National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 13

10 ապրիլի 2024

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Բարև ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Հարգելի պատգամավորներ, այսօր մեր գործընկերոջ՝ Գուրգեն Մելքոնյանի ծննդյան օրն է: Պարոն Մելքոնյան, շնորհավորում ենք ձեզ: Առողջություն ու երկար տարիների կյանք ձեզ:

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Գրանցվել է 78 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել: Հարգելի գործընկերներ, մենք ունենք չավարտված մեկ հարց, դա արագ կավարտենք, որից հետո կքննարկենք Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագիրը:

Եվ այսպես, այժմ եկեք շարունակենք ««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Հիմնական զեկույցով հանդես կգա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Համեցեք, տիկին Ղալեչյան:

Եթե չեմ սխալվում, մենք ընդհատվել հարցերի փուլում ենք, չէ՞: Գեղամ Նազարյան: Պարոն Նազարյան …

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Հանում եմ հարցը:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Փաստացի, տիկին Ղալեչյանին իզուր հրավիրեցինք: Տիկին Ղալեչյան, զբաղեցրեք ձեր տեղը, ներողություն եմ խնդրում, պատգամավորը հանեց հարցը:

Հարակից զեկույցով հանդես կգա ֆինանսավարկային-բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը: Տիկին Մանավազյան, համեցեք:

 Ա.ՄԱՆԱՎԱԶՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հանձնաժողովը մանրամասն քննարկել է ««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, միաձայն կողմ է քվեարկել: Ծրագրի իրագործումը կթեթևացնի երթևեկության ծանրաբեռնվածությունը Երևան քաղաքում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել առաջարկում եմ կողմ քվեարկել: Տվել է դրական եզրակացություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Մի գնացեք: Հարցերի համար հերթագրում: Այ հիմա կարող եք վերադառնալ ձեր տեղը, տիկին Մանավազյան, հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար գրանցում, հարգելի պատգամավորներ: Եզրափակիչ ելույթների կարիք տեսնո՞ւմ եք. տիկին Ղալեչյան, տիկին Մանավազյան: Հարցի քննարկումն ավարտվեց, հարգելի պատգամավորներ:

Այժմ քննարկում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Հարակից զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան: Պարոն վարչապետ, համեցեք:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ շատ: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը: Ամենամյա այս ձևաչափի առանցքային իմաստը հարցի պարզաբանումն է, թե մեզ հետ ինչ է տեղի ունեցել, ունենում և որտեղ ենք հասել կամ որտեղ ենք գտնվում:

Այս, որքան պարզ, նույնքան բարդ հարցի պատասխանը, թերևս, վերջնականորեն ձևակերպելուն ինձ օգնեց վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած մի հարց ու պատասխան, որի շուրջ մտածումներն ինձ համար ակնհայտ դարձրին, որ 2021 թվականից ի վեր այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերը, որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու անբովանդակ թվան, իրականում հայեցակարգային, բովանդակային և ռազմավարական լրջագույն խորք ունեն, որովհետև, մեծ հաշվով, այդ բանավեճերում բախվում են երկու տեսակետներ, հայեցակարգային և ռազմավարական երկու պատկերացումներ, որոնցից մեկը կարելի է տեղավորել «պատմական Հայաստան», մյուսը՝ «իրական Հայաստան» բանաձևերի ներքո: Ընդ որում՝ բովանդակային այս բանավեճը մեկնարկել է 44-օրյա պատերազմից հետո, որովհետև մինչև 44-օրյա պատերազմը, մեծ հաշվով, Հայաստանում հանրային-քաղաքական կոնսենսուս կար, որ պատմական և իրական Հայաստանները ոչ միայն կարող են գոյակցել, այլև կարող են ուժեղացնել մեկը մյուսին: Այս ընկալումը հասկանալի, ընդունելի և նույնիսկ սիրելի է եղել նաև կառավարող մեծամասնության, անձամբ ինձ համար, և դա արտահայտվել է մի շարք փաստաթղթերում, հայտարարություններում, դիրքորոշումներում:

Կառավարության և անձամբ իմ հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան, որը տեղի է ունեցել բոլորիդ աչքի առաջ, բայց չի ձևակերպվել որպես այդպիսին, հենց սրանում է. Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, և հիմա կփորձեմ պարզաբանել, թե ինչու:

Ես և Կառավարությունը երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, և դա մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է տեղի ունեցել, և այդ գործոնը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում: Եվ այդ պահից, փաստացի, քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որը կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև:

Իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, իմիջիայլոց, ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացը: Եթե անկեղծ ասեմ, իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաև այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի ներսում և ի հայտ է բերում անսպասելի շերտեր և նրբերանգներ: Ըստ այդմ՝ պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս: Այս առումով, կամա թե ակամա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար: Պատմական Հայաստանը, ի դեպ՝ առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար: Այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է, և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան: Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար ու գիտելիք չենք ունենա և, հետևաբար՝ միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք: Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետև պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատևել չենք կարող, գոյություն ունենալ չենք կարող: Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում: Իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության, ո՛չ տարածքային ամբողջականության կարիք չունի: Նա կարիք ունի միայն հովանավորության:

Ուշադրություն դարձրեք, որ անկախությունից ի վեր մենք ամեն անգամ դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության մասին միջազգային սկզբունքի մասին: Այսպես վարվել ենք, որովհետև, ինչպես վերը նկարագրեցի, դա անհրաժեշտ է եղել պատմական Հայաստանին: Բայց մենք չենք էլ նկատել, որ երբեմն մեր որոշ բարեկամների կողմից թաքուն և բացահայտ քաջալերվող այդ մոտեցմամբ իրական Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների խախտելիությունն անխուսափելի դարձնող գործելակերպ ենք որդեգրել:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել և բարձրաձայնել. մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա, ընդ որում՝ արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին և մտածողությանը երբևէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում: Հակառակ պարագայում մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետև կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատև աղբյուր մեր իսկ ներսում, մեր ամենօրյա իրականության մեջ, առանց այս փաստը խորությամբ և ամբողջությամբ ըմբռնելու և գնահատելու: Եվ առավել ևս այս պարագայում հստակ պատասխանի կարիք է զգում հետևյալ հարցը. իսկ ո՞րն է իրական Հայաստանը: Իրական Հայաստանն այն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և միջազգայնորեն ճանաչված սահմաններ և այս փաստի գիտակցմամբ միջազգային հանրության լիարժեք և հարգարժան անդամի ինքնագիտակցություն: Սա նշանակում է որոշակի պահվածք, որոշակի վարվելակարգ և որոշակի գործելակարգ, որը համապատասխան է միջազգայնորեն ընդունված և ճանաչված չափանիշներին: Ընդ որում՝ սա կարևոր է բոլոր դեպքերում, և նույնիսկ ուրիշների, քո հարևանների կամ այլ խաղացողների անհամապատասխան պահվածքը չի կարող արդարացնել քո անհամապատասխան պահվածքը: Եվ հատկապես քո շահերից է բխում ընտրությունը՝ ապրել կանոններո՞վ, թե՞ առանց կանոնների: Եթե առանց կանոնների, այդպես կարող են վարվել նաև քո նկատմամբ: Ինչ խոսք, քո նկատմամբ այդպես կարող են վարվել նաև այն պարագայում, երբ դու որդեգրել ես կանոնավոր պահվածք: Բայց եթե առաջին դեպքում կանոնը չկա քեզ պաշտպանելու համար, երկրորդ դեպքում դու ունես կանոնը որպես պաշտպանության գործիք:

Եվ այսպիսով, իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29,743 կմ2 տարածք ունեցող երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չէ, միջազգային հանրությունն այն վաղուց է ճանաչել և ընդունել: Որքան էլ զավեշտական հնչի, այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել այս փաստն առնվազն սոցիալ-հոգեբանական մակարդակում, և եկել է ժամանակը դա անելու՝ որպես Հայաստանի Հանրապետության հարատև գոյության միակ առհավատչյա: Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի հետևյալ հարցը. իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Պիտի պնդեմ, որ եթե ժամանակակից աշխարհում գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով ինչ-որ չափով ապահովվում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ, պարզապես, գոյություն չունեն: Եվ, հետևաբար՝ նմանօրինակ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումը, այս ուղղությամբ հետևողական աշխատանքն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ: Ուրիշ ճանապարհ, պարզապես, չկա:

Իսկ բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների և հակափաստարկների հիման վրա և, ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում: Սրանք չափազանց կարևոր նրբություններ են, որոնք առանձին-առանձին գուցե շատ բան չեն նշանակում, բայց համակարգային ամբողջության, այսինքն՝ փոխգործակցության մեջ անվտանգային նոր միջավայր և նոր պայմաններ կստեղծեն Հայաստանի համար: Սա, ևս մեկ անգամ արձանագրեմ, դրական երաշխիք չէ, բայց կարող է այդպիսին դառնալ բացասական երաշխիքների հետևողական կառավարման և չեզոքացման պայմաններում: Հենց այսպիսի ելակետից ենք մոտենում մի շարք ընթացիկ մարտահրավերների: Նաև այս է պատճառը, որ դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն սկսել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից: Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր: Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորու՞մ է արդյոք անվտանգություն: Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ՝ պիտի չեզոքացնենք:

Հաջորդ հարցը. իսկ այդ գործելակերպը երաշխավորու՞մ է արդյոք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա նոր հարձակում չի լինի: Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ՝ պետք է չեզոքացնենք:

Հաջորդ հարցը. իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորու՞մ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները: Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ՝ պետք է չեզոքացնենք:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, խոսակցությունը և խոսույթը, որ առաջարկում եմ, հեշտ չէ, նույնիսկ ծանր է ու տառապանքով լի: Ելույթիս մեկնարկին ասացի, որ իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատումը տեղի է ունենում յուրաքանչյուրիս ներսում և ցավոտ է, չափազանց ցավոտ: Որտեղի՞ց ես դա կարող էի իմանալ. հասկանալիորեն միայն ու միայն սեփական օրինակով: Այդ ցավոտ կետերից ամենաուժգինը հետևյալ հարցն է. եթե այն, ինչ ասացի, դա է ճշմարտությունը և ապագա տանող ուղին, ինչի՞ համար էին մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի՞ են զոհվել մեր զինվորները: Ես բազմիցս, այդ թվում հրապարակային եմ տվել այս հարցը, կարևոր համարել դրան շատ կոնկրետ ու բովանդակային պատասխան տալը: Իսկ պատասխանը հետևյալն է. մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության:

Ինչպե՞ս, ի՞նչ հիմնավորում ունի այս բացատրությունը: Առիթ ունեցել եմ՝ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունն այլևս պատրաստ է եղել ու անփոփոխելի՝ արձանագրմամբ, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Եվ ահա, այս արձանագրումից խուսափելու անորոշ ու սին հույսեր տալով, որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ, մեր խոսույթում «պովոդոկ» բառով հայտնի, հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար: Այն բանակցային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը, պարզապես, բացառվեն: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ավելի կաշկանդվեն, այլ բացառվեն, որովհետև կաշկանդումը տեղի էր ունեցել վաղուց՝ 1996-1998 թվականներին: Մենք չգնացինք այդ ճանապարհով, և ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց՝ հարցը լուծել ռազմական ճանապարհով, և 44-օրյա պատերազմը մեկնարկեց: Հարց ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության հարցը, որովհետև, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց լուծվել էր և մնում էր լուծել Հայաստանի Հանրապետության հարցը, մասնավորապես, երկրի ներսում քաղաքացիական բախումների և ռազմական հեղաշրջման ճանապարհով: Այս սցենարը, ի դեպ՝ գործարկելի էր նաև 44-օրյա պատերազմից առաջ, և այն գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմի ավարտին և դրանից հետո: Բայց Հայաստանի Հանրապետության Կառավարության ուղերձների ժողովրդական ընկալումը, այդ ուղերձների վրա հիմնված ժողովրդական զգոնությունը և պետականության գիտակցությունը կասեցրին դավադիր քայլերը: Իսկ մեր զինվորները կյանքի գնով պահեցին և պահպանեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետականությունը: Մեր զինվորների կյանքի, ինչպես նաև պատմական Հայաստանից իրական Հայաստան սկզբից ինտուիտիվ, ապա հստակ գիտակցված հայեցակարգային անցման շնորհիվ է, որ մենք պահպանում ենք մեր պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, որովհետև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են: Դրանցից առաջինը 2020 թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերվա իրադարձություններին էին, որոնք ուղեկցվեցին Ազգային ժողովի նախագահի դեմ մահափորձով, խորհրդարանի, Կառավարության և այլ պետական հաստատությունների դեմ հարձակումներով: Իսկ ամիսներ անց՝ 2021 թվականի փետրվարին, ռազմական հեղաշրջման տապալված փորձը տեղի ունեցավ:

Մենք տեղի ունեցածից դասեր ենք քաղել և պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրենք Զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար: Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021 թվականի մայիսի 12-ին, ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը լուծարված էր, Կառավարությունը՝ հրաժարական տված՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, Ադրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այն ժամանակ կային ուժեր, որ մեզանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության: Նրանց տրամաբանությամբ՝ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել, չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպված պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում: Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ Հայաստանի Հանրապետություն, այլ որպես խաղաղապահ, ինչով, փաստացի, Հայաստանի Հանրապետությանը դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից: Ինչևէ, եթե Կառավարությունն այն ժամանակ տուրք տար էմոցիաներին և նման շեշտադրումներին, իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով. ռազմական գործողությունների ծավալում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների խորքում, Ազգային ժողովի ընտրությունների չկայացում ակնհայտորեն այդ պատճառով, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետականության փաստացի լուծարում: Բայց Հայաստանի ժողովուրդը կրկին բացառիկ պետականակենտրոնություն ցուցաբերեց և արձագանքեց Կառավարության ու կառավարող մեծամասնության կոչերին: Այդ դժվարին պայմաններում մենք կարողացանք ունենալ ընտրություններ, որոնք միջազգայնորեն գնահատվեցին որպես ազատ և ժողովրդավարական, և բացի այս, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, ժողովուրդը վստահության քվե տվեց 2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժին: Սրանով, փաստորեն, վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը, գուցե խորությամբ չգիտակցված, գուցե ինտուիտիվ, բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հենց այս ռազմավարությունը որդեգրեց:

Իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996-1998 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը: Այդ ժամանակ է, որ Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում կայացվեցին չափազանց կարևոր որոշումներ, այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև դե յուրե գոյություն ունեցող, այսինքն՝ ԽՍՀՄ օրենսդրությամբ և իրավական նշանակության ակտերով արձանագրված վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ: Պրահայի հաջորդ կարևորագույն պայմանավորվածությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվում են երկու երկրների միջև սահմանագծումն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագիծ չի ձևավորվելու, այլ անհրաժեշտ է գետնի վրա վերարտադրել գոյություն ունեցող սահմանագիծը: Չափազանց կարևոր է, որ վերջերս Ադրբեջանի նախագահը վերահաստատեց իր հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին: Սա, իսկապես, կարող է երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմք դառնալ, և մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով:

2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման հաջորդ կարևորագույն արդյունքը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումն էր, քաղաքացիական առաքելության, որը նախ՝ կարճաժամկետ առաքելություն ստանձնեց, ապա նրա ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով, ներողություն, նրա ժամկետը երկարացվեց ևս երկու տարով: Հիմա մենք քննարկում ենք առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարացնելու հարցը: Ինչպես տեսնում եք, Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական և, որ կարևոր է, ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է: Մինչ այս առիթ չեմ ունեցել՝ ասելու, բայց հիմա պարտավոր եմ արձանագրել, որ այդ համաձայնությունների ձեռքբերման գործում, պարզապես, ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը: Եվ առավել ևս այս ֆոնի վրա նախագահ Մակրոնի և Ֆրանսիայի թիրախավորումը զարմանալի, անհասկանալի և անընդունելի է ինձ համար և Հայաստանի Հանրապետության Կառավարության համար: Եթե Մակրոնին թիրախավորում են Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, այդ որոշումը, մնացածների նման, Եվրոպական միությունում կայացվել է կոնսենսուսով, և ուզում եմ Եվրոմիության բոլոր երկրների ղեկավարներին շնորհակալություն հայտնել նշված որոշման համար, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության խնդրանքով: Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, կարծում եմ՝ այս ընթացքում միջազգային հանրության, ավելի կոնկրետ՝ Եվրոպական միության և նրա գործընկերների համար Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով հաստատված իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր է դարձել, ինչը չափազանց կարևոր է մեզ համար: Իսկ ինչու՞ է կարևոր. կարևոր է, որ Եվրոպական միությունը և նրա գործընկերները Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և շփման գծի երկայնքով իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանան մի պարզ պատճառով. այդ տեղեկատվությունն ակնհայտ կդարձնի, որ Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին և Պրահայի պայմանավորվածություններին, և այս պատմության ագրեսիվ կողմը չէ ամենևին: Նաև այս իմաստով եմ կարևորում սույն թվականի ապրիլի 5-ին Եվրոպական միություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան եռակողմ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը: Իհարկե, հանդիպումը երբևէ անվտանգային ենթատեքստ և օրակարգ չի ունեցել, բայց համաձայնեք, և դա ակնհայտ է, որ Եվրոպական միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք չէին համաձայնվի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ: Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է. հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը: Իսկ Բրյուսելի բուն հանդիպումը, որն օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական ու քաղաքական էր, աննախադեպ էր թե՛ ձևաչափով, թե՛ նշանակությամբ: Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի Կառավարության իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել՝ շարունակելու գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ մենք շարունակում ենք ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունն ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ: Եվրոպական միությունը և Միացյալ նահանգները պատրաստակամություն են հայտնել՝ ընդլայնելու Հայաստանի հետ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը, շարժունակությունը, արդյունավետ կառավարումը, օրենքի արդյունավետ կիրարկումը, առևտուրը, կապը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, այդ թվում միջուկային էներգետիկան, տեխնոլոգիաները, ավիացիոն անվտանգությունը: Ընդգծել են, որ մտադիր են լրացուցիչ աջակցություն ցուցաբերել, օգնել Հայաստանին՝ մեղմելու ռիսկերը, դիվերսիֆիկացնելու առևտուրը և ամրապնդելու տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։ Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են նաև, որ աջակցելու են Հայաստանում ռազմավարական ներդրումներին, մասնավորապես, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարվեն բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին:

Պակաս կարևոր չեմ համարում նաև այն, որ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները ողջունել ու աջակցել են մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը:

Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ստանձնեցին նաև Հայաստանի Հանրապետությանն աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրներին սոցիալ-հոգեբանական ներառման, երկարաժամկետ բնակարանային կարիքների հասցեագրման, մասնագիտական վերապատրաստման հարցերում:

Այս թվարկումը միայն ցույց է տալիս ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցածի քաղաքական մասշտաբն ու նշանակությունը: Այն նշանավորեց հարաբերությունների նոր մակարդակ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Եվրոպական միության միջև, և այդ նշանավորումն այն մասին է, որ թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են Հայաստանի Հանրապետությանն աջակցել վերը հիշատակված ոլորտներում:

Կարևոր է ընդգծել նաև, թե ինչի մասին չէ ապրիլի 5-ի Բրյուսելի բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը: Դա այն մասին չէ, որ Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները գալու են և լուծեն մեր խնդիրներն ու պրոբլեմները: Սա կարևոր եմ համարում բարձրաձայնել, որովհետև մեզանում երբեմն արհեստական, բայց երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան և լուծեն մեր խնդիրները: Մեր խնդիրների լուծումը, թերևս, պետք է սկսել այստեղից, մեր խնդիրների լուծման մեթոդաբանության մեջ պետք է հետևյալ փոփոխությունը կատարել. արձանագրել և ամրացնել այն գիտակցումը, որ մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք մի պարզ պատճառով, որ դրանք մեր խնդիրներն են: Սա, ի դեպ՝ ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է, որովհետև ինքնիշխանություն՝ նշանակում է սեփական խնդիրների գիտակցում և այդ խնդիրների լուծմանը գնալու պատրաստակամություն: Հակառակը կապ չունի ինքնիշխանության, պետականության, անկախության հետ, հակառակը վասալի, ֆորպոստի տրամաբանություն է, և անկախ պետություն ունենալու համար մենք պետք է առաջին հերթին դուրս գանք էս տրամաբանությունից: Մեր խնդիրները մենք պիտի լուծենք շատ պարզ, տրիվիալ պատճառով. դրանք մեր խնդիրներն են: Այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը մենք որևէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին, ընդհակառակը, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության գրավչությունը մեզ համար նաև այն է, որ հարևանների հետ հարաբերությունների բոլորովին ուրիշ մշակույթի և քաղաքական իրողությունների կրող են նրանք: Ես հիշում եմ այս դահլիճում տեղի ունեցած մեկ այլ հարց ու պատասխան, երբ տարածաշրջանային գործընթացների մասին իմ որոշ պատկերացումներին ի պատասխան՝ ընդդիմության ներկայացուցիչն արձագանքեց. այնպես եք խոսում, կարծես, մենք եվրոպական երկրներով ենք շրջապատված: Իմ արձագանքը հետևյալն էր. իսկ դուք վստա՞հ եք, որ լավ գիտեք Եվրոպայի պատմությունը: Եվրոպական միության բազմաթիվ երկրներ անցել են միմյանց հետ արյունալի պատերազմների, կոտորածների, թշնամանքի միջով մինչև այն պահը, երբ հասկացել են, որ պատերազմով ու թշնամանքով կորցնում են իրենց ինքնիշխանությունը, էլ չեմ ասում՝ անվտանգությունը, բարեկեցությունն ու ապագան:

Այսօր ես խոսում եմ նույն բանի մասին. մեր պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար, և պետք է հանգիստ թողնել մեր պատմական հայրենիքը, եթե չենք ուզում կորցնել իրական հայրենիքը նույնպես, այն ըմբռնմամբ, որ հայրենիքը պետությունն է, կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև, եթե հայրենիքը պետությունը չէ, ազգային ինքնիշխան պետությունը, ինչո՞վ, հայրենիք չեն, օրինակ՝ Լիբանանը, Կալիֆոռնիան, Ֆրանսիան կամ Ավստրալիան: Ինչո՞վ հայրենիք չեն: Ըստ այդմ՝ մեր ինքնիշխանության և պետականության զարգացման հետագա գրավականը մեր հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է մեր հարևանների հետ ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանի շահերի և գիտակցման հիման վրա: Եվ Կառավարությունը որդեգրել է այս կուրսը, որքան էլ հասկանում ենք, որ այս քաղաքականությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ ունի: Այդ մարտահրավերներից առանցքայինը, իհարկե, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է հռետորաբանությամբ, սահմանային սադրանքներով, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիարդների հասնող ձեռքբերումներով և այլն: Այդ ագրեսիվ քաղաքականության անբաժանելի մաս են նաև Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձևավորման, զինամթերքի ձեռքբերումների մասին: Այսինքն՝ Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է. որ Հայաստանի Հանրապետությունը սեփական երկիրը պաշտպանելու ընդունակ բանակ պիտի չունենա՞: Ասել եմ և նորից ուզում եմ ընդգծել. մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է: Մյուս կողմից՝ մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել, բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել: Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար էլ առաջարկ ունենք և ասել ենք այդ առաջարկի մասին. ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչը, ի դեպ, կլուծի և՛ Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի, և՛ մեր 31 գյուղերի հարցերը, իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում, և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին՝ պաշտպանության նախարարությունների ստորաբաժանումները հետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր: Սա նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգի պարագայում կարող է իրագործվել: Այս բոլոր առաջարկություններն անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից: Հույս ունենք դրական արձագանք ստանալ Խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել սույն թվականի մարտի 14-ին: Հույս ունեմ նաև, որ հայկական Բաղանիս, ադրբեջանական Բաղանիս-Այրում, հայկական Ոսկեպար, ադրբեջանական Աշաղա-Ասկիպարա, հայկական Կիրանց, ադրբեջանական Խեյրեմլի, հայկական Բերքաբեր, ադրբեջանական Կիզիլ Հաջլի գյուղերի հատվածում սահմանազատման հարցում կգանք համաձայնության, եթե ոչ ամբողջական, գոնե հատվածական, ինչն էականորեն կփոխի մթնոլորտը մեր տարածաշրջանում:

Վերադառնալով ագրեսիվ հռետորաբանության թեմային, ուզում եմ նաև ընդգծել, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում շատ հաճախ չեն էլ նկատում այս երևույթի փոխկապակցված, որոշ դեպքերում հայելային լինելը, երբ շատ դեպքերում ադրբեջանական հռետորաբանությունը կանխորոշում է մեր հռետորաբանությունը, մեր հռետորաբանությունը՝ ադրբեջանականը: Իհարկե, այստեղ կա նաև հավի և ձվի թնջուկը, թե ով եղավ առաջինը, ինչու, ինչպես, ինչ տրամաբանությամբ: Բայց ակնհայտ է, որ այս թափանիվը կանգնեցնելը բխում է մեր երկրների և տարածաշրջանի շահերից, և մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել այս ուղղությամբ:

Տարածաշրջանային քաղաքականության առումով ուզում եմ ընդգծել այն առանձնահատուկ կարևորությունը, որ մենք տածում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր այս հարևանի հետ մեր հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ: Ընդ որում՝ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ մեր հարաբերություններին և Իրանի հետ մեր ունեցած հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ մեր հարաբերություններին:

Մեծ հաշվով, այս բանաձևը վերաբերում է տարածաշրջանային հարաբերությունների մեր ռազմավարական ընկալումներին, ընդհանրապես, և մենք քաղաքական այդ գիծն ենք որդեգրել: Սա բավականին բարդ, բայց և լուծելի խնդիր է, պարզապես, պետք է արտաքին քաղաքականությունը կառուցել ինքնիշխանության տրամաբանության վրա և որոշ նրբություններ գուցե ավելի նկատելի լինեն, օրինակ՝ այն, որ մեր չորս հարևաններից երկուսը Եվրոպական միության անդամության թեկնածու են: Վրաստանն այս կարգավիճակն ստացավ ամիսներ առաջ, և ես ցանկանում եմ այս առիթով կրկին շնորհավորել բարեկամ Վրաստանին: Ուրախ եմ նաև արձանագրել, որ այս տարի Թբիլիսիում ստորագրված հռչակագիրը, որով Հայաստան-Վրաստան հարաբերությունները բերվեցին նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, արտահայտում է այս նոր իրողությունները:

Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք և սպասում ենք ձեռքբերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է. երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում: Իսկ, ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար, և պիտի շարունակենք ջանքերը նաև այս ուղղությամբ: Բայց այստեղ էլ չեմ կարող չանդրադառնալ սոցիալ-հոգեբանական մի նրբության: Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա և ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումները, ինչ խոսք, ունեն ընդհանրություններ, բայց, այնուամենայնիվ, դրանք նույնը չեն. մի նրբություն կամ, եթե անկեղծ լինենք, էական առանձնահատկություն, որ մենք շատ հաճախ կամ հիմնականում չենք նկատում:

Ամփոփելով տարածաշրջանացման թեման, ուզում եմ ցավով նշել, որ որոշ արտաքին դերակատարներ, սեփական քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներից ելնելով, փորձում են խեղաթյուրել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասպարեզ բերելով տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու կեղծ խոսույթը: Հարկ եմ համարում առանձնահատուկ կերպով շեշտել, որ Հայաստանը որդեգրել է բոլոր ուղղություններով իր արտաքին հարաբերությունների և գործընկերության բազմազանեցման՝ դիվերսիֆիկացիայի, քաղաքականություն, ինչի կարևոր բաղկացուցիչներից է ոչ միայն Ֆրանսիայի, Եվրոպական միության, Եվրոպական միության անդամ բոլոր երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, բայց ամենևին ոչ միայն Արևմուտքի, այլև Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը, ինչը ոչ թե «բաժանարար գծերի», այլ հնարավորիս շատ երկրների հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին է, որը, կրկնեմ, մենք չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի մեր տարածաշրջանին ու տարածաշրջանային հարաբերություններին: Ասվածն ամբողջացնում է 2023 թվականին տեղի ունեցած մի պատմական իրադարձություն. դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև: Մեր անկախության ողջ շրջանում մենք Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ չունեինք, և ահա այս դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում է, որ հաստատվեց Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություն:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, 2023 թվականի և, ընդհանրապես, մեր նորագույն պատմության շրջադարձային կետը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին և Լեռնային Ղարաբաղի հայաթափումը: 2022 թվականի դեկտեմբերից և ողջ 2023 թվականին տասնյակ ելույթներում եմ անդրադարձել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, վերահաս էթնիկ զտումներին և Լեռնային Ղարաբաղի վերահաս հայաթափմանը: Այսօր ուզում եմ տեղի ունեցածը դիտարկել այլ տեսանկյունից, արձանագրելով, որ միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների: Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանակներում, ցավոք, այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել: Միջազգային հանրությունը, միջազգային դերակատարները կարող են անել գործի 10, 20, լավ, 30 տոկոսը, մնացած 70 տոկոսն այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը, եթե, իհարկե, այդ սուբյեկտը ցանկանում է սուբյեկտ լինել: Բայց պիտի նորից ընդգծեմ, որ այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար: Դա 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի փետրվարին, 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը և հաստատել մարիոնետային կառավարություն, ըստ էության, Հայաստանի Հանրապետության լուծարային հանձնաժողով: Բայց այս անգամ էլ դա չստացվեց ու չստացվեց մի քանի պատճառով:

Պատճառներից առաջինը, կրկին, Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ այս դեպքում էլ ի ցույց դրված, պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին Կառավարության և կառավարող մեծամասնության գնահատականներին, կարդացին, իրենք իրենց համար բացահայտեցին այն սցենարները, որ ընկած էին տեղի ունեցող պրոցեսների հիմքում և թաքնված դրանց խորքում: Եվ կրկին ուզում եմ Հայաստանի ժողովրդին շնորհակալություն հայտնել դրա համար և այն բանի համար, որ նրանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ընդունելու հարցում ցուցաբերեցին բացառիկ համախմբվածություն:

Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի հերթական չիրագործման պատճառ է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ: Վերջին տարիներին, ի դեպ, նրանց այս նպատակի համար էին պատրաստում, նույնիսկ մինչև վերջին վայրկյանը փորձելով հիբրիդային և ուղիղ միջոցներով ատելություն սերմանել Հայաստանի կառավարության և պետականության նկատմամբ: Բայց հարգանքի և գնահատանքի տուրք պետք է մատուցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ նույնիսկ ողբերգության գագաթնակետին դրսևորեցին բացառիկ պետական մտածողություն: Նույնը, ցավոք, չենք կարող ասել Լեռնային Ղարաբաղի նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, որոնք, կարծես, չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից: Բայց այս թեմայով էլ նոր ասելիք չունեմ. ասել եմ, կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն: Հայաստանում կա մեկ Կառավարություն և այդ Կառավարությունը նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով և այդ Ազգային ժողովը նստած է այս դահլիճում:

Հակապետական սցենարների ձախողմանը նպաստած մյուս պատճառն այն բացառիկ գործունակությունն էր, որ Հայաստանի Կառավարությունը ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընդունելու, նրանց կարճաժամկետ կենսական կարիքները հասցեագրելու հարցում: Սա մի կարևորագույն դրվագ էր, որը ցույց տվեց վերջին տարիներին կառավարող թիմի, Կառավարության և խորհրդարանական մեծամասնության իրականացրած բարեփոխումների արդյունավետությունն ու արդարացվածությունը: 2021, 2022, 2023 թվականներին այդ բարեփոխումների շնորհիվ է, որ Հայաստանի պետական կառույցները և պետականությունն այնպիսի դիմակայունություն ցույց տվեցին, որը հաճելիորեն և տհաճորեն զարմացրել է շատերին, նայած՝ ում ինչպես:

Ինչ խոսք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումը մեր օրակարգում է, և մենք պետք է լուծումներ գտնենք, այդ թվում միջազգային մեր գործընկերների աջակցությամբ: Բայց այստեղ էլ ուզում եմ ասել, որ մտածողությունը, թե մեր միջազգային գործընկերները պետք է գան և մեր փոխարեն լուծեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանային կարիքները, ինքնիշխան ու պետականակենտրոն չեն: Մենք պետք է անենք հիմնական աշխատանքը և ինչքան շատ աշխատանք անենք, այնքան ավելի շատ միջազգային աջակցություն կստանանք: Իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ բնակարանային կարիքների հասցեագրման մեր ծրագրերի մասին ավելի մանրամասն կզեկուցի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Բայց նաև այս համատեքստում կրկին ուզում եմ ընդգծել և շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և քաղաքացի չհանդիսացող անձանց: Նրանք իրական Հայաստանի հայեցակարգի ամենաուժեղ հենասյունն են և (կամ) աջակիցը, ինքնիշխանության և պետականության գաղափարի առաջնային սնողներն ու նպաստողները: Նաև ուրախությունս պիտի հայտնեմ այն փաստի առիթով, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 13,400 մարդ արդեն իսկ աշխատանք է գտել Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ուզում եմ խնդրել՝ քայլ առ քայլ ներգրվել և ներգրավվել Հայաստանի տնտեսության ու պետականության հզորացման գործին:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, որոնք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային տարբեր հարցերի մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել: Այսօր ուզում եմ ընդգծել, որ մենք, իսկապես, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ: Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլև այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ: Բայց նաև կարևոր է հասկանալ, թե ինչ և ինչու է տեղի ունենում մեր հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով: Իմ գնահատմամբ՝ տեղի է ունենում նույնը՝ պատմական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների: Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսֆորմացիան պատմական Հայաստանից իրական Հայաստան: Բայց դա տեղի է ունենում, և պետք է ամեն ինչ անել այս տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար, և մենք Ռուսաստանի Դաշնության հետ նման աշխատանքի պատրաստ ենք:

2018 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը. հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Եվ ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, 2023 թվականին, ինչպես 2020, 2021, 2022 թվականներին մենք քայլել ենք շատ նուրբ և փխրուն եզրով՝ ունենալով մեր պետականության և անկախության կորստյան երբեմն չգիտակցված, բայց շատ շոշափելի և առարկայական ռիսկը: Բայց ուզում եմ կրկին ընդգծել իմ համոզմունքը, որ մենք այսօր մեր սիրելի ու հարազատ պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը չէինք ունենա, եթե նախ՝ ինտուիտիվ, ապա ավելի ու ավելի գիտակցված մեր բոլոր գործողությունները չկառուցեինք իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Ճանապարհի շատ կարևոր մասը հաղթահարված է, բայց բոլոր ռիսկերն այսօր էլ առկա են ամենայն սրությամբ: Որքան էլ տարօրինակ հնչի, վերջին տարիների մեր գործելակերպը չպետք է փոխվի, և մենք պետք է մեր բոլոր քաղաքականությունները, որոշումները, քայլերը համապատասխանեցնենք իրական Հայաստանի հայեցակարգի հետ: Ինչը չի համապատասխանում այդ հայեցակարգին, պետք է վերանայվի, վերագնահատվի, սա մեր պետության շահերից բխող հրամայական է:

2018 թվականին, երբ ստանձնում էինք Հայաստանի կառավարումը, ինձ համար կարևոր էր ձևակերպել մեր առանցքային և ռազմավարական առաքելությունը: Եվ այդ առաքելությունը ձևակերպված էր այսպես. փոխել Հայաստանի ճակատագրի պատմական ցիկլը, որը բնորոշվում է հետևյալ կերպ. պետականության ձեռքբերում կայսրությունների փլուզման գործընթացում, և պետականության կորուստ կայսրությունների վերականգնման փուլում: Սա պատմական Հայաստանի ճակատագրի առնվազն 5 անգամ կրկնված շրջափուլ է, և այս ճակատագիրն է, որ պետք է փոխենք, և, իմ համոզմամբ՝ դա է մեր պատմական առաքելությունը: Եվ այսօր իմ ամենակարևոր ուղերձը հետևյալն է. փոփոխությունը, կրկին, նախ՝ մեր մտքում պետք է տեղի ունենա, որովհետև, եթե ինքներս չփոխվենք, պատմական Հայաստանի պատմական ճակատագիրը չենք կարող փոխել: Իսկ մենք պիտի կատարենք այդ առաքելությունը, և այդ առաքելությունն անցումն է պատմական Հայաստանից իրական Հայաստան: Եվ դա տեղի է ունենում հենց այսօր, հենց հիմա:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհակալություն:

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն վարչապետ: Հարգելի գործընկերներ, հարցերի համար կարող եք հերթագրվել: Հերթագրում: Դավիթ Դանիելյան, համեցեք:

 Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարցս գուցե շատ կապ չունենա այսօրվա զեկույցի հետ, սակայն շատ կարևոր հարց է, և այս հարցը ձեզ ուղղում եմ նաև որպես գեղանկարիչ և Հայաստանի նկարիչների միության անդամ և Հայաստանի Հանրապետության նկարիչների միության բոլոր անդամների անունից եմ ուղղում: Գիտեք, որ Աբովյան 16 հասցեում գործում է Հայաստանի նկարիչների միությունը, և այդ շենքը կառուցվել է 1950-ական թվականներին հենց նկարիչների տան համար՝ նկարիչներին հատկացվելու, և այսպիսի մի խնդիր կա՝ նաև գրողերի միության հետ կապված: Վերջերս դատախազությունից ծանուցում է ստացել Հայաստանի նկարիչների միությունը, որ գույքի հետ կապված որոշակի խնդիրներ կան սեփականության մասով, և նկարիչների մոտ անհանգստություն կա, և ուզում ենք ձեզանից մեկնաբանություններ լսել, թե հնարավո՞ր է արդյոք ինչ-որ գործողությունների արդյունք, կամ հնարավո՞ր է, որ այնպիսի ընթացք ստանա, որ նկարիչները զրկվեն իրենց գույքից՝ նկարիչների տնից: Ես ուզում եմ հենց ձեր մեկնաբանությունը լսել այս մասով, դրա համար, առիթից օգտվելով, ձեզ եմ էս հարցն ուղղում: Շնորհակալություն:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, հարցի համար: Միանգամից ասեմ, որ հնարավոր չէ էդպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն իրենց տնից, ինչպես դուք ասացիք, հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից: Եվ էս պատմությունը, եթե չգիտեք, ասեմ, թե որտեղից է ծագել. երբ շատ մեծ աղմուկ բարձրացավ, որ, եթե չեմ սխալվում, Սպարտակ մարզադաշտը վաճառվում է: Եվ ես, բնականաբար, հետաքրքրվեցի այդ հարցով և փորձեցի հասկանալ, թե ինչ պատմություն է և պարզվեց, որ կոմերցիոն վաճառք է տեղի ունեցել, որովհետև տարածքը պատկանում է, եթե չեմ սխալվում, մարզական միություններից մեկին և մենք իրավական վերլուծություն արեցինք և տեսանք, որ կա մեծ պրոբլեմ: Ո՞րն է էդ պրոբլեմը. Խորհրդային Միության ժամանակ մարզական և ստեղծագործական միությունների գույքն ավտոմատ կերպով ինչ-որ ընթացակարգերով համարվել է այդ միությունների սեփականությունը, մինչդեռ դա եղել է Հայկական խորհրդային սովետական հանրապետության սեփականությունը: Այսինքն՝ եղել է պետության սեփականությունը և առանց պատշաճ ընթացակարգերի և որոշումների փոխանցվել է պետությանը: Եվ դա, ըստ էության, օրենքի կոպտագույն խախտում է, և մենք էսօր միանշանակ և աներկբա պետք է լուծենք էդ հարցը: Եվ եթե մենք էսօր տեսնենք, որ մարզական միությունների, ստեղծագործական միությունների տասնյակ գույքեր վաճառվել են և ոչ մեկը չգիտի, թե ինչպես է վաճառվել, ինչպես է գնորոշվել: Հանրային վերահսկողության ոչ մի մեխանիզմ գոյություն չունի, և մենք, ամենայն հարգանքով, էս խնդիրը լուծելու ենք, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չենք ուզում խախտել, բայց նաև, երբ մենք արդեն մի քանի դեպքեր ունենք, ընդ որում՝ էդ դեպքերը շատ են, էդ աղմուկը … Մենք էս ուսումնասիրությունների ընթացքում պարզեցինք, որ ամեն ինչի շուրջ չէ, որ աղմուկ է լինում գուցե նաև էն պատճառով, որ որոշ դեպքերում շահառուներն էնպիսիք են, որ կարող են կասեցնել աղմուկի բարձրացումը, որոշ դեպքերում էնպիսիք են, որ չեն կարող բարձրացնել աղմուկի կասեցումը, և մենք պետք է լուծենք էդ հարցը: Օրինակ՝ տարբերակներից մեկը. որ այդ միություններին պատկանող շենքերը հնարավոր լինի օտարել միայն հանրային լսումներից հետո, երբ կներկայացվի նախագիծ, տարբերակ եմ ասում, կամ այդ շենքերը վաճառքի հանվելու պարագայում Կառավարությունն ունենա ձեռքբերման նախապատվություն: Նույնը՝ նվիրատվության դեպքում, որ հանրային քննարկում լինի, որովհետև դա հանրային սեփականություն է: Դուք ասում եք՝ նկարիչների տուն, բայց դա հանրային սեփականություն է, այսինքն՝ դա չի նշանակում, որ ով նկարիչ չէ, էդ գույքն իրենը չէ, էդ գույքը, իհարկե, շատ հասկանալի իմաստով նաև իրենն է: Եվ, հետևաբար՝ ուղիղ պատասխանն է՝ ոչ, հնարավոր չէ տարբերակ, որ նկարիչները զրկվեն իրենց շենքից, բայց, միանշանակ, կներեք, հանկարծ նկարիչները սխալ չընկալեն, ստեղծագործական միությունները զրկվեն էդ շենքերից որևէ իմաստով, որովհետև կարող է նաև լուծում լինել, որ դա տրվի անժամկետ անհատույց օգտագործման և այլն: Այսինքն՝ տարբերակները քննարկվում են, բայց հարցը, որը մենք պետք է լուծենք, հետևյալն է. բոլոր գույքերը և՛ մարզական միությունների, և՛ մշակութային միությունների, և՛ նմանատիպ էն միությունների, որոնք գույքն ստացել են Կառավարությունից, պետությունից, թեկուզ անցման շրջանում, պետք է բացառվի էդ գույքերի օտարումն առանց պատշաճ հանրային կամ օրենսդրական վերահսկողության:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: Այո, պարոն վարչապետ, նաև ասեմ, որ նկարիչների միության էդ մասով էլ ես կխնդրեմ, որ դատախազությունն ուսումնասիրի: Նախկինում եղել են նման դեպքեր՝ հենց միության գույքի հետ կապված, որը տարբեր պայմաններում վաճառվել է և, իմ ունեցած տեղեկություններով՝ շատ չնչին գումարներով: Մեր խնդիրը նա է, որ նկարիչները շարունակեն ստեղծագործել այնտեղ, որտեղ շարունակում են ստեղծագործել, որովհետև դա միակ տեղն է, փաստացի, որտեղ մենք հավաքվում ենք, քննարկում ենք, միջազգային գործընկերներ ենք հրավիրում:

Ինչ վերաբերում է ձեր նշած մնացած կետերին, այո, տրամաբանական է, որ պետք է չկարողանան վաճառել կամ վաճառել միայն պետության հետ համագործակցելու տրամաբանական եզրեր գտնելու դեպքում: Շնորհակալություն:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Ես էլ իմ հերթին ուզում եմ նորից նկարիչներին հետևյալ կոչն անել. էսօր Հայաստանի Հանրապետությունում կառուցվում է 55,000 բնակարան և ուզում եմ կոչ անել նկարիչներին, որ նրանք որոշակի ծրագրեր ունենան, որպեսզի այդ բնակարանների պատերին կախվեն հայաստանցի նկարիչների նկարներ: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն վարչապետ: Սեյրան Օհանյան:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Որովհետև էդ պատերին ինչ-որ նկարներ, սենց թե նենց, կախվելու են, պատերը դատարկ չեն մնալու, և դա մի տարածք է, որտեղ մեր արվեստը, մշակույթը կարող է զարգանալ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն պարոն վարչապետ: Հաջորդ հարցի համար՝ Սեյրան Օհանյան: Համեցեք:

 Ս.ՕՀԱՆՅԱՆ

-Գիտեք, շատ դժվար է հարց ձևակերպել, երբ հարցն այսօր վերաբերում է 2023 թվականի զեկույցին, բայց մեծ պատմական ակնարկ կատարվեց ձեր կողմից, մանավանդ, որոշակի առումով խեղաթյուրելով մեր պատմական իրականությունը, որը նաև ձեր ազգային անվտանգության ռազմավարության ուղերձի մեջ նշված է, կապը մեր պատմության ամբողջական և պատմական կարևորագույն արժեքների վրա հենվելով մեր պետականության կերտումը, նաև Արցախի բանակցային գործընթացի խեղաթյուրման ևս մեկ փորձ իրականացվեց: Ձեր ուղերձի 6-րդ կետում՝ «Ազգային անվտանգության ռազմավարություն», նշված է, որ Արցախի հարցի կարգավորումը, բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի Կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում: Նորից եմ ասում՝ Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի լինել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում: Իհարկե, լավ է, հասկանալի է, որ դուք, ի վերջո, այսքան տարիների ընթացքում եկել եք այն եզրակացության, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք, ինչը միշտ եղել է, բայց հարցս հետևյալն է. Արցախի թեման դուք ամբողջությամբ փակում եք, խնդրում եմ չանդրադառնալ սոցիալական խնդիրներին, որ սոցիալական խնդիրներն այն չնչինն են, ինչը մենք կորցրեցինք: Այս հարցը ես ձեզ տվել եմ, ո՞րն է Արցախի նկատմամբ ձեր ռազմավարությունը և ինչո՞ւ է Արցախի կառավարության, Արցախի ընտրված, ինչպես ձեզ մոտ նշված է, ժողովրդական հավանություն ստացած կառավարության ներկայությունը, որը պետք է շարունակի Արցախի ճակատագրի համար պայքարը, մեր պատմական արժեքների համար պայքարը ձեզ համար վտանգ է ներկայացնում:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պարոն Օհանյան, հարցի համար: Եվ, այո, այդ փաստաթուղթը, որի մասին նշում եք, ընդունվել է 2019 թվին, եթե ճիշտ եմ հիշում, 2020 թվին, և էդ ընթացքում նաև, ինչպես ասել եմ, մենք հետևողականորեն աշխատել ենք այդ խնդիրը լուծելու ուղղությամբ և էս աշխատանքի ընթացքում է, որ բացել ենք, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը և մութ և հեռու անկյուններում թաքցված են եղել, կամ, եթե թաքցված էլ չեն եղել, հասանելի չեն եղել:

Էն, ինչ ես ասում եմ, ես անդրադառնում եմ կոնկրետ փաստերի: Հիմա, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի մասին եմ խոսում, դրանից առաջվա փաստաթղթերի մասին եմ խոսում, դրանից հետոյի փաստաթղթերի: Էն, ինչ ես ասում եմ, խոսում եմ՝ հենվելով փաստաթղթերի մասին: Ասեք՝ այ, էս փաստաթղթում ճիշտ չէ, սենց չէ գրված, սենց է գրված, ես էլ գնամ նորից նայեմ, չնայած ես էնքան շատ եմ կարդացել էդ փաստաթղթերը, տեքստն անգիր չէ, բայց բովանդակությունն անգիր գիտեմ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին կամ, ինչպես ես ասացի՝ նախկին վերնախավի ներկայացուցիչներին, հենց պրոբլեմն էն է, որ իրենք հրաժարվել են անել դա, և ես հենց էդ էի ասում: Եվ հիմա մենք նաև տվյալներ ունենք, կարծում եմ՝ նաև ապացույցներ ունենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մի շրջանակ, մի խումբ, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է, որ եթե մենք շարունակենք էս ճանապարհով գնալ, լինելու է սա, լինելու է սա: Եվ չի արձագանքել, ձեր ասած շրջանակը չի արձագանքել, թե որն էր իրենց պլանը: Եվ մենք էսօր նյութեր ունենք, որտեղ երևում է նաև, թե որն էր իրենց պլանը: Ասում էին՝ հա, լավ, էստեղ չի լինում, կգնանք, Հայաստանում իշխանություն կվերցնենք, ինչ է եղել որ: Սրա մասին է խոսքը:

Եվ, պարոն Օհանյան, դուք էլ գիտեք դա և, կներեք, ոչ միայն դուք գիտեք դա և դուք ձեր ոգևորությունը չէիք թաքցնում, չգիտեմ, ձեր քաղաքական ուժը, գուցե անձամբ անգամ դուք էլ, ձեր անձնական վերաբերմունքը, ճիշտն ասած, չեմ ֆիքսել որևէ տեղ, բայց, առնվազն, ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էդ փոփոխությունների, հրաժարականների և այլնի առիթով, բայց հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հաջորդիվ, հարգելի գործընկերներ, և պետք է արձագանքել էդ իրավիճակին: Եվ չի եղել արձագանք և պատասխանատվությունը հենց էդ է, որ իրավիճակին կարողանաս ադեկվատ արձագանքել: Եվ էդտեղ ավարտվել է ամեն ինչ: Սա է իմ դիրքորոշումը:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Ս.ՕՀԱՆՅԱՆ

-Եթե արցախյան ամբողջ գոյամարտի և արցախյան հարցի բանակցային գործընթացն Արցախի ժողովրդի ինքնորոշման համար օրինակելի չհամարեին, ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր ստեղծվի, և միջազգային հանրությունը դրա ակունքներում չէր դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը: Իրենք հրաժարվել են, դուք գիտեք՝ ինչ պայմաններում, նաև այն պայմաններում, որ ինքներդ դուք էստեղ կրավորական կեցվածք եք ընդունել, երբ բազմակի, տասնյակ անգամ ավելի զորքով Ադրբեջանը հարձակվել էր դիրքերի վրա և ներխուժել, մասնատել Արցախը, դուք էն ժամանակ ասում էիք, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ որևիցե մի ռազմական ազդեցություն չկա, այն պայմաններում, երբ խաղաղ բնակչությունն այդ ժամանակ տուժում էր, և գիտեք, թե ինչ պայմաններում է Արցախի ղեկավարությունն ընդունել այդ որոշումը, որը Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո իրենք բեկանել են: Եվ մենք գտնում ենք, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ այն պայմաններից, այն ճակատագրից, ինչն այսօր Արցախն ունի՝ իր պետական տարածքից դուրս մղվելով, և ցեղասպանություն է իրականացվել նրա նկատմամբ: Եվ կարծում եմ, որ որևիցե վտանգ չկա, երբ Արցախի իշխանություններն այսօր շարունակեն իրենց գործընթացը: Հակամարտությունն Ադրբեջանը սրել է, դեռ ավելին, հանցագործություն է իրականացրել, և իշխանությունների գոյությունը միայն կարող է հիմք ստեղծել Արցախի ժողովրդի, նրա հետ վերադառնալու ճակատագրի և բանակցային որևիցե ձևաչափով նրա հետագա պետական ճակատագրի որոշման ուղղությամբ: Դուք էստեղ էլ ամբողջ իրողությունը խեղաթյուրում եք:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Հարգելի պարոն Օհանյան, երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք և վերցրեք, նայեք ԵԱՀԿ Մինսկի խումբ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ, այո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Էս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից: Էն ժամանակ ինտերնետ չի եղել, որ որոշումից կես ժամ հետ բոլորն իմանային: Ինչո՞ւ եք ժխտում էս իրողությունը:

Երկրորդը. Ի՞նչ պայմաններում են ընդունել որոշումը, դուք եք ասում:

Առաջինը. ես ուզում եմ արձանագրել, որ եղել է հնարավորություն՝ եվրոպական հարթակներում մեկնարկելու խոսակցություն Ադրբեջանի հետ, ինչո՞ւ չի գնացել Լեռնային Ղարաբաղը: Գիտե՞ք, թե ինչու չի գնացել, հենց հիմա ասեմ, այ, շնորհակալություն, որովհետև արգելել են Լեռնային Ղարաբաղին, արգելել են: Արգելել են և դա ես չեմ եղել, ես չէի կարող և ուզենայի էլ, չէի կարող: Արգելել են:

Ես համաձայն եմ ձեր էն դիտարկման հետ, որ ասացիք, կներեք, եթե շատ ճշգրիտ չմեջբերեմ, միայն հիմար մարդը կարող է ուրախանալ: Իհարկե, միայն հիմար մարդը կարող է ուրախանալ, առնվազն, հայաստանյան հատվածում: Այո, և որոշ հիմար մարդիկ իրենց ձեռքերը լվացել են, և ես էդ եմ ասում: Հիմա ասում եք՝ գիտեք, էն, որ ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի կառավարություն ... Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության Կառավարություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում է գործում, իր իրավազորության տարածքում: Հիմա ասենք՝ Հայաստանի ներքին գործերի նախարարը, կներեք, որ ձեզ վրա եմ օրինակը բերում, գնա Ավստրիա, ասի՝ ես ներքին գործերի նախարարն եմ, հիմա նշանակում եմ տեղակալ, ընդունում եմ աշխատանքի ոստիկանների, էսինչին նշանակում եմ քրեական ոստիկանության պետ, տալիս եմ զենք, ծառայողական ավտոմեքենա, կաբինետ: Այսինքն՝ կներեք, էլի, էս լո՞ւրջ ենք խոսում:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն վարչապետ: Արծվիկ Մինասյան: Դահլիճում լռություն: Արծվիկ Մինասյան, համեցեք:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հետաքրքիր է, եթե դուք նստած լինեիք էս դահլիճում և այդպիսի մի ելույթ լսեիք՝ մեկ ժամանոց, և ձեր առաջ լիներ Կառավարության այն ծրագիրը, որը ներկայացնում եք դուք, և այն նախընտրական ծրագիրը, որով, ինչպես դուք եք անընդհատ վկայակոչում, ստացել եք ժողովրդի քվեն, ինչպե՞ս կգնահատեիք ձեզ։ Մի ելույթ, որը բացարձակ կապ չունի ծրագրով ներկայացված նպատակադրումների հետ, նախընտրական ծրագրով բերված խոստումների հետ, մի ելույթ, որը հերթական անգամ խեղաթյուրում էր իրականությունը՝ արհեստական խոչընդոտ ստեղծելով իրական, պատմական հայրենիք, Հայաստան ասելու շրջանակներում:

Երկրորդ հարցը վերաբերում է հետևյալին. այնուամենայնիվ, դուք նշում եք լավատեսական մղումով, որ Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր մտադրությունը կամ հանձնառությունը՝ ճանաչելու խորհրդային Հայաստանի, ըստ ձեր ձևակերպման, տարածքները։ Այդ դեպքում՝ հարց. ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերը շարունակում օկուպացրած պահել Հայաստանի տարածքները, ինչո՞ւ է Ադրբեջանն անընդհատ կրակում, եթե ձեր ասած անձը վերահաստատել է դա։ Եվ ի՞նչ քայլեր եք իրականացրել դուք, օրինակ՝ միջազգային մեխանիզմների գործադրմամբ, որպեսզի զսպվի Ադրբեջանի ագրեսիան։ ՄԱԿ-ի շրջանակներում, ՀԱՊԿ շրջանակներում ի՞նչ է արվել։ Ի վերջո, դուք եք պատասխանատուն, չէ՞, Հայաստանի տարածքային ամբողջականության համար:

Եվ վերջին հարցն Արցախի կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցչական մարմնի համար, տեսակետից: Կարո՞ղ եք մատնանշել որևէ երկիր, այ էդ ձեր ձևակերպմամբ, որևէ տեղ, որտեղ արգելված լինի նման վտարանդի, օրինակ՝ կառավարության գործունեությունը: Որևէ երկրի օրինակ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ավարտեք:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Ես չգիտեմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների որևէ դրույթ, որը նախատեսում է Հայաստանում վտարանդի կառավարության կամ Ազգային ժողովի գործունեություն:

Ադրբեջանի հետ կապված՝ ես իմ ելույթում իրականում անդրադարձա այդ հարցերին և բարձրացրի, խոսեցի այն պրոբլեմների մասին, որոնք դուք բարձրաձայնում եք: Այսինքն՝ իմ ելույթի առնվազն բավականին ծանրակշիռ մի հատված նշված էր էն պրոբլեմներին կամ առնվազն նրանց մի մասին, որոնց մասին դուք խոսում եք:

Ինչ վերաբերում է միջազգային մեխանիզմներին, էդտեղ էլ մենք միջազգային մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և դրան էլ անդրադարձա, գործարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն իրականացրել ենք, բայց չի գործարկվել, որովհետև, ինչպես իմ ելույթում ասացի, էդ հետո է պարզվել, որ ոչ թե ՀԱՊԿ-ն ուզում է գալ Հայաստանի Հանրապետություն, մեր գործընկերները չեն էլ նկատում, թե ինչ են ասում: Եթե մենք խնդիր ունենք անվտանգային ոլորտում, ինքը պիտի գա, մեր կողքին կանգնի և մեզ հետ համատեղ էդ խնդիրը լուծի: Ինքն ասում է՝ մենք առաջարկում ենք, որ խաղաղապահները գնան, ի՞նչ խաղաղապահ, որտե՞ղ գնա խաղաղապահը: Եվ էդ պատմությանն էլի չանդրադառնամ, որովհետև նույնիսկ ձեր և ձեր գործընկերների հարցերին ի պատասխան՝ տասնյակ անգամ եմ անդրադարձել:

Ինչ վերաբերում է նրան, որ դուք չեք տեսնում կապը զեկույցի և իմ ելույթի միջև, պետք է ավելի ուշադիր դիտել, որովհետև էս զեկույցի կարևորագույն և մեկնարկը հենց մեր անվտանգային միջավայրի և անվտանգային խնդիրների մասին է: Էս զեկույցը Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան- Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հարաբերությունների մասին է: Թվային տվյալները բոլոր գրված են, և ձեզ ուղարկվել է ավելի շուտ՝ էլեկտրոնային տարբերակով, ավելի ուշ՝ այս տարբերակով: Իմ ելույթն ուղիղ կապված է զեկույցի հետ և զեկույցի մարտահրավերների հետ և Կառավարության ծրագրի մարտահրավերների հասցեագրման մեր պատկերացումների հետ: Եվ ես հրապարակային էլ եմ ասել, ասել եմ, որ, այո, ես հասկանում եմ էդ քննադատությունը, և դա լեգիտիմ քննադատություն է, երբ ասում եք՝ բա, մի ժամանակ ուրիշ բան էիք ասում: Այո, մենք էդ ուրիշ բանի հետևից հետևողականորեն, սկզբունքորեն, նվիրված գնալով է, որ ճանապարհին տեսել ենք բաներ: Էդ բաները չնկատելը կլինի դավաճանություն սեփական պետության նկատմամբ: Սա է իմ մոտեցումը:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Տեսեք, իմ ասածը հենց դա է, որ ծրագրում այլ բաներ եք ասել, հիմա ձեր ելույթը, ձեր զեկույցն այլ բաների մասին է, այլ նպատակների, այլ արդյունքների մասին է, հաճախ՝ ուղիղ հակառակը: Խոսում էիք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, անվտանգության ապահովման մասին, հիմա այլ արդյունքների մասին եք խոսում, այլ հետևանքների մասին եք խոսում: Իմ ասածը հենց դա է, և դրա՝ որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի, լուծումը ո՞րն է. հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն, որովհետև, եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, այդպիսի Կառավարությունը չի կարող լինել լեգիտիմ: Դուք ինձանից շատ ավելի լավ գիտեք դրա մասին, բայց իշխանությունը պահելու ձեր ձգտումը թույլ չի տալիս, որ էս քայլին գնաք:

Եվ վերջին հարցադրումը. ի վերջո, Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող էսօրվա տարածքները, որոնք ձեր ձևակերպումներով բազմիցս ադրբեջանական անվանումներով եք ասում, էդ տարածքներում էսօր գործո՞ւմ է Հայաստանի օրենքը, և եթե գործում է, ապա վաղը, եթե հանկարծ նման իրավիճակ է առաջանում, արդյո՞ք պահանջվում է հարցի լուծում հանրաքվեով, թե՞ ոչ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Լռություն դահլիճում:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պարոն Մինասյան, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ շարունակաբար չեք արձագանքում իմ էս ասածին, արդեն ես չեմ հիշում, թե առաջին անգամ սա երբ եմ ասել, բայց, առնվազն, մի քանի տարի չեք արձագանքում իմ էս ասածին: Միջազգային հանրությունն ասել է՝ շատ լավ, ժողովուրդ ջան, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ: Հասկանո՞ւմ եք, էս է ամբողջ պրոբլեմը, որ մենք ինքնավարություն ասելով կամ, առնվազն ... Այդ թվում՝ 1996, 1998 թվականների պրոցեսներով Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար, միայն սրա համար ներկայացվել է այլ լույսի ներքո և որոշ տեղերից ստացած հավաստիացումներով, որ լավ է, կլուծենք, դուք բան մի արեք:

Պարոն Օհանյան, ինչո՞ւ չեք գնում, էդ թղթերը բերում մի անգամ, կամ, լավ, գուցե ես բերեմ հաջորդ անգամ: Շատ լավ … (Խոսում են դահլիճում:) Հա, ճիշտ եք, շնորհակալ եմ պարոն Քոչարյան: Էն, ինչ ասում եմ, ես փաստաթղթերից մեջբերումներ եմ արել քննիչ հանձնաժողովի իմ ելույթում, որը հրապարակային է և տեքստային տարբերակն էլ է հրապարկված, վիդեոն էլ: Շնորհակալ եմ: Այսինքն՝ էն, ինչ խոսում եմ, ամեն ինչը հրապարակված է:

Ինչ վերաբերում է հրաժարականին, պարոն Մինասյան, ես էլի եմ ասում՝ ես 2 անգամ արդեն հրաժարական եմ տվել … (Խոսում են դահլիճում:) Այո, ճիշտ եք ասում, էդտեղ գրված է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, չէ՞, ես եկել եմ, ասել եմ՝ ժողովուրդ, եկեք առերեսվենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն էն չէ, ինչ մենք նկատի ենք ունեցել, որովհետև ինքնորոշում բառը, ցավոք, էն քիչ բաներից է, որ հայերը չեն ստեղծել: Եվ նրանք, ովքեր ստեղծել են ինքնորոշում բառը և եզրույթը, ասում են՝ հարգելի հայաստանցիներ, այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով: Մենք սրա հետ չենք առերեսվել, դրա համար չենք կարողացել պաշտպանել, երբ ես եկել ասել եմ, որ պետք է նշաձողն իջեցնել, ես էդ նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել: 2021 թվի նախընտրական … (Խոսում են դահլիճում) … Այո … (Խոսում են դահլիճում) … Այո …

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարոն Խաչատրյան:

   Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Այո, բա ինքնորոշման իրավունքից է էդ ամեն ինչն սկսում: Ինքնորոշման իրավունքից է սկսում: Եվ գիտե՞ք, թե ինչու է Լեռնային Ղարաբաղը հայաթափվել. որովհետև մենք բոլորս չենք առերեսվել էս պարզ իրողության հետ, որովհետև, ասեմ՝ էդ էլ էր դժվար, որովհետև դա նշանակում էր, որ Ադրբեջանի կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք է իրականացնեն 2 սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: Սա է եղել: Ընդ որում, էլի ասում եմ՝ սա է եղել էն բանակցային կետը, բանակցային անշրջելի ժառանգությունը, որը ես ստացել եմ ժառանգություն 2018 թվականին … (Խոսում են դահլիճում) …

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարոն Մինասյան …

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Ոչ, ոչ … (Խոսում են դահլիճում) գնացել ենք ինքնորոշման հետևից, որովհետև, կներեք, պարոն Սիմոնյան, ներողություն եմ խնդրում, էդ ինքնորոշումն ո՞վ պիտի տար … (Խոսում են դահլիճում:) Ո՞վ էր տվողը ... (Խոսում են դահլիճում) միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը մեզ ասել է, ինձ ասել է, բոլորիս ասել է՝ հարգելիներս, դուք էս գրվածը, էդ որ ասում եք՝ էդ է, կարդացեք, կարող է, լավ, 1991 թվին անգլերեն, ռուսերեն էլ է եղել, կարդացեք, թե ինչ է գրված, ձեր քաղաքականությունները կառուցեք ըստ այդմ, որ դուք հասկանալի լինեք աշխարհին, որովհետև ոչ մեկը չի հասկանում, թե դուք ինչ եք ասում, և ԵԱՀԿ փաստաթղթում արձանագրվել է, որ մի երկիր կա, որ չի կիսում էս տեսակետը:

   Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն վարչապետ: Պարոն վարչապետ, մեզ մոտ ընդմիջում է, ընդմիջումից հետո կշարունակենք:


Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

                                                              

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ զբաղեցնել տեղերը: Շարունակում ենք ընդհատված նիստը։ Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ մոտենալ կենտրոնական ամբիոնին: Մենք ունենք դեռ գրանցված պատգամավորներ: Հաջորդ հարցով հանդես կգա Գեղամ Նազարյանը։ Պարոն Նազարյան, համեցեք:

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Երբ այցելեցիք սահմանամերձ բնակավայրեր՝ Ոսկեպար և Կռանից, ներկայացնելու ձեր պատկերացումը սահմանազատման և սահմանագծման մասին, դրանից հետո, մեղմ ասած, և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի, գուցե Բաղանիսի և Բերքաբերի հանրությունը, իրենք մինչև հիմա զարմացած են, թե եկել էր մեզ ասելու ի՞նչ Նիկոլ Փաշինյանը: Հիմա, ես ուզում եմ, որ էս ամբիոնից դուք մեկ անգամ ևս էդ մարդկանց, որոնք 34 տարի ապրել, արարել են սահմանագծում՝ դառնալով էս հայրենիքի՝ Հայաստանի վահանը, իրենք էդ վիճակով չապրեն, դուրս գան էդ վիճակից, որովհետև էդ վիճակում ապրել, իրոք, անհնար է։ Հիմա, տեսեք, դուք նորից քիչ առաջ ասացիք, մի 3 անգամ ասացիք՝ չի երաշխավորվում, չի երաշխավորվում, չի երաշխավորվում անվտանգությունը, չգիտեմ, բարեկեցությունը, զարգացումը, պատերազմի կանխումը և այլն։ Բնական հարց է առաջանում. բա, եթե չի երաշխավորվում, ավելի լավ չէ՞ կռիվն սկսել 2 կիլոմետրից, քան 200 մետրից: Ես էս հարցը տալիս եմ, որ դուք մեկ անգամ ևս ոչ պատասխանեք թե ինձ, այլ պատասխանեք ոսկեպարցուն, պատասխանեք կիրանցուն. ի՞նչ է տալու սահմանազատումը, սահմանագծումը Հայաստանին և Հայաստանի 4 բնակավայրերին: Արձագանքի ժամանակ կշարունակեմ ենթահարցը:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պարոն Նազարյան: Դուք իմ ելույթի մի հատվածը հիշատակեցիք, որտեղ ասում եմ՝ չի երաշխավորում, չի երաշխավորում, չի երաշխավորվում, բայց նաև հաջորդաբար ասացի, թե ինչ պետք է անենք, որպեսզի երաշխավորվի, երաշխավորվի, երաշխավորվի: Բայց էս չերաշխավորվելուց մինչև էս երաշխավորվելը ճանապարհ կա անցնելու, և ես Ոսկեպարի և Կիրանցի մեր սիրելի հայրենակիցներին, և, ընդ որում՝ դա միայն Ոսկեպարի և Կիրանցի հարց չէ, դա Հայաստանի … Դուք, ոնց որ, տենց մի նախադասություն ասացիք, դա Հայաստանի Հանրապետության հարցն է: Եվ էս ճանապարհին ի՞նչ կա անելու, օրինակ, դրա մասին էր իրականում էս ելույթս գուցե մի քիչ տենց լայն իմաստով, բայց ձեր բոլոր հարցերին պատասխանում էր: Հիմա, էս չերաշխավորվելուց երաշխավորվելու արանքում ի՞նչ կա անելու. աշխատանք, ու էդ աշխատանքը մենք պիտի անենք: Մենք չպիտի ասենք: Մեր ամբողջ պրոբլեմների լուծման բանաձևը մինչև հիմա եղել է հետևյալը. բա, արևելքում ի՞նչ են ասում, բա, հյուսիսում ի՞նչ են ասում, բա, հարավում ի՞նչ կա, բա … Եվ էդպես շարունակ: Սա մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք։ Եվ իրականում ինչի՞ց է ձեր ասած էդ իրավիճակը. որովհետև մենք չենք լուծել մեր խնդիրը: Մենք չենք լուծել մեր խնդիրը, հասկանո՞ւմ եք: Եկեք սա արձանագրենք, որ ասում եք՝ Կիրանցը և Ոսկեպարը, Կիրանցը և Ոսկեպարը սահմանին չեն, Կիրանցը և Ոսկեպարը շփման գծին են: Էստեղ մենք տերմիններն էլ պետք է ճշգրտենք, որովհետև մեր իրականության մեջ էդ բանը կա, որ տերմինները տենց ասենք մոտավորապես, բայց ինքը տասնյակ մետրերի տարբերություն է տալիս բուն իմաստից: Մեր ասածն էն է, որ Կիրանցի … Կապ չունի, որովհետև, ենթադրենք՝ հիմա Ադրբեջանն ինչքա՞ն է մոտիկ Կիրանցին, չէ՞, դա հարց է, շատ լուրջ և շատ էական հարց է, բայց, կներեք, սա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր էս կողմ ընկնի կամ էն կողմ ընկնի, կամ որ քարը պարսատիկով շպրտես, կարող է 50 մետր էս կողմ ընկնել: Իրականում էսօր ժամանակակից զենքերով տասնյակ կիլոմետրերի վրա թիրախ խոցելու խնդիր չկա: Ես, իմիջիայլոց, ձեզ մի բան ասեմ, որ մենք ասում ենք՝ Կիրանց, Ոսկեպար և Կիզիլ Հաջիլի և այլն, Հայաստանի բնակչության մեծ մասը լավ չի պատկերացնում, թե էդ ինչ տեղանք է: Չէ, եկեք իրար հետ ասենք, որ էսօր էլ Ադրբեջանի և Տավուշի մարզի գյուղեր կան, Ադրբեջանը գյուղերի բնակավայրերից մետրերի վրա է: Երասխում տներ կան, որոնցից մետրերի վրա է: Էսօր Կիրանցից էլի ինչքա՞ն կլինի. լավ, 100, 200, լավ 300: (Խոսակցություն դահլիճում:) Չէ, տեղեր կան, որ էդքան է մոտավորապես: Լավ, Ոսկեպարում հատված կա, որ, էլի, 100, 200 մետրի մասին է խոսքը: Չէ, բայց ես չեմ ասում, է, որ 100 մետրի և 50 մետրի միջև տարբերություն չկա: Ես ասում եմ՝ կա տարբերություն, բայց մենք ո՞նց պետք է լուծենք տարբերության պրոբլեմը։ Նախ՝ էդ հեռավորությունը մեր պրոբլեմն էսօր չի լուծում: Եթե էսօր լուծեր էդ պրոբլեմը, կասեինք՝ հա, դե ինչո՞ւ ենք մեր գլխին պրոբլեմ ստեղծում, բայց էդ հեռավորությունը չի լուծում իմ ու ձեր պատկերացրած պրոբլեմը: Հիմա, ո՞նց լուծենք էդ պրոբլեմը. սահմանով, էդ է պատկերացումը, և, իմիջիայլոց, ասել եմ, ես խոստացել եմ, պարոն Նազարյան, եթե տեղյակ եք, ես ասել եմ` եթե զարգացում լինի, որևէ պայմանավորվածություն լինի, որի իրականացման հավանականությունը բարձր կլինի, ասենք՝ 50-60 տոկոսից բարձր կլինի, ես վերադառնալու եմ էնտեղ և տեղում ավելի պրակտիկ հարցերին պատասխանելու եմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք։

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Իրականում խոսքն էս դեպքում ոչ էնքան վերաբերում է նրան, որ 50 մետրի՞ց լավ կխփեն, թե՞ 2 կիլոմետրից: Պարզ է, դա խնդիր չէ, ժամանակակից զինատեսակները կարող են 20-ից խփել, 10-ից էլ: Խնդիրն էն է, որ էդ գյուղերը շփման գիծը, նախկին Խորհրդային Հայաստանը, Խորհրդային Ադրբեջանը բառացիորեն, տառացիորեն վերարտադրելուց հետո սահմանը, եթե մենք հասնենք մի այդպիսի լավ, գեղեցիկ օրվա, որ էդ սահմանազատումը լինի, և տեղում գծերը քաշվեն, և սահման հաստատվի, իրականում, ինչպես տեղի տարիքով ավագ գյուղացիներն են նշում, ո՛չ Կիրանցի, ո՛չ հայկական Ոսկեպարի, ո՛չ Բաղանիսի համար հարմար կլինի ապրելը, ո՛չ էլ Ասկիպարայի, Խեյրիմլիի ու չգիտեմ, Կիզիլ Հաջիլիի, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, դրանից հետո ինչ է լինելու, քարտեզները նայել եք: Ես, ուղղակի, գյուղացիների, բնակիչների ասածն եմ ձեզ փոխանցում: Եթե խնդիր է դրված՝ էդ հատվածում ունենալ պետական սահման, այսինքն՝ շփման գիծը վերածել պետական սահմանի, դա պետք է արվի այնպես, որ հետագայում էդ մարդկանց ապրելու համար, ես նորից եմ շեշտում, ընդ որում՝ 2 կողմերի, Խեյրիմլի գյուղի բնակիչը սահմանազատումից հետո, երբ ուզենա գնալ Ղազախ, 3 անգամ Հայաստանի սահմանը պետք է հատի, որ նոր հասնի Ղազախ: Բնակիչներն ասում են՝ մենք խնդրում ենք փոխանցել, որ էդ սահմանազատումն ու սահմանագծումն արվի այնպես, որ ապրելու համար ստեղծվեն տանելի պայմաններ, նորմալ պայմաններ։ Սա է բնակիչների խնդրանքը, որ ես ձեզ փոխանցում եմ:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շատ լավ: Պարոն Նազարյան, կարծում եմ՝ ձեր շեշտադրումը, երբ դուք ապրելու անհնարինության հետ կապված՝ շեշտեցիք՝ 2 կողմից, էդ շատ կարևոր նրբություն է, և հարցի էությունը դրա մեջ է, որովհետև, եթե 2 կողմում գյուղ կա, որ իրենց էսօրվա ընկալմամբ չեն կարող ապրել, ո՞րն է դրանից հետո անխուսափելի գործողությունը. փորձել պայմանավորվել, թե ոնց ենք իրար հետ ապրելու։ Եվ ուզում եմ ասել, որ սահմանագծման ոչ մի սցենարով՝ էսօրվա մեր ունեցած սահմանի, Կիրանց գյուղի բնակիչն ստիպված չի լինելու Իջևան գնալու համար Ադրբեջանի տարածքով անցնել: Կիրանցինը չէ, կներեք, Ոսկեպարինն էլ չէ, նայած, թե որ սցենարով կիրականացվի: Ամենավատ սցենարով իրականացնելու դեպքում Ոսկեպարինն էլ չէ, և Ոսկեպարը Կիրանցին միացնող նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտություն մենք կարող է՝ ունենանք, կարող է՝ չունենանք, բայց ես կարևոր եմ համարում ձեր շեշտադրումը, որ ասում եք՝ 2 կողմից էլ անհնարինության զգացում կարող է լինել: Դե, հետևաբար՝ բա մենք էդ հարցն ենք ուզում լուծել, ո՞նց անենք, որ էդ խնդիրը լուծենք: Այսինքն՝ մենք չենք ուզում, մեր նպատակն էն չէ, որ անհնարինության զգացումը խորացնենք, մեր նպատակն ուղիղ հակառակն է, որովհետև, կներեք, եթե էդտեղ պետական սահման է, իսկ կարո՞ղ է, դուք ասացիք՝ երբ կգա էդ օրը, էդ ձեր ասած օրը որ գա, կարո՞ղ է էդտեղ անցակետ հայտնվել, կարո՞ղ է էդտեղ առևտուր անելու հնարավորություն բացվել և այլն, և էդպես շարունակ, որովհետև տրանսֆորմացիան դրա մասին պետք է լինի, որովհետև ես չեմ կարծում, թե պատերազմը լավ ընտրություն է։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մինչ խոսքն Արթուր Խաչատրյանին փոխանցելն ուզում եմ առաջարկել ողջունել մեզ այցելած դպրոցականներին: Երևանի Լևոն Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցի աշակերտները և ուսուցիչներն այսօր մեզ մոտ են:

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Եվ հաջորդ հարցի համար Արթուր Խաչատրյան: Համեցեք, պարոն Խաչատրյան:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պարոն Փաշինյան, հստակ հասկանալով, որ եթե 2 հարց ես տալիս, պատասխանողին հնարավորություն ես տալիս՝ պատասխանելու էն հարցին, որին ինքն ուզում է պատասխանել, բայց ռիսկի գնամ: Այո, 1996 թվականին Լիսաբոնում եղել է տենց՝ բարձրագույն ինքնավարության աստիճան, բայց դրանից հետո շատ ջուր է հոսել, տարբեր փաստաթղթեր են եղել, և դրանք պահվում են ԵԱՀԿ-ի դեպոզիտարիայում: Oրինակ` այն փաստաթուղթը, որը դուք անձամբ եք հրապարակել, կամ եղել է 1in.am-ում, հետո դուք եք կարդացել Կապանում 2020 թվականին, գրված է. «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը …» Ողջ բնակչության: Այո, թուրքերն էլ էին գալու 25 տոկոսով: «… Ընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառվել կարգավիճակի բոլոր տարբերակները:» Ինքնավարության և Ադրբեջանի կազմում լինելու որևէ պնդում էստեղ չկա։ Հիմա՝ բուն հարցը, լավ: Ինձ մոտ մի տեսակ դեժավյու է, որովհետև անցյալ տարի այս օրերին, երբ դուք ներկայացնում էիք Կառավարության ծրագրի կատարողականը, ես հարց տվեցի, ասացի՝ էստեղ գրված է Կառավարության արդյունքների մասին, էս ծրագրի արդյունքների մասին: Դուք հայեցակարգային նոր ելույթ ունեցաք, և նույնիսկ ասացի՝ առաջին անգամ է, որ Արարատն Արագածին եք հակադրում, տենց բան չի եղել, հները նորերին հակադրել եք, Արարատն Արագածին առաջին անգամ հակադրեցիք: Եվ դուք նոր պետության մոդել եք առաջարկում, այլ ոչ թե սրա կատարողականը: Դուք էստեղ էսօր ինչ ասում եք, նոր բան չկա, անցածի շարունակությունն է: Հիմա, էս մի տարվա ընթացքում, ես արդյունքների մասին եմ ուզում խոսել, խաղաղությունն էնքան հեռու է, ինչքան անցյալ տարի էս օրերին: Թուրքերը մեր տարածքում են, ինչպես անցյալ տարի էս օրերին: Ավելին ասեմ, հրապարակային, սկզբում Ադրբեջանի, պարոն Գրիգորյան, ձեր էս վիզավին՝ Մուստաֆաևը, ասաց՝ պետք է տարածքները զիջեք: Հիմա տարածքները զիջելու մասին խոսում եք դուք՝ առանց հայելային պահանջ ներկայացնելու, գոնե ես Ադրբեջանից պաշտոնական մակարդակով որևէ հայտարարություն չեմ լսել, դե, մենք էլ Ջողազի ջրամբարի հյուսիսը կզիջենք:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ուզում եմ հասկանալ՝ այ էդ ձեր քաղաքականությունը, որը դուք հնչեցրիք անցյալ տարի, էս 365, նու, 366, լավ, նահանջ տարի է …

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ավարտեք:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Էս 366 օրվա ընթացքում, որևէ դրական արդյունք մեր պետությանը տվե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պարոն Խաչատրյան, ես ձեր ասածի նման չեմ օգտվի ձեր իսկ ընձեռած հնարավորությունից, որպեսզի ձեր տված հարցին չպատասխանեմ: Ես կվերադառնամ ձեր հարցին, որ էն, ինչ դուք մեջբերեցիք, դիվանագիտական լեզվով վերարտադրությունն է նրա, ինչը ես ասում եմ: Էս է ամբողջ խնդիրը: Խնդիրը հետևյալն է, որ մեր քաղաքական վերնախավը, մենք ժողովրդին կարդացել ենք էդ գիտահետազոտական բառապաշարով՝ տեսեք, գրած է, որ ողջ բնակչության պարտադիր էս, էն, էն, էն, միջազգային իրավունքների նորմերին համապատասխան, և հասկանալով, որ պետք է լրացուցիչ բացատրություն պիտի լինի, որովհետև ժողովուրդը սենց աչքերով նայում է, ասում է՝ էս ի՞նչ է գրված: Ասում ենք՝ ուրեմն, գրված է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մինչդեռ իրականությունն ուղիղ հակառակն է: Էդտեղ գրած է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, այսինքն՝ էն, ինչ մեջբերեցիք, էդ մի հատ հոյակապ կոնտրաստ է, էն, ինչ ես ասում եմ, էն ինչ դուք ասում եք, որովհետև ասացիք՝ ողջ, այո, ողջ բնակչությունը և 25 տոկոսը պետք է գա: Ո՞վ է ասել՝ 25 տոկոսը: Ես էդ թեմային անդրադարձել եմ էստեղ: Ես էս թեմային անդրադարձել եմ էստեղ և ասել եմ, և էդ թեման կա: Ասում է՝ լավ, ենթադրենք, կինը հղի է եղել, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել և ծննդաբերել է, ասենք, ենթադրենք՝ դուրս գալուց մի շաբաթ հետո: Էնտեղ ծնված երեխան հիմա բնակի՞չ է, թե՞ բնակիչ չէ: Իսկ նրանից ծնված երեխան բնակի՞չ է, թե՞ բնակիչ չէ: Էս հարցի պատասխանն ո՞վ գիտի, և ո՞վ գիտի, թե ոնց է առանց կոնֆլիկտի լուծվելու էս հարցը: Եթե դուք ի սկզբանե ընդունել եք, որ Լեռնային Ղարաբաղում կա, կներեք, պայմանականորեն ասեմ՝ հայ կին և ադրբեջանցի կին, եղել է և՛ հայ կին, և՛ ադրբեջանցի կին, ինչո՞ւ է ձեր կանխավարկածն էն, որ Լեռնային Ղարաբաղի … Ես էդ բանն եմ ասում էլի, ես ասում եմ էն հակադրությունները, էն հակափաստարկները, որոնք մենք լսել ենք: Ինչո՞ւ է ձեր կանխավարկածն էն, որ Լեռնային Ղարաբաղի հայ կնոջ ունեցած երեխան պետք է մասնակցի էդ պրոցեսին, իսկ ադրբեջանցի կնոջ երեխան պետք է չմասնակցի: Երկուսն էլ նույն օրը հղի են եղել, հետո էդ իրադարձություններն են տեղի ունեցել: Նա գնացել է ծննդաբերել է արդեն Լեռնային Ղարաբաղից դուրս: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում … Ադրբեջանն ասում էր՝ հա, իհարկե, ընկերներ, ինձ հետ պետք է համաձայնեցնեք, շատ լավ, առաջիկա 100 տարում չի լինի էդ հանրաքվեն, թող հետ գան, իրար հետ ապրեն, դե, կտեսնենք, թե էդ հանրաքվեի կարիքը կա՞, թե՞ չկա: Իսկ որ ասում եք՝ միջազգային սկզբունքներին և կանոններին համապատասխան, էդ միջազգային սկզբունքները և կանոնները ձևակերպված են ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում, որն ասում է՝ այո, ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ Եվ երբ ասում եք՝ չպետք է ունենա սահմանափակում, էդ սահմանափակումը, սենց թե նենց, կա ձեր ասած, միջազգային իրավունքով, էդ արդեն սահմանափակում է: Չի կարող այլ տրամաբանություն լինել, որովհետև «սահմանափակում, թե ոչ սահմանափակում» շրջանակի մեջ դա պետք է տեղի ունենա, և երբ ասում ենք՝ չպիտի լինի սահմանափակում, և «էդ չպիտի լինի սահմանափակում»-ը վերաբերում է նաև նրան, որ իսկ կարո՞ղ է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ղարաբաղ տնտեսական շրջան: Իսկ ո՞վ, ո՞նց է էդ հանրաքվեում որոշում կայացնելու, ո՞նց է կայացվելու որոշում: Միջազգային պրակտիկայում եղել է, որ հանրաքվեում որոշում կայացվում է ոչ թե մասնակցածների բացարձակ թվով, այլ, եթե 2 համայնք է, 2 համայնքի մեծամասնությունը, օրինակ՝ պետք է կողմ քվեարկի, որ որոշումը կայացվի: Էդպիսի տասնյակ օրինակներ են եղել: Ես հիմա չեմ ուզում չարաշահել և էսպես … Կարծեմ, էլ եմ քննիչ հանձնաժողովում ասել, էս ամեն ինչի մասին մանրամասն խոսել ենք: Եվ ինձ, գիտեք, ամենաշատը մի կողմից և՛ տխրեցնում է, և՛ ուրախացնում է, որ դուք էս ամբողջ բովանդակությունը, որը հրապարակային ասվել է, նորից նույն հարցերը տալիս եք, որոնց պատասխանը հնչել է: Դուք չեք ասում՝ այ դու որ ասել ես, սխալ ես ասել: Դուք անընդհատ նույն հարցը տալիս եք: Դա նշանակում է՝ իմ ասածին հակափաստարկ չունեք:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պարոն Փաշինյան, ասում եք՝ էդ որտե՞ղ է գրված: Կազանյան փաստաթուղթ. «Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988 թվականի ազգային համամասնություններում ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերն այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»: Այսինքն՝ էդ էլ՝ ձեր հարցի պատասխանը, որը ո՛չ ես եմ գրել, ո՛չ դուք, գրել են Մինսկի խմբի համանախագահները: Միասնական հանրաքվե, այլ ոչ թե այնպես, ինչպես եղավ Կիպրոսում: Ինքնորոշումը, այո, ենթադրում է բոլոր տարբերակները, դրա համար էլ ինքնորոշում է: Եվ ինքնորոշման հղման, ինքնորոշման իրավունքի իրացումով երկիր մոլորակի վրա ստեղծվել է վերջին պետությունը, վերջին պետությունն ինքնորոշման իրավունքին հղում կատարելով է ստեղծվել՝ առանց սահմանափակումների։ Հիմա, ի՞նչ ասեմ. շատ շուտով բանակցությունների գործընթացի մասին իմ աշխատությունը լույս կտեսնի, և եթե նվիրեմ, կարող է՝ գրիչի պատմությունը դառնալ, կթողնեմ Ազգային ժողովի գրադարանում, պարոն Փաշինյան, պիտի խնդրեմ, որ դուք չէ, բայց ինչ-որ մեկը նայի, թե չէ, էդ էլ էն կինոյի նման՝ գիտահետազոտական-միտահետազոտական, գրված է. «Նույն համամասնություններով միասնական հանրաքվե, սահմանափակում չի լինելու»: Կարող է՝ էդ ժողովուրդն ասի՝ ես ուզում եմ Զիմբաբվեի մաս դառնալ, բայց ինքնորոշում՝ նշանակում է՝ մարդկանց տալու են լայն ընտրություն, և որն էդ մարդիկ ընտրելու են, դա է ունենալու վերջնական նշանակություն, էդքան բան: Էստեղ չկա սոփեստություն, էստեղ չկա էկլեկտիկ մեկնաբանություն։ Երկրորդ հարցիս չպատասխանեցիք:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ավարտեք: Ժամանակը վաղուց սպառվել է, պարոն Խաչատրյան:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հասկացա: Երկրորդ հարցիս կխնդրեի ամփոփիչ ելույթի ժամանակ, ամեն դեպքում, անդրադառնալ։ Շնորհակալություն:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Զավեշտն էն է, որ այ էս նոր ձեր տված հարցին էլի մի 5-6 անգամ պատասխանել եմ։ (Խոսակցություն դահլիճում:) Հեսա, հիմա պատասխանեմ: Կազանի Փաստաթղթում տենց գրվա՞ծ էր: Կազանի փաստաթղթի ժամանակ դուք իշխանություն էլ էիք, ընդդիմությունն էլ էիք, ամեն ինչ … Է, լուծեիք, եղբայր, ո՞վ էր ձեզ արգելել։ Երբ Կազանի փաստաթուղթը եղել է, ես կա՛մ բանտում եմ եղել, կա՛մ բանտից նոր դուրս եկած եմ եղել: Ո՞վ էր ձեզ խանգարում, լուծեիք: 2011-ին լուծեիք, 2012-ին, 2013-ին, 2014-ին, 2015-ին: 2016-ին նենց անեիք, որ, պատերազմից շատ ուժեղ խուսափողներ եք, պատերազմ չլիներ: Բա, լուծեիք։ 2018 թվականին չգայիք, էս ամբիոնին կանգնեիք, ասեիք, որ բանակցային գործընթացը կանգնած է: 2011-ին չկարողացա՞ք, 2010-ին լուծեիք, 2009-ին լուծեիք, 2008-ին լուծեիք, 2007-ին լուծեիք, 2006-ին լուծեիք, 2005-ին լուծեիք, 2004-ին լուծեիք, 2003-ին լուծեիք, 2002-ին լուծեիք, 2001-ին լուծեիք, 2000-ին լուծեիք, 1999 թվին լուծեիք, 1998 թվին լուծեիք: 1998 թվից իշխանություն եք, լուծեիք, եղբայր, լուծեիք: Էդ, որ ասում էիք … էդ, որ հիմա սենց ոսկեղենիկ բերել եք, այս սենց է, էտո բուդետ տակ, սենց էր լինելու, սենց, է, լիներ, թող լիներ: (Խոսակցություն դահլիճում:) Փաստաթղթի բովանդակությունը չեմ աղճատում ես: (Խոսակցություն դահլիճում:) Լսեք, դուք հիմա 2 մեջբերում եք անում փաստաթղթերից, որոնք նախ` սկսենք դրանից, էդ փաստաթուղթը մերժվել է, էդ փաստաթուղթը չի ընդունվել: Ես մեջբերում եմ անում ԵԱՀԿ 1996 թվականի գագաթնաժողովի փաստաթղթից, որն ընդունվել է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերից: Եթե բանակցային փաստաթուղթ եք ուզում, ես մեջբերում եմ անում ձեր գովական պրահյան սկզբունքներից: Ինչո՞ւ եք նույն բանն անընդհատ ասում՝ սենց էր լինելու, սենց պետք է լիներ, է, թող լիներ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Խաչատրյան, դուք արդեն բոլոր հնարավոր … Վահագն Ալեքսանյան. հանո՞ւմ եք: Սերգեյ Բագրատյան, հանո՞ւմ եք: Խնդրեմ, համեցեք:

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն վարչապետ, վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Եվրոպական միություն-Հայաստան բրյուսելյան հանդիպման ժամանակ Եվրոպական միությունը հավելյալ 250 մլն եվրո տրամադրեց Հայաստանին, 270 մլն, ներողություն, և բավականին որոշակի շրջանակներում դժգոհության ալիք առաջացավ, թե Եվրոպական միությունն ինչո՞ւ է քիչ գումար տրամադրում Հայաստանին: Այնինչ իմ վերլուծությամբ և իմ տրամաբանությամբ Եվրոպական միությունը, կարծես թե, որևէ պարտք չունի Հայաստանի Հանրապետությանը, և դրամաշնորհային այդ գումարը պետք է ընդունել շնորհակալությամբ, մանավանդ, որ 2,6 մլրդ-ին հավելյալ գումարի մասին է խոսքը: Հիմա, մեկ ուրիշ պարագայում 2002 թվականին «Գույք պարտքի դիմաց» օպերացիայով մեր ռազմավարական դաշնակցին 93 մլն դոլարի դիմաց տվել ենք մեր 5 խոշորագույն ռազմավարական կարողությունները, որոնցից միայն «Հրազդանի ՋԷԿ»-ի ներկայիս գնահատումը և նախկինում նույն գնահատումը 1 մլրդ դոլարից ավելի արժե: Հիմա, էս համեմատության մեջ ես ուզում եմ հասկանալ, թե այսօր, երբ մենք, իսկապես, տնտեսական զարգացման հայեցակարգը համարում ենք պետական շահ, արդյո՞ք ժամանակը չէ, որ մենք վճարենք այդ պարտքը և հետ ստանանք այդ ռազմավարական հզորությունները, այդ կարողությունները, որոնց կարիքը մենք խիստ զգում ենք, որովհետև մեզ համար գերակա շահ է, իսկապես, մեր տնտեսական զարգացումը, որից բխում է և՛ քաղաքականությունը, և՛ մեր անվտանգությունը: Կարո՞ղ ենք մենք դիմել Ռուսաստանի Դաշնությանը, վճարել այդ պարտքը և հետ ստանալ այդ կարողությունները, մանավանդ որ այս 20 տարվա ընթացքում այդ կարողությունները հսկայական շահույթ են բերել Ռուսաստանի Դաշնությանը։ Խնդրում եմ պատասխանել այս հարցին: Շնորհակալություն:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, հարցի համար: Էդ, որ ասում են՝ Եվրոպական միությունը 270 մլն դոլար էս հանդիպման արդյունքներով հատկացրել է, իսկ ինչքա՞ն պետք է հատկացներ, ինչքա՞ն պետք է տար, ուզում եմ հասկանալ, էլի, ինչքա՞ն պետք է հատկացներ: (Խոսակցություն դահլիճում:) Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ … Կամ … Ես էլի ուզում եմ, որ էդ բանը մենք արձանագրենք. Եվրոպական միության հանդիպման ամբողջ օրակարգը նրա մասին է, թե ինչպես են Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները պատրաստ մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք Հայաստանի Հանրապետությունում և սրա-նրա ձեռին չնայենք: Հասկանո՞ւմ եք, էդ օրակարգը ես իմ ելույթում նշեցի՝ 3 էջ օրակարգ է, ոլորտներ են նշած, թե որտեղ. միջուկային էներգետիկա, ավիացիոն անվտանգություն, ըստ էության, ոլորտ չկա, որը նշված չէ: Գյուղատնտեսությունից մինչև տեխնոլոգիաներ էդ նշված է։ Հիմա մենք էդ հնարավորությունը … Եվ կարևոր փաստ կա, որովհետև և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, և՛ Եվրոպական միությունն ունեն էդ տեխնոլոգիաները և հնարավորությունները՝ մեզ աջակցելու։ Հիմա մենք ուզո՞ւմ ենք էդ հնարավորությունից օգտվել, թե՞ չենք ուզում էդ հնարավորությունից օգտվել: Ավելին, շատերն ասում են, թե էն, որ 2021 թվականի ամռանն ասվել է 2,5 մլրդ, թե 2,6 մլրդ տնտեսական և ներդրումային ծրագիր, էն չեղարկել են, 270 մլն են տվել: Դա աբսուրդ է: Էդ 2,5 մլրդ-ը տեղում է, բայց էնտեղ խնդիր կա. մենք պետք է ծրագրեր ներկայացնենք: Էդ փողը նպատակին հասցնելը տենց հեշտ գործ չէ: Ես ձեզ մեր օրինակը բերեմ: Հիմա փողը դրած սեղանին` ուզում ենք դպրոց, մանկապարտեզ կառուցել, չենք կարողանում: Հարգելի գործընկերներ, չենք կարողանում: Էդ հլը էն պրոբլեմների, որ էսօր տեսել ենք և ի ցույց ենք դրել, պրոբլեմների պուճուր մասն է, ընդամենը: Հասկանո՞ւմ եք, էս եմ ասում, երբ մեզ ասում են՝ պետք է … Էդ էլ է սուվերենության հետ կապված բան: Մենք մեզ ինչքա՞ն ենք գովում. լավ ենք անում, որ գովում ենք: Ես էլ եմ գովում, ես էլ եմ գովել, որ մենք աշխարհի ամենահին շինարար ազգն ենք: Ժողովուրդ, մենք էսօր դպրոց, շենք չենք կարողանում սարքել: Կան պետություններ, երկրներ, որոնք էդքան էլ հին չեն, որ մտնում ես, իրենց կառուցած դպրոցն ես տեսնում, իրենց կառուցած փողոցն ես տեսնում, իրենց կառուցած տունն ես տեսնում, իրենց խնամած բակն ես տեսնում, ուզում ես չլինել հին, ուզում ես լինել թազա (Խոսակցություն դահլիճում:) Երբ գնում ես … Եվ իմ ասածն էսօր էն է … Հա, իմիջիայլոց, ճիշտ ասացի, հարցեր կային, որոնք հնչեցրին, էս ընտրությունը ոչ թե մեր կապը մեզ անցյալից կտրելու մասին է, մեր պատմությունից, այլ, ընդհակառակը, թողնել, որ էդ պատմությունը պատմություն մնա, որովհետև մենք ուզում ենք մեր իրականությունը տանել դնել պատմության մեջ, որ պատմություն մնա: Մենք իրականությունից հրաժարվում ենք հանուն պատմության. ասում ենք՝ եկեք պատմությունը հանգիստ թողնենք հանուն էսօրվա և հանուն ապագայի։ Շատ պարզ բան է:

Ռուսաստանի հետ կապված. մենք էդ օբյեկտների հետ կապված թեմա քննարկել ենք, և մեր խնդրանքը և կոչը եղել է ոչ թե այն, որ մենք ուզում ենք հետ վերցնել. ոչ, եղել է, որ ներդրում արվի, որովհետև, ըստ էության, էդ կարողությունների պոտենցիալն օգտագործված չէ: Շատ բաներ կան, ուղղակի դռները փակված են, և էս հարցը մենք Ռուսաստանի կառավարության գործընկերների հետ քննարկել ենք:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն վարչապետ: Կարևոր է, որ քննարկվել է հարցը, որովհետև տպավորություն ունեմ, որ հատկապես «Մարս» գործարանի պարագայում, երբ հսկայական՝ 35,000 մ2-ից ավելի տարածք է, և էդտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու լավագույն պայմաններն են, և մենք սա գերակա ուղղություն ենք համարում, միգուցե, նույնիսկ եթե համագործակցեն մեզ հետ, հետ տրամադրեն օգտագործման պայմանով: Ամեն դեպքում, ցանկալի է, որ էդ հզորությունները, այո, չմնան անարդյունավետ օգտագործման փուլում: Ժամանակին 7,000-ից ավելի աշխատակից է ունեցել, այսօր մենք էդտեղ պարապուրդի ենք մատնել։ Այս իմաստով, միգուցե, իսկապես, հնարավոր լինի վերցնել և օգտագործել։ Այսքանը։ Շնորհակալություն:

 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Մենք հենց «Մարս» գործարանի դեպքն էլ ենք քննարկել: Ես անձամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել էդ հարցը և հենց էդ նույն շեշտադրումներով, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են, և էսօր, երևի, դրա չնչին տոկոսն է, որ որևէ ձևով զբաղված է, և, հետևաբար՝ այո, դուք ճիշտ եք, և պետք է աշխատի էդ հզորությունը, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը:

            Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն վարչապետ, հարցերն ավարտվեցին:

Հարգելի գործընկերներ, վարչապետի ներկայացմամբ հարակից զեկուցմամբ հանդես կգան Կառավարության երեք անդամներ։

Ըստ այդմ՝ հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, սիրելի հայրենակիցներ, այս զեկույցի շրջանակում կխոսեմ 2 հիմնական հարցերի մասին:

Առաջինը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Կառավարության ցուցաբերած հումանիտար աջակցության հարցն է, ներառյալ այն, թե ինչ ենք նախատեսում մեր հայրենակիցների բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրերի ուղղությամբ:

Երկրորդ մասում կխոսեմ 2023 թվականի ընթացքում Կառավարության կողմից իրականացված կապիտալ ծախսերի վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընդունելու և նրանց սոցիալական աջակցության հարցը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի դժվարին մարտահրավերներից էր: Արագ փոփոխվող հումանիտար իրավիճակը պահանջում էր համակարգված և արագ արձագանք, որպեսզի մեր քույրերի և եղբայրների համար կենսական կարևորության հարցերն արդյունավետ լուծումներ գտնեին։

2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքն արգելափակվեց, Լեռնային Ղարաբաղում խափանվեցին գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, դադարեցին գործել կրթական հաստատությունները, աշակերտները և ուսանողները զրկվեցին կրթության իրավունքից:

2023 թվականի հունիսին Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումն ավելի խորացրեց հումանիտար ճգնաժամը: Սննդի և դեղորայքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ դարձավ անհնար: Կտրուկ սահմանափակվեցին առողջապահական ծառայությունները, անհետաձգելի բժշկական օգնությունը դարձավ անհասանելի:

10 ամիս շարունակ խորացող հումանիտար ճգնաժամից հետո 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած ռազմական գործողությունները հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը:

Մեկ շաբաթվա ընթացքում բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղում բնակվող ավելի քան 100,000 հայ: Տեղահանումն սկսվեց սեպտեմբերի 24-ին և մի քանի օրերի ընթացքում հասավ անկանխատեսելի չափերի: Սեպտեմբերի 30-ին տեղահանվածների ընդհանուր թիվը գերազանցեց 100,000-ը։

Կոռնիձորում, Գորիսում և Վայքում ստեղծվեցին բռնի տեղահանվածների դիմավորման, անհրաժեշտ օգնության և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր։

Կառավարության նպատակն էր կազմակերպել բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների կեցության համար անհրաժեշտ պայմանների հասանելիություն։ Իրավիճակը բարդ էր նրանով, որ արագորեն լքելով իրենց տները՝ մարդկանց մեծ մասն իրենց հետ չուներ նվազագույն սնունդ, տաք հագուստ և կենցաղում անհրաժեշտ ամենակարևոր պարագաներ: Հումանիտար աջակցության կենտրոններ ստեղծվեցին բոլոր մարզկենտրոններում և խոշոր մարզային բնակավայրերում: Մի քանի օրում մարզերում կացարանով ապահովվեցին մոտ 80,000 տեղահանված մեր հայրենակիցներ, որոնցից 56,000-ը բնակեցվեցին Կառավարության աջակցությամբ տրամադրված հյուրատներում և բնակության համար հարմարեցված այլ շենքերում:

Արժեքավոր աջակցություն ցուցաբերեց նաև Հայաստանի բնակչությունը՝ կեցության պայմաններ ստեղծելով տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար: Բազմաթիվ կամավորականներ մշտապես գտնվում էին Կառավարության մարզային հումանիտար կենտրոններում և օգնում էին ամենատարբեր խնդիրների լուծման հարցում:

Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ապահովվեցին կացարանով, սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով: Այս օրերին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով Կառավարությունը մարզպետարաններին հատկացրեց ավելի քան 4 մլրդ 400 մլն դրամ ֆինանսավորում։

Ակնհայտ էր, որ կարճ ժամանակում դժվար կլիներ հասցեագրել բարդ պայմաններում հայտնված մեր հայրենակիցների կենսական կարիքները, եթե նրանց չվերապահվեր խնդրի լուծման մի մասը և չտրամադրվեր դրա համար անհրաժեշտ դրամական օգնություն: Այդ նպատակով 2023 թվականի հոկտեմբերին Կառավարությունը կայացրեց տեղահանված մեր հայրենակիցներին 100,000-ական դրամ հրատապ աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում։ Կարևորելով գործընթացի թափանցիկությունը, աջակցությունը տրամադրվեց բացառապես անկանխիկ, շահառուների բանկային հաշիվներին փոխանցումների եղանակով: Բանկերի աջակցության շնորհիվ ավելի քան 25,000 մեր հայրենակիցներին 2-3 շաբաթվա ընթացքում տրամադրվեցին նոր բանկային քարտեր, ինչի շնորհիվ շահառուները հնարավորություն ստացան՝ կարճ ժամանակում տնօրինելու ստացված դրամական միջոցները:

2023 թվականի մարտի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակում աջակցություն ստացած շահառուների թիվը կազմել է 113,400 մարդ, իսկ ցուցաբերված աջակցությունը՝ 11 մլրդ 400 մլն դրամ։

Նոյեմբերին Կառավարությունն ընդունեց բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերի դրամական աջակցության որոշումը՝ 2 ամսվա համար մեր հայրենակիցներին հատկացնելով 50,000-ական դրամ աջակցություն։ Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 10 մլրդ դրամ:

Նոյեմբեր ամսվա համար ծրագրի շահառուների թիվը կազմել է 81,200, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ 89,700 մարդ: Դրանից առաջ հոկտեմբերին Կառավարությունը կայացրել էր մեկ այլ կարևոր որոշում կեցության ծախսերի աջակցության վերաբերյալ։ Նպատակն այն էր, որ ժամանակավոր կացարաններում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին հնարավորություն տրվեր՝ ինքնուրույն ընտրելու իրենց հետագա բնակության վայրը և զբաղվածության եղանակը: Կառավարությունն ընդունեց 40,000+10,000 դրամ կեցության ծախսերի աջակցության որոշումը: 50,000 դրամ աջակցություն սահմանվեց նրանց համար, ովքեր Հայաստանում չունեն սեփական բնակարան, իսկ մյուսներին, որոնք ունեին բնակարան, հատկացվեց 10,000 դրամ կոմունալ ծախսերի աջակցության նպատակով: Ծրագրային աջակցության 6 ամիսների բյուջեն կազմել է 30 մլրդ դրամ: Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար ծրագրի շահառուների թիվը եղել է 113,000, 99,800 և 99,600 մարդ, իսկ 2024 թվականի հունվար և փետրվար ամիսների համար՝ 99,800 և 97,500 մարդ:

2024 թվականի մարտի 28-ին Կառավարությունը որոշեց այս ծրագրին հատկացնել ևս 45 մլրդ դրամ և առանց փոփոխությունների ծրագիրը շարունակել մինչև 2024 թվականի դեկտեմբերը: Այս աջակցության ծրագիրը դիտարկվում է որպես Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային աջակցության երկարաժամկետ ծրագրի մաս, մինչև մեր հայրենակիցները կդառնան բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրի շահառու։ Շուտով Կառավարությունը կհաստատի նաև բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիրը, որը բռնի տեղահանվածների համար նախատեսում է 3-5 մլն դրամ դրամական աջակցություն տուն գնելու կամ կառուցելու նպատակով:

Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, որոնք Հայաստանում կհաստատեն երկարատև բնակություն: Որպես չափորոշիչ կսահմանվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու հանգամանքը: Մեկ մարդու հաշվով 3 մլն դրամ կլինի աջակցության նվազագույն չափը, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել Կառավարության կողմից որոշված բնակավայրերում, մեկ մարդու հաշվով աջակցությունը կավելանա մինչև 4 կամ 5 մլն դրամ։ Այս ցանկում ընդգրկվելու են մարզային այն բնակավայրերը, որտեղ Կառավարությունն իրականացնում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումներ որակյալ կրթական, առողջապահական և այլ անհրաժեշտ ծառայություններ ապահովելու նպատակով: Այսպիսի բնակավայրերում շահառուները կարող են ֆինանսական աջակցության մի մասն օգտագործել նաև տնամերձ հողամասի գնման, տունը նորոգելու և կահավորելու, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու համար: Այն ընտանիքները, որոնք նշված բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան դրանց նկատմամբ սեփականության իրավունք: Սոցիալական բնակարաններ կտրամադրվեն այն անձանց, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա՝ օգտվելու բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագրային աջակցությունից։ Ծրագիրը կիրականացվի փուլերով: Շահառու ընտանիքներին աջակցությունը հասանելի կդառնա որոշակի հաջորդականությամբ: Առաջին տարվա համար աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ: Առաջնահերթություն կունենան նաև այն ընտանիքները, որտեղ կա առնվազն մեկ անչափահաս երեխա և միաժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ:

Երկրորդ փուլում աջակցությունը հասանելի կդառնա 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար և այդպես շարունակ։

Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասցեագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի փուլերով, և մեր հայրենակիցների մի մասը ծրագրի աջակցությունից կօգտվեն 2-րդ, 3-րդ կամ 4-րդ տարում, կշարունակենք վարձակալության ծախսերի աջակցություն ցուցաբերել նաև 2025 թվականից հետո, սակայն աջակցության չափորոշիչները կվերանայվեն՝ բարձրացնելով ծրագրի սոցիալական թիրախավորումը:

2023 թվականի հոկտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար օգնության նպատակով դրամական կամ գույքային աջակցություն են ցուցաբերել մեծ թվով օտարերկրյա կառավարություններ: Աջակցության զգալի մասը հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին կամ օտարերկրյա պետությունների զարգացման գործակալություններին: Հայտարարված աջակցության ընդհանուր գումարը կազմել է մոտ 109 մլն դոլար: Եվրոպական Միությունը և որոշ օտարերկրյա կառավարություններ ցուցաբերել են ուղիղ բյուջետային աջակցություն 17 մլն դոլարի չափով, ևս 16 մլն դոլար հատկացվել է Համաշխարհային բանկին՝ բյուջետային աջակցության վարկերի արտոնյալությունը բարձրացնելու նպատակով:

Հայաստան է ուղարկվել նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին անհրաժեշտ սնունդ, դեղորայք և կենցաղային պարագաներ:

2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատել է գույքային եղանակով ստացված մարդասիրական օգնության բաշխման կարգը և ստացված օգնությունն ուղղել է մարզերում բնակվող տեղահանված մեր հայրենակիցներին:

2023 թվականի հոկտեմբերից սկսվեց հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունումը։

2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրակրթական դպրոցներում հաշվառված է եղել 17,300 աշակերտ։

Հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատեց բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման աջակցությունը: Ուսանողներին հատկացվեցին 2023-2024 ուսումնական տարվա ուսման վարձը վճարելու կրթաթոշակներ մասնագիտության համար սահմանված միջին վարձավճարի չափով:

2024 թվականի մարտի վերջի դրությամբ բուհերում և միջին մասնագիտական կրթական հաստատություններում Կառավարության աջակցությամբ սովորում են 3,822 ուսանողներ:

2023 թվականի հոկտեմբերից սկսվեց առողջության առաջնային պահպանման օղակում բռնի տեղահանվածների հաշվառումը:

2024 թվականի մարտի 31-ի դրությամբ հաշվառվածների քանակը կազմել է 72,500 մարդ, իսկ պետական պատվերի շրջանակում բուժօգնության դեպքերի քանակը՝ մոտ 80,000:

2023 թվականի հոկտեմբերին Կառավարությունն ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հատուկ պաշտպանության վերաբերյալ: Սահմանվեց կենսաթոշակների և նպաստների նշանակման պարզեցված կարգ:

2024 թվականի մարտի 31-ի դրությամբ հաշվառվել և կենսաթոշակ է ստացել 25,300 մարդ: Նպաստներ են նշանակվել 5,000 մարդու:

2023 թվականի հոկտեմբերին Կառավարությունը հաստատեց ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով նրանք կարող են գործուղվել մարզային դպրոցներ արտամրցութային կարգով: Պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը գործուղված ուսուցչին տրվում է լրացուցիչ վճար աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերում՝ ևս 50,000 դրամ ֆիքսված լրավճար: 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզերում աշխատանքի անցած ուսուցիչների քանակը եղել է 330:

Առողջապահության ոլորտում աշխատանքով ապահովելու նպատակով 2023 թվականի հոկտեմբերից հաշվառվել և շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություն են ստացել 762 բուժաշխատողներ: Բժշկական կազմակերպություններում աշխատանքի է ընդունվել 187 բուժաշխատող:

Մեր հայրենակիցների տնտեսական ակտիվությունը և զբաղվածությունը խթանելու նպատակով Կառավարությունը 2023 թվականի դեկտեմբերին հաստատել է մշակող արդյունաբերության ձեռնարկություններում զբաղվածությունը խթանող ծրագիր, որով գործատուին կվերադարձվի տարեկան 500,000 դրամ եկամտային հարկ, եթե նա աշխատակցին 12 ամիս ապահովել է աշխատանքով։

2024 թվականին հաստատվեց ևս մեկ ծրագիր, որով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցության և գործատուի մոտ աշխատանքի առաջին ամիսների ֆինանսական աջակցություն։

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ գործատուների մոտ աշխատանք գտած մեր հայրենակիցների թիվը կազմել է 13,400:

2023 թվականի դեկտեմբերին կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավաբանական անձանց համար սահմանվել են վերագրանցումների և գործունեությունը շարունակելու պարզեցված ընթացակարգեր։

Թվարկված և նախատեսվող ծրագրերի նպատակը մեկն է՝ սոցիալական և տնտեսական միջավայրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար դարձնել առավելագույնս ներառական, նրանց համար ապահովել ապրելու և արարելու արժանապատիվ պայմաններ և ապագան Հայաստանի Հանրապետությունում կառուցելու հուսալի հիմքեր:

Այժմ՝ կապիտալ ծախսերի վերաբերյալ. 2023 թվականին կապիտալ ծախսերը զգալի աճ են արձանագրել: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում պետական ներդրումների աճն ուղեկցվել է նաև ներդրումների որակի և արդյունավետության բարձրացմանը ներկայացվող պահանջների ավելացմամբ:

Պետական բյուջեի կապիտալ ծախսերը 2023-ին կազմել են 494 մլրդ 400 մլն դրամ, որը 2022 թվականի ցուցանիշը գերազանցել է 105 մլրդ 200 մլն դրամով կամ 27 տոկոսով: Առավել արագ են աճել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում կատարված կապիտալ ծախսերը, որոնք տարվա համար կազմել են 209 մլրդ դրամ՝ 2022 թվականի նկատմամբ արձանագրելով 37,6 տոկոս աճ:

Կարևոր է նշել, որ այն 2,3 անգամ ավելին է, քան նույն ուղղություններով 2018 թվականի կապիտալ ծախսերի մակարդակն է եղել: Եթե ներառենք նաև սուբվենցիոն ծրագրերով համայնքային համաֆինանսավորման հատկացումները, որոնք 2023 թվականին կազմել են 30,3 մլրդ դրամ, որը 2022 թվականին նկատմամբ ավելին է 11,9 մլրդ դրամով, ապա կարող ենք արձանագրել, որ 2023 թվականի պետական բյուջեի կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է 239,2 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նկատմամբ աճը եղել է 40,6 տոկոս։ Այս թվային ցուցանիշների հիմքում ընկած են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհային, ոռոգման, կրթական և առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կարևոր ծրագրեր: Ժամանակի սղության պատճառով բոլոր կարևոր ծրագրերը ներկայացնել հնարավոր չէ, սակայն կխոսեմ մի քանի հիմնական հարցերի մասին։

Ճանապարհաշինարարական ծրագրերով հիմնանորոգվել, միջին նորոգվել, վերակառուցվել, կառուցվել և սալարկվել են շուրջ 800 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ:

501 կմ ճանապարհների գծով աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այդ թվում՝ 321 կմ հիմնանորոգման, 149 կմ միջին նորոգման աշխատանքներ: Վերականգնվել է 57 կամրջային անցում: Իրականացվել են 31 կմ վերակառուցման աշխատանքներ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում: Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում Աշտարակ-Թալին հատվածում 42 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվել է 2 միջազգային մրցույթ, և աշխատանքները մեկնարկել են: Ավարտվել է Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների միջազգային մրցույթը, որի շրջանակում աշխատանքները նույնպես սկսված են:

Զգալի ներդրումներ են կատարվել ոռոգման և խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքներում: Իրականացվել են 65 կմ ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համայնքներում կառուցվել և նորոգվել են 287 կմ ջրամատակարարման և ջրահեռացման ջրագծեր և 229 կմ ոռոգման այլ ենթակառուցվածք: Շարունակվել են Վեդիի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները, ներառյալ ջրամբարի հիդրոմեխանիկական սարքավորումների տեղադրման գործընթացը:

Տարեվերջի դրությամբ կատարված աշխատանքները եղել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընդհանուր ծավալի 96 տոկոսը, և այժմ այնպիսի փուլում են, որ այս տարվա ընթացքում արդեն հնարավոր կլինի ջրամբարի տարածքում ջրի կուտակումը: Կնքվել է Կապսի ջրամբարի կառուցման պայմանագիրը, և շինարարական աշխատանքները մեկնարկել են:

Կապիտալ բնույթի ծախսերի հաջորդ կարևոր ուղղությունը կրթության ոլորտում է: Այն 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագիրն է:

2021-2023 թվականներին շահագործման է հանձնվել 28 դպրոց: Գույքով ապահովվել են 24 դպրոցներ և 29 մարզադահլիճներ:

2023 թվականի տարեվերջի դրությամբ ընթացքի մեջ են եղել 45 դպրոցներում շարունակվող աշխատանքները, որոնց կեսից ավելին շահագործման կհանձնվեն այս տարվա ընթացքում:

Շարունակվել է նաև դպրոցների կառուցման ծառայությունների համար մրցույթների անցկացումը, որոնց կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2024-ին։ Այս տարվա ընթացքում դպրոցների կառուցման աշխատանքներ կսկսվեն ավելի քան 80 բնակավայրերում, իսկ առնվազն 50 բնակավայրերում կմեկնարկեն գործող դպրոցների նորոգման աշխատանքներ:

Բարձրացվել են կատարվող աշխատանքների որակի նկատմամբ պահանջները:

Կառավարության պահանջը հստակ է: Կապիտալ ծախսերի ծավալի ավելացումը չպետք է տեղի ունենա որակի հարցում թերացումների հաշվին:

Առողջապահական հաստատությունների, այդ թվում՝ բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների կառուցման և հիմնանորոգման ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են ծրագրին համապատասխան: Այս մասին իր խոսքում մանրամասներ կներկայացնի առողջապահության նախարարը։

Կապիտալ ծախսերը շարունակելու են առաջանցիկ աճ արձանագրել նաև 2024 թվականին և հաջորդ տարիներին: Որոշ դեպքերում և առանձին ուղղություններով վերջին տարիներին արձանագրված ցուցանիշները կգերազանցվեն մի քանի անգամ: Որակյալ կապիտալ ներդրումները պետք է լինեն տնտեսական աճի պոտենցիալի ավելացման կարևոր նախադրյալ և մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնող որոշիչ գործոն։ Շնորհակալ եմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Խաչատրյան: Հարգելի գործընկերներ, փոխվարչապետին հարցերով դիմելու համար կարող եք գրանցվել: Գրանցում: Շնորհակալություն: Գրանցվել է 5 պատգամավոր: Առաջինը՝ Արթուր Խաչատրյան։ Համեցեք:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պարոն Խաչատրյան, ելույթի վերջում շատ ճիշտ հայտարարություն արեցիք՝ կապիտալ ծախսերի աճ՝ ոչ ի հաշիվ որակի: Կարող է՝ բառացի չեմ ցիտում, բայց միտքը դա էր: Հիմա, էն կապիտալ շինարարությունը, ճանապարհաշինությունը, որն իրականացվել է վերջին 3, 4, 5 տարիների ընթացքում, դրա որակը ձեզ բավարարո՞ւմ է: Երևան քաղաքում մարդաբոյ փոսեր են առաջացել, և Ավան համայնքում նույնիսկ բեռնատար էր ընկել նոր ասֆալտած ճանապարհի հատվածում: Երևան-Սևան մայրուղին. ընտրողների հետ հանդիպման համար ես մինչև Վարդենիս գնացի, հազարավոր փոսեր կան և նոր կարկատաններ, և հիմա էլ քաղաքում տեսնում ենք, որ կարկատաններ են արվում։ Ուզում եմ, ուղղակի, անկեղծ ասեք՝ էս որակը, որով արվում է, ձեզ բավարարո՞ւմ է, թե՞ չէ: Դուք հասկանում եք, չէ՞, որ հիմա էդ ծակերը փակելու համար էլի ծախս եք անելու, և մյուս տարի, կա՛մ կառավարության ծրագրի կատարողականի, կա՛մ բյուջեի կատարողականի ժամանակ ասելու եք՝ էսքան փող ենք ծախսել ճանապարհաշինության վրա, որն իրականում մսխվելու է, որովհետև նախորդի ժամանակ ունեցել ենք խիստ անորակ շինարարության։ Շնորհակալություն:

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հարցի համար: Նախ՝ որևէ բան չի մսխվելու և չի մսխվում: Բոլոր ծրագրերին համապատասխան՝ պետական բյուջեից հատկացումներն իրականացվում են սահմանված վերահսկողության կարգերին համապատասխան: Եվ կարող եք վստահ լինել, որ յուրաքանչյուր հատկացված դրամի դիմաց կատարված աշխատանքների նկատմամբ որակական պահանջները գտնվում են կարգավորումներին համապատասխան: Ոչ բոլոր դեպքերում է կատարված աշխատանքի որակը բավարարում, բայց այն, ինչ որ դուք աչքով տեսնում եք, և շատ դեպքերում թվում է, որ դրանք արդեն ավարտված և կատարված աշխատանքներ են, որտեղ, իհարկե, որոշ դեպքերում կարող են նկատվել նաև առաջացած թերացումներ, դրանք հենց այն դեպքերն են հաճախ, երբ աշխատանքների արդյունքները պատվիրատուի կամ Կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից որակի պատճառով չեն ընդունվել: Մենք ունենք այդպիսի բազմաթիվ դեպքեր: Իմ գործընկերը՝ պարոն Սանոսյանը, այդպիսի դեպքերի կոնկրետ օրինակների մասին խոսել է, և ես կարող եմ, ուղղակի, կարճ պատասխանել, որ բոլոր այն դեպքերում, երբ կան որակի անհամապատասխանություններ, աշխատանքների կատարման վերաբերյալ փաստաթղթավորումը տեղի չի ունենում այնքան ժամանակ, մինչև արդյունքը բերվի պատշաճ տեսքի: Այսինքն՝ շարունակվում է համապատասխան երաշխիքի, կամ, եթե աշխատանքը դեռևս ավարտված չէ, պայմանագրի շրջանակներում կատարողին ներկայացվել էնպիսի պահանջներ, որոնք նրանք պետք է ավարտեն, ավարտին հասցնեն, որպեսզի աշխատանքը համարվի ավարտված: Հետևաբար՝ թե ինձ որքանով է բավարարում կատարված աշխատանքի որակը, կարող եմ ասել, որ իմ ամենօրյա աշխատանքի և իմ գործընկերների ամենօրյա աշխատանքի մասն է էն, որ որակին ներկայացվող պահանջներն ավելի հստակ, ավելի վերահսկելի և բարձր լինեն, այդ ուղղությամբ առաջընթաց պետք է տեսնել. պետք է մեծ ցանկություն ունենալ, որպեսզի չտեսնել, բայց, բնականաբար, էդտեղ մենք անելիք ունենք և դրա մասին բաց խոսում ենք:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պարոն Խաչատրյան, պարոն Փաշինյանը և ես մի ընդհանուր ծանոթ ունենք՝ Արտակ Քամալյանը: Իրենց տան մոտ մի հատ փոս էր առաջացել: Էն տպավորությունն է, որ սմերչով խփել էին: Հիմա, դրա համար վճարվե՞լ է, թե՞ չէ: Էլի եմ ասում՝ եկեք Երևան-Սևան մայրուղիով գնանք, տեսեք, թե քանի հազար փոս է առաջացել: Իմ տնից ես դուրս եմ գալիս, մի օր կարող եմ, չգիտեմ, այ սենց, էդ կես ժամը նկարեմ, տեսագրեմ, բերեմ ուղարկեմ ձեզ, որովհետև ես, դե, էդքան հաշվելու ներվ չունեմ: Մեկին հանձնարարեք ձեր աշխատակազմից, թող հաշվի, թե քանի հատ փոս կա Ադոնց 6 հասցեից մինչև Բաղրամյան 40, հա՞, չեմ իմանում՝ թե որն է, մինչև Ազգային ժողովի մուտքը՝ Բաղրամյան 19 (Խոսակցություն դահլիճում:) Տեսեք, արդյո՞ք դա մսխում չէ: Դա մսխում է, որովհետև փողը տվել եք, կառուցվել է, և վերջ: Կառուցման ժամանակ եղել է անհարմարություն: Մսխվել են քաղաքացիների ժամանակը և ռեսուրսները: Էդ փոսերի պատճառով պատկերացրեք, թե մեր հայրենակիցները, էստեղ նստած մարդիկ ընթացագործին կամ, ժողովրդական լեզվով ասած, խադավիկին ինչքան փող են տալիս: Հիմա ասում եք՝ չի՞ մսխվել:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Խաչատրյան։

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ես արդեն նշեցի, պարոն Խաչատրյան, դուք կարող եք փոսեր տեսնել ոչ միայն էն փողոցներում, որոնք վերջին ժամանակահատվածում են կառուցվել, այլ, առհասարակ, Երևանում, բնականաբար, երթևեկելուց կարող են տարբեր տեղերում տարբեր ժամանակներում կառուցված կամ նորոգված ճանապարհների վրա փոսեր առաջանալ։ Դա նոր երևույթ չէ: Կոնկրետ Երևանի մասին չեմ ուզում ասել, որովհետև Երևանում, ամեն դեպքում, ճանապարհներն սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, և հուսով եմ՝ իմ գործընկերները հիմա ձեր նշած հասցեներով բոլոր տեղեկությունները ևս մեկ անգամ կստուգեն: Եթե դրանք առաջացել են կատարողի կողմից որևէ դեպքում ոչ պատշաճ պարտավորություններ կատարելու հետևանքով, ապա հետևողական կլինենք, որ դրանք վերացվեն առանց պետական միջոցներ մսխելու, այսինքն՝ այն բոլոր հանձնարարությունների շրջանակում, որոնք տրված են եղել կատարողին։ Շնորհակալ եմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հովիկ Աղազարյան, համեցեք:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Խաչատրյան, իմ հարցերն ուղղված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված աշխատանքներին:

Առաջին հարցը. էդ օգնությունները, որ ցուցաբերվում են, էստեղ հասցեականությունը հստակ կառավարելի՞ է: Այսինքն՝ ենթադրենք՝ ընտանիքում 7 անդամ է, և բոլորն էլ համապատասխան օժանդակություններ, օգնություններ ստանում են, հնարավո՞ր է էնպիսի իրավիճակ, որ անդամներից 2-ը տևական ժամանակ բացակայեն և ստանան օգնությունը, սա՝ մի հարց:

Երկրորդ հարցը՝ բնակարանների տրամադրման հետ կապված, որ մենք գումարներ ենք հատկացնում. կա՞ն, ասենք՝ սահմանափակումներ, որ որոշ բնակավայրերում չի կարելի ձեռք բերել բնակարան, թե՞ չկա:

Երկրորդը. էդ բնակարանները, որ պետք է կառուցվեն էդ միջոցների հաշվին, օտարելու հետ կապված ինչ-որ սահմանափակումներ կա՞ն և ի՞նչ կարգի:

Եվ մյուս հարցս. ասենք՝ ծրագիրն իրականացվում է, և մեր հայրենակիցներին առաջարկվում է, որ օգտվեն այդ ծրագրից, այս կամ այն բնակավայրերում ներդնեն էդ գումարները և բնակարան ձեռք բերեն, մենք վերջնաժամկետ տալի՞ս ենք, թե՞ էստեղ ազատ է, երբ ուզի, կօգտվի էդ ծրագրերից, չի ուզի՝ կշարունակի օգտվել էն ծրագրերից, որոնք էսօր իրականացվում են։

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Աղազարյան, հարցերի համար: Նախ՝ հասցեականության վերաբերյալ. շատ հասցեական են այն առումով, որ որևէ դեպքում մենք առանց նախապես նույնականացված բանկային հաշվի փոխանցումներ չենք անում: Այսինքն՝ մենք ունենք ռեեստրում հաշվառված 115,000 մարդ, որոնք տարբեր ծրագրերի շահառու լինելու դեպքում ներկայացնում են համապատասխան դիմումներ, այսինքն՝ ճանաչվում են ծրագրի շահառու ըստ չափորոշիչների, և փոխանցումները կատարվում են բացառապես իրենց բանկային հաշիվներին: Բացակա անձանց վճարումներ չեն կատարվում: Յուրաքանչյուր ամսվա վերաբերյալ կոնկրետ ծրագրի շահառուներին գումարներ փոխանցելուց առաջ մենք տեղեկություններ ենք ստանում սահմանապահ կառույցից, թե ովքեր են մեկնել Հայաստանից, և եթե այդ ծրագրի աջակցության ժամանակահատվածում բացակա են եղել, ապա այդ բացակայության ամսվա համար, եթե ձեր նշած 7 անդամից 2-ը բացակայել են, ապա մյուս 5-ն են ստացել: Քանի որ մեր ծրագրերը երկարաժամկետ են, օրինակ՝ ես ենթադրում եմ, որ ձեր հարցը կարող էր վերաբերել կեցության ապահովման այդ մեր 6-ամսյա ծրագրին, որը հիմա շարունակություն ունի մինչև տարեվերջ, երբ հետ կգան, նորից կշարունակեն ստանալ իրենց 50,000-ական համապատասխան աջակցության գումարները:

Բնակարանների ձեռքբերումը. ծրագիրը դեռևս հաստատված չէ. վերջնական փուլում է, շուտով Կառավարության կողմից կհաստատվի: Մենք չենք նախատեսում սահմանել էնպիսի բնակավայրերի ցանկ, որտեղ մենք կարգելենք աջակցության հաշվին բնակարանների գնումը: Բայց աջակցության չափն ինքնին այնպիսին է, որ ոչ բոլոր բնակավայրերում հնարավոր կլինի, օրինակ՝ եթե 5-հոգանոց ընտանիք է, որտեղ 3-ական մլն դրամ նվազագույն չափով աջակցություն կստանան, եթե դա այն ընտանիքներին չի վերաբերում, որոնք ընտրել են Կառավարության սահմանած բնակավայրերը, հատկապես գյուղական բնակավայրերը, ես նշեցի իմ խոսքում, ապա այդ 15 մլն դրամով, օրինակ՝ Երևանում բնակարան գնել հնարավոր չի լինի, հետևաբար՝ ինքնին կսահմանափակվի աշխարհագրությունը, բայց մենք չենք նախատեսում այդպիսի բնակավայրերի ցանկ ունենալ:

Երրորդը՝ օտարման սահմանափակումները. ես նշեցի, որ սեփականության իրավունքը կանցնի 10 տարի բնակվելու դեպքում: Բնականաբար, եթե այդ 10 տարիների ընթացքում ընտանիքը չի բնակվի այդտեղ, ենթադրենք՝ որևէ ընտանիք կամ ընտանիքի անդամների հիմնական մասը կորոշի, որ չեն շարունակում բնակվել, ապա 10-րդ տարվա ավարտին էդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքն իրենց չի անցնի: 10 տարի հետո կանցնի, և կարող են նաև օտարել: Եվ վերջնաժամկետ ծրագիրը հաստատելու հետ միասին մենք կասենք, կարծում ենք, որ կարճ ժամանակով վերջնաժամկետ չի տրվի, որովհետև մարդիկ բոլոր դեպքերում պետք է ունենան ընտրության հնարավորություն և իրավունք, բայց խելամիտ ժամկետով սահմանափակելը վատ գաղափար չէ. կմտածենք այդ մասին: Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարոն Աղազարյան, համեցեք, արձագանք:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Խաչատրյան, իսկ էդ դեպքում, երբ, ասենք՝ 15 մլն հատկացվում է, և մեր հայրենակիցը բնակարան է ձեռք բերում Երևանում՝ ավելացնելով գումար, բա էդ դեպքում էդ 10 տարվա հարցը ո՞նց է լուծվում՝ օտարման հետ կապված:

  Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Մենք այդ հարցը քննարկել ենք զուտ, էսպես ասած, որպես ընտրանք: Նախատեսում ենք էսպես, պարոն Աղազարյան, եթե կլինի ընտանիք, որ ունի խնայողություններ և իր խնայողությունները կորոշի միացնել կառավարության աջակցությանը և գնել ավելի բարձրարժեք բնակարան, ապա մենք հնարավոր կհամարենք այդպիսի դեպքը։ Սակայն, եթե այդ բնակարանը, օրինակ՝ 3 տարի հետո վաճառեն, ենթադրենք, մի ընտանիք կա, որ որոշել է բնակարանը վաճառել, Հայաստանից գնալ, վատ օրինակ եմ բերում, բայց չբացառենք, էդ դեպքում կասենք՝ էդ 15 մլն դրամը վերադարձրու: Սա կլինի հիմնական բանաձևը: Եթե 10 տարի կշարունակեն ապրել իրենց գնած բնակարանում, մենք ոչ մի հարց չենք տա, նույն կերպ սեփականության իրավունքը 10-րդ տարվա ավարտին կամ այդ գումարը վերադարձնելու պահանջը կդադարի:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալության։ Լիլիթ Մինասյան, համեցեք:

 Լ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, զեկույցի համար: Իմ հարցը նույնպես վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Տեղյակ եք, որ էս վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հանդիպումներ ենք իրականացրել Կառավարություն-Ազգային ժողով ֆորմատով մարզերում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, և բազմաթիվ հարցեր ենք ստացել, որոնց պատասխանները փորձում ենք Կառավարության միջոցով լուծել։ Կուզենամ, որ մի քանի հարց հանրային հնչի, որպեսզի ավելի լայն իրազեկվածություն ապահովենք:

Առաջինը վերաբերում է զբաղվածության ծրագրերին: Հանդիպումների ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ներկաներից մոտավորապես քանի տոկոսն է արդեն իսկ զբաղված: Շատ քիչ է, փոքր է զբաղվածների տոկոսը: Մեր զբաղվածության ծրագիրը, ինձ թվում է՝ հասցեական չէ ավելի շատ նրա պատճառով, որ իրազեկվածության պակաս կա թե՛ գործատուների մոտ, թե՛ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների մոտ: Ի՞նչ գործողություններ, ի՞նչ քայլեր պետք է իրականացնեն, որպեսզի կարողանան օգտվել այդ ծրագրի դետալներից: Ուզում եմ առաջարկ հնչեցնել, որ մեր սոցիալական հարցերի նախարարությունը, համատեղ աշխատելով էկոնոմիկայի նախարարության հետ, Պետական եկամուտների կոմիտեի հետ, գործատուներին ծանուցումներ ուղարկի մեր ծրագրի վերաբերյալ, որպեսզի գործատուներն էլ շահագրգռված լինեն՝ ընդունելություն կազմակերպելու և օգտվելու աջակցության այդ ծրագրերից։ Հարցս վերաբերում է հետևյալին. շատ քաղաքացիներ առաջարկում են, որ անասնապահության, գյուղատնտեսության հետ կապված ծրագրեր անի Կառավարությունը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց բնականոն կյանքը, օրինակ՝ նախկինում զբաղվել են անասնապահությամբ,: Շատերը, օրինակ՝ առաջարկում են, կա հողատարածք, որտեղ կարող են գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց վարկավորման խնդիր ունեն, և բանկն իրենց չի վարկավորում, շատերն անասուն պահելու, անասուն գնելու խնդիր ունեն: Ի՞նչ ծրագրեր կարող ենք առաջարկել:

Եվ երկրորդ հարցս՝ արդեն արձագանքի ժամանակ:

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Մինասյան, հարցերի համար: Նախ՝ շատ փոքր մասը չի զբաղված։ Ես իմ խոսքում նշեցի, որ 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 13,400 մարդ ունի գրանցված զբաղվածություն, ևս 750 մարդ գրանցված է որպես անհատ ձեռներեց, ևս 300 մարդ տարբեր կազմակերպություններում ունի գրանցված բաժնետիրական իրավունքներ, որը նշանակում է, որ անուղղակիորեն ունեն նաև բիզնեսում ներգրավվածություն։ Իհարկե, սա աշխատունակ տարիքի մարդկանց 1/3-ն է միայն, և ձեր դիտարկումը ճիշտ է այն առումով, որ մենք պետք է փորձենք այս ցուցանիշը բարձրացնել, հասցնել այն բնականոն ֆոնին, որը Հայաստանում մարդիկ ունեն որպես զբաղվածություն։ Այսինքն՝ մենք մեր անելիքները պետք է ավարտված համարենք կամ նույնիսկ այդ դեպքում պետք է ավարտված չհամարենք այն ժամանակ, երբ գործազրկությունը 10-12 տոկոսի սահմաններում կլինի նաև իրենց թվում, ինչպես Հայաստանի Հանրապետության միջին տարիքի աշխատունակ մարդկանց շրջանում է:

Զբաղվածության ծրագրերը պետք է լինեն ավելի հասանելի։ Միանշանակ, ճիշտ եք: Եվ մենք էդտեղ իրազեկման խնդիր, ամենայն հավանականությամբ, ունենք, չնայած, որ խոսում ենք ամեն առիթով, նաև պարոն Մկրտչյանն է լսում, կխնդրեմ, որ այն հաղորդակցման մեխանիզմները, որոնք մենք օգտագործում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին եղած հնարավորությունների մասին շատ իրազեկելու համար, ավելի լավ օգտագործենք: Էստեղ երկու կարծիք լինել չի կարող։

Ինչ վերաբերում է անասնապահության և այլ ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ աջակցության միջոցներին, նախ՝ ասեմ, որ ես իմ խոսքում նշեցի, երբ մենք այս բնակարանային աջակցության ծրագիրն արդեն կդնենք կիրառության մեջ, էն բնակավայրերը, որտեղ մենք առանձնացրել ենք որպես 4 և 5 մլն դրամ աջակցության շահառուների համար նախատեսված, թույլ կտանք, որ գումարի մի մասն օգտագործվի գյուղատնտեսական նշանակության հողերի գնման համար, նաև տնամերձ հողամասերի գնման համար: Այսինքն՝ ձեր նշած խնդիրը գյուղական բնակավայրերում հիմնական մասով կարող է լուծվել այդ եղանակով, իսկ անասնապահության ծրագրեր, գիտեք, կամ այդ ուղղությամբ աջակցության ծրագրեր մենք ունենք գործիքակազմում: Էկոնոմիկայի նախարարությունն ունի որոշակի աջակցության գործիքակազմ, բայց, եթե անհրաժեշտ լինի հետագայում կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ լրացուցիչ խթաններ կիրառել, չենք բացառում, որ կքննարկենք: Եթե դուք կոնկրետ դիտարկումներ ունենաք, կխնդրեմ, որ էկոնոմիկայի նախարարությանը դրանց մասին տեղեկացնեք։ Շնորհակալ եմ:

  Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք։

 Լ.ՄԻՆԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Եվ երկրորդ հարցս. քիչ առաջ նկարագրեցինք իրավիճակ, որ, օրինակ՝ քաղաքացին ունի ինչ-որ չափով բավարար գումար, արդեն ընտրել է բնակարան, և իրեն պակասում է Կառավարության աջակցության գումարը, կարո՞ղ է արդյոք ինքն առաջին փուլով ընդգրկվել շահառուների ցանկում, թե՞ ոչ:

Եվ ամենակարևոր հարցը, որը, ինձ թվում է՝ արդեն 10-րդ անգամ եմ էս դահլիճում հնչեցնում, քաղաքացիության հետ կապված հարցն է։ Մտահոգություն կա քաղաքացիների մոտ, որ քաղաքացիություն վերցնելով՝ իրենք զրկվելու են իրենց աջակցության ծրագրերից, այլ աջակցություններից։ Նաև մտահոգություն կա, որ քաղաքացիություն դարձնելով՝ իրենք իրենց հին իրավունքները կորցնում են՝ նախկինում ունեցած սեփականության իրավունքը, Արցախում ունեցած փոխհատուցման իրավունքը և այլն։ Էդ հարցով մի փոքր շփոթ կա, ինչքան էլ փորձում ենք էդ շփոթը պարզաբանել, բայց ինձ թվում է՝ մանիպուլյացիան շատ է: Կխնդրեմ, որ էդ էլ պարզաբանեք: Շնորհակալություն:

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Մինասյան: Նախ՝ ես կարող եմ ասել, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները, քաղաքացիություն ընդունելով, քաղաքացի դառնալով՝ Հայաստանի Հանրապետությունում աջակցության ծրագրերի առումով որևէ իրավունքից չեն զրկվում: Այսինքն, եթե կան … Նախ՝ հիմնական ծրագիրը, որը շարունակում է ուժի մեջ մնալ, բնակարանային ապահովության ծրագիրն է, իսկ մենք ասում ենք, որ պետք է լինի քաղաքացի, որ օգտվի էդ բնակարանային ապահովության ծրագրից, ինչն ինքնին փաստում է, որ քաղաքացի դառնալը չի կարող զրկել աջակցության իրավունքներից: Այլ ծրագրային աջակցություններից նույնպես չեն զրկվելու, սա հստակ է: Մեր միջազգային իրավունքի մասնագետները նախապես խորհրդակցելու արդյունքում հաստատել են, որ իրենք որևէ գույքային իրավունքի նկատմամբ պահանջատիրությունից չեն զրկվում։ Ես այստեղ ավելին չեմ կարող ասել, որովհետև դա մասնագիտական հիմնավորում է պահանջում, բայց մենք ունենք նաև մեր փորձագետների այդպիսի եզրակացություն: Եվ առաջնահերթության մասով կքննարկենք: Ճիշտն ասած, դա … Գիտե՞ք, թե մենք ինչու ենք նաև առաջնահերթություն սահմանել. որովհետև միանգամից շուկայում ազատ, հասանելի բնակարանների քանակն այնքան մեծ չէ, որ 20, 25 կամ 30 հազար շահառուներ հայտնվեն շուկայում: Դա գների շատ բարձր աճի կբերի: Դա է նաև հերթականության պատճառներից մեկը: Մենք պետք է մտածենք, թե արդյո՞ք նման եղանակով առաջնահերթություն տալով՝ էդ ճնշումը շատ չենք մեծացնի, որովհետև, ինչպես նշեցի, մեզ համար առաջնահերթություն է, որ առաջին հերթին 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները լինեն այդ հնարավորությունն ստացած ընտանիքները։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Գեղամ Նազարյան:

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Կառավարությունը որոշում է կայացրել, որ արցախցիներին բնակարանային ապահովման ծրագրով պետք է 3-5 մլն հատկացվի: Ես ուզում եմ հասկանալ իմաստը, միտքը. էստեղ ինչո՞ւ 3 մլն, ինչո՞ւ 5 մլն: Հաշվե՞լ եք, ասենք՝ եթե միջինը 5-հոգանոց ընտանիք է, 15 մլն դրամով որտե՞ղ և ի՞նչ բնակարան կարող են ձեռք բերել, թե՞ դա, ուղղակի, մի փոքր աջակցություն է, եթե ինչ-որ մեկը կարողանա փող կուտակած լինել, իրեն լրացուցիչ վճարենք, որ ինքն էդ բնակարանը գնի, որովհետև եթե միտքն էն է, որ էս մարդն էս գումարով տուն է գնելու, հաստատ, չի կարող տուն գնել: Բա, ի՞նչ է անելու էս գումարը: Ծախելո՞ւ է, դառնալո՞ւ է սպառողական վարկ, թե ի՞նչ ենք անելու: Ես ուզում եմ, որ դուք բացատրեք, որ մեր արցախցիներն էլ հասկանան, թե էս օգնության նպատակը որն է, որովհետև, ոնց հաշվում ենք, մեր շենքում, որտեղ ես եմ բնակվում, 8-հոգանոց ընտանիք կա՝ հայր, մայր և 6 տղա երեխա: Նույնիսկ իրենք էդ աջակցությամբ բնակարան չեն կարող ձեռք բերել։

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Նազարյան, հարցի համար: Մեկ անգամ, կարծեմ, առիթ եղել է, որ պարզաբանեմ, բայց շնորհակալ եմ էս հնարավորության համար, ևս մեկ անգամ կխոսենք: Ինչպե՞ս ենք որոշել 3 մլն դրամ: Վերցրել ենք Կադաստրի կոմիտեից Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում կատարված գործարքների վերաբերյալ հասանելի տեղեկությունները, և եղել են միայն 5 բնակավայրեր, որտեղ մեկ քառակուսի մետրի հաշվով առուվաճառքի գործարքների գրանցված արժեքը գերազանցել է 200,000 դրամը: Դրանք եղել են Դիլիջան, Ծաղկաձոր, Երևան, Աշտարակ և Էջմիածին քաղաքները: Մնացած բոլոր բնակավայրերում 1 մ²-ի հաշվով էլ չեմ առանձնացնում մնացած բնակավայրերի ցանկը, 1 մ²-ի հաշվով միջին վիճակագրական արժեքը ցածր է եղել 200,000 դրամից: 5-հոգանոց ընտանիք. ունենք քաղաքաշինական նորմեր, որոնք ասում են, որ 12-15 մ²-ը՝ մեկ անձի հաշվով, բավարար է, որ այդ ընտանիքն ապահովված լինի բնակարանային պայմաններով: Եթե մտածում ենք, որ դա 701 մ²-անոց բնակարանն է, 200,000 դրամով կդառնա 14 մլն դրամ։ Դրանից դուրս ենք եկել այն թվի վրա, որը մեկ մարդու հաշվով 3 մլն դրամն է: Դուք իրավունք ունեք՝ հարցնելու, իսկ ի՞նչ, եթե ընտանիքը 4 անձից է բաղկացած, ոչ թե 5: Համապատասխանաբար՝ էս նույն վերահաշվարկով մենք ասում ենք, որ նման ընտանիքները կարող են էդպիսի աջակցությամբ, առանց լրացուցիչ գումար ավելացնելու էս 5 քաղաքային բնակավայրերից տարբերվող որևէ տեղ գտնել այնպիսի տուն կամ բնակարան, որը կբավարարի իրենց կարիքները։ Իհարկե, էստեղ կա հաջորդ խնդիրը, որ կան ընտանիքներ, որոնք ունեն որոշակի խնայողություններ և կցանկանային իրենց միջոցները միացնել էս եղածին և մի քիչ ավելի լավ պայմաններում կամ այլ տեղում գնել: Մենք հիմա ուզում ենք չբացառել էդ հնարավորությունը։ Էս վերջին քննարկումները բերել են էն եզրակացության, որ եթե լինեն այնպիսի ընտանիքներ, մենք թույլ կտանք, որ իրենք իրենց խնայողություններն ավելացնեն դրա վրա: Ավելին ենք մտածում, ասում ենք, որ եթե առևտրային բանկը, որովհետև արդեն 13,400 մարդ ունենք՝ աշխատող, և իրենցից շատերը, ըստ պաշտոնական վիճակագրության, ունեն էնպիսի աշխատավարձեր, որ վարկունակ են երևում բանկի տեսանկյունից, եթե նաև հիպոտեկային ֆինանսավորում ստանան: Եթե կլինեն ընտանիքներ, որոնք կարող են վարկ վերցնել բանկի ռիսկով և իրենց ռիսկով արդեն, էստեղ Կառավարությունը ռիսկն իրենց հետ չի կիսի, ավելացնել մեր աջակցությունն էդ նշված գումարին, էդպես գնել, դա էլ հնարավոր կհամարենք: Այսինքն՝ մենք կտանք ընտրություններ, որոնք, հաստատ, ընտանիքին թույլ կտան՝ որևէ տեղում այդ խնդիրը լուծելու։ Այնուամենայնիվ, քանի որ դուք նշում եք նաև, և մենք մտածում ենք նրա մասին, որ փոքրակազմ ընտանիքները կարող են խնդիր ունենալ, օրինակ՝ եթե 2 մարդուց բաղկացած ընտանիք է, իրենք էլ մեծահասակ են, ամենայն հավանականությամբ, իրենք չեն կարող էդ 6 մլն դրամով որևէ բան գնել, մենք նախատեսում ենք նաև սոցիալական բնակարաններ: Հիմա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էդ ուղղությամբ աշխատում է: Վերցնենք բոլոր շենքերը, որոնք կարող են վերակառուցվել, հարմարեցվել էդ նպատակին, մենք էդտեղ նման ընտանիքներին կտանք բնակվելու իրավունք առանց սեփականության իրավունքի:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շատ լավ: Եվ մի հարց. շատ լավ է, որ դուք հաշվի եք առնում ընտանիքում երեխաների քանակը, բայց կարծում եմ, համոզված եմ, որ առաջնահերթություն պետք է տրվի էն ընտանիքներին, որտեղ կան 44-օրյա պատերազմում և դրանից հետո, հատկապես էս սեպտեմբերյան ողբերգության ժամանակ զոհվածներ: Կերակրողին կորցրած, որդուն կորցրած ընտանիքին պետք է առաջնահերթություն տալ, դա նաև յուրատեսակ հարգանք կլինի էդ ընտանիքների նկատմամբ, նոր հետո անցնենք արդեն 3 և ավելի … Ինձ թվում է՝ արցախցիները ևս ընդունելի կհամարեն էս որոշումը, և ավելի բարոյական որոշում կլինի։

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Նազարյան: Էդպես էլ անելու ենք: Ես հատուկ չշեշտեցի: Դա, երևի, իմ բացթողումն էր: Էդպես է նախատեսված. կերակրողին կորցրած ընտանիքները և զոհված մեր հայրենակիցների ընտանիքները կունենան առաջին հերթին առաջին խմբում լինելու իրավունքը։ Շնորհակալ եմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան, համեցեք:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Խաչատրյան, հարցս հետևյալն է. տեսեք, մի քանի հազար մարդ, երբ արդեն հնարավորություն ունեն բնակարաններ ձեռք բերելու այս ծրագրի շրջանակներում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, կանխատեսվում է, որ անշարժ գույքի գները կբարձրանան, և դա հիմնավոր կանխատեսում է, որովհետև պարզ է, որ գնագոյացումն առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունից է գալիս: Եվ մենք դրա փորձն էլ ունենք, երբ Ռուսաստանից ժամանեցին հազարավոր մարդիկ, անշարժ գույքի շուկայում անմիջապես էական փոփոխություններ եղան: Այս մասով ինչ-որ վերլուծություններ ունե՞ք, կամ ինչ-որ ծրագրեր կա՞ն, որ հնարավորություն կտան՝ զսպելու այս միտումը։

   Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հարցի համար: Մենք գները զսպելու գործիքակազմ, ցավոք սրտի, չունենք: Շուկա է, կա պահանջարկ, որ կավելանա նաև մեր միջամտությամբ, բնականաբար, և կա որոշակի առաջարկ, որը շուկայում հասանելի բնակարաններն են՝ վաճառքի համար նախատեսված, կարելի է սպասել, որ գներ կբարձրանան: Մենք գործիքակազմը տարբեր եղանակներով կիրառության մեջ դնելու միջոցով ենք փորձում էդ ռիսկը կառավարել, որովհետև ասում ենք՝ կարող եք ոչ միայն գնել, այլև կառուցել, և եթե ընտանիքները տեսնեն, որ այն գումարը, որ մենք նախատեսում ենք տալ որևէ բնակավայրում գնելու համար, իրենք էդ գնով կարող են շատ ավելի լավ տուն կառուցել գյուղական բնակավայրում, ընդ որում՝ շատ բնակավայրերում նման դեպքում ստանալով նաև լրացուցիչ ֆինանսական աջակցության հնարավորություն, կկայացնեն որոշում, այսինքն՝ էդ գների պայմաններում նախընտրո՞ւմ են գնել պատրաստի բնակարան, թե՞ կառուցել ավելի լավ տուն, երևի, կառուցելու դեպքում: Հիմա սա է հիմնական մոտեցումը:

Եվ երկրորդը, որ ես նշեցի, փուլերի և հաջորդականության գաղափարն է, որն էլի մի կողմից Կառավարության ֆինանսական միջոցները կառավարելու և Կառավարության ֆինանսական հնարավորություններին համապատասխանելու խնդիր է լուծում, որովհետև մենք նախատեսում ենք աստիճանաբար դա անել, որ էդ ֆինանսական բեռն էլ միանգամից տանելի լինի կամ, ըստ գրաֆիկի տանելի լինի: Մյուս կողմից, երբ մենք ասում ենք, որ առաջին հերթին 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կստանան իրենց աջակցությունը, դա նշանակում է, որ 4,100 ընտանիքներ կհայտնվեն գնորդների թվում, երբ 20,000է ընդհանուր պոտենցիալ քանակը կամ 25,000, ըստ իրավիճակի, որովհետև էն վերջում պետք է վերլուծել, հասկանալ, թե նրանցից որոնք սոցիալական բնակարանների կարիք կունենան: Հետևաբար՝ գների որոշակի ավելացում կլինի, բայց մենք գործիքակազմը, որ տարբերակված ձևով կներդնենք, թույլ կտա միանգամից ճնշում չառաջացնել հենց երկրորդային շուկայի վրա և էդ ձևով կառավարել ռիսկը: Այսինքն՝ մարդիկ կունենան գնելու կամ կառուցելու հնարավորություն, և եթե որևէ դեպք կլինի, երբ կհամեմատեն, կհասկանան, որ կառուցումն ավելի շահեկան է, քան գնումը, առավել ևս կառուցումն էն բնակավայրերում, որոնք Կառավարության համար նախապես սահմանված կլինեն, ես արդեն նշեցի, չկրկնեմ, իրենց նախընտրելիության տեսանկյունից, նաև մեր ներդրումային ապագա պլաններն էդտեղ հաշվի առնելով սոցիալական ենթակառուցվածքներում, ապա մենք կարծում ենք, որ էդ խնդիրը հիմնականում կկառավարվի: Եթե տեսնենք, որ … Կամ իրենք էլ կտեսնեն … Գիտեք, շուկան էդպիսի բան է, օրինակ՝ ճիշտ եք նշում, Երևանում էլ որոշ ժամանակ անց, 1,5-2 տարի առաջ, ոչ թե անց, վարձակալության վճարների գները միանգամից բարձրացան, բայց հիմա տեսնում ենք, որ նվազում են, ավելի չափավորվում են: Նույնը կլինի նաև էնտեղ բնակարանային շուկայի գներում։ Շնորհակալ եմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Խաչատրյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ձեզ շնորհակալություն: Հարակից զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան … (Խոսակցություն դահլիճում:) Քանի՞ րոպե է: (Խոսակցություն դահլիճում:) 20 րոպե է, ձեզ չի հերիքի: Ընդմիջում անենք, նո՞ր … (Խոսակցություն դահլիճում:) Բարի: Ընդմիջում, հարգելի գործընկերներ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am