National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 4

14 մարտի 2019

Ժամը 11:00

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 4

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ
 
 

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում ենք  զբաղեցնել ձեր տեղերը։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման, գրանցում։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, դահլիճում խնդրում եմ լռություն։

Գրանցվել է 85 պանտգամավոր։

Քվորում ունենք, կարող ենք սկսել նիստը։ Մեզ մնացել է 2-րդ ընթերցմամբ քննարկել երեկ 1-ին ընթերցմամբ ընդունված 2 նախագծերը, որից անմիջապես հետո տեղի կունենան քվեարկությունները։

Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան։ Համեցեք, պրն Արշակյան։

Տեղեկացնեմ, որ ԱԺ պատգամավորներից կառավարության հետ համատեղ առաջարկ է ներկայացրել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, եւ հետեւաբար, պրն Արշակյանի զեկույցից հետո հարց տալու իրավունք կունենա միայն առաջարկ ներկայացրած պատգամավորը։

Համեցեք, պրն Արշակյան։
Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։

Նախագծի 1-ին հոդվածը ՀՀ ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված արտահերթ նիստի արդյունքում լրամշակվել է եւ «ձեռք են բերվել» բառերը փոխարինվել են «ձեռք բերման հիմքերն առկա են եղել» բառերով, իսկ «դեկտեմբերի 30-ը» բառը փոխարինվել է «դեկտեմբերի 31-ը» բառերով։

Այսպիսով, նաեւ շնորհակալություն հայտնելով հանձնաժողովին այ ս աշխատանքների համար, խնդրում եմ հաստատել ներկայացված նախագիծը։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Արշակյան։ Պրն Թունյան, հարց ունե՞ք, հարց չունեք։ Պրն Արշակյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Պրն Թունյան, կարող եք հանդես գալ հարակից զեկուցմամբ... Հարակից զեկուցման կարիք չկա։

Այժմ կարող ենք անցել մտքերի փոխանակությանը, խնդրում եմ գրանցվել։ Գրանցում։

Հերթագրվել է 2 պատգամավոր։

Գեւորգ Պապոյան՝ «Իմ քայլը», համեցեք, պրն Պապոյան։

Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր, ըստ էության, այն օրենքի նախագիծը, որը մենք 2-րդ  ընթերցմամբ կքվեարկենք, հուսով եմ՝ կընդունենք եւ Նախագահը կստորագրի, եւ շատ արագ մեր հայրենակիցները կկարողանան իրենց մեքենաները վերջապես ներկրել Հայաստան։

Ըստ էության, սա հետեւանք է, սա խնդիր է, որը նաեւ ընդհանրապես այս խնդիրը նաեւ մնացել է մեզ նախկին իշխանությունների կողմից երբեմն հապճեպ ընդունված, ոչ պատշաճ ընդունված, ամբողջությամբ, խորությամբ չքննարկված օրենքի նախագծերի ընդունման արդյունքում։ Եվ ես ուզում եմ այստեղ մի կարեւոր արձանագրում անեմ տնտեսական, որ աջակողմյան ղեկային կարգավորման այս օրենքը, ըստ էության, ինչքան էլ, որ բարի ցանկություն է եղել, լավ նպատակներով է ընդունվել, ըստ էության, թերի է եւ բազմաթիվ, ոչ միայն շատ խնդիրներ չի լուծել, այլեւ նույնիսկ որոշ դեպքերում խնդիրներ է առաջացրել։ Եվ ես մեր հանձնաժողովի նիստի ընթացքում պրն Արշակյանին այս հարցը տվել եմ եւ հիմա կմանրամասնեմ ինչի մասին է խոսքը։

Մասնավորապես՝ այսօր էլ մեր երկիր, այսպես ասած, նախկին կյանքում աջակողմյան ղեկով մեքենաներ ներմուծվում են, դրանք ի՞նչ մեքենաներ են։ Այսինքն, մեր քաղաքացիներն այդ մեքենաները գնում են, բերում են մեր հարեւան, բարեկամ Վրաստան, այնտեղ ղեկային տեղաբաշխումը փոխում են աջից ձախի եւ շարունակում են ներկրել այդ մեքենաները Հայաստան։ Եվ այստեղ մենք, արդյունքում ի՞նչ է տեղի ունեցել, հա՞, երբ որ Ռուսաստանի նախկին վարչապետ Չերնոմեձինն ասում էր՝ ուզում էինք լավը, եղել է ինչպես միշտ։ Արդյունքում՝ մենք աջ ղեկային կարգավորման մեքենա հիմա հնարավոր չի ներկրել Հայաստան, բայց դրա փոխարեն ներկրվում են մեքենաներ, որոնք աջից ձախ են ձեւափոխված, անհայտ ծագման որոշակի մասնագետների կողմից հարեւան երկրում, եւ արդյունքում դրանք լուրջ խնդիր են առաջացնում։

Պրն Արշակյանի մոտեցումը ես գիտեմ...

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Պրն Պապոյան, ժամանակը, ամփոփեք, խնդրում եմ  շատ կարճ։

Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Հա, ներողություն։ Այստեղ ուղղակի մենք կարեւոր օրենսդրական լուծման խնդիր ունենք տեխնիկական զննության հետ կապված, եւ կարծում եմ, այս հարցին եւս մենք պետք է շուտափույթ լուծում տանք եւ պրն Արշակյանի մոտեցումն էլ գիտեմ՝ նա համաձայն է սրա հետ։ Շնորհակալություն, այսքանը։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Սերգեյ Բագրատյան՝ «Բարգավաճ Հայաստան», համեցեք, պրն Բագրատյան։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ես, կարելի է ասել, ցանկանում եմ նախորդ մեր ընկերոջ խոսքը շարունակել այն պարզ իմաստով, որ հապճեպ ընդունված օրենքների պրակտիկան այլեւս թող տեղ չգտնի մեր օրակարգում։

Հասկանալի է, որ մեր քաղաքացիներին հուզող խնդիրն արագ է պետք լուծել, բայց կոնկրետ նոր ես անցակետում հանդիպեցի շահագրգիռ ընկերների, որոնք եւս մեկ անգամ խնդրում են, որ մեք նայենք հնարավորությունները, եթե իսկապես պետք է հետագայում դադարեցնենք, կարողանանք էդ հիմնավորումները ներկայացնենլ։ Նախկին ռեժիմի ժամանակ նշվում էր, որ վթարները շատ են եւ այլն, եւ այլն, բայց որեւէ վիճակագրություն փաստացի գոյություն չունի։ Ավելի շատ պոպուլիստական, ավելի շատ ցանկությունների դաշտում է, քան իրականության մեջ է։

Առաջարկում եմ՝ հետագայում, երբ որ կքննարկենք, հաշվի առնենք այն հանգամանքը, որ սա նաեւ բիզնես է մեր քաղաքացիների համար, իրենք ներկրում եւ վաճառում են դրսում, այսինքն, որոշակի շահ են ստանում մեր քաղաքացիներկը։ Այս հանգամանքը եւս հաշվի առնել եւ երկրորդում եմ իմ գործընկերոջը՝ Տիգրան Ուրիխանյանին, որ եթե պետք է Վրաստանում անեն էդ գործողությունները, այսինքն, վերափոխեն աջ-ձախ տեղակայումով, թող ՀՀ-ում դա կարգավորվի, որպեսզի այդ գումարները դուրս չգան երկրից։

Այս հարցերի շուրջ կխնդրեմ, որ այս որոշումն ընդունելուց հետո մենք ավելի հանգամանալից քննարկում ունենանք եւ տնտեսական վնասները եւ օգուտները նույնպես հաշվի առնենք, որովհետեւ, ի վերջո, մենք երկիր ենք, որին նաեւ տնտեսական խնդիրներն են հուզում, ոչ միայն անվտանգության։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բագրատյան։ Այժմ եզրափակիչ ելույթով կարող եք հանդես գալ, պրն Թունյան... կարիք չկա։ Պրն Արշակյա՞ն, համեցեք։

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն հարցերի համար։ Երկու շատ կարեւոր հարց հնչեց, մեկը տեխզննության հարցը, մեկը՝ ղեկի փոփոխման հարցը։

Նախ՝ տեխզննության մասով  ուզում եմ ասել, որ մենք մեծ ուշադրություն ենք դրան դարձնում, եւ այս պահին արդեն իսկ մշակյած եւ վերջնական փուլում է գտնվում տեխզննության նոր կանոնակարգը, որն արդեն շրջանառության մեջ կդրվի այս մոտակա օրերին, որն իրենից ենթադրում է, որ էլեկտրոնային համակարգով պետք է հետեւվի, թե որ մեքենան որտեղ, ի՞նչ ընթացակարգով եւ ինչպիսի՞ զննում է անցել։ Եվ դա պետք է տեղի ունենա սերտիֆիկացված կենտրոնների միջոցով, որոնք արդեն 30-ից ավել մենք ունենք, եւ դրա վերահսկողությունը վերապահված է լինելու տրանսպորտի նախարարությանը։

Երկրորդ կետը՝ ուրեմն, փոփոխման մասին խոսք գնաց, որ Վրաստանում են փոխում, միգուցե հնարավորություն տանք բերել Հայաստանում այդ տեղաբաշխումը փոխել եւ նաեւ, ինչպես գիտեք, վերահսկողությունը նույնպես կարելի է սահմանել այդ դեպքում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք կառավարության որոշմամբ ղեկի տեղաբաշխման թույլտվությամբ այդ ռեժիմով հնարավորություն ստեղծել ենք եւ ներմուծողներն ազատ են ընտրելու՝ Հայաստանում տեղաբաշխման փոխելու հարցում։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Արշակյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Այժմ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյան։

Համեցեք, պրն Քրմոյան։

Ս.ՔՐՄՈՅԱՆ

-ԱԺ մեծարգո խոսնակ, հարգելի փոխխոսնակներ, հարգելի պատգամավորներ, ետղեկացնեմ, որ պետաիրավական հանձնաժողովում կատարված նախնական աշխատանքի արդյունքում մենք մինչեւ 1-ին ընթերցումը վերջնականացրել էինք առաջարկները։ 1-ից 2-րդ ընթերցում որեւէ առաջարկ օրենքը փոփոխելու վերաբերյալ չենք ստացել, ըստ այդմ, խնդրում եմ օրենքը հավանության արժանացնել եւ ընդունել 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Շնորհակալ եմ։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Քրմոյան։ Պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հետեւաբար՝ հարցեր չեն կարող լինել։ Կարող ենք անցնել մտքերի փոխանակությանը, խնդրում եմ ելույթների համար հերթագրվել։ Հերթագրում։

Հերթագրվել է 1 պատգամավոր... հանում է պատգամավորը ելույթը, հետեւաբար՝ կարող ենք անցնել եզրափակիչ ելույթին... անհրաժեշտություն չեք տեսնում, պրն Քրմոյան, շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, անցնում ենք քվեարկություններին։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Աջակողմյան ղեկային տեղաբախշման տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 97
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է, շնորհակալություն։

Այժմ քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է, շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ, կհանդիպենք մեր հաջորդ նիստին, նիստն ավարտված է։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am