Armenian ARMSCII Armenian
Կ-482-29.12.2022-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019թ. հոկտեմբերի 1-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ  ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող եւ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն, դրանում առկա է օրենքի փոփոխություն նախատեսող դրույթ:

Մասնավորապես, Նախագծի 8.9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ սելեկցիոնների թույտվությունը, ի թիվ այլոց, պահանջվում է պահվանվող սորտի սերմնանյութը ցանելու եւ առեւտրայի նպատակներով բազմացնելու համար պիտանի վիճակին հասցնելու համար:

Սելեկցիոն նվաճման նկատմամբ գործողությունների ցանկը, որոնց համար անհրաժեշտ է ստանալ թույտվություն, սահմանված է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, որը չի պարունակում Նախագծի 8.9-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով սահմանված գործողությունը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթների հիմքերով, իսկ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում՝ նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքերով:

Նախարարի առաջին տեղակալ՝        Քրիստիննե Գրիգորյան

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԿՈՂՄԵՐԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ Կողմերի միջեւ փոխշահավետ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում տնտեսական համագործակցության զարգացման համար, ինչպես նաեւ վերացնել կամ նվազեցնել Կողմերի միջեւ առեւտրային արգելքները, որպեսզի ապահովվի բիզնեսի ծախսերի նվազեցումն ու տնտեսական արդյունավետության բարձրացումը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Եվրասիական տնտեսական միության, Սինգապուրի Հանրապետության միջեւ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար Կողմերի համապատասխան ներքին բոլոր իրավական ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումների փոխանակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած Կողմերից միայն Բելառուսի Հանրապետության կողմից են իրականացվել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                              ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, այդ թվում՝ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

Միաժամանակ հաշվի առնելով այն, որ Համաձայնագրով կողմերը պարտավորվում են չկիրառել մաքսատուրքեր Համաձայնագրի հավելվածներով նախատեսված ապրանքների նկատմամբ՝ գտնում ենք, որ Համաձայնագրի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛  պարոնայք,

Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 06/14763-2021 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝              ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին: Սինգապուրի Հանրապետություն հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման բանակցությունները իրականացվել են Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման մասով բանակցություններ սկսելու մասին» թիվ 16 որոշման համաձայն:

Հաշվի առնելով Սինգապուրի Հանրապետության առեւտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առեւտրի, այնպես էլ ծառայությունների եւ ներդրումների իրականացման մասով:

Եվրասիական տնտեսական  հանձնաժողովի 2016  թվականի դեկտեմբերի 21-ի «Սինգապուրի Հանրապետության հետ առեւտրատնտեսական համագործակցության աշխատանքների կազմակերպման որոշ հարցերի մասին» թիվ 26 կարգադրության համաձայն՝ ամրագրվել է վերոնշյալ երկու ուղղություններով բանակցային գործընթացների զուգակցման սկզբունքը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների իրավասությունների տարանջատման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդհանուր համակարգման անհրաժեշտության հարցերը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 27 կարգադրությամբ հաստատված՝ Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման բանակցությունների անցկացման Դիրեկտիվների համաձայն՝ ապրանքների, ծառայությունների եւ ներդրումների շուկա մուտքի ազատականացման մասով համաձայնությունների հիման վրա պետք է ձեւավորվի Սինգապուրի հետ արտոնյալ առեւտրի մասով փոխադարձ պարտավորությունների միասնական փաթեթ:

Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ համաձայնեցվել է փաթեթային համաձայնությունների ամրագրման հետեւյալ ձեւաչափը.

Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է թվով 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում  բանակցություններ են տարվել նաեւ Շրջանակային համաձայնագրի կնքման մասով, որի նպատակն է ձեւավորել պայմանավորվածությունների «փաթեթ»՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձեւաչափով, ինչպես նաեւ երկկողմ բանակցություններ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման համաձայնագրերի կնքման վերաբերյալ:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են՝ «Ապրանքների առեւտուրը», «Առեւտրի պաշտպանական միջոցները», «Ապրանքների ծագումը որոշելու կանոնները», «Առեւտրի տեխնիկական խոչընդոտները», «Մաքսային համագործակցությունը եւ առեւտրի դյուրացումը», «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները», «Մտավոր սեփականությունը», «Էլեկտրոնային առեւտուրը», «Պետական գնումները», «Մրցակցությունը», «Էկոլոգիա»:

«Թափանցիկությունը» բաժնի շրջանակներում ստեղծվել է Համաձայնագրի կիրարկման վրա ազդող ցանկացած միջոցի վերաբերյալ Կողմերից մեկի պահանջով տեղեկատվության պարտադիր տրամադրման մեխանիզմ:

«Առեւտրի պաշտպանական միջոցները» բաժինն ապահովում է ԱՀԿ նորմերին համապատասխան հակագնագցման, փոխհատուցման եւ հատուկ պաշտպանական միջոցների կիրառումը: Բացի դրանից, նախատեսվել է առեւտրի պաշտպանության միջոցների բնագավառում ԵԱՏՄ եւ Սինգապուրի համագործակցության ընդլայնումը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանողների շահերը՝ թափանցիկության բարձրացման միջոցով:

«Մաքսային համագործակցությունը եւ առեւտրի դյուրացումը» բաժինը մշակվել է ԱՀԿ համաձայնագրերի դրույթների եւ նորմերի, առաջին հերթին՝ առեւտրի դյուրացման ընթացակարգերի մասին Համաձայնագրի հիման վրա: Նախատեսվում է ստեղծել փոխադարձ առեւտրում գործարար շրջանակների համագործակցությանն ուղղված մեխանիզմներ (տեղեկատվական կենտրոնների ստեղծում, նախնական որոշումների ընդունում եւ այլն):

«Մրցակցությունը» բաժնի շրջանակներում սահմանվում է հակամրցակցային գործողությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը եւ դրա տեսակները: Նախատեսվում է հատուկ մեխանիզմների հիման վրա Սինգապուրի իրավասու մարմինների հետ համագործակցության ընդլայնումը:

«Պետական գնումները» բաժնի մեջ ներառվել են գնումների (այդ թվում՝ Համացանցում իրականացվող) իրականացման թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված դրույթներ: Նախատեսվում է նաեւ էլեկտրոնային գնումների ոլորտում տեղեկատվության եւ փորձի  փոխանակում:

«Էլեկտրոնային առեւտուրը» բաժնում ամրագրվել են էլեկտրոնային առեւտրի ոլորտում սպառողների շահերի եւ անձնական տվյալների պաշտպանության դրույթներ, ինչպես նաեւ հիմք է դրվել էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային վավերացման մեթոդների փոխճանաչման օգտագործման ընդլայնման համար:

«Մտավոր սեփականության իրավունքները» բաժինը ներառում է ինչպես մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության եւ պահպանման ընդհանուր կանոններին, այնպես էլ դրա առանձին օբյեկտներին վերաբերող առանձին հարցերի մասով դրույթներ: Ամրագրվել են Կողմերի պարտավորությունները մտավոր սեփականության օբյեկտների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հասանելիության վերաբերյալ:

«Առեւտրի տեխնիկական խոչընդոտները» բաժնում ներկայացված են ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մշակման եւ կիրառման գործընթացների թափանցիկությունը բարձրացնող դրույթներ: Վերոնշյալ բաժնում նախատեսված է նաեւ համագործակցության մեխանիզմը՝ ներառյալ G2B (պետություն-մասնավոր հատված) ձեւաչափը: Ամրագրված են տեխնիկական կանոնակարգման միջոցների կիրառման ընդհանուր սկզբունքները եւ կանոնները: Նախատեսված են նաեւ հետագայում Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված ոլորտային համաձայնագրերի կնքման դրույթներ:

«Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները» բաժինը հիմնված է ԱՀԿ սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ Համաձայնագրի դրույթների վրա: Բաժնում ամրագրված են սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների կիրառման դեպքում թափանցիկության ապահովման վերաբերյալ համաձայնության ամրագրման դրույթներ: Առեւտրում կիրառվող գաղտնի սահմանափակումների ուղղությամբ աշխատանքների շրջանակներում Համաձայնագրում ներառվել է Կողմերի կողմից կիրառվող միջոցների մասով տեխնիկական խորհրդատվությունների անցկացման մեխանիզմ:

Համաձայնագրով նախատեսված մեխանիզմը հնարավորություն է ստեղծում խորհրդակցությունների միջոցով վեճերի կարգավորման, ինչպես նաեւ վեճերի փոխանցման համար:

Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի ?1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1գ1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ
 

Հայաստանի Հանրապետության վարչապետի նամակ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հավելվածներ