Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-164-28.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «(բացառությամբ բնական գազի)» բառերից հետո լրացնել «, քսայուղերը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված թեթեւ մարդատար ավտոմեքենաները» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ եւ 7-րդ մասերով.

«6. Առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքերի օտարման մասով ակցիզային հարկ վճարող է համարվում հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն ստանձնած անձը:

7. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում եւ 5-րդ հոդվածի 2-րդ մասում «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ կոնյակի սպիրտի)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «գ» կետով.

«գ) առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 1-ին մասի աղյուսակում`

ա. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«2206 (բացառությամբ 2206 00 390, 2206 00 590, 2206 00 890)
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային գինիների եւ գինենյութի
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք
կամ 1 լիտր
25 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
270 դրամ»,

բ. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին վերաբերող տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող.

2206 00 390, 2206 00 590, 2206 00 890
պտղային, հատապտղային, մրգային եւ այլ գինիներ
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք
կամ 1 լիտր
10 տոկոս, բայց
ոչ պակաս, քան
1 լիտրի համար
100 դրամ»,

գ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2208 (բացառությամբ 2208 20,
2208 30,
2208 40)
սպիրտային խմիչքներ
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
կամ 1 լիտր
ներմուծման դեպքում` մաքսային արժեք
կամ 1 լիտր
50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ»,

դ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին վերաբերող տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող.

«2208 20


2208 30

2208 40

սպիրտային թրմեր` ստացված խաղողի գինու թորման արդյունքում կամ խաղողի ճզմամբ

վիսկի

ռոմ եւ այլ սպիրտային թրմեր` ստացված խմորված մթերքների թորման արդյունքում շաքարաեղեգից

տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
կամ 1 լիտր,
100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով

ներմուծման դեպքում` մաքսային արժեք
կամ 1 լիտր,
100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝

ա. 1-ից մինչեւ 3 տարի ներառյալ հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 ՀՀ դրամից,

բ. 4-ից մինչեւ 5 տարի ներառյալ հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 ՀՀ դրամից,

գ. 6-ից մինչեւ 10 տարի ներառյալ հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 ՀՀ դրամից,

դ. 11-ից մինչեւ 15 տարի ներառյալ հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 ՀՀ դրամից,

ե. 16-ից մինչեւ 19 տարի ներառյալ հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 ՀՀ

դրամից,

զ. 20 եւ ավելի տարի հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 ՀՀ դրամից»,

ե. ԱՏԳ ԱԱ 271019810 ծածկագրին դասվող տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2710 19 710-
2710 19 980
Քսայուղեր
տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
կամ 1 կգ
ներմուծման դեպքում` մաքսային արժեք
կամ 1 կգ
10 տոկոս,
բայց ոչ
պակաս, քան
1 կգ-ի համար
400 դրամ»,

2) 5-րդ մասը՝

ա. «2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի եւ չշշալցված կոնյակի սպիրտի)» բառերը,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքներ ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել ապրանքի հնեցման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնեցման աստիճանի վերաբերյալ շշի կամ այլ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 20, 2208 30, 2208 40 ծածկագրերին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «ե» կետով.

«ե) 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց:»:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված՝ նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել ՀՀ ներմուծվելիք ապրանքների տեսականու եւ քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաեւ սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ»:

Հոդված 7. Օրենքի 7.1-րդ եւ 7.2-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9-րդ եւ 10-րդ մասերով.

«9. Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումը օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից վարվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձի կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունը ստանձնած անձի անունով` համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:

10) առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեության իրականացման համար տրամադրվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, բացառությամբ՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ակցիզային հարկի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են, վերաձեւակերպվում եւ նվազեցում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:»:

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մաս.

«3. Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների մասով վճարված ակցիզային հարկի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերի ու 2-րդ կետի «բ» ենթակետի:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերն ու 2-րդ կետի «բ» ենթակետը ուժի մեջ են մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:


Հիմնավորում

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հնարավորությունների ձեւավորման, բոլոր տեսակի յուղերը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների խմբում ներառելու, պտղային, հատապտղային եւ մրգային գինիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափի իջեցման, կոնյակ արտադրող անձանց 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը ակցիզային հարկից ազատելու, ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի նվազագույն դրույքաչափերի վերանայման, ինչպես նաեւ «Ակցիզային պահեստ» ռեժիմի վերանայման անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`

ա) առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն,

բ) ակցիզային հարկով հարկման ենթակա են միայն շարժիչային յուղերը, ինչը դժվարացնում է մաքսային մարմինների կողմից արդյունավետ վարչարարության իրականացումը եւ ստեղծում է հարկումից խուսափելու հնարավորություններ,

գ) պտղային, հատապտղային եւ մրգային գինիները հարկվում են ակցիզային հարկի բավական բարձր դրույքաչափերով` տեղական արտադրության դեպքում` բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի), իսկ ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 25 տոկոսի, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 270 դրամ դրույքաչափով, ինչը չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում պտղային, հատապտղային եւ մրգային գինիների արտադրության զարգացմանը,

դ) կոնյակի արտադրության համար որպես հումք օգտագործվող` 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց հարկվում է ակցիզային հարկով, մինչդեռ կոնյակի արտադրությունում օգտագործվող կոնյակի սպիրտը ազատված է ակցիզային հարկից, ինչի արդյունքում ձեւավորվում են հարկման անհավասար պայմաններ,

ե) ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների համար սահմանված՝ ակցիզային հարկի նվազագույն չափը գործնականում չի կիրառվում (քանի որ այն խիստ ցածր է, եւ ակցիզային հարկի հաշվարկային դրույքաչափը բոլոր դեպքերում գերազանցում է ակցիզային հարկի նվազագույն չափին), ինչը ակցիզային հարկով հարկման ենթակա նշյալ ապրանքների արտադրություն-իրացում շղթայում ստեղծում է հարկումից խուսափելու հնարավորություններ,

զ) կիրառվում է «Ակցիզային պահեստ» ռեժիմը, որը սակայն, հարկային վարչարարության տեսանկյունից արդյունավետ գործիք չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`

ա) կարգավորել առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները,

բ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների խմբում ներառել բոլոր քսայուղերը, միաժամանակ, արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքի բարձրացումը կանխելու նպատակով ներդնելով արդյունաբերական նշանակության յուղերի համար վճարված ակցիզային հարկի գումարները այդ քսայուղերն օգտագործողներին վերադարձման համակարգ,

գ) պտղային, հատապտղային եւ մրգային գինիները հարկել ակցիզային հարկի առավել ցածր դրույքաչափերով` տեղական արտադրության դեպքում` բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի), իսկ ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 10 տոկոսի, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամի չափով,

դ) կոնյակի արտադրության համար որպես հումք օգտագործվող` 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց ազատել ակցիզային հարկով հարկումից,

ե) բարձրացնել ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների մասով սահմանված՝ ակցիզային հարկի նվազագույն չափը՝ միաժամանակ վերջինս կապելով նշյալ ապրանքների հնեցման աստիճանի հետ,

զ) վերացնել «Ակցիզային պահեստ» ռեժիմը:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է ակցիզային հարկով հարկման համակարգի կատարելագործմանը:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերություններն են, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը, ինչպես նաեւ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների օտարման նվազագույն գները:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

ա) կարգավորել առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները,

բ) արդյունավետ ձեւով կառավարել քսայուղերի ներմուծման փուլում ակցիզային հարկով հարկումից խուսափելու ռիսկերը,

գ) նպաստել պտղային, հատապտղային եւ մրգային գինիների արտադրության զարգացմանը,

դ) կոնյակի արտադրության համար որպես հումք օգտագործվող` 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց ազատել ակցիզային հարկով հարկումից,

ե) բարձրացնել ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների մասով սահմանված՝ ակցիզային հարկի նվազագույն չափը, ինչը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ ձեւով կառավարել ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների արտադրություն-իրացում շղթայում ակցիզային հարկով հարկումից խուսափելու ռիսկերը: