National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 8

03 հոկտեմբերի 2018

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Գրանցվել է 41 պատգամավոր։ Մենք քվորում չունենք։ Մենք չենք կարող սկսել այս պահին աշխատանքը։

Հարգելի պատգամավորներ, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավել, քան 4 ժամ։ Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին։ Իսկ չապահովման դեպքում այսօրվա նիստերը համարվում են չկայացած։ Հիմա, եթե կցանկանաք, կարող ենք մի քանի րոպե սպասել եւս մեկ անգամ, բայց ուղղակի այստեղ մնանք, որովհետեւ, եթե դուրս գանք, ներս գնաք, այդ թիվը կկորցնենք։

Ես ցանկանում եմ հիշեցնել կամ զգուշացնել, եւս մեկ անգամ մեր ուշադրությունը գրավեմ մի հարցի շուրջ, որ երբ մենք հավաքվենք, այսինքն՝ գրանցենք 53 հոգի, մենք առնվազն 53 հոգի պատգամավորները պետք է ներկա լինեն, որովհետեւ գրանցումը թույլ է տալիս, որ մենք սկսենք նիստը, բայց քվեարկելիս մենք առնվազն պետք է 53 հոգի ունենանք։ Եթե մենք 53 հոգով չքվեարկենք, մենք կարող ենք ուղղակի տապալել այն նախագծերը, որոնք ուզում ենք ընդունել։ Սա է հարցը։ Դրա համար ես խնդրում եմ, որ մենք ուշադիր լինենք, կներեք, մեկ առ մեկ պետք է հաշվարկենք, նոր սկսենք աշխատելը, որպեսզի անիմաստ դժվարություններ չստեղծենք։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ մի րոպե ուշադրություն, դեռ դուրս մի եկեք։ Որպեսզի մենք կարողանանք ժամանակն ավելի արդյունավետ օգտագործենք, ես առաջարկում եմ մենք աշխատասենյակներում աշխատենք, ժամը 11-ի մոտերը մենք ավելի ուշադիր լինենք եւ երբ քվորում ունենանք, խնդրում եմ, երբ մեզ քարտուղարությունը կհրավիրի, բոլորը գան դահլիճ, որ մենք կարողանանք պատշաճ քվեարկենք եւ ընդունենք այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ապագայում մեր աշխատանքի համար։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ զբաղեցնել տեղերը։ Բոլոր պատգամավորներին խնդրում եմ գալ դահլիճ։ Եթե թույլ տաք, ես մեկ րոպե ընդմիջում տամ, որպեսզի կարողանամ հստակեցնեմ մեր ներկա պատգամավորների թիվը։ Մենք քվորում ունենք, բայց ես ուզում եմ մի հատ վերագրանցենք, որ հասկանանք մենք իրականում ունե՞նք, թե՞ ոչ։ Ես ունե՞մ այդ իրավունքը, չունեմ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ։ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը չկան, դրա համար 52 ենք, գրանցելը կապ չունի։ Եթե մենք հիմա քվեարկենք, օրենքի նախագիծը չի անցնի ու կտապալվի։ Սա է խնդիրը։ Եթե ուզում ենք չանցնի, ավելի լավ է չգրանցենք։ Ես այդ իրավունքն ունեմ, որ չքվեարկենք։ Բայց, եթե ուզում ենք, որ... դրա համար լրիվ հստակ է ասածս, որ... Ես ուզում եմ հատուկ նշել, որ քվեարկվող նախագծերից երեքը առնվազն կառավարության նախաձեռնությունն է։ Ես հասկանում եմ, բայց ուզում եմ ասել, որ առնվազն երեքը, դրա համար համապատասխան ֆրակցիաները թող եզրակացություն անեն, որպեսզի մենք կարողանանք աշխատել։

Ես նորից հրավիրում եմ Ալեն Սիմոնյանին, Լենա Նազարյանին։ Պետք է քվեարակենք նախագծեր, որոնք կառավարությունը ներկայացրել եւ դրա անհրաժեշտությունը կա։ Կառավարության բնականոն աշխատանքը ապահովելու համար խնդրում եմ գալ դահլիճ։ Նայեք, ես կարող եմ դնեմ նախագծերը եւ դուք վստահ եք, որ չի անցնի։ Դրա համար խնդրում եմ մի հատ... 20 րոպե ընդմիջում, որ վերցնենք,  կարող է պատահի դահլիճից էլի մարդիկ բացակայեն։ Սա է հարցը։ Այսինքն՝ այս պահին 52 մարդ 2 հոգու են սպասում, որոնք հայտարարել էի, որ ժամը 11-ին պետք է քվեարկենք։ Մոտեցումը այդ հարցին ոչ թե խնդիրը նա է, ինձ հարգելու, 11-ին գալու, այլ հարգելու բոլոր այն գործառույթը, որը մենք պարտավոր ենք իրականացնել, որպեսզի նախագծերը հաստատենք, որ կառավարությունն աշխատեր։ Սա է խնդիրը։

Հարգելի գործընկերներ, մենք հիմա ձեզ հետ միասին կընդհատենք մեր աշխատանքը։ Ընդմիջում 30 րոպե։ Խնդրում եմ ժամը 12-ին մենք հավաքվենք, որպեսզի կարողանանք քվեարկենք նախագծերը։


Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուշադրություն։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 54
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հնարավոր չէ՞ էլեկտրոնային տաբլոյում փոխել հիմա, որպեսզի ինքը գրի, որ... Մի վայրկյան, ես հիմա մի ուրիշ նախագիծ կքվեարկեմ։ Եթե կոճակն աշխատի, այն ժամանակ նորից սա կքվեարկեմ, որպեսզի գրանցվի։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի եւ Գեւորգ Գորգիսյանի կողմից ներկայացված «ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 55
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Մենք այստեղ ունենք մի շարք ընկերների մոտեցումները։ Եթե դեմ չեք, ես վերաքվեարկեմ նախորդը, որովհետեւ ծրարները դեռ բացված չէին։ Նորից, քանի որ որոշ մեր ընկերների մոտ չէր աշխատել համակարգը, դրա համար ես նորից վերաքվեարկում եմ։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Էլեկտրոնային հաղորդագրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 59
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 56, գործուղման մեջ եղող երեք պատգամավորներ թողել են իրենց կարծիքը՝ դրական՝ 59
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 56 եւ մեկ պատգամավոր դրական կարծիք է թողել՝ 57
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում «ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 56, չորս պատգամավոր դրական կարծիք են թողել՝ 60
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Մենք սպառեցինք մեր օրակարգը։ Կհանդիպենք ձեզ հետ միասին 16։30-ին՝ հարց ու պատասխանի ժամանակ։


Ժամը 16:30

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգարժան պրն վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին։ Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին։

Հերթագրված, սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալ հարցի քննարկման ընթացքում հարց տալու իրավունքից։ Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո։ Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության։

Խնդրում եմ նախապատրաստվել հերթագրման։ Սակայն, մինչ հերթագրումը ես տեղեկացնեմ, որ բացակայում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս նախարարները գործուղման մեջ են եւ բացակայում են, խնդրում եմ հաշվի առնել, եւ Մհեր Գրիգորյանը բացակայում է առողջական պատճառով։ Իսկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալը կմասնակցի, Հակոբ Արշակյանը, քանի որ նախարարն արդեն չի աշխատում, եւ ովքեր պաշտոնակատար են, նրանք են՝ Ավագ Ավանեսյանը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ, Գառնիկ Պետրոսյանը՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Վարդան Գեւորգյանը՝ էներգետիկ ենթակառույցների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, Արա Նազարյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, եւ Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

Խնդրում եմ նախապատրաստվել հերթագրման։ Հերթագրում։

Հերթագրվել են չորս, հա՛, հինգ, ներողություն, հերթագրվել են հինգ պատգամավորներ։

Գեւորգ Գորգիսյան։ Խնդրեմ, պրն Գորգիսյան, 3-րդ խոսափող։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Հարգելի Կառավարություն, նախորդ Կառավարությունից մնացած մի քանի խնդիրներ, շատ խնդիրներ ունենք իրականում, բայց կոնկրետ խնդրի կուզեի անդրադառնալ, շատ են նաեւ շահառուներն այս խնդրի, հասկանալու համար՝ ի՞նչ լուծումներ մենք ունենք այս խնդրի համար։

Մոտավորապես հազար թոշակառու եւ չորս հազար գործող սպաներ այս պահին սպասում են բնակարանի ստացման հերթում, եւ վերջին անգամ բնակարաններ այս մարդկանց տրվել են նախորդ տարվա դեկտեմբերի ամսին, եթե չեմ սխալվում, նախորդ կառավարության օրոք։ Հիմա՝ կուզենայի իմանալ՝ ի՞նչ վիճակում է այս խնդիրը։

Ու նաեւ՝ կրկին մնացած խնդիրներից։ Շատ է 37 տարեկանում զինվորական ծառայությունը լքողների թիվը նաեւ, մենք ի՞նչ ենք անում կամ ի՞նչ պլաններ ունենք այս մարդկանց բանակում պահելու, որպեսզի էլ ավելի շահագրգռենք, եւ կարծում եմ՝ այս սպաները մեզ պետք  են։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ձեր հարցին կպատասխանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Դ.ՏՈՆՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Գորգիսյան, հարցի համար։

Ինչ վերաբերում է բնակարանների տրամադրմանը, այս պահին խնդիրը քննարկվում է Կառավարությունում, որպեսզի կարողանանք ձեւաչափը գտնել։

Այս պահին շինարարություն է իրականացվում, բնակարաններն առաջին հերթին տրվելու են հաշմանդամներին ու զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքներին։ Այս պահին այս վիճակն է։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ցանկանում եք արձագանքե՞լ, պրն Գորգիսյան։

Մի րոպե միացրեք 3-րդ խոսափողը, մի քիչ պարզաբանեք 2-րդ մասը։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-2-րդ մասի հետ կապված՝ ինձ դիմած նաեւ տարբեր զինծառայողների կարծիքներով՝ 37 եւ բարձր տարիքում սպաները ժամանակից շուտ զորացրվում են, ոմանք տաքսի են քշում, ոմանք գնում են խոպան, այսպես կոչված, արդյո՞ք այս խնդիրը դեռ կա, եւ ի՞նչ ենք պլանավորում այս խնդիրը լուծելու հետ կապված։ Նաեւ բնակարանների հետ կապված՝ ես գիտեմ, որ կա ինչ-որ հիփոթեքային ծրագրեր՝ մատչելի, բայց դա ավելի երիտասարդներին է վերաբերում, ոնց հասկացա, եւ ավելի տարիքով սպաների կամ արդեն թոշակառու դարձած սպաներին դա չի վերաբերում։ Կխնդրեի պարզաբանել, շնորհակալ եմ։

Դ.ՏՈՆՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Գորգիսյան։ Խնդիրը հենց նրա մեջ է, որ Կառավարությունում քննարկվող հարցը հիփոթեքային հարցին է վերաբերում, որովհետեւ մենք հնարավորություն ենք ընձեռում բոլոր զինծառայողներին՝ օգտվելու հիփոթեքային հնարավորությունից, ոչ միայն երիտասարդներին։ Դա է եղել մեր նոր Կառավարության առաջարկությունը՝ ընդգրկել բոլորին։ Ուղղակի, քանի որ ակնկալիքներն ավելի մեծ են՝ թոշակավորվելու ժամանակ ստանալ անմիջապես բնակարան կամ հողամաս, դրա համար, այսպես ասած՝ պայքար է գնում, որպեսզի դա իրականություն դառնա, փորձելու ենք աջակցել այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է զորացրումներին, այս պահին, իմ զեկույցից հետո՝ վարչապետին, եւ Կառավարությունում քննարկումներ անցկացնելուց հետո, այդ գործընթացը հնարավորինս կասեցված է, զորացրումները չեն իրականացվում պարտադիր՝ անմիջապես տարիքը լրանալուց հետո։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։

Ալեն Սիմոնյան, 3-րդ խոսափողը միացրեք։ Խնդրեմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է ԱԺ ընտրություններին։ Երեկ տարբեր կարծիքներ հնչեցին մեր գործընկերների կողմից, այսօր նույնպես լրագրողների հետ զրույցներում մեր ԲՀԿ, կներեք, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հանրապետական մեր գործընկերները տարբեր կարծիքներ հնչեցրեցին։

Ես կուզեմ իմանալ՝ պրն վարչապետ, արդյոք կա՞ որեւիցե հստակեցում այդ հարցում՝ կա՞ բանակցություն, լինելո՞ւ են բանակցություններ, լինելո՞ւ է որեւիցե փաստաթուղթ եւ, ընդհանրապես, ի՞նչ փուլում է գտնվում եւ ի՞նչ ենք մենք տեսնելու մոտ ապագայում։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ձեր հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Սիմոնյան, երեկ հանդիպման ընթացքում՝ ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած, որին ԱԺ նախագահն անձամբ ներկա չի եղել, նրա հետ քննարկումներն առանձին են եղել,  եղել է հետեւյալ տրամաբանությունը։ Ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նաեւ ասել եմ մեխանիզմի մասին։ Եվ Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել: Սա եղել է այն համատեքստում, նաեւ կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որ այսօր առկա է երկրում։ Կարծում եմ, որ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ «մայիսի 1» անելու գայթակղությանը տրվելն իսկապես անտեղի եւ ավելորդ կլինի։

Այսօր, այո՛, որոշակի, նաեւ մամուլում, հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունն առնվազն նույնական չէ իմ նշած բովանդակության հետ։ Եվ անկեղծ ասած, ես դա մեծ խնդիր չեմ համարում։  Համենայնդեպս, ՀՀ քաղաքացիների եւ մեր Կառավարության համար կարծում եմ՝ խնդիրներ առաջանում են եւ կառաջանան նման հայտարարություններ անողների համար, որովհետեւ, իմ կարծիքով, 2018թ. մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին։ Կարող եմ ասել, որ, ցավալիորեն, ինքնասպանությունների շարքը շարունակվում է:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ցանկանում եք արձագանքե՞լ։ Միացրեք 3-րդ խոսափողը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Եվ մեկ ճշտում՝ դուք ասացիք՝ «Ծառուկյան» դաշինք եւ Հանրապետական կուսակցություն, իսկ Դաշնակցություն կուսակցության հետ նույնպես եղե՞լ է։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Դաշնակցության ներկայացուցիչն էլ ասվածի հետ համաձայնեց։ Շնորհակալ եմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Արմենուհի Կյուրեղյան, 3-րդ խոսափող։

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Շնորհակալություն։ Ուրեմն, մաթեմատիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնց համար հնարավոր չէ ապացուցել թե՛ լուծելիությունը, թե՛ անլուծելիությունը։ Տարածված այդ պարադոքսալ խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը եւ այլն: Վարսավիրի խնդիրը մի քիչ ավելի արդիական է եւ փորձեմ ներկայացնել այդ խնդիրը:

Ուրեմն, այդ խնդիրը հնչում է այսպես՝ գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, ովքեր իրենք իրենց չեն սափրում: Հիմա հարց՝  այդ վարսավիրը ինքն  իրեն սափրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե վարսավիրն ինքն իրեն սափրում է, ապա ըստ կանոնի՝ ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրը ինքն իրեն չի սափրում, ապա  ըստ կանոնի՝  ինքն իրեն պետք է սափրի: Ստացվում է հակասություն: Հիմա՝ նման հակասությամբ խնդիր ձեւակերպեցի ես ինքս ինձ համար՝ Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, երբ Դավիթաշեն վարչական տարածքում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ որպեսՆիկոլ Փաշինյանը:

Հիմա՝ եթե որպես վարչապետ էր նա այնտեղ ելույթ ունենում, ապա ինչո՞ւ դա չի դիտվելու որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե նա ելույթ էր ունենում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ապա ինչպե՞ս էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում: Մեջբերում. «Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր՝ օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ այլն», մեջբերումը, որպեսզի ժամանակիս մեջ տեղավորվեմ։

Հիմա հարց՝ պրն Նիկոլ Փաշինյան, այս պահին դուք հարթակում վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն էիք, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ձեր հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ձեր՝ այս անգամ ոչ լոռեցու միամիտ հարցին պատասխանեմ միամիտ կերպով: Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ցանկանում եք արձագանքե՞լ։ Միացրեք 3-րդ խոսափողը։

Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Կխնդրեի վերը բարձրացրած իմ երկու հարցերին պատասխանել՝ եթե՝ ապա ինչպե՞ս դա չի դիտվում որպես չարաշահում, եւ եթե «Քաղաքացիական պայմանագիր» էիք, ինչպե՞ս էիք հրահանգ տալիս:

Եվ մի բան էլ։ Գիտե՞ք, վերջերս մեր հանրության մի մասի մոտ կարծիք է, որ դուք շատ արագ կերպարանափոխվում եք՝ վարչապետից մինչեւ հանրահավաքի ղեկավար: Բնականաբար, շատ շատերը ձեր կերպարի մեջ ավելի շատ կուզեին տեսնել վարչապետին, քան հանրահավաքի կազմակերպչին: Դուք ինքներդ քանի՞ տոկոս եք համարում ձեզ վարչապետ եւ քանի՞ տոկոս՝ հանրահավաքի ղեկավար: Միայն թե չասեք՝ հավասար կամ վարչապետ՝ ավելի, որովհետեւ դա, մեղմ ասած, անազնիվ կլինի։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Գիտե՞ք, անկեղծ ասած, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում եւ ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, անելիքներում եւ ասելիքներում  սիրում եմ լինել համարժեք:  Եվ տվյալ դեպքում կարող եմ արձանագրել, որ ձեր հարցին պատասխանեցի: Ես ասում եմ, որ ես պարզապես, ես հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը եւ այն, ինչ այստեղից ասում եմ, շատ բաներ կարող եմ ասել նաեւ հանրահավաքում, գուցե  մի քիչ ավելի բարձր, որպեսզի վերջին շարքերում լսելի լինի։ Իսկ քանի որ Ազգային ժողովի շարքերը նոսր  են եւ գնալով նոսրանում են, այդ հանգամանքն ինձ հնարավորություն է տալիս նաեւ այսպես պատասխանել ձեր հարցին:

Իսկ ինչ վերաբերվում է... Ժամանակը սպառվել է, պարզվում է։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Միտքը կարող եք ավարտել, պրն Փաշինյան։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Ինչ վերաբերում է իմ ելույթին, այնտեղ, որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ, ես խոսել եմ որպես վարչապետ, եւ այն, ինչ ես խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը։ Ինչ վերաբերվել է նախընտրական քարոզչությանը, ես խոսել եմ որպես մի մարդ, ով իրավունք ունի խոսել նախընտրական քարոզչության վերաբերյալ։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Լենա Նազարյան, 3-րդ խոսափող։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն վարչապետ, երեկ ուշ երեկոյան, երբ քաղաքացիներն Ազգային ժողովի բակում լսելով ձեր խոսքը՝ հանդարտ հեռանում էին Դեմիրճյան փողոցից, ականատես եղան, թե ինչպես  Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով առավել հայտնի է Քեթրինի Միհրան անունով, եւ իր հետ գտնվող մարդիկ հայհոյանքներ էին հնչեցնում քաղաքացիների հասցեին, եւ կա տեսանյութ։

Ես կխնդրեի պարզաբանել՝ արդյոք տեղյա՞կ եք այդ միջադեպի վերաբերյալ, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ձեր հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել տիկին Կյուրեղյանի նշած հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին: Այ, եթե պատշաճ ձեւով այդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ՝ երեկվա միջադեպը չէր լինի, եւ ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն:

Ես ուզում եմ այսպիսի մի բան ասել. երեկ, երբ մենք շփվում էինք Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հետ, եւ երբ ես մտա Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակ, Հանրապետական մեր գործընկերները, եւ ոչ միայն հանրապետական մեր գործընկերները, բավականին հուզված էին՝ հասկանալի պատճառներով, եւ ես ինքս իմ կողմից ամեն ինչ արեցի, որպեսզի լարվածությունը նվազի, նույնիսկ կատակներ արեցի եւ այդպես շարունակ։ Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ մեր ժպիտները եւ քաղաքավարությունը որեւէ մեկը հանկարծ չփորձի մեկնաբանել որպես թուլություն: Եվ երեկ, երբ խոսք էր գնում այն մասին, թե, մասնավորապես ի՞նչ եմ ես ակնկալում Հանրապետական խմբակցության պատգամավորների կողմից, ես շատ պարզ արձանագրեցի հետեւյալը։ Ես ասացի հետեւյալը. տեսեք, դուք շատ բողոքում եք այն մասին, որ որոշակի սոցիալական ցանցերում, հրապարակային, այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում եւ այլն, եւ այլն, եւ դուք ասում եք, որ սա ատելության քարոզչություն է: Ես ասացի, որ  ակնկալում եմ, որ դուք մեզ աջակցեք, որպեսզի մենք այդ երեւույթը կարողանանք հաղթահարել: Եվ սա շատ կարեւոր է իսկապես, բայց ես չգիտեմ, քննությունը կպարզի՝ դա  Միհրան Պողոսյանի թիկնապահնե՞րն են եղել, թե՞ ոչ, բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել եւ, ըստ ամենայնի, նա նույնպես, եթե այդպես է...

Դուք արձագանքեք, ես կշարունակեմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Խնդրեմ, արձագանքեք։ Միացրեք խոսափողը։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Խնդրեմ. շարունակեք։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Եվ եթե պարզվի, որ իսկապես նա այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա, այնուամենայնիվ, լավ չի հասկացել այն, ինչ կատարվել է այդ սենյակում, եւ լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է ՀՀ-ում։

Ես ձեզ ուղիղ եմ ուզում ասել, որ երեկ ես զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձնից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները եւ հորդորները՝ Ազգային ժողովի պատգամավորների եւ, հատկապես, հանրապետական պատգամավորների նկատմամբ ցուցաբերել հանդուրժողական վերաբերմունք: Եվ այս առումով ես կարծում եմ, որ, իսկապես, մենք ունենք պրոբլեմ, եւ եթե պարզվի, որ որեւէ Հանրապետական, ոչ հանրապետական, մեր կուսակցությունից, կապ չունի, որեւէ պատգամավոր եւ որեւէ պատգամավորի, այսպես կոչված, ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված՝ օրենքի կողմից։ Եվ ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիները իրենց բավարարված կզգան դրանից: Եվ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը եւ նրա նմանները Երեւան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Եվ ես ուզում եմ զգուշացնել, բոլոր նրանց, ովքեր այդպիսի արարքների հեղինակներ են, զգուշացնել, որ նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ։ Եվ ես ասում եմ՝ կարող է մեր ուժերն այլեւս չբավարարեն, որպեսզի ոմանց Երեւան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձեւով կազմակերպել: Էնպես, որ ես կարող եմ ասել, որ իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն, եւ իմ տեղեկություններով՝ այդ գործով արդեն կան բերման ենթարկվածներ: Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Արմեն Աշոտյան, 1-ին խոսափող։ Խնդրեմ, պրն Աշոտյան։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Մինչեւ բուն հարցիս անցնելը, ուզում եմ արձագանքել այս դահլիճում արդեն հնչած որոշ գնահատականների։

Պրն վարչապետ, եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով եւ նաեւ սպառնում եք օրենքով, կխնդրեմ, որպես ԱԺ պատգամավոր, ձեզ՝ որպես վարչապետի եւ տղամարդու, զբաղվել նաեւ մեր գործընկերոջ՝ տիկին Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով։ Մամուլն այսօր դրա մասին գրել է։ Կարծում եմ, որ եթե խոսում ենք արդարության մասին եւ արդարության գերակայության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար։ Եվ ես ակնկալում եմ, որպեսզի Կառավարությունը, ուժայինները, որոնք ձեզ լսում են  ցանկացած հարթակից, ստանան ձեզանից հանձնարարական՝ պարզել մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, մեղավոր անձանց, հայտնաբերեն նաեւ ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին, բազմաթիվ ավտոմեքենաներ են երեկ վնասվել, եթե ձեզ չեն զեկուցել, իմացեք։

Ես խնդրում եմ երեկվա արտառոց իրավիճակի հետ կապված հանգամանքների պարզաբանումներ անել՝ անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից՝ վեր կանգնելով քաղաքականությունից։

Երկրորդ դիտարկումս։ Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ, որ շուտով կտարածվի, մեր ամփոփ գնահատականը երեկվա մեր խոսակցությանը տրված է:

Ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր իսկ խոսքերը՝ երեկ այս բակում արտաբերված։ Դուք ասացիք, որ եթե ճիշտ եք հասկացել երեկվա խոսակցության որոշ նրբություններ, եթե չէ, ապա հանրապետականները կամ մնացած քաղաքական ուժերը թող շտկեն, այսօր բոլոր քաղաքական ուժերը ձեր ասածի հիման վրա՝ ի շարունակություն, ի լրումն, երբեմն էլ ի հակադրություն, հայտնել են իրենց տեսակետները, այստեղ որեւէ արտառոց բան չկա, նման բան անգամ դուք եք երեկ կանխատեսել ձեր խոսքում։

Իսկ հիմա բուն հարցը, եթե թույլ կտաք, թեպետ ժամանակը սպառվել է։ Երեկ հայտարարությունների ժամին ես բարձրաձայնեցի խնդիր՝ կապված Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ: Եվ այս պահի դրությամբ հետեւյալ հարցն եմ հիմա ձեզ ուղղում. պրն վարչապետ, արդյո՞ք հաստատվել է այն օպերատիվ կապը, որի մասին դուք խոսում էիք Դուշանբեից վերադառնալուց հետո, Ադրբեջանի նախագահի հետ։ Սա առաջին հարց։

Երկրորդ հարց. արդյո՞ք հասցրել եք ճշտել այս պահի դրությամբ Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ Բերդավանի բնակիչ Կարենի ճակատագրի հետ կապված որեւէ նորություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ձեր հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ տեղյակ չեմ տիկին Առաքելյանի հետ կապված միջադեպից, անպայման կհետաքրքրվեմ։ Ընդհանրապես, երեկվա հետ կապված բոլոր խնդիրներով, եթե կան խնդիրներ, իրավապահ մարմինները կզբաղվեն։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապին՝ այս պահի դրությամբ դեռ այն հաստատված չի, բայց աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ։ Ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ես կարող եմ ասել, որ Կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք։ Այդ տեղեկանքը, եթե ես չեմ սխալվում, կարող ենք փոխանցել ձեզ, որպեսզի դուք նաեւ այդ հարցերի պատասխանները ստանաք: Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Խնդրեմ, պրն Աշոտյան, արձագանքեք։

Ա.ԱՇՈՏՅԱՆ

-Պրն Բաբլոյան... Շնորհակալություն պատասխանի համար, պրն վարչապետ, կհետեւեմ նաեւ ձեր նոր տրված խոստումների կատարման ընթացքին։

Պարզաբանող մեկ հարց ունեմ, այնուհանդերձ, թեմայի կոնտեքստում եւ մեկ հարց՝ էլի արտաքին քաղաքական համատեքստում։

Առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ ուղղել՝ օգտագործելով այս առիթը, հետեւյալն է. արդյո՞ք Ադրբեջանի անդամության հետ կապված՝ ՀԱՊԿ-ում, թեկուզեւ դիտորդի կարգավիճակում, կա որոշակի գործընթաց, եւ ինչպիսի՞ն է Հայաստանի տեսակետը, եթե անգամ այդ գործընթացն այս պահին չկա։

Եվ երկրորդ հարցը, որը հետաքրքրում է ոչ միայն ինձ՝ ի պաշտոնե, այլ նաեւ Հայաստանի հասարակությանը. արդյո՞ք նորություններ կան Սիրիայում հայկական զորախմբի տեղակայման գործընթացի իրական կազմակերպման հետ։ Շնորհակալություն։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալ եմ։

Նախ՝ Սիրիայում զորախումբ չի տեղակայվում։ Սիրիայում տեղակայվում է հումանիտար ականազերծման եւ բժշկական առաքելություն։ Սա կարեւոր արձանագրում է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը որպես դիտորդ կամ որեւէ այլ կարգավիճակով ներգրավվելուն, այդպիսի որեւէ պաշտոնական գործընթաց չկա։ Այդ մասին կան հրապարակումներ, այդ մասին կան խոսակցություններ, եւ սրա վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը շատ հստակ է, եւ ես այդ դիրքորոշումը մի քանի անգամ հրապարակել եմ: Դուք գիտեք, որ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով եւ, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում եւ ստեղծված հարաբերությունների  պայմաններում անիմաստ է նույնիսկ այդ հայցի վերաբերյալ խոսելը, որովհետեւ Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը, ընդ որում՝ ոչ թե կարճաժամկետ առումով, այլ ընդհանրապես, պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ, թեկուզ, դիտորդ։

(Արմեն Աշոտյանը խոսում է դահլիճից, առանց խոսափողի)

Ընթացքի մեջ է, այո։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Այծեմնիկ Օհանյան։ Խնդրեմ, 2-րդ խոսափող։

2-րդն ավելի մոտիկ չի՞, որտեղ ձեզ հարմար է։

Ա.ՕՀԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Կփորձեմ նեյտրալ, բայց շատ-շատերին հուզող հարց տալ։

2012 թվականից ընթանում է սոցփաթեթների գործընթացը։ Փաթեթի շահառուներն են պետական հիմնարկների, կրթության, մշակույթի, պաշտպանության ոլորտների եւ մի քանի այլ ոլորտի աշխատակիցներ։ Նպատակը՝ աշխատողի սոցիալական կարիքների քիչ-շատ բավարարելը, մոտիվացիան եւ աշխատանքի արդյունավետության բարձրացում, պետական ոլորտի աշխատանքի գրավչության բարձրացում, պետական հիմնարկներից կադրերի հոսելիության կրճատելու համար եւ, ինչու չէ, նաեւ կոռուպցիոն ռիսկերը կրճատելու։

Իմ հարցն այսպիսին է՝ ինչո՞ւ շահառուների ցանկում ներգրավված չեն պետական բուժհիմնարկների, պետական բուհերի եւ երաժշտական դպրոցների աշխատակիցները։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարցին կպատասխանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Խնդրեմ, պրն Թորոսյան։

Ա.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ուրեմն, այո, միայն հիմնականում պետական ծառայողներն են եւ մանկավարժները, բայց մենք քննարկում ենք հենց այս պահին՝ նոր մարդիկ ընդգրկելու։ Մենք պետք է հասկանանք, որ դա ենթադրում է հավելյալ ծախսեր, այսինքն՝ ծախսերի աճմանը զուգընթաց, նաեւ նոր խմբեր ենք ուզում ընդգրկել։ Հենց հիմա արդեն շրջանառվում է Կառավարության որոշում՝ պետական բուժհիմնարկների բժիշկներին, բուժքույրերին, ընդհանրապես բուժանձնակազմին ներգրավել։ Մյուս մասերի համար չեմ կարող պատասխանել, բայց բժիշկների մասով հիմա քննարկումները գնում են։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Ցանկանում եք արձագանքե՞լ։

Ա.ՕՀԱՆՅԱՆ

-Այո։ 2012 թվականից այս հարցն ամեն ընտրությունից առաջ բարձրացվում է, եւ մեզ ասում էին՝ սպասեք, կլուծվի։ Խնդրում եմ՝ դա մի քիչ արագացվի, որովհետեւ դա, իրոք, շատ կարեւոր հարց է, համենայնդեպս, մարզերի համար, առավելապես մարզերի համար։ Շնորհակալություն։

Ա.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, հաշվի կառնենք։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մեզ մոտ օրակարգը սպառվեց, հարցերն ավարտվեցին եւ քառօրյայի աշխատանքը նույնպես սպառեցինք։ Շնորհակալություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am