Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-034-28.02.2019,06.05.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն,

«վիճակախաղերի գովազդ՝ վիճակախաղերի կազմակերպիչների կամ նրանց հովանավորների կամ վիճակախաղերի կամ վիճակախաղերի անվանումների կամ վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը:»

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում.

1) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը` թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում սպորտային միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո եւ միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում եւ դրա ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդել վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին:

Լրատվական թողարկման ընթացքում մամուլի ակումբում կատարված իրադարձության լուսաբանման ժամանակ ետնամասի պաստառին վիճակախաղի գովազդը թույլատրվում է միայն վիճակախաղի անվանման հիշատակմամբ, որը չպետք է պարունակի վիճակախաղի կայքի հասցե եւ  պետք է պարտադիր պարունակի «21+» տեսանելի նշում:

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդել վիճակախաղը մարզադաշտերի կողային վահանակների միջոցով՝ միայն սպորտային իրադարձությունների ընթացքում եւ (կամ) այդ սպորտային իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:

Տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է տեսանելի լինի «21+» նշագրումը, իսկ խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղ գովազդելիս՝ «18+» նշագրումը:

Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապասխան գործունեության գովազդ Հայաստանի Հանրապետությունում:

Արգելվում է սույն մասով չնախատեսված եղանակով եւ միջոցներով իրականացնել վիճակախաղերի գովազդ:

2) 11-րդ մասում «միջոցների» բառերից հետո լրացնել «կամ անչափահասների կերպարների» բառերը:

3) լրացնել նոր՝ 11.1-րդ, 11.2-րդ եւ 11.3-րդ մասեր՝

«11.1 Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի  կամ խաղատների գովազդի ժամանակ արգելվում է՝

ա) որեւէ կերպ դիմել անչափահասներին.

բ) տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է.

գ) տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է.

դ) ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային հաջողության.

ե) քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը:

11.2 Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ  շահումով խաղի կամ խաղատների գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն?

11.3 Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատների կամ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության գովազդը պետք է պարտադիր պարունակի նախազգուշացում՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Նախազգուշացում՝ խաղին մասնակցությունը նյութական վնասներ կրելու ռիսկ է պարունակում» կամ «Նախազգուշացում՝ խաղին մասնակցելու արդյունքում Դուք կարող եք կրել նյութական վնասներ:» Ընդ որում, նշված նախազգուշացումը պետք է լինի ոչ պակաս շեշտադրված, քան գովազդում առկա մնացած տեղեկատվությունը:

4) 12-րդ մասում «շահումով խաղի,» բառերից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղի,» բառերը:

5) 15-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Արգելվում է շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է իրականացնել միայն խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:»:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2.2.-րդ մաս.

«2.2. Գովազդատու եւ գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ