Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-501-24.01.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «փրկարար ծառայության ծառայողների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությունը հանել:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրում «հավելավճարները» բառից հետո լրացնել «եւ հավելումները» բառերը.

2) 3-րդ մասում «Դատախազներին» բառը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված՝ դատախազներին» բառերով.

3) լրացնել նոր՝ 4-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է դատախազներին՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող եւ իրենց պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ: Այսպես.

- Դատախազի նկատմամբ առկա է արտաքին ճնշումների բարձր հավանականություն, ընդ որում՝ շատ ավելի բարձր, քան քրեական եւ հատկապես՝ մինչդատական քրեական վարույթի այլ հանրային մասնակիցների դեպքում, ինչը պայմանավորված է նրանով, որ դատախազը հսկողություն իրականացնելով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ եւ հանդիսանալով ողջ վարույթի ընթացքում քրեական հետապնդման պատասխանատուն, օժտված է անձի համար բարենպաստ եւ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորություններով, այդ թվում՝ նախաքննական մարմնի կողմից կայացված այդպիսի որոշումները վերացնելու, քրեական հետապնդում սկսելու, դադարեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելն անօրինական ճանաչելու եւ այն վերսկսելու բացառիկ լիազորությամբ: Ավելին, արդեն իսկ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ քրեական հետապնդում հարուցելը իրապես դատախազի բացառիկ լիազորությունն է: Եվ բնական է, որ արտաքին ճնշումների եւ ազդեցությունների ավելի բարձր հավանականությունը հենց անձի համար անբարենպաստ հետեւանքներ առաջացնող գործառույթն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ պետք է լինի: Ընդ որում, դատախազը հանդիսանում է այն պաշտոնատար անձը, որն օժտված է համապատասխան դատավարական լիազորություններով եւ որոշումներ կայացնելու հնարավորությամբ ամբողջ քրեական վարույթի ընթացքում՝ սկսած հանցանքի կատարման պահից մինչեւ վարույթի ավարտը, ինչպես նաեւ հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Այս համատեքստում անհրաժեշտ է փաստել, որ թեեւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով դատավարական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործունեության հետ կապված ռիսկերն առանձին դեպքերում, օրինակ, երբ վարույթին ներգրավված են ազդեցության լայն հնարավորություններ ունեցող անձինք, ավելի բարձր է, սակայն արտաքին ազդեցությունների հավանականությամբ պայմանավորված՝ ռիսկայնություն առկա է ցանկացած դատախազի աշխատանքում: Ամենեւին ճիշտ չէ կարծել, թե ազդեցությունների փորձերով, հետեւաբար՝ ռիսկայնության աստիճանով էականորեն է տարբերվում այն դատախազների աշխատանքը, ովքեր դատավարական ղեկավարում են իրականացնում սպանության, առեւանգման, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բժշկական սխալի, խարդախության, քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների, խուլիգանությունների, խոշտանգումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ այլ դեպքերով: Ավելին, վիճակագրությունը չի կարող հերքել, որ քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերն ավելի շատ արձանագրվել են վերը թվարկված եւ ոչ թե կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթի ընթացքում: Կամ, ՀՀ դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթն իրականացնող դատախազների աշխատանքն, առավելապես կապված լինելով պետության գույքային շահերի կոռուպցիոն խախտումների ուսումնասիրության եւ բացահայտման հետ, ունի ոչ պակաս ռիսկայնություն, ինչ կոռուպցիոն գործերով դատավարական ղեկավարումը:

Ավելին, ստեղծված իրավիճակում, երբ նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորումը հարուցված եւ բացառիկ հնչեղ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը շարունակում են գտնվել գրեթե բոլոր ստորաբաժանումների դատախազների դատավարական ղեկավարման ներքո, կամ նրանք են շարունակում իրականացնել այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներկա եւ առաջիկա տարիների ընթացքում որեւէ տարբերակում չի կարող լինել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների եւ այլ դատախազների աշխատանքի ռիսկայնության մեջ:

- Բացի այդ, դատախազության գործառույթները եւ դերը պետական իշխանության մարմինների համակարգում շատ հաճախ հանրության եւ դատավարության մասնակիցների կողմից ճիշտ չեն ընկալվում. մեղադրյալները եւ նրանց հարազատները դատախազի՝ պետության անունից մեղադրանք պաշտպանելու գործառույթը ընդունում են անձնավորված, ինչն իր հերթին շատ հաճախ հանգեցնում է ընդգծված բացասական վերաբերմունքի դատախազների նկատմամբ: Այդ ամենը հաճախ ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով դատախազի անձի եւ բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ սուբյեկտիվ, անհիմն եւ կոշտ որակումներով:

Հետեւաբար, հանգամանքը, որ դատախազի աշխատանքը արտաքին ազդեցությունների հավանականության բարձր աստիճան ու ռիսկայնություն է ենթադրում անկախ նրանից, թե այն ինչ հանցագործությունների վերաբերյալ գործերով կամ դատախազական որ գործառույթի շրջանակներում է իրականացվում, կասկածից վեր է:

- Բացի այդ, վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազմանը, ինչը վերջնարդյունքում կարող է բերել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի եւ պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում առկա հանրային սպասելիքների չիրականացմանը: Ընդ որում, ակնառու քանակական աճ է արձանագրվել դատախազական գործառույթների անխտիր բոլոր ուղղություններով, որպիսի պայմաններում դատախազների օրական աշխատաժամանակը շատ հաճախ հասնում է 12-13 ժամի: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ քրեադատավարական օրենքը դատախազի համար սահմանում է իմպերատիվ դատավարական ժամկետներ  որոշակի դատավարական ակտեր կայացնելու համար, որպիսի պայմաններում հնարավոր է լինեն դեպքեր, երբ տվյալ ակտերը կայացվեն ոչ աշխատանքային ժամերի կամ օրերի: Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա ճնշումները՝ ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից, այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ եւ ռիսկային:

- Բացի այդ, անվիճելի է, որ դատախազների ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դատախազի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը: Թեեւ քիչ չեն երիտասարդ, ընդ որում՝ առավել հաճախ ԲՈՒՀ-ը նոր ավարտած իրավաբաններն, ովքեր դատախազի աշխատանքի նկատմամբ մասնագիտական հետաքրքրվածությամբ համալրում են դատախազների շարքերը, սակայն վերջին տարիներին դատախազության համակարգում կադրային հոսունությունը մտահոգիչ բնույթ ունի: Ավելի հաճախ են դառնում այն դեպքերը, երբ դատախազության համակարգը համալրելուց եւ 3-4 տարի պաշտոնավարելուց ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց հետո դատախազները համալրում են փաստաբանական համայնքի շարքերը՝ նկատի ունենալով, որ ձեռք բերած փորձառությունն օգտագործելով եւ ավելի քիչ աշխատանքային ռեսուրսներ ծախսելով, զերծ լինելով հանրային պատասխանատվությունից եւ ազդեցությունների ռիսկերից, որպես փաստաբան աշխատելիս կարող են ստանալ եւ ստանում են դատախազի աշխատավարձը բազմապատիկ անգամ գերազանցող վարձատրություն: Արդյունքում դատախազությունը մասնագիտական աշխատանքի առաջին տարիներին հարթակ է ծառայում երիտասարդ իրավաբանների մասնագիտական փորձառության ապահովման համար, սակայն տված փորձառության արդյունքները հետագայում դատախազության գործառույթներն իրականացնելիս չէ, որ իրացվում են:

Հարկ է ընդգծել նաեւ, որ տարբեր միջազգային ակտերով սահմանվում է դատախազների պատշաճ սոցիալական պաշտպանվածության անհրաժեշտությունը՝ իբրեւ վերջիններիս անկախության եւ իրենց գործառույթների անխափան իրականացման նախահիմք: Եվրոպական դատավորների խորհրդակցական խորհրդի 2009 թվականի թիվ 12 որոշման եւ Եվրոպական դատախազների խորհրդակցական խորհրդի 2009 թվականի թիվ 4 որոշման (Ժողովրդավարական հասարակությունում դատավորների եւ դատախազների միջեւ հարաբերությունների վերաբերյալ) համաձայն՝ «... դատախազների կարգավիճակը պետք է ամրագրված լինի օրենքով՝ հնարավորինս բարձր մակարդակով՝ դատավորների կարգավիճակին նմանաբնույթ ձեւով: Դատավորների եւ դատախազների առաքելությունների նմանությունը եւ փոխկապակցված բնույթը հիմք են դառնում նույնաբնույթ պահանջներ եւ երաշխիքներ սահմանելու նրանց կարգավիճակի եւ ծառայության պայմանների առումով, մասնավորապես՝ աշխատանքի ընդունման, վերապատրաստման, աշխատանքային առաջխաղացման, կարգապահության, տեղափոխման (որ կիրականացվեն միայն օրենքով սահմանված կարգով կամ նրանց համաձայնությամբ), վարձատրության, գործառույթների դադարեցման եւ մասնագիտական միավորումներ ստեղծելու ազատության հետ կապված»:

Դատախազների վարձատրության ավելացումը անխուսափելիորեն կնպաստի նաեւ դատախազական համակարգը երիտասարդ, բանիմաց կադրերով համալրելու գործընթացին, քանի որ մասնավոր ոլորտում եւ պետական համակարգում աշխատավարձերի ներկայումս առկա ակնհայտ դիսբալանսը  իրավաբանների գերակշիռ մեծամասնությանը մղում է մասնավոր ոլորտ:

- Հարկ է ընդգծել նաեւ, որ դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում ՀՀ դատախազության համակարգում մինչեւ 2024թ. ավարտը կիրականացվի ատեստավորման ենթակա բոլոր դատախազների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:

Հարկ է նշել, որ ՀՀ դատախազությունում գործող՝ դատախազների պարտադիր ատեստացիայի համակարգը հնարավորություն է ընձեռում պարբերաբար՝ ստուգել զբաղեցրած պաշտոնին դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը: Մասնավորապես, դատախազի ատեստացիայից առաջ վերջինիս անմիջական վերադաս դատախազի կողմից ներկայացվում է տվյալ դատախազի աշխատանքի գնահատագիրը, որը ներառում է նախորդ ատեuտավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի գործնական, անձնական հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը՝ հիմնված տարին մեկ անգամ անմիջական վերադաս դատախազին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիu եզրակացությունների վրա: Նշվում է նախորդ ատեuտավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատավարական ղեկավարման եւ դատախազական հսկողության ներքո գտնված քրեական գործերի եւ նախապատրաստված նյութերի, տրված ցուցումների, կայացված որոշումների վերաբերյալ:

Առանձին անդրադարձ է կատարվում դատախազի հսկողությամբ կայացված որոշումների՝ վերադասության կամ դատական կարգով վերացումների դեպքերին (քանակը)՝ նշելով դրանց հետագա ընթացքը:

Այսինքն, կարող ենք եզրահանգել, որ դատախազների ատեստավորման համակարգի անկյունաքարային բաղադրիչներից մեկը վերջինիս՝ ատեստավորմանը նախորդող ժամանակահատվածում կատարած աշխատանքի գնահատումն է:

Ավելորդ չէ մատնանշել դատախազների ատեստավորման հարցաշարերի համընդգրկուն բնույթը: Վերջիններս ներառում են իրավունքի բոլոր ճյուղերին վերաբերող հիմնարար հարցեր եւ ըստ էության, որակավորման հանձնաժողովին հնարավորություն են ընձեռում ստուգելու տվյալ դատախազի մասնագիտական գիտելիքների ամբողջ ծավալը:

Պետք է փաստել նաեւ, որ կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել դատախազների թեկնածուների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց եւ փակ մրցույթների կազմակերպման, ինչպես նաեւ դատախազների առաջխաղացման գործընթացում: Մասնավորապես, «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքով (ուժի մեջ է մտել 2021թ. հոկտեմբերի 29-ին) նախատեսվել է դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձանց, ինչպես նաեւ առաջխաղացման հավակնող դատախազների բարեվարքության պարտադիր ստուգման ինստիտուտը՝ իրացվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Ընդ որում, նշված մեխանիզմի ներդրումից հետո արձանագրված ցուցանիշները վկայում են, որ այն ներկայումս լիովին գործարկված է, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները կարեւոր դեր են խաղում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կամ ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նիստերին, ցանկության դեպքում, կարող են մասնակցել նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները:  Գործարկվել է նաեւ նիստերի պարտադիր ձայնագրման համակարգը: Նշվածն ապահովում է որակավորման հանձնաժողովի գործունեության առավելագույն թափանցիկություն եւ օբյեկտիվություն:

Առանձին անդրադարձ կարելի է կատարել նաեւ որակավորման հանձնաժողովի գործունեության մեջ վերջին ժամանակահատվածում արձանագրված փոփոխություններին: Մասնավորապես, 2022թ. հոկտեմբերին փոփոխվել է որակավորման հանձնաժողովի անդամների շուրջ 40 տոկոսը, որակավորման հանձնաժողովը վերջին 4 ամիսների ընթացքում դատախազների հերթական ատեստավորում անցած 24 դատախազներից 3-ի նկատմամբ կայացրել է որոշում այն մասին, որ վերջիններս չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ՀՀ գլխավոր դատախազին վերջիններիս տեղափոխելու ավելի ցածր պաշտոնի, իսկ 5 դատախազի նկատմամբ կայացվել է որոշում՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով: Այսինքն, ընդհանուր առմամբ հերթական ատեստացիա անցած դատախազների ավելի քան 30 տոկոսի վերաբերյալ որակավորման հանձնաժողովը կայացրել է բացասական բնույթ ունեցող որոշումներ, ինչը խոսում է հանձնաժողովի օբյեկտիվության բարձր մակարդակի մասին:

Դատախազությունը հանձնառու է շարունակել արմատական բարեփոխումները ատեստավորման համակարգի կատարելագործման ուղղությամբ:

Հարկ է արձանագրել նաեւ, որ «Դատախազության մասին» գործող օրենքը հստակ ապահովում է նաեւ դատախազության գործունեության հաշվետվողականության կառուցակարգերը: Մասնավորապես, Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին, որը հրապարկվում է նաեւ դատախազության պաշտոնական կայքէջում: Հաղորդումը ներառում է, ի թիվս այլնի, նաեւ քանակական տվյալներ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման եւ էթիկայի հանձնաժողովների գործունեության, դրա արդյունքում կայացված որոշումների, ինչպես նաեւ դատախազների պրոֆեսիոնալիզմի երաշխավորման, վարքագծի կանոնների պահպանման համատեքստում առկա կառուցակարգերի ու դրանց իրացման վիճակի մասին:

Վերոգրյալի հիման վրա՝ գտնում ենք, որ դատախազների բաց եւ փակ մրցույթների անցկացման, դատախազների պարտադիր ատեստավորման գործող համակարգը հնարավորություն է ընձեռում ապահովելու դատախազների պաշտոնավարումը եւ ծառայողական առաջխաղացումը՝ բացառապես վերջիններիս անձնական եւ մասնագիտական որակների, բարեվարքության ստուգման եւ այլ վերաբերելի հատկանիշների գնահատման արդյունքում: Իսկ այդ կառուցակարգն ու դրա հետեւողական կատարելագործումը կարող են երաշխավորել դատախազներին, ըստ վերջիններիս որակների, հավելումներ տրամադրելու համակարգի արմատավորումն ու շարունակական զարգացումը:

Տեղին է նշել նաեւ, որ հավելումների հավասար տոկոսային չափը չի ենթադրում փաստացի վճարվող հավելումների հավասարություն, քանի որ հավելման չափը հաշվվում է պաշտոնային դրույքաչափից, իսկ դա դատախազների մոտ տարբերվում է՝ ելնելով վերջիններիս զբաղեցրած պաշտոնից, ստաժից, կոչումից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով:

Դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում: Իսկ առաջարկվող լուծումը եւ՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, եւ՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները:

Դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք 2023թ. հունվարի 1-ից ստանալու են հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով նախկին 100 տոկոսի փոխարեն:

Միաժամանակ առաջարկվում է՝ հիմք ընդունելով բոլոր դատախազների գործառույթների առանձնակի ռիսկայնությունը եւ միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությունը, Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաեւ առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» 07.04.2022թ. թիվ 446-Ն որոշումը:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի դատախազների աշխատանքի ռիսկայնությանը համահունչ վարձատրությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունն արձանագրված էր դեռեւս ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման N 3 հավելվածով սահմանված՝ նպատակ 10-ի գործողություն 1-ով:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ կլինի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաեւ առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» 07.04.2022թ. թիվ 446-Ն որոշումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում: 2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 432 անձ) ամսական դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 2,443,304,718.73 ՀՀ դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն