Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.04.2007
Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:

Հոդված 2. Հրապարակային ծանուցումը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով

Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով,  տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ www.lraber.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք):

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարումը

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մրցույթի հաղթող ճանաչված անձի կողմից (այսուհետ` կայքը վարող անձ): Որպես պատվիրատու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 4. Հայտարարությունը ներկայացնելը

1. Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը հայտարարության տեքստը էլեկտրոնային կրիչով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված էլեկտրոնային ֆորմատով, ներկայացնում է պետական ռեգիստր:

2. Հայտարարությունը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը: Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է այն ներկայացնող անձը:

3. Հայտարարության ընդունման եւ կայքը վարող անձին փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 5. Կայքում հայտարարությունը տեղադրելը

1.Կայքը վարող անձը հայտարարությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է հայտարարության տեքստը կայքում:

2. Կայքում հայտարարությունների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 6. Կայքից տեղեկատվություն ստանալը

1.Կայքում տեղադրված հայտարարությանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:

2.Կայքում տեղադրված հայտարարություններն անձը կարող է ստանալ նաեւ էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:

3. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

04.05.2007
ՀՕ-172


22.10.2008 «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
17.11.2009 «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.03.2012 «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
05.12.2013 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
16.12.2016 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
25.10.2017 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
20.12.2017 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
14.11.2019 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.01.2020 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
08.12.2022 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
26.06.2023 «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին