Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 12

04 հոկտեմբերի 2019

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, տեղադրենք քարտերը եւ գրանցվենք: Գրանցում: 97 պատգամավոր է գրանցվել, քվորում ունենք: Հարգելի գործընկերներ, հիմա մենք ունենք քվեարկություններ, բայց մինչեւ քվեարկությունն առաջարկում եմ շնորհավորել մեր գործընկեր Նիկոլայ Բաղդասարյանի ծննդյան տարեդարձը:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քվեարկություններ: Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը: Վարման կարգով` Ալեն Սիմոնյան:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խոսքս ուղղում եմ ՍԴ դատավորներին, ՍԴ անդամներին, կոչ եմ անում, որ իրենց չնույնացնեն Հրայր Թովմասյանի հետ, չնույնացնեն իրենց անցած ճանապարհը եւ ուղղորդվեն օրենքով, իրենց խղճով եւ իրենց գիտելիքներով: Այսքանը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Էս հարկայինն է: Վարման կարգի վերաբերյալ` Արեն Մկրտչյան:

Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես նույնպես միանում եմ պրն Սիմոնյանին եւ կոչ եմ անում ՍԴ անդամներին` այս պատասխանատու պահին չզբաղվել արկածախնդրությամբ, ՍԴ նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ` Բաբկեն Թունյան:

Բ.ԹՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ ուզում եմ հիշեցնել, որ հիմա քվեարկելու ենք կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված մեր նախագիծը, էնպես որ, հանկարծ պահի տակ շփոթություն չառաջանա, էլի: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ` Սոնա Ղազարյան:

Ս.ՂԱԶԱՐՅԱՆ

-Եվ, այնուամենայնիվ, միանալով Արեն Մկրտչյանի եւ Ալեն Սիմոնյանին կոչին` ես խնդրում եմ ՍԴ անդամ դատավորներին կայացնել անաչառ որոշում: Մենք այսօր քվեարկությամբ որոշումն ուղարկելու ենք ՍԴ եւ պահանջում ենք, որպեսզի ՍԴ անդամ դատավորներն օրենքի ոգուն եւ տառին համապատասխան որոշում կայացնեն: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Դահլիճում խնդրում եմ լռություն:

Վարման կարգի վերաբերյալ` Վլադիմիր Վարդանյան:

Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, այս երկու օրերին ես անփութության, անգրագիտության եւ ոչ խոհեմ լինելու վերաբերյալ մեղադրանքներ եմ ստացել երկու սուբյեկտից: Մեկը` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության ղեկավար պրն Սեիդովն էր, մյուսը, ինչքան էլ զարմանալի չթվա, ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար պրն Էդգար Ղազարյանն է:

Նախ` պետք է հայցեմ ներողամտություն այն վրիպակի համար, որը տեղ է գտել գրության մեջ: Գրությունը պատրաստվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից:

Նախ` տեղեկացնեմ հանրությանը, որ որեւիցե օրենսդրությամբ նախատեսված պարտավորություն` այս հարցի քննարկման շրջանակներում ՍԴ դատավորին հրավիրել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, գոյություն չի ունեցել: Մենք քննարկել ենք հարցը տարբեր մակարդակներում եւ արդյունքում որոշում ենք կայացրել, որ թափանցիկությունն ապահովելու համար, տեղեկացված լինելու համար, այդուհանդերձ, տեղյակ պահենք պրն Հրայր Թովմասյանին: Պետք է նշեմ, որ գրությունն ուղարկելու հետ զուգահեռ` հեռախոսազանգով հանձնաժողովի գործավարը խոսել է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հետ եւ տեղեկացրել է նիստի անցկացման ժամի եւ վայրի մասին` նշելով, որ վաղը, ժամը 10-ին, սկսվելու է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում լինելու է նաեւ այս հարցը:

Ինչ վերաբերում է պրն Ղազարյանի վարքագծին, ապա ես կցանկանայի ՍԴ ուշադրությունը հրավիրել այդ փաստաթուղթը հրապարակելու վրա: Այն հրապարակվել է պրն Ղազարյանի անձնական ֆեյսբուքյան էջում, եւ ես պարզապես ուզում եմ հետեւյալ հարցադրումը ներկայացնել. այդ փաստաթուղթը հրապարակվել է պրն Թովմասյանի իմացությա՞մբ, թե՞ առանց իմացության: Երկու պարագայում էլ իմ կարծիքով` ՍԴ-ը պետք է համապատասխան գնահատական տա նշված վարքագծին: Եվ էդ մեղադրանքները, գիտեք, մյուսները եւս տարածել են համապատասխան մեղադրանքներ, պրն Ղազարյանը շատ ակտիվ, կներեք ոչ հայերեն արտահայտության համար, լայքում է այդ հրապարակումը: Մեղադրանքները շատանում են, սպասում եմ` մի օր էլ մեղադրանք են ներկայացնելու, որ Վլադիմիր Վարդանյանն երկար տարիներ, նաեւ, չգիտեք, է, զբաղվել է հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրությամբ: Էդ էլ ու պըրծ էլի, սրան էլ հասնենք ու չգիտենք` ուր ենք շարժվելու: Կներեք ձեր համբերությունը չարաշահելու համար: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 105
Դեմ` 1
Ձեռնպահ` 5

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 111
Դեմ` 0
Ձեռնպահ` 1

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը:

Քվեարկություն:
Կողմ` 114
Դեմ` 0
Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Վարման կարգի վերաբերյալ` Վահագն Հովակիմյան:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ հիշեցնել, որ այս քվեարկությունների ավարտից հետո 11:00-ից սկսվելու է «ՍԴ դատավորի լիազորությունները վայր դնելու հարցով ՍԴ դիմելու մասին» որոշման փակ, գաղտնի քվեարկությունը, որը, ինչպես հայտարարվել է, դահլիճի հարեւանությամբ նախասրահում է լինելու 11:00-12:00, ուղղակի հիշեցնեմ:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շատ լավ, պրն Հովակիմյան: Եվ ես ուզում եմ ասել, որ, հարգելի պատգամավորներ, պետք է ուշադիր լինել կոչնակին, երբ որ 12:00-ին, արդեն ասվեց, ավարտվում է քվեարկությունը, դրանից հետո հաշվիչ հանձնախումբը պիտի անփոփի քվեարկության արդյունքները, հաշվարկը կատարի եւ հետո արդեն կոչնակով, երբ պատրաստ կլինի ամփոփումը, կոչնակով ձեզ կհրավիրենք դահլիճ:

Շնորհակալություն, այս պահին ընդմիջվենք:

ԸՆԴՄԻՋՈՒՄ


Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, սկսում ենք նիստը: Քվեարկության արդյունքները ներկայացնելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանին:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում հաշվիչ հանձնախմբի թիվ 53 արձանագրությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախումբը նախագահությամբ` Հովակիմյանի, քարտուղարությամբ` Դավոյանի, անդամներ` Գաբրիելյանի, Պողոսյանի, Կարապետյանի, Իսայանի եւ Կոստանյանի արձանագրում է. ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման ընդունման քվեարկությանն ԱԺ 132 պատգամավորից մասնակցել է 101-ը: Բացելով գաղտնի քվեատուփը` հաշվիչ հանձնախումբը պարզեց` քվեատուփում առկա էր 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր ճանաչվեցին 2-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Կողմ` 98
Դեմ` 1

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Որոշումն ընդունվել է: Ցտեսություն:

ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ