Armenian      
Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.04.2008

Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը լրացնել «եւ  հիդրոօդերեւութաբանական անվտանգության ապահովմանը»  բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ նոր հասկացություններով.

«վտանգավոր հիդրոօդերեւութաբանական կամ  հելիոերկրաֆիզիկական երեւույթներ (այսուհետ՝ վտանգավոր երեւույթներ)`  մթնոլորտում եւ ջրոլորտում  առաջացող  բնական երեւույթներ, որոնք իրենց նշանակությամբ, ինտենսիվությամբ, տեւողությամբ  կամ ըստ  առաջացման ժամանակի` վտանգում են ազգաբնակչության կյանքը, առողջությունն ու ունեցվածքը, ինչպես նաեւ կարող են հասցնել զգալի նյութական վնասներ տնտեսության տարբեր ճյուղերին.

անբարենպաստ  հիդրոօդերեւութաբանական երեւույթներ` մթնոլորտում եւ ջրոլորտում առաջացող բնական երեւույթներ, որոնք իրենց ինտենսիվությամբ եւ տեւողությամբ չեն հասնում վտանգավոր երեւույթների չափանիշներին, սակայն կարող են  որոշակի   վնաս պատճառել.

հիդրոօդերեւութաբանական անվտանգություն` անձի, հասարակության եւ պետության պաշտպանվածությունը վտանգավոր եւ անբարենպաստ հիդրոօդերեւութաբանական ու հելիոերկրաֆիզիկական երեւույթներից, եղանակակլիմայական պայմանների   գլոբալ փոփոխությունների ազդեցությունից.

դիտարկումների  պետական ցանցի հենակետային  օբյեկտներ` այն օբյեկտները, որոնք  ունեն  դիտարկման  տվյալների  երկարատեւ եւ  ամբողջական շարքեր  կամ  ընդգրկված են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության  միջազգային օդերեւութաբանական կամ  Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական  հիդրոօդերեւութաբանական ցանցերում:»:

Հոդված  3. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «իրականացնող» բառից  հետո  եւ 4-րդ մասը «Դիտարկումների պետական ցանցի» բառերից հետո լրացնել «հենակետային» բառով:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ  մասի «ա» կետի սկիզբը լրացնել «վտանգավոր եւ անբարենպաստ  հիդրոօդերեւութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երեւույթների կանխատեսումների եւ ահազանգումների վերաբերյալ»  բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.05.2008
ՀՕ-52