Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9881-11.04.2016-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի  72-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ին 2014թ.-ի ընթացքում ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:

1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի աշխատակազմի կողմից ուսումնասիրվել է անտառօգտագործման ոլորտում հողային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները եւ մասնավորապես արձանագրվել են հետեւյալ հակասությունները եւ բացթողումները.

Հաշվի առնելով, որ անտառները եւ անտառային հողերը դասվում են  պահպանության ենթակա  էկոհամակարգերի շարքին, անտառների եւ անտառային հողերի օգտագործման ճիշտ եւ խելամիտ կարգավորումը հանդիսանում է հողային ռեսուրսների կայուն կառավարման կարեւոր խնդիրներից մեկը: Անտառօգտագործման հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մի շարք հակասություններ հատկապես հողային հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի հետ:

ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները եւ անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին, նույն դրույթն ամրագրված է նաեւ ՀՀ հողային օրենքսգրքի 60-րդ հոդվածում: Միեւնույն ժամանակ, ՀՀ անտառային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ պետական անտառային հողերը ոչ անտառածածկ կամ բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, եւ դրանք փոխադրվում են անտառի շարք: Տվյալ դրույթը հակասում է եւ՛ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին, եւ՛ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի պահանջներին, ուստի անհրաժեշտ է  այն վերաձեւակերպել՝ հանելով սեփականության իրավունքով օտարման մասը:

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների համաձայն պետական անտառները հանդիսանում են կառուցապատման իրավունքի օբյեկտներ, իսկ կառուցապատման իրավունքով պետական անտառների եւ անտառային հեղերի տրամադրման դրույթները ներառված չեն ՀՀ անտառային օրենսգքում: Հաշվի առնելով նշվածը, առաջարկում ենք համապատասխան լրացումներ կատարել ՀՀ անտառային օրենսգրքի հոդվածներում, ինչպես նաեւ Օրենսգրքի 32-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով, որը կկարգավորի անտառային հողերի կառուցապատման իրավունքով տրամադրման հարաբերությունները:

Համաձայն անտառային օրենսդրության պետական եւ համայնքային անտառներում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաեւ մեղվանոցների, փեթակների տեղադրում՝ մինչեւ մեկ տարի ժամկետով կողմնակի անտառօգտագործման պայմանագրի եւ անտառային տոմսի հիման վրա: Այս հիմքով քաղաքացիները, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները իրավունք են ստանում առանց հողի վարձակալության օգտվել անտառային պաշարներից՝ մթերվող բերքի դիմաց նախօրոք դիմելով եւ ստանալով անտառային տոմս եւ վճարելով համապատասխան բնօգտագործման վճար, որի կարգը սահմանված է Հանրապետության Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ:  Օրենսգրքի 44-րդ հոդվածով քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որեւէ թույլտվության, անտառներում հավաքել անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ եւ բույսեր՝ առանց սահմանափակման: Սակայն Օրենսգրքի 34-րդ հոդվածով անտառօգտագործողներին թույլատրվում է իրականացնել միայն անտառօգտագործման այն տեսակները եւ միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում: Պարզ չէ, թե ինչպես է այս նորմը իրականում կիրառվում թույլտվություն չպահանջվող անտառօգտագործողների նկատմամբ: Այստեղից հետեւում է, որ ֆիզիկական անձանց անտառօգտագործման թույլտվությունը լիարժեք չի ծառայում իր նպատակին, քանի որ սահմանված չեն հսկման հստակ մեխանիզմներ: Իրականում, անտառապահերը, ովքեր պատասխանատու են անտառօգտագործման գործունեության հսկման համար թույլ են տալիս տեղի բնակիչներին՝ առանց որեւէ իրավունքի անսահմանափակ օգտվել անտառային պաշարներից՝ անձնական կարիքները հոգալու համար: Արդյունագործական, թե անձնական նպատակներով են ոչ բնափայտային մթերումները կատարվում, այս պարագայում, դժվար որոշելու հարց է:

Ավելին, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից իրականացված հարցումներից պարզ է դարձել, որ 2013-2014 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից  անտառային տոմսեր ընդհնարապես դուրս չեն գրվել եւ, բնականաբար, համապատասխան պայմանագրեր չեն կնքվել: Այսինքն, բացի ֆիզիկական անձանցից անտառօգտագոծման այս իրավունքը չի տրամադրվել նաեւ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին, ինչը վկայում է տվյալ  կարգավորող նորմի աննպատակահարմարության մասին:

Խնդիր է առաջացնում նաեւ  ոչ բնափայտային պաշարների ռեսուրսների գործնականում հաշվառում չիրականացնելը, թեեւ վերջինիս վերաբերյալ հստակ կարգավորումներ են գործում: Առանց նշված պաշարների հաշվառման գործընթացի անտառային տոմսերը առ ոչինչ են, քանի որ դրանցում պահանջվող մթերումների ծավալները որոշվում են հենց այդ հաշվառման արդյունքում:

Միաժամանակ հարկ է նշել, որ այս տեսակ անտաօգտագործումը լայն կիրառություն ունի մի շարք օտարերկրյա պետություններում: Որոշ երկրներում, ինչպիսիք են՝ Շվեդիան եւ Ճապոնիան դրանց արտադրանքի տնտեսական արժեքը կազմում է բնափայտի արտադրանքի 20-25%-ը, իսկ  Բրազիլիան հայտնի է որպես վայրի ընկույզ, սնկեր, մեղր,  բամբուկ եւ այլ արժեքավոր ապրանքներ արտահանող  երկիր, իսկ արեւելյան երկրներից շատերը արտադրում եւ արտահանում են շատ արժեքավոր խոտա-դեղաբույսեր: Այսինքն, որոշ զարգացող երկների համար այս տեսակ արտադրանքը կարող է հանդիսանալ տնտեսության զարգացման կարեւոր շարժիչ ուժ: Ուստի, գործող իրավական դաշտի ազատականացումը խթան կհանդիսանա փոքր բիզնեսի զարգացման համար:

Բնափայտի մթերումը իրականացվում է արտադրական նշանակության պետական եւ համայնքային անտառներում, ինչպես նաեւ պաշտպանական եւ հատուկ նշանակության անտառներում: Բնափայտի մթերման համար սահմանվում եւ որոշվում են տարեկան հաշվարկային հատատեղերը՝ անտառաշինական նախագծերի հիման վրա: Ներկայումս բնափայտի մթերումն իրականացվում է առանց մրցույթի՝ առանց հողի վարձակալության:  Բնափայտ մթերելիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում են մինչեւ 1 տարի ժամկետով՝

1) արմատի վրա հատման ենթակա ծառուտի դեպքում` ծառուտի առուվաճառքի մասին պայմանագիր.

2) անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի) եւ սանիտարական հատումներ իրականացնելու դեպքում` անտառատնտեսական աշխատանքների կատարման մասին պայմանագիր:

Անտառահատման տոմսի տրամադրման իրավական հիմքը համապատասխան պայմանագիրն է: Բացառությամբ, բնափայտի առք ու վաճառքի պայմանագրից, մնացած դեպքերում,  անտառահատման տոմսը, կարծում ենք, կարող է փոխարինել պայմանագրին եւ  բավարար իրավական հիմք  հանդիսանալ անտառօգտագործողին թույլատվություն տալու համար, քանի որ այն խիստ հաշվառվող փաստաթուղթ է եւ ներառում է անտառօգտագործողի կողմից անտառօգտագործման խախտումները կանխարգելող իրավունք ու պարտականություն պարունակող դրույթներ:

Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ եւ այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով` առաջացնում է տուգանքի նշանակում, իսկ դրանց հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների եւ եղանակների խախտմամբ` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում:

2.   Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել պետական եւ համայնքային անտառներում հողային հարաբերությունների եւ անտառօգտագործման ոլորտներում համապատասխան օրենսդրական փոփոխութ՟յուններ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Բարեփոխումների խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերանայման միջոցով, հաշվի առնելով արձանագրված իրավիճակը եւ վերոնշյալ թվարկված խնդիրները, առաջարկվում է.

1) Համապատասխանեցնել ՀՀ անտառային օրենսգրքում հողօգտագործման կարգավորման դրույթները ՀՀ հողային օրենսգրքի դրույթներին.

2) Նախատեսել ՀՀ անտառային օրենսգրքում պետական անտառային հողերի կառուցապատման իրավունքով տրամադրման դրույթները.

3) Հստակեցնել պետական անտառային հողերի վարձակալության տրամադրման կարգին առնչվող դրույթները:

4) Հանել ՀՀ անտառային օրենսգրքով սահմանված առանց հողի վարձակալության կողմնակի անտառօգտագործման իրավունքը՝ անտառօգտագործման պայմանագիրը եւ անտառային տոմսը ՝ նպատակ ունենալով վերացնելու գործող նորմի անկատարությունը ֆիզիկական անձանց մասով եւ խթանելու փոքր բիզնեսին՝ ազատ ռեժիմով ոչ բնափայտային մթերումներ կատարելու համար.

5) Հանել բնափայտ մթերելիս պայմանագրի կնքման պարտադրությունը, բացառությամբ՝ արմատի վրա հատման ենթակա ծառուտի դեպքում` ծառուտի առուվաճառքի պայմանագրի դեպքից՝  պարզեցնելու եւ կրճատելու բնափայտի մթերման համար իրավունքի ստացման գործող գործընթացը:

6) Ուժը կորցրած ճանաչել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 72-րդ հոդվածը՝ հաշվի առնելով ՀՀ անտառային օրենսգրքի վերը նշված փոփոխությունները:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել հակասությունները ՀՀ անտառային օրենսգրքի եւ ՀՀ հողային օրենսգրքի միջեւ, ՀՀ անտառային օրենսգրքում ներդնել կառուցապատման իրավունքի ինստիտուտը, որը կնպաստի անտառային հողերի առավել արդյունավետ կառավարմանը եւ պահպանմանը: Առաջարկված օրենսդրական կարգավորումները քաղաքացիների եւ բիզնեսի համար առաջարկելու է անտառօգտագործման ազատ ռեժիմներ, ինչը կխթանի փոքր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ՝ պարզեցված բիզնես գործընթացներ, ինչով կկրճատվեն նրանց կողմից օգտագործվող ժամանակը եւ ծախսերը:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ    լրացումներ   կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: Հաշվի առնելով, որ Նախագծի <<Հոդված 3.>>-ով առաջարկվող լրացումը նախատեսում է ՀՀ կառավարության կողմից <<Պետական անտառային հողերում կառուցապատման առանձնահատկությունները եւ կառուցապատման իրավունքի տրամադրման կարգը սահմանելու մասին>> որոշման ընդունում, հիմք ընդունելով անտառների գոտիավորումը, պետական անտառային հողերում կառուցապատման առանձնահատկությունների սահմանման դեպքում, կառուցապատման հետեւանքով անտառային կենսաբազմազանության ու լանդշաֆտների վրա հնարավոր ազդեցությունը կլինի հնարավորինս մեղմ:

 2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

 3. Նախագիծը բնապահպանության ոլորտին   առնչվում է,  սակայն  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է`

1)   հանել ՀՀ անտառային օրենսգրքով սահմանված` առանց հողի վարձակալության կողմնակի անտառօգտագործման իրավունքը, անտառօգտագործման պայմանագիրը եւ անտառային տոմսը՝ նպատակ ունենալով վերացնել գործող նորմի անկատարությունը ֆիզիկական անձանց մասով եւ փոքր ձեռնարկատիրության համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ ազատ ռեժիմով ոչ բնափայտային մթերումներ կատարելու համար,

2)   ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքի 72-րդ հոդվածը, որով նախատեսված են պատասխանատվության միջոցներ ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի կողմից ներկայացված տեղեկատվությունը` հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների ոչ էական նվազման:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:   
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում» փոփոխություններ եւ    լրացումներ   կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հանվում է բնափայտ մթերելիս համապատասխան պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ուժը կորցրած է ճանաչվում կողմնակի անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի` անտառային տոմսի եւ անտառօգտագործման պայմանագրի առկայության պահանջը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են անտառային տնտեսության շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ   կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ոչ էական դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է պետական եւ համայնքային անտառներում անտառօգտագործման ոլորտում սահմանել որոշակի կարգավորումներ, մասնավորապես` առաջարկվում է