա վերաբերում է, ընդհանրապես, այս գործարքների համար պատասխանատվություն կրելու պարագային։ Ովքե՞ր են պատասխանատվություն կրում, ինչո՞ւ այսօր դահլիճում ներկա չեն, 4 քննարկման արդյունքում, Կառավարության այն ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են Հայաստանում առողջապահական գործի կազմակերպման համար։ Ինչո՞ւ չեն բացատրում պատգամավորներին, որ մարդիկ հասկանան, որ չէ, էս մարդիկ շատ լավ բան են անում, մենք էլ, դուրս է գալիս, դեմ ենք։ Մենք դեմ չենք, կողմ ենք, բերեք, հիմնավորեք մեզ։ Բայց երբ ոչ մի տեղեկանք չբաժանելով, ոչ մի հարցին հստակ կոնկրետ պատասխան չտալով մենք գաղտագողի քայլերով գնում ենք առաջ, դա դատապարտելի գործելաոճ է։

Եվ «Օրինաց երկիր» խմբակցությունն արդեն իր դիրքորոշումը արտահայտել է խնդրո առարկայի առնչությամբ, մենք, ուղղակի, չենք մասնակցում այս օրենքի քվեարկությանը, որովհետեւ մենք չունենք մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Անկեղծ ձեզ ասեմ, չենք էլ կարողանում ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ մեզ սպասող ժողովրդին պատասխանել, կամ էլ մեր կուսակցությունների գրասենյակներում հարյուրավոր ահազանգերի տարբեր հաստատությունների հետ կապված։ Լավ կլինի տրվեն հարցերին սպառիչ պատասխաններ եւ, եթե, իրոք, ազնիվ գործ է, եթե, իրոք, շիտակ գործ է, եթե, իրոք, այս մասնավորեցման արդյունքում այդ առողջապահական հաստատությունները զարգանալու են, կոլեկտիվները ծաղկելու են, մենք բոլորս էլ այդպիսի գործողություններին կողմնակից ենք։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Գրիգոր Հարությունյան, համեցեք։

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իմ գործընկերը նոր հիմնավորումների հետ կապված ասաց, ես չեմ կրկնվի, որ, իսկապես, հիմնավորումներ են պետք։

Անմիջապես անցնենք հաջորդ հարցերին։ Ռազմավարությունը ո՞րն է, ի՞նչ ենք, ընդհանրապես, այս 2-րդ գումարման ընթացքում մենք տեսել՝ ռազմավարությունը, հատկապես, կապված առողջապահական ձեռնարկությունների հետ։ Ես հարցի ընթացքում, մոտավորապես, իմ կարծիքն ասացի եւ դա իմ համոզմունքն է, այդպես էլ, որովհետեւ ինձ ուրիշ բան չեն կարողանում համոզել։ Այս 4 տարիների փորձը ցույց է տալիս, եթե որեւիցե մեկին պետք է ինչ-որ մի բան սեփականաշնորհել, ես ասում եմ՝ որեւիցե մեկին, պատահական չէ, որ այդպես եմ ասում, որովհետեւ սա Կառավարությանը չի պետք, ժողովրդին չի պետք, ինչ-որ մեկին պետք է ինչ-որ մի ձեռնարկություն։ Ասենք, Նորքի հոգեբուժական հիվանդանոցը, որը գտնվում է Նորքում, 6 հազար քմ տարածք է, կամ հակաուռուցքաբանական դիսպանսերը, որը գտնվում է Երեւան քաղաքի կենտրոնում, գիտեն, որ այս ձեռնարկությունները չի սեփականաշնորհվի, սրա համար ցանկացողները շատ են, խանգարողները նաեւ ԱԺ-ում շատ կլինեն, այսպես ասած, եւ սրանց հետ միասին բերում են մեկ այլ ձեռնարկություն՝ օրինակ, պոլիկլինիկա։

Հիմա ես ուզում եմ Կառավարության հիմնավորումը ստանալ։ Մեր ռազմավարությունն, ընդհանրապես, առողջապահության, իսկապես, պոլիկլինիկական ծառայության հետ կապված ո՞րն է։ Արդյո՞ք, պոլիկլինիկական ծառայությունը դա պետք է լինի պետության հսկողության ներքո, թե՞ չպետք է լինի։ Նու, հասկանալի է, ստոմատոլոգիական ծառայությունն ինչ-որ տեղ նաեւ, կարծեք թե, հիմնավորվում է, որ նա ավելի արդարեցված է, երբ կարող է լինել ոչ պետության հսկողության տակ, բայց, ընդհանրապես, պոլիկլինիկական հսկողությունը, որտեղ բավականին ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված, վերցնենք, համաճարակների հետ կապված, վերցնենք, վարակիչ հիվանդությունների հետ կապված կամ պատվաստումների հետ կապված, մի խոսքով, շատ ավելի ընդգրկուն է։ Այս ամբողջ ծառայությունները միանշանակ պետք է պետության վերահսկողության ներքո լինի։ Այս ռազմավարությունն առողջապահության նախարարությունը, Կառավարությունը մեզ չի կարողանում ապացուցել, հիմնավորել, փարատել մեր կարծիքները, որ սա ճիշտ է։

Այսօր ճիշտ նշվեց, եւ Կառավարության ներկայացուցիչը, ես հասկանում եմ, պետական գույքի մասնավորեցման փոխնախարարն է, Կառավարությունում քննարկվել է դրական եզրակացությամբ, ինքը պարտավոր է այդ եզրակացությունը ներկայացնի այստեղ, բայց ռազմավարության մասին մենք պետք է այստեղ տեղեկություն ստանա՞նք, թե՝ ոչ։ Կարծեք թե, հիմնավորվածությունը նա , որ, գիտե՛ք, այդ առողջապահական հիմնարկները թերծանրաբեռնված են, մահճակալները շատ են, պետությունն այդքան չի կարող պահել, բայց նաեւ այս վերջերս ընտրություններ եղան եւ մեզ ապացուցեցին, որ մեր երկրում ընտրողները 500 հազարով ավելացել են։ Ես չեմ ուզում, իհարկե, հարցը տեղափոխել այդ դաշտը, բայց, պարզապես, ըստ վիճակագրական տվյալի, ես այստեղից հնչեցնում եմ, որ մեր ազգաբնակչությունը 500 հազարով ավել է։ Կարծեք թե, այս հիմնավորումն էլ ճիշտ չէ, որովհետեւ ստացվում է այնպես, որ մեզ համոզում են, որ մեր բնակչությունը 500 հազարով ավելացել է, եւ չի համընկնում այն գաղափարին, որ թերծանրաբեռնված են, մահճակալների պլաններն, այսպես ասած, չի կատարվում եւ դա է օպտիմիլիզացիայի նաեւ նպատակներից մեկը։ Հիմնավորումը դա էր, ոնց որ թե։

Կոլեկտիվների հետ կապված։ Հիմնավորումներ են լինում, որ կոլեկտիվները համաձայն են, կոլեկտիվները դիմել են։ Կոնկրետ 19-րդ պոլիկլինիկայի հետ կապված. կոլեկտիվից ինձ դիմել են, ասել են, որ այսպիսի բան են անում։ Իհարկե, ես չեմ ուզում այստեղ անուններ հնչեցնել։ Ցավալի է, որ նաեւ ԱԺ-ին հենց այսպես օգտագործում են միշտ, նաեւ ասում են, որ տնօրենին ԱԺ-ից են նշանակել, ԱԺ-ն էլ գնում է այս քայլին։ Կարծեք թե, մենք ենք անում։ Եվ, ընդհանրապես, այս հարցի հետ կապված ինչո՞ւ են ցանկ բերում, ի՞նչ է նշանակում ցանկ բերել ԱԺ հաստատմանը։ Մի՛ բերեք, մենք ձեզ տվե՛լ ենք լիազորություններ, ձեր ծրագրին հավանություն տվե՛լ ենք, դուք պետությունը կառավարեք։ Գործադիր մարմին եք, կառավարե՛ք, որն ուզում եք վաճառեք՝ վաճառե՛ք, որը չեք ուզում՝ մի՛ վաճառեք։ Մեկ է, որն ուզում եք, անց եք կացնում, նույն այդ աչքի կլինիկան անցկացրեցիք, Կառավարությունն անցկացրեց ԱԺ միջոցով։ Այդ քավության նոխազը դառնում են պատգամավորներն ու ԱԺ-ն։ Ես համաձայն եմ, մենք, ժողովուրդն այդ լիազորությունները տվել է գործադիր իշխանությանը, որի գլուխը Հանրապետության Նախագահն է, որը նշանակում է վարչապետ, նշանակում է նախարարներ։ Է, թո՛ղ աշխատեն, 5 տարի հետո նորից էլի կապացուցեն, ճիշտ են աշխատել՝ ժողովուրդը կընտրի, ճիշտ չեն աշխատել՝ դուրս կթողնեն։ Այնպես որ, բերել, գցել, ընդհանրապես, այս ԱԺ-ի վրա, սա անընդունելի է, որովհետեւ ամեն ինչի համար մենք ենք դառնում պատասխանատու, մենք ենք գնում ընտրողների հետ հանդիպում եւ ընտրողն ասում է՝ այս ի՞նչ եք անում։ Դե, արի, բացատրի, որ ինչ անում ես, չի ստացվում, որովհետեւ Կառավարությունն ինչ ուզում, անում է։ Նույն այդ կոլեկտիվները, որ ասում են՝ ստորագրել են։ Կոլեկտիվի ղեկավարը կանչում ասում է, որ մեկ է, մեր դեմ խաղ չկա, որովհետեւ պետության գլուխն էլ է ասում, ամբողջ համակարգն ասում է՝ մեր դեմ խաղ չկա, ոնց ուզենք, ընենց անելու ենք, նույնն էլ աշխատողին են ասում՝ մեր դեմ խաղ չկա, չես ստորագրի, վաղն այստեղ չես լինի, քեզ դուրս կշպրտենք։ Ահա՛, քեզ մարդու իրավունքների պաշտպանություն, ահ՛ա, եվրոպական արժեքներ։ Այս ամենն ինչ տեսնում ենք եւ՛ երեկ տեսանք, եւ՛ նախորդ օրը, եւ՛, ընդհանրապես, անընդհատ տեսնում ենք։

Հետո, ամենակարեւորը։ 2-րդ գումարումն ավարտում է իր աշխատանքը։ 1-2 ամիս հետո արվի այս գործը, առողջապահությունը չի տուժի, մեր պետությունը, ժողովուրդը հաստատ չեն տուժի։ Այս շտապողականությունն ինչի՞ համար է, չեք հասցրե՞լ մինչեւ վերջ անեք։ Հարց է առաջանում, ինձ եմ ես հարցն ուղղում՝ պատգամավորներս չենք հասցրե՞լ մինչեւ վերջ անենք, էլի բան կա՞ անելու։ Սպասեք մի քիչ էլ այն հաջորդ եկողներն անեն, էլի՛։ 2 ամիսը չի խանգարում, թող մնա 3-րդ գումարմանը, մանրամասն կքննարկվի, մարդիկ կկողմնորոշվեն, ճամպրուկային տրամադրությունով այսպիսի որոշումներ չի կարելի կայացնել։ Իմ առաջարկությունը նա է, որ, ընդհանրապես, այս օրինագիծը հանվի, եւ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը չի մասնակցելու քվեարկություններին։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Խորեն Սարգսյան, համեցեք։

Խ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, բնական է, որ նիստին երեւի մասնակցում են այն պատգամավորները, որոնք չպետք է քվեարկեն, իսկ որոնք այստեղ չեն, նրանք չիմանալով, թե ինչ հարցի շուրջ է գնում խոսակցությունը, երեկոյան կգան եւ կողմ սեղմելով կանցկացնեն։ Մեղադրելու էլ չի այս մարդկանց, եթե որեւիցե մեկ պատգամավոր թեկուզ մի փոքր սեփականություն ունենա, նա կողմ չքվեարկելու իրավունք էլ չունի, քանի որ հաջորդ օրը, ըստ Թումանյանի. «Համեցի՛ ախպեր, ուզի սրանից», այդ ձեւն է գնալու։

Ես շատ կուզեի, որ այս իշխանությունները գոնե իրենք մի բան սարքեին, վաճառեին եւ իրենց վրա սրտի ցավ զգային, տեսնեին, թե դա ինչ հնարավորություն է՝ կարելի՞ է, թե՞ չի կարելի։ Այ, սենց բան չկա, դուք բերում եք մի ամբողջ ցուցակ, երբ այստեղ քննադատում ենք, որ չպետք է ընդունվի, մի 2-3-ը հանում եք, իբր պատգամվորին լավություն արեցինք՝ տե՛ս, այս-այս կլինիկան հանեցինք, մնացածները պետք է վաճառենք։ Հետո՞։ Եթե մի բան է լինում, ասում եք՝ գիտե՞ք ինչ կա, երկրում անկայունություն պետք չի անել, երկրին կայունություն է պետք, կողքներս պատերազմ է, մեր պատերազն ավարտված չի... Եթե ձեր պատերազմն ավարտված չի եւ ձեր կողքն էլ պատերազմ է, այս պոլիկլինիկաները ձեզ ո՞վ է իրավունք տվել վաճառել։ Վաղը, մյուս օրը դուք ասում եք, չգիտեմ, համաձայն եք ԱՄՆ-ի հետ, թե՝ ոչ, ասում եք՝ թունավոր զենքեր են օգտագործվում, բա, ո՞նց եք պահելու ձեր այս ժողովրդին։ Թե՞ մտածում եք, որ ձեր համար ամեն ինչ էլ կա՝ ինքնաթիռ էլ կա, կարող եք թողնել գնալ, բա այս ժողովուրդը։ Է, հասկացանք, պետությունը, որն իր ունեցածը վաճառելով ուզում է բյուջեում գումար մտցնի եւ մի քանի ժողովուրդ... Լա՛վ, սա էլ պրծավ, ի՞նչ եք վաճառելու։ Հա՛, սրանից հետո անցնելու եք կրթության։ Քիչ առաջ ասացին, որ մեզ վարկ են տվել եւ պայման չեն թելադրել։ Հիմա համոզվեցի՞ք, որ այն մնացածն ինչ-որ վարկեր են տվել, պայմանն էլ հետն են դրել, որ պետք է սեփականացնեք, որ պետք է քանդեք, որ պետք է ավերեք, մենք էլ հլու-հնազանդ դարձել ենք կամակատարներ։ Վաղը, մյուս օրն էլ գնում եք, մի քիչ տեղներս փոխելով՝ այստեղից, մյուս տեղ, ուզում ենք պատգամավոր անցնենք։ Լա՛վ, ինչի՞ համար եք անցնելու, երկիր քանդելո՞ւ։ Դե, գնացեք, անցեք, եկեք քանդեք։

Ես համաձայն եմ իմ նախորդ ելույթ ունեցող ընկերների հետ, որ սա ոչ թե ինչ-որ շահ է պետության, ժողովրդի, չէ՛, սա մի մարդու շահ է. գալիս, ասում է, որ սա ինձ պետք է, պետք է տաք։ Եվ այստեղ էլ գործում է քավորսանիկություն, բարեկամություն, հարց չկա, կտանք։ Ինչո՞ւ չէ, մի բան էլ ավել կտաս, կձեւակերպենք քիչ, կտանք ձեզ։ Լա՛վ, նորից եմ ուզում ասել, մինչեւ ե՞րբ, ո՞ւր ենք գնալու, բերեք միանգամից դնենք, վաճառենք վերջացնենք, բա, ո՞ւմ ենք ղեկավարելու։ Լավ ձեւ եք գտել, եթե ուզում եք սնանկացնել, թողնում եք, ձայն չեք հանում, հետո տալիս եք դատարան, դատավորին էլ ասում եք՝ սնանկացման օրենքը բեր, բերում է եւ այդ հիմնարկությունը վերացնում եք։ Նորից եմ կրկնում՝ կառուցե՛ք, վաճառե՛ք, տեսեք ցավ կա՞ դրա մեջ, թե չկա։ Ախր, մի բան չեք կառուցել, իսկ քանդելուն ով ասես, քանդում է։ Մի հատ երեխա էլ բերեք, դնեք, ի՞նչ է, կքանդի, կգնա։ Բա, մեկն ու մեկը մտածե՞լ է. լա՛վ, մենք օդանավակայանը տվեցինք, նորից այստեղից մեծ-մեծ խոստումներով, այդ հազարավոր մարդիկ դուրս են մնում։ Բա, ինչո՞ւ չեք մտածում նրանց աշխատանքի տեղավորելու մասին։ Այս, որ վաճառում եք, պոլիկլինիկայի աշխատողները վաղը, մյուս օրը լրիվ դուրս են մնալու։ Այս գործազրկության բանակը որտեղի՞ց է։ Երբ ասում ենք արտագաղթ կա, ընտրության ժամանակ, ճիշտ ասաց իմ գործընկերը, դուք ասում եք թվաքանակն ավելացել է։ Բա, որ թվաքանակն ավելացել է, պետք է բուժհիմնարկներն էլ ավելանա, այս ինչո՞ւ եք կրճատում։

Ես անցած անգամ, կարծեմ, այս նստաշրջանի սկզբին էր, մի օրինակ բերեցի մեր հարեւանի մասին, որ խելառ էր, մի անգամ մեր փողոցով անցավ, ոտքը ջարդվեց, էլ հարյուր տարի է, 10 տարի մեր փողոցով չի անցնում։ Բա, լա՛վ, մեր պատգամավորներն այդ մի խելառի չափ էլ չկա՞ն մտածեն միանգամից, մի անգամ մերժեն, չէ՞։ Լա՛վ, ինչքա՞ն կարելի է մեր ոտքը ջարդեն։

Առհասարակ, այս օրենքի նախագծին ոչ թե դեմ, այլ առհասարակ չպետք է մասնակցել քվեարկության։ Թո՛ղ դնեն, թո՛ղ տպեն, ասեն, որ ովքեր են անողները։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Եզրափակիչ ելույթի համար՝ Արտակ Գրիգորյան։

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին ունեցած ելույթների համար։ Պետք է ասեմ, որ շատ մտքերի հետ համամիտ եմ, սակայն, ընդհանուր առմամբ, ինչո՞ւմ է կայանում բանը, ինչո՞ւմն է խնդիրը։ Մի բան պարզ, որ առողջապահական համակարգին շատ հրատապ անհրաժեշտ է ռացիոնալիզացման, օպտիմալացման գործընթաց։ Ես ստիպված եմ մի շարք մտքեր կրկնել, որոնք ոչ թե իմ այս ելույթում, այլ նախորդ ելույթներում եմ արտահայտվել եւ, հատկապես, այդ ծրագրի քննարկման ժամանակ, ուղղակի, ստիպված եմ, հիշեցման կարգով, մի փոքր կրկնվել։

Բոլորս էլ գիտենք, որ Խորհրդային Միության տարիներին, երբ կար սառը պատերազմ, կար պոտենցիալ, այսպես, վտանգ միջուկային պատերազմի, եւ Խորհրդային Միության առողջապահական դոկտրինան հետեւյալն էր՝ նախապատրաստվել միջուկային պատերազմի, ընդհանրապես, նախապատրաստվել պատերազմին, հատկապես, Խորհրդային Միության ռեգիոններում։ Դա լա՞վ էր, թե՝ ինչպես։ Միգուցե, լավ էր, որ, համենայնդեպս, մենք այդ առումով կարող եմ ասել, որ առողջապահական օբյեկտների շինարարություն բավականին բուռն թափով գնաց, հատկապես, հետպատերազմյան տարիներին, նկատի ունեմ Հայրենական մեծ պատերազմը, եւ ստեղծվեց բավական ուռճացված առողջապահական համակարգ։ Սա առաջինը։ Եվ, որպեսզի այդ համակարգը մենք կարողանանք պահպանել, արդեն անկախ պետականության պայմաններում պահանջվում են զգալի գումարներ։ Սա այն օբյեկտիվ պատճառն էր, որի արդյունքում առողջապահական համակարգում սկսվեց աստիճանաբար կուտակվել զգալի թվով պարտքեր։ Այսինքն՝ մեր առողջապահական համակարգը պարտքագոյացնող համակարգ էր իրենից ներկայացնում։ Որքան էլ մենք կարողանայինք իրականացնել բավականին լուրջ միջոցառումներ, հատուկ հսկողություն, հատուկ վերաբերմունք առողջապահական համակարգի նկատմամբ, պարտքագոյացման պրոցեսն անխուսափելի էր, ինչին բոլորս էլ ականատես ենք, դեռ մինչեւ այսօր էլ չենք կարողանում մինչեւ վերջ փակել։

Ստեղծված իրավիճակում, բնականաբար, հրատապ խնդիր էր առողջապահական համակարգի ռացիոնալիզացման եւ օպտիմալացման գործընթացը, որը պետք է տեղի ունենար առողջապահական բուժհաստատությունների վերակազմակերպումների, միավորումների, միաձուլումների, ինչպես նաեւ մասնավորեցման տեսքով։ Նախ՝ ասեմ, որ «մասնավորեցնել» եւ «վաճառել», այս տերմինների մեջ կա տարբերություն, չնույնացնենք դրանք իրար հետ։ Խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանանք պարտքագոյացնող համակարգից անցնել ավելի էֆեկտիվ համակարգի։ Այս տրամաբանությունն է ընկած առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի հիմքում, ինչը մենք քննարկել ենք ԱԺ-ում, ունեցել ենք պատգամավորական լսումներ։ Ընդ որում, ասեմ, մեր հանձնաժողովը բավական ակտիվ է եղել այդ գործընթացներում, բնականաբար, եւ որի արդյունքում արդեն մի քանի տարի է մենք առաջնորդվում ենք այդ մոտեցմամբ։ Վերջին 1,5-2 տարիները պարզորոշ վկայում են, որ առողջապահական համակարգում մենք կարողանում ենք այդ պարտքագոյացման պրոցեսի դեմն առնել։ Վկան դա 2002 թվականն է, երբ առողջապահական համակարգի բյուջեն կատարվեն արդեն 100 %-ով։ Այսինքն՝ միտումները, գործընթացները տանում են դեպի զարգացում։ Եկեք այս ամեն ինչը չմոռանանք։

Ես իմ 1-ին ելույթում ասացի, ես ինքս ասացի, որ, թերեւս, Կառավարությունը, երեւի, ավելի լուրջ հիմնավորումներ պետք է ներկայացներ եւ, միաժամանակ, շեշտեցի, որ անձամբ իմ կարծիքով, պետք է արդեն բերվեր ոչ թե կրճատված, այլ էլի լիարժեք ցանկ, ինչ որ եղել էր նախորդ անգամ, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ այս գործընթացը, պարզապես, հրատապ խնդիր է մեր այսօրվա պետության եւ մեր ժողովրդի համար։

Երբ խոսում ենք ներդրումային երաշխիքների մասին, իհարկե, դա դժվար է, ոչ ոք չի կարող այդ երաշխիքները տալ, սակայն մասնավորեցման պրոցեսը... Հիմնական երաշխիքը հենց դա է՝ մասնավորեցման պրոցեսը։ Իսկ ո՞վ է ասում, որ մասնավորեցումից հետո այդ բուժհաստատությունները չեն ծառայելու իրենց նպատակին, որովհետեւ, եթե խնդիր լիներ, էլի եմ ասում, եթե խնդիր լիներ, պարզապես, այդ բուժհաստատությունների, ուղղակի, տարածքները վերցնել, դրա համար կային ավելի օպտիմալ տարբերակներ։ Պարզապես, եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ. ինչ-որ մեկին դա պետք է, ուղղակի, կլուծարեին այդ հիմնարկը եւ այդ շենքը կտրամադրեին ինչ-որ մեկին։ Այստեղ, ուղղակի, խնդիրը հետեւյալն է, որ այդ ծառայությունները պետք է շարունակեն աշխատել նույն ձեւով եւ, բնականաբար, այդ մասնավորեցված ծառայությունների մեջ կարող են լինել նաեւ մրցակցություն, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ ո՞վ է ասում, որ այդ ամբողջ պոլիկլինիկաները կամ հիվանդանոցները բոլորը պետք է շարունակեն աշխատել։ Կլինի նաեւ մրցակցություն, ինչ-որ մի բուժհաստատություն էլ կփակվի։ Ի վերջո, նորից եմ շեշտում, մեր առողջապահական համակարգը պատրաստ է իր ամբողջ ծավալով սպասարկել ոչ թե Հայաստանի, նույնիսկ 3 էլ չէ, 3,5-4 մլն, այլ իր ծավալներով դա համապատասխանում է 30-40 միլիոնանոց բնակչությանը, ինչը մեզ պետք չէ։ Սա, իսկապես, այդպես է։

Եվ հետո, չմառանանք, որ ինչպես ամեն մի գիտություն, այդ թվում նաեւ առողջապահական գիտությունն առաջ է շարժվում։ Եթե առաջ վիրահատված հիվանդին, ասենք, լեղապարկով վիրահատված հիվանդը հիվանդանոցում մնում էր 20 օր, այսօր մնում է, ընդամենը, 6-7 օր։ Նախկինում, եթե մենք պլաններ էինք կատարում, ինչ-որ տեղ բժիշկները, հիվանդանոցային ադմինիստրացիան հիվանդներին մի փոքր ավել էին պահում, որպեսզի պլան կատարեին, այսօր այդ խնդիրը վերացած է։ Ապենդիցիտով վիրահատված հիվանդը 3-րդ օրը գնում է տուն։ Այսօր բժիշկները կարողանում են դա անել, ապահովել նման բարձր որակի սպասարկում։ Բնականաբար, մահճակալների ավելցուկ է առաջանում այստեղ, կա նաեւ ա՛յս խնդիրը։

Մի քանի խոսք էլ իմ գործընկերների, նաեւ իմ մասին։ Մենք պատգամավորներս էլ շատ հաճախ դիմում ենք նույն գործադիրին՝ գիտե՞ք ինչ, սա պետք է, նա պետք է, հարցեր ենք միջնորդում։ Այնպես որ, այս խնդիրը 2 ծայր ունի։ Շնորհակալություն։ Համենայնդեպս, ես շնորհակալ եմ իմ գործընկերներին իրենց ունեցած ելույթների համար, որովհետեւ դրանք անկեղծ ելույթներ էին, ես դա հասկանում եմ։ Այստեղ, ուղղակի, մոտեցումների խնդիր է։ Եթե մենք, ընդհանրապես, դեմ ենք առողջապահական համակարգի նման մասնավորեցման ծրագրերին, բերեք, ուրեմն, փոխենք մեր որդեգրած կուրսը, քաղաքական կուրսը, առողջացման համակարգի ռացիոնալիզացման եւ օպտիմալացման կուրսը, որն արդեն իսկ ընդունել ենք։ Բերեք, ասենք՝ չէ՛, թող այս բեռը մնա մեր ուսերին, մեզ ժպտա ծրագիրը, եւ փորձենք այդպես, ինչ կստացվի հետո, Աստված գիտի։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Գագիկ Մինասյան, խնդրեմ, եզրափակիչ ելույթի համար։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իմ գործընկերը խոսեց խնդրի մասնագիտական կողմից մասին։ Ես, չլինելով մասնագետ, զերծ կմնամ այդ բնագավառում խոսք ասելուց։ Ես պետք է, ուղղակի, մեր գործընկերներին հիշեցնեմ, որ արդեն մի քանի տարի է, ինչ գործում է առողջապահության ոլորտում բարեփոխումների եւ օպտիմալիզացման ծրագիրը։ Պետք է հիշեցնեմ, որ ծրագրի գործունեությունից ի վեր այդ ոլորտում, իսկապես, բարեփոխումները բավականին խորացել են, պետք է հիշեցնեմ, որ որեւէ մի հիվանդ, հիվանդանոցային պարկի բացակայության պատճառով, չի եղել, որ չի ստացել պատշաճ բուժօգնություն, պետք է հիշեցնեմ, որ տարիների ընթացքում կամաց-կամաց, իսկ վերջին տարում, ըստ էության, 100 %-ով մեզ հաջողվեց կատարել բյուջեով նախատեսված ֆինանսավորումը։ եվ այս ամեն ինչի մեջ չտեսնել ԱԺ հետեւողական ու դրական աշխատանքը, կարծում եմ, ճիշտ չէ։ Մենք միասին այս դահլիճում, ըստ էության, քայլ առ քայլ բավականին դժվարությամբ, որովհետեւ կան նաեւ հոգեբանական պրոբլեմներ, ինքներս մեզ համոզելով, ինքներս մեզ հաղթահարելով գնում ենք այն ճանապարհով, որը, ըստ էության, մեր երկրում այլընտրանք չունի։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետեւ ակնհայտ է, որ կա ուռճացված համակարգ, որովհետեւ ակնհայտ է, որ մենք պետք է հասկանանք եւ պետք է բացատրենք բժիշկներին, որ բժշկական համակարգը ոչ թե բժիշկներին սպասարկելու համար է, այլ հիվանդներին սպասարկելու համար է։ Իսկապես, կա պրոբլեմ, իսկապես, մեր երկրում պատմականորեն ստացվել է այնպես, որ առողջապահական հիմնարկների ծավալն ավելին է, քան անհրաժեշտ է այսօրվա բժշկական գիտության զարգացած մակարդակում այդ սպասարկումները մեր հասարակությանը ներկայացնելու համար։

Ես կարծում եմ, որ ընտրված ճանապարհը ճիշտ է, ես կարծում եմ, որ ընտրված ճանապարհի համահունչ օրենսդրական նախաձեռնություն է այստեղ բերված, ես կարծում եմ, որ մեր հանձնաժողովը ճիշտ է արել, որ դրական եզրակացությամբ այս նախագիծը ներկայացրել է ԱԺ դատին։ Մեկ բան եւս, որ համոզված եմ, որ բոլորը շատ լավ հիշում են, այդ ծրագրի կարեւորագույն կետերից մեկն այն է, որ մասնավորեցված բուժհիմնարկը 10 տարի շարունակ իր պրոֆիլը փոխելու իրավունք չունի։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ Աշոտ Մարկոսյան, համեցեք։

Ա.ՄԱՐԿՈՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, պարզապես կուզենայի մի քանի պարզաբանումներ տալ, որովհետեւ, ինձ թվում է, քննարկման այս ընթացքը, գուցե թե, նախկին տեքստի համար հասկանալի էր, բայց մենք, ըստ էության, այն բոլոր վիճարկելի, վիճաբանելի օբյեկտները, որոնք կային, փորձել ենք հանել։ Էներգացվել է նոր ցանկ, ըստ էության, եւ դրա վերաբերյալ պարզվում է, որ նորից պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչո՞ւ։ Կփորձեմ 1-ին հարցին պատասխանել, թե սոցիալական ոլորտի օբյեկտները ինչու են փոքրիկ ցանկերով մտցվում ծրագիր։ Պատասխանը շատ պարզ է, որովհետեւ երբ 2000թ. մշակվում էր այսօրվա գործող 2001-2003թթ. ծրագիրը, Կառավարությունում հստակ դիրքորոշում որդեգրվեց, որ այդ ոլորտում պետք է իրականացվի բարեփոխումների եւ հիմնականում օպտիմալացման ծրագիր, որի արդյունքում արդեն պարզ կդառնա, թե ինչ է մնալու Կառավարության կառավարման տակ, տեղական մարմիններին ի՞նչ պետք է տրվի այլ կարիքների համար եւ, վերջապես, ի՞նչ պետք է մտնի մասնավորեցման ցանկ։ Պատահական չէ, որ 2 տարի առաջ հենց այս ոլորտի վերաբերյալ Կառավարությունն ընդունեց հայեցակարգ, որտեղ հստակ սահմանվացին այն կանխորոշիչները կամ կողմնորոշիչները, որոնց միջոցով մենք իրականացնում ենք այս փոփոխությունները։

Հնչեցին նաեւ տեսակետներ, որ կոլեկտիվները դուրս են մնում, կոլեկտիվները չեն մասնակցում։ Ես պետք է ձեզ ասեմ, որ, ընդհակառակը, այդ հայեցակարգում հստակ ամրագրված են մի քանի դրույթներ, սկզբունքներ, որոնց հավատարիմ է կառավարությունը։ Դրանցից մեկը հետեւյալն է, որ առողջապահական հաստատությունների մասնավորեցման ժամանակ առաջնահերթության իրավունք ունեն կոլեկտիվները։ Ես չեմ հիշում եւ ոչ մեկն էլ չի կարող մեր երկրում հիշել թեկուզ մի դեպք, որ առողջապահական հաստատությունը կամ կազմակերպությունը տվել է մեկ այլ 3-րդ անձի։

2-րդ՝ մտահոգություններ... ես կհամաձայնվեի այն դիրոքորումների հետ, որ պետք է մտածել, թե ինչ է լինելու հետո։ Բայց նույն հայեցակարգում ամրագրված է հետեւյալ դրույթը, որ ամպայման առողջապահական հիմնարկներում պահպանվելու է պրոֆիլը։ Սա ես ձեզ ասեմ, որ այն, գրեթե, միակ ոլորտներից մեկն է, որ այս դրույթը մենք իրականացնում ենք։ Եթե դուք նայեք Կառավարության այն որոշումները, որոնցով, որոշ առողջապահական կազմակերպությունների մասին է, կտեսնեք, որ դրվում է 5-10 տարվա պրոֆիլի խնդիրը։ Այսինքն՝ մենք նման մտավախություն չունենք, որ վաղը, մյուս օրն այդ կազմակերպություններն իրենց մասնագիտացումը կփոփոխեն։

Հնչեց նաեւ հետեւյալ հարցը, որ կոլեկտվի անդամները տեղյակ չեն։ Այդպես չէ, սիրելի՛ բարեկամներ։ Հատկապես, նորից վիճարկման նյութը դարձվեց 19-ը, 11-րդ պոլիկլինիկաները։ Մեր ձեռքին կա քաղաքապետարանից գրություն, որոնք այսօր կառավարչական տեսանկյունից ենթարկվում են դրան, կա կոլեկտիվի ժողովը, կոլեկտիվի ժողովի որոշումը, կան կոլեկտիվի անդամների, ես ուզում եմ դա ձեզ ցույց տալ, ստորագրություններ, իսկ դուք ասում եք, որ ստիպում են։ Ես հասկանում եմ, կարելի է ստիպել 10 հոգու, 20 հոգու, 50 հոգու, բայց երբ 300 մարդ ստորագրում է, վերջին հաշվով ինչ-որ բանի պետք է հավատա՞նք, թե՝ ոչ։ Այս տեսանկյունից, կարծում եմ, նույնիսկ այն մտահոգությունները, որ սնանկացման միջոցով կարելի է գույքին տեր դառնա, ճիշտ հակառակն է։ Հարգելի՛ պրն Սարգսյան, մասնավորեցումը դատարանից զերծ պահելու, օրենքի միջոցով ձեռնարկության գույքը մասնավորեցնելու այն հիմնական ուղիներից մեկն է, որը, կարծում ենք, նորից արդարացված է։

Մյուսը, որ ամպայման գաղտագողի է, ես չեմ կարծում, երբ մենք բերում ենք ԱԺ օրենք, ավելին, սա այն ոլորտներից մեկն է, որ կատարված գործարքների վերաբերյալ Կառավարությունն ԱԺ ներկայացնում է հաշվետվություն, որն ընդունվում է օրենքի տեսքով։ Այսինքն՝ այդ որակումները եւ պիտակները, որ կպցվեցին, իմ խորին համոզմամբ, չեն համապատասխանում իրականությանը։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, նստեք, խնդրեմ։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ, այժմ անցնենք ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրքը գործունեության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Հեղինակի եւ գլխադասային հանձնաժողովի կողմից այն ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։

Օրենքի նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ՆԳ նախարարի խորհրդական, պայմանագրաիրավական վարչության պետի պաշտոնակատար Միքայել Գրիգորյանին։

Մ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Մեծարգո պրն նախագահ, հարգելի խորհրդարան, ՀՀ կառավարության կողմից մշակվել է «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ԱԺ կողմից 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունվել է 1-ին ընթերցմամբ։ Այդ նախագիծը 1-ին ընթերցմամբ ներկայացվել է եւ մատնանշվել է դրա անհրաժեշտությունը, որը, մասնավորապես, հանգում է նրան, որ Քրեական օրենսգրքի կիրառությունը դյուրին, ճշգրիտ եւ միատեսակ դարձնելու համար նպատակահարմար է առանձին օրենքի ընդունումը։ Այդ օրենքն, ինչպես ասվեց, 2-րդ ընթերցմամբ ներկայացվում է ԱԺ քննարկմանը, իսկ օրենքի առջեւ, բացի Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու ընդհանուր բնույթի առանձնահատկություններից, նպատակ է դրվում լուծել նաեւ հետեւյալ հիմնահարցերը։ Նոր Քրեական օրենսգրքի դրույթների հետադարձ ուժի հարցը, ընդհանրապես, ամենակարեւորներից մեկն է։ Խնդիրն այն է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն հետադարձ ուժ ունի։ Այսինքն՝ տարածվում է, մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը, համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն։ Այնուհետեւ, արարքի հանցավորությունը սահմանող պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի։

Այս հիմնահարցը քննարկվող օրենքի նախագծում լուծվել է միջազգայնորեն ճանաչում գտած եւ օրենսդրորեն ամրապնդված կողմնորոշումներին լիովին համապատասխան։ Մասնավորաբար, ըստ օրենքի նախագծի՝ պատժից հիմնական եւ լրացուցիչ պետք է ազատվեն ՀՀ 1961թ., այսինքն՝ գործող Քրեական օրենսգրքով, մինչեւ 2003թ. հունվարի 1-ն այն արարքների համար դատապարտված անձինք, որոնք նոր Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործներ չեն համարվում։ Բացի այդ, 1961թ. Քրեական օրենսգրքի համապատասխան՝ դատապարտված եւ պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը պետք է համապատասխանեցվեն ՀՀ նոր Քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է նոր Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից։ Եթե նոր Քրեական օրենսգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում՝ պատիժ կրող կամ պատիժ կատարած, սակայն դատավածություն ունեցող անձանց դրությունը, ապա դատարանների դատավճիռները եւ քրեաիրավական բնույթի այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը պետք է վերանայվեն դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից։

«ՀՀ նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առանձին տեսքով կարգավորվում է մահապատժի վերացման հետ կապված հիմնահարցը։ Ավելի որոշակի ասած, մահապատժի վերացման վերաբերյալ ՀՀ նոր քրեական օրենսգրքի դրույթները, ըստ նախագծի, չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն։ Վերոշարադրյալին ավելացնենք, որ պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց դրության բարելավումը քննարկվող օրենքով նախատեսված դեպքերում իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված կարգով։

3-րդ մտահոգությունը, որը լուծելու փորձ է արվել նախագծի համապատասխան հոդվածում, այն անձանց կարգավիճակի հարցն է, ովքեր ՀՀ 1961թ. Քրեական օրենսգրքով դատապարտվել են մահապատժի։ Ըստ օրենքի նախագծի՝ մահատապժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը դատավճիռը կայացրած կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկման, բացառությամբ այս քննարկվող օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, որոնց մասին քիչ առաջ ակնարկվեց։

Թույլ տվեք հարգարժան խորհրդարանին իրազեկել, որ կազմակերպվել է նախագծի վերջնական տարբերակի եվրոպական փորձաքննությունը եւ դրա արդյունքների ամփոփումը Եվրախորհրդի իրավաբանական տնօրինության կողմից։ Դրանում, մասնավորապես, ասվում է հետեւյալը՝ նախագծում տրված լուծումներն ընդհանուր առմամբ ամբողջովին ընդունելի են համարվում։ Անընդունելի է համարվում միայն 3-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, ըստ որի՝ մահապատժի վերացման վերաբերյալ նոր Քրեական օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն։ Փորձաքննության եզրակացության կողմից առաջարկվում է այս մասը հանել եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ներողություն, մեր ժամանակը սպառվել է, ընդմիջում է հիմա։

Մ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Կես րոպեից ես կավարտեմ։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Արագացրեք, խնդրում եմ։

Մ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-...Առաջարկվում է այս մասը հանել եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման լույսի ներքո մեջբերում է կատարվում նախագծի նախորդ փորձաքննության մեջ նշված փաստարկներից։ Փորձագետը նշում է, որ վերջնականապես դատապարտված անձանց համար ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ պարբերության դրույթները չեն բավարարում սահմանադրական եւ քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Վերոշարադրյալը միջազգային փորձաքննության կարծիքն է։ Ես լիազորված եմ ներկայացնելու ՀՀ կառավարության կարծիքը, համաձայն որի՝ անհրաժեշտ է ընդունել ներկայացված սկզբնական տարբերակը, համաձայն որի՝ մահապատժի վերացման վերաբերյալ ՀՀ նոր քրեական օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն։ Մնացյալը հարգարժան խորհրդարանի խնդիրն է, թե ինչպիսի որոշում կկայացնի։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, ընդմիջում կես ժամ։
 


Ժամը 1430
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Սահմանված ժամկետում ներկայացված առաջարկությունների հեղինակները ունեն 5 րոպե ելույթի իրավունք։ Ցանկացողներ չկան։ Եզրափակիչ ելույթի համար՝ նույնպես։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Անցնում ենք հաջորդ հարցին։

ՀՀ կառավարության մի խումբ ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված, եւ մի խումբ ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովի եւ հիմնական զեկուցողի կողմից ներկայացվել է 3-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ 3-րդ ընթերցմամբ, խնդրեմ, ներկայացրեք, պրն Գրիգորյան, ներքին գործերի նախարարի խորհրդական, պայմանագրաիրավական վարչության պետի պաշտոնակատար Միքայել Գրիգորյան։

Մ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Մեծարգո պրն Նախագահ, հարգելի՛ խորհրդարան, անկախ ժողովրդավարական եւ իրավական պետության ստեղծման ճանապարհ անցած ընտրած ցանկացած երկիր, անպայմանորեն, ձեռնամուխ է լինում դատաիրավական բարեփոխումների գործընթացին, որի կարեւորագույն քայլերից մեկը օրենսդրության տարբեր ճյուղերն արմատապես վերափոխելն ու կատարելագործելն է։

ՀՀ-ն եւս բացառություն չեղավ, եւ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ձեռնարկեց նոր ՀՀ քրեական օրենսգրքի մշակումը։ Այդ են պահանջում ոչ միայն ՀՀ միջազգային պարտավորությունները կատարելու, այլեւ քրեաիրավական հարաբերությունները կարգավորող սահմանադրական նորմերի կատարումն ապահովելու անհրաժեշտությունը։

2001 թվականի հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, ինչի կապակցությամբ ստանձնած պարտավորությունների մեջ ծանրակշիռ տեղ է զբաղեցնում նոր Քրեական օրենսգրքի ընդունումը։

ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ու հրատապությունը հիմնավորող պատճառներից մեկն այն է, որ մինչեւ այժմ գործում է 1961 թվականին ընդունված Քրեական օրենսգիրքը, որը շատ կողմերով հեռու է ներկայիս պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանելուց։ Միաժամանակ, արդարության առջեւ չմեղանչելու համար հարկավոր է նշել, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը իր գործունեության ընթացքում չի անտեսել քրեագիտությանը խոհեմ ու արդարացված պահպանողականության գաղափարի ընդունելությունը։ Այլ խոսքով ասած, մեր աշխատանքի ընթացքում ձգտել ենք պահպանել դասական, այսպես կոչված, ավանդական բնույթի այն քրեաիրավական նորմերը, որոնք իրենց արդարացրել են իրավակիրառությանը երկարամյա փորձի ընթացքում եւ որոնց անհրաժեշտությունը շոշափելի է նաեւ այսօր։

Նախագիծը մշակելիս, հեղինակները ղեկավարվել են այն դրույթով, որ տեսության ու պրակտիկայի համագործակցությունը քրեական իրավունքում ցանկացած հարցի հետազոտման կարեւոր երաշխիք է։

2-րդ ընթերցում անցած ՀՀ քրեական օրենսգիրքը գործող Քրեական օրենսգրքի համեմատությամբ արձանագրում է զգալի առաջընթաց թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային առումով։

Խարսխված լինելով օրինականության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական եւ ըստ մեղքի պատասխանատվության, արդարության եւ մարդասիրության սկզբունքների վրա, Քրեական օրենսգիրքը Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքների սկզբունքներին ու համապատասխան, նորմերին համապատասխան կոչված է հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, խաղաղությունն ու մարդկության անվտանգությունը, սեփականությունը, շրջակա միջավայրը, սահմանադրական կարգը։

Հարգարժան խորհրդարանին թույլ տվեք իրազեկել, որ 2002 թվականին օրենսգրքի նախագծի պատժին վերաբերող մասը ներկայացվել է Եվրոպայի խորհրդի փորձաքննությանը, եւ նույն թվականի մարտի 6-7-ը Երեւանում կայացած փորձագիտական հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել փորձագիտական եզրակացությունների քննարկումը։ Այստեղ առաջարկվել է նախագծից հանել այն դրույթները, որոնցով սահմանվում էր պատժի կրման ռեժիմը։ Այդ առաջարկն ընդունվել է, եւ ներկայիս նախագծով այդ հարցը չի կարգավորվում, այլ հղում է կատարված ՀՀ քրեակատարողական օրենսգրքին։

Փորձաքննությունից հետո նախագիծը ներկայացվեց ՀՀ ԱԺ քննարկմանը, եւ 2002 թվականի հունիսին այն ընդունվեց 1-ին ընթերցմամբ։ Մատնանշվեց նաեւ կանանց ու տղամարդկանց միջեւ առկա խտրականությունը բացառելու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ կանանց առավել արտոնյալ վիճակն արձանագրող հոդվածների առկայությունն անընդունելի էր համարվում։

1-ին ընթերցումից հետո նախագիծը ներկայացվեց Եվրոպայի խորհրդի կրկնակի փորձաքննությանը։ 2002 թվականի նոյեմբերի 13-14-ը Երեւանում կայացավ փորձագիտական հանդիպում Եվրոպայի խորհրդի փորձագետների, ինչպես նաեւ ՀՀ համապատասխան գերատեսչությունների, փաստաբանական միությունների, դատարանների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Առաջարկությունները հիմնականում վերաբերում էին ազատազրկման այլընտրանքների ներդրմանը։

2-րդ ընթերցման ներկայացրած տարբերակում արդեն բացակայում էր ազատության սահմանափակման ձեւով պատժատեսակը, փոխարենն ավելացվել են այնպիսի պատճատեսակներ, ինչպիսիք են հանրային աշխատանքները եւ ուղղիչ աշխատանքները։

Իրենց էությամբ ազատազրկման այլընտրանքներ հանդիսացող այս պատժատեսակների վերաբերյալ մանրամասն քննարկումներ են տեղի ունեցել թե՛ տեղական, եւ թե՛ միջազգային մակարդակով։

Հանրային աշխատանքների բնորոշ առանձնահատկությունը դատապարտյալների չվարձատրվող աշխատանքն է, որի նպատակը դատապարտյալի մոտ հասարակության եւ հասարակական շահերի նկատմամբ հարգանքի ձեւավորումն է։ Այստեղ խոսքը գնում է ոչ թե հանցագործության հետեւանքով տուժած որոշակի անձանց կամ կազմակերպությունների օգտին աշխատանքներ կատարելու մասին, այլ հօգուտ հասարակության չվարձատրվող աշխատանքներին։

Հանրային աշխատանքները իրենցից ներկայացնում են դատապարտյալի կողմից հիմնական աշխատանքից կամ դասերից ազատ ժամերին հանրության համար օգտակար, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշված չվարձատրվող աշխատանքների կատարում որոշակի տեւողությամբ։ Հանրային աշխատանքները նշանակում են մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, դատապարտվող անձի գրավոր համաձայնության դեպքում։ Ընդ որում, 3-րդ ընթերցման ներկայացված տարբերակում հոդվածների սանկցիաներից հանվել է հանրային աշխատանքների չափը, քանի որ հարցի լուծումը օրենսգրքի ընդհանուր մասում թողնված է դատարանի իրավասությանը։

Ինչ վերաբերում է մյուս այլընտրանքին, ուղղիչ աշխատանքներին, ապա դրանք նշանակվում են 2 ամսից 2 տարի ժամկետով, եւ դատարանի դատավճռով տրված ցուցումի համաձայն, դատահպարտյալը դրանք կրում է կա՛մ իր աշխատանքի վայրում, կա՛մ ուղղիչ աշխատանքները տնօրինող մարմինների նշանակմամբ դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում։

Ուղղիչ աշխատանքների դատապարտվածի վաստակից պետության օգտին պահում է կատարվում դատարանի դատավճռով սահմանված չափով, այդ վաստակի 5-20 %-ը։

Խորհրդարանին ուզում եմ տեղյակ պահել, որ այս պատժատեսակը նախատեսված է ՀՀ գործող քրեական օրենսգրքով եւ ավելի քան 42 տարիների գործողության ընթացքում, ըստ էության, արդարացրել է իրեն, եւ, կարծում ենք, որ համապատասխան աշխատանք լինելու դեպքում այս պատժատեսակը բավականաչափ լավ երկընտրանք է ազատազրկման համեմատությամբ։

Վերը նշված երկու պատժատեսակների կիրառումը, մեր համոզմամբ, հնարավորություն կընձեռի թեթեւացնել ազատազրկման վայրերի գերծանրաբեռնվածությունը թե՛ ներկայումս, եւ թե՛ ապագայում։

Նախագծի նախնական տարբերակում տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու կամ վճարելու անհնարինության դեպքում տուգանքը կարող էր փոխարինվել կալանքով, համապատասխան ժամկետի սահմաններում։ Դրա փոխարեն, նախագծի լրամշակված տարբերակը նախատեսում է հետեւյալ դրույթը. «Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը կարող է տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինել հանրային աշխատանքներով։ Հանրային աշխատանքի 10 ժամը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»։ Կարծում ենք, որ սա բավականաչափ մարդասիրական լուծում է նոր տարբերակում։

Հատուկ կամ զինվորական կոչումից զրկելը պատժատեսակը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, դրանով իսկ ընդլայնելով լրացուցիչ այս պատժատեսակի կիրառման ոլորտը, որն ընդգրկում է ոչ միայն զինվորական, այլ նաեւ մնացած հատուկ կոչումները»։

Որոշ փոփոխություններ են կատարվել նաեւ մի շարք պատժատեսակների նվազագույն եւ առավելագույն ժամկետների մասով։ Այսպես՝ հանրային աշխատանքների ձեւով պատժի նվազագույն ժամկետը 60 ժամից ավելացվել է մինչեւ 360 ժամ, իսկ առավելագույնը՝ 1000 ժամից մինչեւ 1500 ժամ։

Քրեական օրենսգրքի վերջնական տարբերակում ավելի հստակ է տրվել «ցմահ ազատազրկման» հասկացությունը։

Նախագծի լրամշակման աշխատանքների ընթացքում հնարավորինս հաշվի է առնվել համաշխարհային փորձը, ոլորտում գոյություն ունեցող միջազգային հեղինակավոր փաստաթղթերի դրույթները։ Նախագծում սկզբունքային կարեւոր փոփոխություններից բացի, կատարվել են տեխնիկական եւ բովանդակային խմբագրական աշխատանքներ, լրացումներ։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ։

Քրեական օրենսգիրքը, որի նախագիծն այսօր ներկայացվում է 3-րդ ընթերցման, յուրահատուկ փաստաթուղթ է իր տեսակի մեջ։ Օրենքների ամբողջություն, որը պատկերավոր կարելի է համարել ՀՀ եւ մեր քաղաքացիների քրեական իրավունքի Սահմանադրություն։ Ըստ այդմ, ՀՀ քրեական օրենսգիրքը պետք է լինի ոչ միայն կառուցիկ եւ ընդգրկուն, այլեւ քրեական իրավունքի օրախնդիր հարցերին պատասխանելով հանդերձ, միտված լինի ապագային, ասել է թե, մենք պետք է շրջանառության մեջ դնենք մի օրենսգիրք, որը հարկ չի լինի շարունակ փոփոխել, ելնելով ժամանակի հրամայականից։

Բայց եւ, ելնելով Քրեական օրենսգիրքը շրջանառության մեջ դնելու հրատապությունից ու անհրաժեշտությունից, ԱԺ-ի հարգելի պատգամավորներին կոչ եմ անում դեռեւս 1-ին գումարման ԱԺ-ից եկող, երկրորդով անցած սույն փաստաթուղթը ժառանգություն չթողնել 3-րդ գումարմանը՝ ԱԺ-ի, մեր իրավական դաշտն այդ հատվածով եւս մի զգալի ժամանակ մատնելով անորոշությանը։

Միաժամանակ, հարգելի պրն նախագահ, ուզում եմ առաջարկություն անել հետեւյալ իմաստով. որ Օրենսգրքի համապատասխան տեքստը ԱԺ ներկայացնելուց հետո մենք ստացել ենք տարբեր կազմակերպություններից, մասնավորապես, Կարմիր խաչի համապատասխան առաջարկությունները, որոնք մեկ ուրիշ տարբերակում, արդեն, մտցրել ենք օրենսգրքի մեջ։ Եվ, քանի որ ելնելով Քրեական օրենսգրքի առանձնահատուկ բնույթից ու բովանդակությունից, ԱԺ-ն նախորդ, 2-րդ ընթերցման ժամանակ որոշում էր կայացրել քննարկման հատուկ կարգ, այսինքն՝ թույլատրվում էր բովանդակային առաջարկությունը, ապա այդ առաջարկությունները նույնպես այստեղ, մեր ձեռքի տակ են եւ դրանք ներառված են մեկ այլ տարբերակում, ոչ այստեղ, բաժանված տարբերակում։ Ես, ուղղակի, միջնորդում, հորդորում ու խնդրում եմ ԱԺ-ին, Քրեական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ ընդունել հիշատակված լրացումները ներառելու ճանապարհով եւս, որով միայն կշահի մեր Քրեական օրենսգիրքը։ Հավաստիացնում եմ ձեզ, դա որպես քրեական իրավունքի հարցերով բավականաչափ զբաղված մարդ։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Նստեք, խնդրեմ։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Անցնում ենք հաջորդ հարցին։

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» եւ «Պատմության եւ մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Գլխադասային հանձնաժողովի եւ հիմնական զեկուցողի կողմից ներկայացվել են 3-րդ ընթերցմամբ ընդունելու համար։

Ո՞ւմ հրավիրեմ ես, ներողություն։ Նստեք, խնդրեմ։ Այդտեղ նստեք, ես կհրավիրեմ, կմոտենաք։

3-րդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է պատմության եւ մշակույթի, հուշարձանների պահպանության գործակալության պետ Գագիկ Գյուրջյանին։ Համեցե՛ք, խնդրեմ։

Գ.ԳՅՈՒՐՋՅԱՆ

-Մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում «ՀՀ պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի, անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ «Պատմության եւ մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ։

Սույն օրենքի կարգավորման առարկան հետեւյալն էր. «Սույն օրենքը կարգավորում է ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններն ըստ տիպերի, ինչպես նաեւ այդ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած տարածքների նպատակային օգտագործման ձեւերը»։

Այս օրենքի ընդունումը նախատեսում է փոփոխություն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում, որն ընդունվել է դեռեւս 1998 թվականի նոյեմբերին։

Այդ նույն օրենքի, նշված օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերությունն առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ՀՀ պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատվում է ՀՀ կառավարության կողմից»։

Նախագիծը 3-րդ ընթերցմամբ ներկայացնելուց առաջ որոշ արձանագրային խմբագրական դիտողություններ քննարկվել են արձանագրայինի հետ եւ, այսպես, վերջնական տեսքով ներկայացվում է ձեր քննարկմանը։ Խնդրում եմ այն հաստատել։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Գյուրջյան։ Նստեք, խնդրեմ, հարցի քննարկումն ավարտվեց։

Անցնում ենք ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Հեղինակի եւ գլխադասային հանձնաժողովի կողմից այն ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Օրենքի նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանին։

Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, մեծարգո պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «ՀՀ բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը։

Ես պետք է նշեմ, որ այս օրենքով, ես հիշեցնեմ, նախատեսվում էր այս փոփոխությամբ իրականացնել համապատասխան արտոնություններ, ամրագրել առողջապահության համակարգ ներմուծվող մարդասիրական խողովակով ներկրվող եւ իրականացվող ծրագրերի նկատմամբ։

1-ին ընթերցումից 2-րդ ընթերցում ընկած ժամանակամիջոցում առաջարկություններ չեն ստացվել, ուստի այս ձեւակերպմամբ, որը տրամադրված է հարգարժան պատգամավորներ, ձեզ առաջարկվում է այն ընդունել 2-րդ ընթերցմամբ։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ առաջարկություններ չկան, ելույթներ էլ չկան, պրն Մկրտչյան, եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք, թե՞ արդեն ասված է ասելիքը։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Անցնում ենք Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ...

Անցնում ենք Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Այս հարցը քննարկելիս հիմնական զեկուցողներ են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը։ Ձայնը տրվում է պրն Խաչատրյանին՝ օրենքի նախագիծը ներկայացնելու համար։ Խնդրեմ։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացված «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Օրենքի նախագծով նախատեսվում է կանոնակարգել ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման հնարավորության հարցն այն առումով, որ այսօր գործող կարգը որոշ հնարավորություններ է ընձեռում ռեժիմից օգտվելով արհեստականորեն հետաձգել հարկային վճարումների կատարումը։ Դրանք ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի գումարներն են։

Այդ խնդրի էությունը կայանում է նրանում, որ բազմաթիվ անձանց կողմից տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր ներմուծում ռեժիմով վճարումները հետաձգվում են մեկ տարով, ապա վերարտահանման եւ հետագայում նույնպես ժամանակավոր ներմուծում ռեժիմն ընտրելու միջոցով։ Այդպիսով, հարկային վճարումների կատարումը հետաձգում են անորոշ ժամկետով։

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչեւ երկու ամիս ժամկետով ժամանակավորապես ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ կկիրառվի այն կարգը, ինչ գործում է այսօր, իսկ 2 ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով հայտարարագրված, ժամանակավոր ներմուծում ռեժիմով հայտարարագրված ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում դրանց ներմուծողից կպահանջվի թողնել գրավային վճար, որի գումարը հավասար կլինի ավելացված արժեքի հարկի մաքսատուրքի գումարին։

Այս վճարը հատուկ հաշվի վրա կմնա այնքան ժամանակ, քանի դեռ տրանսպորտային միջոցը վերարտահանում մաքսային ռեժիմով հայտարարագրված չէ։

Հայտարարագրման դեպքում վերարտահանում մաքսային ռեժիմով գրավային վճարը կվերադարձվի ներմուծողին, այդպիսով երաշխավորելով նրա նյութական կորուստների բացառումը։ Այն դեպքերում, երբ ավտոտրանսպորտային միջոցի տերը, սեփականատերը նպատակ ունի այն շահագործել երկար ժամկետով ՀՀ-ում, այսինքն՝ ըստ էության, գործարքի էությունը ժամանակավոր ներմուծման ռեժիմի համար տրված պայմաններին չի համապատասխանում, ապա տիրոջ համար գրավային վճարը թողնելը կունենա նույն արժեքն ու իմաստը, եթե նա կատարեր մաքսային վճարները օրենքով սահմանված ընդհանուր կարգով, եւ չփորձեր հետաձգել իր հարկային պարտավորությունների կատարումը։ Այսինքն՝ այդ արհեստականորեն վճարների կիրառման հնարավորությունը գործող օրենքով առկա դեռեւս ներկայացված օրենքի նախագծով էապես կրճատվում եւ սահմանափակվում է։

Միաժամանակ նախատեսված է նաեւ, որ նշված ռեժիմը չի տարածվի միջազգային կազմակերպությունների կողմից ներմուծվող, ժամանակավորապես ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ որոշակի մեխանիզմներ պետք է կանոնակարգվեն օրենքի գործողությունը սահմանված ձեւով գործելու իմաստով, ապա օրենքի նախագիծն առաջարկում է ուժի գործողության մեջ դնել 2004 թվականի սկզբից։ Շնորհակալություն, եթե հարցեր կան, կարող եմ պատասխանել։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։ Հարցեր չկան, նստեք, խնդրեմ։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ամբիոնի մոտ է հրավիրվում ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանին՝ գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացնելու համար։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Հարգելի՛ կոլեգաներ, ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը իր նիստում բավականին մանրակրկիտ քննարկել է այս հարցը, թեկուզ հարցը իր ծավալով այնքան էլ մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, բավականին կարեւոր նշանակություն է ունենալու։

Հարցը, որը ձեզ ներկայացված է, նպատակաուղղված է մի կարեւոր բանի. մեր այսօր գործող օրենսդրության մեջ գոյություն ունեցող սողանցքներից մեկը վերացնելու։ Այդ սողանցքը նկատելի է, բավականին մեծ նաեւ արժեք ունի, հարցի արժեքի իմաստով, իսկ փողոցներում դուք բավականին հաճախ եւ մեծ քանակով հանդիպում եք ավտոմեքենաներ, տրանսպորտային միջոցներ վրացական համարներով այլ արտասահմանյան համարներով։ Դրանց մեծ մասը ներմուծված են երկիր ժամանակավոր ներմուծում ռեժիմով, բայց, այնուամենայնիվ, այդ ժամանակավոր ռեժիմը վաղուց արդեն անցած է, եւ սա ընդամենն անբարեխիղճ վճարողների վերաբերյալ մի խնդիր է։

Ես պետք է ասեմ, որ հանձնաժողովը իր նիստում ողջունեց Կառավարության այս մոտեցումը, որը նպատակաուղղված է գոյություն ունեցող սողանցքները վերացնելու, որը նպատակաուղղված է նաեւ նրան, որպեսզի մենք թույլ չտանք բյուջե մուտքագրվող գումարների պակասելուն կամ դրանց, այսպես ասած, փոշիանալուն։

Այս իմաստով մենք դրական եզրակացություն ենք տվել այս օրինագծին, եւ ես դիմում եմ խորհրդարանին նույն մոտեցումը ցուցաբերել, դրական մոտեցում ցուցաբերել այս օրինագծին, որովհետեւ, կարծում եմ, որ իր ծավալի իմաստով, իսկ մեզ վիճակագրություն ներկայացվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից, այսպիսի ռեժիմով, այս ռեժիմով ներմուծվում են տարեկան մոտավորապես 10 %-ը ընդհանուր ներմուծվող ավտոմեքենաների, դուք պատկերացնում եք, որ դա բավականին զգալի թիվ է, եւ բոլորովին էլ վատ չի լինի, կարծում եմ, բոլորդ էլ գոհ կլինեք, եթե այդ գումարները մուտքագրվեն մեր բյուջեի եկամտային մասը, ոչ թե փոշիանան։ Այսքանը, եւ դիմում եմ խորհրդարանին նույնպես դրական մոտեցում ցուցաբերել այս օրինագծին։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Տիկին Նաղդալյանին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։ Խորեն Սարգսյան, 2-րդ խոսափող։

Խ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Որ չթվա, որ զալը լրիվ դատարկ է, նու, հարցս այսպիսին է։ Տիկի՛ն Նաղդալյան, դուք ասացիք, որ սողանցքներ կան, սա նպաստում է սողանցքների փակմանը, եւ բերեցիք մեկ օրինակ. այն մեքենաները, որոնք, ասենք, հարեւան հանրապետության համարանիշներով են եկած։ Եթե վերցնենք այդպես, դա անհատ մարդկանց հետ գործ ունե՞նք։ Ասենք, այն մարդկանց, գուցե որ, գումար չեն ունեցել, հիմա կարող են մուծել։ Ուրիշ սողանցք չկա՞, ասենք, այն խոշոր բիզնեսմենները, որոնք, ասենք, մեքենաներ են ներկրում։ Ինչ որ տեղ սողանց գտե՞լ եք, թե՞ դա չերեւացող սողանցք է։ Շնորհակալություն։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Ես կարծում եմ, որ այս խնդիրը վերաբերում է մեծ մասամբ, հատկապես ձեր նշված խոշոր բիզնեսմեններին, որովհետեւ սողանցքներից օգտվելու հնարավորություն մեծ մասամբ դրանք են ունենում, բայց, կարծում եմ, որ երբ որ մենք խնդիրը օրենսդրական կարգով ենք լուծում, երբ որ մենք օրենքով փակում ենք ճանապարհը, այդ փակումը հավասար է դառնում բոլորի համար։ Եվ տվյալ պարագայում ձեր անհանգստությունը, կարծում եմ, այլեւս վաղը, մյուս օրը էլ հիմքեր չի ունենալու։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ կան մարդիկ, որոնք հնարավորություն չեն ունեցել, ապա Մաքսային օրենսգիրքը, կարծեմ թե, բավականին հնարավորություններ է տալիս ժամանակի իմաստով, այն մարդկանց համար, որունք ժամանակավոր դժվարություններ են ունենում միջոցների հետ կապված, մաքսազերծելու համար, եւ այդպիսի ժամկետներ Մաքսային օրենսգրքում բավականին կան։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Նստեք, խնդրեմ։ Ելույթների համար, խնդրե՛մ հերթագրվել։ Հերթագրում։ Ելույթներ չկան։ Տիկին Նաղդալյան, եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք։ Ո՛չ։ Դո՞ւք, պրն Խաչատրյան։ Նույնպես ո՛չ։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Անցնում ենք ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Այն ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Օրենքի նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանին։

Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-ԱԺ հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, Մաքսաիյն օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում էր այն հանգամանքից, որ, նախ՝ այս օրենքը պետք է համապատասխանեցվեր նմանատիպ մյուս օրենքներին. «Քաղաքացիական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Ոստիկանության ծառայության մասին» եւ կարգապահական կանոնադրությունը նախքան նախնական տարբերակով կանոնակարգվում էր Կառավարության որոշմամբ, որը հակասության մեջ էր մտնում իրավական ակտերի, օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին։ Ուստի, անհրաժեշտություն առաջացավ մաքսային ծառայողի կարգապահական կանոնադրությունը ունենալու կապակցությամբ կատարել օրենսդրական փոփոխություններ։

Հիմնական փոփոխությունները, ինչը որ առաջարկվել է, ընդունվել է 2-րդ ընթերցմամբ, որից հետո Կառավարության կողմից առաջարկվում է եւս 8 փոփոխություններ, որոնք վերաբերում են. մաքսային ծառայողի ատեստավորման գործառույթներին, ատեստավորման արդյունքներով նրա աշխատանքի հետագա ճակատագիրը որոշելու խնդիրներին։ Կանոնակարգվում է մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատավարձի դրույքաչափը, ինչպես նաեւ կարգավորվում է մաքսային ծառայողների դրույքաչափերն ըստ համապատասխան գործակիցների, ոչ մի փոփոխություն չառաջացնելով բյուջեով նախատեսված գումարներին։

Կան խմբագրական փոփոխություններ, եւ անհրաժեշտությունը, որպեսզի սա կատարվի օրենքին համապատասխան, այս փոփոխությունները ներառվել է, Կառավարության կողմից ներկայացվում է նորից հաշվի առնելու։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Նստե՛ք, խնդրեմ։ Ձայնը տրվում է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանին։

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Հարգելի կոլեգաներ, ինչպես տեսնում եք, Մաքսային օրենսգրքի հետագա կատարելագործման վրա անընդհատ աշխատանք է կատարվում, եւ կյանքում ստուգվում է այս օրենսգիրքը, բոլոր այն բացերը, որոնք առաջանում են, փորձում ենք հընթացս ուղղել օրենսդրական առանձին նախագծերով։ Այս նախագիծը նույնպես այդպիսի բնույթ է կրում։ Մի շարք հարցեր, որոնք կապված են մաքսային ծառայողի հետ, ներկայացված են ձեր ուշադրությանն այս օրինագծում։ Հիմնականում խնդիրները կապված են մաքսային ծառայողների վերապատրաստման, ատեստավորման կարգերի կարգավորման հետ, կապված են նաեւ վճարման, դրույքաչափերի հետ։ Մենք ստացել ենք ընդամենը 8 առաջարկություններ, դրանք բավականին մանրամասն քննարկվել են։ Հեղինակները հիմնականում ընդունել են բոլոր առաջարկությունները, եւ ներկայումս կարող ենք ասել, որ այս օրինագիծը պատրաստ է 2-րդ ընթերցման, շատ ավելի հղկված, շատ ավելի խմբագրված եւ կատարյալ տեսք ունի։

Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Մենք դիմում ենք խորհրդարանին նույնպես դրական մոտեցում ցույց տալ եւ ընդունել 2-րդ ընթերցմամբ։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Նստե՛ք, խնդրեմ։ Առաջարկությունների հեղինակները ունեն 5 րոպե ելույթի իրավունք։ Չկա։ Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք, տիկին Նաղդալյան։ Դո՞ւք, պրն Խաչատրյան։ Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք, պրն Խաչատրյան։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Անցնում ենք Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկմանը։ Հեղինակի եւ գլխադասային հանձնաժողովի կողմից այն ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։

Օրենքի նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանին։

Պ.ՍԱՖԱՐՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում ՀՀ օրենքի նախագիծը «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»։

Համառոտ ներկայացնեմ այն աշխատանքները, որոնք իրականացվել են 1-ին ընթերցմամբ ընդունելուց հետո Կառավարության եւ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովների հետ մանրակրկիտ քննարկումների արդյունքում։

Ինչպես հիշում եք, 1-ին ընթերցման ժամանակ պատգամավորների եւ հատկապես ֆինանսաբյուջետային հանձնաժողովի կողմից բարձրացվեցին հարցեր, որոնք մենք խոստացանք, որ անպայման հաշվի կառնենք 2-րդ ընթերցման ներկայացնելու ժամանակ։

Հիշեցնեմ, թե ո՞ր հարցերն էին դրանք։ Նախապես ասեմ, որ այդ բոլոր հարցերն էլ ընդգրկվել են։ Այս 2-րդ, այն, ինչ որ ընդունվել է, բանավոր հայտարարվեց, օրենքի նախագծում նա իր արտացոլումն է գտել այս 2-րդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծում։

1-ին խնդիրը կապված է սոցիալական ապահովության հիմնադրամի հետ։ Ինչպես հիշում եք, պատգամավորների կողմից կային, բարձրացվում էին հարցեր, որ կան տարընթերցումներ, եւ, ըստ էության, ստացվում էր, որ սոցիալական հիմնադրամը բյուջեի բաղկացուցիչ մասն էր։ Մի բան, որը Կառավարության կողմից ներկայացված նախագծում նման միտում կամ ցանկություն չկար։ Եվ այդ տարընթերցումները, ըստ էության, ամբողջապես վերացվել են, եւ դրա հետ կապված, մենք աշխատել ենք եւ՛ կենսաթոշակային հիմնադրամի, եւ՛ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի։ Հատկապես հանձնաժողովի նախագահի կողմից շատ առաջարկություններ են եղել, որոնք ընդունվել են նախագծում։

2-րդ կարեւորագույն խնդիրը դա բյուջեի սեկվեստրի հետ կապված խնդիրն էր, որտեղ կար 10 %-ից ավել։ Սեկվեստրի իրականացման իրավասությունն ամրագրել է, որ դա ԱԺ-ի իրավասությունն է։ Ասում էր, որ դա պետք է իրոք, ԱԺ-ի իրավասությունը լինի, եւ այդ հոդվածը, ըստ էության, մեր կողմից հանվել է։

Բացի այդ, նաեւ որոշ հոդվածներ, որոնք պայմանավորում էին եւ առաջացնում էին միտք, որ կա ԱԺ-ի իրավասությունների հետ է առնչված, դրանք նույնպես նախագծից հանվել են։ Մասնավորապես, այդ բյուջետային հոդվածների բացմանն ավելի մանրակրկիտ ներկայացմանը։ Եվ խմբագրական խնդիրներ կապված «Իրավական ակտերի մասին» օրենքի ընդունման հետ։ Ասենք, այն տեղերում, որտեղ նախկին օրենքում գրված էր «ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն» դա փոխվել է, դարձել է «Կառավարության կողմից լիազորված մարմինը»։

Ինչ վերաբերում է ... ես ուղղակի կուզենայի, օգտվելով առիթից, մի անդրադարձ կատարել այդ սեկվեստրի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին, որոնք եղան բյուջեի քննարկումից հետո։ Ուղղակի, խնդիրը հետեւյալն է. սա ոչ թե ԱԺ-ի լիազորությունների պակասեցումն էր, այլ ընդհակառակը, դուք գիտեք, որ որեւէ տարի անհնար է կամ որեւէ երկրում բյուջետային բոլոր ծախսերն այն մանրամասնությամբ, որոնք ներկայացված են, 100 %-ով միշտ լինում են որոշակի շեղումներ պայմանավորված այս կամ հանգամանքով։ Այդ շեղումները մինչեւ այս «Բյուջետային համակարգի մասին» օրենքը, միշտ կարգավորվում էր Կառավարության կողմից։ Մենք առաջարկել ենք, որպեսզի դա նախ՝ դրվի իրավական հիմքերի վրա, եւ այդ կարգավորումն անպայման ԱԺ-ն նշի, թե ո՞ր մասերով, եթե ինչ-որ թերածախսեր են կատարվելու ո՞ր մասերով ուղղակի, որպեսզի Կառավարությունը ինքը չորոշի, թե ո՞ր հոդվածներից է պետք , այսինքն՝ սրանից հետո յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն ներկայացնելիս, նաեւ «Բյուջեի մասին» օրենքում պետք է լինի, որ այս, այս, այս հոդվածներն ընդհանրապես անհնար է, կրճատումներ չի թույլատրվում, որ իրականացնեն։ Սա է համառոտ, եւ ամփոփաթերթիկը բաժանված է, բոլոր մանրամասնություներով ներկայացված են, եւ ես կցանկանայի, վերջում նաեւ ասել, որ շնորհակալ եմ ֆինանսաբյուջետային հանձնաժողովից, առանձին պատգամավորներից, որոնք հարցադրումներ կատարեցին, մասնավորապես, պրն Դալլաքյանից, պրն Բոստանջյանից եւ այդ առաջարկությունները, կարծում ենք, որ օրենքի նախագիծն ավելի ամբողջական դարձրեցին։ Այսքանը։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Խնդրեմ, նստե՛ք, պրն Սաֆարյան։ Այժմ ձայնը տրվում է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին՝ գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացնելու համար։ Խնդրեմ, պրն Մինասյան։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, 1-ին ընթերցման ռեժիմում, երբ մենք քննարկում էինք այս նախագիծը «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, ես դեռ այն ժամանակ, իմ ելույթի ընթացքում տեղեկացրեցի հարգարժան լսարանին, որ, արդեն իսկ, կատարված են բավականին լուրջ աշխատանք հիմնական զեկուցողի եւ հանձնաժողովի հետ, եւ այդ աշխատանքի արդյունքում մենք ներկայացրեցինք այն հոդվածները, այն դրույթները, որոնք պետք է փոխվեն, 2-րդ ընթերցման ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ։

Եվ այդ դահլիճը, ըստ էության, քվեարկեց այդ նախագծի օգտին, իմանալով, որ այդ դրույթները պետք է փոխված լինեն 2-րդ ընթերման ժամանակ։

Ես ուրախ եմ ձեզ տեղեկացնելու, որ բոլոր համաձայնությունները պահպանվել են։ Ավելին, մեր համատեղ աշխատանքի ընթացքում մենք մեր լրացուցիչ շտկումներ ենք կատարել, եւ համոզված եմ, որ այս տեսքով, իսկապես, օրենքը դարձել է ավելի ամփոփ եւ համալիր։ Եվ ըստ էության, լուծում է իր կողմից առաջադրած հիմնական երեք խնդիրները շատ ավելի ճիշտ, եւ մեր իրավիճակին շատ ավելի համապատասխան ու հարիր։

Ես կանդրադառնամ այդ երեք խնդիրներին։ Դրանցից 1-ինը՝ պետական սոցիալական հիմնադրամի հետ կապված խնդիրն էր։ Ըստ ձեզ ներկայացրած նախագծի, ըստ էության, նա հանվել է 1-ին մակարդակից, բյուջետային համակարգի 1-ին մակարդակից։ Եթե դուք հիշում եք, մենք այդ մասին բավականին երկար խոսեցինք դեռ 1-ին քննարկման ժամանակ, եւ 1-ին մակարդակին մնացել է միմիայն պետական բյուջեն, 2-րդ մակարդակում՝ համայնքների բյուջեն, իսկ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի բյուջեն ընդամենն ընդգրկված է համախմբված բյուջեի մեջ։

2-րդ կարեւորագույն խնդիրը դա միջին ժամկետ ծրագրերի հետ կապված խնդիրն էր։ Հիշում եք մանրամասն քննարկումներն այս ուղղությամբ, եւ ոչ միայն այս օրենքի քննարկման ենթատեքստով, որ մեր պետությունը պետք է որդեգրի մի ուղղություն, որ իր յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, որ ինքը բերում է ներկայացնելու ԱԺ-ին նախորդ տարվա վերջին, պետք է համահունչ լինի արդեն իսկ տարվա կեսին Կառավարության կողմից ընդունված միջին ժամկետ ծրագրերին, եւ, ըստ էության այդ մոտեցումը իր ամբողջական ձեւակերպումն է ստացել այն նախագծով, որը ներկայացված է ձեր ուշադրությանը 2-րդ ընթերցմամբ ներկայացված ռեժիմում։

Եվ 3-րդ հիմնական ուղղությունը, դա Կառավարության իրավունքն է կրճատելու պետական բյուջեով հաստատված ծախսերը մինչեւ 10 %-ի չափով, եթե ինքը ունի ակնկալիքները, որ այդ բյուջեն համապատասխան ամբողջ 100 %-ոց ծավալով չի կատարվելու։

Այս խնդրի հետ կապված, մենք դեռ նախորդ քննարկման ժամանակ բավականին լուրջ համաձայնությունների ենք եկել, եւ ես ուզում եմ ներկայացնել այն ձեւակերպումը, որը, կարծում եմ, հանի բոլոր մտահոգությունները։ Ըստ էության, այդ լիազորությունը չունենալով, Կառավարության հիմնական զեկուցողը դրա մասին ասաց։ Ինքը իրավունք ուներ, եւ դրանից օգտվել է անցած տարիների ընթացքում բազմաթիվ դեպքերում։ Կրճատումներ կատարել ինքնուրույնաբար, առանց որեւէ սահմանափակման ԱԺ օրենսդիր մարմնի կողմից։

Ըստ էության, այս ձեւակերպումը, որը տրված է այսօր ձեր ներկայացրած տարբերակում, դա նախագծի 21-րդ հոդվածն է։ Նրա վերջում ընդգծված է հետեւյալ միտքը, որ «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված ուղղություններով միայն պետք է կատարվեն այդ կրճատումները։ Այսինքն՝ ըստ էության, այստեղ ակնհայտորեն ավելանում է ԱԺ-ի վերահսկողությունը տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթի՝ բյուջեի նկատմամբ եւ դեռ նախորդ տարվա վերջին ինքը Կառավարությանը հստակ տեղեկացնում է, թե, եթե առաջանում են մտավախություններ, որ բյուջեն կարող է 100 %-ով չկատարվել, ապա ո՞ր հոդվածների բնագավառում է թույլատրում ԱԺ-ին չկատարել համապատասխան ծախսեր։

Ակնհայտ է, որ այս ամեն ինչի մասին արդեն եկող տարվա 1-ին եռամսյակի վերջում Կառավարությունը կբերի հաշվետվություն, եւ այդ պարագայում ԱԺ-ն լիիրավ կունենա այն իրավունքը, որը ինքը ունի այսօր եւս, հարցադրումներ անել եւ պատասխաններ ակնկալել, թե ինչո՞ւ մասնավորապես չի կատարվել այդ մուտքային մասը, որի հետեւանքով նաեւ ելքային համապատասխան հոդվածները չեն կատարվել։

Այստեղ ավելացվել է մի դրույթ ընդամենը, որ չկատարվող ծախսային հոդվածները պետք է կանխորոշված լինեն օրենսդիր մարմնի կողմից։ Սա, կարծում եմ, էական ավելացում է մեր հիմնական օրենքներից մեկի՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում։

Եվս երկու կարեւորագույն փոփոխություն, որը կատարվել է այս ընթացքում։ Այդ երկու փոփոխություններն էլ վերաբերվում են 21-րդ հոդվածին առաջարկված նախագծի։ Ըստ էության, գերատեսչության ղեկավարը իրավունք ունի 15 %-ով իր հաստատված ծրագրում փոփոխություններ կատարել, վերաբաշխումներ կատարել, եւ ավելացված է կարեւորագույն մի նորմ. եթե տվյալ տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այսինքն՝ ունենալով այս իրավունքը ԱԺ-ի կողմից տրվելով այս իրավունքը, միաժամանակ ԱԺ-ն իրեն է վերապահում իրավունք, որ յուրաքանչյուր տարվա բյուջեում ինքը կարող է սահմանել այլ չափաքանակ, չգիտեմ, 10, 5 % կամ կարող է, ընդհանրապես, որեւէ չափաքանակ չսահմանել, որի ընթացքում թույլատրվի գերատեսչության ղեկավարին կատարել փոփոխություններ համապատասխան ծրագրային հոդվածի սահմաններում։

Եվ 2-րդ. կարծում եմ, նույնպես շատ կարեւոր փոփոխություն է, որ Կառավարությանը ընձեռվում է 3 %-ի հնարավորություն բյուջեի սահմանում փոփոխություններ կատարելու։ Եվ էլի նույն նախադասությունը. եթե տվյալ տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում այլ բան նախատեսված չէ։ Ըստ էության, այս երեք հիմնական փոփոխություններն էին կազմում այն առաջընթացը, որը մենք արձանագրեցինք 1-ին ընթերցումից մինչեւ 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, եւ ես կարծում եմ, որ դահլիճի համար ակնհայտ դարձավ, որ երեք հիմնական ուղղություններով ԱԺ-ն տալով մի կողմից լիազորություններ Կառավարությանը, մյուս կողմից իրեն է վերապահում մի դեպքում նշելով ուղղությունները, եւ մյուս երկու դեպքերում լրացուցիչ չափաքանակներ սահմանել այդ փոփոխությունները կատարելու համար։

Միաժամանակ հարկ եմ համարում շեշտել, որ կոնկրետ, տարվա համար կարող է այդ չափաքանակները ուղղակի զրոյի հավասարեցվել ԱԺ-ի կողմից։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ այն բոլոր մեր գործընկերներին, որոնք ակտիվ մասնակցեցին այս օրենքի լրամշակման նվիրված աշխատանքներին, եւ պետք է Աժ-ին տեղեկացնեմ, որ հանձնաժողովն այս ներկայացված նախագծի 2-րդ ընթերցմանը տվել է դրական կարծիք, առաջարկելով այն ընդունել։ Շնորհակալություն։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան, խնդրեմ, նստե՛ք։

Հարգելի պատգամավորներ, սահմանված ժամկետում առաջարկությունների հեղինակները կարող են հանդես գալ մինչեւ 5 րոպե ելույթով։ Կա՞ն ցանկացողներ։ Պրն Բոստանջյան, խնդրեմ։ Ելույթի համար ձայնը տրվում է պատգամավոր Վարդան Բոստանջյանին։ Խնդրեմ։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախագահող, հարգելի պատգամավորներ, իմ ելույթը պայմանավորված է հետեւյալով։ Երբ օրենսդրական նախաձեռնության հեղինակները, պատգամավորները կամ Կառավարությունը բերում են այստեղ, ես խորապես համոզված եմ ու գիտեմ մի բան, որ, ընդհանրապես, դրա շուրջն աշխատանքները հետապնդում են մի հստակ նպատակ, որ այդ օրենքը լինի ավելի լավը։

Հիմա, ինչո՞ւ համար եմ ես խոսում։ Պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ օրը դժվար էր կամ թվում է, թե դժվար էր։ Եթե հանկարծակի Բոստանջյան Վարդանը չասեր սրա վերաբերյալ այսպիսի բաներ, որ սա է պետք, սա է պետք, ես կարծում եմ, դրական եզրակացությամբ կմտներ ու այդպես 1-ին ընթերցումով էլ կքվեարկեր։ Սա ոչ թե 1-ին դեպքն էր, սա բազմաթիվ դեպքերից մեկն է, հա։

Հիմա ես ուզում եմ, ինչ-որ չափով շնորհակալ լինել, որ, այո՛, դա ընդունվեց, իհարկե, ոչ բոլորը, մասամբ որը կարելի է ժամանակավորապես, այսպես, ընդունել եւ ասել, որ մի քիչ ավելի լավ կլինի։

Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ ընդհանրապես երկրի համար արդեն հասել է ժամանակը ...(Ձայնագրությունն ընդհատվեց) դրան օրենսգիրք է պետք։ Մասնավորապես, մանր-մունր օրենքներ ունենք, ֆինանսական համահարթեցում, տեղական ինքնակառավարում, որտեղ չեն ալարել բյուջե են դրել եւ այլն, եւ այլն։ Պետք է ունենանք Բյուջետային օրենսգիրք։ Այդ օրենսգիրքը ունի խիստ անհրաժեշտություն։ Մասնավորապես, եթե այն պահին, երբ հանրապետության բազմաթիվ համայնքներ, ասենք, ֆինանսական միջոցների կարիքներ ունի, մենք ասում ենք. ամեն մեկին մի բան տանք։ Ստացվում է այնպես, որ, ի վերջո, չենք էլ տալիս, քանի որ մենք էլ փող չունենք։ Այսինքն՝ պետական ֆինանսական համակարգը ... եւ պայմանավորված է այդ հանգամանքով, մենք չենք շարունակում մտածել։ Արդյոք, որոշ համայնքներ կան, նրանց թիվը քանիս էլ լինի, այս պահին կարեւոր չէ, արդյոք պե՞տք է դրանց դոտացիաներ տալ։ Եթե ֆինանսական սեփական միջոցների կտրվածքով նրանք ի զորու են եւ պետք է աշխատել այնպես անել, որ իրենք, պարզապես, պետական բյուջեից դոտացիաներ չպահանջեն։ Ուրեմն, այդ օրենքը ուժն արդեն կորցնում է։ Նա չի կարող ունենալ այն ուժը, ինչը որ մենք ենթադրում ենք այդ օրենքից։

Այստեղ, տեղական ինքնակառավարման մեջ, մեր կողմից է հեղինակված այդ օրենքը, մենք հասկանալով նաեւ գրել ենք «բյուջետային հարաբերություններ» կապված տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնք , ցավոք, որոշ դեպքերում այդքան չի կարելի ողջունել, բայց նրանք պետք է մտնեն բյուջետային արդեն հստակ օրենսգրքի մեջ։

Ինչ վերաբերում է սոցիալական հիմնադրամին, սոցիալական հիմնադրամն այն խղճուկ տեղամասն է, որտեղ մեր հանրապետության թոշակային, տարիքի անցած քաղաքացիներին, պարզապես, մենք պետք է, ասենք, այդ 5000 դրամը տանք, պատկերացնո՞ւմ եք։ Կար այնպիսի իմպերատիվ, ըստ որի սա պետք է բերվեր պետական բյուջե, եւ հնարավոր էր մի գերատեսչական ակտի, իրավական ակտի միջոցով այնտեղից փողը վերցվեր, որոշների կարծիքով ավելի կարեւոր տեղ օգտագործել, դրանով իսկ խցանվեր կամ խափանվեր այդ 5000 դրամ տալու ինստիտուտը, պատկերացնո՞ւմ եք։ Հիմա պետք է, ես կարծում եմ, կներեք անհամեստության համար, որ բազմիցս պետք է նշվեր, որ Բոստանջյանը, եթե չլիներ, այդ բաները չէինք անի, կներեք անհամեստության համար։ Ես եւս մեկ անգամ կրկնում եմ. այո՛, դա այդպես է եղել ու առաջին անգամ չէ, բազմաթիվ անգամ։ Եվ այնպես հպանցիկ, այսպես անցնելը, բանը, շնորհակալություն, դա, ես կարծում եմ, քիչ է։ Սա ինստիտուտ է, որը պետք է տեղադրենք ԱԺ-ում եւ առաջնորդվենք, որ մեր օրենքները դրանով ավելի կլավանան։

Ինչ վերաբերում է վերահսկողության ինստիտուտին, մենք ունենք ԱԺ վերահսկիչ պալատ, իհարկե, ժամանակին այդ օրենքի շուրջն էլ մենք գիտենք, գրում էինք, բան, անդամահատեցինք այդ օրենքը, ըստ որի, փաստորեն, Վերահսկիչ պալատը, գրեթե, հնարավորություն չունի վերահսկելու։ Այսինքն՝ կանոնակարգով գրված, որ «ԱԺ-ն պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի ... այսինքն՝ ծախսերի նկատմամբ, ինչպես նաեւ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների նկատմամբ իրականացնում է վերահսկողությունը իր Վերահսկիչ պալատի միջոցով, կարելի է այս պահին ասել, որ մի դրական քայլ արդեն արեցինք, ըստ որի այդ մարմինը դարձնում ենք պետական, ես հասկանում եմ, բարձր աստիճանի վերահսկողական մարմին, որը, իսկապես, պետք է եւ կանի վերահսկողություն բյուջեի նկատմամբ։

Հիմնականում սրանք էին խոսքերս։ Միայն կասեմ այն, որ ոչինչ, այս ձեւով որ քվեարկենք 2-րդ ընթերցման համար, մի քիչ էլ կարող ենք յոլա գնալ։ Շնորհակալություն։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Այլ ցանկացողներ, չկա՛ն։ Այժմ, եզրափակիչ ելույթի համար, պրն Մինասյան, ցանկություն չունեք։ Պրն Սաֆարյա՞ն։ Խնդրե՛մ։ Եզրափակիչ ելույթի համար ամբիոնի մոտ է հրավիրվում պրն Սաֆարյանը, խնդրե՛մ։

Պ.ՍԱՖԱՐՅԱՆ

-Հարգելի նախագահող, մենք կարծում ենք, որ օրենքը բավարար չափով է արտացոլում մեր այն ցանկությունները, Կառավարության եւ ԱԺ-ի այն բոլոր շահագրգիռ մասնակիցների, ովքեր մասնակցել են այդ աշխատանքներին։ Եվ այն բյուջետային քաղաքականության կատարելագործման այսօրվա մեր հասած մակարդակին բավարարում է այս օրենքի նախագիծը, եւ այդ պատճառով առաջարկում ենք, որպեսզի օրենքի նախագիծն ընդունվի 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Շնորհակալություն։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Խնդրեմ, նստեք, հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը կանցկացնենք հարմար պահին, մնացած քննարկված հարցերի հետ միասին։

Այժմ անցնում ենք հաջորդ հարցին։ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին, դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Գլխադասային հանձնաժողովի եւ հիմնական զեկուցողի կողմից ներկայացվել են 3-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ 3-րդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ Խնդրեմ, պրն Հարությունյան։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի՛ պատգամավորներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ նախագծերը 2-րդ ընթերցումից հետո ենթարկվել են միմիայն խմբագրական լրամշակման։ Որեւէ բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել, ուստի, առաջարկում ենք այդ փաթեթը դնել քվեարկության 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար հարմար պահի։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Խնդրեմ, նստե՛ք։ Տեղյակ եմ պահում պատգամավորներին, որ դրական եզրակացություն է ներկայացրել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ նաեւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը։ Այս հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը կանցկացնենք պատեհ պահի։ Այժմ, հարգելի՛ պատգամավորներ, անցնենք հաջորդ հարցին։

ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի 2002 ... ներողություն, այժմ անցնենք Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» նախագծի քննարկմանը։ Այս հարցը քննարկելիս հիմնական զեկուցող է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Ձայնը տրվում է պրն Հարությունյանին՝ օրենքի նախագիծը ներկայացնելու համար։ Խնդրե՛մ։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի՛ պատգամավորներ, նախ՝ պետք է նշեմ, որ աշխատանքային հարաբերությունները մեզանում այս պահին կարգավորվում է 72 թվականին ընդունված օրենքով, 3 տասնամյակ առաջ ընդունած օրենքով, որ վաղուց է, արդեն ոչ արդիական է, եւ դարձել է ոչ միայն իրավունքները կարգավորող, այլ՝ իրավունքների կարգավորմանը լրջորեն խոչընդոտող մի օրենք։

Օրենքը, որ ձեզ ներկայացնում ենք, բավականին բարդ է իր բովանդակությամբ, եւ, կարեւոր եմ համարում նշելու, որ մենք ունեցել ենք այս օրենսգրքի մի քանի տարբերակներ։

Օրենսգիրքը առնվազն ունեցել է երկու տարբերակ, սակայն շատ կարեւոր եւ շատ ավելի արմատական հարցի մենք պետք է այսօր պատասխան տանք. ինչքանո՞վ է մեր օրենսգիրքը լինելու լիբերալ կամ ինչքանո՞վ է այն պաշտպանելու աշխատողի իրավունքները։ Բանն այն է, որ այս օրենսգիրքը, իսկապես, պետք է լինի ծայրաստիճան բալանսավորված։ Չունենալով բալանսը, ենթադրենք, ծայրահեղական պաշտպանություն, ծայրահեղ շատ պաշտպանելով աշխատողի իրավունքները, մենք կարող ենք հայտնվել մի տարօրինակ իրավիճակում, երբ գործատուները դադարեցնեն ներդրումներ կատարել այս երկրում, ընտրելով երկիր, որտեղ կա ավելի լիբերալ ռեժիմ։ Եվ այդպիսի երկրներ եղան։ Իրենց փորձը ցույց տվեց, որ ծայրահեղ պաշտպանության ձեւերն արդարացված չեն, արդյունքում ունենում են աշխատողներ, որոնք, եթե աշխատանք ունենային, կլինեին պաշտպանված, բայց չկան աշխատատեղեր։ Ի տարբերություն դրան, այն երկրները, որոնք փոքր-ինչ ավելի լիբերալ ռեժիմ են մտցնում, ունենում են ներդրումների ներհոսք, ունենում են, բնականաբար, նոր աշխատատեղեր, ինչը ստեղծում է աշխատանքի շուկա, պահանջարկ, եւ աշխատողները, արդեն, շատ հաճախ իրենք են սկսում թելադրել պայմանները։

Ողջամիտ բալանսն այս հարցում շատ կարեւոր է, եւ մենք, ներկայացնելով ձեզ այս օրենքի նախագիծը, չենք ենթադրում, որ գտել ենք լավագույն բալանսը։ Մենք, իսկապես, ակնկալում ենք 1-ին եւ 2-րդ ընթերցումների ընթացքում, այդ ժամանակահատվածում, որն ընկած է 1-ին եւ 2-րդ ընթերցման միջեւ, գտնել այն ճշգրիտ բալանսը, որը թույլ տա մի կողմից պաշտպանել ողջամտորեն աշխատողի շահերը, մյուս կողմից՝ արգելքներ չստեղծել գործատուի համար, տալով նրան բավարար ազատություն այս երկրում իր բիզնեսը շարունակելու եւ ընդլայնելու առումով։

Իսկ հիմա կոնցեպտուալ հարցերը, որովհետեւ Աշխատանքային օրենսգիրքը, իսկապես, բարդ փաստաթուղթ է։ Այն բաղկացած է 19 բաժիններից, եւ ես բաժին առ բաժին գնամ, համառոտ ներկայացնելով այդ բաժնի էությունը։

1-ին բաժինը կարգավորում է, թե ի՞նչ է Աշխատանքային օրենսդրությունը եւ ո՞ր հարաբերություններն են կարգավորվում դրանով։ Շատ կարեւոր է նշել, որ խոսքը վերաբերում է այս օրենսգրքում նախ՝ աշխատանքային իրավունքների ու պարտականությունների իրականացմանը, եւ այդ իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին։

Հաջորդ կարեւոր բաժինն այս օրենսգրքի, դա «Աշխատանքային իրավունքի սուբյեկտներ» բաժինն է։ Խոսքը վերաբերում է աշխատողներին, 1-ին հերթին, բնականաբար, եւ գործատուներին։

3-րդ սուբյեկտը, որը ոչ պակաս կարեւոր է, եւ ցանկացած ժամանակակից պետությունում պետք է հաշվի առնվի որպես ինքնուրույն սուբյեկտ աշխատանքային հարաբերությունների, դա աշխատանքային կոլեկտիվն է եւ փոքր-ինչ ուշ ես ավելի մանրամասն թերեւս կանդրադառնամ, թե ինչ ձեւով է այդ սուբյեկտը մասնակցում աշխատանքային հարաբերություններին։

3-րդ բաժինը նվիրված է աշխատանքային իրավունքի սուբյեկտների ներկայացուցչությանը։ Բանն այն է, որ աշխատանքային հարաբերություններում շատ հաճախ աշխատող-գործատու հարաբերությունները բավարար չեն կարգավորելու ոլորտը, բավարար չեն իրավահարաբերությունները կարգավորելու առումով, եւ ընդհանրական շահերը, որ ունենում են աշխատողները, առավել նպաստավոր է պաշտպանել համապատասխան ներկայացուցչական մարմինների կողմից։ Եվ այս առումով կարեւորագույն դեր են խաղում արհմիությունները։ Սա մեկ։ Իսկ այն կազմակերպությունները, որտեղ արհմիությունները չեն ձեւավորված, կամ աշխատանքային կոլեկտիվն արհմիությանը չի դելեգացնում իրեն իրավունքները պաշտպանելու իրավասությունը, ստեղծվում են, այսպես կոչված, աշխատանքային խորհուրդները։

Աշխատանքային խորհուրդները, տվյալ պարագայում, հանդես կգան միմիայն այն ծավալով, որով օրենսգիրքը նախատեսում է։ Ի տարբերություն արհմիությունների, որոնց իրավասությունները շատ ավելի լայն են ներկայացուցչության առումով։

Օրենսգրքի 4-րդ բաժինը զուտ տեխնիկական է, իրավական տեխնիկայի տեսանկյունից այն խիստ անհրաժեշտ է։ Սահմանում է, թե ինչպես են որոշվում ժամկետները, ինչպես են հաշվարկվում ժամկետները։ Սա հայցային վաղեմության ժամկետ է։ Ի՞նչ բան է սա։ Խիստ անհրաժեշտ է, որպեսզի զուտ կիրառման տեսանկյունից, օրենսգիրքը կգործի։ Կոնցեպտուալ առումով որեւէ նոր բան այս բաժինն անշուշտ, իր մեջ չի պարունակում, սակայն, երեւի թե, կարեւոր է նշել, որ գոյություն ունի հայցային վաղեմության ժամկետ, որ նախատեսված է այս օրենսգրքով, եւ ընդհանուր առմամբ այն երեք տարի է, եթե օրենքով, հատուկ դրույթներով այն ավելի կրճատ չէ։

5-րդ բաժինն արմատական կարեւոր բաժին է, որը վերաբերում է աշխատանքային օրենսդրությամբ պահպանման նկատմամբ հսկողությանը եւ վերահսկողությանը։

Գոյություն ունի երկու տիպի հսկողություն եւ վերահսկողություն, եւ օրենսգիրքը նախատեսում է, որ դրանք կարող են լինել երկու տիպի։ 1-ինը՝ դա պետականն է։ Աշխատանքային պետական տեսչությունը, որը պետք է իրականացնի վերահսկողությունը օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։ 2-րդ հսկողությունը դա ոչ պետական վերահսկողությունն է։ Եվ այս պարագայում ոչ պետական վերահսկողությունը հիմնականում իրականացնում են արհմիությունները իրենց կառույցների միջոցով։

Բանն այն է, որ արհմիությունները որպես կանոն, իրենց վերահսկողական ֆունկցիաները իրականացնելու համար շատ հաճախ ստեղծում են տեսչություններ եւ տարբեր այլ մարմիններ, որոնք տարբեր ոլորտներում կիրականացնեն համապատասխան, օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն։

Հաջորդ բաժինը վերաբերում է աշխատանքային իրավունքների իրականացմանը եւ պաշտպանությանը։ Տարբեր ձեւեր, որոնք գոյություն ունեն աշխատանքային իրավունքների պաշտպանության մեջ, ընդ որում, ձեւերն առանձնահատուկ են հետեւյալով. ընդհանուր առմամբ բաժանվում են երկու խոշոր կատեգորիաների։ Կատեգորիա 1. որ իրավունքները կարող են պաշտպանվել տարբեր մարմինների կողմից պարտադրվել նմանատիպ իրավունքների պաշտպանությունը, եւ կատեգորիա հ.2, որն առանձնահատուկ է, եւ այդ իրավասությամբ օժտված են միմիայն դատարանները։

Մասնավորապես, դատարաններն են միայն օժտված հետեւյալ երկու իրավասությամբ՝ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց օրենսդրությանը հակասող ակտերն անվավեր ճանաչելը, եւ 2-րդը՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի օրենսդրությանը հակասող ակտը չկիրառելը։ Մյուս բոլոր մարմինները կիրառում են այլ իրավապաշտպան մեխանիզմներ։ Լինի դա պարտքը բնականով կատարելու պարտականություն դնելը, իրավահարաբերությունները փոփոխելը, դադարեցնելը եւ այլն։

Հաջորդ բաժինը, թերեւս կասեմ այսպես, մասը՝ օրենսգրքի, 2-րդ մասը կարգավորում է կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները եւ պարունակում է իր մեջ մի շարք դրույթներ, որոնք նախատեսում են տարբեր մակարդակի փոխհամագործակցության մարմինների ստեղծում։ Դրանք երկկողմանի եւ եռակողմ մարմիններ են, ընդհուպ մինչեւ հանրապետական կամ ազգային մակարդակի։ Դրանք երկկողմ եւ եռակողմ խորհուրդներ են, որոնք փոխադարձ կոնսենսուսային լուծումների գալով կարգավորում են, ընդհանուր առմամբ, այս տիպի հարաբերությունները։

Բացի այդ, այս մասում է նախատեսվում ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում նշելու, որ պրակտիկան ցույց է տալիս, որ իրականության մեջ առավել կարգավորիչ, մեծ կարգավորիչ դեր խաղում է ո՛չ ազգային, ո՛չ ճյուղային, եւ ո՛չ էլ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը, այլ՝ կոլեկտիվ պայմանագրերը, որոնք վերաբերում են յուրաքանչյուր կազմակերպությանը։ Այս առումով նրանք շատ ավելի կիրառելի են, իսկ մյուսները՝ ազգայինները, ճյուղայինները եւ տարածքայիններն առավել նշում են զարգացման ուղենիշերը։

Այս մասում է կանոնակարգվում մանրամասնորեն, ինչպե՞ս պետք է իրականացվեն կոլեկտիվ պայմանագրերի բանակցությունները, ովքե՞ր են բանակցող կողմերը, ինչպիսի՞ ժամկետներ են դրվում բանակցությունների ժամանակ, ինչպե՞ս են ներկայացվում փոխադարձ պահանջները եւ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել, որպեսզի գտնվեն փոխադարձ ընդունելի լուծումներ։

Ինչպես եւ ցանկացած պայմանագիր, բնականաբար, կոլեկտիվ պայմանագրի պարագայում անհրաժեշտ է երկու կողմի կամաարտահայտություն, եւ հնարավոր է, որ որոշակի դրույթների վերաբերյալ կողմերը չկարողանան հանգել ընդհանուր եզրակացության։ Հենց այդ պարագայում է, որ ծագում է կոլեկտիվ աշխատանքային վեճը։

Եվ հաջորդ բաժինը ամբողջովին նվիրված է կոլեկտիվ աշխատանքային վեճի կարգավորմանը։ Կոլեկտիվ աշխատանքային վեճը դա որպես կանոն, արհմիության եւ գործատուի կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող այլ սուբյեկտների միջեւ ծագող վեճն է, որոնք ծագում են հենց կոլեկտիվ պայմանագրի դրույթների վերաբերյալ անհամաձայնության պատճառով։ Եվ, բնականաբար, եթե մենք չունենայինք այդպիսի վեճերի լուծման պարտադիր կիրառման մեխանիզմներ ամրագրված այս օրենքում, ապա մենք չէինք կարողանա նաեւ ակնկալել, որ կողմերը, հատկապես աշխատողները, աշխատողների ներկայացուցիչները կկարողանան հանգել անհրաժեշտ դրույթների կոլեկտիվ պայմանագրում։

Կոլեկտիվ աշխատանքային վեճեր քննող մարմինները, օրենքն ամրագրել է, որ դրանք հաշտեցման հանձնաժողովն է, ինչպես նաեւ աշխատանքային իրավարարը կամ արբիտրը, կամ միջնորդ դատարանը։

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ տարբեր երկրների պրակտիկան այս առումով ընթացել է տարբեր ձեւերով։ Երեք մոդելներն էլ նախատեսված են լինում օրենքում, երեք մոդելներն էլ նախատեսված են լինում որպես կանոն օրենսգրքում։

Հաշտեցման հանձնաժողովները որպես կանոն, պակաս արդյունավետ ձեւեր են, սակայն պարտադիր են։ Նրանց որոշումները, պարտադիր չեն կողմերի համար, նրանք ընդամենը նախաձեռնություն են ցուցաբերում, առաջարկելով կողմերին գալ այս կամ այն կոմպրոմիսի։

Աշխատանքային իրավարարը դա դատարանն է, 1-ին ատյանի դատարանին կից գործող, հատուկ պաշտոնյա է՝ դատավոր, արբիտոր, որը լուծում է աշխատանքային հարաբերությունները։

Եվ 3-րդ խումբը, որը տարիների ընթացքում դառնում է առավել արդյունավետ մեխանիզմը, դա միջնորդ դատարաններն են, որոնք գործում են գործատուների եւ աշխատավորական կոլեկտիվների միջեւ, եւ նրանց կողմից կայացած որոշումները պարտադիր են լինում կողմերի համար։

Ես ուզում եմ հատուկ նշել. այս բաժնում է կարգավորվում գործադուլը, քանի որ գործադուլն է այն գործիքը, որով աշխատողները կարող են հանգել իրենց պահանջների կատարմանը։ Խոսքը վերաբերում է հենց կոլեկտիվ պայմանագրին։ Կոլեկտիվ պայմանագրի դրույթը, եթե գործատուն չի կատարում, գործադուլը դա պայքարի միջոցներից մեկն է, եւ 2-րդը՝ եթե կոլեկտիվ պայմանագրի կնքման ընթացքում պահանջներ է ներկայացվում կոլեկտիվի կողմից եւ բարեհաջող չեն անցնում բանակցությունները եւ չի հաջողվում հասնել այդ պահանջներին, ապա սկսվում է, իրավունք է տրվում գործադուլի, գործադուլի ինստիտուտի, որի ամբողջ կարգավորումը նախատեսված է այս բաժնում։

Գործադուլը մի կողմից շատ կարեւոր ինստիտուտ է։ Դա իրավունքն է աշխատավորի, մյուս կողմից՝ գործադուլը հնարավոր է, որ նաեւ վնաս պատճառի հանրային շահերին, եւ այդ իսկ պատճառով, որոշակի լուրջ սահմանափակումներ են մտցվում. ե՞րբ կարող է իրականացվել գործադուլը, ի՞նչ ժամկետով կարող է իրականացվել, ո՞ւմ պետք է նախազգուշացնել եւ ի՞նչ ժամկետներում։

Գործադուլի ինստիտուտի մանրամասն կարգավորումը մենք, իսկապես, շատ կարեւորում ենք այս օրենքում, եւ պատրաստ ենք այս առումով լրջորեն համագործակցել թե՛ արհմիությունների, թե՛ գործատուների կազմակերպությունների հետ հաշվի առնելով, որ այստեղ երկուսի շահերը սերտորեն փոխկապակցված են։

Հաջորդ բաժինը, որը բաղկացած է մի շարք գլուխներից, կարգավորում է աշխատանքային պայմանագիրը։ Ընդհանրապես աշխատանքային պայմանագիրը լինելով երկկողմանի դարձյալ ակտ, ունի մի առանձնահատկություն. օրենսդիրը նախատեսում է այն նվազագույն պաշտպանությունը, որը պարտադիր պետք է լինի ցանկացած աշխատանքային պայմանագրում։ Դա է այս պայմանագրի առանձնահատկությունը։ Այսինքն՝ պայմանագրով կարող են նախատեսվել դրույթներ, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում աշխատողի համար։ Սակայն, այդ դրույթները չեն կարող երբեք նվազել օրենքի պահանջներից։ Սա մեկ, սա 1-ին ֆունկցիան է այս օրենսգրքի, եւ 2-րդը՝ եթե ինչ-ինչ դրույթներ, հանկարծ, չեն կարգավորվել աշխատանքային պայմանագրով, ապա լռելյայն ինչ մենք պետք է համարենք, որ ամրագրված էր։ Ուրեմն, նորմեր, որոնք պարտադիր են, եթե ամրագրված չեն, պարտադիրը պետք է ընկալվեն այս կամ այն ձեւով, եւ 2-րդը՝ նվազագույն պաշտպանությունը, որը կարող է միմիայն բարելավել, բայց չի կարող երբեք պակասեցնել։

Այսպիսով, այս գլխում նախատեսում են մանրամասնորեն աշխատանքային պայմանագրի տարբեր դրույթներ, նախատեսում է աշխատանքային պայմանագրի տարբեր կնքելու ձեւեր, նախատեսվում է, թե ո՞ր դեպքերում կարող են մերժվել աշխատանքային պայմանագրի կնքումը, ո՞ր դեպքերում ո՛չ, ի՞նչ բան է ընտրովի պաշտոն, ի՞նչ բան է մրցույթ եւ այլն։

Հաջորդ գլուխը, որն այս բաժնի մասն է կազմում, դա աշխատանքային պայմանագրի ձեւերն են։ Մեզանում, ցավոք սրտի, այս ինստիտուտը բավականին թերի զարգացած է եղել, եւ մեզ ծանոթ են միայն անժամկետ կամ ժամկետային պայմանագրերը, ժամկետային՝ այլ կերպ ասած, ունեցել ենք մի քանի տիպի ժամկետային պայմանագրեր։ Դա ժամանակավորն էր, սեզոնայինը եւ այլն։ Այսօր մենք պետք է նախատեսենք եւ կյանքն է դա ուղղակի թելադրում, որ գոյություն ունեն տարբեր աշխատանքային պայմանագրերի ձեւեր. ծառայություններ մատուցելու, տնտաշխատների, լրացուցիչ աշխատանքի մասին, համատեղության աշխատանքի մասին եւ այլն։ Ուստի, մեծ բազմազանություն է աշխատանքային պայմանագրերի ձեւերի եւ յուրաքանչյուրին այս բաժնում նվիրված է առանձին տեղ, կարգավորված է՝ յուրաքանչյուրը ի՞նչ դեպքում կարող է կնքվել։

Հաջորդ գլուխը դա աշխատանքային, հաջորդ երկու գլուխները դա աշխատանքային պայմանագրի կատարումն է եւ դադարումը։ «Կատարումը» գլխում նախատեսված են տարբեր մեխանիզմներ, աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման, աշխատանքային պայմանագրի փոփոխման կամ ժամանակավոր փոփոխման։ Իսկապես, կյանքը շատ դինամիկ է եւ որոշ դեպքերում գործատուներին անհրաժեշտ է լինում փոփոխել աշխատանքային պարտականությունները։ Սակայն դա չի կարող շատ լրջորեն շեղվել մայր աշխատանքային պայմանագրից եւ, բնականաբար, օրենքը տալիս է այն սահմանափակ շրջանակը, որ պարագայում հնարավոր են այդպիսի շեղումներ։

Միաժամանակ օրենքը նաեւ նախատեսում է պայմանագրի կատարման գլխում, թե ո՞ր դեպքերում աշխատողը կարող է տեղափոխվել այլ աշխատանքի, ժամանակավոր, պարապուրդն է կարգավորվում, ինչպես նաեւ կարգավորվում է աշխատանքից հեռացման հարցերը։

Ի տարբերություն դրա, աշխատանքային պայմանագրի դադարումը դա փոխադարձ ընդունելի պայմաններով դադարումն է, եւ այստեղ ներկայացված է ամբողջ գամման աշխատողի կողմից եւ գործատուի կողմից փոխադարձ ընդունելի պայմաններով դադարեցումը։ Միաժամանակ, ամրագրված են փոխադարձ պարտավորություններ։ Ի՞նչ ժամկետներում պետք է իրար տեղեկացվեն կողմերն աշխատանքային պայմանագրի դադարեցման վերաբերյալ, որովհետեւ եւ՛ աշխատողը, եւ՛ գործատուն կարող են լրջորեն տուժել, եթե այդ ժամկետները չեն պահպանված, եւ, թե պահպանման դեպքում, այնուամենայնիվ, առաջնահերթ պաշտպանությունը տրվում է աշխատողին, որովհետեւ, եթե անգամ աշխատողը չի պահպանում համապատասխան ժամկետները, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ չկա պարտադրանք այլ ձեւով, քան նյութական, ընդամենը օրենսգիրքը նախատեսում է ինչպիսի՞ հատուցումներ պետք է նախատեսի աշխատողը, ի՞նչ նյութական վնասներ կկրի աշխատողը, եթե նա խախտում է սույն գլխով նախատեսված ժամկետները։

Հաջորդ կարեւոր երկու ինստիտուտները, որ կարգավորված են այս օրենսգրքով, դա աշխատաժամանակն է եւ հանգստի ժամանակը։ Մանրամասնորեն կարգավորված է աշխատանքային ժամանակի տեւողությունը, աշխատաժամանակի տեւողությունը՝ շաբաթականը, արտաժամյա աշխատանքը, մեկօրվա ընթացքում անընդհատ աշխատանքը, գիշերային հերթափոխով աշխատաժամանակը եւ այլն։ Միաժամանակ կարգավորվում է նաեւ հանգստի ժամանակ։ Ընդամենը ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ աշխատանքային շաբաթի տեւողությունը մենք ընդունում ենք 40 ժամը, ոչ թե 41, եւ ղեկավարվելու ենք այդ սկզբունքով այս օրենսգրքում։

Օրենսգրքի հաջորդ բաժինը վերաբերում է աշխատավարձին, երաշխիքներին եւ փոխհատուցումներին։ Սկզբունքորեն նախատեսված է նաեւ նվազագույն աշխատավարձի ինստիտուտը, եւ այստեղ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք ընտրել ենք փոքր-ինչ այլ ճանապարհ։ Նվազագույն աշխատավարձը սահմանվում է Կառավարությամբ։ Իհարկե, օրենսդրի խնդիրն է որոշելու. արդյոք, այդ իրավասությունը պե՞տք է տրվի Կառավարությանը, թե՝ ոչ։ Մենք կարծում ենք, որ դա թույլ է տալու ավելի դինամիկ կարգավորում մտցնել, սակայն որոշ դեպքերում, միգուցե, դա արժե անել նաեւ օրենքով։

Սա շատ լուրջ հարց է։ Ես այսօր պատրաստ չեմ, ի դեպ ասած, այս հարցի մասին, այսպես, լայնորեն քննարկում, ես պատրաստ չեմ ավելի բովանդակային առումով քննարկելու։ Կարծում եմ, առանձին աշխատանքային խումբ պետք է հատուկ աշխատի հենց այս դրույթի վրա։ Ինչքանո՞վ է ճիշտ տալ այս իրավասությունը օրենսդիր մարմնին, թե՞ այս իրավասությունը պետք է տալ գործադիր մարմնին։

Ասեմ ինչումն է պրոբլեմը։ Օրենսդիր մարմինը որպես կանոն, որոշակի քաղաքական պատճառներով կարող է պատահել, որ գնա կտրուկ ավելացման նվազագույն աշխատավարձի, ինչը, իրականում, փաստորեն, լինելով որպես այդ, ինքնին պոպուլիստական քայլ, չդառնա պաշտպանող գործիք աշխատողի համար, այլ՝ դառնա աշխատատեղերի տեմպերի, շատացման տեմպերի կրճատման գործում։ Սա է մեր մտավախությունը, այդ առումով գործադիրը որպես կանոն, ավելի պատրաստ է լինում չգնալու այդքան պոպուլյար քայլերի։ Խոսքն ընդամենը դրա մասին է։

Այնուամենայնիվ, երկու մոտեցումները ունեն թե՛ իրենց դրական, թե՛ իրենց բացասական կողմերը, եւ մենք մեզ համար պետք է կողմնորոշվենք ո՞ր բալանսն է ճիշտ այս պարագայում։

Մնացած գլուխները, կարծում եմ, ավելի պակաս կարեւոր են իրենց բովանդակային առումով։ Նրանք, գրեթե, ստանդարտ են բոլոր երկրներում։ Խոսքը վերաբերում է աշխատանքային կարգապահությանը, հնարավոր պատիժներին, նկատողություն, նախազգուշացում եւ այլն։ Խոսքը վերաբերում է նյութական պատասխանատվությանը, երբ սովորական գույքային շրջանառության հարաբերությունները ուղղակի տրանսֆորմացվել են աշխատանքային հարաբերությունների մեջ, դարձյալ առանձնահատուկ կարգավորում չի պարունակում եւ, գրեթե, բոլոր երկրները գնացել են նույն մոդելով, ինչը շատ կարեւոր եմ համարում։

Հաջորդ բաժիններում դա աշխատողների անվտանգությունը եւ առողջությունն այդ բաժինն է։ Դարձյալ շատ նուրբ բաժին է, որովհետեւ ճիշտ բալանսը որոշելը խիստ կարեւոր է։ Ճիշտ բալանսը որոշելը, որովհետեւ սա, թերեւս, իր ծավալով լինելով բավականին փոքր բաժին, իրականում շատ մեծ ազդեցություն է ունենում ոլորտի կարգավորման վրա։

Ի՞նչ սահմանով, ի՞նչ սահմաններում ... ես 20 վայրկյանից կավարտեմ։

Թե ի՞նչ սահմաններում է պաշտպանվելու աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը, սա մեր որոշելու հարցն է։ Մենք փորձելու ենք տալ բալանսավորված մոտեցում այս նախագծում, մոտեցում, որն արդեն ցույց է տվել իրեն, այսպես ասենք, պրակտիկայում մոտեցում, որը որդեգրել են հիմնականում մերձբալթյան երկրները, եւ մենք տեսնում ենք, որ լուրջ խոչընդոտ չեն առաջացրել տնտեսության զարգացման առումով։ Այսքանը, շնորհակալություն։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ մենք ակնկալում ենք շատ լուրջ, շատ մանրամասն քննարկում։ Այս նախագծի 1-ին եւ 2-րդ ընթերցման ժամանակ այն՝ ինչ ես ձեզ ներկայացրեցի, անգամ չի էլ կարելի անգամ անվանել հայեցակարգ, ընդամենը՝ նախնական մոտեցումներ այս հարցի կարգավորման շուրջ։ Շնորհակալություն։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Պրն Հարությունյանին հարցերով դիմելու համար նախապատրաստվել հերթագրման։ Հերթագրում։ Հերթագրվել են 4 պատգամավոր։ Ձայնը տրվում է Խորեն Սարգսյանին, 2-րդ խոսափող։ Խնդրեմ։

Խ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Հարությունյան, եթե հավատանք այն խոսքերին, որ այս քննարկումը պետք է լինի շատ լուրջ, բա, ո՞րն էր նպատակը, սա արտահերթ նիստով անցկացնելու, որովհետեւ դուք լավ գիտեք, արտահերթ նիստում ոչ մի քննարկում լուրջ չի գնում։

2-րդը՝ արհմիութենական կոմիտեների հետ այս հարցը քնարկվե՞լ է, թե՞ ոչ, մասնակցություն ունե՞ն, թե՞ ոչ։ Եթե ունեն, ինչպե՞ս է նրանց դիրքորոշումը։

Եվ 3-րդ հարցը. 2-րդ հոդվածի 4-րդ կետը բավականին երկար է, նրանցից ընդամենը մեկն եմ ուզում ընթերցել. «Սեքսուալ կողմորոշումից...» ո՞րն է այդ սեքսուալ կողմնորոշումը։ Անկեղծ ասած, եթե կա ... մեկ րոպե, ասենք, եթե սեքսուալ կողմնորոշում ունեցող Կառավարությունում աշխատո՞ւմ է, թե՞ ոչ։ Թե միայն ուրիշ տեղ. բանվորության մեջ կամ ուրիշ տեղ։ Շնորհակալություն։

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Թույլ տվեք ձեր 3-րդ հարցին չպատասխանել էթիկայի կանոններից ելնելով։ Կարծում եմ, դուք ինքներդ այդ պատասխանը ինքնուրույն կգտնեք։

Ինչ վերաբերում է 1-ին երկու հարցին. ես արդեն նշեցի, որ մենք 30 տարի է չունենք նման ակտ։ Ցավոք սրտի, մենք 30 տարի ղեկավարվում ենք նույն ակտով։ Ցավով եմ նշում, որ մենք շատ երկար ժամանակ ծախսեցինք այս օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու համար։

Վերջին երեք տարիների ընթացքում ծնված նախագծերից սա 3-րդն է, եւ ես, իսկապես, կուզենայի, որ այն դրվի շրջանառության մեջ։ Նորից եմ կրկնում, բացարձակապես չենթադրելով, որ այս նախագիծը կարող է 2-րդ ընթերցմամբ քննարկվի այս ԱԺ-ում։ Բայց ես շատ կարեւորում եմ ուշադրություն հրավիրելը, եւ դրա համար ենք մենք ներկայացնում այսօր այս նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու համար։

Սա, կարծում եմ, կլինի այն կատալիզատորը, որը թույլ կտա կենտրոնացնել հասարակության ուշադրությունը ինչպես գործատուների, այդպես էլ աշխատողների, այդպես էլ արհմիությունների այս կարեւորագույն իրավական ակտի հանդեպ, եւ ապահովել բալանսավորված մոտեցում։ Նախորդ երկու նախագծերի պարագայում , բավականին մեծ դեր խաղացին արհմիությունները, ցավոք սրտի, գործատուներն այդպես էլ տեղից, այդպես ասենք, չշարժվեցին։ Արդյունքում մենք ունեցանք, իսկապես, ծայրահեղ պաշտպանություն, պաշտպանության ծայրահեղ միջոցներ պարունակող Աշխատանքային օրենսգիրք, որը Կառավարությունը, կարծում եմ, շատ խոհեմ գտնվեց, որ ծախսելով բավականին գումարներ, էներգիա այդ նախագծերի վրա, այնուամենայնիվ, չներկայացրեց ԱԺ-ին։ Մեզ համար պարզ էր, որ դա նշանակում էր ցանկացած տնտեսական ակտիվության կասեցում։ Երեւի թե դրանով է պայմանավորված, եւ մենք, իսկապես, կարծում ենք, որ դնելով այս նախագիծը շրջանառության մեջ, մենք կհրավիրենք բոլորի ուշադրությունն այս կարեւոր հարցի նկատմամբ։

Այն, որ այս հարցը չի կարող ընդունվել հապճեպ՝ 2-րդ, 3-րդ ընթերցում, դա միանշանակ է։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ պատգամավոր Վարդան Բոստանջյան, 2-րդ խոսափող։ Խնդրեմ։

Վ.ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն նախարար, մեկ տարի, մի քանի օր ավել առաջ, ձեր կողմից ներկայացված էր ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։ Ի դեպ ասած, մենք էլ մեր բնավորության կամ սկզբունքներին գերի մարդ ենք, ես, այսպես, 190 էջը լավ անալիզ եմ արել։ Մի հատ ուզում եմ նշել ընթացքից, որ գործադիր իշխանությունը, իմ խորը համոզմամբ, հենց ձեր տեղամասային մասում, որը գրում է բարձր մակարդակի օրենքներ, եւ դուք այդ ձեւի էլ գրել էիք այդ 2002 թվականի մարտի 28-ին ներկայացրածը։ Հիմա, ստացվեց ապրիլի 4-ին, որը, ինչպես արդեն նշվեց այստեղ, մեզ տվել են երեկ կամ երեկ չէ առաջին օրը, որ, ասենք, տեխնիկապես ժամանակ չի մնում որեւէ համեմատական անալիզ անել։ Ի դեպ, սա 100 էջ պակաս է։ Դուք սկզբից որ ասացիք, հավասարակշռվածության վերաբերյալ, մի քիչ էլ մեզ թերահավատություն արտահայտվեց։ Հիմա ես չեմ հասկանում, սա ո՞ւմ համար նաղդ հավասարակշռված չէ։ Եվ այսպիսի լավագույն օրենքը, նախագիծը, որն անկախ այն հանգամանքից, որ ես անձամբ 30-ից ավել, 30-ի չափ հարցեր ունեի այստեղ ուղղելու, իսկ մնացածը, աշխատանքային կարգով, բայց, այդուհանդերձ գնահատվում էր լավ օրենսգրքի նախագիծ։ Հիմա, սա էականորեն փոփոխվել է։

Ես հասկանում եմ նաեւ ձեր մտահոգությունը, ըստ որի, որ, այ, այս ԱԺ-ն չի ընդունի, պետք է չընդունի։ Սա մյուս ԱԺ-ի, բայց կուզենայի, այդուհանդերձ, իմանալ, թե հիմա չեմ էլ կարող հարցեր տալ, որովհետեւ ինչի՞ վերաբերյալ հարցեր տամ։ Կարող է հոդվածները փոխված լինեն կամ ընդհանրապես դրույթը կորած լինի։ Այդ շտապողականությունը մեկ, դա կուզենայի ասել, եւ մեկ էլ այս տարբերությունները էլի, սա որ հանեցիք շրջանառությունից, եւ սա դրեցիք։ Շնորհակալություն։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Բոստանջյան։ Արդեն նշեցի,. շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ շատ լավ հասկանալով, որ պատգամավորների համար կարեւորագույն խնդիրը հերթական ընտրություններն են, մենք ուզում ենք ոչ միայն պատգամավորների , այլ նաեւ ամբողջ հանրության ուշադրությունը հրավիրել այս օրենսգրքի հանդեպ։

Մենք ուզում ենք բեւեռել, պահանջել այս ձեւով, որ հասարակությունը իր ուշադրությունը կենտրոնացնի, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գործատուներ, արհմիություններ, աշխատողներ մասնակցեն այս ակտի լայնածավալ քննարկմանը։

Սա այն ակտն է, որը, իսկապես, մեզ համար միգուցե շատ ավելի կարեւոր է, քան բազմաթիվ այլ օրենսգրքեր։ Հանրությունում, հասարակության մեջ այս ակտը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան Քրեական օրենսգիրքը, շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան, ենթադրենք, «Պետական ծառայության մասին» օրենքը։ Շատ ֆունդամենտալ օրենք է, եւ, իսկապես, մենք համարում ենք սա այնքան կարեւոր, որ այդ ձեւով ենք պահանջելու, որ հասարակությունը իր ուշադրությունը թեքի այս կողմ։

Ինչո՞վ է պայմանավորված օրենքի տեքստի զգալի ծավալային կրճատումը։ Շատ ճիշտ նկատեցիք, ես միշտ համարում եմ, որ ձեր աչքից ոչինչ չի կարող վրիպել։ Պրն Բոստանջյան, նախորդ տարբերակը օրենքի, կարծում եմ, ծայրահեղ էր կանոնակարգում հարաբերությունները։ Մենք ունենք մեր ազգային առանձնահատկությունները, երբ պետք է կարգավորվի այն նվազագույնը, որը պարտավոր են բոլորը հարգել, մյուս մասում պետք է տանք ազատություն գործատուին եւ գործավորին։

Երբ մենք ծայրահեղ կարգավորում ենք հարաբերությունները, մեզ համար զուտ մեր ազգային առանձնահատկությունից ելնելով, կարծես թե, մենք շատ նեղ դաշտում ենք սկսում գտնվել։ Մեզ պետք է դինամիկ, մեզ պետք է, որ մենք մեր կյանքն առանձնահատկությունները հնարավորություն ունենանք հեշտորեն արտացոլելու, եւ դրա համար նախորդ նախագծից հանվեցին բոլոր այն դրույթները, որոնք պարտադիր չէր կարգավորել, եւ փոխվեց մոտեցումը։ Մոտեցումը դարձավ հետեւյալը։ Այ, սա է նվազագույնը, որ դու պետք է ապահովես։ Եվ, եթե դու չապահովեցիր այս նվազագույնը, դա ապօրինի է։

Եվ 2-րդը՝ եթե դու հանկարծ որեւէ բան չնշեցիր քո հարաբերություններում, քո ստեղծած գրավոր փաստաթղթերում, դա լինի կոլեկտիվ պայմանագիր, աշխատանքային պայմանագիր կամ ցանկացած այլ աշխատանքային հարաբերությունները կարգավորող ակտ, իմացիր, ա՛յ, մենք համարելու ենք, որ դու գրել ես սա, անգամ, եթե չես գրել։ Ա՛յ, սա է վերջին նախագծի մոտեցումը։ Եվ սա, կարծում եմ, շատ մեծ ազատություն է տալիս երկու կողմերին, իմանալով պետության նվազագույն պահանջը, ապահովել դինամիկան, կյանքի զարգացումը, եւ թույլ տալ, որպեսզի այս օրենսգիրքն աշխատի հերթական 4-6 տարիներին։ Ես վստահ եմ, որ 5-6 տարի հետո մենք պարտավոր ենք լինելու այս օրենսգրքին մեկ անգամ եւս անդրադառնալ, եւ, միգուցե, արմատական փոփոխություններ մտցնել, բայց մեր նպատակն է մոտակա 4-5 տարվա ընթացքում, կոնցեպտուալ առումով, ունենալ այս օրենսգիրքն այս տեսքով։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ Հրանուշ Հակոբյան, 4-րդ խոսափող։ Խնդրեմ, տիկին Հակոբյան։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն նախարար, ողջունելի է ձեր այն հարցադրումը, որ, իրոք, կան հարցեր, որոնք պետք է մանրամասնորեն քննարկել։ Ես կփորձեմ որոշ հարցեր տալ։ Իհարկե, շատ ծավալուն է, աշխատանքը կատարված է, եւ, գտնում եմ, որ որոշակի, ավելի, երեւի երկար ժամանակ է պետք 1-ինից 2-րդը, որպեսզի կարողանանք այս փաստաթուղթը կարգի բերել։

1-ին հարցադրումը. լրիվ կիսելով ձեր այն կարծիքը, որ գործատու եւ աշխատող հարաբերությունները շատ չմանրամասնենք, բայց, չե՞ք կարծում, որ Կառավարությանը տրված իրավասություններն այս օրենսգրքում շատ են։ Կան բաներ, որ մենք կարող էինք օրենսգրքով կարգավորել, չթողնել Կառավարությանը։ Նվազագույնն էլ՝ դուք մեկ օրինակ որպես այդպիսին բերեցիք։ Ես կարծում եմ, որ այս խնդրում ձեր կարծիքը։

2-րդը. իմ տպավորությամբ, կոլեկտիվ պայմանագրերի հետ կապված խոսելը, խոսում ենք արհմիությունների դերի մասին եւ այլն։ Բայց անհատի, այսինքն՝ կոնկրետ աշխատողի պաշտպանության խնդիրը չի կարգավորվում, կարծես։ Կոլեկտիվ պայմանագրի մասին խոսում ենք, անհատական պայմանագիրը, որպես այդպիսին, չկա եւ անհատի պաշտպանության խնդիրը այստեղ չկա, չի անհատականացվում։

Հաջորդ հարցը վերաբերում է, նու, այնտեղ մանուկների մասին ես չեմ խոսի, որ այլեւս ձեռնարկություն, հիմնարկություն, կազմակերպություն հատկացումները չկան եւ այլն, 4-րդ հոդվածում դուք ասում եք, 6-րդ կետը, «նվազագույն արտոնություններ»։ Ի՞նչ ենք հասկանում սրա տակ եւ որտե՞ղ է սահմանված «նվազագույն արտոնություն» հասկացությունը։

Հաջորդը. 3-րդ հոդվածում, ներողություն, մենք խոսում ենք իրավական նորմատիվ ակտերի մասին։ Ճիշտ է, մենք Սահմանադրության այս փոփոխություններում բերեցինք անհատական ակտի մասին, դրեցինք, հասցրեցինք սահմանադրական նորմ, իսկ, եթե անհատական ակտերին է հակասության մեջ մտնում, այսինքն՝ եթե այնտեղ փոփոխել ենք, մենք այստեղ անհատական ակտերի մասին էլ երեւի պետք է խոսենք։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Ներողություն, այդ հարցը չէի՞ք կրկնի, որովհետեւ ես լավ չհասկացա։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Ուրեմն, մենք խոսում ենք ընդհանրապես իրավական նորմատիվ ակտերի մասին, իսկ անհատական ակտերի մասին չենք խոսում։ 3-րդ հոդվածն որպես ընդհանուր կարգավորման առարկա, բայց մենք Սահմանադրության մեջ, եթե չեմ սխալվում, 6-րդ հոդվածում մտցրեցինք նորմ, որտեղ սահմանադրական բարձրությանը հասցրեցինք անհատական նորմերը։ Ուզում եմ ասել, եթե այնտեղ մտցրել ենք, ուրեմն, Աշխատանքային օրենսգրքում անպայման այս խնդրին պետք է անդրադառնանք։

Նույն 4-րդ հոդվածի 4-րդ կետում կա այսպիսի հասկացություն. «ազնվություն սկզբունք»։ Ազնվությունը դա բարոյակա՞ն կատեգորիա է, թե՞ իրավական։ Այստեղ արդարացիություն, ողջամտություն, դա ազգաիրավական եւ ազնվության սկզբունքներով, Ես գտնում եմ, ուղղակի ձեւակերպումն անընդունելի է։ Ունենք այսպիսի հասկացություն, եթե սա զուտ խմբագրական է, ես խնդիր չեմ տեսնում, կարող եք չպատասխանել, իսկ եթե սրա մեջ կա սկզբունք, ես կուզենամ հասկանալ։ 6-րդ հոդվածի 1-ին մասում ասվում է. « ՀՀ օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնագրերով»։ Ուրեմն, այստեղ «պայմանագիրը, համաձայնագիրը» կամ ի՞նչ է նշանակում, դրա իմաստն անհասկանալի է։

Հաջորդ հարցը վերաբերում է աշխատանքային ստաժին։ Դուք, իհարկե, շատ մանրամասնորեն, տարբեր ձեւերով թվարկում եք, բայց ես կարծում եմ, ընտրովի պաշտոնների հետ կապված, այնտեղ հետագայում դուք սահմանում եք ընտրովի պաշտոններ, բայց այստեղ, եթե չսահմանեիք, ուրիշ խնդիր, եթե սահմանում եք, ուրեմն, այստեղ պետք է թվարկման մեջ՝ ստաժի հասկացությունը «ընտրովի պաշտոնը եւ զինծառայությունը, ճիշտ է, դուք մի քանի ծառայությունների մասին խոսում եք, զինծառայությունը կամ պետք է մտցնեք, որ չի կարգավորվում այս օրենսգրքով եւ այլ օրենսգրքով, որովհետեւ դա ես չգտա։ Մյուսների մասին կար, դա չկար։ Եվ դա նույնպես։

Ողջունելի եւ չափազանց կարեւոր է 7-րդ գլուխը, որը խոսում է սոցիալական ընկերակցության մասին, բայց, պրն նախարար, կարծում եմ, 40-րդ հոդվածը , որտեղ հարաբերություններ, այսինքն՝ եռանկյունի, ուրեմն, հետագա հոդվածները շատ փայլուն ձեւով ասվում է եռանկյունու գաղափարը, այո՞, կառավարություն, գործատու, արհմիություն կամ երկկողմ, կամ ... մի խոսքով սա այն հասկացությունն է, որն աշխարհում ընդունված է, բայց ես կարծում եմ, հարաբերություններն ամբողջությամբ 40-րդ հոդվածի սկզբում, որ սահմանում է, թե ի՞նչ բան է սոցիալական ընկերակցությունը, չի սահմանում, էլ չի հասկացվում, ասում է. «որոշ դեպքերում պետական մարմինները ...»։ Դա ակնհայտ է, որ Կառավարությունը համարվում է եռանկյունու մի կողմը։

Պրն Ասլանյան, խնդրում եմ, ընդամենը մի հարցի շուրջը ես կուզենամ, որը վերաբերում է կարգապահական տույժերին։

247-րդ հոդվածում մենք խոսում ենք կարգապահական տույժերի մասին, եւ թվարկում ենք, դիտողություն, նկատողություն, աշխատանքից ազատել։ 1-ինը՝ ինձ համար ուզում եմ հասկանալ, աշխատանքից ազատումը համարում ենք կարգապահական տո՞ւյժ, թե՝ ոչ։

2-րդը. չե՞ք կարծում, «դիտողություն, նկատողություն» հասկացությունները դա ի՞նչ է, փողոցում կամ կողքից մեկն անցնում է, մեկին դիտողություն ես անում։ Սրանք իրավաբանորեն պե՞տք է ամրագրվեն, գրավո՞ր պետք է լինեն։ Եվ, ինչքան հիշում եմ, նախորդ փաստաթղթում կար աշխատանքից իջեցնելը, աշխատավարձը կրճատելը։ Մի շարք ձեւով պատիժները մարդը կրում էր, հետո էր ազատվում աշխատանքից։ Այս 237-րդում այնքան ակնհայտ, այսպես, մի հատ մարդուն կարող է, այսպես, դիտողություն անել ու դնել աշխատանքից ազատել, որովհետեւ այդ նույն կարգով դուք, եթե այսպես, վերադառնանք 235-րդ հոդվածին, դա դրա շարունակությունն է, 235-րդում ասվում է հետեւյալ արտահայտությունը. «գործադիրի պահանջով մարդը կարող է ազատվել»։ Այսինքն՝ իմպերատիվ է գրված երբ թվարկվում է «գործադիրի պահանջով»։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Ընդմիջման ժամ է այժմ։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Ուզում եմ ասել, այս խնդիրը, ազատելու, չազատելու խնդիրը շատ բարդ խնդիր է, ուստի ...

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Այդ հարցերին կպատասխանեմ ընդմիջումից հետո։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Ընդմիջումից հետո կշարունակենք հարցի քննարկումը։ Ընդմիջումը մեկ ժամ է։


Ժամը 1630
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Պրն Հարությունյան, խնդրեմ, պատասխանեք տիկին Հակոբյանի բարձրացրած հարցերին։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-1-ին հարցի պատասխանը՝ արդյոք, լիազորությունների շրջանակը ճի՞շտ է ընտրված Կառավարություն-ԱԺ, այս նախագծում։ Ես չեմ կարող պնդել, որ մենք գտել ենք լավագույն բալանսը, համաձայն եմ հարցադրման հետ։ Պատրաստ ենք քննարկելու եւ որոշելու, արդյոք, ո՞ր հարցերը պետք է թողնվեն Կառավարության որոշմանը, իսկ որ հարցերը պետք է տեղափոխվեն եւ պաշտպանվեն օրենսդրի կողմից ընդունված ակտի մակարդակով։

Հաջորդ հարցը վերաբերում էր կոլեկտիվ պայմանագրին եւ անհատական պայմանագրին։ Թույլ տվեք, այս հարցում չհամաձայնեմ ձեզ հետ, կարծում եմ, բացի կոլեկտիվ պայմանագրից, անհատական պայմանագրի դրույթները բավականին հստակ կարգավորված են եւ համապատասխան պաշտպանությունը եւս նախատեսված է օրենսգրքում։

Ինչ վերաբերում է 4-րդ հոդվածի 6-րդ կետին, որով նախատեսվում է, որ սուբյեկտների կողմից, եթե օրենսգիրքը եւ օրենքները, ուղղակի, արգելք չեն պարունակում իրավահարաբերությունների, ապա սուբյեկտները պետք է ղեկավարվեն արդարացիության, ողջամտության եւ ազնվության սկզբունքներով։ Ձեւակերպումը, միգուցե, թվում է ոչ իրավական, բայց իրականության մեջ, երբ իրականացվում է արդարադատությունը եւ դատական պաշտպանության ինստիտուտներ են գործում, ապա այս երեք սկզբունքներն ընկած են լինում հիմքում։ Սկզբունքորեն կարող եմ համաձայնել ձեզ հետ, որ կարող են «ազնվության» սկզբունքը հանել եւ թողնել «արդարացիության» սկզբունքը, ինչն ինքնին արդեն բավարար է, որովհետեւ «արդարացիության» սկզբունքը ենթադրում է նաեւ «ազնվության» սկզբունքը եւս։

Իրավունքի աղբյուրների վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ իրավունքի աղբյուրները կարող են լինել տարածական մեկնաբանության եւ նեղ մեկնաբանության, եւ անհատական ակտերը, որպես կանոն, չեն դիտվում որպես իրավունքի աղբյուր այն կոնտեքստում, որը բերված է այս օրենքում, իհարկե, նրանք իրավունք ծնում են, բայց այստեղ վերաբերում է իրավունքին, ոչ թե որպես կոնկրետ արտահայտված իրավունքի, այլ իրավունքի՝ որպես նորմ։

Հաջորդ ձեր մտահոգությունը վերաբերում էր հոդված 4-ի 6-րդ կետին, որում նշված է, որ աշխատանքային օրենսդրությունը սահմանում է նվազագույն արտոնությունների, երաշխիքների, փոխհատուցումների չափը եւ այլ աշխատանքային իրավունքների մակարդակը։ Իսկապես, մենք դրեցինք խնդիր, թե ո՞րն է օրենսդրության առջեւ ծառայած խնդիրը, ի՞նչ խնդիր պետք է լուծի աշխատանքային օրենսդրությունը, եւ հստակեցրեցինք, որ մեր մոտեցումը՝ ի տարբերություն նախորդ նախագծի, փոխվել է։ Մենք ուզում ենք, որ խնդիրներից մեկը դիտենք նվազագույն պաշտպանության մակարդակն ամրագրելը, դրա համար տալիս ենք աշխատանքային օրենսդրության առջեւ ծառացած հիմնական խնդիրը։

Ստաժի հետ կապված ձեր հարցադրմանը լիովին համաձայն եմ։

237 հոդվածի հետ կապված ձեր հարցադրմանն այդքան էլ համաձայն չեմ, տիկին Հակոբյան, որովհետեւ, կարծում եմ, եթե ուշադիր նայենք 136 հոդվածի 3-րդ կետը, ապա կտեսնենք, որ սկզբունքորեն մոդելը, գրեթե, կրկնում է այսօրվա գործող մոդելը եւ դա համարվում է պատասխանատվության որոշակի տեսակ, այնուամենայնիվ, եթե կարծում եք, որ պետք է այստեղ ավելի խիստ ձեւակերպումներ անեն, հաշվի առնելով նաեւ ձեր փորձն այդ բնագավառում, ավելի խիստ, կտրուկ լեզու լինի, ինչը նշանակում է ավելի մեղմել իրավիճակը, ես համաձայն եմ եւ պատրաստ եմ ձեզ հետ համագործակցելու այս հարցի շուրջ։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Վերջին հարցը պատգամավոր Արծրունի Աղաջանյանը պետք է հնչեցներ, բայց դեհլիճում չէ, խնդրեմ, նստեք, պրն Հարությունյան։

Այժմ լսենք գլխադասային հանձնաժողովի տեսակետը։ Ամբիոնի մոտ է հրավիրվում սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը։

Գ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, իսկապես, չափազանց կարեւոր, չափազանց ֆունդամենտալ օրենսգիրք է քննարկվում։ Շատ ճիշտ նշեց պրն Հարությունյանը, որ, գուցե, սա շատ ավելի կարեւոր է, քան «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, քան Քրեական օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգիրքը, ավելի շուտ օրենքների մի ամբողջ հավաքածու։ Մենք Աշխատանքային օրենսգիրքը, երբ 1 տարի առաջ սկսեցինք քննարկել, կային տարբեր մոտեցումներ, շատ մասնագետներ գտնում էին, որ, երեւի, պետք է Աշխատանքային օրենսգիրքը ընդունել, հետո դրանից բխեցնել «Արհմիությունների մասին» օրենքը, «Աշխատանքի վարձատրության մասին» օրենքը, «Զբաղվածության մասին» օրենքը եւ այլն, բայց նաեւ կար մոտեցում, որ կարելի է մի շարք օրենքներ ընդունել, հետո այդ բոլոր օրենքները միավորել մի օրենսգրքի մեջ, մենք գնացինք, ըստ էության, այս ճանապարհով։ Մենք շատ կուզենայինք, որպեսզի տրվեր իրավական տեխնիկայի առումով նաեւ այս կապը, թե ներկայացված տարբերակն ինչքանով է համահունչ եւ խոսուն «Աշխատանքի վարձատրության մասին» օրենքի հետ, «Արհմիությունների մասին» օրենքի հետ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի եւ այլն։ Օրենսգիրքը վերջնական այս տարբերակով մեզ ներկայացվել է երեքշաբթի օրը։ Երեքշաբթի օրը մենք հավաքվեցինք հանձնաժողովով, ներկա էր վարչության պետը՝ պրն Մարգարյանը, նա էր ներկայացնում արդարադատության նախարարությունից։ Անկեղծ ասեմ, ժամանակ չենք ունեցել օրենքը մանրակրկիտ ուսումնասիրելու եւ հնարավոր էլ չէ այսպիսի մեծ ծավալի օրենքը 1 օրում ուսումնասիրել։ Մեր առաջին ռեակցիան եղավ՝ միաձայն մերժել եւ հետ ուղարկել, խնդրել Կառավարությանը, որպեսզի սա պարբերական լսումների ինստիտուտով, անպայման, անցնի, նոր գա պառլամենտ, 1-ին ընթերցման։ Սա է եղել մեր մոտեցումը, բայց մենք այսօր նորից անդրադարձանք այս օրենքին, որովհետեւ Կառավարության 2-րդ խնդրանքը եկավ, թե այս օրենքի հետ կապված մենք պարտավորություններ ունենք Եվրոպայի խորհրդի առաջ եւ նաեւ խնդիրներ ունենք Համաշխարհային բանկի հետ եւ այլն։ Առաջարկություն եղավ, որրեսզի 1-ին ընթերցումով քվեարկել, ընդունել օրենքը, 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում անել պատգամավորական լսումներ, հրավիրել մասնագետներին, լայն քննարկումներ անել, իհարկե, նաեւ նոր գումարման պատգամավորների ուսերին դնել այս կարեւորագույն, բարդ օրենքը։

Հիմա, հարգելի գործընկերներ, ընտրությունը ձերն է, ես այսօր դժվարանում եմ անդրադառնալ հոդվածներին դրույթ առ դրույթ, չնայած, պրն Հարությունյանը բավականին մանրամասն ասաց։ Կան դրույթներ, որնք ես մեկ ու կես օրվա ընթացքում նայել եմ, գտնում եմ, որ բավականին լավ դրույթներ են ամրագրվել, կան դրույթներ, որոնք, իմ կարծիքով, որոշակիորեն նահանջ են ապրել 1-ին տարբերակից, կան դրույթներ, որոնք որ հղկման կարիք ունեն, իրավական տեխնիկայի առումով պետք է խոսեցվեն մնացած օրենքների հետ, որոնք որ մենք ներգրավում ենք այստեղ։ Ահռելի, քրտնաջան աշխատանք կա դեռ այս օրենքի վրա, միանշանակ նաեւ համամիտ եմ տիկին Հակոբյանի բոլոր այն առաջարկություններին եւ մտավախություններին, որոնք արվեցին, որովհետեւ այս խնդիրները շատ կարեւոր են։ Ավելին, արհմիությունների կոնֆեդերացիան, Հարությունյանը, Մարտին Կարպիչն ինձ խնդրեց, թե՝ գիտե՞ք, մենք էլ չենք հասցրել, ըստ էության, վերջին տարբերակը մենք էլ չենք ունեցել։

Այսօր մեր հանձնաժողովի նիստին մասնակցում էր փոխնախագահը, ՀԱՄԽ-ի 1-ին տեղակալը, նրանք էլ խնդրեցին, որ եթե հնարավոր է, եկեք, պատգամավորական լսումների ինստիտուտով անցկացնենք, նոր բերենք քննարկման, ընտրությունը պատգամավորինն է, մերն է։ Հանձնաժողովի կարծիքն այսպիսին է, երկու տարբերակ ենք առաջարկում, կամ արդեն հասարակությունը իրազեկ դարձավ, արդեն ուշադրության կենտրոնում դրվեց այս օրենքը... Ես չեմ կարծում, որ նոր գումարման ԱԺ-ն կարող է ականջի հետեւ թողնել եւ Կառավարության պնդումից հետո չանդրադառնալ այս օրենքին, ես կարծում եմ, որ նման մտավախություն մենք չունենք, բայց, եթե անհրաժեշտություն կա, որ 1-ին ընթերցումով ամրագրվի, որպեսզի հաստատ այս քննարկումները գնան, կարելի է նաեւ 1-ին ընթերցումով անցկացնել, 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ, անպայման, անցկացնել հասարակական լսումներ, խորհրդարանական լսումներ մասնագետների հետ, նոր գնալ 2-րդ, 3-րդ ընթերցումներին։ 1-ից 2-րդ ընթերցման կանոնակարգային նրբությունը նրանումն է կայանում, որ 1-ից 2-րդ ընթերցման պատգամավորական լսումներից հետո մենք, ըստ էության, ելույթների եւ քննարկումների հնարավորություն չենք ունենա, ելույթներ կկարողանան ունենալ միայն այն մարդիկ, որոնք 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ գրավոր առաջարկություններ կանեն, այ, սա է խնդիրը։ Իսկ, եթե մենք հիմա հետաձգենք, պատգամավորական լսումներից հետո նոր քննարկումներ անցկացնենք, նոր գումարումով, թարմ պատգամավորներով, այդ ժամանակ, ես կարծում եմ, որ քննարկումները, երեւի, շատ ավելի ակտիվ եւ շատ ավելի մեծ բնույթ կկրեն։ Խնդրեմ, ընտրությունը ձերն է, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովը երկու մոտեցումներն էլ ներկայացնում է ձեզ, մենք պատրաստ ենք հետեւելու մեր գործընկերների, մեծամասնության առողջ կարծիքին։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Պրն Թադեւոսյանին հարցերով դիմելու համար խնդրում եմ հերթագրվել։ Հարցեր չկան, նստեք, խնդրեմ, պրն Թադեւոսյան։

Այժմ անցնենք մտքերի փոխանակության, որի համար նախապատրաստվեք հերթագրման՝ ելույթ ունենալու համար։ Հերթագրվել է 2 պատգամավոր։ Ձայնը տրվում է պատգամավոր Հրանուշ Հակոբյանին։

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, արդեն նշվեց, որ ամենակարեւորագույն փաստաթուղթն ենք քննարկում Սահմանադրությունից հետո, մեր խորհրդարանում, որովհետեւ Աշխատանքային օրենսգիրքը գալիս է կարգավորելու բոլոր այն աշխատանքային հարաբերությունները, որոնք կան մեր հասարակության մեջ, տարբեր շերտերում, ոլորտներում, կառույցներում, ճյուղերում։ Պետք է ասեմ նաեւ, որ 97 թվականից սկսվել են այս օրենսգրքի վրա աշխատանքները, ուսումնասիրվել է միջազգային փորձը, մի շարք միջազգային եւ տեղական փորձաքննությունների է ենթարկվել։

Ես ուզում եմ առանձնացնել երկու ինստիտուտի գործունեությունն այս բնագավառում, դա արհմիությունների ակտիվ աշխատանքն է, ինչպես նաեւ արդարադատության նախարարության։ Փաստաթուղթը, որը ներկայացրեց պրն Հարությունյանը, հիմնական սկզբունքները, իհարկե, պետք է համաձայնել այդ սկզբունքների հետ, որոնք ներ են դրված օրենսգրքի հիմքում։ Բնականաբար, 10 տարուց ավելին է, որ անցել ենք շուկայական տնտեսության, բոլոր աշխատանքային իրավահարաբերություններն արդեն գործող օրենգիրքը, գրեթե, չի կարգավորում, շատ հաճախ առաջանում են վեճեր, նաեւ դատական վեճեր, որոնք առաջացնում են խիստ դժվարություններ՝ ինչպես դատական մարմինների, այնպես էլ գործատուների համար, որոնք ի վիճակի չեն լուծելու այդ խնդիրները։

Այն մտահոգությունը, որ ուներ նաեւ պրն Թադեւոսյանը, բոլորս ունենք, չենք հասցրել, կարծես թե, հատված-հատված ենք հասցրել ընթերցել, բնականաբար, ճիշտ կլինի, որ 1-ին ընթերցմամբ սա ընդունվի։ Մենք պետք է ունենանք փաստաթուղթ, հիմք, որի վրա հետագայում կարողանանք աշխատել, թե չէ դա կնշանակի, որ եւս անորոշ ժամանակով հետաձգվի այս կարեւոր փաստաթղթի ընդունումը։ Ես կարծում եմ, որ 1-ին ընթերցումից հետո բոլոր այն շահագրգիռ մարդիկ, որոնք կոչված են աշխատելու, կաշխատեն, իսկ բոլոր այն մարդիկ, որոնց համար ոչ մի նշանակություն չունի, թե օրենքը կընդունվի՞, թե չի ընդունվի, նրանք նույն ձեւով կշարունակեն իրենց աշխատանքները։

Այս փաստաթղթում ինձ 2-3 խնդիր է մտահոգում։ 1-ինը ես հարցի ձեւով արդեն ասացի, լիազորությունների սահմանները, Աժ-ի, այսինքն՝ օրենքի եւ Կառավարության այլ իրավական ակտերի, ինչպե՞ս ենք տարանջատելու, ո՞ր բնագավառներն ենք վերջնականապես կարգավորելու, փաստորեն, օրենք չէ, օրենսգրքով, եւ ո՞ր հարաբերություններն ենք թողնելու Կառավարությանը։ Կարծում եմ, այստեղ պետք է շատ հավասարակշռված մոտեցում ցույց տալ։ Ես համաձայն եմ, որ օպերատիվ խնդիրները պետք չէ բերել եւ տեղավորել օրենսգրքի մեջ, սակայն կան սկզբունքներ, որոնք երբեք չի կարելի զիջել Կառավարությանը, այդ թվում նաեւ նվազագույն աշխատավարձի սահմանումը։ Այսօր Աժ-ի մենաշնորհն է այս խնդրի կարգավորումը, եւ կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք պնդել եւ զբաղվել, ես մեկ օրինակ, ուղղակի, ասացի, եւ նման այլ խնդիրներով։

2-րդ գլխավոր խնդիրը, որ ես տեսնում եմ, դա աշխատողի պաշտպանվածության խնդիրն է, ինչքանո՞վ է Աշխատանքային օրենսգիրքը պաշտպանելու աշխատավորին այն բոլոր հարաբերություններից, որոնք թելադրում է դժվար շուկան, մրցակցությունը, գործատուն, սեփականատերը։ Այստեղ է, որ պետությունը, իրոք, ավելի հեռվից է նայում եւ ոչ թե ինքը կոնկրետ մասնակցություն է ունենում, առավել եւս, օրենքն այնքան հստակ ու խիստ պետք է սահմանի այն բոլոր հարաբերությունները, որոնք առաջանում են գործատու եւ աշխատող հարաբերություններում, որպեսզի աշխատողը, ինչպես ասում են, չշահագործվի, որ աշխատողի իրավունքներն ու պարտականությունները հստակորեն սահմանվեն անհատի գործունեության եւ կոլեկտիվ պայմանագրերում։ Այս երկու փաստաթղթերում պետք է հստակորեն սահմանվեն եւ՛ կոլեկտիվի, եւ՛ անհատի իրավունքները եւ այդ իրավունքների պաշտպանվածությունը։ Այստեղ մենք ինչքան շատ դեր վերապահենք արհմիություններին եւ այդ համաձայնեցման եւ վեճերը լուծող կոմիտեներին, այնքան կկարողանանք պաշտպանել աշխատողին։

2-րդ ուղղությունը եւ մոտեցումը նա է, որ գործատուն նույնպես պետք է պաշտպանված լինի։ Մենք չպետք է հարկի կամ անհարկի ձեւով միջամտենք գործատուի գործունեության մեջ եւ թույլ չտանք նրա ընդհանուր գործունեությունը։ Ես միանգամայն կիսում եմ այն տեսակետը, որ կան հարաբերություններ, որոնք պետք է թողնել պայմանագրին, պետք է թողնել աշխատող եւ գործատու փոխհարաբերություններին եւ ոչ թե դա բարձրացնել օրենքի աստիճան, որովհետեւ յուրաքանչյուր ճյուղ, ուղղություն, բիզնես, ամեն մեկն ունի նաեւ իր յուրահատկությունները, իսկ այս բոլորը տեղավորել օրենսգրքում, իհարկե, նպատակահարմար չէ։

3-րդ խնդիրը, որն այս Աշխատանքային օրենսգրքի նոր նախագիծը բերում է, դա սոցիալական ընկերակցությունն է։ Այս գաղափարը մենք 1-ինը չենք, որ կիրառում ենք, դա արդեն աշխարհի առաջադեմ երկրներում կիրառվող բավականին հետաքրքիր աշխատանքի ոճ է, երբ գործատուն, նրա ներկայացուցիչները, արհմիությունները եւ Կառավարությունը, այս եռանկյունին գործում է եւ այդ գործունեությունը բերում է նրան, որ շատ ու շատ խնդիրներ, վեճեր, ուղղակի, հանվում են եւ հարցը չի հասնում գործադուլի աստիճանի։ Այստեղ սահմանվում է եւ ընդունելի է, որ Աշխատանքային օրենսգրքում է գործադուլը եւ նրա մեխանիզմները կանոնակարգվում եւ ոչ թե այլ օրենքով։ Կարծում եմ, որ այստեղ լրատվությունն ընդհանրապես բաց է մնացել եւ՛ սահմանափակումների մեջ, թե որտեղ չի կարելի, ենթադրենք, գործադուլ կազմակերպել։ Կարծում եմ, սահմանադրական այն իրավունքն՝ ինֆորմացիա ունենալու, կարող է, հանկարծ, գործադուլի պատճառով փակվել մարդկության համար։ Այս խնդիրը, ճիշտ է, դուք կարող եք ասել, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքով եւ այլն, բայց ես գտնում եմ, որ, եթե գործադուլների մասին մենք արդեն սահմանափակումներ դնում ենք, այստեղ որոշակի սահմանափակումներ պետք է դրվեն։ Դա չի նշանակում, որ նրանք իրավունք չունեն գործադուլի, բայց գործադուլի որոշակի ժամեր կամ որոշակի օրեր, որպեսզի մարդը տեղեկատվությունից ընդհանրապես չզրկվի։

Ողջունելի է նաեւ այն խնդիրը, որ կանոնակարգված են կարգապահական տույժերը, կանոնները, հարաբերությունները, բայց այստեղ կա որոշակի խառնաշփոթ։ Ցանկալի կլիներ, եւ ես ուզում եմ հավատալ, որ արդարադատության նախարարության հետ կհասնենք որոշակի համաձայնության, որ դիտողություն եւ նկատողություն, այս երկու հայտարարություններն անելուց հետո գործատուն կարող է մարդուն ազատել աշխատանքից, ընդամենը դա ենք պահանջում, իսկ դիտողություն անել, դա կարելի է ցանկացած մարդուն, ցանկացած պահին դիտողություն անել, ցանկացած պահին կարելի է նկատողություն անել։ Դրա համար ես կարծում եմ, որ այս երկու հասկացությունները, կատեգորիաները մենք պետք է Աշխատանքային օրենսգրքում լրիվ սահմանենք, թե չէ մեկ խոսքից հետո վերցնել եւ մարդուն ազատել, ընդունելի չէ։ Սա մեկ։

2-րդը՝ քանի որ կարգապահական տույժ է համարվում նաեւ աշխատանքից ազատելը, ուրեմն, դրան նախորդող, 35-րդ հոդվածում ասվում է, որ պաշտոնատար անձի պահանջով մարդը կարող է ազատվել աշխատանքից։ Կամ այսպիսի մի ձեւակերպում կա, այսպիսի նորմ կա, որ ասում է, որ կարգապահական տույժը հանվում է, եթե նա իրեն մեկ տարի լավ է դրսեւորել։ Դա նշանակում է, որ մի տարի հետո կարելի է մարդուն վերականգնել աշխատանքի՞, եթե մտել է նույն հասկացության տակ, կարգապահական տույժի նաեւ աշխատանքից ազատումը։ Այստեղ կան խնդիրներ, որոնք կարելի է ավելի հստակ կանոնակարգել եւ ես համաձայն եմ, որ մարդուն պետք է մի քանի անգամ նախազգուշացնել եւ ոչ թե մեկ կամ երկու անգամ նախազգուշացնելուց հետո ազատել, որովհետեւ ամենակարեւոր խնդիրն այսօր աշխատատեղերի ստեղծումն է, աշխատանք ունեցող մարդուն ավելի խրախուսել, ոգեւորել, քան թե վերցնել եւ ազատել։ Այս հարաբերությունները պետք է ավելի հստակ կանոնակարգվեն։ Ես կարծում եմ, խելամիտ կլինի, եթե մենք համաձայնենք 1-ին ընթերցումով ընդունել եւ շարունակել վրան աշխատել։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

Հաջորդ ելույթի համար ամբիոնի մոտ է հրավիրվում Սեյրան Ավագյանը։

Ս.ԱՎԱԳՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քանի որ արդեն ասվեց այն միտքը, որ այս օրենքը, կարծեք, այս խորհրդարանը չէ, որ ընդունելու է, դեռեւս առաջիկայում մանրազննին կքննարկվի։ Դա, երեւի, ճիշտ մոտեցումն է։ Ինձ արդեն շատ-շատ մարդիկ են դիմել, խնդրանքով, որ հնարավորություն ստեղծվի, որպեսզի շահագրգիռ կողմերը հնարավորություն ունենան այս օրենքի մանրամասների մեջ խորանալու։ Եթե արդեն կա համաձայնությունը, որ օրենքն այս խորհրդարանը չէ, որ ընդունելու է, այնքան սկզբունքային ես չէի համար, թե 1-ին ընթերցմամբ հիմա կընդունվի՞, թե չի ընդունվի, բայց, իսկապես, մենք ունենք շատ մեծ խնդիր։ Իմ տեսանկյունով էլ այս օրենքը շատ հարաբերություններ բաց է թողել, որին անդրադարձ այստեղ չկա։ Օրենքի այն մշակված հատվածները, որոնք որ ընթերցում ենք, տեսնում ենք, որ կա հետեւողականություն, կա ձգտում, մանրակրկիտ խորանալ իրողությունների մեջ, այսինքն՝ ելնել այսօր հանրապետությունում ստեղծված իրողություններից, որ մի քիչ ավելի հեռացված է դասական մոտեցումներից։ Դա, իսկապես, ճանապարհ է, որով պետք է գնանք, բայց, կարծում եմ, կան հիմնարար խնդիրներ, որոնց կարգավորումն օրենքում առաջիկայում պետք է լինի, քանի որ առաջիկայում սպասվում են այդպիսի քննարկումներ։ Օրենքը չպետք է միայն գործատու եւ վարձու աշխատող հարաբերությունների դաշտն ուսումնասիրի։ Այսօր շատ հարցեր կան մեր պրակտիկ դաշտում, դա գործատուին, գործարարներին հնարավորությունների ընձեռումն է, որպեսզի նրանք կարողանան իրենց մոտ, իրենց վարձու աշխատողների հետ խնդիրները կարգավորելու հնարավորություն պետությունն ընձեռի։ Ամեն ինչը չէ, որ պետք է քամել, վերցնել պետության ձեռքը, տնտեսությունում պետք է թողնվի լուրջ միջոցներ եւ հնարավորություններ, որպեսզի հնարավոր լինի աշխատանք կազմակերպել ներսում, այլապես այսօրվա իրավիճակում, երբ մնացել է միայն աշխատավարձի խնդիրը եւ ուրիշ ոչինչ, եւ աշխատավարձն էլ այս չափերի մեջ, որը ոչ շահույթի հետ կապ ունի, ոչ մի բանի հետ կապ չունի։ Գործազրկության այս պայմաններն էլ, որ գոյություն ունեն, եկեք անկեղծորեն խոստովանենք, որ այսօրվա մեր այս հարաբերությունների դաշտում ոչ մի կոլեկտիվ պայմանագիր էլ որեւէ էական դեր եւ նշանակություն չունի, որովհետեւ որեւէ պայմանավորվածություն իրագործելու համար, ինչի մասին ասում էր պրն նախարարը, որ պետք է լինի ազատություն, որ ձեւավորվեն այդ իրական հարաբերությունները, շատ կարեւոր գաղափար է դա, բայց այդ ազատությունը պետք է նաեւ ապահովված լինի, որ ձեռնարկությունն ունենա եւ կարողանա տրամադրի միջոցներ, որոնք օրենքի մակարդակով, Կառավարության մակարդակով ստեղծվի այդ ֆինանսական հնարավորությունները ձեռնարկություններում, որ դա միայն ցանկություն չլինի, ցանկություն, ինչքան ասեք, բայց այդ ցանկությունն իրագործելու համար, իսկապես, մեծ դաշտ կա։

Ժամանակն էլ շատ սուղ է, չեմ ուզում ավելի խորանալ, քանի որ, ինչքան ես եմ հասկանում, մենք օրենքը թողնելու ենք հաջորդ խորհրդարանին։ Մենք ուշադրությունը հրավիրեցինք բոլոր կողմերի, մանրակրկիտ ծանոթանալու օրենքի դրույթների հետ, եւ այնքանով, ինչքանով օրենքը կհամապատասխանի իրականությանը, այնքանով նա, իհարկե, կլինի ավելի աշխատող, բայց բացերը, թերությունները շատ մեծ են այս օրենքի մեջ, հետագա շտկումների, քննարկումների կարիք ունի։ Այսքանը։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Ավարտվեցին ելույթները։ Եզրափակիչ ելույթի համար, պրն Թադեւոսյան, ձայնը տրվում է սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանին։

Գ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, մենք երբեմն շատ ենք ասում, որ ամեն ինչ պետք չէ վերցնել, պետք է թողնել, որ ազատ տնտեսավարողն ունենա հնարավորություններ՝ կարգավորելու եւ այլն։ Եվ միշտ, չգիտեմ ինչու՞, պետություն ասելով, հասկանում ենք ինչ-որ վերացական, ինչ-որ կտրված մի սուբյեկտ, որը որ մերը չէ։ Պետությունը հենց մենք ենք, եւ՛ գործարարն է, եւ՛ աշխատողն է, եւ՛ ձեռներեցն է, եւ՛ փողատերն է, եւ՛ աղքատն է, բոլորս ենք պետությունը, պետական երաշխիքների մասին է խոսքը։ Ես շատ կուզենայի, որ Աշխատանքային օրենսգիրքը, իսկապես, այդ պետական երաշխիքները տար։ Այսինքն՝ այն ռազմավարությունը, որը պետությունը որդեգրում է, արդարադատության նախարարությունն ի՞նչն է, պետության արբիտրը, որը պետք է արդար դատի եւ կարողանա արդարադատության իր բոլոր սկզբունքներով հարաբերի բոլոր հարաբերությունները։ Աշխատանքային օրենսգիրքը պետք է լինի այն սուրբ մատյանը, որտեղ ամենադժվար պահին մարդիկ կարողանան նայել եւ հետեւություն անել, կարողանան հասնել հարցի լուծման։ Պետական երաշխիքների պաշտպանության 1-ին խնդիրը, անկյունաքարը՝ Աշխատանքային օրենսգրքի, աշխատող մարդու, ձեռներեցի, գործարարի, ներդրողի, բոլորի համար օրենսգիրք է եւ բոլորի համար փրկության նավակ, եթե այդպես կարելի է ասել։ Բոլորը պետք է կարողանան այդ Աշխատանքային օրենսգրքից օգտվել եւ այդ հարաբերությունները կարգավորել, հարաբերության բոլոր գլուխներն օրենսգրքում կան։ Սեղմվել է օրենսգիրքը, դրանից չի տուժել, բայց պաշտպանության մեխանիզմների առումով լրացումների խնդիր կա, դա նշեցին եւ՛ նախարարը, եւ՛ տիկին Հակոբյանը։ Անկախ նրանից, թե ինչ գաղափարախոսություն է ստանում, ազատական, լիբերալ, սոցիալիստական եւ այլն, Աշխատանքային օրենսգիրքը այդ բոլոր իրավահարաբերությունները կարգավորում է, այստեղ զբաղվածության խնդիրներ պետք է լուծվի։

Մի քիչ առաջ, ցավոք սրտի, ինձ հրավիրել էին մի ատյան, ես չկարողացա, գույքի սեփականաշնորհման, առողջապահության օբյեկտներին նույնպես անդրադառնալ, մեր հանձնաժողովի անդամին, որին երաշխավորել էինք, պրն Գրիգորյանը խոսեց։ Մարդիկ ինչու՞ են այսօր մտավախության մեջ, այսպես, ափալ-թափալ ցանկանում սեփականաշնորհել իրենց օբյեկտները, հարց տալի՞ս ենք մենք մեզ։ Ինչու՞ պետք է այսօր Քոչարի վրա գտնվող այդ գեղեցիկ պոլիկլինիկան, որտեղ որ ներդրումներ է արվել, վերանորոգվել է, եվրոռեմոնտ է արվել, Քոչարից, որ նայում ես, այսպես, գեղեցիկ, կլոր ապակիներ ունի եւ այլն, այսօր դրա կոլեկտիվն ու ղեկավարն ուզում են սեփականաշնորհեն, որովհետեւ Աշխատանքային օրենսգրքով երաշխավորություններ չունեն, որ վաղն այդ պոլիկլինիկայի բժիշկը չի ազատվելու, եթե այս կամ այն թիմին դուր չգա եւ այդ շենքն էլ պետական բեակ չի դառնա, որովհետեւ արդեն մի քանի անգամ ասել են, որ շատ սիրուն, բանկի շենք է։ Օրինակի համար եմ ասում, հասկանու՞մ եք։ Ես ուզում եմ ասել, որ Աշխատանքային օրենսգիրքը նաեւ այդ գույքային եւ աշխատանքային հարաբերությունները կարգավորող խնդիր ունի իր մեջ։

Արյան փոխներարկման ինստիտուտի սեփականաշնորհման խնդիր են դրել։ Պետական անվտանգության մասին ենք խոսում, ազգային անվտանգության հիմնախնդիրների մասին ենք խոսում, առողջապահության անվտանգության խնդիրների։ Բոլորդ հիշում եք, որ մի քանի ամիս առաջ կամ կես տարի առաջ դատախազությունում քննվում էր սեռավարակի արյուն ներարկելու խնդիրը, արյան փոխներարկման ինստիտուտում, սա պետության, աչքի լույսի պես հսկողության խնդիր չի՞։ Իսկ ինչու՞ է այսօր այդ կոլեկտիվն ուզում սեփականաշնորհել այդ ինստիտուտը, որովհետեւ 32 մլն դրամի պարտք ունեն դեղորայք մատակարարող կազմակերպություններին, ուրեմն, ամեն ինչի մեջ պետք է խորանալ, չէ՞։

1999 թվականին որդեգրել ենք, հաստատել ենք ռազմավարություն, հստակ ռազմավարություն՝ առողջապահության զարգացման։ Հեծանիվներ հնարել պետք չի, կա Համաշխարհային առողջապահության կազմակերպության զարգացման տենդենցները, 21-րդ դար եւ առողջություն։ Պրոֆիլակտիկ առողջապահությունը պետք է լինի ամենահասանելին՝ քաղաքացուն, որովհետեւ ստացիոնար առողջապահությունը թանկ է։ Եթե մենք պետք է պրոֆիլակտիկ առողջապահությունը սեփականաշնորհենք եւ դրանով ավելի հեշտացնենք մարդու առողջապահությունից օգտվելը, խնդիր չկա, դա էլ է Աշխատանքային օրենսգրքի խնդիր։ Մտավախություն կա, որ սեփականաշնորհելուց հետո կոլեկտիվը կհայտնվի փողոցու՞մ, մասնագետը կհայտնվի փողոցու՞մ, թե՞ կաշխատի, սա Աշխատանքային օրենսգրքի խնդիր չի՞։ Այս բոլոր խնդիրները չափազանց կարեւոր են, դրա համար կարեւոր օրենսգիրք է, պետության կայացման համար անհրաժեշտ օրենսգիրք է, ես կարծում եմ, որ պետք է այս օրենսգիրքը, անպայման, ընդունվի։

Նորից եմ ասում, որ հանձնաժողովը չի առարկում, եթե մեր պատգամավորները 1-ին ընթերցումով կընդունեն եւ պատգամավորական լսումների ինստիտուտով կանցկացնեն մինչեւ 2-րդ ընթերցում, ես կարծում եմ, որ Կառավարությունն էլ դրան դեմ չի։ Մենք այս մոտեցումը նորից ենք ամրագրում, հանձնաժողովն իր տեսակետը նորից, մի անգամ կրկնում է։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Եզրափակիչ ելույթի համար ամբիոնի մոտ է հրավիրվում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ելույթ ունեցողներին, որովհետեւ շատ կարեւոր հարցադրումներ արվեցին։ Շնորհակալություն պրն Թադեւոսյանին, որովհետեւ շատ կարեւոր մի շերտ ցույց տվեց, Աշխատանքային օրենսգրքի ազդեցությունը՝ բազմաթիվ այլ ոլորտների առումով, թե այս հարաբերությունների կարգավորումն ինչքանո՞վ է օգնելու այլ խնդիրների լուծմանը, երկրում ավելի կանոնավոր հարաբերությունների ստեղծմանը, այլ ոչ թե արհեստածին ձեւերով, փորձել լուծել տարբեր հարցեր։ Վստահաբար կարող եմ պնդել, որ օրենսգիրքը մինչեւ 2-րդ ընթերցումն էական փոփոխությունների կենթարկվի։ Վստահաբար կարող եմ պնդել, որովհետեւ այն հարցերը, որ բարձրացրեցին եւ՛ Սեյրան Ավագյանը, եւ՛ Հրանուշ Հակոբյանը, սրանք կարեւոր հարցեր են։ Հենց այստեղ, ամբիոնից զգացվեց, որ անհրաժեշտ է այն կոնսենսուսը, այն հանրային ուշադրությունը, որը թույլ կտա ստեղծել Աշխատանքային օրենսգիրք, որը կանոնակարգում է բոլոր հնարավոր հարաբերություններըեւ ողջամիտ բալանսն է ապահովում։

Ես խնդրելու եմ բոլոր ելույթ ունեցողներին, տիկին Հակոբյանին, Սեյրան Ավագյանին եւ Գագիկ Թադեւոսյանին, որպեսզի նրանք իրենց մասնակցությունն էլ բերեն այս օրենսգրքի կատարելագործմանը, եւ հուսով եմ, որ մյուս խորհրդարանում, չգիտեմ, ո՞վ հանդես կգա Կառավարության անունից, բայց դուք՝ երեքով, կպաշտպանեք արդեն այս օրենսգիրքն իր բոլոր դետալներով։

Առաջարկում եմ այս օրենսգիրքը դնել քվեարկության՝ 1-ին ընթերցմամբ ընդունելու համար, հարմար պահին։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը կանցկացնենք հարմար պահին, նախորդ քննարկված հարցերի հետ միասին։

Այժմ անցնենք հաջորդ հարցին՝ ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի 2002 թվականի տարեկան հաշվետվության քննարկմանը։ Հարգելի պատգամավորներ, «ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացված հաշվետվությունը հաստատվում է ԱԺ-ում, այնուհետեւ հրապարակվում ՀՀ պաշտոնական տեղեկագրում։ Ձեզ բաժանված է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ներկայացված
«ԱԺ վերահսկիչ պալատի 2002 թվականի տարեկան հաշվետվության մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը մենք կընդունենք քննարկման արդյունքում։

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար ձայնը տրվում է Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին։

Գ.ՈՍԿԱՆՅԱՆ

-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատը հաշվետու ժամանակաշրջանում իր գործունեությունն իրականացրել է ՀՀ օրենսդրության եւ Վերահսկիչ պալատի 2002 թվականի ծրագրին համապատասխան։ Հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրվել եւ վերահսկողություն է իրականացվել Վերահսկիչ պալատի համար, օրենքով սահմանված դաշտի, համախմբված բյուջեի ծախսային մասի 27 %-ը կամ 76 մլրդ դրամ, եկամտային մասի 9 %-ը կամ 25 մլրդ դրամ։ Տարեկան հաշվետվությունն ընդգրկում է Վերահսկիչ պալատի 27 ուսումնասիրությունների արդյունքները։ Դրանք ամփոփվել են Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատված 18 եզրակացություններում եւ 9 տեղեկանքներում։ 18 եզրակացություններից՝ 3-ն ամփոփելիության արդյունքներ են, 3-ը՝ կիսամյակային տեղեկանքներ, վերջիններս՝ համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի, ժամանակին ներկայացվել են ԱԺ քննարկմանը։

Վերահսկիչ պալատի 2002 թվականի ծրագրում նախատեսված ուսումնասիրությունների 90 %-ը կատարվել են 2002 թվականի սեպտեմբերից հետո։ Ուսումնասիրության եւ վերահսկողության արդյունքներով բացահայտվել եւ ամրագրվել են պետական միջոցների ոչ արդյունավետ եւ ոչ նպատակային օգտագործման, իրավական ակտերի դրույթների խախտման եւ օրենքների անհամապատասխանության մի շարք փաստեր։ Արդյունքները՝ Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ, ուղարկվել են ԱԺ, Կառավարություն եւ համապատասխան նախարարություններ, որոնց կողմից ստացվել են պատասխաններ թերությունների եւ խախտումների վերացման վերաբերյալ, ձեռնարկված միջոցառումների մասին։

Հարգելի պատգամավորներ, այժմ, թույլ տվեք, անդրադառնալ հաշվետվությունում ընդգրկված ուսումնասիրությունների արդյունքներին, ըստ ուղղությունների, վարկային ծրագրերի մասին։ 2002 թվականի պետական բյուջեով նախատեսվել է՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ օտարերկրյա պետություններից 23 ծրագրերով ներգրավել մոտ 62 մլն ԱՄՆ դոլարի եւ 14,6 մլն եվրոյի վարկային միջոցներ։ Նշված ծրագրերով, վարկային միջոցներով կատարված աշխատանքները կազմել են 37 մլն 174 հազ. ԱՄՆ դոլար եւ 13 մլն 137 հազ. եվրո կամ ծրագրերը կատարվել են ընդամենը 75 %-ով։ Վերահսկիչ պալատի գործունեության ծրագրի համաձայն՝ 2002 թվականի ընթացքում վերահսկողություն է իրականացվել 4 վարկային ծրագրերով։ Ուսումնասիրությունների ընթացքում արձմանագրվել են, 1-ինը՝ սխալ պլանավորման, բյուջեները ոչ իրատեսական եւ ուռճեցված ներկայացնելու պատճառով, ուսումնասիրված բոլոր վարկային ծրագրերի տարեկան բյուջեները թերակատարվել են։ Այսպես, «Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնում» վարկային ծրագրի 2000 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 9,8 %, «Պատվարների անվտանգություն» վարկային ծրագրի 2002 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 59 %, «Առողջապահության ֆինանսավորման եւ առողջության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրի 2000 թվականի բյուջեի կատարողականը կազմել է ընդամենը 26,8 %։

2-րդը՝ ոչ ճիշտ պլանավորման եւ կոորդինացման պայմանագրերի կնքման, ժամկետների ձգձգման, կապալառուների աշխատանքում տեղ գտած լուրջ թերությունների հետեւանքով շինարարական աշխատանքները, բոլոր ծրագրերով ձգձգվել եւ թերակատարվել են։ Շինարարական աշխատանքները ձգձգվել եւ թերակատարվել են նաեւ նախագծանախահաշվային աշխատանքներում առկա բազմաթիվ խախտումների պատճառով։ «Առողջապահության ֆինանսավորման եւ առողջության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրով, 67 նախագծերից 53-ում հետագայում կատարվել են փոփոխություն։ «Պատվարների անվտանգություն» վարկային ծրագրով Սովետաշենի ջրամբարի վերականգնման աշխատանքները 2002 թվականին ձգձգվել է թերակատարվել է 34,4 %-ով։ Նախագծում նախատեսված հանքավայրերի ... պարամետրերը նախագծային կազմակերպության կողմից ոչ ճիշտ ուսումնասիրելու եւ հաշվարկելու պատճառով։ «Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնում» վարկային ծրագրով, նախագծերի եւ աշխատանքային գծագրերի ուշացման պատճառով խախտվել է աշխատանքների կատարման պլան-գրաֆիկը, որի արդյունքում 2002 թվականին նախատեսված մի շարք աշխատանքներ չեն ավարտվել, իսկ մի մասն էլ չեն սկսվել։ «Պատվարների անվտանգություն» վարկային ծրագրով Վարդաքարի ջրամբարի վերականգնման աշխատանքների 65 %-ը նախատեսվել է իրացնել 2002 թվականի նոյեմբերի 20-ից, որն, ի սկզբանե, անիրատեսական է։ 2002 թվականի բյուջեով 1 մլն 169 հազ. 100 ԱՄՆ դոլար նախատեսվել էր Սեւաբերդի ջրամբարի վերականգնման աշխատանքների համար, մինչդեռ 2002 թվականի ընթացքում, այդ ջրամբարի վերականգնման համար նույնիսկ չէր հայտարարվել կապալառուի ընտրության մրցույթը։

«Առողջապահության ֆինանսավորման եւ առողջության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրի, 2000 թվականին կնքված թվով 22 կապալի պայմանագրերից 9-ի հետ խզվել են պայմանագրերը՝ անորակ շինարարության պատճառով, 38 ամբուլատորիաների վերականգնման աշխատանքների համար, 2002 թվականին հայտարարված կապալառուների ընտրության մրցույթում ոչ մի կազմակերպություն հաղթող չի ճանաչվել, իսկ Ծաղկաձորի քաղաքապետարանի եւ ԾԻԳ-ի անհետեւողականության պատճառով, 2001 թվականին արդեն պայմանագիր կնքված, հողը հատկացված, Բանավանում ամբուլատորիայի շինարարությունը դեռ չէր սկսվել։

4-րդը՝ «Կրթության ֆինանսավորման եւ կառավարման բարեփոխումներ» վարկային ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են անարդյունավետ աշխատանքներ եւ ծախսեր։ Դասագրքերի պահանջարկի ոչ ճիշտ հաշվարկման հետեւանքով, որի հիմքում ընկած է դպրոցներում սովորողների թիվը, շատ դասագրքեր տարիներ շարունակ չեն բաշխվել եւ գտնվում են պահեստներում։ Չբաշխված դասագրքերի մնացորդը՝ 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, կազմել է 634 հազ. 304 հատ, 1 մլն 132 հազ. 725 ԱՄՆ դոլարի գումարով։ Օրինակ՝ 1999-2000 ուս. տարում 8-րդ դասարանի հանրահաշվի, հայոց լեզվի, ռուսաց լեզվի դասագրքերը տպագրվել են, յուրաքանչյուրը 77 հազ. տպաքանակով, այն դեպքում, երբ հանրապետության դպրոցների 8-րդ դասարանում սովորողների թիվը 57 հազ. 434 աշակերտ էր։ 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ վերոհիշյալ դասագրքերի մնացորդը կազմել է 41 հազ. 783 հատ։ Նման փաստեր կան մնացած դասագրքերի հետ կապված։

Ծրագրերի իրականացմանը մասնակցող ամենակարեւոր խնդիրը, որն ուշադրության եւ վերահսկողության դաշտից դուրս է մնացել, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից չեն պահպանվել հարկային օրենսդրության մի շարք պահանջներ։ «Պատվարների անվտանգություն» վարկային ծրագրի, սկզբից իրականացված, մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի շինարարական աշխատանքներից՝ 1 մլն 200 հազ. ԱՄՆ դոլարն իրականացվել է իրանական «Ջահադ» կազմակերպության միջոցով, սակայն վերջինս, իր հաշվետվություններով, իրացման շրջանառությունից ցույց է տվել 172,8 հազ. ԱՄՆ դոլարով պակաս, որից 152 հազ. 100 ԱՄՆ դոլարի շրջանառությունն ազատված չէ ավելացված արժեքի հարկից, քանի որ իրացվել է ոչ թե վարկային միջոցների, այլ համաֆինանսավորման միջոցների հաշվին, որից պետք է հաշվարկվեր նաեւ շահութահարկ, բացի ավելացված արժեքի հարկից։ Խախտելով հարկային օրենսդրության պահանջները, «Ջահադ» կազմակերպությունը չի ներկայացրել տեղեկություններ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց վճարած եկամուտների վերաբերյալ։ 2 պատվարի շինարարության ընթացքում, ընդամենը 2 ամսվա համար, թվով 7 աշխատակցի միջին ամսական աշխատավարձ է հաշվարկել՝ 17 հազ. 100 դրամ, հետեւությունները թողնում եմ ձեզ։

2002 թվականի պետական բյուջեի եկամուտներում պաշտոնական տրանսֆերտները նախատեսված է 15 մլրդ 772 մլն 931 հազ. դրամ։ Պետական բյուջեում կատարված փոփոխության արդյունքում պաշտոնական տրանսֆերտների գումարն ավելացել է 350 մլն դրամով, ճապոնական ապրանքային վարկի դրամայնացման արդյունքով։

2002 թվականի ընթացքում հետական բյուջեով նախատեսված Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից սպասվող ապրանքային դրամաշնորհը չի տրամադրվել, որի արդյունքում նախատեսված դրամայնացումից ստացվող 444 մլն 151 հազ. դրամը չի մուտքագրվել պետական բյուջե։ Պատճառն այն է, որ կառավարությունների միջեւ ապրանքային դրամաշնորհի տրամադրման վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրվել եւ այդ գործընթացը չի իրականացվել, սակայն այդ գումարները ներառվել են պետական բյուջե՝ հիմք ընդունելով միայն փոխըմբռնման հուշագիրը, երկու երկրների գյուղնախարարությունների միջեւ կնքված փոխըմբռնման հուշագիրն են հիմք ընդունել։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում կան մի շարք ապրանքային եւ ոչ ապրանքային դրամաշնորհներ, որոնք վերահսկողության դաշտից դուրս են մնացել եւ դրանց ներառումը պետական բյուջե Կառավարության համար պետք է լինի առաջնային խնդիր՝ կոորդինացման առումով։

Պետական գույքի մասնավորեցման ուսումնասիրությունների վերաբերյալ։ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում ներկայացվել է նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի հաշվետու տարվա կատարման մասին» տեղեկանքը, մրցույթով եւ, ուղղակի, վաճառքի ձեւով մասնավորեցված ընկերությունների, գնորդների կողմից ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի եւ ՌԱՍՏՐ գործարան ԲԲԸ-ի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Քանի որ տեղեկանքում մանրամասն ներկայացված են մասնավորեցման ընկերությունների լուծարման գործընթացի մասնավորեցումից մուտք եղած միջոցների մասին տեղեկությունը, հետեւաբար, ցանկանում եմ անդրադառնալ մրցույթով եւ, ուղղակի, վաճառքի ձեւով մասնավորեցված ընկերությունների գնորդների կողմից ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծությանը, որն ընդգրկվել է 1998 թվականի հունվարից մինչեւ 2002 թվականի հուլիսն ընկած ժամանակաշրջանը։ Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով, բացառությամբ միջազգային մրցույթի եւ, ուղղակի, վաճառքի ձեւով մասնավորեցված, պայմանագրային պարտավորություններ ունեցող 44 ընկերություններից 17-ը կամ 38,6 %-ը ներդրումային պարտավորությունները չեն կատարել։ Պպարտավորությունները չկատարած ընկերությունների ներդրումները փաստացի կազմել են 35 %։ Աշխատատեղերի ապահովման մասով, պայմանագրային պարտավորություններ ստանձնած ընկերությունների գնորդներից 19-ը կամ 25,3 %-ը պարտավորությունները չեն կատարել, նրանց կողմից նախատեսվել էր ստեղծել 3700 աշխատատեղ։ Մրցույթով ներդրումային պարտավորություններ ստանձնած, բացառությամբ միջազգային մրցույթի, մասնավորեցված ընկերությունների պետական բաժնեմասի գնահատված արժեքը կազմել է 3 մլրդ 890 մլն դրամ, վաճառքի գինը՝ 1 մլրդ 133 մլն դրամ, որը կազմում է գնահատվածի 29,1 %-ը, իսկ, ուղղակի, վաճառքի ձեւով մասնավորեցված ընկերությունների պետական բաժնեմասի գնահատված արժեքը՝ 14 մլրդ 931 մլն դրամ, վաճառքի գինը՝ 1 մլրդ 816 մլն դրամ, որը կազմում է գնահատվածի 12,2 %-ը։

Ներկայացված է «Աշտարակի տրանզիստոր» եւ «Իջեւանյան գորգեր» ընկերությունների գնորդների ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի ուսումնասիրության արդյունքները։ «Աշտարակի տրանզիստոր» ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը, ուղղակի, վաճառքի ձեւով մասնավորեցվել են «ՍԻՆ կրիստալ» ՍՊԸ-ին։ Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանվել է 761 հազ. ԱՄՆ դոլար, որը կազմում է գնահատված արժեքի 8,5 %-ը։ Պայմանագրով սահմանվել են՝ առաջիկա 3 տարիների ընթացքում, մինչեւ 2003 թվականի հունիսի 1-ը կատարել 10 մլն 450 հազ. ԱՄՆ դոլարի ներդրումներ, ինչպես նաեւ որպես սոցիալական երաշխիք՝ ապահովել տարեկան 400 հազ. ԱՄՆ դոլարի աշխատավարձի ֆոնդ եւ 150 աշխատատեղ։ «ՍԻՆ կրիստալ» ընկերության կողմից խախտվել են «Աշտարակի տրանզիստոր» ՓԲԸ-ի մասնավորեցման վերաբերյալ Կառավարության որոշմամբ սահմանված վճարումների ժամկետները։ Պայմանագրում նախատեսված վճարումները կատարվել են շուրջ 7 ամիս ուշացումով, այն դեպքում, երբ դրանց համար սահմանվել է 1-ամսյա ժամկետ։ Պայմանագրով՝ 1-ին տարվա համար, մինչեւ 2002 թվականի հունիսի 1-ը նախատեսված՝ 1 մլն 450 հազ. ԱՄՆ դոլարի նեդրումների դիմաց, ըստ «ՍԻՆ կրիստալ» ընկերության հաշվետվության, կատարվել են 1 մլն 641 հազ. ԱՄՆ դոլարի, մտավոր սեփականության ներդրումներ, 2 տեխնոլոգիաների եւ 1 մլն 278 հազ. ԱՄՆ դոլար, եւ ընկերության ապրանքանիշի համար՝ 382 հազ. ԱՄՆ դոլար, գնահատված արժեքների գումարով։ Սակայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ՍԻՆ կրիստալ» ընկերության կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարումը հիմնավորված չէ։ Այսինքն՝ մտավոր ներդրումը դա եղել է մի փաթեթ, որը դրված է գործարանի ադմինիստրատորի մոտ, գրասենյակում, եւ գնահատվել է դա 1 մլն 620 հազ. դոլարի ներդրում։

Ինչ վերաբերում է «Իջեւանյան գորգեր» ընկերության պարտավորությունների կատարմանը, ապա հարկ է նշել, որ ընկերության ներդրումային պարտավորության կատարման 1-ին ժամկետը սահմանվել է 2000 թվականի փետրվար ամիսը, որը չի կատարվել եւ ներկայումս, մինչեւ հիմա ոչ մի ներդրում չի կատարվել եւ գործը գտնվում է հանրապետության տնտեսական դատարանի վարույթում։

«ՌԱՍՏՐ գործարան» ընկերության մասնավորեցման գործընթացի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ ընկերության մասնավորեցման վերաբերյալ Կառավարության որոշմամբ, ընկերությունում առկա 41 հազ. 534 գրամ ոսկին, 63 գրամ պլատինը, 209 մլն 900 հազ. դրամ գնահատված արժեքով, ընկերությանը չի վաճառվել, այն համարվել է պետական սեփականություն եւ օրենսդրության սահմանված կարգով պետք է հանձնվեր պետական գանձարանը, սակայն թանկարժեք մետաղները ընկերության կողմից պետական գանձարան չեն հանձնվել։ Բացի դրանից, ընկերության կողմից մասնավորեցման ելակետային տվյալներով, գնահատման չեն ներկայացվել թանկարժեք մետաղների թափոնները, առկա 12 հազ. 516 գրամ ոսկին, 169 հազ. 902 գրամ արծաթը, 74 մլն 962 հազ. դրամ արժեքով։ Արդյունքում այն չի ներառվել օբյեկտի գնի մեջ։ Պետությանը հասցված վնասի հատուցմամբ, մեղավոր անձանց պատասխանատվության շրջանակներն ու չափերը որոշելու համար, համաձայն՝ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին, ԱԺ նախագահի կողմից գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն, որի միջամտության արդյունքում՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2003 թվականի փետրվարի 7-ին համապատասխան հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան, պետությանը պատկանող գույքը «ՌԱՍՏՐ գործարան» ընկերությունից պահանջելու եւ դրա նկատմամբ պետության սեփականություն ճանաչելու վերաբերյալ։ Բերված փաստերից կարելի է եզրակացնել, որ համապատասխան նախարարության կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել գնորդների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների իրականացման ուղղությամբ։

Պետական բյուջեի մասին։ Վերահսկիչ պալատի կողմից, 2002 թվականի ընթացքում իրականացվել են ուսումնասիրություններ՝ պետական բյուջեից հատկացված միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման վերաբերյալ։ Կցանկանայի անդրադառնալ մի քանի ուսումնասիրությունների արդյունքներին։ 2000-2001 թվականներին եւ 2002 թվականի 9 ամիսների ընթացքում, Կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման աշխատանքների դիմաց թեր ֆինանսավորում է գրանցվել բոլոր բուժծրագրերով։ Ֆինանսավորման մեջ բարձր է պարտքերի կենտրոնացված մարման, այսպես կոչված, հաշվանցումների տեսակարար կշիռը։ 2000 թվականին այն կազմել է 37 %, 2001 թվականին 29 %։ Հաշվանցման հետեւանքով առաջացել են ֆինանսավորման անհամաչափություններ ըստ տարածաշրջանների, եւ ըստ բուժհիմնարկների։ Այս բոլորը ներկայացված է նաեւ հաշվետվության մեջ, ձեզ բաժանված է ըստ տարածաշրջանների եւ ըստ բուժհիմնարկների, թե ո՞ր բուժհիմնարկը եւ ո՞ր տարածաշրջանն, ի՞նչ ֆինանսավորում է ստացել։

2001 թվականի ընթացքում հաշվանցման եղանակով ֆինանսավորված մոտ 3,3 մլրդ դրամից 1,2 մլրդ-ը կամ 36 %-ը հաշվանցվել է առաջանցիկ, ավանսային կարգով, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջրահեռացման համար, մինչդեռ նույն տարում աշխատավարձերի եւ սոցվճարների պարտքն աճել է, ավելի քան, 1,7 մլրդ դրամով։ 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 9,3 մլրդ դրամ։

Խախտումներ կան մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում։ Երիտասարդական ծրագրերի նախահաշիվների ուսումնասիրություններից պարզվել է, որ կատարված որոշ ծախսեր չեն բխում Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 798 որոշմամբ հաստատված պետական, երիտասարդական քաղաքականության հայեցակարգից եւ կրում է ոչ նպատակային բնույթ։ 2001 թվականի ընթացքում երիտասարդական ծրագրերի գծով նախատեսված եւ հատկացված 108 մլն 500 հազ. դրամ գումարից 7 մլն 993 հազ. դրամը կամ 7,4 %-ը ծախսվել է ոչ նպատակային։ Նմանատիպ թերություններ կան նաեւ սպորտային միջոցառումների անցկացման եւ «Հայֆիլմ» կինոստուդիայի աշխատանքներում։ պետական միջոցների անարդյունավետ օգտագործման փաստեր են արձանագրվել նաեւ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում։ Կապիտալի գործառույթի շահաբաժնի եւ դրանց ապարքների ժամանակին եւ ամբողջությամբ պետական բյուջե վճարելու հարցերում մի շարք նախարարությունների կողմից թույլ են տրվել խախտումներ, Կառավարության՝ «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 172 որոշման պահանջների կատարման ուղղությամբ։

Վերահսկիչ պալատի գործունեության 2002 թվականի ծրագրին համապատասխան, նախնական փաստաթղթերին ծանոթանալու միջոցով շահաբաժինները ճշգրտելու, հաշվարկված եւ մինչեւ օրս պետական բյուջե շահաբաժիններ չվճարելու պատճառները պարզելու նպատակով, տրանսպորտի եւ կապի նախարարությունում ուսումնասիրություն կատարող Վերահսկիչ պալատի աշխատակիցները նախարարության «Հայփոստ» եւ «Հայկական երկաթուղի» ընկերություններից պահանջել է համապատասխան փաստաթղթեր, սակայն վերոհիշյալ ընկերությունների տնօրենները հրաժարվել են դրանք տրամադրել։ Վերահսկիչ պալատի աշխատանքները խոչընդոտելու փաստի առնչությամբ կազմված նյութերը պաշտոնապես ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված միջոցառումներ ձեռնարկելու համար։

Համայնքների բյուջեների կատարման ուսումնասիրությունների վերաբերյալ։ Ուսումնասիրվել է Արարատի եւ Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային պարտավորությունների կատարման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը։ Նշված մարզերի բյուջեների եկամուտները եւ ծախսերը թերակատարվել են բոլոր համայնքներում, Արարատի մարզում 53 %-ով կամ 1,3 մլրդ դրամ, Լոռու մարզում 43 %-ով կամ 1,1 մլրդ դրամ, մի շարք համայնքների բյուջեների կատարումը չի գերազանցել 20 %-ը։ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով, հաշվարկի հիմքում տրվող «ա» գործոնի, համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային մակարդակը ոչ հավաստի լինելու հետեւանքով, համայնքներին հատկացվող դոտացիան ճշգրիտ լինել չի կարող։ Բացի այդ, եթե 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին նախատեսվել է 1,5 մլն դրամ դոտացիա, ապա Լոռու մարզի ընդամենը 311 բնակչով, Շահումուտ, եւ 325 բնակչով, Անտառամուտ համայնքներին նախատեսվել է մոտ 10 անգամ պակաս։ Փաստորեն, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված բանաձեւի հաշվարկային գործոնները չեն բնորոշում համայնքների իրական ֆինանսական հնարավորությունները, իսկ հատկացված դոտացիաների չափաքանակները չեն համապատասխանում «ֆինանսական համահարթեցման» հասկացությանը։ Զգալի թվով գյուղական համայնքներ, սեփական եկամուտներում, տեղական տուրքերից եւ վճարներից մուտքեր չեն նախատեսել կամ գանձում չեն իրականացրել՝ անտեսելով «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքը։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բավարար աշխատանք չի տարվում գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալության տրամադրելու եւ վարձավճարները գանձելու ուղղությամբ։ Արարատի մարզի 9 գյուղական համայնքներում վարձավճարներից մուտքերը կազմել են նախատեսվածից մինչեւ 20 %, իսկ Լոռու մարզի 10 գյուղական համայնքներում մինչեւ 5 %, առանձին համայնքներ ընդհանրապես մուտքեր չեն ունեցել։ Մարզերի, գրեթե, բոլոր գյուղական համայնքների կողմից իրականացված գնումները չեն կատարվել «Գնումների մասին» օրենքի, Կառավարության որոշումների եւ դրանցից բխող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան։ Արդյունքում հնարավոր չէ գնահատել կատարված ծախսերի տնտեսական շահավետությունը։

Ուսումնասիրությունները հիմք են տվել եզրակացնելու, որ մի շարք օրենքներում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնց վերաբերյալ մեր կողմից առաջարկություններ են ներկայացվել ԱԺ եւ Կառավարություն։ Առաջարկությունները վերաբերել են «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին», «Գույքահարկի մասին», վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքներին։

Հաշվետու տարում Վերահսկիչ պալատը որոշակի աշխատանքներ է կատարել միջազգային կապերի զարգացման եւ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների, գերագույն վերահսկիչ ատյանների, եվրոպական կազմակերպության, ԵՎՐՈՍԱ-ի եւ գերագույն վերահսկիչ ատյանների միջազգային կազմակերպության, ԻՆՏՈՍԱ-ի եւ մի շարք գիտաժողովներին եւ սեմինարներին։ Ներկայումս Վերահսկիչ պալատը համագործակցում է՝ Հայաստանում օրենսդրի հզորացման ծրագիրն իրականացնող միջազգային զարգացման գործակալության հետ։ Վերահսկիչ պալատի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելուն խոչընդոտում է նաեւ գործող օրենքի անկատարությունը, որը շատ դեպքերում, որոշ անձանց մոտ տարամեկնաբանությունների տեղիք է տալիս։ Համոզված եմ, որ սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո կվերանայվի նաեւ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը, նրա կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի՝ բարձրացնել պալատի դերն ու հեղինակությունը, ինչպես նաեւ աշխատանքի արդյունավետությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, հարցերով դիմելու համար նախապատրաստվել հերթագրման։ Հարցեր չկան, խնդրեմ, նստեք, պրն Ոսկանյան։ Այժմ ձայնը տրվում է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սեյրան Ավագյանին՝ գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացնելու համար։

Ս.ԱՎԱԳՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հաշվետվությունը քննարկվել է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 1-ին հարցադրումը հետեւյալն էր՝ մեզ մոտ, Աժ-ի կողմից ընդունված ծրագրի կատարման խնդիրն է։ Վերահսկիչ պալատը մեր կողմից հաստատված ծրագրով աշխատել է եւ աշխատանքն ամբողջ ծավալով իրականացված է։ Քանի որ առանձին-առանձին, այդ ծրագրի մեջ մտնող մոնիտորինգի վերահսկողության եւ աշխատանքների մասին մանրամասն պրն Ոսկանյանն արդեն ներկայացրել է, մենք կարծում ենք, որ աշխատանքի որակը բավականին բարձր է։ Փաստաթուղթը բոլորիս բաժանված է, բավականին հարուստ տվյալներ կան ներկայացված փաստաթղթում պատկերացված է, մոտավորապես, այն իրավիճակը, թե ինչպիսին է դրությունը մեր կողմից հաստատված ծրագրերի կատարման ուղղությամբ։ Նյութերի մի մասը, որով պետք է զբաղվի դատախազությունը, տրամադրված է նրանց, կարծում եմ, այդտեղ էլ բավականին հարուստ նյութ կա, հետագան շարունակություն տալու համար, որպեսզի այս կատարված աշխատանքն առկախ չմնա։

2-րդ ուղղությունը դա Կառավարության հետ գործառույթներն են, կարծում եմ, Կառավարության համար, առանձին նախարարությունների համար այս փաստաթղթով ներկայացված է բավականին մեծ պատկերներ, վերլուծություններ, իրավիճակի գնահատականներ, որից լուրջ եզրահանգումներ անելու տեղ կա։ Փաստաթղթում ներկայացված նյութերն անհրաժեշտ են յուրաքանչյուր պատգամավորին, նրանք էլ անելիքների եւ եզրահանգումների տեղ ունեն, համենայն դեպս, տեղեկատվության շատ մեծ նյութ կա այստեղ, որը մեր հետագա աշխատանքների ընթացքում կարող ենք օգտագործել։ Ուսումնասիրված են նաեւ այն անհրաժեշտ, օրենսդրական վերափոխումների, կատարելագործումների դաշտը, որի ուղղությամբ առաջարկությունների մեծ փաթեթն արդեն ներկայացված է։

Հանձնաժողովի տեսակետն է, որ ԱԺ-ն հաստատի Վերահսկիչ պալատի ներկայացրած այս հաշվետվությունը։ Այսքանը։

Գ.ԱՍԼԱՆՅԱՆ

-Պրն Ավագյանին հարցերով դիմելու համար նախապատրաստվել հերթագրման։ Հարցեր չկան, խնդրեմ, նստեք։ Անցնենք մտքերի փոխանակության։ Նախապատրաստվել հերթագրման՝ ելույթ ունենալու համար։ Ելույթի համար ցանկացողներ չկան։ Եզրափակիչ ելույթի համար, պրն Ավագյան, ցանկություն չունեք, պրն Ոսկանյան, ոչ։ Հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը կանցկացնենք պատեհ պահին, նախորդ քննարկված հարցերի հետ միասին։ Հարգելի պատգամավորներ, այսօր նիստն ավարտվեց, վաղը ժամը 1000 -ին կշարունակենք մեր աշխատանքը։ Ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS