Armenian      
Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2015

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի,» բառով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից:

Կալանավորված անձի միջնորդության հիման վրա, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նրան թույլատրվում են նաեւ առանձին, անարգել տեսակցություններ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման, եթե դա կապված է կալանավորված անձին քրեական գործի քննության հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդության քննարկումը եւ լուծումը, ինչպես նաեւ կալանավորված անձի կողմից դրա կապակցությամբ կայացված որոշման բողոքարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այն դեպքում, երբ փաստաբանը կամ պաշտպանը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ եւ փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագրի հիման վրա: Սույն մասում նշված հավաստագիրը քրեական վարույթն իրականացնող մարմինը ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղարկում է անհապաղ:

Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ նրա տեսակցության տեւողությունը կարող է սահմանափակվել պաշտպանի հետ տեսակցության սահմանափակման համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով եւ կարգով:

Եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշմամբ, ելնելով այդ վայրի անվտանգության եւ բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին՝ այդ որոշման պատճենը տրամադրելով ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաեւ տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին: Այս դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձն ինքն է ընտրում այն փաստաբաններին կամ պաշտպաններին, որոնց հետ պետք է տեսակցի:».

2) 2-րդ մասը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով.

3) 3-րդ մասի «պաշտպանը» բառը փոխարինել «փաստաբանը կամ պաշտպանն» բառերով.

4) 4-րդ եւ 5-րդ մասերը «տեսակցությունը» բառից հետո լրացնել «օրինական ներկայացուցչի,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը «մարդու իրավունքների պաշտպանին,» բառերից հետո լրացնել «փաստաբանին կամ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2015
ՀՕ-191