ՕՐԵՆՔԸ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը
Այլընտրանքային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»՝ այնքանով, որքանով սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, այլ օրենքներով, ինչպես նաեւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Այլընտրանքային ծառայության անցնելու հիմքը
1. Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից եւ ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից եւ ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչեւ հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, եւ որի այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության: Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է եւ կազմված է տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության եւ պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «36» թիվը փոխարինել «30» թվով.
2) 2-րդ մասի «42» թիվը փոխարինել «36» թվով:
Հոդված 5 . Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված տեղական զորակոչային հանձնաժողովը եւ այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով), որի ստեղծման, գործունեության կարգը եւ անդամների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «տարածքային զինվորական կոմիսարիատը եւ հանրապետական հանձնաժողովը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին (այսուհետ՝ դիմումատու) այլընտրանքային ծառայություն ընտրելիս սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետում գրավոր դիմում է ներկայացնում այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:
2. Դիմումում նշվում են այն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, բնակության վայրի հասցեն, նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը, պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հիմնավորումները:
3. Դիմումը գրանցվում է տարածքային զինվորական կոմիսարիատում:
4. Տարածքային զինվորական կոմիսարիատը պարզում է դիմումի ներկայացման՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետի պահպանման հարցը: Եթե դիմումը ներկայացվել է այդ ժամկետի խախտմամբ, ապա տարածքային զինվորական կոմիսարիատը դիմումը գրանցելու պահից 5 օրվա ընթացքում այն վերադարձնում է դիմումատուին: Տարածքային զինվորական կոմիսարիատը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետը բաց թողնելը, եթե այն բաց է թողնվել դիմումատուից անկախ պատճառներով:
5. Եթե դիմումը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին, ապա այն 5 օրվա ընթացքում վերադարձվում է դիմումատուին` նշելով դիմումում թույլ տրված բոլոր ձեւական սխալները: Դիմումը վերադարձվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դիմումատուն իրավունք ունի վերացնելու դիմումում թույլ տրված բոլոր ձեւական սխալները եւ այն կրկին ներկայացնելու տարածքային զինվորական կոմիսարիատ:
6. Տարածքային զինվորական կոմիսարիատը դիմումը գրանցելու պահից 30-օրյա ժամկետում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզում է դիմումատուին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հիմքերի առկայությունը եւ դրանց բացակայության դեպքում ներկայացված դիմումը եւ դիմումատուի անձնական գործն ուղարկում է հանրապետական հանձնաժողով:
7. Դիմումատուին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հիմքերի առկայության դեպքում դիմումը հանրապետական հանձնաժողով չի ներկայացվում, եւ այն տարածքային զինվորական կոմիսարիատում գրանցվելու պահից 30 օրվա ընթացքում վերադարձվում է դիմումատուին:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Այլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկելը
1. Հանրապետական հանձնաժողովը ներկայացված դիմումը քննարկում է առանձին նիստում, որի անցկացման ժամանակի եւ վայրի մասին նախապես տեղեկացվում է դիմումատուն, որն իրավունք ունի մասնակցելու հանրապետական հանձնաժողովի նիստին: Հանրապետական հանձնաժողովի պահանջի դեպքում դիմումատուի մասնակցությունը հանձնաժողովի նիստին պարտադիր է:
2. Հանրապետական հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել կրոնագետներ, հոգեբաններ եւ այլ մասնագետներ, այլընտրանքային ծառայության վայրերի հիմնարկների, կրոնական եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի որոշումը
1. Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում է կայացնում նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումն ընդունման պահից 10 օրվա ընթացքում ուղարկվում է դիմումատուին եւ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ:
2. Դիմումը քննարկելուց հետո հանրապետական հանձնաժողովը որոշում է կայացնում դիմումատուին նրա նախընտրած այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին:
3. Դիմումը բավարարելու եւ դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում դիմումատուի կողմից կատարվող աշխատանքների տեսակը եւ բնույթը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված անձանց կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետական հանձնաժողովը նշում է դիմումը մերժելու հիմքերը եւ այն վիճարկելու կարգը:
5. Հանրապետական հանձնաժողովի` դիմումը քննարկելու եւ դրա վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:»:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետում «կրկին» բառը փոխարինել «երկրորդ անգամ» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) դիմումատուն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.».
3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3րդ կետով.
«3) դիմումն ակնհայտ անհիմն է:».
4) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերի լուծումը
1. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում «զորակոչային» բառը փոխարինել «հանրապետական» բառով:
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելը
1. Այլընտրանքային զինվորական ծառայության իրականացումը կազմակերպում եւ վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում եւ վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:
5. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Այլընտրանքային ծառայությունը կազմակերպվում եւ իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:»:
Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նույն զորամասում այլընտրանքային զինվորական ծառայողների առավելագույն թիվը:»:
Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության կանչված քաղաքացին պարտավոր է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով տրված ծանուցագրում նշված օրը ներկայանալ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր: Քաղաքացին այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր մեկնում է իր միջոցների հաշվին:».
2) 2-րդ մասից հանել «` ապահովելով լրիվ զբաղվածություն» բառերը, իսկ նույն մասի «կազմակերպության գտնվելու վայրի» բառերը փոխարինել «քաղաքացուն ծանուցագիր հանձնած» բառերով.
3) 3-րդ մասի «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի» բառերը փոխարինել «հանրապետական հանձնաժողովի» բառերով.
4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը, որպես կանոն, պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի չափը եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
5) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ապահովում է սննդով, սահմանված ձեւի արտահագուստով, ներքնաշորերով, քնելատեղով, անկողնային եւ անձնական հիգիենայի պարագաներով,» բառերը հանել.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար ապահովում է այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնք պարտավոր էր ապահովել նույն բնույթի աշխատանքներ կատարող այլ պայմանագրային կամ հաստիքային աշխատողի համար:»:
Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «Այլընտրանքային» բառից հետո լրացնել «զինվորական» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` մինչեւ երեսուն հազար դրամի չափով:».
3) 2-րդ մասի «որպես խրախուսանք կարող է տրվել 15 օրացուցային օր տեւողությամբ միանվագ արձակուրդ» բառերը փոխարինել «տրվում է տարեկան 10 օրացուցային օր տեւողությամբ արձակուրդ» բառերով.
4) 4-րդ մասի «կրել սահմանված նմուշի արտահագուստ,» բառերը հանել.
5) 5-րդ մասի «օրական 8» բառերը փոխարինել «շաբաթական 48» բառերով:
Հոդված 19. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.
«3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով նախատեսված դեպքերում սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված` այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվում է անձի՝ քրեական պատիժ կրելու կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետով:
4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով նախատեսված դեպքերում դիմումը ներկայացվում է հանրապետական հանձնաժողով, որը սույն օրենքի 8-րդ եւ 8.1-ին հոդվածներով նախատեսված ընդհանուր կարգով քննում է անձի դիմումը եւ որոշում կայացնում անձին նրա նախընտրած այլընտրանքային ծառայությանն ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին: Այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին դիմումը բավարարելու դեպքում կայացված որոշման մեջ նշվում է նաեւ այլընտրանքային ծառայություն անցնելու ժամկետը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները:»:
Հոդված 20.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
21.05.2013
ՀՕ-31