Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Կուսակցությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2016

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1. Ազգային ժողովի ընտրության ժամանակ կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից.»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների բացառիկ իրավունքները

1. Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները իրավունք ունեն առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ:

2. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության, կուսակցության դաշինքների մշտական գործող ղեկավար մարմինների նիստում ընդունված որոշմամբ: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:

3. Կուսակցությունները կարող են առաջադրել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ: Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաեւ իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.05.2016
ՀՕ-62