Armenian ARMSCII Armenian
Պ-098-10.04.2019-ԳԿ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետերով.

«ժգ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի թեկնածու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տվյալ մարզաձեւի առաջատար մարզիկ, ով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի թեկնածուի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով.

ժդ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տվյալ մարզաձեւի գծով աշխարհի, Եվրոպայի կամ օլիմպիադայի մասնակից մարզիկ.

ժե) դոպինգ օգտագործել` հակադոպինգային կանոնների խախտում.

ժզ) հակադոպինգային ապահովում` միջոցառումների կազմակերպում եւ իրականացում, որոնք ուղղված են դոպինգի օգտագործման կանխմանը սպորտում եւ պայքարը դրա դեմ:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը.

1) «դ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«դ) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը, մասնավորապես` զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին եւ մանկապատանեկան սպորտին առնչվող  նորմատիվ իրավական ակտերը.».

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.

«զ) սույն հոդվածի «դ» կետով նախատեսված լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վերապահել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի լիազոր մարմնին:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) «դ» կետը «նորմատիվ ակտերը» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերով.

«, մասնավորապես` մասսայական սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին եւ մանկապատանեկան սպորտին առնչվող  նորմատիվ իրավական ակտերը.».

2)  «ը»  կետի «հանրային» բառը փոխարինել «զանգվածային» բառով.

3) «ժ2» կետը «անձանց» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց» բառերով.

4) «ժ3» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«մարզիկներին շնորհում է մարզական կոչումներ եւ կարգեր, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին եւ կազմակերպություններին, ինչպես նաեւ այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց պարգեւատրում է մեդալներով, մրցանակներով, հավաստագրերով, հուշանվերներով եւ արժեքավոր այլ նվերներով.».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.

ժ6) մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների հիմնադրման թույլտվություն է տրամադրում, վերահսկողություն է իրականացնում մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների նկատմամբ.».

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.

«ժ7) հաստատում է օտաերկրյա պետություններում կազմակերպվող մրցաշարերին եւ այլ մարզական միջոցառումներին մեկնող  պատվիրակությունների ոչ մարզիկ ներկայացուցիչների կազմը.».

7)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.

«ժ8) հաստատում է հակադոպինգային կանոնները:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«ՀԱՕԿ-ը, համաձայն օլիմպիական խարտիայի, աջակցություն է ցուցաբերում դոպինգի օգտագործման կանխարգելմանը սպորտում եւ դրա դեմ պայքարին, ինչպես նաեւ աջակցություն է ցուցաբերում խտրականության եւ բռնության ցանկացած ձեւի արտահայտման հակազդեցությանը սպորտում:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները.

1. Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները սպորտի առանձին տեսակը կամ տեսակները զարգացնելու նպատակով ստեղծված կազմակերպություններ են, որոնք կարող են ֆեդերացիա ճանաչվել, եթե`

ա) մշակում եւ իրականացնում են մարզաձեւերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին եւ մարզիկներին` աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար.

բ) քառամյա փուլային ծրագրով նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը` օլիմպիական խաղերին մասնակցելու համար.

գ) աջակցություն են ցուցաբերում դոպինգի օգտագործման կանխարգելմանը սպորտում եւ դրա դեմ պայքարում, ինչպես նաեւ աջակցություն են ցուցաբերում խտրականության եւ բռնության ցանկացած ձեւի արտահայտման հակազդեցությանը սպորտում:

2. Ֆեդերացիաները կարող են ընդգրկել սպորտային ակումբներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ ու ակումբներ:

3. Ֆեդերացիաների մեջ ընդգրկվող սպորտային ակումբները կարող են մասնակցել Ֆեդերացիաների կողմից կազմակերպվող մրցաշարերին:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր 13.1 հոդվածով.

«Հոդված 13.1. Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների հիմնադրումը

1. Մարզաձեւերի ազգային ֆեդերացիայի հիմնադրման համար անհրաժեշտ է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությունը: Թույլտվություն ստանալու համար  լիազորված մարմին անհրաժեշտ է ներկայացնել`

ա) դիմում.

բ) ազգային ֆեդերացիա հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում` ժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից.

գ) ազգային ֆեդերացիայի անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.

դ) տեղեկություններ այն սպորտաձեւի  վերաբերյալ, որի կապակցությամբ  դիմումատուն պատրաստվում է կազմակերպել եւ իրականացնել մրցաշարեր, ներառյալ մանրամասն տեղեկատվություն սպորտի  վարման եւ մրցումների կարգավորման կանոնների վերաբերյալ տեղեկատվություն:

2. Լիազորված մարմինը կարող է մերժել թույլտվության տրամադրումը, եթե հիմնադրվող ֆեդերացիան չի համապատասխանում սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին կամ կանոնադրությամբ սահմանված դրույթները հակասում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

3. Մեկ սպորտաձեւի համար ազգային ֆեդերացիա հիմնադրելու թույլտվություն տրամադրվում է միայն մեկ կազմակերպությանը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

4. Հիմնադրման թույլտվություն ստացած մարզաձեւերի ազգային ֆեդերացիան ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) կատարել հետեւյալ փոփոխությունը` «հանրային» բառը փոխարինել «զանգվածային» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

 «Այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները եւ ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր են հավատարմագրվել:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր 4.1 գլխով.

«Գ ԼՈՒԽ 4.1
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Հոդված 18.1. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի ձեւավորումը

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը (այսուհետ` հավաքական թիմ) ձեւավորվում են համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների կողմից:

Հոդված 18.2. Հավաքական թիմի հիմնական նպատակները

Հավաքական թիմի հիմնական նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման համար համաշխարհային մրցասպարեզներում, օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելը  եւ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը.

բ) նպաստել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը եւ օլիմպիական գաղափարների տարածմանը, մարզաձեւերի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչությանը.

գ) նպաստել ժոդովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը:

Հոդված 18.3. Հավաքական թիմի հիմնական խնդիրը

Հավաքական թիմի հիմնական խնդիրն է առաջատար մարզիկների սպորտային վարպետության կատարելագործումը, նրանց առողջության ամրապնդումը, նրանց համալիր նախապատրաստումը օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին :

Հոդված 18.4. Հավաքական թիմի կազմի սահմանումը

Հավաքական թիմի թեկնածուների առավելագույն թվակազմը սահմանում է համապատասխան մարզաձեւի ազգային ֆեդերացիան` ելնելով մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված կանոնակարգերից, Հայաստանի Հանրապետությունում տվյալ մարզաձեւի զարգացման մակարդակից ու տարվա գլխավոր մրցաշարերում մարզիկների մասնակցության արդյունքներից?

Հոդված 18.5. Օլիմպիական հավաքական թիմի ձեւավորումը

Օլիմպիական մարզաձեւերի մեծահասակների հավաքական թիմի հիմնական կազմի բոլոր անդամները համարվում են օլիմպիական հավաքական թիմի թեկնածու (ՕՀԹԹ):

Համապատասխան մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացմամբ օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկների ցանկը եւ օլիմպիական հավաքական թիմի մարզիչների կազմը հաստատվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից` օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Հոդված 18.6. Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքները

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները եւ սպասարկող անձնակազմը մարզաձեւերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կարող են կնքել երկկողմ պայմանագրեր:

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկներն իրավունք ունեն`

ա) ուսումնամարզական հավաքների եւ միջազգային միջոցառումներին մասնակցության շրջանում ստանալ օրապահիկ, գիշերավարձ, հանդերձանք եւ մարզական համազգեստ.

բ) օգտվել ազգային մարզական կենտրոններ հանդիսացող  (անկախ դրանց սեփականության ձեւից) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցներից.

գ) օգտվել պետական գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, լաբորատորիաների եւ ուսումնական հաստատությունների փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական եւ այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական բժշկակենսաբանական ու տեխնիկական նվաճումներից.

դ) օգտվել բժշկական հակադոպինգային սպասարկումից, ինչպես նաեւ հիվանդությունների եւ վնասվածքների դեպքում բժշկական հաստատություններում, բժշկամարզական դիսպանսերներում ստանալ համապատասխան բուժում.

ե) օգտվել պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի, մարզաձեւերի ֆեդերացիաների եւ օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռք բերված ժամանակակից նյութատեխնիկական հանդերձանքից (մարզական գույք, մարզական համազգեստ, եւ այլն).

զ) արժանանալ սպորտային կոչումների` «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ», ինչպես նաեւ ներկայացվել պարգեւատրման` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի եւ ՀԱՕԿ-ի դիպլոմներով ու պատվոգրերով, կառավարական պարգեւներով` օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մարզական բարձրագույն նվաճումների հասնելու, համապատասխան մարզաձեւի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար.

է) մարզումների, մարզական հավաքների եւ միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակ ապահովագրվել դժբախտ պատահարների պատճառած վնասներից.

ը) մասնակցել անհատական պլանով նախապատրաստման նախագծերի ծրագրմանը, մշակմանն ու վերլուծությանը:

Սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 18.7. Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների պարտականությունները

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են`

ա) հանդես գալով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո` արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում` օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում եւ իրենց նվաճումներով ամրապնդել հայրենիքի մարզական փառքը.

բ) դրսեւորել քաղաքացիական դիրքորոշում,  բարոյակամային բարձր հատկանիշներ, տիրապետել ֆիզկուլտուրայի եւ սպորտի, օլիմպիական եւ միջազգային մարզական շարժման մասին գիտելիքներին.

գ) անձնական օրինակով նպաստել հավաքական թիմում համերաշխության, ընկերական մթնոլորտի, ազնիվ մրցակցության սերմանմանը, հարգալից վերաբերմունքի ձեւավորմանը հավաքական թիմի ղեկավարության, սպասարկող անձնակազմի, մրցավարների եւ երկրպագուների նկատմամբ.

դ) բարեխղճորեն եւ ստեղծագործաբար կատարել հավաքական թիմի ղեկավարության հրահանգները, մարզչական կազմի պահանջներն ու խորհուրդները.

ե) չխախտել մարզական ռեժիմը, չօգտագործել Միջազգային Օլիմպիական Կոմիտեի, մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված դեղամիջոցները եւ մեթոդները (թմրադեղեր, խթանիչներ եւ այլն).

զ) պահպանել համակեցության նորմերը, հասարակական կարգ ու կանոնը.

է) խնամքով վերաբերվել մարզական համազգեստին, գույքին, հանդերձանքին, սարքավորումներին եւ մարզական այլ պարագաներին.

ը) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, ՀԱՕԿ-ի, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների եւ հովանավոր կազմակերպությունների հետ կնքած պայմանագրի պահանջները:

Աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքական թիմի մարզիկ- անդամների նկատմամբ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ:

Հոդված 18.8. Հավաքական թիմի մարզիչների ու մասնագետների իրավունքները

 Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պետք է ունենան համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, հինգ տարուց ոչ պակաս պրակտիկ աշխատանքի փորձ? Նրանք նշանակվում են համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների կողմից:

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները իրավունք ունեն`

ա) ստանալ աշխատավարձ, դրամական պարգեւ, պատվովճար, պարգեւատրում, թոշակ, խրախուսման այլ ձեւեր օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մարզիկների կողմից ցույց տրված սպորտային բարձր արդյունքների համար.

բ) ներկայացվել պետական պարգեւների` օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի օլիմպիադայում մարզիկների եւ նրանց մարզիչների կողմից ցույց տրված բարձր նվաճումների համար: «Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ», «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» կոչումների շնորհման:

Սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

Հոդված 18.9. Հավաքական թիմի մարզիչների ու մասնագետների պարտականությունները

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են`

ա) ապահովել ուսումնամարզական գործընթացի ժամանակակից մեթոդական եւ կազմակերպչական մակարդակը, օպերատիվ ու հեռանկարային պլանավորումը` միջազգային միջոցառումներին նախապատրաստման եւ մասնակցության անցած փուլերի վերլուծության հիման վրա.

բ) հավաքական թիմում սերմանել ընկերական մթնոլորտ, գործնական մրցակցություն ու հարգալից վերաբերմունք հավաքական թիմի սպասարկող անձնակազմի, մրցավարների եւ երկրպագուների նկատմամբ.

գ) հասնել հայկական սպորտի հեղինակության ամրապնդմանը միջազգային մրցասպարեզում.

դ) արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ միջոցառումներին:

Հոդված 18.10. Հավաքական թիմի ղեկավարումը

Հավաքական թիմի ղեկավարումը միանձնյա ղեկավարության իրավունքով իրականացնում է գլխավոր (ավագ) մարզիչը հավաքական թիմի մյուս մարզիչների հետ, ովքեր պատասխանատու են թիմի անդամների մրցաշարերին նախապատրաստման մակարդակի եւ ելույթների արդյունքների, համալիր նպատակային ծրագրերի իրագործման, ուսումնամարզական հավաքների անցկացման, դաստիարակչական աշխատանքների եւ թիմում տիրող հոգեբանական մթնոլորտի համար:

Գլխավոր մարզիչը ղեկավարում է հավաքական թիմի խորհուրդը:

Ըստ մարզաձեւի խմբերի եւ առանձին ենթամարզաձեւերի (ճյուղերի) մարզիչները մարզիկների անձնական մարզիչների հետ համատեղ մարզիկների մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերի հիման վրա մշակում եւ իրականացնում են մարզիկների անհատական նախապատրաստման պլանները (ծրագրերը), անմիջականորեն մասնակցում են մարզումային գործընթացին:

Հոդված 18.11. Հավաքական թիմերի մասնագետները

Հավաքական թիմի բժիշկները հետեւում են մարզիկների առողջությանը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են նրանց բուժումն ու վերականգնումը, ինչպես նաեւ հսկողության տակ են առնում մարզիկների հաշվեկշռված սնունդն ու այն վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները, որտեղ ընթանում է ուսումնամարզական գործընթացը:

Հավաքական թիմի մերսողները ենթարկվում են թիմի բժիշկին, ապահովում են մարզիկների վերականգնումը, անցկացնում են ֆիզիոթերապեւտիկ մեթոդներով պրոցեդուրաներ: Հավաքական թիմերը սպասարկող գիտական խմբերի մասնագետները աշխատում են հավաքական թիմի գլխավոր (ավագ) մարզիչի ղեկավարությամբ, իրականացնում են նրանց նախապատրաստվածության ֆունկցիոնալ վիճակի ու տեխնիկական մակարդակի ընթացիկ եւ համալիր վերահսկողություն, մարզչական կազմի հետ համատեղ մշակում են մարզիկների` մրցաշարերին նախապատրաստման  համալիր նպատակային ծրագրերը:

Հավաքական թիմերի մյուս մասնագետները (զինական եւ նավային վարպետները, մեխանիկները, ձիապանները եւ այլն) իրենց աշխատանքը կատարում են համաձայն համապատասխան ազգային ֆեդերացիաների կողմից հաստատված պաշտոնական հրահանգների:

Հոդված 18.12. Հավաքական թիմի նյութատեխնիկական եւ ֆինանսական ապահովվածությունը

Հավաքական թիմերի նախապատրաստման եւ օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, միջազգային այլ մրցաշարերին մասնակցությունը` այդ թվում նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` պետական բյուջեի միջոցների, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»: