ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39.1-րդ հոդվածով.
«Հոդված 39.1. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը եւ հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ իրավասու գերատեսչությունը:
3. Վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի` միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնության դեպքում այդ մասին առաջարկությունը եւ հիմնավորումը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, իսկ իրավասու գերատեսչության նախաձեռնության դեպքում` արտաքին գործերի նախարարություն:
4. Իրավասու գերատեսչությունից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք եւ տվյալ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իր կարծիքի հետ 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:
5. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցման դեպքում այդ պայմանագրի կնքման ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող են վերսկսվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավասու անձանց եւ մարմինների նախաձեռնությամբ եւ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
06.03.2010
ՀՕ-24