ՕՐԵՆՔԸ
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 7. Սոցիալական վճարների ավել վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը
Սոցիալական վճարների ավել վճարված կամ գանձված գումարները (այդ թվում՝ գերավճարները) հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են ապահովադրին:
Անկախ օրենքի դրույթներից՝ հաշվանցվող գումարների ճշգրտումներ չեն կատարվում, եթե սոցիալական վճարների հաշվետվությունների (հայտարարագրերի) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետից անցել է ավելի քան մեկ տարի:
Սույն հոդվածում նշված գումարների հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1-ին հավելվածով`
«Հավելված 1
«Պարտադիր սոցիալական
ապահովագրության վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվանցման կամ վերադարձման կարգն ու ժամկետները
1. Կարգի գործողության ոլորտը
Սույն կարգը սահմանում է պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե ավել վճարված սոցիալական վճարների գումարներն օրենքով սահմանված դեպքերում ապահովադրին կամ վերադարձի իրավունք ձեռք բերողի՝ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նկատմամբ պարտավորությունները մարելու (հաշվանցելու) եւ վերադարձնելու կարգը:
Սույն կարգին համապատասխան հաշվանցվում կամ ապահովադրին վերադարձվում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե վճարած գործատուների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում վարձու աշխատողների այն գումարները, որոնց հաշվանցման կամ վերադարձի հնարավորությունը նախատեսված է սույն կարգով:
2. Կարգում կիրառվող հասկացությունները
Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետեւյալ իմաստներով`
հաշվանցում՝ սոցիալական վճարների գումարով պարտավորության (այդ թվում՝ առաջիկա վճարումների գծով) մարում.
վերադարձ՝ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից վճարողի նշած բանկային հաշվին փոխանցում կամ կանխիկ գումարով վճարում.
հաշվանցվող գումար՝ կատարված վճարման, սոցիալական վճարի պարտավորության (այդ թվում՝ առաջիկայում առաջանալիք) հաշվանցման արդյունքում սոցիալական վճարի ներկայացրած հաշվետվությամբ (հայտարարագրով) հաշվանցվող գումար.
վերադարձման ներկայացված գումար՝ սոցիալական վճարի գումար, որի վերադարձման պահանջ (դիմում) է ներկայացրել վճարողը.
ապահովադրի սոցիալական վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումար՝ գերավճար, որի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը հարկային մարմնի կողմից ճանաչվել է հիմնավորված եւ օրենքով ենթակա է պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հանդեպ պարտավորությունների (այդ թվում՝ առաջիկայում առաջանալիք) դիմաց հաշվանցման կամ վերադարձման.
ավել վճարված գումար՝ օրենքով որոշվող կամ սահմանված կարգով հաշվարկվող պարտավորության գումարից ավել վճարված գումար կամ պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)՝ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հաշվին փոխանցված (վճարված) գումար կամ դատարանի վճռով վճարողին վերադարձման ենթակա գումար.
գերավճար՝ տվյալ օրվա դրությամբ ավել վճարված սոցիալական վճարի գումար, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով չի մարվել (հաշվանցվել) սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց եւ չի վերադարձվել վճարողին:
3. Սոցիալական վճարների պարտավորությունների եւ վճարումների ժամանակագրական կարգով մարումը (հաշվանցումը)
Որեւէ ամսաթվի դրությամբ վճարողի ունեցած ավել վճարված գումարի՝ սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով, հետեւյալ սկզբունքով`
ա) հաշվի առած գումարների մեծությունները՝ ավել վճարված գումարը մարվում է ավելի վաղ առաջացած սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց: Ընդ որում՝ հերթական պարտավորությունը (հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը).
բ) հաշվի առած գումարների մեծությունները՝ ավել վճարված գումարը մարվում է առաջիկա վճարումների դիմաց:
4. Սոցիալական վճարի պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածությունը
Սոցիալական վճարների ավել վճարված գումարի պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե հաշվեգրվող պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է այն չափով, որ չափով այն, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հիմնավորված:
Գերավճարը կամ դրա մասը համարվում է չհիմնավորված, եթե այն սահմանված չափից ավելի վճարման արդյունք չէ, կամ այն պետք է մարված լիներ հետագայում առաջացած (առաջանալիք), օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, հաշվարկված (հաշվարկվող) պարտավորությունների հաշվին:
5. Ապահովադրին վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրումը
1. Գերավճարի առկայությունն արձանագրում է (հիմնավորում է) հարկային մարմինը`
ա) հարկային մարմնում առկա փաստաթղթերի համադրմամբ (առանց ուսումնասիրության).
բ) կամերալ ուսումնասիրությամբ.
գ) ուսումնասիրությամբ (ապահովադրի մոտ այցելությամբ եւ նրա մոտ առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ).
դ) սոցիալական վճարների հաշվարկման եւ վճարման ճշտության ստուգման ընթացքում:
2. Ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով վերադարձման ենթակա գումարն արձանագրելիս ստուգման ակտում կամ ուսումնասիրության արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը, որոնցով ապահովադրին ավել վճարված գումարի վերադարձը համարվել է լրիվ կամ մասնակիորեն չհիմնավորված:
6. Ապահովադրին վերադարձվող գումարի հիմնավորվածության արձանագրման
համար հարկային մարմնին ներկայացվող փաստաթղթերը
Ապահովադրին վերադարձվող գումարները հիմնավորելու նպատակով ապահովադիրը հարկային մարմին է ներկայացնում վճարումը հավաստող փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սոցիալական վճարներին վերաբերող այլ փաստաթղթեր: Մասնավորապես, հարկային մարմին են ներկայացվում վճարումը հավաստող անդորրագրերը, վճարման հանձնարարագրերը, բանկային հաշվից քաղվածքները, սոցիալական վճարների հաշվարկման` օրենսդրությամբ սահմանված հիմքերը եւ այլ փաստաթղթեր:
7. Ապահովադրին վերադարձվող գումարների հիմնավորվածության ուսումնասիրության հիմնական սկզբունքները
Եթե գերավճարի առկայությունը հիմնավորվում է օրենքով սահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի եւ վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագրի) համադրմամբ, ապա գերավճարների լրացուցիչ ուսումնասիրություն չի անցկացվում, բացառությամբ եթե անհրաժեշտ է իրականացնել ներկայացված փաստաթղթերի իսկության հաստատում: Գերավճարի ուսումնասիրություն չի անցկացվում նաեւ, եթե հիմքեր չկան գերավճարը չհիմնավորված համարելու, կամ եթե գերավճարի ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել հետագայում կատարվելիք ստուգման կամ ուսումնասիրության ընթացքում:
Գերավճարի ուսումնասիրությունն անցկացվում է հարկային մարմնում (կամերալ ուսումնասիրություն), եթե առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար է գերավճարի հիմնավորվածությունն արձանագրելու համար:
8. Ապահովադրին գումարի վերադարձման ընդհանուր սկզբունքները եւ վերադարձի ժամկետները
1. Գերավճարը սոցիալական վճարի պարտավորությունների դիմաց հաշվանցելուց հետո մնացած գումարը, ապահովադրի դիմումի հիման վրա, վերադարձվում է նրան: Ընդ որում, եթե գումար վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին օրենքով սահմանված կարգով կարող էին նոր պարտավորություններ առաջանալ (օրինակ՝ հերթական հաշվետու ժամանակաշրջանն ավարտվելու կամ նոր վճարումը կատարելու ժամկետը վրա հասնելու արդյունքում), ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունը որոշելուց (օրինակ՝ ներկայացվող հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) եւ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:
2. Օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա սոցիալական վճարի գումարները վերադարձվում են ապահովադրին՝ համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:
9. Վերադարձվող գումարների ուսումնասիրությունների կամ ստուգումների անցկացման ժամկետները
1. Ավել վճարված սոցիալական վճարի գումարը (ներառյալ` գերավճարը) վերադարձնելու վերաբերյալ ապահովադրի դիմումի հիման վրա ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումը ստանալուն հաջորդող ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ առանց ուսումնասիրության գերավճարն արձանագրելու դեպքի):
2. Ապահովադրին վերադարձվող (ներառյալ` գերավճարը) գումարի առկայությունը (հիմնավորվածությունը) արձանագրվում եւ համապատասխան եզրակացություն կազմվում է հետեւյալ ժամկետներում`
ա) առանց ուսումնասիրության գերավճարն արձանագրելու դեպքում՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում.
բ) ապահովադրի մոտ այցելությամբ գերավճարի ուսումնասիրություն անցկացնելու դեպքում՝ սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված որոշում կայացնելու օրվան հաջորդող ոչ ավելի, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում.
գ) ստուգման ընթացքում գերավճարն արձանագրելու դեպքում՝ ստուգումների անցկացման համար օրենքով սահմանված ժամկետում:
10. Ապահովադրին վերադարձման ենթակա գումարի ուսումնասիրությունների անցկացման ընթացքի կասեցումը
Ապահովադրին վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրման նպատակով անցկացվող ուսումնասիրությունների ընթացքը կասեցվում է, եթե`
ա) ապահովադրի կողմից չեն ստեղծվել ուսումնասիրության անցկացման պայմաններ (այդ թվում՝ չեն ներկայացվել կամ մասնակիորեն են ներկայացվել սոցիալական վճարների հաշվարկին կամ կատարված վճարումներին վերաբերող փաստաթղթերը).
բ) վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիսացած վճարումների հետ կապված` անհնար է կատարել ուսումնասիրություն մինչեւ քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հայցով որոշում ընդունելը:
Ուսումնասիրության կասեցման դեպքում ապահովադիրը գրավոր տեղեկացնում է ուսումնասիրության ժամկետը կասեցնելու մասին՝ նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար:
11. Ապահովադրին վերադարձվող գումարի ստուգումների անցկացումը
1. Ապահովադրին վերադարձման ենթակա գումարների ստուգումն անցկացվում է ապահովադրի վերադարձման վերաբերյալ դիմումի հիման վրա:
2. Ապահովադրին գումարների վերադարձ կարող է իրականացվել նաեւ սոցիալական վճարների հաշվարկման եւ վճարման ճշտության ստուգման ընթացքում:
3. Ստուգման ընթացքում օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքերում ստուգման ակտով ստուգվող անձը ենթարկվում է պատասխանատվության: Ստուգման ընթացքում վերադարձման գումար չարձանագրվելու դեպքում ստուգման ակտով առաջադրված պարտավորությունները ենթակա են օրենքով սահմանված կարգով կատարման: Ստուգման ընթացքում վերադարձման ենթակա սոցիալական վճարի արձանագրված գումարից նվազեցվում է օրենքով սահմանված պահանջների խախտման համար առաջադրված պարտավորությունների գումարը:
4. Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված կարգով որոշվող ապահովադրին վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածության ստուգման ժամանակաշրջանին վերաբերող՝ սոցիալական վճարի հաշվետվություն (հայտարարագիր) ապահովադրի կողմից ներկայացվել չի կարող:
12. Ապահովադրի իրավունքները
Ապահովադրին վերադարձվող գումարների վերադարձը հարկային մարմնի կողմից լրիվ կամ մասնակիորեն մերժվելու, ուսումնասիրության ժամկետները կասեցվելու դեպքում ապահովադիրն իրավունք ունի համապատասխան գրությունը, ուսումնասիրության արձանագրությունը կամ ստուգման ակտն ստանալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում ներկայացնելու գրավոր առարկություններ: Ապահովադրի ներկայացրած գրավոր առարկությունները քննարկվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում՝ կայացնելով ուսումնասիրությունը շարունակելու, ապահովադրի դիմումը բավարարելու կամ առարկությունները մերժելու վերաբերյալ որոշում, որի մասին նշված ժամկետում տեղեկացվում է ապահովադիրը: Հարկային մարմնի նոր որոշումն ապահովադրի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:
13. Գումարների վերադարձման ընթացակարգը
Վերադարձման ներկայացված՝ կազմված եզրակացություններում արտացոլված գումարներն արտացոլվում են ապահովադրի անձնական հաշվի քարտում:
Վերադարձ կատարելու մասին հարկային մարմնի տարածքային մարմնի կամ ստորաբաժանման կողմից կազմված եզրակացությունները, իսկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում հարկային մարմնի կողմից կազմված եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը, ոչ ուշ, քան որեւիցե եզրակացություն կազմելուն հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, ուղարկվում է վերադաս հարկային մարմին՝ օրենքով սահմանված պահանջներին եզրակացությունների համապատասխանությունն ստուգելու եւ հաշվառում իրականացնելու համար: Եզրակացությունների ներկայացումը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում դրանք կամ դրանց մասին ամփոփ տեղեկանքները ոչ ուշ, քան եզրակացությունը տարածքային մարմնի կողմից ուղարկելու օրվան հաջորդող ոչ ուշ, քան 10-րդ աշխատանքային օրն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` Հիմնադրամ):
Հիմնադրամը եզրակացությունների կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք ստանալուց ոչ ուշ, քան 10-րդ աշխատանքային օրը վերադարձման ենթակա սոցիալական վճարների գումարները փոխանցում է ապահովադիրների համապատասխան բանկային հաշիվներին: Եթե ապահովադիրը չունի բանկային հաշիվ, ապա գումարի կանխիկ վճարումն իրականացվում է Հիմնադրամի դրամարկղից:
Գումարների վերադարձն իրականացվում է ոչ ուշ, քան Հիմնադրամի կողմից եզրակացությունները կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքներն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:
14. Օրենքի կիրառման հետ կապված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը
Անհրաժեշտության դեպքում սույն կարգի կիրառման հետ կապված գերատեսչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29.10.2007
ՀՕ-213