Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-794-03.12.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո ստեղծված «Կանաչ կլիմայի հիմնադրամի եւ ՀՀ կառավարության միջեւ» հիմնական համաձայնագրի  ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ

Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate Fund) հիմնադրվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 10-րդ համաժողովում (Կանկուն, 2010թ.), եւ 2011թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը Դուրբանում (Հարավային Աֆրիկա) կայացած Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 17-րդ համաժողովում հաստատվել է` որպես զարգացող երկրների կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության ծրագրերի իրականացման  ֆինանսական նոր մեխանիզմ:

«Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ի (այսուհետ` Հիմնադրամ) քարտուղարությունը տեղակայված է Հարավային Կորեայում` Ինչեոն քաղաքում եւ սկսել է իր գործունեությունը 2014 թվականից «Պատրաստվածության ծրագրի» (Readiness Programe) ներքո, իսկ հիմնական գործառույթները մեկնարկել է 2015 թվականին:

Հիմնադրամի հիմնական գործառույթն է` աջակցել եւ տրամադրել ֆինանսական միջոցներ, ինչպես առավել նվազ զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ գործողություններում (ջերմոցային գազերի արտանետումների կրճատման) եւ կլիմայի փոփոխության  հետեւանքով առաջացած  խնդիրների հաղթահարման  (կլիմայի փոփոխությանը հարմարվելու) համար:

2020թ. սկսած նախատեսվում է Հիմնադրամի միջոցներից տարեկան 100 մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրումային աջակցություն զարգացող երկրներին:

 Շահառու զարգացող երկրների հետ տեղեկատվության փոխանակման եւ այդ երկրների կարիքների գնահատման համար Հիմնադրամը առաջարկել է նշանակել Ազգային լիազոր մարմնի (National Designated Entity) կոնտակտային անձ:  Կանաչ կլիմայի հիմնադրամի Լիազորված ազգային մարմինը (National Designated Entity) Հայաստանի Հանրապետությունում Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ որպես ազգային համակարգող հանդես է գալիս շրջակա միջավայրի նախարարը:

Հայաստանը դիմել էր Հիմանդրամին  «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում եւ մասշտաբավորում» նախագծի ֆինանսավորման համար եւ 2016թ. հունիսի 27-ին ստացել է հաստատում 20 մլն. ԱՄՆ դոլարի դրամաշնորհի համար: Հայաստանը ԱՊՀ առաջին երկիրն է, որը նման ֆինանսավորում է ստացել:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից մշակված Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին: Գումարը ուղղված է հանրային եւ մասնավոր շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը:

2016թ. հուլիսին հավանություն է տրվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից  ներկայացված «Կովկասյան կանաչ տնտեսության ֆինասավորման մեխանիզմ» ծրագրի նախագծին` Հիմնադրամի ֆինանսավորմանը ներկայացնելու համար: Ծրագրի շահառու երկրներն են` Մերձավոր Արեւելքի, Արեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի, Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի 20 երկիր: Այդ թվում`  Հարավային Կովկասի 3 երկիր: Ծրագրի նպատակն է` ֆինանսավորել վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության եւ կլիամայական փոփոխության կայունացման ծրագրերը: 2016թ. հոկտեմբերին ՎԶԵԲ-ի ներկայացրած նախագիծը նույնպես հաստատվել է Հիմնադրամի խորհրդի կողմից:

2018թ. Հիմնադրամի կողմից հաստատվել են նաեւ «Ազգային հարմարվողականության ծրագիր» պատրաստվածության աջակցության ծրագիրը 2,999,593 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով եւ «Պատրաստվածության դրամաշնորհային ծրագիր»-ը` 300 000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով:

2020թ. հունվարին հաստատվել է նաեւ «Ռազմավարական շրջանակային օժանդակություն Հայաստանին» պատրաստվածության աջակցության ծրագիրը` ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով:

2019թ. հոկտեմբերին Հիմնադրամի կողմից հավատարմագրվել է նաեւ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը, ինչի արդյունքում այն ստացել է ուղիղ հասանելիություն Հիմնադրամի միջոցներով ծրագրեր իրականացնելու համար:

Հիմնադրամը հիմնադրված է  ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջնակային կոնվենցիայի Փարիզի համաձայնագրի ներքո: Հիմնադրամի խորհուրդը` որը ընտրովի եւ ներկայացուցչական մարմին է եւ նրա քարտուղարությունը հանդիսանալով առանձին մարմին չունեն ՄԱԿ-ի պաշտոնական կառույցների համար  նախատեսված արտոնությունների եւ անձեռնմխելիությունների երաշխիքները:

Շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը` հաշվի առնելով այն, որ.

- դրանով կկապահովեն պայմաններ Հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետության` որպես գործընկեր երկրի, համագործակցության դյուրացման եւ վստահության երաշխիքների ապահովման համար,

-  Հայաստանի Հանրապետությունը,   որպես  զարգացող երկիր առաջիններից է, որը դիմել եւ ստացել է ֆինանսավորման հաստատում Հիմնադրամի կողմից  եւ Համաձայնագրի վավերացումը անհրաժեշտ է ծրագրերի արդյունավետ ընթացքն ապահովելու համար, քանի որ Հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրերը` ըստ առկա կանոնակարգերի, ենթակա են մոնիթորինգի եւ այդ առումով կարիք կլինի Հիմնադրամի աշխատակիցների այցերի կազմակերպում Հայաստան որպես ֆինանսական աջակցության ընդունող երկիր:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. դեկտեմբերի 11-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կանաչ կլիմայի հիմնադրամի Գործադիր տնօրենը դիվանագիտական ուղիներով ստանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության գրավոր ծանուցումը Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ    Արտակ Ապիտոնյան

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ
մասին

ՄԱԿ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) հիմնադրվել Է 2010 թվականին` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի /ԿՓՇԿ/  (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թ. մարտի 21-ից) շրջանակներում: Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետեւանքների հանդեպ հարմարվողականության  ձեռք բերման եւ մեղման համար:

Ներկայումս Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են երեք լայնամասշտաբ ծրագրեր` ուղղված Հայաստանի Հանրապետությունում էներգաարդյունավետության բարձրացմանը, կլիմայի փոփոխության հակազդմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը եւ այլն: Այս ծրագրերը ֆինանսավորվում են բազմակի աղբյուրներից: Ներկայումս Հայաստանը Կանաչ կլիմայի խորհրդի անդամ է:

2018թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Կանաչ կլիմայի հիմնադրամի եւ վերջինիս հետ կապված անձանց կարգավիճակը: Այն պետք է կիրառվի ցանկացած գործունեության նկատմամբ, որը Հիմնադրամը կարող է ծավալել Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադրամն ունի լիարժեք իրավաբանական անձի կարգավիճակ:

Հաշվի առնելով Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի կարեւորությունը` Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի դրույթների պատշաճ կատարման ուղղությամբ` հայտնում ենք, որ 2018թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ    Արտակ Ապիտոնյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրում թեեւ առկա չեն օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:

1. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն` Հիմնադրամի տարածքներն անձեռնմխելի են, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներին, մասնավորապես` 55-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին, որի համաձայն` քննիչը լիազորված է հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ եւ այլ քննչական գործողություններ, ինչպես նաեւ նույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որեւէ շենքում կամ այլ տեղ կամ որեւէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու եւ վերցնելու համար:

2. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն` Հիմնադրամն օգտվում է ցանկացած տեսակի իրավական գործընթացի անձեռնմխելիությունից, բացառությամբ այն դեպքերի, որոնք ծագում են կամ կապված են իր լիազորություններն իրականացնելիս փոխառված գումարների, պարտավորությունների դիմաց երաշխիք տրամադրելու կամ գնման եւ վաճառքի կամ արժեթղթերի վաճառքի երաշխավորման հետ, որոնց դեպքում Հիմնադրամի դեմ կարող է դատական հայց հարուցվել այն երկրի տարածքում գտնվող իրավասու դատարանում, որտեղ Հիմնադրամը գլխավոր գրասենյակ կամ մասնաճյուղ ունի, կամ որտեղ Հիմնադրամը գործակալ է նշանակել դատական փաստաթղթեր կամ գործընթացի ծանուցագիր ընդունելու նպատակով կամ արժեթղթեր է թողարկել կամ դրանք երաշխավորել, հակասում է ՀՀ վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքի 9-րդ հոդվածին, ըստ որի` սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Սույն օրենսգիրքը նախատեսում է մի շարք իրավախախտումներ, որոնց համար կարող են պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձինք: Միաժամանակ օրենսգրքում առկա չեն դրույթներ, որոնք կսահմանեին միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիություն վարչական պատասխանատվությունից:

3. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի` մինչեւ Հիմնադրամի նկատմամբ վերջնական դատական ակտի կայացնելը, Հիմնադրամի գույքի եւ տարածքի վրա, անկախ դրանց գտնվելու վայրից եւ դրանք տնօրինողից, չի կարող որեւէ տեսակի բռնագրավում, զննություն, կալանք, արգելանք կամ հարկադիր կատարում կիրառվել, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  226-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ եւ փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում եւ, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ եւ ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում, նույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն` կալանք դրվում է կասկածյալի եւ մեղադրյալի, ինչպես նաեւ այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի եւ մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է եւ ում մոտ է գտնվում, ինչպես նաեւ նույն օրենսգրքի 217-րդ հոդվածին, որի համաձայն` հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագործության դեպքը, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում է տեղանքի, շինությունների, առարկաների, փաստաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում:

4. Համաձայնագրի 5-րդ հոդվածը, որի համաձայն` Հիմնադրամի գույքն ու ակտիվները անկախ գտնվելու վայրից եւ տնօրինողից, անձեռնմխելի են գործադիր կամ օրենսդիր գործունեությամբ սահմանված հետախուզման, արգելանքի, առգրավման, բռնագրավման, կամ որեւէ այլ տեսակի պահանջագրի եւ իրավազրկման գործողություններից, հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները եւ միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին եւ 267.1-ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին եւ քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման` հօգուտ պետության, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  232-րդ հոդվածի   2-րդ մասին, որի համաձայն` կալանք դրվում է կասկածյալի եւ մեղադրյալի, ինչպես նաեւ այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի եւ մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է եւ ում մոտ է գտնվում, նույն օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ եւ փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում եւ, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ եւ ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում:

5. Համաձայնագրի 6-րդ հոդվածը, որի համաձայն` Հիմնադրամին պատկանող կամ նրա մոտ պահվող արխիվները եւ, ընդհանրապես, բոլոր փաստաթղթերը եւ տվյալները, ինչ տարբերակով էլ դրանք կազմված լինեն, այդ թվում` էլեկտրոնային ձեւով, անձեռնմխելի են անկախ դրանց գտնվելու վայրից, հակասում է ՀՀ քրեական դատավարության 239-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի` երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումներում կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին` նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար, ինչպես նաեւ նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` քննիչն ստորագրությամբ կապի հաստատության պետին, իսկ անհրաժեշտության դեպքում` տվյալ հաստատության այլ ծառայողներին, ծանոթացնում է զննում եւ առգրավում կատարելու մասին որոշմանը եւ նրա (նրանց) մասնակցությամբ բացում եւ զննում է նամակագրությունը:

6. Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետի a) ենթակետը, որի համաձայն` Հիմնադրամի համար առաքելություն իրականացնող պաշտոնյաներն ու փորձագետները իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում օգտնվում են իրենց կատարած գործողությունների համար իրավական գործընթացների անձեռնմխելիությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հիմնադրամը հրաժարվում է անձեռնմխելիությունից, ինչպես նաեւ Համաձայնագրի նույն հոդվածի 3-րդ կետը, ըստ որի` սույն հոդվածի 1-ին կետում չընդգրկված դիտորդները եւ անհատները, որոնք Հիմնադրամի կողմից հրավիրվել են մասնակցելու գիտաժողովներին եւ հանդիպումներին, հանդես գալով որպես Հիմնադրամի կողմից հրավիրյալներ, իրենց բանավոր կամ գրավոր խոսքի, ինչպես նաեւ կատարված բոլոր գործողությունների առումով օգտվում են ցանկացած տեսակի իրավական գործընթացի անձեռնմխելիությունից, հակասում է ՀՀ վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքի 9-րդ հոդվածին, ըստ որի` սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Հարկ է նկատել, որ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվության հանդեպ միջազգային պայմանագրերով անձեռնմխելիության իրավունքի սահմանման հնարավորություն: Միաժամանակ համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի i) ենթակետը «Պաշտոնյաներ» եզրույթի առնչությամբ տարբերակում չի դնում կապված քաղաքացիության հետ: Այսպիսով, ՀՀ վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքի 16-րդ հոդվածը հնարավորություն է տալիս սահմանել վարչական անձեռնմխելիություն միայն օտարերկրացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների համար, այնինչ ելնելով Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի i) ենթակետի դրույթներից` Հիմնադրամի «Պաշտոնյաներ» կարող են լինել նաեւ ՀՀ քաղաքացիները:

Համաձայնագրի վերոնշյալ նորմը խնդրահարույց է նաեւ Հիմնադրամի պաշտոնյաների եւ փորձագետներին ընդունող պետության քաղաքացիական ընդդատությունից ազատելու մասով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` միջազգային կազմակերպությունների դատական իմունիտետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Սույն նորմից բխում է, որ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ դատական իմունիտետի սահմանման հնարավորությունը վերաբերում է միջազգային կազմակերպություններին` որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտի, այլ ոչ դրա պաշտոնյաներին եւ փորձագետներին:

7. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն` Հիմնադրամը, նրա ակտիվները, գույքը, եկամուտը, նրա գործառնություններն ու գործարքները, ներառյալ ցանկացած գործունեություն եւ նախագիծը, որն իրականացվում Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում, ազատվում են բոլոր հարկումներից եւ բոլոր մաքսատուրքերից: Հիմնադրամն ազատվում է նաեւ ցանկացած տեսակի հարկերի կամ տուրքի վճարման, պահման կամ գանձնման պարտավորությունից, հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն` հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով: Միաժամանակ Օրենսգրքում նախատեսված են որոշակի պայմանների առկայության դեպքում միայն որոշ հարկատեսակների նկատմամբ միջազգային պայմանագրերով հարկային արտոնություններ նախատեսելու հնարավորությունը:

Համաձայնագրի վերոնշյալ դրույթը հակասում է նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, որի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` Հիմնադրամը ունենալու է իրավաբանական անձի կարգավիճակ):

Համաձայնագրի նույն դրույթը հակասում է նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որի համաձայն` տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողները պարտավոր են սահմանված ժամկետում եւ կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը եւ (կամ) վճարները: Սույն օրենքը չի պարունակում դրույթներ միջազգային կազմակերպությունների տեղական տուրքերից եւ վճարներից ազատելու վերաբերյալ: Միաժամանակ նշված օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի եւ (կամ) վճարների գծով արտոնությունները` ավագանու սահմանած փաստաթղթերի եւ տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

8. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի b) ենթակետի կապակցությամբ, որի համաձայն` Հիմնադրամն (...) իրավասու է ձեռք բերել եւ տնօրինել անշարժ եւ շարժական գույք, անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները (...): Վերոնշյալ նորմերի համալիր վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ ընդերքը եւ ջրային ռեսուրսները հանդիսանում են անշարժ գույք եւ պետության բացառիկ սեփականությունն են, որոնք չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը` գերակայությունը` Հիմնադրամն անշարժ գույք ձեռք բերելիս պետք է սահմանափակվի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նորմերով:

9. Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենքների ու կարգավորումների համաձայն Հիմնադրամը, սահմանափակված չլինելով որեւէ ֆինանսական վերահսկողությամբ, կարգավորմամբ կամ մորատորիումով, a) կարող է ունենալ միջոցներ, ոսկի կամ ցանկացած արտարժույթ եւ վարել հաշիվներ ցանկացած արտարժույթով, եւ b) կարող է ազատորեն փոխանցել իր միջոցները, ոսկին կամ արտարժույթը մեկ երկրից մյուսը կամ ցանկացած երկրի ներսում (...): Միաժամանակ` «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները եւ կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ եւ անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում նշված դեպքերի: Նույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` միջազգային կազմակերպությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար գնանշումներն ու  վճարումներն իրականացնել արտարժույթով` Կենտրոնական բանկի եւ կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով սահմանված դեպքերում եւ կարգով: Հետեւաբար, Հիմնադրամը ՀՀ տարածքում արտարժույթի օգտագործման դեպքում պետք է սահմանափակված լինի վերոնշյալ նորմի դրույթներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերի  եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության

գործակալություն

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ կառավարությունը պետք է ապահովի հիմնադրամի տարածքների պահպանությունը եւ այդ տարածքների համար տրամադրի հանրային ծառայություններ, իսկ Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում Կանաչ կլիմայական հիմնադրամին ազատել հարկերից, մաքսատուրքերից եւ այլ վճարներից:

Ուստի` Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 11-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական պարտավորություններ` հանգեցնելով է ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, ինչպես նաեւ ծախսերի ավելացման:

Ատոմ Ջանջուղազյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Շրջակա միջավայրի նախարարի
պարտականությունները կատարող
Վ.Ջիլավյանին

Ի պատասխան Ձեր  22.05.2020թ.
թիվ 1/ԼԽ/5366-2020 գրության

Հարգելի պարոն Ջիլավյան,

Հայտնում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Կատովիցեում (Լեհաստանի Հանրապետություն) ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական  համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`   Ս.Պապիկյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

20 օգոստոսի 2020 թվականի  N 1385    - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից`  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 25
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Հարգանքով`  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ