ՕՐԵՆՔԸ
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-91 օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանում «ընկերությունների եւ դրանց միությունների ստեղծման եւ» բառերը փոխարինել «կոոպերացիայի ձեւավորման (ստեղծման)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Սպառողական կոոպերատիվը
1. Հայաստանի Հանրապետությունում սպառողական կոոպերատիվը 5-ից ոչ պակաս անդամների (մասնակիցների) կարիքներն ապրանքներով եւ ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու եւ դրանք պաշտպանելու նպատակով կամավոր հիմունքներով ձեւավորված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է:
2. Սպառողական կոոպերատիվի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:
3. Սպառողական կոոպերատիվը, իր նպատակներից ելնելով, կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն:
Հոդված 2. Սպառողական կոոպերատիվի մասնակիցները
1. Սպառողական կոոպերատիվի մասնակիցներ (անդամներ) կարող են լինել քաղաքացիները եւ (կամ) համատեղ գործունեության պայմանագիր կնքած անհատ ձեռնարկատերերն ու գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:
Հոդված 3. Սպառողական կոոպերատիվների միությունը
1. Սպառողական կոոպերատիվների միությունը (այսուհետ` միություն) իրավաբանական անձանց գույքային եւ (կամ) այլ մասնակցությամբ կազմավորված սպառողական կոոպերացիա է: Միությունն իրավաբանական անձ է, որի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով իրավաբանական անձանց միությունների համար սահմանված դրույթներով` սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններով:
2. Միության մասնակիցն իրավունք ունի դուրս գալու միության կազմից` միության կանոնադրությամբ սահմանված կարգով դրամական կամ նյութական այլ արտահայտությամբ ստանալով միությանը պատկանող գույքի իր բաժինը:
3. Միության կառավարման բարձրագույն մարմինն իր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը որոշում է միության անդամների փայավճարի չափը (եթե միությանը մասնակցելը պայմանավորված է փայավճարով), ընտրում է միության ղեկավար եւ վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում դուստր ընկերություններ հիմնադրելու, վերակազմակերպելու, լուծարելու հարցերը, ինչպես նաեւ սույն օրենքով եւ միության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում լուծում է այլ հարցեր:
4. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովում միության մասնակիցները, անկախ փայավճարի չափից, առաջադրում են հավասար թվով ներկայացուցիչներ:
5. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների 50 տոկոսից ավելին:
6. Միության գործունեությունը դադարում է ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ` գաղտնի քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:
7. Միության գործադիր մարմինը վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը` վերստուգիչ հանձնաժողովը: Միության վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է միության կանոնադրությամբ:
8. Միության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց, պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը որոշվում է միության կանոնադրությամբ:
Հոդված 4. Սպառողական կոոպերատիվների եւ սպառողական կոոպերատիվների միության ու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սպառողական կոոպերատիվի եւ դրանց միությունների իրավունքները եւ պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է սպառողական կոոպերատիվների զարգացմանը եւ տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:
2. Սպառողական կոոպերատիվն իր գործունեության մեջ անկախ է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական եւ այլ կազմակերպություններից:
3. Արգելվում է սպառողական կոոպերատիվի գործունեությանը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
4. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների անօրինական միջամտության հետեւանքով սպառողական կոոպերատիվին հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները սպառողական կոոպերատիվի պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում այդ մարմինների պարտավորությունների համար:
Հոդված 5. Սպառողական կոոպերատիվի պետական գրանցումը
1. Սպառողական կոոպերատիվը համարվում է ստեղծված եւ կարող է գործել որպես իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական գրանցման օրվանից:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
04.10.2012
ՀՕ-184