National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.06.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 1

22 հունիսի 2020

Ժամը 13:00


ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց է՝ ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ առաջին եւ երկրորդ ընթերցումներ։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ գրանցվել։ Գրանցում։

Գրանցվել է 87 պատգամավոր, գումարած մեկ պատգամավոր, ում կոճակը չի աշխատել: Քվորում կա, կարող ենք սկսել մեր նիստը։

Հարգելի գործընկերներ, արտահերթ նստաշրջանը նախաձեռնողները ներկայացրել են «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցի քննարկման տեւողության սահմանման մասին» որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ 2 ժամ։ Այս որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման։ Քվեարկություն։

Քվեարկության է դրվում 2020թ. հունիսի 22-ին գումարված «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցի քննարկման տեւողության սահմանման մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 89

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, քանի որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցը պետք է քննարկենք եւ քվեարկենք երկու ընթերցմամբ, արտահերթ նստաշրջանը նախաձեռնող պատգամավորները ներկայացրել են «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։

Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար առաջարկվում է սահմանել առնվազն 3-ական ժամ։ Այս որոշման նախագիծը պետք է քննարկենք, այնուհետեւ քվեարկության դնենք։

Որոշման նախագիծը ներկայացնելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում ԱԺ նիստը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանին։

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, առաջարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին ընթերցումից երկրորդ ընթերցումը նախաձեռնել 24 ժամվա ընթացքում՝ առաջարկությունների համար՝ սահմանելով 3-ական ժամ, հանձնաժողովի գրավոր առաջարկությունների համար եւ հանձնաժողովի նիստի համար՝ 3-ական ժամ, այսինքն՝ 3-ական ժամ։ Խնդրում եմ կողմ քվեարկել։ Այսքանը, կարծում եմ՝ ավելացնելու բան չկա։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Այս ընթացակարգի վերաբերյալ հարցեր կարող եք ուղղել պրն Հովակիմյանին։ Հարցերի համար՝ հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան: Պրն Հովակիմյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Մտքերի փոխանակություն. հերթագրում ընթացակարգի վերաբերյալ հարցի շուրջ։ Ելույթներ եւս չեն հնչի այս կապակցությամբ։

Եզրափակիչ ելույթի կարիք ունե՞ք, պրն Հովակիմյան։ Ո՞չ։

Հարգելի պատգամավորներ, քվեարկում ենք որոշման նախագիծը։

Քվեարկության է դրվում 2020 թ. հունիսի 22-ին գումարված՝ «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 89

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք օրակարգի հարցը, այն է՝ ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյան։

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, այս տարվա փետրվարի 6-ին սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելիս ես մանրամասն անդրադարձել եմ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին, ուստի, կարճ կձեւակերպեմ այդ ճգնաժամի ակունքները։

ՍԴ ճգնաժամի պատճառն այն գործունեությունն է, որն այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից՝ 1996 թվականի փետրվարի 6-ին հաջորդած 22 տարիներին: ՍԴ-ի գործունեության ձախողված լինելու ամրագրումը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն էր։ Հեղափոխության փաստն ինքնին Սահմանադրական դատարանի նախորդած գործունեության լիակատար ձախողման ամրագրումն էր։

Այս տարվա փետրվարի 6-ի նիստում որպես Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում՝ մենք ընդունեցինք Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծը, որը դրեցինք հանրաքվեի։ Հանրաքվե նշանակվեց ապրիլի 5-ին, սակայն աշխարհին պատած կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, որը շարունակվում է մինչ օրս։ Սահմանադրության 208-րդ հոդվածի ուժով՝ հանրաքվե չանցկացվեց։ Այլեւս ակնհայտ է, որ առաջիկա առնվազն մեկ տարին, հնարավոր է՝ նաեւ ավելի երկար ժամանակ Հայաստանում հանրաքվե կամ այլ համապետական միջոցառում չի կարող անցկացվել: Մեր քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է, որ մեզ համար չկա որեւէ խնդիր, որն առավել է, քան հանրության առողջության պահպանումը: Հայաստանի ներկայիս քաղաքական մեծամասնությունն առաջնահերթ ապահովել եւ ապահովելու է մեր հանրության առողջությունը եւ անվտանգությունը։

Մյուս կողմից, ՍԴ ճգնաժամի լուծման ձգձգումը, ուղղակի վնասում է մեր երկրի զարգացմանն ու վտանգում է առջեւում սպասվող լայնածավալ բարեփոխումները: ՀՀ-ն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան: Մեր բոլորիս, խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը եւ ապահովել մեր երկրի բնականոն զարգացումը։

Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ԱԺ-ն օժտված է Սահմանադրության մի շարք հոդվածներում փոփոխություններ կատարելու լիազորությամբ։ Ինչպես հայտնի է, մասնավորապես, Սահմանադրության 213-րդ հոդվածում ԱԺ-ը կարող է փոփոխություն կատարել։

Սահմանադրության փոփոխությունների՝ ձեր քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

Նախագծով ՍԴ կառուցվածքը համապատասխանեցվում է Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին, մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով եւ նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Ըստ այդմ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամ դատավորների լիազորությունը, որոնք արդեն իսկ ընդհանուր տեւողությամբ 12 տարվանից ավելի են պաշտոնավարում: Իսկ ՍԴ այն անդամ դատավորները, որոնք ընդհանուր տեւողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչեւ 12 տարին լրանալը: Այսպիսով, ՍԴ բոլոր անդամ դատավորների կարգավիճակը կհավասարեցվի։

Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավորումը եւս կդադարեցվի:

ՍԴ նոր նախագահի ընտրությունը, որը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով, կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո։

Այսպիսով, մենք լուծում ենք նաեւ այն խնդիրը, որ այն նոր դատավորները, որոնք կընտրվեն թափուր տեղերում, նրանք նույնպես հնարավորություն ունենան ակնկալել Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել, այսինքն՝ ընտրությունը տեղի չի ունենա այդ թափուր տեղերի պայմաններում, տեղի կունենա թափուր տեղերի համալրումից հետո։

Իմ համոզմամբ՝ Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձեւավորված յոթերորդ գումարման խորհրդարանն առաջարկվող փոփոխություններն ընդունելով՝ կազդարարի իր քաղաքական կամքն առ այն, որ ընդհանուր տեւողությամբ 12 տարվանից քիչ պաշտոնավարած ՍԴ անդամ դատավորները իրենց հետագա գործունեությամբ պետք է նպաստեն Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ Դա նրանց պարտքն է, դա ՍԴ ներկա դատավորների պարտքն է, դա ՍԴ ապագա դատավորների պարտքն է։

Յոթերորդ գումարման ԱԺ-ն գործում է Հայաստանի ժողովրդի անունից, եւ այս նախաձեռնությունը հանուն Հայաստանի Հանրապետության է։

Այսօր մենք՝ պատգամավորներս այս նախաձեռնության օգտին քվեարկելով՝ քվեարկում ենք, որ մեր երկրում անհատը լինի երջանիկ, հանրությունը՝ հոգատար, Հայաստանը՝ հզոր պետություն։ Մենք քվեարկելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հիմնական զեկուցողին կարող եք հարցեր ուղղել։ Հարցերի համար հերթագրում։ Թագուհի Թովմասյան։

Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ինչպես հայտնի է, այս օրինագիծը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել, ըստ այդմ՝ ուզում եմ մի քանի հարցեր հնչեցնել, որոնք նաեւ հետաքրքրում են ԱԺ-ից դուրս գտնվող մի խումբ մասնագետների։ Մասնավորապես, երբ Վենետիկի հանձնաժողովը եզրակացությունը հրապարակվեց շատ կարճ ժամանակ առաջ, 82-րդ կետին եմ ուզում անդրադառնալ, որտեղ գրված է, որ ափսոսանք է հայտնվում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը եւ չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին:

Խնդրում եմ այս մասով ձեր պարզաբանումը, թե ինչո՞ւ այսպես եղավ, եւ այդ դեպքում ինչո՞ւ էինք սպասում Վենետիկի Հանձնաժողովի արձագանքին, որ նոր ներկայացնեինք այս նախագիծը հայտնի հանրաքվեն չեղարկելուց հետո։

Եվ մյուս պահանջը. ըստ էության, հրապարակվեց, որ Վենետիկը, այսպես ասեմ, պարտադիր է համարում՝ առաջարկելով, անպայման դիմել Սահմանադրական դատարան՝ այս նախագծի սահմանադրականության հարցը որոշելու համար: Այս մասով ի՞նչ ենք անելու, ի՞նչ է սպասվում այս նախագծին։

Եվ երրորդ, թերեւս, ամենակարեւոր հարցը. ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, հետեւաբար՝ ինչպե՞ս ենք կարողանալու լուծել դատավորների հարցը, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների, վերաբերում են հենց երեք հոգու։ Եվ այդ դեպքում, խնդրում եմ նաեւ նշեք այս հարցի պատասխանը. արդյո՞ք մենք խնդիր չենք ունենում առաջիկայում ՝ Սահմանադրական դատարանի քվորումի հետ կապված, մինչեւ նոր անդամների նշանակումը։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Նախ՝ անդրադառնամ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված ձեր հարցադրմանը։

Նախ՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վենետիկի հանձնաժողովին՝ շատ արդյունավետ համագործակցության համար։ Ըստ էության, այս երկար ձգված համագործակցությունը շատ արդյունավետ է եղել, եւ Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, այն մոտեցումը, որը դրված է այս փոփոխության հիմքում, այսինքն՝ որ պետք է Սահմանադրական դատարանի անդամ դատավորների կարգավիճակը հավասարեցվի դատավորների կարգավիճակին, ինքը՝ Վենետիկի հանձնաժողովն այս մոտեցումը ողջունել է, այս մոտեցումը պաշտպանում է Վենետիկի հանձնաժողովը։ Այսինքն՝ այն հիմնական առանցքը, որը կա այս նախագծում, այդ առանցքի շուրջ Վենետիկի հանձնաժողովի հետ գոյություն ունի փոխադարձ ըմբռնում եւ կոնսենսուս, այսինքն՝ այսպես։

Իսկ ինչ վերաբերում է արդեն այդ կոնսենսուսի իրացման ճանապարհի մոտեցումներին, դա, կներեք, բայց այս դեպքում մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին, շատ արդյունավետ է, ուղղակի, այստեղ որոշակի նրբություններ կան, որոնք մենք, ըստ էության, կիրառում ենք իրացման այն ճանապարհը, որը տվյալ դեպքում նախընտրելի է մեզ համար՝ հաշվի առնելով մեր ներկա իրողությունը, այն իրողությունը։

Հաջորդը՝ ՍԴ դիմելու խնդիրը. այս պահին մենք քննարկում ենք առաջին ընթերցմամբ փոփոխություններն ընդունելու հարցը, ՍԴ դիմելու հարցին մենք պետք է անդրադառնանք երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ, այսինքն՝ այս պահին այդ խնդրին չենք անդրադառնում, այս պահին չ՝է։

Ինչ վերաբերում է 73-րդ հոդվածին, ապա այստեղ հետադարձության խնդիր գոյություն չունի: Արձագանքեք, կշարունակեմ։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք, տիկին Թովմասյան։

Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես որ ուզում էի ճշգրտել Սահմանադրական դատարան դիմելու մասով, ես մեր դիրքորոշումն էի ուզում հասկանալ, ինչպես նաեւ հետաքրքիր էր, այնուամենայնիվ, եթե Վենետիկի հանձնաժողովը, իհարկե, խորհրդատվական մարմին է, ընդամենը, խորհուրդ է տալիս, իմ հարցին չպատասխանեցիք այդ մասով, եթե չպիտի լսեինք խորհրդին, ինչո՞ւ էինք հարցնում։ Շնորհակալություն։

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Իրականում, տիկին Թովմասյան, մենք հենց այդ կարծիքով ենք առաջնորդվում, այսինքն՝ այդ մոտեցմամբ, որովհետեւ եթե դուք համեմատեք փետրվարի 6-ին հանրաքվեի դրված նախագիծը եւ այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագիծը, կտեսնեք, որ շատ էական տարբերություն կա։ Այսինքն՝ մենք հենց Վենետիկի խորհրդատվական կարծիքը հաշվի առնելով, այն մոտեցումները, որ իրենք ներկայացրել են նաեւ եվրոպական լավագույն փորձի հիման վրա, հենց դա հաշվի առնելով՝ մենք այս նախաձեռնությունն ենք ներկայացրել։

Եվ ասեմ, որ քվորումի հետ կապված, ինչպես դուք ասում եք՝ դատարանի երեք անդամների վրա է տարածվելու, այսինքն՝ երեքի պաշտոնավորումն է դադարելու։ Այդ դեպքում ստացվում է, որ դատարանն ունենալու է վեց անդամ, այսինքն՝ քվորումի խնդիր, ըստ էության, Սահմանադրական դատարանը չի ունենա, այսինքն՝ բնականոն կգործի։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արման Բաբաջանյանը հանում է հարցը։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Հովակիմյան։

Հարգելի գործընկերներ, այժմ մտքերի փոխանակության փուլն է։ Եթե պատգամավորներ կան, ովքեր ուզում են ելույթ ունենալ, ապա պետք է հերթագրվել։ Հերթագրում։

Ես ներողություն եմ խնդրում, ես մի քիչ առաջ ընկա, հարակից զեկուցում պետք է լսենք։ Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հանրաքվեի պրոցեսը նախաձեռնելուց հետո անմիջապես մենք կապի մեջ ենք եղել Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ, Վենետիկի հանձնաժողովի հետ, որպեսզի քննարկենք գործողությունների հետագա ծրագիրը, ինչպես նաեւ հանրաքվեի դրված տարբերակի մասով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիտարկենք՝ կա՞ դիմելու անհրաժեշտություն, թե՞ ոչ։

Բոլորին հայտնի է, թե հանրաքվեի մասով ինչ խնդիրներ առաջացան, եւ մենք մեր գործընկերների հետ կրկին շարունակեցինք խոսակցությունն այն առումով, որ այս պարագայում՝ պանդեմիայի պարագայում, ինչ հնարավորություն կա՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին այդ համագործակցության համար, որը շատ արդյունավետ էր։

Հիմա ներկայացնեմ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի այն հիմնական կետերը, որոնք հիմք են ընդունվել նաեւ նախագիծը մշակելիս։

Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ դատավորների անփոփոխելիության սկզբունքը ԵԽ տարածքում չափազանց կարեւոր երաշխիք է, եւ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս չափազանց զգուշավորությամբ վերաբերվել ցանկացած փոփոխությանը, որը որեւէ կերպ առնչվում է այս սկզբունքին։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը նաեւ նշել է, որ ներկայիս մեծամասնության նպատակը ժողովրդավարական բարձր չափանիշները փոփոխելը չէ։ Խոսք է գնում, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ներդրված Սահմանադրական դատարանի նոր մոդելի մասին, որը, գիտեք, սահմանափակում է դատավորների պաշտոնավարումը 12 տարով, եւ ենթադրում է տարբեր սահմանադրական մարմինների ներգրավվածություն պրոցեսում։ Շարունակելով՝ նշում է, որ 2015 թ. բարեփոխումների ձեռքբերման հակադարձման նպատակ չունի գործող իշխանությունը եւ չի պատրաստվում դրանցից հետ կանգնել, ինչպես նաեւ չկա նպատակ՝ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը։ Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, եւ դատարանի կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները։ Սա լեգիտիմ նպատակ է, եզրափակում է Վենետիկի հանձնաժողովը։

Հանձնաժողովը նաեւ ընդունել է, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման եւ դրանց վերջնական իրականացման միջեւ ընկած ժամանակահատվածը, որը կարող է տեւել մինչեւ 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է, եւ հանգեցնում է 2015 թ. փոփոխությունների իրագործման խափանմանը: Այսինքն՝ հանձնաժողովը հստակ արձանագրել է, որ այդ բացառիկ իրողության պայմաններում եւ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության անցումային դրույթը՝ 213 հոդվածը նախատեսել է այդ մոդելի կյանքի կոչման ճանապարհը, ընտրվել է չափազանց երկար գործընթաց, որը խափանում է մոդելի արդյունավետ կյանքի կոչումը պրակտիկայում։

Նաեւ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ դիմումով առաջարկված փոփոխություններով նախատեսվում է գործող դատավորների պաշտոնավարումը սահմանել հստակ ժամկետով՝ նրանց ցմահ մանդատը փոխարինելով կենսաթոշակային տարիքի ժամկետով:

Հանձնաժողովը գտնում է, որ պետք է հաշվի առնել ու արդեն իսկ հստակ ժամկետներով մանդատի կրճատմանը հանգեցնող միջոցի համեմատ առաջարկված այս տարբերակի դեպքում դատավորների անփոփոխելիության սկզբունքի միջամտությունը շատ ավելի մեղմ է, եւ վերջնական եզրահանգումներում նշված եղանակը, որն իշխանություններն առաջադրել են, այսինքն՝ 12 տարվա ժամկետով սահմանափակում, համարվել է ընդունելի։

Հանձնաժողովը եւս մեկ անգամ շեշտել է, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը կյանքի կոչելու պատշաճ տարբերակը գործող դատավորների պաշտոնավարման ժամկետի պահպանումն ու պաշտոնավարման նոր ժամկետների աստիճանական ներդրումն է նորմալ փոխարինման միջոցով։

Այդուհանդերձ, ինչպես նշեցի, հաշվի առնելով Հայաստանի առկա վիճակը՝ որպես հնարավոր լուծում կարող է լինել 213-րդ հոդվածի փոփոխությունը եւ Սահմանադրական դատարանի թարմացումը՝ նախատեսելով անցումային ժամանակահատված:

Վենետիկի հանձնաժողովը նաեւ նշել է, որ Եվրոպայում հիմնականում գոյություն ունի դատարանների նախագահների, փոխնախագահների եւ պալատների կամ պանելների նախագահների ընտրության երկու համակարգ։ Որոշ երկրներում, ինչպիսիք են Գերմանիան կամ Ավստրիան, նախագահին եւ փոխնախագահին ընտրում են մյուս դատավորներին ընտրելու համար իրավասու մարմինները։ Մյուս կողմից՝ մի շարք համակարգեր, եթե ոչ դրանց մեծամասնությունը, ենթադրում են, որ նախագահին պետք է ընտրեն այդ դատարանների դատավորները։ Այս ամենից վեր, նման համակարգ է գործում նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ Եվրոպական Միության արդարադատության դատարանում։

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է նաեւ ՍԴ նախագահի պաշտոնավարման հարցին՝ շեշտելով, որ Սահմանադրական դատարանի նախագահի դեպքում այս երաշխիքները, որի մասին Վենետիկի հանձնաժողովը կարծիքում խոսում է, ավելի մեղմ են, քան դատավորների դեպքում, որովհետեւ այս պարագայում խոսք է գնում ՍԴ նախագահի՝ որպես նախագահ պաշտոնավարման դադարեցման մասին։ Եվ այստեղ, բնականաբար, մոտեցումը գնահատելիս ավելի մեղմ պետք է լինի։

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման խնդրահարույց պրոցեսին։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը կարծիքում ընդունել է իշխանությունների փաստարկը, շեշտել է իշխանությունների փաստարկն այն մասին, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվել է նախորդ նախագահի պաշտոնավարումից ընդամենը մի քանի օր առաջ, եւ այդ մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքում առկա է հստակ նշում։

Վենետիկի հանձնաժողովին հարցրել էինք՝ նաեւ երկու այլ ինստիտուտի հետ կապված, մասնավորապես, հանրաքվեի չեղարկման հնարավորության մասին, որտեղ Վենետիկի հանձնաժողովի եզրահանգումն ավելի քան միանշանակ է, ըստ որի նման որոշում ընդունող մարմինը՝ ԱԺ-ը կարող է իր որոշմամբ չեղարկել հանրաքվեն, նաեւ խոսք էր գնում Սահմանադրական դատարանի կողմից նախնական սահմանադրական վերահսկողության ինստիտուտի մասին։

Վենետիկի հանձնաժողովը, ուսումնասիրելով Եվրոպայի խորհրդի երկրների փորձը, նախ՝ եզրահանգել է, որ այս տարածքում այդքան էլ ընդունված չէ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական վերահսկողության ինստիտուտը, նաեւ շեշտել է, որ իշխանությունների առաջարկը՝ սահմանափակել այդ վերահսկողության շրջանակները, մասնավորապես, դրանք դիտարկելով անփոփոխելի հոդվածների հետ հակասության կոնտեքստում, ամբողջությամբ ընդունելի է։

Վերջում կուզեի անդրադառնալ վկայակոչված 82-րդ կետին, որով Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից կարծիքի ընդունման օրն ԱԺ-ում նախագիծ է դրվել քննարկման, շրջանառվել եւ բացատրել է, թե ինչի մասին է խոսքը գնում։ Մասնավորապես, ինչպես նշեցի, Վենետիկը կոնցեպտի մասով համաձայնել է մեզ հետ՝ նշելով, որ դատավորների լիազորությունների 12 տարով սահմանափակումն ընդունելի է, ինչի համատեքստում նաեւ եզրահանգել է, որ 12 տարուց շատ պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցման սկզբունքը եւս ընդունելի է։ Սակայն առաջարկել է միաժամանակ, որպեսզի 12 տարուց ավելի պաշտոնավարած այդ դատավորների համար եւս լիազորությունների դադարեցման համար սահմանվի որոշակի անցումային շրջան, ընդ որում՝ առաջարկել է բանաձեւ՝ այդ անցումային շրջանը որոշել տվյալ դատավորների՝ նախորդ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետների հետ հարաբերակցության տեսանկյունից։ Մեր կողմից այս առաջարկը, իհարկե, ենթակա է քննարկման եւ նաեւ քննարկվել է, սակայն այստեղ կա մի խնդիր։ Եթե մենք մի կողմից՝ ասում ենք, որ դատավորների պաշտոնավարման ժամկետը պետք է սահմանափակվի 12 տարով, մյուս կողմից՝ ասում ենք, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունների ժամկետը պետք է դադարեցվի, բայց ասում ենք, որ հարաբերակցության մեջ պետք է դրվի իրենց՝ նախորդ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքի հետ, կարող ենք ունենալ այնպիսի իրավիճակ, որ այն դատավորները, ում լիազորությունները ենթակա կլինեն դադարեցման, եթե անցումային շրջան սահմանենք, իրենք ավելի երկար կպաշտոնավարեն, քան այն դատավորները, ովքեր սահմանափակված են լինելու 12 տարի ժամկետով, եթե հիմք ընդունվի այն բանաձեւը, որն առաջարկել է Վենետիկի հանձնաժողովը։

Ամփոփելով խոսքս, ուզում եմ հստակ նշել, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված այս կարծիքը եւ իշխանության՝ մեր բերած նախագիծը, այն նախագիծը, որն այսօր քննարկվում է, ամբողջությամբ համահունչ են իրար հետ այն առումով, որ հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի եւ 2015 թ. Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու իշխանության տարբերակի միջեւ։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Հարգելի գործընկերներ, հարակից զեկուցողին կարող ենք հարցեր ուղղել։ Հարցերի համար հերթագրում։

Ալեն Սիմոնյան։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի նախարար, ուզում եմ մի հղում անելով՝ ձեզ հարց ուղղել՝ կապված Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ։ Մասնավորապես, Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ հանձնաժողովն ակնհայտորեն իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին, եւ իրավիճակը ներկայացված է միմիայն Կառավարության դիրքորոշման տեսանկյունից։ Ուզում եմ հասկանալ, թե, ըստ ձեզ՝ ի՞նչը կարող է լինել այս գործչի մեղադրանքի հիմքում՝ ուղղված Վենետիկի հանձնաժողովին, որն իր կարծիքն է հայտնել։ Շնորհակալություն։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Ցավում եմ նման հայտարարության համար, որովհետեւ, ինչպես ներկայացրեցի, բավական բալանսավորված կարծիք է, ընդ որում՝ դա հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որեւէ կերպ եւ որեւէ դեպքում իր հեղինակությունը եւ, ընդհանրապես, իրավունքի սկզբունքները մի կողմ դնել, որ որեւէ երկրի, որեւէ իշխանության համար, այսպես ասած, հարմար տարբերակ մատուցել: Դա միանշանակ է, ընդ որում՝ մեր գործընկերները մշտապես դրա մասին խոսել են։ Հետեւաբար՝ այս հակասությունը՝ իրենց խոսքում մեղադրել Վենետիկի հանձնաժողովին քաղաքականացվածության մեջ, կարծում եմ՝ անընդունելի է։

Եվ այն փաստարկները, որոնք հնչում էին, որ սա հնարավոր չէ իրականացնել, այստեղ խախտվում է հետադարձ ուժի սկզբունքը, սա բացարձակապես անընդունելի է եւ այլն, եթե նկատեք, Վենետիկի հանձնաժողովի կարծիքում հետադարձ ուժի մասով նույնիսկ անդրադարձ չկա, որովհետեւ ակնհայտ է ինձ համար, առնվազն, որ անցումային դրույթի կյանքի կոչումը գերակայող հանրային շահի առկայության պարագայում, այն է՝ Սահմանադրական դատարանի մոդելը հնարավորինս արագ կյանքի կոչելը, չէր կարող լինել։ Երեւի թե, այսքանը։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք ունե՞ք։ Չունեք։ Հաջորդ հարցը՝ Հերիքնազ Տիգրանյան։

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Բադասյան, նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ի դեմս ձեզ, Կառավարությանը՝ հանձնաժողովի հետ սերտ եւ արդյունավետ աշխատանքի համար, եւ ասեմ, որ սա իմ գնահատականը չէ։ Որքան էլ տարօրինակ է, բայց դա մեր իշխանությանն ամենաթունդ քննադատող եւ մեր թիմի կարողությունները թերագնահատող նախկինների գնահատականն է, որի արդյունքում մենք ունենք այնպիսի եզրակացություն Վենետիկի հանձնաժողովից, ինչն անքննելի է դարձնում այս նախագծի կուռ իրավական տրամաբանությունը։ Սրա հետ կապված՝ կուզեի, ուղղակի, մեր հեռուստադիտողների համար իրավական տերմինոլոգիայից դուրս ավելի հստակ արձանագրեինք։ Ես հարցը տամ, դուք ուղղակի հաստատեք կամ լրացրեք, որ մենք առաջադրել ենք հանձնաժողովին, ըստ էության, երեք հարց եւ երեք հարցի հետ կապված՝ մենք ստացել ենք դրական արձագանք եւ նրանց համաձայնությունը նման գործելաոճի համար։

Եվ՝ որպես լրացում՝ ուղղակի նշեմ՝ երկրորդ հարցի հետ կապված, որ երբ հարցադրումը եղել է սահմանադրականության ստուգման շրջանակի հստակեցում, նաեւ այստեղ հանձնաժողովը գտել է, որ դիտարկելի է միայն Սահմանադրության անփոփոխելի հոդվածների կամ դրա շրջանակի ընդլայնումը։ Շնորհակալություն։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Տիգրանյան։ Երեք հարց էր, այո, հղվել Վենետիկի հանձնաժողովին. արդյո՞ք ԱԺ-ն իրավունք ունի չեղարկել հանրաքվեն, պատասխանը միանշանակ է. այո, ունի։

Արդյո՞ք Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական սահմանադրական վերահսկողությունը, այսինքն՝ այն իրավիճակը, երբ ԱԺ-ն Սահմանադրության փոփոխություններն ուղարկում է Սահմանադրական դատարան, պետք է սահմանափակվի անփոփոխելի հոդվածների հետ հակասությա՞ն կոնտեքստում, թե, առհասարակ, Սահմանադրության հետ հակասության կոնտեքստում, կրկին պատասխանը միանշանակ է, որ Սահմանադրական դատարանի՝ սահմանադրական վերահսկողության շրջանակը պետք է նեղացվի եւ միայն անփոփոխելի հոդվածների հետ հակասության տիրույթում դիտվի։

Եվ երրորդ ու հիմնական հարցը. արդյո՞ք 12 տարի պաշտոնավարած դատարանի դատավորների լիազորությունները ենթակա են դադարեցման, իսկ մնացած՝ մինչեւ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը դեռեւս պաշտոնավարել շարունակող դատավորների լիազորությունների ժամկետի սահմանափակումը 12 տարով ընդունելի՞ է։ Հայաստանի բացառիկ իրավիճակը հաշվի առնելով՝ համարվել է ընդունելի, միաժամանակի առաջարկվել է անցումային որոշակի շրջան երեք դատավորների համար, որոնց 12 տարի լիազորությունների ժամկետն արդեն լրացել է, որի խնդրի մասին ես արդեն բարձրաձայնեցի։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք կա՞։

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Բադասյան, որպես լրացում, ուզում եմ հավելել նաեւ հանձնաժողովի այն դիրքորոշումը, որ դատարանի վերաբերյալ փոփոխությունների պարագայում դատավորները պետք է ձեռնպահ մնան այնպիսի որոշումներ կայացնելուց, որոնք թվացյալ նաեւ իրենց մոտ կառաջացնեն շահերի բախում։ Եվ ընդհանուր եզրահանգումն այն է, որ առաջարկվող լուծումները հետապնդում են լեգիտիմ նպատակ, եւ լուծումները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ Շնորհակալություն։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Տիգրանյան։ Այո, նման կետ էլ, միանշանակ, կարծիքում կա, որտեղ նշվում է, որ Սահմանադրական դատարանի կողմից իր լիազորություններին, ըստ էության, դատավորների լիազորությանն առնչվող հարցերով Սահմանադրական դատարանը պետք է զգուշավորություն ցուցաբերի եւ չսահմանափակվի որեւէ անուղակի հակասությունների մասին ընդհանրական դիտարկումներով։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Տիգրան Ուրիխանյան։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Ունեք դուք արդյո՞ք որեւէ սցենարի կանխատեսում կամ նախատեսե՞լ եք, եթե ինչ-որ պարագայում այս օրինագիծը, եթե ընդունվի, ապա այնուհետեւ ուժի մեջ չմտնի։ Որեւէ կերպ նախատեսե՞լ եք որեւէ այլ իրադարձությունների ընթացք կանխատեսումներում եւ ունե՞ք այլ սցենար, թե՞ չէ։ Շնորհակալ եմ։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Ոչ, նման սցենար չենք նախատեսել՝ նկատի ունենալով, որ ընթացակարգը պարզ կարգավորված է գործող օրենսդրության շրջանակներում։ Ընդունման դեպքում, բնականաբար, նաեւ ուժի մեջ կմտնի։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Այսինքն՝ եթե որեւէ կերպ ինչ-որ մի, ես չգիտեմ՝ ինչ տարբերակով, օրենքը հանկարծ ուժի մեջ չմտավ, չգործեց, այլ հնարավորություն այլեւս չի՞ մնում՝ Սահմանադրական դատարանի կազմը փոխելու։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության հետ կապված հարաբերությունները կրկին կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ։ Եթե նկատի ունեք՝ այլ հնարավորություն, օրինակ, չկա դատական համակարգում՝ այլ բարեփոխումներ իրականացնելու, կա, ապա դրանք կրկին դատաիրավական ռազմավարության, Դատական օրենսգրքի վերջին փոփոխություններով ընդունվել են եւ Դատական օրենսգրքի մասով ուժի մեջ են արդեն։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արման Բաբաջանյան։

Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Նախ՝ ռեպլիկի կարգով ուզում եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք այս կարճ ժամանակում լսեցի «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներից, որոնք վերաբերում են Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը եւ, առհասարակ, Վենետիկի հանձնաժողովին, եւ այստեղ այն գովասանական ելույթներին, որոնք հնչում են այդ հանձնաժողովի վերաբերյալ։

Ես ուզում եմ հիշեցնել, որ այս կարգավորումները, առհասարակ, Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամը մենք հաղթահարում ենք, որովհետեւ ժողովուրդն առաջին հերթին ձեզ՝ որպես քաղաքական մեծամասնություն, եւ հեղափոխության արդյունք խորհրդարանին պատվիրակել է ամեն գնով պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունը, եւ այդտեղ Վենետիկի հանձնաժողովն ունի, ընդամենը, շատ սահմանափակ, օժանդակ դերակատարություն։

Իսկ հիմա՝ հարցս. պրն նախարար, ըստ էության, մենք տեխնիկական փոփոխություններ ենք անում, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը ձեր երեք հարցերին պատասխանել է շատ, այսպես, պարզ կերպով իրողությունների մասին, որոնք մեզ անհայտ չեն եղել, մենք ի սկզբանե իմացել ենք՝ ինչ պետք է լինի, գուցեեւ, երբ դուք հարցրերն ուղարկում էիք Վենետիկ, շատ լավ գիտեիք, թե որոնք են լինելու պատասխանները։ Բայց ես ուզում եմ իմանալ՝ մենք բովանդակային փոփոխությունների մասին մտածում ենք արդյո՞ք, այս տեխնիկական փոփոխությունները, որոնք կարող են հիպոթետիկ նոր սրացումներ առաջացնել, արդյո՞ք ԱԺ եւ ՍԴ հաշտեցման միջոցների մասին մտածե՞լ ենք՝ այս փոփոխությունների հիմքում դնել, թե՞ ոչ։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաբաջանյան, թե՛ դիտարկման, թե՛ հարցի համար։ Անդրադառնալով ձեր դիտարկմանը՝ բնականաբար, մենք գործում ենք ՀՀ քաղաքացուց ստացած մանդատով, եւ այդ արժեքից վեր որեւէ արժեք չի կարող լինել։ Շնորհակալություն այդ դիտարկման համար։

Ինչ վերաբերում է հարցին, հարցը բավական ընդհանրական ձեւակերպեցիք։ Եթե խոսքը... Ես տեխնիկական չէի որակի այս փոփոխությունը, որովհետեւ ինքը որոշակի առումով Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու օրինակ է։ Այսինքն՝ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությունը սահմանել է 12 տարի պաշտոնավարման ժամկետ, մեր կարծիքով, մենք բազմիցս ենք դրա մասին խոսել, անցումային դրույթով դրա կյանքի կոչումը չափազանց երկար ինչ-որ ժամկետում է սահմանվել, որն իմաստազրկում է այդ մոդելի կյանքի կոչումը պրակտիկայում։ Հետեւաբար՝ մենք բերել ենք այս նախագիծը՝ նաեւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը հաշվի առնելով։

Ինչ վերաբերում է ձեր ձեւակերպմամբ՝ բովանդակային փոփոխություններին, ես, քանի որ, երեւի կպարզաբանեք մի քիչ, կբացեք ընդհանրական ձեւակերպումների փակագծերը, որպեսզի հնարավոր լինի պատասխանել, բայց այս պահին ես կասեմ, որ, առհասարակ, թե՛ դատական համակարգում՝ թե՛ Սահմանադրական դատարանում, թե՛ այլ համակարգերում, ես կարծում եմ, որ հիմնական գործիքը կամ գործիքներից մեկը, որով մենք կարող ենք արդարադատության որակը բարձրացնել՝ ի թիվս այլ բարեփոխումների, դատավորների գույքային դրության արդյունավետ ստուգումն է, որովհետեւ այն դատավորները, ովքեր չեն կարողանում բացահայտել իրենց եկամուտների օրինական ծագման աղբյուրը կամ հիմնավորել դա, կարծում եմ՝ չափազանց մեծ խնդիր է ներկայացնում, խնդրահարույց է իրենց հետագա պաշտոնավարումը։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք, պրն Բաբաջանյան։

Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

-Պրն Բադասյան, հարցը նրանում է, որ մենք ձեռնամուխ ենք լինում այս ճգնաժամի հանգուցալուծման մի շատ տրիվիալ պատճառով. երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ մենք ուշացած ձեռնամուխ ենք լինում այսպիսի կարգավորման, որովհետեւ ակնհայտ է, որ եթե նոր խորհրդարան չլիներ, այս կարգավորումները երբեք օրակարգ չէին գա։ Այս կարգավորումներին մենք դիմում ենք, որովհետեւ երկրում տեղի են ունեցել աննախադեպ հեղափոխական գործընթացներ, ժողովրդավարական գործընթացներ, եւ այս խորհրդարանը միակ մարմինն է, ըստ էության, որը պետք է պաշտպանի ժողովրդավարությունը մեր երկրում, եւ այս դեպքում մենք այդ պաշտպանությունը նկատում ենք, Սահմանադրական դատարանի կողմից ոտնձգություններից պաշտպանում ժողովրդավարությունը։ Մենք հիմա ուղիներ ենք փնտրում, որպեսզի հաշտվենք Սահմանադրական դատարանի նաեւ այն անդամների հետ, ում վերաբերյալ մենք շատ հստակ ունեցել ենք ձեւակերպված համոզում, որ նրանք տարիներ ի վեր բռնաբարել են երկրում սահմանադրական արդարադատությունը, եւ այդ մարդիկ պիտի շարունակեն պաշտոնավարել: Եվ ԱԺ-ի եւ այս Սահմանադրական դատարանի այդ գործող անդամների, ոչ դատավորների՝ ինչ-որ կերպ ԱԺ գալու եւ նրանց այս ժողովրդավարական ԱԺ-ին մասնակից դարձնելու ինչ-որ մի ընթացակարգ կարո՞ղ ենք մենք մտածել, ներառել երկրորդ ընթերցման համար, որը, այսպես ասած, կլեգիտիմացնի եւ հաշտության կամուրջ կսահմանի ԱԺ-ի եւ Սահմանադրական դատարանի միջեւ, որը, ըստ էության, կփակի նոր սրացումների ճանապարհը։ Շնորհակալություն։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաբաջանյան։ Կմտածենք, միգուցե, ձեր նշած հաշտեցման ընթացակարգի մասին։ Երբ կոնկրետ կլինի առաջարկը, կփորձենք մտածել այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վլադիմիր Վարդանյան։

Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Նախ՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, պրն Բադասյան, Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ աշխատանքը հավուր պատշաճի իրականացնելու համար։ Որպես որոշակի հավաստիացում էր նաեւ, որպեսզի հանրությունն իմանա, որ այս նախագծի պատրաստման ընթացքում Վենետիկի հանձնաժողովի զեկուցողներն օնլայն հանդիպումներ են ունեցել ձեզ հետ, ես եմ մասնակցել հանդիպմանը, կխնդրեի, որ դուք ընդգծեիք, որ նախագիծը կազմվել է նաեւ ՀՀ իշխանությունների բոլոր ճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ դրանց հիման վրա է նաեւ կազմվել նախագիծը։

Առաջին հարցը, որ ես ուզում էի տալ ձեզ, հետեւյալն է. մենք պետք է հստակ արձանագրենք, որ այն խառնաշփոթը, որ առկա է այսօր՝ կապված տարբեր կարգավիճակների, տարբեր ժամկետների, պաշտոնավարման անձեռնմխելիության վերաբերյալ տարբեր ընկալումների հետ, այս նախագծով մենք վերացնում ենք, եւ այսուհետ մենք ունենալու ենք միասեռ Սահմանադրական դատարան, որտեղ յուրաքանչյուր դատավոր ունենալու է նույն կարգավիճակը, նույն իրավունքները, նույն արտոնությունները եւ պաշտոնավարման նույն ժամկետը։

Եվ երկրորդ հարցը, որովհետեւ գիտեմ, որ տարբեր մանիպուլյացիաների առարկա է լինելու, պրն Բադասյան, կխնդրեի, որ դուք փարատեք այս կասկածները. Սահմանադրական դատարանի պաշտոնաթող լինող անդամներն օգտվո՞ւմ են այն բոլոր սոցիալական եւ այլ երաշխիքներից, որոնք նախատեսված կլինեին իրենց համար, եթե վերջիններիս պաշտոնավարումը դադարեցվեր առանց համապատասխան փոփոխությունների։ Այսքանը։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Վարդանյան, դիտարկման եւ երկու շատ կարեւոր հարցերի համար։

Նախ՝ դիտարկմանն անդրադառնալով՝ այո, Սահմանադրական դատարանը նույնպես մասնակցել է նման քննարկումների եւ հնարավորություն է ունեցել՝ իր կարծիքն արտահայտելու մեր առաջադրած հարցերի կապակցությամբ։

Ինչ վերաբերում է հարցին, Վենետիկի հանձնաժողովը 43-րդ կետում հստակ նշում է, որ խնդիրներից մեկն էլ դատավորների միջեւ տարբեր կարգավիճակների առկայությունն է, որին ինքն անդրադարձել է դեռեւս Դատական օրենսգրքի փորձաքննության շրջանակներում: Այսինքն՝ նաեւ կարեւորվում է այս փոփոխությունը դատավորների պաշտոնավարման ժամկետների համադրման տեսանկյունից։

Եվ երկրորդ հարցը, որ տվեցիք՝ կենսաթոշակի հետ կապված, միանշանակ, կարծում եմ՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի գործող կարգավորումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս պնդել, որ կենսաթոշակի իրավունքը պահպանվելու է, որովհետեւ հենց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ընդունման պահից ամրագրվել է մի դրույթ, որը վերաբերում է արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների կենսաթոշակի իրավունքին: Ես ուզում եմ խորհրդարանի ուշադրությունը հստակ հրավիրել այս հանգամանքի վրա, որ Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո, երբ մշակվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, այսինքն՝ այս քննարկումները դեռ չէին սկսել, այդ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում նման դրույթ կա՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած, այսինքն՝ նույնիսկ այն ժամանակ այդ խնդիրը տեսել են իրավաբանները, որ որոշակի հնարավորություն պետք է ընձեռել։ Այնուամենայնիվ, եթե ինչ-որ բան տարընկալումների տեղիք կտա կենսաթոշակի իրավունքի մասով, մենք, անպայման, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կնախաձեռնենք, բայց կարծում եմ, որ կենսաթոշակի իրավունքի տեսանկյունից նման անհրաժեշտություն չկա։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք ունե՞ք, պրն Վարդանյան։

Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Նախ՝ շնորհակալություն, պրն Բադասյան, նման մանրակրկիտ պատասխանի համար, պարզապես, եւս մեկ անգամ այս ամենը կրկին հանրայնացնելու համար պետք է հստակ ընդգծել, որ մենք գնում ենք ինստիտուցիոնալ լուծմամբ, այս մոտեցումը հենված է եվրոպական հստակ չափորոշիչների վրա, այս ձեւաչափի հետ կապված՝ մենք ստացել ենք եվրոպական մեր գործընկերների հավանությունը, եւ, ըստ էության, սա այն միակ լուծումն է, որը թույլ է տալիս հնարավորինս արագ ունենալ այն Սահմանադրական դատարանը, որն ամրագրված է ՀՀ գործող Սահմանադրության մեջ։ Շնորհակալություն։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Վարդանյան։ Այո, փոփոխությունների լեգիտիմ նպատակը շեշտադրվել է թե՛ Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքում, թե՛ քիչ առաջ ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից տարածված հայտարարության մեջ՝ նշելով, որ այս փոփոխությունները լեգիտիմ նպատակ են հետապնդում եւ, այո, դրանք համապատասխանում են ստանդարտներին եւ թույլատրելի են համարվել։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վերջին հարցը՝ Սուրեն Գրիգորյան։

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Պրն Բադասյան, հարցս վերաբերում է մի շահարկման, որը նույնպես արվում է իրենց շատ լավ մասնագետ համարող որոշ անձինք կողմից։ Մասնավորապես, այն, որ ես անհրաժեշտ եմ համարում, որ հենց դուք այդ հարցին պատասխանեք, որովհետեւ հարցումը Վենետիկի հանձնաժողով, դուք եք ուղարկել որպես արդարադատության նախարար։ Նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերից մեկը եղել է Սահմանադրական դատարան դիմելու/չդիմելու պարտադիրության մասով: Ես ուզում եմ, որ դուք հաստատեք, որ երեք հարցերից ոչ մեկում նման հարց չի ուղղվել եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից առաջադրված հարցերի շրջանակներում այդ հարցն առանձին չի քննարկվել, որովհետեւ այդ շահարկումը սկսվել է դեռեւս երեկ չէ առաջին օրվանից եւ այսօր շարունակվում է։ Շնորհակալություն։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Գրիգորյան։ Կարծում եմ՝ քանի որ հրապարակված է կարծիքը, կարող ենք բացել, այնտեղ առանձին գլուխ կա, որը նվիրված է իշխանությունների կողմից առաջադրված հարցերի բովանդակությանը: Այդ գլխում կնկատենք, որ որեւէ հարց՝ կապված Սահմանադրական դատարանին դիմել/չդիմելու հետ Վենետիկի հանձնաժողովին չի առաջադրվել։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանքո՞ւմ եք։ Արձագանք չկա։

Պրն Բադասյան, մի հարց էլ ես տամ։ Թերեւս, ես կհամաձայնեի հիմնական զեկուցողի հետ, որ հարցը ժամանակավրեպ է, եւ երկրորդ քննարկման փուլում կարող ենք անդրադառնալ, բայց քանի որ տիկին Թովմասյանը բացեց հարցը, կարծում եմ՝ պետք է պարզաբանել՝ այդ ՍԴ դիմել-չդիմելու հետ կապված։ Խնդրում եմ ձեր պարզաբանումները ներկայացրեք, որ միանշանակ լինի։

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Միրզոյան, հարցի համար։ Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հետ կապված հարցը քննարկելիս երկու արժեքի միջեւ պետք է ընտրություն կատարվի։ Մի կողմից՝ ակնհայտ է, որ առկա է շահերի բախման իրավիճակ, եւ շատ ուղիղ ու ակնհայտ շահերի բախման իրավիճակի հետ գործ ունենք, մյուսն արդարադատություն իրականացնելու շահն է: Ուղղակի, այստեղ պետք է հաշվի առնենք մի բան, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների մասով ունի նախնական վերահսկողության գործիք, որը մինչեւ «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված վերջին օրենսդրական փոփոխությունները, ընդհանրապես, սահմանափակված չէր, այսինքն՝ պարզ չէր, թե Սահմանադրական դատարանը փոփոխությունների եւ Սահմանադրության միջեւ հակասությունն ինչ տեսանկյունից պետք է գնահատի։ Ես նշեցի, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ այդ վերահսկողության ինստիտուտի հետ կապված, ընդհանուր առմամբ, ԵԽ տարածքում ընդունված գործիք չէ, նախնական սահմանադրական վերահսկողությունը կրկին 2015 թ. փոփոխությունների նորամուծություններից մեկն է եղել։ Եվ ես կարծում եմ՝ մենք գործ ունենք շահերի բախման ուղիղ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շատ լավ, շնորհակալություն։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարգելի գործընկերներ, այժմ՝ մտքերի փոխանակություն. ելույթների համար հերթագրում։ Հովհաննես Իգիթյանը կսկսի։

Հ.ԻԳԻԹՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ օգտագործել այս կարեւոր ամբիոնը մեր հասարակության հետ նաեւ զրույց սկսելու համար, եւ ես համոզված եմ, որ մենք այստեղ ենք՝ հենց հասարակության համար ներկայացնելու այս փոփոխության իմաստը։

Նայեք, ի՞նչ է ուզում մեր հասարակությունը։ Եկեք պարզ լեզվով փորձենք խոսել։ Ես շատ եմ հարգում մասնագիտական բոլոր անհրաժեշտ նույնիսկ ձեւակերպումները, բայց փորձենք ժողովրդի հետ զրուցել։

Նայեք, ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդն ուզում է, որ մենք ունենանք Սահմանադրական դատարան՝ անկախ, արհեստավարժ, վստահություն վայելող եւ ստաբիլ, կայուն։

Ի՞նչ ենք ուզում մենք։ Մենք պարտավոր ենք ուզել եւ իրականացնել այն, ինչ ուզում է մեր հասարակությունը:

Ի՞նչ է ուզում եւ ի՞նչ է խորհուրդ տալիս Վենետիկի հանձնաժողովը: Վենետիկի հանձնաժողովն ուզում է, որ Հայաստանն ունենա անկախ, արհեստավարժ, ապաքաղաքականացված եւ ստաբիլ, կայուն Սահմանադրական դատարան: Այստեղ մեր կողմից ներկայացված այս նախագիծը հենց այն կոմպրոմիսն է այդ բոլոր ցանկությունների՝ մեր հասարակության, մեր եւ Վենետիկի հանձնաժողովի։ Դա շատ կարեւոր է։

Ես դա ինչո՞ւ եմ ասում. որովհետեւ, ցավոք, երբ հասարակությունը փորձում է տարբեր մեդիա աղբյուրներից իմանալ, թե ինչ է կատարվում, շատ հաճախ կան մարդիկ, հատկապես, նախկին իշխանություններից, այլ ոչ կոռեկտ մարդիկ, որոնք ապակողմնորոշում են մեր հասարակությանը։ Մենք պետք է անընդհատ կրկնենք, թե ինչի համար ենք դա անում։

Գիտե՞ք, մենք էլ ունենք ներքին ինֆորմացիա։ Ես ոչ կոռեկտ եմ համարում, երբ որոշ մարդիկ, հատկապես, նախկինում Վենետիկի կամ Եվրախորհրդի հետ այս կամ այն ձեւով կապ ունեցող, փորձում են ներքին ինֆորմացիան վերցնել եւ մանիպուլյացիայի ձեւով տալ մեր հասարակությանը։ Մենք էլ ունենք անձնական կապեր, բայց մեր հարաբերությունները Վենետիկի հանձնաժողովի հետ ինստիտուցիոնալ են եւ գործընկերային, մենք Վենետիկի հանձնաժողովին համարում ենք մեր գործընկերը։ Գիտեք, ես ընտրվել եմ պատգամավոր 30 տարի առաջ այն նույն օրը, երբ ստեղծվել է Վենետիկի հանձնաժողովը։ Իմ առաջին շփումը եղել է, երեւի, 25 տարի առաջ, երբ Վենետիկի հանձնաժողովը նոր էր ձեւավորում իր մոտեցումները։ Գիտեք, երբեք մի նայեք Վենետիկի հանձնաժողովին որպես հսկող, վատ, չար, վերահսկող, ոչ, դա մեր գործընկերն է, ընդ որում՝ Վենետիկի հանձնաժողովը չունի պատասխաններ բոլոր իրավիճակներին։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ Մոնտենեգրոյի՝ Չեռնոգորիայի հետ կապված հարց կար, կրոնական հարցեր էին, ես Լեհաստանի հարցն եմ հիշում, երբ խնդիր կար, հիշում եք, Գերագույն դատարանի, ես այլ հարցեր եմ հիշում՝ Մոլդովայի եւ այլն, ամեն այդպիսի հարց լուծելուց հետո Վենետիկի հանձնաժողովը ստանում է նոր գործիքակազմ։ Եվ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ լուծելով Վենետիկի հանձնաժողովի հետ միասին, ձեզ հետ միասին, մեր հասարակության հետ միասին այդ հարցը, հաջողությամբ լուծելուց հետո նույն Վենետիկի հանձնաժողովն այս նախադեպն էլ կունենա իր արխիվում՝ այդպիսի հարցեր լուծելու համար։

Ես համոզված եմ, որ այս նախագիծը լուծելու է այն հիմնական խնդիրը, մեր հասարակության այն ցանկությունը՝ ունենալ անկախ, նորից եմ կրկնում, արհեստավարժ Սահմանադրական դատարան, եւ մեր հասարակությունն իրավունք ունի ունենալ այդպիսի Սահմանադրական դատարան։

Հիշում եք, որ նախկինում շատ հաճախ Սահմանադրական դատարանը շրջանցվում էր, եւ մարդիկ ուղիղ դիմում էին ՄԻԵԴ։ Ես համոզված եմ, որ այս փոփոխություններից հետո մենք կունենանք այդպիսի Սահմանադրական դատարան։ Շնորհակալություն։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Մարիա Կարապետյան։

Մ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգարժան նախարար, հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ մենք փոքր-ինչ կամ մի քիչ շատ չարաշահել ենք ՀՀ քաղաքացիների համբերությունն այս խնդրի լուծման կապակցությամբ։ Սակայն ես այս հնարավորությունը ցանկանում եմ օգտագործել՝ անդրադարձ կատարելով մեր անցած ուղուն, Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ձեւավորված ճգնաժամի լուծման կապակցությամբ մեր քայլերին անդրադառնալ եւ փոքր-ինչ բացատրել դրանց տրամաբանությունը, քանի որ այսօր շատ մոտ ենք նաեւ հանգուցալուծմանը։

Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ճգնաժամը երեք փոխկապակցված բաղադրիչ ունի։

Առաջինը Սահմանադրական դատարանի ձեւը կամ մոդելն է։ Ըստ մեր գործող Սահմանադրության՝ բարձր դատարանը պետք է բաղկացած լինի դատավորներից, որոնք ընտրվել են մի քանի սահմանադրական մարմինների կոնսենսուսի արդյունքում՝ ԱԺ կողմից են ընտրվել, Կառավարության, Հանրապետության նախագահի եւ դատավորների ընդհանուր ժողովի առաջադրմամբ, 12 տարով են ընտրվել եւ իրենց միջից են ընտրում իրենց նախագահին։ Այս պահին մենք չունենք այս մոդելը, եւ եթե ոչ մի քայլ չձեռնարկենք, դեռ երկար ժամանակ այս մոդելը չենք ունենա։

Երկրորդ խնդիրը Սահմանադրական դատարանի բովանդակությունն է կամ լեգիտիմությունը։ Նախ՝ Սահմանադրական դատարանի անդամների անցյալ քաղաքական եւ կուսակցական գործունեությունն է ստեղծում այդ դատարանի լեգիտիմության հարցը։ Իհարկե, օրենքը չի արգելում, որ քաղաքական եւ կուսակցական գործունեությունից հետո մարդիկ դառնան դատավոր, սակայն Հայաստանում ընդունված արատավոր պրակտիկա է եղել՝ ունենալ կուսակցական դատավորներ, գեներալ պատգամավորներ, հոգեւորական բիզնեսմեններ, եւ մենք այս պրակտիկային պետք է վերջ դնենք։

Եվ, ի վերջո, խնդրի երրորդ շերտն այս նախորդ երկու խնդիրների կոնկրետ դրսեւորումներն են, որոնք փաստում են, որ այս դատարանը ոչ թե ծառայում է հանրային շահին, այլ՝ կոնկրետ խմբային շահերին։ Նախ՝ Սահմանադրական դատարանում կան մարդիկ, ովքեր որոշումներ կայացրել են եւ շարունակում են կայացնել իրենց շահերի բախման իրավիճակում:

Երկրորդ. Սահմանադրական դատարանն արդեն երկու անգամ լիազորություն է գողացել մյուս սահմանադրական մարմիններից: 2018 թ. նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը զրկել է ԲԴԽ-ին իր կարեւորագույն լիազորություններից մեկից, այն է՝ դատավորի կողմից իր պաշտոնի հետ անհամատեղելի արարք կատարելու դեպքում դատավորի լիազորությունների դադարեցման գործառույթից, եւ 2018 թ. հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը զրկել է մեզ՝ ԱԺ-ին, Սահմանադրական դատարան դիմելու լիազորություններից մեկից, այն է՝ Սահմանադրական դատարանը մեզ ասել է, որ մենք կարող ենք դատարան դիմել դատարանի անդամի կողմից էական կարգապահական խախտում թույլ տալու եւ այդ հիմքով անդամի լիազորությունները դադարեցնելու հարցով, եթե դատարանն արդեն իսկ այդ հարցի շուրջ ունի որոշում։

Եվ այս անցած տարվա ընթացքում մենք մի քանի գործընթաց ենք նախաձեռնել՝ լուծմանը հասնելու ուղղությամբ։ Նախ՝ մեր մոտեցումը սկզբում եղել է՝ այս խնդիրը հրամցնել Սահմանադրական դատարանին եւ առաջարկել, որպեսզի նա ինքը լուծի իր հետ կապված ճգնաժամը։ 2018 թ. հոկտեմբերի 4-ին ԱԺ-ն դիմեց Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով, քանի որ նա էական կարգապահական խախտում էր կատարել, եւ այդ դիմումի մեջ մենք շարադրել ենք, թե լեգիտիմության, ձեւի, բովանդակության, ինչ խնդիրներից էր բխում այս էական կարգապահական խախտման, առհասարակ, հնարավոր լինելը։

Հաջորդ քայլով նույնպես մենք երկրորդ անգամ Սահմանադրական դատարանին հնարավորություն տվեցինք, որ ինքը լուծի այդ խնդիրը: 2018 թ. դեկտեմբերի 11-ին ԱԺ-ն ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը, եւ սրանով կրկին նախաձեռնությունը տրվում էր Սահմանադրական դատարանին։ Այս հնարավորությունը եւս մերժվեց։ Եվ Ազգային ժողովի լուծման հաջորդ տարբերակն արդեն այս տարվա փետրվարի 6-ին կայացված որոշումն էր, որով մենք որոշեցինք դիմել ժողովրդին այս խնդրի լուծման համար։

Մենք այսօր էլ շարունակում ենք կարծել, որ հանրաքվեն կլիներ լավագույն լուծումը, ընդ որում՝ մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը ոգեւորված էր այս խնդրի լուծմանն իր անմիջական մասնակցությունն ունենալու հեռանկարով, սակայն Սահմանադրական դատարանի լեգիտիմության եւ հանրային վստահության վերականգնումը չի կարող տեղի ունենալ հանրային առողջության վտանգման ճանապարհով, եւ համավարակի պայմաններում հանրաքվե չի կարող անցկացվել։ Միեւնույն ժամանակ, այս խնդիրը պետք է լուծում ստանա, եւ մենք այսօր կկայացնենք այդ որոշումը։ Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ այս լուծումն այն ծավալով չի լուծում Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես դա կաներ հանրաքվեն, եւ այս հարցը շարունակում է մնալ նաեւ մեր օրակարգում՝ սահմանադրական մեծ փոփոխությունների համատեքստում։ Շնորհակալ եմ։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Հովհաննես Հովհաննիսյան։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի համաքաղաքացիներ, հարգելի խորհրդարան, դիմում եմ բոլորիդ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, քանի որ հեղափոխությունը շարունակվում է, հեղափոխության ընթացքն անկասելի է, եւ անկախ նրանից՝ դուք ինչ կլսեք այս օրերին, ինչ կկարդաք ստահոդ մամուլում, մի հավատացեք այդ ամբողջին, որովհետեւ այն քվեն, որ դուք մեզ տվել եք՝ 70 տոկոս վստահության քվեն, մենք պարտավոր ենք այսօր, միգուցե, երեկ, այդ վստահության քվեն արդարացնել։ Միգուցե, ուշացած, բայց մենք իրականացնում ենք այն, որի համար դուք մեզ լիազորել եք այսօր գալ այս դահլիճ։

Չկա ավելի մեծ արժեք, քան անկախությունը եւ ինքնիշխանությունը, եւ ինքնիշխանությունը, որը ժողովրդավարության հիմքն է, որի հիմքը մարդու իրավունքներն են, տարիներ շարունակ Հայաստանում դրվել է մի կողմ։ Մենք մեր ինքնիշխանությունը տվել ենք թե՛ արտաքին, թե՛ ներքին ուժերի համար եւ զոհել ենք։ Մենք այսօր հետ ենք բերում մեր ինքնիշխանությունը։

Հայաստանը 1991 թ. դարձավ ինքնիշխան, անկախ երկիր։ Դրանից հետո պատմական դիսկուրս չանելու համար ասեմ, որ մենք անցել ենք բավականին փշոտ ճանապարհ, բայց մենք կորցրել ենք ժողովրդավարությունը եւ հեղափոխության շնորհիվ հետ ենք բերում այդ ժողովրդավարությունը։ Բայց ժողովրդավարության կառուցման ճանապարհը հեշտ չէ, այն փշոտ է եւ այն անցնում է դժվարությունների միջով։

Եթե վերցնենք «այսօրվա Սահմանադրական դատարան» եւ «ժողովրդավարություն» բառերը եւ դնենք իրար կողքի, արդյո՞ք դրանք համատեղելի են։ Դրանք անհամատեղելի են, որովհետեւ տարիներ շարունակ Սահմանադրական դատարանն աչք է փակել ընտրությունների կեղծիքի վրա, Բյուզանդի փողոցի մարդկանց ունեզրկման հարցի վրա, չնայած ֆորմալ կայացրել է որոշում, բայց այդ որոշման հետաձգման շնորհիվ՝ հնարավորություն է ընձեռել քաղաքական ուժերին՝ իրականացնել իրենց նպատակները։ Արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումները գրվել են Սահմանադրական դատարանում, թե՞ գրվել են նախագահական պալատում, այսօր էլ խիստ կասկածում եմ, որ գրվում են որոշակի փաստաբանական գրասենյակներում։

Սահմանադրական դատարանի միակ գործառույթը եղել է լռությունը։ Լռությունն այն հարցերի նկատմամբ, որոնք օրակարգային են եղել ժողովրդի համար, լռությունն ընտրակեղծիքների նկատմամբ, լռությունը համատարած ունեզրկման նկատմամբ, լռությունը թալանի նկատմամբ։ Եվ երբ նրանց բամփում են, այդ ժամանակ նրանք գիտեն, թե ինչ է լռությունը, իսկ այս իշխանությունը, որը չի բամփում, սկսել են տարբեր կողմերից խոսել։

Միակ բանով պետք է շնորհակալություն հայտնեմ Սահմանադրական դատարանի ներկա կազմին. նրանով, որ նրանք նպաստեցին Հայաստանում հեղափոխության կայացմանը, իրենց անգործությամբ, մարդու իրավունքներին իրենց հակագործունեությամբ նրանք նպաստեցին, որ Հայաստանում, վերջապես, տեղի ունենան արմատական փոփոխություններ։

Սահմանադրական կարգից այսօր խոսում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ բռնաբարել են երկիրը, սահմանադրական կարգը եւ ոչ միայն այդ երկուսը, այլեւ մի ամբողջ ժողովրդի արժեհամակարգ՝ դարձնելով նրան ընտրությունների ժամանակ ձայն բերող, տասովշչիկ եւ այլն։ Մարդիկ խոսում են երկակի ստանդարտների մասին, այսօր վազում են միջազգային կառույցների մոտ, դեսպանների մոտ, գաղտնի հանդիպումներ են ունենում։ Բայց այդ նույն մարդիկ տարիներ շարունակ մեղադրում էին ընդդիմությանը՝ դիմելու միջազգային կառույցներին։

Հարգելի համաքաղաքացիներ, հարգելի խորհրդարան, Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի։ Նույն ուժերը, որոնք իրենց հռչակում էին ժողովրդավար, մեկ տարվա տարբերությամբ չեն կարողանում անցնել խորհրդարան։ Սա վկայություն է այն բանի, որ Հայաստանում չի եղել ժողովրդավարություն։ Ես կարծում եմ, որ մենք այսօր մեծ քայլ ենք կատարում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման ճանապարհին։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Քրիստինե Պողոսյան։

Ք.ՊՈՂՈՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, իսկ, կարծեմ՝ հիշողությունս ինձ չի դավաճանում, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունից բացի, ներկայացված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որոնք ամեն օր, ամեն ժամ բողոքում եւ բղավում են բոլոր հնարավոր տեղերից, որ նրանք ներկայացնում են իրենց ընտրողներին եւ ԱԺ-ում ամեն օր ներկայացնելու են իրենց ընտրողների շահը: Հիմա ակամայից հարց է առաջանում. տիկնայք եւ պարոնայք, որտե՞ղ եք: Ես, իհարկե, գիտեմ՝ որտեղ են նրանք, նրանք այնտեղ են, ուր լինում են միշտ, երբ ՀՀ-ում պետության համար կարեւորագույն հարցեր են որոշվում։ Շարունակեք մնալ այդտեղ՝ լուսանցքից դուրս։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արման Բաբաջանյան։

Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

-Այսօր ես միակն եմ, ըստ էության, որ ներկայացնելու է կարծիք, որը տարբերվելու է իշխող խմբակցության կարծիքից, ուստի, ինձ մի րոպե ավելի ժամանակ տվեք, եթե հնարավոր է։

Ըստ էության, մենք քննարկում ենք չափազանց կարեւոր օրինագիծ, որն ուշացած է առավել քան երբեւէ, եւ ես շատ պիտի ուզեի, որպեսզի մեր ընդդիմադիր գործընկերներն այստեղ լինեին եւ նաեւ իրենց քննադատություններով, ինչո՞ւ չէ, մասնակցեին եւ հարստացնեին այս փոփոխությունները։

Այսօր մենք գնում ենք սահմանադրական ճգնաժամն այս ուղիով, այս տարբերակով լուծելու քայլին, ինչն իրականում կիսատ, թերի քայլ է եւ չափազանց հեռու է համակարգային լինելուց: Սահմանադրական ճգնաժամի այսպիսի լուծումը, որի արդյունքում Սահմանադրական դատարանի գործող անդամների մի մասը շարունակելու է պաշտոնավարել, չի լուծելու խնդիրը խորքային, արմատական առումով, եւ բացառված չէ, որ ապագայում մենք կանգնենք նոր խնդիրների առաջ: Սկզբունքներով դեմ լինելով սահմանադրական ճգնաժամի այս ճանապարհով հաղթահարմանը, ես, այդուհանդերձ, աջակցելու եմ ներկայացված նախագծին, քանի որ այն, այո, ոչ ամբողջական, ոչ համալիր, սակայն գոնե ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ելք է։

Չափազանց կարեւոր է, որ մենք այս տեխնիկական փոփոխություններին կարողանանք հաղորդել բովանդակություն, այնպիսի բովանդակություն, որը հաշտության եզրեր կուրվագծի Սահմանադրական դատարանի ու խորհրդարանի միջեւ։ Հակառակ պարագայում, այս դիմակայության շարունակման պարագայում մեծ է վտանգը, որ այս օրինագծով մենք ոչ թե կհանգուցալուծենք սահմանադրական ճգնաժամը, այլ ավելի կխորացնենք այն, ինչն ամենատարբեր դրսեւորումներով կարող է արտահայտվել առաջիկայում։

Այս փոփոխություններով, փաստորեն, Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում շարունակելու են պաշտոնավարել նաեւ այն անդամները, որոնք իրենց ուսերին կրում են նախկին արատավոր բեռը։ Մեր՝ որպես օրենսդիրներ խնդիրը պետք է լինի ստեղծել այնպիսի կարգավորումներ ու այնպիսի մթնոլորտ, որում հատկապես Սահմանադրական դատարանի հենց այդ անդամները, որոնք շարունակելու են պաշտոնավարել, կկարողանան հաղորդակից լինել հեղափոխությամբ արձանագրված ժողովրդավարական փոփոխություններին եւ այդ լույսի ներքո այս ԱԺ կողմից կստանձնեն կամ կվերստանձնեն Սահմանադրական դատարանի դատավորի մանդատն ու լիազորությունները։

Հասկանալի է, որ սա շատ բարդ ճանապարհ է, սակայն մենք պետք է անցնենք այն, հակառակ դեպքում այս փոփոխություններով մենք ոչ միայն չենք հանգուցալուծի ճգնաժամը, այլ նոր ճգնաժամերի հիմք կդնենք։

Իրականության մեջ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարումը, Սահմանադրական դատարանի գործող կազմի գործունեության դադարեցումը Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանն ուղղված քայլ է, քանի որ Սահմանադրական դատարանն իր այսօրվա տեսքով ու գործելաոճով ուղղակի սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ժողովրդավարությանը, հետեւաբար՝ նաեւ ինքնիշխանությանն ու անկախությանը։

Սահմանադրական դատարանի այս կազմով ու վարքագծով ուղղակի խոչընդոտ է ստեղծվել երկրում դատաիրավական ոլորտի արմատական բարեփոխումների համար, ինչը կրկին անուղղակի թելերով շոշափում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, որը, ուղղակի, հակացուցված է այսօր պայքարի առաջնագիծ նետված նախկին իշխանությունների ու օլիգարխների համար։ Սահմանադրական դատարանն իր այս կազմով նախկինների ու օլիգարխների երաշխիքն է, որ նրանք, առնվազն, դատական համակարգում կպահպանեն իրենց ունեցած ազդեցությունն ու շահերը։ Այս եւ մի շարք այլ գործոններ վկայում են, որ այս օրերին իրար հետեւից ձեւավորվող հակաիշխանական ու հակապետական տարբեր միավորների ալյանսների հիմքում ընկած է նաեւ Սահմանադրական դատարանի գործող կազմի փոփոխության դեմ պայքարը։ Իրերն այս լույսի ներքո դիտարկելիս ակնհայտ են դառնում նախկինների ու օլիգարխների այսօրվա մոբիլիզացիայի, Հայաստանի ինքնիշխանության դեմ ծավալվող դիվերսիայի դրդապատճառները, որոնք, ցավոք, սնուցվում են նաեւ արտաքին ուժային եւ ազդեցության կենտրոններից։ Իսկ դա նշանակում է, որ մենք առանց երկմտելու, առանց դույզն ինչ տատանվելու պետք է լուծենք Սահմանադրական դատարանի այս կազմի խնդիրը՝ դրանով հարված հասցնելով նախկինների ու օլիգարխիայի կոլաբորացիոնալիստական պայքարին։

Պետությանն ու հասարակությանը, ինքիշխանությանն ու անկախությանը հայտարարվել է պատերազմ, որին լծվել են օտարների աջակցությունից չխորշող բոլոր ուժերն ու անհատները։ Մենք պարտավոր ենք հաղթել այդ պատերազմում՝ կանգնելով պետության ու պետականության, Հայաստանի ինքնիշխանության ու անկախության կողքին։ Հակառակ դեպքում պատմությունն ու սերունդները մեզ չեն ների պետականության պաշտպանության գործում տապալվելու համար։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Տաթեւիկ Հայրապետյան։

Տ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ՀՀ հարգելի քաղաքացիներ, ըստ էության, առաջարկված նախագծով մենք սահմանադրական ճգնաժամի լուծման տարբերակ ենք գտել, որը, ըստ իս՝ բալանսավորված կոմպրոմիսային լուծում է մեր լիազորությունների շրջանակներում, եւ մենք երբեւիցե որեւէ կերպով հարցականի տակ չենք դնի սահմանադրական կարգը՝ մեր առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Հենց դրա համար էր ընտրվել խնդիրների լուծման ամենաժողովրդավար՝ հանրաքվեի տարբերակը: Այդուհանդերձ, հասկանալի պատճառներով հանրաքվեն տեղի չունեցավ, եւ ես կարծում եմ՝ մեր լիազորությունների շրջանակներում մենք փոքր-ինչ միջանկյալ լուծում ենք տալիս Սահմանադրական դատարանին, եւ այս լուծումն ամբողջությամբ համապատասխանում է այն լիազորություններին, որոնցով մենք օժտված ենք։

Եվ, ինչպես իմ գործընկեր տիկին Կարապետյանը նշեց, ես եւս կարծում եմ՝ խնդրի ավելի գլոբալ եւ համապարփակ լուծման համար մենք հետագայում, երբ ամբողջությամբ կհաղթահարենք համաճարակը, կարող ենք գնալ սահմանադրական փոփոխությունների փաթեթի, եւ դրանով իսկ վերջնականապես ստեղծել իրավիճակ, որտեղ իշխանության երեք ճյուղերը կհավասարակշռեն միմյանց: Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հաջորդ երկու պատգամավորները հանել են իրենց ելույթները, եւ այժմ՝ Վլադիմիր Վարդանյան։

Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այսօր չափազանց կարեւոր օր է, այսօր աննախադեպ օր է՝ եւ՛ քաղաքական, եւ՛ իրավական առումով, առաջին անգամ ԱԺ-ն պետք է օգտվի իր սահմանադրական լիազորություններից եւ առաջարկի Սահմանադրական փոփոխություններ՝ ապահովելով Սահմանադրության հարատեւությունը, ճկունությունն ու հեռահար զարգացումը։

Գիտե՞ք, արդարադատությունը, որպես կանոն, խորհրդանշում է Թեմիս աստվածուհին, որը մշտապես պատկերվում է փակ աչքերով։ Այո, արդարադատություն իրականացնելիս արդարադատություն իրականացնողների աչքերը պետք է փակ լինեն, խտրական մոտեցում ցուցաբերելն անթույլատրելի է։ Որպես կանոն, Թեմիս աստվածուհին պատկերվում է կշեռքը մեկ ձեռքում՝ խորհրդանշելով փաստարկները, այս մյուս ձեռքում պատկերվում է՝ կրելով սուրը։ Բայց, ավաղ, սահմանադրական արդարադատության պարագայում սուրը փոխարինվել է այն հիմնարար օրենքով, որը պաշտպանում է եւ պետք է պաշտպանի Սահմանադրական դատարանը։ Դա երկրի հիմնական օրենքն է։

Ինչո՞ւ են, ընդհանրապես, ստեղծվել սահմանադրական դատարանները, ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ ունենալ սահմանադրական արդարադատություն իրականացնող մշտական մարմին. մի պարզ պատճառով. որովհետեւ մշտապես օրենսդիր, գործադիր մարմիններում առկա քաղաքական ուժերը տարատեսակ մոտեցումներ առաջ քաշելով, պետք է իմանան, որ իրենց հետեւում իրենց սատարող մարմին կա, որը թույլ չի տա վերջիններիս սխալվել, որի աչքերը փակ են, որը չի առաջնորդվում քաղաքական կոնյունկտուրայով, որը չի առաջնորդվում այս կամ այն ուժի շահերով, այլ փորձում է իրականացնել արդարադատություն, որը ելնում է բացառապես Սահմանադրության գաղափարախոսությունից։

Հարգելի գործընկերներ, սահմանադրական այս մոդելի հեղինակներից մեկը եւ առաջին Սահմանադրական դատարանի ստեղծողներից մեկը՝ Ավստրիայի սահմանադրական դատարանի նախագահ Հանս Կելզենը մի լավ արտահայտություն է արել, ասել է. «Սահմանադրությունը՝ առանց Սահմանադրական դատարանի նման է արեւի, որի շողերը երեւում են, բայց որից ջերմություն չես ստանում»։

Ինչո՞ւ եմ այսքան երկար խոսում այս հարցի վերաբերյալ. Սահմանադրական դատարանը եւ այնտեղ գտնվող դատավորները պետք է օժտված լինեն հետեւյալ չափորոշիչներով. նախ եւ առաջ՝ պրոֆեսիոնալիզմ, երկրորդ՝ չեզոքություն, երրորդ՝ վստահելիություն, չորրորդ՝ թափանցիկություն եւ անբեկանելի հեղինակություն։ Եթե մենք չենք ապահովում Սահմանադրական դատարանում անբեկանելի հեղինակություն, ապա որեւիցե լծակ, որեւիցե միջոց՝ ունենալ արդյունավետ սահմանադրական արդարադատություն, մենք չունենք։

Ցավում եմ, որ հատկապես վերջին շրջանում խոսելով Սահմանադրական դատարանի մասին, հետեւելով Սահմանադրական դատարանի վարքագծին, մենք ավելի շատ տեսնում ենք քաղաքական մարմին, քան արդարադատություն իրականացնող մարմին: Սա անթույլատրելի է։

Հարգելի գործընկերներ, այն մոտեցումը, որ մենք բերում ենք այս նախագծով, ինստիտուցիոնալ է եւ նպատակ է հետապնդում ուժեղացնել սահմանադրական արդարադատությունը ՀՀ-ում, ստեղծել այնպիսի մասնագիտացված համակարգ, որը հնարավորություն կտա մեզ վստահ եղանակով իրականացնել մեր ժողովրդավարական բարեփոխումները, ճանապարհ կհարթի դեպի այն անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են երկրի զարգացման համար։

Անթույլատրելի է ունենալ Սահմանադրական դատարան, որտեղ կան տարբեր կարգավիճակներ, որտեղ կան արտոնյալներ եւ ոչ արտոնյալներ, որտեղ կան անձինք, ում լիազորություններն ավելի ուշ են սկսվել եւ ավելի շուտ են ավարտվելու, որտեղ կան անձինք, ովքեր փորձում են ասել, որ մենք ավելի մեծ անձեռնմխելիության ծավալ ունենք, քան մյուսները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ սահմանադրական արդարադատության համակարգը սկսում է խարխլվել:

ՀՀ-ին պետք է Սահմանադրական դատարան, ՀՀ-ին անհրաժեշտ է ունենալ անկախ Սահմանադրական դատարան, պրոֆեսիոնալ Սահմանադրական դատարան, եւ միշտ առավել կարեւոր է Սահմանադրական դատարանը, որի հեղինակությունն անբեկանելի է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այժմ՝ խմբակցությունների անունից ելույթներ։ Ստացել ենք մեկ հայտ։ «Իմ քայլը» խմբակցության անունից կխոսի տիկին Լիլիթ Մակունցը։

Լ.ՄԱԿՈՒՆՑ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, մենք գրեթե 1,5 տարի կամ 1 տարի արդեն շարունակ խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք կան Սահմանադրական դատարանի շուրջ, խոսում ենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամից եւ փորձում ենք համատեղ գտնել լուծման տարբերակներ՝ այդ ճգնաժամից լավագույնս դուրս գալու համար։

Գործընկերներս գրեթե ամեն ինչ ասացին, ասվել է այս ամիսների ընթացքում եւ դեռ կարծում եմ՝ մենք ժամանակ կունենանք՝ գնահատականներ հնչեցնելու։ Բայց եթե շատ արագ-արագ հետադարձ հայացք գցենք, ինչպես արեց իմ գործընկերների մի մասը, ապա կունենանք հետեւյալ պատկերը: Այս 1,5 տարվա ընթացքում դատական համակարգն ու Սահմանադրական դատարանն ունեցել են հնարավորություն՝ ինքնուրույն վերափոխվելու, ինքնաբարեփոխվելու: Եվ այդ առումով՝ Ազգային ժողովը 2018 թվականի դեկտեմբերին ձեւավորվելից հետո հանձինս մեզ՝ ԱԺ պատգմավորների ունեցել է՝ գործընկերներ այդ առումով՝ բարեփոխումներ իրականացնելու համար եւ Սահմանադրական դատարանի մոդելը համապատասխանեցնելու այն մոդելին, որն ընդունվել էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով: Ցավոք, ոչ միայն դա տեղի չունեցավ, ոչ միայն նման միտում չեղավ՝ սկսելու նման պրոցես, տեղի ունեցան նաեւ շատ այլ անընդունելի զարգացումներ, սակայն դրա մասին հիմա ժամանակը չէ խոսելու։

Ազգային ժողովը հենց ի դեմս պատգամավորների քայլեր կատարեց, որպեսզի անկախ Սահմանադրական դատարան ունենալու եւ Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան ունենալու համար ձեռնարկվեն քայլեր։ Ի պատասխան մեր այդ նախաձեռնությունների՝ մեր բոլոր գործողություններն արգելափակվեցին, ինչից հետո որոշում կայացվեց, որ ՀՀ-ում այս իրավիճակը շտկելու համար պետք է անցկացնել հանրաքվե։ Մենք, միեւնույնն է՝ մնում ենք այն համոզմանը, որ, իհարկե, դա կլիներ լավագույն տարբերակը՝ այս իրավիճակը շտկելու համար։ Սակայն հասկանալի է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով սահմանափակումներով եւ հանրության առողջությունը եւ կյանքը չվնասելու նպատակով՝ մենք չենք կարող իրականացնել սահմանադրական հանրաքվե։ Հետեւաբար՝ շարունակելով խորհրդակցությունները մեր միջազգային գործընկերների հետ, գալով կոնցեպտուալ առումով ընդհանուր եզրահանգումների եւ համաձայնության, մենք ՀՀ քաղաքացիների դատին ենք ներկայացնում այն նախագիծը, որն այսօր դրվել է քննարկման ԱԺ-ում։ Իհարկե, կարծում եմ՝ այս լուծումը միջանկյալ լուծում է, որի համապարփակ եւ խորքային անդրադարձը եւ լուծումը կտրվի արդեն խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Եզրափակիչ ելույթնե՞ր, պրն նախարար, ավելացնելու բան ունե՞ք, համեցեք։ Չունե՞ք։

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի եզրափակիչ ելույթը։

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ եւ հարգելի հայրենակիցներ, ես, ընդամենը, կարճ ուզում եմ ասել՝ մենք այս նախաձեռնությունն անում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Սա հանուն Հայաստանի Հանրապետության քայլ է։ Այսքանը։ Խնդրում եմ կողմ քվեարկել։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հովակիմյան։

Ավարտվեց հարցի քննարկումը։ Այժմ պետք է քվեարկենք։ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։

Եվ այսպես, հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 88՝ գումարած պրն Բադասյանը, որը հայտարարում է, որ կոճակը չի աշխատել, ինքն էլ է կողմ, ը՜, Բաքոյանը։ Այսպիսով,

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այսօր այն բանից հետո, երբ կլրանա գրավոր առաջարկությունների համար սահմանված 3 ժամը, որից հետո պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կանի իր նիստը եւ կտա եզրակացություն։ Խնդրում եմ ուշադիր լինել կոչնակին։ Առայժմ։


Ժամը 19:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, առաջին ընթերցման քննարկումից հետո գրավոր առաջարկների համար տրված 3 ժամը լրացավ, այնուհետեւ տեղի ունեցավ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, հարցն այնտեղ քննարկվեց, նախագիծը եզրակացություն ստացավ, եւ այժմ կարող ենք շարունակել մեր աշխատանքները եւ քննարկել պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` Վահագն Հովակիմյան: Պրն Հովակիմյան, հրավիրում եմ ամբիոնի մոտ:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկելու ընթացքում պատգամավորներից եղան առաջարկներ, մասնավորապես, պրն Սուրեն Գրիգորյանն առաջարկեց խմբագրական բնույթի փոփոխություն նոր խմբագրությամբ 213-րդ հոդվածի 2-րդ մասում: Մասնավորապես, ներկայումս այդ մասն այսպես է. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամը, որի պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը՝ հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարած ժամկետը»: Այստեղ ուղղակի, զուտ տեխնիկական փոփոխություն է կատարվել:

Բովանդակային փոփոխություն առաջարկվեց երրորդ մասում, մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում առաջադրումների համար նախատեսված էր մեկամսյա ժամկետ, պրն Գրիգորյանն առաջարկեց, որպեսզի այս մեկամսյա դարձնենք երկամսյա, իմ կողմից ընդունվեց եւ հանձնաժողովն էլ դրական եզրակացություն տվեց:

Այսպիսով, մենք ունենք Սահմանադրության փոփոխությունների, մասնավորապես` 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ նախագիծը երկրորդ ընթերցման համար առաջարկվող տարբերակ, որն իմ թվարկած փոփոխություններով է ընդամենը տարբերվում առաջին ընթերցման տարբերակից, որը մենք ընդունել ենք, իսկ ես կցանկանայի նաեւ հստակեցնել, որ, ըստ էության, երբ մենք դիտարկում ենք այս փոփոխության իրացումը, կարող ենք արձանագրել, որ ՍԴ անդամներից 3 անդամների վրա է տարածվել, այսինքն` ընդամենը 3 անդամներ են, որոնք այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնելու են իրենց պաշտոնավարումը, իսկ անդամներից 4-ը շարունակելու են պաշտոնավարել: Այնտեղ ՍԴ-ի գործող նախագահը դադարելու է ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարել: Նա շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:

Մեկ կարեւոր դիտարկում եւս: Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 69-րդ կետում մի այսպիսի դիտարկում կա, ես կցանկանայի ձեզ դրա մասին տեղեկացնել, այնտեղ Վենետիկի հանձնաժողովը, ուղղակի, տեղեկացնում է, որ ՍԴ անդամների հետ եզրակացության շուրջ քննարկումների ժամանակ, ըստ էության, ՍԴ անդամները, ուղղակի, Վենետիկի հանձնաժողովին ասել են, որ իրենք Սահմանադրական փոփոխությունները, եթե նախագիծն իրենց մոտ գնա՝ Սահմանադրության ստուգման, իրենք չեն դիտարկելու անփոփոխ հոդվածների տիրույթում, իրենք այդ փոփոխությունները դիտարկելու են ամբողջ Սահմանադրության տիրույթի շրջանակներում, ինչը, ըստ Վենետիկի հանձնաժողովի անդամների՝ անթույլատրելի է, որովհետեւ այդպիսով հնարավորություն է տալիս վերացական ձեւակերպումներով Սահմանադրության ցանկացած փոփոխություն ճանաչել հակասահմանադրական: Այսինքն` ՍԴ անդամների այս մոտեցումն ուշագրավ է այն տեսանկյունից, որ, ինչպես գիտեք, վերջերս մենք ընդունեցինք «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխությունների այդ փաթեթը, որով մենք ամրագրեցինք, որ ՍԴ-ը Սահմանադրության փոփոխությունները գնահատում է անփոփոխելի հոդվածների տեսանկյունից:

Փաստորեն, ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը, որը դեռեւս չի վիճարկվել ՍԴ-ում, բայց արդեն ԱԺ օրենքի վերաբերյալ ՍԴ անդամները Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ բանակցելիս արդեն կանխակալ վերաբերմունք են դրսեւորում: Սա հակասում է նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ներկայիս օրենքին, որովհետեւ իրենք իրավունք չունեն կարծիք արտահայտել մի խնդրի վերաբերյալ, որը կարող է վաղն իրենց վարույթում քննվել: Բայց իրենք, ուղղակի, ասել են, որ վերջ, իրենք այդպես են կարծում:

Հարգելի գործընկերներ, կրկին անգամ ցանկանում եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը, այս փոփոխությունը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն հանրային վստահություն վայելող եւ լեգիտիմ ՍԴ ունենալու մեր տեսլականի է: Այսքանով ես ավարտեցի:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հովակիմյան: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկ է ներկայացրել, հարց տալու իրավունք ունի, բայց պրն Գրիգորյանը հրաժարվում է հարցի իրավունքից, ըստ այդմ՝ դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Հովակիմյան:

Եվ հարակից զեկուցում պետք է լսենք: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի դիրքորոշումը կներկայացնի տիկին Նազելի Բաղդասարյանը: Համեցեք:

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի պրն նախարար, հարգելի գործընկերներ եւ հարգելի մեր քաղաքացիներ, իրավամբ, մենք թեւակոխել ենք մեկ պատմական փուլ, երբ մենք օրենքի տառը եւ ոգին համապատասխանեցնելով՝ սահմանադրի կամքն արտահայտած հոդվածները կիրառում ենք ըստ էության: Ցավում եմ, որ նախորդող օրերին եւ անգամ այսօր շատերի կողմից ահաբեկում էին կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչներին` պատգամավորներին, որ մենք փորձում ենք Սահմանադրական կարգ տապալել: Ոչ, մենք վերադառնում ենք սահմանադրին եւ Սահմանադրությանն իր ոգին եւ հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին:

Շատ կարեւոր է շեշտադրել, որ այո, Հայաստանն ինքնիշխան պետություն է, բայց խորհրդատվության համար մենք դիմել ենք Վենետիկի Հանձնաժողովին, եւ մեր միջազգային գործընկերները եւս հաստատել են, որ ԱԺ-ի կողմից առաջարկված լուծումները հետապնդում են լեգիտիմ նպատակ: Ըստ այդմ՝ մենք այսօր մեր քվեարկությամբ վավերացնում ենք մեր մոտեցումները եւ հաստատում ենք, որ ՍԴ ճգնաժամը, որը տեւում էր տարիներ, այլեւս լուծված է լինելու:

Պետական իրավական հարցերի հանձնաժողովը միանձնյա կողմ է քվեարկել, եւ ես կոչ եմ անում բոլորիս հետեւել այդ խորհրդին:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն տիկին Բաղդասարյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Եվ ես հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, երկու արձանագրում: Ըստ Սահմանադրության փոփոխությունների` 213-րդ հոդվածի փոփոխությունների, բոլոր այն դատավորները, ովքեր ՍԴ անդամի, դատավորի պաշտոնում բոլոր ժամանակահատվածներում ավելի քան 12 տարի պաշտոնավարել են, վերջինների լիազորությունները ենթակա են դադարեցման:

ՍԴ նախագահի որպես նախագահ պաշտոնավարումը նույնպես ենթակա է դադարեցման: Սա՝ կարեւոր արձանագրում համար մեկ:

Համար երկու կարեւոր արձանագրումը հետեւյալն է. ՍԴ-ը սահմանադրության փոփոխությունների նախնական վերահսկողության ինստիտուտի կիրառման շրջանակներում գործելու է ուղիղ շահերի բախման իրավիճակում, հետեւաբար, վտանգված է Սահմանադրական արդարադատության իրականացումն այդ շրջանակներում: Ավելին, հիմնական զեկուցողը նշեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքում՝ 69-րդ կետում տեղ գտած արձանագրումը, որը վկայում է այն մասին, որ ՍԴ դատավորները քննարկումների ժամանակ, ըստ էության, արտահայտել են մի դիրքորոշում, որ իրենք չպետք է սահմանափակված լինեն որեւէ շրջանակներով, իսկ եթե այդպիսի շրջանակներ չկան, հարցը չի դիտարկվում անփոփոխելի հոդվածների հետ համապատասխանության տեսանկյունից: Կարող ենք հանգել աբսուրդային իրավիճակի, որտեղ, ուղղակի պարզ, չէ, թե այդ դեպքում ի՞նչ հակասության մասին կարող է խոսք լինել, որովհետեւ տեսականորեն ցանկացած նոր փոփոխություն հակասում է Սահմանադրության տեքստին:

Այսպիսով, կուզեի նաեւ խոսել պատմական հնարավորության եւ քաղաքացիների պատմական աջակցության մասին: Ի՞նչ են ուզում ՀՀ քաղաքացիները. անկախ, չկոռումպացված դատական համակարգ: Եկեք արձանագրենք` ովքեր են դիմադրում այս գործընթացին. նախկին կոռումպացված համակարգի շահառուները: Մենք ի՞նչ պետք է անենք. կարծում եմ` պատասխանը միանշանակ է: Մենք ի կատար պետք է ածենք ժողովրդի ցանկությունը, որովհետեւ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ վերջ:

Այսօր նաեւ շատ ենք խոսել Վենետիկի հանձնաժողովի մասին, ես կուզեի շարունակել այս շարքը եւ ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի 2015 թվականի կարծիքից մի հատված, որը վերաբերում էր Ալբանիային: «Ալբանիայում, ինչպես նաեւ այլ հետկոմունիստական երկրներում դատական իշխանության անկախության ստանդարտների Սահմանադրական ամրագրումը հանգեցրել է աբսուրդային իրավիճակի: Այդ երաշխիքները տարածվել են դատավորների վրա, ովքեր անկախ եւ անկողմնակալ չեն իրական կյանքում: Արդյունքում քաղաքական գործիչների եւ լայն հասարակության կարծիքով՝ դատական իշխանության բազմաթիվ ներկայացուցիչները զարգացրել են կորպորատիվիզմին բնորոշ վերաբերմունք, ինչն էլ հանգեցրել է լայն տարածում ստացած կոռուպցիայի եւ պրոֆեսիոնալիզմի ու արդյունավետության պակասի»:

Սա չափազանց կարեւոր արձանագրում է նաեւ մեր երկրի համար: Այո, գործ ունենք աբսուրդային իրավիճակի հետ, երբ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ դատական իշխանության անկախության վեհ գաղափարը` սահմանադրական արժեքներից մեկն գործում է ի չարս: Մենք Հայաստանում բախվում ենք նույն խնդրին, եւ հիշեցնեմ, որ մենք մշակել ենք Դատական օրենսգրքի փոփոխություններ, որոնք արդեն ուժի մեջ են մտել, եւ իմ կարծիքով՝ գույքային դրության ստուգման եւ այլ հիմքերով կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ գործիքներ են ներդրվել: Վստահ եմ, որ դրանք հնարավոր է արդյունավետորեն կիրառել պրակտիկայում:

Ես կոչ եմ անում բոլորին, նաեւ քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին՝ միավորվել այս վեհ նպատակի` անկախ եւ արդյունավետ դատական իշխանության ձեւավորման իրականացման շուրջ, քանի որ գործնականում այս նոր գործիքներ կիրառողները ձեր եւ միայն ձեր ամենօրյա աջակցության կարիքն ունեն: Կոչ եմ անում նաեւ ակտիվորեն մասնակցել նոր կարգապահական եւ գնահատման հանձնաժողովների ձեւավորմանը:

Ասվածը հավասարապես վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պրոցեսին, ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ նոր Սահմանադրության ընդունմանը: Ընդ որում՝ եթե արձանագրվի, որ դրա անհրաժեշտությունը կա, էլ ավելի արդյունավետ գործիքներ կներդրվեն դատական իշխանության բարեփոխումների համար նաեւ նոր Սահմանադրության մեջ: Մենք պարտավոր ենք ՀՀ քաղաքացիներին տալ այն դատական համակարգը, որին վերջիններս արժանի են: Իսկ կոռումպացված շրջանակներին, տեղ-տեղ նաեւ հակապետական տարրերին, որոնք կրկին անցել են սպառնալիքների լեզվին, ուղղակի, պետք է զգուշացնել, որ չդիմադրեն, որովհետեւ արդեն պատմական փաստ է, որ ՀՀ քաղաքացիների հետ դա չի անցնում: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Այժմ, հարգելի գործընկերներ, երբ լսեցինք բոլոր զեկուցումները, մտքերի փոխանակություն. ելույթների համար հերթագրում: Աննա Կարապետյան:

Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-ԱԺ հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, ՍԴ օրինակարգության եւ օրինականության վերականգնումն այս ԱԺ-ի համար չունի այլընտրանք: Այս ԱԺ-ն պատասխանատու է երկրում օրինականության հաստատման համար: Արդեն գրեթե 2 տարի է, որ մեր հասարակությունը մեր առջեւ դրել է պահանջ` ունենալ ՍԴ, որը պետք է համապատասխանի գործող Սահմանադրությանը: Այն պետք է համապատասխանի գործող սահմանադրական խաղի կանոններին եւ պետք է օժտված լինի սահմանադրական լեգիտիմությամբ, հակառակ դեպքում վտանգված կլինի ոչ միայն մեր պետության իրավական անվտանգությունը, այլեւ, ընդհանրապես, մեր պետական կարգը:

2005 թվականի սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ն վերածվեց ֆորմալ իրավաբանական գրասենյակի, որը բացառապես իշխանական պետպատվերի գործառույթ իրականացնող մարմին էր, եւ բացի միջազգային պայմանագրեր վավերացնելուց, 4-5 տարին մեկ օրինականացնում էր կեղծված ընտրությունները: 2008-ի, 2013-ի նախագահական ընտրությունների, 2012, 2017-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վեճերով որոշումները խոսում են այն մասին, որ ՍԴ-ն ունեցել է մեկ գործառույթ` ծառայել օրվա իշխանության վերարտադրմանը, օրինականացնել պետական մակարդակով կատարվող ընտրակեղծիքներն ու համատարած եւ համակարգված ընտրակաշառքը, ամեն գնով նպաստել իշխանությունը զավթած քաղաքական ուժի վերարտադրմանն ու հավերժացմանը:

Ի՞նչ ենք անում մենք: Մենք ասում ենք` ձեր գրած Սահմանադրությամբ ձեր պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, քանի որ այլ բան չեք նախատեսել հենց դուք` ինքներդ: Ձեր գրած Սահմանադրությամբ դուք, ձեզ չեք օժտել հենց այդ Սահմանադրության լիազորություններով, եւ ձեզանից ոմանց մենք ինքներս օժտում ենք հենց այս փոփոխություններով, այդ լիազորություններով, քանի որ դա է պահանջում մեր պետության շահը, եւ մեր պետությունում իրավական անվտանգությունը: Մենք ասում ենք, որ թեեւ ձեր կատարած սխալներն ավելին են, քան, պարզապես, սխալը, բայց մենք գնում ենք դրանց սրբագրման ճանապարհով:

213-րդ հոդվածի այսօրվա շարադրանքի պատճառով մենք ունենք դատարան, որտեղ գոյություն ունեն դատավորներ, որոնք պաշտոնավարում են համապատասխան այս Սահմանադրության, եւ ունենք անդամներ, որոնք համապատասխանում են անցած Սահմանադրությանն ու խաթարում են ՍԴ լեգիտիմությունը, այսինքն` մեր ՍԴ-ում այսօր պաշտոնավարում են նախկին՝ այլեւս ուժը կորցրած Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնյաներ, ովքեր չունեն այնպիսի լիազորություններ, որոնք նախատեսել է ձեր գրած գործող Սահմանադրությունը:

Մենք այսօր այս անտրամաբանական վիճակին պետք է վերջ տանք, եւ մեր երկրի կարեւորագույն դատական մարմնին տանք այդ պակասող լեգիտիմությունը, եւ մենք գտել ենք այնպիսի մի տարբերակ, որը մի կողմից՝ համապատասխանեցման գործընթաց է, մյուս կողմից` լեգիտիմության հաստատման: Այս փոփոխությունների եւ դատարանակազմության ավարտին մենք կունենանք Սահմանադրությանը համապատասխան սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին եւ սահմանադրական պահանջներին համապատասխան ՍԴ նախագահ:

Ասեմ ավելին, մեր առաջարկվող փոփոխություններով առաջարկում ենք մի բան, ինչը չանելը զավեշտ է այս սահմանադրության հեղինակների կողմից: Դա ՍԴ անդամներին որպես դատավոր պաշտոնավարելու լիազորությունն է, որը մենք հանուն մեր պետության անվտանգության եւ կայունության իրականացնում ենք այս փոփոխություններով, եւ ինչի արդյունքում ՍԴ այն անդամները, որոնք 12 տարուց ավելի քիչ ժամկետով են պաշտոնավարել, օժտվում են ՍԴ դատավորի լիազորություններով: Սա քմահաճույք չէ, սա անհրաժեշտություն է:

Ես կոչ եմ անում կողմ քվեարկել Սահմանադրական փոփոխությունների այս առաջարկին, եւ նկատի ունենալ, որ սա մենք կատարում ենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն: Այս փոփոխությունները կատարում ենք, քանի որ դա մեր հեղափոխության հրամայականն է, դա մեր Սահմանադրությանը համապատասխան սահմանադրական արդարություն իրականացնող մարմին ունենալու պատեհ հնարավորությունն է: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արման Բաբաջանյան:

Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

-ԱԺ հարգարժան նախագահ, նախագահություն, հարգելի գործընկերներ, այսօրվա մեր քննարկումները, մեր օրակարգը, առանց չափազանցության, կարելի է համարել մեր պետականության ողնաշարն ամրացնող կարեւորագույն իրողություններից մեկը: Ոչ պատահականորեն այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ-ում մեր քննարկումներին զուգահեռ՝ ՍԴ-ը հրավիրել է աշխատանքային շտապ խորհրդակցություն, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության նիստը նշանակվել է առաջիկա հուլիսի 7-ին` ակնհայտորեն այն հաշվարկով, որ իրենք կհասցնեն մինչեւ այս օրենքի ստորագրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետի լրանալը վերջին ծառայությունը մատուցել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ դա նշանակում է, որ ամբողջությամբ կարող է, տապալվել 2008թ. մարտի 1-ի արյունալի ոճրագործության գործը, ընդհանրապես, քանի որ ակնհայտ է, որ ՍԴ-ի նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով Քոչարյանի գլխավորությամբ պաշտպանության տակ առնել նախկին հանցագործներին:

Այս իրողությունը բազմապատիկ անգամ մեծացնում է քննարկվող Սահմանադրական փոփոխության նշանակությունը: Մենք, փաստորեն, այս օրենքով պատմության գիրկն ենք ուղարկելու մի ՍԴ, որն իր գործունեությամբ եւ վարքագծով հակապետական, հակաժողովրդական մի ինստիտուտ է եւ սպառնում է մեր երկրի, հասարակության եւ ժողովրդավարության զարգացմանը, իսկ դա նշանակում է, որ այս օրենքով մենք մեր մեծ ավանդն ենք բերում ժողովրդավարության թիկունքային ապահովվածությանը, սահմանադրական անվտանգության եւ պետական ինքնիշխանության պաշտպանությանը, քանի որ գործող ՍԴ-ն ուղղակի սպառնալիք է նշված բոլոր ինստիտուտներին:

Մենք՝ որպես հեղափոխության արդյունքում ընտված, ժողովրդի հեղափոխական փոփոխություններն իրականացնելու մանդատ ստացած ԱԺ, ուղղակի, պարտավորություն ունենք՝ պաշտպանելու ժողովրդավարությունն ու անշրջելի դարձնելու հեղափոխությունը: Գործող ՍԴ-ը, ուղղակի, պատվար եւ խոչընդոտ է այդ ճանապարհին: Խոչընդոտ, որը մենք վերացնում ենք այս կարեւորագույն սահմանադրական փոփոխությունների ընդունմամբ, բայց սա լինելու է այս գործընթացի ոչ թե ավարտը, այլ սկիզբը, քանի որ այս փոփոխություններով մենք ճանապարհ ենք հարթում երկրում արմատական բարեփոխումների, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող՝ դատաիրավական բարեփոխումների համար:

ՍԴ-ն իր առաքելությամբ եւ նշանակությամբ ժողովրդավարության պաշտպանության հիմնական ինստիտուտներից մեկն է: Հայաստանում, սակայն, գործող ՍԴ-ն վերածվել է ժողովրդավարության ուղղակի սպառնալիքի: Այս փոփոխությունների ընդունմամբ մենք չեզոքացնում ենք այդ սպառնալիքը՝ հիմք ստեղծելով հեղափոխությունից բխող մյուս կարեւոր բարեփոխումների համար: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վլադիմիր Վարդանյան: Հանո՞ւմ եք: Շատ լավ: Եզրափակիչ ելույթներ: Պրն Բադասյան, ավելացնելու բան չունե՞ք, տիկին Բաղդասարյա՞ն, դուք եւս չունեք: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը եւս չունի:

Ըստ այդմ, հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն այս փուլի համար ավարտվեց, եւ այժմ պետք է քվեարկենք:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում «Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա ԱԺ նախագահն այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ 2 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում եւ ուղարկում է ՍԴ, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչեւ ՍԴ որոշում ստանալը:

Եվ այսպես, հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում «Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Վարման կարգի վերաբերյալ` Վահագն Հովակիմյան:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ըստ էության, եթե մենք դիմենք ՍԴ՝ այս փոփոխությունների սահմանադրականության ստուգման հարցով, ՍԴ-ն օբյեկտիվորեն զրկված է որոշում կայացնելու հնարավորությունից, այսինքն` ըստ էության, այս փոփոխությունը, որն առաջարկվում է 213 հոդվածի նոր խմբագրությամբ, տարածվում է ՍԴ-ի 7 անդամների վրա, այսինքն` ՍԴ 7 անդամներն այս դեպքում արդեն սուբյեկտիվ կողմեր են եւ իրենք, ուղղակի, զրկված են օբյեկտիվ որոշում կայացնելու հնարավորությունից: Եվ ես կոչ եմ անում, որպեսզի մենք դեմ քվեարկենք ՍԴ ուղարկելու մասին որոշմանը: Այսքանը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ` Լիլիթ Մակունց:

Լ.ՄԱԿՈՒՆՑ

-Շնորհակալություն: Հաշվի առնելով, որ ՍԴ-ի առնչությամբ հեղինակի կողմից ներկայացվել է շահառու կողմ լինելու հանգամանքը, ինչպես նաեւ Կառավարության կողմից` նախարարի կողմից հիմնավորումներն առ այն, որ ՍԴ-ն այս հարցով հանդիսանում է կողմ, «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագիծը ՍԴ ուղարկելուն: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Քվեարկություն:

Կողմ` 1

Ներողություն, կողմ քվեարկած պատգամավորն ասում է, որ դեմ գրանցվի, ինչեւէ, ըստ ցուցատախտակի՝

Կողմ` 1

Դեմ` 88

Ձեռնպահ` 0

Որոշումը չի ընդունվել:

Վարման կարգի վերաբերյալ` Լիլիթ Մակունց:

Լ.ՄԱԿՈՒՆՑ

-Շնորհակալություն: Քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը չի կարգավորում, թե ինչ է տեղի ունենում այն պարագայում, երբ ՍԴ ուղարկելու մասին որոշումը չի ընդունվում, հետեւաբար՝ առաջարկում եմ անցնել հարցի, նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ` Վահագն Հովակիմյան:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով ԱԺ-ին տրված է Սահմանադրության կոնկրետ հոդվածներում փոփոխություններ իրականացնելու լիազորություն: ՍԴ դիմելու անհնարինությամբ պայմանավորված՝ չի կարող ԱԺ-ի սահմանադրական լիազորությունն ի չիք դարձնել, այդ իսկ պատճառով առաջարկում եմ, որ մենք երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունենք սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի Կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը նվիրված է Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման կարգին: Հոդվածի երկրորդ մասը, մասնավորապես, որը նաեւ ես քիչ առաջ մեջ բերեցի, վերաբերվում է այս դրվագին: Ես բառացի կարդացի ամբողջ 2-րդ մասը, եւ ինչպես կարող եք ինքներդ համոզվել՝ թերթելով կամ հիշելով քիչ առաջ իմ ասածը, հոդվածի 2-րդ մասն ու, առհասարակ, հոդվածն ամբողջությամբ, իսկապես, չի կարգավորվում, թե ինչպե՞ս պետք է վարվել, երբ ԱԺ-ը չի ընդունում ՍԴ ուղարկելու որոշում: Քիչ առաջ մենք չընդունեցինք որոշում քննարկվող փոփոխությունների փաթեթը ՍԴ ուղարկելու վերաբերյալ: Ըստ էության, ինչպես սովորաբար նման դեպքերում, մենք պետք է շարժվենք առաջ՝ գուցե, նախադեպ ստեղծելով: Առավոտից մենք քննարկում ենք այս հարցը, եւ, կարծես թե, քիչ առաջ հնչած այս մեկնաբանությանը հակառակ կարծիք չհնչեց մեր գործընկեր պատգամավորներից որեւէ մեկի կողմից, եւ պետք է շարժվենք այն մեկնաբանությամբ, որը կրկնեցին եւ՛ արդարադատության նախարարը, եւ՛ պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչները, եւ, առհասարակ, այլ պատգամավորներ:

Ըստ այդմ՝ մենք կշարժվենք առաջ եւ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկազմակերպենք, խնդրում եմ ուշադիր լինել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

Եվ այսպես, քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 89

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:


Ժամը 20:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2


ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, դահլիճում խնդրում եմ լռություն: Որոշ ժամանակ առաջ` այսօր, հավանաբար մեկ ժամ առաջ, շնորհակալություն պրն Սողոմոնյան, պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո հրավիրվել է ԱԺ եւս մեկ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց է` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ, միայն երկրորդ: Այս նախագիծը մենք առաջին ընթերցմամբ քննարկել ենք:

Այժմ խնդրում եմ հանել քարտերը, կրկին տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Նոր նստաշրջան է, պետք է նորից գրանցվենք: Գրանցում: 87 պատգամավոր է գրանցվել, եւ երկուսը ձեռքով են անում, եւ ցանկանում են ոչ էլեկտրոնային եղանակով գրանցվել, քվորում կա, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Մի այսպիսի փոքրիկ շեղում օրակարգից, հարգելի գործընկերներ: Երեկ լրացել է մեր գործընկեր Թաթուլ Սողոմոնյանի ծննդյան տարեդարձը` ԱԺ վետերանի: Առաջարկում եմ շնորհավորել:

ԲՈՒՌՆ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պրն Սողոմոնյան, դեռեւս ոչ մեկին այսքան երկար ծափ չէին տվել:

Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (առանց խոսափողի)

-Ինքը երկար է էստեղ, դրա համար:

ԾԻԾԱՂ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քննարկում ենք ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյան:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այս փաթեթը մենք առաջին ընթերցմամբ ընդունել ենք նախորդ քառօրյայի ընթացքում: Ինքը, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքից բացի, իր մեջ ներառում է «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքները: Փաթեթը վերաբերում է կոնկրետ ԱԺ կանոնակարգի մասով ԱԺ-ի կողմից ընտրվող, նշանակվող պաշտոնյաների ընտրության գործընթացին, եւ ես, ընդամենը, միայն կներկայացնեմ միայն առաջինից երկրորդ ընթերցում այն լրամշակումները, որոնք իրականացվել են: Մասնավորապես, այսօր տեղի ունեցած պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իմ կողմից առաջարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծում ավելացնել նոր հոդված, ըստ այդմ՝ փոփոխություն է առաջարկվում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածում, որով, ես, ուղղակի, միանգամից ներկայացնեմ իրավիճակը, այնտեղ ավելացվում է 4,2 մաս, որով այսպես է. «ԱԺ նախագահի լիազորությունները» բաժնում ավելացվում է այսպիսի կետ. «Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հրապարակում է ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունները»:

Եվ առաջարկվում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել. «Ուղարկում է ՀՀ նախագահին, որը ստանալուց հետո 21-օրյա ժամկետում ստորագրում է» բառերը: Արդյունքում ստացվում է այսպես, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասով ԱԺ նախագահը ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է»: Այս փոփոխության, այս առաջարկի էությունը կայանում է նրանում, որ, փաստորեն, Սահմանադրության փոփոխությունների մեր պրակտիկան, որ մենք ունենք, չի ենթադրում Սահմանադրության փոփոխության ստորագրման ինստիտուտ:

Մինչ այս ՀՀ-ում 1995, 2015, 2005 թվականներին սահմանադրական փոփոխություններն ընդունվել են առանց ստորագրման, այսինքն` ընդունվել եւ հրապարակվել, մտել են ուժի մեջ: Մենք նման պրակտիկա չունենք, եւ ներկայիս օրենսդրությամբ եւս, այն, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով ստորագրման ինստիտուտ նախատեսված է, ինքը, ըստ էության, մեր նախկին փորձին հակասում է եւ չի հիմնավորվում Սահմանադրությամբ: Ըստ այդմ, այս կարգավորմամբ մենք նաեւ հնարավորություն ենք տալիս, որ սահմանադրական փոփոխություններն առաջին եւ երկրորդ սորտի չլինեն, այսինքն` չլինի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություն, որն ընդունվելուց հետո հրապարկվում եւ ուժի մեջ է մտնում, իսկ ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունը պետք է ստորագրվի եւ նոր ուժի մեջ մտնի: Արդյունքում մենք կունենանք երկու տեսակի փոփոխություն, ինչն այս դեպքում անընդունելի է, չի կարող նման բան լինել, եւ այս փոփոխության իմաստը սա է: Մնացած փոփոխությունները, ուղղակի, տեխնիկական բնույթի են: Այսքանը:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Դահլիճում լռություն, հարգելի գործընկերներ: Շնորհակալություն, պրն Հովակիմյան, քանի որ գրավոր առաջարկություններ չեն եղել, հարցեր չեն կարող լինել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Խոսքը տրվում է պետաիրավական հարցերի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանին: Համեցեք տիկին Կարապետյան:

Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-ԱԺ հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին նախագիծը: Ասեմ, որ մենք այս նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել ենք, եթե չեմ սխալվում, միաձայն ենք ընդունել, մյուս խմբակցություններն էլ են, եթե չեմ սխալվում, կողմ քվեարկել այս նախագծին, միգուցե, կարող է՝ չհիշեմ: Ասեմ, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում գրավոր առաջարկներ չեն եղել: Հանձնաժողովի նիստի ժամանակ հնչել են բանավոր առաջարկներ Կառավարության կողմից եւ հեղինակի, որոնք հեղինակն ընդունել եւ իրացրել է:

Ես նույնպես առաջարկներ եմ տվել, որը հեղինակը չի ընդունել, բայց կոչ եմ անում բոլորին կողմ քվեարկել նախագծին: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, պետք է լսենք նաեւ գործադրի հարակից զեկուցումը: Վահե Դանիելյան` արդարադատության նախարարի տեղակալ:

Վ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախագծի հեղինակը` պրն Հովակիմյանն արդեն իսկ համապարփակ կերպով ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք նախագիծը նախատեսում է առաջին ընթերցումից հետո: Կառավարությունը երկու առաջարկ էր ներկայացրել, որոնցից մեկը տեխնիկական բնույթի` ձեւակերպման հետ կապված, մյուսը վերաբերում էր առաջարկված նոր կարգավորումներին հետադարձ ուժ տալուն: Երկու առաջարկն էլ նախագծի հեղինակի կողմից ընդունվել է, հետեւաբար՝ նախագիծն այս տեսքով ընդունելու հետ կապված՝ Կառավարությունն առարկություններ չունի: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Մտքերի փոխանակության համար` հերթագրում: 3 պատգամավոր է հերթագրվել, Բաբկեն Թունյանն առաջինն է: Հանո՞ւմ եք ելույթը:

Սուրեն Գրիգորյան:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահություն, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, արդեն իսկ ես տեսա, որ որոշակի շահարկումներ են գնում համացանցում նաեւ այս նախագծի վերաբերյալ, ուղղակի, ուզում եմ տեղեկացնել, թե որն է պատճառը, որ փոփոխություն է առաջարկվել, որպեսզի Սահմանադրության փոփոխությունները, պարզապես, հրապարակվեն, ոչ թե ինչպես ասվում է, ստորագրվեն Հանրապետության նախագահի կողմից:

Մեր Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասն ասում է, որ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, ինչը նշանակում է, որ Հանրապետության նախագահը չի կարող իրականացնել որեւէ գործունեություն, որը չի բխում Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններից, իսկ Սահմանադրության որեւէ հոդվածով նախատեսված չէ, որ ՀՀ նախագահը ստորագրում է կամ հրապարակում է Սահմանադրության փոփոխությունները:

Սահմանադրության կարգավորումները վերաբերում են օրենքներին եւ ոչ թե Սահմանադրության փոփոխություններին, որոնք միմյանցից տարանջատված են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, այսինքն` եւս մեկ անգամ. ՀՀ նախագահը ՀՀ Սահմանադրությամբ Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու լիազորություն չունի:

Ինչ վերաբերում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի այն դրույթին, որն առաջարկվում է փոփոխել, այն չի կարող դիտվել որպես ՀՀ նախագահին լիազորող դրույթ, եւ անգամ եթե լինի այդպիսին, միեւնույն ժամանակ կրկին, պետք է վկայակոչեմ եւս մեկ անգամ, որ նախագահի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Այլ որեւէ ակտով չի կարող նախատեսվել նախագահի լիազորություն, եւ ես կարծում եմ, որ այս հանգամանքը նաեւ կփաստվի, այս խոսքերիս ճշմարտացիությունը եւ իրավական գնահատականը կփաստվի այս օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրմամբ: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վլադիմիր Վարդանյան: Հանո՞ւմ եք ելույթը: Եզրափակիչ ելույթներ. պրն Դանիելյան, ասելիք չունե՞ք, տիկին Կարապետյա՞ն:

Աննա Կարապետյան` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, իրականում ես ավելացնելու բան չունեմ, բայց ուզում էի եւս մեկ անգամ փաստել, որ կողմ քվեարկենք նախագծին, որովհետեւ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, ուղղակի, ուզում էի ասել, որ ես սխալվեցի, որ ասացի՝ միաձայն է ընդունվել առաջին ընթերցմամբ: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի եզրափակիչ ելույթը: Դահլիճում լռություն:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես եզրափակիչ ելույթի իրավունքից օգտվեցի միայն մեկ բանի համար, որպեսզի կարճ պարզաբանում ներկայացնեմ: Իրականում, ոչ թե հետադարձ ուժի խնդիր է, այլ այստեղ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխության նախագծում վերջում ավելացված է եզրափակիչ եւ անցումային դրույթ: Մասնավորապես, անցումային դրույթով այսպես էր նախատեսված. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ԱԺ ընդունած եւ դեռեւս ուժի մեջ չմտած Սահմանադրության փոփոխություններն ԱԺ նախագահը հրապարակում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում», այսինքն` սա անցումային դրույթ է, որը նախատեսված է: Սրա մասին էր, որ իմ գործընկերն ասաց` հետադարձ, կարծում եմ` դա վրիպակ էր, եւ հետադարձ ուժի մասին այստեղ խոսք չկա: Այսքանը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շատ լավ: Հարգելի գործընկերներ, ես տեսա, որ մեկնաբանություններ կան, որ մենք փորձում ենք ՀՀ նախագահից լիազորություն վերցնել, ուղղակի, տեղեկացման կարգով ձեզ եւ ի լուր աշխարհի՝ ուզում եմ փոխանցել, որ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է նախագահի եւ նրա աշխատակազմի հետ: Ավելին ասեմ, հենց այնտեղից են մեզ գործընկերաբար մատնանշել բացը եւ առաջարկել են շտկել այս օրենսդրական բացը եւ հստակ կարգավորում մտցնել, ինչը եւ անում ենք, այնպես որ, խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել:

Այժմ հարցի քննարկումն ավարտվեց, եւ մենք պետք է քվեարկենք:

Հարգելի պատգամավորներ, հիշեցնեմ, որ քվեարկության դրվող նախագծերի փաթեթի օրենքները սահմանադրական են, ուստի. օրենքների նախագծերի փաթեթը պետք է ընդունենք պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Եվ այսպես, քվեարկության է դրվում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Կողմ` 89

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Հարգելի գործընկերներ, օրակարգը սպառված է, նստաշրջանը հայտարարում եմ փակված:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am