Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-310-02.05.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1. 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով» բառերը փոխարինել «սույն օրենքի հավելված N 1-ով» բառերով,

2. 2-րդ հոդվածի 3-րդ մասում, 6-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 8-րդ մասում «հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոն» բառերը փոխարինել «հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել N 1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը եւ տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագող հարաբերությունների վրա:



Հավելված

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման,
սպասարկման եւ սոցիալականերաշխիքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

«Հավելված 1

«Պաշտոնատար անձանց գործունեության
ապահովման, սպասարկման եւ սոցիալական
երաշխիքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի


Ցանկ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված պաշտոնների

1. Պետական քաղաքական պաշտոններ

1) Հանրապետության նախագահի պաշտոն

2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն

3) Վարչապետի պաշտոն

4) Փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն

5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն

6) Նախարարի պաշտոն

7) Նախարարի տեղակալի պաշտոն

2. Անկախ պետական մարմնների անդամների պաշտոններ

1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն

2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն

3) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն

4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն

3. Պետական վարչական պաշտոններ

1) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

2) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

3) Վարչապետի աշխատակազմի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

4) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

5) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

6) Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

7) Վիճակագրական կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

8) Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

9) Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

10) Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

11) Կրթության տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

12) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

13) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

14) Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

15) Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

16) Ոստիկանության ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

17) Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն

18) Պետական պահպանության ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն

19) Վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոն

20) Մարզպետի եւ նրա տեղակալի պաշտոն

21) Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոն

22) Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոն

23) Գլխավոր ռազմական տեսուչի եւ նրա տեղակալի պաշտոն

24) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի պաշտոն

25) Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոն

26) Պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոն

27) Փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն

28) Սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի պաշտոն

29) Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոն

30) Միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոն

31) Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոն

32) Գիտության կոմիտեի ղեկավարի պաշտոն

33) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոն

34) Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոն

35) Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն

36) Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավարի պաշտոն

37) Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոն

38) Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոն

39) Անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոն

40) Լեզվի կոմիտեի ղեկավարի պաշտոն

4. Ինքնավար պաշտոններ

1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն

2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն

3) Ինքնավար մարմնի անդամի պաշտոն

4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն

5) Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն

6) Գլխավոր դատախազի եւ նրա տեղակալի պաշտոն

7) Երեւան քաղաքի դատախազի պաշտոն

8) Մարզի դատախազի պաշտոն

9) Կայազորի զինվորական դատախազի պաշտոն

10) Հատուկ քննչական ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն

11) Քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոն

12) Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոն

13) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոն

5. Հայեցողական պաշտոններ

1) Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն

2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ

3) Վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ

4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ:»:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի դրույթները նոր իրողություններին համապատասխանեցնելն է՝ հաշվի առնելով նոր սահմանադրական կարգավորումները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) 1-ին մասի 8-րդ կետի՝ Օրենքով սահմանված կենսաթոշակ է նշանակվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին՝ 65 տարին լրանալու դեպքում:

Ընդ որում, այս իրավունքի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հավելված N 1-ում ներառված են բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող՝ քաղաքական, հայեցողական եւ այլ պաշտոն զբաղեցնող անձինք՝ հաշվի առնելով տվյալ պաշտոնատար անձի իրավական կարգավիճակը (տեղն ու դերը պետական աստիճանակարգում):

2018 թվականի ապրիլի 9-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել ՀՀ նոր սահմանադրությունը, որի շրջանակներում փոփոխվել է նաեւ պետական կառավարման համակարգի տրամաբանությունը? Ձեւավորվել են նոր Սահմանադրական մարմիններ, վերանայվել են պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց դասակարգումը:

Վերնայվել է նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հավելված N 1-ը:

Մասնավորապես, հավելվածով սահմանված ցանկն ընդլայնվել է՝ ներառելով նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող՝ այլ պաշտոններ:

Ըստ այդմ, վերը նշված անձանց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ վերապահելը չի բխում ոլորտում վարվող քաղաքականությունից:

Միաժամանակ, 2018 թվականի ապրիլի 9-ից փոխվել է նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերնագիրը (վերնագրում «Պետական պաշտոններ» բառերը փոխարինվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով):

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշված իրողությունները` առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացում:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր հավելվածով (այսուհետ՝ Օրենքի Հավելված)՝ սահմանելով, որ Օրենքով նախատեսված կենսաթոշակի իրավունք տվող ստաժում հաշվարկվում է այդ հավելվածում ներառված պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

Ընդ որում, Օրենքի Հավելվածը կազմվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ հաշվի առնելով նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Ըստ այդմ, Օրենքի Հավելվածում ներառվել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝

1) Պետական քաղաքական պաշտոնները,

2) Անկախ պետական մարմինների անդամների պաշտոնները,

3) Պետական վարչական պաշտոնները (բացառությամբ որպես նախարարությանը ենթակա մարմին գործող՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանցից, ինչպես նաեւ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալների պաշտոններից),

4) Ինքնավար պաշտոնների մի մասը,

5) Առանձին հայեցողական պաշտոններ:

Օրենքի Հավելվածում ներառվել են ՀՀ դատախազության եւ քննչական մարմինների այն ինքնավար պաշտոնները, որոնց աշխատավարձի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող գործակիցը, մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը, սահմանված է եղել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հավելված N 1-ով (այսինքն՝ մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ):

Նույն մոտեցումն է կիրառվել նաեւ հայեցողական պաշտոնների դեպքում (Օրենքի Հավելվածում ներառվել են այն հայեցողական պաշտոնները, որոնք մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը հանդիսացել են բարձրաստիճան)՝ ապահովելով նույնական մոտեցում: Մասնավորապես, Օրենքի Հավելվածում ներառվել են.

1) երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հանրապետության նախագահի Վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնները, Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը,

2) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանին փոխարինող,

3) Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը:

Միաժամանակ, առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «ծառայության մեջ ընդգրկված» բառերը՝ հստակեցնելով, որ այդ Օրենքով կենսաթոշակ չի նշանակվում, եթե անձը զբաղեցնում է հանրային պաշտոն («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված որեւէ պաշտոն):

Նախատեսվում է նաեւ պահպանել միչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը գործող օրենսդրության հիման վրա տրված իրավունքները:

Մասնավորապես, այդ ժամանակահատվածը կհավասարեցվի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի Հավելված 1-ով սահմանված պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածին (համանման լուծում արդեն իսկ կիրառվում է այլ պաշտոնների դեպքում):

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն նոր սահմանադրական կարգավորումների արդյունքում ձեւավորված իրողություններին:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելու դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարոթյան 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ:

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ


Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 469-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Oրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5 -ի N 469-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ