National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 14

23 հոկտեմբերի 2019

Ժամը 10:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ
 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Քվորում կա, գրանցվել է 103 պատգամավոր։

Հարգելի գործընկերներ, այսօր՝ հոկտեմբերի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ են այցելել «Ուսում» հանրակրթական  դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները։ Ողջունում ենք:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք քննարկել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որից անմիջապես հետո կքվեարկենք քննարկված նախագիծը։

Եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանին։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, խնդրեմ։

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի խորհրդարան, հարգելի կենդանասերներ, որ անհամբեր սպասում եք րոպեներ անց քվեարկությանը։ Ընդամենը, մեկ հորդոր. կողմ քվեարկեք այս նախագծին, որովհետեւ ինչպես երեկ ասացի. այս նախագիծը նախագիծ է մեզնից յուրաքանչյուրի համար մարդու մարդ լինելու մասին։ Այս նախագիծը շատ ավելի մեզ է անհրաժեշտ, ի վերջո, ես չգիտեմ, միգուցե, սոցիալական ցանցերի բաց լինելու պատճառով է, որ մենք տեսնում ենք արդեն շատ ավելի առարկայական, միգուցե, ավելի պատասխանատու են մարդիկ դարձել եւ արձագանքում են նման դաժանություններին։ Վիճակագրությունը, իսկապես, շատ ցավեցնող է, շատ ծանր է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը։

Նորից, քանի որ չընկնենք ծայրահեղությունների մեջ, քանի որ երեկ տարբեր մտահոգություններ հնչեցին, ինձ հանդիպել են նաեւ տարբեր կազմակերպություններ, ովքեր հովվաշներ ունեն, չի վերաբերում հայկական գամփռներին, չի վերաբերում հովվաշներին, որոնք պետք է անպայմանորեն կռվեն մարտական վիճակում լինելու համար, պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ։ Շնորհակալ եմ։ Շատ կարեւոր նախագիծ է, թերեւս, այս խորհրդարանի պատմության մեջ այս նախագիծը մնալու է որպես մարդասիրության կարեւորագույն օրինակներից մեկը։ Վստահ եմ, որ չի լինելու պատգամավոր, որ սրան կքվեարկի դեմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան», ժողովուրդ, մեր գործընկերն է խոսում, դուք չեք պատկերացնում, ի՞նչ աղմուկ է դահլիճում։ Համենայնդեպս, այստեղից ես ավելի լավ եմ լսում, այս կողմից ահավոր աղմուկ է գալիս։ Այստեղ որեւիցե տարբերություն չկա, դահլիճում աղմուկ է։

 Հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ներկայացված նախագիծը։ Քվեարկություն։

Կողմ՝ 99
Դեմ՝ 4

Որոշումն ընդունվել է։ Շնորհավորում եմ։

Քվեարկության է դրվում  Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 108
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Վարման կարգով, խնդրեմ։

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Իմ քայլը» խմբակցությունն  նախագծին այս տեսքով դեմ է քվեարկում, որպեսզի նաեւ հնարավորություն տա հեղինակին առաջարկ ներկայացնել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 15
Դեմ՝ 94

Որոշումը չի ընդունվել։ Վարման կարգով, խնդրեմ։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Հարգելի նախագահող, առաջարկում եմ քվեարկության դնել ԱԺ որոշումը նախագիծն առաջին ընթերցման կարգավիճակ վերադարձնելու մասին՝ համաձայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի, որը  հնարավորություն կտա 2-շաբաթյա ժամկետում նորից գրավոր առաջարկներ ստանալ, քննարկել եւ հետ վերադառնալ նույն մակարդակին։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Վարման կարգով, խնդրեմ։ Միացրեք Աննա Կոստանյանի խոսափողը:

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մենք կօգտագործենք «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի` մեզ տրված այդ հնարավորությունը եւ հետ կվերադառնանք նախագծի առաջարկներ ներկայացնելու փուլ, որպեսզի մեր այսքան ժամանակ  կատարած աշխատանքն էլ ջուրը չընկնի։ Այս առաջարկին  «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Կոստանյան, ներողություն, տիկին Կարապետյան: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել ԱԺ որոշման նախագծի քննարկումը վերադարձնել Կանոնակարգի 81-րդ հոդվածով նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման։ Որոշումը չընդունվելու կամ առաջարկ չներկայացնելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է։

Եվ այսպես, քվեարկության է դրվում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմինների ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

Քվեարկություն։

Կողմ՝ 113
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Խնդրում եմ իմ քվեարկությունը նույնպես կողմ։

Կողմ՝ 113

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական  դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 112
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի կողմից ներկայացված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 83
Դեմ՝ 24
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական  օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյան։

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, եթե հիշում եք, առաջին ընթերցման ժամանակ մենք ընդունեցինք նոտարին ակնհայտ սուտ տեղեկատվություն տրամադրելը։ Ես նշեմ, որ նոտարական գործառույթներն ավելացել են մի քանի տարի առաջ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, եւ այս հարցը հրատապ է դարձել։ Նմանատիպ իրավակարգավորում ունենք, օրինակ` ՔԿԱԳ ծառայությանը ներկայացվող տեղեկատվության հետ կապված, բայց չունեինք նոտարներին ներկայացվող։ Դրա համար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նման առաջարկությամբ։ Առաջարկվում է քրեականացնել նոտարներին ակնհայտ սուտ տեղեկատվություն տրամադրելը։ Շնորհակալություն:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն լինի։

Հարակից զեկուցող՝ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյան, խնդրեմ։

Ս.ԱՏՈՄՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական  օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական  հանձնաժողովում, տվել ենք դրական եզրակացություն։ Օրենքը բխում է իրավունքից, եւ կոչ եմ անում կողմ քվեարկել։ Այսքանը:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակության համար կարող եք գրանցվել։ Գրանցում։ Գրանցվել է 14 պատգամավոր` Գայանե Աբրահամյանը: Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Շնորհակալություն։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյան։ Խնդրեմ։

Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում իմ կողմից առաջարկ է կատարվել, եւ նախնական տարբերակում փոփոխություն է։

Մենք այստեղ ընդունել էինք այս օրենքը հետեւյալ տրամաբանությամբ, տեսքով, որ 10 եւ ավելի  աշխատող ունեցող գործատուներն աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից պետք է կատարեին անկանխիկ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը դիմում էր գրում, որպեսզի ստանար կանխիկ եղանակով։

Ես բազմաթիվ գրավոր, բանավոր առաջարկներ եմ ստացել այս ընթացքում, հանդիպումներ, եւ ամփոփելով բոլոր առաջարկները, որոնց մտահոգությունը հետեւյալն էր, որ ՀՀ մարզերում հնարավորություն չի լինի այդ վճարումներն անկանխիկ կատարել, հետեւաբար` ես փոփոխություն եմ կատարել, տարածական առումով սահմանափակում եմ մտցրել եւ  թողել եմ միայն Երեւան քաղաքը։

Տեսքը հիմա այսպիսին է. Երեւան քաղաքում 10 եւ ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարի 1-ից աշխատավարձը վճարում են անկանխիկ, որովհետեւ բոլոր մտահոգությունները, որոնք հնչել էին, հետեւյալին էին հանգում, որ Երեւան քաղաքից դուրս հնարավորություն չկա, այսինքն` բանկային ծառայություններն այդքան հասանելի չեն։  Հետեւաբար` խնդիրն այդ մասով լուծվել է, հանձնաժողովում էլ դրական եզրակացության է արժանացել։ Այսքանը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Առաջարկ է ներկայացրել պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ Եթե տիկին Տիգրանյանը հարցեր ունի, խնդրեմ։

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Առաջարկն արդեն իրացվել է նախագծով, այլ հարցեր չկան։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարակից զեկուցող՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյան, խնդրեմ։

Լ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Մեծարգո նախագահություն, հարգարժան գործընկերներ, սա երկրորդ ընթերցումն է։ Կարծում եմ՝ առաջին ընթերցման ժամանակ ամեն ինչ պարզ էր, ինչպես պրն Պապոյանը նշեց։ Մի շարք խնդիրներ առաջացան՝ կապված մեր այն բնակավայրերի հետ, որտեղ բանկերի մասնաճյուղերը եւ բանկոմատները հասանելի չեն։  Ելնելով նրանից, որ այս նպատակն իրականացվելու է փուլ առ փուլ, ապա առաջին փուլի վրա կանգ առանք Երեւանով սահմանափակվելով։

Եվ այսպես, Գեւորգ Պապոյանն առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում կատարել փոփոխություն։ Հիշեցնեմ, ուղղակի, 10 եւ ավելի աշխատող ունեցող ընկերությունները հունվարի 1-ից աշխատավարձը վճարում են միայն անկանխիկ։

Հանձնաժողովը տվել է  դրական եզրակացություն, որովհետեւ եղել է առաջարկություն։ Առաջարկությունը եղել է բանավոր, կարող եք տեսնել «Նախագծերի պատմություն» բաժնում։ Հանձնաժողովը լրամշակված տարբերակին տվել է դրական  եզրակացություն։ Առաջարկում եմ կողմ քվեարկել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, մտքերի փոխանակության համար կարող եք գրանցվել։ Հերթագրվել է 4 պատգամավոր: Արտակ Մանուկյան, խնդրեմ։

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի նախագահող, այն հարցը, որը ես ուզում էի բարձրաձայնել, անկեղծ, եթե հարց ու պատասխանի հնարավորություն լիներ, կուզենայի այդ ժամանակահատվածում, բայց քանի որ չկա, եւ ես  նկատում եմ, որ  այս տրենդը՝ անկանխիկ, 10 եւ ավելի աշխատող, 10 եւ ավելի աշխատողը պետք է հստակեցնել, 10 եւ ավելի, տարվա ընթացքում միջին, ցուցակային, որովհետեւ կարող է մի տարվա ընթացքում մի պահի ունենալ 12 եւ 8։ Հիմա ո՞րն եք դիտարկելու, իր վրա տարածվելո՞ւ է, թե՞ չէ։ Ընդհանրապես, նման կարգի չափորոշիչներ նշելու համար ցանկալի է, որ դրա հստակեցումը լինի, օրինակ՝ նույն, ՓՄՁ սուբյեկտների հետ։ Այսինքն` մենք ֆիքսում ենք 10 եւ ավելի աշխատող, բայց չգիտենք` այդ 10 եւ ավելին միջին ցուցակայի՞ն է, թե՞ կամայական պահի, հենց 10-ից ավելին գերազանցեց կամայական ամսում, ինքն ավտոմատ դառնում է այս օրենքի կարգավորման առարկա։

Իհարկե, եթե անկեղծ ասեմ, երկրորդ դրվագն ի՞նչ է նշանակում` մարզերի համար` առանձին, Երեւան քաղաքի համար` առանձին։ Եթե մենք մոտեցում ենք գրում, առնվազն, գոնե, տեսլական եք դուք ներկայացնում, ցանկալի կլինի, որ մարզերում, եթե ճիշտ եք, վստահ եք, ապա ժամանակահատված սահմանեք, ասեք այսինչ ժամանակաշրջանից մի տարվա ժամանակահատված, որից հետո մարզերում էլ կիրառելի լինի, հակառակ դեպքում էլի մենք գործ ունենք պրն Բագրատյանի սիրած դրվագային լուծումների հետ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հաջորդը՝ Վիկտոր Ենգիբարյան, հանո՞ւմ եք։ Գայանե Աբրահամյան։

Գ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պապոյան, որ ականջալուր եղաք եւ ընդունեցիք այս օրենքի դեպքում որոշակի խնդիրներ, որոնք կապված էին լինելու մարզերի հետ, որովհետեւ ինքս հենց այդ խնդիրն էի բարձրացնում, եւ այս օրենքի նախագծի հետ հիմնական մտահոգությունը եւ տարակարծությունը վերաբերում էր հենց մարզերին։

Պրն Մանուկյան, որպես հեռանկար` ճիշտ եք, իսկապես, պետք է դրվի որոշակի ժամկետ, բայց այդ ժամկետն իրականացնելու համար եւ՛ մասնավորի գործունեությունից են կախված հնարավոր գործողությունները, եւ՛ պետության տարբեր ներդրումներից։ Կարծում եմ, որ օրենքով որոշակի ժամկետ սահմանելը գուցե, այնքան ճիշտ չի լինի, բայց որպես հեռանկար՝ անկանխիկ գործարքների անցնելու, անշուշտ, այս օրենքն առաջին քայլն է, որ հետագայում հնարավորություն կտա, իսկապես, որպես համակարգային լուծում ներդնել։

Նորից շնորհակալություն եմ հայտնում, որ այս օրինագիծը երկրորդ ընթերցմամբ արդեն իսկ որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Կարծում եմ, որ սա այն հիմնական հայեցակարգային ուղղություններից է, որով մենք պետք է առաջնորդվենք։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար՝ Մանե Թանդիլյան։

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Հարգելի պրն Պապոյան, հոդված 5. «Աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ վճարումների կանխիկ ձեւով վճարման սահմանափակումները»։

Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձեւով 2020 թվականի հունվարի 1-ից Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ԱՁ-ների  եւ նոտարների կողմից, ապա 2021 թվականի հունվարի 1-ից  եւ 2022  թվականի հունվարի 1-ից` այլ մարզեր եւ մարզկենտրոններ։

Ես հենց դրա մասին էի ուզում ձեզ հարց տալ. արդյո՞ք գիտեք այս օրենքի նախագծի առկայության մասին` Կառավարության e-draft.am-ում շրջանառվող, որի ժամկետներն արդեն ավարտվել են, եւ, ամենայն հավանականությամբ, կամ կգան, կամ չեն գա հունվարի 1-ից։ Ես որ կասկածամիտ եմ լինում եւ մտածում եմ, որ Կառավարությունը չի բերի, դանդաղ է աշխատում, իմ տպավորությունն է, որ մենք համակարծիք ենք այդտեղ, եւ դուք էլ եք ձեր հույսը կորցրել, որ կբերեն նման կարգավորում, որովհետեւ մեկը մյուսին ակնհայտորեն հակասում է, եթե կա նման շրջանառվող նախագիծ, կամ պետք է հասկանալ` իշխանության մեջ տեղյա՞կ են իրար նախագծերից, թե՞ ոչ։ Սա խնդիր է։

Ակնհայտորեն իմ գործընկերոջ բարձրացրած այն հարցը` թե արդյո՞ք, միջին թվաքանակն է, դեկտեմբերի 31-ն է, ակնհայտորեն սա խնդիր է, որ եթե, իհարկե, համարենք, որ սա ընդունելի նախագիծ է։ Սրա մասին էի ուզում հարցն ուղղել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Եզրափակիչ ելույթների համար, խնդրեմ, պրն Պապոյան, կարող եք մոտենալ կենտրոնական ամբիոնին։

Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Հերթով անդրադառնամ։ Տիկին Աբրահամյան, այո, նաեւ հենց ձեր եւ այլ պատգամավորերի մտահոգությունները հաշվի առնելով՝ մարզերի տարբերակն առժամանակ  չընդունեցի։

Հիմա անդրադառնամ պրն Մանուկյանի հարցին։ Պրն Մանուկյան, տվյալ պահին է վերաբերում, այսինքն` եթե 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 10 եւ ավելի  աշխատող է ունենում, ապա, բնականաբար, լինելու է, գործելու է այս կանոնակարգմամբ։

Ինչ վերաբերում է հարցադրումներին, ես այս ընթացքում բազմաթիվ հարցադրումներ եմ ստացել,  ավելի քան, երեւի, 3, 4 ամիս է, այս օրենքը շրջանառության մեջ է։ Ես կխնդրեի, եթե հաջորդ անգամ կունենաք նմանատիպ առաջարկ, պրն Մանուկյան, անպայման,  դա ամենավերջին փուլում չասեիք, այլ մի փուլ ավելի առաջ, միգուցե քննարկեինք եւ դրա մեջ տայինք։ Կարծում եմ, որ այս պահին... Այսինքն` իմ կարծիքով`  դա պետք է մի փոքր ավելի շուտ արվեր։

Մարզերում ժամանակահատվածի հետ կապված։ Այս հարցը կապեմ տիկին Թանդիլյանի հարցի հետ։ Այն մոտեցումը, ինչ ես առաջարկում էի առաջին ընթերցմամբ, մինչեւ այն նախնական տարբերակը, որ կար, բավականին քննադատության է արժանացել տարբեր  շրջանակներից, նաեւ ձեր խմբակցության որոշ պատգամավորների կողմից։ Դուք էլ, ոչ հանձնաժողովին, բայց ինձ առաջարկ եք ուղարկել, որը ես հաշվի եմ առել։ Ինձ եկել է, հանձնաժողովին չի եկել առաջարկ, որը, ըստ էության, ես հաշվի եմ առել նաեւ այս առաջարկը կազմելու համար։

Այդ տրամաբանությամբ առժամանակ դուրս ենք եկել մարզերի տրամաբանությունից։ Հիմա Երեւանը կլինի պիլոտային տարբերակ, կախված հաջողությունից` մենք կարող ենք, որեւէ խնդիր չկա, հետագայում փոփոխություն մտցնել եւ մարզերին նույնպես անցնել, բայց այս պարագայում ես չեմ կարող նշել, թե մարզերում ինչպիսի՞ վարքագիծ կդրսեւորեն տնտեսվարողները, ֆինանսական համակարգի ներկայացուցիչները, սպառողական վարքագիծն ինչպիսի՞ն կլինի։ Դա է պատճառը։

Հիմա` հակասության մասին։ Չկա հակասություն, որովհետեւ նա e-draft.am-ում դրված նախագիծ է, սա երկրորդ ընթերցման մեջ գտնվող նախագիծ է։ Այդ նախագիծն Ազգային ժողովում...

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պրն Պապոյան, ժամանակն ավարտվել է։ Եզրափակիչ ելույթի հնարավորություն ունի մշտական հանձնաժողովի անդամ՝ Լուսինե Բադալյանը: Տիկին Բադալյան, առիթ տեսնո՞ւմ եք: Համեցեք։

Լ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Հարգարժան գործընկերներ, հնարավորությունից օգտվեցի միայն նրա  համար, որ պրն Պապոյանի ժամանակը սպառվեց, եւ նա չհասցրեց այդ վերջին, ամենակարեւոր հատվածն ասել։ Քննարկումները շատ բուռն են եղել, իհարկե, առաջինից երկրորդ ընթերցում բավականին լուրջ փոփոխություններ է կրել նախագիծը, բայց տիկին Թանդիլյանին ասեմ, որ Կառավարության հետ սկզբում թվում էր, թե հակասություն կա, Կառավարությունն ասում էր, որ այդ օրենքն ինքն է բերելու, մենք չէինք հասկանում, թե երբ են բերելու, բայց նախագծի քննարկման ընթացքում ստեղծվեց համագործակցություն։ Այսինքն` հանձնաժողովի նիստերին նաեւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն են եղել։ Հիմնականում փորձեցին սկսել Գեւորգ Պապոյանի նախագծով՝ այս փուլից, այսինքն՝  Երեւանից... Փոփոխվելու է, որովհետեւ մեր հանձնաժողովի նիստին եղել են ներկայացուցիչներ, եւ, ի վերջո, որոշումն այսպես կայացվեց. սկսում ենք այս օրենքով, պրն Պապոյանի բերած նախագծով, եւ արդեն հաջորդիվ Կառավարությունը կշարունակի անկանխիկ տարբերակը տարածել ամբողջ ՀՀ-ի վրա։ Չգիտեմ,` արդյունքներն ինչպիսին կլինեն, բայց կարծում եմ, որ մեր քննարկումները, ընդհանուր առմամբ, դրական տպավորություն են թողել։ Շնորհակալություն: Եվս մեկ անգամ առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Մենք հնարավորություն ունենք նաեւ լսել հարակից զեկուցող՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պրն Ավագ Ավանեսյանին։ Խնդրեմ, պրն Ավանեսյան, ուղղակի, մի խնդրանք. հաջորդ անգամ չուշանաք։

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, մեծարգո նախագահողներ, նախագծի վերաբերյալ կլինեմ հակիրճ։ Իսկապես, նախագիծը մի քանի անգամ քննարկվել է տնտեսական հանձնաժողովում։

 Կառավարության դիրքորոշումը եղել է հետեւյալը. հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկը մշակում է իր օրենսդրական փաթեթը, առաջարկությունը եղել էր լուծմանն ամփոփ մոտենալ, բայց, ընդհանուր առմամբ, մենք կողմ էինք նախագծի ընդհանուր դիրքորոշմանը։ Քննարկումների արդյունքում Կենտրոնական բանկը ներկայացրեց դիրքորոշում, որ սկզբունքային նախագիծը հակասություններ չունի իր ներկայացրած փաթեթի հետ, ուստի Կառավարությունը կրկին իր դիտողությունը հանում է այն մասով, որ եթե... Հիմնական մեր խնդիրը հետեւյալն էր, որ նախագիծը համապատասխանի Կենտրոնական բանկի կողմից եւ Կառավարության կողմից իրականացվող տնտեսության ապականխիկացման քաղաքականությանը։ Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկը ներկայացրել է դիրքորոշում, որ այս նախագիծը չի հակասում իր ներկայացրած նախագծի ընդհանուր սկզբունքներին, եւ ինքն այնտեղ խնդիր չի տեսնում, մենք նույնպես համարում ենք, որ մեր կողմից ներկայացված խնդիրները բացակայում են։ Եթե հարցեր կան...

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյան։ Խնդրեմ։

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, խոսքը վերաբերում է այն խնդրին, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայողները, ԱԻՆ ծառայողները, երբ ժամանակավորապես կասեցվում էր նրանց աշխատանքային գործունեությունը, զրկվում էին աշխատավարձ ստանալու հնարավորությունից։ Ավելին՝ որպես հանրային ծառայող, նաեւ ստիպված էին լինում որեւէ այլ աշխատանք չկատարել, առաջանում էր մի իրավիճակ, որ, օրինակ՝ քրեական  հետապնդման իրավիճակում, երբ նրանց նկատմամբ հետապնդումը տեւում է 1-2 տարի, միգուցե ավելի, նրանք զրկված են լինում ֆինանսական միջոցներ աշխատելու հնարավորությունից։ Մենք առաջարկել ենք, որ այս հանրային ծառայողների կարգավիճակը հավասարեցվի քննիչների, դատախազների, դատավորների իրավական կարգավիճակին, եւ նրանք, ըստ էության, հնարավորություն ունենան նաեւ աշխատավարձը պահպանել այն ժամանակահատվածում, երբ ժամանակավորապես դադարեցվել է նրանց աշխատանքային գործունեությունը։ Մենք սրա հետ կապված բավականին բուռն քննարկումներ ենք ունեցել թե՛ պետաիրավական հանձնաժողովում, թե՛ լիագումար նիստի ժամանակահատվածում։ Առաջարկությունները, որոնք եղել են, ընդունվել են մեր կողմից, եւ առաջարկում եմ երկրորդ ընթերցմամբ վերջնականապես ընդունել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն լինի։

Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյան։ Խնդրեմ, պրն  Բաղդասարյան։

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկությունը մենք քննարկել ենք առաջին ընթերցմամբ, քննարկել ենք այն հանձնաժողովում։ Հանձնաժողովում հետեւյալ տեսակետներն էին հնչել, իմ անձնական տեսակետն այն է, որ տվյալ նախագիծը պետք է կրի ժամանակավոր բնույթ։ Այն գալիս է կարգավորելու, որպեսզի հավասարեցնենք բոլոր նմանատիպ պաշտոնատար անձանց իրավունքները, սակայն դա համակարգային լուծում չէ։ Խնդիրը նրանում է կայանում, որ երբ մարդը հանցագործության մեջ մեղադրվում է, եւ իր նկատմամբ ժամանակավորապես դադարեցնվում են պաշտոնական լիազորությունները, ինքը չի կարող գտնվել քրեակատարողական հիմնարկում անորոշ ժամանակահատվածով, եւ այդ անորոշ ժամանակահատվածով մշտական ստանալ աշխատավարձ` չաշխատելով։

Լուծումներն այն էին, որ առաջարկվեց այս ժամանակավոր լուծմանը կողմ քվեարկել, եւ նախագծի հեղինակին կամ Կառավարությանը հորդորել, որ խնդիրն ուսումնասիրվի, եւ երբ կլինի նաեւ Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված ոստիկանության հետ, մոտեցումը բոլոր տվյալ պաշտոնատար անձանց միատեսակ մեկ օրենքով կարգավորել, եւ այդ մարդիկ, իմ կարծիքով` ստանան ոչ թե աշխատավարձ, այլ` այլ տերմինով ստանան որոշակի նպաստ որոշակի ժամանակահատվածում։ Այս պահին առաջարկում եմ նախագծին կողմ քվեարկել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարակից զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան։

Ս.ԳԱԼՅԱՆ

-Ինչպես նշվեց, այս նախագիծն առաջին ընթերցման ընթացքում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ Նախագծի իմաստն ու նշանակությունն այն է, որպեսզի վերացվի խտրականությունը որոշակի կատեգորիայի անձանց հետ կապված, մասնավորապես, քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ փրկարար ծառայության եւ ԴԱՀԿ աշխատակիցները կարողանան օգտվել սոցիալական այն նույն երաշխիքներից, որոնցից օգտվում են դատավորները, դատախազները եւ քննիչները։ Ընդհանուր առմամբ, նախագծի կարգավորման առարկան այսքանն է, կարծում եմ, որ որեւէ բան ավելացնելու կարիք չկա։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակության համար կարող եք գրանցվել։ Գրանցված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Շնորհակալություն։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան։ Խնդրեմ։

Ս.ԳԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա դատապարտյալների, կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների աշխատանքի կազմակերպման եւ իրականացման խրթին գործընթացի առկայությամբ։ Ներկայումս օտարերկրացիները  ՀՀ-ում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում, միաժամանակ «Օտարերկրացիների մասին» օրենքը նախատեսում է որոշ բացառություններ, որոնց առկայության դեպքում օտարերկրացին կարող է աշխատել առանց աշխատանքի թույլտվության։ Հարկ է նկատել, որ նշված բացառությունները չեն տարածվում օտարերկրացի դատապարտյալի կամ կալանավորված անձի, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացի անձի նկատմամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատժի կատարումն ունի վերասոցիալականացման եւ անձի օրինապահ վարքագիծը խթանելու նպատակ։ Անձի ուղղման տեսանկյունից կարեւոր է աշխատանքի ապահովումը։ Հաշվի առնելով նշվածը՝  օտարերկրացի դատապարտյալի կամ կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների իրավունքների իրացումը լիարժեք ապահովելու, նրանց կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուների  համար նախատեսված իրավունքներից համահավասար օգտվելու եւ նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել օտարերկրացի կալանավորված անձանց եւ դատապարտյալներին, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու  հանդիսացող օտարերկրացիներին ներգրավվել  տարբեր աշխատանքներում։

Ընդհանուր առմամբ, օրենքի կարգավորման առարկան իմ կողմից ներկայացվածն էր։ Սա այն բացառիկ օրենքի նախագծերից է, որի վերաբերյալ բացասական որեւէ կարծիք չի ստացվել։ Քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում եւ առաջին նստաշրջանի ընթացքում, արժանացել է ձեր դրական գնահատականին։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն կարող լինել։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյան։ Խնդրեմ։

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, անկեղծ լինեմ, որ առանց այս օրենքի ընդունումն էլ այդ գործառույթները հնարավոր էր իրականացնել, սակայն լրացուցիչ գործողություններ պետք է կատարվեին քրեակատարողական հիմնարկում, այսինքն` տվյալ դատապարտյալի համար պետք է ստանային թույլտվություն համապատասխան մարմնից՝ աշխատանքի իրավունք ձեռք բերելու համար։ Խոսքը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին։  Այս օրենքի ընդունումից հետո այդ լրացուցիչ գործողությունները, որոնք պետք է կատարվեին քրեակատարողական մարմնի կողմից, ուղղակի, չեն կատարելու, եւ դա դյուրինացնում է իրենց աշխատանքը։  Այսինքն` օրենքը ոչ մի բացասական երանգներ չունի։ Ես կոչ եմ անում բոլորին այս օրենքին կողմ քվեարկել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, մտքերի փոխանակության համար կարող եք գրանցվել։ Հերթագրվել է 1 պատգամավոր` Միքայել Մելքումյան, «Բարգավաճ Հայաստան»։ Խնդրեմ, պրն Մելքումյան։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քանի որ նախորդ լիագումար նիստին չեմ մասնակցել եւ հարց տալու հնարավորություն չկար, տիկին հիմնական զեկուցող, կարելի՞ է ձեզ դիմել, կխնդրեի, որ ձեր ամփոփիչ ելույթում, եթե այդ տեղեկատվությունն ունեք, ներկայացնեք, թե, ընդհանրապես, վերջին 1-2 տարում քանի՞ օտարերկրյա աշխատող կա մեր հանրապետությունում։ Այդ կարգավորման օբյեկտն օտարերկրացիներն են, քանի՞սն են, ո՞ր ոլորտներում են, ի՞նչ պրոբլեմներ են առաջացել եւ այլն։ Այդ դյուրինացումը, որ դուք առաջարկում եք, մեծ պրոբլեմնե՞ր էր առաջացրել, թե՞ չէր առաջացրել, ի՞նչ ծավալի, ինչքա՞ն. կխնդրեի ներկայացնել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Եզրափակիչ ելույթի համար խոսքը տրվում է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին։ Խնդրեմ։

Ս.ԳԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մելքումյան, հարցի համար։ Իրականում վիճակագրություն` որպես այդպիսին, թե ՀՀ տարածքում քանի՞ օտարերկրացի է գտնվում եւ նրանցից քանի՞սն են աշխատում, այս պահի դրությամբ չունեմ։ Մենք քննարկում ենք միայն քրեակատարողական հիմնարկներում գտնվող օտարերկրացիների հետ կապված խնդիրը եւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների հետ կապված խնդիրը։ 300-ից ավելի, մոտ 350 օտարերկրացի դատապարտյալ ունենք այս պահի դրությամբ, եւ 100-ի կարգի պրոբացիայի շահառու։ Օտարերկրացի դատապարտյալների հետ կապված խնդիրն այն է, որ իրենք չեն կարողանում աշխատել, որովհետեւ դրա համար պետք է աշխատանքի թույլտվություն, իսկ դրա ձեռք բերման գործընթացը բարդացված է։ Եվ ունենք մի իրավիճակ, որ օտարերկրացի դատապարտյալը ցանկություն է հայտնում աշխատել, բայց աշխատանքային գործընթացին ներգրավելու հնարավորությունը բացակայում է այս բարդ գործընթացի հետեւանքով։ Իսկ պրոբացիայի շահառուների հետ կապված խնդիրն այլ հարթության մեջ է։ Մենք ունենք «հանրային աշխատանքներ» պատժատեսակը, որն օտարերկրացիների նկատմամբ, ըստ էության, չի կարող կիրառվել, նշանակվել պատշաճ կերպով, որովհետեւ օտարերկրացիներից շատերն աշխատանքի թույլտվություն չունեն, բայց հիմնական խնդիրը կալանավայրերում է եւ քրեակատարողական հիմնարկներում է, որտեղ, ինչպես նշեցի,  ցանկություն են հայտնում  օտարերկրացիները, ներգրավվել աշխատանքներին՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար աշխատանքներին, բայց նրանց աշխատանքներին ներգրավվելու հնարավորությունը բացակայում է։ Այսինքն` մենք անընդհատ  խոսում ենք վերասոցիալականացման մասին, բայց մարդկանց, կոնկրետ` օտարերկրացիներին այս պահի դրությամբ հնարավորություն չունենք ապահովելու աշխատանքով, ինչը խնդրահարույց է։ Ընդհանուր առմամբ, 450 մարդու մասին է խոսքը, օրենքի նախագծի հիմնական միտքը խտրականության վերացումն է։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Եթե ձեր երկխոսությունն ավարտվեց, շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցող՝ Նիկոլայ Բաղդասարյան։ Խնդրեմ։

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պրն Մելքումյան, եթե կարելի է, ես էլ պատասխանեմ ձեր հարցին, բայց ոչ երկխոսության տեսքով։ Տեսեք, թե խնդիրն ինչում է կայանում։ Երբ ՀՀ քաղաքացին պետք է պրոբացիա անցնի, այդ խնդիրը չի ծագում, երբ դուք դիմում եք փաստաբանին, կամ ինքն անձամբ դիմում է դատարան, որպեսզի իր նկատմամբ ազատազրկումը փոխարինեն այլ պատժատեսակով, ինքն ասում է` ես պատրաստ եմ գնալ, հասարակական կարգով աշխատանք կատարել։

Երբ օտարերկրացի է, փաստաբանն այդ 20-օրյա ժամկետում է դիմում, այդ ժամկետում պետք է նաեւ ստանա աշխատանքի իրավունքի թույլտվություն։ Եթե ինքը չի հասցնում այդ ժամկետում ստանալ այդ թույլտվությունը, այնտեղ կատարման թերթը ներկայացնելու պահից 20-օրյա ժամկետում, պատիժն ի կատար ածելու թուղթը ներկայացնելու 20-օրյա ժամկետում է կատարվում, ժամկետը շատ կարճ է, եւ խնդիր է առաջանում։ Եթե այս օրենքը չփոխենք, օտարերկրյա քաղաքացին, ի տարբերություն ՀՀ քաղաքացու, եթե իր պատժատեսակը 2 տարուց քիչ է, չի կարողանալու անցնել այդ հասարակական աշխատանքներին։ Ամենաշատն էստեղ է լուրջ խնդիր ծագում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց։  Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված «Առեւտրի եւ ծառայության մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր  Սերգեյ Բագրատյան։ Խնդրեմ, պրն Բագրատյան։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այս օրենքի հետ կապված` կարող եմ ասել, որ Կառավարության կողմից 2 լրացում է կատարվել։

Առաջին. առաջարկվել է, բացի լրացումներ կատարելը, գրել նաեւ, որ փոփոխություններ են կատարվել, եւ երկրորդը զուտ տեխնիկական է։ Մենք նախնական տարբերակում գրել էինք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 26.09.2019 թվականին, Կառավարության առաջարկությամբ, նաեւ մեր առաջարկությամբ փոխվել է եւ հոդված 2-ը խմբագրվել է հետեւյալ կերպ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»։ Սա է օրենքը, իր  ամբողջ ընթացքին տեղյակ եք, նորից չընթերցեմ, կարծում եմ՝ կարիք չկա։ Այսքանը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն կարող լինել։

Հարակից զեկուցող՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյան։ Խնդրեմ, պրն Մեխակյան։

Ա.ՄԵԽԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ինչպես քիչ առաջ նշվեց, Կառավարության կողմից 2 առաջարկ է եղել, դրանք օրենքի նախագծի բովանդակային փոփոխության հետ չեն առնչվել, ընդունվել են հեղինակների կողմից։

Երկրորդ ընթերցումից առաջ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Առաջարկում եմ կողմ քվեարկել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարակից զեկուցող՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան։ Խնդրեմ, պրն Տերտերյան։

Վ.ՏԵՐՏԵՐՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի խորհրդարան, ըստ էության, մեր գործընկեր պատգամավոր պրն Բագրատյանը ներկայացրեց օրենքի վերաբերյալ մեր 2 առաջարկությունները։ Դրանք խմբագրական եւ ճշգրտող են, դրանք ընդունվել են։ Լրացուցիչ ասելիք չունենք, մանրամասն քննարկված նախագիծ է։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար կարող եք հերթագրվել, հարգելի պատգամավորներ։ Այ, սենց ճիշտ է, դահլիճում էիք իրար հետ խոսում, ավելի ճիշտ է ամբիոնից խոսելը: Արտակ Մանուկյան, հետո` Միքայել Մելքումյան։

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, հարգելի նախագահող։ Ես ուզում եմ փորձ կատարել` այս օրենքը հիմք ընդունելով` համակարգային եւ հատվածային լուծումների մասով ամփոփել եւ այսուհետ այս դահլիճը, այս խոսափողը չօգտագործել, որպեսզի փորձենք, ուղղակի թե անուղղակի, այդ մասով, այսպես ասած, իրար բոստան քար գցենք։

Եթե մենք դիտարկում ենք այս օրենքի կարգավորումը, իհարկե, ինքը շատ համակարգային է, որովհետեւ առնչվում է, մեծ հաշվով, մակրոազդեցության, բայց, այնուհանդերձ, համակարգային լինելով, չունի ազդեցության գնահատական։

Պրն Բագրատյան, ես հիշում եմ, որ արժեթղթերի շուկայի մասով, երբ թվային գնահատական կար, եւ դուք պահանջում էիք, որ ամեն օրենքի հետ մենք պետք է ազդեցության գնահատական անենք, չունի եւ չի էլ կարող ունենալ, որովհետեւ ԱԺ-ը, ես հիմա ուզում եմ այն կոնստրուկտիվ դաշտին գնալ, չի էլ կարող ունենալ, որովհետեւ ԱԺ-ը շատ հաճախ, իմ գործընկեր պրն Կարապետյանը մի առիթով ճիշտ ասաց, այդ թեզի հետ ես լրիվ համաձայն եմ, մենք տալիս ենք գաղափարներ։ Գաղափարը շատ հաճախ  կարող է նաեւ գնահատական չունենալ, որովհետեւ մենք զգում ենք, որպես ժողովրդի կողմից ընտրված մարդիկ, թե ի՞նչ ուղղությամբ մենք պետք է զարգացնենք, ի՞նչ խնդիրներ կան։ Այդ խնդիրների արձանագրումն է, որ հիմք է հանդիսանում մեր կողմից տարատեսակ օրենսդրական նախաձեռնությունների համար։

Ըստ այդմ, փորձեմ ամփոփել. համակարգային լինելով, չունենալով որոշակի պատշաճ հիմնավորվածություն, բայց, այնուհանդերձ, ես կողմ կքվեարկեմ, որովհետեւ մենք այստեղ գաղափարներ ենք գեներացնում։ Այդ համատեքստում, իհարկե, նման նախագիծը ողջունելի է։ Իհարկե, էլի հարցեր են ծագում. մենք ինչպե՞ս ենք գնահատելու չափավոր ազդեցությունը եւ այլն, բայց սա թողնենք սերունդներին։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Միքայել Մելքումյան, խնդրեմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, բնականաբար, օրենքն ունի կարեւոր նշանակություն, հանրային հնչեղություն, բայց մենք պրն Արտակ Մանուկյանի հեղինակային իրավունքը՝ հատվածային, թե համակարգային, չենք հանում։ Կարող ենք որոշակի ժամանակավոր հատվածով այսպես ասած, մորատորիում, հայտարարել, բայց պայմանով, որ կվերադառնանք, եթե խնդիրներ կլինեն, որովհետեւ չենք կարող բռնանալ մարդկանց կարծիքների վրա, իսկ, ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ դա ճաշակի հարց է, ընդհանրապես, գնահատականներ տալ։ Միշտ էլ հարցեր լինելու են, դա նորմալ է։ Երբ մերժվում են նախագծերը, հարցեր են մնում, դա նորմալ է, պետք չի դրանից... Մենք այստեղ չենք եկել անձնական հարցեր լուծելու, օրենքը բոլորի համար է, բոլորի համար պարտադիր կատարման, բայց պետք է իմանալ, որ օրենքները պետք է լինեն կենսունակ։ Ես խորհուրդ կտամ, որ, եթե ինչ-որ առիթ ունենաք, նայեք, թե քանի մեռած օրենքներ կան, որոնք կան, բայց չեն գործում։ Թող Կառավարությունն էլ հանի, եւ հասկանանք, եթե պետք է, անդրադառնանք չգործող օրենքներին, դրանք հանենք շրջանառությունից։ Բայց, բոլոր դեպքերում պետք է հասկանանք, որ օրենքի ընդունումը, երեւի, մի 60-70-80 մասնագետ այդ օրենքի քննարկման ժամանակ մասնակցում է, կամ  քաղաքական գործիչներ, եւ օրենքն ունենում է երկու մաս, մեկը՝ պրոֆեսիոնալ բաղադրիչ, մեկը՝ քաղաքական բաղադրիչ։ Կարող է պրոֆեսիոնալ առումով ձեզ թվալ, թե դա դասագրքային չի, կամ մեթոդաբանական առումով ուժեղ չի, բայց ինքը կենսունակ լինի տվյալ փուլում։ Դրա անունը կդնեք պոպուլիզմ, թե ոչ պոպուլիզմ եւ այլն, դա կարեւոր չէ, կարեւոր է, որ այս փուլում ընկալելիություն ունենա, հիմքեր ունենա, օբյեկտիվ նախադրյալներ, որ ինքը գործի, որովհետեւ պետությունն էլ այն վիճակում չէ, որ ինքը դասական, շուկայական տնտեսության վիճակում է։ Երբ միջավայրը դասական, շուկայական չէ, օրենքները չեն կարող դասական ձեւով գնալ ազդեցության, ոնց որ դուք ասում էիք նախորդ օրենքի այդ 8, թե 12 ցուցակային թիվը, չէ՞։ Ինչ-որ բաներ պետք է ազատ թողես, ինչ-որ բաներ կարող է այնքան ֆորմալացնես, որ իր միտքը կորի եւ չգործի։ Ոնց որ, ասենք` միշտ սենց միտք կար. եթե լրիվ հարկերը մուծվեն, այդ բիզնեսը կկայանա՞, թե՞ չէ։ Հիշո՞ւմ եք, տենց մտքեր կային։ Հիմա, դրա գնահատականը, եթե մենք ընդունում ենք, որ բոլոր հարկերը մուծում են, պետք է հասկանանք, եղե՞լ է, որ դրա արդյունքում բիզնեսները փակվել են, թե՞ չէ: Այ սենց, ձեր ասած ազդեցության գնահատականով շարժվենք առաջ, իսկ օրենքը, հստակ, կենսունակ է, եւ, բնականաբար, ինձ թվում է, դեմ չի լինի, այո։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Խնդրեմ, պրն Բագրատյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Այն, ինչ ցանկանում էի ասել, պրն Մելքումյանը գրեթե ասաց, ավելացնելու բան չթողեց, ճիշտն ասած, որովհետեւ մի պարզ տրամաբանություն կա. հիմա մենք, կոնկրետ  «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկ ուներ, հենց նոր քննարկում էինք, որ այս պաշտոնները՝ ազգային անվտանգության եւ ոստիկանության, ազատականացնել եւ պատգամավորության թեկնածուին առաջադրվող պայմանները բավարար համարել։ Հիմա սրա ազդեցությունն ինչպե՞ս պետք է գնահատել։ Այսինքն` ես համամիտ եմ իմ գործընկերոջ հետ, որ եթե մեր արժեթղթերի շուկայի դեպքում գնահատումն անհրաժեշտ է, մերսման սրահի դեպքում էլ գնահատումը զուտ բարոյական դաշտում է, ավելի շատ մեր նպատակն է, որ մեր մատաղ սերնդին հեռու պահենք այնպիսի արատավոր երեւույթներից, որոնք առկա են, եւ սա, այո, պրն Մելքումյան, նորից շեշտում, ճիշտ  նշվեց, որ սա հանրային խնդիր է, եւ հանրային հնչեղության խնդիրները մենք օր առաջ պետք է լուծենք, որովհետեւ բոլորս, առնվազն, նկատել ենք, որ քաղաքում տարբեր բարձրահարկ շենքերի նկուղներում եւ այլն, նման օբյեկտներ կան, եւ բողոքները շատ-շատ են։ Զարմանալի մի բան ասեմ. օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, բայց ամբողջովին մաքրել են քաղաքը մերսման սրահներից` երեւի,  կանխազգալով, որ ավելի անպատրաստ կլինեն, եթե միանգամից սկսեն ճնշել, ավելի արագ իրենք գործընթաց են նախաձեռնել, եւ այլեւս չկան դրանք, բայց ցավալի մի փաստ եմ արձանագրել, մասնավորապես, Մաշտոցի պողոտայի վրա մերսման սրահի տեղը գրել են հոսթել, այսինքն՝ գիշերակաց։ Ի վերջո, սա մանիպուլյացիոն, օրենքը շրջանցելու հնարավորություն է, մենք պետք է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք, որ հանկարծ չօգտվեն այս սողանցքից, թե չէ` մենք ստիպված կլինենք մի հատ էլ  հոսթելների վերաբերյալ առանձին օրենք մշակել։

Համենայնդեպս, եւ՛ դիտողությունների, եւ՛ առաջարկների համար շնորհակալ եմ։  Օրենք է, որը պետք է քննարկվի։ Այո, պոլեմիկան, միգուցե, շատ հաճախ մեր քիմքին հարմար չէ, բայց բանավեճի արդյունքում մենք կգտնենք ճշմարտությունը։ Եթե որեւէ առաջարկ ընդունենք այնպես, ինչպես կա, եւ բանավեճ չլինի, հնարավոր է` հետագայում անդրադառնանք։ Ավելի լավ է, որ ի սկզբանե օրենքի քննարկմանը լինի, ոչինչ, որ մի քիչ էլ սուր պոլեմիկա կլինի, բայց դա ուղղված է, իմ գործընկերը նշեց, հանրային շահին։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, այլ եզրափակիչ ելույթների կարիք տեսնո՞ւմ եք:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյան։ Խնդրեմ։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մենք էլի պետք է անդրադառնանք Սեւանին, որովհետեւ սա մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է։ Ի ուրախություն բոլորիս, պետք է նշենք, որ այս տարի, հատկապես, անկախ դիտվող ջրիմուռների եւ բակտերիաների քանակից, մենք ունենք դրական տեղաշարժ` Սեւանի հետ կապված։ Մոտավորապես, 30 մլն խմ օրենքով սահմանվածից պակաս ջրառ է իրականացվել Սեւանից, եւ մոտավորապես, 5սմ Սեւանն ավելի բարձր է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

Երեկ արդեն համացանցում նկարներ կային, որ Սեւանի ափամերձ հատվածներում ջրի մեջ մնացած ծառերի կոճղերը, Վարդենիսի հատվածում հատկապես, սկսել են մաքրել։ Սրանք դրական պրոցեսներ են։ Մենք հուսով ենք, որ այս գործընթացը կշարունակվի` տարածվելով կոյուղագծերի մաքրման վրա, ընդհանուր անտառածածկ տարածքների, լճի ընդհանուր պլանավորման, տնտեսական գոտու առանձնացման, ձեռնարկությունների առանձին վարքագծի վրա` պատասխանատու վարքագծի հետ կապված եւ այլն։

Ես, օգտվելով առիթից, որ պրն Մելքոնյանն այստեղ է, խնդրում եմ, պրն Մելքոնյան, ձեր ելույթի մեջ նշել, թե այս պահին ինչո՞ւ է ջրառ իրականացվում Սեւանից, որովհետեւ այսօր էլ ջրառն իրականացվում էր։

Հիմա, ըստ էության, քանի որ մենք 2 ժամ ունենք` այս հարցը քննարկելու, ելույթի համար էլ երկար ժամանակ է նախատեսված։ Մենք ի՞նչ ենք նախատեսում այս փոփոխությամբ։

Հիմա «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված է 170 մլն խմ առավելագույն ջրառ լճից, բայց 2012 թվականին  «Սեւանա լճի մասին» օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի, գրեթե, Կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավելի ջրառ իրականացնելու խնդրանքով կամ պահանջով, եւ օրենքով ավելի ջրառ են նախատեսել, մինչեւ 350 մլն խմ ջուր են տարել։ Այսինքն՝ թուլատրվածից, օրենքով նախատեսվածից մինչեւ կրկնակի անգամ շատ ջրառ է իրականացվել Սեւանից։ Մենք առաջարկում ենք, որպեսզի 170 մլն խմ-ը լինի վերին սահման, դրանից ավելի ջրառ, նաեւ առաջարկ Կառավարության կողմից չներկայացվի ԱԺ, հատկապես, եթե հավանականություն կա, որ մենք կունենանք բացասական հաշվեկշիռ` նախորդ տարվա հետ համեմատած։

Մեր մոտեցումն այն է, որ Սեւանն ամբողջական էկոլոգիական համակարգ է՝ կենդանիներով, բույսերով, ափամերձ հատվածով, նաեւ բնակավայրերով եւ մարդկանցով, ովքեր ապրում են լճի շուրջը։ Մենք չենք կարող Սեւանը դիտարկել որպես միայն ջրի պաշար, որտեղից, հենց որ նեղվում ենք, հնարավորություն ունենանք ավելի ջրառ իրականացնել։ Մենք պետք է հիշենք, որ նորմալ ջրառը Սեւանից 50-60 մլն խմ է։ Այսինքն՝ այդ 170 միլիոնն արդեն հաշվի է առնում իր մեջ, որ Արարատյան դաշտում ոռոգման ջրի պահանջ կա, որը պետք է Սեւանով բավարարվի։

Բայց կարծում ենք, որ դրանից ավելի ջրառը կամ այդ հնարավորությունն անգամ, որ Կառավարությունը կարող է դիտարկել, պետք է սահմանափակվի։ Կառավարությունը հստակ պետք է իմանա, 170 է, եւ վերջ, անկախ գյուղատնտեսության համար տարին բարենպա՞ստ է, թե՞ ոչ։ Սա հնարավոր է, որ խիստ սահմանափակում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի համար` իր աշխատանքը պլանավորելիս, բայց ես վստահ եմ, որ եթե արդյունավետ օգտագործվեն խորքային պոմպակայանները, իհարկե, դա կբերի էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերի, բայց մենք չենք կարող Սեւանի ներկա վիճակը եւ, ընդհանրապես, որեւէ ծախս էլեկտրաէներգիայի համար` ոռոգման ջրին ուղղվող, համադրել իրար հետ, որովհետեւ այդ ծախսը, այդ գումարը վերականգնվող է, իսկ Սեւանում հիմա գործընթացներ կան, որ հնարավոր է` անդառնալի կորուստներ բերեն մեզ։ Սա է պատճառը, այս նախածի հիմնավորումը։ Մենք լսել ենք նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումները հանձնաժողովում։ Ես կարծում եմ, հիմա էլ ես կոչ եմ անում, որ դուք լսեք երկու կողմերի կարծիքն էլ, որովհետեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեն այլ կարծիք ունի հարցի վերաբերյալ, լսեք եւ ձեր որոշումը կայացրեք։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերի համար կարող եք հերթագրվել, հարգելի պատգամավորներ։ Հերթագրվել է 10 պատգամավոր։ Արտակ Մանուկյան։ Խնդրեմ։

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Իրոք, Սեւանի հիմնահարցը, ես վստահեցնում եմ, որ եթե Հայաստանում 10 առանցքային խնդիր դնենք, ապա դրանց շարքում է, բայց ես նախագծի հետ ծանոթացա եւ տեսա, որ դուք միայն քանակական չափորոշիչ եք առաջարկում, օրինակ՝ այս դեպքում` 170 մլն խմ, բայց ակնհայտ է, որ այս մասով տեղումների ընդհանուր կամ տարվա ջրաբեր լինելը, ըստ էության, եւս ազդում է այս ցուցանիշի վրա։

Իմ առաջարկն այն է, քանի որ մենք այն ռեժիմում ենք, որ կարող ենք քննարկել եւ տարատեսակ առաջարկներ դիտարկել, այս մասով ձեզ հարցադրում եմ ուզում իրականացնել, չէ՞ որ այդ ցուցանիշը ձեւավորվել է տարվա ջրաբերության ինչ-որ մի տոկոսի համեմատ, ինչի՞ եւ/եւ չենք անում։ Այսինքն՝ կախված նրանից, որ եթե տարին, դիցուք, լինի ջրաբեր, մենք ընդհուպ մինչեւ ավտոմատ, երբ որ այս ցուցանիշները դնենք, ինքը կարող է իջնի 140, 150։ Մեր այս մոտիվացիան ոչ թե քանակական կլինի, այլ որոշակիորեն նաեւ որակական կլինի։ Իմ առաջարկն այն է, որ եւս մեկ չափորոշիչ ավելացնել, տարվա ջրաբերությունից կախված ինչ-որ տոկոս, որը  հիմա կա, եւ եթե մենք մի  պահ դիտարկենք, որ ունենք ավելի ջրաբեր տարի, ինչը ենթադրում է, որ, օրինակ՝ էլեկտրաէներգիայի վրա համեմատաբար այն ճնշումը, որը կարող  է  առաջանալ, կնվազի, ապա մենք այս երկրորդ չափանիշով ավտոմատ արդեն կնվազեցնենք նաեւ այն ախորժակը կամ հնարավորությունը, որը կարող է Սեւանի մասով, այսպես ասած, ջրի բացթողումների հնարավորություն լինել։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մանուկյան, առաջարկի համար, քննարկենք, անպայման, որովհետեւ ես կարծում եմ, որ 170-ից ավելի, այսպես, թե այնպես, պետք չէ թույլատրել ջրառ, բայց պակասի մոդելավորման հարցը շատ էական  հարց է։ Մենք անգամ մտածում էինք, քանի որ այս տարի մենք արդեն ունենք շատ լավ ցուցանիշ, մոտավորապես, 30 մլն ավելի պակաս ջրառ, մենք տարեցտարի սկսեինք պակասեցնել 170-ը, բայց ձեր առաջարկը, որ դա մենք անենք մոդելավորված բանաձեւի միջոցով, շատ լավ առաջարկ է, քննարկենք իրար հետ եւ Կառավարության հետ փորձենք լուծման գալ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք։

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հույս ունենամ, որ այդ առաջարկներն առաջինից երկրորդ ընթերցում արդեն կյանք կստանան։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հաջորդ հարցը՝ Հովիկ Աղազարյան, «Իմ քայլը» դաշինք, խնդրեմ։

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Պրն Կարապետյան, դուք տիրապետո՞ւմ եք տեղեկատվության, թե հետխորհրդային ժամանակահատվածում, մինչեւ այսօր, Սեւանի ավազանի ամենացածր մակարդակն այսօրվա համեմատությամբ ինչքա՞ն է եղել տարբերությունը եւ՛ ծավալային առումով, եւ՛ սանտիմետրերով։

Երկրորդ հարցը. փաստորեն, ըստ ձեր նախագծի, եթե ընդունենք այս օրենքը, մենք Կառավարությանը բացարձակապես ոչ մի հնարավորություն չենք տալիս խորհրդարան գալ ավելի ջրառի համար, այո՞։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն հարցերի համար, պրն Աղազարյան: Առաջին հարցը. ուղղակի, պետք է թվերը նայենք, ձեզ ասենք, թե ինչքան է, հիմա ես անգիր չեմ հիշում թվերը։ Երկրորդ հարցի հետ կապված` ես կողմ կլինեի, եթե այդ հնարավորությունը չունենար Կառավարությունը, բայց, ամեն դեպքում, Կառավարությունը ցանկացած ժամանակ կարող է այս փոփոխությունը հետադարձելու եւ լրացուցիչ ջրառ իրականացնելու առաջարկությամբ գալ ԱԺ։ Ես կողմ կլինեի, որ մենք, ընդհանրապես, Սահմանադրությամբ արգելեինք, որ այդ հնարավորությունը Կառավարությունը չունենար, բայց այս պահին Կառավարությունը կշարունակի ունենալ նման հնարավորություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, խնդրեմ։

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Եվ Կառավարության այդ հնարավորությունն այն է, որ պետք է Կառավարությունը գա ԱԺ օրենսդրական նախաձեռնությամբ, օրենքը փոփոխի նորից, եւ նոր դիմի Աժ-ին, այո՞։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Այո, հնարավորությունը դա կլինի, բայց ամենակարեւոր հաղորդագրությունը, որ այս օրենքը պետք է տա Կառավարությանը, որ հաշվի չառնեն Սեւանը որպես զուտ ջրային պաշար, եւ ցանկացած բարդության դեպքում հույսները չդնեն Սեւանի վրա, որովհետեւ ոռոգման ջրի պլանավորումը եւ արդյունավետ կառավարումը ենթադրում է, ենթադրենք՝ 20 միջոցառում, որոնցից ընդամենը մեկն է կապված Սեւանի հետ, ես վստահ եմ, որ եթե այն 19-ն արվեն արդյունավետ, եւ այս վերջին տարիների ընթացքում մենք տեսնում ենք դրական տեղաշարժ, եթե այսպես արդյունավետ, նաեւ ավելի համակարգված աշխատանք տեսնենք, ես վստահ եմ, որ Սեւանի վրա կարիք չի լինի հույս դնել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Միքայել Մելքումյան, խնդրեմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Պրն Կարապետյան, շատ կարեւոր նախաձեռնություն է, բայց պետք է նախաձեռնությանն այնպիսի տեսք տալ, որ հանգուցալուծումն ավելի երկար ժամանակահատվածում աշխատի։

Հիմա դուք կարեւոր բան ասացիք, որ սահմանափակենք, նշեցիք, որ դա պայմանավորված կլինի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործընթացով։

Հիմա հետեւյալը պատկերացնենք. Սեւանից ջուր են վերցրել, ենթատեքստն այն է, որ ջուրը գողացվել է տարիներ շարունակ կամ, մեղմ ասած, անարդյունավետ է օգտագործվել։ ՀԷԿ-երի, հրազդանյան կասկադի, պահանջով, շատ  ջուր է գնացել, սա էլ` մի մաս, եւ ջրամբարաշինության, խորքային հորերի հետ կապված եւ այլն, հիմա տեսեք, որ մենք այդ սահմանափակումը դնում ենք, այն, ինչ որ Արտակ Մանուկյանն ասաց, կապեց կլիմայի ֆակտորի հետ, իսկ այդ միջոցառումները, որ պետք է անենք, գանք, նոր հասնենք նրան, այսինքն՝ ջրամբարներ լինեն, ոռոգման համակարգը վստահելիություն ներշնչի, որ կլինի անկախ կլիմայական պայմանների այն ամենավատ վիճակից, այդ գործոնը չդնե՞նք դրա տակ, որ քայլերով գանք, հասնենք դրան, որովհետեւ հիմա պատկերացրեք, ֆորսմաժոր է, գլոբալ տաքացում է, կամ չգիտեմ ինչ է, մենք այս արդյունավետ օգտագործման մեթոդաբանությունը եւ փաստն ունե՞նք, թե՞ չունենք, որ կապենք էդ սահմանափակման հետ։ Եթե մենք ունենք գործիքներ, այսինքն՝ այդ արդյունավետ օգտագործման մակարդակները ֆիքսենք, որ ամենավատ կլիմայական պայմանների պարագայում այս նվազագույն ջուրը լինելու է։ Հիմա, եթե այս տարի պակաս ենք օգտագործել, կարծեմ, կլիմայի հետ կապված ջրամբարներում ջուր կար եւ այլն, այս կոմպլեքսը, գնահատականը տանք, նոր կապենք այդ սահմանափակման հետ։  Ո՞նց եք նայում դրան։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Ես հասկանում եմ ձեր հարցը, այն շատ կապ ունի, ուղիղ կապված է նաեւ պրն Մանուկյանի հարցադրման հետ, բայց ցանկացած խնդիր ավելի արդյունավետ կլուծվի, եթե մենք ունենանք կոշտ սահմանափակում` այդ  խնդիրը լուծելու համար, եւ լուծողների առջեւ դրված։ Սա պետք է լինի այդ կոշտ սահմանափակումը, որ սրանից ավելի դուք չունեք այդ հնարավորությունը։ Դրանից ներքեւ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել  Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ կապված նոր խորքային հորերի, կապված հին խորքային հորերի վերագործարկման հետ, կապված ջրամբարների վիճակի հետ, նոր ջրամբարների կառուցման հետ։ Գործողություններ կան, որոնք կարճաժամկետ են, եւ որոնց մի մասն արվում է, մի մասը, վստահ եմ, որ պետք է արվեն, գործողություններ կան, որոնք երկարաժամկետ ազդեցության են, բայց մենք տեսնում ենք, նաեւ մեր բոլոր քննարկումները կոմիտեի հետ ցույց են տալիս, որ կա այդ հնարավորությունը, եւ կա հնարավորություն` աստիճանաբար կրճատել Սեւանից ջրառը եւ 170-ն աստիճանաբար նվազեցնել։

Հիմա մենք դա կանենք Կառավարության առաջարկո՞վ, թե՞ պրն Մանուկյանի առաջարկը կդնենք հիմքում եւ կունենանք գործոնային բանաձեւ, եւ ամեն տարի կորոշենք, թե ինչքան կարող ենք իջեցնել, դա արդեն կլինի մեր քննարկումների արդյունքում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք, խնդրեմ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Պրն Կարապետյան, ես էլ հասկացա ձեր պատասխանը։ Մանուկյանի հարցադրումը կապված էր կլիմայի խնդրի հետ, թե ինչքան ջուր կառաջանա։ Ես ասում եմ այն, ինչ որ կապված է Կառավարության գործունեության հետ, մասնավորապես, նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի։

Կլիման մնում է կլիմա, դա մեզնից կախված չի` ինչքան ջուր կգա, տեղումներ, գլոբալ տաքացում, Այն, ինչ մենք պետք է անենք, ջրամբարաշինության, ջրի չգողանալու, կորուստների քչացման, խորքային հորերի այդ բլոկը որպես գործոն, դրվո՞ւմ է դա, այդ մասը, որ ձեր ասած սահմանափակման հիմքում կլինի, որովհետեւ  կարող է նենց կլիմա, նենց վիճակ լինել, որ, ասենք թե` Արարատյան  դաշտի գյուղացիները դուրս եկան,  մայրուղիները փակեցին, այդ կոշտ սահմանափակումը կա, բայց արդեն մենք դա օգտագործել ենք, մենք ի՞նչ ենք անելու։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի Սեւանա լճի խնդիրը չհակադրենք գյուղացիների խնդրին, որ պետությունն ուժ ունենա զուգահեռ լուծել այդ խնդիրները։ Հիմա, եթե հանկարծ առաջացավ ֆորսմաժոր, նորից պետք է մտնենք, օրենք վերանայենք, չէ՞, գործող օրենքը։ Դրա համար եմ ասում` այ, այս ֆակտորները դուք տեսնո՞ւմ եք, որ Կառավարությունը կարող է ամենավատ վիճակում այնքան ջուր  կուտակել եւ ունենալ, որ այդ 170-ն անձեռնմխելի լինի։ Դուք տեսնո՞ւմ եք դա ռեալ։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Մենք այդ քննարկումը երեկ էլ ենք ունեցել։ Օրինակ` պրն Միրզոյանի առաջարկն այն էր, որ երաշտի դեպքում մենք բացառություն դնենք, եթե հայտարարվի երաշտ։

Մենք այս առաջարկությունը կքննարկենք, դրա հնարավորությունը` այստեղ ներառելու, բայց էլի գանք Կառավարության գործողություններին։ Մենք պետք է Կառավարության առջեւ դնենք սահմանափակումներ եւ նպատակային ցուցանիշներ։ Սահմանափակումն այդ 170 միլիոնն է, նպատակային ցուցանիշը կարող է լինել, օրինակ՝ կորուստների կրճատումը, ենթադրենք՝ 60%-ից իջեցնենք 50%։ Կառավարության պաշտոնյաների աշխատանքը պետք է գնահատվի հենց այս ցուցանիշների միջոցով։ Ես կարծում եմ, որ սա այն հեռանկարն է, որին մենք պետք է հասնենք առաջիկա 2-3 տարվա ընթացքում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ես կօգտվեմ նիստը վարողի իմ իրավունքից եւ հարց կտամ ձեզ։ Հարցս հետեւյալն է. կա արդյո՞ք ուսումնասիրություն, թե ի՞նչ փոփոխություններ կլինեն` թե՛ էկոհամակարգի, թե՛ Սեւանի ավազանի հետ կապված, եթե ջրառի քանակը փոխվի, այսինքն` մակարդակի բարձրացում, ափամերձ սահմանների, կա՞ տենց ուսումնասիրություն։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Սեւանի հետ կապված բազմաթիվ ուսումնասիրություններ կան, բայց կոնկրետ այս թեմայի հետ կապված, որն առաջարկի մեջ է, մենք այս թեմայով նոր բան չենք առաջարկում, այդ 170-ը սահմանված է, այսպես թե այնպես։ Մենք առաջարկում ենք այդ 170-ից ավելի ջրառի հնարավորությունը  սահմանափակել։

Մենք հիմա ունենք այն, ինչ ունենք, բայց մենք ասում ենք, որ ապագայում դուք հաշվի առեք, որ ավելի ջուր չեք կարող վերցնել։ Այս պայմաններում փորձեք պլանավորել ձեր գործողություններն այնպես, որ կարողանաք խորքային հորերով, ջրամբարներով, արտեզյան  հորերով, նաեւ ձկնաբուծարանների աշխատանքը ճիշտ կարգավորելով` Արարատյան դաշտի եւ, ընդհանրապես, Սեւանի կողմից ոռոգում իրականացվող տարածքներում ոռոգման հարց լուծել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Եղավ, շնորհակալ եմ։ Հերիքնազ Տիգրանյան, խնդրեմ։

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Պրն Կարապետյան, նախագծի հետ կապված ձեր առաջարկների տրամաբանությունն ամբողջությամբ ընդունելի եւ հասկանալի է, բայց ձեւակերպումների հետ կապված մի դիտարկում ունեմ։ Եթե ձեզ համար ընդունելի կլինի, կխնդրեի նայել։

Մենք սահմանում ենք 170 մլն խմ-ը որպես վերին սահման, եւ գալիս է լրացումը. «սահմանափակելով օրենքով նախատեսված չափը»։  Օրենքը հենց այս օրենքն է, այլ օրենք չկա, որը կսահմանի առավելագույն սահմանաչափ, հետեւաբար` ոչ թե, ուղղակի, հղում տանք օրենքին, այլ հենց սույն սահմանաչափով նախատեսված առավելագույն ջրառը։

Մենք բացասական հաշվեկշռի պարագայում ուզում ենք, որ ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, կարգավորումներն ավելի կոշտ լինեն, բայց կարծում եմ, որ «սահմանափակել» եզրույթն այնքան էլ կոշտ կարգավորում չի նախատեսում։

Ես կառաջարկեի դիտարկել «սահմանափակել» բառի փոխարեն՝ «բացառելով սույն սահմանաչափից ավելի» արդեն  այդ բացասական հաշվեկշռի պարագայում։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շատ շնորհակալություն, մենք ձեզ հետ լրացուցիչ կաշխատենք` ձեր ասած ձեւակերպումը ներառելու համար։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք չկա՞։ Սերգեյ Ատոմյան, խնդրեմ։

Ս.ԱՏՈՄՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Կարապետյան, շատ կարեւոր նախագիծ ներկայացնելու համար։ Սեւանը մեր ազգային գանձն  է, եւ պետք է շատ խնայողաբար վերաբերվենք նրա ջրին։

Մասամբ հարցերս արդեն գործընկերներս տվել են, ուղղակի, ավելի հստակեցնելու համար։ 170 մլն խմ վերցնելու դեպքում կա՞ն հաշվարկներ, թե որոշ տարիներ այդպես պահելու դեպքում Սեւանի մակարդակը կբարձրանա՞, թե՞ կնվազի։ Դա` մեկ։

Երկրորդը. ոնց որ նշեց պրն Մելքումյանը, եթե մենք ունենանք ֆորսմաժորային իրավիճակներ Արարատյան դաշտի վերաբերյալ, սահմանափակումներ չկան ձեր բերած օրենքի նախագծում, հնարավոր է, որ նոր օրենքի նախագիծ բերեն եւ ավելի ջուր բաց թողեն։ Հնարավո՞ր է, որ մենք մի քիչ վաղ ենք ներկայացնում այս նախագիծը, երբ որ մենք կանցնեինք կաթիլային ոռոգման կամ այլ համակարգի, որ ջուրն ավելի քիչ կօգտագործվեր, այդ դեպքում նոր կարողանայինք տենց  սահմանափակումներ դնեինք։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Եթե մենք սկսենք սպասել, թե ինչ-որ  գործողություններ տեղի կունենան, հետո նոր Սեւանի ուղղությամբ մտածենք, դա կլինի այն վերաբերմունքը, որը մոտ  30 տարի կա Սեւանի նկատմամբ։ Սեւանը միայն ջրային ռեսուրս չէ, Սեւանը մեր ժողովրդի ընդհանրական արժեքն է։ Հիմա ժամանակն է, որ այդ արժեքը դնենք ամենակարեւոր տեղում, դրանից հետո պլանավորենք մեր գործողությունները։ Այսինքն՝ ասենք, որ այս է, այդ 170-նն ի վիճակի է այս լիճը տալ, այդ էլ է շատ, դրանից ավելի մի վերցրեք, մնացած ձեր գործողությունները պլանավորեք հիմա։ Եթե հիմա պլանավորելու մեջ կա, որ մյուս տարի պետք է կաթիլային ոռոգումներ դրվեն, թող ներդրվեն, բայց չենք կարող սպասել, որ 120 տարի հետո դա ներդրվի, հետո նոր անդրադառնանք Սեւանին։

Սեւանի մակարդակի հետ կապված հարցը։ Եթե մենք հիմա այս տեմպով շարունակում ենք, ես կարծում եմ, որ մենք պետք է հասնենք, մոտավորապես, տարեկան 20-30 սմ լճի մակարդակի բարձրացմանը։ Դրանք այն թվերն են, որոնք մեզ հնարավորություն կտան 2030 թվականին սահմանված թիրախին հասնել` 1903.5 մետրին։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք, խնդրեմ։

Ս.ԱՏՈՄՅԱՆ

-Պրն Կարապետյան, իսկ որ տարեկան 20-30 սմ բարձրանա, հնարավո՞ր է, որ դրանից ավելի մեծ կորուստներ մենք ունենանք` ճանապարհը ջրի տակ անցնելու  հետ կապված, կամ որոշ հասարակական նշանակության օբյեկտներ վնասներ կրեն։ Կա հաշվարկ` դրա հետ կապված։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Հաշվարկներն արված են, ակնհայտ է, որ ճանապարհի որոշ հատվածներ կջրածածկվեն։ Մենք արդեն Կառավարության հետ բյուջետային քննարկումների ժամանակ այդ հարցերը քննարկել ենք։ Օրինակ՝ Մարտունի-Վարդենիս ճանապարհի մոտավորապես 20 կմ հատված առաջիկա 5  տարիներին ջրածածկ կլինի, որպեսզի մենք չսպասենք` մինչեւ ջուրը գա, մարդկանց կյանքը բարդանա, հետո սկսենք նոր ճանապարհ  կառուցել, մենք այդ գործողությունները պետք է անենք հիմա, պլանավորենք հիմա եւ իրականացնենք 2020 թ. սկսած։ Դրանք այն առաջարկներն են, որոնք մենք արել ենք բյուջետային հայտերի քննարկման ժամանակ։ Հուսով եմ`  Կառավարությունն ուշադիր է այս հարցի նկատմամբ։ Այո, շատ ենթակառուցվածքներ պետք է տեղափոխվեն, նաեւ հանրային տարբեր  շինություններ, ձեռնարկություններ կտուժեն Սեւանի բարձրացումից, բայց Սեւանի բարձրացումն անհամեմատ ավելի կարեւոր է։ Հնարավոր է դա նաեւ թվերով գնահատել, բայց հիմա մենք այդ գնահատականը չունենք, հետո, դրա կարիքն էլ չկա, որովհետեւ մեր ամենակարեւոր խնդիրը լճի փրկությունն է։ Եթե թվերով էլ գնահատենք...

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պրն Կարապետյան, ժամանակը շուտվանից սպառվել է։ Ես վստահ եմ, որ հնարավորություն կլինի անդրադառնալ այդ թեմային։

Սերգեյ Բագրատյան, «Բարգավաճ Հայաստան», խնդրեմ։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Պրն Կարապետյան, ես ելույթ էի նախատեսել, բայց մի քանի հարց եւ  ճշգրտում, որպեսզի ելույթս ավելի պատշաճ ձեւակերպեմ։

Ես շատ կարեւորում եմ Սեւանա լճի նախկին ժամանակահատվածի պատմությունը։ Մինչեւ 2012 թվականը Սեւանա լճից ջրառը թույլատրվել է 120 մլն խմ, այսինքն՝ տարիներ շարունակ Կառավարությունը, վստահաբար, ոռոգման համակարգի  խնդիրը լուծել է. եւ 120 միլիոնը լիարժեք բավարարել է։ Ինչո՞ւ են ավելացրել, եւ այդ 120 միլիոնը դարձրել 170 մլն խմ, որ այսօր էլ դեռ քննարկում ենք, գոնե, 170 մլն խմ ջրառը կբավականացնի՞, թե՞ ոչ։ Իհարկե, կբավականացնի, իհարկե, շատ ավելի  է բաց թողնվում, քան կարելի է բաց թողնել։   Իհարկե, զարմանալի է, որ ներկայացվում է 40% ջրային կորուստ, մասնավորապես, վերջին տարիների 2 մլրդ խմ ծավալի դեպքում, փաստորեն, 800 մլն խմ-ը կորուստ է ձեւակերպվել։

Եվ շատ կարեւոր մի հարց. դուք ինչպե՞ս եք տեսնում, երբ խորհրդային տարիներին մեծ ծախսերի գնով Արփա-Սեւան թունելը կառուցվել է զուտ մի նպատակով, որպեսզի պահպանվի Սեւանի էկոհամակարգը, այսինքն՝ բաց թողնված ջուրը երբեք չգերազանցի մուտք եղած ջուրը, եւ արդեն 7 տարի է, ոչ մի լիտր ջուր Արփա-Սեւան թունելով չի հասել Սեւան։ Մենք ի՞նչ պետք է անենք. այս հսկայական ծախսերը` թունելի պահպանման հետ կապված, շինարարության հետ կապված, որ պետությունն անընդհատ կատարում է, դրանք շատ մեծ գումարներ են, եւ որեւէ արդյունք մենք չունենք այդ ներդրումից։ Մենք՝ որպես պատգամավորներ, ի՞նչ ենք առաջարկելու Կառավարությանն այս խնդրի լուծման համար։ Ժամանակը սպառվեց, պատասխանեք:

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Արփա-Սեւանի հետ կապված հարցից սկսենք։ Արփա-Սեւանով այս տարի մոտավորապես 150 մլն խմ ջուր է հոսել Սեւան, այսինքն` թունելն աշխատել է։ Ես կարծում եմ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ավելի կոնկրետ թվերով կասի, թե ինչ է տեղի ունեցել։ Այո, ձեր ասած հարցը` Արփա-Սեւանի հետ կապված, իհարկե, մտահոգիչ է։ Այս վերջերս տարածքային կառավարման նախարարն ամբողջ թունելի երկարությամբ անցավ` հասկանալու համար, թե կոնկրետ վթարված հատվածները որտեղ են եւ ինչ շինարարության կարիք կա, որովհետեւ այդ անհասկանալի փաթեթ էր, անհասկանալի էր, թե ինչ է կատարվում, գումարներն ինչի վրա են ծախսվում եւ այլն, նաեւ քրեական գործեր կան հարուցված  այդ թեմայով։

170 մլն խմ-ը եւ ձեր ասած 2 միլիարդը նույնպես շատ վատ թիվ է, որ մենք ունեցել ենք։ Այս չափից ավելի ջուրը, որ տրվել է, դա նույնպես պատճառ է հանդիսացել, որ մեր ոռոգման ջրի համակարգը լինի անարդյունավետ, որովհետեւ մենք հաշվի չենք առել, որ այն, ինչ մենք օգտագործում ենք, մեր ամենաթանկարժեք ռեսուրսն է։ Այն, ուղղակի, տվել ենք, այդ գողացվել է, այդ կորել է ճանապարհին, մեր ամբողջ ոռոգման համակարգը, մեր ամբողջ ցանցը քանդված, կիսաքանդ վիճակում է։ Դա նրանից է, որ  այն ռեսուրսը, որը մենք օգտագործել ենք, չենք գնահատել։ Հիմա մենք պետք է հերթով քայլեր անենք` նաեւ մարդկանց բացատրելու, որ մենք գործ ունենք մեր ամենաէական, առանցքային ռեսուրսի՝ խմելու ջրի հետ։ Այդ խմելու ջրին պետք է պատշաճ վերաբերմունք ցույց տալ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք, խնդրեմ, պրն Բագրատյան։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Կարապետյան, խնդրում եմ, որ մի հարցի շուրջ էլ մեր կարծիքները փոխանակենք։ 2003 թվականին Սեւան-Հրազդան կասկադի 6 հիդրոէլեկտրակայանները վաճառվեցին «Միջազգային էներգետիկ կորպորացիաներ» ընկերությանը։ Այդ ծրագրի մեջ հստակ գրված է, որ  Սեւանա լճի էկոհամակարգը թույլ  է տալիս տարեկան 350 մլն խմ բաց թողնել ոռոգման նպատակով, որպեսզի տնտեսական արդյունավետությունն ապացուցեն, այդ թվերը դրել են եւ վաճառքի են հանել։ Գնորդն այլեւս համոզված է, որ ինքը  տարին 350 մլն խմ ջուր է ունենալու իր ՀԷԿ-երն աշխատեցնելու համար, եւ ըստ դրա հաշվել է նաեւ իր ստացվելիք օգուտները, շահույթը։ Չե՞ք կարծում, որ այստեղ հնարավոր է եւ միջազգային ճնշում կա, որ այս 170 մլն  խմ-ը մենք պահում ենք եւ համառորեն չենք  իջնում, ասենք՝ մինչեւ 100 մլն խմ-ի։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Պրն Բագրատյան, ես միայն փաստերի վերաբերյալ կարող եմ եզրակացություններ անել։ Կարելի է այդ ենթադրությունն ունենալ, բայց մեր փաստն այն է, որ 2012 թվականին կտրուկ փոխվել է Կառավարության վերաբերմունքն այս համակարգին, որը բերել է այս ամբողջ անարդյունավետության շղթայի գոյությանը, բայց վերջին 2 տարիները, հատկապես այս տարի, երբ որ մենք չենք հասնում 170 մլն խմ-ի, ցույց է տալիս, որ եթե անգամ այդ ճնշումները կան, ապա մենք կարողանում ենք դիմակայել եւ բաց թողնել այնքան ջուր, ինչքան, գոնե, պետք է ոռոգման համար, եւ էներգետիկ նպատակներով Սեւանից ջրառ չենք իրականացնում։ Կարծում եմ, որ այդ 350 մլն խմ-ն իրականում մեր ժողովրդի հարստության նկատմամբ ոտնձգություն է եղել, եւ սա հանցագործություն է ժողովրդի սեփականության նկատմամբ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հաջորդ հարցի համար՝ Արթուր Հովհաննիսյան։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Պրն Կարապետյան, ես էլ եմ համամիտ այն մտքի հետ, որ Սեւանա լճից ավելի ջրառ չանելու համար նաեւ ընդհանուր ջրօգտագործման, ջրամատակարարման համակարգի ենթակառուցվածքներն է պետք տեսքի բերել, բայց այս ընթացքում, մինչեւ 2-3 տարի համակարգային լուծում տանք այս ոլորտին, ինձ հետաքրքիր է, եթե նախկինում մինչեւ 350 մլն խմ ջուր է բաց թողնվել Սեւանից, ես ընդունում եմ, որ, այո, այն ժամանակ միանշանակ է, որ ջրերի անարդյունավետ ծախսեր են եղել։ Եթե կարելի է, դուք նշեք, թե ինչո՞ւ է մինչեւ 350 մլն  հասել, ո՞ւր է  գնացել այդ ջուրը, եթե հնարավոր էր 170-ից ավելի բաց չթողնել։

Եթե հիմա անհրաժեշտություն լինի 170-ից ավելի ջուր բաց թողնել, սակայն մենք սահմանափակել ենք, ինձ հետաքրքիր է` որտե՞ղ են մեր այն անվտանգության բարձիկները, որպեսզի մենք կարողանանք սպասարկել մարդկանց, գյուղատնտեսության ոլորտը, եւ առհասարակ ոռոգման համակարգը: Որտե՞ղ են այդ անվտանգության բարձիկները, մինչեւ մենք ընդհանուր համակարգը կկարգավորենք։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Առաջին հերթին մենք մտածենք Սեւանի անվտանգության մասին։ Սա պետք է լինի մեր գերակայությունը։

Երկրորդ հերթին մենք պետք է նայենք մեր տնտեսության վիճակը։ Այսինքն` երբեք  Սեւանը չպետք է ստորադասվի տնտեսական աճի գերակայությանը, գյուղատնտեսության աճի գերակայությանը։ Այդուհանդերձ, գյուղատնտեսության աճը նույնպես կարեւոր է մեր երկրի համար, որպեսզի մարդիկ ոռոգման ջուր ունենան։

Կարծում եմ, որ այս տարին եւ անցյալ տարվա աշխատանքը ցույց են տվել, որ դա հնարավոր է անել՝ ընդամենը 170-ի սահմանափակումն ունենալով եւ ջրամբարները ճիշտ կառավարելով, եւ այդ անվտանգության հնարավոր վայրերը խորքային հորերն են, որ աշխատում են։ Ուղղակի, մենք պետք էէլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախս անենք, որ խորքային հորը ջուրը տա գյուղատնտեսությանը։ Սեւանից դա ինքնահոս է իջնում Արարատյան դաշտավայր։ Մենք այստեղ համադրում ենք գումարը եւ Սեւանա լիճը։ Ես կարծում եմ, որ որեւէ գումար չի կարող ավելի գերակա լինել, քան Սեւանա լիճը եւ Սեւանա լճի փրկությունը։  Ջրային տնտեսության պետական կոմիտեն միշտ այդ հնարավորությունն ունի` խորքային հորերով լրացուցիչ ջրառի հնարավորությունը կանխել։ Այդ հնարավորությունն ավելի կմեծանա, եթե մենք կարողանանք Արարատյան  դաշտում գործող ձկնաբուծարանների կողմից ահռելի ջրառը  սահմանափակել։ Սա հնարավորություն կտա, որ ընդհանուր Արարատյան դաշտի ջրերը բարձրանան եւ խորքային հորերն ավելի արդյունավետ աշխատեն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք, խնդրեմ։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ես կուզեի ամեն ինչ իրեն անուններով կոչել, զուտ։ Նախկինում մինչեւ 350 մլն խմ ջուր է բաց թողնվել, ո՞ւր է այդ ջուրը գնացել, առհասարակ, սա, արդյո՞ք էլի հին մեխանիզմների, հին տրամաբանության հետեւանք է, թե՞ ոչ։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Այդ ջուրն ունի գնալու մի ճանապարհ, ինչպես այսօր, այնպես էլ նախկինում հոսել է, ուղղակի, այդ ճանապարհի վրա, ինչպես պրն Բագրատյանը նշեց, ՀԷԿ-եր կան, ինչքան այդ ջուրը շատ է, այդքան այդ ՀԷԿ-երն ավելի շատ հոսանք են արտադրում։ Ցավոք սրտի,  այդ 170-ից մինչեւ 350-ի հասցնելը, այս ավելի մասը ոչ թե պետք է եղել ոռոգման համար, այլ պետք է եղել այդ ՀԷԿ-երին` հոսանք արտադրելու համար։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հաջորդ հարցի համար Գեւորգ Գորգիսյան՝ «Լուսավոր Հայաստան»։

Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ ժամանակի պատճառով մյուս զեկուցողներին հարցեր չեն կարող լինել, փորձենք այս հարցերով սահմանափակվել, եւ եթե միտք կլինի կամ հարց կլինի, մտքերի փոխանակության ժամանակ հնչեցրեք։ Ենթադրում եմ, որ մեր բանախոսները եզրափակիչ ելույթներում կանդրադառնան։

Ինձ զգուշացրեցին, որ մենք ժամանակի խնդիր ունենք։ Խնդրեմ, պրն Գորգիսյան։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Պրն Կարապետյան, ինձ մոտ մի տեսակ տարակուսանք է առաջանում` օրենքի հետ կապված, որովհետեւ դուք ավելացրել եք «մինչեւ 170 մլն խմ» բառից հետո լրացնել «սահմանափակում»-ը։ Նախ՝ որեւէ  կերպ նշված չի, թե բացասական հաշվեկշիռ ասելով` ի՞նչ նկատի ունենք, որովհետեւ դա տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ, եւ, հետո, օրենքի նույն կետում մնում է երկրորդ պարբերությունը, որտեղ հստակ ասվում է. «Տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում Կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ»։ Այսինքն՝ ձեր  բերած դրույթը սա չի չեղարկում, եւ սա մնում է, հետեւաբար` իմաստը ո՞րն է այս ամեն ինչի։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն ձեր դիտարկման համար։ Մենք էլ ենք նկատել այդ խնդիրը, եւ այս ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում եւ՛ տիկին Տիգրանյանի առաջարկությունը կներառենք, եւ՛ ձեր առաջարկությունը, անպայման։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, խնդրեմ։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Բացասական հաշվեկշռի մասին չասացիք, ի՞նչ է դա նշանակում։ Մայր օրենքում դա չկա սահմանված, եւ ձեր փոփոխության բաժնում էլ չկա` ինչ է դա նշանակում։ Մայր օրենքում դա չկա սահմանված` ինչ է նշանակում բացասական հաշվեկշիռ: Եթե որեւէ այլ օրենքից դուք գիտեք...

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Ես կարծում եմ, որ «Սեւանա լճի մասին» օրենքում սահմանված կա, այդուհանդերձ, կճշտենք, վստահ չեմ հիմա, բայց կճշտենք, անպայման։ Եթե սահմանումը չկա, մենք սահմանումը կմտցնենք։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պրն Բագրատյան... Թագուհի Թովմասյան, հանո՞ւմ եք հարցը։ Գուրգեն Բաղդասարյան, վերջին հարցը, խնդրեմ։

Գ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Այն հարցի մասին, որ ուզում եմ բարձրաձայնել, գործընկերներից մեկը կիսով չափ բարձրացրեց։ Տեսեք, դուք հիմա անընդհատ ասում եք` Սեւանի մակարդակը բարձրացնենք, ո՞րն է բարձրացնելու շեմը, ձեր պատկերացմամբ, ինչքա՞ն եք բարձրացնելու, միգուցե, ասեք` կղզին ուզում ենք վերականգնել, որովհետեւ բարձրացնելիս անընդհատ բյուջեի վրա, ենթադրում եմ` ծախսեր է նստելու, ճանապարհաշինություն եւ այլն։ Ո՞րն է ձեր պատկերացմամբ այդ շեմը։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Այս պահին մենք ունենք 1903.5 մետր` նպատակադրված արդեն։ Մեր միջանկյալ նպատակը կարող ենք համարել 1903.5 մետրը, բայց այդ հետազոտությունն արվել է մինչեւ Սեւանի հետ վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները, հատկապես վերջին 7 տարիներին, 2012-ից հետո։ Հիմա Սեւանի լրացուցիչ, խոշոր եւ ավելի խորը հետազոտության կարիք կա, որպեսզի հասկանանք, թե լճի ջրի որ ծավալի դեպքում մենք կկարողանանք լճի ջրի որակը պահել։ 1903.5-ից հաստատ պակաս չի լինելու դա, թե ինչքան ավել կլինի` դա արդեն նոր հետազոտությունը պետք է ցույց տա։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք, խնդրեմ։

Գ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Իսկ այդ 1903-ի դեպքում հաշվարկե՞լ եք, թե ինչ ծախսեր է նստելու պետության վրա, խոսքն ի՞նչ գումարների մասին է լինելու։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Այդ մասը մենք քննարկեցինք, այդ հաշվարկը վաղուց արված է, երեւի, 2011 թվականից դրված է այդ նպատակը, այդ հաշվարկներն արված են, նաեւ ճանապարհների տեղափոխման ծախսերը, ափերի մաքրման ծախսերը։ Տեղյակ եք, ամեն տարի պետբյուջեով ափերի մաքրման համար, տարբեր միջոցառումների համար գումարներ են նախատեսվում։ Մենք այս տարի առաջարկել ենք, օրինակ` որ Վարդենիս-Մարտունի հատվածում արդեն ճանապարհաշինության հետ կապված նախագիծն արվի։ Կոնկրետ` թե ինչ ծախսի մասին է խոսքը, հիմա չեմ կարող ասել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ընդմիջում կես ժամ, հարգելի գործընկերներ։


Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ
 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը։ Հարգելի գործընկերներ, այսօր հոկտեմբերի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում եւս մեկ հյուր ունենք։ ԱԺ են այցելել «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի ուսանողները եւ դասախոսները։ Ողջունում ենք ձեզ։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք շարունակում ենք հարցի քննարկումը։ Հարակից զեկուցող՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան։ Դահլիճում չէ։ Լավ, տեղերով փոխենք, մինչեւ մեր պատգամավորը հասցնի վերադառնալ ընդմիջումից հետո։ Հարակից զեկուցող՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյան։ Խնդրեմ։

Վ.ՄԵԼՔՈՆՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո փոխխոսնակ, հարգարժան պատգամավորներ, հարգելի հյուրեր, իհարկե, մենք քննարկում ենք այսօր շատ լուրջ մի խնդիր՝ կապված Սեւանա լճի հետ եւ. ինչպես նշեց հիմնական զեկուցողը, Կառավարությունն ունի իր դիրքորոշումը, եւ ես հիմա փորձեմ դա ներկայացնել հակիրճ տեսքով։

Սեւանա լճից ջրառն իրականացվում է օրենքով սահմանված կարգով ոռոգման նպատակով Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող հողատարածքների ոռոգման, ջրապահանջի դեֆիցիտի մեղմման նպատակով։ Այդ հողատարածքներում ջրառաջարկի բաղադրիչներ են հանդիսանում երեք ջրամբար, հիմնականում` Ապարանի, Ազատի, Մարմարիկի եւ, իհարկե, Հրազդան գետի ազատ հոսքը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը, որոնք մատակարարում են մեխանիկական եղանակով եւ դա բավականին ծախսատար է։

Կախված եղանակային պայմաններից` հիմնականում չեն բավականացնում այդ ջրապահանջի թվերը, եւ խնդիրն ավելի է սրվում սակավաջուր եւ երաշտ տարիներին։ Արարատյան դաշտի եւ հարակից նախալեռնային գոտիների ինտենսիվ գյուղատնտեսության տարածքներում հողագործության արդյունքը մեծապես պայմանավորված է ոռոգման ջրամատակարարումից։ Ուստի, ջրառաջարկի նշված բաղադրիչներից բացի այլ ջրաղբյուրներ չլինելու պայմաններում դեֆիցիտի մեղմման նպատակով Սեւանա լճից ջրառ իրականացվում է այլընտրանք չունենալու պայմաններում՝ անկախ լճի տվյալ ժամանակաշրջանի հաշվեկշռից։ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության բ) ենթակետով սահմանված օրենքով նախատեսված բացառության անհրաժեշտություն առաջանում է Սեւանա լճից օրենքով սահմանված մինչեւ 170 մլն խմ չափաքանակից ավելի ջրառ իրականացնելու բացառիկ դեպքերում սակավաջրության պայմաններում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Նույն օրենքում փոփոխության նախագիծը ներկայացվում է ՀՀ ԱԺ քննարկմանը, դրան, իհարկե, նախորդում են շահագրգիռ գերատեսչությունների ոլորտի մասնագետների հետ բազմակողմանի քննարկումներ, ջրապահանջի եւ լճից լրացուցիչ ջրառի հաշվարկված ծավալների շուրջ համաձայնության են գալիս, հասարակական լսումներ են իրականացվում։ Ուստի, լրացուցիչ ջրառի իրականացում հնարավոր է գործադիր եւ օրենսդիր բարձրագույն մարմինների համաձայնությամբ, միայն օրենքով, տվյալ գյուղատնտեսական տարվա ձախողում թույլ չտալու եւ գյուղատնտեսական արդյունքներով պայմանավորված պետական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով։ Հակառակ դեպքում իմաստազրկվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության բ) ենթակետով սահմանված օրենքով նախատեսված բացառության անհրաժեշտությունը։ Այնուհանդերձ, հարկ է նշել, որ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6.1 կետի 1-ին պարբերության թե՛ գործող նորմի եւ թե՛ նախագծով առաջարկվող լրացման ընդունման պայմաններում շարունակելու է գործել նույն կետի երկրորդ պարբերությունը, որի համաձայն` տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ Կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխման մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ։

Ամփոփելով վերոնշյալը` ես ուղղակի նշեմ, որ ՀՀ Կառավարությունն այս ժամանակահատվածում գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ այս հիմնավորումներով։

Ես ունեմ ժամանակ, երեւի, կփորձեմ արդեն սկսել պատասխանել որոշ հարցադրումների, որոնք պատգամավորները պրն Կարապետյանին էին ուղղում։ Որոշ հարցեր կային, որ պրն Կարապետյանն ինձ էր մատնանշում։ Ես հիմա փորձեմ պատասխանել։

Պրն Մանուկյանի առաջարկին, որ եթե լավ, բարենպաստ եղանակային պայմաններ են, ունենանք ինչ-որ հաշվարկի ձեւ եւ նվազեցնենք այդ 170 մլն-ը, ես փորձեմ հակադարձ մի բան անեմ, մի դիրք արտահայտեմ։ Իսկ եթե մենք հաշվի առնենք այդ կլիմայական պայմանները, գլոբալ տաքացումը եւ գոլորշիացումը, այդ դեպքում թույլ կտա՞ք հակառակ հաշվարկ անել, որովհետեւ ես, ուղղակի, հնչեցնեմ գոլորշիացման թիվը՝ 1 մլրդ 200 մլն խորանարդ։ Ինքը լուրջ թիվ է, եւ եթե համադրում ենք 170 մլն-ը եւ գոլորշիացման 1 մլրդ 200 մլն-ը, մի քիչ անհամադրելի են։

Գործիքների հետ կապված հարց հնչեց։ Մենք ունենք արդյունավետ գործիքներ, որպեսզի մեղմենք։ Այսօր, ցավոք սրտի, այն ենթակառուցվածքները եւ այն ջրամբարների քանակները, որտեղ մենք կարող ենք, հնարավորություն ունենք ամբարել ջուրը, դեռ չունենք։ Գիտեք, ունենք ծրագրեր թե՛ ջրամաբարաշինության, թե՛ ենթակառուցվածքների վերանորոգման եւ բարեփոխման։

Մակարդակի հետ կապված` պրն Կարապետյանը, իհարկե, նշեց լավ թիվ, որ 5 սմ այս տարի բարձր է։ Ես ավելացնեմ եւս 1 սմ։ Այսօրվա տվյալով` 6 սմ բարձր է նախորդ տարվա հետ հիդրոմետի այսօրվա տվյալը։

Պրն Բագրատյանը հարց ուներ` Արփա-Սեւանի հետ կապված։ Ես ասեմ, որ, իհարկե, տարիների ընթացքում թիվը տատանվում է Արփա-Սեւանի թունելով 40 կմ հատվածով, բայց տարի է եղել, որ նույնիսկ մինչեւ 180 մլն խմ տեղափոխվել է, այն բարդ տարիներին 90-100 մլն խմ է տեղափոխվել։ Որոտանը, ես նշեցի, 40 կմ` Եղեգիս-Սեւան, իսկ Որոտանը, այո, չի աշխատում, դա փաստ է։ Այս տարի մեզ հաջողվել է տեղափոխել 153 մլն խմ եւ հիմա Կեչուտի ջրամբարը լցվում է, դա մոտ 5-6 մլն խմ է, շինարարական աշխատանքների ավարտից հետո նորից կտեղափոխենք։

Ջրառի համար լրացուցիչ պրն Կարապետյանը նշեց, թե ինչո՞ւ ենք հիմա ջրառ իրականացնում։ Աշնանացանի հետ կապված եւ ոռոգման այս վերջին փուլը մենք պետք է ավարտեինք եւ այն թիվը, որ մենք հայտարարել էինք, մոտ 30 մլն խմ ունենք տարբերություն` համեմատած 170-ի հետ, որ քիչ ենք վերցնում, մոտ 2 մլն արդեն վերցրել ենք, 1 մլն էլ, ամենայն հավանականությամբ կտեղափոխենք, եւ դրանով կփորձենք ավարտել այս տարվա ջրառը Սեւանա լճից։

Մի բան էլ եմ ուզում նշել։ Մենք հաճախ ասում ենք` Սեւանից ջուր չվերցնենք, հոսանքով մատակարարենք։ Ուղղակի, էլի համեմատության համար ես նշեմ, որ այդ 3 մլն խմ-ը, որ հիմա վերցնում ենք ոռոգման սեզոնի այս վերջին փուլի համար, եթե մենք դա մղեինք պոմպերով, ես հնչեցնեմ ձեր թույլտվությամբ թիվը, դա մոտավոր պետք է լիներ 35 մլն դրամի հոսանք։ Իսկ այդ 3 մլն խմ ջուրն ընդամենը 0,3 սմ է` մակարդակի բարձրացման հետ կապված։ Պետք է, իհարկե, իմ կարծիքով` այո, սրտացավ վերաբերմունք` Սեւանի հետ կապված, բայց այդ 3 միլիմետրը եւ 35 մլն դրամը... Ես ուրիշ թիվ էլ հնչեցնեմ։ Սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը` 20 օր մենք ջրառ չենք իրականացրել։

ԴԱՀԼԻՃԻՑ- Չկա տենց բան, սուտ եք ասում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ես ձեզ խնդրում եմ` արտահայտությունների մեջ կոռեկտ եղեք, հա՞: Սուտ ասելս ո՞րն է:

Վ.ՄԵԼՔՈՆՅԱՆ

-Ես ձեզ հայտարարում եմ հիդրոմետի պաշտոնական տվյալներ, որոնք ստուգվում են։ Եվ այդ ընթացքում, միեւնույն է` լճի մակարդակը 4 սմ նվազել է։ Հիմա, նույնիսկ այդ ջրառի պայմաններում, 3-րդ օրն է, որ ջուր ենք վերցնում, բայց նիշը չի իջնում։ Այնպես որ, տարօրինակ է այդ մակարդակի բարձրացում-իջեցումը։ Այսքանը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարցեր չեն կարող լինել ժամանակի պատճառով։ Մենք մեզ հատկացված ժամանակը սպառել ենք։ Ենթադրում եմ, որ ելույթներից հետո եզրափակիչ ելույթում կարող եք անդրադառնալ այն մտքերին, որոնք հնչեցին։ Շնորհակալություն։

Խոսքը տրվում է հարակից զեկուցող՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանին։ Խնդրեմ։

Մ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, տարածքային, տեղական ինքակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 14-ի նիստում մանրամասն քննարկվել է նախագիծը։ Հանձնաժողովի անդամները եւ ներկա գտնվողները լսել են թե՛ Կառավարության դիրքորոշումը, թե՛ նախագծի հեղինակի դիրքորոշումը, հարցեր են տրվել, պարզաբանումներ են տրվել, կայացվել է որոշում, եւ նախագծին տրվել է դրական եզրակացություն։ Ավելորդ չեմ համարի նշել, որ Սեւանա լիճն իր եզակի կենսաբազմազանության եւ որպես խմելու ջրի բնական պաշար ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունի ՀՀ համար եւ Սեւանա լճի արդյունավետ կառավարման եւ օգտագործման առանցքում մշտապես պետք է դիտարկել լճի էկոլոգիական հավասարակշռության պահպանման հույժ կարեւոր այս հանգամանքը։ Նախագիծն ուղղված է այդ մեծ կարեւորություն  ունեցող խնդրի լուծմանը, էական քայլ է այս ուղղությամբ։ Առաջարկում եմ կողմ քվեարկել, հնարավորություն ունեցանք նախագծի հեղինակին հարցեր մանրամասն ուղղել։ Այս առումով` ավելացնելու բան չկա։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցեր չեն կարող լինել։ Մտքերի փոխանակության համար կարող եք գրանց։ Կհասցնեք, մի շտապեք:

Միքայել Մելքումյան, համեցեք։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-ԱԺ հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, լայն առումով, ընդհանրապես, ես միշտ կողմ եմ եղել, որպեսզի տարբեր պրոբլեմներ իրար չհակադրվեն, օրինակ` սոցիալական պրոբլեմները չհակադրենք բյուջետային ծախսերի հնարավորություններին, այլ փորձենք օպտիմալացնել եւ այլ խնդիրներ, նույն ձեւով չհակադրենք Սեւանի լճի խնդիրները Արարատյան հարթավայրի գյուղացիական տնտեսությունների խնդիրներին։ Երեկ, երբ մի օրենքի նախագիծ էր քննարկվում` տեսանկարահանման, խոսք գնաց, թե ավտոկայանատեղերի, ճանապարհների վիճակը ոնց է։ Այս խնդրի լուծումը, պրն Կարապետյան, կապենք նաեւ պետության` ըստ փուլերի հնարավորությունների հետ։ Մեկ բան ակնհայտ է, որ մենք բոլորս գիտենք այդ 350 մլն խմ ջրի մասին։ Դա նշանակում է` այդ ջուրը գնացել է որոշակի շահերի սպասարկման։ Շահեր են սպասարկվել, որի, երեւի, ամենամեծ շահառուն եղել է, այսպես կոչված, ՀԷԿ-երի սպասարկումը։ Բայց դա մենակ ասում ենք։ Այսինքն՝ նոր իրավիճակում ես կարծում եմ` եւ Ջրային տնտեսության կոմիտեն, որը ջրի օգտագործողն է եւ՛ այլ մարմիններ այս օրենքի քննարկման շրջանակներում պետք է ներկայացնեին, թե դա փա՞ստ է, թե՞ չէ, կամ ինչքանո՞վ է փաստ, որովհետեւ կա գողության չափ կամ, մեղմ ասենք` ոչ արդյունավետ օգտագործման։ Հասկանանք` այդ ՀԷԿ-երի շահագրգռությունն ինչպես է շաղկապվել պետական կառավարման մարմինների գործունեության, նորից մեղմ ասած, արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու խնդրի հետ։ Թե՞, ուղղակի, դրա մասին մենք խոսում ենք, խոսում ենք, տենց գնում ենք։ Կամ կարող ենք ենթադրություններ անել, որ ՀԷԿ-ն օգտագործել են եւ այլն։ Սա` մեկ։

Երկրորդը. Արտակ Մանուկյանը դահլիճում չէ, դուրս եկավ, իհարկե, ես համամիտ եմ, որ պետք է մենք, անպայման, բնական գործոնի հետ հաշվի նստենք, տեսնենք, թե ինչպիսին է վիճակը, նաեւ ունենք գլոբալ տաքացում։ Այդտեղ էլ մենք չունենք, թե գլոբալ տաքացման ազդեցությունը, ընդհանրապես, մեր հանրապետության վրա ո՞ր կետում է, տարեցտարի մենք տեսնում ենք, որ ամառները, միգուցե, ավելի տաք են լինում կամ տաք ձմեռներ են լինում։ Ընդհանրապես, գլոբալ տաքացման խնդիրները ո՞նց են ազդում մեր երկրի հանրային կյանքի եւ տնտեսության վրա։ Բայց գլոբալ տաքացման մասին անսահմանափակ գործուղումների եւ անսահմանափակ կոնֆերանսների ենք մասնակցում։ Այս ամբիոնից մենք այդպես չունենք ներկայացված առայժմ, միգուցե, այլ հանձնաժողովներում կամ այլ ձեւաչափով, թե ո՞ր կետում ենք, որպեսզի այդ առաջիկա 5 կամ 10 տարվա  միտումները Հայաստանի համար հաշվի առնենք, այսինքն՝ էսօր որ մենք պլանկա ենք դնում, ես դեմ չեմ այդ պլանկան դնելուն, կոշտ գործիք է եւ ստիպում է պետական մարմիններին, որ ինքն այդ կոշտ պլանկայի մեջ տեղավորվի, դնում ենք, ասում ենք` դու տեղավորվիր։ Հիմա, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ելույթը ես պատկերացնում եմ, որ պետք է լիներ, թե ինքը տեղավորվո՞ւմ է էդտեղ, թե՞ չէ, կամ ինքը պետք է հիմնավորեր, որ չի տեղավորվում կամ ես տենց էլ չհասկացա, թե ինչ ասվեց այստեղ, այսինքն՝ այդ հարակից զեկուցումը, որ Կառավարությունը դեմ է։ Ես անձամբ չհասկացա, թե ո՞նց էիք դեմ։ Ես հասկանում եմ, որ ինքը պետք է հիմնավորեր, որ այդ անարդյունավետ օգտագործումը, կորուստների չափը, ջրատարների մաքրումը, խորքային հորերի մեջ մակարդակի բարձրացումը, փակված հորերի մակարդակի բարձրացումը։ Ես հիշում եմ, որ մի 5-6 տարի առաջ 12 մետրով իջել էին, էդ ցուցանիշը կար: Հիմա չգիտեմ` 12 է, թե՞ ավելացե՞լ է, թե՞ հակառակը` 7-8 է, թե՞ 10։ Կոմպլեքս պետք է ներկայացվեին այս բոլոր գործոնները, որպեսզի հասկանանք` դուք հնարավորություն ունե՞ք ձգվել, քաշել դեպի այդ 170 մլն-ը թե՞ չէ, թե՞ անհնար է ջրի անարդյունավետ օգտագործման դեմ պայքարել։ Հիմա ձեր գործը ո՞րն է. օգտագործելը, բայց օգտագործել նաեւ պայքարելով, որպեսզի արդյունավետ լինի։ Այսինքն՝ մենակ չպետք է ծախսեք, էլի, պետք է նաեւ օպտիմալ համակարգ գործարկվի ջրային համակարգում, որպեսզի մենք բավարարենք այդ պլանկան։ Այդ առումով` իմ վերջնական եզրակացությունն այն է, որ Կառավարության դեմ կարծիքը` փաստերով փաստագրված, թե ինչո՞ւ չի տեղավորվում 170-ի մեջ չկա, գոյություն չունի։ Եթե եզրափակիչ ելույթում կասեք, ես սիրով կլսեմ, որպեսզի եզրակացություն անեմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար՝ Նարեկ Մկրտչյան՝ «Իմ քայլը» դաշինք։ Խնդրեմ։

Ն.ՄԿՐՏՉՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք հույժ կարեւոր հարց, որը վերաբերում է մեր երկրի կենսամշակույթի կարեւոր դերակատարներից մեկին՝ Սեւանա լճի ճակատագրին։ Ես ցանկանում եմ կարեւորել պրն Կարապետյանի այս նախագիծը, քանի որ, ինչպես իմ գործընկերն ասաց, չպետք է Սեւանա լիճը, ուղղակի, դիտարկել զուտ որպես ջրային ռեսուրս, որը տարիներ շարունակ, ուղղակի, լափվել է։ Հիմա պետք է մենք լուրջ քայլեր ձեռնարկենք, որպեսզի Սեւանն իբրեւ ջրային ռեսուրս դիտարկելու մոտեցումը փոխենք։ Ռեսուրս ունենալու կամ չունենալու եւ չզարգանալու կամ զարգանալու մասին հին հույների մոտ հետաքրքիր ավանդույթ կար։ Ասում էին՝ մենք զարգացանք, որովհետեւ ոչ մի ռեսուրս չունեինք։ Հայերը չեն կարող զարգանալ, որովհետեւ նրանք ունեն բավականին շատ բնական ռեսուրսներ։ Իսրայելը զարգացավ, որովհետեւ ոչինչ չուներ, սկսեց արտադրել ջուր, աղազերծել ծովի ջուրը եւ օգտագործել ամենատարբեր նպատակներով։ Հիմա մենք մեզ հայտարարել ենք իբրեւ տեխնոլոգիական ազգ, եկեք բարի լինենք գնալ գտնելու տեխնոլոգիական լուծումներ, այլ ոչ թե շարունակենք նորից վատնել, օգտագործել այն բնական ռեսուրսը, որ մեզ նվիրել է բնությունը։ Սեւանը չպետք է դիտարկենք որպես զուտ ջրային ռեսուրս։ Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին կողմ քվեարկել  նախագծին։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Վիկտոր Ենգիբարյան, խնդրեմ։

Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, քննարկում ենք Սեւանից ջրառին սահմանափակում դնելու հարցը եւ մեր Կառավարությունը, փաստորեն, դեմ է արտահայտվում այս հարցին, իսկ ԱԺ-ը հենց նրա համար է, որպեսզի հարցը դիտարկի` ոչ միայն ներգերատեսչական շահերից ելնելով, այլ հարցի ամբողջական, գլոբալ կոնտեքստի մեջ։ Եթե այս արգումենտները, հարգելի Կառավարության ներկայացուցիչ, բերվեին այն բոլոր քայլերից հետո, երբ մենք կկրճատեինք կորուստները եւ այլն, այսինքն՝ այդ բոլոր աշխատանքները տարվեին, մենք կարող էինք այստեղ խոսել նաեւ գյուղատնտեսական մարզի ջրի պաշարների մասին, ոռոգման ջրի խնդիրների մասին։ Բայց այսօր մենք խոսում ենք ամենապարզ լուծման մասին։ Այսինքն՝ մենք ասում ենք` եկեք թողնենք ամեն ինչ ոնց որ կա, Սեւանից ինչքան պետք է, ինչքան հնարավոր է` ջուրը կհանենք, Արարատյան դաշտավայրի խնդիրները կլուծենք, որը մեզ համար ընդունելի չէ, ԱԺ-ի համար ընդունելի չէ, եւ այս նախագիծը ողջունելի է։

Սեւանը պետք է նաեւ գլոբալ կոնտեքստի մեջ այս խնդիրը, օրինակ` շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի Սեւանը։ Ավելորդ է մի քանի թվեր բերել, որպեսզի մեր քաղաքացիների համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Հարյուր հազարավոր հայաստանցիներ մեկնում են Վրաստան, Սեւ ծով` հանգստանալու։ Մինչդեռ Վրաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը, անկեղծ ասած, վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ տեսել վրացի զբոսաշրջիկի։ Եվ չասեք, թե պատճառը նրանում է, որ Սեւանի բնակլիմայական պայմաններն ավելի քիչ նպաստավոր են, որովհետեւ Սեւ ծովի նման ափեր ունեն շատ ավելի լուրջ մրցակից ափեր, իսկ Սեւանը` որպես այդպիսին, ունիկալ է իր բազմազանությամբ, իր գեղեցկությամբ, իր հնարավորություններով։ Բայց մեր ներդրողը, որը պետք է գա ու Սեւանը զարգացնի, նույնիսկ չգիտի, թե որտեղ է սկսվում ու ավարտվում Սեւանի ափը։ Այսինքն՝ երբ մարդը գա եւ ուզենա հյուրանոց կառուցել, ինքը չգիտի` մի քանի տարի հետո այդ ջուրը գալու է, իր հյուրանոցը մնալու է ջրի տա՞կ, թե՞ հակառակը, ափն այնքան կհեռանա, որ իր հյուրանոցն արդեն անիմաստ կլինի։ Իսկ մենք արդեն վերջին շրջանում ունենք տուրիստական հոսքերի մեծ աճ։ Հատկապես, օրեր առաջ հայտնի դարձավ արդեն Logo star էժան թռիչքների մուտքը Հայաստան, ինչը ենթադրում է էկոնոմ կլասի տուրիստների մեծ հոսք ապագայում, այսինքն՝ երիտասարդության, խնայողական, քիչ ծախսող տուրիստների ներհոսք, որը պետք է պարտադիր ուղեկցվի, այսպես ասած, ափամերձ տուրիզմով։ Այսինքն՝ եկեք Սեւանի հարցը դիտարկենք լայն կոնտեքստում։ Սա նաեւ թող ուղերձ լինի ընդհանուր քաղաքականությունն իրականացնողներին, որ Սեւանը պետք չէ դիտարկել որպես ջրառի տեղ, ջրամբար, որովհետեւ Սեւանը դիտարկել որպես ջրամբար` նույնն է, որ մենք անտառների մասին խոսենք միայն փայտահատության կոնտեքստում կամ սոցիալական խնդիրներ լուծելու համար, ասենք՝ ժողովուրդ ջան, գնացեք բանկերը թալանեք, որպեսզի սոցիալական խնդիրներ չունենաք։ Այսինքն՝ սա լուծում չէ։ Մյուս կողմից, ճիշտ է, ես բնապահպան չեմ, բայց մի բան եմ հասկանում։ Այստեղ շատ խոսվեց կլիմայական փոփոխությունների մասին։ Այո, սա մարտահրավեր է, բայց այս մարտահրավերն իր լուծումն ունի։ Խոշորամասշտաբ անտառապատումները կարող են փոխել Գեղարքունիքի մարզի էկոհամակարգը, եւ մենք այս ճանապարհով այս մարտահրավերը կկարողանանք ապագայում լուծել։ Բայց սրանք խնդիրներ են, որոնց մասին մենք հիմիկվանից սկսած պետք է խոսենք, եւ, իհարկե, օրենքին ես պատրաստ եմ կողմ քվեարկել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար՝ Գեւորգ Գորգիսյան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախ` մի փոքր դիտարկում։ Պրն Կարապետյան, ես առաջարկություն չարեցի, ես ուղղակի ասում էի, որ եթե 2-րդ պարբերությունը մնում է, օրենքը դառնում է բացարձակ անիմաստ, մտածեք այդ մասին։

Հիմա, թվերով միֆ պիտի մի փոքր փորձեմ կոտրել։ Ջրառը երբեք չի ազդել ու այսօր էլ չի ազդում Սեւանի մակարդակի վրա։ Սեւանի մակարդակի բարձրացումը եւ իջեցումը միշտ պայմանավորվել է Արփա-Սեւանով, այնտեղ թողնվող ջրի քանակով։ Եվ հենց հիմա ես թվերով դա բերեմ։ Օրինակ, 2008 թ. որը հիմնավորման մեջ նշել էիք որպես տարի, երբ 303,69 մլն խմ ջուր է վերցվել Սեւանից, այդ տարի մենք ունեցել ենք Սեւանի մակարդակի բարձրացում, որովհետեւ Արփա-Սեւանով ունեցել ենք 192,43 մլն խմ ներհոսք այն դեպքում, երբ տարին եղել է չորային։ Ավելի քիչ տեղումներ, ավելի քիչ գետերից ներհոսք, այդ ամենը թվերով կա, վերցված է ԱԻՆ-ի Հայհիդրոմետի պաշտոնական թվերից։ Նույնը` մինչեւ 2011 թ., եթե մենք նայում ենք, ջրառը գրեթե նույնն է, բացառությամբ 2008 թ., բայց մենք ունեցել ենք աճ, որովհետեւ Արփա-Սեւանից բացթողումներ են եղել բավականին մեծ թվով։ Չնայած շատ քիչ դեպքերում է հասցվել սահմանված 250 մլն խմ-ին, դա եղել է միայն մինչեւ 2002, 2003, 2004, 2005 թ., դրանից հետո սկսել է նվազել։ 2011 թ., երբ այլեւս չի բարձրացել Սեւանի մակարդակը կամ շատ չնչին է բարձրացել, մենք ունեցել ենք կրկին 170-ին մոտ ջրառ, որոշ դեպքերում, կրկին` երաշտային տարիներին, ինչպես 2012 թ., 2014 թ., ունեցել ենք ավելի շատ ջրառ, բայց այս դեպքում չի բարձրացել Սեւանի մակարդակը, որովհետեւ Արփա-Սեւանից անհամեմատ ցածր մակարդակի ջուր է լցվել Սեւան։ 250 նախատեսվածի փոխարեն` 77, 130, 132, 2011 թ.՝ 53։ Եթե մենք ուզում ենք, իրոք, Սեւանի խնդրին լուծում գտնել, պետք է նախ` խնդիրը հասկանանք։ Իսկ այդ խնդիրը պայմանավորված է Արփա-Սեւանով։ Եթե մենք ուզում ենք Սեւանի մակարդակը բարձրացնել, մենք պետք է մտածենք, թե Արփա-Սեւանն ինչո՞ւ 250 խմ չի կարող ջուր թողնել Սեւան, ինչո՞ւ է միշտ ավելի ցածր եղել։ Միգուցե, այնտեղ վերանորոգման կարիք կա՞, դրանով զբաղվե՞նք։ Բերել ենք, փաստորեն, մի նախագիծ, որը ոչ մի խնդիր չի լուծում։ Մեծ աղմուկ է անում, բոլորս գովում ենք` վայ, ապրենք, մտածում ենք Սեւանի մասին, բայց, փաստորեն, Սեւանի խնդիրը նույնիսկ պարզաբանված չէ, թե ինչի՞ց է ջուրը նվազում կամ բարձրանում, բայց ուզում ենք լուծում տալ մի նախագծով, որը ոչ մի բանի մասին է, ունենալու է տնտեսական չկանխատեսելի հետեւանքներ, որովհետեւ հիմնավորման մեջ որեւէ խոսք չկար այդ հետեւանքների մասին եւ բնավ որեւէ կերպ չի նպաստում Սեւանի խնդրի լուծմանը։ Մենք պետք է Արփա-Սեւանի մասին մտածենք եւ ոչ թե ջրառը սահմանափակելու մասին, որովհետեւ, կրկնում եմ, թվերը կարող եմ տրամադրել, հրապարակել, որեւէ կերպ ջրառը որեւէ տարի չի ազդել Սեւանի մակարդակի վրա։ Սեւանի մակարդակը բարձրացել է, երբ Արփա-Սեւանից շատ ջուր է մտել, չի բարձրացել կամ նվազել է, երբ այդ ջրի մակարդակը քչացել է։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար՝ Սերգեյ Բագրատյան, խնդրեմ։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մենք կարեւոր մի գործընթացի սկիզբ ենք դնում, եւ պրն Կարապետյանի նախագիծը շատ կարեւոր փաստաթուղթ է, որ բոլորս միասին պիտի աշխատենք` գտնելու Սեւանա լճի փրկությունը։ 1974 թ. Սեւանի մակարդակն իջել էր 18 մետրով։ Այսինքն՝ ջրի ծավալի 37 տոկոսը կորցվել է։ Եվ Կառավարությունը շատ մեծ ջանքերի գնով աստիճանաբար փորձել է բալանսի բերել ջրի մակարդակը։ 1903,5 մետրը նվազագույն մակարդակն է, որում լիճը կարող է գոյատեւել։ 2002-2011 թթ. բնության հրաշքի շնորհիվ, երեւի, Սեւանի ճիչ, Աստված լսեց, եւ այդ առատ տեղումների հաշվին հնարավոր եղավ 3,5 մետրով 10 տարվա ընթացքում Սեւանի մակարդակը բարձրացնել։ Դա միայն ամենազոր Աստծու գործն էր։ 2012թ. Կառավարությունը սկսեց անհանգստանալ, որ սա, հավանաբար, բոլոր ափամերձ դղյակները կծածկի այս տեմպով շարունակվելու դեպքում եւ ջրի մակարդակի կասեցման որոշում ընդունվեց եւ ահռելի քանակով սկսեցին ջուր բաց թողնել Սեւանից, որի հետեւանքով մինչեւ 2018 թ. Սեւանի մակարդակը բարձրացավ ընդամենը 25 սմ-ով՝ առանձին տարիներ բացասական բալանս գրանցելով։

Ինչ վերաբերում է Որոտան-Արփա-Սեւանին, ես ընդմիջմանը մոտեցա պրն Մելքումյանին ու բացատրում էի, որ Որոտանից ոչ մի լիտր ջուր չի հոսել Սեւան։ Կեչուտի ջրամբարն Արփա լցվում, թունելով գալիս է, բայց դա շատ քիչ է։ Եղել են տարիներ, երբ չնչին քանակով է եկել։ Բայց ի սկզբանե նախատեսված է եղել, որ Որոտանից` Սպանդարյան ջրամբարից պիտի գա Կեչուտի ջրամբար, Արփան էլ լցվի Կեչուտի ջրամբար, միասին Սեւանի թունելով գնան, Սեւանը բացասական բալանսից հանեն այդ վիճակից։ Սա է եղել Արփա-Սեւանի նպատակը։ Ժողովրդի մեջ Արփա-Սեւան հասկացությունը կա, բայց, իրապես, այս համակարգը Որոտան-Արփա-Սեւանն է` Սպանդարյան ջրամբար-Կեչուտի ջրամբար-Սեւանա լիճ։ Բայց, եթե Սպանդարյան ջրամբարից Կեչուտի ջրամբար ոչ մի լիտր ջուր չի եկել, Կեչուտի ջրամբարն էլ ընդամենը 23 մլն խմ է, որից մեռյալ մնացորդ գոյություն ունի, այսինքն՝ չնչին ջուր պետք է գնա Սեւան, սա է հիմնական պատճառը, ճիշտ նշեց իմ գործընկերն այդ իմաստով։ Հիմա, այս ծրագիրը, որ պետք է Սեւանի լճի մակարդակը չբարձրանա, այս որոշումն ընդունվել է դեռեւս 2006 թ.։ Եվ սրա հիմքը դրվել է, երբ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը հանձնվեցին Սեւան-Հրազդան կասկադի 7 էներգետիկ կայանները, եւ պետք էր հուսանք արտադրել։ Եվ որպեսզի այդ գինը բարձրանար, գործարար ծրագրում նշվել էր, որ Սեւանին բաց էր թողնվելու 350 մլն խմ ջուր ամեն տարի։ Այս հաշվարկով են այս բաժնետոմսերը կարողացել վաճառել։ Այսինքն՝ եթե գնորդն իմանար, որ Արփա-Սեւանից ջուր բաց չի թողնվելու, սկզբից 25 մլն դոլարով էին վաճառում այդ կասկադը, չգիտեմ` վերջում ինչ գնով կարողացան վաճառել, բայց գործարար ծրագրի հիմքում դրվել է այդ պարտավորությունը, որ 350 մլն խմ ջուր բաց կթողնեն, եւ լրիվ ծախսն արդյունավետ կդառնա, այսինքն՝ ներդրված գումարի վերադարձելիությունը կկազմի, ընդամենը, 3 տարի։ Այս հաշվարկը եղել է հիմքում, եւ Կառավարությունը պարտավորվել է դա անել։ Ես չեմ կարող հայտարարել, բայց ես դրա մեջ ողջամիտ կասկածներ ունեմ, որ կարող են նաեւ կոռուպցիոն ռիսկեր լինել։ Արդյունքում մենք ունենք աղետալի վիճակ, եւ այս նախագիծը ճիշտ ժամանակին է։ Ես առաջարկում եմ ոչ միայն կողմ քվեարկել, այլեւ իջեցնել մակարդակը 120 մլն խմ, որովհետեւ, եթե այն ժամանակ 120 մլն խմ բավարարել է, հիմա այդքան գյուղացիներ դուրս են եկել երկրից, ավելի քիչ տնտեսություններ կան, ինչո՞ւ պիտի հիմա 170-ը չբավարարի։ Այստեղ ես նորից շահեր եմ տեսնում։ Առաջարկում եմ կողմ քվեարկել  նախագծին։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Գուրգեն Բաղդասարյան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։

Գ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Իմ ձեռքի տակ հիմա կա մի գրաֆիկ, որտեղ մատնանշված է Սեւանա լճի ջրի մակարդակն ըստ տարիների եւ պարզ հաշվարկով երեւում է, որ ջրի բարձրացումը եւս 20 է, այսինքն՝ մինիմալ շեմը 20 է, 20-ից ավելի բարձրացման դեպքում որ ճանապարհը ջրածածկ եղավ, Կառավարությունը պատրա՞ստ է այդ ճանապարհին գումար տրամադրել հենց հաջորդ տարի։ Միգուցե, այսօր Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացնենք եւ ճշտենք` մյուս տարի Կառավարությունն ի վիճակի՞ է այդ ճանապարհը կառուցել։ Սա` հարցի առաջին մասը։

2-րդ մասը. կուզենայի անդրադառնալ, որ դուք անընդհատ նշում եք` այդ ստորգետնյա ջրերից օգտվեն գյուղացիները։ Ստորգետնյա ջրերից օգտվելու դեպքում, կարծում եմ` պարզ է, որ հոսանքի գինը թանկ է եւ ապրանքի գինը, ինքնըստինքյան, բարձրանալու է։ Հիմա ստացվում է, որ մենք գյուղացուն անընդհատ ստիպենք, որ ինքնահոսի տեղը հոսանքով ստացված ջրով այգիները ոռոգեն եւ վերջում հայտնվեն կոտրված տաշտակի առաջ։ Այսինքն՝ թանկ ապրանքով ինքը մնա իր ապրանքի հետ։ Այդ իրացվելիությունը ո՞նց է լինելու։ Կարծում եմ` այս հարցի լուծումը զուտ Սեւանի խնդրի կառավարման մեջ է, ոչ թե ջրառով պետք է այս հարցը լուծել։ Եթե կա մի մոդել, որ կառավարումով կարող ենք այս հարցի լուծումը գտնել, խնդրեմ, եկեք քննարկենք եւ այդ ձեւով  լուծենք հարցը, բայց չթողնենք, որ գյուղացին ստիպված հոսանքով ոռոգի այգիները, հետո թանկ ապրանք ստանա ու չկարողանա իրացնել։

Հաջորդն ասեմ. Կառավարությունն էլ մի կողմից անընդհատ հորդորում է գյուղացիներին նոր այգիներ մշակել։ Այս հարցի պատասխանն էլ պետք է տալ, թե այդ նոր այգիների դեպքում ջուր որտեղի՞ց են վերցնելու։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ծովինար Վարդանյան։

Ծ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, տվյալ նախագիծը, որը միտված է Սեւանի ավազանի ջրի մակարդակի պահպանմանը, ինձ մոտ մի փոքր մտահոգություն է առաջացնում այն հարցով, որ հիմիկվա օրենքից սկսենք, թե ի՞նչ է այն ենթադրում։ Ենթադրում է, որ ամեն անգամ, որպեսզի 170-ից ավելի ջուր բաց թողնենք Սեւանից, Կառավարությունը ներկայացնում է հիմնավորումը, թե ինչու է պետք, ենթադրենք` անհաջող, երաշտ տարի է եւ այլն, եւ ԱԺ-ն իրավունք ունի մերժել կամ չմերժել այդ հայցը` ավելի ջուր բաց թողնել։ Հիմա մենք սահմանափակում ենք այս գործիքը` առանց հաշվի առնելու այն հնարավոր տնտեսական աղետ չասեմ, բայց հնարավոր ինչ-որ վատ ազդեցությունները, մենք մեզ սահմանափակում ենք։

Մյուս կողմից` մի բան, էլի. երբ նման բաներում մենք սկսում ենք շեշտը դնել, որ պոմպակայաններն աշխատեն, ինչից ավելի հոսանք է ծախսվում, բնականաբար, գուցե, ավելի ճիշտ է, որպեսզի այդ գումարները, որոնք հոսանքի վրա են գնում, սկզբում գնան համակարգի բարեկարգմանը, հետո, երբ մենք կունենանք այն համակարգը, որ կհասկանանք, թե ջուրը որ ջրանցքներով ինչքան կորուստով է հոսում, եւ  ցանկալի է` առանց կորուստ հոսում, այդ ժամանակ նոր դնենք այդ սահմանափակումը։ Ես կարծում եմ, որ օրինագիծը լավն է, բայց այս պահին, ըստ իս, ժամանակավրեպ է, ու այն, որ մենք չենք կարող երբեք սոցիալական հարցերն ավելի ցածր դասել բնապահպանական հարցերից։ Ես կարծում եմ` իրենք պետք է հավասարակշռված լինեն եւ մտածված։ Նման օրինագծերը, ընդհանուր առմամբ, կարծում եմ`  էդ 170 մլն էլ, պրն Բագրատյան, այո. գուցե, 170 մլն-ը չի թույլատրելի, գուցե, 100 մլն-ն է, բայց այդ ամեն ինչը պետք է հաշվարկել, հստակ հասկանալ, որովհետեւ այդ 170 մլն-ն էլ թույլ տալով` մենք թույլ ենք տալիս անկաշկանդ ամբողջ 170 մլն-ից օգտվել։ Նման սահմանափակումը թույլ է տալիս։ Իսկ, գուցե, պետք չէ՞ 170 մլն-ը։ Այսքանը, շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Արգիշտի Մեխակյան, նախապատրաստվի Արտակ Մանուկյանը։

Ա.ՄԵԽԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քանի որ ժամանակի սղության պատճառով հարակից զեկուցողին հարց տալու հնարավորություն չընձեռվեց, այս ելույթը կօգտագործեմ` հարց տալու Ջրային կոմիտեի ներկայացուցչին։ Գիտենք, որ Սեւանի ջուրն Արարատյան դաշտ տեղափոխող մայր առուները եւ ջրանցքները բավական վատ վիճակում են։ Դրանց մի մասի բետոնե ծածկույթը կամ էականորեն վնասված է կամ, ընդհանարապես, գոյություն չունի, ինչն ահռելի քանակությամբ ջրի կորուստի է բերում։ Հարցս հետեւյալն է. արդյո՞ք Կառավարությունն ունի համալիր ծրագիր, որպեսզի վերանորոգվեն կամ վերականգնվեն այդ ջրանցքները եւ մայր առուները, որոնցով Սեւանի ջուրը տեղափոխվում է Արարատյան դաշտ ոռոգման նպատակով։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Մանուկյան, խնդրեմ։

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Հարգարժան գործընկերներ, հարգելի նախագահող, այն համատեքստում, որ քննարկում ենք համակարգային, հատվածավորված, մենք հիմա քննարկում ենք մի հատված, որը, այնուհանդերձ, համակարգային տեսանկյունից մեր երկրի ապագայի հետ է առնչվում։ Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ քննարկումը թերի է։ Փորձեմ հիմնավորել։ Կարծում եմ, որ այստեղ պետք է լիներ նաեւ շրջակա միջավայրի նախարարությունը, քանի որ ես հիմա արդյունքային ցուցանիշներն եմ նայում, պրն Մելքոնյան, ես մանրամասն կփորձեմ նաեւ ձեր արած դիտարկումներին անդրադառնալ։ Տեսեք, կարծիքներ են հնչում, ասում ենք` մենք պետք է պոմպակայանների միջոցով իրականացնե՞նք, թե՞  արդյունքի հիմքում ընկնի Սեւանի մակարդակի բարձրացումը։ Սա ի՞նչ է ենթադրում։ Սա ենթադրում է ռազմավարություն։ Ռազմավարությունը ենթադրում է արդյունքային ցուցանիշներ։ Ես ինձ հետ բերել եմ շրջակա միջավայրի նախարարության արդյունքային ցուցանիշները, փորփրում էի, ուզում էի սրա պատասխանը ստանալ` Կառավարությունն ի՞նչ տեսլական ունի այս երկու մոտեցումների մասով։ Եթե ունեք տեսլական, որ մակերեսը պետք է բարձրանա, ապա ես պետք է այստեղ տեսնեմ։ Եթե ունենք տեսլական, որ մենք նվազագույն ջրառի կամ ջուր բաց թողնելու մոտեցում պետք է ունենաք, ես այստեղ պետք է տեսնեմ։ Բայց այստեղ Սեւանի մասով ընդամենը գրված է` տնկիներ, էս, էս, էս, եւ մի հատ էլ, բառացի ասեմ` ինչ էր գրված. բարենորոգման տոկոս։ Այդ բարենորոգումն ի՞նչ է իրենից ներկայացնում։ Եթե այս հարցադրումները չկան, բա մենք ո՞նց ենք 2020թ. բյուջե նախագծում` տեսնելու, թե ի՞նչ ռազմավարություն է Կառավարությունն առաջարկում հետագա աշխատանքների համար։ Այսինքն՝ սա լրջագույն հարց է, որը, առնվազն, պետք է հանրային լայն քննարկման առարկա դառնա։

Հիմա, ձեր ասած դիրքորոշումները։ Ասում եք` գլոբալ տաքացում կա։ Ճիշտ եք ասում, գլոբալ տաքացում կա, իսկ ինչո՞ւ չենք խոսում կորուստի ցուցանիշների մասին, որը գլոբալ առումով, ընդհանրապես, համադրելի չէ Արեւելյան Եվրոպայի երկրների ցուցանիշների հետ, ինչո՞ւ չենք խոսում, ընդհանրապես, գյուղատնտեսության բնագավառի հավելյալ արժեքի մասին, որ մենք ապագայում ակնկալում ենք կաթիլային, ավելի բարձրարժեք գյուղատնտեսություն։ Չէ ո՞ր սրանք էլ ազդող գործոններ են։ Այսինքն՝ այս ամենով հանդերձ` ես գտնում եմ, ակնկալում եմ, որ ձեր մոտեցումները պետք է արտացոլված լինեն ձեր արդյունքային ցուցանիշներում։ Որեւէ մոտեցում, որը տեսլական կտա հանրությանը կամ ԱԺ պատգամավորին, թե այս երկու մոտեցումներից դուք ի՞նչ եք ակնկալում, ես չեմ տեսնում, եւ օրինակ` առաջարկում եմ դուք հիմա այդ տեսլականով ասեք՝ մենք ամեն տարի կարո՞ղ ենք ակնկալել, օրինակ` որպես ցուցանիշ` Սեւանի մակարդակի 0,5 տոկոսի ավելացում։ Եթե սա է մեր գերնպատակը, սրանից ածանցվում են մեր այն գործողությունները, որ մենք օրենսդրորեն պետք է ընդունենք։ Հակառակ դեպքում ակնհայտ է, որ ես պետք է կողմ քվեարկեմ, որովհետեւ չեմ հասկանում, թե ձեր հակադարձ մեսիջը ո՞րն է։ Ոչինչ չանելը  հակադարձ մեսիջ չէ։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Սուրեն Գրիգորյան, նախապատրաստվի Սերգեյ Ատոմյանը։

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ընդհանրապես, այն հարցերով, որոնց մասնագիտական անգամ մոտավոր չեմ տիրապետում, ես աշխատում եմ ելույթ չունենալ եւ հենվել լսածս ելույթների, հարց ու պատասխանի վրա։

Հիմա հասկանում եմ սենց. պրն Կարապետյանի նախագծի հիմքում այն պնդումն է, որ եթե այս սահմանափակումը չի դրվում, Սեւանից իրականացվում է անիմաստ ջրառ կամ կարող է իրականացվել, ճի՞շտ եմ հասականում։

Պրն Մելքոնյան, ես, անկեղծ, մի քիչ վատ եմ զգում, նաեւ տարիքային տարբերությունը հաշվի առնելով, սա ասելու համար, բայց ես չեմ հասկանում ձեր հակափաստարկները։ Պրն Մանուկյանի ասածին երկրորդելով` ես վստահ եմ, որ ցանկացած թեմա, անկախ նրանից մարդիկ դրա մեջ մասնագետ են, թե մասնագետ չեն, կարելի է այնքան պարզ ներկայացնել, որ անգամ ոչ մասնագետը գոնե խնդրի ֆակտուրան ընկալի, եթե ոչ մանրամասնությունները։ Հիմա, դուք ասում եք, որ դեմ եք, Կառավարությունը դեմ է արտահայտվում, բայց փաստարկը ո՞րն է. այս սահմանափակումը կարող է մի իրավիճակում անհարկի նենց լինել, որ մենք հայտնվենք ինչ-որ վատ իրավիճակում։ Շատ պարզագույն տերմինաբանությամբ եմ ուզում հասկանալ, թե ո՞րն է հակափաստարկը։ Խնդրում եմ ձեր եզրափակիչ ելույթում սրան անդրադառնալ, որովհետեւ Ծովինար Վարդանյանն էլ` մյուս կողմից, որպես տնտեսական բլոկի ներկայացուցիչ, ասում է` ջրառի հնարավոր չափը սահմանված է այսօր էլ, առանց այս նախագծի, լրացուցիչի համար մեկ է` պետք է գան ԱԺ, ճի՞շտ է։ Եթե մեկ է` պետք է գան ԱԺ, էլ ինչո՞ւ ենք մի հատ էլ ավելի շատացնում այդ սահմանափակումը, հենա` կգան, կտեսնենք` հիմնավոր է, կթողնենք, հիմնավոր չէ` չենք թողնի։ Է՞դ է ասածը: Տեսեք, բայց դրան հակափաստարկ էլ մյուս կողմից, իրոք, կա, որն ինձ համոզիչ է թվում։ Ո՞րն է։ Պրն Կարապետյան, կխնդրեմ, որ դուք էլ հաստատեք, որ ձեր ասածն է։ Այս ելույթս կոորդինատների ճշտում է, ես ուզում եմ հասկանալ` ճի՞շտ եմ հասկացել, թե՞ ոչ։ Մյուս կողմից` ասում եք, որ եթե մինչեւ կոնկրետ կրիզիսի առաջացումը նորմալ մենենջմենտ չարվի, այդ պահին գան, կարող է` այդ պահին հիմնավոր էլ լինի, ասենք` իրոք, մենք տարբերակ չտեսնենք` այդ պահին թույլ չտալու։ Բայց այստեղ խնդիրն այն չէ, որ այդ պահին հիմնավոր է, թե չէ, խնդիրն այն է, որ երբ այս ոլորտը համակարգող մարմինը գիտի, որ հեչ որ չլինի` Սեւանից կարող ենք վերցնել, իմ տպավորությունը դա է, ինքը նորմալ չի կարողանալու կառավարել եւ մենենջմենտ անել, որովհետեւ ինքը գիտի, որ այդ անվտանգության բարձիկը կա, իսկ սենց ինքն իրեն սահմանափակված է զգում, ամեն դեպքում, նենց է իրականացնելու, որ այդ կրիզիսն էլ չլինի, Սեւանից էլ պետք չլինի ջուր վերցնել։ Ճի՞շտ հասկացա։ Հիմա, խնդրում եմ ձեր եզրափակիչ ելույթում ինձ այս կոորդինատների մեջ կողմնորոշել, ես հասկանամ` այս հարցում ոնց եմ քվեարկում։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Սերգեյ Ատոմյան, նախապատրաստվի Թագուհի Թովմասյանը։

Ս.ԱՏՈՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Կարապետյան, իրապես, մի շատ կարեւոր հարց ենք քննարկում։ Ես այդ հարցի վերաբերյալ երկընտրանքի առաջ եմ, կարծես, կանգնած։ Մի տեսանկյունից` դիտում եմ Սեւանի ավազանի շատ կարեւոր նշանակությունը մեր երկրի համար, երկրորդ տեսանկյունից` որպես Արարատի մարզի բնակիչ` մտածում եմ եւ հիշում եմ այն պահերը, երբ ջուր չլինելու պատճառով մարզի բնակիչները, Արարատյան դաշտավայրը կանգնում են խնդիրների առաջ եւ փորձում եմ հասկանալ: Կառավարության ներկայացրած տեսակետը, ճիշտն ասած, ես չհասկացա այն պատճառով, որ ձեր հակափաստարկը ո՞րն էր, որ համաձայն չեք 170 մլն խմ ջուր բաց թողնելուն։ Մենք հետզհետե, կարծես, Կառավարության ծրագրերով գնում ենք ջրամբարների կառուցման, կաթիլային ոռոգման, որի արդյունքում պետք է ավելի պակաս ջուր օգտագործենք եւ ավելի խնայողաբար օգտագործենք մեր ջրային ռեսուրսները։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ պատճառով է, որ դուք չեք համաձայնվում այդ 170 մլն խմ-ի հետ այն դեպքում, երբ պրն Կարապետյանը, եթե չեմ սխալվում, նշեց, որ երաշտի դեպքում հնարավորություն է ընձեռնվում հավելյալ ջուր վերցնել։ Խնդրում եմ ձեր եզրափակիչ ելույթում նույնպես նշել, որ կարողանանք հասկանալ եւ կողմնորոշվել քվեարկելիս։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Եվ վերջին ելույթի համար՝ Թագուհի Թովմասյան, խնդրեմ։

Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահություն, սիրելի քաղաքացիներ, պրն Կարապետյան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագիծը ներկայացնելու համար, որովհետեւ սա կոտրում է այն կարծրատիպը, որ մինչեւ այժմ մենք ունեցել ենք Սեւանա լճի նկատմամբ այդ վերաբերմունքը։ Այն է՝ մենք մշտապես անփույթ ենք վերաբերվել մեր միակ քաղցրահամ ջրի ամենամեծ ռեսուրսի նկատմամբ։ Եվ ուզում եմ այս կարեւորությունը նախանշելով, այնուամենայնիվ, արձանագրել այն, որ Կառավարության դիրքորոշումը, որը բացասաբար է տրամադրված այս նախագծի մասով, ըստ էության, հիմնավորումների մասին իմ գործընկերները խոսեցին, որ չկան, բայց այսպիսի իրավիճակ կարող է լինել։ Իհարկե, կարող ենք ասել, որ Սեւանա լճից ջուր բաց թողնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` հնարավոր է, որ նորից մտնի Կառավարությունը եւ նույնիսկ այս օրենքի սահմանափակման դեպքում լրացուցիչ ջրառ խնդրի։ Իհարկե, այդպես եղել է եւ այդպես կարող է լինել, բայց այստեղ վստահությունն այն է, որ, իսկապես, ամենատարբեր հաշվարկներով` 170 մլն խմ ջուրը լիուլի բավարար է, եթե երաշտ չէ, այսինքն՝ լրացուցիչ խնդիրներ չկան։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ կարող է խորհրդարան մտնել եւ խորհրդարանը նորից թույլ տա կամ չտա, տարիները ցույց են տվել, որ բոլոր խորհրդարանները թույլ են տվել լրացուցիչ ջրառ այն հիմնավորմամբ, որ Արարատի մարզը մենք չենք կարող թողնել անջրդի, եւ սա խնդիր է, ու մենք պետք է Սեւանի հաշվին լուծենք։ Մինչդեռ, մենք տարիներ շարունակ խնդիր ենք ունեցել եւ արձանագրել ենք նաեւ, որ տարիներ շարունակ մենք ունեցել ենք ջրային ռեսուսրների վատ կառավարման ավանդույթ։ Եվ այդ ավանդույթը, ըստ էության, բացասաբար է անդրադարձել Սեւանա լճի նկատմամբ։

Ես ուզում եմ էստեղ հիշեցնել Ջրային կոմիտեի պատասխանատուին, մենք մի առիթով քննարկման էինք հենց Սեւանի ափին եւ այնտեղ աշխատակիցները բարձրաձայնեցին, որ տարիներ շարունակ 40-60 տոկոս ջրային կորուստներով է հասել Արարատյան դաշտավայր Սեւանից բաց թողնված ջուրը։ Ես ուզում եմ իմանալ, քանի որ հարցի հնարավորություն չկար, հուսամ` կանդրադառնաք, թե այդ կորուստների մինիմալացման համար ի՞նչ է արվել մինչեւ հիմա եւ արդյո՞ք մենք վստահություն ունենք, որ այսօր բաց թողնվող ջուրը, իսկապես, կորուստներով չի հասնում Արարատյան դաշտավայր, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ կամ այդ կորուստներն իրականում են եղել, կամ դրանք գրվել են որպես կորուստներ ու անհասկանալի է, թե ինչ ճակատագրի է արժանացել, իսկապես, այդ ջուրը։

Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ մի խնդիր բարձրաձայնել ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման մասին, Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքի ջրամբարը, ուղղակի, ողբերգական վիճակում է։ Ամեն օր հարյուրավոր խմ ջուր է կորում այդ ջրամբարից, որը խորհրդային տարիներից գոյություն ունի։ Ես գրավոր հարցում ուղարկել եմ Կառավարություն եւ ստացել եմ պատասխան, որ դա համայնքային պատկանելության է, եւ Ջրային կոմիտեն որեւէ առաքելություն չունի։ Եթե, իհարկե, իրավաբանորեն այդպես է, արդյո՞ք Ջրային կոմիտեն անելիք չունի Հայաստանում ամեն օր կորչող այդ ջրերի համար եւ արդյո՞ք ժամանակը չէ մտածել, որ եթե համայնքին է պատկանում, համայնքն էլ բյուջետային խնդիրներ ունի, չի կարող այդ ջրամբարի հարցը լուծել, վերցնի իր հոգածության տակ եւ կարողանանա այդ խնդիրը լուծել, որովհետեւ այդ ջրամբարից օգտվում են երեք համայնքներ՝ Լուսակունքը, Տորֆավանը եւ Խաչաղբյուրը եւ կարճ ժամանակ հետո, ես ուզում եմ, ուղղակի, հնչեցնել այս ահազանգը, դա կարող է լինել ամիսներ, կարող է լինել օրեր, այդ երեք համայնքները, ուղղակի, զրկվելու են ջուր ունենալու հեռանկարից։ Եվ այդ ջրամբարը փլվում է։ Ի՞նչ է անում այդ մասով Կառավարությունը։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ կունենա Արման Աբովյանը։

Ա.ԱԲՈՎՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, փաստացի այսօր այս օրինագծով փորձ է արվում եւ դա ողջունելի է, իհարկե, ինչ-որ ձեւով համակարգել այն խնդիրները, որոնք ծագել են, ծագում են եւ, ցավոք, այդ խնդիրները` կապված Սեւանա լճի հետ, շարունակում են։ Եթե տեսականորեն կիսենք խնդրի, առհասարակ, էությունը, ապա մենք ունենք երեք հիմնական խնդիր, որոնք մինչ այսօր մասամբ իրար հակասում էին, բայց հիմա պետք է գանք այդ որոշմանը, ընդհանրապես, նաեւ այս օրինագծի օգնությամբ, որը թույլ կտա օգտագործել Սեւանա լճի ռեսուրսները` չվնասելով երեք հիմնական բաղադրիչները։

1-ինը` բնապահպանությունը, որ ամենակարեւորն է։ Մենք, ցավոք, երկար տարիներ դիտարկել ենք Սեւանը որպես ռեսուրս։ Իհարկե, Սեւանը ռեսուրս է, բայց դրա հետ մեկտեղ Սեւանը ՀՀ հարստությունն է եւ հարստություն, որին ոչ միայն շոշափելի ձեռքերով ձեռք ես տալիս, այլ, առհասարակ, բոլոր առումներով՝ թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական։ Պարզապես, որ սկսեմ թվարկելը, շատ երկար կարող եմ թվարկել։ Դրա հետ մեկտեղ, մենք ունենք բնապահպանական խնդիր, եւ երբ համակարգվում են գործընթացները` կապված Սեւանա լճից ջրի բացթողնման հետ, հիմնական նպատակն այն է, որ օգտագործումը լինի արդյունավետ եւ չվնասի բնապահպանությանը։

Եթե մենք նայում ենք հակառակ կողմից, ապա բնապահպանական եւ, ինչու ոչ, առավել տնտեսական նշանակություն ունի նաեւ նույն Արարատի մարզը, որի մասին խոսվում էր եւ որը, փաստացի, այսօր որոշակի պատճառներից ելնելով` ուղղակիորեն կապված է Սեւանա լճի ջրային բացթողումների հետ։ Այստեղ էլ է հա՛մ տնտեսական, հա՛մ էլ բնապահպանական խնդիր։

Ամենակարեւորն այն է, որ մենք պետք է այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով, այսպիսի օրենքներով քայլ առ քայլ գնանք դեպի համակարգված, բնապահպանական առումով հաշվարկված, տնտեսական առումով հաշվակված համակարգի ձեւավորման, որը թույլ չի տա, ի վերջո, օգտագործել ռեսուսրներն ի վնաս այդ երեք բաղադրիչների։

Շատ կարեւոր է նաեւ բնապահպանական առումով մտածել այն քայլերի եւ գործիքակազմի մասին, որոնք թույլ կտան մեզ ապագայում, առհասարակ, բնապահպանական խնդիրների լուծումը Հայաստանում ավելի լայնածավալ, ստրատեգիկ եւ խորացված դիտարկել եւ, ինչու ոչ,  ձեւավորել։ Դրա հետ մեկտեղ, կրկնում եմ եւս մեկ անգամ եւ խնդրում եմ թե՛ Կառավարությանը եւ թե՛ հիմնական զեկուցողին ավելի լայն եւ ավելի խորացված ներկայացնել խնդիրը, որովհետեւ ելույթների ընթացքում բազմաթիվ մեր գործընկերներ նշեցին, որ շատ հարցեր բաց են մնացել, որոնց պարզաբանումը որքանով կարելի է` պետք է այսօր տրվի թե Կառավարության կողմից իրենց դիրքորոշումից, թե զեկուցողի կողմից։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթներ. պրն Վարդան Մելքոնյան։ Խնդրեմ:

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, սկզբում առաջին հնչած հարցերից փորձեմ գալ առաջ։ Ռազմավարության հետ կապված եւ դիրքորոշման հետ կապված` Կառավարության դիրքորոշումը միակն է։ Այս պահին տեխնիկապես հատվածներ կան, որ, բացի Սեւանի ջրառից, այլ կերպ այլընտրանք, ցավոք սրտի, չունենք` ոռոգելու համար։ Այո, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են եւ դա չի կարող լինել ակնթարթային ինչ-որ մի արդյունք։ Ունենք վարկային ծրագրով՝ Եվրասիական բանկով վարկային ծրագիր, որի մեջ ներառված են նաեւ առաջնային, երկրորդային ջրանցքներ, որոնք շինարարության ընթացքում են արդեն, նախագծային փուլ կա, շինարարական փուլ կա, դրան անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ունենանք այդ տեխնիկական հնարավորությունները` նվազեցնել կորուստները։ Այո, կորուստները բարձր են, ընդունում եմ եւ դրա դեմ փաստարկ չունեմ, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք։

Ջրամբարաշինության հետ կապված` հիմա կառուցվում է Վեդու ջրամբարը` 29 մլն խմ։ Տարիների ընթացքում, ասեմ ժամանակացույցը, բուն շինարարությունը սկսվել է 2017 թ., կավարտվի 2021 թ։ Ջրամբարաշինությունը ժամանակատար գործընթաց է եւ բարդ շինարարական կառույց է եւ, ուղղակի, նույնիսկ գումարներ լինելու պարագայում ֆիզիկապես հնարավոր չէ շատ արագ կառուցել այն կարգի եւ այն քանակի ջրամբարներ, որոնք թույլ կտան մեզ նվազեցնել Սեւանից ջրառը։

Տեխնոլոգիական ռեսուրսների հետ կապված` հնչեց հարց՝ կաթիլային ոռոգում։ Այո, կաթիլային ոռոգումն անհրաժեշտ է, կաթիլային ոռոգումը պետք է կիրառենք։ Դա նույնպես պետք է լինի նոր հողատարածքների համար, որովհետեւ շատ դեպքերում հին, արդեն տարիքով այգիներում եւ այդ ավանդական մշակվող բույսերում չի աշխատում կաթիլային ոռոգումը, եւ դա տեխնոլոգիական նորամուծություններ է պահանջում։

Որոտան-Սեւան, պրն Բագրատյան. այո, ցավոք սրտի, այդ հատվածով Որոտան-Կեչուտ հատվածը չի աշխատում, բայց դա միջկառավարական պայմանագիր է Որոտանի կասկադի հետ եւ դա խնդիր է, եթե կարիք կա, միջազգային պայմանագիրը պետք է վերանայել։ Բայց այդ հատվածից ամբողջ Սպանդարյան? ջրամբարի ջուրն օգտագործվում է էներգետիկ նպատակներով եւ այն ավելցուկ ջուրը, որը պետք է գա այդ 20 կիլոմետրանոց թունելի հատվածով դեպի Կեչուտ, չի հասնում։ Դա փաստ է։ Որը փաստ է, ես, այո, պետք է ասեմ? փաստ է։

Ճանապարհների հետ կապված. իհարկե, մակարդակը բարձրացնելու արդյունքում բնական է, որ դա պետք է վերանայվի եւ ծրագիր  պետք է լինի։ Սեւանի շուրջ ճանապարհները, որոնք կմնան ջրի տակ, այո, պետք է միջոցներ եւ ծրագրեր իրականացվեն։ Բնական է, որ դրա մտահոգությունը կա, եւ այդ ուղղությամբ զբաղվում ենք։ Նույնպես ասում եք, որ չկա տարբերակ եւ չենք մտածում` ոնց անենք, ինչպես անենք։ Միայն երկու թիվ հնչեցնեմ։ Թիվը հնչեցրեցի, որ քիչ ենք ջրառն իրականացրել եւ հոսանք ենք տնտեսել այս տարի արդեն 1 մլրդ  700 մլն դրամի։ Կարծում եմ` դա նույնպես վարչարարության եւ արդյունավետ կառավարման արդյունք է։ Իսկ շարունակությունը կտեսնենք մյուս տարի։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Եզրափակիչ ելույթի համար՝ Վարազդատ Կարապետյան։ Խնդրեմ։

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Սիրելի գործընկերներ, շատ կարեւոր հարցադրումներ հնչեցին։ Դրանց մի մասին ես հիմա կփորձեմ արագ անդրադառնալ։ Աշնանացան ցորենի հետ կապված, որի համար հիմա ջրառ է իրականացվում հենց այս պահին Սեւանից։ Շատ հետազոտություններ կան, պրն Գորգիսյան, կարող է այստեղ ձեզ համար էլ հետաքրքիր ինֆորմացիա հնչել, ինչո՞ւ է վնասակար սուբսիդավորումը։ Երբ պետությունը սուբսիդավորում է անում եւ դա, ընդհանուր առմամբ, վնասում է տնտեսությանը։ Աշնանացան ցորենի սուբսիդավորումը վնասելու է գյուղատնտեսությանը մեր երկրում։ Դրա համար մենք պետք է աստիճանաբար մտածենք, քանի որ ոռոգման ջրի սակագինը սուբսիդավորվող է, մենք պետք է մտածենք տարբեր հատվածների համար, ժողովրդին ասենք` ժողովուրդ, այս հատվածում մենք ձեզ կսուբսիդավորենք, եթե դուք պոմիդոր եք աճեցնում, այս հատվածում` վարունգ, այս հատվածում էլ` ծառ։ Բայց աշնանացան ցորենն այս հատվածում չենք սուբսիդավորի, ասենք` Արարատյան դաշտում, ինչը դուք հիմա սուբսիդավորում եք, փաստացի։

Մյուսը՝ կորուստների հետ կապված. հասնում է մինչեւ 70 տոկոսի տարբեր վայրերում։ Դա նշանակում է` այդ 3 մլն խմ-ը Սեւանից, որ վերցրել  եք, դրանից 1 մլն է հասնելու եւ դա համեմատում եք 35 մլն դրամի հետ, դա նշանակում է, որ այդ 1 մլն-ը, եթե հենց այդ արտերի կողքից հանվեր, 10 մլն կնստեր հոսանքի ծախսը, որովհետեւ այն մնացածը ճանապարհին կորում է։ Այսինքն՝ եթե գանք, թվերի լեզվով խոսենք, պրն Գորգիսյան, կարելի է թվերով էլ հիմնավորել այս ամեն ինչը։ Բայց մեր խնդիրը թվերը չեն այս հարցի մեջ, մեր խնդիրը մեր մոտեցումն է դեպի Սեւանը։ Երբեք չենք կարող ծախսերն ու օգուտները դնել իրար կողքի ու խոսել Սեւանի մասին։

Տիկին Վարդանյան, մենք ասում ենք` սոցիալական հարցերը եւ բնապահպանական հարցերը հավասար են։ Հնարավոր է, որ եթե զուտ սոցիալական վերցնենք եւ զուտ բնապահպանական, հավասար լինեն, բայց սոցիալական` նշանակում է այսօր, բնապահպանական` նշանակում է վաղը։ Մեկը մեր այսօրվա ծախսն է, մյուսը՝ մեր երեխաների վաղվա։ Դրա համար,  երբ մենք այդ հավասարության նշանն այսօր դնում ենք եւ ասում ենք, որ լավ, մենք պատրաստ ենք սենց ապրել, որ սենց օդ շնչենք, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այդ բնապահպանականը նաեւ մեր երեխային է վերաբերում։ Այսինքն՝ ուրիշ ծախս կա, որը մենք այս պահին գնահատել չենք կարող։

Այո, եթե ճանապարհները պետք է տեղափոխել, ապա պետք է տեղափոխվեն, ուրիշ տարբերակ չկա։ Եվ այս ամենակարեւոր հարցը գերակայության հարցն է։ Մենք ի՞նչն ենք սահմանում գերակա մեզ համար։ Մենք գերակա ենք սահմանում Սեւանը, հետեւաբար` առաջին ճանապարհը, որը պետք է վերակառուցվի 2020 թ., պետք է լինի Մարտունու հատվածը։ Տեսեք, դուք ասում եք նաեւ Սպանդարյանի ջրամբարի մասին։ Մենք` որպես ԱԺ մի շատ կարեւոր հարցի պատասխան պետք է լսենք՝ եթե դա ձեր համար գերակա է, ձեր քայլն այդ ուղղությամբ 2020 թ. ո՞րն է լինելու։ Պարզ է, որ այդ միջազգային պայմանագրով է ապահովված։ Բայց, եթե մենք դա համարում ենք գերակայություն, նշանակում է` դուք 2020 թ. պետք է քայլ անեք այդ ուղղությամբ, օրինակ` գնաք բանակցելու, որպեսզի այդ պայմանագրի դրույթները փոխվեն, գոնե, հավասարակշռվեն, որովհետեւ այդ ջրի պաշարը` Սպանդարյան ջրամբարի, հիմա ամբողջությամբ էներգետիկ նպատակով է օգտագործվում։ Այսինքն՝ մենք այստեղ գերակայության խնդիր ենք սահմանում։ Թվերի մասին չէ խոսքը, թվերի լեզուն բազմաթիվ մանիպուլյացիաներ ունի իր մեջ։ Ինչքան ջուր է մտել Սեւան, ինչքան է բացթողնվել` այս բոլոր թվերին ես անձամբ չեմ վստահում, նաեւ` ձեր բերած թվերին, որովհետեւ մինչեւ հիմա մենք չունենք ճշգրիտ չափող սարքավորումներ։ Արփայով այս տարի մենք ասում ենք` 150, բայց դա մոտավոր չափարկում է։ Այսինքն՝ հիմա այս հարցը թվի հարց չէ, մոտեցման հարց է եւ ձեր քվեարկության ժամանակ դուք մոտեցման եւ գերակայության խնդիր եք սահմանելու Կառավարության համար։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյան։

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խոսքը վերաբերում է Քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասին, որի իրավակարգավորման շրջանակը վերաբերում է ազատազրկման վայրերում պահվող դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժերին։ Այնտեղ, որպեսզի ավելի պարզ եւ մատչելի ձեւով ներկայացնեմ, երկու հնարավոր խախտումներ կան՝ չարամիտ խախտումներ եւ խախտումներ։ Չարամիտ խախտումների պարագայում միանգամից հնարավոր է, որ ազատազրկման վայրի ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, իսկ խախտումների պարագայում երկու խախտում պետք է լինի, որ համարվի չարամիտ խախտում, եւ նոր ռեժիմի փոփոխություն տեղի ունենա։ Մենք առաջարկում ենք այդ երկու խախտումները դարձնել երեք խախտում, որովհետեւ կիրառման պրակտիկայում էլ հանդիպել ենք շատ դեպքեր, երբ չարաշահումներ են առաջանում, եւ երբ երկուսը երեք տեղափոխենք, այդ չարաշահումները կիջեցվեն նվազագույնի։ Դժվար է ասել, որ կբացառվեն, բայց կիջեցվեն նվազագույնի։ Ուստի, խնդրում եմ դրական քվեարկել նաեւ երկրորդ ընթերցման ժամանակ։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ գրավոր առաջարկներ չեն եղել, հարցեր չեն կարող լինել։

Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյան։

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Մանուկյան, ես նախորդ հարցադրման եւ այս օրենքի նախագծի վերաբերյալ ուզում եմ ձեր հարցադրմանը պատասխանել, որ հնչեցրեցիք նախորդ օրենքի վերաբերյալ, որպեսզի ամբողջովին ընկալելի լինի։ Մեր իշխանությունը ժառանգել է այս իրավական ակտերը, մենք ժառանգել ենք այս իրավական ակտերը նախորդ իշխանության ժամանակ  եւ այդ իրավական ակտերը, այդ թվում` ոնց որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, Քրեակատարողական օրենսգիրքը մենք ժառանգել ենք, իրենց հերթին իրենք էլ ժառանգել են խորհրդային ժամանակաշրջանից իրավական ակտերի որոշ կարգավորումները եւ ինչու չէին փոփոխել, որովհետեւ տարբեր չինովնիկներ ունեցել են տարբեր հայեցողական լիազորություններ, եւ այդ հայեցողական լիազորությունների հիերարխիան բարձրանում էր, այդ հայեցողական լիազորությունը մեծանում էր։ Մեր գործընկերը, որը ներկայացրել է այս նախագիծը եւ նախորդ նախագիծը, այդ հոդվածները շատ սխալ են կազմակերպված։ Ես ընդունում եմ դա։ Երբ մենք ուսումնասիրում ենք այս հոդվածը, տեսնում եմ, որ այս հոդվածը չգործող հոդված է եւ անտրամաբանական է։ Եթե անաչառ աչքերով ես նայում, ասում ես` լավ, մեկը չի՞ եղել, որ ժամանակին կարդար այս օրենքները եւ փոփոխեր եւ չի՞ տեսել, որ համաչափ չեն ներկայացված այնտեղ պատժաչափերը։ Այնտեղ նույնականացվում է շատ չնչին արարքը շատ ծանր արարքի հետ։ Ժողովրդական լեզով ասեմ, որ եթե բունտ են անում քրեակատարողական հիմնարկում կալանավորները, նույնականացված է իրենց մոտ հեռախոս պահելում։ Այսինքն՝ երեւում է, որ այդ հոդվածները չեն ուսումնասիրվել, խորը չեն նայվել եւ միշտ եղել են չարաշահումներ, բայց որպեսզի մենք այդ հոդվածները բարելավենք, պետք է ամբողջ օրենսդրությունը բարելավել։ Նախարարության խնդիրն է ամբողջ քրեակատարողական օրենսդրությունը բարելավել։ Մեր գործընկերը, որ ներկայացնում է այս նախագիծը, տեսնում ենք, որ այս պահին լուրջ խնդիր կա, որովհետեւ երբ երկու անգամ, պատասխանատվության են ենթարկում, ինքը նույնականացվում է շատ ծանր արարքի, արդյունքում անձի նշանակված ռեժիմը կարող է ավելի ծանրացնել։ Մենք, ուղղակի, մարգինալ լուծում ենք նախատեսում այս պահին։ Մենք հասկանում ենք, որ սա լուծում չէ, մենք հասկանում ենք, որ որպեսզի այս լուծումը տրվի, պետք է ամբողջ օրենսդրությունը վերանայվի։ Ոչ մեր խմբակցությունը, ոչ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի այդ ռեսուրսը, որ ամբողջ փաթեթի փոփոխությունն այս կարճ ժամկետում ներկայացվի։ Ես համոզված եմ, որ նախարարությունն այդ աշխատանքները կատարում է եւ նախարարությունը մոտ ժամանակահատվածում կբերի ամբողջ փոփոխությունների փաթեթը, մանավանդ որ ռազմավարական ծրագրում դա ներառված է։ Ես, նույնպես մեր հանձնաժողովը եւ նախարարությունը դրական ենք արձագանքել այս առաջարկությանը, որովհետեւ ասում ենք, որ սա մարգինալ  փոփոխություն է` զուտ ժամանակավոր այս պահին, որպեսզի խնդիրը տեսել ենք, խնդիրը փոփոխում ենք, խնդիրը նկատվել է եւ՛ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից եւ՛ մեր խմբակցության պատգամավորների կողմից, որովհետեւ բազմաթիվ դիմումներ ենք ստացել այս հարցի վերաբերյալ, ես էլ եմ ստացել, իրենք էլ են ստացել եւ առաջարկություն ենք ստացել «Լուսավոր Հայաստան»-ից` այս խնդիրը լուծելու։ Եվ այն ժամանակահատվածում, որ մենք ավելի մեծածավալ օրենքի վրա ենք աշխատում, մեր գործընկերը մարգինալ փոքր լուծումներով փորձում է տեղային լուծումներ անել, մինչեւ մենք հասնենք այդ մեծ օրենքի փոփոխությանը եւ հասնենք իրական արդյունքների։ Հետեւաբար` այս տրամաբանության ներքո առաջարկում ենք կողմ քվեարկել մեր գործընկերոջ ներկայացրած նախագծին։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար՝ հերթագրում։ Հերթագրվել է մեկ պատգամավոր: Արտակ Մանուկյան։ Համեցեք

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Հարգարժան գործընկերներ, հարգելի նախագահող, ի սկզբանե ես փորձում եմ զերծ մնալ այն բնագավառներում ելույթ ունենալուց, որոնց ամբողջությամբ չեմ տիրապետում, բայց, քանի որ, այնուհանդերձ, իմ անունը հնչեց, ես փորձեմ ելույթի միջոցով որոշակիորեն հանգամանքների վրա, ինչպես այս օրենքի շրջանակներում, ինչպես էլ մեր հարգարժան Կառավարության անդամների ուշադրությունը բեւեռել սրա վրա։

Պրն Բագրատյանը, ով այստեղ չէ, եւ պրն Մելքումյանն իմ կարծիքով` չափազանց կարեւոր բաների մասին էին խոսում, որ մենք շատ հաճախ օրենքներ ենք ընդունում, որոնք ոչ չափելի են, իհարկե, կարող ենք ասել, որ շատ օրինագծեր, որոնք  ներկայացվում են, հենց այդ կոնտեքստում են։ Տեսեք, ես մի քանի օրինակներով ասեմ, տիկին Թանդիլյան, նույն «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մեր հանձնաժողովում մենք էն որ վարկերը գովազդելու համար տուգանքներ են առաջանում եւ այլն, այդ օրենքն ընդունեցինք, բայց ակնհայտ է, որ սրա վարչարարության իրականացումը խնդիր ունի, եւ ես ինքս նաեւ ձեզ ուղարկել եմ այդ համապատասխան գովազդները։ Այսինքն՝ մենք օրենք ենք ընդունում, որով պետք է կարգավորենք, բայց այդ կարգավորելու առանձնահատկությունները, ըստ էության, սահմանված չեն կամ չեն իրականացվում, եւ օրենքը պրակտիկ կյանք չի ունենում։ Անկեղծ, ես ելույթի այս առիթն օգտագործում եմ, ակնկալում եմ որպես արդյունքային ցուցանիշներ տեսնել 2020 թ. բյուջեում վարչական իրավախախտումների օրենսգրքի ամբողջական համակարգային լուծում, որովհետեւ, հակառակ դեպքում, ես ձեզ հավատացնում եմ, ես թերթել եմ այդ հոդվածը, կարելի է ամեն օր նախագիծ գրել, բերել, ներկայացնել եւ ասել` սա ԽՍՀՄ ժամանակում սենց է, բայց սա հենց դասական հատվածային լուծումն է։ Երբ մենք ասում ենք` համակարգային լուծում, ակնկալում ենք, որ ոչ թե ամեն մի պատգամավոր նստի, մի օրինագծում մի բան գտնի, լուծի, այլ տեսնենք համակարգային լուծում եւ ակնկալում եմ, որ ձեր արդյունքային ցուցանիշներում հստակ կլինի, որ ամեն տարվա ընթացքում մենք որ օրենսգրքում ենք։ Քրեակատարողական օրենսգիրք եք հիմա ասում, քրեակատարողական օրենսգիրքն անենք։ Ի տարբերություն տնտեսության` իրավունքի այս բնագավառը շատ ավելի քիչ է հակված դինամիկ փոփոխությունների։ Շնորհակալություն։ Կներեք չարաշահելու համար։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթների կարիք տեսնո՞ւմ եք։ Խնդրեմ, պրն Բաղդասարյան։

Գ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ես շատ հակիրճ կասեմ։ Պրն Մանուկյան, տեսեք խնդիրն ինչում է կայանում։ Իրոք, ի տարբերություն տնտեսության, ինչ վերաբերում է քրեակատարողական օրենսգրքին, հնարավոր է շատ արագ փոփոխվել, բայց խնդիրը հետեւյալն է։ Հաճախակի մենք ստիպված ենք լինում մարգինալ լուծումներով գնալ, որովհետեւ, երբ մենք մեծ օրենքը բերում ենք դաշտ, այսինքն՝ փոխում ենք, համակարգը չի հասցնում ադապտացվել։ Ավելի նպատակահարմար է փոքր-փոքր փոփոխություններով գնալ առաջ, այնուհետեւ մեծ փոփոխությունը կատարել, որովհետեւ, անձամբ իմ փորձից եմ ասում, երբ 1999 թ. քրեական դատավարության օրենսգիրքն ամբողջությամբ փոփոխվեց եւ Քրեական օրենսգիրքն էլ փոփոխվեց, մենք մի քանի ամիս հետո տեսանք, նախորդ իշխանությունը տեսավ, որ չեն աշխատում այդ օրենքները։ Քանի որ իրենք չէին փորձարկել, սկսեցին փոփոխել եւ արդյունքում այսքան գիրքը միայն փոփոխություններով, առաջ չունեինք էլեկտրոնային տարբերակ, պրինտ էինք անում, կպցնում էինք գրքի մեջ, դարձել էր այս հաստության։ Տիկին Տիգրանյանը կհաստատի, որովհետեւ այնքան շատ էին, մեծածավալ էին փոփոխությունները, որովհետեւ չէին տեսնում, որ չեն աշխատում այդ համակարգերը։ Եթե մենք հիմա վերցնենք եւ շատ արագ կատարենք մեծածավալ փոփոխություններ, արդյունքում կունենանք այն, ինչ ունեցել ենք 1990-ական թվականներին, 1999 թվականից հետո: Մենք ստիպված կլինենք յուրաքանչյուր պատգամավորս կետ առ կետ փոփոխելով գնալ առաջ, որովհետեւ այդ համակարգերը ներդնելով` կհասկանանք, որ չի գործում։ Դա պետք է կետ առ կետ փորձարկվի, որից հետո ամբողջականացվի եւ ներկայացվի։ Ես գտնում եմ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պետք է փորձարկումների ճանապարհով գնալ, այսինքն՝ մարգինալ փոփոխությունների արդյունքում ստանանք մի իրավիճակ, փորձարկված վիճակ, նոր ամբողջությամբ փոփոխությունը ներկայացնենք։ Նույնն էլ քրեակատարողական հիմնարկի հետ է կապված։ Պետք չէ շտապել։ Ժամանակացույցը, որ սահմանված է ռազմավարության մեջ, համահունչ է եւ մենք պետք է այս պահին, եթե կան փոքր, մարգինալ խնդիրներ, եւ՛ մենք եւ` «Լուսավոր Հայաստան» եւ՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերները ներկայացրել ենք որոշակի փոփոխություններ, որոնց դրական արձագանքենք, որպեսզի խնդիրներ չունենա քրեակատարողական հիմնարկը։ Այնուհետեւ, եթե չեմ սխալվում, 2020 թ. է նախատեսվել ամբողջությամբ փոփոխությունները։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Տարոն Սիմոնյան։

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես էլ, պարզապես, արձագանքեմ, որ սա ոչ թե հատվածային փոփոխություն է, ես կասեի` սա դիպվածային փոփոխություն է։ Փոքր փոփոխություն է, բայց մեծ սրտով արտահայտված փոփոխություն, որովհետեւ անձի ազատության ռեժիմի հետ գործ ունենք։ Եվ իրականում չարաշահումները հենց այդ տրամաբանությամբ են տեղի ունենում, երբ քրեակատարողական հիմնարկի ծառայողները, շատ դեպքերում օգտվելով առիթից, որ, օրինակ` դատապարտյալն ուշ է արթնացել, ժամանակին չի արթնացել, մեկ րոպե ուշ է արթնացել, մի հատ խախտում են գրանցում, իսկ երկրորդ խախտումն օգտագործում են որպես արդեն, այսպես ասած, սպառնալիք նրա ռեժիմի փոփոխության համար եւ արդյունքում նրանից ստանում են իրենց համար ցանկալի վարքագիծ։ Կարող ենք 10 էլ գրել։ Երեքն այն ողջամիտն է, որ պետաիրավական հանձնաժողովը գտավ, որ երեքի պարագայում այդ հավասարակշռության սահմանը պետք է կիրառվի։ Սա է եղել։ Այնպես որ, խնդրում եմ քվեարկության ժամանակ հիշել, որ սա դիպվածային փոքր, բայց մեծ սրտով փոփոխություն է։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյան։

Ք.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում երկրորդ ընթերցման համար «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի էությունը հանգում է հետեւյալին։ Մենք առաջարկում ենք լրացնել օրենքում նախատեսված արտաքսման հասկացությունը եւ եթե այս պահի դրությամբ գործող օրենքով արտաքսում մեր երկրից հնարավոր է այն օտարերկրացիներին, ովքեր չունեն մեր երկրում գտնվելու օրինական հիմք, ապա նախագիծն առաջարկում է լրացնել այս հիմքը՝ նախատեսելով հնարավոր դեպքեր, երբ օտարերկրացին քրեական հանցագործություն կատարելու համար կդատապարտվի ազատազրկման, եւ այս դեպքում կունենանք հիմք։ Արտաքսման որոշումն իրականացվելու է պատիժը կրելուց հետո, սա ընդհանուր կանոնն է եւ եթե կլինի պատիժը կրելու ընթացքում, օտարերկրացին կտեղափոխվի իր ծագման կամ քաղաքացիության երկիր, այդպիսով արտաքսման որոշումը կհամարվի կատարված։

Նախատեսել ենք նաեւ այն դեպքերը, երբ օտարերկրացին, ով արտաքսվել է մեր երկրից կարող է վերադառնալ ՀՀ եւ դա գործելու է հետեւյալ կերպ. ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած լինելու դեպքում Հայաստան վերադառնալու իրավունք վրա կհասնի երեք տարի անց, միջին ծանրության հանցագործության, ծանր հանցագործությունների դեպքում` 5 տարի եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ 8 տարի անց։ Սա է նախագծի հիմնական էությունը։ Ասեմ, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել։ Առաջին ընթերցման փուլում որոշակի լրացում ենք կատարել պրն Սիմոնյանի առաջարկությամբ։ Սա է, շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ինչպես արդարացի նշեցիք, առաջարկություններ չեն ստացվել, ուստի հարցեր չեն կարող լինել։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյան։

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Կարճ կլինեմ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկել ենք։ Մի փոքր փոփոխություն ենք առաջարկել, Կառավարությունն ընդունել է այդ փոփոխությունը եւ դրական եզրահանգման ենք հասել։ Այնպես որ, խորհուրդ կտամ, որ բոլորս դրական քվեարկություն իրականացնենք։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, հերթագրում մտքերի փոխանակության համար։ Գրանցում: Միքայել Մելքումյան, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հետեւել ժամանակացույցին ելույթ ունենալու ժամանակ։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգարժան փոխնախարար, քանի որ հարց տալու հնարավորություն չկա, ես փորձեմ որպես համապատասխան հանձնաժողովի պրոֆիլային նախագահ։ Տեսեք, պարզ եմ ասելու։ Ընդունենք` Ռուսաստանում, հիմնականում Ռուսաստանում, որտեղ մեր հայրենակիցներն աշխատում են եւ որպես ԵԱՏՄ հետո օրենքների ներդաշնակեցման սինխրոնիզացիայի մասով եմ ասում, ձեր ամփոփիչ ելույթում կխնդրեի` ասեք այս նույն կարգերը գործո՞ւմ են, թե՞ չէ, որովհետեւ խնդիրներ կան, որ մենք ենք ավելի շատ շահագրգռված։ Այսինքն՝ մեր հայրենակիցներն ավելի շատ այնտեղ են թվաքանակի առումով եւ դա ինչի՞ է հանգեցնում, որովհետեւ վաղ թե ուշ մենք գալու ենք այդ ԵԱՏՄ շրջանակներում այս օրենքների ներդաշնակեցմանը։ Դրա համար ես կխնդրեի` այս առումով մեկնաբանեք։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Արման Աբովյան։

Ա.ԱԲՈՎՅԱՆ

-Նույն պատճառով ես էլ եմ հարցով դիմում։ Տեսեք, փաստացի ստացվում է, եւ դա ճիշտ է, որ օրենքը թույլ է տալիս, որ հանցագործություն կատարած օտարերկրացին արտաքսվի։ Սակայն կխնդրեի` մի հարց եւս պարզաբանեիք։ Արտաքսումը պարտադիր պայմա՞ն է, իմպերատի՞վ բնույթ է կրում, թե՞ դա լինելու է դատարանի որոշմամբ, թե՞ լինելու է, օրինակ` էմիգրացիոն ծառայության որոշմամբ։ Մեխանիզմն ի՞նչ ձեւով է աշխատելու, որովհետեւ, եթե հանցագործություն է կատարվել, անպայման, պետք է շատ կոշտ ձեւով արձագանքել։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Եվ վերջին ելույթը՝ Սերգեյ Բագրատյան, խնդրեմ։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ճիշտն ասած, երբ քննարկում էինք, ես հարց ուղղել էի զեկուցողներին, բայց պատասխան չի ստացվել եւ ես կարծում էի, որ հաշվի կառնվի նաեւ օրենքի նախագծում փոփոխություն կատարելու իմաստով։ Այսինքն՝ հարցիս բովանդակությունը հետեւյալն էր. ըստ օրենքի տրամաբանության` եթե օտարերկրացին ՀՀ-ում գողության համար դատապարտվել է, պետք է պատիժը կրի Հայաստանում, որից հետո արտաքսվի կամ չարտաքսվի։ Հիմա, բայց ինչի համար մենք պետք է մեզ վնաս տված օտարերկրացուն մի հինգ տարի էլ պահենք, կերակրենք հարկատուների հաշվին, նոր արտաքսենք, երբ կարելի է, շատ երկրներում նույնիսկ մինչեւ դատարան հասնելը բանակցում է դատախազը փաստաբանի հետ, որ արտաքսեն երկրից, թող իր երկրում դատվի եւ իր երկրում էլ պատիժը կրի։ Բայց մեր դեպքում, գոնե, հնարավորություն ստեղծենք, դատարանի վճիռ կա, որ պետք է պատիժը կրի, այդ դատապարտյալին ուղարկենք իր երկիր, թող իր երկրում պատիժը կրի։ Ինչո՞ւ պետք է մեր հարկատուն առանց այն էլ մեզ վնաս տված քաղաքացու բեռը վերցնի իր ուսերին։ Սա կուզեի հասկանալ։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Եզրափակիչ ելույթների համար՝ Տարոն Սիմոնյան, չունե՞ք ասելիք։

Քրիստինե Գրիգորյան, խնդրեմ։

Ք.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շնորհակալություն հարցերի համար։ Սկսեմ պրն Մելքումյանի հարցից։ ԵԱՏՄ շրջանակները եւ ՌԴ-ը, հարկավ, ուսումնասիրել  ենք եւ ասեմ, որ ՌԴ դեպքում համանման կարգավորում կա եւ սա համահարթ մոտեցում է ոչ միայն նաեւ Բելառուսի դեպքում, այսինքն՝ այս տարածաշրջանի երկրների դեպքում այս կարգավորումները գործում են։ Ասեմ ավելին, կան երկրներ, որոնց դեպքում, ուղղակի, ավտոմատ ձեւով է արտաքսման որոշումը համարվում կայացված։ Այսինքն՝ չեն գնում դեպի դատարանի միջոցով եւ այստեղ ես գալիս եմ պրն Աբովյանի հարցին, թե ինչպե՞ս է դա իրականանալու։ Նախարարությունը, որը պատասխանատու է, քրեակատարողական ծառայությունը, որը պատասխանատու է նրանց պահման պայմանների պահպանման համար, երբ ժամկետը մոտենում է, մեկ ամիս առաջ պատշաճ ձեւով իրազեկում է ոստիկանությանը, որն այդ դեպքում լիազոր մարմինն է, ոստիկանությունն ապացուցման որոշումը տանում է դատարան եւ ստանում է այս որոշումը, այսինքն՝ դատական պաշտպանության... Այո, սա իմպերատիվ է եւ գործում է։ Սա միջազգային լավագույն պրակտիկան է։

Ինչ վերաբերում է պրն Բագրատյանի հարցին, հնարավորություն եմ ունեցել նաեւ արձագանքել նաեւ առաջին ընթերցման փուլում ձեր բարձրացրած հարցին, թեեւ գրավոր որեւէ առաջարկություն չենք ստացել, բայց մանրամասնեմ։ Այս առումով ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին պահվի մեր երկրում. այս պահի դրությամբ այդպես է, որովհետեւ յուրաքանչուր պետություն պարտավոր է իրականացնել իր դատարանի որոշումը, վճիռը։ Այս դեպքում մենք որեւէ ձեւով հետքայլ չենք կարող անել։

Ինչ վերաբերում է տեսական առումով նաեւ գործնականում, թե ինչու չեն հանձնում, շատ դեպքերում ծագման կամ քաղաքացիության երկրները հետաքրքրված չեն նման դատապարտյալին տանել իրենց երկիր եւ այստեղ միջազգային կոնվենցիաներով կամ երկկողմանի համաձայնագրերով է հարցը կարգավորված։ Որեւէ ձեւով մենք չենք կարող ֆինանսական պարտավորությունները կամ հարկատուների հաշվին պահման այս խնդիրը հավասարակշռել մեր դատարանի վճիռը կատարելու իմպերատիվով։ Ասեմ ավելին, այս պահի դրությամբ 144 օտարերկրացի պահվում է մեր քրեակատարողական հիմնարկներում եւ այս առումով որեւէ բան չենք կարող փոխել նախագծում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի գործընկերներ, անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ Հիշեցնեմ, որ օրենքի նախագծով նախատեսվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր։

Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չենք ստացել։ Խնդրում եմ նախագիծն ընդունել երկրորդ ընթերցմամբ։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Քանի որ առաջարկներ չեն եղել, հարցեր չեն կարող լինել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյան։

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, ինչպես հիմնական զեկուցողը ներկայացրեց, առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններ չեն եղել։ Նախագիծը քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում։ Առաջարկում եմ դրական քվեարկել։ Ուզում եմ ասել, որ ոչ միայն օրենսդրական մակարդակով մենք այս հարցում ունենք փոփոխություն, առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել նաեւ աղետներին դիմակայունության օր։ Դրան զուգահեռ` այս օրերին` հոկտեմբերի 21-23-ը Գյումրիում անցկացվում է միջազգային գիտաժողով հենց աղետներին դիմակայունության ռիսկերի գնահատման հարցով։ Այնպես որ, օրենսդրական մակարդակում փոփոխությունները համահունչ են նաեւ իրականության հետ։ Առաջարկում եմ կողմ քվեարկել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար՝ գրանցում։ Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար գրանցված պատգամավորներ չունենք։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Ընդմիջում մեկ ժամ։


Ժամը 14:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ
 

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան: Պրն Անանյան, համեցեք:

Դ.ԱՆԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, ձեզ է ներկայացվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Ասեմ, որ ըստ էության, այս օրինագծով կարգավորվում է այն հարցը, որ եթե հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով արձանագրված վարչական իրավախախտման արդյունքում պետք է վարույթ սկսվի, ապա իրավախախտման քննության արդյունքում վարչական տույժ չի կարող նշանակվել այլ վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց 2 ամիս հետո ընկած ժամանակահատվածում: Սրանով հստակեցվում է այն օրենսդրական դրույթը, որ նախորդ տարի մենք Հարկային օրենսգրքով ընդունեցինք, փոփոխությունների ենթարկեցինք, որ ստուգման ակտով կարող են հարկային պարտավորություններ առաջադրվել հարկային ստուգման ակտն անբողոքարկելի դառնալուց հետո, իսկ ստուգման ակտն անբողոքարկելի է դառնում ստուգման ակտի հրապարակման ամսաթվից 2 ամիս հետո ընկած ժամանակահատվածում:

Ըստ էության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածը նոր` 8.1 մասով լրացումը պայմանավորված է օրենսդրական համապատասխանությունը հարթելու կամ համապատասխանություն ձեռք բերելու ակնկալիքով: Ասեմ, որ առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություններ չեն եղել, խնդրում եմ կողմ քվեարկել տվյալ օրինագծին: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն Անանյան, քանի որ գրավոր առաջարկություններ չեն եղել, հարցեր չեն լինելու, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարակից զեկուցող` պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյան: Դահլիճում չի գտնվում պրն Գրիգորյանը: Անցնում ենք մտքերի փոխանակության: Մտքերի փոխանակություն: Միքայել Մելքումյան, համեցեք:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի ԱԺ փոխնախագահ, ուղղակի, քանի որ այս երկրորդ ընթերցումների ռեժիմը, հարցերի հնարավորություն չի տալիս, դրա համար ստիպված հարցադրում ենք անում, որպեսզի խնդրենք` պրն Անանյանը վերջում որոշակի դիտարկում անի: Պրն Անանյան, այդ երկամսյա ժամկետը` նախ` ըստ երեւույթին, ողջամի՞տ եք համարում, թե՞ չէ, ասենք` ինչո՞ւ մեկ չէ, կամ երեք չէ:

Երկրորդ. այդ անբողոքարկելի լինելու հանգամանքն արդյո՞ք նաեւ բխում է նրանից, որ 2 ամիսը լրանալուց հետո շատ են լինում բողոքարկումներ, որի արդյունքում ուզում ենք այդ ժամկետը դնել, թե՞ այդպիսի ուսումնասիրություն չկա, որ հասկանանք` այդ երկու ամիսը որտեղի՞ց է գալիս եւ այդ անբողոքարկելի լինելու հանգամանքն արդյո՞ք ավելի հաճախ հանդիպող այդպիսի բողոքարկումներով է պայմանավորված: Այսքանը:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Մտքերի փոխանակությունն ավարտվեց: Անցնում ենք եզրափակիչ ելույթներին: Պրն Անանյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ:

Դ.ԱՆԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Մելքումյան, ըստ էության, երկու ամիս անբողոքարկելիության նորմը, որ մենք հիմա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մտցնում ենք, դա ի պատասխան նախորդ տարի, այդ երկու ամսվա նորմը Հարկային օրենսգրքում ընդունելու հետեւանք է կամ ի պատասխան դրա է, այսինքն` մենք նախորդ տարի երկու ամիս... Նախ` եկել է վիճակագրությունից, այսինքն` փորձը ցույց է տալիս, որ ստուգման ակտը հրապարակելուց հետո, առաջին երկու ամսվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտները սովորաբար որոշումները կայացնում են այդ ժամանակահատվածում` բողոքարկե՞լ, թե՞ չբողոքարկել: Երկու ամիս ժամկետը ողջամիտ է, մեր կարծիքով, եւ հիմա վարչական վարույթի հետ կապված խնդիրը մենք, ուղղակի, համապատասխանեցնում ենք նախկինում ընդունված օրենսգրքի փոփոխության հետ:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան, համեցեք:

Դ.ԱՆԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, այս օրինագծով մենք առաջին ընթերցման ժամանակ, եթե հիշում եք, ներկայացրել էինք երկու հոդվածից բաղկացած փոփոխություն առաջարկող օրինագիծ, որով առաջարկում էինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 169.8 հոդվածի վերնագրում որոշակի փոփոխություն իրականացնել, եւ 244.2 հոդվածով 169.8 հոդվածի եւ 169.2 հոդվածի վարույթները վերապահել ՊԵԿ-ին:

Այժմ, կցանկանայի ձեզ տեղեկացնել կամ ինչպես հայտնի է, մենք աշխատանքային մի քանի քննարկում ենք ունեցել առաջին եւ երկրորդ ընթերցման միջեւ ընկած ժամանակահատվածում, եւ մեր պատգամավորների առաջարկի հիման վրա Կառավարությունն առաջարկ է ներկայացրել, որով այս օրենքի առաջին հոդվածը մենք հանում ենք, եւ 169.8 հոդվածի վարույթի իրավասությունը չենք վերապահում ՊԵԿ-ին: Հիշեցնեմ, որ դա աշխատանքային հարաբերությունների ընթացքում գործատու-աշխատակից հարաբերությունների, ըստ էության, վեճերի հետ կապված կամ վարչական զանցանքների վարչական վարույթ իրականացնելու իրավասությունն էր: Մենք ձեռնպահ մնացինք այն պարզ պատճառով, որ պատգամավորները մեզ տեղեկացրեցին, որ կա համապարփակ մի օրինագիծ, որով այդ իրավասությունը, որով նախկինում օժտված էր Աշխատանքի պետական տեսչությունը, վերապահված է այժմ Առողջապահության տեսչական մարմնին, եւ  հիմա, այս պահին օրինագիծ կա, որով Առողջապահության տեսչական մարմնի գործառույթները համապարփակ փոփոխվում են եւ, ըստ էության, վերապահվում են այն լիազորությունները, որ նախկինում ուներ Աշխատանքի պետական տեսչությունը, եւ ավելի խելամիտ է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8 վարույթի իրավասությունը վերապահվի Առողջապահության տեսչական մարմնին: Հետեւաբար` այդ առաջարկների հիման վրա Կառավարությունը փոփոխություն առաջարկեց, եւ, կարծես թե, այս պահին երկրորդ ընթերցմամբ մենք արդեն վերափոխված տարբերակն ենք ներկայացրել: Խնդրում եմ կողմ քվեարկել պատեհ ժամանակ:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն Անանյան, քանի որ գրավոր առաջարկություններ չեն եղել, հարցեր չեն կարող լինել: Դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարակից զեկուցող` պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արթուր Դավթյան, համեցեք:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, իրականում այո, առաջին ընթերցման ժամանակ վերապահումով հանձնաժողովը տվեց դրական կարծիք, հետագայում, սակայն, քննարկվեց այդ ամենը, բոլոր թերությունները վերացվեցին, եւ այնտեղ կար մի հոդված, որի իրավունքը, վերապահումը տրվեց արդեն տեսչական մարմնին, եւ այնտեղ ստացվում էր, որ ՊԵԿ-ը մի ոլորտ վերահսկի, որն իրենը չի լինելու: Այդ թերությունը վերացվեց, եւ այս փոփոխված տարբերակով պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, եւ ես էլ կոչ եմ անում, որ ԱԺ-ը դրական գնահատական տա այս նախագծին: Այսքանը, շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն Դավթյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցեր չեն լինելու: Մտքերի փոխանակության համար` հերթագրում: Հերիքնազ Տիգրանյան:

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես ելույթի հնարավորությունից օգտվեցի` եւս մեկ անգամ վերահաստատելու այն արդյունավետ համագործակցությունը, որ եղավ Կառավարության եւ ԱԺ-ի երկու հանձնաժողովների միջեւ, եւ որի արդյունքում այն տեխնիկական թյուրընկալումը, որ հարկային մարմիններին վերապահվում էր Վարչական իրավախախտումների օրենսգրքի 169.8 հոդվածով նախատեսված զանցանքները քննելու լիազորությունը, դրանից ձեռնպահ մնացինք, որովհետեւ շրջանառության մեջ է դրվել եւ արդեն եւ Կառավարության քննարկմանն է ներկայացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների մի տարբերակ, որը կապված է հենց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների հզորացման հետ:

Այս հոդվածը` 169.8-ը վարչական իրավախախտումների օրենսգիրք ներմուծվել է հենց որպես Աշխատանքի տեսչության գործառութային շրջանակի լիազորություն, հետեւաբար տրամաբանական է, որ այս պահին այդ զանցանքների գործերը չքննի հարկային մարմինը, որպեսզի մենք հետո չունենանք գործառութային կրկնորդումներ, ինչով էլ պայմանավորված էր տեսչական բարեփոխումների ամբողջ տրամաբանությունը: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Պրն Անանյան, շատ լավ է, որ խորհրդարան-Կառավարություն համագործակցությունը ստացվում է, բայց ինձ մի հարց է հետաքրքրում. երբ Կառավարությունը քննարկել էր այդ երկրորդ լիազորությունը վերապահել ՊԵԿ-ին, ինքը տեղյակ չէ՞ր, ինչպես տիկին Տիգրանյանն ասաց, այդ կարողությունները հզորացնելու հանգամանքն ի հայտ չէ՞ր եկել արդեն, թե՞ ավելի ուշ է ի հայտ եկել: Սա` մեկ:

Երկրորդ. օգտագործեմ, քանի որ աշխատանքի եւ զբաղվածության ոլորտի հետ կապված հարց ենք քննարկում, ստվերից դուրս եկած աշխատատեղերի վերջին թիվը եղել էր 63 թե 64 հազար: Շարունակվո՞ւմ է այդ հաղթարշավը, եւ եթե շարունակվում է, մի անգամ մի միտք ասվեց ստվերային տնտեսության մասին, կարծեմ` ֆինանսների նախարարն ասաց` 7 տոկոս է մնացել, որ մենք արդեն այդ կլանողունակությունը վերջացնենք: Այս վերջերս դուք մի ուրիշ թիվ եք ասել` 22 տոկոս: Եթե ես սխալվում եմ, դուք ուղղեք, այսինքն` մի հատ հասկանանք` ֆինանսների նախարարություն-ՊԵԿ այդ թվերի ստվերը եւ նաեւ մի ուրիշ ցուցանիշ մի քանի օր առաջ, Հայկ Գեւորգյանը կվկայի, ասվեց վարչապետի կողմից, որ 2.7 տոկոսով գործազրկությունն իջել է: Դա կապվա՞ծ է այս ստվերից դուրս եկած աշխատատեղերը լույսի դաշտ բերելու հանգամանքի հետ: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Սուրեն Գրիգորյան:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մինչ այս նախագծի քննարկումը քննարկվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով, պրն Անանյանի` հիմնական զեկուցումն իրականացնելիս, ես ներողություն եմ խնդրում, այդ պահին դահլիճում չէի, դրա համար չկարողացա հանձնաժողովի կարծիքը ձեզ ներկայացնել: Ասեմ, որ հանձնաժողովի կարծիքը դրական է, եւ կոչ եմ անում կողմ քվեարկել: Շնորհակալություն: Մեկ անգամ եւս ներողություն եմ խնդրում այդ պահին բացակայելու համար:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Մտքերի փոխանակությունն ավարտվեց: Անցնում ենք եզրափակիչ ելույթների: Պրն Դավթյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Պրն Անանյան, համեցեք:

Դ.ԱՆԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի անհրաժեշտությունը. պրն Մելքումյանի հարցերին պատասխանելու ակնկալիքով եմ եկել: Պրն Մելքումյան, առաջին հարցը, որ ասում եք` չգիտեի՞ք, որ այդպիսի օրինագիծ կա: Օրինագիծը, երբ որ մենք մշակում էինք, այն հոդվածը` 169.8 հոդվածը որեւէ պետական կառավարչական մարմնի վարույթին հանձնված չէր, եւ այն ժամանակ, երբ մենք առաջարկ էինք ներկայացնում, որպեսզի ՊԵԿ-ին վերապահվի այդպիսի լիազորություն, մենք ունեինք այնպիսի մի տեսակետ, որ Առողջապահության տեսչական մարմնի` այդ պահին գործող լիազորությունները բավարար չեն, կամ այնպիսի լիազորություններ չունի, որ ինքը կարողանա իրականացնել այն մեծ, հսկայածավալ, հսկողական գործառույթը, ինչ ժամանակին ներկայացրել է Աշխատանքի պետական տեսչությունը:

Սակայն, հենց առաջին ընթերցման ժամանակ, եթե դուք հիշում եք, մեր գործընկերներն ասացին, որ արդեն պատրաստ է այդ փաթեթը եւ այդ փաթեթը, կարծեմ` հենց այդ օրը կամ հաջորդ օրը շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում, եւ մենք միանգամից ողջունեցինք այդ փաթեթը, որովհետեւ դա ավելի շատ հարցեր էր կարգավորում, քան այն, ինչ մենք նախապես ունեինք` այդ նպատակադրումը: Այսինքն` ունեինք վարչական իրավախախտման կամ զանցանքի վարույթ իրականացնելու մի հոդված, որն այլ պետական մարմնի վերապահված չէր: Հիմա, կարծում ենք, որ այն համատեղ աշխատանքը, որ մեր գործընկերները եւ դուք մատնանշեցիք, դրա արդյունքում մենք կարողացանք գալ շատ ավելի ճիշտ եզրակացության:

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ես կուզեմ, որ մենք հստակ արձանագրենք, որ երբ մենք ասում ենք, 65 հազար ենք հնչեցրել վերջին անգամ, եթե չեմ սխալվում, դա մեկ ամիս առաջ էր, սեպտեմբեր ամսվա եկամտային հարկի անձնավորված հաշվարկի ներկայացման ժամկետը հոկտեմբերի 20-նն է, հետեւաբար` այս մեկ-երկու օրվա ընթացքում ես չեմ կարողացել, ըստ էության, մի հատ վերահաշվարկ կատարել, տեսնել, թե 9 ամսվա կտրվածքով ինչպիսի՞ ցուցանիշ ունենք, բայց մի բան հստակ է, որ մենք ունենք դինամիկա: Եթե մեկ ամիս ինքն իջնում է, մեկ ամիս` բարձրանում, օրինակ` հունվարին դեկտեմբերի համեմատ աշխատատեղերի քանակն իջել էր, փետրվարին նորից բարձրացել: Այդտեղ նաեւ սեզոնային աշխատանքներով է պայմանավորված: Մենք պետք է նայենք ոչ թե բացարձակ թվերին, այլ` միտումներին, իսկ միտումը դեպի ավելացումն է: Դա երկու գործոնով է պայմանավորված:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Ամփոփեք ձեր միտքը:

Դ.ԱՆԱՆՅԱՆ

-Լավ, ամփոփեմ: Երկու գործոնով է պայմանավորված. ստվերի կրճատում եւ տնտեսության ակտիվացում, նոր ընկերությունների եւ նոր աշխատատեղերի ստեղծում: Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միջեւ, օրինակ` ձեր հնչեցրած 7 տոկոսը, ենթադրում եմ, որ ֆինանսների նախարարության կողմից կատարված ոչ թե ստվերի գնահատականն է, այլ հարկային պոտենցիալի գնահատականն է, որի հետ մենք մասնագիտական առումով հիմա էլ քննարկման մեջ ենք, ՊԵԿ-ն ունի իր տեսակետը, ֆինանսների նախարարությունը` իր տեսակետը, եւ դա անընդհատ մեթոդաբանական, կարելի է ասել, վեճ է բառիս լավ իմաստով, որովհետեւ վեճի արդյունքում ծնվում է ճշմարտությունը:

Ստվերի հետ կապված` 2.7 տոկոս, որ դուք հնչեցրեցիք, հավանաբար, այդպիսի գործազրկության, հավանաբար, այո, պայմանավորված է, բայց քանի որ իմ ոլորտը չէ, ավելի հստակ պատասխան չունեմ: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն Անանյան, հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց:

Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյան, համեցեք:

Ն.ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարարության զարգացման խրախուսման, ինչպես նաեւ Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 228-րդ կետի 3-րդ դրույթի իրագործման անհրաժեշտությամբ: Հիշեցնեմ` ինչի՞ մասին է խոսքը: Ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմավորման պիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման դեպքերի եւ ակցիզային դրոշմանիշների կամ դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով խախտումների բոլոր դեպքերի ապաքրեականացման մասին: Առաջարկում ենք այս խախտումները տեղափոխել Վարչական օրենսգիրք` միաժամանակ սահմանելով Վարչական օրենսգրքում չվերադրոշմավորելու եւ չդրոշմավորելու դեպքում հստակ սահմանաչափեր եւ հստակ տուգանքներ, ինչը մինչ այդ այդպես չէր եւ կամայականությունների տեղ էր թողնում, եւ Հարկային օրենսգրքում կատարել հետեւյալ փոփոխությունը. երբ որ կանոնների խախտումը վերաբերում է ընդհանուր թվով 50 հազար դրամը գերազանցող գումարին, ապա տուգանքի նվազագույն շեմը սահմանել ոչ թե 1 միլիոն դրամ, այլ 1.5 միլիոն դրամ:

Միեւնույն ժամանակ, ընթերցումների արանքում նկատվեցին մի քանի վրիպակներ, որոնք շտկվեցին: Սրանք տեխնիկական վրիպակներ էին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում հիշատակված էր 170.8 հոդվածը, բայց վերնագիրը բերված չէր: Ավելացրել ենք վերնագիրը, իսկ Հարկային օրենսգրքում «օրենսգիրք» բառը կրկնվել էր, այդ կրկնությունը շտկել ենք: Այսքանը:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Տիկին Մարգարյան, քանի որ գրավոր առաջարկություններ չեն եղել, ձեզ հարցեր չեն լինելու, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցող` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյան, համեցեք:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: Ես նաեւ առիթ եմ ունեցել ասել, որ այս նախագծի պրոֆիլային հանձնաժողովը պետական-իրավական հարցերի հանձնաժողովը լինելը մի քիչ տարակուսելի է, ասեմ, բայց բովանդակային առումով, ինչքանով մենք քննարկումների արդյունքում հասկացանք, նախագծին տրվել է դրական եզրակացություն, եւ կոչ եմ անում կողմ քվեարկել: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Գրիգորյան, եւս հարցեր չեն լինելու, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Անցնում ենք մտքերի փոխանակության: Հերթագրված պատգամավորներ չունենք: Անցնում ենք եզրափակիչ ելույթների: Պրն Գրիգորյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չե՞ք տեսնում: Տիկին Մարգարյան, եւս եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չե՞ք տեսնում: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյան: Տիկին Թանդիլյան` համեցեք:

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Շնորհակալություն, հարգելի ԱԺ նախագահություն, այս դժվար վերնագիրը մինչեւ վերջ ընթերցելու համար, իսկ իրականում վերնագիրն այդպիսին է, որովհետեւ առաջարկում ենք փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքի այն դրույթում, որը նաեւ հետագայում փոփոխության է ենթարկվել եւ, հետեւաբար` հակիրճ ներկայացնեմ, թե ինչի՞ մասին է խոսքը: Գիտեք, որ 2020 թվականի հունվարի մեկից փոփոխության արդյունքում ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գաղափարը, որով նախատեսվում է մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից, եւ ահա այստեղ նաեւ կան սահմանափակումներ, թե, հատկապես, որոնք են այդ ձեռնարկատիրությունները կամ գործունեության ոլորտները, որոնք կարող են օգտվել եւ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ահա, այդ բացառությունների սահմանմանն է վերաբերվում մեր նախաձեռնությունը, որով առաջարկում ենք բացառությունից հանել մի շարք գործունեություններ կամ տարածաշրջանում, վարչական սահմաններում ձեւավորվող առեւտրական գործունեություններ: Պետք է ասեմ, որ նախագիծն ընդարձակ էր, եւ առաջարկվում էր նախնական տարբերակով այստեղից բացառությունների շարքից հանել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր ձեռնարկություններին, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում առեւտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին` ԱՁ-ներին, եւ նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս առեւտրային կենտրոններում իրականացվող առեւտրական գործունեություն կատարողներին:

Հանձնաժողովում քննարկեցինք, այսինքն` այս առումով պետք է ասեմ, որ դրույթները տարբեր են, բայց հանձնաժողովի տրամադրվածության եւ կարծիքի առումով հավանության արժանացավ առաջարկված դրույթներից մեկը, որն էլ հենց այսօր ձեզ ներկայացնում եմ: Դա վերաբերում է հնարային սննդի ոլորտում առաջարկվող փոփոխությանը 267-րդ հոդվածին, որով սահմանում ենք, որ այդ գործունեությունն իրականացնողները, որոնք գտնվում են Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս, հետեւաբար` դա նշանակում է` մարզերում, ապա միայն այդ կազմակերպությունները կկարողանան համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եւ հետեւաբար` մինչեւ 24 միլիոն շրջանառություն ունենալու պարագայում կազատվեն հարկերից:

Պետք է ասել, որ օրենքի կոնկրետ այս դրույթը նաեւ իմ գործընկերը` Կառավարության ներկայացուցիչը կներկայացնի, թե ինչքան սուբյեկտների է վերաբերվելու: Հստակ հաշվառում չկա, բայց մեր նախնական տեղեկություններով` մոտ հազար ձեռնարկատիրական սուբյեկտների կարող է սա վերաբերել եւ, ըստ էության, երբ այս մարդիկ մարզերում կիրականացնեն հանրային սննդի ոլորտի գործունեություն, ազատված լինեն հարկերից մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառության պարագայում:

Մենք սա համարում ենք շատ կարեւոր եւ սկզբունքային, նաեւ մնացած կետերի հետ համատեղ, բայց ինչո՞ւ ենք ընդունել հենց առաջարկը, որ այսքանով, եթե գալիս ենք համաձայնության, ապա կյանքի կոչենք. որովհետեւ մեզ համար այս ոլորտում սրանք նաեւ ենթակառուցվածքների շինարարությանը միտված գործունեություն են, որովհետեւ ինչպես հասկանում եք, այս ոլորտում ներգրավված են նաեւ տարբեր սոցիալական խմբեր, եւ մենք համարում ենք, որ հաշվի առնելով նաեւ, որ սա վերաբերում է նաեւ սոցիալական խնդիրներ լուծելուն, այս ոլորտում էլ ավելի շատ մարդիկ են ներգրավված, քան առեւտրային գործունեություն իրականացնողները: Այստեղ ընտանիքներով են, մի քանի անդամներ են ներգրավված, եւ համարում ենք, որ, այնուամենայնիվ, սա նույնպես կուծի այն խնդիրը, որ մեր առջեւ դրել էինք այս նախաձեռնությունն անելիս: Պետք է ասեմ, որ նախնական տարբերակով, իհարկե, բացառությունների մեջ նորից մեզ համար կան անընդունելի դրույթներ, եւ նախնական տարբերակով Կառավարության ծրագրում այդ դրույթների մասին եւ բացառությունների մասին խոսք չի եղել, եւ նաեւ այստեղից է բխել մեր նախաձեռնությունը, բայց եւ այնպես, պետք է ասեմ, որ անկախ նրանից, թե մեր առաջարկած դրույթներից ո՞րն է պաշտպանություն գտել, մենք, միեւնույնն է, ընդունում ենք, որովհետեւ կարծում ենք, որ ինչքան էլ լուծում տրվի, դա ավելի լավ է, քան ոչ մի լուծումը, այնպես որ, շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին` նախաձեռնությանն աջակցելու համար, եւ հուսով եմ` կստանա դրական եզրակացություն նաեւ ԱԺ դահլիճում: Շնորհակալ եմ:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հիմնական զեկուցողին հարցերով դիմելու համար` հերթագրում: Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն: Շնորհակալություն: Տիկին Թանդիլյան, ասեմ, որ միանգամից մենք կողմ ենք այս փոփոխությանը, եւ տարբեր ժամանակներ հնչեցրել ենք դրա տարբեր դրվագներն ընդհանուր Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ, բայց մի փոքր հաշվարկ անենք, տեսնենք, թե դրա ընդգրկման շրջանակները որ տիպի օբյեկտներին են վերաբերում:  Եթե 24 միլիոնը բաժանում ենք 12 ամսվա, դա էլ բաժանում ենք 30 օրվա, օրական 66 հազար դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտին է վերաբերում: Հիմա, այսինքն` մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ շահութաբերությամբ է, ովքե՞ր են, դրանք աշխատո՞ւմ են, թե՞ չէ այդ շահութաբերությամբ, այսինքն` օրական 66 հազարի շահույթը, եթե հաշվենք, ինչ-որ մի ժամանակ հետո ինքը դուրս է գալու 24 միլիոնի սահմաններից, այլապես նվազ շահութաբերությամբ շատ բարդ է լինելու աշխատելը, այսինքն` այստեղից մենք մոտավորապես ասենք, որ սա ավելի սոցիալական նշանակության սուբյեկտներն են, որը մենք ողջունում ենք: Բայց արդյո՞ք այդպիսի հաշվարկ արել եք, թե ի՞նչ շահութաբերության ո՞ր օբյեկտներն են, որովհետեւ, ասեցի, 66 հազար դրամն է, որ գալիս, հատում է այդ սահմանը:

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պրն Մելքումյան: Ակնհայտորեն, սա ունի սոցիալական ուղղվածություն, բայց հենց ազատելն էլ հենց այդ մասին է, որ առանց այդ էլ շրջանառությունը շատ նվազ է, եւ եթե մարդիկ շատ թե քիչ կարողանում են ինչ-ինչ հաշվարկների արդյունքում գոյատեւել, ունենալ մեկ-երկու աշխատող, ընտանեկան միջավայր ստեղծել եւ հանրային սննդի օբյեկտ ունենալ, հետեւաբար, այո, իրենց պետք է աջակցել, քանի դեռ չեն հատել սահմանը, իսկ սահմանը հատելու դեպքում, բնականաբար, արդեն շրջանառության հարկ վճարող կհանդիսանան:

Ինչ վերաբերում է ձեր հաշվարկին, բնականաբար, մենք նույնն ենք արել ամսվա եւ տարվա կտրվածքով, եւ հետեւաբար` այդ ձեռնարկությունները, որոնք այդ ծավալի մեջ են տեղավորվելու, ակնհայտ է, որ ունեն եւ լուծելու են սոցիալական խնդիրներ, ինչպես նաեւ այս տարածաշրջանում տուրիստական ենթակառուցվածքների ձեւավորմանն է միտված լինելու, որովհետեւ ակնհայտ է, որ միայն հյուրանոցներ կամ փոքր տներ այցելելիս, որտեղ բնակվում են տուրիստները, միայն այստեղ չէ, որ սնվում են, եւ հետեւաբար` մենք նաեւ ուզում ենք, որ այս առումով այդ ենթակառուցվածքները մարզերում, գոնե, զարգանան: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն Մելքումյան, արձագանքո՞ւմ եք: Սոս Ավետիսյան:

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Ըստ էության, պրն Մելքումյանն իմ հարցի մի մասին անդրադարձավ, բայց ես ուզում էի հասկանալ տրամաբանությունը. եթե գնում է մարզ, խթանը դա է, այդ դեպքում, քանի որ իրենք ընտանեկան բիզնեսներ են կամ բան, այդ տեղափոխումը լինելո՞ւ է, թե՞ չէ, թե՞ նրանք, որոնք այստեղ են, 24 միլիոնով կլինեն Երեւանում, նրանք, ովքեր մարզ կգնան, էլի 24 միլիոնով, մինչեւ այդքանը կլինի շեմը:

Մեկ էլ մի բան էի ուզում հարցնել տնտեսագետներին: Երբ որ մենք ասում ենք` մինչեւ 24 միլիոն դրամը չի հարկվելու, շահագրգռվածություն չկա՞ այդ դեպքում մարդկանց մինչեւ էդ 24 միլիոնը պահելը, այսինքն` հնարավոր... Կարելի է 24 միլիոնը չհարկել եւ... Չգիտեմ, ես այդպես եմ մտածում, գուցե ես մի քիչ էդ ոլորտից չեմ եւ չեմ խորանում, բայց ինձ թվում է` մարդու մոտ տրամաբանությունն այն է լինելու, որ ինքը 24 միլիոնը չհատի: Այս երկու հարցերին, եթե կարող եք, անդրադարձեք:

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Շնորհակալություն պրն Ավետիսյան: Իրականում որեւէ շեմ սահմանելիս, եթե կա շեմի գաղափար, այդ ռիսկը միշտ կա, այսինքն` այստեղ դիտարկել սա առանձին ռիսկ` նպատակահարմար չէ եւ տեղին չէ, որովհետեւ յուրաքանչյուր շեմի սահմանման դեպքում միշտ այդ եզրը կա, եւ հետեւաբար, այդ խնդիրն այս տեսանկյունից դիտարկելը նպատակահարմար չենք գտնում, հատկապես, երբ խոսում ենք մարզերի մասին, որովհետեւ շրջանառությունն էլ այնտեղ ակնհայտորեն այնպես լայնածավալ չէ, որ նաեւ չարաշահման մասին այս պարագայում դիտարկենք: Նաեւ պետք է ասեմ, որ տեղափոխելու հարց չի առաջանում, որովհետեւ հանրային սննդի օբյեկտն ունի տեղակայված վայր, այսինքն` այստեղից գնալ այնտեղ, որպեսզի հարկ չվճարեն, նման մոտեցում իրականում չկա:

Բացի այդ, ես պետք է ասեմ, որ կոնկրետ մենք ավելի շատ սատարում ենք բոլոր տեղերում, որովհետեւ հենց այդ շեմի հարցն է. եթե դու շեմը հատել ես, արդեն սոցիալական կողմը դուրս է գալիս եւ կարող ես հարկվել շրջանառության հարկով: Ինչպես այնտեղ պետք է վերահսկել, այնպես էլ այստեղ պետք է վերահսկել, այսինքն` այս առումով որեւէ լրացուցիչ ո՛չ գործառույթ է ավելանում, ո՛չ պակասում, եւ հետեւաբար` նաեւ այդ առումով հարցը, խնդիրը չի առաջանում: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք: Տիկին Թանդիլյան, հարցերն ավարտվեցին: Հարկից զեկուցող` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյան:

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանն արդեն ներկայացրեց հարկային փոփոխությունը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է, տրվել է դրական եզրակացություն: Ուզում եմ շեշտել մի կարեւոր հանգամանք, եւ սրա համար ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել տիկին Թանդիլյանին: Մենք կարողացանք հենց նիստի ժամանակ, նաեւ Կառավարության ներկայացուցչի, իհարկե, մասնակցությամբ այնպես անել, որպեսզի օրինագծի այս փոփոխությունն այս մասով մտնի լիագումար նիստերի դահլիճ, եւ, այսպիսով, տրվի դրական եզրակացություն, այսինքն` հարցը, ինչպես դուք եք նշում, մասամբ լուծել կամ ձեր առաջարկը մասամբ ներկայացնել եւ անցկացնել;

Ուրեմն, ուզում եմ ասել, որ քննարկումը շատ արդյունավետ է, շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ, կարծիքների բախում, եւ կարծում եմ, որ ներկայացվեցին բոլոր այն ռիսկերն ու այն բարդությունները, որոնց կբախվեինք, եթե նախագիծն ամբողջությամբ ընդունվեր: Տիկին Թանդիլյան, կարծում եմ` այս դեպքում մենք դրանք, իսկապես, մինիմալի ենք հասցրել կամ, իսկապես, սոցիալական խնդիր են լուծում մարզերի դեպքում: Այսպիսով, քաղաքացիների համար, որպեսզի մեր քաղաքացիների համար եզրափակեմ, ընդհանրացնեմ, նախագծի ընդունմամբ մարզերում հանրային սննդի գործունեություն ծավալողները կմտնեն միկրոբիզնեսի դաշտ արտոնյալ հարկային ռեժիմով, եթե տարեկան մինչեւ 24 միլիոն դրամի շրջանառություն ունեն եւ կազատվեն եւ՛ շրջանառության հարկից, եւ՛ եկամտային հարկերից: Սա կունենա սոցիալական նշանակություն, որովհետեւ իրենց թիվը բավականին մեծ է` այս գործունեություն ծավալողների, ինչպես նաեւ մենք կխթանենք հյուրընկալության շղթայի այս կարեւոր բաղադրիչի գործունեությունը: Կոչ եմ անում կողմ քվեարկել: Եզրակացությունը դրական է: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարակից զեկուցողին հարցերով դիմելու համար` հերթագրում: Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Այսպիսի մի հարց. իսկ այն մյուսները, որ մերժվել են, մյուս սահմանափակումներ հանելը, դրանք ինչի՞ն են վերաբերել, եւ արդյո՞ք դրանք սոցիալական բնույթ ունեի՞ն, թե՞ չէ, եւ տիկին Թանդիլյանը, ի վերջո, համաձայնվե՞ց, որ դրանք հանվեն, թե՞ համաձայնվեց, որ չհանվեն:

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Պրն Մելքումյան, նախ` համաձայնվել-չհամաձայնվելուն անդրադառնամ: Իհարկե, համաձայնվեց այն առումով, որ մենք այսօր ունենք այս օրինագիծը` այս տեսքով լիագումար նիստերի դահլիճ բերված: Սա նշանակում է, որ մենք եկել ենք կոնսենսուսի, ինչի համար ես շնորհակալություն հայտնեցի:

Ինչ վերաբերում է նրան` արդյո՞ք փաստարկները կամ հակափաստարկները բավարար գնահատվե՞լ են, սա արդեն տիկին Թանդիլյանն իր խոսքում նշեց: Ես կարծում եմ, որ այն կետերով, որով Կառավարությունը ներկայացրել է ռիսկերը, միանգամայն տեսանելի եւ շոշափելի են, նաեւ Հարկային օրենսգրքի փաթեթի քննարկման ժամանակ էին բարձրացվում այս հարցերը, եւ սրանց պատասխաններ տրվել են:

Այո, սոցիալական ցանկացած հարց, կարելի է ասել, եթե վերաբերում է այս գործունեությանը` առք ու վաճառքի գործունեությանը, ունի սոցիալական բնույթ, բայց այստեղ մենք պետք է հասկանանք, իսկապես, եթե Երեւանի մասին է խոսքը, իրացման շրջանառությունը, մենք պետք է հասկանանք այն ռիսկերը, որոնք վարչարարության ժամանակ են առաջ գալիս, այսինքն` եթե մեծ բիզնեսը մասնատվի եւ այլն: Բոլոր այն ռիսկերը, որոնց մասին տեղյակ եք, վստահ եմ:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, պրն Մելքումյան: Տիկին Գրիգորյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցերն ավարտվեցին: Հարակից զեկուցող` ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան, համեցեք:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Բարեւ ձեզ: Շնորհակալություն: ԱԺ հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, թույլ տվեք ներկայացնել քննարկվող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Կառավարության առաջարկությունը: Ըստ էության, նախագիծը երկու մասից էր բաղկացած: Առաջին մասով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել, որպեսզի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում ներառվեն նաեւ Երեւան քաղաքում եւ Երեւան քաղաքից դուրս արդեն առեւտրի իրականացման վայրերում եւ առեւտրի կենտրոններում առեւտրական առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները: Այս մասով Կառավարությունն ընդգծված վերապահումներ ուներ, որովհետեւ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրման տրամաբանությունն ու գաղափարախոսությունը մի փոքր այլ է եւ միտված է սկսնակ, փոքր ձեռնարկատերերի աջակցությանը` լուծելու համար, այո, այդ թվում զբաղվածության եւ սոցիալական խնդիրներ:

Մյուս կողմից` հաշվի առնելով այն, որ խոսքն առեւտրական առք ու վաճառքի գործունեության մասին է, այսինքն` մի ոլորտի, որը չի կարող բնութագրվել որպես արտահանմանը միտված գիտելիքահենք, տեխնոլոգիահենք, այսինքն` տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից գերակա համարվող ոլորտ, Կառավարությունն առաջարկեց այս մասով այդ հնարավորությունը չընձեռել:

Ինչ վերաբերում է նախագծի երկրորդ մասին` հանրային սննդի կազմակերպման գործունեությունը միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում ներառելուն, այս մասով թույլ տվեք մի փոքր նախապատմությունը ներկայացնել: Հավանաբար, հիշում եք, այս տարվա հունիսի 25-ին, երբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով անդրադարձ էր կատարվում նաեւ նոր հարկման այլընտրանքային համակարգերին, մենք` որպես Կառավարություն, ըստ էության, պատրաստակամ էինք անգամ այդ փուլում հանրային սննդի կազմակերպման գործունեությունը ներառել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում, սակայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերը մեզ հնարավորություն չընձեռեցին, եւ մենք խոստացանք հարցը պահել մեր օրակարգում:

Հիմա, ստացվեց այնպես, երբ ամիսներ անց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությամբ հարցը վերստին ներկայացվեց քննարկման, բայց նորից հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, այդ թվում` հարկման արտոնյալ համակարգերի եւ հարկման ընդհանուր համակարգի հաշվեկշռվածության սկզբունքը, որովհետեւ գիտեք, մենք ի դեմս հարկման արտոնյալ համակարգերի ունենք եւ՛ դրական կողմեր, եւ՛ բացասական կողմեր, մենք փորձել ենք հաշվեկշռել, եւ մեր գնահատմամբ, ձեր առաջարկությունն այն մասով, որը կարող էր վերաբերել միայն Երեւան քաղաքի վարչական տարածքից դուրս գտնվող տարածքներում իրականացվող գործունեությանը, որպես Կառավարություն, մենք համաձայնել ենք, եւ ես էլ եմ ուզում միանալ այն կարծիքներին, որ սա շատ հաջող եւ շատ կառուցողական համագործակցության վառ օրինակ է: Շնորհակալություն ձեզ, տիկին Թանդիլյան, հանձնաժողովին` հետաքրքիր քննարկում կազմակերպելու համար:

Ըստ էության, ամփոփելով միտքս` կցանկանամ նշել, որ, այո, վերանայված տարբերակով նախագծի ընդունման վերաբերյալ Կառավարությունն առարկություններ չունի: Կարծում եմ, որ սրանով մենք որոշակիորեն կընդլայնենք 2020 թվականի հունվարի 1-ից կիրառվելիք միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կիրառության հնարավոր շրջանակը, ընդ որում, կարծում եմ` շատ կարեւոր ուղղությամբ, որովհետեւ սա այն ոլորտն է, որն ուղղակիորեն ասոցացվում է եւ նաեւ առնչվում է գերակա համարվող զբոսաշրջության ոլորտի հետ, եւ նաեւ դրա մի ճյուղի հետ, որը բնութագրվում է, այսպես կոչված, գաստրոտուրիզմ, եւ ես կարծում եմ` այո, իրապես համոզմունք ունենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել: Այս առումով` առաջարկում ենք կողմ քվեարկել նախագծի լրամշակված տարբերակին: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարցերի համար` հերթագրում: Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Պրն Պողոսյան, դուք հաշվարկ արե՞լ եք` այդ 66 հազար դրամի օրական շրջանառությունից հանելով աշխատավարձը, հոսանքը, եթե վարձակալության վճար կա, եւ այլն, թե ի՞նչ... Հնարավո՞ր է, որ սենց գործեն այդպիսի սուբյեկտներ, տնտեսվարողներ, թե՞ չէ, այսինքն` ունե՞ք փոքրիկ հաշվարկ, թե այս սահմաններում կարո՞ղ են գործել, թե՞ չէ, որովհետեւ լայն առումով` ես կարծում եմ, որ շեմը` 24 միլիոնը պետք է բարձրանա, ոչ թե իջնի:

Երկրորդ. կարո՞ղ է` որոշ ժամանակ անցնի, հանկարծ էլի արդյունավետ համագործակցության մի օրինակ էլ ունենանք, այդ սահմանափակումներից մի բան էլ անցնի, թե՞ չէ, թե՞ դրանք շատ կարծրատիպային սահմանափակումներ են, որ չենք կարող տեղաշարժել, այն մյուս սահմանափակումները, որ վերաբերում են, որոնց չեք համաձայնվել: Շնորհակալություն:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ձեր թույլտվությամբ վերջից փորձեմ պատասխանել: Բնականաբար, ոչինչ չի կարելի բացառել, միշտ կարելի է տարբեր հարցեր քննարկել: Եթե դուք կոնկրետ ասեք` ո՞ր հարցի, ո՞ր սահմանափակման մասին եք խոսում, ես կփորձեմ ավելի առարկայական լինել, բայց ոչինչ բացառել պետք չէ, պարզապես, մենք պետք է մշտապես խնդրենք, որ մնանք հարկման տարբեր համակարգերի հաշվեկշռվածության սկզբունքի ներքո, որովհետեւ, եթե մենք էականորեն ընդլայնում ենք միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը կամ շրջանառության հարկով հարկման համակարգը, մենք որոշակիորեն կիմաստազրկենք ԱԱՀ հարկով հարկման համակարգը, եւ հավանաբար, նկատել եք, որ վերջին շրջանի բարելավումները հիմնականում միտված են հենց ԱԱՀ-ով հարկման համակարգի գրավչության բարձրացմանը, այդ թվում` ԱԱՀ-ի, դեբետային գումարների վերադարձի եւ այլն:

Ինչ վերաբերում է հաշվարկին, այո, իրապես, այդպիսի հաշվարկ մենք կատարել ենք: Մեր գնահատմամբ սա այն մոդելն է ձեռնարկատիրության, կամ տվյալ դեպքում` միկրոձեռնարկատիրության, որը կազմակերպվում է փոքր մասշտաբներով, հյուրատնային ձեւաչափով, սեփական ռեսուրսներով… Իմ ժամանակը չի հերիքում, եթե հնարավորություն լինի, կշարունակեմ:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք պրն Մելքումյան: Իմացեք, որ արձագանքել է պրն Մելքումյանը: Շարունակեք:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն փոխնախագահ: Տեսեք, պրն Մելքումյան, մեր գնահատմամբ, այո, եթե այս ձեռնարկատիրական գործունեությունը կազմակերպվի տարատեսակ ռեսուրսների ներգրավմամբ, այդ թվում` վարկային ռեսուրս, տարածքի վարձակալություն, աշխատուժի ներգրավում, ինքը ձեր նշած իրացման շրջանառության շեմի պայմաններում, միգուցե, հնարավոր չլինի տեղավորել: Հենց այս դրվագով պայմանավորված նաեւ` մենք առեւտրական գործունեությունն առաջարկեցինք չներառել, որովհետեւ առեւտրի պարագայում վերադիրն ավելի փոքր է, կապիտալի շրջապտույտը` ավելի արագ, այսինքն` գործառնական ցիկլի տեւողությունը` ավելի քիչ, եւ այդ շեմը շատ ավելի հեշտությամբ եւ ավելի արագ էր հաղթահարվելու:

Հանրային սննդի պարագայում, երբ սեփական ռեսուրսներով է կազմակերպվում, մեր գնահատմամբ` շահութաբերությունը նորմալից բարձր է, այսինքն` կարող ենք խոսել 20-25-30 տոկոս շահութաբերության մասին, ինչը 66 հազարի պարագայում արդեն մոտ 15-20 հազար դրամ է օրվա հաշվարկով, եւ ես կարծում եմ, որ այո, իրատեսական է այս առավելագույն շեմի պայմաններում այս գործունեությամբ զբաղվելը: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արտակ Մանուկյան:

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Շնորհակալություն: Իմ հարցն էլ է, ճիշտն ասած, մի փոքր ապագային միտված, քանի որ դուք այստեղ ներկայացնում եք` հարկման համակարգերի միջեւ խզումներ չլինեն, ձեր բառերով ասած` համակարգերի միջեւ աղճատումներ չլինեն, ինչպե՞ս եք գնահատում, քանի որ մենք հիմա նաեւ հանրային սննդի օբյեկտների մասին ենք խոսում, որ ՀԴՄ կանոնները խախտելը հանրային սննդի օբյեկտների համար, մոտ 4 անգամ ավելի բարձր տուգանք է առաջացնում, քան նույն ԱԳԼՃԿ-ներում համանման խախտումները: Հիմա, սա աղճատո՞ւմ է, թե՞ ոչ: Ես էլ եմ, քանի որ մենք ուզում ենք նախագիծ ներկայացնել, երկրորդ անգամ եմ հնչեցնում այս դրույթը եւ, կարծես թե, դուք որեւէ կարգավորում չեք իրականացնում, ուզում եմ հասկանալ, եթե այդ կարգավորումը մենք ներկայացնենք, ձեր դիրքորոշումն ինչպե՞ս կլինի: Շնորհակալություն:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մանուկյան: Իհարկե, ձեր հարցը չի վերաբերում այս նախագծի կարգավորման առարկային, բայց միգուցե որոշակի առնչություն ունի, անուղղակիորեն: Գիտեք, կա սահմանված ընթացակարգ` նախագիծը ներկայացնելու, դրա վերաբերյալ կարծիք ձեւավորելու, բայց այս պահին կարող եմ ասել, որ միասնականությունը, իհարկե, լավ սկզբունք է, դա դրված է Հարկային օրենսգրքի հիմքում հնարավորինս ընդգծված ձեւով, եւ տարբերակված կանոններ կիրառելու համար անհրաժեշտ են, առնվազն, ծանրակշիռ պայմաններ: Հիմա, մենք ձեզ հետ միասին պետք է գնահատենք` արդյո՞ք տարբերակվածության այդ պայմաններն այդքան ծանրակշիռ են, որ հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքներն էականորեն տարբերվեն:

Ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ այստեղ մենք առնվազն մտածելու բան ունենք, եւ պատրաստակամություն եմ հայտնում աշխատել այս ուղղությամբ: Ի դեպ, նաեւ քանի որ ընդգծված քաղաքականություն է իրականացվում հարկային կարգապահության բարձրացման առումով, կարող ենք քննարկել նաեւ այդ տուգանքները միասնականացնելու եւ միասնականացված տուգանքները բարձրացնելու նպատակահարմարության հարցը: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, պրն Մանուկյան:

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Ես այդ վերջին բառին էի սպասում: Կարծում եմ` հակառակը, մենք հենց բիզնեսի պարզած ձեռքի եւ պրն Մելքումյանի թվերին ավելացնեմ, որ նաեւ այդտեղ որոշակի հարկային բեռ կա, այսինքն` ամեն աշխատողի մասով եւս 5 հազար դրամի վճարում կա: Այս համատեքստում մենք ոչ թե պետք է միասնականացնենք եւ դեպի վերեւ տանենք, այլ, քանի որ մեսիջ է տրված բիզնեսին, ստվերից են դուրս գալիս, աշխատողներ են հայտարարագրում, մենք, ընդհակառակը, պետք է հնարավորինս այս հարկային, այսպես ասած, պատժաչափերը նվազեցնենք եւ միասնականացնենք, բայց դեպի ներքեւ: Համենայն դեպս, ես նաեւ առաջարկության տեսքով սա ձեզ կներկայացնեմ, որովհետեւ երկրորդ անգամ եմ հնչեցնում, բաց կարծես, թե այն համակարգային լուծումները, որոնք մենք քննարկում ենք, այստեղ խոսում ենք, չեմ նկատում: Շնորհակալություն:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Պրն Մանուկյան, դա էլ քննարկելու հարց է` իջեցնե՞լ, թե՞ բարձրացնել, բայց ես խնդրում եմ հաշվի առնել, որ մենք խոսում ենք հարկային կարգապահության խնդիրների մասին, այսինքն` մի բան է նվազեցնել կարգապահ հարկ վճարողի բեռը, մի բան է նվազեցնել դիտավորությամբ Հարկային օրենսդրության պահանջները խախտող տնտեսվարող սուբյեկտի բեռը: Բայց կարծում եմ, որ կարող ենք մենք արդյունավետ համագործակցություն ունենալ այս համատեքստում, իսկ ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ճիշտն ասած, ես լավ չհասկացա, դուք ակնկալում եք, որ մե՞նք ներկայացնեինք նախագիծ: Մենք մշտապես գույքագրում ենք խնդիրները եւ, ըստ առաջնահերթության, ներկայացնում ենք նախագծեր: Հավանաբար, մինչեւ տարեվերջ մենք կունենանք եւս մեկ օրենսդրական նախաձեռնություն` Հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարման, եւ չի բացառվում, որ այդ նախագծով մենք ինքներս անդրադառնանք այդ հարցին: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Վիկտոր Ենգիբարյան:

Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Պողոսյան, երբ որ Կառավարությունը ներդրեց միկրոձեռնարկատիրության այս ինստիտուտը, ես հիշում եմ, որ այն ժամանակ թեզ էր շրջանառվում, որ նման շրջանառություն ունեցող ընկերությունների հետ կապված վարչարարությունը, որն իրականացնում է պետությունը, այնքան ծախսատար է, որ սա փոխհատուցում է վճարված հարկերը: Հետաքրքիր կլիներ, որ մենք կարողանայինք ունենալ հաշվարկ, թե այդ շեմը ո՞րն է, երբ որ պետությունը եւ բիզնեսը զրո-զրոյի վրա են կանգնում` այդ վարչարարության գինը եւ վճարած հարկերը: Ինչո՞ւ եմ հարցնում. որովհետեւ եթե պարզվեր, որ, օրինակ` մինչեւ 80 միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունների պարագան է այդ զրոյական կետը, մենք այդ վարչարարությունը կամ այդ հարկերն ուղիղ ուղղենք դեպի համայնք, եւ համայնքները կատարեն այդ գործառույթները, որոնք տեղում ավելի էժան կամ անվճար կկարողանային դա իրականացնել: Սա` հիպոթետիկ, էսպես, կարող ենք մտածել այս մասին:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն շատ կարեւոր հարցի համար, պրն Ենգիբարյան: Իրականում, այս խնդիրը ժամանակին փորձ է կատարվել լուծել շրջանառության հարկի մոդելի հիման վրա, որովհետեւ այն ժամանակ դեռ չունեինք միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: Ասեմ ձեզ, որ կան տարբեր մոդելներ` այդ հավասարակշռության շեմը որոշելու, ընդհուպ նաեւ գիտականորեն հիմնավորված մոդելներ` երբ որ շատ կոնկրետ գործոնների վերլուծությամբ` գործոնային վերլուծությամբ հնարավոր է լինում ստանալ այդ «օպտիմալ շեմ» կոչվածը: Ես չեմ ուզում` իմ պատասխանն ազդակ լինի, որ մենք մտադիր ենք նորից շրջանառության հարկի շեմն իջեցնել, բայց իրապես, իմ նշած գիտականորեն հիմնավորված մոդելներով այդ շեմն էականորեն ավելի ցածր է ստացվում: Հիմա ես, ձեր թույլտվությամբ, թիվը չհնչեցնեմ, որ այլ մեկնաբանությունների տեղիք չլինի, բայց կարող ենք միասին նույնիսկ նայել այդ մոդելները, նրանց կիրառությամբ ստացվող արդյունքը, եւ դարձնել, միգուցե, հետագա մտորումների առարկա: Եթե հնարավորություն ընձեռվի, հարցի մնացած մասին էլ ես կանդրադառնամ:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն Ենգիբարյան, արձագանքո՞ւմ եք:

Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Այո, եւ համայնքներին ուղղելու գաղափարն էլ այստեղ կարող է հետաքրքիր դառնալ: Տեսեք, օրինակ` անկախության օրը, որ նշվեց Գյումրի քաղաքում, 15 հազար հյուր էր եղել Գյումրիում, Երեւանից կամ այլ քաղաքներից Գյումրի էր գնացել 15 հազար մարդ, որոնք, բնականաբար, առեւտուր էին արել, եւ այլն, բայց ՀԴՄ-ների քանակը չավելացավ: Իմ կարծիքով` եթե համայնքներն այստեղ, այդ շեմը մենք հաշվեինք եւ այդ շեմից ներքեւ հատվածն օրենսդրական մակարդակում տեղափոխենք դեպի համայնքային լիազորություններ, հա՛մ էստեղ էֆեկտիվ վարչարարություն կարվեր, հա՛մ էլ համայնքները, բնականաբար, շահույթ կունենային:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ենգիբարյան: Ես ձեր հարցի տրամաբանությունը հասկանում եմ, բայց մի քանի այլ կողմերից էլ, իմ կարծիքով` պետք է նայենք հարցին: Առաջինը` հնարավոր շահերի, որովհետեւ, եթե որեւէ կառավարման օղակ, լինի դա տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմին, վարչարարություն է իրականացնում եւ, ըստ այդմ, ծախս է կատարում, նա պետք է որոշակի նաեւ ակնկալիք ունենա, այդ թվում` եկամուտների տեսքով:

Երկրորդը. կարողությունների շատ լուրջ հարց կա այստեղ: Բնավ չփորձելով թերագնահատելով ՏԻՄ կարողությունները, այդ թվում եւ՛ մասնագիտական, եւ՛ աշխատանքային ռեսուրսների առումով, կարծում եմ, որ սա այն հարցերից է, որ, անպայմանորեն, պետք է քննարկել մինչեւ նման քաղաքականության մասին մտածելը:

Բայց նաեւ ձեր հարցի ամենասկզբնական մասին անդրադառնալով` միկրոձեռնարկատիրության պարագայում այդպիսի օպտիմալ հաշվարկ չենք կատարել, որովհետեւ այստեղ մի փոքր այլ տրամաբանություն է դրված, այսինքն` հաշվարկը կատարվել է այն ենթադրությամբ, որ ինչքան պետք է լինի շեմը, որպեսզի միջին շահութաբերության պարագայում տնտեսավարող սուբյեկտը կարողանա լուծել իր սոցիալական առաջնահերթ խնդիրները, այսինքն` նպատակից ենք ելել ու ստացել այս 24 միլիոն դրամ շեմը: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Ավարտեցի՞ք: Եղիշե Սողոմոնյան:

Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պողոսյան: Հաշվի առնելով, որ ունեինք նաեւ Հարկային օրենսգրքի հետ կապված նախագծեր, որոնք օրակարգ չընդգրկվեցին, քանի որ հանձնաժողովում բացասական եզրակացություն էին ստացել, պրն Պողոսյան, կուզեի` հիշեցնեիք ձեր կարծիքն այդ նախագծերի վերաբերյալ: Ո՞րն են Կառավարության հիմնավորումները` բացասական կարծիք տալու մասով այդ նախագծերին:

Մի հարց էլ. դուք ո՞նց եք վերաբերվում, երբ մենք ամեն լիագումար նիստում քննարկում ենք Հարկային օրենսգրքի փոփոխություն, հատկապես այն պարագայում, երբ նրանք ուժի մեջ են մտնելու, ենթադրենք` 2020 թվականի հունվարի 1-ից: Չե՞ք կարծում, որ այդ պրակտիկան պետք է վերացնենք եւ պետք է այդ հավաքագրենք եւ տարեվերջին մի ամբողջական փաթեթով էդ փոփոխություններին գնանք, որն ավելի կանխատեսելի կդարձնի եւ՛ օգտագործման առումով, եւ՛ հարկատուների համար կանխատեսելիության առումով: Շնորհակալություն:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սողոմոնյան, երկու կարեւոր հարցերի համար: Եթե ընդհանրացնելով խոսելու լինեմ, ենթադրում եմ, որ խոսքը եկամտահարկի վերադարձի համակարգն ընդլայնող այդ 3 նախագծերին է վերաբերում: Դիտարկումները, որոնք ընդհանուր են բոլոր երեքի համար, հիմնականում հանգում են հետեւյալին. համակարգի նկարագիրը, մեր կարծիքով` ճիշտ չէ դրված, որովհետեւ նվազեցումը կատարվում է հարկի գումարից, մինչդեռ ամբողջ աշխարհում միջազգայնորեն ընդունված սկզբունքների համաձայն` նվազեցումը կատարվում է հարկման բազայից: Ի դեպ, այս գաղափարի հետ համաձայն են, կարծում եմ` հիմնական շահագրգիռ կողմերը, այդ թվում նախագծերի հիմնական զեկուցող հարգարժան տիկին Թանդիլյանը, պարզապես մտավախությունն այն է, որ այդ համախառն եկամտից նվազեցումների մոդելը կիրառելու համար պետք է մենք նախապատրաստվենք, ի դեմս եկամուտների հայտարարագրման ամբողջական` համատարած համակարգի ներդրմամբ, եւ մտահոգությունը կայանում է նրանում, որ այդ համակարգը կարող է տարիներ շարունակ այդպես էլ չներդրվել:

Իհարկե, մենք հանձնաժողովի նիստում պատրաստակամություն հայտնեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատել, եւ 2021 թվականի վերջին կամ 2022 թվականին ունենալ այդ համակարգը ներդրված, որը մեզ հնարավորություն կընձեռի այդ նվազեցումները կատարել, այսինքն` վերաիմաստավորել համակարգը: Եթե հնարավորություն լինի, կշարունակեմ պատասխանել:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք:  Միացրեք...

Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

-Լիովին կիսում եմ ձեր հիմնավորումը, եւ ժամանակ, հնարավորություն ունեք նաեւ անդրադառնալ երկրորդ հարցին:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Իհարկե, շատ ցանկալի իրավիճակի մեջ կլինենք, եթե Հարկային օրենսդրության փոփոխությունները լինեն ավելի համակարգված, որովհետեւ հակառակ պարագայում, այսինքն` ունենալով տեղային լուծումներ, մենք անընդհատ այս օրենսդրական հախուռն գործընթացի մեջ ենք, բայց դա դեռ ամենամեծ խնդիրը չէ, որովհետեւ դա մեր խնդիրն է, ըստ էության, բայց ավելի մեծ խնդիր ենք ստեղծում գործարարների համար, որոնք անընդհատ սպասումների մեջ են:

Ինչ խոսք, միանշանակ, համաձայն եմ ձեզ հետ, որ եթե մենք կարողանանք այնպիսի փոխադարձ պայմանավորվածությամբ մեր աշխատանքները կազմակերպել, որ փոփոխությունները լինեն ավելի համակարգված, տարեկան մեկ կամ երկու անգամ, բայց ավելի մասշտաբային, տարբեր հարցերի անդրադարձող, կարծում եմ` շատ ավելի ցանկալի իրավիճակ կունենանք:

Օգտվելով առիթից եւ նաեւ այս պատեհ պահն օգտագործելով` հորդորում եմ, որ եթե կան նման առաջարկներ, որոնք շատ հրատապ չեն եւ շատ սկզբունքային չեն, որ դրանք անպայմանորեն լինեն պատգամավորական նախաձեռնությամբ, մենք կարող ենք տարեվերջին մոտ Կառավարության կողմից ներկայացվող նախագծում, այստեղ քննարկումների ընթացքում կատարել համապատասխան լրամշակումներ, փոփոխություններ եւ, ըստ էության, կստացվի մի համատեղ, ընդհանրական նախագիծ, եւ կարծում եմ` ավելի համակարգված գործընթաց կունենանք: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն Պողոսյան, հարցերն ավարտվեցին, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Անցնում ենք մտքերի փոխանակության: Ծովինար Վարդանյան:

Ծ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Տիկին Թանդիլյան, ողջունում եմ ձեր բերած այս նախագիծը: Այն, միանշանակ, շատ լավն է, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար, եւ հարգելի գործընկերներ, ուզում եմ, որ նկատենք, որ երբ նախագիծը լավն է լինում, ինչպես ասում են` լավին` լավ, վատին` վատ, եւ այստեղ ընդդիմությանն անդադար մերժելու, նախագծերը մերժելու ոչ մի միտում չկա:

Ինչ վերաբերում է բուն նախագծին, ընդհանրապես, այս միկրոձեռնարկատիրության ինստիտուտը, կարծում եմ` պետության կողմից հնարավորություն է տալիս մարդկանց ձեռնարկատիրության ինստիտուտին, ընդհանրապես, ծանոթանալու եւ մուտք գործելու, բիզնես անելու մշակույթ: Այո, 24 միլիոնն էն սահմանն է, պրն Մելքումյան, դուք հարց էիք տալիս այդ հաշվարկի հարցով, ես կարծում եմ` դա ուղղակի այն սահմանն է որտեղ սկսվում է բիզնեսն ուրվագծվել եւ երբ տնտեսվարողը սկսում է հասկանալ, որ դա իրեն ձեռնտու է, եւ ինչ մշակույթ է դա իրենից ներկայացնում, ինքը կսկսի կամաց-կամաց, այսինքն` բարձրացնել:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս ոլորտին, ինչո՞ւ եմ ասում, որ շատ լավ նախագիծ է, որովհետեւ մարզերում այն բոլոր փոքր հանրային, այսինքն` սննդի ծառայություն մատուցող այն բոլոր տնտեսությունները, չգիտեմ, թոնրում լավաշ է թխում մարդը, իր տնական պանրով մատուցում է տուրիստներին, կամ սուջուխ է վաճառում, կամ ինչ-որ պահածո, սա հոյակապ հնարավորություն է, որպեսզի մարզերում մարդիկ սկսեն, այս մշակույթը դառնա բիզնես եւ ներկայանա որպես բիզնես: Եվս մեկ անգամ շնորհակալություն, այսքանը:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Մանե Թանդիլյան:

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի պրն Մելքումյան, այս ելույթի նաեւ դրդապատճառը ձեր բարձրացրած հարցն է, որին ուզում եմ պատասխանել, անկեղծ ասած: Ուրեմն, նախագիծն ուներ, ես բաժանում եմ իրեն 4 կոմպոնենտի. հանրային սնունդ Երեւանում, հանրային սնունդ մարզում, Երեւանում առեւտուր իրականացնողներ եւ Երեւանից դուրս առեւտրային կետերում առեւտուր իրականացնողներ, այսինքն` 4 շահառուներ, շահառուների խմբեր, եւ հետեւաբար` որեւէ մեկը մյուսին չի հակասում, այսինքն` որն էլ ընդունելի է, ինձ համար ընդունելի է, բայց որեւէ կերպ դա չի չեղարկում իմ մտադրությունն ու մեր խմբակցության դիրքորոշումն առ այն, որ միկրոբիզնեսի ձեւակերպումից այդ բացառությունները, որ սահմանվել են, ընդունելի են մեզ համար: Իհարկե, ոչ: Մենք այդ մասին նաեւ խոսել ենք, երբ որ հենց միկրոբիզնեսի սուբյեկտն էր սահմանվում, նաեւ ես մատնանշել եմ հանձնաժողովի նիստում, որ Կառավարության ծրագրում, երբ որ խոսվում է միկրոբիզնեսի մասին, որեւէ բացառության կամ սահմանափակման մասին խոսք չի եղել: Հետեւաբար, մեզ համար առավել կարեւորները, որ համարում ենք առարկայական, մենք նախագծի տեսքով ներկայացրել էինք:

Իմ գործընկերների համար որոշ հատված ընդունելի է եղել, որոշը` ոչ, եւ ես ընդունել եմ, ոչ թե որովհետեւ ես լավն եմ ու բարին, այլ որովհետեւ սրանք առանձին խմբեր են, եւ հետեւաբար` այդ առանձին խմբերի շահերն ինձ համար ընդունելի են որեւէ պարագայում: Այդ առումով` այն փաստարկները, որ հնչել են, ոչ թե փաստարկները հնչելու արդյունքում եմ ես համաձայնության եկել, ակնհայտորեն, եթե այդպես լիներ, չէի էլ բերի այդ նախագծերը, հարգելի գործընկերներ: Պարզ է, որ, ինչպես բացատրեցի, շահառուները տարբեր են, եւ այս առումով` ես համարում եմ, որ յուրաքանչյուր տարբերակով էլ որեւէ մեկն էլ ընդունելի լիներ` դա ընդունելի է, եւ հետեւաբար` իհարկե, շնորհակալ եմ, որ այնուամենայնիվ, որոշ դրույթներ ընդունվեցին նաեւ ձեր կողմից:

Ինչ վերաբերում է համակարգին, որ պարբերաբար բերում էք, պրն Սողոմոնյան, ես ոչ միայն դեռ վերապահում ունեմ` ինչպես կներդրվի համակարգը կամ չի ներդրվի, այլ ի՞նչ որակ կունենա, ինչպիսի՞ սահմանափակումներ, արտոնություններ, ի՞նչ կսահմանվի, այսինքն` այդտեղ այնքան հարց կա:

Երկրորդ պատճառը, բնական է, որ այն ծրագրերը, որոնք ներկայացնում ենք, համարում ենք առարկայական եւ կարեւոր, որովհետեւ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական խնդիրները լուծելու օր առաջ անհրաժեշտություն կա, միեւնույն ժամանակ տեսնում ենք գործունեությունը, որ Կառավարությունն անում է, եւ հետ ընկած ծրագրերն ու տնտեսության զարգացման տեմպերը, ակնհայտորեն, սրանք միտված են նաեւ դրանք լուծելուն: Այնպես որ, իհարկե, ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ Կառավարությունն օր առաջ բերի այդ նախագծերը, բայց միեւնույն ժամանակ, դեռ դրա որակի եւ հասցեականության հարց ենք քննարկելու, դա այլ հարթություն է:

Շնորհակալ եմ, դեռ, հավանաբար, եզրափակիչ ելույթ կունենամ:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Բաբկեն Թունյան:

Բ.ԹՈՒՆՅԱՆ

-ԱԺ հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, պրն Մելքումյանը շատ կարեւոր հարց տվեց, որ հարցնում եք` այդ հաշվարկն արագ արեցիք, 24 միլիոնը բաժանեցիք, օրական 66 հազար դրամ ստացվեց, եւ հետո հարցրեցիք նաեւ` ինչո՞ւ տիկին Թանդիլյանի ասած մյուս կոմպոնենտները մերժվեցին: Այ, հենց ձեր ասած հաշվարկի հիմքով, որովհետեւ կոնկրետ առեւտրի շրջանառության, երբ խոսքը վերաբերում է, հաշվարկները ցույց են տվել, որ 24 միլիոնի շրջանակներում, ուղղակի հնարավոր չէ տեղավորվել առեւտրի ոլորտում, այսինքն` եթե վերադիրները հաշվի ենք առնում, ինքը գալիս է, դրանից դուրս է գալիս, եւ միակ «օգուտը» մնում է այն, որ գործարարները փորձելու են արհեստականորեն տեղավորվել այդ շեմի տակ, այսինքն` ստվերն ենք դրանով խթանելու:

Ինչ վերաբերում է ավելի գլոբալ, քանի որ գործընկերներս էլ խոսեցին, ես նույնպես շատ ողջունելի եմ համարում այս նախագծի ընդունումը, եւ ուզում եմ հիշեցնել, որ Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ, երբ փոփոխությունները քննարկում էինք, մենք ինքներս ասացինք, որ պատրաստ ենք այս փոփոխությունը բերելուն, բայց նաեւ նշեցինք, որ այդ հարցում որեւէ խանդի տեսարան չկա, այսինքն` եթե մեր ընդդիմադիր գործընկերները բերեն, շատ ավելի լավ, կքննարկենք եւ կընդունենք, ու կրկնակի ուրախալի է, որ 24 միլիոն միկրոբիզնեսի շեմի մասին այս քննարկումը գնում է այն դեպքում, երբ մեր ընդդիմադիր գործընկերները դեմ են քվեարկել Հարկային օրենսգրքի այն փոփոխություններին, որով այս 24 միլիոն դրամի շեմի ռեժիմը, ընդհանրապես, սահմանվեց:

Ուզում եմ ասել, այդ ամեն ինչը հաշվի առնելով, սա վառ օրինակ է, որ մենք կարող ենք այն տեղերում, որտեղ կոնսենսուս կա, միասին կառուցողական աշխատել, եւ քանի որ դրան էլ խոսք եղավ, նաեւ այդ հայտարարագրման ինստիտուտի մասին, այս վերջին օրերին մենք դրա մասին շատ խոսեցինք թե՛ ՊԵԿ-ի մեր գործընկերների հետ առանձին զրույցներում, թե՛ ֆինանսների նախարարության հետ, այն համոզմունքը կա, որ մենք կարող ենք շատ արագ այդ համակարգը ներդնել, չեմ ասում` 2-3 ամսում, բայց ոչ էլ` 2 տարում: Քանի որ պրն Պողոսյանն այդ մասին նշեց, ես ցանկություն կունենայի, որ այդ պրոցեսի, այսպես ասենք, առաջ տանող ուժը` կենտրոնը հենց ԱԺ-ն լիներ: Եկեք հենց ԱԺ-ով այդ նախաձեռնությունը սկսենք եւ իրար հետ համատեղ աշխատելով առաջ տանենք, որովհետեւ ամենաշատը, թերեւս, այդ խնդրի բացակայության հետ մենք ենք բախվում: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, իհարկե, միանշանակ մենք կողմ ենք այս նախագծին, այդտեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց երեք դիտարկում եմ ուզում անել, պրն Թունյան:

Առաջինը. 66 հազարը, դա առավելագույնն է` մինչեւ 66 հազար, բայց կարող է լինել 30 հազար, 40 հազար, այսինքն` էդտեղ շատ բարդ է լինելու տեղավորվել: Այո, իհարկե, միանշանակ հանրային սննդի բիզնեսում շահութաբերությունը բարձր է, եւ նույնիսկ կարող է 40-50 տոկոսի հասնի եւ, բնականաբար, այն ապրանքները, որոնք ավելի էժան ձեռք են բերվում բնատնտեսության եւ այլ բանով, այդտեղ խնդիր չկա: Այստեղ այլ բան է, որ տեսեք, երկու կարեւոր բան եմ ասում: Իսկ մենք հաշվե՞լ ենք, որ ժամանակի ընթացքում, օրինակ` հետ գնանք 10 տարի առաջ կամ 5 տարի առաջ, երբ, 2-3 հազար դրամով մարդիկ աշխատում էին: Այսօր 5-6 հազար դրամով չեն աշխատում բանվոր, շրջանից գալիս են, որպեսզի բանվոր աշխատեն, սովորական. շատ պարզ բանով, սովորական, չեն աշխատում 5-6 հազարով: Այսինքն` կամ հոսանքի գինը, կամ մյուս ծախսերը: Այսինքն` ծախսերի թանկացման հետ միասին, անպայման, առաջ է գալու այդ 24 միլիոն, եթե դա պահպանվելու է, շեմի վերանայման հարցը, որովհետեւ էլի եմ ասում, 24-ը վերին շեմն է, բայց մինչեւ 24: Սա` մեկ:

Երկրորդ հանգամանքը կապված է, ես մի զուգահեռ անցկացնեմ, եթե հիշում եք, 58.35 միլիոն դրամի շեմը սահմանվել էր, երեւի 2009 կամ 2010 թվին, կարող է այդ տարին ճիշտ չասեմ: Այն ժամանակ կուրսը մինչը 307 դրամ էր մինչեւ 2008-ի մարտը, այսինքն` սա մոտավորապես 200 հազարի մոտ, մի քիչ քիչ դոլարի շեմ էր: Հիմա, եկեք փոխարժեքը նայենք, տեսնենք` ապրանքների գների թանկացումը ո՞նց է: Էլի, 115-ը, մի քիչ ավելի է: Մի քիչը ո՞րն է, մի 230-240 հազար, այսինքն` կյանքն ինքը թելադրելու է, որ երբ այդ ծախսերը, որոնք ձեւավորելու են այդ հանրային սննդի պրոդուկտները, պետք է վերանայվեն:

Հաջորդը. ոչ մեկը չի ուզում նույն շահույթը, եկամուտը ստանալ 10 տարի կամ 5 տարի: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 66 հազար դրամի կամ 56 հազար դրամի շահույթով ինքն ուզում է մի 5 տարի մնալ դրա վրա: Այսինքն` մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ինքը կարողանա աճել եւ, թե՛ ձեր, թե՛ մեր քաղաքական ծրագրերում գրված է` փոքրից` միջին, միջինից` խոշոր, այսինքն` միտքն այն է, որ ի վերուստ  24-ը մի քիչ քիչ է, 24-ը պետք է որոշակիորեն աճեր: Սա է եղել իմ միտքը, որ 24-ը շատ նվազագույն սահմանային կետ է` շատ քիչ, որովհետեւ ոլորտներ կան, որ անհնար է, տեղավորվել: Այսքանը:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Մտքերի փոխանակությունն ավարտվեց: Անցնում ենք խմբակցության անունից ելույթներին, եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ կունենա տիկին Մանե Թանդիլյանը: Տիկին Թանդիլյան, համեցեք:

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, նախ` շնորհակալություն շահագրգիռ քննարկման համար, հետաքրքրված քննարկման համար, բայց եւ այնպես, մի քանի արտահայտություններ եւ մտքեր կան, որոնց պետք է անդրադառնամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել Հարկային օրենսգրքին մի շարք դրույթների առկայության պատճառով, եւ դուք չեք լսի որեւէ ելույթ կամ որեւէ մեկնաբանություն առ այն, որ դա որեւէ կերպ վերաբերել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտին: Դա վերաբերվել է ակցիզային հարկերի բարձրացմանը, պետական տուրքի բարձրացմանը, մի շարք ոլորտների, որոնք չեն ներառվել այս կամ այն հնարավորության սահմաններում, այսինքն` մանուպուլյացնել եւ ասել, որ դուք դեմ էիք դրան, իհարկե, տեղին չէ, եւ ես շատ ուրախ կլինեմ, որ մեր գործընկերներն այդ ճանապարհով չխոսեն եւ չներկայացնեն, իսկ իրականությունն այն է, որ մենք բացառությունների, այս պարագայում` բացառություններից ավելի մեծ, ընդարձակ սահմանում բացառությունների, առաջարկում էինք սահմանափակել, որը նաեւ ցույց էինք տալիս, թե ինչո՞ւ: Որովհետեւ որեւէ խոստում չկար Կառավարության ծրագրում, որ լինելու են բացառություններ, երբ սահմանվելու է միկրոձեռնարկատիրությունը: Այնպես որ, այս առումով, իհարկե, նորից եմ ուզում ասել, որ ինձ համար ընդունելի է, ողջունելի է, որ այն դրույթը, որն ընդունեցինք հանձնաժողովում, աջակցության արժանացավ, եւ այսօր կարող ենք քննարկել այս ԱԺ դահլիճում:

Եթե թույլ կտաք, ես ընդհանուր նաեւ եզրափակիչ ելույթով ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, թե խոսքն ինչի մասին է: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների սահմանափակման միջից, այս պարագայում, հարգելի հայրենակիցներ, առաջարկում ենք հանել մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող հանրային սննդի այն օբյեկտները, որոնք գտնվում են Երեւան վարչական տարածքից դուրս, որը նշանակում է` մարզերում:

Ես շնորհակալ եմ շահագրգիռ քննարկման համար, եւ հույս ունեմ, որ պատեհ պահի դրական կքվեարկեք: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Տիկին Թանդիլյան, եթե դուք ասելիք ունեք, եզրափակիչ ելույթի հետ համատեղ կարող ենք այս ժամանակը երկարաձգել: Շատ լավ: Խմբակցության անունից ելույթներն ավարտվեցին: Անցնում ենք եզրափակիչ ելույթներին: Պրն Պողոսյան, անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Համեցեք:

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, պրն Մելքումյան, եթե կարելի է, ես հակիրճ անդրադառնամ ձեր դիտարկմանը` 24 միլիոն դրամի շեմի բարձր կամ ցածր լինելու հետ կապված, նորից պետք է խնդրեմ այս հարցը դիտարկել այն համատեքստում, թե որ ոլորտի հետ գործ ունենք, ինչքանով արագ է կապիտալի շրջապտույտը, ինչքանով մեծ կամ փոքր է առեւտրային վերադիրը կամ շահույթի մասնաբաժինը, որը ձեւավորվում է այդ ոլորտում: Որովհետեւ տեսեք, եթե հենց հանրային սննդի ոլորտը վերցնենք, ամսական իրացման շրջանառության թույլատրելի շեմը 2 միլիոն դրամ է: Եթե վերցնենք ձեր ասած շահութաբերությունը` 40-50 տոկոս, լավ, եթե ամենացածրով վերցնենք, 40 տոկոս շահութաբերությունն ամսական 800 հազար դրամ շահույթ է ապահովում: Շատ լավ, հիմա, եթե մեկինը 5 միլիոն է ձեւավորվում 24-ի փոխարեն, տվյալ տնտեսվարողը պետք է որոշի` ինքը զբաղվի՞ այդ գործունեությամբ, թե՞, օրինակ` դառնա վարձու աշխատող: Ի վերջո, այս տեսակ հարցերը հանգում են նրան, թե արդյո՞ք միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի առավելագույն շեմերը պետք է վերանայվե՞ն դեպի բարձրացում ուղղությամբ, թե՞ ոչ: Բայց տեսեք, մի կարեւոր նկատառում, որ կարծում եմ` կհամաձայնեք: Իմ կարծիքով` բոլորս միահամուռ, մեր ուժերը մեկտեղած պետք է աշխատենք այն ուղղությամբ եւ, հատկապես, այն ուղղությամբ, որ հարկման ընդհանուր համակարգը մենք դարձնենք շատ ավելի գրավիչ, եւ անցումը հարկման արտոնյալ կամ այլընտրանքային համակարգերից դեպի հարկման ընդհանուր համակարգ դարձնենք հնարավորինս սահուն, առանց խոչընդոտների, առանց խնդիրների, որպեսզի մարդիկ չկուտակեն իրենց իրացման շրջանառությունն այդ շեմից մի փոքր ներքեւ, այլ ունենան հարկման ընդհանուր համակարգում գործող ոչ թե 11 հազար ԱԱՀ վճարող, այլ` 30-35-40 հազար եւ դրանով իսկ ամբողջացնենք փաստաթղթավորման շղթան, ունենանք ավելի կազմակերպված, ավելի լիարժեք հաշվառմամբ տնտեսություն: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Ավարտեցի՞ք: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Տիկին Գրիգորյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ:

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: Ես էլ շատ կարճ անդրադառնամ, պրն Մելքումյան, ձեր ասածին: Իրականում, այո, հասկանալի է այն մտավախությունը, որը դուք ունեք: Եթե խոսքը վերաբերեր միայն կամ ունենայինք միայն միջին եւ միջինից մեծ հանրային սննդի օբյեկտներ, բնականաբար, տեղին կլիներ, բայց նաեւ խոսք է գնում փոքրերի մասին: Խոսքը չի գնում միայն նրանց մասին, ովքեր ունեն մի քանի տաղավարներ: Ակնհայտ է, որ ամեն տաղավարում մի քանի սեղան է, դա արդեն բազմապատկում ես, կարող է օրական լինել անգամ, եթե սեզոնը հաշվի առնենք` պիրկ սեզոնը, մինչեւ 200 հազար: Սրա մասին խոսք չի գնում, սա թաքցնելը շատ բարդ է, կարծում եմ` կհամաձայնեք:

Խոսքը գնում է լրիվ ուրիշ բանի մասին: Այստեղ ավելի շուտ խոսքը փիլիսոփայության մասին է, եւ այն, ինչ նշեց իմ գործընկեր տիկին Ծովինար Վարդանյանը: Այսինքն` մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ խրախուսվեն եւ սկսեն այդ բիզնեսը, նաեւ, այո, նախ` պետք է սկսեն, մենք սրանով ուզում ենք խրախուսել, եւ, ի վերջո, միկրոձեռնարկատիրության գաղափարը, ոնց որ կար, եւ նաեւ Կառավարության ծրագրում սրա մասին ասվում է, որ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվել:

Պրն Մելքումյան, ուրեմն հաստատում եմ նաեւ ձեր ասածն այդ առումով, եւ կարծում եմ` այստեղ հակասություն չունենք: Ասածս վերաբերում է հետեւյալին. կարծում եմ` այո, հետագայում քննարկում կգնա շեմն իջեցնելու մասին, այսինքն` 24-ը քիչ է, բայց այս պարագայում, կարծում եմ` մենք սխալ չենք վարվում, հատկապես մարզերում այս անցկացնելու, որովհետեւ սեզոնայնության խնդիրը շատ մեծ է: Սա` մեկ:

Երկրորդը. ուզում էի նաեւ ասել Սոս Ավետիսյանին, իմ գործընկերոջը, որը դահլիճում չէ, հարցնում էր, թե արդյո՞ք մենք խրախուսման մեխանիզմ չենք ստեղծի, որպեսզի ավելի մեծ շրջանառություն չունենան, այսինքն` մնան այնքան, ինչքան կան: Կարծում եմ` էլի ոչ: Մենք այստեղ, ընդամենը, խրախուսում ենք, որպեսզի նաեւ սկսեն: Խոսքն ավելի շատ սկսելու մասին է եւ կարողանալու շարունակել այն փոքր բիզնեսը, որն ունեն մեծացնելու ակնկալիքով: Այնպես որ, կոչ եմ անում, քանի որ այստեղ հնչեց նաեւ գաստրոտուրիզմի մասին խոսք, կոչ եմ անում մեր բոլոր մարզերում բնակվող այն ձեռնարկատերերին, ովքեր ունեցել են այս միտքը, օգտվելով այս օրենքից, որն ուժի մեջ կմտնի նաեւ 2020 թվականի հունվարի 1-ին, վստահորեն սկսել գործունեություն: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյան, համեցեք:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Կառավարության սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր սահմանելու մասին նորմը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորած է հետեւյալ հանգամանքով: ԵԱՏՄ պայմանագրով բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու նպատակով լիազորված մարմինների կողմից իրականացվում է պետական, սանիտարահամաճարակային վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ հսկողություն միասնական պահանջների համաձայն, բայց Կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1229-Ն եւ 12-08-Ն որոշումներով հաստատվել են վերը նշված պայմանագրով սահմանված պարտավորությունների շրջանակներում այն ապրանքների ցանկերը, որոնք ենթակա են պետական գրանցման եւ գրանցման կարգը, սակայն սանիտարահամաճարակային վերահսկողության ենթակա ապրանքները դուրս են մնացել այս ցանկից` լիազորող նորմի բացակայության պատճառով:

Նախագծի ընդունմամբ եւ ՀՀ Կառավարության 2014 թվականի 1229-Ն եւ 1208-Ն որոշումների պահանջները ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցմամբ կլրացվի այս բացը, եւ կսահմանվի առողջապահության բնագավառում սույն ապրանքների նկատմամբ, այդ թվում` նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող ախտահանիչ նյութերի պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը, կսահմանվեն ցանկերը եւ գրանցման կարգը: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հիմնական զեկուցողին հարցերով դիմելու համար` հերթագրում: Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն: Նախ` ես ուզում եմ մի ընթացակարգային հարց ուղղեմ ԱԺ նախագահությանը, որ եթե ԵԱՏՄ գործընթացներին սինխրոնիզացնելու խնդիր կար, այս օրենքի նախագիծը պետք է գար նաեւ Եվրասիական ինտեգրման հանձնաժողով, եւ երեւի խորհրդի հաջորդ նիստում կպահանջեմ, որ երկրորդ ընթերցումից առաջ սա նույնպես ձեւավորվի, որ համատեղ քննարկում լինի, որպեսզի մենք հասկանանք եւ այսուհետ առաջարկում եմ, այստեղ քարտուղարության ղեկավարն էլ է նստած, որպեսզի եթե այդ տիպի բաներ կան, նաեւ գան պրոֆիլային համապատասխան հանձնաժողովներ:

Հիմա, իմ հարցսը հետեւյալն է. այն, ինչ դուք ասում էիք, ԵԱՏՄ անդամ մյուս պետություններն արդեն տարե՞լ են այս տիպի օրենսդրական նախաձեռնություններ, արդեն ընդունե՞լ են, թե՞ ոչ:

Եվ ձեր ոլորտի գծով ի՞նչ արգելքներ կան, որովհետեւ մենք ունենք ԵԱՏՄ-ում 71-ից ավելի արգելքներ, որոնք սինխրոնիզացիայի կարիք ունեն: Դուք աշխատե՞լ եք այս մասով նաեւ էկոնոմիկայի նախարարության հետ, որովհետեւ այնտեղ հատուկ վարչություն կա, որը զբաղվում է այս տիպի օրենքների արգելքների հաղթահարման գործընթացով, եւ հաճախ ԵԱՏՄ որոշ պետություններ, իրենց շահերից ելնելով, միգուցե, այդ սինխրոնիզացումը, ներդաշնակեցումը հետաձգում են: Ունե՞ք այդպիսի տեղեկատվություն:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար: Այո, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում գրանցման գործընթացներն արդեն իսկ օրենսդրությամբ սահմանված են եւ գործում են, եւ մեր տնտեսվարող սուբյեկտները եւս արտահանման համար ստիպված են լինում նման գրանցման գործընթաց անցնել այլ անդամ պետություններում սահմանված կանոններով: Ներկայիս այս լիազորող նորմի բացակայության պատճառով մենք չենք կարողանում այդ գործընթացն ապահովել նաեւ ՀՀ-ում: Այսքանը:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքման համար` Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Այսինքն` մենք ԵԱՏՄ անդամ վերջին պետությունն ենք, որ բերել ենք: Իսկ ի՞նչն է խնդիրը, ո՞ր մարմնից է կախված եղել, որ պետք է մենք ժամանակին այս օրենքը բերեինք, որպեսզի մեր արտահանողները, կամ արտադրողներն այդ պրոբլեմները չունենային, ասենք` ի՞նչն է խնդիրը, ինքն ուշացե՞լ է, ի՞նչ եք կարծում, թե՞ ճիշտ ժամանակին եք բերել, թե՞ պրոբլեմ կար այդտեղ ժամկետների առումով:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Իհարկե, կարծում եմ` օրենքի ընդունումը հետաձգվել է, ձգձգվել է, կարելի է ասել: Չեմ կարող ասել` նախկինում ինչո՞ւ հավանության չի արժանացել, բայց կարծում ենք` որ շատ անհրաժեշտ նախաձեռնություն է, եւ սրանով կնպաստենք նաեւ մեր տնտեսվարողներին` ՀՀ սահմաններում սույն գործընթացներն անցնելու առանց լրացուցիչ ծախսեր կատարելու:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Նաիրա Զոհրաբյան:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Շնորհակալություն: Տիկին փոխնախարար, իհարկե, հարցս չի վերաբերում կոնկրետ ներկայացված փոփոխությանը, բայց կարծում եմ` կարեւոր հարց է: Եթե ունեք տեղեկատվություն, կխնդրեմ հիմա տրամադրել, եթե ոչ, կխնդրեմ գրավոր ինձ ուղարկել: Քանի որ, ես շարունակելու եմ զբաղվել կենդանիների պաշտպանության օրենքի հաջորդ փուլերով, եւ մենք ունեինք մամուլում պարբերաբար տեղեկություն, որ լեյշմանիոզ հիվանդությամբ վարակվել էին երեխաներ, եւ անգամ տեղեկություն կար, որ 1.5 տարի առաջ մահվան դեպք է գրանցվել, ես կուզենայի իմանալ` այդ հիվանդությամբ, որով վարակվում են չչիպավորված շներից, եւ այստեղ մենք լուրջ խնդիր ունենք, որը հետագա օրենսդրական կարգավորումների հարց ունի, կոնկրետ տվյալ ունե՞նք, այս տարի մենք ունեցե՞լ ենք երեխաների լեյշմանիոզի դեպք, որովհետեւ մամուլում բացարձակ հակասական եւ շատ վտանգավոր տեղեկություններ հրապարակվեցին` այդ շատ վտանգավոր պարազիտային հիվանդության հետ կապված:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Տիկին Զոհրաբյան, այս պահին նման տեղեկատվություն չունեմ: Թույլ տվեք լրացուցիչ ճշգրտումից հետո գրավոր պատասխանել ձեր հարցմանը:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արման Աբովյան:

Ա.ԱԲՈՎՅԱՆ

-Բարեւ ձեզ: 2 հարց: Առաջինը` վերադառնանք ԵԱՏՄ-ին: Այս օրենքն ընդունվում է` դուրս գալով մեր պարտավորությունների՞ց, որոնք մենք ստանձնում ենք ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ, թե՞ դա, օրինակ` որոշակի համակարգված մի գործընթաց է:

Երկրորդը` կխնդրեի 2-3 բառով ավելի մանրամասն եւ հանրամատչելի պարզապես բացատրել, թե այս օրենքն ի՞նչ է տալիս հանրությանը: Շնորհակալություն:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պրն Աբովյան: Սույն օրենքը կոչված է լրացնել եւ հնարավորություն տալ` մեր պայմանագրային պարտավորությունները կատարելու առումով, այսինքն` մենք պայմանագրից դուրս որեւէ բան չենք սահմանում, այլ, հակառակը, կյանքի ենք կոչում պայմանագրով սահմանված կետը:

Անդրադառնամ հարցի երկրորդ մասին, թե ինչ է իրենից ներկայացնում սույն նախագիծը, եւ սրանից հետո ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո ինչ է սպասվում: ՀՀ-ում արդեն իսկ հիմնված մի շարք տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք զբաղվում են ախտահանիչ նյութերի արտադրությամբ, եւ բարեհաջող զարգանում է այս ոլորտը, սակայն տնտեսվարողները, ինչպես նշեցի, չեն կարողանում գրանցում կատարել ՀՀ-ում եւ անարգելք իրենց ապրանքն արտահանել ԵԱՏՄ մյուս երկրներ: Ստիպված են լինում այդ գործընթացն իրականացնել ՌԴ-ում կամ այլ անդամ երկրում, եւ այնուհետեւ միայն արտահանել: Ուստի, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն եւս պետք է իր պայմանագրային պարտավորությունների շրջանակում իրականացնի գրանցման գործընթացը, եւ հնարավորություն ընձեռի այստեղ` Հայաստանում այդ ողջ ընթացքն ապահովենք:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքման համար` Արման Աբովյան:

Ա.ԱԲՈՎՅԱՆ

-Փաստորեն, կարելի է փաստել, որ այս օրենքի արդյունքում մենք կունենանք մի համակարգ, որը կխրախուսի մեր տեղի արտադրողի ապրանքների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ առանց արգելքի, որոշակի, այն մասով, որ դուք ասացիք: Շնորհակալություն:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Այո:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Կարինե Պողոսյան:

Կ.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Տիկին Ավանեսյան, ինչ խոսք, շատ կարեւոր նախաձեռնություն եք ներկայացնում, քանի որ բնակչության համաճարակային անվտանգության ապահովման մասին այս օրենքն, եթե չեմ սխալվում, ընդունվել է 1992 թվականին, Գերագույն Խորհրդի ժամանակ, ուստի, այն ամբողջությամբ վերանայման կարիք ունի:

Ելնելով ԵԱՏՄ պայմանագրի պահանջներից` այստեղ անհրաժեշտություն է առաջանում, օրենսդրության համապատասխանեցման նպատակն է հենց լրացում կատարել տվյալ օրենքում: Այստեղ դուք արդեն նշեցիք, թե առաջարկվող երկու լրացումները որոնք են լինելու, կխնդրեի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այն պահանջը, որ դրված է այս օրենքի հիմքում, ամբողջությամբ լուծվում է օրենքի ընդունումից հետո, թե՞ ոչ, մինչեւ այժմ, այդ գործառույթն ինչպե՞ս էր իրականցվում, ովքե՞ր էին իրականացնում, եթե սահմանված չէր պետական լիազոր մարմին, ուստի այդ գործառույթներն իրականացնող մարմինն էլ չի եղել, գրանցումը պրակտիկայում ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս է կազմակերպվելու նաեւ այդ գրանցումը, եւ ամբողջությամբ հնարավո՞ր է այդ վերահսկողությունը սահմանել, թե՞ ոչ:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, տիկին Պողոսյան: Ինչպես իրավացիորեն նշեցիք, սույն օրենքն ընդունվել է 1992 թվականին, եւ այս նախաձեռնությունը Կառավարությունում քննարկման ընթացքում մենք ունենք նաեւ հանձնարարական: Հիմա չեմ հիշում կոնկրետ ժամկետը, բայց որոշակի մոտ ժամկետում սույն օրենքի ընդհանուր բարեփոխված նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հանձնարարական ունենք, այսինքն` առաջիկա տարում մենք ամբողջովին վերափոխված նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք:

Մինչեւ այս, մինչեւ այս օրենքի փոփոխությունը գրանցման գործընթացը, ընդհանրապես, չէր իրականացվում, քանի որ նման ընթացակարգ չէր սահմանվել Կառավարության որոշումներով լիազորող նորմի բացակայության պատճառով: Այս նորմը եւ, ինչպես ասացի, լրացուցիչ ենթաօրենսդրական ակտերն ամբողջ գործընթացը կկարգավորեն, կսահմանեն բոլոր այն ցանկերը, եւ գրանցման գործընթացները, որոնք ենթադրվում են, եւ վստահ ենք, որ որեւէ խնդիր չենք ունենա` գործընթացների հետ կապված:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Տիկին Պողոսյան, արձագանքո՞ւմ եք:

Կ.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Կարծում եմ` լիազոր մարմինը հանդիսանալու է առողջապահության նախարարությունը:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Այո:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Սերգեյ Բագրատյան:

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն: Տիկին փոխնախարար, ինձ հետաքրքրում է, որ եթե մինչ այդ գրանցված չի եղել ԵԱՏՄ շրջանակներում, հետեւաբար,` ապրանքային շուկաները, հատկապես այս լվացող ապրանքների գծով, փաստորեն, ՀՀ ներքին շուկայում են իրացվել եւ, բնականաբար, ԱԱՀ է տրվել, մարդիկ վճարել են եւ վաճառել են համապատասխան հարկերը: Հիմա, եթե ԵԱՏՄ-ում գրանցվում է, հնարավո՞ր է, որ ինքը նույն ԱԱՀ-ով արտահանի, ինչպես անում են հաճախ ԵԱՏՄ տարբեր երկրները, հատկապես Ռուսաստանը, երբ մեր տնտեսվարողները ներկրում են ապրանքներ, նրանք ԱԱՀ-ով հարկված մատակարարում են, հետո հաշվեգրում են եւ հետ են ստանում իրենց երկրում դա` ԵԱՏՄ-ից ԱԱՀ-ը: Հիմա, մեր տնտեսվարողները գրանցվելուց հետո այս ընթացակարգո՞վ են ընթանալու, թե՞ այլ ընթացակարգ է նախատեսված: Դուք ասում եք, որ ենթաօրենսդրական ակտերով դա կկարգավորվի, բայց կոնկրետ ԱԱՀ-ի մասով ի՞նչ գործընթաց է նախատեսվում: Շնորհակալություն:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Պրն Բագրատյան, սույն կարգավորումները հարկային որեւէ փոփոխություն չեն ենթադրելու, քանի որ ներկայումս էլ մեր տնտեսվարողները ԵԱՏՄ գործընթացով, օրինակ` ՌԴ-ում ապրանքը գրանցելով եւ ստանալով սերտիֆիկատ` արդեն կարողանում են արտահանել: Ես հիմա այս պահին չեմ կարող ասել, թե ի՞նչ հարկային ռեժիմով են արտահանում եւ ինչպե՞ս է գործընթացն իրականացվում, բայց այս կարգավորումը որեւէ ձեւով չի անդրադառնալու հարկային պարտավորությունների վրա:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, պրն Բագրատյան:

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Ձեր մոտ դա տեսական դատողություն է, ես կուզենայի, որ ավելի ճշգրտեք, որովհետեւ տեսեք, հաճախ մենք ի՞նչ խնդիր ենք ունենում. երբ տնտեսվարողները ԱԱՀ-ով նմանատիպ ապրանքները, ասենք` Բելառուսից ներկրում են ՀՀ, իրենք կրկնակի հարկման են ենթարկվում, եւ այս ռեժիմը դեռեւս չի կարգավորվել ԵԱՏՄ շրջանակներում: Ի վերջո, տարվա վերջում փոխադարձ հաշվարկներով յուրաքանչյուր պետություն ստանում է իր մասնաբաժինն ընդհանուր հարկերից, բայց կոնկրետ մեր արտադրողների համար պետք է առանձին մտածենք, այսինքն` մենք առաջարկում ենք, որպեսզի ենթաօրենսդրական ակտերով կարգավորեք նաեւ հետեւյալ գործընթացը. եթե մեր երկրի արտադրողն արտահանելու է ԵԱՏՄ մյուս երկրներ, ինքն ԱԱՀ-ով չհարկի, նոր արտահանի: Ինքն առանց ԱԱՀ-ի արտահանի, որպեսզի ԵԱՏՄ տվյալ երկրում արդեն վաճառքից նոր կարողանան ԱԱՀ տվյալ երկրում վճարել եւ իրացնել տվյալ ապրանքը, այսինքն` մենք մեր արտադրողներին օգնենք, որ կրկնակի հարկման տակ չընկնեն եւ իրենց ապրանքը մրցունակ լինի ԵԱՏՄ շուկայում: Սրա մասին էր խոսքը: Շնորհակալություն:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Թույլ տվեք ձեր դիտարկմանը մանրամասն մենք անդրադառնանք եւ երկրորդ ընթերցման ժամանակ արդեն ավելի հանգամանալից կանդրադառնանք:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Բաբկեն Թունյան. հանում է հարցը: Տիկին Ավանեսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցերն ավարտվեցին: Հարակից զեկուցող` առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտակա հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյան:

Ա.ԴԱՎՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարցը քննարկվել է առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում, գրավոր առաջարկություններ են հնչել պատգամավորների կողմից, որոնք ընդունվել են նախագծի հեղինակների կողմից, եւ այսօր ներկայացվեց, եւ հանձնաժողովի դիրքորոշումը դրական է: Խնդրում ենք կողմ քվեարկել նախագծին:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Ավարտեցի՞ք: Տիկին Դավոյան, ցավոք ժամանակը սպառվել է, հարցեր չեն լինելու, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար հերթագրում: Սերգեյ Բագրատյան:

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իմ հարցի վերաբերյալ մի քանի առաջարկ ես փորձեմ պատրաստել: Գրավոր առաջարկ ստացվե՞լ է, թե՞ չէ` չգիտեմ, բայց երբ մենք գնում ենք արդեն սինխրոնիզացիայի, մենք պետք է մեր արտադրողի շահերը կարողանանք պաշտպանել: Ինչպե՞ս պաշտպանել: Տեսեք, մենք քանիցս ապրանքային շուկաներում մրցունակ չենք գտնվում մի պարզ պատճառով, որ մեր մշակումները թերի են: Վերջին մեր հանդիպման ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական հանձնաժողովում քննարկումների ժամանակ յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր իր շահերը, եւ հետամուտ էր լինում այդ շահերի պաշտպանությանը: Բայց այն մայր օրենքը, այսինքն` այն բալվանկան, որի վրա երկրներն աշխատում էին, մեր կողմից բավականին լուրջ թերություններ կային, այսինքն` մեր շահը ես անտեսված էի նկատում այս ընդհանուր համաժողովի կոնտեքստում:

Հիմա, ձեզ առաջարկում եմ, որպեսզի այս անգամ այս մշակման ընթացքում, հատկապես ենթաօրենսդրական ակտերով փորձեք հնարավորինս պաշտպանել մեր արտադրողին, որովհետեւ մեր արտադրողը եւ՛ հարկվելու է ՀՀ-ում, եւ՛ գնալու է, ասենք` Բելառուս, իր արդեն իսկ ԱԱՀ-ով ապրանքը, որն արդեն թանկ է, մրցունակ չէ, մի հատ էլ այնտեղ են ԱԱՀ դնում, ասենք` օրերով մնում է ՌԴ-ում, Ղազախստանում, ապրանքն ուշ է վաճառվում, հետեւաբար` ուշ են վճարում մեր արտադրողներին, եւ մեր արտադրողները մրցունակության խնդիր ունեն:

Այս իմաստով` խնդրում եմ, որ լիազոր մարմինն ուշադիր աշխատի, մեզ ներգրավվի այդ աշխատանքում, մենք հուշենք, թե ինչպիսի հնարավորություններ կան, հնարավորինս մեր արտադրողին օգնենք, որ կարողանա մրցունակ լինել ԵԱՏՄ շուկայում: Շնորհակալություն:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Ես կարճ կխոսեմ, որ ժամանակի մեջ... Հարգելի գործընկերներ, նախ` պետք է ասել, որ արտահանման գործընթացներում, բնականաբար, մենք օրենքով ազատված ենք հարկերից: Այստեղ, բայց կան լրջագույն խնդիրներ: Այո, պրն Բագրատյան, դուք իրավացի եք, որովհետեւ, այն երկրում, որտեղ դու ապրանքն իրացնում ես, այդ երկրում, երբ այդ փաստաթուղթը, հաճախ այդ էլեկտրոնային համակարգերը չեն գործում, դրա համար այդ փաստաթուղթը, որ բերվում է, նոր այդ ԱԱՀ-ի խնդիրը լուծվում է այստեղ: Բայց մի բան պետք է ասեմ. ինչի՞ եմ ասում, որ հանձնաժողով պետք է գար, որովհետեւ տիկին փոխնախարար, ԵԱՏՄ-ի` որպես միասնական, միասնական չէ, ընդհանուր, միասնականը հաջորդ քայլն է լինելու, խնդիրն այն է, որ էլեկտրոնային ձեւով բոլոր ապրանքների տեղաշարժերը երեւան: Բայց մենք այդ համակարգը հլը չունենք: Եվ Ռուսաստանի նախագահը հենց վերջերս ստորագրեց հենց հատուկ հրամանագիր եւ Ռուսաստանի պետական դուման եւ Դաշնային խորհուրդն արագ վավերացնելու են, որպեսզի էլեկտրոնային տեղաշարժը, հենց ինքն իրենցից է, այսինքն` թվայնացման առաջին քայլերն արվելու են, որպեսզի այդ ամեն ինչը երեւա, այսինքն` դու արդեն տեսնես, թե որ ապրանքը որտեղ գնաց, ոնց եղավ:

Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ դեռեւս մենք շատ մոտ չենք այդ միասնական շուկայի տրամաբանությանը` երեւալու ամբողջ տեղաշարժերը, եւ պրն Բագրատյան, այդ հարցերը հենց կլուծվեն, այսինքն` հարկային համակարգի տեղաշարժերն էլ կլուծվեն:

Քանի որ մոտեցել եմ, ասեմ, որ հենց այսօր մենք խորհրդակցություն անցկացրեցինք մեր հանձնաժողովում, 71 կարեւորագույն արգելքներ կան, բարիերներ, որոնք տարբեր ոլորտներում են, ամենաշատը եւ ամենալրջագույնը տեխնիկական կանոնակարգերի ոլորտն է, եւ, ի շահ մեր պետության, էներգետիկ միասնական շուկան է, որը, չգիտես ինչու, դանդաղում է մինչեւ 2024-2025 թվական, որտեղ մենք օգուտներ էինք սպասում: Այսքանը:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Մտքերի փոխանակությունն ավարտվեց: Ընդմիջում կես ժամ:


Ժամը 16:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ
 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ զբաղեցնել տեղերը։

Հարգելի գործընկերներ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին։ Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին։ Հերթագրված, սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալ հարցի քննարկման ընթացքում հարց տալու իրավունքից։ Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հարցերին պատասխանելուց հետո։ Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության։ Խնդրում եմ նախապատրաստվել հերթագրման։ Հերթագրում։ Հերթագրվել է 48 պատգամավոր. հարցի համար՝ 2 րոպե, պատասխանի համար՝ 3 րոպե, արձագանքի համար՝ 1 րոպե։

Եվ այսպես, առաջին հարցի համար`Սերգեյ Բագրատյան՝ «Բարգավաճ Հայաստան»։ Խնդրեմ, պրն Բագրատյան։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարություն, հանրային հնչեղություն ստացած` գիտության եւ կրթության համակարգի հետ կապված օրենքի հարցը երեկ իմ գործընկերը բարձրացրեց, կցանկանայի կոնկրետ պատասխան ստանալ նախարարից։ Հայ գրականության, հայոց լեզվի եւ հայոց պատմության առարկաները բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրից հանելու ձեր որոշումը հանրային քննարկման ինչպիսի՞ հարթակներ է ընդգրկում եւ այդ վերաբերյալ գիտնականների, գիտության աշխարհի, պատմության մասնագետների կարծիքները հաշվառվա՞ծ են, թե՞ ոչ, դա պարտադիր բնույթ ունի՞, թե՞ հնարավոր է, որ հայեցողական հնարավորություններ նույնպես ընձեռվեն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի կրթության. գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի պրն Բագրատյան, հարգելի գործընկերներ, այո, այդ հարցը քննարկվում է եւ առիթ ունեցել եմ անդրադառնալ, այս բարձր ամբիոնն էլ լավ առիթ է` անդրադառնալու այդ խնդրին։

Նախ՝ դուք ասացիք, որ ծրագրերից հանվում են։ Ծրագրերից չեն հանվում, այլ դրա պարտադիր բնույթի մասին է խոսքը գնում, որովհետեւ մեր տրամաբանությամբ եւ ընդհանուր տրամաբանությամբ` որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում եւ՛ հայերենից, եւ՛ հայ գրականությունից, եւ՛ հայոց պատմությունից, եւ, ըստ էության, ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունն այլեւս ոչ միայն ազդում է տվյալ մասնագետի որակների վրա, որովհետեւ կարող է տվյալ մասնագիտությունից նոր գիտելիք ձեռք բերել, այլ, ընդհանրապես, մասնագիտական այդ ծրագրի բովանդակության եւ որակի վրա է ազդում։ Այս հարցը շատ վաղուց է քննարկվել եւ համոզմունքն այն է, որ մենք հանրակրթության ոլորտում փոփոխությունների արդյունքում հանգեցնելու ենք մի իրավիճակի, երբ մեր աշակերտը եւ քաղաքացին, որը բուհ է գալու, ուրեմն, ստանալու է բավարար գիտելիք պատմությունից, գրականությունից եւ հայերենից, եւ ավելի շատ ուշադրություն է դարձնելու մասնագիտության վրա։ Բուհերը կարող են եւ վստահ եմ, որ լինելու են շատ բուհեր, որ կներառեն իրենց ծրագրում այս առարկաները, բայց դրանք պարտադիր բնույթ չեն կրելու։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք, խնդրեմ։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Այսինքն՝ դրանք ոչ թե իմպերատիվ բնույթ ունեն, այլ հայեցողական բնույթ ունեն, որ բուհը որ կցանկանա ներառել իր ուսումնական ծրագրերում, կարող է ներառել, եւ որտեղ կգտնեն, որ այլեւս ավելորդ է, 12-ամյա կրթությունը լիարժեք այդ գիտելիքը տվել է արդեն, կարող են նաեւ չընդգրկել։

Եթե այդպես է, պրն նախարար, ես խնդրում եմ, որպեսզի այդ պարզաբանումները հանրայնացվեն, որովհետեւ շատերի մոտ թյուր կարծիք կա, որ դա իմպերատիվ պահանջ է եւ պետք է հանել։

Այս իմաստով` նաեւ մենք առաջարկ ունենք, որ, միգուցե, ասենք՝ առաջին կուրսում, առաջին, երկրորդ կիսամյակում ամեն դեպքում առարկան, որ, իհարկե, քննարկման արդյունքում կընդունվի, որ առավել կարեւոր է, պայմանական, ասենք՝ հնարավոր է, որ հայ գրականությունը ողջ ծավալով չեն ուսումնասիրում մինչեւ 12-րդ դասարան, միգուցե, առաջին էտապում քննարկեք նաեւ այս առաջարկը, որ երկու կիսամյակ անցնելուց հետո նոր այլեւս դառնա ձեր ասած հայեցողականը։ Բայց, ինչպես գիտեք, հատկապես, երբ մասնագիտությունների հետ...

Հա, խնդրում եմ պատասխանեք, ժամանակը...

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շատ լավ։ Սա, հատկապես մասնագիտական, որ ասում էիք՝ քննարկվել է, թե չէ, շատ հաճախ մասնագիտական ֆակուլտետներում է այս հարցը բարձրացվում, եւ իրենք դժգոհում են, որ պարտադիր առարկաների վրա ուսանողերը շատ ավելի շատ ժամանակ են կորցնում, որովհետեւ այդ ամենն անցնում են դպրոցներում եւ մասնագիտական ուղղություններին ավելի քիչ ուշադրություն է դարձվում։ Օրինակ` եթե պարտադիր բնույթը դուրս է գալիս, որոշ ֆակուլտետներում ուսանողները կարող են 6-7 մասնագիտական նոր առարկա անցնել, մինչդեռ ծանրաբեռնված են պարտադիրությամբ։

Եվ երկրորդ. սա էլ շատ երկար քննարկված է։ Ես դեռ ուսանող ժամանակ այս ամենը լսում էի մեր ֆակուլտետի ղեկավարությունից, այնուհետեւ բուհում աշխատելիս՝ նույնը, հիմա արդեն որպես նախարար՝ նույնը։ Սա արվում է մասնագիտական գիտելիքներն ավելացնելու ուղղությամբ։

Իսկ հանրայնացնելու առումով ես մի քանի անգամ ելույթ եմ ունեցել։ Ասել ենք, որ սա աշխատանքային տարբերակ է, եւ երբ վերջնական տարբերակը դրվի շրջանառության մեջ, քննարկումները շատ ավելի շատ են լինելու, եւ Հայրապետյանի հետ մենք պայմանավորվել ենք, որ լսումներ են լինելու, այդ թվում՝ նաեւ ԱԺ-ում։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Հաջորդ հարցի համար՝ Էդմոն Մարուքյան։ Խնդրեմ, պրն Մարուքյան։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի խորհրդարան, հարգելի Կառավարություն, հարցս ուղղում եմ պրն վարչապետին։

Պրն վարչապետ, «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակեց տեղեկատվություն, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով  նախարարների աշխատավարձերը բարձրացվել են, եւ երեկ ձեր մամուլի քարտուղարը հրապարակեց, թե ինչ որոշումներ է վարչապետը կայացրել։ Ըստ հրապարակման՝ նա նշում է, որ վարչապետը կայացրել է որոշում, որ նախարարները պետք է ստանան աշխատավարձ գումարած պարգեւավճար՝ 1,5 մլն դրամ, փոխնախարարները՝ 1 մլն դրամ, մարզպետները՝ 900 հազար դրամ։

Այստեղ մենք, բնականաբար, նաեւ խոսել ենք, որ նախկինում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ծրարներով աշխատավարձեր էին ստանում, այսինքն՝ կոռումպացված են եղել, մենք դա գիտենք, այսինքն՝ այս հարցերը չեմ ուզում, որ հիմա ձեզ հետ քննարկենք, այլ ուզում եմ, որ հարցը քննարկենք հետեւյալ համատեքստում։ Ըստ էության՝ դուք շրջանցել եք  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, հայտնի սանդղակը, եւ բարձրացրել եք սանդղակի մեջ երեք սուբյեկտների աշխատավարձերը։ Ես էստեղ եմ խնդիր տեսնում, որ առանց խորհրդարանի է սա եղել, որովհետեւ չի կարող Կառավարությունն ինքն իր աշխատավարձը բարձրացնել կամ որեւէ այլ մարմին, եւ երկրորդը՝ դրա գաղտնիության մեջ եմ խնդիր տեսնում։ Հարցս հենց սրա մասին է, կխնդրեի պարզաբանել, թե ինչո՞ւ է այդպես որոշվել եւ ինչո՞ւ օրենքը չի բերվել խորհրդարան եւ սանդղակը չի վերանայվել, միգուցե, այն պատճառով, որ դուք զուտ երեք սուբյեկտ եք ցանկացել էստեղ ավելացնել։

Ինչ վերաբերում է պարգեւավճարներին, մենք դեմ չենք պարգեւավճարներ տալուն եւ գիտենք, որ 30 տոկոսի չափով բոլոր պետական հիմնարկներում պարգեւավճարներ ստանում են, այդ թվում՝ նաեւ ՀՀ ԱԺ-ում, այսինքն՝ սա էլ մենք գիտենք։ Էստեղ աշխատավարձը, ըստ էության, առանց օրենքի կրկնապատկելու մասին է խնդիրը։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ, պրն Փաշինյան։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Մարուքյան, հարցի համար։ Նախ՝ ուզում եմ մի քանի կարեւոր պարզաբանում անել։ Նախ՝ այդ որոշման արդյունքում ձեր նշած ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանցն իջել է, եւ դա կապված է եղել, հենց այս որոշման անկյունաքարային նշանակությունը դրա մեջ է, որովհետեւ եթե հիշում եք, անցած տարի, այսպես կոչված, պարգեւատրումային սկանդալի արդյունքում՝ մենք, նաեւ այս դահլիճում, բազմիցս քննարկումներ ենք ունեցել եւ արձանագրել ենք դրա արդյունքում, որ որոշակի դիսպրոպորցիա կա։ Հիմա այդ որոշման արդյունքում ոմանցն իջել է, եւ ոմանցը բարձրացել է, եւ խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան։

Իմիջիայլոց, այդ սանդղակը, որ դուք ասում եք` խախտվել է՝ այդ օրենքի հետ կապված, այդ օրենքը վաղո՜ւց, ըստ էության, այդպես չի գործում, եւ այդ սանդղակը վաղուց է խախտվել։ Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային, որովհետեւ 2019 թվականի բյուջեի քննարկումների արդյունքում ես այս ամբիոնից լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ եթե նախկինում պարգեւատրումային ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգեւատրումների ֆոնդ։ Բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմացել եք դրա մասին եւ դուք քվեարկել եք դրա օգտին։

Հաջորդը. եւ ես այս ամբիոնից էլի պարգեւատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել եմ այդ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, եւ բացի դա, նաեւ այս ամբիոնից հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության եւ այլ մարմիններում այդ պարգեւավճարներով մենք աշխատավարձերը  փաստացի բարձրացրել ենք։ Այսինքն՝ հիմա, որ դուք ասում եք՝ առանց օրենքի փոփոխության, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգեւատրումային ֆոնդերը նախատեսված են եղել, այդ գումարները չեն ավելացել, որ մենք կրթությունից, առողջապահությունից, որեւէ ուրիշ տեղից փող ենք կտրել, իրենց աշխատավարձը բարձրացրել ենք։ Դա հենց նախատեսված է, ֆինանսավորվել է այն հոդվածով, որը դուք ընդունել եք որպես այդպիսին։ Եվ դա նաեւ կայացվել է երկու պատճառով, որ նախ՝ այդ դիսպրոպորցիան փոխվի, երկրորդն էլ՝ այդ անհարմար վիճակից, երբ պաշտոնյան ինքն իրեն պետք է պարգեւատրում նշանակի, հանենք այդ բանը։ Այսինքն՝ մենք համարել ենք, որ  բավարար չափով հանրության հետ քննարկում ենք ունեցել եւ բավարար չափով ԱԺ-ում քննարկում ենք ունեցել, որպեսզի այդ հարցը մենք լուծենք։ Հիմա, որ արձագանքեք, ես մնացած մասն էլ կասեմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Խնդրում եմ արձագանքեք։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Պրն վարչապետ, շնորհակալ եմ, ես մեծ մասի հետ համաձայն եմ։ Համաձայն չեմ հետեւյալի հետ, որ էդ գումարը, որ սահմանվել է, ըստ էության, 30 տոկոսից բարձր է սահմանվել, այսինքն՝ կրկնապատկվել են աշխատավարձերը, մի դեպքում, այսինքն՝ մի քանի, երեք դեպքում էլ, ըստ էության, կրկնապատկվել է։ Բայց երբ մենք հաստատել ենք ֆոնդը, մենք բոլորս  մտածել ենք՝ խոսքը գնում է 30 տոկոսի մասին։ Էս է բարձրացրած խնդիրը, որ մենք շրջանցում ենք սանդղակը։ Ես գիտեմ, որ սանդղակը մեր մասով եւ շատ տեղերում գործում է այնպես, ինչպես գործում է։ Օրինակ, մենք՝ պատգամավորներս, 10 գործակցի տակ ենք, բան չի փոխվել, գումարած այդ պարգեւավճարը։

Եվ մյուս խնդիրը, ինչո՞ւ է գաղտնի արվել, ինչո՞ւ է գաղտնի գրիֆով ինքը գնացել։ Այ, սա էլ պարզաբանեք, էլի։ Շնորհակալ եմ։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Մի րոպեն բավարար չի լինի, որ տեղավորեմ, որպեսզի ամբողջական պատասխանեմ այս հարցին։ Գաղտնիին վերաբերող. ես ասացի, որ արդեն բավարար չափով այդ հարցն այս ամբիոնում քննարկված է եղել, եւ խոսել նախարարի վճարման գաղտնիության մասին, ճիշտն ասած, տեղին չէ, որովհետեւ նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր, եւ որեւէ մեկը մտածի, որ նախարարի վճարումը պետք է գաղտնի բարձրացվի, դա հնարավոր չէ, որովհետեւ այդ հայտարարագիրը դրված է կայքում, ինտերնետում, հասանելի է 24 ժամ, եւ ցանկացած մարդ, ով ունի հաշվիչ կամ մաթեմատիկայից լավ է, այդ թիվը կարող է բաժանել 12-ի, տեսնի` նախարարն ի՞նչ աշխատավարձ է ստացել։ Գաղտնիության ռեժիմը, գիտեք, ասենք՝ զուտ, որ գաղտնի է գնացել այդ հանձնարարականը, դա ներքին աշխատանքային, ընթացակարգային հարցերն են եղել, որովհետեւ ասում եմ՝ որովհետեւ մեկինն իջել է, մյուսինը՝ բարձրացել։ Եվ, ի վերջո, եկեք արձանագրենք մի բան նաեւ, որ մենք նախարարությունների միացումներ ենք ունեցել։ Հիմա նախարարներ կան, եթե նախկին տրամաբանությամբ վերցնենք, երեք նախարարի աշխատանք են անում, որովհետեւ երեք նախարարություն միացել է մեկ նախարարության մեջ։ Եվ, ըստ էության, գաղտնիության մասին խոսելը, եթե ֆորմալ այդ հանձնարարականը գնացել է գաղտնի գրիֆով, դա չի նշանակում, որ այդ ամեն ինչը հանրությունից գաղտնի անելու նպատակով է արվել, որովհետեւ նախ՝ ասում է՝ 30 տոկոսի մասին մենք խոսել ենք, բայց դա մենք չենք ասել, որ 30 տոկոս է աշխատավարձերը բարձրանալու, մենք ասել ենք՝ այդ գերատեսչության բյուջեից աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով սահմանվելու է պարգեւատրումային ֆոնդ։ Այսինքն՝ ԱԺ-ն ընդունել է, ինչը նշանակում է՝ Կառավարությունը կարող է այդ 30 տոկոսն իր հայեցողությամբ օգտագործել։ Եվ նաեւ ուրիշ սկզբունք էլ է առաջարկվել, որ ոչ թե պարգեւատրումները լինեն ավտոմատ, այլ լինեն որոշակի հայեցողական, որ նախարարները կարողանան լավ աշխատողին խրախուսել, վատ աշխատողին՝ չխրախուսել, որովհետեւ եթե նախարարն այս գործիքը չունի, բոլորը, սենց թե նենց, պարգեւատրում են ստանում։ Եվ այս փոփոխությունը նույնպես տեղի է ունեցել, եւ, ըստ էության, իմ հայտարարություններն այս ամբիոնից ես էլի հանել եմ, թե քանի անգամ եմ ես այս թեմայով հայտարարություն արել։ Ասել եմ, որ մեր նախարարները, ընդհանրապես, պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան։

Հիշո՞ւմ եք, երբ մարզպետներն իրենք իրենց պարգեւատրել էին, ես նույնիսկ ասում էի՝ փոխանակ ուրախանա հանրությունը, որ այսօր գործող մարզպետն այդ 400 հազար դրամի կարիքը ռեալ ունի, դրա փոխարեն հնչում են քննադատություններ։ Ես հասկանում եմ, էլի այստեղ խնդիրը գաղտնի գրիֆի մեջ է, բայց դա չի կարող հանրությունից գաղտնի լինել, որովհետեւ այդ որոշման կայացումից առաջ այս ամբիոնից մենք մեր քաղաքականությունն ինչո՞ւ չենք ասել, որ կոնկրետ այ սենց ենք լուծում, որովհետեւ ամիսներով քննարկել ենք, թե ոնց լուծենք էս պրոբլեմը, եւ եկել ենք էդ լուծմանը` իմանալով, որ դա հայտարարագրերով տարվա վերջում հայտնվելու է։ Եվ ինչո՞ւ այդ պահին չենք հայտարարել, որովհետեւ դա նույնն է, որ ամեն ամիս հայտարարենք, որ այս ամիս էլ պարգեւավճար տվեցինք նախարարներին, հաջորդ ամիս էլ տվեցինք։ Երբ պարգեւատրումային այդ պատմությունը եղել է, ես այս ամբիոնից պաշտպանել եմ դա եւ համարել եմ նաեւ, որ ունեմ բավարար, նաեւ հանրային արձագանքը ստանալով, էդ քննարկումներից հետո ունեմ, այսպես ասած, բավարար քաջալերում, ըմբռնում, որպեսզի այդ հարցը լուծեմ։ Եվ նաեւ այս ամբիոնից եմ ասել, որ պետք չէ ասել՝ այ, ո՞նց է, որ նախարարը թոշակառուից չգիտեմ քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում, որովհետեւ նախարարի աշխատանքի որակից է կախված, թե թոշակառուի թոշակը կավելանա՞, թե՞ չի ավելանա, եւ ինչ տեմպով կավելանա։ Եվ այս տարի մենք տարվա արդյունքներով կապահովենք պետական բյուջեի եկամուտների 19-20 տոկոս աճ եւ հունվարի 1-ից թոշակները կբարձրանան, զինվորականների աշխատավարձերը... Հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հարյուր հազարավոր, ասենք` ես հիմա կոնկրետ թիվը չեմ ասի, բայց 200-300, գուցե նաեւ ավելի, հազար մարդու աշխատավարձ կոնկրետ բարձրանալու է, այդ թվում՝ նաեւ ԱԺ պատգամավորներինը, ի դեպ ասեմ, որովհետեւ նոր Հարկային օրենսգրքով 200 հազար դրամից ավելի, 150 հազարից նույնիսկ, չէ՞, ավելի ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը հունվարի 1-ից ավելանալու է, բայց դա լինելու է այդ հարկային փոփոխությունների հաշվին։

Գաղտնիության հետ կապված` իմ պատասխանը հետեւյալն է. մենք համարել ենք, որ բավարար չափով այդ հարցը քննարկել ենք եւ՛ ԱԺ-ում, եւ՛ հանրության հետ, մեկ էլ այսպիսի շատ անկեղծ մի բան ասեմ. քանի որ, գիտեք, կառավարման համակարգում բաներ կան, քանի որ նախկինում այդ կարգի որոշումները միշտ էլ գաղտնի են արվել՝ համարելով, որ այնտեղ անհատական տվյալ կա, անձնական տվյալ կա, իներցիայով, ուղղակի, գնացել է, ոչ մի ուրիշ բան։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հասկանում եք, հնչեղություն ստացած հարց էր, պարզաբանումը կարեւոր էր։

Հաջորդ հարցի համար՝ Վահե Էնֆիաջյան։ Խնդրեմ, պրն Էնֆիաջյան։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի Կառավարության ներկայացուցիչներ, այն հարցին, որին ուզում եմ անդրադառնալ, շատ մեծ հնչեղություն է ստացել, եւ իմ գործընկեր պրն Բագրատյանը մասնակի անդրադարձավ այս հարցին։ Բայց, քանի որ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում եմ ունեցել, ուսանողների հետ հանդիպում եմ ունեցել, եւ հիմնախնդրի հետ կապված` մտահոգված բազմաթիվ քաղաքացիներ կան, եւ դուք, ըստ էության, չկարողացաք ամբողջովին պատասխանել, եւ պրն Բագրատյանն էլ արձագանքման ժամանակահատվածում չհասցրեց ամբողջովին արձագանքել, ես, այնուամենայնիվ, ուզում եմ այս հարցին մեկ անգամ եւս անդրադառնալ, քանի որ բազմաթիվ առիթներ ենք ունեցել` խոսելու եւ կարեւորելու հայոց լեզուն, հայոց պատմությունը, եւ հաշվի առնելով այն տարածաշրջանը, որտեղ ապրում ենք, գտնում ենք, որ մեր երկրի քաղաքացիների իրավագիտակցությունը եւ պատմական փաստերը նրանք պետք է խորապես իմանան։ Լեզուն մեզ պահպանող, միավորող մի գործոն է մշտապես եղել եւ այսօրեական գտնում ենք, որ հայոց լեզուն չափազանց մեծ առաքելություն եւս պետք է իրականացնի։

Իսկ մասնագիտական գիտելիքների առումով` բնականաբար, ՀՀ-ում մասնագիտական գիտելիքները պետք է լինեն մրցունակ ոչ միայն տարածաշրջանի առումով, այլ ամբողջ աշխարհի առումով, եւ կարծում ենք՝ ոչ թե մեկը մյուսով փոխարինելու քաղաքականություն պետք է վարել, այլ համադրելու քաղաքականություն է պետք վարել այս հարցի շուրջ։

Պրն նախարար, կուզենայի, որպեսզի այս հարցի հետ կապված ձեր դիրքորոշումը եւ մանրամասները ներկայացնեիք, որովհետեւ ոլորտի պատասխանատուն, քաղաքականություն իրականացնող մարմնի լիազոր ներկայացուցիչը դուք եք, եւ Կառավարության ծրագրի մեջ նման մոտեցում, ըստ էության, մենք երբեք չենք արձանագրել։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Խնդրեմ, պրն Հարությունյան։ Իսկ դահլիճում կխնդրեմ լռություն, հարգելի գործընկերներ։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պրն Էնֆիաջյան, ես վերջին հարցազրույցներից մեկում ասացի, հիմա էլ ասեմ՝ կարիք չկա հայոց լեզուն, հայոց պատմությունը եւ հայ գրականությունն ինձանից եւ մեր թիմից պաշտպանել, որովհետեւ այստեղ նստած շատերը եղել են այդ շարժման մեջ, գիտեն, թե ես ինչպես եմ պաշտպանել հայերենի շահերը տարիներ շարունակ։

2010 թ. ես եղել եմ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը Հայաստանում» նախաձեռնության անդամ եւ վերաբերմունքս` հայերենի դասավանդման հետ կապված, հայերենի դասավանդման ծավալների հետ կապված, ասել եմ այնտեղ։ Մեր նախաձեռնությունն այն ժամանակ քննարկում էր, որ այո, բուհերում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք դեմ էինք օտարալեզու դպրոցների վերաբացմանը Հայաստանում, ասում էինք, որ այդ իրավիճակը բուհերում կարող է փոխվել՝ խորացնելով դպրոցներում հայերենի, հայ գրականության եւ հայոց պատմության դասավանդումը։ Այստեղ որեւէ խնդիր չկա, որովհետեւ ես ձեզ մի օրինակ կարող եմ բերել. մենք վարչապետի հետ եղել ենք Բելգիայում, հյուրընկալվել ենք Լյուվենի համալսարանում, երբ Լյուվենի համալսարանի ռեկտորին, հարցնում էինք բուհի հաջողության գրավականի մասին, իսկ դուք գիտեք, թե ֆլոմաներենի հետ կապված` ինչ ավելի մեծ, էսպես, ուշադրություն կա այնտեղ, որովհետեւ ազգայնականությունն այնտեղ եւ ազգայնական գաղափարներն այնտեղ ավելի տարածված են, իրենք ասում էին՝ մենք ֆլոմանդերենի լիարժեք գիտելիք ենք տալիս դպրոցում, բակալավրիատում, ըստ էության, հիմնականում ֆլոմաներեն է դասավանդումը, մագիստրատուրայից այդ ամեն ինչը փոխվում է, եւ մագիստրատուրայում ծրագրերի 50 տոկոսը դառնում է անգլերեն, իսկ ասպիրանտուրան, ընդհանրապես, անգլերեն է։ Այսինքն՝ մի երկրում, որտեղ, էսպես, ազգապահպանության լրջագույն խնդիր է դրված, համակարգը, ըստ էության, նույնն է, էն, ինչ առաջարկում ենք։ Եթե մեր քաղաքացին 18 տարի շարունակ լիարժեք հայերեն է սովորում եւ բուհում, բակալավրիատում, ըստ էության, ծրագրերը մեծամասամբ հայերեն են, ՀՀ քաղաքացիների համար հայերեն են, ապա մտահոգվելու որեւէ խնդիր չկա։ Էս է իմ պատասխանը, շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հնարավորություն տանք՝ արձագանքի։ Խնդրեմ, պրն Էնֆիաջյան։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Պրն նախարար, ձեր կողմից արձանագրած հայտնի շարժման հետ կապված` հետեւել ենք, գործընթացների հետ կապված` համակարծիք ենք եղել։ Ես ընդամենը Թումանյանի խոսքերից մեկ նախադասություն կմեջբերեմ. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության եւ էության ամենախոշոր փաստը»։ Ես լիարժեք այս մտքի հետ համակարծիք եմ, եւ քանի որ դուք ձեր նախորդ խոսքում մատնանշեցիք, որ, իրոք, խնդիրը մեծ հնչեղություն է ստացել եւ լսումներ իրականացնելու ցանկություն եւ մտադրություն կա, մի շարք այլ հարցեր էլ կան, որոնք այս կարճ ժամանակահատվածում անհնար է բարձրաձայնել, բայց այդ ժամանակահատվածում կներկայացնենք։ Ըստ իս, հետբուհական կրթության մասով կարելի է շատ հարցեր վերանայել եւ մոտեցումների ու սկզբունքների հետ կապված` քննարկել, բայց բակալավրիատի մասով իմ ներքին համոզմունքն է, որ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը պարտադիր առարկա պետք է լինեն, եւ մեր պետական քաղաքականությունը պետք է միտված լինի այս երկու կարեւորագույն ոլորտների հետ կապված, որպեսզի խորացնենք։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, պրն նախարար։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Այո, արձագանքում եմ։ Ասել եմ, որ անգիր անել չեմ սիրում եւ մեջբերում չեմ կարող անգիր անել, բայց նույն հայերենի հետ կապված` մենք մի շարք ծրագրեր հիմա իրականացնում ենք։ Մենք մշակում ենք հայագիտական առարկաների զարգացման նոր հայեցակարգ եւ դրսում հայագիտության զարգացման հեռանկարներն ենք քննարկում։ Ես եղել եմ մի շարք կենտրոններում, որտեղ նախկինում եղել են հայագիտական կենտրոններ, փակվել են, եղել եմ մի շարք կենտրոններում, որտեղ  հայկական գիտելիք կա, որը պետք է վերադարձնել Հայաստան։ Այ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք բուհերում եւ հետազոտական կենտրոններում։ Ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք` հայերենի հետ կապված, թույլ է տալու, որ մեր քաղաքացին լիարժեք տիրապետի իր մայրենիին։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար՝ Թագուհի Թովմասյան, նախապատրաստվի Գեւորգ Գորգիսյանը։

Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարություն, հարգելի խորհրդարան, հարցս վերաբերում է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ տանող ավտոճանապարհներին, որոնք, մեղմ ասած, գտնվում են անանցանելի վիճակում։ Մարզային իշխանությունները տարեսկզբում խոստացել էին, որ Ծովակ-Ախպրաձոր-Մաքենիս համայնքներ տանող ավտոճանապարհները, ինչպես նաեւ Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ թաղամասեր տանող ավտոճանապարհները գարնանը կնորոգվեն։ Դրանք չարվեցին։

Ես օրեր առաջ եղել եմ համայնքներում, բնակիչներն ինձ հավաստիացրեցին, որ ստացել են հավաստիացումներ, որ դրանք կարվեն աշնանը, սակայն հիմա էլ ոչինչ չի արվել։ Գրավոր դիմել եմ Կառավարությանը եւ ստացել եմ պատասխան, որ այդ ճանապարհների հիմնանորոգումը ներառված է Համաշխարհային բանկի միջոցներով կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ծրագրում, որոնց շինարարական աշխատանքների մրցույթների կատարման ժամկետները դեռեւս հստակեցված չեն։

Հարցս հետեւյալն է. ուզում եմ, ի վերջո, հասկանալ՝ այդ ավտոճանապարհների նորոգման գործընթացը, ընդհանրապես իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, հնարավո՞ր է դրանք այս տարի նորոգել, թե՞ ոչ։ Ես խնդրում եմ գործընթացի մասին ինձ լրացուցիչ սպառիչ պատասխան տալ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ, պրն Պապիկյան։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Թովմասյան։ Ես խնդրի մասին տեղեկացված եմ։ Ամիսներ առաջ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը, իմ տեղակալ Բագրատ Բադալյանը եւ մարզպետը եղել են ձեր կողմից նշված համայնքներում, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հաշվի առնելով օբյեկտիվ պայմանները։ Այն է, քանի որ դուք արդեն իսկ նշեցիք, որ դա Համաշխարհային բանկի ծրագրով կենսական նշանակության ճանապարհների շրջանակներում է, վարկի երկարացման եւ նոր վարկի ներգրավման պատճառներով հնարավոր չէր այս տարի ծրագիրը մեկնարկել։

Հարցին, թե այս տարի հնարավո՞ր է դա սկսել, պատասխանում եմ, որ ոչ, որովհետեւ ֆիզիկապես դա հնարավոր չէ։ Իսկ մյուս տարվա սկսելու մասով մենք արդեն իսկ ունենք պայմանավորվածություն եւ խոստում. ոչ միայն այդ, բոլոր ծրագրերը շուտով դրվելու են մրցույթի։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար, խնդրեմ։

Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Ինձ ուղղակի, պրն Պապիկյան, այս ամենի մեջ հետաքրքրում էր, որ որեւէ բան, եթե հստակ չի, մենք ինչո՞ւ ենք կոնկրետ ժամկետներ խոստանում եւ հստակ ասում՝ գարնանը, աշնանը, ուշ աշնանը, այսինքն՝ մարզային իշխանությունները հստակ խոստումներ են տվել։

Եվ ուզում էի հիշեցնել, որ Մաքենիս համայնք տանող ավտոճանապարհին մենք ունենք 7-րդ դարի Մաքենավանքը, որը տեսնելու հնարավորությունից, ուղղակի, զրկված են տուրիստները։ Եվ դրանից բխող մյուս հարցը, որ Սեւան-Ցամաքաբերդ-Գոմաձոր այդ 5,8 կմ ավտոճանապարհը նաեւ վարչապետի տված խոստումն է, որին առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում մարզի բնակիչները։ Շնորհակալություն։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Տիկին Թովմասյան, օբյեկտիվ պատճառներով հանրապետության համայնքների 70 տոկոսն այս պահին կարող է պահանջել, որ այս տարի մեկնարկի իրենց գյուղի ճանապարհաշինարարությունը, որովհետեւ փաստ է, որ այդ ճանապարհների մեծ մասը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Փաստ է, որ Կառավարությունը, հանձինս մեր նախարարության, ամեն ինչ անում է՝ հնարավորինս շատ ճանապարհ այս տարի վերանորոգելու համար։ Միեւնույն ժամանակ, մենք արդեն իսկ նախանշել ենք շուրջ 500 կմ ավտոճանապարհների, այդ թվում՝ նաեւ հանրապետական եւ միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհների շինարարություն։

Ձեր կողմից նշված համայնքային ճանապարհները, այո, ասվել է, որ դրանք պետք է սարքվեն։ Մարզպետի իրավասության տիրույթում է` խոստանալ, թե ոչ, կարող եմ ասել` ոչ։ Բայց մարզպետը վերցնում է այդ ինֆորմացիան տարածքային կառավարման նախարարության կողմից արված հայտարարությունից եւ հրապարակումներից։ Այսինքն՝ մեր կողմից արդեն իսկ հաջորդ տարվա պլանավորման մեջ նշված է այդ ճանապարհների շինարարությունը։

Համայնքի բնակիչների հետ, նորից եմ նշում, ձեր կողմից հարցը բարձրաձայնելուց առաջ արդեն իսկ հանդիպում եղել է։ Խնդիր, որպես այդպիսին, մենք այլեւս չունեինք։ Ուղղակի ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ամեն անգամ ծագում այդ խնդիրը, երբ արդեն իսկ կա պայմանավորվածություն։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Գեւորգ Գորգիսյան, նախապատրաստվի Անի Սամսոնյանը։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարություն, հարցս վերաբերում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին վիճահարույց, աղմկահարույց որոշմանը, որով, մասնավորապես, սահմանվում է, որ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է երկու տարի ժամկետով պահպանեն բաժանորդների տվյալները, մասնավորապես, անձնական տվյալները, ինտերնետ արձանագրությունը, հասցեն, պորտի համարը, հեռախոսահամարը, հասանելիության ծառայության օգտագործման սկիզբը, ավարտը, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկված նամակների դեպքում ստացվող փոստի հասցեն եւ ուղարկողի՝ հասցեատիրոջ, հասցեն։

Ես ուզում եմ հասկանալ սրա նպատակահարմարությունը. ի՞նչ նպատակի համար է սա, որովհետեւ հստակ երբեք չմեկնաբանվեց, մոտավորապես անվտանգության անվան տակ ամեն ինչ չի կարելի մտցնել։ Եվ ուզում եմ հասկանալ՝ մենք անընդհատ ասում ենք, որ բարձր տեխնոլոգիաները պիտի լինեն մեր երկրի ապագան, արդյո՞ք այդ ընկերությունների հետ քննարկվել է այս հարցը, որովհետեւ նրանց ոմանց «փոլիսիներով», այսպես ասած, կարծում եմ՝ նաեւ խնդիր կարող է հարուցել սա, եւ ես չեմ ուզի, որ նման կարգավորման պատճառով, ինչը, օրինակ, ընդունված է մի շարք տոտալիտար երկրներում, մենք հանգենք նրան, որ նմանատիպ մեծ, կարեւոր ընկերություններ, ուղղակի, Հայաստանից հեռանան։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Խնդրեմ, պրն Արշակյան։

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, պրն Գորգիսյան, ձեր հարցը երկու կտորից է բաղկացած, բայց, ըստ էության, դա իրավական, իրավաչափության եւ անձնական տվյալների պաշտպանության մասով է բարձրաձայնվում։ Ես ուզում եմ ասել, որ օրենքները շատ հստակ կանոնակարգում են այդ մասերը եւ, ըստ էության, այստեղ իրավական առումով փոփոխություն տեղի չի ունենում, ընդամենը, տեխնիկական առումով է փոփոխությունն առաջարկվում, ընդ որում, այդ առաջարկը դեռ պետք է քննարկվի, եւ հետո նոր հանգուցալուծման գանք։ Մեզ հետ նույնպես այդ փոփոխության առաջարկը շրջանառվել է, եւ այս պահին չկա ընդունված փոփոխություն։ Սա, ուղղակի, ի գիտություն եմ ուզում ասել։ Հարցը վերաբերում է տեխնիկական կանոնակարգին. արդյո՞ք որեւէ տեղեկություն, որը, ըստ էության, էլի անցնում է այդ կապուղիները տրամադրող ընկերությունների մոտով եւ, գործող օրենքներով էլի պաշտպանված է անձնական տվյալների գաղտնիության «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով: Արդյո՞ք այդ տվյալները պետք է պահպանվեն որոշակի ժամանակահատված, որն իրենից ենթադրում է, որ տեխնիկական միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ տեղեկությունը որոշակի ժամանակահատված պահպանվի, որը գալիս է, ըստ հանձնաժողովի շրջանառած փաստաթղթի, անվտանգության նկատառումներով։ Այսինքն՝ եթե որեւէ խնդիր կա՝ ուսումնասիրելու եւ դատական սանկցիա կա` օրենքի համապատասխան գործառույթներից ելնելով՝ ուսումնասիրելու այս կամ այն անձի կամ մեքենայից կատարված գործողությունները պատմական այդ փոքր ժամանակահատվածում` այդ նախորդ տարվա կամ տարիների։ Սա է ամբողջ հարցը։

Ուզում եմ ասել, որ այդտեղ տենց որ բարձրաձայնում եք, ասում եք՝ ընկերությունները կգնան, կգան, էդպիսի բան, կարծում եմ, որ չկա էդպիսի վտանգ, չնայած, որ մենք հավելյալ ձեր բարձրաձայնած հարցերը կուսումնասիրենք։ Այստեղ ուրիշ խնդիր կա, որը մենք բարձրաձայնել ենք, դա փոքր օպերատորների վրա հավելյալ դրամային բեռի ավելացման խնդիրն է, որովհետեւ երկու տարի այդպիսի տվյալներ պահպանելու համար համապատասխան սարքավորումներով եւ սարքերով պետք է վերազինվեն, եւ գյուղական համայնքներում, փոքր համայնքներում այս պրովայդերները կարող են խնդիր ունենալ, որը, կարծում եմ՝ այդքան էլ մեր շահերից չի բխում՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ ինտերնետի տարածման տեսանկյունից։ Այս մասը նույնպես բարձրաձայնել ենք։ Եթե էլի մտահոգություն կա, ուրախ կլինեմ շարունակել պատասխանել։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար՝ Գեւորգ Գորգիսյան։ Խնդրեմ։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Շնորհակալ եմ պատասխանի եւ մտահոգությունս որոշ չափով կիսելու համար։

Պրն Արշակյան, նայեք, եթե խոսքը գնում է կիբերանվտանգության մասին, ապա չեմ հասկանում՝ ինչու է այս նախագիծը շրջանառել, ընդհանրապես, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ընդ որում, որպես արդարացում, որ սա ընդունված նորմ է նաեւ Եվրոպայում, բերեցին մի որոշում, որը հետագայում նաեւ ճանաչվել էր մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին հակասող։ Հետեւաբար` չգիտեմ, միգուցե, դուք չեք այս հարցի հասցեատերն իրականում, բայց ես ձեզ պիտի խնդրեմ, որ դուք հետեւողական լինեք, ուղղակ,ի եւ ոլորտի շահառուների հետ գոնե կազմակերպեք համապատասխան քննարկումներ, որպեսզի մենք հստակ իմանանք՝ ոլորտի խաղացողներն ինչպես են վերաբերվելու այս ամեն ինչին, որովհետեւ սա նաեւ, իրոք, կարող է բերել, կարող է չէ, հաստատ բերելու է ինտերնետի գնի բարձրացման, եթե մենք նման պարտավորություններ դնենք, ինչը բերելու է ինտերնետի հասանելիության նվազման, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք, որ պիտի ամբողջ Հայաստանը ծածկվի ինտերնետով եւ նաեւ դա նպաստի բարձր տեխնոլոգիաների զարգացմանն իր չափով։ Շնորհակալ եմ, հուսով եմ՝ հետեւողական կլինեք եւ նաեւ թույլ չեք տա, որ ոլորտը վտանգվի եւ վնասվի։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Կարող եք արձագանքել։

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Գորգիսյան։ Նախ՝ ուզում եմ ասել, որ սա ոչ այնքան կիբերանվտանգության հետ է կապված, այլ հենց իրավական հարցերի հետ է կապված, երբ անհրաժեշտություն է առաջանում, ճիշտ է, հասցեատերը ես չեմ, բայց երբ անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել այս կամ այն մեքենայից կատարված գործողությունները, բայց դա` արդեն իրավական ընթացակարգով եւ օրենքներին համապատասխան։ Այդպիսի ընթացակարգեր կան նաեւ զանգերի դեպքում։ Այսինքն՝ զանգերի այս ամբողջ լոգերը գրանցվում են, եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, եւ երբ դատարանը համապատասխան որոշում է ունենում, գնում եւ ուսումնասիրում է, տեսնում է՝ ո՞ւմ է զանգել, ի՞նչ ժամանակահատվածում եւ այլն։ Այսինքն՝ սա նմանատիպ խնդիր է լուծում, բայց հաշվի առնելով ինտերնետի հասանելիության եւ գնի թանկացման հարցը, այո, մենք տվել ենք  կարծիք այդ մասով եւ կմասնակցենք այդ քննարկումներին, նաեւ հավելյալ քննարկումներ ենք նախաձեռնելու օպերատորների հայկական միության հետ եւ կապի ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից։ Համոզված եմ, որ արդարադատության նախարարության հետ նույնպես այս հարցերը քննարկվելու են, եւ մարդու իրավունքների եւ այլ սահմանափակումների տեսանկյունից հարցը համապարփակ քննարկվելու է։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Հաջորդ հարցի համար՝ Անի Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։ Խնդրեմ։

Ա.ՍԱՄՍՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան վարչապետ, հարգելի Կառավարություն, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, վարչապետի 2018 թ. հունիսի որոշմամբ, արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թ. դեկտեմբերի հրամանով Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության 104 քաղծառայողներ ազատվել են աշխատանքից 2019 թ. հունվարի 1-ից։ 2019 թ. հունվարի 1-ից մինչեւ այսօր չեն վճարվել աշխատանքից ազատված այդ 104 աշխատակիցների վերջնահաշվարկի գումարները։

Իհարկե, շատ գովելի է, հարգելի Կառավարություն, որ մենք բարձրացրեցինք ԱԻՆ-ի աշխատողների աշխատավարձերը, դա, իսկապես, շատ կարեւոր էր, բայց մյուս կողմից նաեւ հարց է առաջանում` ո՞վ է վճարելու եւ ե՞րբ են վճարվելու արդեն իսկ աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկի գումարները։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի... Խնդրեմ, պրն նախարար, մոտեցեք։

Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, ուրեմն, ճիշտ եք ասում. դեկտեմբերին եղել է հրաման, Հակահրդեհային տեսչությունը մտել է տեսչական մարմինների կազմի մեջ եւ դրա պատճառով դուրս է եկել մեր կազմից։ Բայց, քանի որ դրանից հետո ստեղծվել է Հետաքննության վարչություն, Հետաքննության վարչությունում պետք է վերականգնվեր աշխատողների որոշ մասը, իսկ որոշ մասը պետք է գնար Քաղաքաշինության եւ հակահրդեհային տեսչական մարմնում աշխատանքի, դրա պատճառով, ֆինանսների նախարարությամբ համաձայնեցված, թողել ենք, որ մարդիկ տեղավորվեն, որից հետո նոր պետք է վերջնահաշվարկ կատարվեր։ Եվ դրանից հետո մենք վերջնահաշվարկը տվել ենք, ես չգիտեմ` ինչի մասին եք խոսում, այնտեղ 2-3 մարդու մասին է խոսքը գնում։ Նրանց մասին էլ արդեն որոշված է հարցը, իրենցն էլ արագ, այս մի քանի օրվա մեջ կլինի։ Այնպես որ, այնտեղ հարց չկա։ Ինչ եղել է, եղել է այն պատճառով, որ թողել ենք՝ վերականգնվելու հարցը լուծվի, որովհետեւ այդ դեպքում մենք պետք է  վերջնահաշվարկն այլ ձեւով տայինք։ Երբ վերականգնվեցին այդ մարդիկ, մի մասը գնաց Հակահրդեհային տեսչություն, մի մասը եկավ Հետաքննության վարչություն, որից հետո մի մասը, ովքեր դուրս էին մնացել, նրանց մասին է խոսքը, նրանց վերջնահաշվարկն արվել է, իսկ մի քանիսի հարցը մնացել է, որովհետեւ նրանք վերականգնվելու խնդիր ունեն, հիմա այդ հարցն էլ է լուծվում, վերջանում է։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ցոլակյան։ Խնդրեմ, տիկին Սամսոնյան։

Ա.ՍԱՄՍՈՆՅԱՆ

-Շնորհակալություն պատասխանի համար, պրն Ցոլակյան։ Պարզապես, այստեղ հարց է առաջանում, որ այս աշխատակիցները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւս, եւ դուք Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանել էիք, որ սույն թվականի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում այդ գումարները կվճարվեն, սակայն չեն վճարվել։ Եվ այստեղից ծագում է նաեւ մյուս հարցը։ Դուք, այո, նշեցիք Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության մասին, որին հատկացվել է 40 հաստիք։ Ընդունել եք 23 աշխատակցի, որից 15-ը՝ նախկին կառույցից, որից 8-ն ընդունվել են դրսից։ Եվ սա էլ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են ընդունվել դրսից, եթե մոտ 44 արհեստավարժ աշխատակիցներ մնացել են անգործ։ Եվ մինչեւ այսօր, 3 ամսից ավելի սպասում են, որ պետք է համալրվեն այդ 17 հաստիքները։

Ուզում եմ նաեւ պատասխանեք այս հարցին, թե ինչո՞ւ չեն վճարվել եւ ինչո՞ւ չեք համալրել այս հաստիքները, ու, հատկապես, այստեղ նաեւ կան երկու մարզեր՝ Լոռու եւ Վայոց ձորի մարզերը, որտեղ, ընդհանրապես, որեւէ մեկը չի ընդունվել աշխատանքի։

Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ

-Ուրեմն, վճարումը կլինի մոտ օրերս, ես ասացի, դրան ավելացնելու բան չունեմ։ Երկրորդ մասով՝ ինչո՞ւ ընդունել ենք կամ չենք ընդունել, ուրեմն, արհեստավարժ, որ ասում եք, մի քիչ տարբեր բաներ են սրանք։ Հակահրդեհային տեսչությունն այլ բան է, հետաքննությունն այլ բան է։ Հետաքննությունում մենք այդքան աշխատող չենք ունեցել։ Երբ եղել է Հակահրդեհային տեսչություն, այն ժամանակ բոլորը զբաղվել են նաեւ հետաքննության գործերով։ Հետաքննությունը զուտ մասնագիտական աշխատանք է եւ հետաքննիչի աշխատանքում արդեն պետք է լինի իրավական որոշակի գիտելիքների առկայություն։ Այստեղ արդեն մենք կարող ենք Հակահրդեհային տեսչության նախկին աշխատողներին չընդունել։ Մենք ընդունել ենք այն մարդկանց, որոնք այդ գործից հասկանում են՝ նախկին ոստիկանության հետաքննիչներ  են եւ այլն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Ցոլակյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հաջորդ հարցի համար՝ Սրբուհի Գրիգորյան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։ Խնդրեմ։

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարություն, ՀՀ-ում բոլոր մեքենաներն ունեն տեխզննման կտրոն, եթե չեն ստանում, տուգանվում են։ Հարցս այդ կտրոնը ստանալու ընթացակարգին է վերաբերում. մարդիկ վճարում են, տեխզննում տեղի չի ունենում, կտրոն գնում են։ Դա արդյո՞ք համատարած կոռուպցիա չէ՝ վճարել եւ գնել տեխզննման կտրոն՝ առանց զննում իրականացնելու։ Սա ինձ հիշեցնում է դիպլոմ առնելու արատավոր սովորույթը, որը նախկինում կար։ Արդյո՞ք ծրագրեր մշակվում են իրապես, դե ֆակտո տեխզննում իրականացնելու համար։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ, պրն նախարար։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Գրիգորյան։ Իրականում շատ կարեւոր հարց եք բարձրացնում, անգամ սրա մասին մեր Կառավարության ծրագրում կա կետ, որտեղ մենք նախատեսում ենք այս հարցը մեկտեղել ապահովագրության հետ միասին, այսինքն՝ կապել ապահովագրական գործակալությունների հետ եւ խնդրին ամբողջական լուծում տալ, միեւնույն ժամանակ, սա հապճեպ ընդունվող որոշում չի կարող լինել։ Հիմա մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, գնահատվում են նաեւ հնարավոր ռիսկերը։ Կարծում եմ՝ առաջիկայում կունենանք ամբողջական պատկերացում՝ եւ՛ խորհրդարանին, եւ՛ հանրությանը ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար, խնդրեմ։

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Բայց այնպիսի տպավորություն է, որ այստեղ բարձրացվող շատ հարցեր թողնում ենք ապագային, եւ չեք կարծո՞ւմ, որ իրապես տեխզննում չստանալու պատճառով են նաեւ այսքան ավտովթարները։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Տիկին Գրիգորյան, իսկ չեք կարծո՞ւմ, որ եթե այստեղ հնչող յուրաքանչյուր հարցի գերատեսչության ղեկավարն ունակ լիներ միանգամից լուծում տալ, ապա հավաքվելն անիմաստ կդառնար, մենք կհավաքվեինք, կլուծեինք։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բնականաբար, խորհրդարանական այս քննարկումը նրա համար է, որ դուք հարցը բարձրացնեք, մենք էլ ունենանք համապատասխան ընթացակարգով քննարկում, լուծում առաջարկենք։ Խնդիրները մեր երկրում բազմաթիվ են, ու 1,5 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը դրա պատճառով էր։ Իհարկե, մենք չենք կարող միանգամից բոլոր հարցերի լուծում տալ։ Այո, մենք պատրաստակամ ենք բոլոր հարցերը, բոլոր բարձրացված խնդիրները լսել, քննարկել, լուծում գտնել։ Սա է իմ պատասխանը։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հաջորդ հարցի համար՝ Գեւորգ Պապոյան՝ «Իմ քայլը» դաշինք։ Խնդրեմ։

Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ, իմ ձեռքի տակ կա ինձ ուղղված մի նամակ երկու տասնյակ քաղաքացիների կողմից, ովքեր խնդրեցին նաեւ. որ հենց էս ֆորմատով ես հարցը բարձրացնեմ։

Ուրեմն, Ֆիրդուսի 17 շենքի բնակիչներն են, 2007 թվականից իրենց թաղամասը համարվում է իրացման գոտի եւ, ըստ էության, այս մարդիկ, հանդիսանալով գույքի սեփականատեր, որեւէ կերպ չեն կարող, սահմանափակված են իրենց գույքն օգտագործելու հետ կապված գործողություններով, օրինակ՝ վաճառել եւ այլն։ Վերջին ամիսներին օտարող կազմակերպության ներկայացուցիչներ են եկել՝ «Կարս Քոնսթրաքշն», եւ բանավոր առաջարկել են գին, որի հետ քաղաքացիները համաձայն չեն, եւ նշել են, որ չհամաձայնելու դեպքում, ուղղակի, դատական կարգով նրանց, այսպես ասենք, այդ տարածքից կվռնդեն։

Քաղաքացիները նշում են, որ իրենց շենքերը քարե շենքեր են, այսպես ասած, ստալինյան կոչված շենքերն են եւ պահանջում են, այստեղ գին էլ են նշել, գտնվում է Ֆիրդուսի թաղամասում, պահանջում են 2500 դոլարին համարժեք դրամ, ես չգիտեմ՝ ինչքան են իրենք առաջարկել, եւ խնդրում են, թե Կառավարությունն այս հարցում, նման հարցերում ինչպիսի՞ դիրքորոշում ունի։ Իրենց մոտ այս հարցն առաջացել էր վերջին հանրային քննարկումից ԱԺ-ում, որ տեղի էր ունեցել։ Նրանք հույս ունեն եւ վստահ են, որ այս Կառավարությունը եւ այս ԱԺ-ը, այսպես ասած, իրենց չի արժանացնի Հյուսիսային պողոտայի, Կասկադի եւ Բյուզանդի բնակիչների ճակատագրին։ Իհարկե, իրենք էլ են վստահ, ես էլ եմ վստահ, ուղղակի, նաեւ այս հարցի շուրջ կխնդրեի ձեր պարզաբանումը։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ, պրն վարչապետ։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում, այդ պարզ է, բայց պիտի անկեղծ ձեզ ասեմ, որ այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ավինյանը, որը հիմա այցով գտնվում է Վրաստանում։ Այդ նամակը փոխանցեք, մենք համապատասխան ընթացք կտանք, բայց քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն։ Ես հիմա չեմ ուզում բացարձակ հայտարարություններ անել, որովհետեւ այդ իրացման գոտու շրջանակներում, ինչքան գիտեմ, բավականին մեծ թվով բնակարաններ, տարածքներ արդեն իրացվել են։ Եվ եթե դուք զուտ վիճակագրորեն ուսումնասիրեք նախկինի համեմատ, կտեսնեք, որ գների էական եւ շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Եվ այս ընթացքում` վերջին 1,5 տարվա ընթացքում սա առաջին ահազանգն է, որ այդտեղ ինչ-որ բան էն չէ, եւ այդ հարցին մենք, անպայման, կանդրադառնանք։

Ուղղակի, ես, նաեւ առիթից օգտվելով, պրն Մարուքյանի հարցին պատասխանելիս չհասցրեցի երկու կարեւոր արձանագրում անել։ Ես ասացի, որ ավանդույթով եկել է, որ այդ կարգի որոշումները գաղտնիությամբ են արվում, եւ այդ ավանդույթը կախված է շատ կոնկրետ իրավական որոշման հետ։

Խնդիրն այն է, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության դիրքորոշման համաձայն՝ պարգեւավճարներն անձի անձնական տվյալ է։ Իհարկե, հիմա արդարադատության նախարարն ասում է, որ ինքն անձամբ այդ դիրքորոշման հետ համաձայն չէ, բայց, քանի որ իրավական այդ որոշումները կան, մենք որոշումներ կայացնելիս պետք է իրավական որոշակի եղած շրջանակների մեջ մնանք, քանի դեռ այդ որոշումը չի փոխվել։

Բացի դա, ուզում եմ ասել, ձեր հարցում մի կարեւոր մաս էլ կա, որ աշխատանքային խումբ է ձեւավորվել Կառավարությունում, որը հանրային ծառայության եւ, ընդհանրապես, քաղաքացիական ծառայության ամբողջ համակարգը բարեփոխելու փաթեթ է պատրաստվում նաեւ այն պատճառով, որ մինչեւ հիմա եղած կարգավորումները, այս պահին եղած կարգավորումները շատ հաճախ չեն համապատասխանում այն պահանջներին եւ իրողություններին, եւ զարգացման հրամայականներին, որ գոյություն ունեն։ Սա, ուղղակի, նաեւ որպեսզի իմանաք, որ այդ ուղղությամբ նույնպես աշխատանք արվում է, եւ դա շատ ծավալուն աշխատանք է իրականում։ Ցավոք սրտի, դա շատ արագ հնարավոր չի լինի անել, բայց շատ ինտենսիվ աշխատում է այդ խումբը։

Պրն Պապոյան, ձեր հարցի կապակցությամբ արդեն ասացի, եթե արձագանքում եք...

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Խնդրեմ, պրն Պապոյան, արձագանքեք։

Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ պատասխանի համար։ Իհարկե, բացարձակ, եւ քաղաքացիների մոտ այդպիսի կասկած չկա, պարզապես, քաղաքացիներն ուզեցան, այսպես ասած, հանրայնացնել, որպեսզի նաեւ այն ընկերությունները, որոնք զբաղվում են այդ գործընթացով, իրենք եւս որոշակի զգոնություն պահպանեն։ Քաղաքացիներն իրենք համաձայն են այդ տարածքում ապրել կամ, եթե վերակառուցվելու է որեւէ կերպ, համարժեք մակերես ստանալ։ Այսինքն՝ իրենք բոլոր տարբերակներին համաձայն են, պարզապես նշում են, որ այսօր գործող շուկայական գնին համապատասխան գին լինի։ Ես հասկանում եմ, որ վերջին 1,5 տարում Հայաստանում անշարժ գույքի գներն էական աճ են արձանագրել, միգուցե, այս աճի արդյունքում իրենք էլ են ցանկանում համապատասխան փոփոխություններ, որովհետեւ ես իրենց հետ խոսելիս այդպիսի տպավորություն ստացել եմ։ Այնուամենայնիվ, վստահ ենք, որ ուշադրության կենտրոնում կլինի, եւ ես սա կուղարկեմ նաեւ պրն Ավինյանին, որպեսզի նաեւ իր անմիջական հսկողության տակ լինի։ Շնորհակալ եմ պատասխանի համար։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պրն Պապոյան, գիտե՞ք` ես ինչու շատ հստակ պատասխան չեմ ուզում տալ ձեր հարցին, որովհետեւ չգիտեմ՝ էդ ի՞նչ տարածք է եւ դա իրականում ի՞նչ արժի, որովհետեւ, գիտեք, միշտ գնողն ուզում է գնել հնարավորինս էժան, վաճառողն ուզում է վաճառել հնարավորինս թանկ։ Ես կարող եմ մի բան ասել. քաղաքական շեշտադրումն այն էր, որ Հյուսիսային պողոտա եւ այլն, այդպիսի մոտեցումներ, բնականաբար, չեն լինի, բայց օրենսդրական դաշտի պայմաններում եւ տրամաբանության սահմաններում պետք է լինեն լուծումներ, որոնք ընդունելի լինեն բոլորի կողմից։ Հիմա. գիտեք ինչ, շատ դեպքերում մենք այսօր ուրիշ դեպքեր էլ ունենք, երբ քաղաքացիներն այլ, ոչ էդ կարգի, օրինակ՝ մի տեղ որեւէ խոշոր ներդրում է արվում եւ այդ խոշոր ներդրման կողքին 10 քմ հող կա, որը, կամ 10 քառակուսի կամ 20 քմ տնակ կա, ասում է՝ իմ տունն է, ես վաճառում եմ, ենթադրենք՝ 3 մլն դոլարով։ Սկզբունքորեն՝ հա, բայց էնքան էլ չէ, էլի։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն վարչապետ։

Հաջորդ հարցի համար՝ Արթուր Դավթյան, «Իմ քայլը» դաշինք։ Խնդրեմ, պրն Դավթյան։

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարության ներկայացուցիչներ, իմ հարցը, ճիշտ է, մասնավոր է, բայց ենթադրում եմ, որ նման խնդիրներ շատ կլինեն։

Դիմել է մի քաղաքացի, որը բնակվում է Երեւանում, Մաշտոցի 48 շենքում, վերջին հարկում է իր բնակարանը։ Ամբողջ շենքի վերջին հարկի բնակիչները կառուցել են վերնահարկ վերջին հարկում, միայն իր հատվածն է, որ բաց է մնացել։ Դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար, ստացել է մերժում՝ պատճառաբանելով, որ այդ շենքը հանդիսանում է, ներառված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում եւ հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան։ Անձը գտնում է, որ եւ՛ շենքի տեսքն է դրանով վատանում, որ գեղեցիկ չէ շենքի տեսքը, որ մի հատվածը կառուցված չէ, եւ՛ ամբողջ տանիքը կառուցված է, ինչպես նաեւ արդարության վերականգնմանն է միտված իր խնդրանքը։ Սա է հարցը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ, պրն Պապիկյան։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Դավթյան։ Հարցն իրականում Երեւանի քաղաքապետարանի իրավասության տիրույթում է։ Ես հարցին ծանոթ չեմ, բայց պատասխանեմ հետեւյալ կերպ. նախ՝ քաղաքապետարանի գործընկերների հետ խոսակցություն կունենամ՝ հասկանալու համար՝ ինչ խնդիր է, բայց նաեւ կռահում եմ, թե ինչպիսին կարող է լինել խնդիրը։

Տարիներ շարունակ շենքերի վերին հարկի գլխամասի հատվածը տրամադրվել է իբրեւ նոր բնակտարածք, ինչը նորմալ չէ, եւ հիմա քաղաքապետարանն իր իրավասության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մերժում է՝ հաշվի առնելով նաեւ այդ շենքի նշանակությունը։ Ուղղակի, այստեղ արդարացիության հարց է առաջանում. իսկ արդյո՞ք արդար է, որ մյուսները կառուցել են։ Սխալ քայլ է կատարվել, հիմա մենք իներցիայով շարունակե՞նք սխալը, թե՞ փորձենք ուղղել քաղաքի մեջքը։ Սա է հարցը։

Գուցե, իմ պատասխանը հարցով է, բայց միեւնույն ժամանակ հետեւյալն է. հիմա մենք տուրք տանք նրան, որ նախկինում արվել են սխալներ ու թույլ տանք նոր սխալնե՞ր, թե՞ փորձենք դրանք շտկել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք։ Նենց հարց տվեցիք, պրն Պապիկյան, չի արձագանքում։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Որովհետեւ պատասխանը միանշանակ է։ Սա Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններին է վերաբերում, խնդիրը համատարած է։ Այսինքն՝ մի կողմից համայնքապետարանը կանգնած է խնդրի առաջ՝ արդյո՞ք քանդի մարդկանց ժամանակին կառուցած բնակելի նոր ֆոնդը, մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք պիտի ապօրինի նոր շինթույլտվություններ տա։ Իհարկե, չպիտի տա։ Մյուս մասը քննարկելի է, պիտի հասկանանք՝ ի՞նչ կերպ, ո՞նց, որպեսզի դա ցավոտ չլինի քաղաքացիների համար։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար՝ Արմեն Փամբուխչյան։ Խնդրեմ։

Ա.ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

-Շնորհակալություն, բայց իմ հարցն արդեն հնչել է, ես հանում եմ հարցս։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան, խնդրեմ, պրն Խաչատրյան։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարգելի Կառավարություն, հարցս վերաբերում է գյուղական համայնքներում հասարակական տրանսպորտի բացակայությանը, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում՝ մասնավորապես, սակայն վստահ եմ, որ այդ խնդիրը գոյություն ունի ՀՀ բոլոր մարզերում։ Այսօր մի շարք համայնքներում իսպառ բացակայում է հասարակական տրանսպորտը եւ, բացի այն հանգամանքից, որ ճանապարհները գտնվում են շատ վատ վիճակում, սահմանափակվում է գյուղական համայնքի բնակիչների տեղաշարժը, ինչը նաեւ խաթարում է տնտեսական աշխուժությունն այդ համայնքներում։ Ուզում եմ իմանալ՝ այս ուղղությամբ արդյո՞ք առկա են ծրագրեր` այս խնդիրը լուծելու համար, եւ, մոտավորապես, ի՞նչ ժամանակահատված է նախատեսված այս ծրագրերն իրագործելու համար։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, խնդրեմ, պրն Պապիկյան։

Գ.ՊԱՊԻԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի խորհրդարան, սա այն հարցերից է, երբ կապ չունի՝ հարց տվողն իշխանակա՞ն ֆրակցիայից է, թե՞ ընդդիմությունից։ Ես պիտի համաձայնվեմ, որ այո, այդ խնդիրը կա, եւ մենք պատրաստվում ենք դա լուծել։

Ձեզ էլ եմ նույն կերպ պատասխանում՝ այո, համատարած է, որ համայնքներում, ընդ որում, համայնքների մեծ մասում, հեռավոր համայնքներում այսօր տրանսպորտ չի մտնում։ Սա մտահոգիչ է, ու նախկինում եղած կարգը, այսինքն` մրցութային հիմունքներով ունենալ որեւէ ընկերություն, որ կսպասարկի այդ գյուղերը, հնարավոր չէ, որովհետեւ, պարզապես, այդ ընկերությունները ցանկություն չունեն մասնակցել այդ մրցույթներին, որովհետեւ շահավետ չէ։ Այսինքն` կարող է պատահել, որ 1 օրվա ընթացքում 2 քաղաքացի ցանկություն հայտնի գնալ այդ հեռավոր գյուղ։ Ծախսը եւ տված արդյունքն անհամեմատելի են։

Տվյալ պարագայում մենք հետեւյալ լուծմանն ենք հանգել, հիմա քննարկումների փուլում ենք, շուտով խոշորացված համայնքների ներկայացուցիչների հետ կունենանք քննարկումներ, արդեն մարզերում դա տեղի է ունեցել, հետեւյալ լուծումն ենք առաջարկում. տարածքային կառավարման նախարարությունը տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով խոշորացված համայնքների մի մասին, ովքեր այդ ցանկությունն ունեցել են, տրամադրել է տրանսպորտային միջոցներ եւ այդ համայնքներից մի քանիսը կարողանում են իրականացնել ներհամայնքային սպասարկումը։ Հիմա, իդեան հետեւյալն է. հաշվել ենք, մոտավորապես անհրաժեշտ է 500 մլն դրամ արժողությամբ ծախս կատարել, գնել նոր ավտոբուսներ, տրամադրել խոշորացված համայնքներին, այլ համայնքներում սա պարզապես այս փուլում իրականացնել հնարավոր չէ, խոշորացված համայնքում հնարավոր է։ Համայնքը ստեղծում է իր համար ընկերություն, որը սպասարկում է ներհամայնքային ուղեւորափոխադրումները, նրանց բերում է նախկին Խորհրդային Միության ժամանակ առկա ու այսօր էլ սպասարկման կենտրոններ համարվող շրջանային կենտրոններ, որտեղից հիմնականում կատարվում է հիմնական ուղեւորահոսքը դեպի մայրաքաղաք եւ մարզկենտրոններ։ Այսինքն` համայնքն էդ մարդկանց օրը  երկու անգամ բերում է կենտրոն ու տանում հեռավոր համայնքներ, իսկ արդեն մրցույթով հաղթած ընկերությունները նրանց տեղափոխում են մարզկենտրոն եւ մայրաքաղաք։ Լուծումը հետեւյալն է. ուղղակի, սրա տնտեսական մասը պիտի քննարկենք, եթե կունենանք նոր գործընկեր գերատեսչության եւ նաեւ մյուսների հավանությունը, խնդրին լուծում կտանք։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք... խնդրեմ։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալ եմ պատասխանի համար։ Լսելով ձեր պատասխանը` կարծում եմ, որ ամենագործուն ծրագիրը դա կարող է լինել, որովհետեւ, եթե թողնենք մասնավորին եւ շահույթին, դա չի կարող գործել, ինչպես չի գործել առայսօր։

Գ.ՊԱՊԻԿՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Հրանտ Այվազյան՝ «Լուսավոր Հայաստան», խնդրեմ։

Հ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարություն, Լոռու մարզի մի շարք համայնքների ֆերմերներ հայտնվել են անելանելի վիճակում։ Գյուղնախարարության փակվելուց հետո մտավախություն ունեն, որ իրենց խնդիրներով առաջիկայում չեն զբաղվի եւ իրենք կմնան իրենց խնդիրների հետ միասին միայնակ։ Լոռու մարզի մի շարք ցանքատարածքներում կարտոֆիլի բերքը ժամանակից շուտ փչանում է անհասկանալի պատճառներով, սակայն գյուղացիները մշակում են նույն մեթոդներով եւ նույն պարարտանյութերով։ Գյուղացիներն ունեն իրացման խնդիր, միեւնույն ժամանակ ունեն վարկեր, որոնք չեն կարողանում վճարել։ Նմանատիպ խնդիրներ կան տարբեր մարզերում, օրինակ՝ Արագած գյուղում բերքի փչացման պատճառներից են հանդիսանում Գեղարոտ գետի վրա գործող ՀԷԿ-երը, քանի որ ապացուցված է, որ ՀԷԿ-երի շահագործումը վատթարացնում է ջրի որակը, որով ոռոգվում են հարակից համայնքների ցանքատարածությունները։ Ի դեպ, ՀԷԿ-երի կասեցման որոշումը կայացված է, սակայն մինչ օրս գործում են՝ շարունակելով աղետալի ազդեցություն ունենալ գետի վրա։

Հարգելի Կառավարություն, ի՞նչ է արվում ոչ գյուղացիների մեղքով առաջացած այս եւ նմանատիպ խնդիրների լուծման համար, եւ առաջիկայում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գյուղացիներին նման անցանկալի իրավիճակներից զերծ պահելու համար։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Խնդրեմ, պրն Խաչատրյան։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, շնորհակալություն հարցի համար, վստահեցնում եմ, որ գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների միավորումից հետո ֆունկցիոնալ առումով որեւէ բան չի փոխվել։ Այն կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք պատասխանատու էին մարզերում, գյուղական համայնքներում առաջացող խնդիրները հասկանալու եւ դրանց առնչությամբ համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ, շարունակում են գործել նույն կազմով եւ, եթե կա մարզերի որեւէ համայնքում առաջացած խնդիր, եւ այն չի գտնվում բույսերի հիվանդությունների դեմ պայքարի պետական աջակցության ծրագրերի ընդհանուր շրջանակում, մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք դրանք հասկանալ եւ համապատասխան լուծումներ գտնել` կամ աջակցելու միջոցներ ձեռնարկելու եղանակով, կամ, առնվազն, հուշելով, թե նման դեպքում ինչ կարելի է անել։ Բայց էդ դեպքում մենք պետք է ունենանք կոնկրետ ձեւակերպված խնդիր։ Եվ ես խնդրում եմ, որ մանրամասները, որ դուք հնչեցրեցիք, փոխանցեք մեզ գրավոր։

Այն հարցի առնչությամբ, որ առանձին ՀԷԿ-երի գործունեության արդյունքում կարող են գյուղացիական տնտեսությունները, ֆերմերային տնտեսությունները տուժել, քանի որ ընդհանրական է հարցը, նաեւ ես կարող եմ հորդորել, որ բոլոր այն դեպքերում, որտեղ համայնքային մեր գյուղացիական տնտեսությունները, ֆերմերային տնտեսությունները գտնում են, որ որեւէ ՀԷԿ-ի ոչ բնականոն գործունեության արդյունքում վնասվել են իրենց շահերը եւ առաջացրել են կոնկրետ հետեւանքներ, ապա իրավասու են սահմանված ընդհանուր կարգով դիմել դատարան եւ ստանալ կամ պահանջել վնասի հատուցում։

Ես կոչ եմ անում, որ նորից նման բոլոր դեպքերն անհետեւանք չթողնվեն, դրանք արձանագրվեն սահմանված կարգով եւ տրվի համապատասխան ընթացք։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար՝ խնդրեմ, պրն Այվազյան։

Հ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Օրինակ՝ այս պահին Գեղարոտ գետի վրա գործող ՀԷԿ-երի կասեցման որոշումը կայացված է, բայց, ինչքանով տեղյակ եմ, դատական պրոցես է գնում, կարող է դա երկարել, ասենք՝ 5 տարի, որից հետո նոր դադարեցվի։

Հիմի էդ վնասը, որ կրում են գյուղացիները, դա պետք է փոխհատուցվի՞, պետք է հաշվարկվի՞, հիմիկվանից հաշվարկվո՞ւմ է կամ, ենթադրենք, ասենք՝ ներմուծվել են պարարտանյութեր, որոնք չպետք է ներմուծվեին, որոնց հետ եկել են հիվանդություններ, մարդիկ տեղյակ չեն եղել, օգտագործել են, պարզվի, որ դրա պատճառն այս կամ այն կառույցն է, որի հետեւանքով գյուղացիները տուժել են։ Էդ դեպքում պետք է էդ կառույցները շարունակեն պարգեւավճարնե՞ր ստանալ, թե՞ ինչ-որ ձեւով պետք է փոխհատուցվի կամ ո՞նց է լինելու։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Քանի որ շատ ընդհանուր դիտարկում եք անում, պրն Այվազյան, ես չեմ կարող ուղիղ պատասխանել, տեսեք՝ դուք ենթադրություն եք անում, ասում եք՝ եթե պարզվի, որ դա ինչ-որ մեկի անգործության կամ գործողությունների հետեւանք է։ Եթե պարզվի, որ դա ինչ-որ մեկի, կոնկրետ գյուղատնտեսության ոլորտի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կամ անգործության հետեւանք է, իհարկե, պետք է լինեն պատասխանատուներ, անկախ նրանից՝ նրանք պարգեւավճարներ ստանում են, թե չեն ստանում։ Բայց մենք կարող ենք նման դեպքերի մասին խոսել միայն կոնկրետ փաստերով։

Էդ պատճառով է, որ ես խնդրում եմ, որ փաստերով դիմեք, ես իմ կողմից այս բարձր ամբիոնից վստահեցնում եմ հետեւողական լինել եւ բոլոր դեպքերում մինչեւ վերջ գնալ։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար՝ Արման Բաբաջանյան։ Խնդրեմ, պրն Բաբաջանյան։

Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարություն, հարցս պրն վարչապետին է. պրն վարչապետ, հայտնի է, որ վերջին առնվազն 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությանը հասցվել է անդառնալի վնաս մի քանի ընտանիքների, մի քանի սեփականատերերի, նախկին օլիգարխների կողմից, քանիցս այստեղ առիթ ունեցել ենք բարձրացնել նրանց վերաբերող հարցեր, եւ մենք հասկանում ենք, որ վնասի մասշտաբներն ու համակարգային բնույթն այնքան մեծ են, որ նույնիսկ ազատ մրցակցային պայմանները եւ մենաշնորհների վերացումը բավարար չեն, որպեսզի մեր տնտեսությունն այսօր այս վիճակից մենք կարողանանք դուրս բերել եւ այն, փաստորեն, շարունակում է մնալ անկողնային հիվանդի վիճակում։

Նախ՝ կուզեի իմանալ, թե ինչպե՞ս եք ծրագրում դեռեւս տնտեսվարող տարբեր սուբյեկտների հետ, նախկինից մնացած խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցությունը տնտեսության մեջ ենթակառուցվածքների, ենթակառուցվածքային ներդրումներ անելու իմաստով, արդյո՞ք Կառավարությունը ծրագրում է նրանց հետ այդպիսի գաղափարներ քննարկել, առհասարակ, որովհետեւ մինչեւ վերջերս մենք խոսում էինք հատվածական լուծումների մասին։ Դուք ասում էիք, որ այն, ինչ մինչեւ հիմա եղել է, ԱԱծ-ի կողմից հայտնաբերվել է եւ այլն, դա վերջնական չէ։

Ես կուզեի, որպեսզի հարցիս նպատակը դիտարկվեր ոչ թե առանձին ծրագրերի անվանումների տեսանկյունից, որ դուք հնչեցնեիք, այլ արդյո՞ք կա մի տեսլական, որն ընդգրկում է 5, 10, 15 տարվա կտրվածքով, որպեսզի, ընդհանրապես, նախկին օլիգարխների խումբը կարողանա մի էսպիսի գումարային մեծ մասնակցությամբ իր աջակցությունը բերել, եւ դա ուղղորդված լինի ինչ-որ իմաստով, նաեւ գաղափարի իմաստով, Կառավարության կողմից՝ որպես ներդրում ենթակառուցվածքների մեջ, որովհետեւ առանց այդ ներդրումների, առանց այդ անհրաժեշտ ներդրումների մեզ դժվար կլինի, իսկապես, տնտեսությունը դուրս բերել այս վիճակից։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ, պրն Փաշինյան։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Բաբաջանյան։ Նախ՝ թույլ տվեք ասել, որ համաձայն չեմ ձեր այն բնորոշման հետ, եթե ճիշտ հասկացա բնորոշումը, որ մեր տնտեսությունն անկողնային հիվանդ է, որովհետեւ, առնվազն, հիմա մեր տնտեսությունը բավականին լավ դինամիկա է արձանագրում եւ, եթե այս դինամիկան մենք կարողանանք պահպանել, մեր տնտեսությունն ամուր կկանգնի իր ոտքերի վրա եւ առաջ կգնա։ Համենայն դեպս, մենք այդպիսի խնդիր ենք դրել։

Տեսեք ձեր ասածի համատեքստում՝ ենթակառուցվածքների ներդրում, մենք այս տարի, օրինակ՝ ճանապարհաշինական աննախադեպ ծավալի աշխատանք ենք կատարել, կատարում եւ մյուս տարի` առավել եւս։ Եվ ձեր նշածը, ինձ թվում է, մենք մի քիչ ընկալումների ռեժիմը պետք է փոխենք: Իմ հարցը հետեւյալն է. արդյո՞ք ընկերությունը, գործարարը, խոշոր գործարարն աշխատում է օրինական դաշտում եւ իր հարկային պարտավորությունները կատարում է։ Գիտեք, ես չեմ կարծում, թե մենք պետք է, ընդհանրապես, տնտեսությունը եւ տնտեսվարողներին անընդհատ պահենք էդպես կիսա- կամ լարված վիճակում, մենք շատ հստակ էս 1-5 տարվա ընթացքում ցույց ենք տվել, որ սեփականության անձեռնմխելիության իրավունքը պաշտպանում ենք հստակ եւ մեր խնդիրը, եթե հետեւել եք, քանի որ անընդհատ ասվում էր, որ այ, բիզնեսը չգիտի նոր կանոններ, ի՞նչ կանոններով պետք է աշխատի եւ այլն, ես արդեն մի քանի անգամ էդ կանոնները հրապարակել եմ. առաջինը՝ մի գողացիր, երկրորդը՝ եղիր արդյունավետ, երրորդը՝ եղիր նորարար եւ չորրորդը՝ եղիր համագործակցող։

Եվ էսօր էլ էդ խոշոր ներդրումները, շատ խոշոր ներդրումներ տեղի են ունենում եւ տեղի են ունենալու, մենք պետք է բաժանենք դերերը՝ պետությունը, Կառավարությունը պետք է ենթակառուցվածքային ներդրումներ անի, չնայած, տեղ-տեղ նաեւ մասնավոր-պետություն համագործակցություն մեխանիզմը կարող է գործել։ Իսկ որ էս պահին մեր երկրի նկատմամբ կա որոշակի ներդրումային հետաքրքրություն, կարծում եմ` դրա մասին վկայում է նաեւ եվրոբոնդերի վաճառքի մեր ցուցանիշը եւ վերջերս, այսինքն` այսօր փոխվարչապետը վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարների հետ եւ կարծում եմ` այն հայտարարությունները, որ Արժույթի միջազգային հիմնադրամն անում է Հայաստանի տնտեսության կապակցությամբ, ցույց է տալիս, որ միջազգային վստահությունը մեր տնտեսության նկատմամբ օր-օրի մեծանում է։

Իհարկե, մենք մեկ շատ հայտնի պրոբլեմ պետք է կարողանանք որեւէ ձեւով լուծել, հանգուցալուծել, որից հետո, կարծում եմ` այլ հարց, մեծ հաշվով, չի մնա։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, խնդրեմ։

Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

-Պրն վարչապետ, խոսքն այսօր գործող տնտեսվարողների մասին չէ, մենք խոսում ենք նախկինի մասին, դուք էլ չեք հերքի, գուցե նաեւ այդ գործարարները չեն հերքի, որ տնտեսությանն իրենք իրերի բերմամբ հասցվել են անդառնալի վնաս եւ իրենք ինչ-որ իմաստով պետք է մասնակցեն նաեւ երկրի ենթակառուցվածքային այնպիսի ներդրումներին, որոնք երկրին երկարաժամկետ կայուն զարգացում կապահովեն, սրա մասին է խոսքը։

Իսկ ինչ վերաբերում է կայուն տնտեսական աճին՝ այո, ես չեմ հերքում, բայց, օրինակ՝ ՊԵԿ ղեկավարն իր վերջին ասուլիսում իրեն ապահովագրում էր, որ, օրինակ՝ մենք նույն հավաքագրումների ծավալը, ինչ կարողացել ենք 2019 թվականին ապահովել, չենք կարողանա, գուցե, 2020-ին ապահովել։ Էս իմաստով` կարծում եմ, որ անելիքներ կան։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Ինձ թվում է` դուք ՊԵԿ նախագահին սխալ եք հասկացել, որովհետեւ 2019 թվականի բյուջեի նախագծով մենք 25%-ով 2017-ի նկատմամբ, գուցե, այսինքն` մենք արդեն բյուջեի եկամտային մասն էական ավելացրել ենք, գուցե, պրն Անանյանը նկատի է ունեցել գերակատարման ծավալը, բայց մենք էդ գերակատարման ծավալը հաշվի առնելով` արդեն 2020 թվականի բյուջեն ձեւավորել ենք։

Ինչ վերաբերում է գործարարին, էստեղ, տեսեք, վարքագծի հարց կա եւ էդ հարցն էդքան էլ պարզ հարց չէ, որովհետեւ կա ընկերություն, որն ակնհայտ կոռուպցիոն մեխանիզմներով գործունեություն է ծավալել եւ նրա նկատմամբ կա քրեական գործ հարուցված։ Բայց էսօր մեր տնտեսագետները նաեւ ասում են, որ եթե հանկարծ ընկերությունը սնանկանա, դա մեր տնտեսության համար կբերի նեգատիվ հետեւանքներ։ Էնպես որ, ձեր ասածը ես հասկանում եմ, իմ դիրքորոշումը հետեւյալն է. թող աշխատեն, շատ հարկեր վճարեն, ենթակառուցվածքային ներդրումները Կառավարությունը կանի, էդտեղ պրոբլեմ չէ։ Մեր խնդիրն է, ինչպես նախկինում ասել եմ, դա վերաբերվում է բոլորին, հարստացեք եւ հարստացրեք, եւ մեր խնդիրն է նաեւ, որ փոքր բիզնեսը դառնա միջին բիզնես, միջինը` խոշոր բիզնես, եւ ես չէի ուզենա, որ մենք խտրականություն դնենք էն գործարարների նկատմամբ, ովքեր գործում են օրինական դաշտում։ Ովքեր օրինական դաշտում չեն գործում, նրանք պետք է գան օրինական դաշտ եւ պետք է նոր կանոնների շրջանակներում աշխատեն։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հերիքնազ Տիգրանյան... Հանո՞ւմ եք հարցը։ Արթուր Մանուկյան՝ «Իմ քայլը» դաշինք։ Խնդրեմ։

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան գործընկերներ, հարգարժան Կառավարություն, արդեն տարիներ շարունակ մասնագետները, փորձագետները պնդում են, որ ՀՀ զինանշանի վրա կան բազմաթիվ սխալներ, երեկ ես այդ մասին խոսեցի։ Ես ուզում եմ հասկանալ՝ մեր Կառավարությունը, մենք ինչ-որ բան էս առումով ձեռնարկելո՞ւ ենք, թե՞ չէ։ Կարող է թվալ, որ սա աշխարհի ամենակարեւոր հարցը չէ, բայց սենց մի խոսք կա. ինչպես նավը կկոչես, այնպես էլ կլողա։ Հիմա մեր նավակի վրա, կարծես թե, սխալներ կան, ես կխնդրեի, որ էս հարցով զբաղվի Կառավարությունը։

Եվ երկրորդ հարցն արագ-արագ կարդամ, ինձ «Ուսում» դպրոցի աշակերտ Արամ Գրիգորյանն է փոխանցել, որ ես փոխանցեմ։ Ուրեմն, գրքերի ծավալը թեթեւացնելու նպատակով բավականին սխալներ կան, մասնավորապես, ինքը նշեց ռազմագիտության գրքի մեջ, որտեղ հղումներն առաջին գրքից են, երկրորդ գրքից են, մի խոսքով՝ խառնաշփոթ կա։ Ես կուզեի` նաեւ սրա վրա ուշադրություն դարձնեիք։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի նախարար Արայիկ Հարությունյանը։ Խնդրեմ, պրն Հարությունյան։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պրն Մանուկյան, առաջին հարցի հետ կապված ասեմ, որ նախ՝ թե՛ նախարարությունը, թե՛ Կառավարությունը նույնպես բազմաթիվ հարցադրումներ է ստացել եւ դիտարկումներ` զինանշանի հետ կապված, եւ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ իմ գլխավորությամբ, որը բոլոր էդ հարցերը բարձրացնող մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի էդ հարցը, եւ զինանշանի հետ կապված էդ շտկումները կիրականացվեն էն առաջարկների շրջանակում, որի շուրջ համաձայնության կգա աշխատանքային խումբը։

Երկրորդ հարցի հետ կապված՝ առաջին անգամ է նման հարց բարձրացվում սեպտեմբերից ի վեր, մենք, անպայման, կուսումնասիրենք էդ հարցը եւ շտկումները կանենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար՝ խնդրեմ... Արձագանք չկա, շնորհակալություն, պրն նախարար։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Նազելի Բաղդասարյան, խնդրեմ, հաջորդ հարցի համար։

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի Կառավարության անդամներ, ինչպես տեղյակ եք, նախօրեից Գյումրու լոկոմատիվ դեպոյում մեքենավարները գործադուլ են իրականացնում, եւ այսօր այն շարունակվել է, Երեւան-Գյումրի-Երեւան գնացքը չի շահագործվել։ Գիտեմ, որ խնդրին ծանոթ են Կառավարության անդամները, բայց հարցս ուղղում եմ պրն Փաշինյանին։

Պրն Փաշինյան, ընդամենը 2 շաբաթ առաջ դուք հանդիպեցիք Ռուսաստանի երկաթուղիների տնօրենի հետ՝ Օլեգ Բելոզյորովի հետ, արդյո՞ք Հարավկովկասյան երկաթուղիների հարցի քննարկման տիրույթում նաեւ աշխատավարձների բարձրացման հետ կապված հարցը քննարկվել է, որովհետեւ, եթե հիշում եք, 1 տարի առաջ այս հարցը եւ այս խնդիրը կրկին առկա էր։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ, պրն Պապիկյան։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Տիկին Բաղդասարյան, եթե տեղյակ եք, քանի որ խնդրին մանրամասն ծանոթ եք, երեկ ուշ երեկոյան տեղում մեքենավարների հետ հանդիպում է ունեցել տրանսպորտի գծով իմ տեղակալը, իհարկե, խնդիրը Հարավկովկասյան երկաթուղու եւ աշխատողների միջեւ է, սակայն, բնականաբար, մենք չենք կարող նայել, թե ինչ է կատարվում ու ինչքան կտեւի այդ գործադուլը։

Մենք, բնականաբար, խնդրի կարգավորմանն աջակցում ենք, բայց միեւնույն ժամանակ պիտի նշեմ, որ սա պիտի կարգավորվի երկուսի փոխհամաձայնությամբ։ Չի կարող լինել էնպես, որ մեկ կողմի պահանջը մեր կողմից համարվի լուծվող խնդիր, իսկ մյուսին ասենք` գիտեք, դուք պարտավոր եք վճարել։ Մենք պիտի գանք ընդհանուր եզրահանգման, հիմա քննարկումները տեղի են ուենում, այս պահին էլ այնտեղ ակտիվ քննարկում են տեղերում։ Պարզապես, քանի որ այն  ցանցային բնույթ է կրում, այսինքն` ոչ միայն Գյումրիում, այլեւ Ալավերդիում է, հիմա էս պահին կարող եմ նշել, որ պարզապես, խնդիրը դեռեւս լուծված չէ, բայց մեր ուշադրության կենտրոնում է։ Ես վաղը պատրաստվում եմ հանդիպել գործադուլավորների հետ, արդեն խնդրել եմ, որպեսզի մի խումբ գա Երեւան, հանդիպենք, քննարկենք։

Միեւնույն ժամանակ կարող եմ ասել, որ Հարավկովկասյան երկաթուղու գործընկերները պատրաստակամություն են հայտնել 10%-ով բարձրացնել աշխատավարձը։ Հիմա պիտի քննարկենք աշխատողների հետ, հասկանանք՝ ինչ լուծում կարող ենք գտնել։

Ինչ վերաբերում է, ընդհանուր, Հարավկովկասյան երկաթուղու խնդիրներին, ես նոյեմբերի 6-ին մեկնելու եմ Մոսկվա, հանդիպում եմ ունենալու պրն Բելոզյորովի հետ, քննարկելու ենք Հարավկովկասյան երկաթուղու զարգացման մի շարք ուղղություններ, նաեւ ֆինանսական ներդրումների, ապագայի համար նախատեսված ներդրումերի մի հատվածն առաջիկա 4-5 տարիների ընթացքում ներդնելու հարցը, բազմաթիվ այլ հարցեր, որի մասին հիմա, ուղղակի, քանի դեռ քննարկումը չի եղել, չեմ կարող ավելի մանրամասն ասել։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար խնդրում եմ միացրեք պատգամավորի բարձրախոսը։

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Պապիկյան, տեղյակ եմ, որ նախօրեին ձեր տեղակալը եղել է քաղաքում, բայց ես հարց տալուց առաջ, քիչ առաջ կրկին կապվեցի աշխատակիցների հետ, քանի որ, գիտեք, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, հասկանում եմ, որ մինչ այժմ որեւէ կոմպրոմիսային տարբերակ չի գտնվել։ Բայց շնորհակալ եմ, որ հետեւողական եք եւ խնդիրը պահում եք ձեր դիտակետում։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Չէ, ես անընդհատ կապի մեջ եմ, ուղղակի, հարցը բավականին զգայուն է, պետք է երկու կողմերին բերենք ընդհանուր հայտարարի, որովհետեւ մեր քաղաքացիների պահանջն ու յուրաքանչյուր աշխատողի պահանջ աշխատավարձը բարձրացնելու մասով կարող է լինել օբյեկտիվ, բայց միեւնույն ժամանակ նաեւ դրա բարձրացումն անհնարին լինելը նույնպես կարող է լինել օբյեկտիվ։ Մենք պետք է, ուղղակի, ոսկե միջինը գտնենք, հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Արսեն Ջուլֆալակյան՝ «Իմ քայլը» դաշինք։ Խնդրեմ։

Ա.ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարություն, հարցս ուղղված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։ Տիկին Բաթոյան, ձեռքիս տակ է Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի` սոցիալական փաթեթների հատկացման մասին որոշումը։ Դրա դրույթների մեջ հստակ նշված է, թե ովքեր, որ կառույցները են կարող օգտվել սոցիալական փաթեթների տրամադրած ծառայություններից։ Մասնավորապես, նշված է՝ ՀՀ պետական մարմինները, ինչպես նաեւ՝ կրթության, մշակույթի, գիտության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունները։ Հետո էդ մասից հետո բացվածք է տրված` 33 անուն՝ հանրակրթական դպրոցներ, հատուկ հանրակրթական դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ, մշակույթի տներ, թատրոններ, մի խոսքով՝ ամենատարբեր բնագավառներից։

Հիմա հարցս, որն առաջարկի է նման. նպատակահարմար չե՞ք համարում էս վերնագրի մեջ՝ կրթության, գիտության, մշակույթի կողքին ավելացնել նաեւ սպորտը, քանի որ, բացարձակ, սպորտային ոչ մի կառույց չկա, ինչ-որ տեղ անարդարություն է ստացվում։ Եվ, բացի դրանից, նրանք եւս մանկավարժներ են, չէ՞ որ մանկավարժներին տրամադրվում է, իսկ սպորտի բնագավառում աշխատող մանկավարժները չեն ներառված, մինչեւ հասնենք պրն Թորոսյանի ասած՝ համընդհանուր բժշկական ապահովագրությանը։ Եվ, հաշվի առնելով 2020 թվականի մեր աննախադեպ բյուջեն, միգուցե, կարողանանք աննախադեպ որոշումով այս հարցը լուծել։

Ի դեպ, քանի ժամանակ ունեմ, ասեմ՝ հանձնաժողովի գործընկերներս կփաստեն, որ մարզաշխարհի կողմից ամենից հաճախ բարձրացվող հարցերի թվին է պատկանում սոցփաթեթների տրամադրման հարցը, եւ ինքս այս թեմայով մի քանի անգամ ելույթ եմ ունեցել։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Զարուհի Բաթոյանը։ Խնդրեմ։

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Ես նշեմ, որ սոցիալական փաթեթների մասով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը...

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Մի քիչ բարձր, տիկին Բաթոյան։

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական փաթեթների մասով հիմնականում բյուջեի գլխավոր կարգադրիչ է, այսինքն` հիմնականում հավաքագրում է այն ֆինանսավորումը, որը պետական կառույցները տրամադրում են եւ հետո բաշխում դրանք։ Բայց մինչ այսօր, մինչ օրս յուրաքանչյուր պետական կառույց ինքն է առաջարկել իր շահառուների համար այս փաթեթների ծավալները, նաեւ շահառուներին։

Իհարկե, դա իրականացվում է Կառավարությունում ընդհանուր քննարկումների միջոցով, Առաջարկը, բնականաբար, մենք կարող ենք քննարկել, բայց պիտի նշեմ, որ այս պահին, քանի որ նաեւ Կառավարությունում առողջապահական ապահովագրական ծրագրի քննարկում է ընթանում, նաեւ մենք մտածում ենք համընդհանուր քաղաքականության մասին, այս առաջարկը պիտի դիտարկենք հենց այս քաղաքականության շրջանակներում։ Առաջարկները, բնականաբար, նորից եմ ասում, քննարկելի են, բայց միտումն էսպիսին է. որպեսզի ոչ թե յուրաքանչյուր կառույց իր հերթին իր առաջարկն անի, այլ մենք ունենանք միասնական մոտեցում, որը, բնականաբար, շատ առանձին չի լինի կամ գուցե նաեւ արդեն կծածկի առողջապահական ապահովագրությունը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք, խնդրեմ։

Ա.ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցիս մեջ հենց դրա համար անդրադարձա պրն Թորոսյանի ասածին, եթե չեմ սխալվում, 2022-2023 թվերի մասին է էդ բժշկական համընդհանուր ապահովագրությունը։ Շնորհակալ եմ, որ քննարկեք, որովհետեւ մեծ թիվ չի կազմում, ընդամենը, 24 սպորտային պետական դպրոցների մասին է խոսքը։ Բայց քննարկեք, եթե նպատակահարմար կհամարեք, կխնդրեմ` դրական լուծում տաք։ Շնորհակալություն։

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Հասկանալի է, որ մեծ թիվ չի կազմում, բայց յուրաքանչյուր կառույց իր ներքին փոքր-փոքր թվերով կարող է էս առաջարկներն անել, ամեն դեպքում, մոտեցումը նշեցի, քննարկումների համար ուրախ կլինեմ։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար՝ Վահագն Թեւոսյան, նախապատրաստվի Սարգիս Խանդանյանը։ Խնդրեմ։

Վ.ԹԵՎՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Բարեւ ձեզ, Կառավարության հարգելի գործընկերներ, հարցիս հասցեատերը, թերեւս, նախարար Արայիկ Հարությունյանն է։ Պրն նախարար, քանի որ վերջերս հատուկ ուշադրության կենտրոնում է մասնագիտական կրթության ոլորտը եւ կրթության որակի բարձրացումը, աննկատ չմնացին էդ ոլորտի հետ կապ ունեցող մի կարեւոր կազմակերպության` էս պահի դրությամբ գոյություն ունեցող որոշակի բարդությունները, խնդիրները, էսպես ասեմ։

Խոսքը մասնագիտական կրթության եւ ուսուցման ԶԱԿ-ի մասին է, որ ԿԱԻ-ի լուծարումից հետո հայտնվել է ազգային կենտրոնի շենքային պայմանների հետ կապված խնդիրների մեջ, ինչպես նաեւ կենտրոնը, ենթադրվում է, որպես ժամանակավոր լուծում, ներգրավվել է մի հիմնադրամի կազմի մեջ, որպեսզի, երեւի, աշխատավարձային ընթացակարգերը կարգավորվեն, չնայած, կապ չունի էդ հիմնադրամի գործառույթների հետ, բայց նաեւ այդ դեպքում կենտրոնի աշխատակիցներն իրենց 2 ամսվա աշխատավարձը ստացել են էական ուշացումով։ Ես ենթադրում եմ, որ սրա համար կան օբյեկտիվ բացատրություններ, բայց, ամեն դեպքում, հետաքրքիր է՝ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը։ Խնդրեմ, պրն նախարար։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թեւոսյան։ ՄԿՈՒ ԶԱԿ-ի հետ կապված մի քանի հարցադրումներ արեցիք, նախ՝ աշխատավարձի հետ կապված, ես ինձ դրա մասին ահազանգել էր պրն Կարեն Սարուխանյանն անցած շաբաթ, երբ ես տեղեկանք խնդրեցի, այնտեղ պարզվեց, որ իրենք հաշվետվություն են տալիս, որից հետո որոշակի գործընթաց է լինում, որից հետո ստանում են աշխատավարձը։ Եվ ձգձգումները եղել էին` էդ հաշվետվությունները տալու եւ փոխանցելու հետ կապված։ Երկրորդը՝ շենքային պայմանների հետ կապված. իրավացիորեն նշեցիք, որ Կրթության ազգային ինստիտուտի փակվելուց հետո իրենք գտնվում էին էդ տարածքում եւ հիմա էլ են գտնվում, էնտեղ հիմա մի քիչ ավելի փոքր տարածք են զբաղեցնում, եւ ես ղեկավարի հետ խոսել եմ եւ կփորձենք առաջիկայում լուծումները գտնել, բայց դրանից աշխատանքը, որպես էդպիսին, չի տուժում։ Որպես լուծում գտել ենք, այո, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կազմում ընդգրկել ենք ՄԿՈՒ ԶԱԿ-ը, որպեսզի ֆինանսական հարցեր լուծվեն, բայց ուզում եմ ասել, որ էդ հիմնադրամն ընդլայնվում է, եւ ՄԿՈՒ ԶԱԿ-ը, ինչպես նաեւ՝ «Կայուն դպրոցական սնունդ»-ը եւ Կրթության ազգային ինստիտուտին փոխարինող ապագա հիմնարկը գտնվել են էդ հիմնադրամի կազմում, ավելի մեծ հիմնադրամ է լինելու, քանի որ մեր քաղաքականությունն այն է, որ մենք չունենանք բազմաթիվ հիմնադրամներ, մենք գնում ենք էդ միավորումների ճանապարհով, լինելու են հիմնարկներ, ՄԿՈՒ ԶԱԿ-ն էնտեղ է գործելու։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար՝ խնդրեմ։

Վ.ԹԵՎՈՍՅԱՆ

-Ես ենթադրում եմ, որ շենքային պայմանների հետ կապված կա ընդունման-հանձնման ինչ-որ խնդիր լուծարումից հետո եւ, բնականաբար, վստահ եմ, որ աշխատանքը դրանից չի տուժում, բայց ամեն դեպքում, կան էդ բարդությունները, որոնք էնտուզիազմի հաշվին են տեղի ունենում, չէ՞, ոնց որ թե, որովհետեւ էդ փոքր տարածքում բոլորն են արդյո՞ք տեղավորվում։ Ինձ ասում են, որ մարդիկ կան, որ տնից են նույնիսկ աշխատում։

Այսինքն, ո՞նց եք պատկերացնում՝ էդ հարցը ե՞րբ պիտի լուծվի, գոնե, առնվազն, տարածքային խնդրի հարցը։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Էդ հիմնադրամի կանոնադրության փոփոխության գործընթացն է հիմա գնում եւ ԿԱԻ-ի լուծարման գործընթացն է։ Առաջիկա ամիսն է, խնդիր է, չեմ կարող ասել կոնկրետ երբ կլինի, բայց տարածքային խնդիրները, այո, պետք է լուծենք, մի մասը տեղում է աշխատում, մի մասն այլ տեղում է աշխատում, բայց, ոնց որ թե, դրանից որակը չի ընկնում։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Խանդանյան, խնդրեմ։

Ս.ԽԱՆԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Կառավարության հարգելի անդամներ, վերջին օրերին որոշ թյուրըմբռնումներ կամ, գուցե, մտահոգություններ կան` կապված հատուկ հաստատությունների ճակատագրի շուրջ Կառավարության գործողությունների հետ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է գիշերօթիկների լուծարմանը եւ նաեւ ծերանոցների խնդրին։

Կխնդրեի հստակեցնել, թե ի՞նչ ճանապարհով է Կառավարությունն ընթանում, այս գործընթացն ի՞նչ ճանապարհով է ընթանում եւ ի՞նչ արդյունքներ են կանխատեսվում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Զարուհի Բաթոյանը։ Խնդրեմ, տիկին Բաթոյան։

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Տարեցների, տուն-ինտերնատի հետ կապված` խոսքը Գյումրիի տուն-ինտերնատի մասին է, այս դեպքում մենք խոսում ենք ծառայությունների պատվիրակման մասին, այսինքն` ծառայությունը բարելավելու, ավելի արդյունավետ դրանք կազմակերպելու: Թե՛ շենքային, թե՛ բոլոր մյուս պայմանները բարելավելու նպատակով այս տարի մենք ցանկություն ունենք ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպության, որը  նույն տեղում նույն բնակիչների, նույն շահառուների համար կկազմակերպի ծառայություններն ավելի լավ պայմաններով եւ ներգրավելով նաեւ մեր ներդրումները։ Այսինքն` նաեւ մենք հնարավորություն կունենանք հավելյալ աջակցություն ստանալ բարեգործական կազմակերպությունից։ Այս դեպքում աշխատակիցների դեպքում արդեն նշել ենք, որ պայմանագրի պայման է հանդիսանալու, որ առաջնահերթությունը տրվի տարեցների խնամքով էս պահին աշխատող անձանց, եւ խնդիրը նաեւ էս հարցով կլուծվի։ Այսինքն` էստեղ տարեց մարդկանց դուրս հանելու, նրանց որեւէ այլ տեղ տեղափոխելու կամ լուծարելու խնդիր չկա։

Ինչ վերաբերում է լուծարման պրոցեսին, դա, ընդամենը, իրավական կարգավորման միջոց է եւ, եթե որեւէ կազմակերպություն մեր բանակցությունների արդյունքում չհայտնվի, որին մենք կարողանանք պատվիրակել, ապա նույն ծառայությունը նույն կերպ մեր ՊՈԱԿ-ը կշարունակի մատուցել։ Այսինքն` էստեղ որեւէ արտառոց բան տեղի չի ունենալու, քան ծառայությունների պատվիրակում։

Ինչ վերաբերում է գիշերօթիկ հաստատություններին, ապա էս մասին եւս բազմիցս խոսել ենք։ Ես կուզեի էստեղ խոսել ոչ թե գիշերօթիկ հաստատությունների լուծարման, այլ երեխաներին ընտանիք վերադարձնելու եւ ընտանիքի հետ վերամիավորման մասին։ Եվ ինձ համար շատ զարմանալի է, որ էս ծրագիրը շատ քիչ աջակցություն է ստանում կամ խեղաթյուրվում է նույնիսկ շատ հաճախ հայտնի մարդկանց կողմից, որոշումներ կայացնողների կողմից եւ այլն։ Այսինքն` էս դեպքում մենք խոսում ենք երեխաների ընտանիքների կենցաղային պայմանները բարելավելու եւ նոր միայն նրանց ընտանիքներ վերադարձնելու մասին, որովհետեւ նույնիսկ լավագույն մանկատունը կամ գիշերօթիկը չի կարող փոխարինել թեկուզ մի փոքր դժվարության մեջ ապրող ընտանիքին։ Եվ էս դեպքում, բնականաբար, մենք առաջին հերթին պիտի ապահովենք էս պայմանները։ Ես նշեմ նաեւ, որ պայմանները, կարիքները գնահատվել են գործընկեր կազմակերպությունների կողմից եւ այդ կարիքներին համապատասխան պետք է ցուցաբերենք աջակցություն։ Հիմա, եթե դուք արձագանքեք, ես նաեւ կշարունակեմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք։

Ս.ԽԱՆԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Բաթոյան, պարզաբանման համար։ Եվ մի առաջարկ եւս. քանի որ այդ մտահոգությունները, այսպես ասած, հնչում են նաեւ ԱԺ ամբիոնից, ես կառաջարկեի նաեւ, գուցե, աշխատանքային քննարկման ֆորմատով մեր սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում կամ, գուցե, լսումների մակարդակով էդ հարցերը քննարկել, եւ շարունակեք, խնդրեմ։

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Մենք արդեն հանդիպում ենք նախատեսել մարդու իրավունքների գրասենյակի հետ եւ առաջիկայում՝ այս շաբաթ, գուցե, կամ հաջորդ շաբաթ կլինի, կհրավիրենք բոլոր խմբակցություններից պատգամավորների եւ կներկայացնենք ծրագիրը։

Ուզում եմ նշել, որ գիշերօթիկ հաստատությունում ապրող երեխաների 92%-ն ունեն կենսաբանական ընտանիքներ, եւ այս երեխաները գիշերօթիկներում են հայտնվել նույն սոցիալական խնդիրների պատճառով։ Եվ մենք արդեն ներգրավել ենք նաեւ մասնավոր սեկտորը եւ նման համագործակցությունը պիտի շարունակենք, որպեսզի էս պայմանները բարելավենք, եւ երեխաները վերադառնան ընտանիք։ Ավելին՝ 2020 թվականին մենք կրկնապատկելու ենք երեխաների համար տրամադրվող ցերեկային ծառայությունները պատվիրակման միջոցով, այսինքն` ավելի քան 30 համայնքներում կլինեն նաեւ ցերեկային ծառայություններ, որոնք կօգնեն, որ երեխաներն ապրեն իրենց ընտանիքում եւ հաճախեն իրենց համայնքի դպրոցները։ Էս դեպքում շատ կարեւոր է, իսկապես, ընտանիքին ուղղել աջակցությունը եւ ոչ թե էդ աջակցությունը նաեւ մասնավոր կամ բիզնես սեկտորից բերել ՊՈԱԿ-ներ, ուր արդեն գնում են պետական ռեսուրսները։ Շնորհակալ եմ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Տիգրան Ուրիխանյան, նախապատրաստվի Տարոն Սիմոնյանը։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Հարգարժան բարեկամներ, տիկնայք եւ պարոնայք, ես այսօր եկել եմ վճռական մտադրությամբ՝ գործնական աջակցություն ցուցաբերելու երկրի վարչապետին։ Եվ դա վերաբերում է այն խնդրին, որի շուրջ խոսել են տարբեր մարդիկ, խոսել ենք նաեւ մենք, այդ թվում՝ նախանցած հարց ու պատասխանի ժամանակ ունեցել ենք հարցադրում եւ պատասխան վարչապետի կողմից։ Այսօր ես ինձ հետ բերել եմ այստեղ մի փաստաթուղթ, որով օգնելու եմ ձեզ բացահայտել մի շատ վատ բան, որը տեղի է ունեցել եւ, կարծում եմ` տեղի է ունենում մեր երկրում։ Խնդիրը նորից ու նորից վերաբերում է 50 հազարից ավելի, այնուհետեւ՝ հիմա արդեն 60 հազարից ավելի բացահայտված, հայտնաբերված, ստվերից դուրս բերված աշխատատեղերին, որոնցից համապատասխանաբար՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» պիտի յուրաքանչյուր ամիս փոխանցվի այդքան հազարական դրամ, հետեւաբար՝ այդքան միլիոն, եւ, արդեն 1,5 տարի է` այդ գումարները հիմնադրամ չեն գալիս։

Անցած անգամ ես ձեզ հարցրեցի, հարգարժան պրն վարչապետ, հարցը, բնականաբար ձեզ է ուղղված, դուք ասացիք՝ չգիտեմ` դրանք ինչ թվեր են, ինձ մոտ կան թվեր, որ իրենք ինձ տալիս են պատկան պետական կառույցները։ Մոտ 10 օր առաջ հոգաբարձուների խորհրդի նիստում մենք, խորհրդի անդամների կազմը ծանոթացել ենք այս փաստաթղթին, սա է հաշվետվությունը, որտեղ 1 դրամ անգամ չկա։ Չկա ոչ միայն ձեր ասած եւ ձեզ ներկայացված չգիտեմ որ կառույցի կողմից, որին նկատի ունեիք, չկա ոչ միայն այն 300-ից ավելի մլն դրամը, որի մասին անցած անգամ դուք ասացիք, առավել եւս՝ չկա 600 քանի մլն դրամը եւ, ընդհանուր առմամբ, 1,5 տարվա կտրվածքով` մոտ 800 մլն դրամը։ Եկեք բացահայտենք էս խնդիրը եւ պատժենք մեղավորներին։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ, պրն վարչապետ։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը պաշտպանության նախարարն է, եւ ինքը տվել է տեղեկանք, ուղղակի, ես մեջբերեմ. 2019 թվականի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիմնադրամին ավելի է փոխանցվել 648,8 մլն դրամ, աճը՝ 12,6%, ամսական միջինը՝ 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանշային վճար վճարել։ Ընդհանուր՝ 5 մլրդ 140 միլիոնի փոխարեն փոխանցվել է 5 մլրդ 790 մլն դրամ։ Սա էն թիվն է, որը պաշտոնապես տրվել է։

Ես չգիտեմ` դուք` ինչ, էստեղ, ուղղակի, թերեւս, նախորդ անգամ էլ խոսեցինք, որ մի բան պետք է հաշվի առնենք. էս հազար դրամների վճարումները նախ՝ նույն ցիկլով չեն արվում, ես ճիշտ եմ, չէ՞, հիշում, նույն ցիկլով չեն արվում, ինչ որ հարկային վճարումները, եւ պետք է հետեւյալ տարբերությունը հաշվի առնել. ինչքան հասկանում ենք, դա, եթե սխալվում եմ, պարոնայք, պրն Տոնոյան, եթե սխալվում եմ, ինքը ոչ թե ուղիղ է գնում հիմնադրամ, այլ պետական եկամուտների կոմիտեի միջոցով։ Այսինքն` էստեղ պետք է հաշվի առնենք, որ ոչ թե էդ վճարումներն ուղիղ փոխանցվում են էդ հիմնադրամ, այլ մտնում են պետական եկամուտների կոմիտե եւ այնտեղից նոր գնում, հասնում են հիմնադրամ։

Եվ, հետեւաբար՝ էստեղ էս թվերի միջեւ կարող է որոշակի դիսոնանս լինել, արդեն մենք նախորդ անգամ, պրն Եղիազարյանն էդ հարցը բարձրացրել է, երբ բարձրացրեց հարցը, ես էդ պահին պատրաստ չէի էդ հարցին պատասխանել, մենք խոստացանք, որ գրավոր կպատասխանենք, եւ ես նախորդ անգամ էլ հարցրեցի՝ արդյո՞ք էն մեր պատասխանը, որ տվել էինք, բավարարեց, դուրս բերեց հարցը։ Բայց, այնուամենայնիվ, պրն Ուրիխանյան, քանի որ դուք շատ կարեւոր հարց եք բարձրացնում, եկեք, ի վերջո, մի հատ աշխատանքային կարգով նստենք, էդ թվերը, թղթերը դնենք, համեմատենք, դնենք կողք-կողքի, տեսնենք` որտեղ է պրոբլեմը եւ լուծենք։ Բնականաբար, սա էն թեման չէ, որը կարող է այլ բանավեճի տեղիք տալ, եւ, համաձայն եմ՝ պետք է հասկանանք, եթե ձեր մոտ շարունակում են հարցեր առաջանալ, դա ինձ արդեն սկսում է անհանգստացնել, եւ պետք է, իսկապես, էդ հարցի պատասխանը ստանալ։ Այնպես որ, եկեք աշխատանքային ֆորմատով, ես կհանձնարարեմ, որ աշխատանքային ֆորմատով էդ հարցը հասկանանք եւ ձեւակերպենք մի պատասխան, որի հետ դուք էլ համաձայն կլինեք, էս տեղեկանքի հեղինակներն էլ եւ էն մարդիկ էլ, ովքեր տվյալները տվել են պաշտպանության նախարարին։ Էս է այս իրավիճակի լուծումը, որովհետեւ էստեղ ոչ բանավեճի բան կա, ոչ էլ տեսակետների հակասություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք խնդրեմ։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Շնորհակալ եմ կառուցողական մոտեցման ու պատրաստակամության համար։ Տեսեք, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ», 13-րդ նիստ, տնօրենի ֆինանսական հաշվետվություն՝ ամիս առ ամիս, ցիկլի մասին. երբ ձեզ զեկուցում են, չեն ասում, որ ոչ մի ամիս չի եղել էդ գումարը, 1,5 տարի չի եղել, աշխատատեղերի բացահայտման առաջին օրվանից։

Սա նշանակում է, որ 1-5 տարի այդ գումարները, ինչպես մնացած գումարները կարող էին պահվել ճիշտ այն նույն հաշվեհամարին, որում պահվում է, որի վրա գալիս են տոկոսներ եւ դա հիմնադրամի եկամտային հոդվածներից մեկն է։ Եվ պատկերացրեք՝ 800 միլիոնի տոկոսներն ինչքան են եւ դուք կկարողանայիք լուծել, օրինակ՝ զոհված զինծառայողների մայրերի այն խնդրանքը, որով նրանք ձեզ մոտեցել են։ Բա, սրա պատասխանն ո՞վ է տալու, այդ կորսված գումարների պատասխանատվությունն ո՞վ է կրելու, սա՝ մեկ։

Երկրորդը. լավ, բա ի՞նչ ցիկլով են փոխանցելու, եթե 1,5 տարի չկա։ Եկեք հանձնարարենք իրավապահ մարմիններին, թող հարուցեն քրեական գործ։ Մի խոսքով, ես պատրաստակամ եմ…

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Եկեք հանձնարարենք։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Հարցը բարձրացնում եմ, հավատում եմ, որ այդ աշխատատեղերը, իսկապես, բացահայտված են, ցույց եմ տալիս, որ գումարները չկան։ Եկեք լուծենք էս խնդիրը, շնորհակալ եմ շատ։

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Պրն Ուրիխանյան, հավատալ-չհավատալու խնդիր չէ, էդ հրաշափառ հայտնության հարցը չէ, էլի, որ հավատանք կամ չհավատանք, դա կոնկրետ թիվ է, որը կոնկրետ արձանագրված է եւ ունի հասցե։ Եվ ասում եմ՝ էդ թիվը Կառավարությունը չի գրում, Վիճպետկոմը չի գրում, էդ գործատուն ինքը տալիս է հաշվետվություն էլեկտրոնային եղանակով եւ դրա համար հարկ է վճարում։ Հիմա, հավատաք-չհավատաք` դրանից իրականությունը... Հիմա, իմ թղթերով կա, ձեր թղթերով չկա։ Ես էլ ասում եմ՝ եկեք բան անենք... Էս ավելի պետական թուղթ է, կներեք (ծիծաղում է): Եվ էն, որ դուք ասում եք` էն մայրերի հարցը, մայրերի հարցը լուծվում է։ Պարոնայք, ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին 1,5 տարվա ընթացքում մենք էդ հազար դրամի վճարումները 19 տարով գնացել ենք հետ, 19 տարով։ Բա... Այո, այո, դուք եք գնացել, լավ, բա էդ ինչո՞վ ենք գնացել, որ փողը չկա, ինչո՞վ ենք գնացել եւ... Առաջարկս նույնն Է։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Տարոն Սիմոնյան, նախապատրաստվի Արտյոմ Ծառուկյանը։

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Երբ այս հարցն իմ առջեւ բարձրացրեցին, ես իրականում երկակի զգացողություն ունեցա` մի կողմից հաճելիորեն զարմացա եւ մյուս կողմից փոքր-ինչ մտահոգվեցի։ Խոսքը վերաբերում է համայնքների ներքո գործող արվեստի դպրոցներին, համայնական ոչ առեւտրային կազմակերպություններ են դրանք, այդ դպրոցներում երեխաներին սովորեցնում են երաժշտական գործիքների վրա նվագել, քանդակագործություն, գեղանկարչություն եւ այլն, այսինքն` կրթություն են տրամադրում։ Հաճելիորեն զարմացա, որովհետեւ մի քանի համայնքներում եւ, մասնավորապես, Վանաձորում դիմող երեխաների քանակը կտրուկ աճել է, եւ մի փոքր մտահոգվեցի, որովհետեւ դպրոցները չունեն մանկավարժներ, ովքեր կհասցնեն դաստիարակել եւ կրթություն տրամադրել երեխաներին։ Եվ ես համապատասխան, իհարկե, նախաձեռնություններով հանդես եկա համայնքապետարանների առջեւ, համայնքապետարանները, ըստ էության, նաեւ Վանաձորի համայնքապետարանը ցանկություն հայտնեց, բայց գործնականում, փաստորեն, չի կարողանում կամ չի ցանկանում իրացնել եւ ավելացնել մանկավարժների քանակը։ Ու արդյունքում կանգնել են մի իրավիճակի հետ, որ երեխաները դիմում են դպրոցներ, որպեսզի ընդունվեն եւ դաստիարակություն ու կրթություն ստանան, բայց, փաստացի, դպրոցները նրանց մերժում են եւ այդ մերժված երեխաների քանակը բավականին մեծ է։

Ես ուզում եմ հասկանալ՝ էս խնդրի վերաբերյալ տեղյակ է արդյո՞ք մեր Կառավարությունը, եթե տեղյակ է, ապա ի՞նչ է մտածում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Խնդրեմ, պրն Հարությունյան։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Սիմոնյան, նման խնդրով մեզ չեն դիմել, բայց էդ դպրոցները համայնքային դպրոցներ են եւ հաստիքների ավելացումը, դրանց հետ կապված ծախսերը եւ ֆինանսական հարցերը, ըստ էության, համայնքներն են լուծում։ Բայց շաբաթ օրը պատրաստվում եմ այցելել Վանաձոր, Վանաձորո՞ւմ էր էդ խնդիրը, Վանաձոր եմ պատրաստվում այցելել, համայնքապետի հետ կքննարկեմ, անպայման։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար՝ Տարոն Սիմոնյան։

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Իրականում, այո, Վանաձորում, մեր` Կոմիտասի անվան արվեստի դպրոցում է հիմնականում խնդիրը, բայց նաեւ այլ դպրոցներ կան, որ էդ խնդրի առջեւ կանգնել են։

Իրականում, տեսեք, եթե դա համայնական ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցով հնարավոր չէ կազմակերպել, միգուցե, դա պետական կառավարման սեկտո՞ր տեղափոխվի, ինչպես, օրինակ՝ հանրակրթությունը, որովհետեւ ՏԻՄ-երը շատ դեպքերում դրանց համար ռեսուրսներ էլ չեն ունենում։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալ եմ։ Իհարկե, պետք է խրախուսենք մեր աշակերտներին, երեխաներին, եթե նման ցանկություն կա այցելել եւ հաճախել էդ դպրոցները, մնացածն արդեն ասացի` լուծումների հետ կապված։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Արտյոմ Ծառուկյան, նախապատրաստվի Միքայել Մելքումյանը։

Ա.ԾԱՌՈՒԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի Կառավարություն, հարցս ուղղում եմ շրջակա միջավայրի նախարարին, մասնավորապես վերջին շրջանում, տեղյակ ենք, որ ներքին Կիրաթաղ բնակավայրում տեղի է ունեցել վթար, եւ պոչանքները լցվել էին Ողջի գետ։ Ի՞նչ նորմեր են խախտվել, վարույթ կա՞ հարուցված, թե՞ ոչ, առհասարակ, փորձաքննություն արվե՞լ է, թե՞ ոչ, այսինքն` տոքսիկ նյութեր, ծանր մետաղներ` ի՞նչ ունենք էնտեղ հայտնաբերած։ Ի՞նչ վիճակ է այսօր տվյալ տարածքում, վտանգավորության ի՞նչ աստիճան կա այնտեղ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Խնդրեմ։

Է.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Շնորհակալություն հարցի համար, այո, վարույթը հարուցվել է, տեսչական մարմինը ստուգում է նախաձեռնել, քանի որ հատուկ դեպքերում իրավունք ունի այսպիսի վթարներից հետո ստուգում նախատեսել։

Ստուգումն իրականացվում է, անալիզները վերցվել են, արդյունքները նաեւ մեզ որոշակի ծավալային առումով տվել են, որոշակի ծանր մետաղների առումով այնտեղ բավական գերազանցումներ կան։ Օրենսդրական երեք կարգավորումներ կան, այսինքն՝ Ջրային օրենսգրքի 114 հոդվածով կանոնակարգվում է աղտոտման հետ կապված քրեական, վարչական պատասխանատվությունը։ Քրեական օրենսգրքով արդեն ջրերի աղտոտման հոդվածն է, երբ էական վնաս է հասցվում, ապա քրեական վարույթ է արդեն ընթանում, իսկ վնասը հաշվարկվում է, հատուկ այդ ջրային ռեսուրսներին հասցված վնասը հաշվարկվում է, Կառավարության որոշում կա՝ 1110, համազարկային աղտոտման համար բանաձեւեր կան, հաշվարկում են, գումարը գերազանցելու դեպքում քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն աղտոտողները, նվազ լինելու դեպքում՝ վարչական, բայց նաեւ հանձնարարականներ պետք է տրվեն այդ ջրային մարմինները մաքրելու եւ որոշակի աշխատանքներ իրականացնելու շրջանակներում։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար՝ խնդրեմ։

Ա.ԾԱՌՈՒԿՅԱՆ

-Պրն նախարար, քանի որ սա առաջին դեպքը չէ` կոնկրետ Արծվանիկի պոչամբարի հետ կապված, ես ուզում եմ մի հատ հասկանալ, առհասարակ, թե Կառավարությունն էս պահին ի՞նչ միջոցներ է նախաձեռնում, որպեսզի նման աղետներից եւ՛ բնակիչը զերծ մնա եւ՛ գետը չաղտոտվի, որովհետեւ, վերջիվերջո, հնարավոր է` էդ ծանր մետաղները նստվածք տան ու տենց մեխանիկական մաքրում եւ այլն, ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում՝ ո՞նց է դա մաքրվելու, որ նախկին, ասենք, բնապահպանական տեսքին գա։ Էնտեղ էդ գետի մեջ, ընդհանրապես, կենդանական որեւէ մարմին մնացե՞լ է, թե՞ ոչ։

Ի՞նչ է, նախարարությունն ի՞նչ քայլեր է նախաձեռնում, եթե, օրինակ՝ նախկինում, վթարի մասով կարող եք օրինակ բերել, այսինքն` նախկինում արդեն եղած, ավարտված վարույթի մասով, ենթադրենք, օրինակ՝ ինչքա՞ն է տուգանվել կամ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել եւ, առհասարակ, հիմա՞ ինչ ենք անում, որպեսզի նման երեւույթները կանխենք, հնարավորինս ռիսկերը նվազեցնենք։ Շնորհակալություն։

Է.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալ եմ հարցի համար։ 2010 թվականին նմանատիպ վթար էր տեղի ունեցել կրկին այդ Զանգեզուրի մոլիբդենից դեպի Արծվանիկ գնացող խողովակատարի վրա, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ վնասի գումարը 650, թե՞ 850 հազար դրամի կարգի էր, եւս 100 հազար դրամ` վարչական տուգանքը։

Ի՞նչ ենք անում, փոխում ենք օրենսդրությունը։ Այն, ինչ ` արեցինք անտառների հետ կապված՝ քրեական, վարչական պատասխանատվության ծավալների խստացմամբ, կարծում ենք, որ ո՛չ քրեական պատասխանատվության չափաքանակները, ո՛չ վնասի հաշվարկման մեթոդաբանությունը եւ ո՛չ էլ այդ վնասի հաշվարկման գումարները չեն արտացոլում այն իրական վնասը, որն այս պահին տնտեսվարողները փոխհատուցում են։

Ընդհանրապես, շրջակա միջավայրի օրենսդրությունն օրինակելի օգտագործողների եւ օրինակելի ռեսուրս օգտագործողների համար կլինի բավական հասկանալի եւ պարզ։ Չափաքանակներից ավելի կամ վթարների կամ արտանետումների ծավալների գերազանցման դեպքում կլինի չափազանց խիստ։ Օրենսդրությունն այդ ուղղությամբ է կանոնակարգվում, եւ համապատասխան առաջարկներն էլ հիմա մշակվում են։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Միքայել Մելքումյան, նախապատրաստվի Սոնա Ղազարյանը։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ ՀՀ վարչապետին: Պրն վարչապետ, սույն թվականի սեպտեմբերի 17-ին ԱԺ մեր հանձնաժողովի համատեղ նիստը տեղի ունեցավ Ռուսաստանի պետական դումայի պրոֆիլային հանձնաժողովի հետ, որը ղեկավարում էր Լեոնիդ Կալաշնիկովը: Երկու հարց, ի թիվս այլ հարցերի, ես բարձրացրել եմ այնտեղ, որը կուզենայի այստեղ հնչեցնել, եւ ճշգրտեինք մեր անելիքները: Առաջինը կապված է ՀԱՊԿ-ի շրջանակներում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման մասով: Այն իմաստով ՀԱՊԿ-ի շրջանակներում, որ ՀԱՊԿ-ի անդամ մեկ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ մյուս երկրին, որը որոշակի կոնֆլիկտ ունի, բնականաբար, պարզ է, անդամ մյուս երկրի հետ: Ինչո՞ւ եմ այս հարցը հիմա բարձրացնում. որովհետեւ նոյեմբերի 4-ին եւ 5-ին Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովը, որտեղ կգան նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների պառլամենտների ղեկավարները, եւ մեկ-երկու անգամ նաեւ այս դահլիճում ես հարց եմ բարձրացրել, որ, միգուցե, ինչ-որ ձեւաչափով մենք առաջարկ տանք, որ սահամանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով: Բնականաբար, ամբողջ զինատեսակների մասով դա հնարավոր չէ, եւ ԱԺ նախագահը ոնց որ այդ մտքին կողմնակից է: Ձեր վերաբերմունքը: Մենք պետք է քայլելով գնանք այդ ուղղությամբ, եւ քանի որ ՀԱՊԿ-ի վեհաժողովն է, կարելի է բարձրացնել, եւ, քանի որ այդ մասին ես ասացի, ընդհանրապես, վերջին օրերին, ինչպես միշտ, տարբեր միջխորհրդարանական հարթակներում ադրբեջանցիների հռետորաբանությունը խիստ կոշտացել է, որը պատասխան է ստանում, բայց հարցս հետեւյալն է. գործադիրը եւ օրենսդիրը կարողանան համակարգել իրենց գործունեությունը, այսինքն` հաճախ այդ օրակարգերն իրարից բավականին բեւեռացված են լինում:

Երկրորդ հարցը, որ էլի ռուսական ուղղության հետ է կապված, ես գիտեմ, որ այս տարվա վերջին ավարտվում է Մեծամորի ատոմակայանի վարկի ժամկետը, եւ այստեղ մենք 70 միլիոն դոլարի չֆինանսավորում ունենք: Եթե չեմ սխալվում, ԵԱՏՄ գագաթաժողովի հենց այդ օրերին, հենց սկզբում ձեզ այցելել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը` պրն Լիխաչովը, եւ պետք է երկարացվի ժամկետը: Հարցը հետեւյալն է. մենք ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ, որովհետեւ հունվարի 1-ից այդ վարկի սպասարկման տոկոսները մտնելու են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, եւ կառաջանա շուրջ 6 միլիարդի դեֆիցիտ:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խնդրեմ:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Մելքումյան, հարցերի համար: Ես տեղյակ եմ, որ այդ հարցը նաեւ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում բարձրացվում է, եւ որ դուք բարձրացրել եք, եւ շատ կարեւոր եմ համարում դա: Գիտեք, որ հենց վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ-ի ֆորմատներում, ՀԱՊԿ-ի շրջանակներում այդ հարցը բարձրացրել ենք, եւ դա անընդհատ մեր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների օրակարգում է, իսկ ՀԱՊԿ-ում մեր գործողությունները, կարծում եմ` արտաքին գործերի նախարարությունը եւ համապատասխան ստորաբաժանումը պետք է կոորդինացնեն, նաեւ Կառավարության-ԱԺ կոորդինացիա պետք է տեղի ունենա եւ, ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ մեր երկրում խորհրդարանական ուժերը, քաղաքական ուժերը, չեմ ուզում ասել` բոլորը, բայց, կարծում եմ` բոլորն այդ հարցում ունեն մի տեսակետ, եւ այստեղ կարող ենք ասել, որ ունենք համազգային կոնսենսուս, եւ այդտեղ մեր շեշտադրումները չեն տարբերվում, եւ, եթե կուզեք, կարծում եմ` իհարկե, կոորդինացիան համաձայն եմ, կարծում եմ` արվում է, եթե անհրաժեշտություն կա, ավելի ինտենսիվ կարվի, բայց նույնիսկ առանց կոորդինացիայի, կարծում եմ` որ մեր դիրքորոշումներն այս հարցում նույնական են, եւ նույնիսկ կարիք չկա քննարկել իրար հետ` դրանում համոզվելու համար:

Ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են, բայց մենք համոզված ենք, որ այդ հարցում բարդություններ չենք ունենա: Մենք ունենք հարցի լուծման մի քանի սցենարներ, եւ այդ սցենարներից մեկն ու մեկը կաշխատի: Ես այդ հարցով քննարկում եմ ունեցել նաեւ Երեւանում ՌԴ նախագահի հետ ունեցած իմ հանդիպման ժամանակ, նաեւ փոխվարչապետն է աշխատում, նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, փոխվարչապետը` որպես միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, նախարարն արդեն իր անմիջական պատասխանատվության ոլորտում է, եւ կարծում եմ, որ խնդիրը կառավարելիության տիրույթում է, այնպես որ, բարդություններ չենք ունենա այդ հարցում:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար` պրն Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Պրն Վարչապետ, կապված ատոմակայանի վարկի հետ, ես էլ մանրամասներին տեղյակ եմ, ես կառաջարկեի, որ քննարկվեր նաեւ ժամանակին բյուջետային վարկի ձեւով: Դա չի նշանակում, որ բյուջեի ծախսային մասում մենք պետք է, անպայման դնենք, այդ փոխհատուցման հարցը, որովհետեւ ներքին սակագնի կտրուկ ավելացման պայմաններում որոշակի պրոբլեմ կառաջանա` 6 միլիարդը փոքր թիվ չի:

Քանի որ խոսեցի նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ադրբեջանցիների հռետորաբանության մասին, ժամանակ առ ժամանակ լարված տարբեր մեսիջներ ենք ստանում, եւ ժամանակին քննարկվեց, ապրիլյան պատերազմից հետո, այս դահլիճում, դուք էլ էիք մասնակցում, Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի նախապատրաստումը: Ես չեմ ասում, որ հենց այս պահը դրա ժամանակն է, բայց այն ժամանակ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հնչեցրեց, որ արդեն պատրաստ է: Մենք այս ուղղությամբ, ընդհանրապես, մտածո՞ւմ ենք որեւէ պահի դա իրացնել, թե՞ շատ ավելի հեռու է գտնվում դա մեր օրակարգից:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Կարծում եմ` այստեղ էլ կարող են տարընթերցումներ լինել ոչ թե տեսլականի, այլ մարտավարության վերաբերյալ: Իհարկե, այդ թեմայի հետ կապված աշխատանքներ տարվում են խնդիրն առավել խորությամբ եւ համապարփակ կերպով հասկանալու համար, եւ այդտեղ նաեւ որոշակի մարտավարության խնդիր կա:

Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, գիտեք, ես չեմ կարծում, թե, ընդհանրապես, տեսանելի ժամանակաշրջանում Ադրբեջանի հռետորաբանությունը շոշափելի փոփոխություններ կրել է: Այդ հռետորաբանությունը, կարծում եմ` առնվազն վերջին 13 տարում նույն գծի վրա է, եւ դա հիմնական պրոբլեմ է, եւ մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ: Շնորհակալություն:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Սոնա ղազարյան` «Իմ քայլը» դաշինք: Խնդրեմ:

Ս.ՂԱԶԱՐՅԱՆ

-Հարգելի Կառավարություն, վերջին օրերին հաճախ եմ հանդիպում քննադատության առ այն, որ մեր քաղաքական թիմի կողմից ձեռնարկված տարբեր գործողություններ կցկտուր են: Մասնավորապես, օրինակ` անցած շաբաթ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել «Կուսակցությունների մասին» օրենքի շրջանակներում, եւ մեզ քննադատողները հնչեցնում էին այն կարծիքը, որ չկա համընդհանուր պլան: Պրն Բադասյան, խնդրում եմ ներկայացնել 2019-2023 թվականների դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության մի քանի շեշտադրումներ, որոնք պետք է եւ հարկավոր է դիտարկել որպես համընդհանուր գործողությունների պլան:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խնդրեմ:

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի նախագահող, հարգելի տիկին Ղազարյան, ըստ էության, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների 2019-2023 թվականների ծրագիրը, արդեն հաստատված է Կառավարության կողմից, պաշտոնական փաստաթուղթ է, եւ այդ պաշտոնական փաստաթղթով նախատեսված է համալիր գործողությունների ծրագիրը: Դժվարանում եմ նշել, թե ինչի հետ են կապված լինում նման հարցադրումները, որովհետեւ նախատեսված է Սահմանադրական բարեփոխումների իրականացումը, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականի փետրվարին, երբ ձեւավորվի հատուկ խումբը, որը զբաղվելու է Սահմանադրական բարեփոխումներով, բնականաբար, մինչ այդ մենք հաշվարկել ենք այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում պետք է նախապատրաստենք համապատասխան օրենսդրական փոփոխությունները, միջազգային փորձի ուսումնասիրությունը, օրինակ` անցումային արդարադատության մասով նախատեսված է, որ մինչեւ տարվա վերջ միջազգային լավագույն փորձը պետք է ուսումնասիրենք, որպեսզի տեսնենք, թե ո՞րն է այն մոդելը լինելու, որով ձեւավորվելու է փաստահավաք խումբը, ի՞նչ գործիքակազմ է ունենալու, ինչպե՞ս է ձեւավորվելու, լիազորությունների հստակ շրջանակը եւ այլն:

Կրկին 2020 թվականի փետրվարին տրված է մեկնարկն անցումային արդարադատության մասով, որի շրջանակներում փաստահավաք խումբը, բնականաբար, չի ունենալու պատժիչ գործառույթներ, այլ նպատակը լինելու է տարբեր բնագավառների, օրինակ` սեփականությունից ապօրինի զրկելու, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դեպքերի քննության եւ այլն, այդ մասով տեղեկությունների հավաքումը, եւ դրանց հիման վրա առաջարկների ներկայացումը, որից հետո կարող են օրենսդրական փոփոխություններ կատարվել, այդ փոփոխությունների հիման վրա տուժողներին կարող են հատուցումներ տրվել եւ այլն:

Բնականաբար, շատ լայն է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը` սկսած էլեկտրոնային արդարադատության գործիքակազմի ներդրումից, դատարաններում ծանրաբեռնվածության խնդրի հարցի լուծումից, դատավորների, իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարձրացումից, բարեվարքության ստուգումից թե՛ իրավապահ մարմիններում, թե՛ դատարաններում, այդ մասով առաջին քայլն արդեն կատարված է, Դատական օրենսգրքի եւ հարակից օրենքների փաթեթն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով, ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշումը, իրավական կարծիքը, հիմա ամփոփման փուլում ենք, որով գույքային հիմքով կարգապահական վարույթներ սկսելու հարցն է կարգավորված, կարգապահական հանձնաժողովի նոր մոդելը, որտեղ, բացի դատավոր անդամներից, ընդգրկվում են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, սկզբնական տարբերակում նաեւ մարդու իրավունքների ներկայացուցիչը պետք է ներգրավվեր: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո հիմա քննարկում ենք միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ներգրավելու հանգամանքը, այսինքն` այդ բոլոր փաստաթղթերը պատրաստ են, կարծում եմ` ունենք համակարգային մոտեցում:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար` խնդրեմ, Սոնա Ղազարյան:

Ս.ՂԱԶԱՐՅԱՆ

-Պրն Բադասյան, շնորհակալություն ներկայացման համար: Եթե չեմ սխալվում, ռազմավարության մեջ նշված են նաեւ հստակ ժամկետներ: Խնդրում եմ ներկայացնել 2020 թվականի առաջին եռամսյակում պլանավորած աշխատանքի ժամանակացույցը:

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Ինչպես նշեցի, Սահմանադրական բարեփոխումների խումբը եւ փաստահավաք խումբը մասով 2020 թվականի փետրվարը պետք է ձեւավորված լինեն: Մինչեւ տարեվերջ մենք միջազգային փորձն ենք ուսումնասիրելու, 2020 թվականի տարեսկզբին մենք պատրաստի նախագիծ ենք ներկայացնելու Կառավարություն, եւ մենք հիմա զբաղված ենք մեր ընդհանուր գործողությունների ուղղությունն ավելի դետալացնելով, որովհետեւ ռազմավարության մեջ, բնականաբար, որոշակի ընդհանրական է գրված, եւ հիմա, երբ գործողություններն առանձնացնում ենք, բնականաբար, կախված ԱԺ ծանրաբեռնվածությունից եւ Կառավարության ծանրաբեռնվածությունից, ժամկետները կարող են աննշան փոփոխվել: Ամեն դեպքում, մենք պլանավորում ենք, որ սեպտեմբեր ամսվա դրությամբ կունենանք սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը պատրաստ կլինի, օրինակ` Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքին ներկայացման, եւ աշնանը Կառավարությունը հնարավորություն կունենա սահմանադրական բարեփոխումները սահմանված կարգով գործողության մեջ դնել: Եվ քանի որ... Չէ, ժամանակ չխնայեցի, շնորհակալություն:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար: Գայանե Աբրահամյան, նախապատրաստվի Հովհաննես Հովհաննիսյանը:

Գ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, հարգարժան գործընկերներ, հարցս վերաբերելու է բժշկասոցիալական փորձաքննության տարածքային մարմիններում առկա կոռուպցիոն դրսեւորումներին, հատկապես վերջին գործերով: Ըստ դատախազության տվյալների, վերջին մեկ տարվա ընթացքում հարուցվել է 10 գործ հենց այս ուղղությամբ, եւ փաստական տվյալների հանգամանքների վերլուծությամբ հստակ վերհանված նաեւ օրինաչափություններով փաստվում է, որ հատկապես ԲՍՓ-ների տրամադրման ոլորտում հանցավոր գործողություններն ունեցել են կազմակերպական հստակ մեխանիզմներով արմատավորված սխեմատիկ բնույթ, մեջբերում եմ դատախազության տվյալները, ինչի դեմ հասկանալի է, որ բավական բարդ է պայքարելը եւ նպաստների մասով` սոցիալական նպաստների մասով նույն խնդիրն է առկա, եւ նույն դատախազության տվյալներով` ընդհանուր առմամբ, այս ոլորտում հարուցվել է 151 գործ եւ պետությանը 772 միլիոնի վնաս է պատճառվել: Սրանք բավական լուրջ խնդիրներ են, եւ ուզում էի, տիկին Բաթոյան, եթե հնարավոր է, ներկայացնեիք` ի՞նչ հիմնական համալիր գործընթացներ եւ քայլեր եք իրականացնում` այս կոռուպցիոն ամբողջական ժառանգություն ստացած մեխանիզմները ոլորտից արմատախիլ անելու համար:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Զարուհի Բաթոյանը, խնդրեմ:

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Շնորհակալություն: Արդեն տեղյակ եք, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման եւ հաշմանդամության ճանաչման ոլորտի բարեփոխումներ ենք իրականացնում եւ այս համակարգն ամբողջությամբ պետք է փոխենք, ոչ թե բարելավենք ձեր նշած հանձնաժողովները: Բարեփոխման նախնական ավարտը նախատեսում ենք 2020 թվականի վերջին, եւ մենք իսկզբանե նախատեսում ենք, որ մինչ այդ այս հանձնաժողովները դեռ պետք է գործեն, որովհետեւ դեռ կա աշխատանք` իրականացնելու: Բայց նշված խնդիրները` վերջին մեկ տարվա գործընթացները ցույց են տալիս, որ մենք ավելի շուտ պետք է լուծարենք այդ հանձնաժողովների գոնե մեծ մասը, որովհետեւ մենք կարող ենք դա իրականացնել ավելի արդյունավետ տարբերակով, այսինքն` այս պահին մեր նախարարության կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության մեջ մենք միավորում ենք տարբեր գրասենյակներ, որոնք գործում են նախարարության ենթակայությամբ: Խոսքս զբաղվածության գրասենյակի մասին է, հաշմանդամության ճանաչման, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների մասին է, եւ այս դեպքում մենք հիմա քննարկում ենք այս հանձնաժողովների մեծ կամ, գոնե, զգալի մասը լուծարելու եւ շրջիկ հանձնաժողովներ ունենալու տարբերակը, որովհետեւ մեր համակարգում եւս մենք նախատեսում ենք, որ կստեղծվի մասնագետների ռեեստր, այսինքն` մեծ խումբ, որտեղից յուրաքանչյուր անձի կարիքի գնահատման համար, ըստ անձի խնդրի եւ անհրաժեշտության, ամեն անգամ կձեւավորվի հանձնաժողով, այսինքն` նախապես հանձնաժողովները, որպես այդպիսին, ձեւավորված չեն լինի, եւ մենք արդեն հայտարարել ենք մրցույթ` այդ նոր մասնագետներին ներգրավվելու համար, բայց մինչ այդ, մենք նույն սկզբունքով կաշխատենք նաեւ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների հետ` թողնելով միայն այն հանձնաժողովները կամ այն մասնագետներին, որոնց միջոցով կկարողանանք ծառայություններ մատուցել մինչեւ բարեփոխման հիմնական ավարտը:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք:

Գ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Շնորհակալություն: Մեկ պարզաբանում միայն. ի՞նչ սկզբունքով են այս անցումային փուլում մնալու աշխատակիցները, այսինքն` մոտավորապես ի՞նչ սկզբունքով եք ընտրություն կատարելու եւ շատ վստահ չեմ, որ 2020 թվականին մոտավորապես ո՞ր հատվածում է, նշվեց արդյո՞ք` որ հատվածում եք նախատեսում վերջնական փուլի ավարտը: Եթե նշեցիք, ես ներողություն եմ խնդրում:

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Հանձնաժողովի անդամների ընտրությունն իրականացվելու է մասնագիտական սկզբունքներով, որովհետեւ կան հանձնաժողովներ, որոնք մասնագիտացված են, այսինքն` ակնաբուժական հանձնաժողով կա, մանկական հանձնաժողով, հոգեբուժական հանձնաժողով եւ այլն, այսինքն` այս պահին մենք վերանայում ենք մեր տվյալները, մեր բազան, որպեսզի հասկանանք` ինչպիսի՞ ծավալ կա, ո՞ր խնդրով, ի՞նչ, եւ նաեւ մարզային սփռվածությունը եւ այլն, այսինքն` մենք ուսումնասիրում ենք մեր ունեցած տվյալները, որի հիման վրա արդեն կկայացնենք որոշումներ եւ, բնականաբար, ավելի առաջնահերթ  կլուծարվեն այն հանձնաժողովները, որտեղ մենք ունենք խնդիրներ, որտեղ հարուցվել են գործեր կամ որտեղից մենք ունենք այդ բողոքներ ու ավելի մեծ ռիսկ են պարունակում:

Բարեփոխումները նախատեսում ենք մինչեւ 2020 թվականի ավարտը, բայց ընթացքի մեջ է, այսինքն` այդ ընթացքում մենք աշխատում ենք, աշխատանքային խումբ կա ստեղծված, եւ ծրագրին աջակցում են թե՛ ՀԿ-ներ, հենց հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունները, թե՛ այլ գերատեսչություններ, եւ կարծում եմ, որ հաջողությամբ ավարտին կհասցնենք:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար` Հովհաննես Հովհաննիսյան, խնդրեմ:

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Մեծարգո պրն վարչապետ, հարգելի Կառավարության անդամներ, 4 օրից լրանում է հոկտեմբերի 27-ը եւ 20-ամյա տարելիցն այն իրադարձության, որը գլխատեց հայոց պետականությունը, Կառավարությունը եւ երկիրը ետ գցեց: Օրերս մամուլում տեսանք, որ ոճրագործը, որի անունն էլ չեմ ուզում տալ այս խորհրդարանի դահլիճում, փաստորեն, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման: Ուզում էի հասկանալ` դա կապվա՞ծ է 20-ամյա ժամկետի հետ, թե՞ այլ քաղաքական դրդապատճառներ կան դրա տակ:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Համեցեք:

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Հարգելի նախագահող, հարգելի պրն Հովհաննիսյան, այո, 20-ամյա ժամկետը լրանալուց հետո դատապարտյալն իրավական հնարավորություն է ստանում դիմել պայմանական վաղաժամկետ հարցի քննարկման համար: Նման դիմում եղել է սեպտեմբերի 11-ին, եւ հնարավոր է մի քանի սցենար:

Սցենար համար առաջին. եթե պրոբացիայի ծառայությունը եւ քրեակատարողական ծառայությունը, տեսականորեն եմ ասում, ոչ թե կոնկրետ այս դեպքի հետ կապված, երկուսն էլ տալիս են դրական, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան:

Եթե այդ երկու կառույցներից մեկը տալիս է բացասական, մյուսը` դրական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է` հարցը կրկին քննարկվի դատական կարգով:

Բնականաբար, եթե երկուսն էլ տալիս են բացասական, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված:

Տվյալ դեպքում արդեն իսկ քրեակատարողական ծառայության կողմից տրվել է բացասական եզրակացություն: Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունը ղեկավարվելու է նույն չափանիշներով` նման գնահատական տալիս, կարծում եմ` ելքը պարզ է:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք: Շատ լավ: Հաջորդ հարցի համար` Արման Աբովյան:

Ա.ԱԲՈՎՅԱՆ

-Հարգելի Կառավարության անդամներ, հարգելի վարչապետ: Հարցս ուղղում եմ պրն Տոնոյանին: Պրն Տոնոյան, հայտարարվել է, որ պաշտպանության նախարարությունը լայնամասշտաբ ծրագիր է իրականացնում գործող սպաներին բնակարանների ապահովման գործում, սակայն ինձ դիմել են 20 տարի ծառայած եւ այսօր թոշակի անցած սպաներ, ենթասպաներ, զինծառայողներ, որոնք բնակարանային այդ ֆոնդից, ըստ էության, չեն կարող օգտվել: Հարցս հետեւյալն է, իրենք էլ են հարցնում. նախատեսում է արդյո՞ք ՊՆ-ն իրագործել բնակարանաշինական ծրագրեր, որոնք միտված կլինեն արդեն իսկ ծառայած զինծառայողներին, որոնք այսօր թոշակի են անցել, եւ ի՞նչ սխեմայով է դա իրականացվելու, եթե իրականացվելու է:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Հարցին կպատասխանի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Համեցեք:

Դ.ՏՈՆՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի նախագահողներ, պրն Աբովյան, շնորհակալություն հարցի համար: Տեսեք, զորացրված մեր գործընկերները, որոնք ստացել են բնակարանային մակերեսի իրավունք, ունեն այսօր 2 տարբերակ. կամ համաձայնվում են ստանալ ԲԳՎ-ները` բնակարանային իրավունք ստանալու գումարները, կամ պետք է սպասեն որոշակի ծրագրերի, որոնք այսօրվա դրությամբ բավականին երկարաժամկետ ծրագրեր են լինելու` երկար են սպասելու, կամ ներգրավվելու են հիփոթեքային ծրագրերում, այսինքն` մենք տալիս ենք իրենց բոլոր տարբերակները, իհարկե, հիփոթեքային իրավունքից օգտվելու իրավունքը ստանալու են առաջին հերթին` հերթում գտնվողներն ու ծառայության մեջ գտնվողները, հետագայում նաեւ երիտասարդ սպայական կազմը, որը ծառայության մեջ է գտնվում, եւ երրորդ հերթին նոր նրանք, ովքեր զորացրվել են կամ զորացրվելու շեմին են կանգնած: Ովքեր զորացրվել են, իրենց համար հիմա ծրագիր է իրականացվում, տրվում են սերտիֆիկատներ: Արդեն զորացրված մոտավորապես 85 զինծառայողի Տավուշի եւ Արարատի շրջանում տրվել են ԲԳՎ-ներ:

Ինչ վերաբերում է` լինելո՞ւ է շինարարություն, թե՞ չէ, մենք հիմա որոշակի ծրագրեր ենք իրականացնում, եւ Կառավարությունում վերջերս քննարկում է եղել, ըստ որի` մենք ունենալու ենք, եթե մենք մեր տարածքները, ՊՆ-ն ունի որոշակի տարածքներ, իրացնում ենք այդ տարածքները եւ կառուցապատողը պարտավորվում է դրա փոխարեն մեզ փոխանցել որոշ բնակմակերես, դա կլինի առաջնահերթ իրենց համար: Խնդրեմ:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար...

Ա.ԱԲՈՎՅԱՆ

-Շնորհակալություն պատասխանի համար: Հասկանալի է, որ մի քանի ուղղությունով է աշխատանքը վարվում, սակայն դրա հետ մեկտեղ, միգուցե, արժե, եւ կարծում եմ` մենք էլ եւ ձեր գերատեսչությունը, մի համատեղ կրկին ծրագրի ձեւով կլինի, նախաձեռնության ձեւով կլինի, բյուջետային հատուկ հատկացումներով, ինչ-որ ծրագրեր մշակենք, միգուցե, այդ հիփոթեքի մասին, որ ասացիք, տոկոսադրույքի իջեցում, որովհետեւ իրականում, այն նամակների եւ դիմումների ծավալը, որ, օրինակ` ես ստանում եմ, բավականին շատ է, եւ հասկանում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, դա չի բավարարում, ես ոնց հասկանում եմ, ո՛չ նախարարությանը տեմպերով, օբյեկտիվ պատճառներով, այստեղ քննադատելու խնդիր չէ, մենք հասկանում ենք, եւ ոչ էլ, ցավոք, այն մարդկանց, ովքեր պետք է ստանան: Մի խոսքով, կարծում եմ` կարելի է այդ ուղղությամբ էլի աշխատել, էլի մտածել եւ որոշակի ելքեր գտնել: Համենայն դեպս` մենք պատրաստ ենք:

Դ.ՏՈՆՈՅԱՆ

-Շնորհակալություն: Ամեն դեպքում, դա Կառավարության ուշադրության կենտրոնում է, ՊՆ ուշադրության կենտրոնում է: Անցած տարի արդեն իսկ գումարներ էին հատկացված` այդ հարցը լուծելու, եւ դա շարունակական բնույթ է կրելու:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար` Վիկտոր Ենգիբարյան, խնդրեմ:

Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Ես հարցս ուղղում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին: Պրն նախարար, նախ` շնորհավորում եմ ճանապարհաշինության ոլորտում գրանցած հաջողությունների կապակցությամբ, մասնավորապես` սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Վերջերս մի այդպիսի հանդիպում ունեցա տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, եւ շատերը պնդում են, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում համայնքները կարող են ունենալ ոչ միայն ֆինանսական ներդրում, այլեւ աշխատուժի, human contribution  են ասում անգլերեն, աշխատուժի տեսքով: Այդ շահույթը, որ տրվում է ընկերություններին, դա է արդեն հանվում, ստացվում է, որ կոնկրետ շինարարություն իրականացնելու մեջ մոտավորապես 60 տոկոսով կարելի է ծախսերը կրճատել, եթե, օրինակ` համայնքի ղեկավարը կարողանում է ապահովել աշխատուժը եւ մնացած տեխնիկական հարցերի խնդիրները: Նման ծրագրի մասին երբեւէ եղե՞լ է քննարկում, եւ ի՞նչ եք կարծում` արժի՞ նման մոտեցումով առաջ գնալ:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի նախարար Սուրեն Պապիկյանը: Խնդրեմ պրն նախարար:

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Շնորհակալ եմ: Իհարկե, ճանապարհաշինության ավարտի մասին դեռ վաղ է խոսել, մինչեւ նոյեմբերի 15-ն առնվազն ժամանակ ունենք: Կարծում եմ` ամեն դեպքում մեր առջեւ դրված խնդիրն ամբողջովին լուծված կլինի այդ ժամկետում: Այնուամենայնիվ, ես կուզեմ անդրադառնալ ձեր հնչեցրած երկրորդ հարցին այլ կերպ: Սուբվենցիոն ծրագրերն, իհարկե, կարեւոր են, եւ այս ասպարեզում մենք բավականին մեծ հաջողություններ ունենք, բայց, միեւնույն ժամանակ, արդարացի կլինի, որ նաեւ այս ամբիոնից խոսենք, որ համապատասխան կարողությունների պակաս կա, ու երբ մենք նման ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ ենք կատարում պետական բյուջեով, իհարկե, սրա մի մասը նույնպես պետական բյուջեից է, բայց այնուամենայնիվ, սրա պլանավորումն ու կատարումն իրականացվում է համայնքի վերահսկողության ներքո: Իհարկե, մենք նույնպես անմասն չենք այս հարցում: Մենք հնարավորության պարագայում բոլոր գործիքներով աջակցում ենք համայնքներին վերահսկողություն իրականացնելու մասով, բայց միեւնույնն է, ցավալի է սա ասել, մեր հանրապետությունը պատրաստ չէր այս չափի շինարարական աշխատանքների, որ մենք այս տարի սկսեցինք: Չնայած, ամեն դեպքում կարծում եմ, որ ընթացս այդ կարողությունները ձեւավորվելու են, եւ արդեն 1-2 տարվա ընթացում մենք խնդիրն ամբողջովին լուծած կլինենք:

Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, ձեր առաջարկի մասով հետեւյալը կարող եմ ասել, որ նախ` աշխատուժի պակաս է խիստ զգացվում համայնքներում, եւ այն անձինք, ում մասին խոսում եք, որ համայնքը կարող է ապահովել, որ նրանք ֆիզիկական աշխատանքով փոխհատուցեն իրենց մասնաբաժինը, ես կարծում եմ` ընդամենը պետք է, որ համայնքապետը, նաեւ ձեր օգնությամբ, ձեր աջակցությամբ, ձեր ընտրողներին նաեւ կոչով դիմեք, որ նրանք պարզապես ներգրավվեն այդ աշխատանքներին: Այո, ֆիզիկական աշխատանքն այսօր շատ գնահատված է մեր երկրում, շատ կա դրա կարիքը, բայց միեւնույն ժամանակ կա նաեւ դրա պակասը. չունենք ֆիզիկական աշխատանք կատարող, բանվոր չունենք, այսպես ասած: Գուցե մենք այլ երկրներում ունենք աշխատող, այսպես կոչված` խոպանչիներ, բայց փաստ է, որ մեր երկրում այս պահին շինարարական աշխատանք կատարող թե՛ ընկերությունների, թե՛ անձանց խիստ պակաս ունենք:

Սա նաեւ, հանրությանը դիմելով` կխոսեմ, կոչ է հանրությանը, որ մյուս տարին պլանավորելիս իրենց կյանքը կապեն մեր երկրում կատարվող շինարարական աշխատանքների հետ, եւ ոչ թե արտերկրի: Վերադարձեք Հայաստան, աշխատեք մեր երկրում, արարեք մեր երկրում: Շնորհակալ եմ:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար` Վիկտոր Ենգիբարյան, խնդրեմ:

Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Պրն Պապիկյան, տեսեք` ինչի՞ց եկավ այս խոսակցությունը: Կոնկրետ մեր մշակույթի տները մարզերում, որոնք, բնականաբար, խորհրդային տարիներից կիսաքանդ վիճակում են, տանիքները հիմնականում չկան կամ շատ վատ վիճակում են, այդ փոքր համայնքներն ի վիճակի չեն սուբվենցիոն ծրագրերով, հաճախ, իհարկե, որոշներն ի վիճակի են, ֆինանսական ներդրում ունենալ եւ մասնակցել Կառավարության սուբվենցիոն ծրագրին, բայց իրենք էլ ասում են, որ եթե Կառավարությունը մեզ տա շինանյութ, որը կազմելու է այդ շինարարական աշխատանքների 35-40 տոկոսը, մենք կմոբիլիզացնենք եւ կկառուցենք ինքներս: Անկեղծ ասած, այս ծրագրում ես ավելի շատ սոցիալական նշանակություն եմ տեսնում այն իմաստով, որ համայնքի բնակիչներն իրենց ձեռքերով... Սա էլ միավորման մի հետաքրքիր գաղափար է քան, քան թե բուն շինարարական: Ինձ թվում է` մենք կարող ենք պատվիրակել նման աշխատանք համայնքներին, թե իրենք տեղերում ինչպե՞ս կկառուցեն` իրենց խնդիրն է: Իհարկե, պետությունը պետք է վերահսկի այս գործընթացը, որ կոռուպցիոն ռիսկեր չլինեն:

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Պրն Ենգիբարյան, ձեր առաջարկը գուցե լավն է, գեղեցիկ է, որովհետեւ համայնքի բնակիչները պետք է աշխատեն միասին, իրենց համայնքում բան են ստեղծելու, բայց ախր ինքն ամբողջությամբ ռիսկ է: Այստեղ կա անվերահսկելի ռիսկ, եւ այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում մեր գործընկերներին, մեր քաղաքացիներին պարզապես գնալ եւ աշխատել այն կազմակերպություններում, որոնք մրցույթի արդյունքում շահել են այդ աշխատանքի իրականացումը:

Ինչ վերաբերում է փոքր համայնքների կարողություններին, բազմիցս անդրադարձել եմ այս ամբիոնից, եւս մեկ անգամ անդրադառնում եմ. մեր համայնքների ֆինանսական, տնտեսական պոտենցիալը զարգացնելու գրավական կարող է լինել միավորումը, գիտակցված միավորումը: Մենք գնալով հանգում ենք դրան: Շնորհակալ եմ:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար` Արուսյակ Ջուլհակյան, խնդրեմ:

Ա.ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան պրն վարչապետ, օգոստոսի 4-ին, եթե չեմ սխալվում, ձեր արձակուրդի վերջին օրը հանդես եկաք ֆեյսբուքյան լայվով, որի ժամանակ խոսեցիք պետական կառավարման համակարգում առկա ինստիտուցիոնալ կաթվածի, ճգնաժամի մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան կարեւոր են առողջ ինստիտուտներն ու առողջ պետական կառավարման համակարգն անհրաժեշտ ռեֆորմների արդյունավետ իրագործման հարցում, խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք իրականացվում են որոշակի քայլեր այս ճգնաժամը, կաթվածը հաղթահարելու ուղղությամբ: Եթե այո, ապա ի՞նչ քայլերի մասին է խոսքը եւ ի՞նչ ժամկետների հետ մենք գործ ունենք:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Գիտեք, այդտեղ կա նախ` հարցի փիլիսոփայական կամ գաղափարական կոնտեքստը, եւ ուզում եմ մի օրինակ բերել, թե ինչ նկատի ունեմ, եւ դա իմ համոզմունքն է, իմ քաղաքական դիրքորոշումն է, որ նախկինում, պատգամավոր եղած ժամանակ այս ամբիոնից ասել եմ:

Օրինակ` նախկինում, երբ ճանապարհ էր կառուցվում, դրա նպատակը ո՞րն էր: Ոչ թե, որ ճանապարհը կառուցվի, որ մարդիկ այդ ճանապարհը, ենթակառուցվածքն օգտագործեն ավելի որակյալ տեղաշարժ ունենալու եւ ավելի արագ ա կետից բ կետը հասնելու համար, այլ ասֆալտն արվում էր նրա համար, որ այդ բուրգով ամեն մեկն ատկատի իր բաժինն ունենա: Հիմա, մենք այս տրամաբանությունը փորձում ենք փոխել, եւ հույս ունեմ, որ վերջնականապես ենք փոխել, որովհետեւ, ինչո՞ւ եմ ասում` հույս ունեմ, որովհետեւ, եթե մինչեւ հիմա, օրինակ` անորակ ասֆալտապատում է արվում, որն արդյունքում նախարարության կողմից չի ընդունվում, ես ուզում եմ հասկանալ այդ անորակ աշխատանքն արած մարդու տրամաբանությունը: Ես, օրինակ` չեմ հասկանում, անկեղծ եմ ասում, մինչեւ հիմա պետական պաշտոնյաներ կաշառք վերցնելու պահին ձերբակալվում են: Ես էլի այդ մարդկանց տրամաբանությունը չեմ հասկանում: Ինձ մոտ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. այդ մարդիկ, գոնե, հեռուստացույց չե՞ն նայում, չգիտե՞ն, որ տարբերակ չկա, մեկ է, վաղ թե ուշ բռնվելու են: Առաջին հերթին սա նկատի ունեմ, եւ նույն պրոբլեմը մենք ունենք այսօր կառավարման համակարգում: Տեսեք, ես մի քանի անգամ ասել եմ, մենք ասել ենք` վայ, համակարգային կոռուպցիան կարողացանք հաղթահարել եւ այլն, բայց մենք մոռանում ենք, որ կոռուպցիան որոշակի կառավարման համակարգ է, որովհետեւ, ասենք` երբ թղթապանակ է գալիս, հայտնվում իքս պաշտոնյայի սեղանին, եւ ինքը գիտի, որ այս թղթապանակը շրջանառելուց, պատրաստելուց հետո բերի, հանձնի դիմումատուին եւ դրա արդյունքում ստանալու է կոնկրետ նյութական օգուտ կաշառքի ձեւով, ինքն ամենաշահագրգիռն է, որ արագ այս բոլոր հարցերը լուծի: Հիմա, այս նույն թղթապանակը դրված է այդ նույն պաշտոնյայի սեղանին, եւ ինքը գիտի, որ վերջում էն 200 դոլարը, որ պետք է ստանար, չի ստանալու: Ինքն իրեն հարց է տալիս. բայց ես ինչո՞ւ էս թղթապանակը տեղից շարժեմ:

Սա այսօր մեր ամենամեծ պրոբլեմն է, եւ այս պրոբլեմի հետ մենք ամեն օր բախվում ենք, եւ դրա համար, երբ խոսում ենք աշխատավարձերից, եւ այլն, ինստիտուցիոնալ բարեփոխումից, պետք է խթանների նոր համակարգ դնենք, որ մենակ ֆինանսական չլինի, որ այդ պաշտոնյան նույնքան շահագրգռված լինի այդ թղթապանակը շրջանառել եւ բերել, տիրոջը տալ դրական կամ բացասական պատասխան, բայց կարեւորը` օրինական: Մենք  այս խնդիրը չենք կարողացել լուծել: Ով էլ լիներ այս  պահի դրությամբ, չէր կարողանա լուծել, որովհետեւ սա նշանակում է եւ՛ կադրային հարցեր, եւ՛ ֆինանսական հարցեր, եւ՛ մոտիվացիոն հարցեր: Արձագանքեք:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք:

Ա.ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

-Իհարկե, հասկանալի է, որ նման կարճ ժամանակում նման ռեֆորմներ, այսինքն` պետական կառավարման համակարգի ինստիտուտների ռեֆորմներ անելը, ուղղակի,  հնարավոր չէ, նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ, սակայն ինձ հետաքրքիր է` արդյո՞ք կոնկրետ քայլեր են մշակվում, կոնկրետ խնդիրների` այդ առումով լուծման ուղղությամբ: Օրինակ` դուք խոսում եք աշխատողի մոտիվացիայի մասին, որը գուցե, եթե չի ստանալու կաշառք, մոտիվացված չէ լավ աշխատել, ինչը, իհարկե, բնական է, բայց մենք նաեւ ունենք կոմպետենտության, գիտելիքների մասնագիտական առումով այդ աշխատանքին անհամապատասխանության խնդիր: Արդյո՞ք այդ բոլոր խնդիրները վեր են հանվել եւ այդ խնդիրների ուղղությամբ մշակվում են քայլեր, թե ինչպես հաղթահարենք այդ խնդիրը, որովհետեւ պարզ է, որ կարճ ժամանակում այս լրջագույն խնդիրը լուծել հնարավոր չէ, բայց երկարաժամկետ կտրվածքում մենք մեր առաջ այդ խնդիրը պետք է դնենք եւ շատ հաստատուն քայլերով շարժվենք այդ ուղղությամբ:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Այո, իհարկե, դրվում է, բաց մենք այստեղ շատ կարեւոր ենք համարում անկանոն քայլեր չանելը, եւ ինչպես ասեցի նախորդ հարցերից մեկին ի պատասխան, հիմա մենք դիտարկում ենք քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխման եւ հանրային ծառայության բարեփոխման ռազմավարություն, եւ բացի այդ, նախարարությունների առաջ դրված է նախարարությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու խնդիր, այսինքն` մենք ասում ենք, որ մենք չենք կարող սպասել մինչեւ այդ ռազմավարությունը, որն իրականում շատ ծավալուն է, ընդունենք, վերջացնենք, հետո նոր սկսենք գործել: Այս մեր նախարարները տեղային, պետք է գտնեն այդ պաշտոնյային, ով նախկինում գործում էր միայն, այսպես ասած, մաղարիչով, իսկ հիմա մաղարիչի բացակայության դեպքում հրաժարվում է  գործել, եւ նրանցից պետք է ազատվել, եւ նրանց ազատման արդյունքում ազատված միջոցներով բարձրացնել այն մյուս պաշտոնյայի աշխատավարձը, որը բարեխիղճ է: Այսպես, մենք քայլ առ քայլ գնանք առաջ եւ նաեւ ռազմավարական լուծումների գանք: Շնորհակալ եմ:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար` Շիրակ Թորոսյան, խնդրեմ:

Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո պրն վարչապետ, վերջին շրջանում Վրաստանի բարձր ղեկավարության հետ հաճախակի հանդիպումները վկայում են երկու երկրների միջեւ ուղիղ եւ բարձր մակարդակի հարաբերությունների ձեւավորման մասին, եւ շատ ողջունելի են ինչպես պաշտոնական, այնպես էլ անպաշտոն շփումները: Օրերս այցով Հայաստան էր գտնվում Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Կախարիան, որի հետ դուք հանդիպեցիք առաջին անգամ` Կախարիայի, բայց հերթական անգամ` Վրաստանի վարչապետի հետ, եւ հատկանշականն այն է, որ շփումներում բարձրաձայնվում են Հայաստանի եւ Վրաստանի աշխարհաքաղաքական ընդհանրական շահերը, մեր տարածաշրջանի մարտահրավերները` անկախ այն հանգամանքից, որ երկրները որոշակի հարցերում կարող են ունենալ արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներ, եւ սա միշտ խոսում է այն մասին, որ երկու երկրները պետք է իրենց բարձր հարաբերություները կարգավորեն շահավետ համագործակցության սկզբունքի հիման վրա եւ հնարավորինս զերծ պահեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: Այս վերջին հանդիպման հետ կապված, պրն վարչապետ, խնդրում եմ ներկայացնեք, ինչքան հնարավոր է, հանդիպումների մանրամասները, ինչպես նաեւ նշեք, արդյո՞ք քննարկման օրակարգում Վրաստանի հայությունը եւ, մասնավորապես, Ջավախքի հայությունն ընդգրկող անդրադարձ է եղել:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խնդրեմ:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Շնորհակալ եմ հարցի համար: Ուրախ եմ արձանագրել, որ Ջավախքի հետ կապված հարցերին ոչ միայն անդրադարձ է լինում, այլ կոնկրետ լուծումներ են լինում, եւ ես տեղյակ եմ, որ, օրինակ` հիշում եք, հենց ձեր հարցին ի պատասխան, եթե չեմ սխալվում, Վրաստան կատարած իմ առաջին պաշտոնական այցից հետո, որ անցած տարվա հունիսին էր, ես ասացի, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի նորոգման վերաբերյալ, եւ ինչքանով ինձ ասել են, այդ նորոգման աշխատանքները հիմա մոտենում են ավարտին: Սա կոնկրետ հարց է, որը լուծվել է, եւ ես ուզում եմ ընդգծել, որ այս հարցում, իհարկե, շատ կարեւոր դերակատարում ունի Վրաստանի վարչապետ Գեորգի Կախարիան, բայց ուզում եմ ընդգծել, որ նույն վերաբերմունքն ունեցել է նաեւ Մամուկա Բախտաձեն եւ Գեորգի Կվիլիկաշվիլին, եւ ընդհանրապես, հայության եւ ջավախահայության խնդիրները մեր հարաբերությունների օրակարգի եւ քննարկումների համատեքստում ունեն մշտական ներկայություն: Ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա շատ կարեւոր մի կոնցեպտուալ հարց, օրինակ` կարող են լինել ընկալումներ, եւ չեմ բացառում, որ լինեն ընկալումներ, որ, օրինակ` Ջավախքի հայության եւ, ընդհանրապես, Վրաստանի հայության շահերի կիզակետում Հայաստանի եւ Վրաստանի հետաքրքրությունների եւ շահերի որոշակի հակասություններ կան, բայց մեր Կառավարության տեսակետը, եւ այսօր կարծում եմ, որ այդ տեսակետն ընդհանուր է Հայաստանի եւ Վրաստանի Կառավարությունների համար, մեր հայեցակարգային մոտեցումն այն է, որ այդտեղ մեր շահերը համընկնում են, ընդհանուր են, եւ մեր շահերի միջեւ չկա որեւէ հակասություն: Այս առումով` կարծում եմ` սա ամենակարեւոր հայեցակարգային արձանագրումն է, որը մենք անում ենք, որի ֆոնին մնացած հարցերը, ընդամենը, եւ մեր պայմանավորվածությունն է դարձնել օրակարգ եւ հերթով զբաղվել այդ հարցերի լուծմամբ, եւ այս հարցերի լուծումը մեծապես կախված է այն կոնտեքստից, այն ֆոնից, որի վրա մենք դիտարկում ենք այդ օրակարգը, եւ ես կարող եմ ասել, որ այո, այս հարցերում մենք հայեցակարգային մակարդակում ունենք լիարժեք փոխադարձ ըմբռնում, գործնական հարցերում, արդեն ասացի,  ամենակարեւորագույն, կարեւոր հարցերից մեկն արդեն լուծվել է գործնականում, դա Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի կառուցումն է: Արձագանքեք, հիմա...

Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն պրն վարչապետ: Այն, որ այդ ճանապարհը կյանքի կոչելը բացառիկ նշանակություն ունի ինչպես ջավախահայության, այնպես էլ հայ-վրացական հարաբերությունների համար, դա պարզ է, եւ դրա կարեւորությունն անգնահատելի է: Ես բազմիցս նշել եմ, որ ջավախահայությունն ու, ընդհանրապես, բոլոր այն մարդիկ, ովքեր օգտվում են այդ ճանապարհից, հազար անգամ խոնարհաբար շնորհակալություն են հայտնում եւ՛ ձեզ, եւ՛ Վրաստանի ղեկավարությանը` այդ կարեւոր գործը գլուխ բերելու համար:

Այնուամենայնիվ, այո, կան խնդիրներ, որոնք, իսկապես, մտահոգիչ են, եւ որոնց լուծումն, իսկապես անհրաժեշտ է, որպեսզի մութ եւ ստվերոտ որեւէ կնճիռ չմնա մեր կարեւոր հարաբերություններում: Ձեր լավատեսությունն ու ձեր փաստարկներն այս առումով, մեզ համար շատ գոհացուցիչ են եւ հուսադրող, եւ մենք նաեւ ուզում ենք, որ այն խնդիրները, որոնք, իսկապես, հուզող են եւ մտահոգող, իսկապես, հայ-վրացական երկկողմ հարաբերությունների օրակարգի կարեւորագույն հանգույցներ դառնան, ինչպես դուք փաստարկում եւ մատնանշում եք, պրն վարչապետ:

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

-Տեսեք, Ջավախքի հետ կապված` շատ կարեւոր է տնտեսական բաղադրիչը, եւ դա մեր մշտական մտահոգությունների թեման է եղել: Տեսեք, ճանապարհը կառուցվեց, հիմա ավտոմաքսատունը տեղափոխվում է Գյումրի, եւ ընդհանրապես, այնտեղ լինելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, այսինքն` արտահանումներն ու ներմուծումներն արվելու են այդտեղից: Վրաստանի ղեկավարության հետ մենք ունենք համաձայնություն, որ Հայաստանից բեռնափոխադրումներն ու, ընդհանրապես, հոսքերը պետք է մենք հավասարապես բաշխենք մեր երեք մաքսային անցակետերի միջեւ` Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա: Հիմա, 70-80 տոկոսը Բագրատաշենով է, հիմա, եթե մենք այս հարցում համաձայնության ենք եկել, պետք է աշխատենք եւ դա իրագործենք: Երբ սա իրագործենք, արդեն դա համապատասխան իր դրական ազդեցությունը տնտեսության ակտիվության վրա Ջավախքի տարածաշրջանում, բնականաբար, ազդելու է, եւ դա նպաստելու է տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացմանը: Ես նկատի ունեմ` մենք հիմա, քանի որ այդ ընդհանուր ըմբռնումն ունենք, ընդհանուր կոնտեքստը, հիմա մեր օրակարգը եկել, հասել է այնտեղ, որ մենք կոնկրետ, շատ կոնկրետ գործնական հարցեր ենք դնում եւ լուծում, եւ իհարկե, այդ պրոցեսը կշարունակվի: Շնորհակալություն:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Վահե Հովհաննիսյան` «Իմ քայլը» դաշինք:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի 460-Ն որոշմամբ սահմանվում է ԽՍՀՄ ավանդների հետ վերադարձման կարգը: 5 տարիների ընթացքում Կառավարության որոշման փոփոխություններով այս պահին փոխհատուցում ստանում են 1934 թվականին ծնված քաղաքացիները, այսինքն` 85 տարեկանից բարձր քաղաքացիները: Փաստացի, ստացվում է, որ փոխհատուցում ստանում են շատ սահմանափակ քանակությամբ մարդիկ, եւ տարեկան մեկ տարով առաջ գնալու պարագայում կստացվի, որ գործընթացը տեւելու է 60 տարի: Հաշվի առնելով, որ այս պահին ունենք բավականին բյուջետային միջոցներ, նպատակահարմար չի՞ գտնում Կառավարությունը մեծացնել փոխհատուցում ստացող մարդկանց ցանկը, քանի որ փոխհատուցում ստանալու են կենսաթոշակառուները եւ գումարը ծախսվելու է ընթացիկ ծախսերի համար, եւ ինքը կրելու է միանվագ բնույթ, եւ հետագա տարիներին բյուջեի համար խնդիր չի առաջացնելու:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Զարուհի Բաթոյանը:

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Շնորհակալություն: Ավանդների փոխհատուցման հնարավորությունները, բնականաբար, կախված են բյուջեից, եւ ինչպես նշեցիք, ճիշտ է, դրանք մեկանգամյա վճարման գործընթաց են, բայց դրա համար հավելյալ միջոցներ են պետք: Յուրաքանչյուր տարի մենք վերանայում ենք այն անձանց ցանկը, որոնց տրամադրվել է այդ աջակցությունն ավանդների դիմաց, եւ, կախված բյուջեից, դա կարող է մի քանի տարով ավելանալ: Այս տարի մենք, ցավոք, չենք կարողանա դա իրականացնել, որովհետեւ վճարման գործընթացը նաեւ ժամանակահատված է պահանջում, այսինքն` եթե այս պահին մեր ունեցած խնայողությունների հաշվին մենք մտածենք դա իրականացնել, մենք, պարզապես, չենք հասցնի բյուջետային տարվա ավարտին, բայց հարցը մշտապես ակտուալ է, այսինքն` մեզ համար դա առաջնահերթություն է, եւ խնայողություններ կամ հավելյալ միջոցներ ունենալու դեպքում մենք առաջարկություն անում ենք Կառավարությանը: Այս պահին հնարավորություն չունենք հավելյալ տարիների համար տրամադրելու, բայց առաջնահերթությունների շարքում է:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք: Խնդրեմ:

Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն պատասխանի համար: Տիկն Բաթոյան, 2019 թվականի բյուջեով ավանդների փոխհատուցմանն ուղղված է եղել 1 միլիարդ 200 միլիոն դրամ, 2020 թվականի բյուջեի նախագծով նույնպես նախատեսված է նույն թիվը: Ես ձեզ կխնդրեի, մենք պատրաստ ենք ԱԺ-ում քննարկել, թե ինչ գումարի մասին է խոսքը, եւ հնարավորության դեպքում մարդկանց մոտ հույս առաջացնել, որ կստանան իրենց ավանդները, որովհետեւ 85 տարեկանը բավականին մեծ թիվ է, եւ մարդիկ ակնկալիքներ ունեն իրենց խնայողություններից: Շնորհակալ եմ:

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալություն: Բյուջեի քննարկման ընթացքում կդիտարկենք:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար` Աննա Կոստանյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:

Ա.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, 2019 թվականի օգոստոսին Կառավարությանն է ներկայացվել պրոֆիլային եւ ենթակառուցվածքային զարգացման մի ծրագիր, որի խնդիրներից է պետական գույքի առավել արդյունավետ կառավարման հնարավորություն ստեղծելը: Խոսքս, կարծում եմ` հասկացաք, վերաբերում է «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» գիտաարտադրական եւ կրթական նշանակության էկոհամակարգ` Արագածի գիտական կենտրոնի եւ այլ ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ակտիվների հիման վրա նոր կենտրոն ստեղծելուն: Արագածի գիտական կենտրոնի ակտիվներն այս պահին, գիտենք, գտնվում են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ հաշվեկշռում համաձայն 2012 թվականի ՀՀ Կառավարության որոշման, որը, սակայն չտիրապետելով անհրաժեշտ մասնագիտական կարողությունների, ըստ էության, չի իրականացնում պատշաճ կառավարում, այսինքն` Չափագիտության ազգային ինստիտուտը զուտ պահպանում է ժառանգությունը եւ տարեկան մոտ 45 միլիոն դրամ բյուջեից դրամաշնորհի ձեւով ստանալով` միայն ուղղում է այդ դրամները բյուջեի ակտիվի պահպանման համար:

Խնդրում եմ տրամադրել որոշակի տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում Կառավարության որոշման նախագիծը, արդյո՞ք տեղաշարժ կա, եւ, իմ խորին համոզմամբ, այս նախագիծը կարող է ծառայել նաեւ Արագածի մարզի եւ հատկապես Օրգով, Տեղեր եւ Բյուրական համայնքներում` որակյալ նոր աշխատատեղեր ստեղծելուն: Շնորհակալություն:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, խնդրեմ:

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար: Տիկին Կոստանյան, դուք միանգամայն ճիշտ եք, որ մենք պետք է ժամանակի ընթացքում քննարկենք եւ գտնենք  այն լավագույն լուծումը, որ կարող է կապված լինել այդ ակտիվի հետագա օգտագործման հետ: Ուզում եմ պարզաբանել, որ դա Կառավարության որոշման կարգավիճակ չի ունեցել եւ չունի: Եղել է ծրագրային առաջարկ, երկու անգամ իմ մասնակցությամբ, ամենայն մանրամասնությամբ քննարկում է տեղի ունեցել դրա շուրջ: Ծրագրի հեղինակները կարծում են, որ եթե այդ գույքային համալիրի նկատմամբ իրավունքները փոխանցեն իրենց, մի քիչ պարզաբանեմ բովանդակությունը, որ պարզ լինի, ապա իրենք այնտեղ տեղադրված որոշակի սարքավորումներն օգտագործելով` կարող են գրավել միջազգային գիտական հանրության ուշադրությունը եւ այդ եղանակով ներգրավել ֆինանսական միջոցներ` այնտեղ որոշակի տվյալների պաշար ստեղծելու կամ... Դա պաշար էլ չի, բայց մի տեղ, որտեղ տվյալները հավաքագրվում են` օգտագործման որոշակի վճարներ դրա դիմաց վերցնելով:

Այնուամենայնիվ, մեր կողմից մեկ կարեւոր վերապահում է արվել, որ չի կարող խոսք լինել այդ ակտիվների նկատմամբ օգտագործման իրավունքն այդ կազմակերպությանը փոխանցելու մասին, որովհետեւ տրամաբանական չի, որ միայն այդ սահմանափակ գործունեությունն իրականացնելու համար նման ակտիվների երկարաժամկետ տնօրինման իրավունքների հարց դրվի: Մենք առաջարկել էինք, որ քննարկման բերվի այնպիսի մոտեցում, որը կտա միայն որոշակի, եթե այդտեղ դիտարկումներ իրականացնելու համար նախատեսված այդ տեսադիտակներն են, որոնք ռադիոդիտարկումների հնարավորություն պետք է տան, եթե կբերվի այդպիսի առաջարկ, որ նման սահմանափակ օգտագործման իրավունքի շուրջ է կառուցված, ապա մենք կարող ենք այդ քննարկումը շարունակել: Այսինքն` մենք երկու հարց հստակորեն ուզում ենք տարանջատել. չի կարող լինել այնպիսի ծրագրային առաջարկ, որն ավելի մեծ պահանջներ է սահմանում, քան միայն այդ նեղ խնդրի լուծման համար նախատեսվող մոտեցումը, բայց մենք պատրաստ ենք քննարկել եւ բաց ենք քննարկել ցանկացած ավելի լայն մոտեցում, եթե այն հիմնավոր լինի: Այս փուլում այսքանը կարող եմ ասել: Եթե այդպիսի վերանայված տեսակետ լինի` ավելի սեղմ, ավելի նպատակային, ավելի հիմնավոր, ապա մենք պատրաստ ենք այդ քննարկումները, վստահաբար, շարունակել, որովհետեւ, ինչպես դուք ճիշտ նշում եք, այդ ակտիվն այսօր, ընդամենը, պահպանվում է, այլ ոչ թե օգտագործվում:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար` խնդրեմ:

Ա.ԿՈՍՏԱՆՅԱՆ

-Շնորհակալություն ներկայացնելու համար, այսինքն` ճի՞շտ եմ հասկանում, որ Կառավարությունն իր հերթին դրական է գնահատում եթե ոչ այս, այլ տարատեսակ այլ ծրագրերի միջոցով այդ ակտիվները որոշակիորեն գործարկելու իրողությունը, քանի որ պետք է հստակ նշել, որ 45 միլիոն տարեկան բյուջեից տրամադրվող գումարներն ուղղակի պահպանությանն ուղղելով` պետությունն այս պարագայում հարց չի լուծում, եւ կարելի է նաեւ ֆիքսել, որ սա որոշակի առումով նաեւ պետության հաշվին գումարների վատնում է, այսինքն` միայն պահպանությանն ուղղելով:

Այստեղ նաեւ ինձ մոտ կա տեղեկատվություն, որ նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավանյանն իր հերթին դրական է գնահատել ծրագիրը, եւ, իմ խորին համոզմամբ, այդ դրական գնահատականը կարող է նաեւ հետագայում դրական լուծում հանդիսանալ ծրագրի համար: Ճի՞շտ եմ հասկանում:

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Մի քանի անճշտություններ կան այդ տեսակետում, պարզաբանեմ` կարճ ժամանակն օգտագործելով:

Առաջին. վատնում չկա, որովհետեւ այն միջոցները, որոնք պետական բյուջեից հատկացվում են, հատկացվում են այնտեղ եղած որոշակի գիտական աշխատողների աշխատավարձեր վճարելու համար: Դրանք անցյալում ինստիտուտի աշխատակիցներ համարվող անձիք են, ովքեր գտնվում են այդ կազմակերպության հետ աշխատանքային հարաբերութունների մեջ:

Երկրորդ. այո, եղել է փոխվարչապետ Ավինյանի մոտ քննարկում էն նույն հարցերի շուրջ, որոնց մասին ես նշեցի, փոխվարչապետը վերահաստատել է, որ Կառավարությունը պատրաստ է, բաց է քննարկել ցանկացած մոտեցում, որը հուսալի, դրական զարգացումների կտանի այդ ակտիվի օգտագործումը, եւ դուք միանգամայն ճիշտ եք, որ Կառավարությունը բաց է այդ առնչությամբ, եւ ես կարծում եմ` ոչ միայն այս ակտիվի, այլ, ընդհանրապես, բոլոր այն տեսակ ակտիվների համար, որոնք համանման կարգավիճակում են, ցանկացած խելամիտ, երկարաժամկետ առումով զարգացման տանող նախաձեռնություններ քննարկելու համար: Շնորհակալ եմ:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Կարեն Սիմոնյան, խնդրեմ:

Կ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի Կառավարություն, ԱԺ-ն այսօր քննարկում էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արգելել ջրառը Սեւանա լճից, որն անցյալ տարի կազմել է մոտավորապես 160 մլն խմ։

Դրան գումարած կա եւս մի դրույթ տվյալ օրենքում, որը նախատեսում է, որ Սեւանա լիճ, առնվազն, ամեն տարի պետք է մուտք լինի Արփա-Սեւան համակարգով 170 մլն խմ ծավալով ջուր։ Հիմա, եթե ջրառն արգելվեց, իսկ մյուս կողմից կատարվեց օրենքի պահանջը, որը կասկածելի է` կատարվո՞ւմ է, թե՞ չէ, սակայն, ենթադրենք` կատարվում է, այդ դեպքում վտանգ չի առաջանա՞ լճի շրջակա ենթակառուցվածքների համար, առաջին հերթին` Մարտունի-Վարդենիս ճանապարհի համար։ Այս դեպքում, եթե կա նման վտանգ, Կառավարությունն ունի՞ որոշակի ծրագրեր ճանապարհի վերանորոգման կամ նոր ճանապարհի անցկացման շուրջ այս հատվածում եւ մնացած ենթակառուցվածքների հետ կապված։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ, պրն Պապիկյան։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Ես կուզեմ, որ մենք սկզբից հղում կատարենք Սեւանա լճի թույլատրելի շեմին։ Այս պահին մենք գործ ունենք 1900 մետրի հետ, բայց այդ թիվը պետք է լինի 1903, այո։ Մոտավոր թվերի մասին եմ խոսում, ես հիմա սանտիմետրով չեմ խոսում։ Մի բան հստակ է, որ մեր  Կառավարությունը, ընդհանրապես, ՀՀ-ի յուրաքանչյուր Կառավարություն իր առջեւ պետք է խնդիր դնի լուծել այս կարեւոր նշանակություն ունեցող խնդիրը, որովհետեւ Սեւանա լիճը  ազգային հարստություն է, եւ մենք պարտավոր ենք այն փոխանցել մեր սերունդներին կայուն վիճակում։ Այս ուղղությամբ մեր Կառավարությունն այս տարի հսկայական աշխատանք է կատարել, ինչը համարում եմ բավարար, բայց մյուս տարի նույնպես մեծ ջանքեր են պետք, որ կարողանանք հասնել այն ցուցանիշներին, որ մեր առջեւ դրել ենք։

Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, այո, մենք արդեն իսկ ուրվագծում ենք, թե ինչպես կարող ենք Սեւանա լճի հնարավոր բարձրացման պարագայում լուծել խնդիրը։ Այդ ուղղությամբ արդեն իսկ մասնագետներն աշխատանք են տանում, որովհետեւ դա մեկ տարվա խնդիր չէ, դա կարող ենք դիտարկել առաջիկա 10 տարվա ընթացքում, բայց, քանի որ այդ մարտահրավերը մեր առաջ կարող է ծառանալ, մենք դրանով զբաղվում ենք։

Հիմա, թվերի մասին խոսեմ։ Այս պահին, մոտավորապես, Սեւանա լճի տարբերությունը նախորդ տարվա համեմատ 6-7 սմ է, մոտենում է 7 սանտիմետրին, որը 78 մլն-ից մինչեւ 91 մլն խմ-ի սահմանում է գտնվում։ Նախորդ տարվա համեմատ Սեւանա լճի բարձրությունն այս տարի ավելի է շուրջ 91 մլն խմ-ով։ Սա ասում եմ ոռոգման տարվա ավարտին, որովհետեւ դրան արդեն մոտենում ենք։ Առաջիկայում մոտավորապես 3 մլն խմ, գուցե, ծախսենք Սեւանից, եւ այլեւս ջրառը կդադարեցվի Սեւանա լճից։ Սա լուրջ ցուցանիշ է, եթե նման տեմպով շարունակենք, ապա այսօրվա քննարկվող օրինագիծը ոչ միայն իրատեսական է, այլեւ շատ կարեւոր է։ Մենք գործ ունենք ազգային հարստության հետ։ Աստված մի արասցե, եթե կլինեն այնպիսի դեպքեր, որոնք կբացառեն այս օրենքը, օրենսդիրները միշտ էլ կարող են  այդ խնդիրը լուծել,  բայց մենք պարտավոր ենք ստեղծել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կամ կստիպեն հաջորդ Կառավարություններին իրենց հաշվարկի մեջ լինել ավելի հաշվենկատ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, խնդրեմ։

Կ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պրն նախարար, շատ տեղին է, որ Կառավարությունը խոշոր խնդիր լուծելու ժամանակ կարողանա անդրադառնալ այն խնդիրներին, որոնք առաջանում են այդ խնդիրը լուծելու հետեւանքով։ Ողջունելի է, որ դուք արդեն պատրաստվում եք արդեն նման հետեւանքների։ Այսինքն` այսպես հասկանամ, որ Կառավարության ընդհանուր մոտեցումը նշված օրինագծին դրական է, որովհետեւ Ջրային  պետական կոմիտեի նախագահի ելույթից այդքան էլ հասկանալի չէր վերջնական մոտեցումը, այսինքն՝ դրակա՞ն է, թե՞ չէ, վերջին հաշվով։ Ձեր մոտեցումը։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոռոգումը բավականին զգայուն եւ խնդրահարույց հարց է, եւ Ջրային կոմիտեի առաջ այդ խնդիրն ամեն տարի ծառանում է, բնականաբար, Ջրային կոմիտեն, եւ տեսականորեն, նաեւ  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը պետք է շահագրգռված լինի, որ սա չլինի, բայց եթե դուք ուշադրություն եք դարձնում, օրենքում գրված է` եթե նախորդ տարի ցուցանիշից ցածր է եղել… Խոսքը 1903 նիշի՞ մասին է, իհարկե, ոչ, 1903-ի մասին չէ, խոսքը նախորդ տարվա համեմատության մասին է։

Այս տարի մենք  գերազանցում ենք 7 սմ-ով, գուցե մինչեւ տարվա ավարտն ավելի բարձրանա կամ մեկ, երկու սմ-ով իջնի։ Ես ներկա պահին եղած իրողության մասին եմ խոսում։ Այս տարին մեզ թույլ է տալիս, որ մենք նման նախաձեռնությամբ հանդես գանք։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արմեն Եղիազարյան՝  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։

Ա.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

-Հարցս վերաբերում է հոկտեմբերի 8-ին Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի ընտրության մրցույթին։ Օրեր առաջ hetq.am լրատվականին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնել է, որ Ալավերդու բժշկական կենտրոնի  տնօրենի ընտրության համար նոր մրցույթ է անցկացվելու, որին կարող են մասնակցել ինչպես հոկտեմբերի 8-ի մասնակիցները, այնպես էլ նոր թեկնածուներ։ hetq.am -ի կայքում նշվում է, որ Լոռու մարզպետարանի կողմից Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը Կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի համար 992 որոշման համաձայն՝ անցկացվել է 3 փուլով, այն է՝ թեսթավորում, հարցազրույց եւ կազմակերպության զարգացման մասին ծրագրերի ներկայացում։ Հոկտեմբերի 8-ի մրցույթի 3-րդ փուլին թեկնածուներից միայն առաջին եւ երկրորդ փուլում հաղթած վիրաբույժ Գեւորգ Ազարյանն է մասնակցել։ Ըստ նույն աղբյուրի` Կառավարության 2011 թվականի համար 992 որոշման երրորդ փուլում մրցույթն իր ընդհանուր բովանդակությամբ կորցրել է իմաստը, քանի որ մրցույթի առաջին եւ երկրորդ փուլում հաղթած մրցակիցն այդ փուլում կազմակերպությունների ներկայացված ծրագրով թեկնածուներից որեւէ մեկի հետ չի մրցակցել։ Կառավարության համար 992 որոշումը հակասություն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի հետ, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի համապատասխան` իրավական ակտերի միջեւ հակասություն լինելու դեպքում կիրառվում է ավելի վաղ ընդունված իրավական ակտը եւ ներկայումս ուժի մեջ  է գտնվում Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի համար 224 որոշումը, որի համապատասխան` նշված մրցույթի կազմակերպման կարգը որոշվել է լիազոր մարմնի կողմից եւ մարզպետարանում առկա է Լոռու մարզպետի 2006 թվականի հոկտեմբերի 16-ի համար 285 որոշումը, որի համապատասխան` Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի  մրցույթը պետք է անցկացվի միայն թեսթավորման եւ հարցազրույցի փուլով, որում հաղթելու է վիրաբույժ Գեւորգ Ազարյանը։

Տեղյակ եք, արդյո՞ք, այս խնդրին, եւ ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի հանգուցալուծումը։ Մարզպետարանի կողմից կոնկրետ միջամտություն է արվում կայացած  մրցույթի արդյունքներին։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Խնդրեմ, պրն Թորոսյան։

Ա.ԹՈՐՈՍՅԱՆ

-Պրն Եղիազարյան, սկզբում ես հասկացա, որ առողջապահությանն էր վերաբերում հարցը, եւ ուզեցա պատասխանել, բայց հարցի ընթացքում հասկացա, որ ավելի շատ արդարադատությունն էր վերաբերում, որովհետեւ իրավական ակտերի մեջ եղած այդ հակասությունը կամ նրանք կկարողանան մեկնաբանել, կամ, եթե դուք կարծում եք, որ իրար հակասող իրավական ակտեր կան, եւ, օրինակ՝  Կառավարությունն իրավունք չի ունեցել ավելի ուշ ընդունված ակտն ընդունել, ապա, եթե չեմ սխալվում, հնարավոր է դա վիճարկել վարչական դատարանում։

Ինչ վերաբերում է մրցույթի անցկացմանը, ապա տեղյակ ենք, որովհետեւ ներկայացուցիչ ենք ունենում մրցութային հանձնաժողովներում նորից ձեր կողմից նշված,  բայց, փաստորեն, ըստ ձեզ՝ չգործող կարգի համաձայն, ըստ մեզ՝ գործող, որովհետեւ ՀՀ բոլոր առողջապահական կազմակերպություններում, որտեղ պետությունն ունի 50-ից ավելի մասնակցություն, եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում մրցույթներն անցկացվում են այդ կարգով։ Տեղյակ եմ, որ եղել են թեկնածուներ, որոնք տարբեր փուլերում չեն հաղթահարել այդ փուլերը, հետեւաբար` մրցույթը համարվել է չկայացած, հայտարարվել է նոր մրցույթ` նորից այդ կարգի համաձայն։ Որեւէ արտառոց բան չեմ տեսնում այդտեղ,  որովհետեւ նմանատիպ չկայացող մրցույթներ նաեւ լինում են այլ բուժհաստատություններում։ Նոր մարդիկ են դիմում այդ տեղերի համար` տնօրենների, թափուր, որոնք, միգուցե, ավելի բարձր որակավորում ունենան թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ զարգացման ծրագրերը ներկայացնելու առումով, եւ որոշում կկայացվի արդեն նոր մրցույթի հիման վրա։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, խնդրեմ։

Ա.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

-Հարցը կայանում էր նրանում, որ, փաստացի, մրցույթը տեղի է ունեցել եւ տվյալ անձը, անցնելով առաջին եւ երկրորդ փուլը, երրորդ փուլում արդեն ներկայացրել է իր զարգացման ծրագիրը, սակայն չի ունեցել մրցակիցներ։ Խնդրի հետ կապված` նաեւ եղել է հանրային ընդվզում, փողոց են փակել եւ այլն, այդ ամենի մասին տեղյակ եք։ Այս մասով էի ուզում, որ դուք արձագանքեք։

Ես խնդրանքով ուզում եմ դիմել Կառավարությանը, քանի որ ամսի 26-ին Վանաձորի տոնն է, ես խնդրում եմ, որ Կառավարության անդամները պրն վարչապետի գլխավորությամբ մի փոքր ժամանակ գտնեն այդ խիստ գրաֆիկի մեջ, մենք շրջայց կատարենք Վանաձորում եւ ականատես լինենք Վանաձորի իրական խնդիրներին եւ  մարտահրավերներին։ Սա, ուղղակի, խնդրանքի կարգով։

Ա.ԹՈՐՈՍՅԱՆ

-Տեսեք, դուք նշում եք զարգացման ծրագրի վերաբերյալ, եւ նշում եք, որ նա միակ թեկնածուն է եղել, որը ներկայացրել է զարգացման պլան, բայց զարգացման պլան ինքնին շատ կարեւոր է թեկնածուի որակավորումը հասկանալու համար, եւ նրա` միակը լինելը բավարար չէ զարգացման պլանն անտեսելու առումով, որովհետեւ  զարգացման պլանը, երեւի, ամենակարեւոր փուլն է, որովհետեւ առաջին երկուսը, շատ հնարավոր է, արագ սերտել թե՛ օրենքների մասով, թե՛ բանավոր քննությունների։ Երկրորդ, այսինքն՝ հաջորդ անգամներով, եթե կլինի ավելի լավ զարգացման պլան նույն թեկնածուի մոտ, ապա մարզպետն իր լիազորությունների շրջանակներում կարող է որոշել՝ ընտրե՞լ նրան, թե՞ չընտրել։

Ինչ վերաբերում է Վանաձորի խնդիրներին՝ կարծում եմ, որ  Կառավարությունն իր ունեցած ներկայացուցիչների եւ իր ամենօրյա աշխատանքի միջոցով տեղեկանում է Վանաձորի բոլոր խնդիրներին, չնայած, կարծում եմ՝ լսվեց, եւ հաշվի կառնեն ձեր ասածը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հաջորդ հարցի համար՝ Մանե Թանդիլյան, նախապատրաստվի Լիլիթ Ստեփանյանը։

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Կառավարության հարգելի անդամներ, այն, որ Կառավարությունը շարունակում է թերակատարել որոշ ծրագրեր, իսկ որոշների դեպքում անգործություն է ցուցաբերում, դրա մասին խոսել ենք։ Սրա արդյունքում հավաքագրվում են գումարներ հարկ վճարողների կողմից, որոնք կուտակվում են, դրանք նաեւ իրացվում են այս պարագայում Կենտրոնական բանկում  դրված ավանդների տեսքով։

Երեկվա  դրությամբ 361 միլիարդի հասնող այս գումարը, ուղղակի, ռեկորդային է։ Համեմատության համար ասեմ, որ նախորդ տարվա միջինը 171 մլրդ էր, սակայն այս պարագայում նաեւ Կենտրոնական բանկը նույնպես շարունակում է այս գումարները տնտեսության մեջ չդնել, այդ գումարներով  ձեռք է բերում պահուստներ, որոնք արտարժույթի տեսքով դրվում են արտերկրում, մասնավորապես, ԱՄՆ-ում։ Արդյունքում ստացվում է մի զավեշտալի իրավիճակ, երբ ՀՀ բյուջեի  եկամտի մասով եկամուտները ներդրվում են ԱՄՆ տնտեսությունում եւ, փաստացի, նպաստում են ԱՄՆ տնտեսության զարգացմանը։

Ես ուզում եմ հասկանալ` արդյո՞ք այս իրավիճակին տիրապետո՞ւմ է Կառավարությունը, այս շղթային ինչպե՞ս է վերաբերվում։ Սա ինչպե՞ս է տեղավորվում տնտեսական հեղափոխության տրամաբանության մեջ։  Կառավարությունն ինչպե՞ս է կարողանում մեր երկրի առջեւ ծառացած նման մարտահրավերները լուծել այս միջոցներով։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Խնդրեմ, պրն Ջանջուղազյան։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Տիկին Թանդիլյան, դուք թվերն արդարացիորեն նշեցիք։ Միայն Կառավարությանը դիտարկել որպես հարցի կարգավորող` տվյալ դեպքում մի քիչ թերագնահատված կլինի, որովհետեւ Կառավարությունն իր գործառույթն է իրականացնում, Կենտրոնական բանկը` իր գործառույթը։

Մենք առիթ ունեցել ենք այս հարցին անդրադառնալ։ Այստեղ մենք կոորդինացիայի ներընկալման բավականին բարձր  որակ ունենք։ Արդյունքում համագործակցելով` մենք կոմպենսացնում ենք այն բացը, որը մենք ձեզ հետ միասին արձանագրել ենք։

Բացի մասին էլի առիթ է եղել խոսել։ Տվյալ դեպքում ոչ թե խոսքը վերաբերում է հավաքելուն, այլ հարկ վճարողների կողմից առաջացած պարտավորությունները կատարելուն, որը ողջունելի է, եւ վարչական կազմակերպմանը, որ որեւէ մեկի մտքով չանցնի չարամտորեն խուսափել հարկերի վճարումից։ Այս բոլորը դրական մասն է այս պատմության։ Մենք ունեինք նաեւ մյուս մասը, որ այն կանոններով ենք առաջնորդվել բյուջետավորելիս, որը հնարավորություն է տալիս ենթակառուցվածքների մեջ ներդրումներ անել, եւ որոշակի տարածք է ձեւավորվել` կապիտալ բնույթի ծախսեր իրականացնելու համար։ Այստեղ էլ խնդիր կա, իմ գործընկերն էլ նշեց դա, որ մենք կարողությունների խնդիր ունենք թե՛ որպես պատվիրատու, թե՛ որպես կատարող։ Այս բոլորը  բազմիցս քննարկվել է։

Թե Կենտրոնական բանկի գործողությունները որքանո՞վ են իրավաչափ, թե որքանո՞վ են արդյունավետ, մեր կարծիքով՝ հնարավորություն կլինի հաշվետվության տեսքով լսել, երբ Կենտրոնական բանկն իր հաղորդումը կունենա դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքների վերաբերյալ։

Համենայնդեպս, ձեր հարցի այն մասը, թե, արդյո՞ք, մենք տիրապետում ենք, արդյո՞ք ընդունում ենք այդպիսի կառավարումը, ապա պատասխանն այո է, որովհետեւ մենք ընկալում ենք, որ մենք ունենք համագործակցության եւ կոորդինացիայի բավականին բարձր որակ։ Այն,  ինչը հավաքված է եւ որպես ավանդ ներդրված է  Կենտրոնական բանկում, ոչ թե չաշխատող միջոցներ են, այլ այդ միջոցներն օգտագործվում են Կենտրոնական բանկին վերապահված օրենսդրությամբ իր լիազորության շրջանակում, իր ամբողջ գործիքակազմի միջոցով, որպեսզի հավասարակշռությունը չխաթարվի։

Մենք ունենք ֆինանսական կայունության վերաբերյալ ոչ միայն մեր ընկալումը եւ մեր գնահատականը, որ պատշաճ վիճակում է գտնվում, այլ նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաեւ ներդրողների ընկալումը, որ մեր ֆինանսական համակարգը գտնվում է բավականին կայուն վիճակում, իսկ հարկաբյուջետային համակարգը, համենայնդեպս, ռիսկերի կառավարման տեսակետից գնահատվում է որպես բավականին լավ, առավել եւս, դինամիկայի տեսակետից դրական որակ ունեցող համակարգ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքեք, խնդրեմ։

Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆ

-Պրն Ջանջուղազյան, ես պատահական չնկարագրեցի շղթան, որպեսզի մենք տեսնենք, թե ՀՀ հարկատուի վճարած միջոցների արդյունքում գոյացած գումարը ո՞ր է հասնում եւ ի՞նչ տնտեսության է նպաստում։

Զավեշտը հենց այստեղ է, որ մեր տնտեսությանը նպաստելու փոխարեն այս գումարները նպաստում են աշխարհի հզորագույն տերության տնտեսությանը։ Կարծեք թե այս առումով է իմ դիտարկումը, թե, արդյոք, սա որքանո՞վ է արդարացի հարկ վճարողի նկատմամբ մեր երկրում, օրեցօր  կուտակվող խնդիրների նկատմամբ մեր երկրում, եւ այն, թե ինչպե՞ս է Կենտրոնական բանկն իրացնում իր ավանդները։ Ակնհայտորեն, ինչ-որ մի հարց է լուծում, բայց սա իր հերթին չի վերածվում ավելի ցածր տոկոսով գումարների հատկացմանը բանկերին, որը կարող էր իր հերթին վերածվել տնտեսության զարգացմանն այլ ծրագրերի շրջանակներում։ Սրա մասին է խոսքը։

Գումարներն այնքան մեծ են, որ հայ-ռուսական հարաբերությունների, այս տեսանկյունից կարող է` ուզենանք դիտարկել, թե, արդյո՞ք սա չի խաթարո՞ւմ այդ հարաբերությունները։ Սա` հումորի տեսքով, բայց ակնհայտ է, որ մենք այստեղ խնդիր ունենք, եւ իմ տպավորությամբ` նաեւ դուք սատարում եք այս լուծումները։

Ա.ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

-Տիկին Թանդիլյան, 350 միլիարդը, բնականաբար, մեծ թիվ է, 360 միլիարդը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Կենտրոնական բանկի կողմից անհամեմատ ավելի մեծ դրամական զանգված է կառավարվում, եւ այդ ամբողջության մեջ ինքն այդքան նշանակալի չէ։ Ձեր նկարագրած  շղթան ուղղակիորեն չի արտահայտում այն պատկերը, որն իրականում  Կենտրոնական բանկը կառավարում է, ավաղ, որովհետեւ դա ընդամենը մի մասն է, եւ միայն հարկ վճարողների միջոցները չեն, որ Կենտրոնական բանկը որպես դրամական զանգված կառավարում է։ Սա պատմության մի մասն է։

Երկրորդը. մեր տնտեսությունն այնպիսի  կառուցվածք ունի, ավաղ, որ  մենք ավելի մեծ ներմուծում ունենք առայժմ, քան արտահանում, հետեւաբար` մենք բոլորս միասին ֆինանսավորում ենք  արտաքին առեւտրի ճանապարհով արտաքին տնտեսությունները։ Դրա համար մեր բոլոր ջանքերը հենց այդ ուղղությամբ են ներդրված, որպեսզի մեր արտահանման ծավալների ավելացման արդյունքում գնալով նվազեցնենք այս խզումը, եւ, ի վերջո, հասնենք նրան, որ մեր արտահանումն ավելի մեծ լինի, քան ներմուծումը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Լիլիթ Ստեփանյան, նախապատրաստվի Հայկ Կոնջորյանը։

Լ.ՍՏԵՓԱՆՅԱՆ

-Մեծարգո վարչապետ, հարգելի Կառավարություն, մեծ թվով մեր հայրենակիցներ ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում, այսպես կոչված, թեժ կետերում, ուր քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված, մեղմ ասած, այնքան էլ խաղաղ չէ։ Սիրիայում տեղի ունեցող պրոցեսները եւ պատերազմական վիճակը ցույց տվեցին, որ մենք ամեն րոպե կարող ենք գործ ունենալ չպլանավորված հայրենադարձության հետ, ինչպես դա եղավ, 1989, 1991, 2003 եւ 2012 թվականներին։

Գաղտնիք չէ, որ թե՛ հայրենադարձվողի, թե՛ ընդունող երկրի համար թիվ մեկ խնդիրը կացարանի կամ  ժամանակավոր տանիքի տրամադրումն է։ Սրա հետ կապված է հարցս։ ՀՀ-ի շատ մարզերում եւ Երեւանում մենք ունենք չմասնավորեցված շենք-շինություններ։ Հնարավո՞ր է դրանք դիտարկել որպես ժամանակավոր կացարան հայրենադարձների համար, եթե որոշակի բարեկարգման աշխատանքներ կատարվեն։ ՀՀ-ն այդ պրակտիկան արդեն ունի։

Երկրորդ հարցս, որը հայրենադարձությանն է վերաբերում։ Ի՞նչ վերաբերմունք ունի եւ ի՞նչ դիրքորոշում ունի Կառավարությունը հիմնադրամի ստեղծման վերաբերյալ, որտեղ մուտքագրված գումարները կուղղվեն միայն հայրենադարձների ինտեգրումն ավելի դյուրին դարձնելուն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Զոհրաբ Մնացականյանը: Խնդրեմ, պրն Մնացականյան։

Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Ստեփանյան, ինչ վերաբերում է Սիրիային, եւ դուք անդրադարձաք այս հարցին, խոսքը վերաբերում է իրապես բավական բարդ իրավիճակի։ Այս ժամանակահատվածում, այս շրջանում բավական մեծ ծավալով աշխատանք էր տարված, որպեսզի մենք կարողանանք վստահ լինել, որ հստակ պատկերացում ունենք, թե ինչպե՞ս են լինում զարգացումները, եւ ինչպե՞ս է դա անդրադառնում Սիրիայի քաղաքացիական բնակչությանը, ներառյալ նաեւ մեր հայրենակիցներին, որոնք ապրում են տարբեր բնակավայրերում, եւ այս դեպքում նաեւ բնակավայրում, որը ռիսկային էր։ Մենք հստակորեն տիրապետում ենք այդ իրավիճակին, սա շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Բոլոր համապատասխան մեխանիզմները դրա համար գործածվել են։

Ինչ վերաբերում է հայրենադարձությանը, այդ առումով այստեղ կա երկու հատված։ Նման դեպքում սա հայրենադարձություն չէ, այլ ավելի շատ փախստականների հոսք, որը տարբեր բան է։ Այդ առումով` մեր աշխատանքներում եւ մեր կապերի հաստատման միջոցով տարբեր օղակներում` եւ՛ համայնքային, եւ՛ կառավարական, եւ՛ մեր տարբեր գործընկերների միջոցով մենք հաշվարկում էինք, թե ինչպե՞ս ենք գործելու, եթե ունենանք նման փախստականների հոսք՝ Սիրիայի քաղաքացիական հասարակության, որոնց  մեջ մտնում են մեր հայրենակիցները, սիրիացի  քաղաքացիները, որոնք ազգությամբ հայ են։ Այդ առումով` նման ռիսկ, չեմ ուզում առաջ վազել, բայց նման ռիսկը հիմա  ավելի  նվազ է, սակայն մեր ուշադրությունը լինում է բավական բարձր։

Ինչ վերաբերում է հայրենադարձությանը,  հայրենադարձությունը  տարբեր խնդիր է փախստականների հոսքից։ Դրա համար Կառավարության կողմից մշակվում են համապատասխան ծրագրեր, որոնք ուղղված են հայրենադարձությանը նպաստելուն։ Ուզում եմ շեշտել, որ սրանք երկու տարբեր գործառույթներ են։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար, խնդրեմ։

Լ.ՍՏԵՓԱՆՅԱՆ

-Պրն Մնացականյան, գիտեմ, որ երկու տարբեր պրոցեսների հետ գործ ունենք, խոսքս հենց չպլանավորված, նաեւ փախստականների հոսքի մասին էր, եւ քանի որ ՀՀ-ում կան շենք-շինություններ, որոնք հեշտությամբ կարող ենք վերածել ժամանակավոր կացարանի, պարզապես, ուզում էի Կառավարության դիրքորոշումը հասկանալ այս ուղղությամբ։

Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

-Նորից կրկնեմ. երբ որ իրադարձությունները զարգանում էին եւ կային բավականին անորոշություններ, այս վերջին իրադարձությունների, այս վերջին զարգացումների հետ կապված` մեզ մոտ գործում էր համակարգված մեխանիզմ, որը ներառում էր պետական տարբեր  մարմիններ, մենք համագործակցում էինք, համակարգում էինք դա անվտանգության խորհրդի միջոցով։

Առաջին ամենակարեւոր գործառույթն էր գնահատել ռիսկերը, թե ի՞նչ ուղղությամբ կարող են լինել նման հոսքեր, նաեւ պատրաստ լինել գնահատել այն ճանապարհները, որոնց միջոցով այդ հոսքերը կարող են գալ Հայաստան։ Այդ առումով`  նաեւ գնահատել, թե ինչպես ենք մենք անդրադառնում, եթե նման հոսք լինի դեպի Հայաստան։ Այդ առումով` մեզ մոտ բավական աշխատանք է տարվել։ Հիմա այդ աշխատանքը կատարված կա, բայց իրավիճակն իր տրամաբանությունն ունի, եւ մենք, բնականաբար, հաշվի ենք առնում այդ տրամաբանությունը։ Դա հոսք է, որը մարդիկ իրենք են կառավարում` ինչ ուղղությամբ, ինչպես են ցանկանում շարժվել, նաեւ այնպես չէ, որ մենք քաջալերում ենք, որպեսզի մեր հայրենակիցները, որոնք Սիրիայի քաղաքացիներ են, իրենք որոշումներն ընդունեն` կտրելով իրենց պատկանելիությունն այդ երկրին, այդ ժողովրդին, այդ հասարակությանը, որի մեջ նաեւ իրենք բավական կարեւոր մաս են։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Հայկ կոնջորյանը դահլիճում չէ : Սարգիս Ալեքսանյան՝  «Լուսավոր Հայաստան», խնդրեմ։

Ս.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Հարգելի Կառավարության անդամներ, խնդրում եմ տալ տեղեկատվություն, թե ինչ ժամկետներում եւ ինչ չափով է հատուցում տրվելու այս տարվա գարնանը Տավուշի մարզի Բերդավան, Կողբ, Այգեհովիտ, Խաշթառակ, Վերին Կարմրաղբյուր, Նորաշեն, Ծաղկավանք, Չորաթան, Չինչին, Բերդ համայնքներում կարկտահարությունից մեծ վնասներ կրած մեր քաղաքացիներին։ Բերդավանում ցանքատարածքները եւ այգիները ենթարկվել են կրկնակի կարկտահարության։  Վնասները հասնում են մինչեւ 80%-ի։ Վնասը գույքագրված է համայնքապետարանների եւ մարզպետարանի կողմից, հաստատված է։ Ի վերջո, հատուցում տրվելո՞ւ է, ե՞րբ եւ ի՞նչ չափով։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Տիգրան Խաչատրյանը։ Խնդրեմ, պրն Խաչատրյան։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պրն Ալեքսանյան, այդ աշխատանքներն ամփոփման փուլում են, վնասի ամբողջական գնահատումն ավարտված է, մոտ 8,6 մլրդ դրամ համապատասխանաբար գնահատված է նաեւ հատուցման ենթակա գումարի չափը, որը ներկայում գտնվում է ճշտումների վերջնական փուլում։ Ես խնդրում եմ, որ նման դեպքերում գրավոր դիմեք, մենք մանրամասն պարզաբանումներ կտրամադրենք։ Տեխնիկական հարց է, շատ արագ արդեն այդ վերջին քննարկումները կավարտենք եւ Կառավարությունը համապատասխան որոշումները կկայացնի։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար` խնդրեմ։

Ս.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Որքան հասկացա, այս տարվա մեջ արվելու է, հատուցում տրվելու է։

Այս հարցն առկախված է, որքան հիշում եմ` ամեն տարի մենք կարկտահարության այս հարցը բարձրացնում ենք, պետք են արմատական լուծումներ։ Դա գյուղատնտեսության ապահովագրության միջոցով է արվո՞ւմ, թե՞ նոր կայաններ, կարկտահարության դեմ պայքարի, զենիթային հրթիռների։ Այս փոքր հատուցումը հարցի լուծում չի, բայց...

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շատ ճիշտ եք, երեւի, այդ մասը ես պետք է լրացուցիչ պարզաբանեի։ Մենք հիմա արդեն գործարկում ենք ապահովագրության համակարգը։ Արդեն պոլիսները սկսել են վաճառել համապատասխան հինգ մարզերում 2 մշակաբույսերից 3 ռիսկերից ապահովագրելու համար։ Այն դեպքերում, որտեղ մենք կգործարկենք ապահովագրական համակարգի գործողությունը, այլեւս այսպիսի  վնասի ուղիղ հատուցում տեղի չի ունենա, քանի որ Կառավարությունը համաֆինանսավորելու է այդ ապահովագրավճարների կեսը։ Մենք այդ մասով հատուկ պարզաբանումներով առաջիկայում հանդես կգանք։ Այս մասով, այս ձեւով սա վերջին հատուցումը կլինի։

Հաջորդը. առաջիկա մեր ծրագրային աջակցության շրջանակներում մենք ավելի շատ կխրախուսենք, որ գյուղացիական տնտեսություններն օգտվեն ապահովագրվելու եւ ավելի մեծ չափով հատուցվելու իրավունքից եւ հնարավորությունից։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Հաջորդ հարցի համար՝ Թագուհի Ղազարյան, նախապատրաստվի Շաքե Իսայանը։

Թ.ՂԱԶԱՐՅԱՆ

-Հարգելի Կառավարություն, շնորհակալություն այսպես հանգամանալից բոլոր հարցերին անդրադառնալու համար։ Ես մտածում էի, որ երեւի, առաջարկությամբ հանդես գամ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոխենք ֆորմատը, որ, գոնե, երբ 2 ժամից ավելի է տեւում Կառավարության հետ հարց ու պատասխանը, ընդմիջում ունենանք։ Դա` միջանկյալ։

Հիմա` բուն հարցս։ Հարցս ուղղում եմ նախարար Բաթոյանին։ Տիկին Բաթոյան,  գիտեմ, որ ձեր նախարարությունը զբաղվում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց հարցերով, ունեք առանձին ծրագրեր։ Ես ուզում եմ իմանալ, արդյո՞ք դուք ունեք ընտանեկան բռնության ենթարկված անձանց վիճակագրություն, ի՞նչ աջակցության ծրագրեր եք այս պահին անում, եւ ո՞ր կազմակերպությունների հետ եք աշխատում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի Զարուհի Բաթոյանը։ Խնդրեմ, տիկին Բաթոյան։

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Շնորհակալություն: Իրականում աջակցման ծրագրերը սկսելու են 2020 թվականից, 3 նոր ծրագրեր մեկնարկելու են տարվա սկզբին։  Դրանցից առաջինն ապաստարանների ծառայությունների տրամադրումն է։  Երկու ապաստարանի ծառայություն պետք է պատվիրակենք որեւէ կազմակերպության  մրցութային կարգով։ Այստեղ 60 անձանց ծառայություն մատուցելու մասին է խոսքը։ Երկրորդ ծրագիրն ուղղված է լինելու աջակցման, խորհրդատվության կենտրոններին։ Այս պահին մեր ենթակայությամբ գործում են 6 աջակցման կենտրոններ, որոնցից 3-ը` Երեւանում, եւ 3-ը` տարբեր մարզերում։ Այս ծրագրերը շարունակվելու են։ Աջակցման կենտրոնները տրամադրելու են խորհրդատվություն, ուղղորդում, իրավաբանական, սոցիալական, հոգեբանական աջակցություն են տրամադրելու, եւ, իհարկե, մեկանգամյա ֆինանսական աջակցության հնարավորությունը ժամանակավոր բոլոր այն անձանց, ովքեր ունեն սոցիալական աջակցության կարիք։ Խոսքը բռնության ենթարկված անձանց մասին է։

Ինչ վերաբերում է հաշվառմանը, վիճակագրությանը, ապա այստեղ մենք ունեինք լուրջ խնդիր, հաշվառման կարգը բոլորովին վերջերս է հաստատել Կառավարությունը, որովհետեւ տարբեր մարմիններ տարբեր վիճակագրություն էին վարում։ Հենց նաեւ դա էր պատճառը, որ թվերն իրարից տարբերվում էին։ Այս պահին սկսվել են աշխատանքները։ Վիճակագրական տվյալները տարբեր են, այսինքն` ոստիկանությունն ունի իր տվյալները, քննչական կոմիտեն` իր տվյալները։ Մենք աշխատում ենք բոլոր կազմակերպությունների հետ։ Այստեղ հիմնականում խորհրդատվական աշխատանքներ են։ Որեւէ ֆինանսական համագործակցություն, որը կպարունակի ֆինանսական համագործակցություն կամ պայմանագիր, դեռ չկա։ Այս բոլոր ծրագրերի մեկնարկը կլինի 2020 թվականից։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար` խնդրեմ։

Թ.ՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես ցանկանում եմ, որ մենք ավելի ակտիվ մարդու իրավունքների հանձնաժողովի հետ համագործակցենք այս ոլորտում, եթե հնարավոր է, եթե փոխադարձ աջակցության կարիք կա։ Եթե ունեք ավելացնելու բան, խնդրեմ:

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Պետք է նշեմ, որ այս ոլորտում մենք աշխատում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի, նաեւ սփյուռքի բարերարների հետ, որովհետեւ վերապատրաստվել են նաեւ մասնագետները, այդ թվում՝ 911-ի մասնագետները, որոնք նաեւ զանգերի միջոցով կարողանում են աջակցություն ցուցաբերել հենց ընտանեկան բռնության ենթարկված անձանց կամ ովքեր նման խնդիր ունեն։ Այս իմաստով մենք կարեւորում ենք այդ մասնագետների վերապատրաստումը, ովքեր աշխատում են ընտանիքների հետ, որպեսզի կարողանանք նախ` կանխարգելման հարցեր լուծել, հետո նաեւ ուղղորդման։ Այս իմաստով շատ կարեւոր է համագործակցությունը թե՛ ՀԿ-ների, թե՛ խմբակցությունների հետ, թե՛ միջգերատեսչական համագործակցությունը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շաքե Իսայան, նախապատրաստվի Ծովինար Վարդանյանը։

Շ.ԻՍԱՅԱՆ

-Կառավարության հարգելի անդամներ, իմ հարցը վերաբերում է Վարդենիս համայնքի քաղաքային հիվանդանոցին, որի շուրջ տեւական ժամանակ է` քննարկումներ եւ բանավեճեր են ընթանում, եւ, կարծես թե, հանգուցալուծումը չի գտնվում, եւ որի վերաբերյալ դեռեւս ամիսներ առաջ  իմ գործընկեր Թագուհի Թովմասյանն այս ձեւաչափով հնարավորություն ունեցել է հարց ուղղել Կառավարությանը, որից հետո հանրային լսումներ է կազմակերպել: Բայց քանի որ օրերս  մարզային այցելության ընթացքում բնակիչներին գոհացուցիչ չէր հարցի լուծման ընթացքը, ինձ հորդորեցին, որ եւս մեկ անգամ այս հարցը բարձրացնել։

Հիշեցնեմ, որ խոսքը Կառավարության, դեռեւս 2018 թվականի ապրիլի 12-ի կայացած որոշման մասին էր, որով սույն հիվանդանոցը միավորվել էր պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալին։ Սույն որոշումը մինչեւ օրս կյանքի չի կոչվել նաեւ վարդենիսցիների բողոքի հետեւանքով, ովքեր պնդում են, որ իրենց անհրաժեշտ է քաղաքացիական հիվանդանոց, եւ միավորման դեպքում մանկական բաժանմունքը եւ ծննդատունը եւս տեղափոխվելու է զինվորական հոսպիտալ, ինչն իրենց համար անհարմարություններ է առաջացնելու, նաեւ ծանրաբեռնվածության պատճառով դժվար հասանելի կլինի բուժսպասարկումն ինչպես Վարդենիս համայնքի, այնպես էլ ողջ տարածաշրջանի ազգաբնակչության համար։

Եթե չեմ սխալվում, վերջին հանրային տեղեկությունն այս մասով այն էր, որ պայմանավորվածություն կար, որ համայնքի կողմից պետք է ներդրումային ծրագիր ներկայացվեր, որից հետո Կառավարությունը դիտարկելու էր հիվանդանոցը համայնքին օտարելու տարբերակը։ Եթե չեմ սխալվում, այդ վերջնաժամկետը հոկտեմբերի 20-նն էր։ Կցանկանայի իմանալ` արդյո՞ք արդեն իսկ ներկայացվել է ներդրումային ծրագիրը, քննարկում եղե՞լ է Կառավարությունում այս հարցով, թե՞ ոչ, եւ, առհասարակ, այս հարցով ի՞նչ առաջընթաց ունենք։

Եվս մի հարց։ Քանի որ հանդիպման ընթացքում հասկացա, որ որոշակի տարընկալումներ կան` կապված միավորման հիմքի հետ, կխնդրեի, որ եւս մեկ անգամ շատ կարճ մատնանշել, թե ո՞րն է եղել սույն որոշման հիմքը։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Խնդրեմ։

Դ.ՏՈՆՈՅԱՆ

-Տիկին Եսայան, տեսեք, թե ինչո՞ւմ է խնդիրը. շատ պարզ. պաշտպանության նախարարությունը փաստացի իր վրա վերցնում է ծանրաբեռնվածություն, քաղաքացիական եւ ռազմական հոսպիտալը, քանի որ իրենք գործում են մեկ ենթակառուցվածքում, այդ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։  Դա Կառավարության որոշմամբ արդեն հաստատված է։

Երբ մենք սկսեցինք գործընթացը, պետք էր ենթակառուցվածքն  օրինականացնել պաշտպանության նախարարության գույքային համակարգում։ Կային խնդիրներ, որ եւ՛ հոսպիտալը, եւ՛ քաղաքացիական հիվանդանոցը  կադաստրային ճիշտ գրանցում չեն ունեցել, որից հետո սկսվեց, երկարացվեց այդ ժամանակաշրջանը, եւ չկարողացանք իրացնել մեր ծրագրային պարտավորությունները մինչեւ վերջ, բայց հիվանդանոցը շարունակել է գործել, եւ՛ քաղաքացիներին, եւ՛ զինվորականներին տրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Ի՞նչ է դրա հիմքում. փոքր բնակչություն, բավականին մեծ քանակությամբ  զինվորականներ, քաղաքացիական հիվանդանոցը գտնվում էր ոչ պատշաճ մակարդակում, զինվորականը` ավելի շատ։ Հետո, բացի դրանից, կային կադրային խնդիրներ, որովհետեւ եթե ժամանակին մենք զինվորական բժիշկներին հրամանով  կարողանում ենք այնտեղ գործուղել, այդ խնդիրը քաղաքացիական մասում մի քիչ դժվար է իրականացնել։ Դրա համար որոշումը կայացվել էր` թողնել դա զինվորականների մոտ։

Հիմա, մեզ ասացին, ՏԻՄ-ները մեզ տեղեկացրեց, որ կա դժգոհություն։ Գնացինք, ստուգեցինք, դժգոհությունը որոշակի առկա է, բայց անորոշ բացատրություններով. աշխատանքից կհանեն, այս կանեն, այն կանեն եւ այլն։  Մենք բոլորին ասացինք, անգամ տարեց մարդկանց, որոնք թոշակի տարիքի են, որ մենք վերցնում ենք ծառայության, համապատասխան հաստիքները բացվել էին։

Կար ծննդատան հետ կապված խնդիրը։ Այդ ծանրաբեռնվածությունն էլ էինք վերցնում մեզ վրա։ Պոլիկլինիկայի խնդիրը չէինք կարողանում լուծել, որովհետեւ դա մեզ վրա բավականին մեծ բեռ էր լինում, պոլիկլինիկա, որը որպես առանձին ՓԲԸ, սկսել էր գործել, փակ թե բաց` չեմ հիշում։

Այս պահին ՏԻՄ-ները մեզ ներկայացնում են, ասում են, որ մինչեւ հոկտեմբերի 20-ը ներդրումային ծրագիր կներկայացնեն, որը մենք դեռեւս չենք ստացել։ Այսքանը։ Մենք շարունակում ենք աշխատանքն այդ ուղղությամբ։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքի համար` խնդրեմ։

Շ.ԻՍԱՅԱՆ

-Պրն Տոնոյան, բնակիչներն ինձ փոխանցել են, որ ներդրումային ծրագիրն ամսի 20-ին փոխանցվել է մարզպետարան։ Հուսով եմ, որ դուք եւս առաջիկայում հնարավորություն կունենաք ծանոթանալ։ Եթե կլինի հնարավորություն, եւ փաստաթուղթը որեւէ գաղտնիություն չի պարունակի, կխնդրեի, ինձ եւս փոխանցել այդ ներդրումային ծրագրի տարբերակը։

Պրն Տոնոյան, ես այսպես եմ հասկանում, որ բուն պատճառը, փաստացի, եղել է բուժանձնակազմի համալրման հարցը եւ աշխատանքային այն պայմանները, որ նրանք ի վիճակի չեն եղել պատշաճ աշխատանք կատարել։ Եթե այսպես է ստացվում, որ ներդրումային ծրագրով կարողանում ենք աշխատանքային պայմանները բարելավել, եւ առողջապահության նախարարության կողմից տարվող` վերջին ամիսներին սահմանամերձ համայնքներում բժիշկներին արտոնություն տրվելու քաղաքականությունը կա, եւ եթե Կառավարության համար սա իմպերատիվ պահանջ չէ, գուցե. դիտարկե՞նք, իսկապես, այդ հնարավորությունը եւ քաղաքացիների` քաղաքացիական հիվանդանոց ունենալու իրավունքն ու ցանկությունը։

Դ.ՏՈՆՈՅԱՆ

-Մենք առողջապահության նախարարության հետ առաջին հերթին կքննարկենք այդ հարցը, նաեւ կներկայացնենք Կառավարությանը, բայց խնդիրը նրանում է, որ ես չեմ կարողանում հասկանալ, քաղաքացիական կամ զինվորական հոսպիտալի միջեւ ի՞նչ տարբերություն է քաղաքացիականի համար, որ, օրինակի համար` ծառայությունները մատուցվեն զինվորական հոսպիտալում։ Նույն այդ հիվանդները գնում են բժշկի մոտ, հիվանդները չեն գնում ենթակառուցվածք։

Եթե համայնքի համար նախընտրելի է, եւ համայնքն ունի այն ներդրումային ներուժը, որ կարողանա իրականացնել առանձին բժշկական ծառայությունների ապահովումը, մենք խնդիր չենք տեսնում։ Նպատակը եղել է, երեւի, տնտեսական եւ անձնակազմի կառավարման ոլորտում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Հաջորդ հարցի համար՝ Ծովինար Վարդանյան, խնդրեմ։

Ծ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ էկոնոմիկայի նախարար պրն Խաչատրյանին։ Պրն նախարար, «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» օրենքի քննարկման  ընթացքում նախարարության ներկայացուցիչը նշեց, որ նախարարությունում արդեն իսկ կա օղակ, որն ուղեկցում է հնարավոր ներդրողներին բոլոր անհրաժեշտ գերատեսչություններ, սակայն իրազեկման խնդիր կա, այսինքն` հանրությունն այդքան էլ տեղեկացված  չի դրանից։

Ես ձեզ խնդրում եմ, եթե հնարավոր է, ներկայացնել, թե ո՞ր օղակն է  դա, ինչպե՞ս կարող են ներդրողները դիմել, ինչպես նաեւ մի փոքր ներկայացնել, թե ո՞ր փուլում է գտնվում մեկ պատուհանի ներդրման գործընթացը։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Խնդրեմ, պրն Խաչատրյան, համեցեք։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, տիկին Վարդանյան, ճիշտ է եղել պարզաբանումը, արդեն մի քանի ամիս է` նախարարությունում գործում է խումբ, սկսած որեւէ ներդրողի մոտ պետական կառավարման ընթացակարգերին վերաբերող հարցերից մինչեւ տարբեր գերատեսչություններում առաջացած խնդիրները միասին քննարկելու եւ լուծումներ գտնելու անհրաժեշտությունն այդ  անձինք աշխատում են տարբեր ներդրողների հետ, դիմորդների հետ, շատ դեպքերում աջակցում են այդ խնդիրների հանգուցալուծմանը կամ լուծումներ գտնելուն։

Համաձայն եմ ձեզ հետ, որ եղել է իրազեկման որոշակի պակաս` պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ ժամանակի ընթացքում պետք է վերջնական մոտեցումների գայինք, թե դա ինչպիսի՞ կառուցվածքային հանգրվան է ունենալու։

Վերջին ամսվա ընթացքում եկել ենք նաեւ այդպիսի որոշման, նախարարության համակարգում գտնվող հիմնադրամը, որ անցյալում պատասխանատու էր միայն ՓՄՁ-ին աջակցելու համար, ընդլայնել ենք իր գործառույթները, նրա աշխատանքը բաժանված կլինի երկու հիմնական մասի։ Մի մասը կշարունակի պատասխանատու մնալ փոքր բիզնեսի աջակցության ծրագրերի համար, մյուս մասը հատուկ հանձնարարություն կունենա, ընդհանրապես, այս մեկ պատուհանը եւ ներդրողների աջակցման մեկ հենակետ ձեւավորելու ուղղությունը սպասարկելու համար։

Այն անձինք, ովքեր այս ամիսների ընթացքում զբաղվում էին դրանով, հիմա համարվում են այդ հիմնադրամի աշխատակիցներ։ Հիմնադրամը նաեւ վերանվանել ենք, կոչվում է՝ Ներդրումների աջակցության կենտրոն։  Մենք նաեւ այս հարցում հանրայնացման, այս ընկալումը փոխելու անհրաժեշտությունն ունենք, որ առաջիկայում, բնականաբար, կանենք։

Կապվել էլեկտրոնային եղանակով հեռախոսահամարներով։ Մենք ունենք էլեկտրոնային հասցե, որը կոչվում է «one.window@mineconomy.am»։ Այդ մարդկանց ուղիղ կապն է դա, նաեւ հեռախոսահամար, քանի որ այս ձայնագրությունը հետո հասանելի կլինի բոլոր այն անձանց համար, ովքեր ուզում են ուղիղ, կարճ դիմել, ապա 011 590 720։ Պատասխանատուների խմբի ղեկավարն Արամ Վարդանյանն է։

Ուզում եմ շեշտել, որ այս ամիսների ընթացքում չի եղել որեւէ դեպք, երբ այդ հարցերով հետաքրքրված մեկը դիմի մեծ կամ փոքր կարեւորության հարցով եւ հնարավորություն չունենա հանդիպել նախարարի տեղակալի, հաճախ՝ իմ, հատկապես այդ խմբի ղեկավարի հետ։ Դա մշտապես տարվող աշխատանք է, արվել է վերջին շրջանում եւ ավելի մեծ ծավալներով եւ պատասխանատվությամբ արվելու է նաեւ առաջիկայում։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք, խնդրեմ։

Ծ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Այսինքն` ՓՄՁ ԶԱԿ-ն է վերանվանվե՞լ Ներդրումների աջակցման Կենտրոն։

Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Մենք աշխատում ենք կառուցվածքային օպտիմիզացիայի տեսանկյունից պահել քիչ կառույցներ։ Այո, նպատակահարմար ենք գտել, որ ՓՄՁ ԶԱԿ-ն այսուհետ կոչվի  Ներդրումների աջակցության կենտրոն։ Այն անձնակազմը, որ զբաղվել է փոքր եւ միջին բիզնեսի ծրագրային հարցերով, շարունակում է լինել այնտեղ, ինքնուրույնաբար առանձին է։ Այս նոր անձնակազմը պատասխանատու է մեկ պատուհան սպասարկելու համար։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Սարիկ Մինասյան` «Լուսավոր Հայաստան»: Հանո՞ւմ եք հարցը: Շնորհակալություն: Արթուր Դալլաքյան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, խնդրեմ։

Ա.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Հարգելի Կառավարություն, այս տարվա սկզբին մենք լսեցինք Կառավարության կողմից այն ծրագրերը, նամանավանդ ես կուզենայի շեշտել տրանսպորտի ոլորտում զարգացումների մասին։

Տեսեք, թե ինչ է կատարվում։ Պրն Պապիկյան, լսեցի, որ դուք  մոտ 500 միլիոնի ներդրումներ եք պատրաստվում մեր մարզային  համայնքներում մի քանի տեսակ խնդիրներ լուծելու համար։ Պարզ ասեմ ի սկզբանե դա փոշիացում է, քանի որ այս շրջանում մենք շատ խոսեցինք դրա մասին, բայց ես չլսեցի, վերջիվերջո, այն խնդիրների մասին, որոնք բերել են կոնկրետ այն իրավիճակին, որ այսօր հասարակական տրանսպորտը չի կարողանում զարգանալ ՀՀ-ում։

Այո, ճիշտ պարզաբանեցիք, ա կետից բ կետ, բ կետից ց կետ. տեսական իրավիճակ։ Ես ուզում եմ ձեր պատասխանների մեջ այսօր լսել, թե կոնկրետ ձեր կողմից ի՞նչ է արձանագրված խնդիրների շուրջ, եւ ո՞ր խնդիրներն են, որ այսօր թույլ չեն տալիս, որ հասարակական տրանսպորտը զարգանա ՀՀ-ում։

Կխնդրեի, որպեսզի նաեւ կոնկրետ այն խոշոր խնդիրների մասին խոսեք, քանի որ խնդիրները շատ-շատ են, որ կուզենայի պարզաբանում լսել, որ կոնկրետ այդ խնդիրները լուծելով, գոնե մոտակա մեկ տարվա մեջ մենք կունենանք այն երազելի հասարակական տրանսպորտը, որի մասին շատ խոսում ենք։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Այսօրվա վերջին հարցին կպատասխանի նախարար Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ, պրն Պապիկյան։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Պրն Դալլաքյան, այդպես էլ չստացվեց, որ մենք իրար հետ հանդիպենք, ձեր կողմից բարձրացված հարցերի շուրջ քննարկում ունենանք։ Ես շարունակում եմ պատրաստակամ լինել, նաեւ ձեր կողմից լսել, թե ինչո՞ւ են, օրինակ՝ տաքսիները խանգարում, որ միջմարզային, միջհամայնքային տրանսպորտն աշխատի։ Դրա մասին եք, երեւի, խոսում։ Հա, խնդիր ունենք, հետեւյալ խնդիրը կա, մեծ բողոքներ կան մարզերում շահագործվող ուղղությունների գծատերերից, այսօր գիտենք, որ կան զանգերով բավականին էժան տաքսի ծառայություններ, որ մի կողմից` իրենք հարկ են վճարում պետությանը, տաքսի ծառայություններն ավելի ազատ են։ Բնականաբար, քանի որ շատ ավելի հարմար է եւ ավելի մոբիլ է, քաղաքացին օգտվում է տաքսի ծառայությունից։ Այս հարցը կանոնակարգելը, իրականում, երկու խնդիր ունի. մեկը, որ Հայաստանում բավականին զարգացել են տաքսի ծառայությունները, այն բավականին մատչելի է` ի տարբերություն  տարածաշրջանի։ Աշխարհի բոլոր երկրներում էլ ավելի մատչելի տաքսի ծառայություն, երեւի, չհանդիպեք` թե՛ Եվրոպայում, թե՛ ԵԱՏՄ տարածքում, թե՛ Հարավային Կովկասի տարածքում։ Այլընտրանքն այդ տաքսի ծառայությունները թանկ դարձնելն է։ Այսինքն` որպեսզի մենք օգնենք այդ տնտեսվարողներին, որ ունենան ցանկալի կամ որակյալ ծառայություն, մենք պետք է զրկվենք մյուսից։ Սա միայն մեր հայեցողական որոշման հիման վրա չի  կարող լինել, մենք` տնտեսվարողները, ԱԺ պատգամավորները, ովքեր ոլորտին ծանոթ են, պետք է նստենք, խոսենք։ Ես հո չեմ ասում`  եկեք իրար հետ խոսենք, որ մյուս անգամ ինձ հարց չտաք։  Իրապես ասում եմ` եկեք բարձրաձայնենք հարցերը, որ լուծում ստանանք։ Ես ասում եմ` խնդիրների մասին տեղյակ եմ, շատ են այդ խնդիրները։ Այդ խնդիրները լուծելու համար թե՛ օրենսդրական փոփոխություններ են մեզ պետք, թե՛ նաեւ ներդրումներ, դա կլինի մասնավորի կողմի՞ց, թե՞ պետության կողմից` առաջիկայում կհասկանանք, բայց մենք չունենք նույնիսկ տարրական ավտոկայաններ եւ այդ ավտոկայաններում սպասարկում։ Այդ ամեն ինչը ես տեսել եմ, այո,  մենք ժառանգություն ենք ստացել,  նաեւ 1-2 օրում լուծվող խնդիր չէ, սա էլ գիտենք։ Հիմա մի հարց լուծում ենք, որ այդ տրանսպորտը կարողանա հարթ ճանապարհներով երթեւեկել, եւ մի խնդիր վարորդի համար, տնտեսվարողի համար սրանով կարգավորվում է։

Ինչի՞ եմ ես ուզում, որ այդ 500 միլիոնը, տեսական թվի մասին ենք խոսում, մենք ներդնենք համակարգում։ Սա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ հրաժարվեցինք մի քանի օպերատորի կամ մեկ օպերատորի գաղափարից։ Օրինակ` ես հակված եմ, որ ունենանք մի քանի օպերատոր։ Մեկ օպերատորի գաղափարն ինձ համար ընդունելի չէ, որովհետեւ մրցակցայնությունը սպանում ենք դրանով։ Դա է պատճառը, որ ուզում եմ, որ որոշակի համակարգ ունենանք, որ առաջարկելիս, մրցույթ հայտարարելիս մենք ասենք, որ ունենք նաեւ հետեւյալ ձեռքբերումը, եւ այդ ենթակառուցվածքը կարող ենք տրամադրել կոնցեսիոն իրավունքով։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պրն Պապիկյան, թույլ տանք արձագանքի, շարունակեք։

Ա.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պապիկյան, ամեն դեպքում մենք խոսելու ենք, խնդիր չկա, այդ մասով մի անհանգստացեք, կխոսենք, ուղղակի, այստեղ հարցն ինչի՞ մեջ է. որ ճիշտ պատկերացնեք։ Կոնկրետ պետք է հասկանանք՝ ձեր կողմից տարվող, այս ոլորտի նկատմամբ քաղաքականությունն ի՞նչ ուղի է բռնել։ Ես ձեզ պարզ ասեմ։ Հիմա մենք վերցրել ենք նույն քաղաքականությունը, ինչ որ անցյալում էր. ոչ մի բան չանել։ Ես չեմ տեսնում այն քայլերը, որ այսօր արվում են։ Ես պատրաստ եմ, որ նորից նստենք, խոսենք, խնդիրները լավ էլ պարզաբանում եք, մոտավորապես էլ, ասեմ ձեզ, ծանոթ եք խնդիրներին, բայց քաղաքականությունը կոնկրետ տվյալ ոլորտի նկատմամբ նույնն է, այսինքն` նույն սպասարկման ոլորտները գործում են նույն բանաձեւերով, նույն մեխանիզմներով, այսինքն՝ փոփոխություններ նման ոլորտի նկատմամբ չեն կատարվում։ Ես, ուղղակի, կխնդրեի ձեզ, որ տվյալ ոլորտի նկատմամբ, նաեւ ովքեր այսօր աշխատում են, մասնագիտական մոտեցումներն ավելի բարձր մակարդակի վրա դրվեն, քանի որ կոնկրետ այս ոլորտը մեր քաղաքացուն սպասարկող ոլորտ է։ Այսօր մենք շատ ենք խոսում անվտանգության մասին եւ տարբեր տեսակի խնդիրներ են մեր գործընկերներն առաջացնում, բայց առանց հաշվի առնելու, որ այս խնդիրներն ավելի լուրջ են։ Ես ձեզ խնդրում եմ տվյալ համակարգի մեջ կանոնակարգելու համար ընդգրկել լուրջ մասնագետներ։ Այսքանը։

Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Ձեր հարցը, ուղղակի, այնքան ընդհանրական էր։ Անկեղծ ասած, ես անդրադարձա դրան, նույնպես, ընդհանրական ձեւով, հատուկ հարցադրում չլսելով` դրա համար այդպես պատասխանեցի։ Հիմա, նորից եմ ասում, այդ խնդիրները շատ են, հիմա աշխատում են, 1-2 ամսվա ընթացքում ոլորտի պատասխանատուն, իրոք, չի կարող համակարգային լուծում բերել։ Ինչո՞ւ եմ ասում` եկեք միասին քննարկենք: Հիմա, հանրային լսումներ էլ կլինեն, օրենսդրական փաթեթներ են պատրաստում մեր գործընկերները։ Այնպես չէ, որ նախարարությունը պարապ նստած է, ոչինչ չի անում, բայց տարբերակներ կան, որ պետք է հասկանանք, թե ո՞րն է մեր երկրի համար առավել իրատեսական։ Հա, ժամանակավոր լուծումներ են։ Այդ նույն համայնքային տրանսպորտի գոյությունն ինձ համար աբսուրդ է, երբ քաղաքացին ինձ ասում է` ես ուզում եմ գնալ պապիս գյուղ, ո՞նց գնամ, եթե տրանսպորտ չի աշխատում, տաքսու փող էլ չունեմ։  Պարտավոր է իշխանությունը դա լուծել՞, թե՞ չէ: Դե, մենք փորձում ենք այս պահին դրա լուծումը տալ, մինչեւ համակարգային լուծումը կունենանք։ Դա պետք է լինի ամբողջական  լուծում։ Ես հիմա չեմ կարող տուրք տալ տարբեր դժգոհությունների, տարբեր բարձրաձայնած խնդիրների եւ գնալ մի ուղղությամբ, եթե հստակ չլինի լուծումն ինձ համար։ Հիմա Երեւանում լուծումն արդեն շոշափելի է, գուցե սրանից է բխելու նաեւ ընդհանրական լուծումը։ Սա է պատասխանս։ Այս պահին ավելի խորքային, այլ պատասխան տալ չեմ կարող։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նիստն ավարտվեց, կհանդիպենք վաղը։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS