Armenian   Russian    
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2002

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-337, այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Համայնքի վարչական տարածքը

Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաեւ բնակավայրերից դուրս գտնվող հողերը, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, Հայաստանի Հանրապետությունը:

Համայնքների վարչական սահմանների նկարագրությունը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի`

1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.».

2) 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 -րդ կետ.

«71 ) դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի՝ օրենքին եւ իրավական այլ ակտերին հակասող որոշումները.».

3) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների եւ օտարման գների չափերը եւ պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները.».

4) 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«27) հաստատում է քաղաքային եւ գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը եւ գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադա-սությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այդ առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի՝ օրենքին կամ իրավական այլ ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից ավագանու որոշումները պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի`

1) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.».

2) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին.».

3) 15-րդ կետը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման» բառերով:»:

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի «հավաքումը (գանձումը) եւ վերահսկումը» բառերը փոխարինել «գանձումը, » բառով:

Հոդված 6. Օրենքի 37-38-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառում

Համայնքի ղեկավարը քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) կառավարության սահմանած կարգով կազմում է քաղաքային եւ գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաները, գոտիավորման այլ փաստաթղթեր:

Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը կազմում է Երեւանի քաղաքապետը եւ Երեւանի խորհրդի համաձայնությամբ ներկայացնում է կառավարության հաստատմանը.

2) սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը եւ ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

3) սահմանված դեպքերում եւ կարգով համայնքի բնակչությանը իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին, կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը.

4) սահմանված կարգով տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, օրենքով սահմանված կարգով միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.

5) սահմանված կարգով ձեւակերպում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը եւ օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետեւանքների վերացումը.

6) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

7) իրականացնում է համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառումը եւ բաշխումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

8) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

9) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների եւ ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի եւ այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

10) կազմակերպում եւ կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի եւ այլ կառուցվածքների շահագործումը.

11) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը եւ կանաչապատումը.

12) կազմակերպում է աղբահանությունը.

13) կազմակերպում է գերեզմանատների գործունեությունը եւ դրանց պահպանման աշխատանքները.

14) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովները եւ աջակցում է դրանց անցկացմանը, ինչպես նաեւ օրենքով սահմանված՝ բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձեւավորմանը: Ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան.

15) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

16) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1) իրականացնում է բնակարանային եւ սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը եւ կապիտալ վերանորոգումը.

2) իրականացնում է կառուցապատման աշխատանքները.

3) կազմում է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, ըստ անհրաժեշտության մշակվող, քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը.

4) կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը եւ պահպանությունը.

5) կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը եւ շահագործումը:

Հոդված 38. Համայնքի ղեկավարի գործունեությունը հողօգտագործման բնագավառում

Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) կառավարության սահմանած կարգով կազմում է քաղաքային եւ գյուղական համայնքների հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաները.

2) համայնքի հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ եւ սահմանած պայմաններով, սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողամասերը.

3) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

4) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կանխարգելում, կասեցնում եւ վերացնում է ապօրինի հողօգտագործումները:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունները.

1) սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը եւ կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

2) համայնքի հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան՝ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերը.

3) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի եւ համայնքի սահմանանիշերի պահպանությունը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1) իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողամասերի բարելավման աշխատանքներ.

2) իրականացնում է ներտնտեսային հողաշինարարական աշխատանքներ:»:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունից հանել «մասնագիտացված» բառը:

Հոդված 8. Օրենքի 47-րդ՝

1) հոդվածի առաջին մասի «հողերն օրենքով» բառերը փոխարինել «հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով» բառերով.

2) հոդվածի երրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 49-րդ հոդվածի՝

1) երրորդ մասի «հանրային սեփականություն համարվող» բառերը փոխարինել «բազմաբնակարան շենքերի» բառերով, «հանգստի գոտիները» բառերը փոխարինել «ընդհանուր օգտագործման տարածքները» բառերով.

2) հինգերորդ մասի «կառավարության որոշմամբ» բառերից հետո լրացնել «հաստատված ցանկերին համապատասխան» բառերը:

Հոդված 10. Օրենքի 51-րդ`

1) հոդվածի երկրորդ մասը «հետգնման իրավունք» բառերից հետո լրացնել «հողամասի շուկայական գնով» բառերով.

2) հոդվածի չորրորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման այլ սահմանափակումները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 11. Օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասի՝

1) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների)» բառերը.

2) 3-րդ կետի «ա» ենթակետի «պահուստի» բառը փոխարինել «սեփականություն համարվող» բառերով.

3) 3-րդ կետի «է» ենթակետի «նվիրատվության ձեւով» բառերից հետո լրացնել «կամ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հողի սեփականության իրավունքից հրաժարվելու արդյունքում» բառերը.

4) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.

«թ) համայնքին նվիրատվության ձեւով տրամադրվող միջոցները:»:

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերից,» բառերը:

Հոդված 13. Օրենքի 72-րդ՝

1) հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մարզպետը, իսկ Երեւանում Երեւանի քաղաքապետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն՝ համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի՝ օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից օրենքները կամ այլ իրավական ակտերը պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը:».

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մասով.

«Մարզպետը կարող է դատական կարգով վիճարկել համայնքի ղեկավարի՝ օրենքին եւ իրավական այլ ակտերին հակասող որոշումները:»:

Հոդված 14. Օրենքի 73-րդ հոդվածի վեցերորդ մասից հանել «, իսկ եռօրյա ժամկետում՝ նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերը:

Հոդված 15. Օրենքի 74-րդ հոդվածից հանել «, իսկ եռօրյա ժամկետում՝ նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերը:

Հոդված 16. Օրենքի 75-րդ հոդվածի «ստանձնումը» բառից հետո լրացնել «համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, » բառերը:

Հոդված 17. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Միջհամայնքային միավորումների խնդիրները, իրավասությունները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 18. Օրենքի 79-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 79. Միջհամայնքային միավորումներ կազմելու կարգը

Միջհամայնքային միավորումներն ստեղծվում են համայնքների ղեկավարների կնքած եւ համայնքների ավագանիների հաստատած պայմանագրերի հիման վրա:»:

Հոդված 19. Օրենքի 82-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետը լրացնել « ՝ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ապահովելով դրանց գրանցումը» բառերով:

Հոդված 20. Օրենքի 84-րդ`

1) հոդվածի երկրորդ մասի «մինչեւ 2002 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչեւ 2003 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

2) հոդվածի երրորդ մասի «առաջին քաղաքաշինական գլխավոր հատակագծերի նախագծերի ու հողերի գոտիավորման եւ օգտագործման գծակարգերի» բառերը փոխարինել «քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների եւ գոտիավորման այլ փաստաթղթերի» բառերով.

3) հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում, տեղական ինքնակառավարման մարմիններին (Երեւան քաղաքում` նաեւ Երեւանի քաղաքապետին) է փոխանցում համայնքի (Երեւան քաղաքի) վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի սկզբնական հաշվառման տվյալները` հողերի ընթացիկ հաշվառումը եւ համայնքի (Երեւան քաղաքի) հողային հաշվեկշիռը կազմելու նպատակով:».

4) հոդվածի վեցերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի լիազորությունն այդ համայնքներին է փոխանցվում մինչեւ 2004 թվականի հունվարի 1-ը:».

5) հոդվածի յոթերորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) հոդվածի ութերորդ մասի «կնքված» բառը փոխարինել «սահմանված կարգով կնքված եւ պետական գրանցում ստացած» բառերով.

7) հոդվածի տասնմեկերորդ մասը լրացնել «՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, » բառերով:

Հոդված 21. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 85-րդ հոդվածով.

«Հոդված 85. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի, 32-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերի, 33-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 37-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերի, 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի, երկրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 39-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի եւ երկրորդ մասի, 45-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի դրույթներով սահմանված լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը:

2. Սույն օրենքի 28-րդ հոդվածը գործում է մինչեւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մասին համապատասխան օրենքն ընդունելը եւ սահմանված կարգով ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հունվարի 2003թ.
ՀՕ-493