National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3

14 դեկտեմբերի 2017

Ժամը 11:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԸ
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։

Գրանցվել է 84 պատգամավոր։

Ես, հաշվի առնելով, որ բավականին պատգամավորներ չեն կարողացել գրանցվել, նորից հայտարարում եմ գրանցում, վերագրանցում։ Գրանցում։

Գրանցվել է 85 պատգամավոր։

Քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքները։ Հարգելի պատգամավորներ,  տեղեկացնեմ, որ մեզ մնացել է քննարկել 2-րդ ընթերցմամբ ներկայացված 4 հարց, որից անմիջապես հետո այդ նախագծերը կդրվեն քվեարկության։ Ուստի խնդրում եմ պատգամավորներին մնալ ԱԺ-ում եւ մասնակցել քվեարկություններին։ Տեղեկացնեմ, որ մեր 6 գործընկերներ, որոնք գործուղում են, նրանք նույնպես գրավոր ներկայացրել են իրենց կարծիքներն այդ քվեարկվող հարցերի շուրջ։

Հարգելի պատգամավորներ,  քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյան։

Խնդրեմ, պրն Անանյան։

Դ.ԱՆԱՆՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, ԱԺ հարգելի պատգամավորներ, ըստ էության, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի 1-ին ընթերցման համար ներկայացված նախագծի եւ 2-րդ ընթերցման ներկայացված նախագծի միջեւ որեւէ տարբերություն չկա։ 1-ից 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել, պատգամավորների կողմից առաջարկություններ չեն եղել։

Ուղղակի մի քանի բառով հակիրճ ներկայացնեմ, որ իրավական նորմը, որը որ մեք փոփոխում ենք եւ դրել ենք ձեր քննարկմանը, ձեր դատին, ըստ էության լավացնող է։ Մենք 2017 թվականի շահութահարկի հաշվարկման համար հարկ վճարողներին հնարավորություն ենք տալիս հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները հաշվարկելիս ընտրություն կատարել մաշվածության հաշվարկման ուղիղ գծային մեթոդի եւ փուլինգային եղանակի միջեւ։ Եվ այն դեպքում, երբ որ փուլինգային եղանակը կընտրվի, փուլինգային եղանակի լավացնող նորմ ենք առաջարկում ենթախմբերի ներմուծման իրավական հնարավորության։

Թերեւս, սա է օրինագծի հիմնական գաղափարը։ Խնդրում եմ ձեզ պատեհ ժամանակ քվեարկել նախագծի օգտին։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Անանյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, քանի որ պատգամավորները գրավոր հարցեր չեն ներկայացրել եւ հարցեր չեն լինի։

Հարակից զեկուցող՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյան, խնդրեմ։

Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգարժան գործընկերներ, ըստ էության, 1-ից 2-րդ ընթերցում առաջարկություններ չեն եղել, ներկայացվել է նույն բովանդակությամբ, իր մեջ պարունակում է լավացնող նորմ։

Խնդրում եմ պատեհ առիթին կողմ քվեարկել։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հարությունյան։ Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել։

Գեւորգ Գորգիսյան, խնդրեմ։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Ներողություն եմ հայցում, հարցին չվերաբերվող թեմայով պետք է խոսեմ։ Ուղղակի քիչ առաջ մամուլում հայտնվեց մի լուր, որին ուզում եմ անդրադառնալ եւ պահանջում եմ, որպեսզի որեւէ կերպ սրան արձագանքվի եւ համապատասխան մեկնաբանություն տրվի։

Բանն այն է, որ Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական մայրուղու 40 մետր հատված, որը գտնվում է վթարային վիճակում, չի հաջողվում վերանորոգել, որովհետեւ ՌԴ 2393 սահմանապահ զորամասի կողմից պետք է թույլատվություն տրվի այդ հատվածի համար՝ ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության կարեւորագույն ճանապարհի 40 մետր հատվածը վերանորոգելու համար, եւ այդ համաձայնությունը որեւէ կերպ չի կարողացվել ձեռք բերվել։

Սա լրջագույն խնդիր եմ համարում եւ կարծում եմ, որ կառավարությունը պետք է ինչ-որ ձեւ մեկնաբանի եւ հասկանանք՝ ինչու՞ չենք կարողանում կարեւորագույն նշանակության այդ սահմանը, ճանապարհի այդ հատվածը վերանաորոգել եւ ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի կարեւորագույն նշանակության ճանապարհների այսպիսի կախվածություն չունենանք ՌԴ կոնկրետ զորամասի քմահաճույքներից։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Արման Սահակյան։ Շնորհակալություն։ Մտքերի փոխանակությունն ավարտվեց։ Եզրափակիչ ելույթների համար կա՞ն, շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։

Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյան, խնդրեմ։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեռնպահ կմնամ ներկայացված փաթեթի բովանդակային ներկայացումից՝ հաշվի առնելով, որ ոչ վաղ անցյալում այն բավականին մանրամասն ներկայացվեց։ Եվ, բացի այդ, այս փաթեթը, ըստ էության, շուրջ 1,5-տասնամյակ ընթացքում գտնվող աշխատանքների տրամաբանական շարունակությունն է։ Միայն կուզեմ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։

Եթե հիշում եք՝ փաթեթի մեջ ներառված էր նաեւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Էստեղ ես 1-ին ընթերցման ռեժիմում ներկայացման ժամանակ նշեցի, որ ի թիվս ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման հետ կապված՝ իրավական դաշտի վերջնականացման եւ դրանից բխող անհրաժեշտ կարգավորումների հետ կապված։ Նախաձեռնության մեջ նաեւ առկա էր անհրաժեշտություն՝ ունենալ այն փոփոխությունները, որոնք գանձապետական համակարգի գոյության ընթացքում, մասնավորապես նաեւ օրենքի գործողության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել օրենքում։

Էդ կապակցությամբ առկա էր նաեւ ԱԺ պատգամավորներ պարոնայք Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Ռաֆիկ Գրիգորյանի եւ տիկին Կարինե Աճեմյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր իրականացնել որոշակի փոփոխություններ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում եւ հետեւաբար՝ այն նախագիծը, որը մենք ունեինք եւ որտեղ նախատեսվում էր փոփոխություններ իրականացնել՝ համապատասխանեցնելով ծրագրային ձեւաչափով «Բյուջեի մասին» օրենքում, բյուջեն նախագծելիս ունենալուն համապատասխան եւ կատարողականը ներկայացնելիս գանձապետական համակարգում անհրաժեշտ իրավակարգավորումները ներառելուն։

Մենք առաջարկեցինք եւ նախաձեռնության հեղինակները համաձայնեցին, որպեսզի մենք ունենանք, այսպես ասած՝ միավորված նախագիծ, եւ այդ փոփոխությունները մենք քննարկելով, իհարկե, ոչ ճիշտ նույնությամբ, բայց փոխզիջումային տարբերակով ներառել ենք ձեզ ներկայացված տարբերակում։ Կխնդրեի, որպեսզի պատեհ պահին քվեարկությամբ հաստատվի նախագիծն օրենսդրական փաթեթի, որովհետեւ ենթադրվում է, որ սա չափազանց կարեւոր է եւ ըստ էության, նոր էտապ, նոր փուլ է սկսվում բյուջետային գործընթացի, ծրագրավորման եւ բյուջեի կատարողականի վերաբերյալ։

Չծանրաբեռնելով ձեր ուշադրությունը, միայն մի հանգամանք ընդամենը կուզենայի նշել, մասնավորապես՝ ծախսային ծրագրերի արդյունավետության գնահատման տեսակետից, ընդամենն այս կարեւորելով կուզենայի նշել։ Այսքանը, շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ջանջուղազյան։ Առաջարկ են ներկայացրել Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ տիկին Կարինե Աճեմյան, եթե առաջարկ ներկայացնող պատգամավորները հարց ունեն՝ խնդրեմ, կարող են հնչեցնել։ Շնորհակալություն, հարցեր չկան, պրն Ջանջուղազյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարակից զեկուցող՝ ֆինանսների եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան, խնդրեմ։

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկման ենթակա հարց է, արդեն բազմիցս ասվեց, նպատակ ունի իրականացնելու այն գործընթացը, որին մենք գալիս ենք շուրջ 10 կամ ավելի տարի՝ ծրագրային բյուջետավորման ներդրումը, եւ 19 թվականից մենք պետք է ունենանք այդ ձեւաչափով ԱԺ ներկայացված պետական բյուջեի նախագիծ։

2-րդ ընթերցման ռեժիմում իրականացվել է ընդամենը փոփոխություններ՝ կապված այն հանգամանքի հետ, որը նշեց պրն Ջանջուղազյանը։ Պրն Գալուստ Սահակյանը, ես,  Ռաֆիկ Գրիգորյանը եւ Կարինե Աճեմյանը ներկայացրել էինք «Գանձապետական համակարգի մասին» օրենսդրական նախաձեռնություն։ Այդտեղ ընդամենն իրավական տեխնիկայի հետ կապված ճշգրտումներ էին, ճշգրտումներ, որոնք իրականացվել են այլ օրենքներում վերջին մի քանի տարիների ընթացքում, սակայն «Գանձապետական համակարգի մասին» օրենքում այդ փոփոխությունները դեռ ներառված չէին։ Եվ քննարկելով կառավարության ներկայացուցիչների հետ, մենք գտանք ավելի ճիշտ լուծում, քան երկու տարբեր նախագծեր ներկայացնելը, էդ ամեն ինչն ամփոփվում է մեկ նախագծի մեջ, ինչ որ իրականացվել է։

Քննարկելով այս նախագիծը, մեր հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ ակնկալում ենք ձեր դրական արձագանքն այդ առաջարկության վերաբերյալ։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան, հարցեր չկան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել։

Ելույթներ չկան։ Եզրափակիչ ելույթներ, ոչ, շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան, խնդրեմ։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում ներկայացված փոփոխությունները, ինչպես գիտեք՝ երեքն են, երեքն էլ ուղղված են փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության բարձրացմանը։ Բաժնետիրական ընկերություններում պաշտոն զբաղեցնող անձանց այլ ընկերությունների հետ գործարքների ժամանակ փոխկապակցվածության հանգամանքները բացահայտելու, խորհրդի անդամների այլ կազմակերպություններում ունեցած իրավունքների եւ պարտականությունների բացահայտման, ինչպես նաեւ այն մասին, որ ընկերության կողմից իրականացվող գործարքների թափանցիկությունը բարձրացնելու նպատակով բաժնետիրական ընկերությունների խորհրդի նախագահի եւ տնօրենի պաշտոնը համատեղելու սահմանափակմանը։

1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել, խնդրում եմ ձեր դրական հաստատումը քվեարկության ժամանակ։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Խաչատրյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Քանի որ պատգամավորների գրավոր առաջարկներ չկան, հարցեր չեն կարող լինել։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանը հանդես կգա հարակից զեկուցմամբ։ Խնդրեմ, պրն Սարգսյան։

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Օրենքը միտված է  ԲԲԸ-ների գործունեությունը թափանցիկ դարձնելու եւ փոքր բաժնեմաս ունեցող անհատների ազդեցությունն էդ բաժնետիրական ընկերություններում ավելի մեծացնելու։

1-ին ընթերցմամբ որեւէ առաջարկ չի եղել, առաջարկում ենք նաեւ 2-րդ ընթերցմամբ օրենքն ընդունել։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սարգսյան։ Մտքերի փոխանակության համար՝ գրանցվել։

Պրն Սարոյանը հանում է իրեն գրանցվածը, շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթներ՝ չկան, հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի գործընկերներ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը, մենք սկսում ենք քննարկել այսօրվա օրակարգում ընդգրկված վերջին հարցը, եւ պատգամավորներին խնդրում եմ վերադառնալ դահլիճ՝ նախապատրաստվելու քվեարկություններին։

Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան, խնդրեմ։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Հիշեցման կարգով ասեմ, որ այս նախագիծը միտված է համաչափ հավասարակշռություն մտցնել քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության երկու կողմերի համար՝ եւ՛ պարտատիրոջ, եւ՛ պարտապանի համար, եւ սահմանափակել տույժերի եւ տուգանքների առավելագույն սահմանները։

Թերեւս, կարճ ժամանակ է անցել 1-ին ընթերցումից հետո, բայց մենք հասցրեցինք որոշակի փոփոխություններ կատարել ՀՅԴ խմբակցության առաջարկության հիման վրա, որով մի փոքր ավելի բարելավում ենք պարտապանների վիճակը։ Խոսքը նրանումն է, որ եթե այսօր պարտապանը խախտեց պարտավորությունը, պարտատերը բռնագանձման ծանուցում է ուղարկում նրան՝ ասելով, որ գրավի առարկա գույքը պետք է իրացվի։ Եվ օրենքով նախատեսված է, որ դրանից հետո պետք է սպասել 2 ամիս եւ միայն նոր ձեռնամուխ լինել գույքի իրացմանը, ինչը նշանակում է, որ այդ 2 ամսվա ընթացքում լրացուցիչ տուգանքներ եւ տույժեր են հաշվարկվելու պարտապանի համար։ Այնինչ լինում են դեպքեր որ պարտապանն ի սկզբանե էլ համաձայն է, որպեսզի իր գույքն իրացվի՝ հասկանալով, որ որեւիցե միջոց չի կարողանալու ձեռնարկել գրավի առարկան հանելու։

Եվ հիմա մենք նախագծով լրամշակեցինք եւ սահմանեցինք, որ եթե այդ 2 ամսվա ընթացքում պարտապանը, ինչպես նաեւ գրավատուն, եթե պարտապանն ու գրավատուն տարբեր մարդիկ են, գրավոր համաձայնություն ներկայացնեն պարտատիրոջը գույքի բռնագանձում իրականացնելու համար, ապա պարտատերն այդ համաձայնությունը պատշաճ կարգով ստանալուց հետո, արդեն իսկ պետք է ձեռնամուխ լինի գույքի իրացմանը։

Սա էր այս ամբողջ փոփոխությունների տրամաբանությունը։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հովհաննիսյան։ Առաջարկ է ներկայացրել ՀՅԴ խմբակցությունը, եւ եթե դուք ունեք հարց, որ կուզեիք հնչեցնել, չէ, հարց չկա։ Խնդրեմ, պրն Հովհաննիսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, որովհետեւ հարց չի բարձրացնում խմբակցությունը։

Հարակից զեկուցող՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյան, խնդրեմ։

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, ներկայացված օրենքի նախագիծը վերաբերվում էր պարտավորության խախտման ժամկետից հետո պարտապանի նկատմամբ տույժ-տուգանքների սահմանման ժամկետների եւ չափերի վրա սահմանափակումներին։

1-ից 2-րդ ընթերցման հատվածում ՀՅԴ-ն ներկայացրել է փոփոխության 1 առաջարկ, որը հիմնականում վերաբերվում էր բռնագանձման գործընթացից մինչեւ գրավի իրացման գործընթացն օրենքով սահմանված ուղիղ 2 ամիս ժամկետը պահելու հարցին։ Եթե բռնագանձումը սահմանվում էր մինչեւ 3 ամիս, իրացման համար՝ մինչեւ 2 ամիս, ապա սպասելու համար՝ ուղիղ 2 ամիս։ ՀՅԴ առաջարկով այդ ուղից 2 ամիսը նորից դարձավ մինչեւ 2 ամիս, որպեսզի գրավատուն, եթե ցանկություն ունի, միանգամից հնարավորություն տա սկսելու գրավի իրացման գործընթացը։

Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց առաջարկին, եւ հանձնաժողովի կողմից խնդրվում է հնարավորության դեպքում կողմ քվեարկել առաջարկվող նախագծին։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Կյուրեղյան, ձեզ հարց չկա, որովհետեւ խմբակցությունը հարց չունի, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը։ Հերթագրում՝ մտքերի փոխանակության համար։

Միհրան Պողոսյան, համեցեք։

Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Ընդամենն ուզում էի ասել, որ պրակտիկայում հանդիպող մեծ բաց էր, որը որ հիմա շտկվում է։ Եվ կարծում եմ, որ սա պրակտիկ փորձ ունեցող բոլոր էն անձնավորությունները, որոնք որ իրանց աշխատանքի ընթացքում ունեցել են եւ տեսել են, հասկանում են, որ դա պարտապանի շահից բխող ձեռնարկ է, որը որ ողջունելի է։

Դրա համար առաջարկում եմ, որ մենք դրական քվեարկենք։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պողոսյան։ Մտքերի փոխանակությունն ավարտվեց, եզրափակիչ ելույթի համար, տիկին Կյուրեղյան..., հիմնական զեկուցող... շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ, քննարկվող հարցերն ավարտվեցին, եւ մենք անցնում ենք մեր քննարկված նախագծերի քվեարկություններին։

Քվեարկության է դրվում  կառավարության կողմից ներկայացված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին»  օրենքի նախագիծը  2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:  Քվեարկություն։ Քանի՞ հոգի չեն կարողացել.. երկու։

Կողմ՝ 67
Դեմ՝ 23
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը  2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 92
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Վարման կարգի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյան։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պրն Բաբլոյան, ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա։ Ցավոք սրտի, Հայաստանում ԱԺ-ի հեղինակությունն էդքան էլ բարձր չի, բայց օրինակ՝ լուրերի թողարկումով ցույց են տալիս այս ցուցատախտակը, որտեղ գրված ա 86 կողմ, իսկ դուք հայտարարում եք՝ կողմ 95։ Եվ ես ներկա եմ եղել մի միջավայրում, որտեղ ասում են՝ օրը ցերեկով 7 ձայն խաբում եք։

Ընենց որ, էդ ծրարներով քվեարկության պրակտիկան ընդհանրապես, մենք կարծում ենք, որ հակասահմանադրական է, եւ ուղղակի ձեր ուշադրությունը հրավիրեցի, որ այս պարզ իրավիճակից ինչպիսի հետեւանքներ եւ արձագանքներ կարող են լինել։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շատ լավ, այսուհետ ես ամեն անգամ կհնչեցնեմ, որ 6 պատգամավոր, որոնք գտնվում են գործուղման մեջ, իրենց ձայնը տալիս են այդ նախագծին եւ կհորդորեմ, որպեսզի լուրերը պատշաճ ձեւով լուսաբանեն, որպեսզի մեր հասարակությունն իմանա, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորի իրավունքը պաշտպանված է, որ ինքը կարող է արտահայտել իր կարծիքը քվեարկվող հարցերի վերաբերյալ։

Քվեարկության է դրվում  կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին»  օրենքի նախագիծը   2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 86, գումարած 6 պատգամավորների ձայնը՝ եղավ 92, Խոսրով Հարությունյանը չի հասցրել կոճակը սեղմել՝ 93

Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

93 ձայնով որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 87, համաձա՞յն եք, գումարած 6 ձայն՝ 93

Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 11-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ։ Շնորհակալություն, ցտեսություն, մինչեւ հաջորդ մեր նիստը։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am