ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ օգտագործման կարգը:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրհներգը
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:
4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի հավելվածով հաստատված երաժշտական խմբագրությամբ եւ տեքստի համապատասխանությամբ:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր կատարվում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ.
գ) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաեւ հերթական նստաշրջանների բացման եւ փակման ժամանակ.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելիս.
ե) օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական եւ միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, եւ երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաեւ զինվորական կանոնագրքերով եւ կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում՝ անկախ սեփականության ձեւից, ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը ազդարարելիս.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում` անկախ սեփականության ձեւից, ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ.
բ) պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների ժամանակ.
գ) հուշարձանների, հուշաքանդակների եւ հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:
3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում օրհներգի կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձեւից, ամեն օր`
ա) հեռարձակման սկզբին եւ ավարտին.
բ) ժամը 6.00-ին եւ 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում.
գ) Ամանորի գիշերը` Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումները կարող են օգտագործվել ձայնագրությամբ, տեսագրությամբ հեռուստառադիոհեռարձակման միջոցով:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը մարզական միջոցառումների ժամանակ
Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման եւ փակման ժամանակ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործումը
Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող միջոցառումների ժամանակ
Հայաստանի Հանրապետության պետական կամ այլ պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշտոնական ու հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչում է Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին եւ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինվորական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով:
3. Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:
Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 11. Անցումային դրույթ
Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիք»-ն է (տեքստն ու երաժշտությունը սահմանված են սույն օրենքի հավելվածում): Այն ուժի մեջ է մինչեւ Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանելը:
Հավելված
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ
(խոսքերը` Միքայել Նալբանդյանի)
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27.12.2006
ՀՕ-252