Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2026
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը
Դրույքաչափը (դրամ)
8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչեւ 10 մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար 3750
8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 եւ ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 20, 8702 30, 8702 40 000 եւ 8702 90 ծածկագրերով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000
8704 21
8704 31
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5 000
8704 22
8704 32
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000
8704 23 բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000»:

Հոդված 3. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար Օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը: Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) բնապահպանական հարկ վճարողները պահպանում են հետագայում բնապահպանական հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում մաքսային մարմիններն ստուգում են սույն բաժնին համապատասխան բնապահպանական հարկի հաշվարկված եւ վճարված լինելը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Սույն բաժնին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը եւ հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ: Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների գծով բնապահպանական հարկի պարտավորությունների (այդ թվում՝ վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:

Բնապահպանական հարկ վճարողները Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում մաքսային մարմիններ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթեւեկության անվտանգության մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ բնապահպանական հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը հավաստող` Օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասում նշված համապատասխան փաստաթղթերը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասը «մուտք գործողները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության սահմանով մուտք գործելուց  հետո վերադառնում են՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում չլքելով սահմանային անցման կետում տեղակայված մաքսային հսկողության գոտու տարածքը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 191-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների համար՝ լիազոր մարմնի տված տեղեկանքը բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը ճանապարհների անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու վերաբերյալ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 193-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում եւ վճարվում է հետեւյալ կարգով.

1) Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.

2) Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող
15 օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր մուտքի համար Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում 15 օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ 15 օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու (սույն մասի
2-րդ կետում նշված դեպքում՝ վերջին մուտքից հաշված) տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող հինգերորդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը:

Սույն մասին համապատասխան կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը եւ հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:».

4) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գծով ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:».

5) 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս եւ» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների մասով բնապահպանական հարկի եւ (կամ) ճանապարհային հարկի հարաբերությունների նկատմամբ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

06.02.2026
Երեւան
ՀՕ-7-Ն