Armenian      
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին
Բռնադատվածների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.1997

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1. Օրենքի 30 հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 30. Հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը

1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաեւ մանկուց հաշմանդամ երեխաներին, Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսուց), երթեւեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»։

2. Օրենքի 34 հոդվածը (1994 թվականի հոկտեմբերի 31-ի Հ.Ն.-1101-1-ՀՕ-120 օրենքի խմբագրությամբ) շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 34. Հաշմանդամների կենցաղային սպասարկումը

1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաեւ մանկուց հաշմանդամ երեխաներին, էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաեւ հեռախոսի եւ ռադիոյի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»։

Հոդված 2. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1. Օրենքի 34 հոդվածի (1996 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-78 օրենքի խմբագրությամբ) չորրորդ մասը շարադրել հետեւյակ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձաց զինծառայողները, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներն օգտվում են գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, հեռախոսի եւ ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից, իսկ էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման վարձի վճարման համար նրանց տրվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»։

2. Օրենքի 36 հոդվածը (1996 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-78 օրենքի խմբագրությամբ) շարադրել հետեւյակ խմբագրությամբ.

«Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսուց), անվճար երթեւեկելու իրավունքից։

Արձակուրդի անցկացման վայր մեկնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում զինծառայողները մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսուց), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի նրանց ուղեկցող անդամները՝ 50 տոկոս զեղչով։

Ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ պայմաններով։

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձաց զինծառայողները, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, օգտվում են  Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսուց), անվճար երթեւեկելու իրավունքից»։

Հոդված 3. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1.  Օրենքի 9 հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 9. Բռնադատվածին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսուց), երթեւեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»։

2. Օրենքի 10 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Բռնադատվածին գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաեւ հեռախոսի եւ ռադիոյի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։

Բռնադատվածն ունի դեղորայքի արժեքի (ըստ դեղատոմսի) վճարի 50 տոկոս զեղչի իրավունք»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից։

Հոյաստանի Հանրապետության
Նախագահ՝  Լ. Տեր-Պետրոսյան

Երեւան
26 հունիսի 1997 թ.
ՀՕ-123