National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 15

12 ապրիլի 2024

Ժամը 10:00

        ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ

 

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Բարի լույս, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ զբաղեցնել տեղերը, տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Գրանցվել է 70 պատգամավոր։ Քվորում ունենք, սկսում ենք նիստը:

Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյան։ Տիկին Սարգսյան, համեցեք:

 Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսվող մի շարք փոփոխությունները պայմանավորված են կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետական վերահսկողության շրջանակներում ավելացնելու վերահսկողական գործիքները. Մասնավորապես. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում:

Տարընկալումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է օրենքից հանել «բույսերի պաշտպանության միջոցների» և «պարարտանյութերի» բառերը, քանի որ արդեն իսկ կա սահմանված «պեստիցիտներ» և «ագրոքիմիկատներ» բառերը:

Միաժամանակ, հաշվի առնելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքը և Կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի 623-Ն որոշումը, որտեղ արդեն իսկ սահմանված են համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը, օրենքի նախագծով առաջարկվում է 7-րդ հոդվածում «նշանակում է» բառը փոխարինել «տրվում է լիազորություն» բառերով, ինչպես նաև սահմանել լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը՝ կարգավորելով առկա օրենսդրական բացը:

Անհրաժեշտ է նաև ամրագրել կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման …

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Տիկին Սարգսյան, մեկ վայրկյանով պետք է ընդհատեմ ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն պահպանել դահլիճում: Համեցեք: Շարունակեք:

 Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

- … Ինչպես նաև կերային հավելումների ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները և վերը նշված լիազորությունները վերապահել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող համապատասխան նախարարությանը։

Վերը նշված նախագծին զուգահեռ՝ անհրաժեշտ է փոփոխություն և լրացումներ կատարել «Կերի մասին» օրենքում՝ սահմանելով լիազորող նորմ կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի հաստատման վերաբերյալ։

Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» 317 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի 3.13-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում անասնաբուժության մեջ կիրառման համար դեղամիջոցների և կերային հավելումների ներմուծումը, փոխադրումն ու օգտագործումն իրականացվում են դրանց անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից գրանցման պայմանով, սակայն Հայաստանի Հանրապետությունում կերային հավելումների համար պետական գրանցում իրականացնող մարմնի բացակայությամբ պայմանավորված՝ տվյալ պահանջի կիրառումը հնարավոր չէ իրագործել: Այս համատեքստում ներկայումս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կերային հավելումներ ներմուծողներին ներմուծման թույլտվություն չի տրվում, քանի որ բացակայում է կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը, ինչի հետևանքով տնտեսավարողներն ունենում են ֆինանսական խնդիրներ։

Հարկ է նշել, որ տվյալ ապրանքատեսակները կենսական նշանակություն ունեն կենդանիների կերակրման համար, ինչը չներմուծելու դեպքում կունենան իրենց բացասական հետևանքները, հետևաբար՝ ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը հրատապ է և անհետաձգելի:

Օրենքների նախագծերի ընդունումից հետո օրենքով կտրվի լիազորություն, թե որ մարմինն է իրականացնելու կերային հավելումների գրանցումը և ռեեստրի վարումը: Միաժամանակ անհրաժեշտ է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով կերային հավելումների պետական գրանցման համար պետական տուրք:

Վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունմամբ սահմանելով նոր դրույթներ՝ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկայահանումը, կսահմանվի «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը, ինչպես նաև կսահմանվեն և իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները։

Նշեմ, որ նախագիծն անցել է առաջինից երկրորդ ընթերցում, կատարվել են որոշակի տեխնիկական շտկումներ: Խնդրում եմ քվեարկել լրամշակված նախագծերի փաթեթի վերաբերյալ։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Քանի որ գրավոր առաջարկներ չեն եղել, հարցեր նույնպես չեն կարող լինել: Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը։

Հարակից զեկուցող՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյան։ Համեցեք, պարոն Թումասյան:

 Մ.ԹՈՒՄԱՍՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ, հարցը քիչ առաջ քննարկվեց գլխադասային հանձնաժողովում: Որոշ տեխնիկական լրացումներ են եղել, ուստի՝ խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Թումասյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար գրանցում: Արծվիկ Մինասյան, համեցեք: (Խոսակցություն դահլիճում:) Շատ լավ: Չունե՞ք ելույթ։ Հարգելի գործընկերներ, եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք, պարոն Թումասյան և տիկին Սարգսյան։ Շնորհակալություն:

Խնդրում եմ ձեր ուշադրությունը, հարգելի պատգամավորներ, այժմ անցնում ենք քննարկված նախագծերի քվեարկություններին։

Այսպիսով, քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 54

Դեմ՝ 4

Ձեռնպահ՝ 22

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված … Լռություն դահլիճում, հարգելի գործընկերներ: Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն:

Կողմ՝ 56

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 25

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկություն:

Կողմ՝ 82

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի կողմից ներկայացված՝ ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն:

Վարման կարգով՝ Արծվիկ Մինասյան:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգելի հայրենակիցներ, մեր խմբակցության համար անընդունելի և դատապարտելի է այս նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացված տարբերակը, ինչպես որ անընդունելի էր նաև առաջին տարբերակը։ Մենք ներկայացրել էինք առաջարկություն, որ շտկվի, և այն մտահոգությունները, որոնք կային հանրության մեջ, այդ թվում՝ նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից բարձրացված, անտեսվել են, արհամարհվել են: Հետևաբար՝ մեր խմբակցությունը, դատապարտելով, դեմ է քվեարկում այս նախագծին։

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, արդեն ընթերցեցի քվեարկվող օրինագծի անվանումը։ Այսպիսով, քվեարկություն:

Կողմ՝ 57

Դեմ՝ 25

Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 57

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 26

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Քվեարկություն:

Կողմ՝ 57

Դեմ՝ 26

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Քվեարկություն:

Կողմ՝ 82

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված` ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Քվեարկություն:

Կողմ՝ 83

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։ Հարգելի գործընկերներ, մենք օրակարգն սպառեցինք: Շնորհակալություն, բոլորիդ լավ օր եմ մաղթում։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am