National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.07.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3

15 հուլիսի 2021

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

 

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Բարև ձեզ: Խնդրում եմ զբաղեցնել տեղերը: Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգը ձեզ բաժանված է: Խնդրում եմ տեղադրել քարտերը և պատրաստվել գրանցման. գրանցում: Պատգամավորները շարունակում են դահլիճ մուտք գործել, նորից ենք գրանցվում: Այն պահին, երբ գրանցվում էինք, մի քանի հոգի իրենց աշխատասեղանների մոտ չէին դեռևս: Գրանցում: 76 պատգամավոր է գրանցվել, քվորում կա, կարող ենք սկսել աշխատել:

Մինչ աշխատանքները սկսելը, հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ երեկ սահմանային միջադեպի արդյունքում կրկին զոհ ենք ունեցել: Ես առաջարկում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգենք հիշատակը:

 ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ

 Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ նաև, որ ԿԸՀ-ը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին: Այժմ Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավոր Արա Մելիքջանյանը համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ պետք է երդվի։ Համեցեք ամբիոնի մոտ, պրն Մելիքջանյան:

 Ա.ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման և բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար: Շնորհակալ եմ:

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհավորում ենք, պրն Մելիքջանյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարգելի պատգամավորներ, Կառավարությունը ներկայացրել է, դահլիճում լռություն, խնդրում եմ, «Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի մի շարք օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով առաջարկում է այդ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար սահմանել առնվազն երեքական ժամ: Այս որոշման նախագիծը ներկայացնելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին. համեցեք:

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է հուլիսի 15-ին գումարել արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ներառված է 4 հարց: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ« Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի՝ ձեզ եմ ներկայացնում «2021 թվականի հուլիսի 15-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը: Առաջարկվում է հուլիսի 15-ին գումարված արտահերթ նստաշրջանի երկու ընթերցմամբ քննարկվող օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Առաջարկվում են հետևյալ նախագծերը.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը: Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների կտրուկ բարձրացման հետևանքով ընդերքն ավելի լավ պաշտպանելու հրատապ անհրաժեշտությամբ:

Երկրորդ նախագիծը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարի չափն ավելացնել՝ սահմանելով 250 հազար դրամ: Այս նախագծի անհրաժեշտությունը բխում է պատգամավորների՝ իրենց ընտրողների հետ ավելի հաճախ և ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը հրատապ է՝ հիմք ընդունելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման նստաշրջանի բացման օրվանից: Քանի որ մինչ այդ հերթական նիստեր չեն անցկացվելու, անհրաժեշտություն է առաջացել նախագիծը ներառել արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Երրորդ նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը: Նախագիծը հրատապ է, քանի որ համաձայնագրով նախատեսվում է վարկի երկարաձգում 2021 թվականի մայիսի 31-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդունմամբ վարկային միջոցները հասանելի կլինեն վճարումներ կատարելու և ծրագիրն ավարտին հասցնելու համար:

Եվ չորրորդ նախագիծը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի անհրաժեշտությունը բխում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաև տեսչական մարմնի վերահսկողական ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից: Նախագծի հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն օրենքի նախագիծը չընդունելու դեպքում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զրկվում է որոշակի գործառույթներում վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից:

Յուրաքանչյուր նախագծի զեկուցող ավելի մանրամասն կանդրադառնա նախագծի հիմնավորումներին: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար առաջարկում ենք սահմանել երեքական ժամ: Շնորհակալություն:

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարցերի համար հերթագրում: Հարցեր չկան, պրն Քերոբյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Շնորհակալություն: Մտքերի փոխանակության համար հերթագրում: Ելույթներ ևս չկան: Եզրափակիչ ելույթի իրավունք ունեք, պրն Քերոբյան: Կիսատ ասելիք կա՞: Շատ լավ, շնորհակալություն: Ուրեմն, քվեարկություն:

Քվեարկության է դրվում «2021 թվականի հուլիսի 15-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի մի շարք օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ՝ 72

Դեմ՝ 1

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է:

Այժմ կարող ենք քննարկել օրակարգի հարցերը:

Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյան: Պրն Քերոբյան, համեցեք ամբիոնի մոտ:

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սույն օրենքով առաջարկվում է, ըստ էության, արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի խտանյութի, մոլիբդենի խտանյութի և հարակից որոշ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգիչների նկատմամբ՝ սահմանելով այս պահին գործող շուկայական գներին մոտավորապես 15 տոկոսի չափով, բայց ֆիքսված արտահանման լիցենզիոն տուրք:

Այս որոշման անհրաժեշտությունն առաջացել է հետևյալ պատճառներով.

Առաջինը. Այսօրվա ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում և չի ապահովում ընդերքից ստացված եկամուտների հավասարաչափ բաշխումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և տնտեսավարողների միջև:

Երկրորդը. շուկայում ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյունկտուրան թույլ է տալիս, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կիրառի այսպիսի տուրք՝ միաժամանակ մի կողմից՝ ապահովելով բյուջեի համար շատ անհրաժեշտ նոր մուտքեր, և մյուս կողմից՝ տնտեսավարողների համար պահպանելով բավական լավ աշխատանքային միջավայր:

Որպես լրացում, կարող եմ ավելացնել, որ պղնձի անցած տարվա գները՝ 6 հազար դոլար մեկ մետրիկ տոննայի համար այժմ գտնվում են մոտ 9 հազար 200-ից 9 հազար 300 դոլարի սահմաններում, իսկ մոլիբդենի գներն անցած տարվա միջին 24 հազարի փոխարեն այժմ 41 հազար դոլարի սահմաններում են: Այսինքն՝ այս ավելացումը, ըստ էության, թույլ է տալիս, որպեսզի ավելացված մասի մի մասը մենք վերցնենք: Ասեմ ձեզ, որ նմանատիպ գործողություններ արվել են ոչ միայն Հայաստանում: Մեզանից առաջ նմանատիպ գործողություններ կիրառվել են ՌԴ-ում, Չիլիում և այլ երկրներում:

Նաև ուզում եմ ավելացնել, որ, անկախ ամեն ինչից, մենք նախաձեռնելու ենք ռոյալթիների համակարգի կտրուկ վերանայում մոտ ապագայում, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր ընդերքի պաշտպանությունը ճիշտ իրականացնենք, եկամուտները ճիշտ բաշխենք և հնարավորություն ունենանք՝ ավելի լավ և ավելի ամուր ձևով դիմագրավել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է այսօր մեր երկիրը: Խնդրում եմ հաստատել:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Քերոբյան: Հարգելի գործընկերներ, հարցերի համար կարող եք հերթագրվել. հերթագրում: Հերթագրվել է 6 պատգամավոր:

Հովիկ Աղազարյան. համեցեք:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Քերոբյան, շատ կարևոր, և, կարծում եմ՝ նաև ողջունելի նախաձեռնություն է, բայց մի այսպիսի հարց: Հիմա, պղնձի գները բարձր են միջազգային շուկայում, եթե կտրուկ ընկնեն, այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա:

  Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Պղնձի գները բարձր են այս տարվա սկզբից և, ըստ էության, տնտեսավարողները վայելում են այս բարենպաստ միջավայրն արդեն բավական երկար ժամանակ, և, մեր ակնկալմամբ՝ մոտ ապագայում չի նախատեսվում գների անկում: Բայց, եթե նույնիսկ անկում լինի, միևնույնն է, արդեն կուտակված գերշահույթն այնքան է, որ իրենք այս 6-ամսյա ժամկետում, որը սահմանված է այս ժամանակավոր միջոցի կիրառման համար, միևնույնն է՝ ընդհանուր առմամբ կունենան բավարար չափով եկամտաբերություն և իրենց ընդհանուր տարեկան ցուցանիշներն առանձնապես չեն վնասվի:

Բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ասել, որ ըստ միջազգային վերլուծական կենտրոնների և ինվեստիցիոն բանկերի՝ մասնավորապես, Goldman Sachs, J.P. Morgan և մյուսների, պղնձի գների անկման որևէ նախադրյալ չկա: Հակառակը, շուկայում ավելացող պահանջարկի հետ զուգընթաց` ենթադրվում է, որ պղնձի գները մոտակա տարիներին միայն բարձրանալու են և հասնելու են այսօրվա 9 հազար 200-300 հարյուրից ընդհուպ մինչև 15 հազար դոլարի մակարդակի:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, թույլ տանք` արձագանքի պատգամավորը, պրն Քերոբյան:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Խնդրեմ, շարունակեք, եթե ասելու բան ունեք:

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Այսինքն՝ այս ամեն ինչի հետ մեկտեղ ստացվում է, որ այս նախագիծն իր կարճ գործունեության ընթացքում չի կարող տեսականորեն նույնիսկ հասցնել այնպիսի վնաս, որը կարող է անդրադառնալ հանքարդյունաբերողների աշխատանքի և բնականոն գործունեության վրա:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Քերոբյան: Հաջորդ հարցը՝ Սիսակ Գաբրիելյան… համեցեք: Լռություն դահլիճում, հարգելի գործընկերներ:

 Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Քերոբյան, երկու մասից է հարցս բաղկացած, մեկը՝ տնտեսական, մյուսը՝ փոքր-ինչ ավելի շատ քաղաքական: Կմանրամասնե՞ք, սա ըստ էության, նոր, էսպես ասած, հարկ չէ, պետական տուրք է, որովհետև գործարանը՝ ԶՊՄԿ-ն միշտ խոշոր 5 հարկատուներից է եղել: Տարեկան մոտավորապես ինչքա՞ն գումար է վճարել իր հարկերը և այս տուրքի ավելացմամբ ինչքա՞ն գումար է ավելանալու:

Երկրորդը մի փոքր գուցե ավելի քաղաքական է, բայց նախընտրական շրջանում էլ հենց Սյունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր»-ը շատ էր խոսում ազգայնացնելու մասին: Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ բուն ընկերությունը չի ազգայնացվում, բայց, հաշվի առնելով այս տուրքի ծավալը, մենք, ըստ էության, էլ ավելի ենք ազգայնացնում Հայաստանի Հանրապետության ընդերքը: Շնորհակալ եմ:

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Առաջինն ուզում եմ ասել, որ այս օրենքը չի ընդունվել ինչ-որ տնտեսավարողի համար կամ հանդեպ, այլ ընդհանուր ոլորտի հանդեպ, և այս միջոցառմամբ մոտակա 6 ամիսներին մենք պետական բյուջե կմուտքագրենք մեծ հաշվարկներով մոտ 35 միլիարդ դրամ գումար, որը շատ անհրաժեշտ է մեր բյուջեին և մեր առջև կանգնած խնդիրներն այնպիսին են, նաև մեր նախընտրական ծրագրի և Կառավարության ծրագրի մեջ ընդգրկված խոստումները մեր քաղաքացիներին այնպիսին են, որ , ուղղակի, կենսական անհրաժեշտություն կա՝ ընդերքի նկատմամբ վերաբերմունքը փոխել և ընդերքից ստացվող եկամուտներն ավելի հավասարաչափ բաշխել տնտեսավարողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Արձագանք:

 Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

-Շնորհակալ եմ, պրն Քերոբյան, և արդյոք քննարկվո՞ւմ են տարբերակներ՝ հաշվի առնելով այդ կոմբինատի վնասակարության ազդեցությունը, հատկապես այդ մոտ բնակավայրերի հետ կապված, քննարկվո՞ւմ է արդյոք տարբերակ, որ նույն այդ կոմբինատից փոխհատուցում տրվի ավելի հարակից բնակավայրերին որոշակի գործառույթների համար, որովհետև գաղտնիք չէ, որ հենց այդ նույն կոմբինատից ֆինանսավորվել են մոտ համայնքի որոշ բնակիչներ, շատ դեպքերում դրանք ծառայել են ինչ-ինչ այլ նպատակներով, բայց չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն կա՝ օրենքով սահմանել, որ, չգիտեմ, օրինակ՝ կոմբինատի հարակից բնակավայրերին պետք է նաև որոշակի օրենքով սահմանված փոխհատուցում տրվի: Դա կարող է լինել, չգիտեմ, մանկապարտեզների անվճար լինելու տեսքով, դա կարող է ենթակառուցվածքների շինարարության հետ կապված լինել: Այս տարբերակը քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ:

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Շնորհակալություն: Շատ լավ հարց եք տալիս: Անցած տարի քննարկվել է ռոյալթիների մի մասը համայնքներին տալու կամ տրամադրելու նախագիծ, որն այդպես էլ չի ընդունվել: Ըստ այդ նախագծի՝ ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ ռոյալթիների ամբողջ գումարի մոտավորապես 2 տոկոսը պետք է գնա շահառու կամ ազդակիր համայնքներին: Բայց այդ օրենքը չի ընդունվել: Ես կարծում եմ, որ մեր այս ռոյալթիների վերանայման համակարգում մենք, անպայման, լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին, որովհետև, իհարկե, այդ համայնքները որոշակիորեն ավելի վատ բնապահպանական միջավայրում են ապրում և միգուցե անհրաժեշտություն կա՝ այդ համայնքներում ավելի բարձր որակի առողջապահական ծառայություններ և այլ՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու ծառայություններ ներդնել, որի համար մենք, անշուշտ, կքննարկենք թե´ համայնքների հետ, թե´ Կառավարության մեր գործընկերների հետ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Սերգեյ Բագրատյան։

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Քերոբյան, 15%-ի հիմքը որտե՞ղ է, ինչո՞ւ 15%, ոչ թե 20%, օրինակ։

Երկրորդը. ի՞նչ գնով եք դա հաշվել, որովհետև մենք գիտենք՝ դուք ասել եք, որ պղնձի խտանյութի մասին է խոսքը, բայց նշում եք պղնձի գները միջազգային շուկայում։ Այսինքն՝ նախ՝ դուք շեշտեք կոնկրետ հաշվարկային հիմքը և պղնձի խտանյութի գինն ասեք և մոլիբդենի խտանյութի գինն ասեք, ոչ թե մոլիբդենի գինը, որպեսզի մենք կարողանանք պատկերացում ունենալ, որովհետև դուք լավ գիտեք, որ 500 հազար տոննայից ավելի 2020 թվականին մենք պղնձի խտանյութ ենք արտահանել։ Ի՞նչ գնով ենք արտահանել և 15%-ի հաշվարկն ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ գումար է կազմել անցած տարի, եթե մենք հարկեինք, եթե մենք կարողանայինք արտահանման լիցենզիոն վճար կիրառել, բյուջեում ինչքա՞ն լրացուցիչ մուտքեր կունենայինք։ Շնորհակալություն։

Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Հարգելի պրն Բագրատյան, շնորհակալություն ձեր հարցերի համար։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պրն Քերոբյան, մի վայրկյան, ներողություն։ Հարգելի պատգամավորներ… Շարունակեք, պրն Քերոբյան։

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Իրականում այսօր ՀՀ-ում գործող պղնձի հանքերի շահութաբերության մակարդական այնպիսին է, որ օպերացիոն տեսանկյունից էս ընկերությունները նույնիսկ 5 հազար 300 դոլարից ավելի պղնձի գնի պարագայում շահութաբերության մակարդակի վրա են, բայց կյանքում այդպես չէ, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պղնձի հանքավայրերից գոյացած շահույթը տարբեր ուղղություններով սկսվում է լուծվել և վերջում, օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, այս անգամ պետք է օրինակը բերեմ, 2019 թվականին մեծ վնաս է ցույց տվել և 2020 թվականին, ըստ էության, հարկերից հետո մաքուր շահույթն ընդամենը 820 մլն դրամ է, որը ծիծաղելիորեն փոքր թիվ է։ Եվ հետևաբար՝ էս տուրքը սահմանելիս մենք առաջնորդվել ենք ոչ թե էն գներով, որով արտահանվում է խտանյութը, որովհետև...

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պրն Քերոբյան, ժամանակը սպառվել է, թույլ տանք՝ արձագանքի։ Արձագանքեք։

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շարունակեք, պրն Քերոբյան։

Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Որովհետև Transfer pricing-ի միջոցով կարելի է ցածր գնով վաճառել քո սեփական ագենտի վրա, որը գտնվում է Շվեյցարիայում և հետո` այնտեղից` արդեն շուկայական գներով։ Ուստի, մենք վերցրել ենք էն մոդելը, որը, ըստ էության, կիրառել են մեր նման երկրներն էս պարագայում։ Այսինքն՝ հիմքը վերցվել է շուկայական գինը, ոչ թե էն գինը, որով փաստացի գործարքը տեղի է ունեցել։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Արուսյակ Ջուլհակյան. համեցեք։

 Ա.ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Պրն Քերոբյան, նախ՝ շնորհակալ եմ այս կարևոր նախագիծը բերելու համար, բայց իմ հարցը նախագծին չէ վերաբերում, ավելի շատ հայեցակարգային է։ Ինձ հետաքրքիր է, թե Կառավարությունում արդյո՞ք ընդանում են քննարկումներ տարբեր գերատեսչությունների հետ համատեղ, թե ինչպես ենք մենք որպես պետություն տեսնում մեր երկրում հանքարդյունաբերության կամ, առհասարակ, ընդերքի օգտագործման ապագան։ Արդյո՞ք մենք պատրաստվում ենք ինչ-որ հայեցակարգ մշակել էդ ուղղությամբ, ռազմավարություն մշակել էդ ուղղությամբ, որտեղ ավելի շատ շեշտը կդրվի այն բանի վրա, որ ընդերքը, որը պատկանում է Հայաստանին և ամբողջ ժողովրդին, իսկապես, ավելի շատ շահ բերի Հայաստանի Հանրապետության ժողովրդին, քան կոնկրետ տնտեսավարողների։ Խոսքս վերաբերում է նրան, թե արդյո՞ք մենք պատրաստվում ենք ավելի շատ հարկել։ Դա կլինի ռոյալթիների բարձրացման կամ այլնի տեսքով, և եթե կան նման քննարկումներ, ապա մոտավոր ի՞նչ ժամկետներում մենք կարող ենք արդեն ակնկալել, որ կունենանք հստակ հայեցակարգ ընդերքի պատշաճ և բարեխիղճ օգտագործման ուղղությամբ։

Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Կիսատ մնաց, բայց, ըստ էության, մենք որոշել ենք անդրադառնալ ոչ միայն մետաղական հանքերին, այլ բոլոր հանքերին, որովհետև, սա արդեն որպես քաղաքացի կարող եմ ասել, և դա կիսում է մեր քաղաքացիների մեծ մասը, նախորդ 30 տարիներին, ընդհանուր առմամբ, ընդերքը կեղեքվել է, և անհրաժեշտություն կա, որպեսզի ազգային հարստությունը, հիմա որոշ երկրներ ունեն նավթ, որոշ երկրներ ունեն այլ օգտակար հանածոներ, մենք էլ ունենք էն, ինչ մենք ունենք՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, քար և այլն։ Եվ անհրաժեշտություն կա, որ էդ հարստությունը ճիշտ բաշխվի ժողովրդի և արդյունահանողների միջև։ Եվ էդ առումով՝ մենք, իհարկե, նախաձեռնել ենք արդեն և հույս ունեմ, որ աշնանն արդեն մենք կներկայացնենք ոչ թե հայեցակարգ, այլ արդեն փաստացի փոփոխությունների փաթեթը, որովհետև մենք արդեն ժամանակ էլ չունենք։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք։

 Ա.ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Շատ կարևոր նախաձեռնություն է դա։ Իմ հաջորդ հարցը վերաբերում է նրան, որ այդ քննարկումները, որոնք դուք կատարում եք, արդյո՞ք ներառական են և ի՞նչ խմբերի հետ եք քննարկում, դեռևս միայն Կառավարության գերատեսչությունների մեջ, թե՞ նաև, օրինակ՝ մասնակից եք դարձնում այդ քննարկումներին ոլորտային մասնագետներին, բնապահպաններին և այլն։

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Էս նախագիծը չի քննարկվել տնտեսվարողների հետ, որովհետև էստեղ էնքան ակնհայտ գործողություն ենք մենք անում, որ քննարկելու կարիք չկա, բայց էն համակարգային փոփոխությունները, որոնք նախաձեռնում ենք, էդտեղ ներգրավված կլինեն թե՛ բնապահպաններ, թե՛ միջազգային էքսպերտներ, թե՛, ասենք՝ ֆինանսական և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, թե՛ հենց կոնկրետ տնտեսավարողներ, որովհետև արդյունքում մենք պետք է ճիշտ բալանս գտնենք, այսինքն՝ ապրանքների վերջնական գներ, որովհետև ոչ մետաղական հանքերի արտադրանքի մի մասն օգտագործվում է նաև Հայաստանում շինարարության և այլ ոլորտներում։ Եվ մենք պետք է բալանսավորված մոտեցում գտնել, որը, ասենք՝ կարտահայտի բոլոր կողմերի ճիշտ շահերը, բայց նաև, էսպես ասեմ, շուկայական բարենպաստ կոնյունկտուրայի արդյունքում առաջացած լրացուցիչ շահույթն ավելի շատ կվերաբերի ժողովրդին, քան թե արդյունահանողներին։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Նարեկ Ղահրամանյան. համեցեք։ Հանո՞ւմ եք։ Սոֆիա Հովսեփյան. հանո՞ւմ եք։ Շնորհակալություն։ Պրն Քերոբյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցերն ավարտվեցին։ Մտքերի փոխանակության համար պատգամավորները կարող են գրանցվել. գրանցում։ Լռություն դահլիճում, հարգելի գործընկերներ, ահավոր աղմուկ է դահլիճում։ Գրանցվել է 5 պատգամավոր։

Տաթևիկ Հայրապետյան, համեցեք։

 Տ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, ես ներողություն եմ խնդրում, որ պետք է շեղվեմ թեմայից և անդրադառնամ երեկ Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչեցված որոշ թեզերի և դրույթների, ինչպես նաև երեկ սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Ադրբեջանի նախագահը բավականին սպառնալից տոնով խոսում է այն մասին, որ եթե Հայաստանը չգնա խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա կարող է առերեսվել նոր պատերազմի հետ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը շատ հեռու է իրական խաղաղությունից, որին ձգտում են բոլոր ժողովուրդները և բոլոր մարդիկ։ Ադրբեջանի նախագահը խաղաղություն ասելով պատկերացնում է ռազմավարի պուրակներ, պատկերացնում է տարածքային ակնհայտ հավակնություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ադրբեջանի Ազգային ժողովն ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ և փոխխոսնակի մակարդակով անվանում դա ադրբեջանական հող, որտեղ իրենք պետք է վերադառնան։ Այդ նույն թեզը շարունակում է Ադրբեջանի ղեկավարը և ահա այս ձևով, այս թեզերով և գործելաոճով, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք է ներթափանցել ադրբեջանական զորքեր, Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին։ Իրականում սա խոսույթ չէ խաղաղության մասին, սա խոսույթ է լարվածության նոր օջախների ստեղծման մասին։ Սրանով Ադրբեջանն ակնհայտ մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայունությանը։ Եվ այս ամենը, իհարկե, ստանում է Անկարայի բացարձակ աջակցությունը, և Շուշիի հայտնի հռչակագիրը դրա վառ ապացույցն է։

Ես կցանկանամ նաև խնդրել մեր միջազգային գործընկերներին՝ որևէ կերպ տուրք չգնալ Ալիևի քարոզչությանը, չանել գործողություններ և չհնչեցնել տեքստեր, որոնք կարող են արդարացնել պատերազմը և ագրեսիան, որովհետև սա սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի, ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, այլ, ընդհանրապես, համայն քաղաքակիրթ մարդկությանը։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Սիսակ Գաբրիելյան։

Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, պրն Քերոբյան, շնորհակալություն եմ հայտնում այս նախագիծը, վերջապես, ներկայացնելու համար։ Ես կարող եմ ասել, որ էս նախագիծը տարիներ շարունակ սպասված է եղել բոլորի կողմից։ Մեր հանրությունը մշտապես խոսել է մեր ընդերքի, ինչպես դուք նշեցիք, կեղեքվելու մասին, բայց հենց տարիներ շարունակ ո՛չ այս նախագիծը, ո՛չ նմանատիպ այլ նախագիծ, որը կենթադրեր այդ հանքերը շահագործողների եկամուտների թեկուզ չնչին նվազեցում, չի բերվել։ Ես կարծում եմ՝ մի պարզ պատճառով, որովհետև էդ հանքի սեփականատերը դահլիճի էս հատվածում է նստած եղել ժամանակին և, բնականաբար, սեփական գրպանին չհարվածելու համար նմանատիպ նախագծեր չեն բերվել։ Իհարկե, դեռ գործում է 7-րդ գումարման խորհրդարանը, բայց ես կարծում եմ՝ սա նախընտրական շրջանում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից տրված խոստումներից գուցե առաջին խոստումն է, որն ի կատար է ածվում։ Գիտեք, ես նաև հարցիս մեջ նշեցի, որ խոսվում էր ազգայնացման մասին, գուցե, բայց, իմ կարծիքով սա ավելի լավ տարբերակ է։ Ի՞նչ առումով. որ պետությունը, ազգայնացնելով, բնականաբար, էդ կառավարումը և այլն, շատ ավելի բարդ կլիներ, նաև դա գուցե վատ մեսիջ լիներ օտարերկրյա ներդրողների համար, իսկ սա պարզապես, ես իմ հարցում էլ ասացի, որ, իմ կարծիքով՝ մենք ազգայնացնում ենք կամ էլ ավելի ենք ազգայնացնում Հայաստանի Հանրապետության ընդերքը, որը յուրաքանչյուրիս սեփականությունն է։ Գիտեմ, որ հաշվարկներով նախատեսված է մոտ տարեկան 100-150 մլն դոլարի շրջանակներում։ Սա զուտ թվեր չեն։ Օրինակ՝ եթե մեկ, էսպես ասած, ժամանակակից դպրոց կառուցելու համար մեզ անհրաժեշտ է լինում մոտ 2-3 մլն դոլար, ապա կարող ենք ասել, որ էս գումարը կարող է ծառայել՝ տարեկան լրացուցիչ 70 նոր դպրոց կառուցվելու, 100 նոր մանկապարտեզ կառուցվելու, 100-150 կիլոմետր նոր ճանապարհ կառուցվելու։

Եվ ես իմ գործընկերներին կոչ եմ անում միանշանակ կողմ քվեարկել և նաև ձեզ առաջարկում եմ, իսկապես, մտածել էդ հաջորդ քայլի մասին, որովհետև գիտեմ, որ հիմա էդ ազդակիր համայնքներին հանքերը որոշակի, էսպես ասած, գումարներ տալիս են, բայց նախկինում իմ լրագրողական հետաքննությամբ և նաև գործընկերներ լրագրողներից ինձ քիչ առաջ գրեցին, որ էն գումարները, որոնք հիմա փոխանցվում են էդ համայնքներին, ըստ էության, էդ համայնքներին տրված վնասների գուցե 10%-ն էլ չեն կազմում։ Կարելի է քննարկել, որ, օրինակ՝ առողջապահությունն էդ համայնքներում անվճար լինի կամ լինի հենց էդ կոմբինատների հաշվին, եթե դրա պատճառահետևանքային կապը կախված է եղել էդ վտանգավոր արտանյութերից։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Սերգեյ Բագրատյան. համեցեք։

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, եթե թվերի լեզվով, խոսենք, շատ հետաքրքիր տվյալներ կունենանք։ Եթե մենք ասում ենք, որ 2020 թվականին արտահանել ենք 511 հազար տոննա պղինձ և առնվազն 1 տոննան, խտանյութի մասին է խոսքը, 1 տոննան՝ 5000 դոլարից ավելի՝ 5200 դոլար, այսինքն՝ մենք ունենք 2,5 մլրդ դոլարի արտահանում։ 2,5 մլրդ դոլարը շատ մոտ է մեր բյուջեին։ Այսինքն՝ պղնձի խտանյութն ինքը կարող է մեր երկրի տնտեսությանն այնքան մեծ օգուտ բերել, եթե մենք թողենք ոչ թե մեկ ընկերության շահագործմանը, այլ ստեղծենք առնվազն մրցակցային հնարավորություններ գոնե վերամշակման մասով։ Այսինքն՝ եթե մենք վերամշակող գործարանը պետական բաժնեմասով կարողանանք կառուցել և համապատասխան խտանյութը մշակել մեզ մոտ և այդ խտանյութը 5000 դոլարի փոխարեն վաճառել 1 տոննան 9200 դոլարով, գրեթե կրկնակի եկամուտ ապահովելով երկրին։

Եթե, մոտավոր թվերով, ասենք՝ թոշակը կրկնապատկելու համար մեզ պետք է 600 մլն դոլար, ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում մենք էդ 600 մլն դոլարը կարող ենք հանգիստ ներգրավել հենց միայն պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքն արդյունավետ կազմակերպելով։ Այսինքն՝ ժամանակն է, որ սա… Ինչպես իմ գործընկերը՝ պրն Քերոբյանը նշեց, եթե որոշ երկրներ նավթ ունեն, պակաս կարևոր չեն պղինձը և մոլիբդենը, եթե մենք օգտագործենք այնպես, ինչպես նավթարդյունահանող երկրներն օգտագործում են նավթի արդյունահանումը և արդյունավետ կերպով օգտագործում են իրենց երկրների զարգացման հեռանկարային ծրագրում, ինչպես արաբական երկրներում է։ Այս իմաստով՝ մենք, իսկապես, կոնցեպտուալ կերպով պետք է վերանայենք, ընդհանրապես, մեր ներքին տնտեսավարողների գործունեության հետ կապված՝ տարիներով անգործության մատնված մեր տնտեսական քաղաքականությունը։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն նաև ձեզ։ Գևորգ Պապոյան։ Համեցեք, պրն Պապոյան։

 Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս օրենքի քննարկումն ինձ տարավ դեպի մեր պետականության հիմնադրման ակունքներ, որովհետև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 7-րդ կետում հստակ նշված է, որ ընդերքը, ջրային, օդային տարածքը Հայաստանի ժողովրդի սեփականությունն է, և այս օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ էության, մենք վերադառնում ենք այդ հիմնադրույթներին և այդ ակունքներին, որովհետև, ցավոք սրտի, 1990-ականների և հատկապես 2000-ականների սեփականաշնորհման արդյունքում որոշակիորեն անարդարություն էր ձևավորվել և այս օրենքի նախագծով մենք այդ անարդարությունն ենք վերացնում։ Իհարկե, էստեղ կարող են ինձ հակադարձել, որ հարկային բեռ է բարձրանում, բայց ես ուզում եմ նշել, որ աշխարհի մի շարք երկրներում, օրինակ՝ Մեքսիկայում, Չիլիում, Ավստրալիայում այս հարկային բեռը 10 և ավելի տոկոսով ավելի բարձր է լինելու նույնիսկ այս 15%-ից հետո։ Հայաստանի Հանրապետությունն էլ, մինչև այս փոփոխությունը, այս բիզնեսի համար համարվել է աշխարհում ցածր հարկային դաշտ ունեցող երկրներից մեկը։ Եվ էս առումով՝ կարծում եմ, որ տարեկան 70-75 մլրդ դրամը հսկայական նոր հնարավորություններ կարող է ստեղծել, ընդ որում, դրանք պետք է, նույնիսկ կարել՝ է մտածել՝ ինչ ուղղությամբ։

Առաջինը դրանք կարող են լինել որոշակի ֆոնդերի տեսքով, օրինակ՝ նույն աշխարհի առաջատար պղինձ արտահանող Չիլին ունի այդպիսի ֆոնդ, որտեղ ավելի, քան արդեն 11 մլրդ դոլար գումար է հավաքված։ Մենք նույնպես, իհարկե, կարող ենք ոչ այդպիսի մեծ գումար, բայց ավելի համեստ գումար ունենալ, որը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր լուրջ հենք լինել, էլ չասած, որ, այո, 70 մլրդ դրամը հսկայական գումար է նաև սահմանային անվտանգության, պաշտպանության, սոցիալական ապահովության, գիտության, կրթության և այլ ոլորտներում ծախսելու համար։

Կարծում եմ, որ նախագիծն այս պահի համար ճիշտ էր և, այո, ես նորից եմ կրկնում, այս նախագծով մենք վերադառնում ենք մեր պետականության հիմնադրման հիմնադրույթներին, այն է՝ անկախության հռչակագրի 7-րդ կետի իրականացմանը։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ելույթներն ավարտվեցին։

Հարգելի պրն Քերոբյան, եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Համեցեք։

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շնորհակալություն այսպիսի դրական և պաշտպանող ելույթների համար։ Իրականում շատ կարևոր է այս աջակցությունը և շատ կարևոր է իմանալ, որ Կառավարությունը և ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը համահունչ և սինխրոն են իրենց վերաբերմունքում էս հարցի նկատմամբ։ Ես ուզում եմ մի քանի անդրադարձ անել։

Առաջինն ուզում եմ անդրադառնալ պրն Պապոյանի արտահայտած էս մտքին ազգային հարստության ֆոնդերի վերաբերյալ։ Եվ էստեղ ուզում եմ ասել, որ նույնիսկ մեր հարևան Ադրբեջանն ունի այսպիսի ֆոնդ, որտեղ կան ավելի քան 40 մլրդ դոլար միջոցներ՝ կուտակված նավթային եկամուտներից։ Եվ իրականում նախորդ 30 տարիների ընթացքում էն հարստությունը, որը պետք է բաժին հասներ թե՛ մեր երեխաներին, թե՛ մեր թոռներին, իրականում մենք թույլ ենք տվել, որ գնան տարբեր անհատ մարդկանց գրպանները։ Հիմա սա, ոնց որ, առաջին քայլն է, բայց վերջինը չէ։ Ինչպես ասացի, ռոյալթիների համակարգը կա, միգուցե մենք որոշ այլ գործիքներ էլ սկսենք կիրառել, որպեսզի կարողանանք կուտակել, վերջապես, հարստություն և ստեղծել մեծ նոր նախագծեր, որոնք պետք կգան թե՛ մեր երկրին, թե՛ մեր հաջորդ սերունդներին։

Նաև ուզում եմ անդրադառնալ պրն Սիսակյանի մտքին՝ կապված ազգայնացման հետ։ Իհարկե, չեմ ուզում կոնկրետ էս դեպքի համար ասել, բայց մեր Կառավարությունը և մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարությունը որևէ նման հոգեբանական արգելք չունի պետական ընկերություն կառավարելու նկատմամբ, որովհետև, ըստ էության, պետական ընկերությունները կառավարում են մարդիկ և եթե ճիշտ բանաձև լինի, և եթե ճիշտ մարդիկ ընտրվեն, ապա պետական ընկերությունները նույնպես կարող են լինել գերհաջող, ինչպես և մասնավոր ընկերություններն են։ Եվ դրա վառ օրինակները ևս կան բազմաթիվ երկրներում։ Էստեղ, ուղղակի, մենք պետք է ունենանք պետականամետ մտածողություն և ստեղծենք այնպիսի ընկերություններ և այնպիսի մենեջմենթ բերենք, որոնք հնարավորություն կունենան՝ էդ հաջողությունն ապահովել: Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյան: Պրն Ենգիբարյան, համեցեք:

 Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով, Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ըստ այդմ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «50000» թիվը փոխարինել «250000» թվով:

Հարգելի գործընկերներ, սույն օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: Հայաստանի Հանրապետությունը 2013 թվականից հետո մեծ փոփոխությունների է ենթարկվել: Հատկանշական է, որ 2015 թվականի Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունն արդեն խորհրդարանական պետություն է: Եվ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ: Եվ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը: Ես կուզենայի ուղիղ համեմատություն անցկացնել, հարգելի գործընկերներ, պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի հետ: Առաջին տպավորությամբ և շատ լայն տարածում ունեցող կարծրատիպ կա, որ պատգամավորական անձեռնմխելիությունն արտոնություն է կամ հավելյալ առավելություն է, որով սահմանադիրն օժտել է պատգամավորին, մինչդեռ խորը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում անձեռնմխելիության ինստիտուտը բխում է ևս հանրային լավագույն շահից՝ ապահովելով պատգամավորին իրացնել անկաշկանդ մանդատ և իրականացնել ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատը՝ օգտվելով չեզոքության և անկախության բոլոր հնարավորություններից: Ահա, այդ չեզոքությունը լավագույնս ապահովելու նպատակով, հարգելի գործընկերներ, հարկ ենք համարում նաև պատգամավորին օժտել և տրամադրել նյութատեխնիկական բնույթի հիմքեր, որը պետք է ծառայի հանրության լավագույն շահին: Ես կարծում եմ, որ հատկապես այն պատգամավորները, որոնք մարզերից են և իրենց առօրյա գործունեության շրջանակներում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողների հետ, իրենց համար սա հատկապես մեծ աջակցություն է: Մյուս պատգամավորները, որոնք ներգրավված են, օրինակ՝ խորհրդարանական դիվանագիտության շրջաններում կամ օրենսդիր գործունեության մեջ են առավել ակտիվ, կարող են այս միջոցներն օգտագործել տարբեր ծառայությունների գնման համար: Շնորհակալություն: Խնդրում եմ պատեհ պահի կողմ քվեարկել:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցեր զեկուցողին: Սոֆիա Հովսեփյան:

 Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Ենգիբարյան, նախ՝ ուզում եմ մի բան հարցնել. արդյո՞ք այս յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընթացքում բոլոր պատգամավորները մեկնեցին մարզեր, թե՞ ոչ: Դուք, հաստատ, գնահատել եք և գիտեք: Եվ արդյո՞ք մարզի պատգամավորներն օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում, այսինքն՝ եթե մյուս պատգամավորների հետ համեմատում եք՝ ասելով, որ իրենք օրենսդրական գործունեությամբ են զբաղվում: Եվ դիվանագիտական գործունեության ընթացքում արդյո՞ք պատգամավորները, երբ գործուղումներ են լինում կամ այցեր և այլն, այս գումարից են օգտվում և ոչ թե գործուղման հավելյալ ծախսերից և գրպանի ծախսերից: Ինչո՞ւ ենք մենք այս 200 հազար դրամն ավելացնում մի բանի համար, որ առանց այն էլ այդ ծախսերը հոգում են, և մարզի պատգամավորները, այո, ունենում են խնդիրներ, որովհետև անընդհատ մարզեր են մեկնում, բայց Երևան քաղաքի պատգամավորները կամ ցուցակով անցած պատգամավորները, ինչպես բոլորս տեսանք, մարզեր, առհասարակ, չայցելեցին կամ գործուղումների միջոցով կրկին այցելեցին:

 Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Հովսեփյան, հարցի համար: Ես և դուք շատ լավ գիտենք, որ պատգամավորական գործունեությունը բավականին բազմաբնույթ է, բազմակողմ, և պատգամավորներն ըստ իրենց մասնագիտության բերման կարող են զբաղվել այս կամ այն գործունեությամբ առավել խորացված: Իհարկե, բոլոր պատգամավորները զբաղվում են առաջին հերթին օրենսդիր աշխատանքով, ինչի համար ընտրվել են, սակայն, մենք գիտենք, որ կա, օրինակ՝ պետական-իրավական հարցերի հանձնաժողով, որտեղ ներգրավված են մեր իրավաբան պատգամավորները և օրինաստեղծ աշխատանքի համար, բնականաբար, հատուկ ծանրաբեռնվածությամբ են զբաղված: Դուք՝ որպես Շիրակի մարզի տարածքային ցուցակից ընտրված պատգամավոր, բնականաբար, բազմաթիվ առիթներ եք ունեցել՝ այցելելու և հանդիպելու մեր ընտրողների հետ: Ահա, այս է, որ պատգամավորին տրամադրված միջոցները պետք է լինեն պատգամավորի կողմից ուղիղ կառավարելի: Իհարկե, երբ պատգամավորները գործուղվում են արտասահման, և գործ ունենք բավականին մեծ ծախսերի հետ, ինչն Ազգային ժողովի մշտական գործունեության արդյունք է, դրա համար հավելյալ՝ ինքնաթիռի տոմս, մնացած ծախսերը ծածկվում են, բայց համաձայնեք, որ հանրապետության ներսում պատգամավորների նյութատեխնիկական սպասարկումը բարելավվելու կարիք ունի, համենայն դեպս, դա է ցույց տվել 2,5-3 տարվա պատգամավորական մեր գործունեությունը: Բայց նաև ուզում եմ առանձնահատուկ նշել, որ…

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ժամանակը սպառվել է, եկեք թույլ տանք՝ պատգամավորն արձագանքի, պրն Ենգիբարյան: Խնդրեմ, արձագանքեք:

 Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Համաձայն եմ, որ, այո, որոշ պատգամավորներ, իրապես, կարիքն ունենում են, բայց արդյո՞ք այստեղ անհրաժեշտությունը չկա՝ թեկուզ և, պարգևավճար կոչվողի միջոցով խրախուսել այն պատգամավորին, որը, իրապես, կծառայեցնի այդ գումարն իր առաքելությանը, և ոչ թե բոլորը հավասարազոր կստանան այդ 250 հազար դրամները, և մի քանիսը կվերցնեն իրենց վրա այդ ծանրաբեռնվածությունը, իսկ մյուսները, ուղղակի, դա կհամարեն իրենց աշխատավարձի մի մասը, այն դեպքում, երբ որ դա պետք ,է իրապես, նպատակային ծառայեցվեր, ինչը մենք չտեսանք 2,5 տարվա ընթացքում: Շնորհակալություն:

 Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչի վրա է հիմնված ձեր դիտարկումը, բայց, շարունակելով իմ ասածը, ես կուզենայի, անպայման, նշել, որ 2019 թվականին 2018 թվականի համեմատ Ազգային ժողովի ներկայացուցչական ծախսերը նվազել են շուրջ 33 տոկոսով: Այն կազմում է մոտավորապես 33 մլն դրամ: Եվ այս հաշվարկն իրականացվել է նաև հիմքի հիման վրա, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը կրճատվում է, հետևաբար՝ ավելանում է ծանրաբեռնվածությունը: Եվ թիվը հաշվարկելիս մենք ճշգրտորեն հաշվարկել ենք այնպես, որ 2020, 2019 թվականների համեմատ Ազգային ժողովի ընդհանուր ծախսման բյուջեի առումով որևէ հավելյալ ծախս չի առաջացել, այնպես որ… Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ես կարծում եմ՝ պատգամավորի ինստիտուտը, ուզում եմ իմ ասածը կրկին անգամ շեշտել, իր գործունեության մեջ անկաշկանդ է, և պատգամավորներին գնահատել՝ այ, դու լավ ես աշխատել, դու վատ ես աշխատել, կարծում եմ՝ դա միայն քաղաքացիների գործն է, որը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, իսկ վերջին ընտրությունների արդյունքում՝ ես կարծում եմ, որ մենք շատ խոսուն ձևով ստացանք այդ գնահատականը: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Բաբկեն Թունյան: Պրն Ենգիբարյան, սպասեք:

 Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Ներողություն:

 Բ.ԹՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Ենգիբարյան, ես կուզեի, որ հարցի ֆինանսական կողմին մի քիչ ավելի մանրամասն անդրադառնաք: Դուք նշեցիք, որ 30 տոկոսով ներկայացուցչական ծախսերը պակասել են: Ես ինքս էդ հաշվարկն ունեմ, բայց կուզենայի, որ դուք հնչեցնեք, որ մեզ լսող մարդիկ էլ էդ թվերի մասին պատկերացում կազմեին: Էս փոփոխության հետևանքով բյուջեի համար ինչքա՞ն հավելյալ ծախս է առաջանում, սա՝ մեկ, և երկրորդը. բացի ներկայացուցչական ծախսերից, Ազգային ժողովն իր գործունեության ընթացքում էս ընթացքում, որքա՞ն խնայողություն է կատարել: Շնորհակալություն:

 Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պրն Թունյան: Ես հակիրճ ակնարկեցի առ այն, որ իրականում նախորդ տարվա համեմատ Ազգային ժողովի ծախսերը չեն ավելանալու: 2020 թվականին Ազգային ժողովի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ: Այս փոփոխության արդյունքում այդ ծախսը կրճատվելու է շուրջ 17,7 մլն դրամով և կազմելու է 256,8 մլն դրամ, այսինքն՝ ելնելով այն իրավիճակից, որ կրճատվել է պատգամավորների թիվը, Ազգային ժողովը հավելյալ ծախսեր անելու կարիք չունի: Ավելին, 2020 թվականին, կապված նաև պանդեմիայի հետևանքների հետ, Ազգային ժողովը հնարավորություն ունեցավ՝ մեծ տնտեսումներ կատարել: Եվ հուսով եմ՝ չեմ սխալվում, Ազգային ժողովն իր տնտեսած միջոցներից 1,4 մլրդ-ի կարգի գումար վերադարձրեց պետական բյուջե: Այնպես որ, հաշվի առնելով օրենսդրական փոփոխության կարևորությունը, պատգամավորական ինստիտուտի հզորացումը, նաև համադրելով այն անցած տարվա մեր ընդհանուր ծախսերի հետ, ես կարծում եմ՝ ֆինանսական առումով օրենսդրական փոփոխությունը ևս դրական է:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Կարող եք զբաղեցնել… Հա, արձագանք. Խնդրեմ: Ներողություն:

 Բ.ԹՈՒՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Ենգիբարյան, թույլ տվեք էս մի րոպեն էլ մեկ այլ պարզաբանման համար օգտագործել: Կա տպավորություն, կարծիքներ, հրապարակումներ, բառացի մեջբերում եմ, որ պատգամավորներն իրենց ամենամսյա պարգևավճարները փոխարինում են էս համակարգով: Խնդրում եմ, առիթից օգտվելով, հիշեցրեք, թե որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ անցած տարի քանի՞ ամսվա համար եք պարգևավճար ստացել և վերջին անգամ, ընդհանրապես, ե՞րբ եք ստացել: Շնորհակալություն:

 Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Թունյան, մեծ սիրով: Իրականում բոլորս գիտենք զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի ոճը Հայաստանի Հանրապետությունում, որը ևս պետք է բարելավվի: Տարածվում են վերնագրեր, որ Ազգային ժողովը ստացավ պարգևավճարներ: Իրականում, Հարգելի հայրենակիցներ, իհարկե, Ազգային ժողով ասելիս անմիջապես տպավորություն է կամ ուղիղ կապ է ստեղծվում, ասոցիացիա է ստեղծվում պատգամավորների հետ, բայց վերջին տարվա ընթացքում որևէ պատգամավոր որևէ պարգևավճար չի ստացել: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վերջին անգամ դա տեղի է ունեցել 2019 թվականին, հա՞, 2020 թվականի մարտին, շատ լավ, բայց փոխարենը պարգևավճար են ստացել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները: Իհարկե, լավագույն աշխատակիցները պետք է մշտապես խրախուսվեն պետության կողմից: Սա էլ, կարծում եմ՝ բխում է մեր հանրային լավագույն շահից: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցերն ավարտվեցին:

Հարակից զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան: Համեցեք, պրն Խաչատրյան, կենտրոնական ամբիոնի մոտ: Դահլիճում կրկին խնդրում եմ լռություն:

 Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, ներկայացված նախագծի վերաբերյալ Կառավարությունն օբյեկտիվ պատճառներով բավարար ժամանակ չի ունեցել՝ սահմանված կարգով, այսինքն՝ գրավոր ընթացակարգով հարցը քննարկել և որոշում ընդունել, այնուամենայնիվ, Կառավարությունում հարցի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցել են, և Կառավարությունը չունի առարկություններ նախագծի վերաբերյալ: Ավելին, բերված հիմնավորումները հեղինակների կողմից բավարար են և ընդունելի են համարվում, հետևաբար՝ ներկայացված նախագծի վերաբերյալ Կառավարությունն ունի դրական դիրքորոշում: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցեր հարակից զեկուցողին: Պրն Խաչատրյան, դուք ասացիք, որ բավարար ժամանակ չի ունեցել, բայց, այնուամենայնիվ, դրական եզրակացություն ունի, կա՞ն ինչ-որ հարցեր, կա՞ն ինչ-որ խնդիրներ, որոնց հետ կապված՝ ժամանակին մենք խնդիր կարող ենք ունենալ և հավելյալ ժամանակ է պետք: Ես հասկանամ, որ… Անկեղծ ասած, ուզում եմ, որ Էդ նախադասությունը, մի քիչ ավելի բացեք:

 Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Տեսեք, դիրքորոշում հայտնելու համար պետք էր, որ գերատեսչությունների հետ գրավոր ընթացակարգով շահագրգիռ քննարկումներ տեղի ունենային Կառավարությունում, ինչի արդյունքում պետք է ծնվեր Կառավարության որոշում, որով կարձանագրվեր Կառավարության դիրքորոշումը, սակայն, ըստ էության, որևէ առարկություն… Այսինքն՝ քննարկումներ տեղի ունեցել են, չկա Կառավարության որոշումը, բայց քննարկումները կան: Եվ այստեղ ես լիազորված եմ՝ հայտնելու, որ Կառավարությունն ունի դրական դիրքորոշում: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար գրանցում: Սերգեյ Բագրատյան, համեցեք:

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, կուզենայի անդրադառնալ այս թեմայով իմ գործընկերոջ հարցադրմանը, թե արդյո՞ք բոլոր պատգամավորներն են, որ լրացուցիչ ծախսեր են անում և մարզեր են այցելում, և արդյո՞ք ճիշտ է, որ համահարթեցված՝ բոլորը ստանան այդ կարգի ծախսեր, ասենք՝ 200 հազարով ավելանան ծախսերը: Ես, իհարկե, կիսում եմ իմ գործընկերոջ այդ մոտեցումը, բայց, կարող եմ ասել՝ մենք շատ հեշտ կարող ենք նաև այդ հարցը կարգավորել: Ինչպե՞ս կարող ենք կարգավորել: Օրինակ՝ մասնավորապես, կարող ենք հետևյալ առաջարկը տեղեկանքի տեսքով ունենալ, որ երբ մենք այցելում ենք որևէ համայնք, ընտրված համայնքի ղեկավարը տեղեկանք ստորագրի, որով հաստատում է, որ տվյալ պատգամավորը մարզում ներկա է եղել և մասնակցել է տարբեր հանդիպումների, քննարկումների կամ իր պատգամավորական պարտքը կատարել է այսինչ ամսաթվին այսինչ տեղում: Օրինակ՝ մասնավորապես, եթե առնվազն 2 անգամ մարզ է այցելել պատգամավորը, ընտրված համայնքապետի ստորագրությունը հաստատելը կարող է լրացուցիչ դրական էֆեկտ ստանալ, նախ և առաջ՝ հենց պատգամավորին պարտավորեցնել՝ հիշելու, որ, անպայման, պետք է գնա: Եվ երկրորդը. նաև էդ կապը կամրապնդվի, և դրանով իսկ նաև համայնքի ղեկավարները պատասխանատու կզգան՝ տեղերում լինել և պատգամավորի հետ աշխատել: Մի խոսքով՝ կան բազմաթիվ սխեմաներ, կարող ենք քննարկել, որոշել՝ որն է ճիշտը: Այնուամենայնիվ, լավ կլինի, որ, իսկապես, շատ աշխատած, մարզեր շատ այցելած պատգամավորները, վստահաբար, նույնիսկ կարող եմ ասել՝ էդ գումարը մի բան էլ քիչ է նրանց համար, որովհետև եթե վերցնենք ոչ թե Սյունիքի մարզ, ասենք՝ վերցնենք Վայոց Ձորի մարզ, մի հատ փոքրիկ թվաբանություն անենք, առնվազն 60 լ բենզին է ծախսվում, երբ գնում ես Վայոց Ձորի գյուղերը, վերադառնում ես մոտ 450-500 կմ, առնվազն: Եթե 60լ-ը վերածենք դրամի, 30 հազար դրամ է, և գիշերակացը և հաց ուտելու համար ևս 30 հազար դրամ, այսինքն՝ մեկ այցի համար 60 հազար դրամ է ծախսվում: 4 անգամ՝ շաբաթ-կիրակի, անպայման, գնում ես, և 240 հազար դրամը ծախսվում է: Միանշանակ, էդտեղ երկրորդ կարծիք չկա: Էդտեղ հարցը զուտ միայն հավասարեցման, համահարթեցման հետ է կապված: Դրա լուծումը կարող ենք գտնել, կամ, ի վերջո, ես չեմ կարծում, որ կլինի մի պատգամավոր, որ չպետք է մարզ այցելի: Դա իր բարոյական պարտքը չկատարելու նման է, պատգամավորը, կարծում եմ՝ բոլորիս կողմից հարգանքի չի արժանանա: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Շնորհակալություն: Սոֆիա Հովսեփյան:

Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի պրն Բագրատյան, ձեզ լսելով՝ հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների ոտքերի կոշիկների կրունկները մաշվել են մարզերի ճանապարհին: Իհարկե, բարոյական պարտք է՝ գնալ, իհարկե, բարոյական պարտք է՝ միշտ գնալ և ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո պիտի գնան: Իհարկե, սա պետք է լիներ ամեն մեկի պարտավորությունն այս 2,5 տարվա ընթացքում: Եվ ես չեմ կարծում, որ այս գումարի բացակայության պատճառով էր, որ չէին գնում, և հիմա, երբ ավելացնում են, կգնան: Էդ ո՞նց էր լինում, որ շատ պատգամավորներ անտեսում էին էդ 50 հազար դրամի պակաս լինելը և գնում էին, իսկ մնացածը, առհասարակ, անտեսում էին մարզերը, անտեսում էին նաև Երևան քաղաքը և Երևան քաղաքի համայնքները: Այնպես որ, էստեղ զուտ անձնային որակների խնդիր է և ոչ թե ֆինանսավորման: Քանի որ գործընկերներս այս հարցի քննարկման ժամանակ մի փոքր երկխոսություն ունեցան, հիշեցրին ինձ, որ ժամանակին խմբակցության ներսում ես այս հարցը բարձրաձայնել եմ: Այո, բարձրաձայնել եմ, որ մեկ պատգամավորը կարող է մարզերով պտտվել՝ այդ 50 հազար դրամը և իր աշխատավարձը ծախսելով, իսկ մյուս պատգամավորները, առհասարակ, չգնան՝ նույն աշխատավարձը և նույն գումարը ստանալով: Եվ ավելին, ասել եմ՝ եթե բոլոր պատգամավորները գնան, մյուսների բեռը թեթևանա: Եվ էդ եղել է ընդամենը քննարկում և որևէ կերպ հարցի լուծում չէ:

Ինչ վերաբերում է պարգևավճարների թեմային, երբ ասացիք, ես սրան էլ անդրադառնամ: Ինչպե՞ս կարող էի պահանջել այս աշխատավարձի բարձրացում, եթ ես իմ պատգամավորական պարգևատրումները, որն եղել է 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի մարտ ամիսը, ամեն ամիս կա՛մ դպրոցի համակարգիչ եմ գնել, կա՛մ բանակի ցեմենտ, կա՛մ քար, կա՛մ ավազ, և ամեն մեկը ստացականներով կա, կարող եմ հրապարակել: Թերևս, հրապարակված որոշ բաներ կան, որոնք անվտանգությանը չեն վերաբերում: Ես ուզում եմ հասկանալ, այսինքն՝ մենք պիտի էսպես շահարկելով, էն էլ՝ պատերազմից հետո ուղղակիորեն բարձրացնենք գումար և ասենք՝ 100 հոգի է դարձել պատգամավորների թիվը…

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ժամանակը սպառվել է, տիկին Հովսեփյան:

 Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Ներեցեք, կես րոպե, և կավարտեմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Կես րոպե չէ, ընդամենը 2 րոպե է, ևս կես րոպեն շատ է:

 Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Կարծում եմ՝ մարզերը քվեարկությամբ ցույց տվեցին, թե ում կրունկները որտեղ են մաշվել։

Եվ վերջին ելույթը. հանո՞ւմ եք, Նիկոլայ Բաղդասարյան։ Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթների կարիք տեսնո՞ւմ եք, հարգելի գործընկերներ։ Խնդրեմ, պրն Ենգիբարյան, համեցեք։

 Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Շնորհակալություն քննարկման համար, հարգելի գործընկերներ։ Երկու հարցի եմ ուզում անդրադառնալ։

Առաջինը. ես չեմ կարծում, որ մենք այստեղ նման կոպիտ տրամաբանական սխալ պետք է թույլ տանք։ Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը, այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա։ Այսինքն՝ սա ապահովման խնդիր է։ Այստեղ կար փոքր-ինչ տրամաբանական սխալ, և ես առաջարկում եմ մարզեր այցելելը չներկայացնել որպես մեծ լավություն մեր քաղաքացիներին կամ հերոսություն։ Դա մեր պարտականությունն է։

Երկրորդը. նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ։ Այնպես որ, ամեն մեկս զբաղվենք մեր գործով։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթներն ավարտվեցին, հարցի քննարկումը նույնպես։ Այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիայի զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյան։ Համեցեք, տիկին Ղալեչյան։

 Ք.ՂԱԼԵՉՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանի տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թ. ապրիլի 7-ին ստորագրված վարկային համաձայնագրի համապատասխան փոփոխությունը, որով նախատեսվում է վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը։ Նշեմ, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է երկարաձգել մինչև 2021 թ. օգոստոսի 31-ը և թերությունների համար պատասխանատվության ժամկետ սահմանել 2022 թ. օգոստոսի 31-ը։ Լրացուցիչ չորս ամիս անհրաժեշտ է նաև սահմանել ծրագրի ֆինանսական աուդիտի և վարկի փակման ժամանակահատվածի համար։ Թույլ տվեք նշել, որ ծրագրով ակնկալվող արդյունքը հետևյալն է. 2022 թ. ակնկալվում է Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողության կրճատում, միջին օրական երթևեկության ինտենսիվության ավելացում մինչև 3500 մեքենա օրական 2014 թ. 2800 մեքենայի համեմատ։ Նախատեսվում և ակնկալվում է ունենալ բեռնափոխադրումների էական ավելացումներ և ամենակարևորը՝ ճանապարհի երկայնքով կանխարգելել և կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ բարելավելով ճանապարհային անվտանգությունը։

 Թույլ տվեք մի փոքր անդրադառնալ երկարաձգման պատճառներին և հիմնավորումներին։ Համաձայնագրի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Ծրագրի շրջանակներում շինարարական կապալի պայմանագրերը կնքվել են 2017 թ. նոյեմբերի 30-ին, սակայն շինարարական աշխատանքների փաստացի մեկնարկը տրվել է 2018 թ. մայիսի 29-ին՝ վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց շուրջ 13 ամիս անց։ Վարկային համաձայնագրում նշված ծրագրի ակնկալվող ժամկետը, որը 2020 թ. նոյեմբերի 30-ն էր, ներառում է նաև շինարարական աշխատանքների ավարտից հետո ի հայտ եկած թերությունների համար կապալառուների պատասխանատվության ժամանակահատվածը, որը, համաձայն պայմանագրի՝ 365 օր է և սկսվում է աշխատանքների ավարտման ժամկետից։

Այսպիսով, նշված ժամանակահատվածում գործնականում հնարավոր չէր ավարտին հասցնել շինարարական աշխատանքները։ Պետք է ավելացնեմ նաև, որ տեղ են գտել նաև ծրագրի ձգձգումների մի շարք այլ պատճառներ։ Ի հայտ են եկել բազմաթիվ չնախատեսված աշխատանքներ, լրացուցիչ աշխատանքներ՝ կապված հաղորդակցուղիների տեղափոխման, ջրագծերի, կոյուղագծերի, կապի հաղորդակցուղիների տեղադրման, վերատեղադրման, նախագծման և իրականացման հետ, իրացման, հողօտարման խնդիրների լուծման հետ, որոնք, ընդհանուր առմամբ, ժամանակատար ընթացակարգեր են և դրանց պահպանումը հանգեցրել է հիմնական շինարարական աշխատանքների դանդաղեցմանը և հետաձգմանը, նախագծային փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք ի հայտ են եկել մի շարք տեղամասերում անվտանգության միջոցառումների բարելավման ուղղությամբ։ Ինչպես նաև տեղ է գտել նոր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների և ռազմական դրության պայմանների ազդեցությունն աշխատանքների կազմակերպման և առաջընթացի վրա։

Այսպիսով, մենք ստացել ենք նաև Ասիական զարգացման բանկի համաձայնությունը ժամկետների երկարաձգման վերաբերյալ և պետք է ավելացնեմ, որ 2021 թ. պետական բյուջեում ծրագրի շրջանակներում մասհանումների ծրագրավորված գումարը նախատեսված էր 2 մլրդ 870 մլն, մինչդեռ մեր կանխատեսումների և կատարողականի էական ավելացման արդյունքում մենք իրականացնելու ենք շուրջ 7 մլրդ-ից ավելի մասհանումներ, և շինարարության տեմպերն էապես բարելավվել են։

Վարկային համաձայնագրի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկվել է ՍԴ-ում և 2021թ. հունիսի 22-ի որոշմամբ արձանագրվել է, որ վարկային համաձայնագրի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Խնդրում եմ ընդունել նախագիծը։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում, հարգելի գործընկերներ։

Գևորգ Պապոյան։

 Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Տիկին փոխնախարար, օրերս պրն Պապիկյանը և Վրաստանի իր գործընկերը «Բարեկամություն» կամրջի շինարարության մեկնարկի մասին էին խոսում, և արձանագրվեց, որ հայ-վրացական առևտրատնտեսական և քաղաքական կապերը պետք է ամրապնդվեն այդ կամրջի միջոցով։ Ես ուզում եմ հասկանալ՝ այս վարկային ծրագիրը դրա մի մա՞սն է, այսինքն՝ «Բարեկամություն» կամուրջն այս վարկային ծրագրով է կառուցվելո՞ւ, թե՞ սրանով այլ ճանապարհ ենք կառուցելու, նա այլ միջոցներով է կառուցվում։ Շնորհակալություն։

Ք.ՂԱԼԵՉՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Նշեմ, որ Բագրատաշենի սահմանի անցակետում «Բարեկամություն» կոչվող կամրջի կառուցումն իրականացվում է ՎԶԵԲ-ի միջոցներով և այդ վարկային ծրագրի շրջանակներում չէ, այլ հյուսիսային սահմանակետերի զարգացման ծրագրերում է։ Այդուհանդերձ, և՛ այս ծրագրի ամբողջական իրականացումը, և՛ կամրջի կառուցումն ինքնին ամբողջությամբ և համալիր կնպաստեն ոլորտի կայուն և շարունակական զարգացմանը և էական նշանակություն կունենան բեռնափոխադրումների և, առհասարակ, երթևեկության կազմակերպման տեսանկյունից։

Պետք է նշեմ, որ թե՛ կամրջի, թե՛ ճանապարհի վերջնական արդյունքներին հասնելը և ճանապարհի կառուցումն ավարտելն էապես կխթանի թե՛ տնտեսական հարաբերությունները, թե՛ առևտրի շրջանառությունը Վրաստանի հետ, ինչպես նաև հարակից համայնքների ու այլ մարզկենտրոնների հետ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք ունե՞ք։ Խնդրեմ։

 Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Փաստորեն, մենք հիմա խոսեցինք երկու ծրագրի մասին։ Եթե դրան ավելացնենք նաև կառուցվող Հյուսիս-հարավը, որը Բավրայի անցակետով նույնպես Հայաստանը կապելու է Վրաստանի հետ, այս ամբողջ պրոցեսը ե՞րբ է ավարտվելու և, օրինակ՝ ո՞ր թվականին՝ 2023, 2024, ե՞րբ կարող ենք ասել, որ Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր ճանապարհները, ըստ էության, բերված են ամենաբարձր մակարդակին, բոլոր կամուրջները կառուցված են և բոլոր սահմանների հետ կապված, նկատի ունեմ՝ ճանապարհների հետ կապված, որևէ խնդիր չի լինի։ Ե՞րբ է վերջնաժամկետը, եթե կարելի է։

Ք.ՂԱԼԵՉՅԱՆ

-Շնորհակալություն։ Թույլ տվեք հարցը բաժանել երկու մասի։ Առաջինը՝ ներկայացնել, որ այս ուղղությամբ մենք աշխատանքները թե՛ կամրջի, թե՛ ճանապարհի մասով, ընդհանուր առմամբ, ծրագրային մակարդակով մենք կավարտենք 2022 թ., 2021 թ.՝ շինաշխատանքներն այս ծրագրի մասով և 2022 թ.՝ կամուրջը։ Այս ուղղությամբ մենք ամբողջությամբ ծրագրերը կավարտենք և կշոշափենք այն էական արդյունքները, որոնց ես անդրադարձա։ Այդուհանդերձ, ամբողջ ճանապարհային ցանցի զարգացման տեսանկյունից հաշվի առնելով այն խոշոր ռազմավարական և ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք դրվել են առաջիկա տարիների քաղաքականության իրականացման հիմքում, կապահովեն ճանապարհային ցանցի էական բարելավումը և մրցակցային ճանապարհային ցանց ունենալը տարածաշրջանի մակարդակով։ Մենք միջոցառումների մի ամբողջ ծրագիր ու ցանկ ենք նախապատրաստել, որոնք ներառվել են Կառավարության գործունեության առաջիկա ծրագրում և առաջիկայում մանրամասն կներկայացվեն Ազգային ժողովին։ Դրանք նախատեսում են հիմնական միջոցառումներ ինչպես գոյություն ունեցող ճանապարհային ցանցի բարելավման, ամբողջությամբ վերականգնման ուղղությամբ, անվտանգության համակարգի ներդրման ուղղությամբ, այնպես էլ նպատակը նաև Հայաստանի ճանապարհային ցանցն ինտեգրելն է տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային ցանցերին։ Այդ ուղղությամբ խոշոր ծրագրերն առջևում են թե՛ թունելների մասով, թե՛ կամուրջների, թե՛ նոր ճանապարհների կառուցման տեսանկյունից, այդ թվում՝ Հյուսիս-հարավը։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Եզրափակիչ ելույթների կարիք տեսնո՞ւմ եք։ Ավելացնելու բան ունե՞ք։ Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ, քննարկում ենք վերջին հարցը։ Ես խնդրում եմ պատգամավորներին, որոնք իրենց աշխատասենյակներում են, գալ դահլիճ, որովհետև քիչ անց մենք կունենանք քվեարկություն՝ քննարկված հարցերի հետ կապված։

Իսկ այժմ քննարկում ենք վերջին հարցը՝ Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան։ Համեցեք, պրն Ասոյան։

 Ա.ԱՍՈՅԱՆ

-Հարգարժան նախագահություն, հարգելի պատգամավորներ, 2019 թ. դեկտեմբերին Ազգային ժողովի մի շարք պատգամավորների գործուն մասնակցությամբ և օժանդակությամբ մենք փոփոխություններ կատարեցինք Աշխատանքային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին իրավասություն վերապահվեց՝ վերահսկողություն իրականացնել աշխատանքի իրավունքի ոլորտում և խախտումների հայտնաբերման դեպքում կիրառել վարչական պատասխանատվություն։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ենթակայությունը սահմանող 230-րդ հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ, և ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվեց 2021 թ. հուլիսի 1-ը՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտություն կար՝ իրականացնել որոշակի կազմակերպչական աշխատանքներ և լուծել բյուջետային ֆինանսավորման հետ կապված խնդիրներ։ Մինչև օրենքի, մասնավորապես, 230-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում այդ ժամանակահատվածում կատարվեցին այլ փոփոխություններ, մասնավորապես, լիազորություն վերապահվեց տեսչական մարմնին՝ վերահսկողություն իրականացնել հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ Covid-ի շրջանակներում, նյութական պահուստի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, բնակչության բժշկական օգնության սպասարկման որոշակի հարցերի շրջանակներում, ծխախոտային արտադրատեսակների հարցերի շրջանակներում, որի արդյունքում հուլիսի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո օրենսգրքում կատարված այդ փոփոխություններով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ենթակայությունն ինկորպորացիայի արդյունքում տեխնիկապես դուրս մնաց 230-րդ հոդվածի նոր խմբագրությունից։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ձեր քննարկմանն եմ ներկայացնում տեխնիկական խնդիրը կարգավորող համապատասխան նախագիծ, որով արդեն գործող օրենսգրքի 230-րդ հոդվածը կշարադրվի նոր խմբագրությամբ և հնարավորություն կտա մեզ՝ ապահովել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը։ Հարցը քննարկվել է նաև հանձնաժողովի նիստում, ստացել է միաձայն կողմ դիրքորոշում։ Խնդրում եմ կողմ քվեարկել։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հերթագրում հարցերի համար։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես կգա հարակից զեկույցով։ Խնդրեմ, համեցեք։

 Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, Կառավարության ներկայացուցիչն արդեն ներկայացրեց օրենքով առաջարկվող փոփոխությունները։ Ասեմ, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս օրենքով առավոտյան նիստ է գումարել և տվել է դրական եզրակացություն։ Կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցեր հարակից զեկուցողին. հարցեր չկան։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար գրանցում. գրանցված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քննարկեցինք օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը և այժմ պետք է քվեարկենք այդ հարցերը։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 74

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 70

Դեմ՝ 1

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Քվեարկություն։

Կողմ՝ 74

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 75

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, այս պահից սկսած պատգամավորները 3 ժամ ունեն գրավոր առաջարկների համար, այնուհետև գլխադասային հանձնաժողովները ևս` առավելագույնը 3 ժամ` եզրակացություն տալու համար, որից հետո նորից կհանդիպենք դահլիճում։ Առայժմ։


Ժամը 17:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

 

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակենք աշխատել: Այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյան։            

 Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, արդեն տեղյակ եք օրենքի նախագծից, որով առաջարկվում է, արձագանքելով միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների կտրուկ աճին, արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի և հարակից այլ ապրանքների համար։

Առաջինից երկրորդ ընթերցման արդյունքում կատարվել են տեխնիկական շտկումներ։ Պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Պրն Քերոբյան, գրավոր առաջարկներ չեն եղել, հետևաբար՝ հարցեր չեն կարող լինել։

Ամբիոնի մոտ եմ հրավիրում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանին՝ ներկայացնելու հանձնաժողովի դիրքորոշումը։

  Գ.ՊԱՊՈՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առաջին ընթերցման ժամանակ իմ խոսքում նշեցի, որ այս նախագիծը մեզ հնարավորություն է տալու՝ հավաքագրել տարեկան այսպիսի գների պայմաններում մինչև 75 մլրդ դրամ գումար։ Կարծում եմ, որ սա որոշակիորեն արդարության վերականգնում է, որովհետև ընդերքը, այո, ժողովրդինն է և պետք է որոշակի համաչափություն լինի բիզնեսի և հասարակության, պետության միջև։ Այս նախագիծը հենց այդ արդարության, համերաշխության և հավասարության վերականգնմանն է միտված։

Ուզում եմ նշել, որ սրան զուգահեռ՝ նաև զարգացվել և քննարկվել են տարբեր գաղափարներ, թե այդ գումարներն ի՞նչ եղանակով են ծախսվելու, դրանք կլինեն սուվերեն ֆոնդերի՞ տեսքով, թե՞ կլինեն անմիջապես որոշակի սոցիալական, կրթական, պաշտպանական և այլ ուղղությունների հատկացնելով։ Սա արդեն այլ հարց է, բայց հիմնական հարցը հենց սա է, որ մեր հասարակության մեջ օդում կախված այդ հարցը, թե եթե ընդերքը պատկանում է ժողովրդին, ինչպես մեր անկախության հռչակագրում է նշված, դա ի՞նչ եղանակով է արտացոլվում, կարծում եմ՝ հենց այս օրենքի նախագիծը դրան է միտված։  

Ուզում եմ նաև նշել, ևս մեկ անգամ պնդել, որ այնուամենայնիվ, սա շատ մեծ հարկային բեռ չէ, որովհետև հանքարդյունաբերության վրա հարկերը Հայաստանում մոտ 14%-ի սահմաններում են, ինչն աշխարհում համարվում է ցածր հարկային բեռ, այն դեպքում, երբ երկրներ կան, որոնք 40, 45, 50% հարկ են սահմանել: Նույնիսկ այս պետական տուրքի պարագայում մենք չենք ունենալու նման հարկային բեռ։

Կարծում ենք, որ գործարարների և բիզնեսի զարգացման համար նույնպես էական խոչընդոտներ չպետք է առաջանան, հատկապես որ արդի իրողություններն այնպիսին են, որ պղնձի գները ոչ միայն բարձր են, այլև ունեն միտում՝ էլ ավելի բարձրանալու, որովհետև նոր տնտեսավարման պայմաններում պղնձի պահանջարկը գնալով ավելանալու է, գնալով շատանալու է, հատկապես, օրինակ՝ էլեկտրամեքենաների էլ ավելի մեծ, զանգվածային արտադրության և դրանց ավելի մեծ տարածման պարագայում, և այսպես շարունակ մենք տեսնում ենք, որ մոլիբդենի և պղնձի հանդեպ պահանջարկն աշխարհում ավելանալու է։ Դրա մասին միջազգային տարբեր հեղինակավոր հաստատություններ են վկայում։ Այնպես, որ, կարծում եմ՝ որպես գործողություն՝ ճիշտ է, այս պահին մենք միջանկյալ գործողություն ենք անում, բայց ճիշտ քայլը, հետագա հաջորդ քայլը պետք է լինի ռոյալթիների համակարգի կատարելագործումը, որի շուրջ նույնպես Ազգային ժողովը և Կառավարությունը հետագայում կաշխատեն։ Այսքանը, թերևս։

Հանձնաժողովի կարծիքը. հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները կողմ են քվեարկել, այսինքն՝ 2-րդ ընթերցումից առաջ դրական կարծիք են տվել այս նախագծին։              

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շատ լավ, պրն Պապոյան։ Այժմ՝ մտքերի փոխանակության համար հերթագրում։ Ելույթներ չեն լինի։ Եզրափակիչ ելույթներ. պրն Պապոյան, կիսատ ասելիք մնա՞ց, ավելացնելու բան, պրն Քերոբյան, դուք ունե՞ք, եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք: Շատ լավ, հարցի քննարկումն ավարտվեց։

Այժմ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Վիկտոր Ենգիբարյան։

  Վ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

-Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, հետագա քննարկումները ցույց տվեցին, որ օրենսդրական նախաձեռնությունը տեղին էր։ Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում պետք է ձևավորենք այնպիսի արժեքային համակարգ, որտեղ պետական ծառայողները թե՛ իրենց աշխատավարձի առումով, թե՛ իրենց եկամուտների առումով, թե՛ իրենց ծախսերի առումով հույսը պետք է դնեն միայն ու միայն պետական բյուջեի վրա։ Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը, ըստ էության, սերտաճած էր գործարարության հետ, և պատգամավորները բնավ կարիք չունեն՝ իրենց ծախսերը հոգալ այլ, ստվերային կամ օդում կախված, այսպես, ծրարային մեթոդներով։ Շատ լավ է, որ այս նախագիծը նաև մեր հանրության շրջանում դարձավ բուռն քննարկման առարկա։

Մենք հարցը նաև քննարկեցինք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Գրավոր առաջարկներ չեն եղել, օրենքի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից եղել է առաջարկ օրենքի 2-րդ հոդվածի մասով, որը վերջնական տարբերակով հնչում է այսպես. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի գումարման օրվանից»։ Այսքանը։ Շնորհակալություն։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարակից զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով։

 Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

-Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Առաջարկում եմ կողմ քվեարկել։ Եթե ելույթներ չլինեն, ես էլ լրացուցիչ ելույթի անհրաժեշտություն չեմ տեսնի։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Պրն Գաբրիելյան, մի վայրկյան, այդտեղ տեխնիկական խնդիր չլինի, որ գրել եք՝ «ուժի մեջ է մտնում մյուս գումարման Ազգային ժողովի առաջին օրվանից»: Եթե մինչև էդ օրենքը չստորագրվի, կարող է խնդիր առաջանալ։

 Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

-Չէ, գրված է՝ ութերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Երկրո՞րդ նստաշրջանի… Ներողություն, ամեն ինչ ճիշտ է։ Շնորհակալ եմ:

Այժմ՝ հարակից զեկուցում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան։

 Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, Կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ դրական է։ Հանձնաժողովի նիստի ժամանակ պրն Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված առաջարկները նույնպես ընդունելի են, քանի որ, մեծ հաշվով, խմբագրական բնույթի են։ Թերևս, այսքանը։ Շնորհակալություն։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթներ. պրն Խաչատրյան, ավելացնելու բան չունե՞ք, պրն Գաբրիելյան, դուք՝ ևս, պրն Ենգիբարյան, դուք՝ ևս։ Ավարտվեց այս հարցի քննարկումը։

Օրակարգի վերջին հարցը. քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան։ Համեցեք։

 Ա.ԱՍՈՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, երկրորդ ընթերցման համար ձեզ եմ ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի արդյունքում նոր խմբագրությամբ ուժի մեջ կմտնի օրենսգրքի 230-րդ հոդվածը և հնարավորություն կտա մեզ՝ ապահովել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը։

Հարցը քննարկվել է նաև հանձնաժողովում, ստացել է միաձայն դրական եզրակացություն։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Ասոյան:

Կլսենք հարակից զեկուցում։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյան։

  Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Կոչ եմ անում նախագծին կողմ քվեարկել։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթներ, տիկին Կարապետյան, ավելացնելու բան չունե՞ք, պրն Ասոյան, դուք՝ ևս, կարծում եմ։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Այժմ՝ քվեարկություններ, հարգելի գործընկերներ։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 71

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 71

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 72

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։ Օրակարգը սպառված է։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS