National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.06.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 49

15 հունիսի 2020

Ժամը 17:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», օրենքի նախագիծը, առաջին եւ երկրորդ ընթերցումներ։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ գրանցվել: Գրանցում։

93 պատգամավոր է գրանցվել, քվորում կա, կարող ենք սկսել մեր աշխատանքները։ Հարգելի գործընկերներ, Կառավարությունը ներկայացրել է նաեւ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով առաջարկում է օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար սահմանել առնվազն 3-ական ժամ։ Որոշման նախագիծ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի՝ պետք է քննարկվի եւ այնուհետեւ քվեարկվի։ Որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է այսօր գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի՝ ձեզ եմ ներկայացնում 2020 թվականի հունիսի 15-ին գումարված՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը։ Առաջարկվում է հունիսի 15-ին գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու համար առաջարկվում է սահմանել 3-ական ժամ։

Ազգային ժողովի օրակարգում ներկայացված առաջարկությամբ ընդգրկվող նախագծում, այն է՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հրատապությունը պայմանավորված է հետեւյալ հիմնական հանգամանքներով։ Գիտենք, որ գործող կարգավորումներով նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների համար։ Գործող օրենսդրությամբ կանխավճարը հաշվարկվում է հետեւյալ կանոններով. հիմք է ընդունվում կամ նախորդ տարվա շահութահարկի գումարի 20%-ը, իսկ եթե հարկ վճարողն ընտրել է շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը, ապա նախորդ եռամսյակի ամիսների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներով արտացոլված հարկման բազայի, որը մոտարկվում է իրացման շրջանառությանը, 2%-ը։ Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը վերջնաժամկետում, եւ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շահութահարկ վճարողների շուրջ 10%-ն է, որ մինչեւ մարտի 20-ը որոշում է կայացրել՝ օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով հաշվարկման հնարավորությունից։ Եթե թվերի լեզվով խոսելու լինենք, այսօր շուրջ 7 հազար 650 հարկ վճարողներ պարտավոր են կատարել շահութահարկի կանխավճարներ, որոնցից միայն շուրջ 700-ն է օգտվել այս հնարավորությունից։

Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ նախորդ տարին՝ որպես տնտեսապես ավելի ակտիվ եւ հետեւաբար՝ այլ հավասար պայմաններում ավելի մեծ շահույթ գեներացնող հարկային տարի, ըստ էության պարտադրում է, որպեսզի ընթացիկ տարում, որը, ցավոք, աչքի չի ընկնում նույն տնտեսական ակտիվությամբ, հետեւաբար՝ նաեւ շահութաբերությամբ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ հիմք ընդունելով նախորդ տարվա համեմատաբար մեծ շահութահարկի գումարները։ Ինքնին հասկանալի է, որ այս պահանջի կատարումը կարող է հանգեցնել եւ հանգեցնում է, այո, տնտեսավարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների, եւ այս նախաձեռնությամբ առաջարկվում է լուծել այդ խնդիրը, բայց մի շատ կարեւոր դիտարկմամբ։ Սա ոչ թե ժամանակավոր միջոցառում է, այլ սա, ըստ էության, միջոցառում է՝ միտված ապագային՝ ունենալու համար ավելի նպաստավոր հարկային միջավայր եւ, ըստ էության, տնտեսավարող սուբյեկտին հնարավորություն ընձեռելու ավելի ճկուն ընթացակարգերով հաշվարկել շահութահարկի պարտավորությունները։ Դետալներին, ձեր թույլտվությամբ, կանդրադառնամ, թերեւս, արդեն նախագծի քննարկման ժամանակ, այս պահին, կարծում եմ՝ այսքանը նրա համար, որպեսզի նախագծի ընդունման հրատապությունը փորձեմ հիմնավորել։ Շնորհակալ եմ։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն պրն Պողոսյան։ Հարգելի գործընկերներ, 24-ժամյա ռեժիմի վերաբերյալ կարող ենք հարցեր ուղղել զեկուցողին, հարցերի համար հերթագրում։ Հերթագրված երկու պատգամավոր կա: Բաբկեն Թունյան։

Բ.ԹՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Պողոսյան, դուք բովանդակությանն էլ անդրադարձաք ավելի շատ, ես ուզում եմ հենց հարցի հրատապության հետ կապված՝ լրացուցիչ պարզաբանեք, քանի որ էս թեմայով հետաքրքրվողները շատ են։ Հիմա, մենք առաջին ընթերցմամբ այսօր ընդունում ենք ու 24-ժամյա ռեժիմով նաեւ երկրորդ ընթերցումն է լինելու, տնտեսավարողներն իրենց շահութահարկի կանխավճարների համար որպես վերջնաժամկետ ունեին հունիսի 20-ը։ Մենք հասցնո՞ւմ ենք մինչեւ հունիսի 20-ն օրենքն ամբողջությամբ ընդունել, այսինքն՝ Ազգային ժողովն իր մասով կանի, մնացած մասով դուք՝ որպես Կառավարության ներկայացուցիչ ո՞նց եք պատկերացնում ու մինչեւ ամսի 20-ը գալը մարդիկ արդեն հնարավորություն կունենան էդ մասով էս հնարավորությունից օգտվել։ Շնորհակալություն։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, անչափ կարեւոր հարցի համար, պրն Թունյան, այո, մեր նպատակադրումն այնպիսին է, որ հասցնենք օրենսդրական փոփոխությունը կատարել եւ Ազգային ժողովի հավանությանն արժանանալու, հանրապետության նախագահի կողմից ստորագրվելու պարագայում հասցնենք այն հրապարակել, որպեսզի ուժի մեջ մտնի մինչեւ այս տարվա հունիսի 20-ը, որովհետեւ, ինչպես դուք նշեցիք, հունիսի 20-ը երկրորդ անգամ կանխավճարի կատարման վերջնաժամկետն է եւ, ըստ էության, եթե չենք հասցնում այդ ժամկետում վերանայել եւ ուժի մեջ մտցնել նոր օրենսդրական կարգավորումը, ապա ստացվում է, որ երկրորդ եռամյակի համար կանխավճարը պետք է կատարվի նախորդ կանոններով որոշվող չափով։ Այս պատճառով, թերեւս, Կառավարությունը խնդրել է ընդառաջ գնալ եւ հարցը քննարկել հրատապության ռեժիմով, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներն օգտավործված լինեն՝ մինչեւ հունիսի 20-ն այս փոփոխությունը կատարելու համար։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք ունե՞ք, պրն Թունյան: Չունեք։ Պրն Ուրիխանյանը հանում է հարցը, այնպես որ, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը պրն Պողոսյան։ Մենք պետք է քննարկենք 24-ժամյա ռեժիմը: Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան:

Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք, ո՞չ, ըստ այդմ, հարգելի գործընկերներ, անցնենք քվեարկության։ Եվ այսպես, քվեարկության է դրվում 2020 թվականի հունիսի 15-ին գումարված՝ «Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը: Քվեարկություն։ Անցավ միաձայն, կողմ՝ 94, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, կարող ենք սկսել բովանդակային քննարկումը, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան։ Խնդրում եմ պահպանել լռություն։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ելույթս, ըստ էության, կլինի նախորդ ելույթի շարունակությունը, որովհետեւ ես, ինչպես նկատեցիք, օգտվելով ընձեռված հնարավորությունից, արդեն սկսեցի կարճ անդրադարձ կատարել նաեւ գործող կարգավորումներին։

Հիմա կշարունակեմ խոսել արդեն նախագծով առաջարկվող լուծումների մասին։ Ինչպես, ըստ էության միասին արձանագրեցինք, գործող կարգավորումը կարող է որակվել որպես ոչ բավարար ճկունություն ունեցող կարգավորում այն իմաստով, որ երբ մենք գործ ունենք ոչ ստանդարտ տնտեսական իրավիճակների հետ կամ, այսպես ասած, տնտեսական շոկերի հետ, ինչո՞ւ չէ, վաղը, տա աստված, վերելքների հետ, ստացվում է, որ ընթացիկ կանխավճարները համարժեք կարող են չլինել տնտեսական ակտիվությանը, տնտեսական իրողություններին։ Այս առումով՝ առաջարկվում է շահութահարկի կանխավճարների համակարգը դարձնել ավելի ճկուն հետեւյալ տրամաբանությամբ։

Պահպանելով կանխավճարների հաշվարկման երկու մոտեցումներն էլ, առաջարկվում է սահմանել, որ տնտեսվարող սուբյեկտները կանխավճարը կատարում են երկու եղանակով հաշվարկվող մեծություններից նվազագույնի չափով, այսինքն՝ առանձին հաշվարկվում է եւ՛ նախորդ տարվա շահութահարկի գումարի 20%-ը, առանձին հաշվարկվում է եւ՛ նախորդ եռամսյակի իրացման շրջանառությամբ, պայմանական եմ ասում՝ իրացման շրջանառությամբ, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, իրականում դա ավելացված արժեքի հարկով հարկվող հարկման բազան է, 2%-ը եւ համեմատությամբ ընտրվում է նվազագույնը, որն էլ համարվում է կանխավճար տվյալ եռամսյակի համար։

Զուգահեռաբար. հարկ վճարողների կյանքը թեթեւացնելու համար առաջարկվում է, առհասարակ, հրաժարվել այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար հայտարարության ներկայացման պահանջից, որովհետեւ գործնականում սա արդեն իսկ կարող է որակվել որպես իմաստազրկված գործիք այն տրամաբանությամբ, որ հարկ վճարողներին հնարավորություն է տրվում ոչ թե մի անգամ ընտրել ամբողջ տարվա համար կանխավճարների կատարման մեթոդը, այլ հնարավորություն է տրվում յուրաքանչյուր անգամ կատարել նվազագույն չափով կանխավճար։

Միեւնույն ժամանակ, առաջարկվում է օրենսդրորեն սահմանել, որ 2020 թվականի հունիսի 20-ին, տվյալ դեպքում՝ 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարվում, եւ օրենսդրությամբ սահմանված այն կարգավորումը, համաձայն որի՝ երկրորդ անգամ կանխավճար կատարելու պահին կատարվում է նաեւ առաջին անգամ կատարված կանխավճարի վերահաշվարկ այն դեպքերի համար, երբ առաջին անգամ կանխավճարի կատարման պահին շահութահարկի հաշվարկը դեռեւս ներկայացված չէր: Այս հնարավորությունը պահպանելու համար առաջարկվում է էդ վերահաշվարկը կատարել արդեն երրորդ կանխավճարի կատարման ժամանակ՝ սեպտեմբերի 20-ին։

Եթե նորից փորձենք վերադառնալ նախագծի տնտեսագիտական էությանը կամ բնույթին, նպատակադրումն այն է, որ շահութահարկի կանխավճարները կատարվեն տվյալ պահին առկա տնտեսական ակտիվությանը կամ առհասարակ տնտեսական գործունեության միջավայրին համապատասխանող չափով։ Փորձեմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ։

Տեսեք, եթե, օրինակ՝ դիցուք, վերցնենք, որ նախորդ տարին տնտեսապես ակտիվ տարի է եղել, հավասար պայմաններում բնութագրվել է համեմատաբար բարձր շահութաբերությամբ, իսկ ընթացիկ տարին՝ ցավոք, ոչ, ստացվում է, որ գործող կարգավորումների պարագայում մենք, միեւնույնն՝ է ստիպված ենք ավելի չափով կանխավճարներ կատարել՝ լավ գիտակցելով, որ ամենալավատեսական գնահատականների պարագայում անգամ չի կարող ընթացիկ տարում այդքան շահույթ, հետեւաբար՝ նաեւ շահութահարկ գեներացվել, ու սրա հետեւանքը լինելու է այն, որ տարվա ավարտին հարկ վճարողները դիմելու են հարկային մարմին եւ ավելի վճարած կանխավճարի գումարները հետ ստանան։

Այսինքն՝ սա կողմից՝ բարդություններ է ստեղծում տնտեսավարող սուբյեկտների համար՝ կապված նրանց իրացվելիության ցածր մակարդակի հետ, մյուս կողմից՝ անհամաչափ, անհավասար դրամական հոսքեր է գեներացնում արդեն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների համատեքստում, որովհետեւ ստացվում է, որ հաջորդ տարեսկզբին, փաստորեն, հարկ վճարողները կարող են դիմել եւ շահութահարկի գումարները հետ ստանալու պահանջ ներկայացնել։ Մինչդեռ առաջարկվող համակարգը, ըստ էության, հնարավորություն է ընձեռում ընթացքում, տարվա ընթացքում կատարել այն չափով կանխավճարներ, որոնք առավելագույնս մոտ կլինեն տարվա արդյունքներով վերջնահաշվարկում ձեւավորվող շահութահարկի պարտավորությանը։ Այսինքն՝ ըստ էության, մենք կձերբազատվենք չհիմնավորված ավելի չափով բիզնեսից գումարներ հավաքագրելու պրակտիկայից, նաեւ չենք ունենա պարտավորություն՝ տարին ավարտվելուց հետո անհամաչափ մեծ գումարներ վերադարձնել բիզնեսին, որը, բնականաբար, բյուջետային գործընթացի տեսանկյունից նույնպես, էսպես, վայրիվերում է եւ կունենանք ավելի սահուն գործընթաց։

Սա նախագծի ընդհանուր կարգավորումների նկարագիրն է, եւ համոզմունք ունենք, որ այն կարեւոր ներդրում է լինելու ոչ միայն ստեղծված իրավիճակը հաղթահարելու, այլ նաեւ երկարաժամկետ կայուն զարգացման համար նախադրյալներ ձեւավորելու առումով, այն առումով, որ ունենալու ենք ավելի նպաստավոր, ավելի լավ հարկային միջավայր։ Շնորհակալ եմ։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պողոսյան։ Հարգելի գործընկերներ, կարող եք տալ ձեր հարցերը, հարցերի համար հերթագրում։ Հովիկ Աղազարյան։

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Պողոսյան. էն դեպքերի համար, որ արդեն տնտեսավարող սուբյեկտները կատարել են էդ վճարումները, ինչ-որ բան առաջարկո՞ւմ եք, նախատեսում եք, թե՞ չկա էս պահին վճարողներ։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Կարող եմ պատասխանել, պրն Աղազարյան, ուրեմն, տնտեսավարողներն այս տարվա ընթացքում մեկ անգամ կանխավճար վճարել են մարտի 20-ին, նախագիծը հետադարձ ազդեցություն չունի եւ առաջարկվում է չանդրադառնալ մարտի 20-ի վճարմանը, այն ընդունել որպես արդեն իրողություն։ Ինչ վերաբերում է հաջորդ վճարմանը, որն օրեր անց է լինելու՝ հունիսի 20-ին, Կառավարությունը փորձում է ամեն ինչ անել ու նաեւ Ազգային ժողովին խնդրում է ընդառաջել այս առումով, որպեսզի լինենք օպերատիվ լուծումների առումով, որպեսզի հունիսի 20-ի դրությամբ խնդիրը կարգավորված լինի եւ, ըստ էության, նախագիծն ամբողջ ուժով ծառայի իր առջեւ դրված նպատակին։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք, պրն Աղազարյան։

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Այսինքն, էս պահին դեռ չկան տնտեսավարող սուբյեկտներ, որ վճարած, կատարած կլինեն էդ վճարումը երկրորդ եռամսյակի համար։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Տեսեք, այո, ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, միգուցե, մտածում եք, որ եղած կլինեն տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ավելի շուտ վճարած կլինեն, այսինքն՝ սպասած չեն լինի հունիսի 20-ին, ենթադրաբար՝ դա էր ձեր հարցի ենթատեքստը, ուզում եմ ձեր մտահոգությունը փարատել այն տրամաբանությամբ, որ գործնականում այդպիսի դեպք հնարավոր չէ, որովհետեւ շահութահարկի կանխավճարի գծով պարտավորություն ձեւավորվում է ոչ թե յուրաքանչյուր անգամ հաշվարկի ներկայացմամբ, որ ինչ-որ մեկը, օրինակ՝ երեկ, հունիսի 14-ին ներկայացրած լիներ հաշվարկ ու, ըստ էության, կատարած լիներ պարտավորությունը, այլ կանխավճարի գծով պարտավորություն ձեւավորվում է հենց եռամսյակի վերջին ամսվա 20-ին՝ հիմք ընդունելով նախորդ տարվա շահութահարկի գումարը։ Իսկ քանի դեռ հունիսի 20-ը չի եկել, նշանակում է՝ այդ պարտավորություն չի ձեւավորվել, հետեւաբար՝ նաեւ չի էլ կատարվել։ Այսինքն՝ մտահոգությունը, ըստ էության փարատված է։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վիկտոր Ենգիբարյան։

Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Պրն Պողոսյան, շնորհակալություն, կարո՞ղ ենք պնդել, որ այս փոփոխությունը նաեւ արվում է կորոնավիրուսի կողմից առաջացած էդ ճգնաժամի հետ կապված հաղթահարելու համար ու մենք մեր մասնավորներին էս փոփոխությունով թույլ ենք տալիս, որ ունենան ավելի շատ շրջանառու միջոց։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պրն Ենգիբարյան, իրավամբ կարող ենք, այո, բայց ես կխնդրեմ մի արձանագրում էլ անել, որ ստեղծված համավարակային իրավիճակը, պարզապես, արագացրեց այս գործընթացը՝ այս փոփոխության մասին մտածելու ու էս փոփոխությանը հանգելու հենց այսօր եւ ոչ թե, օրինակ՝ վեց ամիս հետո, որովհետեւ նկատել եք, որ Կառավարության հարկային քաղաքականությունը, ի թիվս այլ ուղղությունների, միտված է նաեւ շրջանառու ֆինանսական միջոցների համալրման խնդրի լուծմանը եւ էս տրամաբանության ներքո բազմաթիվ ուղղություններով փոփոխություններ կատարվեցին՝ կապված ավելացված արժեքի հարկի հետ վերադարձերի հետ, դեբետային մնացորդներ, արտահանողներին վերադարձեր եւ այլն։ Էս ամբողջը միտված է շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդրի հաղթահարմանը։ Եվ, այո, եթե խոսում ենք կարճ ժամկետի մասին, այս նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել այս խնդրի լուծմանը հենց այս փուլում, բայց նաեւ, որ պակաս կարեւոր չէ, առնվազն. պակաս կարեւոր չէ, միտված է ավելի հեռահար նպատակների, այսինքն՝ ունենալ ավելի նպաստավոր գործարար միջավայր։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք ունե՞ք, պրն Ենգիբարյան։

Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Մենք նաեւ անցած աշնանն ընդունել ենք օրենք, որով մասնավոր ընկերությունների մեծ կանխավճարները փոխհատուցեցինք, չէ՞, կարծեմ՝ շուրջ շուրջ 54 մլրդի չափով, սա փաստորեն էդ բարեփոխման շարունակությունն է, բայց նաեւ կորոնավիրուսը ստիպեց, որ արագացնենք սա։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Նպատակադրումը շատ նման է ձեր նշած օրենսդրական փոփոխությանը, որի շրջանակներում մինչեւ 2017 հուլիսի 1-ը ձեւավորված ավելացված արժեքի հարկի գծով դեբետային մնացորդները՝ ուսումնասիրությամբ մեծ գումարները, իսկ 5 միլիոնից փոքրերը՝ առանց ուսումնասիրության վերադարձվեցին տնտեսավարող սուբյեկտներին, այո, իրավամբ նորից միտված էր շրջանառու ֆինանսական միջոցների խնդրի լուծմանը, այսինքն՝ սա քաղաքականության ուղղություն է, որով Կառավարությունը հրաժարվում է գործարարների կամ ձեռնարկատերերի միջոցները ժամանակավորապես տնօրինելու, օգտագործելու իր ունեցած իրավունքից՝ լավ հասկանալով, որ այդ միջոցների՝ օր առաջ ձեռնարկատիրական միջավայրում լինելը հանգեցնում է ապագա տնտեսական ակտիվության, ինչո՞ւ ոչ, նաեւ ապագա հարկման բազաների։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Համազասպ Դանիելյան։

Հ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Պողոսյան, ես ուզում եմ հարց տալ՝ էս կարեւոր նախաձեռնության ֆինանսական կողմի հետ կապված, արդյո՞ք կան հաշվարկներ, թե, օրինակ, եթե, նու, իհարկե, գիտենք, որ անցյալ տարվա տվյալները չեն լինելու, բայց անցյալ տարվա տվյալներով կամ որեւէ այլ մեթոդաբանությամբ, եթե հաշվել եք, այս փոփոխությունն ինչպե՞ս է ազդելու մուտքերի վրա մի կողմից եւ մյուս կողմից, միգուցե, միջինացված ինչ-որ մի ձեռնարկատիրոջ պարագայում այս նոր մեթոդաբանությունն ինչպե՞ս է ազդեցություն ունենալու եւ հետո, արձագանքի ժամանակ մի բան էլ կառաջարկեմ։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Կարեւոր հարցի համար, պրն Դանիելյան, իհարկե հաշվարկներ կան, հակառակ դեպքում առանց հակաբյուջետային կայունության վրա հնարավոր ռիսկերի գնահատման այսպիսի փոփոխություններ ճիշտ չի լինի, առնվազն, կատարել, որովհետեւ իրացվելիության հետ կապված խնդիր ունեն ոչ միայն տնտեսավարող սուբյեկտները, այլ նաեւ Կառավարությունը, եւ կան առաջնահերթ ծախսեր, որոնք, բնականաբար, կարիք ունեն ֆինանսավորման։

Այս տրամաբանությամբ՝ մեր գնահատականները հետեւյալն են. եթե մի պահ պատկերացնենք, որ որեւէ փոփոխություն չենք կատարում, նախորդ տարվա, ու նաեւ հաշվի առնենք, որ լրացել է այլընտրանքային եղանակով կանխավճար կատարելու հայտարարության ներկայացման վերջնաժամկետը, նշանակում է, որ այլ հավասար պայմաններում յուրաքանչյուր եռամսյակում շուրջ 32 մլրդ դրամի չափով կանխավճար պետք է կատարվեր։ Բայց էդ կանխավճարները, եթե տարին կամփոփվեր այնպես ու կստացվեր, որ չեն ծածկվում համապատասխան շահույթով, ստացվում էր, որ տարվա ավարտից հետո Կառավարությունը պետք է դրանց մի մասը, գոնե, վերադարձներ բիզնեսին։ Սա է, մոտավորապես, ֆիսկալ ազդեցությունը։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք։

Հ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Մեկ էլ՝՝ արձագանքիս իմաստն այն ուղերձն է քաղաքացիներին, ովքեր միգուցե եւ արդեն իսկ երկրորդ եռամսյակի համար վճարում կատարել են եւ այդ պարագայում էդ կատարված վճարների վերադարձի կամ որպես գերավճար...

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Պրն Դանիելյան, ըստ էության, պրն Աղազարյանի հարցադրման շարունակությունն է, բայց կարող եք հանգիստ լինել, երկրորդ եռամսյակի համար կանխավճարներ գործնականում հնարավոր չէ այսօր կատարել, որովհետեւ, քանի դեռ կանխավճարի կատարման վերջնաժամկետը չի եկել, պարտավորություն չի առաջադրվում ու չի գանձվում, եթե անգամ հարկ վճարողը միասնական հաշվին ունի բավարար միջոցներ։ Այսինքն՝ քանի դեռ վերջնաժամկետը չունենք, հարկ վճարողի ունեցած միջոցներից այդ գումարը չի գանձվում, չի հաշվեգրվում պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին, որովհետեւ էս պարտավորությունը ծագում է վերջնաժամկետով եւ ոչ թե հարկ վճարողի գործողությունների արդյունքում։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վահե Հովհաննիսյան։

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Պողոսյան, երկրորդ եռամսյակը մոտ է ավարտին եւ արդեն շահութահարկ վճարողները մոտ օրերս պետք է կատարեին իրենց վճարումները, մենք արտոնություն ենք տրամադրում երկրորդ եռամսյակի շահութահարկ վճարողներին: Խնդիրը պարզ է, ողջունելի, սակայն կան ոլորտներ, որ ես դիտարկում եմ շահութահարկից ազատումը որպես խրախուսում, ինչ-որ տնտեսական մեղմացուցիչ հանգամանքներ, բայց խնդիրը հետեւյալում է. տնտեսության մեջ կան ոլորտներ ու շահութահարկի հիմնական մասը գեներացնում են հենց էդ տնտեսության ոլորտները, որոնք օգտվում են էս մեր սահմանած արտոնությունից, իմ կարծիքով՝ դրա կարիքը նրանք չունեն, էդ ոլորտներն են էներգետիկ ոլորտը, հանքարդյունաբերության ոլորտը, հեռահաղորդակցության ոլորտը եւ նրանք նույնպես օգտվում են էս արտոնությունից։ Չե՞ք կարծում, որ մի քանի օրվա համար գոնե էս ոլորտներին չպիտի տրվեր նման արտոնություն, որովհետեւ իրենց շահույթը, եկամտաբերությունը դրանից չի պակասում։ Շնորհակալ եմ։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, դիտարկման ու հարցի համար, պրն Հովհաննիսյան, կհամաձայնեմ ձեզ հետ, որ ստեղծված իրավիճակով ոչ բոլոր ոլորտներն են տուժել, ավելին, միգուցե կան, վստահաբար կան ոլորտներ, որոնց տնտեսական ակտիվությունն ավելի աճել է, պարենային ապրանքներ, խնամքի միջոցներ, ախտահանիչ միջոցներ արտադրողներ կամ վերավաճառքով զբաղվողներ եւ այլն։ Բայց տեսեք, թե խնդիրն ինչո՞ւմ է. գործնականում հնարավոր չէ որեւէ արդյունավետ գործիքով այս լուծումները կիրառել ըստ ոլորտների, որովհետեւ հարկ վճարողին տեղորոշելը եւ կոնկրետ ոլորտում տեղադրելը գործնականում ուղեկցվում է որոշակի բարդություններով։

Թերեւս, սա էր այն հիմնական պատճառը, որ էս փոփոխությունը, օրինակ՝ չարվեց այն տրամաբանությամբ, որ առաջարկվում էր հարկային արձակուրդների պարագայում, այսինքն՝ ընտրել ոլորտներ, որոնք տուժել են ստեղծված իրավիճակում եւ նրանց համար կիրառել հարկային արձակուրդներ։ Դրա համար, թերեւս, այս փոփոխությունը մի փոքր այլ տրամաբանության մեջ է, այն միտված է ոչ միայն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, այլ, առհասարակ, հարկային քաղաքականության լուրջ միջամտություն է ենթադրում այն իմաստով, որ մենք փորձում ենք նաեւ զուգահեռաբար, այսպես ասած, հաղթած դուրս գալ այս ստեղծված իրավիճակից, որպիսի համաճարակը մի օր ավարտվելուց հետո, իսկ ես հուսամ՝ դա ուշ ապագայում չէ, հնարավորինս շուտ հաղթահարելու ենք այս վիճակը, մենք ունենանք ավելի լավ օրենսդրություն, քան ունեցել ենք մինչեւ համավարակը։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք ունե՞ք պրն Հովհաննիսյան, ո՞չ: Հաջորդ հարցը՝ Արկադի Խաչատրյան։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Պրն Պողոսյան, մենք խոսել ենք նախագծի մասին, եւ գիտեք իմ վերաբերմունքը, ողջունում եմ, միանշանակ, չափազանց կարեւոր է, այդուհանդերձ, հարցս վերաբերելու է հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում: Հիշում եք, որ դեռեւս ապրիլ ամսին ներկայացված մեր նախագծով, նախատեսում էինք նաեւ հնարավորություն, որպիսի փոքր բիզնեսը, որոնք վճարում էին շրջանառության հարկ, ապրիլի 20-ի իրենց պարտավորությունն է, ըստ, էության առաջին եռամսյակի հետ կապված, եւ ոչ միայն իրենք, իրենց հարկային պարտավորությունը կատարեին 6 ամիս հետաձգումով, մասնավորապես, մինչեւ հոկտեմբերի 20-ը։

Ցավոք սրտի, այդ որոշմանը չգնացիք, չարվեց դա, չնայած՝ կարծում եմ, որ շատ կարեւոր էր էդ պահին դա անել, այդուհանդերձ, ինչ նոր ծրագրեր կան շրջանառության հարկ վճարող փոքր բիզնեսի համար, որոնք գիտեք, որ էս ընթացքում շատ-շատերը, առաջնահերթ տուժած ոլորտների մասով լիկվիդայնության մեծ խնդիր ունեն, դժվարություններ ունեն: Ունենք արդյո՞ք իրենց առաջարկելու նոր բան։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցադրման համար, պրն Խաչատրյան, այո, խոսել ենք մենք, այս հարցը քննարկել են տարբեր առիթներով: Տեսեք, մի կարեւոր սկզբունքային տարբերություն կա շահութահարկի կանխավճարի ու շրջանառության հարկի ընթացիկ վճարումների միջեւ եւ դա հանգում է հետեւյալին։ Եթե շահութահարկի կանխավճարը չակերտավոր պարտադրված հարկ է տվյալ տարում, որովհետեւ դա հաշվարկվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա շահութահարկի գումարը. ու եթե հարկ վճարողն ունի անգամ 0-ին մոտ իրացման շրջանառություն ընթացիկ տարում, եթե գործունեությունը չի դադարեցրել, պետք է կատարի էդ մեծ չափի շահութահարկի կանխավճարները։ Հետեւաբար՝ էստեղ միջամտությունը, թերեւս, հիմնավոր է։ Ի տարբերություն սրան՝ շրջանառության հարկի պարագայում այս խնդիրն այդքան ցցուն չէ, այդքան ընդգծված չէ, եթե չասեմ, որ, ընդհանրապես, ընդգծված չէ, որովհետեւ շրջանառության հարկը հաշվարկվում է իրացման շրջանառություններից, ուղիղ կապով, որքան շրջանառությունները մեծ են, այնքան շրջանառության հարկը շատ է, շրջանառություններն ընկնում են, շրջանառության հարկը կրճատվում է։

Իհարկե, ես հասկանում եմ, որ էստեղ կան հաստատուն ծախսեր, որոնք փոքր եւ միջին ձեռնարկատերերը կատարում են... Ցավոք, ինձ հատկացված ժամանակն ավարտվեց, եթե հնարավորություն լինի, կշարունակեմ։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք, պրն Խաչատրյան։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Պրն Պողոսյան, ես կարծում եմ, որ այս նախագիծը ոչ թե հիմնավորված է, այլ անհրաժեշտություն է եւ սա պետք է անել, նույնիսկ ուշացված է ինչ-որ առումով, ինչ վերաբերում է փոքր բիզնեսին, առաջնահերթորեն տուժած ոլորտներին, դա անելը եւս, կարծում եմ՝ անհրաժեշտություն էր եւ խնդրում եմ շարունակեք՝ ձեր միտքն ամբողջացնելու համար։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Նորից, չպետք է համաձայնեմ դիտարկմանը, որովհետեւ, իմ կարծիքով՝ պարզապես չի կարելի նույնացնել վիճակները, որովհետեւ մի դեպքում մենք խոսում ենք ընթացիկ ֆինանսական արդյունքներից անկախ ձեւավորվող հարկի մասին, սա շահութահարկի կանխավճարների մասն է, մյուս դեպքում խոսում ենք ընթացիկ ֆինանսական արդյունքներից կամ քվազի արդյունքներից, որն իրացման շրջանառություն է, կախված հարկի մասին։ Եվ եթե որեւէ ոլորտ տնտեսապես պասիվացել է, չի գեներացնում բավարար չափով իրացման շրջանառություն, բնականաբար, չի վճարում նաեւ մեծ չափով շրջանառության հարկի գումարներ։ Էս պարագայում հարկային արձակուրդ տրամադրելու առաջարկը մեզ այնքան էլ հասկանալի չէ։ Ինչ վերաբերում է, առհասարակ, Կառավարության աջակցության գործիքակազմին, դուք գիտեք, որ Կառավարությունը շուրջ 2 տասնյակ աջակցության միջոցառումներ է իրականացրել՝ փորձելով դրանք հնարավորինս հասցեավորել, թիրախավորել, իհարկե, դրանք ունեցել են եւ սոցիալական բաղադրիչ, բայց տնտեսական բաղադրիչով դրանք առավելապես միտված են եղել հենց խոցելի խմբերին, փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին։

Էստեղ գնահատման հարց է, որքանով են դրանք նպաստել, որպեսզի ոլորտը ոտքի կանգնի, որքանով՝ ոչ, բայց, այդուհանդերձ, այդ միջոցառումներն արված են եւ, մեր կարծիքով՝ եղած հնարավորությունների սահմանում առավել արդյունավետությամբ։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Պրն Պողոսյան հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցել ձեր տեղը: Հիմա հնարավորություն տանք պատգամավորներին՝ մտքեր փոխանակել քննարկվող նախագծի վերաբերյալ։ Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Բաբկեն Թունյան։

Բ.ԹՈՒՆՅԱՆ

-Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, կներեք, որ էս երկու րոպեն ձեզնից պետք է խլեմ, բայց շատ կարեւոր նախագիծ է ու երեւի էս մեկուկես տարվա մեջ էնպիսի հաճույքով որեւէ նախագծի մասին չեմ խոսում, ինչպես էս նախագծի մասին, որովհետեւ, իրոք, շատ կարեւոր բան ենք անում, հա՛մ հակաճգնաժամային միջոցառում է սա իր բնույթով, հա՛մ երկարաժամկետ առումով ավելի ճկուն է դարձնում հարկային համակարգն ի նպաստ տնտեսվարողների։ Ինչպես նշեցինք, մենք ամեն ինչ արել ենք, որպիսի նախագիծը հասցնի ուժի մեջ մտնել մինչեւ հունիսի 20-ը, դրա համար զուտ տեղեկություն տալու առումով մենք առավոտյան շուտ, ժամը 9-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ կանենք եւ մինչեւ երկրորդ ընթերցում էս նախագծին դրական եզրակացություն կտանք, ըստ ամենայնի, եթե առաջարկներ լինեն, կքննարկենք եւ վաղը, հայտարարությունների ժամից հետո, երկրորդ ընթերցմամբ արդեն լիագումար նիստերի դահլիճում կքննարկենք։

Էստեղ ուզում եմ նաեւ ավելացնել, որ խոսքը մոտավորապես կամ ավելի քան 30 մլրդ դրամի մասին է, այսինքն՝ պետությունը, ըստ էության, 30 մլրդ դրամի հարկային արձակուրդ է տրամադրում տնտեսավարող սուբյեկտներին շահութահարկի գծով կանխավճարների մասով։ Եվ սա գալիս է լրացնելու մինչ այժմ ընդունված կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի ծրագրերը, նաեւ էս նախագծերը, որոնք ընդունվել են էստեղ՝ էդ նույն նպատակ ունենալով։ Էնպես որ, շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը, ինչպես նաեւ գործարարներին ու փորձագիտական հատվածին, որովհետեւ իրենց կողմից էդ առաջարկները բավական ժամանակ կային ու քննարկվում էին, ինչպես նաեւ մեր ներկա եւ, ցավոք սրտի, բացակա գործընկերներին, լավ կլիներ, որ մեր որոշ գործընկերներ էստեղ լինեին ու իրենք էլ իրենց մասնակցությունն ունենային, քանի որ կարեւորել էին էս նախագիծը, բայց երեքշաբթի օրը, կարծեմ՝ առիթ կլինի՝ սրա մասին ավելի հանգամանորեն խոսել։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արկադի Խաչատրյան։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, իրապես, չափազանց կարեւոր մի նախագիծ է, որը վերաբերում է շահութահարկի կանխավճարների հետ կապված հարցը կարգավորելուն, մի հարց, որի բիզնեսը սպասում է շատ վաղուց, մի թեմա, որի ուղղությամբ դեռեւս ապրիլ ամսից սկսած՝ բազմիցս հնչեցնում էինք առաջարկություններ կանխավճարների հարցերի կարգավորման, ինչպես նաեւ հարկերի վճարման գծով որոշակի արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։

Ես, միանշանակ, կողմ լինելով նախագծին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա։ Խնդիրը նրանում է, որ հակաճգնաժամային միջոցառումները քննարկելիս, որպիսի դրանք լինեն արդյունավետ, պետք է ընդունվեն որոշումներ դրանց վերաբերյալ չափազանց օպերատիվ եւ անհապաղ։ Դրանց ուշացումն ազդում է դրանց արդյունավետության վրա։ Տեսեք, այ, երբ ասում ենք՝ առաջին եռամսյակի գծով արդյո՞ք շրջանառության հարկ վճարող բիզնեսն աջակցության կարիք ունի, թե՞ ոչ, մենք չպիտի մոռանանք, մեկուկես, երկու ամիս տնտեսական սահմանափակման տակ գտնվող բիզնեսները, որոնք փակ են եղել։ Երբ Կառավարությունը հայտարարում էր՝ վարկ վերցրեք, որպեսզի հարկային պարտավորություններ կատարեք, դա անընդունելի եւ ոչ գործընկերային մոտեցում է։ Այս նախագծերի միջոցով պետք է պետությունը ցույց տա, որ բիզնեսի կողքին է, որովհետեւ այդ բիզնեսն է պահում այս երկիրը, առհասարակ, իր վճարած հարկերով, եւ գործընկերությունն ու պետության կողմից ցույց տալը, որ միշտ եւ բոլոր պայմաններում բիզնեսի կողքին է, շատ կարեւոր մեսիջ է։ Ես կարծում եմ, որ հարկային արձակուրդների թեման դեռեւս փակ չէ, դեռեւս շատ հարցեր կան, որ կարելի է քննարկել եւ արդյունավետությունը բարձրացնել, այն ժամանակ առաջարկում էինք նաեւ օրենքի համատեղ նախագիծ նախաձեռնել ու արտահերթով անել, ոչինչ, ոչ մի նշանակություն չունի, թող դա լինեն ոչ համատեղ նախագծեր, բայց էս նախագծերը պետք է բերվեն, կապ չունի, թե ով է նախաձեռնելու դրանք։ Ես վստահ եմ, որ բիզնեսը սպասում է եւ շատ ողջույններով կընդունի դա, սակայն կարծում եմ, որ սա քիչ է, հետագայում կխոսենք նաեւ նոր, լրացուցիչ քայլերի անհրաժեշտության մասին։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակությունը, ըստ էության, ավարտվեց։ Հարգելի գործընկերներ, երբեմն մտքեր են հնչում հետեւյալի մասին, տարակուսական մտքեր, տարակուսանք է արտահայտվում այն մասին, թե այսքան բարեփոխումներ են արվում, եւ այդ մասին քիչ է խոսվում, այդ թվում եւ՝ մեդիայում։ Թույլ տվեք նկատել, որ մենք ինքներս ենք քիչ խոսում, իրականում շատ լուրջ բարեփոխում է առաջարկում Կառավարությունը եւ բիզնեսը եւ, հատկապես, մանր, միջին բիզնեսի հարկային բեռը թեթեւացնող եւ ֆինանսական ռեսուրսների կառավարման առումով՝ նրանց կյանքը հեշտացնող, այս անգամ սա նաեւ վճարման վերջնաժամկետ ուներ՝ հունիսի 20 եւ սրանով էր պայմանավորված այս հապճեպությունը, արտահերթ ռեժիմը եւ 24-ժամյա ռեժիմը եւ հիմա այդ քննարկումը կայացավ։

Եզրափակիչ ելույթի իրավունք ունեք պրն Պողոսյան, եթե ավելացնելու բան ունեք, համեցեք։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովին նախագիծը հրատապության ռեժիմով շատ կառուցողական մթնոլորտում ու շատ առողջ քննարկումների ձեւաչափով այս հանգրվանին հասցնելու համար, ես հուսով եմ, որ այն կունենա նաեւ իր տրամաբանական արտացոլումը քվեարկությամբ։ Այո, իրապես, սա մի հարց էր, որին անդրադարձել էին բոլոր, թերեւս քաղաքական ուժերը, առանձին պատգամավորներ, պարզապես, երբեմն ընտրված տեխնիկան Կառավարության պատկերացումների հետ համահունչ չէր, բայց այն, որ սա, ըստ էության, պարտադրված հարկ էր ընթացիկ տարում բիզնեսի համար, որը համարժեք չէ այս տարվա տնտեսական ակտիվությանը, տնտեսական միջավայրում ձեւավորված իրողություն է եւ պետք էր որոշակի միջամտություն, դա, խոշոր հաշվով, կասկածի տակ չի դրվել եւ այս նախաձեռնությամբ, ըստ էության, մենք հանգում ենք, իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր, շատ լավ լուծման։ Պրն Խաչատրյան, իհարկե, նորից հույս հայտնելով, որ օր առաջ դուրս գանք այս վիճակից, դրա հետ կապ չունի տնտեսական կամ, մասնավորապես, հարկային քաղաքականությունը, մենք, դուք, բոլորս միասին պետք է մեր գործողություններով շարունակաբար բարելավենք մեր հարկային միջավայրը։ Եթե մենք հավակնում ենք լինել արտահանմանը միտված մրցունակ տնտեսություն ունեցող երկիր, մենք պետք է երբեք չհամարենք, որ եկել ենք մի հանգրվանի, կամ շատ լավ է, համաճարակն ավարտվեց եւ մենք կարող ենք ապրել բնականոն կյանքով։ Մենք երբեք չպետք է բավարարվենք եւ, այո, պատրաստակամություն ենք հայտնում՝ նաեւ շարունակելու այս աշխատանքները, պարզապես, էդ փոփոխությունները պետք է լինեն հավասարակշռված, որովհետեւ ցանկացած միջամտություն ունի երեւույթի նաեւ հակառակ կողմը եւ, ըստ էության, այսքանը, թերեւս: Նորից շնորհակալություն եմ հայտնում այս քննարկման, այս հնարավորության համար։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, այժմ հարգելի գործընկերներ, պետք է քվեարկենք։ Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 94

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, այս օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, ըստ էության, մենք կկարողանանք կազմակերպել վաղը, հայտարարությունների ժամից անմիջապես հետո։ Մենք վաղն առավոտյան 10։00-ին սկսում ենք մեր հերթական նիստը։

Այսօր տեղեկացնեմ, որ պետք է, ինչպես միշտ, հերթական նիստերից առաջ, նախորդ օրը, երկուշաբթի օրը, մենք ունենում ենք Ազգային ժողովի խորհրդի նիստ, այսօր տեխնիկական պատճառներով առայժմ այդ խորհրդի նիստը չի կայացել եւ հետաձգվել է, ինչպես աշխատակարգը սահմանում, եւ ես խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավորներին առաջարկում եմ անց 50 լինել թիվ 334 սրահում, էնտեղ մենք կսկսենք մեր հետաձգված խորհրդի նիստը, որից հետո արդեն բոլորը կարող են վերադառնալ իրենց նախապես պայմանավորված պլաններին։ Առայժմ, ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am