Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1246-23.01.2026-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 12.1-ին կետից հետո լրացնել նոր 12.2-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12.2) անկախ կյանքի կենտրոն՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցող, որը բավարարում է  սույն օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված իրավական ակտով սահմանված պահանջները.».

2) 17-րդ եւ 18-րդ կետերում «կողմից» բառից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.  «Եթե փոխհատուցման գումարը տրվում է օրենքով չարգելված այլ աղբյուրներով, ապա սույն կետում նշված պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ ներառելով նաեւ ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպություններին.»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 4-րդ կետից հանել «եւ այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը» բառերը.

2) 3.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3.1. Անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը եւ պայմանները հաստատում է լիազոր մարմինը:».

3) 3.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասը «հասարակական կազմակերպություններին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերը:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման  եւ տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ:

2.  Առկա իրավիճակը եւ խնդիրները

1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի
3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ եւ 18-րդ կետերով սահմանվում է, որ կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցում կարող է հատկացվել բացառապես պետության կողմից՝ բացառելով ծառայությունների դիմաց ֆինանսական հատուցման այլ դեպքեր:  Այս փոփոխության շրջանակում անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաեւ նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը բացակայում է, ինչի հետեւանքով իրավակիրառ պրակտիկայում առաջանում է անորոշություն՝ կապված այդ կենտրոնների կազմակերպաիրավական կարգավիճակի, գործառույթների եւ կազմակերպման սկզբունքների մասով:

2. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն աձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի եւ հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջեւ կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաեւ անձնական օգնականի եւ (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին: Նման ձեւակերպումը բացառում է պետական մարմինների մասնակցությունը (օրինակ՝ Միասնական սոցիալական ծառայությանը) նշված ծառայության իրագործմանը:

3.«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում գործող կարգավորումները նախատեսում են ֆունկցիոնալության գնահատման ամբողջական գործընթաց՝ անգամ այն դեպքերում, երբ անձն ունի միայն անհատական ծրագրի լրացման կամ փոփոխման անհրաժեշտություն:

 4. Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների օգտագործման սահմանափակումները խոչընդոտում են տվյալների կիրառումը վիճակագրական եւ հետազոտական նպատակներով՝ համագործակցող կողմերի միջեւ, ինչը կարող է նվազեցնել քաղաքականությունների եւ ծառայությունների բարելավման հիմքում ընկած որոշումների հիմնավորվածությունը:

5. ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 22-ին
72-Ն հրամանով է կարգավորված անձի ֆունկցիոնալության գնահատման անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու հետ կապված հարաբերությունները: Հրամանում յուրաքանչյուր հիվանդության դեպքում հստակ սահմանված է անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ու պահանջվող տեղեկություների ցանկը եւ բժշկական հաստատությունը պետք է ուղեգրի ամբողջական տեղեկատվության պարագայում: Հետեւաբար, գնահատող հանձնաժողովի կողմից այլ լրացուցիչ հետազոտությունների ուղեգրման անհրաժեշտությունը բացակայում է:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

1. ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ եւ 18-րդ կետերում փոփոխություններ կատարելու նպատակն է ստեղծել իրավական հիմք աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման դիմաց փոխհատուցում ապահովելու համար՝ ոչ միայն պետական բյուջեի, այլեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Բացի այդ, օրենքի մակարդակով ամրագրվում է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝ ապահովելով դրա միասնական եւ հստակ ընկալումը:

2. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ՝ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում եւ նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի, այլ փոփոխությունը կկատարվի միայն ԾԱԾ-ում:

3. Սահմանվում է հնարավորություն՝ տեղեկատվական շտեմարանի տվյալները սահմանված կարգով փոխանցելու լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վիճակագրական եւ հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահանջները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունումը կնպաստի հետեւյալ արդյունքներին՝

1. աջակցող միջոցների տրամադրման եւ վերանորոգման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը.

2. «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության եւ գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձեւավորմանը, ինչը կնպաստի դրանց արդյունավետ գործունեությանը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,

3. Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել)  կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման,

 4. տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային եւ վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության եւ բարելավված ծառայությունների մշակմանը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ եւ բխում է 4.6 կետի 22-րդ պարբերությունից՝ «Աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու իրավունքի իրացումը» եւ 24-րդ պարբերությունից՝ «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն