Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-103-30.11.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք)  9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «գործի» բառը փոխարինել «գործի (այդ թվում՝ ըստ փուլերի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «75» թիվը փոխարինել «95» թվով:

Հոդված 3. Օրենքի 89-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում լրացնել նոր՝ 18.1-ին եւ 18.2-րդ կետեր.

«18.1) քննարկում է դատարանների բնականոն գործունեության հարցերը, իր լիազորությունների շրջանակում լուծում դրանք կամ դրանց լուծման նպատակով դիմում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին.

18.2) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան եւ վիճակագրությունը եւ ամփոփման արդյունքների հիման վրա կազմում զեկույցներ.».

2) 1-ին մասի 28-րդ կետում «գործերի քննության» բառերը փոխարինել «գործերի քննության (այդ թվում՝ ըստ փուլերի)» բառերով.

3) 2-րդ մասում «1-ին մասի» բառերից հետո լրացնել «18.1-ին, 18.2-րդ, » բառեր:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին բաշխվող գործերի նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը: Ըստ այդմ, նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետեւյալին՝

1) որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը: Դատավարության մասնակիցների նման վարքագիծը, չարժանանալով դատարանի իրավաչափ եւ համաչափ միջամտության վտանգում է ողջամիտ ժամկետներում գործի քննության եւ լուծման պահանջը, խաթարում արդարադատության բուն էությունը եւ հանգեցնում հանրության մոտ դատական իշխանության նկատմամբ վստահության ու հարգանքի նվազման: Նախագծով առաջարկվում է, որպեսզի դատարանը, դատավարության մասնակցի կողմից նման վարքագիծ պարբերաբար դրսեւորելու դեպքում, իրավունք ունենա սահմանել այն դատավարական իրավունքի իրականացման պայմանները (օր.՝ քանակական եւ ժամկետային սահմանափակումներ կիրառելով), որոնց իրականացումը օգտագործվում է իրավունքի չարաշահում կատարելու համար:

2) առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ՝ ԲԴԽ) օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ-ն իր՝ Սահմանադրությամբ, ինչպես նաեւ ՀՀ Դատական օրենսգրքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ, դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքի արդյունավետ կազմակերպման, դատական պրակտիկայի կայունության ապահովման, ինչպես նաեւ գործերի արագ քննությունն ու լուծումը, մարդու իրավունքների եւ ազատությունների ու օրինական շահերի, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերին, ապահովել այդ խնդիրների լուծման ինստիտուցիոնալ դատարանակազմական մեխանիզմների արդյունավետությունը: Այդ գործառույթների իրականացման համար, ԲԴԽ-ին առաջարկվում է օժտել նաեւ  նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ:

3) առաջարկվում է, ԲԴԽ դատավոր անդամներին գործերի բաշխման 75 տոկոս նվազեցման փոխարեն կիրառել 95 տոկոս նվազեցումը, որը կնպաստի նրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը եւ գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
հարգելի պարոն Սիմոնյան

Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի   փաթեթը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝