Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4901-16.01.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «5-օրյա ժամկետ» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի  9-րդ հոդվածում `

1) 1-ին կետից հանել «քաղաքացիությունը» բառը:

2) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Եթե տեղեկատվության հարցում ստացած մարմինը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, ապա հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է  այն պետական մարմնին, որը տիրապետում է տվյալ տեղեկատվությունը, նույն ժամկետում այդ մասին տեղյակ է պահում հարցումը ներկայացնողին` միաժամանակ տեղեկացնելով, որ հարցվող տեղեկատվությունը կտրամադրվի   առավելագույնը 1 ամսյա ժամկետում»:

3) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Եթե հարցումն ստացած մարմինը չի տիրապետում հարցվող ողջ տեղեկատվությանը, ապա հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է  առկա տեղեկատվությունը` միաժամանակ նշելով, որ բացակայող տեղեկատվության  ստացման համար դիմել է համապատասխան մարմնին եւ այդ մասով տեղեկատվությունն իր կողմից կտրամադրվի առավելագույնը 1 ամսյա ժամկետում»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  հոկտեմբերի 15-ի N 1204-Ն  որոշման մեջ կիրառվող «5-օրյա ժամկետ» բառերը ամբողջ տեքստում փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշմամբ հաստատված «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման» կարգի  4-րդ կետը վերաձեւակերպել հետեւյալ կերպ. «Եթե տեղեկատվության հարցում ստացած մարմինը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, ապա հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է  այն պետական մարմնին, որը տիրապետում է տվյալ տեղեկատվությունը, նույն ժամկետում այդ մասին տեղյակ է պահում հարցումը ներկայացնողին` միաժամանակ տեղեկացնելով, որ հարցվող տեղեկատվությունը կտրամադրվի   առավելագույնը 1 ամսյա ժամկետում»:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Շրջակա միջավայրի որակի ապահովման համատեքստում ամենաազդեցիկ եւ զգայուն ոլորտներից մեկը մարդու էկոլոգիական իրավունքների երաշխավորումն է, որտեղ իր հիմնարար դերն ու նշանակությունն ունի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ավելին, երկրի տեղեկատվական կապիտալի եւ այն տնօրինելու համատեքստում մարդու այս իրավունքը կոչված է ապահովելու անհատի եւ պետության տեղեկատվական դաշտի սահմանները` հաշվի առնելով թե անհատի կանոնավոր կենսագործունեության, թե պետության ներքին եւ արտաքին գործառույթների պատշաճ իրականացման գործընթացները:

Հայաստանը դեռեւս 2001թ-ին վավերացրել է «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որի կենտրոնական մոտեցումներից մեկը հանգում է նրան, որ պետական մարմինները տնօրինում են էկոլոգիական տեղեկատվությունը ի շահ հասարակության: Այս կոնվենցիան  նախատեսում է էկոլոգիական տեղեկատվության, այն ստանալու համար  հարցումներով դիմելու, էկոլոգիական տեղեկատվության տարածման եւ մի շարք այլ հիմնախնդիրների իրավակարգավորումների շրջանակ` սահմանելով, որ յուրաքանչյուր Կողմ ընդունի անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող եւ այլյ միջոցներ` ուղղված տեղեկատվության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը` առավել հստակ, թափանցիկ ու համաձայնեցված հարթություն ապահովելու համար: Ավելին, վերոհիշյալ կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում Կողմի իրավունքը իրագործելու կամ ձեռնարկելու էկոլոգիական տեղեկատվության ավելի լայն մատչելիություն ապահովող միջոցներ, քան դրանք նախատեսված են քննարկվող կոնվենցիայով:

2003թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է  «Տեղեկատվության ազատության  մասին» օրենքը, որը իրավակարգավորումներ է նախատեսում  տեղեկատվության բոլոր տեսակների համար` անկախ այդ տեղեկատվության ոլորտից:

Վերոհիշյալ եւ մի շարք այլ նախադրյալներից ելնելով` «էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի  ընդունման անհրաժետշությունը խիստ արդիական է, մասնավորապես`

1. ներառելով մարդու կյանքի եւ առողջությանն անմիջականորեն առնչվող, շրջակա բնական միջավայրի բաղադրիչների մասին, պետությունների եւ միջազգային հանրության համար առաջնային լուծման ենթակա էկոլոգիական խնդիրների մասին տեղեկատվությունը, էկոլոգիական տեղեկատվությունն իր բնույթով եւ բովանդակությամբ ունի հույժ կարեւոր դեր ու նշանակություն յուրաքանչյուր անհատի եւ պետության կյանքում, ինչը պահանջում է այդ տեղեկատվության հետ կապված հասարակական հարաբերությունների համապարփակ եւ լիարժեք կարգավորումներ,

2. 2001 թ-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան, որը իրավակարգավորման ենթակա որոշակի շրջանակի հարցեր թողնում է անդամ-պետությունների օրենսդրական կարգավորման հայեցողությանը,

3. գործող օրենսդրությամբ բացակայում են էկոլոգիական տեղեկատվության ապահովման ինստիտուտի մի շարք հասկացություններ, որոնք կենտրոնական դեր ու նշանակություն ունեն էկոլոգիական տեղեկատվության մշակման, հավաքման, տրամադրման եւ տարածման բնագավառում, այդ թվում «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը

4. համապատասխան խախտումներից եւ չարաշահումներից հնարավորինս խուսափելու եւ դրանք կանխարգելելու նպատակով, միեւնույն ժամանակ հանրային շահը գերակա ընդունելու հանգամանքը հաշվի առնելով, հստակ սահմանել էկոլոգիական տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը,

5. ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ Կոնվենցիոն դրույթների առավել արդյունավետ կիրարկումը ներպետական մակարդակում ապահովելու համար:

Նկատի ունենալով բարձրացված խնդիրների լուծման հույժ կարեւորությունը եւ  «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի սկզբունքներին համահունչ, էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման հետ կապված հասարակական հարաբերությունների կարգավորումը ներկայացված է  «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծով:

Նման իրավական ակտ ունենալու պահանջն ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության եվ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզում (հաստատված 2019 հունիսի 1-ին ՀՀ վարչապետի կողմից), ինչպես նաեւ «Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ, հաշվետու կառավարման օրենսդրության կատարելագործման ռազմավարության»  ճանապարհային քարտեզում, որը մշակվել է Ջրային ռեսուրսների արդյունավետ եւ մասնակցային կառավարում ծրագրի շրջանակներում:

«Էկոլոգիական տեղեկատվության մասին»  օրենքի նախագծով`

- սահմանվել է «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, որն առավել լայն շրջանակի տեղեկատվություն է ներառում, քան նախատեսված է Կոնվենցիայով,

- սահմանվել են էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը

-  վերանայվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ ընդլայնվել` էկոլոգիական տեղեկատվության համատեքստում

- այն մարմնի համար, ով չի տիրապետում հարցվող էկոլոգիական տեղեկատվությունը, սույն նախագիծը պարտավորություն է սահմանել տեղեկատվությունը տնօրինողին դիմելու միջոցով ստանալ եւ հարցվողին ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ,

- խիստ ընդհանուր հարցում ստանալու դեպքերի համար սույն նախագիծը պարտավորություն է սահմանել 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացուցիչ գրավոր տեղեկություններ պահանջել եւ ոչ թե մերժել տրամադրումը,

-մշակման փուլում գտնվող էկոլոգիական տեղեկատվություն ստանալու հարցում ստանալու դեպքում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է տեղեկացնել  մշակումն ավարտելու հնարավոր վերջնաժամկետի մասին:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման դեպքում,

-էկոլոգիական տեղեկատվության առանձնահատկությունները, դերն ու նշանակությունը հաշվի առնելով,  էկոլոգիական տեղեկատվության ամբողջական եւ համակարգված կառավարման համատեքստում կապահովվի անձի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի  իրականացման բարելավումը,

-այն էականորեն կնպաստի հասարակության տեղեկացվածության, իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչն իր հերթին կարեւոր քայլ է հասարակության իրավագիտակցության բարձրացման համար,

- կապահովվի որոշումների կայացմանը հասարակության մասնակցության առավել գիտակից եւ կայուն հարթակ,

- կընդգծվի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման համատեքստում  պաշտոնական կայքերի, համացանցի,  զանգվածային լրատվության եւ այլ նորարարական միջոցների օգտագործման կարեւորությունը,

-առավել կերաշխավորվի շրջակա բնական միջավայրի պահպանության եւ մարդու էկոլոգիական իրավունքների համահունչ առաջընթացը

-կներդրվեն էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման առավել գործուն մեխանիզմներ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

«Էկոլոգիական տեղեկատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի, Միավորված ազգերի զարգացման ծրագրի ներկայացուցիչների,  ազգային փորձագետների  համատեղ հանձնաժողովի կողմից: Նախագծի մշակմանն օժանդակել են Միացյալ ազգերի կազմակերպության զարգացան ծրագիրը` «Գլոբալ էկոլոգիական օգուտների ստեղծում` շահագրգիռ կողմերի շրջակա միջավայրի վերաբերյալ կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ կառավարում»  ծրագրի շրջանակներում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սիմոնյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Էկոլոգիական տեղեկատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, « Տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Մերի Գալստյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել  շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով`   Մերի Գալստյան