Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2001
  Հոդված 1. Հողի հարկի գծով ժամկետանց հարկային պարտավորությունների վճարման կարգը

1. Համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 1994-1999 թվականների հողի հարկի վճարման ժամկետը համայնքի ավագանու որոշմամբ կարող է հետաձգվել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը՝ համայնքի ավագանու սահմանած ժամանակացույցի (այսուհետ՝ ժամանակացույց) համաձայն:

2. Մինչեւ որոշումն ընդունելը վճարումներ կազմակերպողը՝ համայնքի ղեկավարը, հողի հարկ վճարողների՝ 1994-1999 թվականների հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններն ստանալու նպատակով գրավոր դիմում է տարածքային հարկային մարմին: Վերջինս դիմումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վճարումներ կազմակերպողին տրամադրում է պահանջվող տեղեկությունները:

3. Այդ տեղեկությունների հիման վրա համայնքի ավագանին ընդունում է որոշում՝ 2001-2005 թվականների բյուջետային տարիներն ընդգրկող ժամանակացույցը սահմանելու մասին: Ընդ որում, յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվելիք գումարը կարող է սահմանվել 1994-1999 թվականների համար հաշվարկված եւ չվճարված հողի հարկի հետեւյալ չափերով.

ա) մինչեւ 2001 թվականի վերջը՝ 10 տոկոսը.

բ) մինչեւ 2002 թվականի վերջը՝ 30 տոկոսը.

գ) մինչեւ 2003 թվականի վերջը՝ 50 տոկոսը.

դ) մինչեւ 2004 թվականի վերջը՝ 75 տոկոսը.

ե) մինչեւ 2005 թվականի վերջը՝ 100 տոկոսը:

4. Համայնքի ավագանին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հաստատում է, ինչպես նաեւ մարզպետին ու տարածքային հարկային մարմին է ներկայացնում ժամանակացույցը:

5. Այդ ժամանակացույցի համաձայն՝ հարկատուները, վճարած հարկի գումարներին համամասնորեն, ազատվում են դրանք՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:

6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը 1994-1999 թվականներին չվճարված հողի հարկի դիմաց օրենսդրությամբ հաշվարկված եւ վճարված տույժերի գումարը հաշվանցվում է հարկատուների՝ նույն համայնքի տարածքում գտնվող օբյեկտների հողի հարկի եւ գույքահարկի ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

Հոդված 2. Սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկից ազատելը

1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ վճարողներն ազատվում են 1994-1999 թվականներին հաշվարկված եւ չվճարված հողի հարկից, ինչպես նաեւ հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արտոնություն ստացող բնակավայրերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ չօգտագործվող հողատարածքներինը՝ մարզպետը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն հոդվածով սահմանված հարկ վճարողների կողմից 1994-1999 թվականների համար վճարված հողի հարկի, ինչպես նաեւ այն սահմանված ժամկետից ուշ վճարելու համար տույժերի գումարները հաշվանցվում են հարկատուների՝ նույն համայնքի տարածքում գտնվող հարկվող օբյեկտների հողի հարկի եւ գույքահարկի ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

Հոդված 3. Հողի հարկի վճարման ընթացակարգը

Հողի հարկի ժամկետանց հարկային պարտավորությունների վճարման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 ապրիլի 2001թ,
ՀՕ-162




28.06.2002 «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին