ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ օգտագործման կարգը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքով:Թեպետ վերոնշյալ օրենքի հավելվածում սահմանված է օրհներգի տեքստը եւ երաժշտությունը, սակայն տարբեր միջազգային պաշտոնական մարզական, մշակութային եւ այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ եւ ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:
Միեւնույն ժամանակ, ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով եւ եթերաժամանակով: Նշված դեպքերում նույնպես բացակայում է միասնական մոտեցում եւ կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետեւաբար, նախագծով սահմանվում են ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակները:
Նպատակահարմար է նաեւ փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել անյպես, որ ավարտվի հետեւալ քառատնով՝
«Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:», համապատասխան տրամաբանությամբ եւ ուղերձով:
Հարկ է նշել նաեւ, որ վերջին շրջանում ՀՀ օրհներգը որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով եւ հավանության է արժանացել հանրության շրջանակների կողմից:
Առաջարկվող կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել եւ հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական եւ առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական եւ կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ