Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 1-ին հոդվածում`

ա) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Ապահովադիր՝ սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական եւ ֆիզիկական անձ, պետական եւ համայնքային ենթակայության հիմնարկ:».

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել եւ աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել որոշակի աշխատանքների կատարման:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:».

բ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական եւ համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք՝ իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաեւ վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:».

գ) 4-րդ մասի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները).».

դ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասի «դ» եւ «ե» ենթակետերը.

ե) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական եւ այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:

Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված չափով:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:».

բ) ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի երրորդ պարբերությունը, 4-րդ մասը եւ 5-րդ մասի երրորդ պարբերությունը.

բ) 5-րդ մասը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «(ձեռներեցները)» բառով.

գ) 5-րդ մասի առաջին պարբերությունը «մինչեւ 1200000 դրամ 15 տոկոս» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս 60 հազար դրամից» բառերով.

դ) 5-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «գործատուներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ վճարող անձինք» բառերը փոխարինել «գործատուները» բառով.

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.

գ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը լիազոր մարմին են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչեւ օրացուցային տարվան հաջորդող մարտի 25-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Հայտարարագրի ձեւը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը եւ գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի «ա» ենթակետում`

- «գործատուները» բառից հետո ավելացնել «վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների)» բառերը,

- «անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները)» բառերով,

- «անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի)» բառերից հետո հանել «գիտական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղված» բառերը:

Հոդված 7. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը

1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման վայրի:»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներում «գանգատարկել», «գանգատարկման» եւ «գանգատարկվել» բառերը փոխարինել համապատասխանաբար «բողոքարկել», «բողոքարկման» եւ «բողոքարկվել» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-476