Armenian   Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.02.2007


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կնքելու՝ այն նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու եւ տեքստը փոխհամաձայնեցնելու,   պայմանագիրը ստորագրելու, վավերացման կամ  հաստատման ներկայացնելու,  միջազգային  պայմանագրին միանալու, միջազգային պայմանագիրն  ուժի մեջ մտնելու, գրանցելու եւ հաշվառելու,  կատարելու, դրա գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ չեղյալ  հայտարարելու, ինչպես նաեւ դրանց հետ կապված մյուս  հարաբերությունները։

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության եւ միջազգային հանրային իրավունքի այլ սուբյեկտների,  ինչպես  նաեւ   սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված  կազմակերպությունների կամ  միավորումների միջեւ կնքված  պայմանագրերի վրա։

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիրը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ միջազգային հանրային  իրավունքի նորմերով (այսուհետ՝ միջազգային իրավունք) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության եւ միջազգային  իրավունքի սուբյեկտի, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպության կամ միավորման միջեւ ստորագրված եւ սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած եւ Հայաստանի Հանրապետության համար պարտադիր դարձած գրավոր համաձայնություն է, որը տվյալ միջազգային  պայմանագրով որոշված կարգավորման առարկայի առնչությամբ պայմանագրի կողմերի համար սահմանում է իրավունքներ եւ պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաեւ ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագիրը, որին  Հայաստանի Հանրապետությունը միացել  է  սույն օրենքով եւ միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության  միջազգային  պայմանագիր է համարվում նաեւ սույն օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին  պայմանագիրը։

2. Սույն  օրենքով Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ ձեւակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որեւէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով։

Միջազգային պայմանագիրը կարող է ձեւակերպված լինել մեկ ընդհանուր փաստաթղթի կամ փոխկապակցված եւ միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով։

3. Սույն  օրենքով միջազգային  պայմանագիր չի համարվում վարչական կամ տեխնիկական կամ կազմակերպչական կամ որեւէ այլ համանման հարցեր կարգավորող  այն պայմանագիրը, որը թեեւ կնքված է  միջազգային  պայմանագրի սուբյեկտների միջեւ եւ նրանց համար սահմանում է  իրավունքներ եւ պարտականություններ,  փոփոխում կամ  դադարեցնում է դրանք, սակայն  միանգամյա կամ որոշակի ժամկետով կիրառման նպատակ հետապնդելու պատճառով անմիջապես  դադարեցնում է իր  գործողությունը կամ  հետապնդում է  բուն  միջազգային  պայմանագրի կնքմանն ուղղված նախապատրաստական  աշխատանքներ իրականացնելու նպատակ։

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանագրի շարքին է դասվում  մասնավորապես  այն  պայմանագիրը, որը՝

1) նախատեսում է խորհրդաժողովների, սեմինարների, դասընթացների եւ համանման այլ  միջոցառումների  անցկացում, ներառյալ` որեւէ հարցով կամ հարցերի խմբի առնչությամբ տեղեկատվության տրամադրումը, ուսումնասիրության կատարումը.

2) կնքվում է իբրեւ նախնական պայմանագիր Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական  բյուջեի մասին օրենքով  սահմանված բյուջետային մուտքերի մասով  նախատեսված օտարերկրյա  պետությունների, դրանց  վարկային  կազմակերպությունների կամ միջազգային  վարկային  կազմակերպությունների կողմից` վարկային  միջոցների տրամադրման  նպատակով  համապատասխան  միջազգային  պայմանագրի  կնքման նախապատրաստման համար.

3) հետապնդում է միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը նախապատրաստելու նպատակ եւ ըստ էության չի լուծում այդպիսի  կազմակերպությանը  իրավաբանորեն անդամակցելու հարցերը։

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի    կողմերը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է լինել երկկողմ կամ բազմակողմ։

2. Երկկողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության հետ որպես պայմանագրի մյուս կողմ հանդես է գալիս միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի  4-րդ մասով նախատեսված  կազմակերպությունը կամ միավորումը։

Երկկողմ միջազգային պայմանագրում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ մյուս կողմի հետ` որպես տվյալ  պայմանագրի մեկ միասնական (հավաքական) կողմ, կարող են հանդես գալ միջազգային պայմանագրի մեկից ավելի սուբյեկտներ։

3. Բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության հետ` որպես պայմանագրի ինքնուրույն կողմեր, հանդես են գալիս միջազգային պայմանագրի մեկից ավելի սուբյեկտներ։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կամ այդ պայմանագրի մյուս կողմի հետ կարող են  ստորագրել  նաեւ միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտները` իրավաբանական անձինք։

Նման դեպքերում միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում հանդես են գալիս որպես դրա կողմ եւ պարտավորված են համապատասխան միջազգային պայմանագրի կատարման համար այն մասով, ինչ մասով տվյալ  պայմանագիրը նրանց վրա  պարտավորություններ է դնում։

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը եւ դրան առնչվող իրավունքի  այլ   աղբյուրները

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության իրավական  այլ ակտերով։

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված եւ սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հան՟րապետության մասնակցությամբ գործող միջազգային  պայմանագրերով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են միջազգային  իրավունքի  հանրաճանաչ սկզբունքներով եւ նորմերով։

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի եւ   օրենքների հարաբերակցությունը

1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է:

Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն:

2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի  նորմերը:

3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաստատված Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերով, կարգադրություններով, կառավարության որոշումներով կամ գերատեսչական նորմատիվ  ակտերով, ապա կիրառվում են հաստատված միջազգային պայմանագրի նորմերը։
 


ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ  ԱՅԴ  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի  սուբյեկտները

1. Հայկական կողմից միջազգային պայմանագրի սուբյեկտը  Հայաստանի Հանրապետությունն է, անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրը ում  անունից է կնքվել։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմից հանդես եկող սուբյեկտներ կարող են լինել միջազգային իրավունքի սուբյեկտները՝ օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, միջազգային իրավունքի այլ սուբյեկտները, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունները եւ միավորումները։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտ կարող է լինել նաեւ դաշնային (կամ միջազգային իրավունքով ընդունված համանման կառուցվածք ունեցող) օտարերկրյա պետությունների դաշնության սուբյեկտը կամ ինքնավարության կամ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմա՟վորումը, եթե այդ սուբյեկտը, կազմավորումը,  դաշնային պետության սահմանադրական դրույթների համաձայն, միջազգային պայմանագիր կնքելու իրավունք ունի։

Սույն մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններով  նախատեսված սուբյեկտներն այսուհետ անվանվում են միջազգային  պայմանագրի  օտարերկրյա  սուբյեկտներ։

2. Սույն օրենքի համաձայն՝ միջազգային կազմակերպություն է համարվում երկու եւ ավելի  պետությունների կամ դրանց կառավարությունների կամ այդ պետությունների գործադիր իշխանության հանրապետական  (կենտրոնական) մարմինների՝ միջազգային  պայմանագրի ուժով ստեղծած համապատասխանորեն միջպետական, միջկառավարական  կամ միջգերատեսչական (միջբանկային)  կազմակերպությունը, որի համար  հիմնադիրները սահմանում են  որոշակի խնդիրներ եւ  դրանց լուծման համար նրան  օժտում են լիազորություններով, նրա վրա դնում են պարտականություններ, եւ եթե  միջազգային  պայմանագիրը, որի հիման վրա այդ  կազմակերպությունն ստեղծվում է, հենց  այդպիսի հատուկ նպատակ է  հետապնդում, եւ կազմակերպությանը իրավունք է վերապահվում կնքելու միջազգային  պայմանագրեր։

3. Սույն օրենքով միջազգային  կազմակերպություն չեն համարվում որեւէ միջազգային  պայմանագրով դրա սուբյեկտների  ստանձնած պարտավորությունների կատարման  ապահովման նպատակով այդ նույն  պայմանագրով  ստեղծված խորհրդաժողովը, հանձնաժողովը, կոմիտեն, խորհուրդը, բյուրոն կամ որեւէ այլ  մարմին, որի վրա դրվում են այդ  պայմանագրի կատարման  ապահովմանն ուղղված գործառույթներ, այդ թվում՝   պայմանագրի կատարման  հարցերով մասնակից պետություններ  այցելություններ կատարելը, այդ պետություններից զեկույցներ, տեղեկատվություն, հաղորդումներ ստանալը, դրանք ուսումնասիրելը,  քննարկելը, հրապարակելը,  հրատարակելը, եթե նշված մարմնի հիմնադրման կամ ստեղծման մասին միջազգային պայմանագրից այլ բան չի բխում։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  սուբյեկտ կարող է լինել նաեւ  միջազգային կամ օտարերկրյա  պետության ոչ կառավարական  կազմակերպությունը կամ միավորումը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում  իրականացնում է կամ մտադիր է իրականացնել  բարեգործական, մարդասիրական,  զարգացման կամ  տեխնիկական, տնտեսական կամ  ֆինանսական  աջակցությանն ուղղված գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է կամ տրամադրելու է  մարդասիրական կամ ֆինանսական  օգնություն։

5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է կնքվել՝

1) Հայաստանի Հանրապետության անունից (այսուհետ՝ միջպետական պայմանագիր).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից (այսուհետ՝ միջկառավարական պայմանագիր).

3) Հայաստանի Հանրապետության նախարարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, ինչպես նաեւ Հայաստանի  Հանրապետության կառավարությանը ենթակա պետական կառավարման այլ մարմնի (այսուհետ` գերատեսչություններ) անունից, որին օրենքով միջգերատեսչական, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասով միջբանկային պայմանագիր (այսուհետ՝ միջգերատեսչական պայմանագիր) կնքելու իրավասություն է տրված։

Հոդված 7.  Միջազգային  պայմանագրով  կարգավորվող հարաբերությունները

1. Հայաստանի Հանրապետության միջպետական  պայմանագրով կարող են կարգավորվել  ցանկացած հարաբերություններ, որոնք  համապետական նշանակություն ունեն եւ այդ իմաստով  կարող են առնչվել ինչպես  կառավարության, մեկ կամ ավելի  գերատեսչության, այնպես էլ պետական այլ  մարմինների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների  գործառույթների հետ։

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթից, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով են կարգավորվում՝

1) այլ պետությունների հետ քաղաքական կամ ռազմական, բարեկամության եւ համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, խաղաղության կամ հաշտության, պետական  սահմանի փոփոխություն կատարելու, միջպետական կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց  անդամակցելու, հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը օտարերկրյա պետություններ խաղաղապահ կամ այլ նպատակներով ուղարկելու, Հայաստանի Հանրապետության տարածքում  օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական բազաներ ստեղծելու կամ օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների զինված ուժեր  Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունելու, տեղակայելու, միջազգային վեճեր լուծելու, զինաթափման, ռազմական պարտավորություններ ստանձնելու, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության հարցեր շոշափող այլ հարաբերությունները.

2)  քաղաքացիական, ընտանեկան, քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ հանձնման հետ կապված հարաբերությունները.

3) Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող մշակութային արժեքների եւ  օբյեկտների օտարման հետ կապված հարաբերությունները։

3. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերություններ, եւ որոնք, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ենթակա չեն կարգավորման միջպետական  մակարդակով։

4. Հայաստանի Հանրապետության  միջգերատեսչական պայմանագրով կարգավորվում են, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան, սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված գերատեսչությունների իրավասության մեջ մտնող, ինչպես նաեւ միջգերատեսչական համագործակցության, փոխօգնության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունները։

5. Հայաստանի Հանրապետության  միջգերատեսչական պայմանագիրը չպետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով պարտադիր են դարձնում դրա վավերացումը, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով  նախատեսված դեպքերի։
 


ԳԼՈՒԽ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 8. Միջազգային պայմանագիր  կնքելու   նախաձեռնությունը

1.Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքումը սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնության դրսեւորման եւ այդ  պայմանագրի  վավերացման կամ հաստատման հետ կապված եւ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ  ընթացակարգերի ամբողջությունն է։

2. Հայաստանի Հանրապետության միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ` արտաքին գործերի նախարարություն), գերատեսչությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները։

3. Գերատեսչությունները կարող են հանդես գալ իրենց իրավասության մեջ մտնող հարցերի կարգավորմանը վերաբերող միջազգային պայմանագիր կնքելու  նախաձեռնությամբ:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ  գերատեսչությունները կարող են նաեւ սեփական նախաձեռնությամբ կամ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանձնարարությամբ կամ առաջարկությամբ համատեղ մշակել միջազգային պայմանագրի  նախագիծը: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող եւ պատասխանատվություն է կրում միջազգային պայմանագրի նախագծի հա՟մաձայնեցման համար սույն օրենքով սահմանված  ընթացակարգերի իրականացման  համար։

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության  միջազգային  պայմանագիր կնքելու  նախաձեռնությունն  արտահայտվում է  միջպետական,  միջկառավարական  կամ   միջգերատեսչական  պայմանագիր  կնքելու  վերաբերյալ  հանձնարարական   տալու կամ  առաջարկություն անելու միջոցով։

Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի հանձնարարականը կամ առաջարկությունն անմիջականորեն  ուղարկվում է արտաքին գործերի նախարարություն: Հանձնարարականը կամ  առաջարկությունը ստանալուց հետո՝  10-օրյա ժամկետում,  արտաքին գործերի նախարարությունը  հանձնարարականի կամ առաջարկության պատճենը՝ համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ իր  կարծիքով,  փոխանցում է այն  գերատեսչություն, որի  իրավասության  ոլորտին առնչվելու կամ  առավելապես  առնչվելու են դրանով  կարգավորվելիք  հարաբերությունները`  անհրաժեշտության դեպքում  կցելով  համապատասխան  միջազգային  պայմանագրի նախագծի տարբերակ։

6. Արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն արտահայտվում է միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու վերաբերյալ իրավասու գերատեսչությանը առաջարկություն ներկայացնելու միջոցով,  որին  կարող է կցվել նաեւ միջազգային  պայմանագրի  նախագծի տարբերակ:

7. Եթե միջազգային   պայմանագիր  կնքելու  նախաձեռնությունը  դրսեւորվել է միջազգային  պայմանագրի  օտարերկրյա  սուբյեկտի կողմից, եւ այդ մասին  առաջարկությունը  ներկայացվել է  արտաքին  գործերի  նախարարություն, ապա  վերջինս այդ  առաջարկությունը 10-օրյա ժամկետում իր կարծիքի հետ  փոխանցում է այն գերատեսչություն, որի  իրավասության ոլորտին  առնչվելու կամ առավելապես առնչվելու են  դրանով  կարգավորվելիք հարաբերությունները` վերջինիս ուղարկելով նաեւ  համապատասխան  միջազգային  պայմանագրի այն  նախագիծը, որն ինքը ստացել է նախաձեռնություն ցուցաբերած միջազգային պայմանագրի  օտարերկրյա  սուբյեկտից։

Եթե  միջազգային  պայմանագիր կնքելու  նախաձեռնություն  դրսեւորած միջազգային  պայմանագրի օտարերկրյա սուբյեկտը համապատասխան  առաջարկությունն  անմիջականորեն  ներկայացրել է  իրավասու  գերատեսչություն, ապա  վերջինս  այդ մասին 5-օրյա  ժամկետում   ծանուցում է  արտաքին  գործերի   նախարարությանը՝ կցելով  առաջարկությանը վերաբերող այն փաստաթղթերի  պատճենները, որոնք ստացել է միջազգային  պայմանագրի օտարերկրյա  սուբյեկտից, ինչպես նաեւ իրականացնելով սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ եւ հինգերորդ պարբերություններով նախատեսված գործողությունները։

Հոդված 9.  Միջազգային  պայմանագիր  կնքելու նախաձեռնությանը ընթացք տալը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածով  սահմանված կարգով հանձնարարություն կամ  առաջարկություն ստացած գերատեսչությունը (այսուհետ՝ իրավասու գերատեսչություն), անհրաժեշտ  համարելով  այդպիսի  միջազգային  պայմանագրի կնքումը, կազմում է նման պայմանագիր կնքելու  նպատակահարմարության  մասին  տեղեկանք, մշակում է  համապատասխան  պայմանագրի նախագիծը եւ դրանք ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

Եթե հանձնարարության կամ առաջարկության մեջ միջազգային պայմանագրի նախագծի մշակման համար ժամկետ է նախատեսված, ապա իրավասու գերատեսչությունը նախագիծը մշակում է այդ ժամկետի շրջանակներում, իսկ եթե ժամկետ նշված չէ, ապա  միջազգային  պայմանագրի նախագիծը մշակում եւ արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում  հանձնարարությունը կամ առաջարկությունն ստանալուց հետո՝  20- օրյա ժամկետում։

Եթե իրավասու գերատեսչությունը գտնում է, որ նպատակահարմար չէ տվյալ միջազգային պայմանագրի կնքումը, ապա արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում հիմնավորված կարծիք այդ մասին։

Եթե միջազգային  պայմանագիր կնքելու  նախաձեռնությամբ  հանդես է գալիս իրավասու գերատեսչությունը, ապա նա մշակում է համապատասխան  միջազգային  պայմանագրի  նախագիծ,  տեղեկանք  դրա կնքման նպատակահարմարության մասին եւ դրանք ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

Այն դեպքում, երբ  համապատասխան միջազգային  պայմանագրով կարգավորվելիք հարաբերություններն առնչվելու են նաեւ այլ  գերատեսչությունների իրավասության ոլորտներին, ապա նախքան սույն մասով  նախատեսված ընթացակարգերի  իրականացումը իրավասու գերատեսչությունը նախապես ստանում է նշված գերատեսչությունների կարծիքները՝ համապատասխան միջազգային պայմանագրի կնքման  նպատակահարմարության հարցի վերաբերյալ` դրանք կցելով արտաքին գործերի նախարարություն  ներկայացվող փաստաթղթերին։

2. Սույն հոդվածի 1-ին մասով  սահմանված կարգով իրավասու   գերատեսչությունից    համապատասխան փաստաթղթերն ստանալուց  հետո՝ 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք եւ բոլոր փաստաթղթերի պատճենները, տվյալ միջազգային պայմանագրի կնքումը` Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին, իր կարծիքի հետ  ներկայացնում  է՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահին, եթե  հարցն առնչվում է միջպետական միջազգային պայմանագրի կնքմանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե հարցն առնչվում է միջկառավարական միջազգային  պայմանագրի կնքմանը։

Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է տվյալ պայմանագրի կնքման նպատակահարմարության հարցով ստանալ նաեւ այն գերատեսչությունների կարծիքները, որոնց իրավասության ոլորտներին առնչվող հարցերը նույնպես կարգավորվելու են համապատասխան միջազգային պայմանագրով, եւ որոնցից իրավասու գերատեսչությունը նախապես կարծիք չի հայցել կամ չի ստացել: Այդ դեպքում սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված 10-օրյա ժամկետը հաշվարկվում է շահագրգիռ գերատեսչություններից վերջին կարծիքն ստանալու օրվանից։ Իսկ շահագրգիռ գերատեսչությունները արտաքին գործերի նախարարությանը իրենց կարծիքները պետք է ներկայացնեն նրա դիմումն ստանալուց հետո՝ 10- օրյա ժամկետում։

Հոդված 10.   Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերն սկսելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  նախագիծը եւ դրան առնչվող մյուս  փաստաթղթերն ստանալով՝ տվյալ պայմանագրի կնքմանը համաձայնություն տալու կամ կնքումը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը՝ որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

Համաձայնություն տալով միջազգային  պայմանագրի կնքմանը՝  Հայաստանի Հանրապետության Նախագահը,  կառավարությունը միաժամանակ  կարող են որոշակի  հանձնարարականներ տալ  կամ առաջարկություններ անել տվյալ   պայմանագրի կնքման  հարցերով։

2. Միջազգային պայմանագիր կնքելու մասին Հայաստանի  Հանրապետության  Նախագահի,   կառավարության  համաձայնությունն ստանալուց  հետո՝ 10-օրյա  ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը, տվյալ  միջազգային  պայմանագրի  կնքման համար  պատասխանատու  իրավասու գերատեսչությանը  գրավոր  ծանուցում է այդ  պայմանագրի կնքման  նպատակով  սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրի  նախագծի ներպետական համաձայնեցման  ընթացակարգերն սկսելու մասին` ներկայացնելով այդ միջազգային պայմանագրի նախագծի  վերաբերյալ իր առաջարկությունները եւ դիտողությունները։

3. Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն առնչվում է սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած միջազգային  պայմանագրից  բխող միջազգային  պայմանագրի կնքմանը (սույն օրենքի     43-րդ հոդված), ապա դրա  կնքման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի,  կառավարության  համաձայնությունն ստանալու` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը չեն  իրականացվում։

 Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերն սկսելու նպատակով իրավասու  գերատեսչությունը միջազգային  պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո  ողջամիտ ժամկետում մշակում է  դրանից բխող նոր միջազգային  պայմանագրի նախագիծը, կազմում դրա կնքման  անհրաժեշտության մասին  տեղեկանքը՝ դրանում  պարտադիր կարգով հղում  կատարելով վավերացված կամ  հաստատված այն միջազգային  պայմանագրին, որից ուղղակիորեն բխում է այդ նոր  միջազգային  պայմանագրի կնքման  պահանջը  կամ  անհրաժեշտությունը` իրականացնելով  այդ պայմանագրի կնքմանն ուղղված` սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ մյուս հոդվածներով սահմանված համապատասխան ընթացակարգերը։

Իրավասու գերատեսչությունը գործում է սույն մասի երկրորդ պարբերությանը  համապատասխան նաեւ այն դեպքում, եթե սույն օրենքով սահմանված կարգով կնքված համապատասխան միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագիր կնքելու հանձնարարականը կամ առաջարկությունը, սույն օրենքի 8-րդ  հոդվածի  համաձայն, ստացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին  գործերի նախարարության կամ միջազգային  պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի կողմից։

Հոդված 11. Միջազգային  պայմանագրի  նախագիծը  համաձայնեցնելը

1. Միջազգային պայմանագիր կնքելու ընթացակարգեր իրականացնելու վերաբերյալ ծանուցումը արտաքին գործերի նախարարությունից ստանալուց հետո  (սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս) իրավասու գերատեսչությունը  Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության հանձնարարականում կամ առաջարկությունում նշված  ժամկետում, իսկ եթե  ժամկետ   նշված  չէ՝ 15-օրյա  ժամկետում,  վերանայում է  պայմանագրի նախագծի տեքստը, ճշգրտումներ, ուղղումներ կատարում դրանում, անհրաժեշտության դեպքում  լրամշակում կամ վերամշակում է այն, իսկ   եթե դրա կնքման  առաջարկությունն  ստացվել է  միջազգային  պայմանագրի օտարերկրյա  սուբյեկտից, եւ ինքը գտնում է, որ նրա  ներկայացրած տեքստը էական բարելավման կարիք ունի, ապա 20-օրյա ժամկետում մշակում է  պայմանագրի  նախագծի իր տարբերակը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո իրավասու գերատեսչությունը  միջազգային պայմանագրի նախագիծը համաձայնեցման համար  ներկայացնում է՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարություն (այսուհետ` արդարադատության նախարարություն ).

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի  նախարարություն (այսուհետ` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն) .

3) այլ  գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվող հարցեր  եւս շոշափվում են տվյալ  միջազգային  պայմանագրի նախագծով, կամ որը՝ ըստ օրենքի, պետք է  մասնակցի տվյալ  միջազգային  պայմանագրի նախագծի մշակմանը կամ  նախապատրաստմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագիծը, սույն օրենքին համապատասխան, մշակվել է շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ։

Սույն մասով նախատեսված  նախարարությունները եւ  գերատեսչությունները հետագա  տեքստում  անվանվում են  շահագրգիռ  գերատեսչություններ։

3. Եթե միջազգային պայմանագրի նախագիծը ստացվել է  միջազգային  պայմանագրի  օտարերկրյա  սուբյեկտից, ապա համաձայնեցման համար  իրավասու գերատեսչությունը շահագրգիռ գերատեսչություններ  է ներկայացնում նաեւ այդ նախագծի վերաբերյալ կազմած իր  նախնական կարծիքը կամ  դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանց վերաբերյալ եւս այդ մարմինների դիրքորոշումը ստանալու  համար։

Հոդված  12. Միջազգային  պայմանագրի   նախագծի    վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ ներկայացնելը

1. Միջազգային   պայմանագրի նախագիծը ստանալուց   հետո՝ 15-օրյա   ժամկետում,   շահագրգիռ  գերատեսչություններն   իրենց  գրավոր առաջարկությունները եւ դիտողությունները (այսուհետ` կարծիքները)  ներկայացնում են իրավասու  գերատեսչություն։

2. Համաձայնեցման ընթացքում  շահագրգիռ  գերատեսչությունները կարծիքները կազմում են տվյալ  միջազգային  պայմանագրի նախագծով իրենց  իրավասության ոլորտին առնչվող հարցերի մասով, որը չի բացառում մնացած մասով եւս  կարծիք  ներկայացնելու  նրանց իրավունքը։

 3. Արդարադատության նախարարությունը կարծիք կազմելիս ուշադրություն է դարձնում հատկապես պայմանագրի առարկայի եւ տեքստի ձեւակերպումների հստակության, ճշգրտության, կողմերի իրավունքների եւ պարտականությունների սահմանման եւ դրանց առնչվող մյուս   հարցերի իրավաբանորեն  հիմնավոր  լուծումների վրա։

Եթե պայմանագրի նախագծի տեքստում առկա է Հայաստանի  Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթ, ապա   արդարադատության նախարարությունն իր  կարծիքում հստակ նշում է, թե պայմանագրի նախագծի որ դրույթը Սահմանադրության որ  դրույթին է հակասում, եւ որտեղ է   արտահայտվում այդ  հակասությունը՝ իրավասու  գերատեսչությանը  առաջարկելով  նախագծից հանել  Սահմանադրությանը հակասող  դրույթը։

Եթե նախագծի տեքստում առկա է Հայաստանի Հանրապետության  օրենքին հակասող  կամ այդ պայմանագիրը կնքելու դեպքում Հայաստանի Հանրապետության նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն կամ գործող օրենքում փոփոխություններ, լրացումներ  նախատեսող դրույթ, ապա  արդարադատության  նախարարությունն իր  կարծիքում նշում է այդ մասին եւ  իրավասու  գերատեսչությանը  առաջարկում քննարկել տվյալ  դրույթը  նախագծում  պահպանելու  նպատակահարմարության  հարցը։

Եթե միջազգային պայմանագրի նախագծում առկա է  Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրին, կարգադրությանը, կառավարության որոշմանը կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտին հակասող դրույթ կամ նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, որոշում ընդունելու կամ գործող հրամանագրում, կարգադրությունում, որոշման կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություն,  լրացում  կատարելու վերաբերյալ դրույթ, ապա արդարադատության նախարարությունը իրավասու գերատեսչության ուշադրությունը հրավիրում է դրանց վրա։

4. Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը կարծիք կազմելիս հատկապես ուշադրություն է դարձնում տվյալ միջազգային պայմանագրի նախագծով Հայաստանի Հանրապետության վրա ֆինանսական պարտավորություններ  (սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերություն) նախատեսող դրույթների առկայության վրա, եւ եթե կան այդպիսի դրույթներ, հայտնում է տեքստում դրանց պահպանման անհրաժեշտության կամ պայմանագրով նախատեսված հարաբերությունները առանց այդպիսի դրույթների պահպանման կարգավորելու հնարավորության վերաբերյալ իր կարծիքը:

Հոդված  13.  Միջգերատեսչական միջազգային պայմանագրի  կնքմանը  ընթացք տալը

1. Սույն օրենքի 9-12-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը չեն տարածվում  Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական միջազգային պայմանագրի վրա։

2. Միջգերատեսչական միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնություն դրսեւորելու դեպքում իրավասու գերատեսչությունը դրա նախագիծը համաձայնեցման նպատակով ներկայացնում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված շահագրգիռ գերատեսչություններ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարություն՝ հիմնավորելով  պայմանագրի միջգերատեսչական բնույթը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գերատեսչությունները իրավասու գերատեսչություն են ներկայացնում իրենց կարծիքները համապատասխան միջգերատեսչական պայմանագրի նախագծի վերաբերյալ, որից հետո այդ պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 14-20-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը։ Ընդ որում, արտաքին գործերի նախարարությունը կարող է իր կարծիքում նշել, որ տվյալ պայմանագրով  նախատեսվող հարաբերությունները նպատակահարմար է կարգավորել` միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելով։

Եթե նախագծի տեքստում առկա է Հայաստանի Հանրապետության  օրենքին հակասող  կամ այդ պայմանագիրը կնքելու դեպքում Հայաստանի Հանրապետության նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն կամ գործող օրենքում փոփոխություններ, լրացումներ  նախատեսող դրույթ, ապա արդարադատության նախարարությունը, հիմնավորելով դրանց առկայությունը, իրավասու գերատեսչությանը առաջարկում է դրանք հանել նախագծից։

4.  Եթե արտաքին գործերի նախարարությունը կարծիք է հայտնել այն մասին, որ իրավասու գերատեսչության կողմից առաջարկվող միջգերատեսչական պայմանագրի փոխարեն նպատակահարմար է կամ պետք է կնքվի միջպետական կամ միջկառավարական պայմանագիր, ապա իրավասու գերատեսչությունը պարտավոր է տվյալ միջգերատեսչական  միջազգային պայմանագրի նախագիծը փոխարինել համապատասխանաբար միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրով, որի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 9-12-րդ եւ 14-20-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը։

5. Եթե միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու  նախաձեռնությունը դրսեւորվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ  արտաքին  գործերի նախարարության կողմից, եւ իրավասու գերատեսչությունը, սույն  օրենքի 8-րդ հոդվածով  սահմանված կարգով համապատասխան  հանձնարարականը կամ առաջարկությունն ստանալով,  համաձայնել է դրան, ապա տվյալ  միջգերատեսչական պայմանագրի  կնքման նկատմամբ կիրառվում են սույն  հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ  մասերի կանոնները։

6. Եթե  իրավասու  գերատեսչությունը,  միջգերատեսչական միջազգային  պայմանագիր  կնքելու վերաբերյալ Հայաստանի  Հանրապետության Նախագահի, կառավարության,  վարչապետի կամ արտաքին գործերի  նախարարության  հանձնարարականը կամ  առաջարկությունը սույն օրենքի 8-րդ հոդվածով  սահմանված կարգով  ստանալով,  առարկություն  ունի  դրա  կնքման վերաբերյալ, ապա 10-օրյա ժամկետում այդ մասին հիմնավորումով հայտնում է արտաքին գործերի նախարարությանը։

Արտաքին  գործերի նախարարությունը հիմնավորումը իր  կարծիքի հետ ներկայացնում է հանձնարարականը տված կամ առաջարկությունն արած մարմին,  բացառությամբ այն դեպքերի, երբ  առաջարկությունն իր կողմից է արվել։

Եթե  հանձնարարական տված  կամ  առաջարկությունն արած մարմինը կրկին  հանձնարարում կամ առաջարկում է կնքել համապատասխան միջգերատեսչական  միջազգային  պայմանագիրը, ապա  արտաքին գործերի նախարարության միջոցով ստանալով դա, իրավասու  գերատեսչությունը, ղեկավարվելով սույն հոդվածի 2-րդ եւ         4-րդ մասերի  կանոններով, սկսում է տվյալ  միջգերատեսչական միջազգային  պայմանագրի կնքմանն ուղղված  գործողությունների իրականացումը։

Հոդված 14. Միջազգային  պայմանագրի նախագծի վերաբերյալ  կարծիքներն  ամփոփելը

1. Իրավասու  գերատեսչությունը  շահագրգիռ  գերատեսչությունների  կարծիքները    ստանալուց հետո՝ 15-օրյա  ժամկետում՝

1)  լրամշակում կամ  վերամշակում է  միջազգային  պայմանագրի  նախագիծը.

2)  կարծիքների հետ լրիվ կամ  մասնակիորեն  համաձայն  չլինելու դեպքում կազմում է  դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ամփոփաթերթիկը՝ հիմնավորելով իր առարկությունները.

3)  պայմանագրի նախագիծը՝  շահագրգիռ գերատեսչությունների  կարծիքների պատճենների, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ամփոփաթերթիկի հետ  ներկայացնում է արտաքին  գործերի  նախարարություն։

2. Սույն  հոդվածի  1-ին մասով նախատեսված  գործողությունները կատարելու  ընթացքում  իրավասու  գերատեսչությունը  պայմանագրի  նախագծից  պարտավոր է  հանել այն դրույթը, որը հակասում է Հայաստանի  Հանրապետության Սահմանադրությանը։

Պայմանագրի նախագծում Հայաստանի  Հանրապետության  օրենքին  հակասող կամ Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունում կամ գործող օրենքում փոփոխություն, լրացում նախատեսող դրույթի պահպանման  նպատակահարմարության  հարցը լուծելիս  իրավասու  գերատեսչությունը  պարտավոր է  ղեկավարվել հետեւյալ  սկզբունքով. նման  դրույթը  նախագծում  պահպանել միայն այն դեպքում, եթե տվյալ  պայմանագրով  նախատեսվող   հարաբերությունների  կարգավորումը,  կախված  պայմանագրի  առարկայից,  հնարավոր կամ նպատակահարմար չէ տալ  առանց  Հայաստանի  Հանրապետության օրենքին  հակասող կամ նոր օրենքի ընդունում կամ գործող օրենքում փոփոխություն, լրացում նախատեսող դրույթի  պահպանման։

Պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Նախագահի  նորմատիվ հրամանագրին, կարգադրությանը, կառավարության որոշմանը կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտին հակասող կամ նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, որոշում կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող նորմատիվ հրամանագրում, կարգադրությունում,  որոշման կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտի  մեջ փոփոխություն, լրացում նախատեսող դրույթը տվյալ պայմանագրի տեքստում պահպանելու հարցը իրավասու գերատեսչությունը  լուծում է իր հայեցողությամբ։

Եթե ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը կարծիք է հայտնել միջազգային պայմանագրի նախագծից Հայաստանի Հանրապետության վրա ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանելու վերաբերյալ, սակայն իրավասու գերատեսչությունը համաձայն չէ դրան, ապա նախագծում ֆինանսական պարտավորություն նախատեսող դրույթի պահպանման հարցը որոշելիս  իրավասու գերատեսչությունը պետք է ելնի նրանից, թե կատարման առումով որքանով են դրանք պարտադիր կնքվելիք պայմանագրի համար, եւ ներկայացնի հիմնավորում  ֆինանսական  պարտավորություններ նախատեսող դրույթների պահպանման նպատակահարմարության մասին:

Հոդված 15. Միջազգային պայմանագրի նախագիծը պայմանագրի մյուս կողմի փոխհամաձայնեցմանը ներկայացնելը

1. Իրավասու գերատեսչությունից միջազգային պայմանագրի նախագծի լրամշակված կամ վերամշակված տեքստը, դրան առնչվող շահագրգիռ գերատեսչությունների  կարծիքների պատճենները, վերջիններիս վերաբերյալ իրավասու գերատեսչության առարկությունները ստանալուց հետո՝ 30-օրյա  ժամկետում, արտաքին  գործերի նախարարությունը՝

1) ուսումնասիրում է ստացված  փաստաթղթերը, անհրաժեշտության  դեպքում իրավասու գերատեսչության  հետ  ճշգրտումներ  է կատարում  միջազգային  պայմանագրի նախագծի տեքստում, այդ թվում՝ հայերեն եւ  օտար լեզուներով տարբերակների  նույնականության ապահովման ուղղությամբ։

Միջազգային պայմանագրի նախագծում եւ դրա հայերեն ու օտար լեզուներով տեքստերում ճշգրտումներ կատարելու աշխատանքներին՝  ըստ  անհրաժեշտության,  կարող են  ներգրավվել նաեւ  շահագրգիռ գերատեսչությունները.

2)  պայմանագրի նախագծի օտար  լեզվով կազմված տեքստը  փոխհամաձայնեցման նպատակով  դիվանագիտական  ուղիներով  ներկայացնում է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտին, որի հետ  նախատեսվում է կնքել տվյալ  պայմանագիրը։

Եթե պայմանագիրը կնքվելու է  միջազգային պայմանագրի մեկից ավելի  սուբյեկտների հետ, ապա դրա օտար  լեզվով տեքստը  ներկայացվում է  նրանցից յուրաքանչյուրին, իսկ եթե այդ  սուբյեկտների հետ  տեքստի  փոխհամաձայնեցումը կատարվում է նրանց  մասնակցությամբ գործող  միջազգային  կազմակերպության  միջոցով՝ վերջինիս  համապատասխան  լիազորություններով օժտված մարմին, կամ կողմերի միջեւ պայմանավորվածության համաձայն՝  համակարգողին։

2. Արտաքին  գործերի  նախարարությունը միջազգային  պայմանագրի նախագիծը, իսկ եթե նախագիծը ներկայացրել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտը`  հայկական կողմի լրամշակած նախագիծը  միջազգային   պայմանագրի օտարերկրյա  սուբյեկտի  ներկայացնելուց հետո,  նշված սուբյեկտի  հետ  դիվանագիտական  ուղիներով ձեռք բերված  պայմանավորվածություններին համապատասխան,  իրավասու  գերատեսչությանը,  անհրաժեշտության դեպքում՝ նաեւ  շահագրգիռ  գերատեսչություններին  ներգրավելով,  կազմակերպում եւ  ղեկավարում է  մյուս կողմի հետ պայմանագրի  տեքստի  փոխհամաձայնեցման շուրջ   բանակցություններ վարելու, պայմանագիրը   ստորագրելու  նպատակով  հայկական կողմի  մասնակցության հետ  կապված  աշխատանքները։

3. Եթե փոխհամաձայնեցման սույն հոդվածով նախատեսված փուլում միջազգային պայմանագրի մյուս կողմից նոր տեքստ է ստացվում, ապա դրա ներպետական համաձայնեցման սույն օրենքի 11-12-րդ եւ 14-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը չեն վերսկսվում, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու գերատեսչության կարծիքով այդ նոր տեքստը էականորեն տարբերվում է սույն օրենքով  սահմանված կարգով ներպետական ընթացակարգերով  համաձայնեցված տեքստից։

Հոդված 16. Միջազգային  պայմանագիր  կնքելու  շուրջ  բանակցություններ վարելու, միջազգային պայմանագիրը փոխհամաձայնեցնելու եւ ստորագրելու իրավասություն ունեցող անձինք

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը եւ  արտաքին գործերի նախարարը, առանց  հատուկ  լիազորությունների,  իրավունք ունեն բանակցություններ վարելու Հայաստանի  Հանրապետության միջազգային  պայմանագրի շուրջ եւ ստորագրելու  այն։

Գերատեսչության  ղեկավարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի  բանակցություններ վարելու  միջգերատեսչական  պայմանագրի շուրջ եւ ստորագրելու  այն։

Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ղեկավարը, առանց հատուկ  լիազորությունների, իրավունք ունի  բանակցություններ վարելու Հայաստանի  Հանրապետության եւ հավատարմագրման պետության  միջեւ կնքվող  միջազգային պայմանագրի  տեքստի  համաձայնեցման շուրջ։  Միջազգային  խորհրդաժողովում կամ  միջազգային  կազմակերպությունում կամ դրա մարմիններից  որեւէ  մեկում  Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի համապատասխան խորհրդաժողովի, միջազգային կազմակերպության կամ նրա մարմնի  սահմանած կարգով ընդունելու միջազգային  պայմանագրի տեքստը (քվեարկելու  տեքստի օգտին)։

Սահմանված կարգով ստեղծված Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջկառավարական հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի անդամները իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման եւ այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման  շուրջ։

2.  Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիր կնքելու շուրջ  բանակցություններ վարելու եւ այդ  պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու եւ  ստորագրելու իրավունք ունեն նաեւ այն անձինք, ովքեր դրա համար ստացել են հատուկ  լիազորություններ։

Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիր կնքելու  շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու  եւ  ստորագրելու հատուկ լիազորություններ տալիս են՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ իրավասու գերատեսչական ղեկավարին, օտարերկրյա  պետությունում Հայաստանի Հանրապետության  դեսպանատան ղեկավարին, հյուպատոսական  հիմնարկի ղեկավարին, միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին՝  միջպետական պայմանագրի առնչությամբ.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ իրավասու գերատեսչության ղեկավարին կամ նրա  տեղակալին,  օտարերկրյա  պետությունում Հայաստանի Հանրապետության  դեսպանատան ղեկավարին կամ նրան փոխարինողին, հյուպատոսական  հիմնարկի ղեկավարին կամ նրան փոխարինողին, միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին կամ նրան փոխարինողին՝ միջկառավարական պայմանագրի առնչությամբ.

3) արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության,  իրավասու  գերատեսչության աշխատակազմերի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին՝ համապատասխան մարմնի ղեկավարի համաձայնությամբ, օտարերկրյա  պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ղեկավարին կամ նրա տեղակալին,  հյուպատոսական  հիմնարկի ղեկավարին կամ  միջազգային  կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական  ներկայացուցչության ղեկավարին կամ նրա   պարտականությունները կատարող անձին կամ  դիվանագիտական ծառայողին՝ միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագրի առնչությամբ.

4) իրավասու գերատեսչության ղեկավարը՝ իր  տեղակալին կամ  գերատեսչության  աշխատակազմի կառուցվածքային կամ  առանձնացված ստորաբաժանման  ղեկավարին կամ նրա փոխարինողին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը՝ նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին, իսկ օրենքով ստեղծված հանձնաժողովների, խորհուրդների, ծառայությունների ղեկավարները՝ նաեւ դրանց կոլեգիալ մարմինների անդամներին՝ միջգերատեսչական պայմանագրի առնչությամբ։

3. Հատուկ լիազորությունները  կարող են  տրվել՝

1) միջազգային պայմանագիր կնքելու  շուրջ բանակցություններ վարելու.

2) միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու.

3) միջազգային պայմանագիրը  ստորագրելու համար։

Հատուկ լիազորությունները  կարող են միանգամից տրվել նաեւ  սույն  մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ  կետերով նախատեսված գործողություններից երկուսը կամ բոլորը  կատարելու համար։

4. Սույն հոդվածի 3-րդ  մասով նախատեսված հատուկ լիազորությունները ստանալու համար իրավասու գերատեսչությունը լիազորվող պաշտոնատար անձի համար համապատասխան  լիազորություն ստանալու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացնում արտաքին գործերի նախարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորագիրը տալու է իրավասու  գերատեսչության ղեկավարը՝ միջգերատեսչական միջազգային  պայմանագրի առնչությամբ։

Լիազորագիր ստանալու համար արտաքին գործերի նախարարությունը դիմում է համապատասխան իրավասու մարմին կամ պաշտոնատար անձի։

Հոդված 17. Միջազգային պայմանագիրը կնքելու շուրջ բանակցություններ վարելու,  այդ  պայմանագրի տեքստը փոխհամաձայնեցնելու կամ պայմանագիրը ստորագրելու լիազորագրի բովանդակությունը եւ լիազորագիրը  դրանով  լիազորված անձին  հանձնելը

1. Միջազգային  պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ   փոխհամաձայնեցնելու կամ պայմանագիրը ստորագրելու  հատուկ  լիազորությունների տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, իրավասու գերատեսչության ղեկավարի  տված   լիազորագրով։

2. Լիազորագիրը գրավոր  փաստաթուղթ է, որ պետք է  պարունակի՝

1) լիազորագիրը տվող անձի  պաշտոնի  անվանումը, նրա անունը եւ ազգանունը.

2) լիազորվող անձի  զբաղեցրած  պաշտոնի  անվանումը եւ նրա անունը, ազգանունը.

3) վերապահվող լիազորությունը (պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ վարելը, պայմանագրի տեքստը փոխհամաձայնեցնելը կամ պայմանագիրը ստորագրելը կամ  դրանց մի մասը կամ բոլորը  միասին).

4) միջազգային  պայմանագրի  անվանումը, որի համար տրվում է  լիազորագիրը.

5) լիազորագիրը  ստորագրելու տարին, ամիսը եւ  ամսաթիվը։

3. Լիազորագիրը պետք է  ստորագրված լինի  լիազորող  պաշտոնատար անձի կողմից եւ  ամրագրված այն  պետական  մարմնի  կնիքով, որի  ղեկավարն է լիազորողը։

4. Լիազորագիրը դրանով լիազորված պաշտոնատար անձին է  հանձնվում արտաքին գործերի նախարարության միջոցով՝ իրավասու  պաշտոնատար անձի կողմից այն ստորագրվելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում։ Լիազորագրի պատճենը պահվում է արտաքին գործերի նախարարությունում, որը կցվում է տվյալ միջազգային պայմանագրին առնչվող փաստաթղթերին։

Եթե լիազորագիրը տրվել է իրավասու գերատեսչության ղեկավարի կողմից, ապա այն լիազորված անձին է հանձնվում տվյալ  գերատեսչությունում սահմանված կարգով, որի  պատճենը անհապաղ  ներկայացվում է արտաքին  գործերի նախարարություն։ Եթե իրավասու գերատեսչության  ղեկավարի տված  լիազորագրով  լիազորված անձը գտնվում է  արտասահմանում, ապա այս դեպքում եւս  լիազորագիրը նրան է  հանձնվում  արտաքին գործերի նախարարության միջոցով՝ իրավասու  գերատեսչության ղեկավարի կողմից այն  ստորագրվելու  օրվանից հետո՝  եռօրյա ժամկետում։

Միջազգային  պայմանագրի մյուս կողմի համաձայնության դեպքում  լիազորագիրը դրանով  լիազորված  անձին կարող է  փոխանցվել  էլեկտրոնային  փոստով կամ  տեխնիկական այլ  միջոցներով։

Լիազորագիրը կազմվում  եւ ստորագրվում է հայերենով, որի համապատասխան օտար լեզվով թարգմանությունն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը՝  ամրագրելով նախարարության կնիքով։

Հոդված 18.  Միջազգային  պայմանագրի   տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցվում է նախաստորագրման կամ սույն հոդվածի 3-դ մասով նախատեսված որեւէ այլ  ձեւով։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը այդ պայմանագրի կնքման ոչ պարտադիր  փուլ է, որի ընթացքում սույն օրենքի 16-17-րդ հոդվածներով իրավասու կամ հատուկ լիազորություններ ստացած անձը միջազգային պայմանագրի  յուրաքանչյուր էջի վրա նշագրում կատարելու միջոցով հավաստում է գրավոր տեքստի վերաբերյալ հայկական կողմի նախնական  համաձայնությունը։

2. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է  նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման եւ նախաստորագրման համար սույն  օրենքի 8-12-րդ եւ 14-15-րդ հոդվածներով, իսկ սույն օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրի կնքման դեպքում` սույն օրենքի 11-12-րդ եւ 14-16-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերն ավարտվելուց հետո, եթե այլ բան  նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի տված հանձնարարականով  կամ առաջարկությունով կամ պայմանագրի մյուս կողմի հետ  ձեռք բերված  պայմանավորվածությամբ, կամ եթե այդ պայմանագիրը չի դասվում սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի շարքին։

3. Միջազգային պայմանագրի տեքստը կարող է  փոխհամաձայնեցվել  նաեւ հետեւյալ  որեւէ ձեւով.

1) պայմանագրի  տեքստը դիվանագիտական ուղիներով մյուս կողմին  ուղարկելու  եւ այդ  տեքստին համաձայն լինելու մասին այդ կողմի պաշտոնական ծանուցումը դիվանագիտական ուղիներով հայկական կողմի ստանալու  միջոցով.

2) փոխհամաձայնեցման համար հայկական  եւ պայմանագրի մյուս կողմի լիազորված պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման մասին համատեղ  արձանագրություն ստորագրելու միջոցով.

3) միջազգային կազմակերպության շրջանակներում եւ դրա կանոնակարգերով սահմանված կարգով կազմված միջազգային պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման նպատակով այդ կազմակերպության հրավիրած դիվանագիտական կամ այլ  խորհրդաժողովի կողմից տեքստի փոխհամաձայնեցման մասին արձանագրություն կամ այլ փաստաթուղթ ստորագրելու միջոցով, անկախ նրանից՝ Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է այդ  պայմանագրի նախագծի մշակմանը  կամ դրա  տեքստի  փոխհամաձայնեցման համար հրավիրված խորհրդաժողովի նիստին,  թե ոչ։

4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված կարգով փոխհամաձայնեցված միջազգային պայմանագրի տեքստը մինչեւ  դրա ստորագրումը կարող է փոփոխվել  կողմերի միջեւ լրացուցիչ ձեռք բերված  պայմանավորվածության դեպքում։

5. Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի  նախաստորագրումից կամ այլ ձեւով դրա տեքստի  փոխհամաձայնեցումից  հետո` ստորագրումից առնվազն 10-օր առաջ, արտաքին  գործերի  նախարարությունն այդ մասին ծանուցում է Հայաստանի  Հանրապետության Նախագահին եւ  կառավարությանը՝  հնարավորինս  հայտնելով դրա  ստորագրման վայրի եւ ժամկետի, ինչպես նաեւ  ստորագրման  պահին այդ  պայմանագրի  վերաբերյալ վերապահում,  հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։

Հայաստանի Հանրապետության Նախագահը,  վարչապետը կարող են հանձնարարականներ տալ սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանագրի ստորագրման հետ կապված հարցերով։

Հոդված 19.   Միջազգային  պայմանագիրը  ստորագրելը, ստորագրման  հետ կապված հայտարարություն, վերապահում կամ մյուս կողմի  արած հայտարարության կամ վերապահման դեմ  առարկություն անելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը դրա կնքման փուլ  է, որով  ավարտվում են դրա շուրջ բանակցությունները, այդ պայմանագրի նախագծի վերջնական փոխհամաձայնեցումը, որի ընթացքում  սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով  սահմանված կարգով  փոխհամաձայնեցված պայմանագիրը՝  ի հաստատումն դրա տեքստի հետ ամբողջական  համաձայնության, հայկական կողմից ստորագրում են սույն  օրենքի     16-17-րդ հոդվածներով  այդպիսի իրավասություն կամ հատուկ  լիազորություններ ունեցող անձը եւ պայմանագրի մյուս կողմի իրավասու անձը, որից հետո պայմանագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման՝ սույն օրենքով սահմանված կարգով։

2. Եթե միջազգային  պայմանագրով նախատեսվում է, որ դա ուժի (գործողության)  մեջ է մտնում  ստորագրման պահից, կամ մինչեւ ուժի մեջ մտնելը պայմանագիրը ամբողջությամբ կամ որոշակի մասով կարող է  ժամանակավորապես կիրառվել, ապա հայկական կողմից այդ  պայմանագիրն ստորագրելու իրավասություն կամ հատուկ  լիազորություն ունեցող անձը  պարտավոր է բանակցությունների ընթացքում` նախքան ստորագրելը, մյուս կողմի հետ հասնել այն բանին, որ տեքստի նման դրույթները փոխարինվեն այնպիսի  դրույթներով, որոնք բացառեն հայկական կողմի համար պայմանագրի  կիրառումը նախքան սույն օրենքով սահմանված կարգով դրա վավերացումը կամ հաստատումը։

Այդպիսի համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում  հայկական կողմից իրավասու կամ  հատուկ լիազորություններ ունեցող անձը նման դրույթներ պարունակող  պայմանագիրն ստորագրելիս պետք է վերապահում կատարի՝ նշելով, որ այդ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու  (կիրառվելու է) ներպետական  ընթացակարգերով այն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։

Հայկական կողմը միջազգային պայմանագիր ստորագրելիս կարող է դրա վերաբերյալ անել նաեւ այլ վերապահում, հայտարարություն, ինչպես նաեւ տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ անել առարկություն՝ այդ պայմանագրով կամ միջազգային իրավունքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

3. Նախքան ստորագրելը միջազգային  պայմանագրի վերաբերյալ վերապահում,  հայտարարություն, այդ  պայմանագիրն արդեն  իսկ  ստորագրած  մյուս կողմի վերապահման,   հայտարարության դեմ  առարկություն անելու  նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին  գործերի  նախարարը, իրավասու  գերատեսչության ղեկավարը։

Միջազգային պայմանագրի վերաբերյալ  վերապահում, հայտարարություն, այդ  պայմանագիրն արդեն իսկ  ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ  առարկության նախագիծը մշակում է իրավասու գերատեսչությունը՝ համաձայնեցնելով  արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, իսկ մինչ այդ անհրաժեշտության դեպքում`  շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։

 Եթե միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ  պայմանագիրն արդեն իսկ  ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու նախաձեռնությունը դրսեւորվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ  արտաքին  գործերի նախարարության կողմից, ապա  համապատասխան  նախագիծը կարող է կազմել արտաքին գործերի նախարարությունը` համաձայնեցնելով արդարադատության նախարարության եւ իրավասու գերատեսչության հետ. վերջինս մինչ այդ անհրաժեշտության դեպքում կարող է  ստանալ դրա վերաբերյալ շահագրգիռ մյուս գերատեսչությունների կարծիքները։

Եթե հայկական կողմից ստորագրվելիք միջազգային պայմանագրի  վերաբերյալ  վերապահում, հայտարարություն կամ այդ պայմանագիրն արդեն իսկ  ստորագրած մյուս կողմի  վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու անհրաժեշտությունն առաջացել է միջազգային  պայմանագիրը հայկական կողմից ստորագրվելու պահից առաջ, ապա  համապատասխան  վերապահման, հայտարարության, այդ պայմանագիրն արդեն իսկ  ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության տեքստը մշակում է տվյալ միջազգային պայմանագիրն ստորագրելու իրավասություն ունեցող կամ դրա համար հատուկ լիազորություն ստացած անձը` արտաքին գործերի նախարարության եւ իրավասու  գերատեսչության լիազոր  պաշտոնատար անձանց մասնակցությամբ, իսկ վերջիններիս բացակայության կամ մասնակցության անհնարինության դեպքում՝ անձամբ։

Եթե միջազգային պայմանագիրը ստորագրելիս հայկական կողմի հայտարարության, վերապահման կամ տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի  վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկության տեքստը կազմելը հնարավոր չէ, ապա պայմանագիրը ստորագրող հայկական կողմի պաշտոնատար անձը նշում է,  որ վերապահում, հայտարարություն կամ առարկություն կարվի ավելի ուշ։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  ստորագրմանը  հավասարազոր է ճանաչվում  դիվանագիտական ուղիներով  եւ միջազգային իրավունքի  նորմերով  սահմանված կարգով  նոտաների կամ նամակների փոխանակման  միջոցով կողմերի միջեւ  համաձայնության  ձեռքբերումը։

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրի վերաբերյալ  ուղարկվող համապատասխան  նոտային կամ նամակին  կարող  են կցվել դրա վերաբերյալ հայկական կողմի վերապահումը,   հայտարարությունը, տվյալ  պայմանագիրն  արդեն իսկ  ստորագրած մյուս կողմի վերապահման,  հայտարարության դեմ հայկական կողմի  առարկությունը։

Նախքան նոտան կամ նամակը միջազգային  պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին իրազեկելու  համար  փոխանցելը այդ  պայմանագրի  վերաբերյալ հայկական կողմի վերապահման, հայտարարության կամ տվյալ  պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի  վերապահման, հայտարարության դեմ  հայկական կողմի  առարկության տեքստի  պատրաստման նկատմամբ կիրառվում են  սույն  օրենքի  18-րդ  հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններով  սահմանված կանոնները։

5. Ստորագրված միջազգային  պայմանագրի տեքստը կարող է փոփոխվել կամ լրացվել միայն սույն օրենքի 29-30-րդ հոդվածներով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերով  նախատեսված այլ դեպքերում։

Հոդված 20. Միջազգային պայմանագիրը ստորագրելը, որի կնքման շուրջ  բանակցություններին հայկական   կողմը չի մասնակցել

1. Միջազգային իրավունքի նորմերով եւ սույն օրենքով սահմանված կարգով  Հայաստանի Հանրապետությունը կարող է ստորագրել նաեւ  ստորագրման համար բաց  միջազգային պայմանագիրը, որի կնքման շուրջ բանակցություններին, դրա տեքստի փոխհամաձայնեցմանը եւ  ստորագրմանը    հայկական կողմը չի մասնակցել։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջազգային պայմանագրի՝ հայկական կողմից ստորագրելը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի հանձնարարությամբ կամ առաջարկությամբ, արտաքին գործերի նախարարության  առաջարկությամբ,  ինչպես նաեւ իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ։

Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի հանձնարարությունը կամ առաջարկությունը արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում է իրավասու գերատեսչություն։ Այս դեպքում արտաքին գործերի  նախարարությունը ներկայացնում է նաեւ իր կարծիքը տվյալ միջազգային  պայմանագիրն ստորագրելու հարցի վերաբերյալ։

3. Հանձնարարությունը կամ առաջարկությունն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում,  իրավասու գերատեսչությունը ստորագրված միջազգային պայմանագիրը բնօրինակից հայերեն է թարգմանում, անհրաժեշտության դեպքում կազմում է դրա վերաբերյալ հայկական կողմի վերապահման, հայտարարության, այդ միջազգային պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ  հայկական կողմի առարկության տեքստը եւ պայմանագրի տեքստը դրան առնչվող բոլոր փաստաթղթերով ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

4. Սույն   հոդվածի    3-րդ մասով    սահմանված   կարգով    փաստաթղթերն

ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իր եզրակացությամբ արտաքին գործերի նախարարությունը  համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, եթե պայմանագիրը միջպետական է, կամ կառավարություն, եթե պայմանագիրը միջկառավարական է։

5. Միջազգային պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը՝ որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը համաձայնություն են տալիս ստորագրելու տվյալ միջազգային պայմանագիրը, ապա համաձայնությունն ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնում է պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ՝ սույն օրենքով սահմանված  հետագա   ընթացակարգերի իրականացումը։

6. Եթե ստորագրված միջազգային պայմանագիրը հայկական կողմից ստորագրելու առաջարկությունն արվել է արտաքին գործերի նախարարության կողմից, ապա կիրառվում են սույն հոդվածի   3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված ընթացակարգերը։

Եթե ստորագրված միջազգային պայմանագիրը հայկական կողմից ստորագրելու նախաձեռնությունը դրսեւորել է իրավասու գերատեսչությունը, ապա նա համապատասխան  միջազգային  պայմանագրի  բնօրինակից հայերեն է թարգմանում այն եւ  ներկայացնում արտաքին գործերի նախարարություն, որից հետո  կիրառվում են սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով  սահմանված ընթացակարգերը։

7. Այն դեպքում,  երբ պետք է ստորագրվի ստորագրման համար բաց միջգերատեսչական պայմանագիր, ապա դրա ստորագրումն իրականացվում է իրավասու գերատեսչության եւ արտաքին գործերի նախարարության միջեւ համաձայնությամբ` առանց սույն հոդվածով նախատեսված ընթացակարգերի իրականացման:

 Եթե ստորագրված միջգերատեսչական պայմանագիր ստորագրելու վերաբերյալ սույն հոդվածով սահմանված կարգով հանձնարարական են տվել կամ առաջարկություն են արել Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը կամ արտաքին գործերի նախարարությունը, որոնց իրավասու գերատեսչությունը  հանձնարարականը  կամ առաջարկությունը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, ծանուցել է դրա վերաբերյալ իր անհամաձայնության մասին, ապա նոր հանձնարարության կամ առաջարկության հիման վրա այն պետք է ստորագրվի:

8. Ստորագրված միջազգային պայմանագիրը հայկական կողմից ստորագրելու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 19-րդ հոդվածի կանոնները։

Հոդված 21. Միջազգային   պայմանագրի լեզուն

1. Հայաստանի Հանրապետության միջազգային   պայմանագրի նախագիծը մշակվում, սույն  օրենքով  սահմանված կարգով  ներպետական համաձայնեցման ընթացակարգեր է անցնում հայերենով։

Եթե պայմանագրի նախագիծը  ներկայացվել է միջազգային  պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի կողմից, ապա այն  թարգմանվում է հայերեն եւ սույն օրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգեր է անցնում հայերենով։

2. Հայաստանի Հանրապետության  միջազգային  պայմանագրի  նախագծի, դրա փոխհամաձայնեցման եւ պայմանագրի ստորագրման  ներկայացվող կամ ստորագրման համար բաց միջազգային պայմանագրի հայերեն եւ  օտար  լեզուներով տեքստերի  կազմման  պատասխանատուն   իրավասու գերատեսչությունն է, որը  սույն օրենքով սահմանված կարգով  ներպետական համաձայնեցման ընթացակարգերն ավարտելուց հետո  պայմանագրի մյուս կողմի հետ  փոխհամաձայնեցնելու նպատակով արտաքին  գործերի  նախարարություն է ներկայացնում դրա հայերեն եւ համապատասխան օտար լեզուներով թղթային եւ  էլեկտրոնային  տարբերակները։

3.  Հայաստանի Հանրապետության  երկկողմ  միջազգային  պայմանագրի  բնօրինակներից մեկը  ստորագրվում է  հայերենով, բացառությամբ տվյալ միջազգային պայմանագրի կողմերի համաձայնությամբ  պայմանագիրը  նրանց համար ընդունելի միայն մեկ օտար լեզվով ստորագրելու դեպքերի։

4. Հայաստանի Հանրապետության  բազմակողմ միջազգային  պայմանագիրը  ստորագրվում է օտար լեզվով, իսկ այդ  պայմանագրով նախատեսված լինելու  դեպքում՝ նաեւ հայերենով։

5.  Հայերենով եւ զուգահեռաբար օտար լեզվով  ստորագրվող  Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  տեքստերի  նույնականությունը  նախքան  ստորագրումը  հաստատում է  արտաքին  գործերի  նախարարությունը։

Հայերենով եւ զուգահեռաբար օտար լեզվով ստորագրվող Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  տեքստերի  նույնականության հաստատման կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը։

6.  Հայերենով եւ օտար  լեզվով  ստորագրված  Հայաստանի  Հանրապետության միջազգային    պայմանագրի  տեքստերը  հավասարազոր  բնագրեր  են։  Հայերեն եւ օտար լեզվով  բնագրերի միջեւ  անհամապատասխանություն  բացահայտվելու դեպքում դրանց  ուղղումն  իրականացվում է  միջազգային   պայմանագրերի կնքման   հարաբերությունները կարգավորող  միջազգային  իրավունքի նորմերով սահմանված կարգով։

7. Միայն օտար լեզվով  ստորագրված  Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի՝  արտաքին գործերի  նախարարության հաստատած  նույնական  հայերեն տեքստը  համարվում է հայերեն բնագիր. նման պայմանագրի  կիրառման  ընթացքում  դրա  դրույթների  մեկնաբանման  անհրաժեշտություն  առաջանալու դեպքում հիմք է  ընդունվում  օտար լեզվով ստորագրված բնագիր տեքստը։

8. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային  պայմանագիրը, հայերենից եւ մյուս կողմի պաշտոնական լեզվից բացի, ստորագրվել է նաեւ երրորդ լեզվով, ապա պայմանագրի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման դեպքում տարակարծություններ առաջանալիս հիմք է ընդունվում այն լեզվով կազմված տեքստը, որին հղում է արված  տվյալ միջազգային  պայմանագրով։

ԳԼՈՒԽ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 22. Միջազգային  պայմանագրի  վավերացման  կամ   հաստատման   պարտադիր  լինելը

1. Հայաստանի Հանրապետության  կողմից  ստորագրվելուց հետո միջազգային  պայմանագիրը ենթակա է վավերացման կամ  հաստատման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով։

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացումը կամ  հաստատումը այդ  պայմանագրի կնքման փուլ է, որի  ընթացքում հայկական կողմից ստորագրված միջազգային  պայմանագրի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը համապատասխան որոշում է ընդունում, եւ այդ  հիմքով  պայմանագիրը պարտադիր է դառնում Հայաստանի  Հանրապետության համար  դրա ուժի մեջ մտնելու պահից։

Հոդված  23. Միջազգային պայմանագիրը վավերացնող եւ հաստատող   մարմինները

1. Հայաստանի Հանրապետության ստորագրած  միջազգային  պայմանագիրը վավերացնում է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝  սույն  օրենքին  համապատասխան։

2. Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային  պայմանագիրը հաստատում է  Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ սույն օրենքին համապատասխան։

Հոդված 24.  Վավերացման ենթակա միջազգային  պայմանագիրը

1. Վավերացման ենթակա է ստորագրված  միջպետական միջազգային  պայմանագիրը։

2. Վավերացման ենթակա է նաեւ  ստորագրված այն միջկառավարական պայմանագիրը՝

1) որը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին.

2) որը ֆինանսական  պարտավորություններ է նախատեսում Հայաստանի Հանրապետության համար.

3) որի կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր  օրենքի  ընդունում կամ  սահմանում է  օրենքներին  հակասող նորմեր.

4) որը վերաբերում է  սույն օրենքով սահմանված կարգով  վավերացված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ  լրացումներ  կատարելուն.

5) որով նախատեսված է վավերացում։

3. Վավերացման ենթակա է նաեւ ստորագրված այն միջգերատեսչական պայմանագիրը, որով նախատեսվում է ստեղծել կամ հիմնադրել միջգերատեսչական (միջբանկային) կազմակերպություն կամ այդ կազմակերպությանն անդամակցում, եւ եթե այդ պայմանագիրը նախատեսում է պարտադիր վճարումներ կատարել տվյալ կազմակերպությանը, ինչպես նաեւ, եթե տվյալ միջգերատեսչական պայմանագրով նախատեսված է դրա  վավերացում։

4. Սույն մասի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության համար  ֆինանսական  պարտավորություններ նախատեսող միջազգային  պայմանագիր է վարկեր,  փոխառություններ,  երաշխիքներ ստանալուն կամ  տրամադրելուն, միջպետական կամ միջկառավարական  հիմնադրամների ձեւավորման նպատակով դրամական  միանվագ կամ  պարբերական  մուծումներ  նախատեսող կամ միջկառավարական, միջգերատեսչական (միջբանկային) այնպիսի միջազգային  կազմակերպության ստեղծման (հիմնադրման) դրույթներ  պարունակող  միջազգային պայմանագիրը, որի համար Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինելու կատարել  միանվագ կամ պարբերաբար դրամական  մուծումներ կամ նախատեսում է այլ  ֆինանսական պարտավորությունների ստանձնում:

Սույն օրենքով  ֆինանսական  պարտավորություններ չեն  համարվում միջազգային պայմանագրով ստանձնած այն պարտավորությունները, որոնք թեեւ  հայկական կողմի համար նախատեսում են դրամական  մուծումներ կամ հատկացումներ կատարել, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության բյուջեի կամ համայնքային բյուջեների եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման չեն հանգեցնում:

Մասնավորապես ֆինանսական պարտավորություններ չեն համարվում հարկային, մաքսային եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ սահմանող, գործուղումների,  օտարերկրյա պետությունների եւ միջազգային  կազմակերպությունների պատվիրակությունների ընդունելության,  բնակարանների եւ այլ գույքի վարձակալության հետ կապված  պարտավորությունները, ինչպես նաեւ  այն  միջազգային  պայմանագրով ստանձնած  պարտավորությունները, որոնցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են  մարդասիրական  օգնություն, նվիրատվություն, դրամաշնորհ, կամ նախատեսվում են իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ  համագործակցություն՝ առանց  պայմանագրի մյուս  կողմի օգտին հայկական կողմի վրա փոխադարձ ֆինանսական կամ որեւէ այլ  գույքային  այնպիսի պարտավորություն դնելու, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով։

Հոդված 25.   Հաստատման ենթակա  միջազգային պայմանագիրը

1. Հաստատման ենթակա է սույն օրենքով սահմանված կարգով ստորագրված եւ սույն օրենքի 24-րդ հոդվածով Ազգային ժողովի վավերացմանը ոչ ենթակա  միջազգային պայմանագիրը։

2. Հաստատման ենթակա է նաեւ հայկական կողմի ստորագրած այն միջազգային պայմանագիրը՝

1) որի կնքումը բխում է սույն օրենքով սահմանված կարգով վավերացված եւ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից, եւ որը միջկառավարական կամ միջգերատեսչական  է կամ պարունակում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի            1-ին, 2-րդ եւ 3-րդ  կետերով նախատեսված այնպիսի դրույթներ, որոնք իմաստային եւ բովանդակային առումով նույնությամբ պարունակվում են նաեւ այդ վավերացված միջազգային պայմանագրում.

2) որը պարունակում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  եւ              3-րդ կետերով նախատեսված այնպիսի դրույթներ, որոնք նույնությամբ պարունակվում են նաեւ սույն օրենքով սահմանված կարգով վավերացված եւ ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագրում, որին հղում է արված այդ նոր կնքվող պայմանագրում, եւ հղումը վերաբերում է նոր կնքվող պայմանագրի կատարման ընթացքում այդ վավերացված պայմանագրի կիրառմանը։

Հոդված 26. Միջազգային  պայմանագրի  վավերացման կամ հաստատման  ընթացակարգեր իրականացնելը

1. Հայկական կողմի  ստորագրած  միջազգային  պայմանագիրը վավերացման կամ հաստատման  ներկայացնելու նպատակով այդ  պայմանագիրն ստորագրվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, արտաքին գործերի  նախարարությունը պայմանագրի հայերեն բնօրինակի պատճենը, իսկ հայերեն ստորագրված չլինելու դեպքում դրա սահմանված կարգով թարգմանված  հայերեն տարբերակի նույնականացված տեքստի պատճենը ներկայացնում է`

1) արդարադատության  նախարարություն՝ ստորագրված  միջազգային  պայմանագրի դրույթների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միջեւ  հակասության,  այդ պայմանագրում Հայաստանի Հանրապետության նոր օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող օրենքում կամ այլ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նորմերի  առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու համար.

2) ֆինանսների եւ էկոնոմիկայի  նախարարություն՝ ստորագրված  միջազգային  պայմանագրով  Հայաստանի  Հանրապետության համար ֆինանսական   պարտավորություններ նախատեսող  դրույթների  առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու համար.

3) իրավասու  գերատեսչություն՝ ստորագրված միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանք եւ այդ պայմանագրի  վերաբերյալ հայկական կողմի վերապահման, հայտարարության,  պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի  առարկության  տեքստի նախագիծ,  իսկ դրանց անհրաժեշտության բացակայության դեպքում՝ այդ մասին տեղեկանք,  ինչպես նաեւ վավերացման ենթակա միջազգային պայմանագիրը Սահմանադրական դատարանում եւ Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի թեկնածությունը  ներկայացնելու համար։

Սույն  մասով նախատեսված  տեղեկանքները պետք է արտաքին  գործերի նախարարություն  ներկայացվեն այդ հարցով  վերջինիս գրությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում։

Եթե սույն  մասի 1-ին, 2-րդ  եւ 3-րդ  կետերով նախատեսված մարմինները համապատասխան  տեղեկանքներ տրամադրելու նպատակով արտաքին գործերի  նախարարությունից միաժամանակ ստացել են մեկից  ավելի   ստորագրված  միջազգային  պայմանագրեր  (փաթեթով), ապա տեղեկանքները պետք է տրվեն փաթեթն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում։ Ընդ որում,  յուրաքանչյուր միջազգային պայմանագրի վերաբերյալ պետք է կազմվի առանձին  տեղեկանք։

2. Սույն  հոդվածի 1-ին մասով  նախատեսված  տեղեկանքներն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, արտաքին գործերի  նախարարությունը միջազգային   պայմանագրի  պատճենը`  պայմանագրի  ստորագրումից հետո դրա  մյուս  կողմի ներպետական  ընթացակարգերի կատարման ընթացքի վերաբերյալ  իր  տեղեկանքով, ինչպես նաեւ պայմանագիրը ընթացիկ ժամանակահատվածում վավերացնելու կամ հաստատելու նպատակահարմարության կամ նշված գործընթացները կասեցնելու հիմնավոր եզրակացությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններն իրականացնելիս արտաքին գործերի նախարարությունը  Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է միջազգային  պայմանագրի  հայերեն  բնօրինակի պատճենը, իսկ եթե այն հայերենով չի ստորագրվել` դրա օտար լեզվով բնօրինակի պատճենը` հայերեն թարգմանված եւ նույնականացված տեքստի պատճենով, ինչպես նաեւ սույն հոդվածի  1-ին մասով  նախատեսված գերատեսչությունների ներկայացրած փաստաթղթերի պատճենները:

Հոդված 27.  Միջազգային  պայմանագրի վերաբերյալ  սահմանադրական դատարանի որոշումը   ստանալը

1. Սույն օրենքով Ազգային ժողովի  վավերացմանը ենթակա ստորագրված  միջազգային  պայմանագիրը նախապես պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան։

2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա  միջազգային  պայմանագիրը օրենքով սահմանված  կարգով  սահմանադրական դատարան է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը՝    պայմանագրում  ամրագրված  պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանելու  հարցը  որոշելու համար։

Սահմանադրական դատարանում տվյալ միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ սահմանված կարգով նշանակված պաշտոնական ներկայացուցիչը։

3. Սահմանադրական դատարանի որոշումը  ստանալուց հետո, եթե դրանով սահմանվում է, որ տվյալ միջազգային պայմանագրով ամրագրված  պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հանրապետության Նախագահը  տվյալ  պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  վավերացմանը՝ նշանակելով Ազգային ժողովում պայմանագիրը ներկայացնելու համար իր պաշտոնական ներկայացուցչին։

Հոդված 28.  Միջազգային պայմանագիրը վավերացնելը եւ հաստատելը

1. Հայկական կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է «Ազգային  ժողովի  կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով։

 Ազգային ժողովում տվյալ միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ սահմանված կարգով նշանակված պաշտոնական ներկայացուցիչը։

2. Հայկական կողմի  ստորագրած միջազգային  պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործավարական կանոններով սահմանված կարգով։

Միջազգային պայմանագրի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր։

3. Եթե միջազգային պայմանագիրը վավերացման կամ հաստատման է ներկայացվել դրա վերաբերյալ հայկական կողմի վերապահում, հայտարարություն,  այդ պայմանագրի մյուս  կողմի վերապահման, հայտարարության դեմ  հայկական կողմից առարկություն անելու առաջարկությամբ, եւ դա վավերացնող կամ հաստատող մարմնի կողմից ընդունվել է, ապա տվյալ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման մասին ակտում նշվում է այն վերապահումով, հայտարարությունով կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկությունով  վավերացնելու կամ հաստատելու մասին։

Հոդված 29. Սահմանադրությանը   հակասող միջազգային  պայմանագիրը

1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է ընդունել  հայկական կողմի  ստորագրած  միջազգային  պայմանագրում  ամրագրված պարտավորությունները  Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին,  ապա այդ   պայմանագիրը  Ազգային ժողովի վավերացմանը  չի  ներկայացվում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

2. Նկատի  ունենալով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրի  կարեւորությունը  Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի  Հանրապետության Նախագահը կարող է  հանձնարարել  երկկողմ պայմանագրի  մյուս  կողմի հետ  բանակցություններ վարել դրանում Հայաստանի Հանրապետության սահմանադրական  դատարանի որոշման  մեջ նշված  հակասությունները  վերացնելու շուրջ։

Նման գործողություններ կարող է նախաձեռնել նաեւ իրավասու գերատեսչությունը կամ արտաքին գործերի նախարարությունը՝ միմյանց հետ համաձայնեցմամբ:

3. Սույն հոդվածով նախատեսված միջազգային  պայմանագրի համապատասխան դրույթը վերացնելու  կամ այլ դրույթով  փոխարինելու շուրջ բանակցությունների  արդյունքում փոխհամաձայնություն ձեռք բերվելու դեպքում դա  ամրագրվում է տվյալ միջազգային  պայմանագրի փոփոխված տեքստի  ստորագրումով կամ այդ պայմանագրի անբաժանելի մաս կազմող  արձանագրության ստորագրումով։ Վերջինում հստակ նշվում է, թե  պայմանագրի որ  հոդվածը կամ դրույթն է հանվում տեքստից կամ փոխարինվում այլ  դրույթով։

Պայմանագրի նորացված տեքստը կամ դրա անբաժանելի մաս կազմող արձանագրությունը հայկական կողմից ստորագրում է սույն  օրենքով միջազգային պայմանագիր ստորագրելու  իրավասություն կամ հատուկ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը։

Դրանից հետո միջազգային պայմանագիրը  սույն օրենքի 26-27-րդ հոդվածների պահանջների պահպանումով  կրկին  ներկայացվում է  վավերացման կամ հաստատման։

4. Եթե Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությանը հակասող պարտավորություններ նախատեսող բազմակողմ միջազգային պայմանագիրը հնարավորություն է տալիս այն վավերացնելու Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ նախատեսող դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից չկատարվելու  կամ նրա համար դրանք պարտադիր չլինելու վերաբերյալ վերապահում կամ հայտարարություն արվելու միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահը այդ պայմանագիրը կարող է ներկայացնել  համապատասխան վերապահումով  կամ հայտարարությունով Ազգային ժողովի վավերացմանը։

Հոդված  30.   Ուժի մեջ չմտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելը

1. Ուժի մեջ չմտած Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագրի տեքստում կարող են փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարվել  այդ պայմանագիրը ստորագրած մյուս կողմի  առաջարկությամբ, եթե տվյալ պայմանագրի որոշ դրույթներ այդ կողմի  սահմանադրությանը կամ իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին հակասելու պատճառով  խոչընդոտում են ուժի մեջ մտնելու համար  անհրաժեշտ այդ  կողմի  ներպետական  ընթացակարգերի  իրականացմանը։

Նման դեպքերում արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ իրավասու  գերատեսչությունը բանակցություններ է սկսում վարել միջազգային պայմանագրի մյուս կողմի հետ՝ այդ  պայմանագրում առկա այն դրույթը վերացնելու կամ  փոփոխելու համար, որը խոչընդոտում է միջազգային  պայմանագրի ուժի մեջ մտնելու համար  անհրաժեշտ մյուս կողմի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի իրականացմանը։

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետությունը սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ վավերացրել կամ հաստատել է տվյալ միջազգային  պայմանագիրը, ապա՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի  միջնորդությամբ եւ արտաքին գործերի  նախարարության եւ իրավասու  գերատեսչության  կարծիքների առկայությամբ  Ազգային ժողովը կարող է չեղյալ  ճանաչել  իր ընդունած որոշումը.

2) իրավասու գերատեսչության պատճառաբանված դիմումով եւ արտաքին գործերի նախարարության կարծիքով Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է չեղյալ  ճանաչել  իր հրամանագիրը:

3. Ընդ որում, տվյալ միջազգային պայմանագրի համապատասխան դրույթը վերացնելուն ուղղված բանակցությունների ընթացքում հայկական կողմը պետք է ապահովի դրա փոխարինումը այնպիսի նոր դրույթով, որը չնախատեսի  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող պարտավորություն։

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում ստորագրված միջազգային պայմանագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու շուրջ փոխհամաձայնության գալու դեպքում կիրառվում են սույն օրենքի 29-րդ հոդվածի             3-րդ մասի կանոնները:

Հոդված 31. Մինչեւ վավերացումը կամ հաստատումը միջազգային պայմանագիրը Հայաստանի  Հանրապետության       կողմից  կիրառելու արգելքը

Եթե Հայաստանի Հանրապետության  ստորագրած  միջազգային  պայմանագրով  նախատեսված է  ստորագրման  պահից դրա ուժի մեջ մտնելու կամ  մինչեւ ուժի մեջ մտնելը  ժամանակավորապես  կիրառելու  մասին դրույթ, եւ այդ   պայմանագրի  ստորագրման  ժամանակ սույն օրենքով  իրավասու կամ  հատուկ  լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը, 19-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության  համաձայն,  վերապահում չի  կատարել   դրանց  վերաբերյալ, ապա այդ միջազգային պայմանագիրը ստորագրման պահից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտած չի համարվում  մինչեւ  սույն օրենքով սահմանված կարգով դրա վավերացումը կամ  հաստատումը։

Հոդված 32. Միջազգային  պայմանագիրը չվավերացնելու կամ չհաստատելու  որոշում ընդունելու հետեւանքները

1. Եթե վավերացման ներկայացված  միջազգային  պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով վավերացման մասին  որոշում  ընդունելու համար  անհրաժեշտ  ձայներ չի  հավաքում, ապա տվյալ  միջազգային  պայմանագրի  վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից  համարվում է  մերժված։

2. Չվավերացված միջազգային  պայմանագրի վավերացման  հարցին Ազգային  ժողովը կրկին կարող է անդրադառնալ իրեն ուղղված Հայաստանի  Հանրապետության Նախագահի  նոր դիմումի հիման վրա:

3. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը չի հաստատում սույն օրենքի համաձայն իր հաստատմանը ներկայացված միջազգային պայմանագիրը, ապա այն` կից բոլոր փաստաթղթերով, վերադարձնում է արտաքին գործերի նախարարություն` անհրաժեշտության դեպքում նշելով չհաստատելու շարժառիթները:

Այդ պայմանագիրը, եթե դա միջկառավարական պայմանագիր է, Հայաստանի Հանրապետության վարչապետի եզրակացությամբ, իսկ եթե  միջգերատեսչական պայմանագիր է՝ իրավասու գերատեսչության պատճառաբանված  հիմնավորմամբ եւ  արտաքին գործերի  նախարարության  դրական  կարծիքով, կրկին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը։

Հոդված 33.  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ  վավերագիր   ստորագրելը

1. Սույն օրենքով սահմանված  կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը 10-օրյա ժամկետում կազմում է վավերագիր եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած  վավերագիրը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կնիքով եւ  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարարի ստորագրությամբ։

3. Միջազգային  պայմանագրի վավերագրի  փոխանակման կամ  այդ  պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին  վավերագրի ի պահ տալու  գործառույթներն  իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին  գործերի  նախարարությունը՝ միջազգային իրավունքի  նորմերին համապատասխան։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերագրի ձեւը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը։

Հոդված 34.  Միջազգային  պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը կատարած լինելու եւ  պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար  պարտադիր լինելու մասին իրավաբանական կարծիք տալը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է այդ պայմանագրի վերաբերյալ իրավաբանական կարծիք կամ եզրակացություն տալ, ապա այն տրվում է տվյալ միջազգային  պայմանագրով սահմանված  պայմաններին համապատասխան՝ հայերեն կամ  նաեւ որեւէ  օտար լեզվով։

2. Իրավաբանական կարծիքը տալիս է արդարադատության  նախարարը, որն ամրագրվում է նախարարության կնիքով։

3. Իրավաբանական կարծիքը տրվում է արտաքին գործերի  նախարարության գրավոր դիմումի հիման վրա՝ տվյալ միջազգային պայմանագիրը սույն  օրենքով  սահմանված կարգով  վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։

Արտաքին գործերի նախարարության գրավոր դիմումին կցվում են  համապատասխան միջազգային  պայմանագրի վավերացման մասին Ազգային ժողովի որոշման կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի  եւ սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով այդ  պայմանագրի վերաբերյալ ստորագրված վավերագրի պատճենները։

ԳԼՈՒԽ 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

Հոդված 35. Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությունը

1. Հայաստանի Հանրապետությունը կարող է միանալ միջազգային  իրավունքի նորմերին համապատասխան  կազմված եւ  ուժի մեջ մտած  բազմակողմ միջազգային պայմանագրին։

Հայաստանի Հանրապետությունը կարող է միանալ նաեւ ուժի մեջ մտած երկկողմ միջազգային  պայմանագրին, եթե վերջինս նախատեսում է այդ պայմանագրին միանալու  հնարավորություն։

Հայաստանի Հանրապետությունը կարող է միանալ նաեւ դեռեւս ուժի մեջ չմտած միջազգային պայմանագրին, որը նախքան դրա ուժի մեջ մտնելը նախատեսում է միանալու ընթացակարգի  իրականացում։

2. Միջազգային  պայմանագրին միանալու համար նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, արտաքին  գործերի  նախարարությունը  եւ իրավասու  գերատեսչությունը։

3. Հայաստանի Հանրապետության  Նախագահի,  կառավարության, վարչապետի  կողմից միջազգային  պայմանագրին միանալու  նախաձեռնությունն  արտահայտվում է արտաքին գործերի նախարարության միջոցով իրավասու գերատեսչությանը համապատասխան հանձնարարական տալու կամ առաջարկություն  անելու ձեւով։

Հանձնարարությունը կամ առաջարկությունը արտաքին գործերի նախարարությունը՝ տվյալ միջազգային պայմանագրին միանալու  վերաբերյալ իր կարծիքով եւ միջազգային պայմանագրի բնագրի պատճենով, 10-օրյա ժամկետում  ներկայացնում է իրավասու գերատեսչություն։

Արտաքին գործերի նախարարությունն իր կողմից նախաձեռնություն դրսեւորելու դեպքում համապատասխան առաջարկությամբ դիմում է իրավասու գերատեսչությանը՝ կցելով իր կարծիքը եւ միջազգային պայմանագրի բնագրի պատճենը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանձնարարությունը կամ առաջարկությունն ստացած  իրավասու գերատեսչությունը  հանձնարարության  կամ առաջարկության մեջ նշված ժամկետում,  իսկ  ժամկետ  նշված չլինելու դեպքում`              15-օրյա  ժամկետում, իսկ  միջազգային  պայմանագրի  ծավալը 30 տպագիր էջից ավելի  լինելու դեպքում՝ 30-օրյա ժամկետում   բնագրից    հայերեն է թարգմանում տվյալ      միջազգային     պայմանագիրը,      կազմում      է       այդ          պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու  նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին  տեղեկանքը, ինչպես նաեւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մյուս փաստաթղթերը՝ ըստ անհրաժեշտության,  եւ դրանք  ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

Եթե  միջազգային  պայմանագրին միանալու  նախաձեռնությունը  դրսեւորել է իրավասու  գերատեսչությունը, ապա նա հայերեն է թարգմանում տվյալ միջազգային պայմանագիրը եւ միջազգային պայմանագրի բնագրի պատճենը, դրա հայերեն թարգմանությունը եւ դրան միանալու նպատակահարմարության մասին իր տեղեկանքը՝ թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով, ներկայացնում   արտաքին գործերի նախարարություն։

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով ստանալով միջազգային  պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու համար ներկայացված փաստաթղթերը` արտաքին գործերի  նախարարությունը 10-օրյա ժամկետում  իր կարծիքի հետ  ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, եթե պայմանագիրը միջպետական է, կամ կառավարություն, եթե պայմանագիրը միջկառավարական է։

Փաստաթղթերն ստանալով՝ տվյալ միջազգային  պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալուն  համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է  արտաքին  գործերի նախարարության  գրությանը պատասխան նամակով, իսկ  կառավարությունը՝ որոշում  ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

6. Այն դեպքում, երբ պետք է միանալ միջգերատեսչական միջազգային պայմանագրի, դա իրականացվում է իրավասու գերատեսչության եւ արտաքին գործերի նախարարության միջեւ համաձայնությամբ՝ առանց սույն հոդվածով նախատեսված ընթացակարգերի իրականացման, բացառությամբ տվյալ  պայմանագրի բնագրից  հայերեն  թարգմանելու իրավասու  գերատեսչության  պարտականության:

Եթե միջգերատեսչական պայմանագրին միանալու վերաբերյալ սույն հոդվածով սահմանված կարգով հանձնարարական է տվել կամ առաջարկություն  են արել Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը,  վարչապետը, ապա հանձնարարականը կամ առաջարկությունը ստանալուց հետո՝                           10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն սկսում է այդ պայմանագրին միանալու համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգերի իրականացումը կամ արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնարարականի կամ առաջարկության հեղինակին հիմնավորում է ներկայացնում միանալու աննպատակահարմարության մասին:

Եթե իրավասու գերատեսչությունը, ի պատասխան տվյալ միջգերատեսչական պայմանագրին միանալու աննպատակահարմարության մասին իր կարծիքի, նոր հանձնարարական կամ առաջարկություն է ստանում տվյալ միջգերատեսչական պայմանագրին միանալու վերաբերյալ, ապա պետք է իրականացվեն դրա համար անհրաժեշտ` սույն օրենքով նախատեսված  ընթացակարգերը։

Միջգերատեսչական պայմանագրին  միանալու վերաբերյալ գործում են սույն  օրենքի 36-րդ հոդվածի 1-ին  մասի առաջին պարբերության, ինչպես նաեւ  2-րդ եւ 3-րդ մասերի կանոնները։

Հոդված 36. Միջազգային  պայմանագրին միանալը

1. Սույն օրենքի 35-րդ հոդվածով  սահմանված կարգով  ստանալով միջազգային  պայմանագրին  Հայաստանի Հանրապետության  միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունը, արտաքին  գործերի  նախարարությունը  10-օրյա ժամկետում գրավոր դիմում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով  նախատեսված  մարմիններին եւ  վերջիններից  ստանում այդ կետերով  նախատեսված  տեղեկանքները եւ մյուս փաստաթղթերը՝ միանալու  ենթակա  միջազգային պայմանագրի  վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում արտաքին գործերի նախարարությունը կարող է տվյալ միջազգային պայմանագրի հայերեն տեքստն ուղարկել շահագրգիռ այլ գերատեսչություններ՝  այդ պայմանագրին միանալու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին կարծիք ստանալու նպատակով։

2. Տեղեկանքները եւ կարծիքները ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, տվյալ  միջազգային  պայմանագրին միանալու վերաբերյալ իր եզրակացությամբ եւ բոլոր  փաստաթղթերի պատճեններով արտաքին  գործերի նախարարությունը  պայմանագիրը  ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  Նախագահին։

3. Հայաստանի Հանրապետության  Նախագահը,  ստանալով  միանալու համար  ներկայացված  միջազգային  պայմանագիրը եւ դրան  կից փաստաթղթերը, իրականացնում   է  սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ  մասերով   կամ 28-րդ հոդվածի 2-րդ  մասով  սահմանված լիազորությունները։

4. Միջազգային  պայմանագրին  միանալու  համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունում է այդ պայմանագիրը վավերացնելու մասին որոշում, իսկ Հայաստանի  Հանրապետության Նախագահը  հրապարակում է  այդ պայմանագիրը  հաստատելու մասին հրամանագիր:

Հոդված  37. Միջազգային  պայմանագրին  միանալու մասին  որոշում  չընդունելու  հետեւանքները

Եթե միանալու համար սույն  օրենքով  սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված  միջազգային   պայմանագրի վերաբերյալ  միանալու որոշում  չի ընդունվում, ապա այն  կրկին  կարող է  ներկայացվել  քվեարկության՝  միանալու համար այդ պայմանագիրը վավերացնելու մասին որոշում  ընդունելու նպատակով։

Այդ  դեպքերում կիրառվում են սույն օրենքի 32-րդ հոդվածի  2-րդ եւ  3-րդ մասերով սահմանված համապատասխան  կանոնները։

Հոդված 38. Միանալու համար ներկայացված միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը չհամապատասխանելու հետեւանքները

1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է ընդունել այն միջազգային պայմանագրով ամրագրված  պարտավորությունները Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, որին Հայաստանի Հանրապետության միանալու  ընթացակարգեր են  նախաձեռնվել, ապա այդ  պայմանագիրը չի ներկայացվում Ազգային ժողովի վավերացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի։

2. Եթե Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ պարունակող միջազգային պայմանագիրը առանձնակի կարեւորություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, եւ այդ պայմանագիրը հնարավորություն է տալիս դրան միանալու Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ նախատեսող դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից չկատարելու կամ նրա համար դրանք պարտադիր չլինելու վերաբերյալ վերապահում  կամ հայտարարություն անելու միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահը համապատասխան վերապահումով կամ հայտարարությունով այդ պայմանագիրը կարող է ներկայացնել  Ազգային ժողովի վավերացմանը։

3. Եթե Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ պարունակող՝ ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապահում կամ հայտարարություն անելու հնարավորություն չի տալիս, կամ նման հնարավորություն տալու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը դրանից չի օգտվել, ապա տվյալ միջազգային պայմանագրին միանալու ընթացակարգեր սույն օրենքով նախատեսված  ընդհանուր հիմունքներով կարող են նախաձեռնվել միայն այն դեպքում, երբ համապատասխան միջազգային  պայմանագրով սահմանված կարգով դրանում  կատարվել են այնպիսի  փոփոխություններ եւ (կամ)  լրացումներ, որոնց  հետեւանքով վերացվել  կամ փոփոխվել են այն դրույթները, որոնք պարունակել են  Սահմանադրությանը հակասող պարտավորություններ։

Եթե  սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված միջազգային պայմանագրում կատարված փոփոխությունները  եւ (կամ) լրացումները հանգեցրել են նրան, որ այդ պայմանագիրը,  սույն օրենքի համաձայն,  ենթակա չէ վավերացման, ապա այն կարող է ներկայացվել  հաստատման։

ԳԼՈՒԽ  6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ,  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ

Հոդված 39. Հայաստանի Հանրապետության  համար միջազգային պայմանագրի  ուժի  մեջ  մտնելը

Հայաստանի   Հանրապետության   համար միջազգային    պայմանագրի  ուժի   մեջ  մտնելն այդ  պայմանագրի կնքման  ավարտական  փուլն է, երբ միջազգային  իրավունքի նորմերին եւ սույն  օրենքի պահանջներին համապատասխան՝ այդ  պայմանագիրը վավերացնելուց կամ հաստատելուց հետո ավարտվում են  տվյալ պայմանագրով նախատեսված իրավունքների  ու պարտականությունների ծագման կամ դրանց փոփոխման կամ դադարեցման  համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավաբանական գործողությունները։

Հոդված 40. Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի  ուժի մեջ մտնելու պահը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած կամ  հաստատած  միջազգային   պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնում վավերացվելուց կամ  հաստատվելուց հետո՝ տվյալ  պայմանագրով սահմանված ժամկետից։

2. Սույն օրենքով  սահմանված կարգով  միջազգային  պայմանագրին  միանալու նպատակով այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու  մասին համապատասխան ակտ ընդունելու դեպքում այն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ հաստատելու մասին փաստաթուղթն այդ  պայմանագրի  ավանդապահին ի պահ տալուց հետո՝ այդ  պայմանագրով սահմանված պահից։

Հոդված 41.  Միջազգային պայմանագրի իրավահաջորդությունը

1. Միջազգային պայմանագրի իրավահաջորդ  ճանաչելու  նկատմամբ  կիրառվում են ուժի մեջ  մտած  միջազգային  պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու  վերաբերյալ սույն օրենքի 5-րդ գլխով նախատեսված  ընթացակարգերը։

2. Միջազգային  պայմանագրի իրավահաջորդ  ճանաչելու  իրավասություն ունեն՝

1) Ազգային ժողովը՝ այն միջազգային  պայմանագրի  առնչությամբ, որը սույն  օրենքով ընդգրկվում է Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի խմբի մեջ.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ այն միջազգային   պայմանագրի  առնչությամբ, որը սույն օրենքով ընդգրկվում է Հանրապետության Նախագահի հաստատմանը ենթակա  միջազգային պայմանագրերի  խմբի մեջ։

3. Նախքան իրավահաջորդության կարգով տվյալ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը կամ Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելը արտաքին գործերի նախարարությունը պետք է ստանա տվյալ պայմանագրի կողմ միջազգային պայմանագրի մյուս սուբյեկտի  իրավասու մարմնի կամ  բազմակողմ միջազգային պայմանագրով նախատեսված  կարգին համապատասխան՝ ավանդապահի կամ մասնակից բոլոր պետությունների գրավոր փաստաթուղթն այն մասին, որ նրանք համաձայն են  իրավահաջորդության կարգով այդ պայմանագրին Հայաստանի Հանրապետության մասնակից դառնալուն։

4. Իրավահաջորդության կարգով միջազգային պայմանագրի մասնակից դառնալու համար Ազգային ժողովը վավերացնում է տվյալ միջազգային պայմանագիրը, իսկ Հանրապետության Նախագահը  հաստատում այն։

Ընդ որում, վավերացման կամ հաստատման ներկայացնելուց առաջ կիրառվում են դրանց համար անհրաժեշտ` սույն օրենքի 24-29-րդ հոդվածների  համապատասխան  կանոնները։

Իրավահաջորդության ճանաչման հարցով տվյալ միջազգային պայմանագիրը Ազգային ժողովի կողմից վավերացնելու մասին որոշում ընդունելուց կամ Հանրապետության Նախագահի կողմից այն հաստատելու մասին հրամանագիր հրապարակելուց հետո արտաքին գործերի նախարարությունը միջազգային իրավունքով սահմանված կարգով հայտարարություն է անում իրավահաջորդության կարգով տվյալ  միջազգային պայմանագիրը  Հայաստանի Հանրապետության համար պարտադիր լինելու մասին։

5. Միջազգային   պայմանագրի  իրավահաջորդ ճանաչելու դեպքում տվյալ  պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար կնքված եւ  պարտադիր է դառնում սույն օրենքով  իրավասու  մարմնի  ընդունած համապատասխան  ակտը այդ պայմանագրի  մյուս կողմին  կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին ի պահ  տալու  օրվանից կամ ավելի ուշ ժամկետից, եթե տվյալ  պայմանագիրը նման  դեպքերի  համար այլ ժամկետ է սահմանում, կամ պայմանագրի մյուս կողմի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ  համաձայնեցված   ժամկետից։

Հոդված 42.  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի  վերաբերյալ  վերապահում, հայտարարություն կամ պայմանագրի մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելը

1. Սույն օրենքով սահմանված կարգով միջազգային  պայմանագիրն  ստորագրելու ժամանակ, պայմանագիրը վավերացնելու կամ  հաստատելու պահին, ինչպես նաեւ տվյալ միջազգային  պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելուց հետո  հայկական կողմը կարող է դրա վերաբերյալ կատարել վերապահում, հայտարարություն, պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի արած վերապահման, հայտարարության դեմ առարկություն եւ հանել դրանք լրիվ կամ  մասնակիորեն` տվյալ  միջազգային   պայմանագրով եւ միջազգային  իրավունքի  նորմերով, ինչպես նաեւ սույն օրենքով  սահմանված  կարգով եւ պայմաններով։

Միջազգային  պայմանագրի վերաբերյալ հայկական կողմը վերապահում չի կարող անել միջազգային  իրավունքի  նորմերով  նախատեսված դեպքերում։

2. Այն դեպքում, երբ երկկողմ  միջազգային  պայմանագրի  վավերացման կամ  հաստատման պահին հայկական կողմը  պարզում  է, որ մյուս կողմը կատարել է այնպիսի  վերապահում կամ հայտարարություն, որը, ըստ  միջազգային  իրավունքի նորմերի, չպետք է արվեր, հայկական  կողմը նման  միջազգային  պայմանագիրը կարող է  վավերացնել կամ հաստատել նման վերապահման կամ հայտարարության  դեմ  առարկումով:

 Եթե վերոնշյալ ձեւով վավերացնելը կամ հաստատելը ըստ էության անհամատեղելի է  պայմանագրի  առարկայի եւ նպատակների հետ, ապա հայկական կողմը այդ  պայմանագիրը կարող է վավերացնել կամ  հաստատել միայն այն դեպքում, երբ մյուս կողմը, միջազգային  իրավունքի նորմերին համապատասխան,  հանել է նման  վերապահումը կամ հայտարարությունը ։

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ  առարկություն անելու անհրաժեշտությունն առաջացել է այդ պայմանագիրը սույն օրենքով սահմանված կարգով  ուժի մեջ մտնելուց հետո, ապա դա կարող է արվել արտաքին գործերի  նախարարության  առաջարկությամբ՝ իրավասու գերատեսչությանն այդ մասին գրավոր հայտնելու միջոցով կամ իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ։

Առաջարկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, ինչպես նաեւ սեփական նախաձեռնություն դրսեւորելիս իրավասու գերատեսչությունը կազմում է տվյալ միջազգային պայմանագրի վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կողմից վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու փաստաթղթի  նախագիծը, կամ ձեւակերպում  է նման փաստաթղթի վերաբերյալ իր կարծիքը, եթե արտաքին գործերի նախարարությունն իր առաջարկությանը կցել է այդպիսի  նախագիծ, եւ ներկայացնում  շահագրգիռ  գերատեսչությունների  կարծիքին։

Շահագրգիռ գերատեսչությունները 5-օրյա ժամկետում իրավասու գերատեսչություն են ներկայացնում կարծիք վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ առաջարկություններ եւ դիտողություններ  համապատասխան փաստաթղթի նախագծի վերաբերյալ։

Շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունը կազմում է  կարծիք՝  հիմնավորելով իր այն անհամաձայնությունները, որոնք առնչվում են շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներին եւ դրանք ներկայացնում  է արտաքին գործերի նախարարություն։

Փաստաթղթերն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը դրանց պատճենները՝ իր եզրակացությամբ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։

4. Արտաքին գործերի նախարարությունից փաստաթղթերը ստանալով` ուժի մեջ մտած միջազգային  պայմանագրի  վերաբերյալ վերապահում, հայտարարություն, մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ  առարկություն անելու կամ այն մերժելու վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր  դիրքորոշումն  արտահայտում է որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

Արտաքին գործերի նախարարությունը, ստանալով Հայաստանի Հանրապետության  կառավարության  որոշումը,  15-օրյա  ժամկետում դրանց վերաբերյալ փաստաթղթերն իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին։

5. Միջազգային պայմանագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից հայտարարություն, վերապահում կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու առաջարկությանը համաձայնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում իր հաստատած միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու մասին։

Վավերացված միջազգային պայմանագրի դեպքում Հանրապետության Նախագահը սահմանված կարգով դիմում է Ազգային ժողով՝ համապատասխան միջազգային պայմանագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու հարցով՝ նշանակելով Ազգային ժողովում այդ հարցը ներկայացնելու համար իր պաշտոնական ներկայացուցչին։

6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի արած վերապահումը, հայտարարությունը կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկությունը  հանելու նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի  3-րդ,  4-րդ  եւ 5-րդ մասերով նախատեսված ընթացակարգերը։

7. Միջգերատեսչական միջազգային պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի  վերապահումը, հայտարարությունը կամ մյուս կողմի  վերապահման,  հայտարարության դեմ հայկական կողմի  առարկությունը  կատարվում են, կամ դրանք հանվում են  իրավասու  գերատեսչության նախաձեռնությամբ եւ արտաքին  գործերի  նախարարության  համաձայնությամբ՝ առանց սույն հոդվածով  նախատեսված  ընթացակարգերի  իրականացման։

Իրավասու գերատեսչության  հիմնավորումը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունն իր  կարծիքի հետ  ներկայացնում է Հայաստանի  Հանրապետության Նախագահին։

Հայկական կողմի  վերապահմանը, հայտարարությանը  կամ մյուս կողմի  վերապահման. հայտարարության  դեմ հայկական կողմի առարկությանը կամ դրանց հանելուն համաձայնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրում է  համապատասխան հրամանագիր։

8. Միջազգային  պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ  առարկություն անելու կամ դրանք հանելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի ընդունումից հետո համապատասխան վերապահման, հայտարարության կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության տեքստը կամ դրանք հանելու մասին ծանուցումը արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգով ներկայացնում է այդ պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին։

9. Հայկական կողմը չպետք է հայտարարություն անի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ իր վերապահումը  կամ հայտարարությունը հանելու մասին, որն արվել է սույն օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ եւ 38-րդ հոդվածի 2-րդ մասերին  համապատասխան, քանի դեռ տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգով դրանից չեն հանվել  այն դրույթները, որոնց  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու  կապակցությամբ հայկական կողմը համապատասխան վերապահում կամ հայտարարություն  է արել։

ԳԼՈՒԽ 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ,  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ)  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 43. Ուժի մեջ մտած  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող  այլ  միջազգային  պայմանագիր կնքելը

1. Սույն օրենքով  սահմանված  կարգով ուժի մեջ մտած Հայաստանի  Հանրապետության միջազգային  պայմանագրից բխող  միջազգային պայմանագիր կարող է կնքվել, եթե՝

1) դա  ուղղակիորեն նախատեսված է ուժի մեջ մտած միջազգային  պայմանագրով.

2) նոր  պայմանագրի  կնքումը բխում է ուժի մեջ մտած  պայմանագրով  ստանձնած  պարտավորությունների պատշաճ  կատարումն ապահովելու  անհրաժեշտությունից։

2. Ուժի մեջ մտած միջազգային  պայմանագրից բխող նոր միջազգային   պայմանագիր կնքելու նկատմամբ  կիրառվում են սույն օրենքով  նախատեսված  նույն   ընթացակարգերը, ինչ  կիրառվել  են ուժի մեջ մտած  պայմանագրի  նկատմամբ՝  հաշվի առնելով սույն օրենքի  10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված  բացառությունները, ինչպես նաեւ հետեւյալ բացառությունը. եթե նոր  պայմանագիրը  նախատեսում է այնպիսի  դրույթներ, որոնք  սույն օրենքի 24-րդ հոդվածով  պարտադիր են  դարձնում այդ  պայմանագրի  վավերացումը,  ապա այն, նկատի ունենալով սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված վերապահումը,  ենթակա է  սույն  օրենքով  սահմանված կարգով   վավերացման, անկախ նրանից՝ ուժի մեջ մտած   պայմանագիրը  վավերացված, թե  հաստատված է եղել։

Հոդված 44.  Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելը

1. Սույն օրենքով  սահմանված  կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրում  փոփոխություններ եւ (կամ)  լրացումներ կատարելու մասին պայմանագրի  կնքման  նկատմամբ  կիրառվում են  ուժի մեջ մտած միջազգային  պայմանագրի նկատմամբ սույն օրենքով սահմանված նույն ընթացակարգերը՝ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված բացառություններով։

2. Եթե ուժի մեջ մտած միջազգային  պայմանագրով սահմանված է այդ պայմանագրում  փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու այլ կարգ, ապա  կիրառվում է այդ կարգը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները։

Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված է այդ  պայմանագրի միայն որոշակի  դրույթներում (հոդվածներում, բաժիններում եւ այլն)  փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու այլ  կարգ, ապա  այդ կարգը  կիրառվում է ուժի մեջ մտած  պայմանագրի  միայն  համապատասխան դրույթներում (հոդվածներում, բաժիններում եւ այլն)  փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու նկատմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները։

3. Եթե  սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած  միջազգային  պայմանագրում  փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրով  սահմանված են  այնպիսի  դրույթներ, որոնք սույն օրենքի                         24-րդ հոդվածով պարտադիր են  դարձնում այդ պայմանագիրը վավերացման ներկայացնելը, ապա  փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող  միջազգային  պայմանագիրը ենթակա է սույն օրենքով սահմանված կարգով վավերացման, անկախ  նրանից՝ ուժի մեջ մտած  միջազգային  պայմանագիրը  վավերացված, թե  հաստատված է եղել։

Եթե սույն օրենքով սահմանված կարգով վավերացված եւ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրում չեն պարունակվում այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի 24-րդ հոդվածով պարտադիր դարձնեին դրա վավերացումը, ապա փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագիրը ենթակա է  սույն օրենքով սահմանված կարգով հաստատման։

4. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված է դրանում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու հատուկ կարգ, քան սույն օրենքով սահմանված կարգը, ապա այդ հատուկ կարգը կիրառվում է միայն այն դեպքում, երբ փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագիրը չի փոփոխում ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի առարկան կամ չի սահմանում դրա առարկային վերաբերող էականորեն նոր կարգավորումներ։

Հոդված 45.   Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում ուղղումներ կատարելը, այդ  պայմանագիրը մեկնաբանելը

1. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի բնօրինակում կամ հաստատված  պատճենում (պատճեններում) սխալ  հայտնաբերելու դեպքում դրա ուղղումը կատարվում է հայկական կողմի եւ պայմանագրի մյուս կողմի միջեւ  փոխհամաձայնեցված եղանակով, իսկ փոխհամաձայնեցման  բացակայության դեպքում՝ նման հարցեր  կարգավորող միջազգային իրավունքի  նորմերով սահմանված կարգով։

2. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիրը մեկնաբանվում է  պայմանագրի առարկայի եւ  նպատակների լույսի ներքո` պայմանագրի տերմիններին տրված  սովորական նշանակությանը  համապատասխան։

Մեկնաբանման անհրաժեշտություն  առաջանալիս  այն իրականացվում է նման հարցեր  կարգավորող միջազգային  իրավունքի նորմերով սահմանված կարգով։

3. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  ուղղման կամ դրա մեկնաբանման  աշխատանքներին հայկական կողմից  ներգրավվում են իրավասու  գերատեսչության, արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ  շահագրգիռ մյուս գերատեսչությունների համապատասխան մասնագետները։

4. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում ուղղում կատարելու կամ պայմանագիրը մեկնաբանելու  արդյունքում  կազմված  փաստաթուղթը միջազգային  պայմանագիր  չի  համարվում, բայց  հաշվի է  առնվում պայմանագրի  կատարման ընթացքում։

ԳԼՈՒԽ 8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Ի ՊԱՀ  ՏԱԼԸ,   ԳՐԱՆՑԵԼԸ, ՀԱՇՎԱՌԵԼԸ ԵՎ  ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

Հոդված 46. Հայաստանի  Հանրապետության միջազգային պայմանագիրը   գրանցելը

1. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է գրանցման  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի  գրանցման  միասնական գրանցամատյանում։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական  գրանցամատյանը վարում է արտաքին գործերի նախարարությունը։

Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գրանցման եւ պայմանագրերի  գրանցման միասնական  գրանցամատյանի վարման կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը։

Ուժի մեջ մտած  Հայաստանի   Հանրապետության միջազգային  պայմանագիրը գրանցման նպատակով ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպություն։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Միավորված ազգերի կազմակերպությունում  գրանցման ներկայացնելը կատարվում է միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով եւ այդ պայմանագրի կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան։

Հոդված 47. Հայաստանի   Հանրապետության  միջազգային պայմանագրի ավանդապահը

1. Հայաստանի   Հանրապետության    երկկողմ    միջազգային    պայմանագրի ավանդապահը արտաքին  գործերի  նախարարությունն է։

Հայաստանի Հանրապետության բազմակողմ միջազգային  պայմանագրի ավանդապահը որոշվում է այդ  պայմանագրով։ Ավանդապահի հետ տվյալ  պայմանագրից բխող հարցերով հաղորդակցվում է արտաքին  գործերի նախարարությունը։

Եթե բազմակողմ միջազգային  պայմանագրով նախատեսված է, որ դրա ավանդապահը Հայաստանի Հանրապետությունն է, ապա այդ  պայմանագրի ավանդապահի գործառույթներն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունը ավանդապահի գործառույթներն իրականացնում է միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

2.  Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բնօրինակը 15-օրյա  ժամկետում ի պահ է տրվում  արտաքին  գործերի  նախարարություն։

3. Հայաստանի  Հանրապետություն միջազգային պայմանագրի բնօրինակը, միջազգային պայմանագրի սահմանված կարգով հաստատված պատճենը, միջազգային պայմանագրի պաշտոնական թարգմանված տեքստը պահվում են արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում)։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում) միջազգային պայմանագրի պահման, ինչպես նաեւ  դրանից օգտվելու կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը։

Հոդված 48. Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագիրը  հաշվառելը

1. Իրավասու  գերատեսչությունը, որի  գործունեության ոլորտին առնչվում է  սույն  օրենքով  սահմանված կարգով, ինչպես նաեւ մինչ այդ գործող օրենքին համապատասխան ուժի մեջ մտած  Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիրը, իր սահմանած  կարգով  իրականացնում է այդ պայմանագրի  հաշվառում՝  վարելով  համապատասխան ներգերատեսչական միասնական  հաշվառման մատյան։ Իրավասու գերատեսչությունը սահմանում է  նաեւ իր  գործունեության  ոլորտին առնչվող միջազգային  պայմանագրի  պահպանման եւ դրանից  օգտվելու  կարգը։

Ներգերատեսչական միասնական հաշվառման մատյանում նշվում են միջազգային  պայմանագրի անվանումը, ստորագրման վայրը, տարին, ամիսը եւ ամսաթիվը, սույն օրենքով սահմանված կարգով  վավերացնելու կամ  հաստատելու տարին, ամիսը  եւ ամսաթիվը,  պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը, ինչպես նաեւ դրանում  կատարված  փոփոխությունների եւ (կամ) լրացումների,  պայմանագրի գործողության կասեցման, դադարեցման վերաբերյալ եւ պայմանագրին առնչվող   անհրաժեշտ  այլ  տեղեկություններ։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվառում է Հայաստանի Հանրապետության` ուժի մեջ մտած բոլոր միջազգային պայմանագրերը։

Հոդված 49. Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրի  պաշտոնական հրատարակումը

Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած (կնքված) Հայաստանի Հանրապետության  միջազգային  պայմանագիրը հրատարակվում է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական  տեղեկագրում», որը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հավելվածը։

«Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերի  պաշտոնական   տեղեկագիրը» հրատարակվում է արտաքին գործերի նախարարության  սահմանած  կարգով եւ պարբերականությամբ։

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական  տեղեկագրում» յուրաքանչյուր պայմանագրի վերաբերյալ տեղեկություններ են նշվում  պայմանագրի ուժի մեջ մտնելու  տարվա, ամսվա եւ ամսաթվի,  պայմանագրի գործողությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու (չեղյալ համարելու), պայմանագրի գործողությունը երկարաձգելու վերաբերյալ։

ԳԼՈՒԽ  9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 50. Հայաստանի  Հանրապետության   միջազգային պայմանագրի  կատարման  անվերապահ լինելը

Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած (կնքված) Հայաստանի  Հանրապետության միջազգային  պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման։

Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  կատարման ընթացքում  Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում  այնպիսի գործողություններից, որոնք կարող են  հակասել այդ  պայմանագրի  նպատակներին եւ առարկային։

Հոդված 51. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ապահովումը

1. Միջազգային  պայմանագրով Հայաստանի  Հանրապետության ստանձնած  պարտավորությունների կատարումն  ապահովելու նպատակով   Հայաստանի Հանրապետության Նախագահը,  կառավարությունը եւ վարչապետը իրենց  իրավասության շրջանակներում  ձեռնարկում են անհրաժեշտ  կազմակերպչական եւ իրավական միջոցներ։

2. Եթե ուժի մեջ մտած միջազգային  պայմանագրի կատարման ապահովման  համար այդ  պայմանագրով  պահանջվում է  ներպետական իրավական ակտի ընդունում, ապա  կախված  նրանից, թե  Հայաստանի  Հանրապետության օրենսդրության համաձայն` ում իրավասության  շրջանակի մեջ է մտնում  համապատասխան ակտի ընդունումը, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը  կամ վարչապետը ընդունում են համապատասխան իրավական ակտը։

3. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման հարցերով Հայաստանի Հանրապետության վրա պարտավորություն է դրված նշանակել կամ ստեղծել իրավասու մարմին կամ մարմիններ, ապա նման մարմնի կամ  մարմինների նշանակման կամ ստեղծման վերաբերյալ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ համապատասխան միջազգային  պայմանագրով նման իրավասությունն  ուղղակիորեն վերապահված չէ Հայաստանի Հանրապետության այլ մարմնի։

Իրավասու մարմնի նշանակման կամ ստեղծման հարցով իրավասու  գերատեսչությունը կառավարության  գործունեության  կարգով  սահմանված կարգով մշակում եւ  նրա քննարկմանն է ներկայացնում  համապատասխան որոշման կամ այլ իրավական ակտի նախագիծ:

Հոդված 52. Հայաստանի  Հանրապետության  միջազգային պայմանագիրը  կատարելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  կատարողը  այն  գերատեսչությունն է, որի  իրավասության ոլորտին  առնչվող  հարաբերություններ են  կարգավորվում այդ  պայմանագրով (այսուհետ՝ պատասխանատու գերատեսչություն)։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրով  կարգավորվող հարաբերությունները մտնում են մի քանի  գերատեսչությունների իրավասության ոլորտների մեջ, ապա  տվյալ  միջազգային  պայմանագրի կատարման պատասխանատուներն են այդ բոլոր  գերատեսչությունները՝ իրենց  իրավասությանն առնչվող մասերով։

Եթե մի քանի  գերատեսչությունների իրավասության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրի  կարգավորման  առարկայից կամ դրանով  Հայաստանի Հանրապետության ստանձնած  պարտավորությունների  էությունից բխում է, որ  կատարման համար պատասխանատու գերատեսչությունները պետք է  կատարման  ընթացքում  համակարգեն կամ  փոխհամաձայնեցնեն իրենց  գործողությունները, ապա  նրանք  պարտավոր են ապահովել նման  համակարգումը կամ  փոխհամաձայնեցումը, որը չի բացառում սույն օրենքի 56-րդ հոդվածով արտաքին գործերի նախարարությանը վերապահված համապատասխան գործառույթի իրականացումը։

Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  կատարման համար  պատասխանատու գերատեսչությունը կամ  գերատեսչությունները, ըստ  անհրաժեշտության, կամ ի կատարումն սույն օրենքի 51-րդ  հոդվածի 2-րդ մասով  նախատեսված ակտերի,  ընդունում են  գերատեսչական իրավական ակտեր՝ միջազգային  պայմանագրի կատարումն ապահովելու  նպատակով։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի  կատարման համար  պատասխանատու են մի քանի  գերատեսչություններ, եւ  պայմանագրի  կատարման  ապահովման համար  անհրաժեշտ է կամ նպատակահարմար է ընդունել  համատեղ  իրավական ակտ, ապա նրանք  պարտավոր են ընդունել նման ակտ։

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրով  կառավարվող  հարաբերությունների  էությունից, պայմանագրով ստանձնած պարտավորությունների  շրջանակից, պայմանագրի նշանակությունից հետեւում է, որ կատարմանը պետք է  ներգրավվեն նաեւ  պետական այլ  մարմիններ,  ներառյալ՝ տարածքային  կառավարման  մարմինները,  տեղական  ինքնակառավարման  մարմինները, ապա  տվյալ   միջազգային  պայմանագրի  կատարման համար  պատասխանատու   գերատեսչությունը  նշված  մարմիններին  պարտավոր է  գրավոր   տեղեկացնել այդ  մասին եւ ըստ  անհրաժեշտության  պարզաբանումներ տալ  պայմանագրի  կատարման  կապակցությամբ  նրանց  իրավունքների եւ  պարտականությունների, դրանց  հետ  կապված՝ այդ  մարմինների  առջեւ դրված   խնդիրների եւ  լուծման ենթակա  այլ հարցերի վերաբերյալ։

4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրով  ստանձնած  պարտավորություններից հետեւում է, որ դրանց  կատարմանը պետք է  մասնակցեն նաեւ Հայաստանի Հանրապետության առեւտրային եւ այլ  կազմակերպություններ, ապա  պայմանագրի  կատարման համար  պատասխանատու  գերատեսչությունը կամ   գերատեսչությունները՝ յուրաքանչյուրն  իր մասով,  պարտավոր է  ապահովել  այդ  կազմակերպությունների  մասնակցությունը  պայմանագրի  կատարմանը՝  իրականացնելով դրանից բխող գործողություններ։

5. Հայաստանի Հանրապետության միջազգային   պայմանագրի  կատարման համար պատասխանատու գերատեսչությունը  դրանով ապահովում է  Հայաստանի Հանրապետության ստանձնած  պարտավորությունների կատարումը եւ այդ  գործին  այլ  մարմինների  մասնակցությունը,  իրականացնում է  պայմանագրից բխող  հայկական կողմին վերապահված իրավունքները, ինչպես նաեւ  հետեւում է  պայմանագրի մյուս կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Պատասխանատու գերատեսչության, տվյալ միջազգային  պայմանագրին համապատասխան նշանակված կամ ստեղծված լիազոր  մարմնի  կամ  մարմինների գրավոր  խնդրանքով Հայաստանի Հանրապետության պետական  մարմինները, տեղական  ինքնակառավարման  մարմինները, ինչպես նաեւ իրավաբանական  անձինք, անհրաժեշտության դեպքում նաեւ ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց  իրավասությանը վերաբերող  հարցերով  ներկայացնել տեղեկատվություն՝ տվյալ միջազգային  պայմանագրի կատարմանն առնչվող հարցերով։

6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը պետք է նպաստի այդ կողմի պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, իսկ եթե կողմը միջազգային կազմակերպություն է՝ այդ կազմակերպությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, դիվանագիտական ներկայացուցչությունը միջազգային իրավունքով սահմանված կարգով կարող են  դիմել այդ մյուս կողմի իրավասու մարմիններ՝ տվյալ միջազգային պայմանագրով  այդ կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը  վերաբերող հարցերով։

Ստացված տեղեկատվությունը դեսպանությունը, դիվանագիտական  ներկայացուցչությունը սահմանված կարգով ներկայացնում են արտաքին գործերի  նախարարություն, վերջինս՝  իրավասու գերատեսչություններ։

7. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի կատարման ընթացքում պատասխանատու գերատեսչությունը  պայմանագրի մյուս կողմի  իրավասու  մարմինների հետ հաղորդակցվում է արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում՝ կենտրոնական մարմինների միջոցով կամ անմիջականորեն։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա կատարման  հարցերով մյուս  կողմի  իրավասու մարմինների հետ կարող են  անմիջականորեն  հաղորդակցվել պայմանագրի կատարմանը ներգրավված Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններ, ապա  վերջիններս,  իրականացնելով անմիջական  հաղորդակցություն, իրավասու  գերատեսչությանը գրավոր  ծանուցում են  այդ մասին, եթե  միջազգային  պայմանագրով այլ բան  նախատեսված չէ։

8. Եթե սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրում հղումներ կան այդ  պայմանագրի կատարման  ընթացքում հաշվի առնելու կամ  կիրառելու նաեւ այնպիսի  միջազգային  պայմանագիր, որը  Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ չէ, ապա Հայաստանի Հանրապետության կողմից այդ  պայմանագիրը ենթակա է  կատարման միայն այն ծավալով, որը  համատեղվում է այն  պայմանագրով  ստանձնած   պարտավորությունների հետ, որում հղում  է արվում այդ մյուս  պայմանագրին եւ այդ ծավալի միայն այն մասով, որը  Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող կամ նոր օրենք ընդունելու  պահանջներ նախատեսող  դրույթներ չի պարունակում։

Իրավասու գերատեսչությունը պարտավոր է սույն օրենքով սահմանված  կարգով  ընթացակարգեր նախաձեռնել՝ հղումով նշված  միջազգային  պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու համար։

Բոլոր դեպքերում հղումով նշված միջազգային  պայմանագիրը Հայաստանի  Հանրապետության  համար  անմիջական  պարտավորություններ չի կարող  առաջացնել, քանի դեռ այդ   պայմանագրով եւ սույն օրենքով  սահմանված  կարգով այն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ չի մտել։

Հոդված 53. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող  քաղաքացիաիրավական պայմանագրեր  կնքելը

Եթե սույն օրենքով ուժի մեջ մտած Հայաստանի  Հանրապետության միջազգային պայմանագրից բխում է,  որ դրա  կատարման  ապահովման համար պետք է կնքվեն նաեւ քաղաքացիաիրավական  պայմանագրեր, ապա դրանց կնքման եւ կատարման նկատմամբ  կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը։

Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ միջազգային  պայմանագրով սահմանված են դրանից բխող  քաղաքացիաիրավական  պայմանագրերի կնքման եւ կատարման կարգն ու պայմանները, ապա դրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է այն մասով, որով  համապատասխան  միջազգային  պայմանագրով  կարգավորված չեն։

Հոդված 54.   Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրից  բխող Հայաստանի Հանրապետության գործող  օրենքում փոփոխություններ  եւ (կամ) լրացումներ  կատարելը  կամ  նոր  օրենք   ընդունելը

1. Եթե սույն  օրենքով սահմանված կարգով վավերացված եւ ուժի մեջ մտած  Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարել  կամ ընդունել նոր օրենք,  ապա տվյալ  պայմանագրի կատարման համար  պատասխանատու  գերատեսչությունը  պարտավոր է այդ պայմանագիրը  վավերացնելու մասին Ազգային ժողովի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ արտաքին  գործերի   նախարարության  ծանուցումն  ստանալուց  հետո՝ 15-օրյա ժամկետում, մշակել եւ  սահմանված կարգով   ներկայացնել տվյալ միջազգային պայմանագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ նոր օրենք ընդունելու ժամանակացույցի  եւ այն հաստատելու մասին վարչապետի որոշման նախագծերը։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցը  պետք է  այնպես կազմված լինի, որ Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրից բխող օրենքի նախագծի կազմումը եւ սահմանված կարգով դրա ընդունումը կատարվի այնպիսի ժամկետում, որը համատեղվում  է տվյալ միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից բխող ժամկետների շրջանակում:

3. Համաձայնեցնելով արտաքին գործերի նախարարության եւ շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ իրավասու գերատեսչությունը կարող է մշակել ծրագրի նախագիծ` ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության օրենքում կամ այլ իրավական ակտում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու կամ նոր օրենք կամ այլ իրավական ակտ ընդունելու հարցերով, որը կարող է հաստատվել կառավարության կամ վարչապետի որոշմամբ:

Սույն հոդվածով նախատեսված՝ կառավարության եւ վարչապետի որոշումների ընդունումն իրականացվում է կառավարության գործունեության կարգով սահմանված կարգով:

4. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանվում է կամ դրանով ստանձնած պարտավորություններից բխում է, որ փոփոխություններ եւ (կամ) լրացումներ պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրում, կարգադրությունում, կառավարության որոշման կամ գերատեսչական նորմատիվ ակտում, կամ պետք է ընդունվեն Հանրապետության Նախագահի նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, կառավարության որոշում կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտ, ապա դրանց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:

Հոդված 55. Միջազգային  կազմակերպության  հիմնադրման (ստեղծման) մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, այդ  կազմակերպության  մարմինների  որոշումները կատարելը

1. Միջազգային կազմակերպության հիմնադրման (ստեղծման) մասին  Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիրը կատարվում է  սույն գլխի նորմերով սահմանված  ընդհանուր կարգով։

2. Հայաստանի Հանրապետության  միջազգային  պայմանագրի  համաձայն ստեղծված  միջազգային կազմակերպության ղեկավար եւ մյուս  մարմինների (այսուհետ՝ մարմին)  որոշումները, բանաձեւերը, արձանագրությունները (այսուհետ՝ որոշում) Հայաստանի Հանրապետության կողմից  կատարվում են տվյալ   միջազգային  կազմակերպության  հիմնադրման եւ նրա  գործունեությունը կանոնակարգող այլ միջազգային պայմանագրերին (այսուհետ՝ հիմնադիր փաստաթղթեր)  համապատասխան։

Միջազգային  կազմակերպության  մարմնի  որոշումը միջազգային  պայմանագիր չի  համարվում եւ Հայաստանի Հանրապետության կողմից կատարվում է այնքանով, որքանով տվյալ  միջազգային  կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով դա  օժտված է  համապատասխան  իրավաբանական ուժով։

3. Եթե միջազգային  կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով  սահմանված է, որ դրա  մարմնի ընդունած որոշումները պարտադիր են  կազմակերպության մասնակից  պետությունների համար, կամ վերջիններս  պարտավորություն են ստանձնել կատարելու այդ որոշումները, ապա  պատասխանատու  գերատեսչությունը ապահովում է դրանց կատարումը, անհրաժեշտության դեպքում՝

1) ընդունելով համապատասխան  նորմատիվ  գերատեսչական կամ այլ իրավական ակտ.

2) մշակելով Հայաստանի Հանրապետության Նախագահի  հրամանագրի (կարգադրության),  կառավարության կամ վարչապետի  որոշման  նախագիծ եւ սահմանված կարգով ներկայացնելով կառավարության  քննարկմանը։

Եթե միջազգային  կազմակերպության մարմնի՝ նորմատիվ  իրավական ակտի  ընդունում  պարունակող որոշման հիման վրա կատարված  ուսումնասիրությունից հետեւում է, որ  համապատասխան  հարցերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  կարգավորված են, ապա  պատասխանատու  գերատեսչությունը պատճառաբանված տեղեկանք է  ներկայացնում  կառավարություն՝ նորմատիվ իրավական ակտի ընդունման  անհրաժեշտության բացակայության մասին:

4. Եթե միջազգային կազմակերպության որոշումը Հայաստանի Հանրապետության գործող  օրենսդրության հետ համադրումից հետեւում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի նոր օրենք կամ  փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարի գործող օրենքում, ապա իրավասու  գերատեսչությունը պարտավոր է սահմանված կարգով  ձեռնամուխ լինել համապատասխան  օրենքի  նախագծի  մշակմանը եւ կառավարության  քննարկմանը ներկայացնելու ընթացակարգերի  իրականացմանը։

Համապատասխան ընթացակարգերը պետք է   իրականացվեն միջազգային  կազմակերպության  մարմնի որոշմամբ սահմանված  ժամկետում, իսկ ժամկետ սահմանված չլինելու  դեպքում՝ սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետի կամ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետում։

Մինչեւ Հայաստանի Հանրապետության  համապատասխան օրենքում անհրաժեշտ  փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելը  չեն կիրառվում միջազգային  կազմակերպության  մարմնի որոշման այն դրույթները,  որոնք հակասում են Հայաստանի  Հանրապետության օրենքին։

5. Եթե միջազգային  կազմակերպության մարմնի որոշումը՝ ըստ  հիմնադիր  փաստաթղթերի, խորհրդատվական (երաշխավորական) բնույթի է, ապա  պատասխանատու գերատեսչությունը որոշում է դրա  կատարման  նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետության կողմից։

Եթե պատասխանատու գերատեսչությունը գտնում է, որ նման որոշումը նպատակահարմար է կատարի Հայաստանի Հանրապետությունը, ապա  իրականացնում է սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված համապատասխան ընթացակարգերը` ըստ անհրաժեշտության, նախապես  ստանալով այդ  հարցով արտաքին գործերի նախարարության կարծիքը։

6. Միջազգային կազմակերպության  մարմնի գործունեության  կազմակերպման եւ վարման հետ կապված հարցերով  (նստաշրջանների կամ նիստերի կազմակերպում, անցկացում եւ որոշումների ընդունում) այդ  մարմնի  ընդունած որոշումները Հայաստանի  Հանրապետության կողմից կատարվում են, եթե դրանք  առնչվում են  համապատասխան մարմնին որեւէ նորմատիվ կամ այլ իրավական ակտ, փաստաթուղթ,  տեղեկատվություն  տրամադրելուն, որի հիման վրա էլ տվյալ  մարմինն իր կողմից  քննարկվող հարցի  վերաբերյալ ըստ էության  որոշում է  կայացնելու։

Հոդված 56. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի կատարման աշխատանքների  համակարգումը

Արտաքին  գործերի նախարարությունը հետեւում  է Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի կատարմանը։ Այդ նպատակով արտաքին գործերի նախարարությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու գերատեսչություններից տեղեկատվություն ստանալու  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակի եւ ընթացքի վերաբերյալ,  համակարգելու միջազգային  պայմանագրի կատարման  ուղղությամբ նշված գերատեսչությունների կողմից  կատարվող  աշխատանքները։

Ելնելով Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի կատարման վիճակից՝ պատասխանատու գերատեսչությունից ստացված  տեղեկությունների հիման վրա արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտության դեպքում կարող է համապատասխան  առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, կառավարություն կամ վարչապետին, ինչպես նաեւ միջազգային  պայմանագրի կատարման համար  պատասխանատու  գերատեսչություն։

ԳԼՈՒԽ  10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ,  ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 57. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի    գործողությունը    կասեցնելը

1. Սույն  օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել այդ  պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով  կամ  ցանկացած ժամանակ՝ այդ պայմանագրի բոլոր  մասնակիցների համաձայնությամբ,  տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ խորհրդակցելուց հետո, ինչպես նաեւ  միջազգային իրավունքի նորմերով նախատեսված  այլ  դեպքերում։

2. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել նաեւ, եթե՝

1) պատերազմական  կամ  ռազմական  դրության,  տնտեսական կամ այլ  շրջափակման կամ  երկրաշարժի, բնական այլ աղետի կամ  անհաղթահարելի  այլ ուժի կամ  օբյեկտիվ այլ  պատճառների  բերումով Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն  չունի ժամանակին կամ  պատշաճ կերպով կատարելու ստանձնած  պարտավորությունները.

2) միջազգային պայմանագրի մյուս  կողմը էականորեն  խախտում է այդ  պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ վտանգում  պայմանագրի  կատարումը.

3) միջազգային  պայմանագրի  մյուս կողմը կասեցրել է այդ պայմանագրի  գործողությունը։

Սույն մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում բազմակողմ  միջազգային  պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետությունը կարող է  չկասեցնել այն կողմի համար, որը  պատշաճ կերպով կատարում է դրանով ստանձնած իր պարտականությունները եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չի  կասեցրել այդ  պայմանագրի  գործողությունը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջազգային պայմանագրի գործողությունը  կասեցվում է Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագրի մյուս կողմին դիվանագիտական  ուղիներով գրավոր ծանուցելու  միջոցով։

Անհրաժեշտության դեպքում մինչեւ կասեցումը հայկական կողմը  դիվանագիտական ուղիներով  դրա  վերաբերյալ կարող է ստանալ տվյալ միջազգային   պայմանագրի մյուս  կողմի գրավոր   համաձայնությունը։

Հայաստանի Հանրապետության  միջազգային  պայմանագրի  գործողության  կասեցումն  սկսվում է  այդ մասին   պայմանագրի մյուս  կողմին  կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին դիվանագիտական ուղիներով  ծանուցելու պահից, իսկ եթե  կասեցման համար  հայցվել է մյուս կողմի համաձայնությունը՝ այդ  համաձայնությունը   դիվանագիտական  ուղիներով ստանալու պահից կամ կասեցման մասին Ազգային ժողովի որոշմամբ կամ Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված պահից։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի  գործողությունը  կասեցնելու համար հիմք դարձած  հանգամանքի կամ  հանգամանքների վերացումից հետո այդ   պայմանագրի գործողությունը վերսկսվում է, որի մասին  արտաքին գործերի  նախարարությունը ծանուցում է մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին։

Հոդված 58.  Հայաստանի  Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կարող է  դադարեցվել  այդ  պայմանագրով սահմանված կարգով  եւ  այն  պահից,  երբ՝

1) որոշակի ժամկետով կնքված  միջազգային պայմանագրի գործողության ժամկետը լրացել  է, եւ կողմերը այդ  պայմանագրով  սահմանված կարգով չեն  երկարաձգել այդ  ժամկետը կամ  թեկուզեւ  երկարաձգել են,  սակայն Հայաստանի Հանրապետությունը չի  մասնակցել կամ միացել այդ  երկարաձգմանը.

2) անորոշ ժամկետով  կնքված  միջազգային   պայմանագիրը դրանով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը չեղյալ է հայտարարել, կամ չեղյալ հայտարարելու  մասին հայկական կողմին ծանուցել  է  այդ պայմանագրի մյուս կողմը, եւ համապատասխան ծանուցման պահից հետո  պայմանագրով նախատեսված ժամկետը լրացել  է.

3)  բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի  Հանրապետությունը դուրս է եկել այդ  պայմանագրից, այդ թվում՝ այդ պայմանագիրը չեղյալ հայտարարելու միջոցով։

2. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կարող է  դադարեցվել նաեւ  պայմանագրի մյուս կողմի՝ որպես  միջազգային  իրավունքի  սուբյեկտի  վերացմամբ,  բացառությամբ այն  դեպքերի, երբ այդ  սուբյեկտին  փոխարինել է  միջազգային  իրավունքի մեկ այլ  սուբյեկտ, որը,  միջազգային  իրավունքի նորմերին համապատասխան,  իրեն հայտարարել է կամ ճանաչել է  վերացված  սուբյեկտի  իրավահաջորդը։

Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաեւ այն դեպքում, երբ այդ պայմանագրով կարգավորվող միեւնույն  հարցերով նոր  (հաջորդական)  պայմանագիր է կնքվում Հայաստանի Հանրապետության եւ համապատասխան  միջազգային  պայմանագրի օտարերկրյա  սուբյեկտի միջեւ, եւ ուժը կորցրած է ճանաչվում  նախորդ  միջազգային  պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող  է դադարեցվել  նաեւ,  եթե պայմանագրի մյուս կողմ հանդիսացող սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված կազմակերպության կամ միավորման նկատմամբ լուծարման գործընթաց է սկսվել, կամ տվյալ  կազմակերպությունը կամ միավորումը լուծարվել է:

Հոդված 59.  Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կասեցնելու,  դադարեցնելու  կարգը

1. Հայաստանի  Հանրապետության  միջազգային  պայմանագրի գործողությունը կասեցնելու եւ սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ  3-րդ կետերով նախատեսված՝ պայմանագրի գործողությունը դադարեցնելու հիմքեր  առաջանալու դեպքում իրավասու  գերատեսչությունը, այդ թվում՝ եթե նման հարցով առաջարկություն է ստացվել արտաքին գործերի նախարարությունից,  ապա այդ մասին հիմնավորումը ներկայացնում է շահագրգիռ գերատեսչություններ՝ նրանց կարծիքներն  ստանալու համար։

2. Շահագրգիռ գերատեսչություններն իրենց կարծիքները տվյալ միջազգային պայմանագրի գործողության կասեցման  կամ դադարեցման նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ  իրավասու գերատեսչություն են ներկայացնում 5-օրյա ժամկետում, որոնց հիման վրա վերջինս կազմում է իր կարծիքը եւ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների պատճենների հետ ներկայացնում  արտաքին գործերի նախարարություն։

3. Արտաքին գործերի նախարարությունը 15-օրյա ժամկետում կազմում է իր եզրակացությունը եւ բոլոր փաստաթղթերի հետ ներկայացնում Հայաստանի Հանրապետության  կառավարություն։

4. Փաստաթղթերն ստանալուց հետո միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է դրան համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

5. Կառավարության որոշումը  ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը իր կարծիքի հետ համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության  Նախագահին։

6. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը համաձայնում է միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու առաջարկությանը, ապա նա հրամանագիր է հրապարակում իր հաստատած միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին, իսկ վավերացված միջազգային պայմանագրի առնչությամբ դիմում է Ազգային ժողով՝ համապատասխան հարցը ներկայացնելու համար նշանակելով իր պաշտոնական ներկայացուցչին։

7. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի  գործողությունը  կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու  մասին իրավասու մարմնի կողմից որոշում  ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, արտաքին  գործերի  նախարարությունն այդ մասին  դիվանագիտական  ուղիներով  ծանուցում է տվյալ  միջազգային  պայմանագրի մյուս  կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին։

8. Եթե  սույն  հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ  դադարեցնելու վերաբերյալ  իրավասու  մարմինը մերժման որոշում է ընդունում,  ապա՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կրկին դիմել Ազգային ժողով՝ նրա  վավերացրած միջազգային  պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու  միջնորդությամբ, անհրաժեշտության դեպքում նախօրոք ստանալով  արտաքին գործերի նախարարության  կարծիքը եւ  իրավասու  գերատեսչության  հիմնավորումը.

2) արտաքին գործերի նախարարությունը իրավասու  գերատեսչության  հիմնավորումով կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ նրա հաստատած միջազգային  պայմանագրի  գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու  միջնորդությամբ։ Ընդ որում, եթե հարցն առնչվում է  միջկառավարական պայմանագրին, ապա արտաքին գործերի նախարարությունը կրկին Հայաստանի Հանրապետության Նախագահին կարող է դիմել միայն կառավարության հանձնարարությամբ` նախապես ստանալով իրավասու գերատեսչության կարծիքը:

Սույն մասով նախատեսված դեպքերում պարտադիր չէ կրկին իրականացնել սույն հոդվածի  1-5-րդ մասերով նախատեսված ընթացակարգերը։

9. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կասեցվել է այդ  պայմանագրի կողմ  հանդիսացող օտարերկրյա սուբյեկտի կողմից, ապա արտաքին գործերի նախարարությունը, նախապես ստանալով իրավասու գերատեսչության կարծիքը, առաջարկություն է  ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ տվյալ միջազգային  պայմանագրով ստանձնած  պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության կողմից եւս կասեցնելու  նպատակահարմարության կամ  աննպատակահարմարության վերաբերյալ։

Արտաքին գործերի նախարարության  առաջարկությունն ստանալով` Հայաստանի Հանրապետության Նախագահը գործում է սույն  հոդվածի 6-րդ մասի  կանոններին համապատասխան։

10. Սույն հոդվածի 9-րդ մասի  կանոնները  կիրառվում  են նաեւ այն դեպքում, երբ  միջազգային  պայմանագրի գործողությունը  կասեցնելու դիմում կամ առաջարկություն է  ստացվել այդ  պայմանագրի կողմ  հանդիսացող  օտարերկրյա  սուբյեկտի կողմից, եւ եթե  արտաքին  գործերի  նախարարությունն ըստ  անհրաժեշտության դիվանագիտական  ուղիներով նախապես  չի կարողացել հասնել այն բանին, որ  միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտը  հետ վերցնի իր դիմումը կամ առաջարկությունը։

11. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող  օտարերկրյա սուբյեկտների կողմից դիվանագիտական ուղիներով Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է այդ  պայմանագրի  գործողության դադարեցման կամ չեղյալ հայտարարելու մասին, ապա  Հայաստանի Հանրապետության համար այդ պայմանագրի գործողությունը դադարում է նման ծանուցման հետ կապված՝  տվյալ  պայմանագրով  սահմանված պահից։

Հոդված 60. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու իրավաբանական  հետեւանքները

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու պահից հայկական կողմի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամանակավորապես դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքներն ու  պարտականությունները։

Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրի գործողությունը կասեցնելու ընթացքում հայկական  կողմը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի  գործողություններից, որոնք կարող են  խոչընդոտել տվյալ միջազգային  պայմանագրի գործողության վերսկսմանը։

Հոդված 61. Հայաստանի   Հանրապետության   միջազգային  պայմանագրի գործողությունը դադարեցնելու իրավաբանական հետեւանքները

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի  գործողությունը դադարեցնելու  պահից հայկական կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ  պայմանագրով նախատեսված իրավունքները եւ պարտականությունները։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա  գործողությունը դադարեցնելուց հետո շարունակում են գործել կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ծագել են այդ  պայմանագրի գործողության ընթացքում, ապա այդ իրավունքներն ու պարտականությունները գործում են մինչեւ սահմանված կարգով դրանց դադարելը։

2. Եթե գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրին համապատասխան կնքվել  եւ գործում է  այլ միջազգային պայմանագիր, ապա վերջինս շարունակում է գործել եւ կարող է դադարեցվել այդ  պայմանագրով սահմանված կարգով, եթե գործողությունը դադարեցրած պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

3. Եթե գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրին համապատասխան կնքվել են  քաղաքացիաիրավական  պայմանագրեր, ապա դրանք շարունակում են գործել մինչեւ դրանցով սահմանված  ժամկետի  լրանալը, եթե  գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

ԳԼՈՒԽ 11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ԵՎ  ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքման որեւէ փուլում գտնվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգավորում են համապատասխան փուլի եւ դրան հաջորդող մյուս փուլերի հետ կապված հարաբերությունները։

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են ուժի մեջ մտած տվյալ տեսակի միջազգային պայմանագրի կնքման համար սույն օրենքով նախատեսված նույն ընթացակարգերը՝ հաշվի առնելով սույն օրենքի 43-րդ հոդվածի պահանջները։

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ  կատարելու մասին միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են տվյալ տեսակի պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու  հարցով միջազգային պայմանագիր կնքելու` սույն օրենքով սահմանված նույն ընթացակարգերը՝ հաշվի առնելով սույն օրենքի 44-րդ հոդվածի պահանջները։

Հոդված 63. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը  ուժի մեջ մտած  միջազգային  պայմանագրերը վերանայելը

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում,  արտաքին գործերի նախարարությունը ստուգում է Հայաստանի Հանրապետության կողմից «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման եւ չեղյալ հայտարարման մասին» 1992 թվականի հունիսի 6-ի ՀՕ-30 օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, ինչպես նաեւ դրանից հետո` նշված օրենքով սահմանված ներպետական ընթացակարգերի չպահպանումով արված հայտարարությունների, նոտաների կամ նամակների փոխանակման հիման վրա, ներառյալ՝ իրավահաջորդության կարգով Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ճանաչված կամ օրենքի խախտումով գործնականորեն Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող միջազգային պայմանագրերի գործողությունը շարունակելու նպատակահարմարության կամ այն դադարեցնելու անհրաժեշտության հարցը՝ իրավասու գերատեսչությունների գրավոր կարծիքների հիման վրա։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների արդյունքում ստացված կարծիքների ամփոփումից հետո անհրաժեշտության դեպքում  արտաքին գործերի նախարարությունը արդարադատության նախարարություն է ներկայացնում սույն հոդվածով սահմանված կարգով  Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ճանաչված երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի ցուցակը՝ այդ պայմանագրերի դրույթների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների միջեւ հակասության առկայության կամ բացակայության մասին  տեղեկանքներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝ դրանցով ֆինանսական պարտավորություններ նախատեսելու կամ չնախատեսելու մասին տեղեկանքներ  ստանալու համար։

Տեղեկանքներն ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը, համաձայնեցնելով իրավասու գերատեսչության եւ արդարադատության նախարարության հետ,  նախաձեռնում է`

1) տվյալ միջազգային պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար դադարեցնելու  կամ

2) տվյալ միջազգային պայմանագիրը սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի վավերացմանը կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելու ընթացակարգերի իրականացումը:

Հոդված  64.  Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագիրը  հաշվառելուն ուղղված գործողությունները

Սույն  օրենքի  ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, իրավասու  գերատեսչությունները իրականացնում են իրենց  բնագավառին վերաբերող  Հայաստանի  Հանրապետության միջազգային  պայմանագրերի հաշվառում։ Այդ նպատակով նրանք կարող են  դիմել  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարարություն՝ համապատասխան  տեղեկատվություններ  ստանալու կամ  առանձին տեղեկություններ  ճշգրտելու,  այդ թվում՝  իրենց  բնագավառին  առնչվող միջազգային  պայմանագրերի շրջանակը հստակեցնելու եւ դրանց պատճենները ստանալու  նպատակով։

Հոդված 65. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական  հրապարակման  հաջորդ օրվանից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել  «Հայաստանի  Հանրապետության միջազգային  պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության  2000 թվականի հուլիսի 28-ի ՀՕ-85 օրենքը` իր լրացումներով։ 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27.03.2007
ՀՕ-123
03.07.2007 «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
25.02.2010 «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասի
17.12.2010 «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին