Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9421-14.10.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 38-րդ հոդվածը լրացնել 3.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելիս՝ հաշվի առնելով զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, ինչպես նաեւ՝ անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ զինծառայողի զինվորական կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից: Սույն մասի համաձայն զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում գրավոր դիմելու եւ զորահավաքային զինվորական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված կամ վարժական հավաքի կանչված լինելու ժամկետի ու զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ արձակվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում՝ դիմումը եւ սույն մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «զորահավաքային զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«« Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար այդ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` սույն օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի, ինչպես նաեւ՝ քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում: Այսինքն՝ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերում զորահավաքային զինվորական ծառայության կամ վարժական հավաքի ընթացքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվում:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացում մարտական խնդիրներ կատարող զորամասերը զինվորական ծառայության ուղի եւ համապատասխան անհրաժեշտ մասնագիտական ունակություններ ունեցող, սակայն զինվորական ծառայությունից զորացրված եւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձանցով համալրելու գրավչություն ապահովելու նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել նման զորամասերում կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ներկայացնելու դեպքում այդ անձանց պայմանագրային զինվորական ծառայության ընդունելիս իրավունք վերապահել պահպանել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ այդ զորամասերի ցանկը սահմանելով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ կանոնակարգելով նաեւ ծառայության նշանակման պայմանները: Բացի այդ, օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում սահմանված իրավունքի շրջանակներում օրենքի 38-րդ հոդվածը կարգավորումներ չի նախատեսում զորահավաքային զինվորական ծառայություն կամ վարժական հավաք անցած անձանց, տվյալ պարագայում՝ նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցած եւ զորացրված անձանց, զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգի եւ պայմանների վերաբերյալ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաեւ այդ հարցը:

 Առաջարկվող գործընթացի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխան դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավելիս կարգավորել ծառայության իրականացման պայմանները, որի հիման վրա «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվում է նախատեսել, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարագայում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը զինծառայողի համար պահպանվում է ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, իսկ նույն կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված այլ զորամասում «փոխգնդապետ» կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով չնախատեսված այլ զորամասում ծառայության նշանակելու կամ զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է: Նման կարգավորման նպատակն է առաջին հերթին ապահովել միջին եւ ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան կարգավորումները ներառել նաեւ ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 665-Ն որոշման մեջ, ինչպես նաեւ պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու եւ զինվորական պաշտոնի նշանակելու կարգը սահմանող ՀՀ պաշտպանության նախարարի 17.12.2018թ. N 1550-Լ հրամանում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծի փաթեթի համաձայն նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող  որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը, ինչպես նաեւ հստակեցնել զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ պայմանները, վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի հանգեցնում, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողների չդադարեցվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափերի (տնտեսման) վերաբերյալ հաշվարկներ հնարավոր չէ կատարել՝ համապատասխան զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող պահեստազորայինների վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն