Հոդված 1. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 5. Հուշարձանների պահպանության եվ օգտագործման բնագավառի սուբյեկտները»
Հուշարձանների պահպանության եվ օգտագործման բնագավառի սուբյեկտներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
գ) պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները.
դ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.
ե) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. «դ) Անկախ սեփականության ձեւից պետական պահպանության կամ սուբսիդավորման վերցված անշարժ հուշարձանների ցուցակը, պահպանության գոտիների ցանկը, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը սահմանվում է օրենքով».
2. «է) Սույն օրենքով եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանված կարգով թույլտվություն է տալիս տեղափոխելու եւ փոփոխելու հանրապետական նշանակության հուշարձանները».
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի (բ) կետը շարադրել նոր խմբագրությամբ.
1. «բ) Օրենքով սահմանված կարգով ներկայացնում է հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման գիտամեթոդական կարգը»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Պետական պահպանության վերցված հուշարձանների ցուցակները սահմանվում է օրենքով»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը եւ այդ ցուցակներից հանելը կատարում է ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա»:
Հոդված 7. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-261) 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, սահմանվում է օրենքով»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ
Նկատի է առնված, որ 1998 թվականի դեկտեմբերի 12-ին (ՀՕ-261) ընդունված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ի սկզբանե Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։
Միայն 2003 թվականի ապրիլի 11-ի փոփոխությամբ է այդ իրավասությունը փոխանցվել ՀՀ կառավարությանը, որից հետո պետության կողմից պահպանվող հուշարձաններից շատերը, մասնավորապես մայրաքաղաքում, քաղաքաշինական նպատակներով քանդվել են, բնակիչները տարհանվել եւ կառուցվել են տարբեր «էլիտար» բարձրահարկ շենքեր։ Կցվում է պետության կողմից պահպանման ենթակա այն հուշարձանների ցանկը, որոնք օրենքի վերոհիշյալ փոփոխությունից հետո քանդվել են, օտարվել կամ ապամոնտաժվել:
Աղաղակող փաստ է, որ մայրաքաղաքը իր պատմական դիմագիծը կորցրել է, հատկապես XIX դարի եւ XX դարի սկզբին կառուցված, նախկինում պետության կողմից պահպանվող պատմական շենքերի քանդմամբ կամ աղճատմամբ։
Որպես օրինակ կարելի է մատնանշել հանրության մեջ հատկապես բողոքի մեծ ալիք բարձրացրած այնպիսի շենքերի քանդումն ու օտարումը, որպիսիք են՝ «Սպայի տունը» Վազգեն Սարգսյան փողոցում, նախկին Պետդումայի շենքը Շահումյան հրապարակում, «Աֆրիկյանների տունը» Տերյան փողոցում, Գիտությունների Ազգային Ակադեմիայի հին շենքը (Լեզվի ինստիտուտի) Սայաթ Նովայի փողոցում, Երեւանի «Փակ շուկան», բազմաթիվ շենքեր Աբովյան, Հանրապետության, Արամի փողոցներում։ Ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում քանդված հին Երեւանի տներն ու շենքերը։
Երեւան քաղաքում ապամոնտաժված, խաթարված, տեղափոխման եւ պահպանման ենթակա հուշարձանների ցանկ