Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.1998

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածում՝

ա) 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Գործատուները սոցիալական վճարումները կատարում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող եւ դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական ոչ պակաս 2500 եւ ոչ ավելի 20 հազար դրամից:

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից, որոնց պահումները կատարում եւ լիազորված մարմին են փոխանցում գործատուները:».

բ) 4-րդ կետում «նվազագույն աշխատավարձի հարյուրհիսուն-վեցապատիկը» բառերը փոխարինել «150 հազար դրամը» բառերով.

գ) 5-րդ կետում «ամսական նվազագույն աշխատավարձի մեկուկեսից ոչ պակաս եւ տասներեքից ոչ ավելի չափով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ամիս ոչ պակաս 1500 եւ ոչ ավելի 20 հազար դրամի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6 հոդվածի 5-րդ կետի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչեւ 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ՝ ապառքի 0,2 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաեւ ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար:»:

Հոդված 3. Օրենքի 7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 7. Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, ապահովադրի համաձայնությամբ՝ առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին՝ դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում, որից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար լիազորված մարմինը վճարում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0,2 տոկոսի չափով:»:

Հոդված 4. Օրենքի 9 հոդվածի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) գործատուների մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող եւ դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռներեցների, գիտական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղված, ինչպես նաեւ սույն հոդվածում չնշված անձանց մոտ՝ սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման եւ վճարման փաստաթղթերի ստուգում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.»:

Հոդված 5. Օրենքի 10 հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները, գիտական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են որպես ապահովադիր գրանցվել լիազորված մարմնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13 հոդվածով՝

«Հոդված 13. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Այդ կապակցությամբ օրենքի 13 հոդվածը համարել 14 հոդված:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 դեկտեմբերի 1998թ.
ՀՕ-266