National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 28

10 հունիսի 2019

Ժամը 13:00

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ
 

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։

Գրանցվել է 92 պատգամավոր, քվորում կա, շարունակում ենք ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը։

Հարգելի գործընկերներ, մեզ մնացել է երկրորդ ընթերցմամբ քննարկել նախորդ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված երեք նախագծերը, որից անմիջապես հետո տեղի կունենա դրանց քվեարկությունները։

Այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյան։

Տ.ԽԱՉԻԿՅԱՆ

-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի օրենսդիրներ, ձեր դատին է ներկայացվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Ըստ էության, նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված այն ելակետային գաղափարը կյանքի կոչման իրողությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավորվում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել նույն նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ Ըստ էության, այս պարտավորության իրականացման համար նույն  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 45-րդ եւ 46-րդ հոդվածներով սահմանված է ժամկետ՝ մինչեւ 2019թ. հուլիսի 1-ը՝ պայմանավորված օբյեկտիվ պատճառներով, ինչի մասին արդեն իսկ ներկայացվել է սույն նախագծի առաջին ընթերցման շրջանակներում։ Ներկայումս ողջամտորեն հնարավոր չէ ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիշյալ պարտավորության իրականացումը, ինչն օբյեկտիվորեն ստիպում է մեզ հայցել օրենսդրից 1 տարվա լրացուցիչ ժամկետ, որպեսզի ապահովվի օրենքով սահմանված կարգադրագրերի պատշաճ իրականացումը։

Ըստ էության, նախագիծն ունի սոսկ այս տեխնիկական բաղադրիչը։ Որպես լրացուցիչ փաստարկներ պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ նաեւ այն հանգամանքի վրա, որ մենք նախատեսել ենք ոչ միայն պաշտոնական հրապարակման մասով համապատասխան տեխնիկական պայմաններ ապահովելու գործիքներ, այլ նաեւ ամբողջապես ՀՀ իրավական տեղեկատվական համակարգը համապատասխանեցնելու ենք միջազգային չափանիշներին՝ արդի բոլոր պահանջների պահպանմամբ, պարզապես մինչ այդ անհրաժեշտ է ապահովել մրցույթների համարժեք իրականացումը, ծրագրային ապահովման աշխատանքներ պետք է իրականացվեն, ինչի մասին ձեզ արդեն իսկ ներկայացվել է սույն նախագծի առաջին ընթերցման ժամանակ։

Առաջինից երկրորդ ընթերցում մենք առաջարկություն չենք ստացել` նախագծի բովանդակության հետ կապված, եւ այս միտումներով խնդրում ենք տրամադրել Կառավարությանն այդ ժամկետը, որպեսզի մինչ այդ հասցնենք իրականացնել ծրագրային ապահովման աշխատանքները։ Այսքանը։ Հարցերի դեպքում՝ սիրով կպատասխանեմ։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Պրն Խաչիկյան, պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հետեւապես հարցեր չեն կարող լինել։ Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը։

Այժմ հերթագրում մտքերի փոխանակության համար։ Հերթագրում։ Գրանցվել է մեկ պատգամավոր: Նարեկ Զեյնալյան։

Ն.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Ստիպված եմ թեմայից շեղվել, քանզի ասելիքս վերաբերելու է ամսի 14-ի հետ կապված եւ, քանի որ քառօրյան հաջորդ շաբաթ է, ստիպված եմ օգտվել այս առիթից եւ մեկ հայտարարություն անել։

Հունիսի 14-ը համարվում է Արյան դոնորի միջազգային օր, եւ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կազմակերպում է արշավ՝ արյան դոնորության հավաքագրում, արյան հավաքագրում։ Կոչ եմ անում հայրենակիցներին եւ ձեզ, հարգելի գործընկերներ, օրվա մեջ ժամանակ գտնել եւ հանդես գալ որպես արյան դոնոր, քանի որ արյան բավարար բանկ ունենալը, արյան բավարար քանակության պաշար ունենալը շատ լուրջ առողջապահական խնդիր է, եւ ոչ միայն առողջապահական, մեր երկրի համար շատ լուրջ ռազմավարական կարեւոր նշանակություն ունի։ Ես ինքս լինելու եմ այնտեղ, հանդես եմ գալու որպես դոնոր, ձեզ բոլորիդ կոչ եմ անում՝ հանդես գալ որպես  արյան դոնոր եւ փրկել կյանքեր։ Շնորհակալություն։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Պրն Խաչիկյան, եզրափակիչ ելույթի կարիք կա՞։ Ո՞չ։ Ուրեմն, հարցի քննարկումն ավարտվեց։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյան։ Պրն Խաչիկյան, համեցեք։

Տ.ԽԱՉԻԿՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հարգելի օրենսդիրներ, ձեր դատին է ներկայացվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի նախագծի բովանդակությունն արդեն իսկ առիթ ունեցել ենք ներկայացնել օրենսդիրներին։ Ըստ էության, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մինչեւ այս փաստացի գործող Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն օրենսդրական անորոշության պատճառով չի ունեցել իր համարժեք ձեւակերպումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։ Դրանով պայմանավորված՝ սույն նախագծի շրջանակներում  մենք առաջարկում ենք ապահովել եզրույթների համապատասխան կիրառումը թե՛ Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգրքով, թե՛ նաեւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքով։

Նախագծի ընդունումը պայմանավորված է վարչարարության իրականացման հարցում պատշաճ վարչական մարմին իրականացնելու գաղափարով, ինչպես ձեզ հայտնի է, մենք սրանով նաեւ իրականացնում ենք կանխարգելիչ գործունեություն։ Խոսքը վերաբերում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով սահմանված ոչ իրավաչափ վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքերը կանխարգելելուն ուղղված նախաձեռնությանը։ Այսպես մնալու պարագայում հնարավոր են դեպքեր, երբ բարձրացվի դատական կարգով կամ վարչական վերադասության կարգով վարչական ակտի առ ոչինչ լինելու հարց եւ դա անձանց համար առաջացնի համարժեք իրավական հետեւանքներ։ Դրանով պայմանավորված՝ որպեսզի բացառենք նման իրավիճակը, մենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի բազմաթիվ հոդվածներում, որոնցում տեսչության անունը շեշտադրված է նախորդ ձեւակերպմամբ, ոչ գործող օրենսդրությանը համահունչ ձեւակերպմամբ, փոփոխում ենք, այն դարձնում ժամանակակից մեր օրենսդրական պահանջներին համահունչ՝ ապահովելու համար այս վարչական մարմնի գործունեության իրավական որոշակիությունը։

Նախագիծն ակնհայտորեն բխում է նաեւ հենց նույն իրավական որոշակիության սկզբունքի իրացման անհրաԺեշտությունից, եւ դրանով պայմանավորված՝ ներկայացրել ենք բոլոր այն տեղերում, որտեղ օգտագործվում է «տեսչություն» կամ «նախկին օրենքում ամրագրված» ձեւակերպումները, որոնք համահունչ չեն այսօրվա տեսչական մարմնի գործառութային առաքելությանը եւ անվանմանը, մենք փոխել ենք այդ անվանումը՝ դարձնելով Քաղաքաշինական, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին։

Համարժեք փոփոխություններն իրականացվել են ամբողջ օրենսգրքի շրջանակներում։ Իհարկե, այստեղ ունենք նաեւ, արդեն առիթ ունեցել է սույն նախագծի առաջին ընթերցման շրջանակներում ասել հիմնական զեկուցողը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ամբողջ օրենսգիրքը, ըստ էության, ունի արմատական փոփոխության անհրաժեշտություն։ Սա մեր այն իրավական ակտերից է, որում դեռեւս օգտագործվում է «ԽՍՀՄ օրենսդրական ակտեր» ձեւակերպումը եւ, ընդհանրապես, օրինակ` «սոցիալիստական հանրապետություն» ձեւակերպումը։ Դրանով պայմանավորված` մենք ներկայումս նախաձեռնել ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի մշակման աշխատանքներ, ինչը, դարձյալ, առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման։

Այս պարագայում պարզապես ներկայացնում ենք մեր այս տեսչական մարմնի գործառութային առաքելության իրավական ճշգրտման մասով խնդիրը՝ հայցելով ձեր համաձայնությունը տեսչական մարմնի անվանման պատշաճությունն ապահովելու հարցում։ Շնորհակալ եմ։

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չենք ստացել։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն Խաչիկյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն լինելու։

Մտքերի փոխանակության համար՝ հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չունենք։

Պրն Խաչիկյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չունե՞ք։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյան։ Պրն Խաչիկյան, համեցեք։

Տ.ԽԱՉԻԿՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Երկրորդ ընթերցման ներկայացված երրորդ նախագծով, ըստ էության, լուծվում է պետական կառավարման համակարգում կարեւորագույն մարմիններից մեկի՝ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավական կարգավիճակի հստակեցման հետ կապված հարցը:

Նախ՝ նախագիծը վերաբերում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխության կատարմանը։ Խոսքը վերաբերում է հետեւյալին. մինչ այս մենք ունեինք օրենսդրական պարտավորություն, որի համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնատար անձինք շարունակում են պաշտոնավարել մինչեւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրության, աշխատողների քանակի եւ գործունեությունը կարգավորող օրենսդրության վերանայումը։ Սակայն նույն օրենքի այս հոդվածը նախատեսում էր առավելագույն ժամկետ՝ մինչեւ 2018թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Ի՞նչ ենք անում նախագծով։ Նախագծով փոփոխում ենք այս կարգավորումը, չենք նախատեսում կոնկրետ, որոշակի թվերով արտահայտված ժամկետ, նախատեսում ենք, պարզապես, տեսչական մարմնի անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը որպես Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրավահաջորդության ձեւակերպումն ապահովող դրույթ, միեւնույն ժամանակ նաեւ նախատեսում ենք, որ այս մարմինների քաղաքացիական ծառայողները շարունակում են՝ առանց մրցույթի եւ առանց որեւէ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման վերանշանակվել արդեն իրավահաջորդ համարվող սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում։ Խոսքը վերաբերում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողներին։

Իսկ ինչ վերաբերում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներին, ապա աջակցողի մասով մենք նախատեսել ենք դրույթ, որ նրանք նշանակվում են հավասարազոր կամ ավելի բարձր պաշտոններում, ըստ էության, եւ եթե չեն համաձայնում այդ փոխատեղմանը, այսպես ասած, գրանցվում են կադրերի ռեզերվում։

Դարձյալ օբյեկտիվ անհրաժեշտություն է, բխում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ֆունկցիոնալ առաքելությունը Սահմանադրությանը եւ ընթացիկ օրենսդրական ակտերին առավել հստակ համապատասխանեցնելու հրամայականից, օբյեկտիվ է պրոբլեմը, պրոբլեմը պայմանավորված է նաեւ այս մարմնի քաղաքացիական ծառայողների իրավունքների եւ օրինական շահերի համարժեք պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Իսկ այդ նույն իրավունքների եւ օրինական շահերի համարժեք պաշտպանության ապահովման իրավական հիմքերը նախատեսված են «ՀՀ հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով։ Մասնավորապես, այդ հոդվածն ուղղակիորեն մատնանշում է պետական ծառայության համակարգում իրավական որոշակիության սկզբունքի գործադրումը, իրավունքի գերակայությունը, արդյունավետությունը, կայունությունը, հանրային ծառայողի պաշտպանվածությունը, ինչպես նաեւ իրավական որոշակիության սկզբունքները։

Մենք սրանով լուծում ենք հանրային ծառայողների իրավական կարգավիճակի հետ կապված հենց այս հարցադրումը։ Դրանով պայմանավորված՝ դարձյալ խնդրում ենք ձեր օժանդակությունն այս գաղափարը կյանքի կոչման հարցում։

Նախագծի վերաբերյալ դարձյալ առաջարկություններ չեն ստացվել, ուստի եւ սահմանափակվեմ այսքանով։ Շնորհակալ եմ։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Խաչիկյան։ Տվյալ հարցի հետ կապված եւս գրավոր առաջարկություններ չեն եղել, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցեր չեն լինելու։

Պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ, հարցի քննարկումից անմիջապես հետո տեղի են ունենալու քվեարկություններ։

Մտքերի փոխանակության համար գրանցում։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Պրն Խաչիկյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չեք տեսնում։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 109
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 109
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Վարման կարգով՝ Էդմոն Մարուքյան։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այս օրենքի նախագիծը եկել է խորհրդարան եւ քննարկվել է, եւ հիմա պետք է քվեարկվի սահմանված ընթացակարգերի խախտմամբ։ Ինչո՞ւ. որովհետեւ պետաիրավական հանձնաժողովը պետք է նիստ գումարեր, սակայն հասկանալով, մենք տեսնում ենք, որ Կառավարությունն ուշացած օրենքը բերել է, ավելին ասեմ, չկա ինչ-որ մեկ, երեւի, այնտեղ, որ հետեւի, որ նման իրավիճակում մենք չհայտնվենք, որ երբ լրանում է օրենքի գործունեության ժամկետը, մեկ ամիս շուտ բերեն, հանգիստ քննարկենք, նաեւ մեր մտահոգություններն արտահայտենք։ Մենք ձեռնպահ էինք քվեարկել՝ հույս ունենալով, որ պետաիրավականը նիստ կգումարի, հիմա դեմ ենք քվեարկելու։ Նաեւ սա ուղերձ է Կառավարությանը, որ ինչ-որ մեկին հորդորեք կամ հանձնարարեք, որ օրենքների ժամկետներին հետեւեն, հետո չբերեք, 24 ժամում մեզ այստեղ օրենք ընդունել տաք։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Վարման կարգով՝ Վլադիմիր Վարդանյան։

Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, կրկին ստիպված եմ անդրադառնալ նույն խնդրին։

Առաջին. պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ չի գումարել, որովհետեւ այդ դեպքում չէր ապահովվի ԱԺ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ ներկայացնելու համար սահմանված երկօրյա ժամկետը: Սա` մեկ։

Երկրորդ. նիստի ավարտից հետո, այդուհանդերձ, նիստի ընթացքում, կներեք, հայտարարություն է եղել առ այն, որ բոլոր խորհրդարանական ուժերը, ովքեր ներկայացված են հանձնաժողովում, հրավիրվում են աշխատանքային քննարկում կազմակերպելու այս հարցի վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ պրն Տարոն Սիմոնյանը ներկա է գտնվել այդ քննարկմանը։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորները եւս հնարավորություն ունեին համապատասխան առաջարկներով հանդես գալ։ Որեւիցե առաջարկ չի եղել, եւ սա քաղաքական ուժի դիրքորոշումն է՝ ինչպես քվեարկել, բայց, այդուհանդերձ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես 24-ժամյա ռեժիմով պատրաստ է եղել քննարկել նշված օրինագիծը։ Օրինագծի վերաբերյալ բովանդակային որեւիցե դիտողություն չկա, եւ օրինագծի չընդունումը կառաջացներ շատ ավելի անբարենպաստ իրավական հետեւանքներ, քան պրն Մարուքյանի կողմից բարձրացված, այսպես ասեմ, որոշ առումով թվացյալ ընթացակարգային խախտումը։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Վարման կարգով՝ Տարոն Սիմոնյան։

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ես էլ եմ ստիպված կրկին արձագանքել։ Ասեմ, պրն Վարդանյան, որ բացի այդ օրը, մենք հաջորդ օրն էլ ենք քննարկում անցկացրել, բայց խոսքը վերաբերում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգի խախտմանը, եւ մեր դիտարկումը հենց դրան էր ուղղված, թե չէ` առանձին քննարկումներ կարող ենք, դուք գիտեք, որ առանց որեւէ ընթացակարգեր սահմանելու քննարկում կազմակերպել, դիրքորոշումներ հայտնել։ Այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ չի պահպանվել օրենքով սահմանված ընթացակարգը։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Վարման կարգով՝ Սուրեն Գրիգորյան։

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Լավ լիներ, որ երբ որեւիցե ընթացակարգի խախտման մասին նշվում է, իմ ավելի փորձառու իրավաբան գործընկերները նշեն կոնկրետ կետը, թե ո՞րն է խախտվել։ Բացի այդ, ուրբաթ օրը, երբ վարման կարգով պրն Սիմոնյանը ելույթ ունեցավ, ասաց, որ մենք բազմաթիվ առաջարկներ եւ նկատառումներ ունենք այս օրենքի վերաբերյալ։ Բայց այսօր, ինչպես հայտարարվեց, որեւիցե առաջարկ չի ներկայացվել գրավոր կարգով։ Շնորհակալություն։

(Խոսում են դահլիճում)

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Ներողություն, հարցը դրվում է քվեարկության։ Քվեարկություն։

Կողմ՝ 92
Դեմ՝   15
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Նիստն ավարտվեց։ Շնորհակալություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am